Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Թուրքիան կարող է քննարկել Ադրբեջան զորքեր ուղարկելու հարցը, բայց այժմ դրա կարիքը չկա

Թուրքիան կարող է քննարկել Ադրբեջան զորքեր ուղարկելու հարցը, բայց այժմ դրա կարիքը չկա

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոպը «РИА Новости»-ին ասել է, որ երկրի բարձրագույն օրենսդիր մարմինը կարող է քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ֆոնին թուրքական զորքեր Ադրբեջան ուղարկելու հարցը, բայց այժմ դրա կարիքը չկա: «Վերջին մի քանի օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը ցույց տվեցին ամբողջ աշխարհին, որ ի վիճակի են ինքնուրույն հասնել հաղթանակի՝ վճռականություն և համառություն ցուցաբերելով գրավված տարածքների ազատագրման գործում: Այդ պատճառով ես չեմ կարծում, որ նման առաջարկը (հակամարտության գոտում թուրքական զինուժի օգտագործման վերաբերյալ) անհրաժեշտ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ երրորդ կողմերը չեն ներգրավվել այս հակամարտության մեջ  անտեսելով ՄԱԿ-ի բանաձևերը»,- ասել է Շենթոփը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հարգել միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևերը, ըստ որոնց՝ պահանջվում է «հայկական զինված ուժերի անհապաղ, ամբողջական և անվերապահ դուրսբերումը Ադրբեջանի բոլոր գրավված տարածքներից»: «Հակառակ դեպքում Ադրբեջանը ստիպված կլինի օգտագործել իր ինքնապաշտպանության անքակտելի իրավունքը, ինչը թույլ է տալիս հավաքական ջանքեր գործադրել այս ուղղությամբ։ Եթե Ադրբեջանը խնդրանքով դիմի այս համատեքստում, ապա այն պատշաճ կերպով կքննարկվի և կլուծվի Թուրքիայի նախագահի և խորհրդարանի կողմից»,- ասել է խոսնակը: Նա հավելել է, որ «ցանկացած պարագայում Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին անփոփոխ է, և կլինի ցանկացած կերպով, ինչպես նա կցանկանա»: Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի։
23:20 - 09 հոկտեմբերի, 2020
Թուրքիայի խրախուսմամբ Ադրբեջանի ագրեսիան պետք է դատապարտվի. Նիդերլանդների SP կուսակցության անդամ

 |armenpress.am|

Թուրքիայի խրախուսմամբ Ադրբեջանի ագրեսիան պետք է դատապարտվի. Նիդերլանդների SP կուսակցության անդամ |armenpress.am|

armenpress.am: Նիդերլանդների սոցիալիստական կուսակցության (SP) խորհրդարանի ստորին պալատը կոչ է անում վերականգնել հրադադարը Ադրբեջանի և Հայաստանի միջև: SP-ի խորհրդարանի անդամ Սադեթ Կարաբուլութը «Ֆեյսբուք»-ի իր էջում նաև նշել է, որ Ադրբեջանը նոր ագրեսիան սկսել է Թուրքիայի խրախուսմամբ, և դա պետք է խստորեն դատապարտվի։ ««Առաջնահերթությունը զենքի լռելն է, արյունահեղությունը դադարեցնելը: Կարևոր է նաև թույլ չտալ, որ պատերազմող կողմերն ավելի զինվեն: Անհրաժեշտ է զենքի էմբարգո»,- ընդծել է Սադեթ Կարաբուլութը: Նրա խոսքով՝ վերջին շաբաթներին Ադրբեջանի և Հայաստանի միջև բռնությունները կրկին սարսափելի տեմպերով բորբոքվել են: Հակամարտության առանցքը Լեռնային Ղարաբաղ անկլավի նկատմամբ վերահսկողությունն է։ «Բռնության ներկայիս սրումը, կարծես, Ադրբեջանի կողմից ագրեսիվ քաղաքականության արդյունք է, որին անթաքույց աջակցում է Թուրքիան: 1990-ականների սկզբին Խորհրդային միության փլուզումից ի վեր Ադրբեջանն ու Հայաստանը տարաձայնություններ ունեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ: Տարածքն Ադրբեջանում է, սակայն Հայաստանը մեծ վերահսկողություն ունի դրա վրա»,- գրել է Նիդերլանդների սոցիալիստական կուսակցության անդամը՝ նկատելով, որ: Դա 1990-ականների արյունալի բախման արդյունք է, և կարգավորման շուրջ դիվանագիտական բանակցություններն ընթանում են տարիներ շարունակ, բայց առայժմ արդյունքի չեն հանգեցրել: Սադեթ Կարաբուլութը նաև շեշտել է. «Ամեն ինչ ցույց է տալիս, որ Ադրբեջանը նոր ագրեսիան սկսել է Թուրքիայի խրախուսմամբ: Դա պետք է խստորեն դատապարտվի: Օգտագործվում են նաև արգելված զենքեր, ինչպիսիք են կասետային զինամթերքը, որի զոհ են դառնում խաղաղ բնակիչներ: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Կարևոր է, որ արտգործնախարար Բլոկը խոսի բոլոր երկրների հետ, հատկապես՝ Թուրքիայի, քանի որ այս երկիրը յուղ է ավելացնում կրակին և Սիրիայից վարձկաններ ուղարկում այդ տարածք»:  
20:01 - 09 հոկտեմբերի, 2020
Ցեղասպանության սպառնալիքը կանգնեցնելու տարբերակը միջազգային հանրության կողմից ԼՂ անկախությունը ճանաչելն է. Նիկոլ Փաշինյանը՝ La Republica-ին

Ցեղասպանության սպառնալիքը կանգնեցնելու տարբերակը միջազգային հանրության կողմից ԼՂ անկախությունը ճանաչելն է. Նիկոլ Փաշինյանը՝ La Republica-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իտալական La Republica թերթին, որը ներկայացնում ենք ստորև. ««Թուրքերի վերադարձը Հարավային Կովկաս նշանակում է մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության վերսկսումը, երբ Օսմանյան կայսրությունը կոտորեց 1,5 միլիոն մարդու», - պնդում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Թուրքիայի կողմից քաջալերված Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան ահաբեկչական պատերազմ է ընդդեմ մի ժողովրդի, որը պայքարում է իր ազատության համար», - շարունակում է Փաշինյանը: La Republica - Պարոն վարչապետ, Դուք ռազմաճակատից վերադարձել եք ժամեր առաջ: Ի՞նչ իրավիճակ է այնտեղ: Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ադրբեջանցիներն անխտիր ռմբակոծում են քաղաքներն ու գյուղերը՝ հարվածելով հատկապես քաղաքացիական բնակչությանը, որը ստիպված է լքել տները՝ պատսպարվելով ապաստարաններում: Ռազմաճակատում, մինչդեռ, ինտենսիվ մարտեր են, սակայն հայերը դիմադրում են և կարող եմ ասել, որ Ադրբեջանի բանակը ոչ մի ռազմավարական հաջողություն չունի:La Republica - Հաստատո՞ւմ եք Անկարայի ուղիղ ներգրավվածությունը:Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կարծում եմ, որ դա արդեն ապացուցված փաստ է, և սա հիմնավորելու համար պետք է պարզապես նայել ուղղակի հրապարակային հայտարարությունները: Էլ չեմ ասում, որ Նյու Յորք Թայմսը երեկ հրապարակեց թուրքական F-16 ինքնաթիռների առկայությունը Գյանջայի օդանավակայանում: Մենք ահազանգում էինք այս ընթացքում, որ թուրքական F-16-երը ներգրավված են ռազմական գործողությունների մեջ և դա հերքվում էր, բայց, ի վերջո, փաստացի ապացուցվեց: Եվ նաև շատ կարևոր է արձանագրել այն հրապարակային հայտարարությունները, որ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաններն անում են և արել են: Ես մի օրինակ նշեմ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահները և արտգործնախարարը հայտարարություն են անում, որ պետք է անհապաղ կրակի դադարեցում տեղի ունենա, Թուրքիան հայտարարում է, որ հույս ունի, որ Ադրբեջանը չի դադարեցնի ռազմական գործողությունները: Եվ մյուս կողմից հայտարարում է, որ ինքն Ադրբեջանի կողքին է թե՛ դիվանագիտական դաշտում, թե՛ ռազմաճակատում: La Republica - Ի՞նչ կասեք ճակատում գտնվող սիրիացի ահաբեկիչներից: Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այսուհետ միջազգայնորեն ճանաչված է, որ Թուրքիան ադրբեջանցիներին օգնելու համար ջիհադիստներ է բերել Սիրիայից: Այս պատճառով է, որ մարտեր են ընթանում նաև ահաբեկչության դեմ, մի ռազմաճակատի երկայնքով, որտեղ քաղաքակրթությանը հակազդում է բարբարոսությունը: Հայաստանը և Լեռնային Ղարաբաղն Անկարայի էքսպանսիոնիզմի վերջին խոչընդոտներն են և, եթե միջազգային հանրությունը շուտափույթ չմիջամտի, շուտով կտեսնի թուրքերին Վիեննայի դռների առջև, ինչպես եղավ 17-րդ դարում օսմանցիների հետ: La Republica - Ի՞նչ եք ակնկալում միջազգային հանրությունից: Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Նախ և առաջ, ճանաչել, որ Լեռնային Ղարաբաղը հարձակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից, ում զորքերը մեկ ամիս թուրքական զորքերի հետ վարժանքներ են անցկացրել: Պետք է գիտակցել այն վտանգը, որ ներկայացնում են ջիհադիստները, որոնք գտնվում են ռազմական գոտում: Եվ պետք է արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը գտնվում է ցեղասպանության սպառնալիքի ներքո, ուuտի այս սպառնալիքը կանգնեցնելու տարբերակը միջազգային հանրության և եվրոպական երկրների կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելն է: La Repubblical - Արդյո՞ք Մոսկվան կմիջամտի առաջիկայում, այսպես ասենք, եթե Հայաստանը միջնորդի։ Դուք ի՞նչ ակնկալիքներ ունեք պարոն Պուտինից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ռուսաստանը որոշակի անվտանգային պայմանագրային պարտավորություններ ունի Հայաստանի նկատմամբ, որոնք պետք է գործեն որոշակի պայմաններում և որոշակի հանգամանքներում: Եվ համապատասխան հանգամանքների առաջացման դեպքում ես համոզված եմ, որ Ռուսաստանն իր պայմանագրային պարտավորություններն անվտանգային Հայաստանի նկատմամբ կկատարի: Ուզում եմ նշել նաև, որ Ռուսաստանը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, ԵԱՀԿ Մինսկի խումբն այն միակ ֆորմատն է, որի շրջանակում տեղի են ունենում Ղարաբաղի հարցի բանակցությունները: Եվ սա նույնպես պետք է հաշվի առնել: Եվ Ռուսաստանի Դաշնության նախագահը նույնպես երեկ հայտարարեց, որ Ռուսաստանն իր ունեցած անվտանգային պարտավորությունները Հայաստանի նկատմամբ կկատարի՝ նման անհրաժեշտություն ծագելու պարագայում: La Republica - Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը նույն ազգը չե՞ն: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք էթնիկ առումով նույն ժողովուրդն ենք՝ ոչ մի տարբերություն չկա: Մենք խոսում ենք նույն լեզվով, դավանում ենք նույն կրոնը: Այսինքն՝ ոչ մի տարբերություն չկա Հայաստանում ապրող հայերի և Ղարաբաղում ապրող հայերի միջև:La Republica - Լեռնային Ղարաբաղը գրեթե 30 տարի է ինչ անկախ է: Ինչո՞ւ աշխարհում որևէ պետություն, Հայաստանը ներառյալ, այն չի ճանաչում: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հայաստանի պարագան ուրիշ է: Իհարկե, մենք քննարկում ենք այդ հնարավորությունը, բայց Հայաստանի ճանաչման պարագան միջազգային առումով շատ բան չի փոխի, որովհետև մենք դե ֆակտո ճանաչել ենք և հարաբերություններ ունենք: Միջազգային առումով և կոնֆլիկտի կարգավորման առումով այլ երկրների ճանաչումն է, որ կփոխի իրավիճակը: Սա է պատճառը, որ ես կարծում եմ՝ այս իրավիճակում, այս ահաբեկչական գրոհը կանգնեցնելու ամենա էֆեկտիվ դիվանագիտական միջոցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումն է, անկախության ճանաչումն է միջազգային հանրության կողմից: La Republica – Ի՞նչ է պատրաստ զիջել Լեռնային Ղարաբաղը: Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Լեռնային Ղարաբաղը միշտ ասել է, որ պատրաստ է փոխզիջման, սակայն Ադրբեջանը երբեք չի ցանկացել բանակցել: Վերջին անգամ 2014 թվականին է եղել, երբ Բաքուն հրաժարվեց ստորագրել խաղաղության հնարավոր պայմանագիրը, քանի որ դա կնշանակեր ճանաչել Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը: Բաքուն ցանկանում է նորից վերադառնալ 1991 թվականի անկախության պատերազմից առաջ եղած ստատուս քվոյին: La Republica – Չպետք է հեշտ լինի Ձեզ նման պացիֆիստի համար պատերազմական գոտի գնալ սաղավարտով և համազգեստով, քանի որ ասում եք, որ ներշնչվել եք Գանդիով, Մարտին Լյութեր Քինգով, Մանդելայով: Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Երբ կա ահաբեկչական հարձակում՝ ստիպված ես արձագանքել, և այսօր, Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է պաշտպանեն կյանքի իրենց իրավունքը: Անշուշտ, անհրաժեշտ է միջազգային հանրության ներգրավվածությունը, այլապես ջիհադիստական սպառնալիքը կտարածվի ամենուրեք, քանի որ վստահ եմ, որ ադրբեջանցիներն ի վիճակի չեն հսկել Անկարայի կողմից նրանց կցած իսլամիստներին: Մեր հետախուզական տվյալների համաձայն, երբ նրանք ժամանել են Ադրբեջան, նախ և առաջ, փորձել են արգելել ալկոհոլի վաճառքը և շարիաթի կանոններ մտցնել: La Republica - Այս պատերազմը Ձեզ որպես անհատի է ներքաշել նաև: Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այո, քանի որ որդիս, ով 20 տարեկան է, նոր մեկնել է ռազմաճակատ որպես կամավոր:
18:19 - 09 հոկտեմբերի, 2020
Ալիևը խոստովանել է, որ Ադրբեջանում թուրքական F-16-եր կան․  դրանք Ադրբեջան են տարվել զորավարժություններին մասնակցելու նպատակով |armenpress.am|

Ալիևը խոստովանել է, որ Ադրբեջանում թուրքական F-16-եր կան․ դրանք Ադրբեջան են տարվել զորավարժություններին մասնակցելու նպատակով |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստովանել է, որ Ադրբեջանում թուրքական F-16 կործանիչ ինքնաթիռներ կան: Նա CNN-ի եթերում հայտարարել է, որ թուրքական կործանիչները Ադրբեջան են տարվել զորավարժություններին մասնակցելու նպատակով: Նա պնդել է, թե դրանք «գետնի վրա են» և չեն կիրառվում: Ալիևը հիշատակել է դեռևս նախորդ տարի անցկացված ադրբեջանա-թուրքական համատեղ 10 զորավարժությունները, որոնց մասնակցել է նաև օդուժը: Հարց է առաջանում՝ ինչու են զորավարժություններին մասնակցելու համար տարված կործանիչները շարունակել մնալ Ադրբեջանում: Բաքուն վերջին օրերին բազմիցս հերքել է թուրքական F-16-երի առկայությունն Ադրբեջանում. Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևը փորձել է մոլորեցնել միջազգային հանրությանը՝ The Spectator-ին տված հարցազրույցում հավատացնելով, թե «F-16-եր չկան ոչ գետնին, ոչ էլ օդում»: Ամերիկյան լրատվամիջոցների կողմից ադրբեջանական ռազմական ավիաբազաներում F-16-ի առկայության մասին անհերքելի ապացույցների հրապարակումից հետո Ալիևին այլ բան չէր մնում, քան այդ փաստը խոստովանելը:
17:00 - 09 հոկտեմբերի, 2020
Հաղթանակի վերջնական լուծումը պետք է բացառի պատերազմը՝ գալիք ժամանակների համար․ Միքայել Նահապետյան 

Հաղթանակի վերջնական լուծումը պետք է բացառի պատերազմը՝ գալիք ժամանակների համար․ Միքայել Նահապետյան 

Արցախա-ադրեջանական սահմանին լայնածավալ պատերազմական այս գործողությունների ընթացքում ե՛ւ Արցախի Հանրապետության նախագահի, ե՛ւ ՀՀ վարչապետի մակարդակով հայտարարվել է՝ կանգնելու ենք մինչեւ վերջ, մինչեւ վերջնական հաղթանակ։ Այս ողջ ընթացքում քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները, հայաստանցիներն ու արցախցիները, աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերը եւս կասկած անգամ չեն հայտնել այս առնչությամբ։ Ռազմական իմաստով հաղթանակն, ըստ էության, ձեւակերպում ու վերջնակետ ունի՝ չթողնել, որ հակառակորդը հասնի իր առջեւ դրված նպատակին՝ ընդհուպ ուղղակի ջախջախելով թշնամու բանակը, հնարավորության դեպքում տարածքային առաջխաղացում ունենալ։ Քաղաքական իմաստով, սակայն, հաղթանակի ձեւակերպումը կարծես դեռ ամորֆ է, ինչպես կարծում է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը։ Ըստ նրա՝ հաղթանակի վերջնական լուծումը պետք է բացառի պատերազմը՝ գալիք ժամանակների համար։  Infocom-ի հետ զրույցում Նահապետյանը նկատեց՝ մեր հիմնական խաղադրույքը պետք է դիվանագիտական լավ աշխատանքի զուգորդումը լինի արդեն տեղի ունեցած ռազմական հաջողություններին․ «Հայաստանի բոլոր քաղաքական դերակատարները իրենց կարմիր գծերը ներկայացրել են։ «Պլան մինիմումը» բոլորի դեպքում այն է, որ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եւ ակնհայտ է , որ անկախությունից կամ Հայաստանի կազմում լինելուց բացի՝ ոչ մեկը դա չի տեսնում որեւէ այլ կարգավիճակով։ Սա արդեն համազգային քննարկումների հարց է»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այդ քննարկումները լինելու են դժվար, եւ պիտի ներառեն արցախյան, հայաստանյան եւ սփյուռքի շրջանակները։  «Պետք է ծանրութեթեւ անելով հասկանալ՝ որ տարբերակն է լավագույնը, եւ 2 տարբերակներից մեկի վերաբերյալ տալ 1 դիրքորոշում, որի շուրջ էլ արդեն աշխարհում այլ քաղաքական դերակատարները իրենց դիրքորոշումը կհստակեցնեն․ մեկը դեմ կլինի, կփորձի ճնշում գործադրել, մյուսը կողմ կլինի՝ կճանաչի ու կաջակցի»։  Թե անձամբ Նահապետյանի համար որը կլինի հաղթանակի լավագույն տարբերակը՝ ՔՈ կուսակցության ներկայացուցիչն այսպես պատասխանեց․  «Ես՝ որպես մի հայ ու այս պայքարի ժառանգորդ, եւ մարդ, որը պարտավորություն ունի իր ուսերին գոյություն ունեցողից ավելի պակաս ոչինչ չժառանգել իր զավակներին ու հաջորդ սերնդին, միացումը համարում եմ իդեալական տարբերակ, բայց ես պատրաստ եմ հաշվի նստել նաեւ համակողմանի քննարկումների արդյունքում ձեւակերպված լուծման հետ»։ Անդրադառնալով Արցախի նախագահի ու ՀՀ վարչապետի մակարդակով միջազգային հանրությանն ուղղված այն հայտարարությանը, որ այսօր Արցախի սահմանին տեղի ունեցողը ոչ թե լոկալ, այլ գլոբալ անվտանգության խնդիր է՝ Նահապետյանը մեր զրույցում ասա, որ մի շարք փաստերով լիարժեքորեն արձանագրվում է , որ Թուրքիան այս կոնֆլիկտում ունենում է դեստրուկտիվ միջամտություն, որի ձեւերից մեկը մեր տարածաշրջան ահաբեկիչներ տեղափոխելն է․ «Սա արձանագրված է, սա Եվրոպական խորհորդարանում հնչած ելույթների հիմանական մասի կենտորնն է, եւ ես կարծում եմ, որ, այո՛, մեզ միասնաբար հաջողվել է այդ ուղերձը դարձնել քաղաքական խոսակցությունների թոփ վերնագիր»։ Այժմ, ըստ Միքայել Նահապետյանի, մենք պետք է աշխատենք մի քանի ուղղությամբ։ Առաջինը՝ Հայաստանը, Արցախի կարգավիճակի հարցում իր դիրքորոշումը հստակեցնելով, պետք է հնարավորություն տա միջազգային այն դերակատարներին, որոնք ուզում են մեզ առարկայական օգնություն ցույց տալ՝ այդ կարգավիճակը ճանաչելով։  «Երկրորդ ուղղությամբ մենք պետք է այս համատեքստում համագործակցենք այն պետությունների հետ, որոնց հետ մինչեւ հիմա, կարծես թե, առարկայական համագործակցություն չենք ունեցել, մասնավորապես աֆրիկյան պետությունները, Պոլինեզիայի պետությունները շատ հետաքրքիր հակվածություններ կարող են ունենալ հօգուտ մեզ։ Այս ֆորմատում պետք է օգտագործենք նաեւ ֆրանկոֆոնիայում մեր ունեցած դերակատարումը»,- ասաց Նահապետյանը՝ ընգծելով նաեւ աշխատանքը այն երկրների հետ, որոնք իրենք ճակատագիրը ընդհանրացնում են Ադրբեջանի ճակատագրի հետ (Վրաստան, Ուկրաինա եւ այլն)․ «Պետք է բացատրենք, որ Ղարաբաղի խնդիրը մի առանձին խնդիր է՝ առանձին պատմական անցյալով, եւ Ղարաբաղի վերաբերյալ բալանսավորված ու արդարացի մոտեցում ցուցաբերելը երբեք չի նշանակում իրենց խնդիրներին ու շահերին դեմ գնալ։ Մենք պետք է ոչ միայն դա համոզենք այդ երկերներին, այլ նաեւ այդ երկրների համար գրենք, մշակենք փաստարկներ, թե իրենք ինչ պիտի պատասխանեն Ադրբեջանին, երբ այդպիսի հարցեր լինեն»,- եզրափակեց ՔՈ ՍԴ կուսակցության գործադիր մարմնի անդամ Միայել Նահապետյանը։  Սեդա Առաքելյան
13:39 - 09 հոկտեմբերի, 2020
Հայերին կրկին սպառնում է հարյուրամյա վաղեմության ցեղասպանության վտանգը. Թուրքիան ներգրավվածություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղում. Fox News Channel

Հայերին կրկին սպառնում է հարյուրամյա վաղեմության ցեղասպանության վտանգը. Թուրքիան ներգրավվածություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղում. Fox News Channel

Ամերիկյան Fox News Channel հեռուստաընկերությունն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հարցազրույցին, որում նախագահ Սարգսյանը ներկայացրել է Արցախում Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը, մտահոգություն հայտնել Թուրքիայի ներգրավվածության առնչությամբ: Այն մասնակի կրճատումներով ներկայացնում ենք ստորև. 1915 թվականի ցեղասպանությունը կրկին սպառնում է հայերին, քանի որ նրանք կրկին վախի և դառնության զգացում ունեն Լեռնային Ղարաբաղի՝ նոր թեժացած իրավիճակում Թուրքիայի ներգրավվածության առնչությամբ: Թուրքիան և Հայաստանը շարունակում են վիճել պատմության շուրջ, քանի որ Անկարան վիճարկում է, որ երբևէ ցեղասպանություն է եղել: Սակայն 1.5 մլն հայերի մահը, որն իրականացվել է օսմանցիների կողմից, մեծապես պատճառ դարձավ սփյուռքի առաջացման համար: Ավելի մեծ թվով հայեր ապրում են արտասահմանում, քան իրենց երկրի ներսում: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Fox News-ին ասում է, որ իր ժողովուրդը մտադրություն չունի հրաժարվել Լեռնային Ղարաբաղում ազատ ապրելու իրավունքից. «Սա մի կռիվ է, որ նրանք կմղեն երկար ժամանակ, ինչպես իրենք են ասում՝ մինչև մահ: Աշխարհում ցանկացած հայ կաջակցի այս պայքարին շատ պարզ պատճառով. նրանք տեսնում են, որ Թուրքիան, օգտագործելով ադրբեջանական «ձեռքերը», ցեղասպանության իրագործման ևս մեկ փորձ է անում»: Լեռնային Ղարաբաղի խնդիրը տասնամյակների պատմություն ունի, սակայն վերջին երկու շաբաթվա բռնկումը մեծ անհանգստություն է առաջացրել ոչ միայն տարածաշրջանի, այլև դրանից դուրս գտնվող մարդկանց համար, քանի որ այն սպառնում է այս հակամարտություն ներքաշել ավելի մեծ տարածաշրջանային խաղացողների, ինչպիսիք են Ռուսաստանը և Իրանը՝ երկու հարևանները: «Այն դարձել է, այն դառնում է մեծ տարածաշրջանային հակամարտություն, որն ունի ներուժ՝ դառնալու մեկ այլ Սիրիա կամ մեծ փոփոխություններ մտցնելու աշխարհաքաղաքականության մեջ, քանի որ Թուրքիան իր հետ Ադրբեջան է բերել նաև մոջահեդների՝ իսլամիստ ահաբեկիչների»,- ասում է Սարգսյանը: Իսկ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ասել է, որ իր որոշ քաղաքացիներ գնացել են միանալու կռվին, ինչն անհանգստացնում է Ռուսաստանին և Իրանին: Սարգսյանն ասում է, որ այդ երկրները կարևոր դերակատարում ունեն՝ օգնելու վերականգնել խաղաղությունը: Նմանօրինակ դեր ունի նաև ԱՄՆ-ը: «Ցանկանում եմ օգտվել այս հնարավորությունից՝ քաջառողջություն մաղթելու նախագահ Թրամփին և առաջին տիկնոջը,- ասում է նա: -Կարևոր է, որ նախագահը Թրամփը լիարժեքորեն վերադառնա իր պարտականությունների կատարմանը, դա կարևոր է ինչպես ամերիկացիների և առաջիկա ընտրությունների համար, այնպես էլ կարևոր է, որ նա իր ներդրումն ունենա այսօր, քանի որ մենք Հայաստանում և Ղարաբաղում չենք կարող սպասել մինչև ամերիկյան ընտրություններ: Մենք այսօր ամերիկյան խոսքի և Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրելու կարիքն ունենք»: Թեպետ երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են էթնիկ զտման, կոտորածների և թալանի մեջ, նրանցից յուրաքանչյուրի ներկայացուցիչը վստահ է, որ կարող են մի օր միասին խաղաղ ապրել: Բայց Թուրքիայի ներգրավվածության ոչ մի հերքում չի կարող համոզել Հայաստանի նախագահին, որ այստեղ չկա մեծ սխեմա: Նա կարծում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգտվել է այն պահից, որ ողջ աշխարհը զբաղված է կորոնավիրուսով ու տնտեսական ճգնաժամով, և կատարել է իր քայլը: Այնպիսի ժամանակներում, ասում է Սարգսյանը, երբ «մեծ կռիվ է ընթանում մարդկության գոյության համար»: Նա դա ոչ մարդկային է անվանում: Հայաստանի նախագահն ավելացնում է՝ եթե Թուրքիան հաջողի, «նա մեծ ազդեցություն կունենա այստեղ տեղի ունեցող իրադարձությունների վրա և հսկողություն կհաստատի միջազգային էներգետիկ ռեսուրսների նկատմամբ: Այսինքն, ինչ-որ առումով Եվրոպան կդառնա Թուրքիայի գերին, որը կբացի և կփակի խողովակաշարը, Կենտրոնական Ասիան ևս կդառնա գերի»:
13:38 - 09 հոկտեմբերի, 2020
Թուրքիայի խորհրդարանի խոսնակն անհեթեթ է համարում Մակրոնի՝ Անկարային ուղղված մեղադրանքները ՝ սիրիացի զինյալներին Ադրբեջան տեղափոխելու համար

Թուրքիայի խորհրդարանի խոսնակն անհեթեթ է համարում Մակրոնի՝ Անկարային ուղղված մեղադրանքները ՝ սիրիացի զինյալներին Ադրբեջան տեղափոխելու համար

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոպը «РИА Новости»-ին ասել է, որ անհեթեթ են Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի՝ Անկարային ուղղված մեղադրանքները ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ֆոնին սիրիացի զինյալներին Ադրբեջան տեղափոխելու համար: Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ 300 սիրիացի գրոհայիններ Թուրքիայի Գազիանթեփ քաղաքի միջով տեղափոխվել են Բաքու: Նրա խոսքերով ՝ այդ մարդիկ նույնականացվել են եւ պատկանում են Հալեպի տարածքում գործող խմբին: Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը Մակրոնի հայտարարությունից հետո Ֆրանսիայից ներողություն է պահանջել՝ շեշտելով, որ Ադրբեջանը վարձկան չունի: «Հսկայական տարբերություն կա այն բանի միջեւ, թե ինչ է ուզում պրն. Մակրոնը, եւ ինչին իրականում կարող է հասնել նա միջազգային քաղաքականության մեջ: Ուստի նա հաճախ փորձում է այդ բացը լրացնել անհիմն պնդումներով: Մենք դա գիտենք Լիբիայի, Արեւելյան Միջերկրականի եւ այլ միջազգային հարցերից: Ես կարող եմ հասկանալ, թե ինչու է նա այդպիսի հայտարարություններ արել (Թուրքիայի կողմից սիրիացի զինյալներին Ադրբեջան ուղարկելու մասին), բայց դա չի ժխտում այն ​​փաստը, որ նրա հայտարարություններն անհեթեթ են», - ասել է Շենթոպը: Նրա խոսքերով՝ սխալ եւ անարդար է Ադրբեջանում իրավիճակը բնութագրել որպես ռազմական գործողությունների սրում: «Այնտեղ տեղի ունեցողը, ինչը պարոն Մակրոնը փորձում է թաքցնել, հետևյալն է․ Ադրբեջանն օգտագործում է իր ինքնապաշտպանության օրինական իրավունքը` պաշտպանելու իր քաղաքացիական բնակչությանն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև վերջ տալու ադրբեջանական տարածքների 30-ամյա գրավմանը: Դրանում հաջողության հասնելու համար Ադրբեջանն ունի բավարար ռազմական ներուժ», - ասել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակը:
13:18 - 09 հոկտեմբերի, 2020
ԱՄՆ-ը պետք է Ադրբեջանին և Թուրքիային հստակ հայտարարի, որ եթե շարունակեն բռնությունը, ապա ԱՄՆ-ը պատրաստ է ճանաչել Արցախի Հանրապետությունը. Ադամ Շիֆ |factor.am|

ԱՄՆ-ը պետք է Ադրբեջանին և Թուրքիային հստակ հայտարարի, որ եթե շարունակեն բռնությունը, ապա ԱՄՆ-ը պատրաստ է ճանաչել Արցախի Հանրապետությունը. Ադամ Շիֆ |factor.am|

factor.am: ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը քիչ առաջ տարածել է պաշտոնական հայտարարություն: « Այսօր առավոտյան զրուցեցի Արցախում շարունակվող հակամարտության մասին ԱՄՆ-ում Հայաստանի ներկայացուցչի՝ դեսպան Վարուժան Ներսեսյանի հետ: Քննարկեցինք Ադրբեջանի ռազմական արշավը, որին աջակցում և դրդում է Թուրքիան, որն էլ իր հերթին Սիրիայից այլազգի գրոհայինների է բերել: Հակամարտությունը սպանել է հարյուրավոր մարդկանց և տեղահանել Արցախի բնակչության կեսին: Նաև քննարկեցինք Ադրբեջանի կողմից Շուշիում գտնվող հայկական պատմական եկեղեցու՝ Սուրբ Ղազանչեցոց տաճարի դիտավորյալ ռմբակոծումը: Տասնամյակներ շարունակ Միացյալ Նահանգները, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, աջակցել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, ժողովրդավարական և բանակցային կարգավորմանը: Մենք հավատարիմ ենք մնացել այդ քաղաքականությանը՝ նույնիսկ երբ Ադրբեջանը սկսեց անհամար հարձակումները, և նրանց ղեկավարությունը հաճախակի էր սպառնում պատերազմի միջոցով վերափոխել շփման գիծը: Այսօր Ադրբեջանն ու Թուրքիան իրականացնում են այդ սպառնալիքները, և մեր քաղաքականությունը պետք է համարժեք լինի դրան: Կարծում եմ, որ Միացյալ Նահանգները պետք է Ադրբեջանին և Թուրքիային հստակ հայտարարի, որ եթե իրենք, հակամարտության խաղաղ կարգավորման քայլեր ձեռնարկելու փոխարեն, շարունակեն բռնությունը, մենք պատրաստ ենք ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես անկախ պետություն, աշխատել միջազգային հանրության հետ՝ միևնույն քայլին գնալու նպատակով: Նախագահներ Ալիևը և Էրդողանը պետք է հասկանան, որ նրանք չեն կարող խաղաղ բնակչության նկատմամբ հախուռն ռազմական ուժի կիրառման միջոցով լուծել տասնամյակներ ձգվող տարածքային վեճը, և որ Միացյալ Նահանգներն անտարբեր չի կարող վերաբերվել նման քայլերին: Վեճի միակ հանգուցալուծումը կարող է լինել բանակցությունը, այլ ոչ թե հրթիռների և ռումբերի տարափը հայ բնակչության վրա»:
11:05 - 09 հոկտեմբերի, 2020
Էրդողանը Հայաստանին մեղադրել է տարածաշրջանում լայնամասշտաբ կոնֆլիկտ ստեղծելու մեջ

Էրդողանը Հայաստանին մեղադրել է տարածաշրջանում լայնամասշտաբ կոնֆլիկտ ստեղծելու մեջ

Հայաստանը ցանկանում է լայնամասշտաբ հակամարտության գոտի ստեղծել Հարավային Կովկասում։ Այս մասին Քաթարի թերթին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հայտնում է ria.ru-ուն։ «Հայաստանը, որն ամեն առիթով ցույց է տալիս ագրեսիա և թշնամանք թուրք ազգի նկատմամբ, տարածաշրջանում խաղաղության, կայունության և հանգստության ամենամեծ խոչընդոտն է: Օտարերկրյա հողեր գրավելու իր վերջին փորձից հետո կրած ծանր պարտությունից հետո տարբեր հնարքների միջոցով հակամարտության մեջ Թուրքիային մեղադրելը, վկայում է Հայաստանի հուսահատության մասին: Հայաստանի այս պահվածքն ապացույցն է այն բանի, որ նա ցանկանում է լայնամասշտաբ հակամարտության գոտի ստեղծել տարածաշրջանում»,- ասել է Էրդողանը: Նա նշեց, որ միջազգային հանրությունը պետք է հրաժարվի այն երկակի ստանդարտներից, որոնք երկար տարիներ շարունակ կիրառում է ղարաբաղյան հակամարտության հարցում:   Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի
14:17 - 08 հոկտեմբերի, 2020
Տարբեր երկրների մշակութային կառույցներ Բունդեսթագին կոչ են արել նպաստել Արցախում կրակի դադարեցմանը

Տարբեր երկրների մշակութային կառույցներ Բունդեսթագին կոչ են արել նպաստել Արցախում կրակի դադարեցմանը

Գերմանիայի և մի շարք այլ երկրների մշակութային հաստատությունների, գիտական կենտրոնների ղեկավարներ, քաղաքագետներ, լրագրողներ ու արվեստագետներ բաց նամակ են հղել Բունդեսթագի պատգամավորներին: Նրանք կոչ են անում նպաստել Արցախում կրակի, ինչպես նաև Թուրքիային զինամթերքի վաճառքի դադարեցմանը: Այս մասին «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Փոխնախարարը զետեղել է բաց նամակի բովանդակությունը, որում ասվում է, որ դեռ 2016 թվականի հունիսի 2-ին երկար քննարկումներից հետո Բունդեսթագի պատգամավորները՝ ճնշող մեծամասնությամբ, դատապարտեցին Օսմանյան կայսրությունում հայերի և բնակչության մյուս խմբերի նկատմամբ հետապնդումները, որակեցին դրանք որպես ցեղասպանություն և ափսոսանք հայտնեցին Գերմանական կայսրության մասնակցության կապակցությամբ: Նամակում շեշտվում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղում կրկին պատերազմ է. Թուրքիայի և Ադրբեջանի բացահայտ նեոօսմանյան կառավարությունների հրահրմամբ հայերին կրկին սպառնում է ոչնչացում: «Նախագահ Էրդողանը հանդես է գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների դեմ: Ոչ միայն Ստամբուլում, այլև նույնիսկ Բեռլինում հայերը ենթարկվում են թշնամական վերաբերմունքի և հարձակումների: Մենք ձեզ կոչ ենք անում չցուցաբերել անտարբերություն: Անցյալի հանդեպ կարեկցանք արտահայտելը ենթադրում է պատասխանատվություն ներկայի և ապագայի համար: Հրավիրում ենք ձեր ուշադրությունը Ղարաբաղի քաղաքացիական բնակչության վրա: Եվրոպայի խորհրդում նախագահություն և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում անդամակցություն ստանձնելով՝ Գերմանիայի կառավարությունը կրում է պատասխանատվություն և ունի գործիքներ պատերազմական իրավիճակի վրա ակտիվ ազդեցություն գործելու և մարդկային կյանքերը պաշտպանելու համար»,-ասվում է նամակում: Հեղինակները Բունդեսթագի պատգամավորներին կոչ են անում աջակցել կրակի անհապաղ դադարեցմանը և Լեռնային Ղարաբաղում նոր միջազգային բազմակողմանի քայլերին: «Մենք հանդես ենք գալիս կրակի անհապաղ դադարեցման, Թուրքիային զինամթերքի վաճառքի դադարեցման և լայնածավալ քաղաքական պատժամիջոցների կիրառման կոչով»,- շեշտել են նրանք:
13:19 - 08 հոկտեմբերի, 2020
Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Ղարաբաղի խնդիրը |azatutyun.am|

Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Ղարաբաղի խնդիրը |azatutyun.am|

azatutyun.am: ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Գերմանիայի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղի իրավիճակը: Այդ մասին այսօր հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունը: Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը խորը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում լարվածության աճի կապակցությամբ և ընդգծել է հակամարտությունը քաղաքական եղանակով կարգավորելու անհրաժեշտությունը: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն, իր հերթին, գերմանացի պաշտոնակցին ասել է, թե «հայկական կողմը հրետակոծում է ռազմաճակատից հեռու գտնվող խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի հետևանքով կան զոհեր և ավերածություններ»: Բայրամովը նաև ասել է, որ «տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի պահանջները»:
12:22 - 08 հոկտեմբերի, 2020
Եվս մեկ ապացույց ադրբեջանական բանակում թուրք զինվորների մասնակցության վերաբերյալ․ Վարուժան Գեղամյան

Եվս մեկ ապացույց ադրբեջանական բանակում թուրք զինվորների մասնակցության վերաբերյալ․ Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանն իր տելեգրամյան ալիքում տեսանյութ է հրապարակել կից գրառմամբ․ «Ադրբեջանական բանակում թուրք զինվորների մասնակցության ևս մեկ ապացույցԳործընկերներիս ջանքերով գտել ենք ևս մեկ ապացույց, որ ադրբեջանական բանակում կռվում են թուրք զինվորներ։ Կից ձեզ ենք ներկայացնում թուրքական ամենամեծ հեռուստաընկերության (Էրդողանի վերահսկողության տակ գտնվող)՝ A TV-ի A Haber լրատվական հաղորդման հոկտեմբերի 6-ի  թողարկումից մի դրվագ։ Հաղորդման մեջ ուղիղ եթերում Ադրբեջանի ռազմաճակատից միանում է հեռուստաթղթակիցը և տեղից հարցազրույց է վերցնում «փառավոր Ադրբեջանական բանակի» զինվորներից։Զինվորներից մեկը, ում միայն արտաքին տեսքը՝ բեղերը բավական են որպես Թուրքիայի թուրք իդենտիֆիկացնելու համար, սկսում է նախապես պատրաստված տեքստ արտաբերել։ Եվ հենց նրա խոսքը մատնում է, որ վերջինս կեղծում է ադրբեջաներեն լեզուն՝ անելով բազմաթիվ սխալներ, որոնք թուրքերեն ու ադրբեջաներեն իմացողին միանգամից անկհայտ են դառնում։ Այսպես, «Ղարաբաղ»-ը, որն ադրբեջաներեն արտասանվում է «Գարաբաղ», հնչում է թուրքերեն «Քարաբաղ», ադրբեջաներեն «Խանքենդին» դառնում է «Հանքենդի» և այլն։ Դե իսկ երբ շփոթված թուրք զինվորը մի պահ արտասանում է «բեն» (թուրքերեն՝ ես), ու արագ ինքն իրեն ուղղում է՝ ասելով «մեն» (ադրբեջաներեն՝ ես), որպեսզի ցույց տա ադրբեջանցի լինելը, միանգամից ակնհայտ է դառնում, որ գործ ունենք ոչ թե ադրբեջանցու, այլ թուրքի հետ։ Այս բեմադրությունում առկա են նաև այլ նմանատիպ օրինակներ։ Իհարկե թուրքերը կփորձեն բերել բազմաթիվ «ապացույցներ», որ սա ուղղակի թուրքախոս ադրբեջանցի է, սակայն ռեպորտաժը դիտողի համար ամեն ինչ շատ պարզ է և շատ հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանի Զինված ուժերում մեր դեմ են կռվում նաև Թուրքիայից եկած զինվորներ»։
18:25 - 07 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանի հետ հակամարտությունը վերածվում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի. ՀՀ վարչապետ

Ադրբեջանի հետ հակամարտությունը վերածվում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի. ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Sky news հեռուստաալիքին, որը ներկայացնում ենք ստորև. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի համար Ադրբեջանի հետ հակամարտությունը, ըստ էության, վերածվել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի: Բախվելով անլուծելի խնդրի, որը ծագել է իր պաշտոնավարման տարիներից շատ առաջ, և վկայակոչելով սիրիացի վարձկանների մասին լուրերը՝ պարոն Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության այս վերջին սրացումը համարում է քաղաքակրթական խնդիր: Նիկոլ Փաշինյանը Sky News-ին ասաց. «Նախ, Թուրքիան ուղղակիորեն և ամբողջովին ներգրավվել է հակամարտության մեջ՝ հրահրելով և բորբոքելով այն»: Թուրքիան Սիրիայի տարածքից վարձկաններ և ահաբեկիչներ է տեղափոխել հակամարտության գոտի, ինչը փոխում է ամբողջ համատեքստը: Նա հավելեց. «Ըստ էության, սա ոչ այլ ինչ է, եթե ոչ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության պայքարը միջազգային ահաբեկչության դեմ»: Պարոն Փաշինյանը նաև մեղադրում է Թուրքիային Ադրբեջանին սատարելու մեջ՝ «հայերի դեմ ցեղասպան քաղաքականություն վարելու և այդ երկրի ծավալապաշտական նկրտումները զարգացնելու համար»: Նա ասաց. «Եկեք նայենք, թե ինչ է անում Թուրքիան Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում: Ինձ համար կասկած չկա, որ սա Հայոց ցեղասպանությունը շարունակելու և թուրքական կայսրությունը վերականգնելու քաղաքականություն է»: Այս պատմական մեղադրանքները բնավ չեն նպաստում հակամարտության լուծմանն ուղղված նոր գաղափարների գեներացմանը: ՀՀ վարչապետը կրկնեց իր բանակցային դիրքորոշումը, այն է՝ ցանկացած խաղաղ կարգավորում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար, չնայած որ Ադրբեջանի ղեկավարությունը հրաժարվել է բանակցություններ վարել չճանաչված Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ: Թուրքիայի ներկայիս կեցվածքը նոր հարթություն է տեղափոխում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Այդուամենայնիվ, այն շարունակում է մնալ որպես տարածքային վեճ, որը չի կարգավորվել Հայաստանի նախորդ կառավարությունների և հայր ու որդի Ալիևների դինաստիայի կողմից: Չնայած հրադադարի ռեժիմի միջազգային կոչերին, մենք ականատեսն ենք ահագնացող բռնության, ինչն արդեն իսկ հանգեցրել է քաղաքացիական անձանց մեծաթիվ կորուստների»: Պարոն Փաշինյանի այսօրվա մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ նա հակված է հնարավորինս շուտ վերսկսել խաղաղության գործընթացը»: Վարչապետի հարցազրույցի վերաբերյալ հոդվածը՝ այստեղ:
15:39 - 07 հոկտեմբերի, 2020