ԵԽԽՎ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական ձեւաչափն է, Նստավայրը Ստրասբուրգում է: Վեհաժողովը ձեւավորվել է 1949 թվականի մայիսի 5-ին Լոնդոնում ստորագրված Եվրոպայի խորհրդի կանոնադրությամբ:

ԵԽԽՎ-ն է սահմանում իր օրակարգը: Քննարկում է եւրոպական ու միջազգային իրադարձությունները եւ հրատապ թեմաներ ու խնդիրներ, որոնք մտահոգում են եվրոպական երկրներին: Հիմնական կարեւոր թեմաներն են՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, փոքրամասնությունների ու իրավական պետության պաշտպանությունը: ԵԽԽՎ-ի նիստերը գումարվում են տարին չորս անգամ՝ Ստրասբուրգում, Եվրոպայի պալատում, մեկշաբաթյա տեւողությամբ: Հայաստանը Եվրոպայի խորհրդին անցամակցում է 2001թ. հունվարի 25-ից։

Երբ ադրբեջանցիները գլխատում էին հայ զինվորին, մորթում հայ տարեց մարդուն ու դա նկարահանում և տեղադրում համացանցում, ինչո՞ւ մենք չտեսանք միջազգային հանրության բողոքը․ Ն․ Զոհրաբյանի ելույթը՝ ԵԽԽՎ–ում

Երբ ադրբեջանցիները գլխատում էին հայ զինվորին, մորթում հայ տարեց մարդուն ու դա նկարահանում և տեղադրում համացանցում, ինչո՞ւ մենք չտեսանք միջազգային հանրության բողոքը․ Ն․ Զոհրաբյանի ելույթը՝ ԵԽԽՎ–ում

ԵԽԽՎ-ում որպես հրատապ թեմա քննարկվել է ռուս բլոգեր Ալեքսեյ Նավալնու  ձերբակալությունը։ ԵԽԽՎ-ն հրաժարվել է քննարկել հայ ռազմագերիների հարցը, մինչդեռ Նավալնու հարցը դարձել է Ստրասբուրգի օրակարգի թիվ մեկ թեման։ Հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում անդրադարձել է Նավալնու հարցի շուրջ բարձրացված համաշխարհային աղմուկին, նշելով, որ սա եվրոպական արժեքների լուրջ ճգնաժամ է, երբ մեկ բլոգերի հարցը շատ ավելի կարեւոր է դառնում, քան մի ամբողջ ժողովրդի հանդեպ իրականացված ռազմական հանցագործությունը։ Նաիրա Զոհրաբյանի ելույթը ստորև․ «Հարգելի գործընկերներ,        էթնիկ պրոֆիլավորումների, էթնիկ զտումների, էթնիկ պաշտպանության հարցերը մենք հաճախ ենք քննարկել մեր Վեհաժողովում։ Եւ քանի որ մեր Վեհաժողովն ինձ անհայտ պատճառներով բլոգեր Նավալնու հարցը շատ ավելի կարեւոր համարեց, քան արցախյան վերջին պատերազմի հումանիտար ճգնաժամն ու ռազմագերիների հարցը։ Եվրոպական միությունը կոչ է անում Ռուսաստանի հանդեպ հատուկ սանկցիաներ կիրառել Ալեքսեյ Նավալնու ձերբակալության հետ կապված։ Եվրոպական խորհրդարանը շտապ քննարկում է անցկացնում Ալեքսեյ Նավալնու ձերբակալման կապակցությամբ եւ կրկին կոչ անում «լուրջ պատժամիջոցներ» սահմանել Ռուսաստանի դեմ:  Եվրոպական միությունը, ԱՄՆ-ի եւ Կանադայի արտաքին գերատեսչությունները եւս անհապաղ դատապարտեցին այդ ձերբակալությունը։ Եվրոպայի ամենահայտնի քաղաքական գործիչներն իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին, ինչին միացան համաշխարհային բոլոր հայտնի լրատվամիջոցները՝ բրտիանական «Գարդիանը», «Նյու Յորք Թայմսը», «Ինդիփենդենտը», «Լե մոնդը», «Վաշինգթոն պոսը», եւ համաշխարհային բոլոր առաջատար հեռուստաալիքները։ Ես մշտապես եղել եմ ու կամ մարդու իրավունքի կողմնակից։ Սակայն ինձ համար մարդու իրավունքը չի կարող եւ չպետք է լինի ընտրովի եւ չպետք է պայմանավորված լինի կոնկրետ երկրի հանդեպ ունեցած համակրանքներով կամ հակակրանքներով։ Ինձ համար մարդու իրավունքը երբեք եւ ոչ մի անգամ չի եղել պայմանավորված քաղաքական նպատակահարմարությամբ ու քաղաքական շահերով։ Ու երբ միջազգային ողջ հանրությունն այսպես մեկ բռունցք դարձած դատապարտում է Նավալնու ձերբակալությունը, ես՝ որպես հայ պատգամավոր, չեմ կարող չտալ իմ կարծիքով խիստ լեգիտիմ մի հարց՝ երբ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սկսած վերջին պատերազմում իրականացրեց ամենազազրելի պատերազմական հանցագործությունները՝ օգտագործելով միջազգային բոլոր կոնվենցիաներով արգելված զինատեսակներ, այդ թվում՝ կասետային ռումբեր, հարվածելով քաղաքացիական բնակավայրերին ու մշակութային օբյեկտներին, օգտագործեց քիմիական զենք՝ սպիտակ ֆոսֆոր, անասելի տառապանք պատճառելով ֆոսֆորից այրված զինվորներին եւ քաղաքացիական անձանց, երբ գլխատում էին հայ զինվորին ու կենդանի մորթում հայ տարեց մարդուն ու այդ ամենը նկարահանում եւ տեղադրում իրենց սոցիալական մեդիայում, ինչո՞ւ մենք չտեսանք միջազգային հանրության բողոքը եւ ընդզվումը, ինչո՞ւ միջազգային հանրությունը չդատապարտեց 21-րդ դարում իրականացված այս անմարդկային ոճիրը։ Մենք աշխարհի բազմաթիվ երկրների օրինակներով տեսանք, թե ինչպես Սորոսի մետաստազները քանդում են տվյալ երկրի արժեքային համակարգը, եկեղեցին, ընտանիքը, հասարակությունը բաժանում են սեւերի ու սպիտակների, թուլացնում են այն երկրի ազգային իմունիտետը, որտեղ կարողանում են զավթել իշխանություն կամ իշխանության մեջ մաս ունենալ։ Եւ հիմա նույն ծրագիրը փորձ է արվում իրականացնել Ռուսաստանում եւ այնպիսի սորոսական դրածոների միջոցով, ինչպիսին Նավալնին է՝ ներթափանցել Ռուսաստան  եւ Ռուսաստանը զրկել իր արժեքային համակարգից և պաշտպանական իմունիտետից, ինչպես  Սորոսի մետաստազները արեցին Հայաստանում։ Ես կրկնում եմ՝ ինձ համար մարդու իրավունքը չունի քաղաքական ենթատեքստ եւ կապ չունի այդ մարդը ո՞ր երկրի քաղաքացի է՝ ձեզ համար չսիրված Ռուսաստանի՞, Հայաստանի՞, Ֆրանսիայի՞, թե՞ դեռ չճանաչված Արցախի։ Ես ուզում եմ, որ մեր Վեհաժողովը, որի հիմնարար սկզբունքը հավասարությունն ու արդարությունը պիտի լինի, պարզապես մնա այդ արժեքներին հավատարիմ եւ թույլ չտա, որ սորոսական  դրածոները ոչնչացնեն Ռուսաստանի իմունիտետը»։
16:17 - 28 հունվարի, 2021
Հույս ունեմ, որ մի օր Ձեր երկիրը կդրսևորի այս հարցի վերաբերյալ պատասխանատու վարքագիծ․ Վլադիմիր Վարդանյանը ԵԽԽՎ ելույթում պատասխանել է ադրբեջանցի գործընկերոջը

Հույս ունեմ, որ մի օր Ձեր երկիրը կդրսևորի այս հարցի վերաբերյալ պատասխանատու վարքագիծ․ Վլադիմիր Վարդանյանը ԵԽԽՎ ելույթում պատասխանել է ադրբեջանցի գործընկերոջը

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանն իր ելույթում պատասխանել է իր ադրբեջանցի գործընկերոջը:   «Տիկնա՛յք և պարոնա՛յք, ՀԿ-ները մեր կյանքի մի մասն են, և պանդեմիան ՀԿ-ներին դարձրեց ավելի կարևոր մեր առօրյա կյանքում, քանի որ վերջիններս կորոնավիրուսի դեմ պայքարի տարբեր ասպեկտներում ավելի ակտիվ են: Իհարկե, բոլորս հասկանում ենք, որ իրավական տեսանկյունից ՀԿ-ներն ազատ չեն իրենց գործողությունների մեջ անելու ամեն ինչ որ կցանկանան և ենթարկվում է որոշակի սահմանափակումների։ Սա միանգամայն նորմալ է, քանի դեռ այդ սահմանափակումները անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությանունում և քանի դեռ դրանք ժողովրդավարական են որպես այդպիսին, եւ քանի դեռ այդ սահմանափակումները հիմնված է օրենքի վրա, եւ, իհարկե, համաչափ են։ Մենք խոսում ենք ՀԿ-ների գործունեության խտրական սահմանափակման մասին և, ցավոք, կան առանձին երկրներ, որտեղ ՀԿ-ները առերեսվում են նման խնդիրներին։   Խոսելով պատասխանատվության մասին, որն առավել կարևոր է, երբ խոսքը վերաբերում է պետությունների և ՀԿ-ների փոխհարաբերություններին։ Պատասխանատվությունը պետք է լինի փոխադարձ։ Այո, ՀԿ-ները պետք է պատասխանատու լինեն, բայց պետությունները ևս պատասխանատու պետք է լինեն։ Ադրբեջանցի իմ գործընկեր Պարոն Սեիդովն ասում է, որ, ըստ Ադրբեջանի, Ադրբեջանում պատասխանատու միակ ՀԿ֊ներից մեկը ԿԽՄԿ-ն է:   Պարո՛ն Սեիդով, իսկ հարցրե՞լ եք, թե ըստ ԿԽՄԿ-ի, ադրբեջանական իշխանությունները դրսևորում են արդյոք պատասխանատու վարքագիծ։   Ես կցանկանայի նշել որ ԿԽՄԿ-ն սոսկ ՀԿ չէ, այն կազմակերպություն է, որն արդեն մեկուկես դարից ավելի ակտիվորեն զբաղվում է պատերազմի զոհերի պաշտպանությամբ և բազմաթիվ այլ խնդիրների լուծմամբ։ Եվ խոսելով ԿԽՄԿ-ի մասին՝ մենք չպետք է մոռանանք, որ այն ոչ միայն ոչ կառավարական կազմակերպություն է, այլ նաև Հովանավոր տերությունների փոխարիներդ և օժտված է Ժնևյան մանդատով։   Իսկ եթե խոսենք պատասխանատվության մասին, ապա ես կցանկանայի իմ ադրբեջանցի գործընկերներին ասել, որ կարիք չկա ընդունել ինչ-որ այլ նորմատիվ ակտեր։ Ժնևյան կոնվենցիաները, որոնք պարտադիր են Ադրբեջանի համար, և ես վստահ եմ, որ ԿԽՄԿ-ն բազմիցս բարձրացրել է այդ հարցը, հստակ սահմանում են, որ մարտական գործողությունների դադարեցումից հետո բոլոր գերիները պետք է հայրենադարձվեն։   Խնդրում եմ, պարոն Սեիդով, եղե՛ք պատասխանատու և կատարե՛ք ձեր միջազգային պարտավորությունները։ Միջազգային պարտավորություններ, որոնք հիմնված են ոչ միայն միջազգային պայմանագրային իրավունքի, այլեւ միջազգային պարտավորությունների վրա, որոնք դիտվում են որպես erga omnes պարտավորություններ: Ես հույս ունեմ, որ մի օր, ինչ որ եղանակով Ձեր երկիրը կդրսևորի այս հարցի վերաբերյալ պատասխանատու վարքագիծ։   Շնորհակալություն»,- ասել է Վլադիմիր Վարդանյանն իր ելույթում։    
10:36 - 28 հունվարի, 2021
Անտարբերության սերմերից որևէ լավ բան դուրս չի գա. Սոս Ավետիսյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում
 |1lurer.am|

Անտարբերության սերմերից որևէ լավ բան դուրս չի գա. Սոս Ավետիսյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում |1lurer.am|

1lurer.am: ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին ելույթ է ունեցել Վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ Սոս Ավետիսյանը:«Այսօր մենք քննարկելու ենք տարբեր անդամ պետություններում հասարակական կազմակերպությունների դեմ արշավի մասին։ Ըստ էության, մենք խոսում ենք քաղաքացիական հասարակության կրճատման մասին։ Հաստատապես կարող ենք պնդել, որ այն երկրները, որտեղ այս իրավունքները կրճատվում են, այնտեղ ավելի քիչ են իրականացվում ՄԻԵԴ որոշումները, ժողովրդավարությունը հետընթաց է ապրում, ագրեսիվ հռետորաբանությունը և այլատյացության քաղաքականությունը շարունակվում է։Այս համատեքստում պետք է նշեմ, որ այլ կարևոր պետական կառույցների հետ մեկտեղ՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և անկախ լրատվամիջոցներն  են շատ անգամ հարցեր բարձացնում, երբ պետությունները լռում են այս կամ այն հաշվարկով։ Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական 44 օրյա պատերազմի և դրա դաժանությունների մասին տարբեր միջազգային ՀԿ-ների և անկախ լրատվամիջոցների տարբեր գնահատականներ են տրվել, շատ անգամ տրվել են փաստական տվյալներ, որոնք պետությունները հետագայում, եթե ամեն ինչ ճիշտ է, պետք է քննարկեին հենց այս դահլիճում։ Խոսվել է այն վայրագությունների մասին, որ այս տանդեմը նախաձեռնել է, փաստագրվել է ֆոսֆորային զենքի օգտագործումը, որը բոլոր կոնվենցիաներով արգելված է, խոսվել է վարձկան-ահաբեկիչների մասին, սակայն այս բոլոր գնահատականները բախվում են տարբեր շահերի հանրագումարային չեզոքությանն ու անտարբերությանը։Այս դահլիճում բոլոր քննարկվող թեմաները գուցե կարևոր են, սակայն ոչ մեկը չուներ այն հրատապությունը, որն իրերի բնականոն բերումով՝ անդամ պետությունների վայրագության մասին պետք է լիներ այստեղ, մենք պետք քննարկենք հենց մարդասիրական հարցեր՝ դրանցից առաջնայինը դարձնելով ռազմագերիների և այլ պահվող անձանց մասին։Հստակ է մի բան, որ բոլոր այն երկրներում, որտեղ քաղաքացիական հասարակությունը չի կայանում, ժողովրդավարության խնդիրները շատ են, լռությունը և անտարբերությունը կեղծ չեզոքության ներքո՝ անտանելի։Այս կառույցն ունի ամրագրված և ինստիտուցիոնալ համագործակցություն քաղհասարակության հետ, սակայն շահերի բերումով տարբեր կազմակերպություններ տարբեր հարցեր են բարձացնում, որոնք գուցե կարևոր են, բայց հրատապ չեն։ Սակայն պարզ է դառնում մեկ բան, որ երբ մարդկանց ազատ և արժանապատիվ իրավունքները խախտվում են և չեն դատապարտվում, այն հաստատապես բերելու է այլս անձանց իրավունքների և արժանապատվության ոտնահարմանը։ Սա է այն պարագան, որի նկատմամբ ևս մեկ անգամ ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել, որպեսզի ևս մեկ անգամ ձեր խորհրդարաններին և մայրաքաղաքներին փոխացնեք, որ անտարբերության սերմերից երբեք որևէ լավ բան դուրս չի գալու»,- ասել է Սոս Ավետիսյանը։ 
22:13 - 27 հունվարի, 2021
ԵԽ անդամ երկիր Ադրբեջանը խախտում է միջազգային իրավունքը. Տաթև Հայրապետյանի ելույթը ԵԽԽՎ-ում

ԵԽ անդամ երկիր Ադրբեջանը խախտում է միջազգային իրավունքը. Տաթև Հայրապետյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Եվրախորհրդի անդամ երկիրը խախտում է մարդու հիմնարար իրավունքներն ու միջազգային իրավունքը և ի՞նչ պետք է անել դա կանխելու համար. ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Տաթև Հայրապետյանն այս հարցադրումն է կատարել վեհաժողովի լիագումար նիստի իր ելույթում: Նա ընդգծել է, որ արցախյան պատերազմից հետո հրադադարի հայտարարության ստորագրումից երկու ամիս անց Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին: «Երբ մենք խոսում ենք կանոնակարգերի և ընթացակարգերի մասին, ես ցանկանում եմ մեկ հարց տալ մեզ բոլորիս. ի՞նչ անել, երբ Եվրոպայի խորհրդի անդամ երկիրը տարիներ շարունակ ստորադասում է մարդու հիմնարար իրավունքները: Մենք ականատես ենք եղել, թե ինչպես է Ադրբեջանն օգտագործել «խավիարային դիվանագիտությունը»՝ թաքցնելու Ադրբեջանի բռնապետական իրականությունն ու մարդու իրավունքների խախտումները: Մենք զեկույցներ ենք ունեցել այդ թեմայով: Բոլորս հիշում ենք Լուկա Վոլոնտեի դեպքը: Վերջինս դատապարտվեց չորս տարվա ազատազրկման ադրբեջանցի պաշտոնյաներից կաշառք վերցնելու համար: Վոլոնտեն «այսբերգի» գագաթն է ընդամենը, խնդիրը շատ ավելի խորն է»,- նշել է Տաթև Հայրապետյանը: Պատգամավորի խոսքով,  Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանա-թուրքական համատեղ ագրեսիան, որն ուղեկցվում էր պատերազմական հանցագործություններով ռուսական կողմի միջնորդությամբ արյունահեղությունն ավարտված է, սակայն հրադադարի հայտարարության ստորագրումից երկու ամիս անց Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին: Խնդրի լրջությունը հասկանալու համար նա ներկայացնում է մեկ օրինակ: ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց է կիրառել մի խումբ ռազմագերիների վերաբերյալ՝ պահանջելով Ադրբեջանից ներկայացնել համապատասխան տեղեկություն: Չորս օր անց ռազմագերիներից մեկը դաժանաբար սպանվում է: «Սա աննախադեպ է և մարդու իրավունքների կոնվենցիայի կոպիտ խախտում է: Որպես կին պատգամավոր՝ ես նաև ցանկանում եմ շեշտել, որ կին գերի ևս կա, ով պահվում է Ադրբեջանում: Իմ հայրենակից Մարալ Նաջարյանի միակ մեղքն այն է, որ նա հայ է և հաց էր տանում զինվորներին, որոնք պաշտպանում էին Արցախի խաղաղ բնակչությանը: Հարգելի գործընկերներ, այս քննարկումը արժեքների մասին է. ԵԽ անդամ երկիրը խախտում է մարդու հիմնարար իրավունքներն ու միջազգային իրավունքը և ես ուզում եմ հարց տալ՝ ի՞նչ անել դա կանխելու համար»,-հավելել է Տաթև Հայրապետյանը:
12:56 - 27 հունվարի, 2021
Պետք է քննարկենք Ադրբեջանի դեմ համատեղ ընթացակարգ սկսելու հարցը. Միքայել Մելքումյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

Պետք է քննարկենք Ադրբեջանի դեմ համատեղ ընթացակարգ սկսելու հարցը. Միքայել Մելքումյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը ելույթ է ունեցել Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում:«Հարգելի՛ գործընկերներ, ներկայումս մեր վեհաժողովի անդամ երկրներից մեկն անընդհատ ոտնահարում է իր կանոնադրական իրավունքները, և դա՝ կազմակերպությանն անդամակցելու առաջին օրվանից: Այդ անդամ երկիրն Ադրբեջանն է: Ըստ մեր կազմակերպության կանոնադրության՝ «Եվրոպայի խորհրդի նպատակն է սերտ միություն հաստատել իր անդամների միջև՝ պահպանելու և խթանելու համար նրանց համընդհանուր ժառանգություն հանդիսացող իդեալներն ու սկզբունքները…»: Այդ դեպքում ի՞նչը կարող է ավելի մեծ խոչընդոտ լինել Եվրոպայի խորհրդի անդամների միասնության համար, քան պատերազմը:Երբ Ադրբեջանը դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ, ստանձնեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու լրացուցիչ պարտավորությունը: Ավելին, վեհաժողովը պնդել էր, որ այդ պարտավորությունն ամրագրվի թղթի վրա: Այնուամենայնիվ, այս վեհաժողովը շատ թույլ արձագանքեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծած սարսափելի պատերազմին: Ակնհայտ է, որ դա Ադրբեջանի կողմից իր ստանձնած պարտավորությունների միակ լուրջ ոտնահարումը չէր:Մենք բոլորս տեղյակ ենք մարդու իրավունքների պաշտպանների, ակտիվիստների, հասարակական կազմակերպությունների վիճակի մասին, որոնց նկատմամբ վերաբերմունքն ակնհայտորեն ոտնահարում է Եվրոպայի խորհրդի կանոնադրության 3-րդ հոդվածը: 20 տարուց ի վեր իրավիճակը նույնն է նաև քաղբանտարկյալների հարցում: Այո՛, գործընկերներ, քաղբանտարկյալների հարցով զբաղվելը նույնպես Ադրբեջանի անդամակցության պարտավորությունների մասն էր, և այստեղ խոսքը միայն անցյալ տարի մեր կողմից ընդունված բանաձևի մասին չէ, ոչ էլ այն բանաձևի, որը վեհաժողովը չի ընդունել Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» պատճառով:Եվրոպայի խորհրդի անդամ պետությունը՝ Ադրբեջանը, ռազմական ագրեսիա է իրականացնում Եվրոպայի խորհրդի մեկ այլ անդամ պետության՝ Հայաստանի նկատմամբ: Ռազմական ագրեսիայի հետևանքով կան հազարավոր զոհեր, հաշմանդամներ, հարյուրավոր ռազմագերիներ, չնայած նրան, որ Հայաստանի Հանրապետություն-Ռուսաստանի Դաշնություն -Ադրբեջան եռակողմ հայտարարության մեջ հստակ ամրագրված է, որ գերիները պետք է վերադարձվեն «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:Ըստ էության, այդ հարցը չի լուծվել, և մեր հայրենակիցներն Ադրբեջանում հայտնվել են պատանդի կարգավիճակում: Իսկ հիմա հարց Ձեզ՝ իսկ ի՞նչ է արել Եվրոպայի խորհուրդը, Եվրոպան, կասե՞ք ինձ: Եվ հետո, եթե նման վայրագություններ կատարվեին, ասենք, եվրոպական երկու կամ երեք պետությունների միջև, դուք ինչպիսի՞ արձագանք կտայիք: Ինձ համար, որպես ԵԽԽՎ անդամ պետության պատվիրակության անդամ, շատ անհասկանալի է մնում այն, թե 44-օրյա այս պատերազմի օրերին այդքան զոհերի և ավերածությունների ակնհայտ իրողությունների պայմաններում ինչո՞ւ եվրոպական կառույցները գտնվեցին այդքան հեռու:Կարո՞ղ եք բացատրել՝ ի՞նչն էր ձեզ պահում այդքան սառը և հեռու: Եվրոպական օրենքները, նիստուկացը, բարքերը, ավանդույթները… ի՞նչը: Այսինքն, կա՛մ Եվրոպան ցանկություն չունի կանգնեցնելու այդ մարդասպանությունները, կամ էլ անկարող է: Եվրոպան պետք է փոխվի: Քանի որ մենք ընդունում ենք այս բանաձևը և, հետևաբար, մեր կանոնակարգում փոփոխություններ ենք կատարում, ապա մենք պետք է քննարկենք Ադրբեջանի դեմ համատեղ ընթացակարգ սկսելու հարցը»,- ասել է Մելքումյանը:
22:59 - 26 հունվարի, 2021
ԵԽ անդամ երկիրը խախտում է մարդու հիմնարար իրավունքներն ու միջազգային իրավունքը. Տաթևիկ Հայրապետյան

ԵԽ անդամ երկիրը խախտում է մարդու հիմնարար իրավունքներն ու միջազգային իրավունքը. Տաթևիկ Հայրապետյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Փախստականների և միգրանտ երեխաների ու երիտասարդների հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Տաթևիկ Հայրապետյանը ելույթ է ունեցել Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում:«Հարգելի գործընկերներ, այս զեկույցի շրջանակներում, երբ մենք խոսում ենք կանոնակարգերի և ընթացակարգերի մասին, ես ցանկանում եմ մեկ հարց տալ մեզ բոլորիս. ի՞նչ անել, երբ անդամ երկիրը տարիներ շարունակ ստորադասում է մարդու հիմնարար իրավունքները: Մենք ականատես ենք եղել, թե ինչպես է Ադրբեջանը օգտագործել «խավիարային դիվանագիտությունը»՝ թաքցնելով բռնապետական իրականությունն ու մարդու իրավունքների խախտումները:Մենք զեկույցներ ենք ունեցել այդ թեմայով: Մարդը, որը ղեկավարում է երկիրը մոտ երկու տասնամյակ՝ ճնշելով բոլոր ընդդիմադիր գործիչների և ձերբակալելով նրանց: Այդ երկրի ներկայացուցիչները, որոնցից ոմանք անգամ նստած են այս դահլիճում, կաշառում էին եվրոպացի որոշ պաշտոնյաների և անգամ վտանգում ԵԽԽՎ-ի հեղինակությունը:Բոլորս հիշում ենք Լուկա Վոլոնտեի դեպքը: Վերջինս դատապարտվեց չորս տարվա ազատազրկման ադրբեջանցի պաշտոնյաներից կաշառք վերցնելու համար: Վոլոնտեն այսբերգի գագաթն է ընդամենը, խնդիրը շատ ավելի խորն է: Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանա-թուրքական համատեղ ագրեսիան, որն ուղեկցվում էր պատերազմական հանցագործություններով, ռուսական կողմի միջնորդությամբ արյունահեղությունն ավարտված է, սակայն հրադադարի հայտարարության ստորագրումից երկու ամիս անց Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին:Խնդրի լրջությունը հասկանալու համար մեկ օրինակ բերեմ: ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց է կիրառել մի խումբ ռազմագերիների վերաբերյալ՝ պահանջելով Ադրբեջանից ներկայացնել համապատասխան տեղեկություն: Չորս օր անց ռազմագերիներից մեկը դաժանաբար սպանվում է: Սա աննախադեպ է և մարդու իրավունքների կոնվենցիայի կոպիտ խախտում է:Որպես կին պատգամավոր՝ ես նաև ցանկանում եմ շեշտել, որ կին գերի ևս կա, ով պահվում է Ադրբեջանում: Իմ հայրենակից Մարալ Նաջարյանի միակ մեղքն այն է, որ նա հայ է և հաց էր տանում զինվորներին, որոնք պաշտպանում էին Արցախի խաղաղ բնակչությանը: Հարգելի գործընկերներ, այս քննարկումը արժեքների մասին է. ԵԽ անդամ երկիրը խախտում է մարդու հիմնարար իրավունքներն ու միջազգային իրավունքը, և ես ուզում եմ հարց տալ՝ ի՞նչ անել դա կանխելու համար»,- ասել է Հայրապետյանը:
22:40 - 26 հունվարի, 2021
ԵԽԽՎ կոմիտեն խորհուրդ է տվել հաստատել ռուսական պատվիրակության լիազորությունները

 |armenpress.am|

ԵԽԽՎ կոմիտեն խորհուրդ է տվել հաստատել ռուսական պատվիրակության լիազորությունները |armenpress.am|

armenpress.am:  Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովը խորհուրդ է տվել ամբողջությամբ հաստատել ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները: Ինչպես փոխանցում է  «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին նշել է Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար, պատվիրակության անդամ Լեոնիդ Սլուցկին:   «Ուկրաինական պատվիրակության ոչ մի ուղղում աջակցություն չի ստացել: ԵԽԽՎ հետագա կառուցողական մոտեցման հույս ունենք»,- ասել է նա: Նիստի առաջին օրը ուկրաինական պատվիրակության ղեկավար Մարիա Մեզենցեւան առաջարկեց վիճարկել ռուսական պատվիրակության լիազորությունները: Դրանից հետո, ըստ կանոնադրության, կազմակերպվել է քվեարկություն: Առաջարկին աջակցություն է հայտնել 38 խորհրդարանական՝ 5 տարբեր ազգային պատվիրակություններից:   Մեկնաբանելով ուկրաինական կողմի գործողությունները՝ Սլուցկին ասել է, որ եթե Վեհաժողովը լիովին չհաստատի ռուս խորհրդարանականների իրավունքները, նրանք կհեռանան Ստրասբուրգից և չեն մասնակցի նստաշրջանին:
20:48 - 26 հունվարի, 2021
Ռուբինյանը ԵԽ գլխավոր քարտուղարի և ԵԽԽՎ նախագահի հետ քննարկել է Ադրբեջանում հայ ռազմագերիների հարցը

Ռուբինյանը ԵԽ գլխավոր քարտուղարի և ԵԽԽՎ նախագահի հետ քննարկել է Ադրբեջանում հայ ռազմագերիների հարցը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկ Դայմսի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը: Այս մասին Ռուբինյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Այսօր Ստրասբուրգում հանդիպումներ եմ ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի և ԵԽԽՎ նախագահ Ռիկ Դայմսի հետ։ Երկու պաշտոնյաներն էլ հավաստիացրել են, որ Ադրբեջանում հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց ճակատագրի հարցը, ինչպես նաև Ադրբեջանում հայատյացության դրսևորումները պահելու են իրենց ուշադրության կենտրոնում»,- գրել է Ռուբինյանը: Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ հանդիպումների ընթացքում խոսել են նաև ԵԽ և ԵԽԽՎ ներկայացուցիչների՝ Արցախ այցելության մասին։
16:20 - 26 հունվարի, 2021
Եվրոպան Նավալնու համար աղմուկ է բարձրացնում, իսկ Արցախի թուրք-ադրբեջանական ցեղասպանությունը չի նկատում. Մ․ Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում

Եվրոպան Նավալնու համար աղմուկ է բարձրացնում, իսկ Արցախի թուրք-ադրբեջանական ցեղասպանությունը չի նկատում. Մ․ Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ԵԽԽՎ նիստին ելույթ է ունեցել, որում, մասնավորապես նշել է․   «Հարգելի՛ գործընկերներ, Այսօր աշխարհը, ըստ էության, գտնվում է լրջագույն ճգնաժամային իրավիճակում: Այդ ճգնաժամը ոչ միայն փոխադարձ հակամարտությունների, մրցակիցներին շարքից հանելու, նոր կորոնավիրուսի ազդեցության հետևանք է, այլև մի կողմից վայրի լիբերալիզմի, համաշխարհային գլոբալիզմի, ապազգայինի, և մյուս կողմից՝ ազգային ինքնության ու ազգային նկարագրի, ազգային արժեքների և ավանդույթների, ազգային պետության պահպանման միջև բիրտ պայքարն է: Ինձ համար մեկ բան ակնհայտ է. եթե դու չես կարողանում գնահատել ազգային արժեքները, ընտանեկան արժեքները, լսել նախնիներիդ կանչը, ուրեմն դու մերժում ես այն, ինչից դու լույս աշխարհ ես եկել:Բոլորին է հայտնի, որ նեոլիբերալիզմի և գլոբալիզմի գաղափարները գործնականում կյանքի կոչելու համար աշխարհում տասնյակ տարիներ ի վեր հայտնի է այսպես կոչված «Բաց հասարակության հիմնադրամը» կամ այլ կերպ ասած՝ Սորոսի հիմնադրամը:Այս հիմնադրամը աշխարհի տարբեր երկրներում ֆինանսավորում է հասարակական, իրավապաշտպան և այլ կազմակերպությունների: Սորոսի հիմնադրամի գումարներով բազմաթիվ երկրներում տեղի են ունեցել իշխանափոխություններ և հեղաշրջումներ, ազգային արժույթները տապալվել են, որի հետևանքով շատ երկրներում ծաղկել է աղքատությունը: Խոսքը գնում է տասնյակ և հարյուր միլիոնավոր դոլարների մասին:Դրա վառ օրինակն է Ալեքսեյ Նավալնիի գործունեությունը Ռուսաստանի Դաշնությունում: Թե ինչ իրական նպատակներ է հետապնդում Նավալնին ՌԴ-ում, շատ լավ գիտեն Ռուսաստանում, բայց մի բան ակնհայտ է՝ որպես ընդդիմության առաջնորդ նա որևէ ժողովրդականություն չի վայելում, բայց, ինչպես ասում են, պղտոր ջրում ցանկանում է ձուկ որսալ: Որպես ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ՝ պետք է ասեմ, որ 2018թ. մեր երկրում տեղի ունեցած հեղափոխության իրականացման գործում նույնպես մեծ և վճռական դերակատարություն ունեցան այսպես կոչված «սորոսականները», որոնք տարիներ շարունակ ձևավորել էին իրենց ցանցը՝ իրավապաշտպանների, ԶԼՄ-ների և մի շարք հասարակական կազմակերպությունների միջոցով՝ ստանալով ընդհանուր առմամբ տասնյակ միլիոնավոր դոլարներ: Փոքր չափերով Հայաստանում մի քանի տասնյակ միլիոն դոլարի ներդրումը հանրային կյանքի տարբեր բնագավառներում ունեցավ վճռական ազդեցություն: Օգտագործելով նախկինների բացթողումները և սոցիալական խնդիրները, արդարության դեֆիցիտը՝ նրանք ժողովրդի դժգոհությունն օգտագործեցին ապազգային քաղաքականության իրագործման համար: Այժմ էլ ՀՀ-ն անվտանգային առումով լուրջ խնդիրներ ունի: Մեր պարտության պատճառներից մեկն էլ այն է, որ սորոսական գաղափարախոսությունը և դրա գործնական իրականացումը հակասության մեջ մտավ և ջարդեց ազգային արժեհամակարգի ողնաշարը մեր երկրում: 2020թ. սեպտեմբերի 27-ից սկսված 44-օրյա ադրբեջանա-թուրքական ագրեսիան Արցախում իրական ցեղասպանություն էր: Մենք ունեցանք հազարավոր զոհեր, 10 հազարից ավել վիրավորներ, խեղված ճակատագրեր: Եվ որքան էլ մեր երիտասարդ զինվորների, փորձված աշխարհազորայինների ազգային ոգին բարձր է, սակայն ապազգային և սորոսական գլոբալիստական կառավարման համակարգը կախված էր մեր հերոսների ոտքերից՝ որպես քար: Արդյունքում մենք զիջեցինք 90-ականների մեր հաղթանակը: Հիմա Եվրոպան Նավալնու համար աղմուկ է բարձրացնում, իսկ Արցախի թուրք-ադրբեջանական ցեղասպանությունը չի նկատում: Եվրոպա՛, ես քեզ ուղիղ հարց եմ տալիս՝ ու՞ր էիր դու 2020 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, ինչու՞ ձայնդ չէր լսվում: Պատերազմը կանգնեցրեց Ռուսաստանը՝ Վլադիմիր Պուտինը: Եվրոպան բացակա էր: Հիմա եթե Ռուսաստանը լիներ Եվրոպայի նման հեռու, մենք չէինք ունենա ընդհանրապես Արցախի փրկված մասը, իսկ ՀՀ-ն կհայտնվեր շատ բարդ իրավիճակում: Նավալնու երազած Ռուսաստանը ազգային ինքնությունը կորցրած Ռուսաստանն է, որը շատ ու շատ հեռու կլինի իմ հայրենիքից: Սեփական հոր և մոր դեմ չի՛ կարելի գնալ, Ալեքսեյ Նավալնի: Եվրոպա՛, ավելի ճիշտ՝ գլոբալիստների ձեր ճգնաժամը մի՛ փաթեթավորեք ՌԴ-ի միջոցով և մի՛ օգտագործեք Նավալնուն՝ որպես էժանագին գործիք:Դա ապագա չունի»:
14:24 - 26 հունվարի, 2021
Ռուբինյանն ու Մարուքյանն ակտիվ աշխատանք են իրականացրել ԵԽԽՎ բանաձևում հումանիտար հարցերի շեշտադրման հարցում. պատգամավոր

Ռուբինյանն ու Մարուքյանն ակտիվ աշխատանք են իրականացրել ԵԽԽՎ բանաձևում հումանիտար հարցերի շեշտադրման հարցում. պատգամավոր

Երեկ ԵԽԽՎ-ն ընդունված բանաձևով կոչ արեց Ադրբեջանին և Հայաստանին հնարավորինս արագ կյանքի կոչել Արցախի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի դրույթները: Մասնավորապես, ընդունված բանաձևը արձանագրում է հումանիտար խնդիրների կարևորությունը: Կոչ է արվում. «Անհապաղ ազատ արձակել ռազմագերիներին, հարգել մշակութային ժառանգությունը, զերծ մնալ այնպիսի հռետորաբանությունից, որը խոչընդոտում է քաղաքական երկխոսությանը»: Այս բանաձևի ընդունման և հումանիտար հարցերի առանձնակի շեշտադրման հարցում ակտիվ աշխատանք են իրականացրել հայաստանյան պատվիրակության՝ դիտորդական հանձնաժողովի անդամներ Ռուբեն Ռուբինյանն ու Էդմոն Մարուքյանը՝ տեղեկացրել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:    
13:35 - 26 հունվարի, 2021
ԵԽԽՎ-ն կոչ է արել իրականացնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության կետերը |armenpress.am|

ԵԽԽՎ-ն կոչ է արել իրականացնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության կետերը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կոչ է արել իրականացնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հայտարարության կետերը: Այս մասին ասված է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի հրապարակած զեկույցում: «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, ապա Վեհաժողովը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին` զերծ մնալ հռետորաբանությունից, որը խոչընդոտում է քաղաքական երկխոսությունը, որքան հնարավոր է շուտ իրականացնել եռակողմ հայտարարության դրույթները, որոնք վերաբերում են հումանիտար հարցերին, անհապաղ ձեռնամուխ լինել ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակմանը, հարգել մշակութային ժառանգությունը»,- ասված է հայտարարությունում: Զեկույցում ԵԽԽՎ-ն իր մտահոգությունն է հայտնել հակամարտության ընթացքում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հաղորդագությունների կապակցությամբ, ինչպես նաև այն պնդումների, որ ոտնձգություններ են իրականացվել կրոնական և մշակութային հուշարձանների նկատմամբ:
13:07 - 26 հունվարի, 2021
Զոհրաբյանը Եվրոպայի Խորհրդին կոչ է արել անել առավելագույնը հայ գերիներին հայրենիք վերադարձնելու համար

Զոհրաբյանը Եվրոպայի Խորհրդին կոչ է արել անել առավելագույնը հայ գերիներին հայրենիք վերադարձնելու համար

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, որը ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ է, ելույթ է ունեցել ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի նիստում։ Ստորեւ՝ պատգամավորի ելույթի տեքստը։ «Այսօր ես չեմ խոսելու արցախյան վերջին պատերազմում հայկական կողմի պարտության մասին։ Դա մենք քննարկելու ենք մեր երկրում եւ բոլոր մեղավորների դատավճիռները հնչելու են մեր երկրում։ Այսօր ես խոսելու եմ հումանիտար այն ճգնաժամի մասին, որն արդյունք էր Ադրբեջանի հրահրած նախադեպը չունեցող պատերազմի։ Ադրբեջանը, ՆԱՏՕ-ի ամենախոշոր բանակներից մեկն ունեցող Թուրքիայի անմիջական մասնակցությամբ եւ միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգավմամբ սեպտեմբերի  27-ին սկսեց  պատերազմ, որն աննախադեպ էր միազգային բոլոր կոնվենցիաներով արգելված զինատեսակների օգտագործմամբ, քաղաքացիական բնակավայրերի,  ենթակառուցվածքների եւ մշակութային օբյեկտների հստակ թիրախավորմամբ, քիմիական զենքի օգտագործմամբ, աննախադեպ էր ռազմագերիների հանդեպ անմարդկային դաժանությամբ։ Ես կարող եմ հիմա, հենց այս պահին ձեզ ցուցադրել կադրեր, որոնք վերցված են հենց ադրբեջանական մեդիա ռեսուրսներից, թե ինչպիսի  կտտանքների եւ նվաստացումների են ենթարկում մեր գերեվարված զինվորներին, բայց ես ձեր հանդեպ այդքան դաժան չեմ լինի եւ կխնայեմ ձեզ։ Սակայն, ես հարց ունեմ ձեզ, հարգելի գործընկերներ, ձեզանից որեւէ մեկը փորձե՞լ է իրեն պատկերացնել այն զինվորի ծնողի փոխարեն, ում որդուն գլխատում են թուրք-ադրբեջանական ահաբեկիչներն ու գլխատված որդու նկարն ուղարկում մերձավորներին։ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում մի քանի տասնյակ արցախահայեր տեղահանվեցին իրենց բնակավայրերից, եւ ի՞նչ է սա, եթե ոչ հումանիտար աղետ։ Այն, ինչ այս պատերազմում արեց Ալիեւ-Էրդողան երկյակը,  միջազգային բոլոր իրավավակարգավորումներով հստակ ռազմական հանցագործություն է եւ պիտի ճանաչվի այդպիսին։  Դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի նախագահը, խոսելով իր երկրում գերության մեջ գտնվող հայ զինծառայողների մասին, հայտարարեց, որ նրանք ոչ թե  ռազմագերիներ են, այլ ահաբեկիչներ։  Այս կարգի անմեղսունակ  հայտարարությունները կոպտորեն խախտում են հետպատերազմյան մարդասիրական գործընթացը և մարդու իրավունքները պաշտպանող միջազգային պահանջները: Գերեվարված հայ զինծառայողները պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն Հայաստան եւ դա պետք է արվի առանց որևէ նախապայմանի։ Ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ դրանց դադարից հետո Ադրբեջանը հետեւողականորեն խախտում է  մարդու իրավունքների միջազգային պահանջները, մարդասիրական պայմանավորվածությունները. ձգձգվում է գերիների վերադարձը, չի հայտնում նրանց իրական թիվը, այս ողջ ընթացքում շարունակվում են գերիների նկատմամբ խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը, այդ մասին վկայող տեսանյութերի նպատակային հրապարակումը: Ես խնդրում եմ Եվրոպայի Խորհրդին՝ օգտագործել իր մանդատն ու անել առավելագույնը՝ հայ  ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու համար։ Մի պահ ձեզ պատկերացրեք այն հայ մոր  փոխարեն, ով այս ամիսներին  դժոխքի միջով է անցնում՝ փնտրելով ու սպասելով իր որդուն։  Այսօր իմ միակ խնդրանքը ձեզ դա է։ Եթե խոսում ենք այս պատերազմի հումանիտար հետեւանքների մասին, ապա օգնեք վերադարձնել մեր զինվորներին։ Ես ձեզ դիմում եմ հազարավոր հայ մայրերի անունից։ Ադրբեջանական գերության մեջ յուրաքանչյուր օրը նվազեցնում է ողջ մնալու հայ զինվորի շանսը, որովհետեւ մենք գործ ունենք դահիճ եւ մարդասպան պետության հետ»։  
22:56 - 25 հունվարի, 2021