Տիգրան Խաչատրյան

ՀՀ ֆինանսների նախարարն է․ այս պաշտոնին նշանակվել է 2021թ․ օգոստոսի 3-ին։

Ծնվել է 1970թ․ դեկտեմբերի 11-ին։ 1987-1992 թթ. սովորել է  Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում, 1993-1996 թթ.  ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում, 1996 թ.  Վիեննայի միացյալ ինստիտուտում։

1999-2001 թթ.  եղել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետ։ 2001-2006 թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ, 2016-2018 թթ․ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ։

2018-2019 թթ.- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար։

2019-2020 թթ. - ՀՀ էկոնոմիկայի նախարար

Արմավիրում կենցաղային տեխնիկա արտադրող գործարանում արդեն հեռուստացույցներ են հավաքում. Տիգրան Խաչատրյան |news.am|

Արմավիրում կենցաղային տեխնիկա արտադրող գործարանում արդեն հեռուստացույցներ են հավաքում. Տիգրան Խաչատրյան |news.am|

news.am: Կենցաղային տեխնիկա արտադրող ընկերությունում արդեն այս շաբաթ աշխատանքները սկսվել են: Այս մասին այսօր՝մայիսի 23-ի նիստում հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այս հարցը նաեւ քաղաքական նեթատեքստ ունի, հետաքրքրությունը մեծ է, քանի որ նշվում էր, որ իրենք գնացել բացում են արել եւ այդ գործարանը չի աշխատում:Տիգրան Խաչատրյանը փարատեց այդ կասկածները. «Այս պահին այնտեղ 15 մարդ հեռուստացույցներ են հավաքում: Ինձ հրավիրել էին, ես ասացի՝ մինչեւ 70 մարդ էնտեղ միաժամանակ աշխատանքային պրոցեսում չլինեն, չեմ գնա: Սա կատակով, իհարկե, բայց հաջորդ շաբաթներին, երբ արդեն կգան լվացքի մեքենաների եւ մնացած տեխնիկայի մասերը, որոնք ճանապարհին են, եւ 70 մարդ աշխատանքի մեջ կլինի, ես կգնամ այնտեղ եւ լայն հանրային լուսաբանում կլինի: Այս պահին 1200 հատ հեռուստացույցների համար անհրաժեշտ մասերը գտնվում են այստեղ»:Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ սա Հայաստանում առաջին փորձն է կենցաղային տեխնիկա հավաքելու, նման փորձ չի եղել նաեւ խորհրդարային տարիներին: Նա հույս հայտնեց, որ ժամանակի ընթացքում հեռուստացույցներ եւ այլ կենցաղային տեխնիկա Հայաստանում կարտադրվի նաեւ ոչ թե ներկրված սարքերով, այլ տեղում արտադրված. «Որպեսզի լիարժեք այդ արտադրանքը կարողանանք համարել հայկական»:ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կատակով նկատեց, որ պետք է ստուգել այդ աշխատողների աշխատանքային պայմանագրերը, որովհետեւ «կարելի է մեկ օրում 70-80 հոգու բերել ցույց տալ»: Սկզբնական փուլում գործարանը կունենա 70-80 աշխատատեղ և տարեկան կարտադրի 126 հազար միավոր կենցաղային տեխնիկա՝ հեռուստացույց, լվացքի մեքենա, օդափոխիչ, սառնարան և տեխնիկա:
08:43 - 23 մայիսի, 2019
Տիգրան Խաչատրյանը Վրաստանի դեսպանի հետ քննարկել է տնտեսական փոխգործակցության ամրապնդման հնարավորությունները

Տիգրան Խաչատրյանը Վրաստանի դեսպանի հետ քննարկել է տնտեսական փոխգործակցության ամրապնդման հնարավորությունները

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Վրաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի հետ, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։ Կողմերն ընդգծել են համատեղ նպատակաուղղված գործողությունների իրականացման կարևորությունը այն ոլորտներում, որոնք ազդում են ազգաբնակչության բարեկեցության վրա։ Նախարար Խաչատրյանը և դեսպանը քննարկել են առաջիկայում սպասվող տնտեսական միջոցառումների և հանդիպումների շրջանակը։ Մասնավորապես քննարկվել են առաջիկա հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգին առնչվող հարցեր։ Կողմերն անդրադարձել են նաև հայ-վրացական գործարարների համաժողովի կազմակերպչական հարցերին՝ կարևորելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների, գործարար շրջանակների ներգրավումը, որոնք համագործակցության առավել մեծ հեռանկար և ներուժ են պարունակում։ Դեսպան Սագանելիձեն Վրաստանում տեղի ունենալիք տնտեսական որոշ միջոցառումների վերաբերյալ ներկայացրել է տեղեկատվություն։Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացման հեռանկարների վերաբերյալ, այդ թվում՝ տարածաշրջանային ծրագրերի իրականացման հնարավորությունները և արտոնյալ ռեժիմներից առավել արդյունավետ օգտվելու ճանապարհները։
06:33 - 23 մայիսի, 2019
Որն է կառավարության մեկ տարվա աշխատանքի հիմնական արդյունքը |lragir.am|

Որն է կառավարության մեկ տարվա աշխատանքի հիմնական արդյունքը |lragir.am|

lragir.am։ Կառավարության գործունեության մեկ տարվա աշխատանքի հիմնական արդյունք է համարվում այն, որ տնտեսական գործունեության ոլորտներում մուտքն ազատ է: Այս մասին «Տնտեսական հեղափոխություն. հիմնարար ուղենինշերը Հայաստանում» խորագրով գիտաժողովի ժամանակ ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: «Երկրորդ, երկրում մրցակցային պայմանները հավասար են: Այս երկու կարևոր նախադրյալները պետք է տնտեսվարողների համար լինեն այն հիմնական ազդակը, որ ժամանակն է ներդրումներ կատարել տեխնոլոգիաներում, ժամանակն է դառնալ ավելի մրցունակ և ժամանակն է երկարաժամկետ առումով ամրապնդել դիրքերը թե ներքին տնտեսության, և թե արտաքին շուկաներում»,- ասաց նախարարը: Անդրադառնալով տեխնոլոգիական ոլորտում ներդրումների մասին գիտաժողովին մասնակցող մասնագետների առաջարկներին՝ նախարարն ասաց, որ տեխնոլոգիական ճեղքը տարբեր ոլորտներում նույնը չէ: Ավելի ցածր արտադրողականություն կա հատկապես գյուղատնտեսության բանագավառում:   «Շատ կարևոր է խոսել՝ ինչպես նաև արտադրել տեխնոլոգիաներ, ոչ թե աշխարհում առկա տոխնոլոգիաները ինտեգրել մեր տնտեսությունում առկա տարբեր ոլորտներ: Հետագայում պետք է շարունակենք այս երկխոսությունը և գտնենք այդ լուծումները»,- հավելեց նախարարը:
10:07 - 21 մայիսի, 2019
2018-ի հուլիսից $31 մլն-ի և 432 աշխատատեղով ներդրումային 7 ծրագիր է ավարտվել |panarmenian.net|

2018-ի հուլիսից $31 մլն-ի և 432 աշխատատեղով ներդրումային 7 ծրագիր է ավարտվել |panarmenian.net|

panarmenian.net։ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը հայտնել է, որ 2015 թվականից առ այօսր ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն է ստացել 106 ընկերություն:Դրանց ընդհանուր ներդրումների ծավալը կազմում է մոտ $1.1 մլրդ, որից փաստացի ներդրումների ծավալը կազմել է $554 մլն: Նախատեսված 9230 աշխատատեղից փաստացի մինչև օրս ստեղծվել է 5351 աշխատատեղ:41 ծրագիր՝ $481 մլն ընդհանուր արժեքով և 3400 նախատեսվող աշխատատեղով, հաստատվել է 2018 թվականի երկրորդ կիսամյակից հետո ընկած ժամանակահատվածում: Այս պահի դրությամբ ավարտված է 7 ծրագիր՝ $31 մլն-ի ընդհանուր արժեքով, ստեղծվել է 432 աշխատատեղ:2009 թվականից թվականից գործող ավելացված արժեքի հարկից ազատման արտոնություն է տրվել 121 ներդրումային ծրագրի, նախատեսված ներդրումների ծավալը կազմում է 750 մլրդ դրամ, աշխատատեղերի թիվը՝ 9782 մարդ: Ըստ կարգով նախատեսված 2018 թվականի տարեկան հաշվետվությունների՝ փաստացի ներդրումների ծավալը կազմել է 651 մլրդ դրամ, աշխատատեղերի թիվը՝ 9175: Ավարտվել է 56 ծրագիր:30 ներդրումային ծրագիր արտոնություն է ստացել ինչպես ԱԱՀ-ի հետաձգման, այնպես էլ մաքսատուրքից ազատման մասով:
13:03 - 17 մայիսի, 2019
Հայաստանում պետք է ապահովվի մինչեւ աշխատաշուկա համակարգի նորմալ գործունեություն. Տիգրան Խաչատրյան |news.am|

Հայաստանում պետք է ապահովվի մինչեւ աշխատաշուկա համակարգի նորմալ գործունեություն. Տիգրան Խաչատրյան |news.am|

news.am։ Պետությունը պետք է ապահովի կրթությունից մինչեւ աշխատաշուկա համակարգի նորմալ գործունեություն։ Այս մասին մայիսի 15-ին «Աշխատիր, Հայաստան» ծրագրի մեկնարկի շրջանակում ասել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։Նրա խոսքով՝ իշխանությունները պետք է ապահովեն կապ կրթության, գիտության, տեխնոլոգիաների եւ աշխատաշուկայի միջեւ, որն, իր հերթին, պահանջներ կներկայացնի գիտությանը։ «Սա խոսում է այն մասին, որ մենք պետք է աշխատենք այն ուղղությամբ, որպեսզի ապահովենք այս համակարգի նորմալ գործունեությունը եւ լուծենք խնդիրները, որոնք կարող են ծագել դրա առանձին տարրերում։ Պետք է աշխատել որակյալ կադրերի եւ մրցունակ աշխատաշուկայի ձեւավորման ուղղությամբ»,- նշել է նախարարը։ Տիգրան Խաչատրյանը պարզաբանել է, որ կառավարության ուշադրության կենտրոնում պետք է լինի այն խնդիրների լուծումը, որոնք կապված են ծառայությունների մատուցման մակարդակի, աշխատանքի արտադրողականության բարձրացման եւ ինովացիոն տեխնոլոգիաների օգտագործման հետ։ «Աշխատիր, Հայաստան» նախաձեռնությունն ուղղված է հենց այն հարցերի շուրջ երկխոսություն վարելուն, որոնք կարող են նպաստել այս խնդիրների լուծմանը»,- ամփոփել է նա։
10:34 - 15 մայիսի, 2019
10 միլիոն դոլարի ներդրում կարվի գյուղատնտեսական, կրթական, սպասարկման ոլորտներում. Նախարարություն

10 միլիոն դոլարի ներդրում կարվի գյուղատնտեսական, կրթական, սպասարկման ոլորտներում. Նախարարություն

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը ՏԶՆՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի հետ այցելել է «Երեմյան փրոջեքթս» խոհարարական արվեստի եւ հյուրընկալության ակադեմիա՝ ծանոթանալու նորաստեղծ հաստատության գործունեությանը։ Նախարարը շրջայց է կատարել ակադեմիայում, ծանոթացել ուսուցման առարկաների ցանկին, ուսումնառողների համար ստեղծված պայմաններին, ինչպես նաեւ ակադեմիայի զարգացման ծրագրերին։ Ըստ հիմնադրի, Խոհարարական արվեստի եւ հյուրընկալության ակադեմիայի նպատակն է նպաստել Հայաստանում հյուրընկալության ինստիտուտի կայացմանը, ծառայությունների որակի բարձրացմանը, հայկական խոհանոցի միջազգայնացմանը։ Ակադեմիայի ղեկավարությունը մտադիր է այն դարձնել տարածաշրջանում գերազանցության կենտրոն: Նախարար Տիգրան Խաչատրյանը «Երեմյան փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ քննարկել է ընկերության ներդրումային ծրագրերը տարբեր ուղղություններով։ Դավիթ Երեմյանը նշել է, որ «Երեմյան փրոջեքթս» ընկերությունն իրականացնում է 3 խոշոր նախագիծ, որոնցից մեկն էլ հենց ակադեմիան է։ Երկրորդ ուղղությունը գյուղատնտեսությունն է, երրորդն էլ՝ նոր ձեւաչափի ռեստորանները։ «Այս տարվա ներդրումների ծավալը մոտ 10 միլիոն ԱՄՆ դոլար կկազմի եւ կստեղծվի 250 նոր աշխատատեղ», - նշել է Դավիթ Երեմյանը։Նախարարին տեղեկացվել է, որ Դիլիջանում նոր խոզաբուծական ֆերմա է բացվել, եւ Հայաստան են բերվել կանադական հայտնի Genesus Genetics ընկերության մաքրացեղ խոզատեսակներ: Ընկերությունն օգտվել է մաքրացեղ խոշոր եղջերավոր կենդանիների համար տրվող պետական սուբսիդավորման արտոնությունից։ Ֆերման համապատասխանեցված է արտադրության եւ որակի միջազգային սահմանված բոլոր չափանիշներին: Նշվել է նաեւ, որ Ջերմուկում արդեն գործում է խոշոր անասնաֆերմա, որտեղ պահվում են մաքրացեղ անասուններ. մեծածավալ ներդրումներ են իրականացվում այն նորարարական տեխնոլոգիաներով հագեցնելու համար։
08:20 - 10 մայիսի, 2019
Նորաստեղծ բիզնեսի համար պետությունը կստեղծի տեղեկատվական կայք

Նորաստեղծ բիզնեսի համար պետությունը կստեղծի տեղեկատվական կայք

Բիզնես սկսել ցանկացող քաղաքացիների համար սեպտեմբեր ամսից կգործարկվի կայք, որում կտեղադրվեն ձեռնարկատիրական գործունեության պլանավորման, մեկնարկի, կառավարման և ընդլայնման փուլերում գտնվող ՓՄՁ-երի համար անհրաժեշտ ողջ տեղեկությունն ու խորհրդատվությունը: Ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: «Աշխատանքի մեջ է և շուտով կհրապարակվի նոր էլեկտրոնային կայք, որտեղ ինտերակտիվ կերպով պարզաբանող նյութեր, տեղեկություններ կհրապարակվեն, որոնք հետաքրքրված կազմակերպություններին կհուշեն, թե ինչպես կարող են ավելի արագ անցնել այն ճանապարհը, որն անհրաժեշտ է գաղափարից մինչ բիզնես ստեղծելը»,-ասաց նախարարը: Հարթակի բաժիններում պարբերաբար կպատրաստվեն և կտեղադրվեն ձեռնարկատիրությանն առնչվող թեմատիկ ուսուցողական և պարզաբանող նյութեր, օրինակելի բիզնես մոդելներ և ձեռնարկներ: Հարթակը կունենա գործարար ծրագրերի մշակման առցանց գործիքներ
14:07 - 03 մայիսի, 2019
Նախարարը վստահեցնում է՝ Հայաստանում մշակող արդյունաբերությունն աճում է 8 տոկոսը գերազանցող տեմպերով |armenpress.am|

Նախարարը վստահեցնում է՝ Հայաստանում մշակող արդյունաբերությունն աճում է 8 տոկոսը գերազանցող տեմպերով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը վստահ է, որ մշակող արդյունաբերությունն աճում է 8 տոկոսը գերազանցող տեմպերով: Դա գնալով ավելի մեծ ազդեցություն պետք է թողնի ընդհանուր տնտեսական արդյունքների վրա:Նախարարն այս մասին խոսեց լրագրողների հետ զրույցում:«Տնտեսության կառուցվածքում ճշգրտումները մեկ օրում չեն լինում: Բայց կարևոր է, որ դրանք շարունակվում են: Երեք ամիսների մշակող արդյունաբերության թվերը վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված չեն։ Բայց մենք վստահ ենք, որ մշակող արդյունաբերությունն աճում է 8 տոկոսը գերազանցող տեմպերով: Մենք սպասում ենք, որ դա գնալով ավելի ու ավելի մեծ ազդեցություն պետք է թողնի ընդհանուր տնտեսական արդյունքների վրա»,-ասաց նախարարը: Նա նշեց, որ այս տարի շինարարությունը սկսել է կայունություն ցուցաբերել, որոշակի աճ կա 3 ամիսների արդյունքում: Խաչատրյանը նշեց նաև՝ գյուղատնտեսության արդյունքները լավ են, էապես ցածր չեն, քան նախորդ տարվա առաջին եռամսյակում: «Հայաստանում գյուղատնտեսությունը սեզոնային է, առաջին եռամսյակի ընթացքում դրսևորված թվերը շատ էական նշանակություն չունեն տարվա արդյունքների տեսանկյունից»,-եզրափակեց նախարարը:
11:23 - 26 ապրիլի, 2019
Առաջարկվում է իրանական ցեմենտի ներմուծման պետական տուրքի դրույքաչափը բարձրացնել՝ տոննայի համար 22000 դրամ |hetq.am|

Առաջարկվում է իրանական ցեմենտի ներմուծման պետական տուրքի դրույքաչափը բարձրացնել՝ տոննայի համար 22000 դրամ |hetq.am|

hetq.am: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հեղինակած «Պետական տուրքի մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» նախագծերում փոփոխություններ կատարելու փաթեթը, որով առաջարկվում է ներմուծվող ցեմենտի համար պետական տուրք սահմանել, որպեսզի տեղական արտադրողների շուկայական դիրքերը պահպանվեն։ Նախագծերը ներկայացրեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։ «Նախագծերի փաթեթը նպատակ ունեն պաշտպանական միջոցառում կիրառել Հայաստանում արտադրվող ցեմենտ արտադրողների շուկայակական դիրքերը պահպանելու նպատակով»,-ասաց նախարարը։ Խաչատրյանի խոսքով՝ 2018 թվականին Հայաստանում սպառված 730 հազար տոննա  ցեմենտի մեջ 180-ը եղել է ներմուծված, իսկ  550-ը՝ տեղական արտադրության։ «Մեր  վերլուծությունները ցույց են տալիս, որ ներմուծված ցեմենտի կտրուկ ավելացումը պայմանավորված է հարևան Իրանի շուկայում տեղի ունեցած փոփոխություններով, իրենց հայտնի տնտեսական իրադարձությունների պատճառով էներգոտար ճյուղերն արժեզրկվել են և մրցակցություն ձեռք բերել արտաքին շուկաներում, պատրաստի ցեմենտի գինը սահմանին 17-18 դոլարով է վաճառվում, իր էապես ցածր արժեքի պատճառով ռիսկ է նեկայացնում տեղական արտադրողների արտադրական գործունեությունը շարունակելու վրա»,-ասաց նախարարը։ Տիգրան Խաչատրյանն ասաց, որ տեղական շուկան պաշտապնելու նպատակով առաջարկում են կիրառել ներմուծման տուրք՝ յուրաքանչյուր տոննայի համար՝ 22000 դրամ։ «Մեր կողմից առաջարկված սկզբունքն այն է, որ պետական տուրքի չափը ոչ թե բացառի իրանական ցեմենտի  վաճառքը, այն շարունակի գոյություն ունենալ և իր գոյությամբ թելադրի մրցակցային պայմաններ, որպեսզի տեղական արտադրողը նույնպես հակված լինի շարունակել ինքնարժեքի իջեցումը և իր դիրքերը շուկայում պահպանելու համար մտածի տեխնոլոգիական վերազինումների մասին, որ իր դիրքերը չկորցնի շուկայում»,-ասաց Խաչատրյանը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ասաց, որ նախկինում պետությունը յուրաքանչյուր եղանակով խոչընդոտում էր իրանական ցեմենտի ներմուծումը՝ մաքսայինում խնդիրներ առաջացնելով, քանի որ տեղական արտադրողները պնդում էին, որ իրանական ցեմենտի ներմուծման դեպքում իրենք կկանգնեն գործունեությունը դադարեցնելու ռիսկի առջև։ «Ըստ իս, ավելի կարևոր է, որ Հայաստանում ցեմենտի գինը լինի մի քանի անգամ էժան, և շինարարությունն էլ կլինի ավելի էժան, այս իմաստով կարծում եմ 22000 հազար դրամ  տուրքի գումարը պետք է վերանայվի,  այն պետք է իջեցվի, որպեսզի եկամտաբեր լինի ցեմենտ ներկրելը Իրանից, ինչը կբերի գների իջեցմանը, և  պետք է հորդորենք տեղական արտադրողներին, որ վերանայեն ցեմենտի գները, թող մեր գործարարները զգոնանան, տարիներ շարունակ արտոնյալ պայմաններում միլիոնավոր դոլարներ են աշխատել և պետք է իմանան, որ ունենք հարևան երկիր, ումից կարող ենք ներկրել  ցեմենտ, և ո՞վ է ասել, որ մենք պարտադիր ցեմենտ պետք է արտադրենք, և դրա հետևանքով մեր շինարարութունը զգալի թանկանա»,-ասաց Սարգսյանը։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն արձագանքեց, որ կառավարությունը չի կարող գնալ նման քայլի և պետք է բացառել տեղական գործարանների փակվելն և հարյուրավոր մարդկանց առանց աշխատանքի մնալը։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանը վրդովվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի այն մոտեցումից, որ ավելի լավ է 400 աշխատող ունեցող գործարանը փակվի, բայց փոխարենը ցեմենտի գինը Հայաստանում էժան լինի։ «Էս մոտեցումը անհասկանալի է, մենք պետք է մտածենք, թե ոնց տեղական արտադրանքում մրցակցություն ապահովենք, գործընկերոջս ասածի վրա եմ զարմանում՝ 400 հոգի ունեցող գործարանը փակենք, էսօր ամեն մի աշխատուժի համար պետք է կռիվ տանք, ձեր կողմից մի անգամ գոնե մի աշխատատեղ ստեղծվե՞լ է, որ տենց հեշտությամբ ասում եք՝ փակենք, խնդրում եմ աշխատեղերի մասով նման մոտեցում չլինի, միանգամից միտքը դնում եք նրա վրա, որ փակենք, եկենք խոսենք նրա մասին, թե ոնց ուժեղացնենք, ես չգիտեմ ինչ շահադիտական պահ կա պարսկական ցեմենտ ներկրելու։ Իմ կարծիքով ընդհանրապես ոչ մի ներկրում էլ չպետք է լինի,  տեղական արտադրողները պետք է իրար մեջ մրցակցեն»,-ասաց նա։ Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասաց, որ քննարկում են կարևոր ու ոչ միանշանակ թեմա։«Բոլորիս համար կարևոր է, որ տեղական արտադրողներին պաշտպանենք, բայց խնդիրներին պետք է բազմակողմանի նայել, տեղական արտադրողներն էսօր փաստացի լուրջ խնդրի առջև են կանգնած, ու էս խնդիրը նոր չէ, խնդիրը լուծելու համար վիրահատական միջամտություն ենք ուզում անել, որը լավ չենք հաշվարկել, թե վերջնարդյունքն ինչ է լինելու, այո, մեր նպատակն է ներկրումը արտահանումով փոխարինելը, բայց դա ինքնանպատակ չպետք է լինի, միգուցե մենք հաշվարկ աննենք ու պարզվի, որ էժան ցեմենտով ճանապարհներ սարքելը մեր պետոթյան համար ավելի երկաաժամկետ առումով մեծ էֆեկտ է ապահովելու»,-ասաց Թունյանը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր հարց քննարկման ենթակա է։ Նախագծերի փաթեթը ընդունվեց՝ ընդգրկվելով առաջիկա քառօրյայի օրակարգ։
08:49 - 12 ապրիլի, 2019
3.3 միլիարդից առանձնացված են մոտ 800 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր, որոնց ուղղությամբ քայլեր են արված. Տիգրան Խաչատրյան |aysor.am|

3.3 միլիարդից առանձնացված են մոտ 800 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր, որոնց ուղղությամբ քայլեր են արված. Տիգրան Խաչատրյան |aysor.am|

aysor.am: Մոտավորապես 3.3 միլիարդ դոլար հանրագումարով երկու խումբ ներդրումային ծրագիր կա։ Բոլորը քննարկման տարբեր մակարդակներում են գտնվում, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։ «Վարչապետի հանձնարարությամբ բոլոր այն ծրագրերը, որոնց վերաբերյալ ծրագրի հեղինակներն իրենց նախաձեռնությամբ դիմում են կառավարությանը՝ այս կամ այն կերպ աջակցություն խնդրելու դիմումով, մենք դրանք հաշվառում ենք։ Պարբերաբար զեկուցում ենք վարչապետի աշխատակազմ, որպեսզի հնարավոր լինի հետագայում հետևել յուրաքանչյուր ծրագրի զարգացումներին, խոսել այն խնդիրների մասին, որոնք առկա են և պահանջում են լուծումներ, ինչպես նաև հետևել՝ արդյոք ամեն ինչ նորմալ է», - ասաց գործադիրի ներկայացուցիչը։ Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ ներդրումային ծրագրերը տարբեր ոլորտներում են՝ էներգետիկա, քաղաքաշինություն, արդյունաբերություն, զբոսաշրջություն, գյուղատնտեսություն։ Նրա խոսքով՝ դա գաղտնի ցուցակ չէ, ինքն այն կարող է տրամադրել։Հարցին՝ կոնկրետ ներդրումներ կա՞ն, նախարարը պատասխանեց. «3.3 միլիարդից առանձնացված են մոտ 800 միլիոն դոլար ընդհանուր արժեքով ծրագրեր, որոնց ուղղությամբ, այո, քայլեր են արված։ Մի դեպքում սարքավորումներ են ներկրված և արդեն պատրաստ են մոնտաժման, մի դեպքում՝ դրանք ճանապարհին են, մի դեպքում՝ շինարարական աշխատանքներ են իրականացվում։ Այսինքն՝ բազմաթիվ տարբեր զարգացումներ կան»:
10:24 - 11 ապրիլի, 2019
Կառավարությունը լսելու է Հարկային օրենսգրքի վերաբերյալ բոլոր տեսակետները. Տիգրան Խաչատրյանը |armenpress.am|

Կառավարությունը լսելու է Հարկային օրենսգրքի վերաբերյալ բոլոր տեսակետները. Տիգրան Խաչատրյանը |armenpress.am|

armenpress.am։ Հարկային նոր օրենսգիրքը ներդրումային երկարաժամկետ որոշումներ կայացնելու համար առանձնահատուկ կարևոր նշանակություն կունենա: Փաթեթի նկատմամբ հանրային արձագանքը մեծ է, և մինչ ԱԺ-ում այն քննարկելը, կառավարությունն ուզում է լսել բոլոր կողմերի կարծիքները: Այս մասին մարտի 25-ին Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ Հարկային օրենսգրքում առկա են այնպիսի շրջադարձային փոփոխություններ, որոնք ներդրումային միջավայրի տեսանկյունից շատ մեծ ազդեցություն են թողնելու, օրինակ՝ միկրոբիզնեսը հարկերից ազատելը, շրջանառության շեմի վերականգնումը, հատկապես եկամտահարկի և շահութահարկի դրույքաչափերի նվազեցումը:  Անդրադառնալով հարցին, թե ինչու այն շուտ չի բերվում խորհրդարան՝ Խաչատրյանն ասաց, որ եկամտային հարկերի նվազեցում է կատարվելու, մյուս կողմից այդ հարկային եկամուտները պետք է փոխհատուցվեն: Փոխհատուցվելու համար առաջարկված են միջոցառումներ, որոնք հատկապես վերաբերում են այլ հարկատեսակների, մասնավորապես ակցիզային հարկերի բարձրացումը: «Եվ բնականաբար դրանք առաջացնում են հանրային քննարկումներ: Փաթեթի նկատմամբ զգայունության աստիճանը և հանրային արձագանքը շատ բարձր է, կան տեսակետներ: Կառավարությունն առաջարկում է ԱԺ գալուց առաջ լսել բոլոր տեսակետները և ի վերջո բերել այնպիսի փաստաթուղթ, որի շուրջ քննարկումները բավականաչափ ծավալված են, իսկ տեսակետները՝ հասկացված են»,-նշեց նա ու հավելեց, որ սակայն դա չի նշանակում, թե ԱԺ-ում քննարկումներ չեն լինելու:
13:09 - 25 մարտի, 2019
Տիգրան Խաչատրյանը շվեյցարական պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Տիգրան Խաչատրյանը շվեյցարական պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Շվեյցարիայի համագործակցության և զարգացման ծրագրի տարածաշրջանային փոխտնօրեն Վերներ Թութին և Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարետտոյին։ Ստեֆանո Լազարետտոն իր խոսքում նշել է, որ Հայաստանի կառավարության նոր ծրագիրը բավականին խոստումնալից և ոգեշնչող է։ Դեսպանի խոսքով, Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների՝ կոռուպցիայի դեմ պայքարի և բաց տնտեսական միջավայրի շնորհիվ շվեյցարացի գործարարների շրջանում հետաքրքրվածություն է նկատվում․ նրանք դեսպանին հարցնում են՝ արդյո՞ք իսկական ժամանակն է այստեղ գործունեություն սկսելու և ստանում են դրական պատասխան։ Դեսպանը կարևորել է ներդրողների հետ տարվող անհատական և թափանցիկ աշխատանքը։ Վերներ Թութը նախարարի հետ զրույցում նշել է, որ իրենք ոգևորված են համագործակցելու Հայաստանի կառավարության հետ մի շարք ուղղություններով։ Նա նախարարին է ներկայացրել Շվեյցարիայի համագործակցության և զարգացման ծրագրի գործունեությունը Հայաստանում՝ մասնավորապես անդրադառնալով գյուղատնտեսության և տարածքային կառավարման ոլորտում իրականացվող ծրագրերին։ Ծրագրի տարածաշրջանային փոխտնօրենը նշել է կազմակերպության համար առաջնահերթություն հանդիսացող նպատակները և Հայաստանի կառավարության հետ համագործակցության հնարավորությունները։ Կողմերը քննարկել են տնտեսական աճի ներառականությանն, ինչպես նաև տարածքների տնտեսական զարգացմանն առնչվող հարցեր։
08:13 - 22 մարտի, 2019