armenpress.am։ Հարկային նոր օրենսգիրքը ներդրումային երկարաժամկետ որոշումներ կայացնելու համար առանձնահատուկ կարևոր նշանակություն կունենա: Փաթեթի նկատմամբ հանրային արձագանքը մեծ է, և մինչ ԱԺ-ում այն քննարկելը, կառավարությունն ուզում է լսել բոլոր կողմերի կարծիքները: Այս մասին մարտի 25-ին Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Տիգրան Խաչատրյանը նշեց, որ Հարկային օրենսգրքում առկա են այնպիսի շրջադարձային փոփոխություններ, որոնք ներդրումային միջավայրի տեսանկյունից շատ մեծ ազդեցություն են թողնելու, օրինակ՝ միկրոբիզնեսը հարկերից ազատելը, շրջանառության շեմի վերականգնումը, հատկապես եկամտահարկի և շահութահարկի դրույքաչափերի նվազեցումը:
Անդրադառնալով հարցին, թե ինչու այն շուտ չի բերվում խորհրդարան՝ Խաչատրյանն ասաց, որ եկամտային հարկերի նվազեցում է կատարվելու, մյուս կողմից այդ հարկային եկամուտները պետք է փոխհատուցվեն: Փոխհատուցվելու համար առաջարկված են միջոցառումներ, որոնք հատկապես վերաբերում են այլ հարկատեսակների, մասնավորապես ակցիզային հարկերի բարձրացումը: «Եվ բնականաբար դրանք առաջացնում են հանրային քննարկումներ: Փաթեթի նկատմամբ զգայունության աստիճանը և հանրային արձագանքը շատ բարձր է, կան տեսակետներ: Կառավարությունն առաջարկում է ԱԺ գալուց առաջ լսել բոլոր տեսակետները և ի վերջո բերել այնպիսի փաստաթուղթ, որի շուրջ քննարկումները բավականաչափ ծավալված են, իսկ տեսակետները՝ հասկացված են»,-նշեց նա ու հավելեց, որ սակայն դա չի նշանակում, թե ԱԺ-ում քննարկումներ չեն լինելու:
comment.count (0)