Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Սաուդյան Արաբիան իր գործարարներին կոչ է արել դադարեցնել բիզնեսը թուրքական ընկերությունների հետ |hetq.am|

Սաուդյան Արաբիան իր գործարարներին կոչ է արել դադարեցնել բիզնեսը թուրքական ընկերությունների հետ |hetq.am|

hetq.am: Սաուդյան Արաբիայի Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Աջլան ալ Աջլանը հոկտեմբերի 14-ին հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի գործարարները չպետք է բիզնես անեն թուրքական ընկերությունների հետ՝ ևս մեկ անգամ ընդգծելով իր կոչը՝ «ամեն թուրքականը»։ Այդ մասին գրում է սաուդյան «Al Arabiya» պարբերականը։ «Ես ասում եմ պարզ և հստակ։ Ո՛չ մի ներդրում, ո՛չ մի ներկրում, ո՛չ մի զբոսաշրջություն»,- «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է Սաուդյան Արաբիայի Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարը։ «Մենք՝ որպես քաղաքացիներ և գործարարներ, որևէ գործ չենք ունենա թուրքական բիզնեսի հետ։ Անգամ թուրքական այն ընկերությունների հետ, որոնք գործում են Թագավորությունում։ Ես կոչ եմ անում գործ չունենալ նրանց հետ»,- հավելել է Աջլանը։ Նա նշել է, որ սա նվազագույն պատասխանն է, որը սաուդցիները կարող են տալ շարունակաբար իրենց երկրի և իրենց ղեկավարության հասցեին հնչող թուրքական վիրավորանքների և թշնամանքների ֆոնին։ Շարունակությունը՝ hetq.am-ում
16:55 - 15 հոկտեմբերի, 2020
«Ադրբեջանը չի կարող ճեղքել պաշտպանության ճակատը, բայց սա ուժասպառության պատերազմ է» ֆրանսիացի աշխարհաքաղաքագետ |hetq.am|

«Ադրբեջանը չի կարող ճեղքել պաշտպանության ճակատը, բայց սա ուժասպառության պատերազմ է» ֆրանսիացի աշխարհաքաղաքագետ |hetq.am|

hetq.am: Արցախում ծավալվող ռազմական գործողությունների, ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանում ստեղծված իրադրության շուրջ «Հետքը» զրուցել է աշխարհաքաղաքական գիտությունների դոկտոր, Փարիզի Սիանս-Պո (Sciences Po) Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի դասախոս Ֆրեդերիկ Անսելի հետ (Frédéric Encel): Պրն Անսելը Ֆրանսիայում Հայկական հարցի պաշտպանությամբ է զբաղվում, բայց եւ շատ ժամանակ է տրամադրում` բացատրելու, թե ինչ կշիռ ունի Հայաստանը աշխարհաքաղաքական առումով: «Եթե հաշվի առնվի երկրի տարածքը եւ դեմոգրաֆիան, երկուսն էլ շատ համեստ են, բայց դրա համեմատ Հայաստանը շատ լուրջ կշիռ ունի, աշխարհաքաղաքական տեսանկյունից շատ հետաքրքիր է եւ օբյեկտիվորեն գտնվում է հետաքրքիր տարածաշրջանում»,- նախորդ տարի Հայաստանում կարդացած  դասախոսության ժամանակ ասել էր պրն Անսելը: Պրն Անսել, ըստ Ձեզ, ինչու՞ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունները հիմա վերսկսեցին: Պատերազմի ժամանակացույցի հարցը շատ հետաքրքիր է, և կարծում եմ, որ այն կապված է ռազմական ուժերի հարաբերակցության հետ: Այսինքն՝ Բաքուն համարում է, անկասկած ոչ առանց պատճառի, որ ռազմական ուժերի հարաբերակցությունն այսօր իր համար ավելի բարենպաստ է, քան մի քանի տարի առաջ: Դա արդեն իսկ ճիշտ էր քառօրյա պատերազմի ժամանակ, սակայն այժմ, նոր սպառազինության ձեռք բերման և հարյուրավոր կամ հազարավոր թուրք վարձկանների աջակցության պայմաններում, հաշվի առնելով նաև, որ ակնհայտորեն պարոն Պուտինը չի շտապում վերջ դնել պատերազմին, և որ ամերիկյան ինքնաթիռն անօդաչու է մնացել, այս ամենի արդյունքում Ադրբեջանի իշխանությունները համոզված էին, որ պատերազմը հնարավոր էր, և նույնիսկ հաղթանակն էր հնարավոր: Եվ սա է պատճառը, որ, իմ կարծիքով, Բաքուն այսօր հակված չէ իրական հրադադարի, քանզի ռազմական ուժերի հարաբերակցությունն իրենց համար ավելի նպաստավոր է, քան նախկինում: Կա նաեւ Թուրքիայի գործոնը, որն աջակցում է Ադրբեջանին: Արդյո՞ք աշխարհաքաղաքական իրավիճակը նույնպես նպաստավոր չէր, մասնավորապես՝ այն, որ մեծ տերությունները զբաղված են սեփական խնդիրներով, ինչպես, օրինակ, Ռուսաստանը, որ մտահոգ է Բելառուսում տիրող իրավիճակով, Միացյալ Նահանգներում նախագահական ընտրություններ են սպասվում։ Գուցե այդ պատճառով էր Ադրբեջանը մտածում, որ սա հարմար պահ է: Հետաքրքիր միտք է: Սակայն պետք է իմանալ՝ արդյոք պարոն Ալիևն այդ աստիճան լուրջ ռազմավարական մոտեցում է ցուցաբերում: Ես անձամբ վստահ չեմ: Ես կարծում եմ, որ քառօրյա պատերազմն ընթացել է մի համատեքստում, որը չէր ներառում բոլոր այդ գործոնները, սակայն սա չի նշանակում, որ դուք իրավացի չեք, չգիտեմ: Կարծում եմ, որ այդ ամենից անդին կա ավելի լուրջ մի միտում նրանց կողմից, որն, ըստ էության, ասում է հետևյալը. հայերը վերջին տարիներին ձեռք չեն բերել նոր, բարձր արդյունավետության ռազմատեխնիկա, մինչդեռ մենք նավթային հարստության շնորհիվ ունենք նման տեխնիկա, մասնավորապես՝ մարտական ԱԹՍ-ներ: Եվ սա բավական նոր երևույթ է: Իհարկե, դուք, թերևս, իրավացի եք ամերիկյան ընտրարշավի առումով, սակայն թույլ տվեք նշել կամ հիշեցնել, որ իրականում պարոն Թրամփն անհետևողական է, կատարելապես ոչ կոմպետենտ, վստահաբար տեղյակ չէ, թե Ղարաբաղը քարտեզի վրա որտեղ է գտնվում, դրանում կասկած չկա, ուստի ընտրարշավ լիներ, թե ոչ, կասկածում եմ, թե Ալիևը հույսը դրա վրա է դրել: Իհարկե, սա զուտ վարկած է, չեմ ասում, թե ձեր վարկածը սխալ է: Ո՞րն է Ռուսաստանի դերը այս իրավիճակում: Արդյո՞ք Ռուսաստանը կմիջամտի, թե՞ չեզոք կմնա, կամ թե ավելի հեռու կգնա՝ հաշվի առնելով, որ Թուրքիան կարող է կարեւոր դերակատար դառնալ Կովկասում: Գիտեք, Ռուսաստանի ընդհանուր ապրանքափոխանակման ծավալը հիմնված է սահմանափակ ապրանքատեսակներ արտահանող տնտեսության վրա: Այսինքն, Ռուսաստանն այսօր արտահանում է նույն բանը, ինչ Խորհրդային Միությունը արտահանում էր 1920-ական թվականներին՝ նավթ, բնական գազ և սպառազինություն: Ինչու՞ եմ սա ասում: Որովհետև Ռուսաստանի ՀՆԱ-ն, որը համարժեք է Իսպանիայի ՀՆԱ-ին, այսինքն՝ շատ աղքատ մի երկիր, Ռուսաստանը սպառազինության շուկայի խիստ կարիք ունի: Դուք շատ լավ գիտեք, որ Ռուսաստանը զենք է վաճառում միաժամանակ և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին: Իհարկե, փոխադարձ ռազմական աջակցության համաձայնությունը կա Հայաստանի հետ, և կա ռուսական ռազմաբազան Հայաստանում: Բայց և այնպես, պետք է որ իմանաք, որ փոխօգնության պայմանագիրը չի վերաբերում Ղարաբաղին, չի վերաբերում Արցախին: Եվ կարծում եմ, որ այսօր Պուտինը մեծապես խաղարկում է այդ փաստը: Չեմ կարծում, թե նա վախենում է Թուրքիայից: Համոզված եմ, որ նա բնավ չի վախենում Թուրքիայից: Դրան հակառակ, նա պետք է հաշվի առնի, որ երկու պատերազմող կողմերը կարիք են ունենալու սպառազինության բավարար մակարդակ պահպանելու, որպեսզի Ռուսաստանը կարողանա շարունակել վաճառել դրանք: Ես պարոն Պուտինի որոշում կայացնելու վրա ազդող այլ փոփոխական չեմ տեսնում՝ նրա սպասողական դիրքորոշման առումով: Ամեն դեպքում, նույնիսկ եթե առայժմ նա ավելի շուտ չեզոք է երևում, նա շատ լավ գիտի, որ Միացյալ Նահանգների կողմից որևէ ճնշում չի սպասվում այս տարածաշրջանում, հետևաբար ինքն է գլխավոր դերակատարն այսօր, և նույնը կլինի վաղը: Ուստի և շտապելու որևէ պատճառ չունի: Իսկ ինչի՞ է սպասում նա, ըստ Ձեզ: Ես կարծում եմ, որ Պուտինը սպասում է տեսնի, թե կոնկրետ ինչպես է զարգանալու ուժերի հարաբերակցությունը: Պուտինին ոգեշնչող մտածողներից մեկը պրուսական ռազմագետ Կարլ ֆոն Կլաուզևիցն է, նա դա ասում է, լիովին ընդունում է, և նա մեկն է, ով առաջնորդվում է լոկ սառը և զուտ ուժերի հարաբերակցությամբ, մասնավորապես ռազմական ուժերի: Ուստի, պարոն Պուտինին հետաքրքիր է տեսնել, թե Ղարաբաղում, ի վերջո, ով է գերակշռելու: Եվ կարծում եմ, որ այդ ժամանակ, երբ կլինի, եթե՛ լինի, ճակատի ճեղքում, չափազանց կարևոր առաջխաղացում Ադրբեջանի կողմից, որը կհասնի Մեղրիի միջանցքին, այսինքն՝ կհասնի հարավում Հայաստանի տարածքին, կամ հայկական հակագրոհ, ինչպես 1993-94 թվականներին, որը կվտանգի 1994 թվականի զինադադարի սահմանագիծը, հասնելով ընդհուպ մինչև Ադրբեջանի սիրտը, և՛ առաջին, և՛ երկրորդ դեպքում, կարծում եմ, նա խաղի ավարտը կազդարարի: Բայց մինչ այդ, նա արձանագրում է կորուստները, հավանաբար արձանագրում է նաև, թե ինչպես են իր սեփական սպառազինություններն իրենց դրսևորում երկու կողմերում էլ, և ժամանակը նրա օգտին է աշխատում: Եվրամիությունը, հանձինս Ֆրանսիայի, Գերմանիայի, կարո՞ղ է որեւէ դեր կատարել: Եվրամիությունն առայժմ կարևոր դերակատար է տնտեսական և ֆինանսական հարթություններում, սակայն ոչ՝ աշխարհաքաղաքական դաշտում: Եվ մեր արտաքին գործերի նախարար Ժան-Իվ լը Դրիանը լիովին իրավացի էր, երբ վերջերս հիշեցնում էր «Լը Մոնդ» օրաթերթի միջոցով, որ Եվրոպան, և այստեղ մեջբերում եմ նրան, «Եվրոպան պետք է աշխարհաքաղաքական լինի»: Այսինքն՝ Եվրոպան պետք է ավելի շատ միավորված լինի, բայց հատկապես ավելի շատ պետք է գիտակցի, որ պարտավոր է ստանձնել գլոբալ քաղաքականության բարոյական և ֆինանսական հարվածները, ներառյալ՝ երբեմն ռազմական բնույթի պատժամիջոցները: Այլապես Եվրոպան կարևոր դեր չի կատարի: Այսօր Եվրոպան դերակատար չէ Կովկասում, ինչպես դերակատար չէ Աֆրիկայում, Միջին Արևելքում կամ Ասիայում, որովհետև չի ցանկանում լինել: Այստեղ գործ ունենք հիմնականում տնտեսական և ֆինանսական բնույթի դերակատարի հետ: Եվ պետք է ասեմ, որ այս ընդհանուր տնտեսության մեջ, այս մայրցամաքում, քանի որ բրիտանացիները հեռացել են, մնացել է լոկ մեկ համաշխարհային տերություն, որն, իհարկե, միջին հզորության տերություն է, բայց և այնպես՝ համաշխարհային մակարդակի, և այն կոչվում է Ֆրանսիա: Եվ տեսեք, թե ինչ աստիճանի, թեև Ֆրանսիայի դիրքորոշումը հաճախ ծաղրի է ենթարկվում, սակայն տեսեք ինչպես, օրինակ, երկու շաբաթ առաջ Ֆրանսիայի նախագահն ինչ-որ առումով Եվրամիության առաջնորդը դարձավ, երբ Հունաստանը և Կիպրոսը ագրեսիայի ենթարկվեցին իրենց համապատասխան տարածքային ջրերում, տեսեք՝ որքանով այդ նույն նախագահը, ինչ-որ առումով, ՆԱՏՕ-ի առաջնորդի դերը ստանձնեց, քանզի այդ կազմակերպությունը չունի պարագլուխ, պարոն Թրամփն առաջնորդ չէ, լուրջ չէր լինի նման բան ասելը: Այսպիսով, տեսեք, թե որքանով ընդամենը մեկ ռազմանավ և մոտ տասնհինգ «Ռաֆալ» ռմբակոծիչ-կործանիչ ուղարկելը՝ ի պաշտպանություն Հունաստանի, դրդեցին պարոն Էրդողանին անմիջապես իր նավերը նավահանգիստ վերադարձնել: Բավական հետաքրքիր փաստ է: Սա նշանակում է, որ երբ տեր եք կանգնում ուժերի հարաբերակցությանը, ձեզ լուրջ են վերաբերվում: Որքանո՞վ է վտանգավոր Սիրիայից վարձկանների տեղափոխումը Կովկասի տարածաշրջան: Տարբեր թվեր են ներկայացվում՝ 1000, 1500: Նախ և առաջ, այդ վարձկանների գոյությունը հավաստի փաստ է: Ինչ վերաբերում է նրանց թվաքանակին, չեմ կարծում, թե նրանք մի քանի հարյուրից ավելի են: Սակայն խնդիրը վարձկանների քանակը չէ, ամեն դեպքում, խնդիրն այդ վարձկանները չեն պատերազմի դաշտում, խնդիրն առավել քաղաքական է: Սա նշանակում է, որ Թուրքիան, առաջին անգամ 1994 թվականից ի վեր, մտադիր է ռազմական դեր խաղալ: Թուրքիան չի կարող անմիջականորեն հարձակվել Հայաստանի վրա, այն պատճառներով, որ քիչ առաջ դիտարկեցինք՝ Հայաստանը Ռուսաստանի պաշտպանության տակ է, դա անկասկած է: Եվ ռուսական պաշտպանության ներքո գտնվող պետության վրա հարձակվելու համար պետք է կատարելապես ապուշ լինել, ինչը չի կարելի ասել պարոն Էրդողանի մասին: Նա մի շարք այլ թերություններ ունի, բայց ոչ այդ մեկը: Ուստի, Թուրքիայի միակ հնարավորությունն, ինչ-որ առումով, վարձկաններ ուղարկելն է, ինչպես արել է Լիբիայում, ինչպես, ի դեպ, անում է Սիրիայում, քանզի Թուրքիան վարձկանների է աջակցում Սիրիայում և դրանց տեղափոխում է ռազմական գործողությունների բարեկամական կամ դաշնակից թատերաբեմ: Ինչն, ի դեպ, արդեն իսկ քաղաքական և ռազմական խնդիր է առաջացնում: Բայց չի կարելի համարել, որ դա կարող է վճռորոշ զենք լինել: Դրան հակառակ, ես կարծում եմ, որ բարոյապես և էթիկապես դա կեղտոտ գործիք է: Ուզում եմ դրանով ասել, որ ցեղասպանությունից 105 տարի անց, մի ցեղասպանություն, որի զոհն են օբյեկտիվորեն դարձել հայերը, և որն իրագործվել է մի քաղաքական ռեժիմի կողմից, որը մեծապես ընդունվում է ներկայիս Թուրքիայի հանրապետության կողմից, թեև վերջինս պատասխանատու չէ, սակայն մեծապես ընդունում է 1915 թվականի երիտթուրքերի ռեժիմի արժեքները, ուղարկել վարձկանների, որոնք արդեն իսկ իրենց բարբարոսների պես են պահել Սիրիայում, հայ քաղաքացիական բնակչության դեմ, դա ինչ-որ բան է նշանակում: Հասկանու՞մ եք: Եվ այդ նշանակությունը, բարոյական և էթիկական տեսանկյունից, պարզապես ամոթալի է: Դուք նաեւ Իսրայելի հարցով փորձագետ եք: Ի՞նչ կասեք Իսրայելի դերի մասին, որն ԱԹՍ-ների հիմնական մատակարարն է Ադրբեջանին, եւ ակնհայտ է, որ այս պատերազմը ԱԹՍ-ների պատերազմ է: Կասեմ նույնն, ինչ ասում եմ արդեն մոտ երկու շաբաթ ի վեր լրատվամիջոցներին, երբ ինձ այդ հարցն են տալիս, ի դեպ՝ ներառյալ իսրայելական լրատվամիջոցներին, ասել եմ և կրկնում եմ. առաջին՝ Իսրայելը ինքնիշխան պետություն է, և ինչպես ցանկացած ինքնիշխան պետություն, ունի ինքնիշխան իրավունք՝ զենք վաճառելու ում ցանկանա: Երկրորդ՝ խնդիրն այն է, որ ներկայումս պատերազմական փուլում ենք գտնվում, որ այդ պատերազմը լիովին սանձազերծվել է երկու պատերազմող կողմերից մեկի՝ Ադրբեջանի կողմից, և որ իսրայելական զենքերը ոչ թե պաշտպանական են, այլ հարձակողական: Եվ վերջապես, երրորդ կետը՝ սա առավել ևս լուրջ խնդիր է առաջացնում, հաշվի առնելով, որ Իսրայելը այդպես էլ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այսպիսով, եթե վերջին երկու կետը համադրեք, կարծում եմ, որ Իսրայելը հասել է բարոյական և էթիկական կարմիր գծին: Եվ դա է պատճառը, որ ես ասում եմ իսրայելցիներին, որոնց բնավ թշնամաբար չեմ տրամադրված, որ նրանք պետք է, առնվազն այս հատվածում, պատասխանատվություն ստանձնեն և դադարեն զենք և զինամթերք մատակարարել Ադրբեջանին: Իհարկե, ըստ իս, նրանք պետք է ընդհանուր առմամբ վերանայեն իրենց աջակցությունն այդ երկրին: Սակայն, դա մեկ այլ խնդիր է: Բայց այս պարագայում խնդիրն առկա է ուղղակիորեն, անմիջականորեն, այն է՝ իսրայելական հարձակողական զենքերը սպանում են հայ զինվորներին, ինչպես նաև քաղաքացիական անձանց, հայերի ապրած ցեղասպանությունից 105 տարի հետո, այն պարագայում, երբ Իսրայելն այդպես էլ չի ճանաչել այդ ցեղասպանությունը: Այսինքն՝ այստեղ իրական լուրջ խնդիր կա: Շարունակությունը՝ hetq.am-ում
16:06 - 15 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանն ու Թուրքիան պետք է պատասխանատվության ենթարկվեն վարձու մարդասպաններին և մոլեռանդ ջիհադիստներին մեր տարածաշրջան բերելու համար. նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցն «Ալ-Ջարիդա» օրաթերթին

Ադրբեջանն ու Թուրքիան պետք է պատասխանատվության ենթարկվեն վարձու մարդասպաններին և մոլեռանդ ջիհադիստներին մեր տարածաշրջան բերելու համար. նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցն «Ալ-Ջարիդա» օրաթերթին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը Քուվեյթի արաբալեզու «Ալ-Ջարիդա» օրաթերթին. Հարց- Ո՞վ է սկսել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և ի՞նչ քաղաքական ենթատեքստում է դա պատահել: Արդյո՞ք մենք ականատեսն ենք լինում պրոքսի պատերազմի, թե՞ սա մեկ այլ մարտադաշտ է էներգակիրների համար մղվող պատերազմում: -Լեռնային Ղարաբաղը պատմականորեն հայկական տարածքի մասի է կազմել, և հայերն այստեղ են բնակվել հազարավոր տարիներ: Պատմականորեն Լեռնային Ղարաբաղը կամ Արցախը մշտապես Հայաստանի մաս է եղել: Դա մի գեղեցիկ լեռնային տարածք է, որտեղ հայերը, որպես բնիկներ, ապրել են հազարավոր տարիներ և այսօր էլ շարունակում են ապրել: Միայն խորհրդային իշխանության տարիներին էր, որ Լեռնային Ղարաբաղը, որպես ինքնավար մարզ, Ստալինի կողմից մոտ 70 տարով տրվեց Ադրբեջանին: Խորհրդային Միության փլուզումից հետո տեղի ունեցավ առաջին պատերազմը, որին հաջորդեցին բանակցությունները՝ շուրջ 30 տարի: Ադրբեջանական կողմն ասում է, որ իրենք լեգիտիմ իրավունք ունեն ազատագրել այդ տարածքները: Բայց ազատագրել ումի՞ց: Այնտեղ 100 տոկոսով բնակվում են էթնիկ հայեր, ովքեր մշտապես բնակվել են այդտեղ: Ինչո՞ւ նրանք պետք է լքեն իրենց տունը միայն այն պատճառով, որ ադրբեջանական կողմն ուզում է դա: Սա կոչվում է ագրեսիա, որին հաջորդում է էթնիկական զտում: Նրանց այդ տարածքները պետք են առանց հայերի: Ադրբեջանական կողմի համար այդ տարածքների նկատմամբ վերահսկողություն հաստատելը և սեփական ագրեսիան արդարացնելն ինքնության կառուցման պատմության մի մասն է, մինչդեռ հայկական կողմի համար դա պայքար է կյանքի, մշակութային ժառանգության, պատմական հիշողության համար: Դա պայքար է իրենց տան, ծնողների և երեխաների համար, ովքեր բնակվում են այդտեղ և այժմ դարձել են ուղիղ թիրախ թուրքական ԱԹՍ-ների և ադրբեջանական հրթիռների համար: Ադրբեջանն սանձազերձել է լայնամասշտաբ այս պատերազմը՝ ի հեճուկս 1994 թվականին հաստատված զինադադարի մասին հստակ համաձայնագրի: Սա իսկական պատերազմ է, որին Ադրբեջանն ու Թուրքիան երկար ու լուրջ պատրաստվել են: Ադրբեջանական կողմը ցանկանում է վերացնել ստատուս քվոն և պարտադրել իր կամքը: Իսկ Թուրքիան ռազմական ու քաղաքական առումներով աջակցում է Ադրբեջանի այս վտանգավոր նախաձեռնությանը՝ տարածաշրջանում հանգեցնելով մարդկային աղետի: Մենք՝ հայերս, երբեք ներգրավված չենք եղել էներգետիկ ենթակառուցվածքի համար պայքարի մեջ: Ընդհակառակը, եղել են նույնիսկ որոշ քննարկումներ Հայաստանից Թուրքիա էլեկտրաէներգիա արտահանելու մասով, ինչպես որ արվում էր Իրանի և Վրաստանի պարագայում: Ինչ վերաբերում է պրոքսի պատերազմի մասին Ձեր հարցին, կարող եմ ասել, որ Թուրքիան օգտագործում է Ադրբեջանին տարածաշրջանում իր գերիշխանությունն ավելացնելու համար: Սակայն այդպիսով այն վտանգում է Հարավային Կովկասի փխրուն կայունությունը: Հարց- Հաշվի առնելով տարածաշրջանային լարվածությունը, չե՞ք վախենում, որ Լեռնային Ղարաբաղում իրադրությունը կստեղծի նոր «Սիրիա»: -Այո՛, վախենում եմ, քանի որ եթե չլինի միջազգային ուժեղ արձագանք տարածաշրջանում Թուրքիայի կանխամտածված և անօրինական գործողություններին, տարածաշրջանը կարող է վերածվել սիրիական մղձավանջի: Իսկ տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս դրանից կտուժեն բոլորը: Հետևաբար, եթե Թուրքիային չստիպեն դադարեցնել իր ուղղակի միջամտությունը ռազմական հարձակողական գործողություններին, հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև կարող է դուրս գալ վերահսկողությունից: Մենք պետք է թույլ չտանք Թուրքիային և Ադրբեջանին ավելի ուժգնացնելու և ավելի խճճելու իրավիճակը՝ ստեղծելով մի իրադրություն, որն ի վերջո Կովկասը կվերածի մեկ այլ Սիրիայի: Թուրքիան մշտապես վարձում և Ադրբեջան է ուղարկում վարձկաններ և մոջահեդ-իսլամիստ ահաբեկիչներ՝ կռվելու Լեռնային Ղարաբաղի կամ ինչպես մենք ենք ասում՝ Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչության դեմ: Տարբեր երկրներ պետք է միջամտեն և ուժեղ ու հստակ ճնշում գործադրեն Թուրքիայի վրա՝ դադարեցնելու տարածաշրջանում վերջինիս միջամտությունը: Եթե Թուրքիան հեռու մնա, մենք հնարավորություն կստանանք ունենալու արդյունավետ հրադադար և բանակցություններ, ինչպես նաև հավանականություն՝ վերադառնալու բանակցային սեղանին: Թուրքիայի նման ներգրավվածությունը և ադրբեջանական ագրեսիան, որը չդադարեց անգամ հոկտեմբերի 10-ին հայտարարված հումանիտար հրադադարի ժամանակ, ոչ միայն Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի, այլև ողջ աշխարհի հայերի ու հայերի բարեկամների համար ընկալվում է այնպես, որ Թուրքիան ցանկանում է կրկնել այն, ինչ տեղի ունեցավ 105 տարի առաջ, այն է՝ հայերի էթնիկական զտում իրենց հայրենիքից՝ նպատակ ունենալով իրականացնել մեկ այլ ցեղասպանություն: Մենք՝ հայերս, Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, երբեք թույլ չենք տա, որ մեկ այլ ցեղասպանություն տեղի ունենա: Այլևս երբեք: Հարց- Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ հայ կամավորները, մասնավորապես Սիրիայից և Լիբանանից, միանում են կռիվներին: Դա ճի՞շտ է: Չե՞ք վախենում, որ սա կարող է մեծացնել հակամարտության կրոնական մասշտաբները: -Օսմանյան կայսրության կողմից իրականացված և ժամանակակից Թուրքիայի Հանրապետության կողմից երբեք չճանաչված Հայոց Ցեղասպանությունից հետո հայերը սփռվեցին ողջ աշխարհով և դարձան այնպիսի երկրների հպարտ քաղաքացիներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իրանը, Արգենտինան, Լիբանանը, Ավստրալիան, Սիրիան, Վրաստանը, Սինգապուրը, Լեհաստանը և այլն: Նրանք արդյունավետ կերպով ինտեգրվեցին իրենց համար տուն դարձած երկրներում և հասարակություններում և դարձան համեստ ու օրինապաշտ քաղաքացիներ՝ իրենց ներդրումը բերելով հյուրընկալող երկրի տնտեսությանը, քաղաքականությանը, մշակույթին, սպորտին, գիտությանը, տեխնոլոգիաներին, կրթությանը և այլ բնագավառներին: Երբ կա գոյութենական սպառնալիք, ողջ աշխարհի հայերը մոբիլիզացվում են, անգամ գալիս են իրենց Հայրենիք՝ տեղում օգնելու իրենց եղբայրներին և քույրերին: Ադրբեջանն ու Թուրքիան, այլ ոչ թե Հայաստանը, պետք է պատասխանատվության ենթարկվեն վարձու մարդասպաններին և մոլեռանդ ջիհադիստներին մեր տարածաշրջան բերելու և այդպիսով՝ խաղաղության հասնելու գործընթացն ավելի բարդացնելու համար: Քաղաքակիրթ աշխարհը պետք է կանգնեցնի այս ընթացքը: Անընդունելի է 21-րդ դարում վարձկանների գոյությունը, ում վճարում են քաղաքացիական անձանց սպանելու կամ հումանիտար աղետ ստեղծելու համար: Ինչ վերաբերում է կրոնական գործոնին, հայերը երբեք այլ կրոնների հանդեպ վատ վերաբերմունք կամ անհանդուրժողականություն չեն ցուցաբերել: Այս հակամարտության համատեքստում կրոնական գործոնն ուղղակի բացակայում է հենց ամենասկզբից: Հայաստանն ու հայերը լիակատար հարգանք ունեն բոլոր կրոնների ու հավատալիքների հանդեպ և մեր պատմության հազարավոր տարիների ընթացքում մենք հստակորեն ցույց ենք տվել մեր հանձնառությունը մարդկային արժեքներին, այդ թվում և հանդուրժողականությունն ու հարգանքն այլ կրոնների, մշակույթների, ռասաների նկատմամբ և այլն: Չեմ ճանաչում որևէ հայի, ով ատելություն տածի այլ կրոնների ներկայացուցիչների հանդեպ: Մենք քրիստոնեություն ենք ընդունել 301 թվականին, որպես աշխարհում առաջինը պաշտոնապես ընդունած երկիր: Երկու հազարամյակի ընթացքում հայ ժողովուրդն անցել է պատերազմների, հակամարտությունների, տեղահանումների, անգամ ցեղասպանության միջով, սակայն երբեք չի դարձել կրոնական կույր մոլեռանդ, ինչպիսին մենք տեսնում ենք մեր դեմ ադրբեջանական կողմում կռվողների մեջ: Սակայն դուք մշտապես կգտնենք մարդկանց, ովքեր ցանկանում են բորբոքել ատելություն և հրահրել նոր լարվածություններ, և նրանք կասեն, որ այստեղ կա կրոնական գործոն, ինչն անհեթեթություն է: Հարց- Ձեզ բավարարու՞մ է արաբական Ծոցի երկրների դիրքորոշումը իրավիճակի վերաբերյալ: -Առաջին իսկ օրվանից, երբ Թուրքիայի աջակցությամբ ադրբեջանական կողմն աննախադեպ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ, ես կապի մեջ եմ եղել արաբական երկրների ղեկավարների հետ, ինչպիսիք են Օմանի սուլթանը, Բահրեյնի թագավորը, Կատարի էմիրը, Եգիպտոսի նախագահը, Հորդանանի թագավորը, Աբու Դաբիի թագաժառանգը և այլն: Նրանց ուղղված իմ նամակներում, ինչպես նաև հեռախոսազանգերի ընթացքում ես խորը մտահոգություն եմ հայտնել պարուրաձև զարգացող այս իրավիճակի մասով՝ նշելով, որ ցավոք սրտի, Ադրբեջանի կողմից հրահրված նման իրադարձային պատերազմներն Արցախի ժողովրդի և Հայաստանի Հանրապետության դեմ նորություն չեն, և որ արդեն ավելի քան երեք տասնամյակ Ադրբեջանը փորձեր է անում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծել ռազմական ճանապարհով՝ հայերին դուրս քշելով իրենց հայրենիքից, ինչն անընդունելի է: Հարց- Ի՞նչ պահանջներ ունի Հայաստանը զինադադարի հաստատման համար: Ինչպիսի՞ն եք պատկերացնում քաղաքական լուծումը: -Վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամը չէ, որ Ադրբեջանը, վայելելով Թուրքիայի բացահայտ աջակցությունը, նման սարսափելի հարձակում է իրականացնում Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ՝ օգտագործելով հրետանային և հրթիռային զինտեխնիկայի լայն տեսականին, այդ թվում՝ արգելված կլաստերային ռումբեր` թիրախավորելով բնակելի տարածքները, որոնք գտնվում են շփման գծից շատ հեռու: Հատկանշական է, որ այս հակամարտության ուղիները գծվել են 1990-1991 թվականներին, երբ Լեռնային Ղարաբաղի հայերի խաղաղ բողոքներին ի պատասխան՝ այն ժամանակվա Խորհրդային Ադրբեջանը փորձեց դաժան ռազմական ուժի կիրառմամբ իրականացնել զանգվածային էթնիկական զտումներ և շարունակեց իր վայրագությունները՝ բռնի կերպով դուրս քշելով հայ բնակչությանը: Սակայն հայ ժողովուրդը դիմակայեց այդ պարտադրված պատերազմին և նվաճեց 26 տարվա անկախ և խաղաղ կյանքի իրավունք իր սեփական հայրենիքում՝ ընթացող բանակցությունների տևական գործընթացի պայմաններում: Այսօր ևս թուրք-ադրբեջանական շարունակական ագրեսիան, որին բախվում ենք մենք, ի ցույց է դնում վերջիններիս ցեղասպան մտադրությունները՝ հայերին կրկին պարտադրելով պայքարել սեփական տան, ընտանիքի, հազարամյա պատմության և հուշարձանների համար: Մենք առավել քան համոզված ենք, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն այստեղ ապրող հայերի անվտանգությունն ու իրավունքները երաշխավորող միակ տարբերակն է: Այս հարցի քաղաքական լուծումը պարզ է՝ հնարավոր ցեղասպանությունը և այս մարդկանց բռնի տեղահանությունը կանխելու միակ միջոցը նրանց ինքնորոշման իրավունքը միջազգայնորեն ճանաչելն է: Հարց- Լավատե՞ս եք արդյոք Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ առաջիկա հանդիպումների վերաբերյալ: Ի՞նչ եք կարծում, միջազգային միջամտությունը կօգնի՞, թե՞ կբարդացնի իրավիճակը: -Միջազգային միջնորդությունը, որն իրականացվում է Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների համանախագահությամբ գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, խաղաղ կարգավորման հասնելու հիմնական հարթակներից է, սակայն այդ փխրուն խաղաղությունը բացահայտորեն խաթարվեց Թուրքիայի և Ադրբեջանի կողմից՝ սեպտեմբերի 27-ին ապակայունացնելով կովկասյան տարածաշրջանը և հայերի դեմ կռվելու համար այստեղ տեղափոխելով վարձկաններին ու ջիհադիստներին: Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարների համատեղ հայտարարությունները՝ բռնությունը անմիջապես դադարեցնելու և բանակցային սեղանի շուրջ վերադառնալու վերաբերյալ անտեսվել են ոչ միայն Ադրբեջանի կառավարության, այլև, նախևառաջ, Թուրքիայի ղեկավար Էրդողանի կողմից, ով պատասխանատվություն է կրում Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան հրահրելու և դրանում ռազմական մասնակցություն ունենալու համար: Ուստի, միակ միջազգային միջամտությունը Թուրքիայինն է, որը ոչ միայն բարդացրեց իրավիճակը, այլև դարձավ հայ բնակչության գոյության համար իրական սպառնալիք և կտրուկ ապակայունացրեց ամբողջ տարածաշրջանը: Այստեղ հատկանշական է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուի հայտարարությունն առ այն, որ իր երկիրը շարունակելու է մնալ Ադրբեջանի կողքին բոլոր պարագաներում՝ դրանով հաստատելով այս պատերազմին Թուրքիայի ռազմական ներգրավվածության փաստը: Այս փաստը պետք է լուրջ մտահոգության առիթ տա ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար, քանի որ վերջիններիս դաշնակիցը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին մասնակցող գործընկեր երկրի դեմ ագրեսիայի նախաձեռնողն է: Այս առումով, միջազգային շահագրգիռ կողմերը, բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են երկարաժամկետ խաղաղությամբ կամ հակամարտության լուծմամբ, մասնավորապես՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Ռուսաստանը և այլ երկրներ, պետք է այնպես անեն, որ Թուրքիան զերծ մնա միջամտելուց, և ստիպեն Անկարային և Բաքվին հաշվետու լինել և պատասխանատվություն ստանձնել այս սարսափելի պատերազմը հրահրելու համար: Հարց- Հայաստանը դժգոհություն է հայտնել ԱՄՆ-ին՝ F16-ի օգտագործման, ինչպես նաև Իսրայելին՝ Բաքու զենքի մատակարարման հետ կապված, իսկ Ռուսաստանը շատ զգույշ է ձեզ աջակցություն ցուցաբերելու հարցում: Մտահոգվա՞ծ չեք, որ Հայաստանը միայնակ կմնա: -Այս պատերազմում թուրքական F-16-ի օգտագործման հետ կապված հարցը բարձրացրեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հայտարարեց, որ կցանկանար, որ ԱՄՆ պարզաբանի, թե արդյո՞ք այդ կործանիչներն ուղարկվել են Թուրքիա՝ հայ խաղաղ բնակչությանը ռմբակոծելու համար: Այս հարցն առնչվում է նաև ՆԱՏՕ-ին, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և շահագործում է F-16-երը: Եվ ՆԱՏՕ-ի իմ որոշ գործընկերներին ես խնդրեցի չափազանց մեծ ուշադրություն դարձնել այս փաստի վրա, քանի որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ ՆԱՏՕ-ի անդամը, որն ունի գործողությունների հստակ մանդատ, մասնակցում կամ ներգրավված է ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երրորդ կողմերի հակամարտության մեջ: Արդյո՞ք Թուրքիան ունի ՆԱՏՕ-ի կողմից նման թույլտվություն կամ կանաչ լույս դա անելու համար: Եթե այո, ապա մենք դա պետք է իմանանք: Եթե ոչ, ապա հուսով եմ, որ ՆԱՏՕ-ի մեր գործընկերներն իրենց ձայնը լսելի կդարձնեն և ճնշում կգործադրեն Թուրքիայի վրա՝ թույլ չտալով, որ վերջինս խառնվի այս հակամարտությանը, քանի որ նրա ներկայությունը ոչնչով չի օգնում, այլ ընդհակառակը՝ իրավիճակն ավելի է սրում: Իսրայելի կողմից Ադրբեջանին շարունակական զենք վաճառելու հարցը երկար պատմություն ունի, որը շարունակում է անհասկանալի մնալ հայ հասարակության համար: Նույնիսկ հիմա, երբ հայերի հանդեպ իրականացվում է թուրք-ադրբեջանական ագրեսիա, Իսրայելի կառավարությունը շարունակում է զինել ագրեսորին, ինչը հայկական կողմի համար անհասկանալի և անընդունելի է: Հայկական կողմը պարզ հարց է բարձրացնում. ինչո՞ւ է հրեական պետությունը, որն ինքը ևս ցեղասպանություն վերապրած երկիր է, զինում Հայաստանի դեմ ցեղասպան պատերազմ մղողներին: Հայաստանն ու Արցախը միայնակ չեն, քանի որ գտնվում ենք ճշմարտության կողմում: Ինչ վերաբերում է Ռուսաստանի դիրքորոշմանը, նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ նշել է, որ Ռուսաստանը հանձնառու է եղել և կշարունակի հավատարիմ մնալ իր ստանձնած պարտավորություններին՝ որպես Հայաստանի երկկողմ և բազմակողմ անվտանգության պայմանագրային դաշնակից՝ Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության շրջանակում:
15:35 - 15 հոկտեմբերի, 2020
Հայաստանի բուհերն ու գիտական շրջանակը միջազգային գործընկերներին ներկայացնում են իրականությունը թուրքադրբեջանաահաբեկչական կոալիցիայի սանձազերծած պատերազմի մասին

Հայաստանի բուհերն ու գիտական շրջանակը միջազգային գործընկերներին ներկայացնում են իրականությունը թուրքադրբեջանաահաբեկչական կոալիցիայի սանձազերծած պատերազմի մասին

Հայաստանի բուհերը և Գիտությունների ազգային ակադեմիան արտերկրի գործընկերներին ներկայացնում են թուրքադրբեջանաահաբեկչական կոալիցիայի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի մասին իրականությունը` կոչ անելով համարժեք գնահատական տալ թշնամու ագրեսիային:ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի, Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովայի, ինչպես նաև բուհերի արտաքին կապերի պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը միջազգային տարբեր հարթակներում շարունակում է բարձրաձայնել սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանաթուրքաահաբեկչական կոալիցիայի սանձազերձած ռազմական ագրեսիայի մասին։ Նախարարի տեղակալը կոչ է արել բուհերին և գիտական կազմակերպություններին իրենց միջազգային գործընկերների հետ իրականացնել հետևողական և հասցեական աշխատանք՝ համապարփակ տեղեկատվություն տրամադրելով հակառակորդի կողմից կրթամշակութային հաստատությունների և այլ քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման մասին՝ ցույց տալով ադրբեջանաթուրքաահաբեկչական կոալիցիայի ցեղասպան գործելաոճն ու նպատակները։Հանդիպմանը ներկա գիտական կազմակերպությունների և բուհերի ներկայացուցիչներն իրենց հերթին ներկայացրել են, թե ինչ աշխատանքներ են իրականացվում։ Գիտությունների ազգային ակադեմիան 82 երկրի ակադեմիաների և ՀՀ ԳԱԱ 130 արտասահմանյան անդամների նամակներ է ուղարկել՝ գիտական հանրությանը կոչ անելով անտարբեր չմնալ և դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած լայնածավալ պատերազմը, որի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում կան մեծաթիվ վիրավորներ և զոհեր։Ի թիվս կրթական և գիտական կառույցների կողմից երկկողմ և բազմակողմ ձևաչափերով տարված աշխատանքի, ներկաներն արձանագրել են նաև, որ արդեն համապատասխան նամակներ են ուղղվել նաև միջազգային տարբեր գիտական կազմակերպությունների և կենտրոնների, այդ թվում՝ Պատմաբանների միջազգային ասոցիացիային, Եվրոպական համալսարանների ասոցիացիային, Սևծովյան համալսարանների ցանցին, Եվրասիական բուհերի ասոցիացիային, Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությանը և այլն:Նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը խոսել է առաջիկայում միջազգային գիտաժողովների անցկացման կարևորության մասին: Հանդիպման մասնակիցների կարծիքով, գործընկերներին պետք է ներկայացվի, որ թուրքադրբեջանաահաբեկչական ագրեսիան զսպելու, տարածաշրջանում հումանիտար աղետը կանխարգելելու և երկարատև խաղաղության հիմքեր ստեղծելու լավագույն միջոցը Արցախի անկախության միջազգային ճանաչումն է:Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև աշխարհի տարբեր բուհերում գործող հայագիտական կենտրոնների հետ այս շրջանակներում ջանքերի համադրման անհրաժեշտությունը։
13:57 - 15 հոկտեմբերի, 2020
Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական կողմից վարձկաններ չեն կռվում ԼՂ հակամարտության գոտում

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական կողմից վարձկաններ չեն կռվում ԼՂ հակամարտության գոտում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական կողմից վարձկաններ չեն կռվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, և դեռ ոչ ոք հակառակը հաստատող ապացույցներ չի ներկայացրել: Այս մասին հայտնում է ТАСС-ը։ «Մենք չունենք վարձկաններ։ Սա մեր պաշտոնական հայտարարությունն է։ Հակամարտության սկզբից 2 շաբաթ է անցել, և դեռ ոչ մի պետություն մեզ ոչ մի ապացույց չի տրամադրել։ Կարծում եմ` եթե չկա ոչ մի ապացույց, ուրեմն բոլոր շշուկները պետք է մնան անցյալում», - ասել է Ալիևը ֆրանսիական France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա նաև շեշտել է, որ Ադրբեջանը վարձկաններ օգտագործելու կարիք չունի։ «Մենք ունենք հարյուր հազարանոց բանակ։ Այն, ինչ մենք անում ենք մարտի դաշտում, ցույց է տալիս, որ մեր բանակը կարող է ազատագրել իր հողերը», - նշել է նա։ Ալիևը կրկին հերքել է հակամարտության գոտում ռազմական գործողություններին թուրքական ռազմական մասնակցության մասին մեղադրանքները: «Թուրքիան ռազմական մասնակցություն չունի։ Մենք օգտագործում ենք Թուրքիայում ստեղծված ռազմական սարքավորումներ․ դա ճիշտ է։ Բայց միևնույն ժամանակ մենք օգտագործում ենք Ռուսաստանում, Իսրայելում և այլ երկրներում ստեղծված ռազմական սարքավորումներ։ Թուրքիան ոչ մի կերպ չի մասնակցում  գործընթացին՝ բացառությամբ քաղաքական հարթությանը։ Այստեղ չկա թուրքական բանակ»,- շեշտել է Ադրբեջանի նախագահը։   Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի
13:20 - 15 հոկտեմբերի, 2020
Միջազգային հակաթուրքական դաշինքի ստեղծման մասին Եգիպտոսի հայտարարությունը նոր չէ․ Al-Monitor-ն այն հայտնել է դեռեւս մայիսին

Միջազգային հակաթուրքական դաշինքի ստեղծման մասին Եգիպտոսի հայտարարությունը նոր չէ․ Al-Monitor-ն այն հայտնել է դեռեւս մայիսին

Հայկական լրատվական դաշտում տարածվում է մի հոդված, ըստ որի՝ Եգիպտոսը հայտարարել է միջազգային հակաթուրքական դաշինքի ստեղծման մասին։ Կայքերը հղում են կատարում Al-Monitor միջազգային լրատվակայքին։ Al-Monitor-ն այս մասին իսկապես հայտնել է, սակայն դեռ այս տարվա մայիսի 31-ին։ Այսինքն՝ լուրի իսկությունը ճիշտ է, բայց այն նոր չէ։  InfoPort լրատվականն իր հրապարակման մեջ հղում է արել նաեւ Razminfo կայքին, բայց վերջինս էլ այն հրապարակել է այս տարվա հունիսի 2-ին։ Սակայն երբ լրատվամիջոցները այն տարածում են արցախա-ադրբեջանական սահմանին լայնածավալ պատերազմական գործողությունների եւ այս ընթացքում  Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ հակաահաբեկչական միջազգային նոր կոալիցիա ստեղծելու կոչի, ապաեւ Արցախի խորհրդարանի՝ համատեղ Հակաահաբեկչական կոորդինացիոն կենտրոն ստեղծելու կոչի ֆոնին, կարող է սխալ տպավորությունների եւ ենթադրությունների առիթ տալ։ Ընդ որում, Al-Monitori այդ հոդվածում խոսք անգամ չկա Հայաստանի կամ Արցախի մասին։ Հոդվածում, որը հայաստանյան ու արցախյան լրատվականներում տարածվել էր դեռեւս հունիսին, խոսվում է այն մասին, որ Եգիպտոսը հայտնել է Լիբիայում եւ Միջերկրական ծովում Թուրքիայի սադրիչ գործողություններին դիմակայելու նպատակով Հունաստանի, Կիպրոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Ֆրանսիայի հետ համատեղ դաշինք ստեղծելու մասին։ Նշված է, որ հնգակողմ դաշինքը հայտնել է, որ կենտրոնանալու է Կիպրոսի տարածքային ջրերում թուրքական ապօրինի հորատման աշխատանքներին դիմակայելու վրա, ինչպես նաեւ քննադատել է Հունաստանի օդային տարածքի խախտումները: Դաշինքը քննադատում է նաեւ Թուրքիայի մասնակցությունը Լիբիայում ընթացող ռազմական գործողություններին, Տրիպոլիում Ֆաիզ ալ-Սարաջի գլխավորած «Ազգային համաձայնության կառավարության» (GNA) եւ Թուրքիայի միջեւ 2019 թ. վերջին վավերացված Միջերկրական ծովում «Ծովային իրավասությունների սահմանազատման վերաբերյալ» եւ «Անվտանգության եւ ռազմական համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրերը։ Հայարփի Բաղդասարյան
12:49 - 15 հոկտեմբերի, 2020
Թուրքիան Հունաստանի կառավարական ինքնաթիռը 20 րոպե պահել է թուրք-իրաքյան սահմանի վրա. ERT |armenpress.am|

Թուրքիան Հունաստանի կառավարական ինքնաթիռը 20 րոպե պահել է թուրք-իրաքյան սահմանի վրա. ERT |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի իշխանությունները հոկտեմբերի 14-ի երեկոյան Հունաստանի կառավարական ինքնաթիռը 20 րոպե պահել են Մոսուլից դեպի հյուսիս թուրք-իրաքյան սահմանի վրա՝ մերժելով թռիչքի թույլատվություն տրամադրել, որին նրանք հավանություն Էին տվել ավելի վաղ: Ինքնաթիռում գտնվել Է արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը, որը վերադառնում Էր Աթենք: Այդ մասին հաղորդել Է Հունաստանի ERT հանրային հեռուստատեսությունը: «Այդ գործողությունը դուրս Է գալիս բարիդրացիության հասկացությունից եւ խախտում Է դիվանագիտական գործելակերպի կանոնները»,-նշում Է հեռուստաալիքը: Հունաստանի արտաքին գործերի նախարարի այցն Իրաք առաջինն Էր 22 տարվա ընթացքում: Այցն ավարտվելուց հետո ինքնաթիռը թռել Է Իրաքից: «Թուրքիայի իշխանությունները VIP չվերթի մասին ծանուցվել Էին եւ թռիչքը թույլատրել, բայց սահմանին մոտանալիս այն ետ են կանչել: Սկսվել են ինտենսիվ դիվանագիտական բանակցություններ, ինքնաթիռը հարկադրված Է եղել նվազեցնել բարձրությունը եւ պտույտներ գործել, մինչեւ որ խնդիրը լուծվել Է: Դրա հետ մեկտեղ առաջացել Է վառելանյութի անբավարարության ռիսկի հարց»,-հայտնել Է ERT-ն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
12:48 - 15 հոկտեմբերի, 2020
Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված վարձկանների ընտանիքի անդամները The Washington Post-ին պատմել են իրենց հարազատների մասին |armenpress.am|

Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված վարձկանների ընտանիքի անդամները The Washington Post-ին պատմել են իրենց հարազատների մասին |armenpress.am|

armenpress.am: Արցախի դեմ կռվելու համար Թուրքիայի կողմից Սիրիայից հավաքագրված և Ադրբեջանում տեղակայված վարձկանների ընտանիքների անդամները The Washington Post-ին պատմել են իրենց հարազատների մասին: Լրատվամիջոցը գրում է, որ վարձկանների ընտանիքի անդամներին հանդիպել է թուրք-սիրիական սահմանային անցակետում, երբ նրանք սպասելիս են եղել շուրջ 53 սիրիացի սպանված տղամարդու դիերին, որոնք սպանվել են շուրջ 600 մղոն հեռու գտնվող Արցախի և Ադրբեջանի շփման գծում: Սպանվածների հարազատների խոսքով` նրանք վարձկաններ են եղել, որոնց Թուրքիայի կողմից աջակցվող զինյալները հավաքագրել են Սիրիայում և ուղարկել Ադրբեջան` հայկական կողմի դեմ կռվելու համար: Սիրիացի գրոհայինների մահը տագնապ է առաջացրել այն կապակցությամբ, որ այս հակամարտությունը կարող է արագ սրվել՝ ներառելով Թուրքիային ու Ռուսաստանին և ապակայունացնել Իրանի ու Վրաստանի վիճակը: Լրատվամիջոցը հայտնում է, որ Թուրքիան հերքում է սիրիացի գրոհայիններին Ադրբեջան ուղարկելը, սակայն վարձկաններն իրենց հարազատների հետ հեռախոսազրույցներում ասել են, որ իրենց ամսական աշխատավարձը խոստացել են Թուրքիայի կողմից աջակցվող ուժերը, իսկ իրենք Ադրբեջան են ժամանել Թուրքիայի հարավից:
00:57 - 15 հոկտեմբերի, 2020
Սինանյանը կարևորում է միջազգային հանրության մոտ ԼՂ խնդրի մասին ճիշտ հասարակական կարծիքի ձևավորումը |armenpress.am|

Սինանյանը կարևորում է միջազգային հանրության մոտ ԼՂ խնդրի մասին ճիշտ հասարակական կարծիքի ձևավորումը |armenpress.am|

armenpress.am:  Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կարևոր է համարում, որ միջազգային հանրության շրջանում Լեռնային Ղարաբաղի խնդրի ու հակամարտության վերաբերյալ ճիշտ հասարակական կարծիք ձևավորվի: Այս մասին Սինանյանն ասաց հոկտեմբերի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում: «Ամբողջ սփյուռքում շատ կարևոր է նաև հասարակական կարծիքի ձևավորման մեջ մեր հայրենակիցների դերը, որովհետև այսօր Թուրքիան և Ադրբեջանն ապականել են ամբողջ մեդիան, ապականել են ամբողջ հասարակական կարծիքը կեղծ տեղեկություններով Արցախում տեղի ունեցողի մասին: Սրա հիմնական հակակշիռը մեր սփյուռքի կողմից տարվող աշխատանքներն են, որոնք շատ ինտենսիվ են, բավական արդյունավետ և, որի անհրաժեշտությունը մենք շատ ենք զգում»,- ասաց Սինանյանը: Գլխավոր հանձնակատարը նշեց, որ Ադրբեջանի ու Թուրքիայի կառավարությունները վարձել են նաև լոբբիստական խմբեր, որոնք աշխատանքներ են իրականացնում տարբեր երկրներում իրենց համար նպաստավոր կարծիքի ձևավորման համար, որին պետք է հետևի հայկական սփյուռքի պատասխանը: «Սփյուռքում աշխատում են բոլորը, այս աշխատանքն էլ պետք է շարունակական լինի, որպեսզի կարողանանք հասնել մեզ ցանկալի արդյունքին: Տարբեր երկրներում տեղի են ունենում ցույցեր, կան նաև նախաձեռնություններ տարբեր մակարդակներով, որպեսզի մենք հասնենք երկու կարևոր նպատակի` Արցախի անկախության ճանաչում ու թուրք-ադրբեջանական, ահաբեկչական գործողությունների դատապարտումը տարբեր պետությունների կողմից»,- նշեց Զարեհ Սինանյանը:
23:57 - 14 հոկտեմբերի, 2020
Reuters-ը հաղորդում է՝ այս տարի Թուրքիան վեց անգամ ավելացրել է ռազմամթերքի մատակարարումները Ադրբեջանին |azatutyun.am|

Reuters-ը հաղորդում է՝ այս տարի Թուրքիան վեց անգամ ավելացրել է ռազմամթերքի մատակարարումները Ադրբեջանին |azatutyun.am|

azatutyun.am: Ըստ պաշտոնական տվյալների, այս տարի Թուրքիան վեց անգամ ավելացրել է ռազմամթերքի մատակարարումները իր դաշնակից Ադրբեջանին, ընդ որում, անօդաչու թռչող սարքերի և այլ ռազմական տեխնիկայի վաճառքը միայն անցյալ ամիս ավելացել և հասել է 77 միլիոն դոլարի, հաղորդում է Reuters-ը: Ուսումնասիրելով Թուրքիայի արտահանողների միության՝ 61 ոլորտներում աշխատող ավելի քան 95 հազար ընկերությունների տվյալները, Reuters-ը փաստում է՝ միայն այս տարվա 9 ամիսների ընթացքում Ադրբեջանը Թուրքիայից գնել է 123 միլիոն դոլարի պաշտպանական և ավիացիոն սարքավորումներ: «Ավելին, ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ անօդաչու թռչող սարքերի, հրթիռային կայանքների, զինամթերքի և այլ զենքի գնումների մեծ մասը Ադրբեջան է հասել հուլիսից հետո, երբ հայկական և ադրբեջանական ուժերի սահմանային բախումները դրդեցին Թուրքիային և Ադրբեջանին համատեղ զորավարժություններ անցկացնել», - նշվում է հաղորդագրության մեջ: Այսպես, անցած հուլիսին Ադրբեջանը Թուրքիայից գնել է 278,880 դոլարի զինամթերք, օգոստոսին, մինչդեռ, այդ ցուցանիշը հասել է 36 միլիոն դոլարի, իսկ սեպտեմբերին, երբ սկսվեցին ռազմական գործողությունները՝ 77,1 միլիոնի։ Համեմատության համար նշենք, որ անցած տարվա առաջին 9 ամսվա ընթացքում Ադրբեջանը Թուրքիայից ընդամենը 20 միլիոն դոլարի զենք էր գնել: Նույն այդ վիճակագրության համաձայն, սեպտեմբերին Ադրբեջանը առաջին տեղն է գրավել Թուրքիայից անօդաչու սարքեր գնող երկրների շարքում՝ առաջ անցնելով Օմանից և ԱՄՆ-ից: Թուրք փորձագետ Թուրան Օգուզն ասել է, որ Լեռնային Ղարաբաղում օգտագործվող անօդաչու թռչող սարքերը արտադրում է մի ընկերություն, որը գործարկել է Սելչուկ Բայրաքթարը, ով 2016 թվականին ամուսնացել է Թուրքիայի նախագահ Էրդողանի դստեր հետ:
21:31 - 14 հոկտեմբերի, 2020
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ. քննարկվել է ԼՂ-ում իրավիճակը |armenpress.am|

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ. քննարկվել է ԼՂ-ում իրավիճակը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, մանրամասն անդրադարձ է կատարվել ԼՂ-ում ստեղծված իրավիճակին: Կողմերը կարևորել են հումանիտար հրադադարի իրականացումը: Նրանք հանդես են եկել քաղաքական գործընթացի ակտիվացման օգտին, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից մշակված սկզբունքների շուրջ:    Պուտինը Էրդողանին իր լուրջ մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հակամարտությանը Մերձավոր Արևելքից գրոհայինների մասնակցության կապակցությամբ: ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ Թուրքիան որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ,  կառուցողական դեր կստանձնի Ղարաբաղում հակամարտության ապաէսկալացման գործում:
21:09 - 14 հոկտեմբերի, 2020