Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական կողմից վարձկաններ չեն կռվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, և դեռ ոչ ոք հակառակը հաստատող ապացույցներ չի ներկայացրել: Այս մասին հայտնում է ТАСС-ը։
«Մենք չունենք վարձկաններ։ Սա մեր պաշտոնական հայտարարությունն է։ Հակամարտության սկզբից 2 շաբաթ է անցել, և դեռ ոչ մի պետություն մեզ ոչ մի ապացույց չի տրամադրել։ Կարծում եմ` եթե չկա ոչ մի ապացույց, ուրեմն բոլոր շշուկները պետք է մնան անցյալում», - ասել է Ալիևը ֆրանսիական France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա նաև շեշտել է, որ Ադրբեջանը վարձկաններ օգտագործելու կարիք չունի։
«Մենք ունենք հարյուր հազարանոց բանակ։ Այն, ինչ մենք անում ենք մարտի դաշտում, ցույց է տալիս, որ մեր բանակը կարող է ազատագրել իր հողերը», - նշել է նա։
Ալիևը կրկին հերքել է հակամարտության գոտում ռազմական գործողություններին թուրքական ռազմական մասնակցության մասին մեղադրանքները:
«Թուրքիան ռազմական մասնակցություն չունի։ Մենք օգտագործում ենք Թուրքիայում ստեղծված ռազմական սարքավորումներ․ դա ճիշտ է։ Բայց միևնույն ժամանակ մենք օգտագործում ենք Ռուսաստանում, Իսրայելում և այլ երկրներում ստեղծված ռազմական սարքավորումներ։ Թուրքիան ոչ մի կերպ չի մասնակցում գործընթացին՝ բացառությամբ քաղաքական հարթությանը։ Այստեղ չկա թուրքական բանակ»,- շեշտել է Ադրբեջանի նախագահը։
Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի
comment.count (0)