Փաստերի ստուգում

«Նվիրյալները». պատգամավորների աշխատավարձերը՝ պաշտոնը ստանձնելուց առաջ եւ հետո

«Նվիրյալները». պատգամավորների աշխատավարձերը՝ պաշտոնը ստանձնելուց առաջ եւ հետո

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ պատգամավորների աշխատավարձերի եւ պարգեւատրումների թեման մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է: Վերջերս «Առավոտը» հարցման միջոցով պարզել էր, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները 2017 թվականի ապրիլից մինչեւ 2018 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում ստացել են 33 մլն ՀՀ դրամ պարգեւավճար, իսկ 7-րդ գումարման պատգամավորների` 2019 թվականի փետրվարից մինչեւ 2020 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում ստացած պարգեւավճարների ընդհանուր գումարի չափը կազմել է 580 մլն ՀՀ դրամ:  6-րդ եւ 7-րդ գումարման խորհրդարանների պատգամավորների պարգեւավճարների չափի զգալի տարբերության հրապարակմանը հաջորդեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ միջանցքում լրագրողի հետ ունեցած բանավեճը: «Այսինքն, ձրի՞ աշխատենք: Աշխատավարձը պիտի համապատասխանի, մարդիկ չեն ուզում գալ: 580 մլն մի՛ ասա, 100, 200 հազար դրամ ասա: Մարդիկ չեն ուզում աշխատեն, հարգելի՛ս, դուք ուզում եք երկիրը կառավարեն»,- լրագրողի հետ բանավեճի ընթացքում ասել էր Սիմոնյանը:  Ըստ էության՝ ԱԺ փոխնախագահը կրկնում է նույն այն թեզը, ինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ որի՝ կառավարությունից եւ պետական ապարատից դեպի մասնավոր սեկտոր մեծ հոսք է նկատվում՝ ցածր վարձատրության պատճառով: Սիմոնյանը նույն դիտարկումն անում է նաեւ պատգամավորների վերաբերյալ՝ նշելով, որ մարդիկ չեն ուզում աշխատել: «Պաշտոնյան պետք է նորմալ աշխատավարձ ստանա, կարող է հրաժարվեմ, չմասնակցեմ ընտրությունների, գնամ իմ գիտելիքները տամ «Կոկա-կոլա» քոմփընիին: Պայմանական եմ ասում, գնամ այնտեղ խոսնակ, տնօրեն աշխատեմ, 3 մլն աշխատավարձ ստանամ: Նվիրյալնե՜ր: Այո՛, բոլորս էլ նվիրյալներ ենք, որ դիմանում ենք այս ամեն ինչին: Դիմանում ենք այս ստին, կեղծիքին, մեր անձնական կյանքի մեջ մտնելուն, լկտիությանը, բռնությանը: Բա նվիրյալներ ենք, որ այդ ամեն ինչը անում ենք»,- հայտարարել էր Ալեն Սիմոնյանը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն էլ «Զրույց քաղաքացու հետ» խորագրով ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել էր, որ եթե որակով որեւէ բան ենք ուզում, ապա դրա արժեքը թանկ է: «Պատգամավորի մաքուր աշխատավարձը՝ հանած բոլոր հարկերն ու տուրքերը, կազմում է 461 հազար դրամ, դրան գումարած՝ 150 հազար դրամ պարգեւավճարը»,- ասել էր պատգամավոր Գրիգորյանը: 2019 թվականին պատգամավորների պարգեւատրումների ընդհանուր չափը կազմել է 526 մլն ՀՀ դրամ, հետեւաբար՝ միջին ամսական պարգեւատրումները կազմել են մոտ 330 հազար ՀՀ դրամ (հարկերն ու տուրքերը հանած՝ 248 հազար), ինչն էականորեն տարբերվում է Սուրեն Գրիգորյանի նշած թվից: Հավելենք նաեւ, որ 330 հազար ՀՀ դրամը պատգամավորների պաշտոնային դրույքի մոտ 50%-ն է: Հասկանալու համար, թե որքան են իրականությանը մոտ Ալեն Սիմոնյանի այն պնդումները, թե պատգամավորները չեն ուզում աշխատել, քանի որ աշխատավարձի չափը բավարար չէ եւ մասնավոր սեկտորում կարող են ավելի շատ վարձատրվել, դիտարկենք, թե որքան աշխատավարձ են ստացել պատգամավորները՝ մինչեւ պաշտոնավարումը եւ որքան են ստանում հիմա: Տվյալների համար հիմք են հանդիսացել պաշտոնատար անձանց ներկայացրած հայտարարագրերը եւ ինքնակենսագրականում առկա տվյալները: «Իմ քայլը» խմբակցություն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը պատգամավոր է դարձել 2018 թվականի մայիսի 16-ին: Մինչեւ պատգամավոր դառնալը՝ Սիմոնյանը եղել է Երեւանի ավագանու անդամ: Զուգահեռ եղել է իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ-ի՝ «araratnews.am» կայքի եւ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: Ըստ պաշտոնը ստանձնելու հայտարարագրի` պաշտոնը ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչեւ պաշտոնը ստանձնելու օրը նա հայտարարագրել է 560 հազար ՀՀ դրամ: Հաշվի առնելով հեղափոխության շրջանի քայլերթերում, ընթացող գործընթացներում Ալեն Սիմոնյանի ներգրավվածությունը՝ ընդունենք, որ այս գումարը իր հունվար-մարտ ամիսների եկամուտն է։ Հետեւաբար, ըստ ամենայնի, Ալեն Սիմոնյանը մինչեւ պաշտոնը ստանձնելը ստացել է ամսական մոտ 187 հազար ՀՀ դրամ աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարումներ: Պաշտոնը ստանձնելու օրից մինչեւ տարեվերջ՝ պատգամավորը հայտարարագրել է 4 մլն 183 հազար ՀՀ դրամ եկամուտ, այսինքն` ամսական ստացել է 558 հազար ՀՀ դրամ աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարումներ (ներառյալ պարգեւավճարները): Արդեն 2019 թվականին Ալեն Սիմոնյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են ամսական 1 մլն 22 հազար ՀՀ դրամ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը պատգամավոր է դարձել 2019 թվականի հունվարի 14-ին: Մինչ պատգամավոր աշխատելը՝ Խաչատրյանը եղել է Լոռու մարզպետի տեղակալ, իսկ մինչ այդ՝ Լոռու մարզի Վահագնաձոր համայնքի հիմնական դպրոցի նախնական զինվորական պատրաստության ուսուցիչ: Ըստ հայտարարագրի՝ պաշտոն զբաղեցնելու տարվա հունվարի 1-ից մինչեւ Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնը զբաղեցնելը (2018 թվականի հունիսի 14)՝ պատգամավորը հայտարարագրել է 536 հազար ՀՀ դրամ աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարումներ, այսինքն՝ ամսական 98 հազար ՀՀ դրամ: Ըստ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի՝ մարզպետի տեղակալի աշխատավարձը կազմում է 529 հազար ՀՀ դրամ (ներառյալ հարկերը), հարկերը հանած՝ 391 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր դառնալուց հետո նրա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 752 հազար ՀՀ դրամ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը պատգամավոր է  2018 թվականի մայիսի 16-ից: Մինչեւ պաշտոնավարելը եղել է «Para.tv» համացանցային հեռուստաընկերության «Մի խոսքով» հաղորդաշարի հեղինակ եւ վարող, ինչպես նաեւ՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության փորձագետ: Ըստ ներկայացրած հայտարարագրի՝ մինչ պաշտոնավարելը Կոնջորյանի աշխատանքի վարձատրությունը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 341 հազար ՀՀ դրամ: Պատգամավորի պաշտոնը ստանձնելուց հետո հետո` 2018-ին` 677 հազար ՀՀ դրամ, իսկ 2019-ին` 754 հազար ՀՀ դրամ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը պատգամավոր է ընտրվել 2019 թվականի հունիսի 10-ին: Մինչեւ ընտրվելը՝ Հովհաննիսյանը եղել է ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին տեղակալ: Ըստ ներկայացրած հայտարարագրի՝ մինչ պատգամավոր ընտրվելը՝ Հովհաննիսյանի մեկ ամսվա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 528 հազար ՀՀ դրամ, պատգամավոր դառնալուց հետո՝ 791 հազար ՀՀ դրամ:  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանը պատգամավոր է դարձել 2019 թվականի հունվարի 14-ին: Մինչ այդ՝ Մեխակյանը զբաղեցրել է Էջմիածնի քաղաքապետի տեղակալի պաշտոնը: Այդ պաշտոնում նրա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները եղել են 341 հազար ՀՀ դրամ, առանց հարկերի՝ 253 հազար ՀՀ դրամ, պատգամավոր դառնալուց հետո՝ 2019 թվականին՝ 767 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր Արփինե Դավոյանը մինչ պատգամավոր ընտրվելը եղել է ՀՀ վարչապետի օգնական: Մինչեւ պաշտոնավարելը՝ Դավոյանը եղել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության գործավար: Նրա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները, ըստ ներկայացված հայտարարագրի, եղել են 110 հազար ՀՀ դրամ: Արդեն վարչապետի օգնականի պաշտոնում նրա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 897 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր դառնալուց հետո՝ 778 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր Երջանիկ Հակոբյանը մինչեւ պատգամավոր ընտրվելը եղել է Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ, այնուհետեւ վարչության պետ, իսկ մինչ այդ՝ «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի իրավաբան եւ միջազգային-վարկային պայմանագրերի կառավարման մասնագետ: Ըստ հայտարարագրի՝ մինչ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետի տեղակալի պաշտոնը ստանձնելը ստացել է 409 հազար ՀՀ դրամ աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարումներ: Պաշտոնավարման ժամանակ Հակոբյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 1 մլն 47 հազար ՀՀ դրամ, պատգամավոր ընտվելուց հետո՝ 762 հազար ՀՀ դրամ: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մինչեւ պատգամավոր ընտրվելը զբաղեցրել է ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը: Դրանից առաջ եղել է Հայ-ռուսական համալսարանի միջազգային կապերի եւ համագործակցության բաժնի ղեկավար: Մինչ պաշտոնավարելը՝ Մակունցի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 353 հազար ՀՀ դրամ: Մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ նրա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 581 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր ընտրվելուց հետո՝ 745 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր Կարեն Սարուխանյանը մինչեւ պատգամավոր ընտրվելը եղել է Շիրակի մարզպետ, իսկ մինչ այդ եղել է «Բյուրակնի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կենսաբանության եւ ինֆորմատիկայի ուսուցիչ: Եթե հաշվի առնենք, որ Սարուխանյանը մասնակցել է հեղափոխության քայլերթերին եւ այդ ամիսներին աշխատավարձ չի ստացել, ապա, ըստ իր հայտարարագրի, ուսուցիչ եղած ժամանակ նրա աշխատավարձը կազմել է առավելագույնը 114 հազար ՀՀ դրամ: ՀՀ Շիրակի մարզպետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ Սարուխանյանը ստացել է 497 հազար ՀՀ դրամ աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարումներ, իսկ պատգամավոր ընտրվելուց հետո՝ 735 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր Կարեն Համբարձումյանը մինչեւ պատգամավոր ընտրվելը եղել է Սյունիքի մարզպետ: Մինչ պաշտոնավարելը Համբարձումյանը երեք ամիս եղել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ «Իրան-Հայաստան 400կՎ երրորդ էլեկտրահաղորդման գիծ եւ համապատասխան ենթակայան» ծրագրի համակարգող-պատասխանատու եւ ստացել է 308 հազար ՀՀ դրամ աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարումներ: Սյունիքի մարզպետի պաշտոնը ստանձնելուց հետո աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 556 հազար ՀՀ դրամ, իսկ պատգամավոր ընտրվելուց հետո՝ 775 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը մինչ պատգամավոր ընտրվելը՝ 2017-2018 թվականներին աշխատել է որպես պատգամավորի օգնական, «ՀԱՊԿ եւ Եվրազես» համալսարանի դասախոս: Ապա ԿԱԻ Կոտայքի մասնաճյուղի տնօրեն, որից հետ նշանակվել է Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ապա Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար: ԱԺ պատգամավորի օգնականի պաշտոնային դրույքաչափը 198 հազար ՀՀ դրամ է, առանց հարկերի՝ 147 հազար ՀՀ դրամ: Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափը՝ 400 հազար ՀՀ դրամ ներառյալ հարկերը, առանց հարկերի՝ 297 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր դառնալուց հետո Ստեփանյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները աճել են՝ կազմելով 773 հազար ՀՀ դրամ:  Խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը մինչեւ պատգամավոր ընտրվելը զբաղեցրել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը: Մինչ պաշտոնավարելը եղել է «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրեն, իսկ մինչ այդ՝ 2012-2017 թվականներին եղել է Ազգային Ժողովի պատգամավորի օգնական: Պատգամավորի օգնականի պաշտոնային դրույքաչափը առանց հարկերի 147 հազար ՀՀ դրամ է։ Ըստ ներկայացված հայտարարագրի՝ Սիմիդյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 358 հազար ՀՀ դրամ: ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալի պաշտոնում նրա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 582 հազար ՀՀ դրամ, իսկ պատգամավոր ընտրվելուց հետո՝ 770 հազար ՀՀ դրամ: Հովիկ Աղազարյանը պատգամավորի պաշտոնը ստանձնել է 2018 թվականի մայիսի 16-ին: Մինչ պատգամավոր ընտրվելը Աղազարյանը չի աշխատել, սակայն հայտարարագրել է 1 մլն ՀՀ դրամ այլ եկամուտ, որը եթե բաժանենք ամիսների, ապա մինչ պատգամավոր դառնալը Աղազարյանի այլ եկամուտը ամսական կազմել է 222 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր ընտրվելուց հետո՝ 2018-ին, Աղազարյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները եղել են 639 հազար ՀՀ դրամ, իսկ 2019-ին՝ 804 հազար ՀՀ դրամ: Հռիփսիմե Գրիգորյանը պատգամավորական գործունեությունը սկսել է 2019 թվականի հունվարի 14-ին: Մինչ այդ՝ Գրիգորյանը զբաղեցրել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնը: Մինչ այդ՝ 2016 թվականից զբաղեցնում է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի դոնորների հետ կապերի համակարգող, մարկետինգի եւ խթանման վարչության խորհրդականի պաշտոնը, որտեղ, ըստ պաշտոնը ստանձնելու հայտարարագրի, Գրիգորյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 210 հազար ՀՀ դրամ: Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում Գրիգորյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 701 հազար ՀՀ դրամ, իսկ պատգամավորական գործունեության ժամանակ՝ 721 հազար ՀՀ դրամ: Մերի Գալստյանը եւս պատգամավորական գործունեությունը սկսել է 2019 թվականի հունվարի 14-ից: Մինչ պատգամավոր ընտրվելը՝ Գալստյանի զբաղեցրել է ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդականի պաշտոնը, ինչպես նաեւ եղել է ԵՄ եւ ՀՀ միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում բնական ռեսուրսների կառավարման, շրջակա միջավայրի եւ կլիմայի փոփոխության ոլորտում օրենսդրական մոտարկման գործընթացի համակարգող: Նախարարի խորհրդականի պաշտոնային դրույքաչափը 364 հազար ՀՀ դրամ է` հարկերը ներառյալ, առանց հարկերի՝ 270 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր ընտրվելուց հետո Գալստյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 772 հազար ՀՀ դրամ: Ռուբեն Ռուբինյանը մինչ պատգամավոր դառնալը զբաղեցրել է ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնը: Մինչ պաշտոնավարելը Ռուբինյանը զբաղվել է գիտական գործունեությամբ եւ հայտարարագրած 150 հազար ՀՀ դրամ աշխատավարձը հավանաբար ստացել է գիտական գործունեության համար: ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնում Ռուբինյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները եղել են 530 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր ընտրվելուց հետո՝ 884 հազար ՀՀ դրամ: Սերգեյ Ատոմյանը մինչ պատգամավոր ընտրվելը եղել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ եւ ստացել է 323 հազար ՀՀ դրամ աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարումներ: Պատգամավոր ընտրվելուց հետո՝ 772 հազար ՀՀ դրամ: Վաղարշակ Հակոբյանը մինչ պատգամավոր ընտրվելը եղել է սփյուռքի նախարարի օգնական: Նախարարի օգնականի պաշտոնային դրույքաչափը 298 հազար ՀՀ դրամ է, առանց հարկերի՝ 221 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր ընտրվեուց հետո Հակոբյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 775 հազար ՀՀ դրամ: Վարազդատ Կարապետյանը մինչ պատգամավոր ընտրվելը զբաղեցրել է ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը, իսկ դրանից առաջ եղել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար: Մինչ պաշտոնավարումը՝ նրա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 600 հազար ՀՀ դրամ: Փոխնախարարի պաշտոնում Կարապետյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները եղել են 523 հազար ՀՀ դրամ, պատգամավոր դառնալուց հետո՝ 899 հազար ՀՀ դրամ: Աննա Կարապետյանը մինչ պատգամավոր ընտրվելը եղել է ԱԺ պատգամավորի օգնական, ապա առաջին փոխվարչապետի խորհրդական, որից հետո առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար: Պատգամավորի օգնականի պաշտոնային դրույքաչափը առանց հարկերի 146 հազար ՀՀ դրամ է, փոխվարչապետի խորհրդականինը` 435 հազար ՀՀ դրամ, փոխվարչապետի գրասենյակի ղեկավարինը` 479 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր ընտրվելուց հետո Կարապետյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 811 հազար ՀՀ դրամ: Վահե Ղալումյանը մինչեւ 2015 թվականը եղել է Իջեւանի ճանշինվարչության գործադիր տնօրենի առաջին տեղակալ: Դրանից հետո մինչեւ 2018 թվականը չի աշխատել: 2018 թվականի հունիսի 1-ից մինչեւ պատգամավոր ընտրվելը զբաղեցրել է Տավուշի մարզպետի պաշտոնը: Մարզպետի պաշտոնում Ղալումյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են  519 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր ընտրվելուց հետո՝ 764 հազար ՀՀ դրամ: Քրիստինե Պողոսյանը մինչ պատգամավոր դառնալը եղել է  «Tre gufo» հայկական արծաթյա զարդերի խանութի հիմնադիր տնօրեն, որից հետո առաջին փոխվարչապետի օգնական: Փոխվարչապետի օգնականի պաշտոնային դրույքաչափը առանց հարկերի 342 հազար ՀՀ դրամ է: Պատգամավոր ընտրվելուց հետո Պողոսյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 716 հազար ՀՀ դրամ: Արսեն Միխայլովի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները մինչ պաշտոնը ստանձնելը կազմել են 153 հազար ՀՀ դրամ, պատգամավոր ընտրվելուց հետո` 2017-ին` 644 հազար ՀՀ դրամ, 2018-ին՝ 565 հազար ՀՀ դրամ, 2019-ին` 766 հազար ՀՀ դրամ: Վլադիմիր Վարդանյանը մինչ պատգամավոր ընտրվելը եղել է Սահմանադրական դատարանի խորհրդական, ապա Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար, իսկ մինչ այդ` «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի գործադիր տնօրեն: Ըստ հայտարարագրի` մինչ պաշտոնավարելը՝ Վլադիմիր Վարդանյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 498 հազար ՀՀ դրամ: Սահմանադրական դատարանի խորհրդականի պաշտոնում Վարդանյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 580 հազար ՀՀ դրամ, ՍԴ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում՝ 2018-ին՝ 656 հազար ՀՀ դրամ, պատգամավոր ընտրվելուց հետո՝ 984 հազար ՀՀ դրամ: Վլադիմիր Վարդանյանը մշտապես աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճար ստացել է 3 աղբյուրներից: Ըստ 2019 թվականի հայտարարագրի՝ դրանք են՝ ՀՀ ԱԺ, ԵՊՀ եւ Սահմանադրական մշակույթ միջազգային վերլուծական կենտրոն հիմնադրամ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն Պատգամավոր Արթուր Գիրգորյանը մինչ ընտրվելը զբաղեցրել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնը, իսկ մինչ այդ` «Մուլտի գրուպ» կոնցեռնի ներքին վերահսկողության ծառայության պետ: Ըստ հայտարարագրի՝ մինչ պաշտոնավարելը՝ նրա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 120 հազար ՀՀ դրամ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնում` 628 հազար ՀՀ դրամ: Արդեն պատգամավոր ընտրվելուց հետո` 783 հազար ՀՀ դրամ: Հրանտ Մադաթյանը պատգամավոր է 2017 թվականից: Մինչ պաշտոնը ստանձնելը՝ նա հայտարարագրել է 460 հազար ՀՀ դրամ շահաբաժին: Պատգամավոր ընտրվելուց հետո Մադաթյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են` 2017-ին` 620 հազար ՀՀ դրամ, 2018-ին` 596 հազար ՀՀ դրամ եւ 2019-ին` 749 հազար ՀՀ դրամ: Շաքե Իսայանը, մինչ պատգամավոր ընտրվելը, 2015-2017թթ. եղել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրենի տեղակալ, եւ ներկայացված հայտարարագրից կարելի է ենթադրել, որ ստացել է ամսական 113 հազար ՀՀ դրամ աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարումներ: Պատգամավոր ընտրվելուց հետո` 2019 թվականին՝ նրա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 761 հազար ՀՀ դրամ: Նորա Առուստամյանը մինչեւ պատգամավոր ընտրվելը եղել է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի օգնականը: Պատգամավորի օգնականի պաշտոնային դրույքաչափը առանց հարկերի 146 հազար ՀՀ դրամ է: Պատգամավոր ընտրվելուց հետո Առուստամյանի աշխատավարձը եղել է` 2017-ին` 649 հազար ՀՀ դրամ, 2018-ին` 515 հազար ՀՀ դրամ, 2019-ին` 751 հազար ՀՀ դրամ: Վարդեւան Գրիգորյանը մինչ պատգամավոր ընտրվելը եղել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզդաստիարակության տեսության եւ մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր: Ըստ հայտարարագրի` Գրիգորյանի աշխատավարձը եղել է 227 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր ընտրվելուց հետո` 2017-ին` 656 հազար ՀՀ դրամ, 2018-ին՝ 675 հազար ՀՀ դրամ, 2019-ին` 757 հազար ՀՀ դրամ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության Պատգամավոր Ռուբիկ Ստեփանյանը մինչ պատգամավոր ընտրվելը չի աշխատել: 2014-2016 թվականներին եղել է «Նուբարաշեն» ՔԿՀ պետ, որից հետո մինչ պաշտոնը ստանձնելը չի աշխատել: Պաշտոնը ստանձնել է 2019 թվականի հունվարի 14-ից եւ աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են  788 հազար ՀՀ դրամ: Պատգամավորներ, որոնց աշխատավարձը նվազել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն ընտրվել 2018թ. դեկտեմբերի 9-ին, պատգամավորական գործունեությունը սկսել է 2019 թվականի հունվարի 14-ից: Մինչ պատգամավոր դառնալը՝ զբաղեցրել է ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարարի պաշտոնը: Քանի որ Հովհաննես Հովհաննիսյանը մշտապես աշխատավարձ է ստացել մի քանի աղբյուրներից՝ դիտարկենք ընդհանուր աշխատավարձից եւ դրան հավասարեցված այլ վճարումներից գոյացած եկամուտները: Մինչ պաշտոնավարումը 3 աղբյուրներից ստացված նրա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 1 մլն 359 հազար ՀՀ դրամ: ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարարի պաշտոնում՝ դարձյալ երեք աղբյուրներից՝ 1 մլն 343 հազար ՀՀ դրամ: Պատգամավորական գործունեության ժամանակ նրա աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների աղբյուրները մնացել են 3-ը, աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները այդ ընթացքում կազմել են 1 մլն 230 հազար ՀՀ դրամ: Ըստ 2019 թվականի տարեկան հայտարարագրի՝ Հովհաննիսյանի վարձատրության երեք աղբյուրներն են՝ Հայաստանի ամերիկյան համալսարանը, Երեւանի պետական համալսարանը եւ Ազգային ժողովից ստացված վարձատրությունները: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը  2015-2018 թվականներին եղել է  ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ, 2018-2019 թվականներին՝ ՀՀ ԿԲ նախագահի խորհրդական: Աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները մինչեւ պատգամավոր դառնալը եղել են` 2016 թվականին` 1 մլն 585 հազար ՀՀ դրամ, 2017-ին՝ 1 մլն 839 հազար ՀՀ դրամ, 2018-ին` 1 մլն 413 հազար ՀՀ դրամ: Արդեն պատգամավոր ընտրվելուց հետո` 851 հազար ՀՀ դրամ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը պատգամավորական գործունեությունը սկսել է 2019 թվականի հունվարի 14-ից: Մինչ այդ զբաղեցրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը, իսկ դրանից առաջ` 2016-2018 թվականներին՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության բովանդակային մասի պատասխանատու, խմբագիր: Ըստ հայտարարագրի` մինչ պաշտոնավարելը՝ նրա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 826 հազար ՀՀ դրամ: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում՝ 861 հազար ՀՀ դրամ: Պատգամավորական գործունեության ժամանակ՝ 773 հազար ՀՀ դրամ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը պատգամավորի մանդատ ունի 2019 թվականի հունվարի 14-ից: Մինչ այդ՝ Փամբուխչյանը զբաղեցրել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի, ապա առաջին տեղակալի պաշտոնը, իսկ մինչ այդ եղել է «Մոգո» ՈՒՎԿ ՍՊԸ խնդրահարույց հաճախորդների հետ աշխատանքի վարչության պետ: Ըստ հայտարարագրի՝ մինչեւ պաշտոնավարելը Փամբուխչյանի մեկ ամսվա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարները կազմել են 759 հազար ՀՀ դրամ, նախարարի տեղակալ դառնալուց հետո՝ ամսական 618 հազար ՀՀ դրամ: ԱԺ պատգամավոր ընտրվելուց հետ՝ ամսական 775 հազար ՀՀ դրամ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը պատգամավոր է 2019 թվականի հունվարի 14-ից: Մինչ այդ՝ Խաչատրյանը զբաղեցրել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը։ Ըստ հայտարարագրի՝ նրա ամսական աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները մինչ պաշտոնավարելը կազմել են 816 հազար ՀՀ դրամ, պատգամավոր դառնալուց հետո՝ 2019 թվականին՝ 783 հազար ՀՀ դրամ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը մինչ պաշտոնավարելը եղել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ մարդկային ռեսուրսների վարչության պետ: Պետրոսյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները մշտապես եղել են երկու աղբյուրից: Ըստ հայտարարագրի` մինչ պատգամավոր ընտրվելը ստացել է 993 հազար ՀՀ դրամ աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարումներ: Պատգամավոր ընտրվելուց հետո` 2018-ին` 712 հազար ՀՀ դրամ, 2019-ին` 796 հազար ՀՀ դրամ: Ըստ 2019 թվականի տարեկան հայտարարագրի՝ Պետրոսյանի եկամտի աղբյուրները եղել են Ազգային ժողովը եւ Երեւանի պետական համալսարանը:  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը մինչ պատգամավոր դառնալը եղել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն, ինչպես նաեւ՝ «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրենների խորհրդի անդամ, «Էպիկենտրոն» լրատվական ծառայության տնօրեն: Ըստ հայտարարագրի` աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները մինչ պաշտոնավարելը կազմել են 812 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր ընտրվելուց հետո` 2018-ին` 585 հազար ՀՀ դրամ, 2019-ին` 741 հազար ՀՀ դրամ: Ուսումնասիրության այս փուլում դիտարկել ենք 37 պատգամավորների, որոնց ներկայացրած հայտարարագրերից հնարավոր էր հաշվել մինչ պաշտոնավարումը ստացած աշխատավարձի չափը: 38 պատգամավորներից միայն 7-ի մոտ է, որ պատգամավոր ընտրվելուց հետո աշխատավարձի աճ չի եղել կամ եղել է, բայց ոչ զգալի:  Այսպիսով՝ դիտարկելով պատգամավորների ներկայացրած հայտարարագրերը՝ կարելի է եզրակացնել, որ Ալեն Սիմոնյանի հնչեցրած պնդումները, թե մարդիկ չեն ուզում գալ, դառնալ պատգամավոր, քանի որ աշխատավարձը ցածր է, միանշանակ չէ, քանի որ պատգամավորների զգալի մասը մինչ պաշտոնավարելը վարձատրվել են ավելի քիչ, քան պաշտոնավարումից հետո: Բացի այդ՝ պատգամավորի աշխատավարձի դրույքաչափը բաց տվյալ է, ըստ այդմ՝ այն հասանելի է եղել նաեւ պատգամավորի թեկնածուներին, եւ նրանք կարող էին տեղյակ լինել՝ որքան աշխատավարձ են ստանալու։  Առաջիկայում կանդրադառնանք նաեւ այն պատգամավորներին, որոնք ներկայացված չէին այս շարքում: Նարեկ Մարտիրոսյան
13:32 - 08 սեպտեմբերի, 2020
Ալեն Սիմոնյանը ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություն է հրապարակել

Ալեն Սիմոնյանը ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություն է հրապարակել

Այս տարվա հունիսի 17-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր նախորդ օրը ԱԱԾ շենքի մոտ ոստիկանության գործողություններին, որի հետեւանքով առաջացած հրմշտոցի պատճառով տուժել էին լրագրողներ, վնասվել էր նրանց տեխնիկան։ Լրագրողի դիտարկմանը, որ փոխոստիկանապետի՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ներողությանը հաջորդել է ոստիկաններից մեկի ռեպլիկը՝ «սա դեռ մեր ամբողջ պոտենցիալը չէր», Սիմոնյանը պատասխանել էր. «Չեմ լսել այդ ռեպլիկը, եթե լինեն օրինախախտումներ, ուժ կիրառելու պոտենցիալը օգտագործվելու է՝ ըստ անհրաժեշտության, անկախ նրանից, թե դա ում է վերաբերում: ՀՀ-ում օրենքը գործել է եւ գործելու է: էլ չեմ ասում, որ ոստիկանական զորքերի մեջ կան 20 հազարից ավելի աշխատակիցներ: Նույնիսկ մեկ ոստիկանի սխալի պարագայում վերածել դա քաղաքական դիսկուրսի՝ առնվազն ազնիվ չէ»,- ասել էր Սիմոնյանը։ Ոստիկանության, ոստիկանության զորքերի, ճանապարհային ոստիկանության թվաքանակի, ոստիկանության կողմից զենք-զինամթերքի գնումների վերաբերյալ ու մի շարք այլ տեղեկություններ, սակայն, ՀՀ ոստիկանության պետի՝ 2016 թվականի փետրվարի 29-ի թիվ 1-Ն որոշման համաձայն՝ դասվում են գաղտնի եւ հույժ գաղտնի տեղեկության շարքերին: Ոստիկանությանն ուղղված մեր հարցին՝ ՀՀ ոստիկանության զորքերում առկա՞ են 20 հազարից ավելի աշխատակիցներ, թե՞ ոչ, պատասխանել են, որ ՀՀ ոստիկանության պետի 2016 թվականի փետրվարի 29-ի՝ «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունում գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը հաստատելու մասին» թիվ 1-Ն հրամանի 4-րդ հավելվածի 4-րդ կետի եւ ՀՀ կառավարության 2009 թվականի մայիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի թվաքանակը սահմանելու մասին» թիվ 539-ՆԳ որոշման համաձայն՝ Ոստիկանության զորքերի թվաքանակը գաղտնի է եւ ենթակա չէ տրամադրման:  Իրավական ակտի այն հատվածում, որին հղում է արել ոստիկանությունը, նշված է, որ տեղեկությունները, որոնք կարող են բացահայտել ոստիկանության զորքերի զորամասերի տեղաբաշխումը, նրանց իրական անվանումները, կազմակերպչական կառուցվածքը, զինվածությունը եւ թվաքանակը, համարվում են հույժ գաղտնի։  «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածից տեղեկանում ենք․ «Պետական գաղտնիքը Հայաստանի Հանրապետության ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից, եւ որոնց տարածումը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել:»։ «Ծառայողական գաղտնիքը սույն հոդվածի առաջին մասով նախատեսված բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից, եւ որոնց տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը: Այդպիսի տեղեկությունները, որպես կանոն, պարունակում են պետական գաղտնիքի մաս կազմող տվյալներ, սակայն ինքնին չեն բացահայտում պետական գաղտնիքը»: Ոստիկանության զորքերի թվաքանակի մասին տեղեկությունը եւս, ըստ էության պետական գաղտնիք է համարվում։ Մենք նաեւ գրավոր հարցում ուղարկեցինք ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին՝ պարզելու՝ արդյոք վերջինս որեւէ մակարդակի պետական կամ ծառայողական գաղտնիքի տիրապետո՞ւմ է, թե՞ ոչ, եւ մասնավորապես տիրապետո՞ւմ է ոստիկանության զորքերի թվին։ Ալեն Սիմոնյանն առաջին հարցին բացասական պատասխան է տվել, իսկ ոստիկանության զորքերի թվին հասանելիություն ունենալու մասին հարցին պատասխանել է այսպես․ «Իմ՝ որպես ԱԺ պատգամավորի՝ պետական գաղտնիքներին առնչվելու հասանելիության փաստը հրապարակման ենթակա չէ»։ Այժմ առանձնացնենք, թե ՀՀ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում ինչ հիշատակումներ կան պետական կամ ծառայողական գաղտնիքի մասին։ Այս օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի 10-րդ մասի համաձայն՝ պատգամավորն իրավունք ունի ծանոթանալու Ազգային ժողովին, իր խմբակցությանը կամ հանձնաժողովին հասցեագրված ցանկացած փաստաթղթի, բացառությամբ անվանական կամ անձնական նյութերի, ինչպես նաեւ պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող այնպիսի տեղեկության, որին իրավասու չէ իրազեկվելու։ 17-րդ հոդվածում, որտեղ սահմանված է ժամանակավոր հանձնաժողովի գործունեությունը, նշված է, որ պետական, ծառայողական, առեւտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունները պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի հարցմամբ հանձնաժողովին են տրամադրվում, իսկ հանձնաժողովի անդամներն այդ տեղեկություններին կարող են ծանոթանալ օրենքով սահմանված կարգով: Հոդված 21-ում, որտեղ սահմանված է քննիչ հանձնաժողովի գործունեությունը, նշված է, որ պետական, ծառայողական, առեւտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունները հանձնաժողովի գրավոր դիմումով նրան են տրամադրվում օրենքով սահմանված կարգով: Հանձնաժողովի անդամները դիմումով պահանջվող տեղեկություններին առնչվող նյութերին կամ փաստաթղթերին կարող են ծանոթանալ նաեւ դրանց գտնվելու վայրում: Մշտական հանձնաժողովներում պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման վերաբերյալ հոդված 88-ում ասված է, որ բյուջեի նախագծի՝ պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածներին վերաբերող նյութերը քննարկվում են Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստում, որին կարող են մասնակցել պատգամավորները, Հաշվեքննիչ պալատի նախագահը եւ Կառավարության լիազորած անձինք: Հոդված 122-ի 5-րդ մասում ասված է, որ պետական, ծառայողական, առեւտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունները հանձնաժողովի հարցմամբ նրան են տրամադրվում, իսկ հանձնաժողովի անդամներն այդ տեղեկություններին կարող են ծանոթանալ օրենքով սահմանված կարգով:  Infocom-ը ՀՀ ոստիկանությունից ճշտել էր նաեւ՝ ԱԺ պատգամավորն ի պաշտոնե հասանելիություն ունի՞ ոստիկանության զորքերի թվաքանակին, ինչին ի պատասխան՝ դարձյալ հղում են արել ԱԺ կանոնակարգին, որի համաձայն՝ պատգամավորն իրավունք ունի ծանոթանալու Ազգային ժողովին, իր խմբակցությանը կամ հանձնաժողովին հասցեագրված ցանկացած փաստաթղթի, բացառությամբ անվանական կամ անձնական նյութերի, ինչպես նաև պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող այնպիսի տեղեկության, որին իրավասու չէ իրազեկվելու։ Ոստիկանությունից լրացուցիչ նշել են նաեւ, որ նույն Օրենքի համաձայն՝ պատգամավորն իրավունք ունի գրավոր հարցեր ուղղելու կառավարությանը, բանավոր հարցումներով դիմելու կառավարության անդամներին, հարցումներով եւ առաջարկներով դիմելու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց։ Այսինքն՝ Ալեն Սիմոնյանը, որն ի պաշտոնե կարող է տիրապետել պետական եւ ծառայողական գաղտնիքի, այդ թվում՝ ոստիկանության զորքերի թվաքանակին, իրավունք չուներ հրապարակել ոստիկանության զորքերի նույնիսկ մոտավոր թիվ, քանի որ մոտավոր թիվը, ըստ ոստիկանության, եւս համարվում է գաղտնի տեղեկություն։ Infocom-ը ՀՀ գլխավոր դատախազությունից եւ Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացավ, որ պետական կամ ծառայողական գաղտնիք հրապարակելու առչությամբ նյութեր չեն նախապատրաստվել եւ քրեական գործ չի հարուցվել։ Հայարփի Բաղդասարյան
19:44 - 07 սեպտեմբերի, 2020
ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենը Ամուլսարի թեմայով խնդրահարույց պնդումներ է արել

ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենը Ամուլսարի թեմայով խնդրահարույց պնդումներ է արել

Օրերս 24News-ի եթերում Ամուլսարի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ու քննարկումների թեմայով հարցազրույցի ժամանակ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն, երկրաբանական գիտությունների դոկտոր Խաչատուր Մելիքսեթյանը հայտարարել է, որ սարը որպես ոսկու հանք շահագործելու նպատակ ունեցող «Լիդիան Արմենիա» ընկերության իրականացրած ՇՄԱԳ-ը կատարված է բավականին բարձր մակարդակով եւ միջազգային չափանիշներին համապատասխան։ Թեեւ հնարավոր է՝ այդ գնահատումն իսկապես միջազգային ստանդարտներին համապատասխան է իրականացվել, սակայն 2019թ. մարտի 18-ին ՀՀ քննչական կոմիտեում քննվող՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից թաքցնելու դեպքի առթիվ քրեական գործով նշանակվել էր էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական, շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին: Փորձաքննությամբ պարզվել էր, որ հիշատակված ՇՄԱԳ-ն ամենեւին էլ իդեալական չէ։ Նույն տարվա օգոստոսի վերջին՝ եզրակացության հրապարակումից օրեր անց, ELARD-ի փորձագետները ՀՀ կառավարության հետ տեսակոնֆերանսի ժամանակ էլ իրենց ծավալուն փաստաթուղթը մեկնաբանելիս հայտարարեցին, որ «Լիդիան»-ի ՇՄԱԳ-ը թերի է եւ թույլ չի տալիս կուռ կերպով գնահատել կամ քանակական գնահատական տալ ազդեցությանը:  Փորձագետներից հիդրոերկրաբան Նիդալ Ռաբահը, մասնավորապես, նշել էր, որ իրենք չկարողացան գնահատել այդ ՇՄԱԳ-ի արժանահավատությունն ու վստահելիությունը՝ ելնելով բոլոր թերություններից՝ այսպիսով եւս մեկ անգամ հաստատելով, որ Ամուլսարի հարցում անհրաժեշտ է իրականացնել նոր բնապահպանական գնահատում, քանի որ եղած փաստաթղթերով հնարավոր չէ գնահատել իրական վտանգները։ Ընդ որում՝ ELARD-ի փորձագետները զարմացել էին, որ այդպիսի հարց եւ տեսակոնֆերանսի անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարությունում, քանի որ զեկույցում այդ ամենի մասին հստակ գրված է եղել։  Երկրաբանական գիտությունների դոկտոր Մելիքսեթյանը նաեւ հիշեցրել է, որ խոսվում էր Ամուլսարի ծրագրի իրականացման դեպքում Սեւանա լճի վրա հնարավոր բացասակայն ազդեցության մասին, սակայն միեւնույն ժամանակ հայտարարել է, թե մասնագետներն ասացին, որ որեւէ վտանգ չկա։ Դարձյալ վերադառնալով ELARD-ի փորձաքննությանը՝ նշենք, որ ի սկզբանե, երբ պատվիրվել է այն, պոտենցիալ ազդեցության հիմանական մտահոգություն են հանդիսացել Սպանդարյան-Կեչուտ թունելի եւ Կեչուտի ջրամբարը, որոնք սնուցում են Սեւանա լիճը։ Ըստ փորձաքննության նյութերի՝ թթվային դրենաժից ազդեցություն կրած ստորգետնյա ջրերը դառնում են մակերեւութային ջրեր՝ աղբյուրներում, հոսանքներում եւ գետերում։ Հանքի բացահանքերի շրջակայքում խանգարված տարածքները կարող են գոյացնել թթվային դրենաժ, որը կհոսի անմիջապես մակերեւութային ջրեր։  Ժամանակավոր աղբյուրները, ըստ եզրակացության, բացահանքի շրջակայքում հանդիսանում են ստորգետնյա ջրերի կարճ ուղիներ։ Բացահանքի պատերից կարող է հոսել օրերի կամ ամիսների ընթացքում՝ կախված, թե ինչպիսի փոխկապակցվածություն ունեն ճաքերը եւ մակերեւույթը։ Գարնանային ձնհալի ժամանակ վաղանցիկ աղբյուրներից հոսքը վկայում է լեռնաշղթայի ճաքերի միջոցով հոսքի արագության մասին։ Ժամանակը, որի ընթացքում թթվային դրենաժի ազդեցությունը կրող հոսքերը հասնում են լեռան ցածրադիր գոտու մշտահոս աղբյուրներին եւ հոսքերին, ավելի երկար է, սակայն եթե խզվածքների եւ ճաքերի միջոցով ստորգետնյա ջրերի հոսքը լավ է փոխկապկցված, հոսքերի որոշ հատվածներում կարող է կրճատվել վաղանցիկ աղբյուրների հետ միախառնվելու ժամանակահատվածը։ Ոչ մշտահոս եւ մշտահոս աղբյուրների ջրերը եւ ստորգետնյա ջրերը, որոնք հատվում են լեռան բարձրադիր հատվածներում հիմնական գետերին կարող են հասնել մի քանի ժամվա ընթացքում։ Թթվային դրենաժի ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերի մեծ գետեր լցվելու ժամանակահատվածը, ըստ ELARD-ի, վիճելի է եւ կախված է ճեղքվածքների փոխկապակցվածությունից։ Թեեւ ELARD-ի փորձագետները նշել են, որ թթվային դրենաժի ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերը Ծրագրի տարածքից կարող են չլցվել Սպանդարյան-Կեչուտ թունել եւ իզոտոպային տվյալների համաձայն՝ Ամուլսարի լեռան ստորգետնյա ջրերը չեն լցվում թունել, ու Կեչուտի ջրմբարի եւ Սեւանի վրա ազդեցություն չի լինի, սակայն, միեւնույն ժամանակ, նրանք շեշտել են, որ երկրաշարժի դեպքում առաջացող պայմաններում, դատարկ ապարների լցակույտի վնասման պատճառով թթվային դրենաժի ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերը կարող են լցվել Սպանդարյան-Կեչուտ թունելի հյուսիսային ծայրամաս, այն կարող է ազդեցություն ունենալ Կեչուտի ջրամբարի վրա, Կեչուտ-Սեւան թունելի միջոցով հնարավոր ազդեցություն ունենա Սեւանա լճի վրա։ Ինչպես նաեւ, ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերը կարող են լցվել աղբյուրներ եւ հոսքեր, որոնք իրենց հերթին լցվում են Կեչուտի ջրամբար։ Ընդ որում՝ ELARD-ն ընդգծել է, որ այդ պահին առկա տվյալների հիման վրա հնարավոր չէ ասել ստորգետնյա այդ ջրերի փոխանցման ժամանակը։ Այսպիսով, ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսենթյանի պնդումները, թե Ամուլսարը որպես հանք շահագործելու նպատակ ունեցող ընկերության ՇՄԱԳ փորձաքննությունը կատարված է բավականին բարձր մակարդակով, եւ թե Ծրագրի իրականացման դեպքում Սեւանա լճին վտանգ չի սպառնում, ոչ միանշանակ են եւ խնդրահարույց։ Ըստ որում՝ Մելիքսեթյանն իր պնդումներին փաստական հիմքեր չի ներկայացրել։ Հայարփի Բաղդասարյան
14:42 - 28 օգոստոսի, 2020
ԵՄ աջակցության մեծ մասը Սերժ Սարգսյանի օրոք կնքված պայմանագրերի արդյունքը չէ․ «Հրապարակ»-ի պնդումը սխալ է

ԵՄ աջակցության մեծ մասը Սերժ Սարգսյանի օրոք կնքված պայմանագրերի արդյունքը չէ․ «Հրապարակ»-ի պնդումը սխալ է

«Հրապարակ» օրաթերթը դեռեւս մեկ ամիս առաջ «Իշխանությունները փորձում են ֆուրոր անել» վերտառությամբ հոդված էր հրապարակել, ըստ որի՝ Եվրամիությունից Հայաստանին տրամադրվող 92 մլն եվրո աջակցության պայմանագրերի մեծ մասը կնքվել է դեռեւս Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին։ Հոդվածում, մասնավորապես, նշվում է, թե այս տարի Եվրամիությունը 92 մլն եվրո է տրամադրելու Հայաստանին․ «Կասկածները, թե դա ոչ թե նոր գումար է, այլ Հայաստանին մինչ այդ տրամադրված գումարի վերաբաշխում, մեր աղբյուրները հաստատեցին. 92 մլն եվրոյի աջակցության 60 միլիոնը դեռ Սերժ Սարգսյանի օրոք կնքված պայմանագրերի արդյունքն է։ 32 միլիոնն էլ, որի շուրջ իշխանությունները քարոզչական աղմուկ են բարձրացրել, ԵՄ-ի կողմից ոչ թե լրացուցիչ գումար է, այլ 2018-19թթ․ ԵՄ նախատեսած ու Հայաստանի անգործության պատճառով ժամանակին չծախսված գումարներն են` բյուջետային աջակցության ծրագրով` բարեփոխումների համար նախատեսված։ Այսինքն` անգործության հետեւանքով լուրջ թերակատարում է գրանցվել, սակայն ԵՄ-ն փաստացի վերահատկացրել է ժամանակին չծախսված այդ գումարը, ինչը նույնպես բարի կամքի դրսեւորում է՝ կարող էին չհատկացնել»: Ի՞նչ աջակցության մասին է խոսքը  Դեռեւս այս տարվա ապրիլ ամսին Հայաստանում Եվրամիության պատվիրակության պաշտոնական կայքէջը հայտնել էր, որ ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ 92 մլն եվրո՝ անհետաձգելի և կարճաժամկետ կարիքների աջակցության նպատակով։ «Կորոնավիրուսային համավարակի բռնկման դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանին տրամադրվող Եվրամիության աջակցության, ինչպես նաև ՀՀ կառավարության հետ առկա ծրագրերի հետագա վերաձևակերպման վերաբերյալ  հպարտությամբ  տեղեկացնում ենք, որ ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ 92 մլն եվրո՝ անհետաձգելի և կարճաժամկետ կարիքների աջակցության նպատակով»,- ասված է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության պաշտոնական հաղորդագրության մեջ, որտեղ շեշտված է, որ միջոցները կուղղվեն բժշկական սարքավորումների և պարագաների մատակարարմանը, բուժանձնակազմի և լաբորատոր աշխատակիցների վերապատրաստմանը, ՓՄՁ-ներին և գործարար հանրությանն  աջակցությանը, ինչպես նաև կորոնավիրուսային բռնկման հետևանքներից տուժած  սոցիալական և հումանիտար օգնությանը։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից Infocom-ի պաշտոնական հարցմանն ի պատասխան տեղեկացրին, որ Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին հատկացնել ոչ թե 92, այլ ընդհանուր 98,5 մլն եվրո գումար՝ կորոնավիրուսի համավարակի հետեւանքներին դիմակայելու նպատակով։ «Հրապարակի» պնդմամբ՝ 92 մլն եվրո աջակցությունից 60 մլն Եվրոյի պայմանագիրը կնքվել է դեռեւս Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ։ Սակայն մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ 98,5 մլն եվրո գումարից միայն 38,5 մլն եվրոն է ձեւավորվել 2015-2017 թվականների ընթացքում կնքված բյուջետային աջակցության ծրագրերի վերակառուցումից։ Այդ թվականներին ստորագրվել է բյուջետային աջակցության 4 ծրագիր՝ «Աջակցություն՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը», «Որակավորումների բարելավում՝ ավելի լավ աշխատատեղերի համար», «Պետական ֆինանսների քաղաքականության բարեփոխումների ծրագիր» եւ «Աջակցություն՝ Հայաստանում հանրային կառավարման ոլորտի բարեփոխումներին․ առավել արդյունավետ եւ արձագանքող հանրային կառավարման միջոցով ծառայությունների մատուցման որակի բարելավում»։ Յուրաքանչյուր ծրագրի շրջանակում մշակվել են 10-15 տարաբնույթ նախապայմաններ, որոնք վերաբերում են մարդու իրավունքների պաշտպանությանը, կրթություն-աշխատաշուկա կապին, հանրային կառավարման արդյունավետությանը, հանրային ֆինանսների կառավարման թափանցիկությանը եւ այլ հարցերի։ Բոլոր 4 ծրագրերի շրջանակներում չկատարված նախապայմանների պատճառով կորցրած գումարը եւ դեռեւս ժամկետի մեջ գտնվող մնացած նախապայմանների գումարը՝ 38,5 մլն եվրոն, վերակառուցման շնորհիվ տրամադրվելու է Հայաստանին։ Մասնավորապես, 35,5 մլն եվրոն պետք է փոխանցվի ՀՀ պետական բյուջե 2020 թվականի ընթացքում՝ առանց նախապայմանների, իսկ մնացած 3 մլն եվրոյի համար սահմանվել են մի քանի նախապայմաններ, որոնց կատարման վերջնաժամկետը սահմանված է 2021 թվականը։ «Հրապարակ»-ի պնդմամբ՝ մնացած 32 մլն եվրո գումարն էլ ոչ թե լրացուցիչ հատկացվող աջակցություն է, այլ 2018-2019 թվականներին Եվրամիության նախատեսած եւ Հայաստանի անգործության պատճառով ժամանակին չծախսված գումարը՝ բյուջետային աջակցության ծրագրով՝ բարեփոխումների համար նախատեսված։ Փոխվարչապետի գրասենյակից Infocom-ին տեղեկացրել էին նաեւ, որ 98,5 մլն եվրո գումարից 30 մլն եվրոն ամբողջությամբ նոր մշակված բյուջետային աջակցության ծրագիր է, որի դրույթների համաձայնեցումն ավարտական փուլում է։ Այն ուղղվելու է կորոնավիրուսային համավարակի սոցիալ-տնտեսական հետեւանքների չեզոքացմանը, իսկ դրա նախապայմանները վերաբերում են համավարակի արդյունքում սոցիալ-տնտեսական խնդիրների դիմակայմանը, ֆիսկալ քաղաքականությանը, պետություն-մասնավոր հատված գործընկերությանը եւ համավարակին առնչվող այլ հարցերին։ Վերոնշյալ 98,5 մլն եվրոյից 27 մլնն էլ ձեւավորվել է 2018-2019 թվականների տարեկան գործողությունների ծրագրերի վերակառուցումից։ Ճգնաժամի արդյունքում ստեղծված իրավիճակի պատճառով որոշում է կայացվել ամբողջությամբ վերակառուցել դրանք՝ առանց ոլորտի ներառելով թե՛ փոքր եւ միջին ձեռնարկությունները, թե՛ միկրոձեռնարկությունները՝ որպես ծրագրի շահառուներ։ Նշված 98,5 մլն եվրոյից 3 մլնը Եվրամիությունն արդեն տրամադրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ Հայաստանի համար բժշկական սարքավորումներ եւ պարագաներ գնելու նպատակով։ Սերժ Սարգսյանի ժամանակ ստորագրված աջակցության ծրագրերը, փաստորեն, ոչ թե 60 մլն եվրո էին կազմում՝ ինչպես պնդում էր լրատվամիջոցը, այլ միայն 38,5 մլն եվրո գումարի պայմանագիրն է կնքվել 2015-2017 թվականների ընթացքում։  Ինչ վերաբերում է 32 մլն եվրոյին, որը, ըստ «Հրապարակի», ամբողջովին նոր մշակված աջակցություն չէ, այլ միայն 2018-2019 թվականներին ստորագրված պայմանագրերի արդյունք, ինչպես տեսանք, աջակցության 30 մլն եվրոն ամբողջությամբ նոր մշակված եւ կորոնավիրուսային համավարակի սոցիալ-տնտեսական հետեւանքները չեզոքացնելու համար նախատեսված գումար էր։ 2018-2019 թվականների տարեկան գործողությունների ծրագրերի վերակառուցումից էլ ձեւավորվել է միայն 27 մլն եվրո գումար։     Այսիպիսով, «Հրապարակը» կառավարող ուժին «մեղադրել» է Եվրամիության տրամադրած աջակցության վերաբերյալ «ֆուրոր» անելու մեջ, սակայն որպես փաստ ներկայացրել է սխալ պնդումներ։  Նարեկ Մարտիրոսյան
13:14 - 27 օգոստոսի, 2020
ԲՀԿ-ի վեց տնտեսական մանիպուլյացիաները․ ինչու չեն իրագործվել Ծառուկյանի ծրագրերը

ԲՀԿ-ի վեց տնտեսական մանիպուլյացիաները․ ինչու չեն իրագործվել Ծառուկյանի ծրագրերը

ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հուլիսի 11-ին ֆեսբուքյան իր էջում հրապարակել էր մի տեսանյութ, որտեղ ներկայացվում են Գագիկ Ծառուկյանի այն նախաձեռնություններն ու ծրագրերը, որոնք կյանքի չեն կոչվել իշխանությունների «ապաշնորհ կառավարման պատճառով»: Տեսանյութում խոսվում է հետևալ ծրագերի, նախաձեռնությունների մասին․ Կեմպինսկի Լյուքս դասի հյուրանոց, որը կյանքի է կոչվում Քուվեյթի թագավորական ընտանիքի ներկայացուցիչ շեյխ Ահմադ Ալ-Ֆահադ Ալ-Սաբահի հետ համատեղ․ ներդրումների նախնական ծավալը ավելի քան 100 մլն դոլար էր: Աբովյանում կառուցվող բազմաբնակարան թաղամաս՝ երիտասարդների համար․ բնակարան էր ձեռք բերելու ավելի քան 2000 ընտանիք՝ վճարելով  ամսական ընդամենը 65․000 դրամ: Արսիլիցիումի գործարան․ ներդրումային ծրագիրն արժենալու էր մոտ 1 մլրդ դոլար, բացվելու էր մոտ 3000 աշխատատեղ: Եղվարդ քաղաքում «Արմօյլ» ընկերության գործարանի կառուցում: Բամբակի գործարան, որը աշխատատեղով պետք է ապահովեր 300-ից ավելի մարդու: 20 մլրդ վարկային ռեսուրս երկիր ներգրավելու նախաձեռնություն, որի միջոցով փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին վարկերը հասանելի էին դառնալու 1-1,5 տոկոսով։ Անդրադառնանք այս նախաձեռնություններից յուրաքանչյուրին՝ հասկանալու՝ ինչքանով է դրանց չիրագործումը ապաշնորհ կառավարման արդյունք: Կեմպինսկի լյուքս դասի հյուրանոց, որի աշխատանքները, ԲՀԿ-ականների պնդմամբ, «քաղաքապետարանի ստեղծած արհեստական խոչընդոտների պատճառով» կիսատ են մնացել 2011 թվականին, ըստ մամուլի հրապարակումների, Kempinski Hotel Group-ը Երևանում, ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում և չեխական Մարիենբադում 5-աստղանի հյուրանոցներ կառուցելու պայմանագիր էր կնքել: 2017-ին Աբովյան 5 հասցեում սկսվեցին հյուրանոցի շինարարական աշխատանքները: Իրականացվում էին «Մուլտի գրուպ» կոնցեռնին պատկանող շինության քանդման աշխատանքներ՝ այս և հարակից տարածքներում հյուրանոցային համալիրը կառուցելու նպատակով: Դեռևս 2008-ին Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի դեմ Աբովյան 5 հասցեում իրականացվող շինարարության հետ կապված հայց էր ներկայացվել դատարան։ Հայցվորը հարևան շենքի սեփականատեր Աննա Մարտիրոսյանն էր: Ըստ հայցի՝ շինարարական աշխատանքներն ընթացել էին խախտումներով, ինչի արդյունքում վնասվել էր իր շենքի սեյսմակայունությունը: Դատարանը վճռել էր դադարեցնել շինարարությունը՝ մինչև կառուցապատող ընկերությունը վերացնի խախտումները: Հյուրանոցի շինարարական աշխատանքները ընդհատումներով շարունակվել են նաև դրանից հետո:  2018 թվականի փետրվարին Մարտիրոսյանը մեկ այլ հայցով դիմել էր դատարան, որի արդյունքում նորից կասեցվել էր հյուրանոցի շինարարությունը: Հայցով «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ից պահանջվում էր Աբովյան փողոց 5 հասցեին կից տարածքները վերականգնել մինչ շինարարական աշխատանքների եղած դրությունը, շինարարությունն իրականացնել շինարարական նորմերի ու քաղաքաշինական նորմերի պահանջների համապատասխան` ապահովելով սեյսմիկ կարը։ 2018թ. փետրվարի 16-ին Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը տվել է շինարարության թույլտվություն, սակայն փետրվարի 19-ին դատարանը վարույթ է ընդունել «Մուլտի գրուպ» կոնցեռնի դեմ ներկայացված հայցը, որի արդյունքում կասեցվել են շինարարական աշխատանքները, և անվավեր են ճանաչվել 2017-ի դեկտեմբերին և 2018-ի փետրվարին Երևանի քաղաքապետարանի տված շինարարության թույլտվությունները: Շինարարական աշխատանքների ընթացքում «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերության գլխավոր տնօրենը չի պահպանել օրենսդրության համապատասխան պահանջները, և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունում 2018թ. ապրիլի 3-ին կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն, հայտնաբերված իրավախախտման փաստով Երևանի քաղաքապետարանի (քաղաքապետ՝ Տարոն Մարգարյան)  նախաձեռնությամբ հարուցվել է վարչական վարույթ և 2018թ. մայիսի 2-ին կայացվել է որոշում՝ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրենին ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին՝ նշանակելով վարչական տույժ՝ 200.000 ՀՀ դրամի չափով: Գլխավոր տնօրենը ծանուցվել է շինարարական աշխատանքները դադարեցնելու մասին, սակայն, անտեսելով այն, շարունակել է աշխատանքները: Նույն վարչական իրավախախտումը կրկին հայտնաբերելուց հետո՝ 2018թ. հունիսի 7-ին, կազմվել է ևս մեկ արձանագրություն, որի հիման վրա Երևանի քաղաքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2018թ. հունիսի 27-ին կրկին կայացվել է որոշում՝  ՍՊԸ գլխավոր տնօրենին ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին և նշանակվել է վարչական տույժ՝ 2.500.000 ՀՀ դրամի չափով: Քրեական գործով «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերության գլխավոր տնօրենին՝ Սեդրակ Առուստամյանին, մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315.1-րդ հոդվածով՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելու և դրա հետևանքները չվերացնելու, ինչպես նաև ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելու և անօրինական կառույցները չքանդելու հատկանիշներով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: 2020թ. ապրիլի 8-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն՝ եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ: Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նաև 2020թ. ապրիլի 14-ին՝ իր նկատմամբ կրկնակի վարչական տույժ նշանակվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, Երևան քաղաքի Աբովյան 5/1, 5/2, 5/5 հասցեներում շինության կառուցումը չդադարեցնելու և հիշյալ շինության կառուցումը շարունակելու մեղադրական եզրակացությամբ: Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակված է 2020թ. հուլիսի 24-ին, տեղեկանում ենք DataLex դատական տեղեկատվական համակարգից: Այսպիսով՝ տեսանյութում հնչած այն պնդումը, թե հյուրանոցի շինարարական աշխատանքները կիսատ են մնացել քաղաքապետարանի ստեղծած արհեստական խոչընդոտների պատճառով, անհիմն են, քանի որ դրա պատճառը հարուցված դատական գործերն են: «Երիտասարդական թաղամաս»՝ Աբովյանում Գագիկ Ծառուկյանը Աբովյան քաղաքի 55-ամյակի տոնակատարության ժամանակ Աբովյանի քաղաքացիներին խոստացել էր կառուցել նոր բնակելի թաղամաս՝ երիտասարդների համար: Շինարարական աշխատանքները մեկնարկել էին հայտարարությունից 1 ամիս անց, սակայն 2019թ. փետրվարին Կոտայքի մարզպետարանի իրավական և մասնագիտական հսկողություն իրականացնող աշխատանքային խումբն արձանագրել է Աբովյան քաղաքում ինքնակամ կառուցվող շենքերի հիմքերի իրականացման փաստ: Մեր հարցմանն ի պատասխան՝ Կոտայքի մարզպետարանից տեղեկացրին, որ Աբովյանի քաղաքապետին առաջարկվել է կասեցնել ապօրինի շինարարությունը և սահմանված կարգով օրինականացնել հետագա կառուցապատումը: 2019թ. ապրիլի 9-ին Աբովյանում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքները ուղարկվել են Կոտայքի մարզի դատախազին՝ դրանք քննության առարկա դարձնելու նպատակով: Հետագայում՝ 2019թ. հուլիսի 3-ին, համայնքի ղեկավարի ցուցաբերած անգործության հետևանքով և ՀՀ Կոտայքի մարզպետի ահազանգի հիման վրա ՀՀ քաղաքաշւնության, տեղնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն իրականացրել է տեսչական ստուգումներ, և դրանց արդյունքների հիման վրա 2019թ. հուլիսի 4-ին կազմվել է հողերի օգտագործման և պահպանման խախտումների վերաբերյալ թիվ 12 ակտը: Համայնքի ղեկավարը, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի դրույթների կիրառմամբ ինքնակամ կառուցապատում իրականացնող Մուլտի Գրուպ Կոնցեռնին Աբովյան քաղաքի Զ. Անդրանիկի փողոցի թ.թ. 6,7,8,9, 21 և 22 հասցեներում գտնվող սեփական հողամասերի վրա ինքնակամ շինություններ կառուցելու համար նշանակվել է 200․000 դրամ վարչական տուգանք: Նշված հասցեներին հարակից, համայնքային սեփականություն հանդիսացող ավելի քան 3,7 հա հողատարածքում իրականացված թվով 13 շենքերի ինքնակամ կառուցման համար նշանակվել է ևս 400․000 դրամ տուգանք: Տեսչական մարմինը արձանագրված խախտումների վերաբերյալ նյութերը ուղարկել է ՀՀ դատախազություն: Ըստ հարցման պատասխանի՝ ինքնակամ կառուցապատում իրականացնող ընկերությունը՝ Մուլտի Գրուպ Կոնցեռնը, շինարարությունը չի դադարեցրել, Աբովյանի քաղաքապետն էլ գործուն միջոցներ չի ձեռնարկել ինքնակամ շինարարությունը դադարեցնելու համար, այդ թվում՝ ընկերության վրա չի կիրառվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դրույթը՝ համաձայն որի՝ տուգանքները նշանակելուց հետո ինքնակամ շինարարությունը շարունակելը առաջացնում է տուգնաքի նշանակում՝ 2․500․000 դրամի չափով:  2019թ. օգոստոսին Կոտայքի մարզպետարանում կայացել է Երիտասարդական թաղամասի հարցի քննարկում, որին մասնակցել է նաև Աբովյանի քաղաքապետը: Քննարկման ադյունքում առաջարկվել է դադարեցնել շինարարությունը և մեկամսյա ժամկետում քայլեր իրականացնել՝ դրանց օրինականացման ուղղությամբ: 2019-ի սեպտեմբերին Աբովյանի քաղաքապետարանում Կոտայքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության, հողաշինության և հողօգտագործման բաժնի պետերի մասնակցությամբ կայացած քննարկման ընթացքում առաջարկվել է, որ Աբովյանի քաղաքապետին լիցենզավորված ընկերությունների ներգրավմամբ իրականացվեն չափագրման աշխատանքներ, որոնց արյունքում կօրինականացվի շինարարությունը: Հոկտեմբերին իրականացված տարածքի տեղազննության արդյունքում պարզվել է, որ շինարարական աշխատանքները լայն թափով շարունակում են ընթանալ: Նոյեմբերի 25-ին Աբովյանի քաղաքապետարանի և Կոտայքի մարզպետարանի աշխատակիցների համատեղ շրջայցի ընթացքում շինարարությունն արդեն դադարեցված է եղել: Համեմատելով նախորդ ստուգայցի ժամանակ արձանագրված տվյալները՝ պարզվել է, որ թիվ 10 շենքը ավելացել է ևս 2 հարկով, թիվ 11-ը և 13-ը 3-ից դարձել են 5 հարկ, իսկ թիվ 14-ը 6-ից դարձել է 9 հարկ: Այսպիսով՝ Երիտասարդական թաղամասի շինարարական աշխատանքները կիսատ են մնացել ոչ թե իշխանությունների ապաշնորհ կառավարման, այլ շինարարության ապօրինի լինելու պատճառով: Արսիլիցիումի գործարանի ներդրումային ծրագիր, որն, իբրև, կիսատ է մնացել՝ «արհեստական խոչընդոտների, բյուրոկրատական  քաշքշուկների» պատճառով  «Արսիլիցիում» ՍՊԸ-ն 2018 թվականին հիմնել են Գագիկ Ծառուկյանն ու Դավիթ Գևորգյանը:  Սիլիցիումը թթվածնից հետո բնության մեջ ամենատարածված քիմիական տարրն է Երկրի վրա: Բնության մեջ ազատ վիճակում չի հանդիպում. հանդիպում է գլխավորապես միացությունների մեջ, մասնավորապես՝ գրանիտի, բազալտի, քվարցի, կավի, ավազի: Սիլիցիումը օգտագործվում է ջերմաէլեկտրական, ռադիո-լուսատեխնիկական սարքեր, ուղղիչներ և փոխարկիչներ պատրաստելու համար։ Սիլիցիումի փոշուց ստանում են համաձուլվածքներ, սիլիցիդներ և սիլիցիումի կարբիդ։ Ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի դիմումի և Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանի առաջարկության հիման վրա ընդունվել է որոշում՝ Արարատ քաղաքային  համայնքի վարչական տարածքում գտնվող, «ԱՐՍԻԼԻՑԻՈՒՄ» ՍՊԸ-ի սեփականությունը  հանդիսացող  10,0 հա հողամասից 7,0 հա մակերեսով գյուղատնտեսական  նշանակության  արոտավայր  հողատեսքը՝ փոխել և դարձնել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամաս: Այստեղ կառուցվելու էր սիլիցիումի գործարան, սակայն, օրենքով սահմանված կարգով կազմակերպված առաջին հանրային լսումների ժամանակ կազմակերպիչների նախաձեռնությունը մերժվել է, ինչի պատճառով գործարանի կառուցման աշխատանքները կիսատ են մնացել: Արարատի բնակիչները նույնպես դեմ էին արտահայտվել իրենց քաղաքում սիլիցիումի գործարանի կառուցմանը: Մեր գրավոր հարցին՝ գործարանը ի՞նչ վնաս կարող էր հասցնել բնակչության առողջությանը, Շրջակա միջավայրի նախարարությունը պատասխանել է, որ գործարանի շահագործման և կառուցման նախագծային փաստաթղթերը չեն ներկայացվել նախարարություն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության: «Արմօյլ» գործարան, որն, ըստ տեսանյութի, «պատկան գերատեսչությունների հարուցած արհեստական խոչընդոտների պատճառով» չի հաջողվում գործարկել Ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին: Ըստ ընկերության կայքում տեղ գտած տվյալների՝ այն զբաղվելու էր նավթային հումքի, նավթամթերքի` ավտոյուղերի, դիզելային վառելիքի, բիտումի ներմուծմամբ և մանրամեծածախ վաճառքով:  2018 թվականի հուլիսի 10-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի՝ «Արմօյլ» ՓԲԸ նկատմամբ հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել էր, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում նավթավերամշակման գործարանի շինարարությունը սկսելուց առաջ «Արմօյլ» ՓԲԸ-ն չի իրականացրել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով նախատեսված հիմնադրութային փաստաթղթերի հիման վրա գործարանի հետագա կառուցմամբ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և փորձաքննություն, որի արդյունքում Տեսչական մարմնի՝ արդեն նախկին  ղեկավար Արթուր Գրիգորյանը հուլիսի 16-ին կայացրել էր նավթավերամշակման գործարանի շինարարությունը կասեցնելու որոշում՝ մինչև ՇՄԱԳ-ը և փորձաքննության դրական որոշման ստացումը։ 2018 թվականի հուլիսի 14-ին և 18-ին ընկերությունը տեխնիկական փաստաթղթերը ներկայացրել էր բնապահպանության նախարարություն՝ ՇՄԱԳ-ի և փորձաքննության համար, սակայն ՇՄԱԳ փորձաքննության մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասին չհամապատասխանելու հիմնավորմամբ՝ փաստաթղթերը երկու անգամն էլ վերադարձվել էին լրակազմման: Սակայն ՇՄԱԳ փորձաքննության վերաբերյալ ընկերության դիրքորոշումն այս ընթացքում փոփոխվել էր: «Արմօյլ» ընկերության գլխավոր տնօրեն Ալֆրեդ Աբեդիի կարծիքով՝ իրենց արտադրությունը ենթակա չէր փորձաքննության, քանի որ բիտում և քսայուղերի արտադրության մասով օրենքը ոչ մի փորձաքննություն չի նախատեսում: Բնապահպանության նախարարությունը «Արմօյլ» ընկերության արտադրությունը դասել էր նավթավերամշակման արդյունաբերության վառելիքայուղային ուղղվածության գործարանների շարքին և դրանով պայմանավորված՝ որոշել, որ այն ենթակա է փորձաքննության: Ընկերությունը, սակայն, հրաժարվում էր ՇՄԱԳ փորձաքննությունից:  Բացի սրանից՝ 2019 թվականի փետրվարի 5-ին «Արմօյլ» ընկերության դեմ հայցադիմում էր ներկայացրել ընկերության կառուցած նավթամթերքի վերամշակման գործարանի հարևանությամբ՝ Եղվարդի Նատի թաղամասում պտղատու այգիներ հիմնած և տարիներ շարունակ չրի արտադրությամբ զբաղվող «Ռիվալ» ընկերությունը և նրա հիմնադիր Ռաֆիկ Վիրաբյանը՝ սեփականության իրավունքի խախտումը վերացնելու և որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու պահանջով: «Ռիվալ»-ի և Ռաֆիկ Վիրաբյանի հայցադիմումն ընդդեմ «Արմօյլ» ՓԲԸ-ի՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2019թ. փետրվարի 21-ին վարույթ էր ընդունել: Նույն օրը դիմումատուն հայցի ապահովման վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել՝ պահանջով՝ որպես հայցի ապահովման միջոց, կիրառել անշարժ գույքի վրա արգելանքը, ցանկացած գործողություն իրականացնել արգելելը և շինաշխատանքների դադարեցում պարտավորեցնելը: Դատարանը բավարարել էր «Ռիվալ» ընկերության և Ռաֆիկ Վիրաբյանի միջնորդությունը, և դրա հիման վրա էլ ԴԱՀԿ-ն կատարողական վարույթ էր հարուցել և ընդունել նշված որոշումները: ԴԱՀԿ-ն արգելել էր «Արմօյլ»-ին նշված հասցեներում գտնվող տարածքներում իրականացնել ցանկացած տեսակի գործողություն:  2019թ. օգոստոսի 22-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վարույթ է ընդունել 2019թ. հուլիսի 31-ին ներկայացված՝ «Ռիվալ» ՍՊԸ-ի և նրա հիմնադիր Ռաֆիկ Վիրաբյանի՝ վնաս պատճառող գործունեությունն արգելելու պահանջի մասին հայցադիմումն ընդդեմ «Արմօյլ» ՓԲԸ-ի: Շրջակա միջավայրի նախարարությունը, Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Քաղաքաշինության կոմիտեն, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը և Եղվարդ համայնքի ղեկավարը գործում ներգրավված են եղել որպես երրորդ անձինք:  2020թ. հունիսի 18-ին «Ռիվալ» ՍՊԸ և նրա հիմնադիր Ռաֆիկ Վիրաբյանը նորից հայցադիմում են ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ «Արմօյլ» ՓԲԸ-ի դեմ՝ շինություններն ինքնակամ քանդելուն` ապամոնտաժելուն պարտավորեցնելու պահանջով: Գործում որպես երրորդ անձինք ներգրավված են եղել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը և Քաղաքաշինության կոմիտեն: Հայցադիմումը վարույթ է ընդունվել 2020թ. հունիսի 8-ին: Հայցվորը նաև պատասխանողին որոշակի գործողություններ արգելելու վերաբերյալ հայցի ապահովում կիրառելու միջնորդություն է ներկայացրել, որը, սակայն, դատարանը մերժել է: Այսպիսով՝ պնդումը, թե «Արմօյլ» գործարանը պատկան գերատեսչությունների հարուցած արհեստական խոչընդոտների պատճառով չի հաջողվում գործարկել, սխալ է, քանի որ այն կապված է ընկերության՝ ՇՄԱԳ փորձաքննությունից հրաժարվելու, ինչպես նաև «Ռիվալ» ՍՊԸ-ի ներկայացրած հայցադիմումների հիմքով հարուցված դատական գործերի հետ: Բամբակի գործարանի մասին 2017 թվականին «Մուլտի գրուպ» կոնցեռնի և «Սաբբաղ գրուպ» ընկերության միջև կնքվել է ներդրումային պայմանագիր, որով նախատեսվում էր հետագա 5 տարիների ընթացքում Հայաստանի տեքստիլ արդյունաբերության ոլորտում ավելի քան 4 հազար աշխատատեղ ստեղծել: 2019-ի ապրիլին Երևանի Արգիշտի 9 հասցեում հիմնվել է «ԾԱՌՈՒԿՅԱՆ ՔՈԹԹՈՆ ՌՈԴ» ՍՊԸ-ն, որի հիմնական նպատակը տեքստիլի արտադրության ամբողջ ցիկլը (բամբակի մշակումից՝ մինչև արտադրանքի թողարկում) Հայաստանում իրականացնելն էր: Հիմնադիրներն են Գ. Ծառուկյանը (70 %), Գագիկ Խաչիկյանը (20 %), որը նաև ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն է, Ամմար Սաբբաղը (5 %)՝ «Սաբբաղ գրուպ» ընկերության վարչական կազմի ղեկավարը, ու Ֆաուզի Ակֆալին (5 %): Ըստ հարկ վճարողների ռեգիստրի՝ Գագիկ Ծառուկյանի, Ամմար Սաբբաղի և Ֆաուզի Ակֆալիի մասնակցությունը դադարեցված է: Ընկերությունն Արաքս գետի ափին՝ Արմավիրի մարզի Արաքս և Հայկաշեն համայնքներում, հիմնել էր բամբակի դաշտեր: Հայկաշեն համայնքի կազմում գտնվող Գայ համայնքի բնակիչների սեփականությունը հանդիսացող հողերում ևս բամբակի սերմ էր ցանվել, որի մասին բնակիչները իմացել էին պատահաբար: Նրանց պնդմամբ՝ Հայկաշեն համայնքի ղեկավարը՝ Վարշամ Հովհաննիսյանը, առանց իրենց իմացության թույլատրել է իրենց սեփականություն հանդիսացող հողերում բամբակ ցանել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելու հատկանիշներով, որոնք ակնհայտորեն դուրս են եղել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց։ «ԾԱՌՈՒԿՅԱՆ ՔՈԹԹՈՆ ՌՈԴ» ՍՊԸ-ի հիմնադիր Գագիկ Խաչիկյանի առնչությամբ էլ պարզվել էր, որ նա անցյալ տարի ստեղծել էր «Ուզբեկ տեքստիլ գրուպը», աշխատանքի էր հրավիրել տաջիկների, որոնց մի մասին հետագայում հրաժարվել էր աշխատավարձ վճարել։ Տաջիկները բողոքի ակցիաներ անցկացրին, բարձրացած աղմուկից հետո վճարվեցին ու հեռացան Հայաստանից։ Պարզվել էր նաև, որ Խաչիկյանը Ծովազարդի տեքստիլի ֆաբրիկայի սեփականատերն է, որը չի կատարել խոշոր չափով վարկային պարտավորություններ։ Խաչիկյանը երկու անգամ մեղավոր է ճանաչվել փաստաթղթեր կեղծելու ու սահմանն ապօրինի հատելու համար։ Երկու անգամ էլ նույն գործողությունը կատարելու համար տուգանք է վճարել։ Հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Պետեկամուտների կոմիտեն հունիսի 24-ին «Ծառուկյան քոթթոն ռոդին» ծանուցել էր ավելի քան 4.8 միլիոն դրամ չկատարած հարկային պարտավորությունների մասին։ Բամբակի գործարանի աշխատանքների ձգձգման վերաբերյալ մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացրին, որ Արարատի մարզի Հայանիստ համայնքում բամբակի գործարանի կառուցման համար ՀՀ կառավարության աջակցություն նախատեսված չէ, և այն իրականացնում է մասնավոր ներդրողը: Իսկ ըստ նախնական տեղեկության՝ վերջին 5 ամիսների ընթացքում աշխատանքներ չեն տարվել՝ մասնավոր ընկերությունում առկա ֆինանսական խնդիրների պատճառով: 20 մլրդ դոլարի ներդրում, որը, ըստ ԲՀԿ-ականների, «իշխանությունների՝ բավարար կամք չցուցաբերելու պատճառով» կյանքի չկոչվեց Այս նեդրումային ծրագրի մասին խոսել էր նաև Գագիկ Ծառուկյանը՝ հունիսի 16-ին իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և իր նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու միջնորդության քննարկման ժամանակ: Ելույթի ժամանակ Ծառուկյանը մեղադրել էր իշխանություններին՝ ներդրումային ծրագրերի նկատմամբ անտարբերություն ցուցաբերելու համար: Սակայն, իրականում, ներդրումային այս ծրագիրը չի իրականացվել, քանի որ դրա իրականացումը կհամարվեր հակաօրինական:  Հիշյալ ներդրումային ծրագրի համար ներդրողը պահանջել է պետական երաշխիք, որը համարվում է պետական պարտքի բաղկացուցիչ մաս: Ըստ «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի՝ պետական պարտքը կառավարության պարտքի և Կենտրոնական բանկի պարտքի հանրագումարն է: Ներդրումները և զարգացման ծրագրերը համարվում են կառավարության պարտք:  Նույն օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ կառավարության պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցության սահմանային շեմը պետք է լինի 60 տոկոս: Կառավարության պարտքը նախորդ տարվա վերջի դրությամբ կազմել է 6․8 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի 49․9 տոկոսը։  Եթե կառավարությունն ընդուներ այս ծրագիրը, ապա տեղի կունենար Հայաստանի օրենսդրությամբ ամրագրված հարկաբյուջետային կանոնների խախտում, և կառավարության պարտքն էապես կգերազանցեր ինչպես օրենքով ամրագրված սահմանային շեմը, այնպես էլ՝ երկրի ՀՆԱ-ն (մոտ 2 անգամ)։ Այս մասին Գագիկ Ծառուկյանի ելույթից հետո գրել էր Fip.am-ը: Ըստ այդմ՝ տեսանյութում հնչած այն պնդումը, թե ներդրումային ծրագիրը չի իրականացել իշխանությունների՝ բավարար կամք չցուցաբերելու պատճառով, իրականությանը չի համապատասխանում: Այսպիսով, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի չիրագործված ներդրումային ծրագրերի վերաբերյալ 5 րոպե 47 վայրկյան տևողությամբ տեսանյութում առնվազն հինգ ապատեղեկատվություն և մանիպուլյացիոն պնդում կա։ Զարա Խաչատրյան
12:29 - 18 օգոստոսի, 2020
Կորսված փողե՞ր, թե՞ վարկային միջոցներ. 5-րդ ալիքը մանիպուլացնում է

Կորսված փողե՞ր, թե՞ վարկային միջոցներ. 5-րդ ալիքը մանիպուլացնում է

2020 թվականի օգոստոսի 7-ին 5-րդ ալիքը հրապարակել է տեսանյութ՝ «Կորսված փողեր եւ հույսեր» վերտառությամբ, որտեղ ներկայացվում են կառավարող ուժի որոշ պաշտոնյաների եկամուտները, հեղափոխությունից հետո ձեռք բերած անշարժ եւ շարժական գույքը։ տեսանյութի որոշ դրվագներում, սակայն, առկա են մանիպուլյատիվ կամ կեղծ պնդումներ․ չի նշվում, թե ինչ միջոցներով է գնվել գույքը: Տեսանյութում ներկայացվող տվյալների մի մասը վերցված է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» հայտարարագրերի ռեեստրից, իսկ մյուս մասը՝ մամուլում շրջանառվող լուրերից: Մասնավորապես, տեսանյութում, համեմատելով Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստացած եկամուտները, հեղինակն ասում է, թե 2018 թվականի իշխանափոխությունից հետո Գարիկ Սարգսյանի ընտանիքի համար կյանքն ակնհայտորեն փոխվել է: Որից հետո ներկայացվում է Սարգսյանի հոր՝ Մնացական Սարգսյանի՝ 2019 թվականի տարեկան հայտարարագիրը, որտեղ, ըստ տեսանյութի, վերջինս այդ տարի հայրենի Նոր Կյանք գյուղում համատեղ սեփականությամբ հողամաս է հայտարարագրել, մեկ այլ հողամաս՝ Նոր Ուղիում: Նյութի համաձայն՝ միանձնյա սեփականությամբ երկու հողամաս էլ գնել է Արալեզում, 2019 թվականի նոյեմբերին էլ 13 հազար 500 դոլար արժողությամբ Toyota մակնիշի մեքենա է գնել: Պարզելու համար՝ արդյոք Գարիկ Սարգսյանի հայրը նշված գույքը ձեռք է բերել 2018 թվականի հեղափոխությունից հետո՞, մենք նույնպես կօգտվենք այն նույն հայտարարագրից, որի հիման վրա արվել էին հիշյալ լրատվամիջոցի պնդումները: Գարիկ Սարգսյանի հոր՝ 2019 թվականի տարեկան հայտարարագրում, այո՛, նշված են բոլոր այն կետերը, որոնք ներկայացված են 5-րդ ալիքի տեսանյութում, սակայն հայտարարագրած 4 հողամասերն էլ, որոնցից 3-ը ձեռք են բերվել գնումով, առկա են եղել 2019 թվականի սկզբում: Հետեւաբար՝ հայտարարագրած հողամասերը ձեռք չեն բերվել 2019 թվականի ընթացքում: Բացի այդ՝ տվյալ տարվա ընթացքում ձեռքբերված եւ օտարված անշարժ գույքի դաշտը եւս լրացված չէ, ինչը նույնպես ապացուցում է այն, որ հողամասերը ձեռք են բերվել մինչեւ 2019 թվականը: Հաջորդ հավանական վարկածն այն է, որ Գարիկ Սարգսյանի հայրը նշված հողամասերը ձեռք է բերել 2018 թվականին՝ հեղափոխությունից հետո: Սա եւս հեշտ ստուգելի է, քանի որ Սարգսյանի հայրը ներկայացրել է նաեւ 2018 թվականի տարեկան հայտարարագիր, ըստ որի՝ նա 2018 թվականի ընթացքում նույնպես չի գնել եւ չի վաճառել որեւէ անշարժ գույք, այդ թվում՝ հողամաս: Հաջորդը 13.500 ԱՄՆ դոլար արժողությամբ Toyota մակնիշի ավտոմեքենայի գնման մասին պնդումն է, որը լիովին համապատասխանում է իրականությանը․ Գարիկ Սարգսյանի հայրը 2019 թվականի նոյեմբերի 11-ին գնել է վերոնշյալ ավտոմեքենան, սակայն թերի ինֆոմացիա չտալու համար անհրաժեշտ է նշել նաեւ այն, որ մինչ Toyota մակնիշի մեքենան գնելը՝ Սարգսյանի հայրը վաճառել է իր Suzuki մակնիշի ավոտմեքենան՝ 5500 ԱՄՆ դոլարով: Այսպիսով՝ 5-րդ ալիքի պնդումները, թե 2019 թվականի ընթացքում Գարիկ Սարգսյանի հայրը ձեռք է բերել 4 հողամաս, իրականությանը չի համապատասխանում: Գարիկ Սարգսյանի հոր հայտարարագրի տվյալները ներկայացնելուց հետո տեսանյութի հեղինակն անդրադառնում է Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարագրած ունեցվածքին: Տեսանյութում, մասնավորապես, նշվում է, թե Կոտայքի հեղափոխական մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը 2019 թվականի հոկտեմբերին 51 մլն դրամով՝ շուրջ 100 հազար դոլար արժողությամբ բնակարան է ձեռք բերել Երեւանի Երազ բնակելի թաղամասում: Վերոնշյալը համապատասխանում է իրականությանը. Պետրոսյանը 2019 թվականի հոկտեմբերի 3-ին գնել է բնակարան՝ 51 մլն ՀՀ դրամ արժողությամբ: Սակայն ի՞նչ միջոցներով է գնել բնակարանը. հարցի պատասխանը հնարավոր է գտնել հենց նույն հայտարարագրում, որից օգտվել է տեսանյութի հեղինակը: Պետրոսյանը նույն ամսի 30-ին վաճառել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող իր 2 բնակարաններից մեկը՝ 17.8 մլն ՀՀ դրամով: Բացի այդ՝ Պետրոսյանը նաեւ վարկեր է վերցրել՝ 35 մլն ՀՀ դրամ՝ Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկից եւ 875 հազար ՀՀ դրամ՝ Ամերիա բանկից: Եթե Ռոմանոս Պետրոսյանի գնած բնակարանի արժեքը համեմատենք փոխառությունից եւ գույքը օտարելուց ստացված եկամուտների հետ, ապա կարող ենք եզրակացնել, որ հենց այդ միջոցներով էլ Պետրոսյանը գնել է 51 մլն ՀՀ դրամ արժողությամբ բնակարանը: 5-րդ ալիքը հաջորդիվ անդրադառնում է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին․ ««Քաղացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը 2019 թվականի փետրվարին եւս բարելավել է բնակարանային իր պայմանները. 26 մլն դրամով բնակարան է ձեռք բերել Երեւանի Արաբկիր վարչական շրջանում»: Այո՛, Պապիկյանը 2019 թվականի փետրվարի 11-ին 26 մլն 762 հազար ՀՀ դրամով գնել է բնակարան՝ Երեւանի Արաբկիր վարչական շրջանում: Սակայն նույն տարում նա վաճառել է իր Nissan մակնիշի ավտոմեքենան՝ 2.5 մլն ՀՀ դրամով, ինչպես նաեւ ներգրավել է վարկային միջոցներ: Ներգրաված վարկային միջոցները կազմել են Արդշինբանկից 18.73 մլն ՀՀ դրամ, ՎՏԲ բանկից` 1.8 մլն ՀՀ դրամ:   Մյուս պաշտոնյան, որի հայտարարգիրը դիտարկել է լրատվամիջոցը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է։ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Ազգային Ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը 2019 թվականի օգոստոսին 114 մլն դրամով` շուրջ 228 հազար դոլար, բնակարան է ձեռք բերել Երեւանի կենտրոնում: 2018 թվականի հունիսին էլ ձեռք է բերել 2012 թվականի արտադրության Range Rover մեքենա»,- ասվում է տեսանյութում: Սկսենք Range Rover մակնիշի ավտոմեքենայից. Սիմոնյանը 2018 թվականի հունիսի 12-ին գնել է Range Rover մակնիշի ավտոմեքենա՝ 12 մլն ՀՀ դրամով, սակայն նույն տարում նաեւ վաճառել է իր Mitsubishi մակնիշի ավտոմեքենան 5 մլն 520 հազար ՀՀ դրամ մոտավոր արժեքով: Բացի այդ` Սիմոնյանը ներգրավել է նաեւ շուրջ 2800 ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ: Ինչպես նաեւ նվազել են նրա դրամական միջոցները: Դրանք տարեսկզբին կազմում էին 2.5 մլն ՀՀ դրամ եւ 16.200 ԱՄՆ դոլար, իսկ տարեվերջին` համապատասխանաբար 2.2 մլն ՀՀ դրամ եւ 6250 ԱՄՆ դոլար: 2019 թվականի օգոստոսի 15-ին  Սիմոնյանը գնել է 114 մլն ՀՀ դրամ արժողությամբ բնակարան, սակայն մինչ բնակարանը գնելը՝ նույն տարվա մայիսի 7-ին, վաճառել է իր հին բնակարանը՝ 125 մլն ՀՀ դրամով: Այսինքն` վաճառած բնակարանի արժեքն ավելի մեծ է եղել, քան նոր գնած բնակարանինը: Բացի այդ` Սիմոնյանը ներգրավել է նաեւ վարկային միջոցներ` շուրջ 25 մլն ՀՀ դրամի: ԱԺ փոխնախագահից հետո լրատվամիջոցն անդրադարձել է ԱԺ նախագահին։ «Ապառիկով հեռուստացույց գնող Ազգային ժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արարատ Միրզոյանի կյանքն իշխանափոխությունից հետո կարծես էականորեն է փոխվել․ 2018 թվականի հոկտեմբերին Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում 50 մլն դրամ արժողությամբ բնակարան է ձեռք բերել: 2019 թվականի տարեվերջին Միրզոյանի դրամական միջոցները կազմել են 12 մլն դրամ: Աշխատանքի վարձատրությունը Ազգային ժողովից կազմել է 15 մլն 700 հազար դրամ: Արարատ Միրզոյանի կինը` Գոհար Աբաջյանը, 2019 թվականի ամռանը 6 մլն դրամով 2011 թվականի արտադրության Kia մակնիշի ավտոմեքենա է գնել»: Արարատ Միրզոյանը 2018 թվականի հոկտեմբերի 2-ին 49 մլն 700 հազար ՀՀ դրամով գնել է բնակարան՝ Երեւանի Աջափնյակ շրջանում: Թե ինչ միջոցներով է գնել` դարձյալ կարող ենք իմանալ իր ներկայացրած հայտարարագրից: Միրզոյանը նույն տարում վաճառել է իր՝ արդեն հին բնակարանը՝ 13 մլն 600 հազար ՀՀ դրամով, բացի այդ՝ ներգրավել է նաեւ վարկային միջոցներ` շուրջ 34 մլն 790 հազար ՀՀ դրամի: Միրզոյանի եկամուտները հարկային տարում ընդհանուր առմամբ կազմել են 63 մլն 121 հազար ՀՀ դրամ: Արարատ Միրզոյանի կինը` Գոհար Աբաջյանը, 2019 թվականի հունիսի 26-ին գնել է 6.2 մլն ՀՀ դրամ արժողությամբ Kia մակնիշի ավտոմեքենա, սակայն նա նույնպես ներգրավել է շուրջ 4 մլն 240 հազար ՀՀ դրամի վարկային միջոցներ:  Հայտարարագրերում առկա անշարժ եւ շարժական գույքը ներկայացնելուց հետո տեսանյութում խոսվում է այն մասին, որ սա պաշտոնյաների ունեցվածքի մի մասն է միայն: Մասնավորապես ասվում է. «Մի օր, հուսանք, կպարզվի, թե ինչ միջոցներով է վարչապետ Փաշինյանի պատգամավոր աներորդին գնել եւ վերանորոգում Ձորաղբյուրում գտնվող առանձնատունը, որը Հրաչյա Հակոբյանի համեստ հայտարարագրում չկա»: Այդ մի օրը երկար սպասեցնել չտվեց, քանի որ հրապարակման հաջորդ օրը պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ առանձնատունը ձեռք է բերել 2020 թվականին. «Քանի որ գույքը ձեռք եմ բերել 2020 թվականի հունվարին, հետեւաբար հայտարարագրում չէի կարող ներկայացնել: Այս տարվա հայտարարգրում ներկայացված են նախորդ տարվա եկամուտները, ձեռք բերվածը եւ այս տարում ձեռք բերվածը պարզապես չէի կարող հայտարարագրել: Գույքը ներկայացնելու եմ 2020 թվականի հայտարարագրում, որը լրացնելու եմ 2021 թվականին: Գույքը ձեռք եմ բերել 25 հազար դոլարով, 20 հազար դոլար բանկից վարկ եմ վերցրել, 5 հազար դոլար խնայած միջոցներ ունեի՝ տվել եմ կանխավճար: Տան պատերը եղել են այնպիսին, ինչպիսին հիմա են, ես միայն փոխել եմ կտուրը, պատուհանները եւ դրսից քարով երեսպատել եմ»,- զրույցի ընթացքում ասել է Հակոբյանը: Նիկոլ փաշինյանի ընտանիքի վերաբերյալ տեսանյութում ասվում է. «Վարչապետ Փաշինյանի ընտանիքն այս ընթացքում մեղադրվեց ծխախոտի ու ադամանդի մաքսանենգության, առանց պետական տուրքի վճարման մետաղի ջարդոն արտահանելու եւ զենքի ապօրինի առեւտրի մեջ. տեղեկություններ, որոնք այդպես էլ չհերքվեցին»: Թեպետ Փաշինյանն անձամբ չի հերքել, սակայն նախ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հերքեց իր առնչությունը ծխախոտի մաքսանենգության գործում, ապա «Փաստերի ստուգման հարթակը» ներկայացրեց, թե ով է արտադրել եւ արտահանել ծխախոտը: Ծխախոտ արտադրող ընկերությունը ոչ միայն կապ չունի նոր իշխանությունների հետ, այլեւ ընկերության բաժնեմասերի շուրջ 67%-ը պատկանում է նախկին իշխանության ներկայացուցիչներին: Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն՝ ընկերությունն ունի 3 բաժնետեր՝ Լիլիթ Աբրահամյան, Արսեն Հարությունյան եւ Վարդան Հարությունյան։ Վերջին երկուսը եղել են բարձրաստիճան պաշտոնյաներ։ Թեեւ մամուլում բազմիցս խոսվեց ադամանդի մաքսանենգության, առանց պետական տուրք վճարելու մետաղի ջարդոնի արտահանման եւ զենքի ապօրինի առեւտրի մասին, սակայն դրանք անապացուցելի պնդումներ են եւ 5-րդ ալիքը եւս որևէ ապացույց չի ներկայացնում: Այսպիսով՝ «Կորսված փողեր եւ հույսեր» տեսանյութում խոսվում է հեղափոխությունից հետո կառավարող ուժի ներկայացուցիչների մի մասի ձեռք բերած անշարժ եւ շարժական գույքի մասին, սակայն չի խոսվում ձեռք բերման եղանակների մասին՝ այդպիսով տպավորություն ստեղծելով, թե իշխանության ներկայացուցիչները գույքը ձեռք են բերել չարաշահումներով: Ամփոփելով՝ կարող ենք եզրակացնել, որ տեսանյութում տեղ գտած փաստերի մի մասը չի համապատասխանում իրականությանը, մի մասը մանիպուլյատիվ է, մի մասն էլ՝ անապացուցելի:  Նարեկ Մարտիրոսյան
10:30 - 16 օգոստոսի, 2020
Ակտիվ պատգամավորները. ԱԺ աշխատանք [2]

Ակտիվ պատգամավորները. ԱԺ աշխատանք [2]

2018-ի դեկտեմբերին խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում ձեւավորված 7-րդ գումարման Ազգային ժողովն իր առաջին նիստը գումարել է 2019 թվականի հունվարի 14-ին: Խորհրդարանի պատգամավորների թիվը 132 է՝ քաղաքական 3 թիմերից:  Շուրջ մեկուկես տարուց ավելի  է՝ աշխատում են օրենսդիր մարմնի  պատգամավորները, հանդես են գալիս օրենսդրական նախաձեռնություններով, ելույթներ են ունենում, հարցեր են ուղղում միմյանց, քննարկումներ են իրականացնում, ընդունում եւ փոփոխում են օրենքներ:  Նախորդ հրապարակմամբ  անդրադարձել էինք ԱԺ ոչ այնքան ակտիվ պատգամավորներին՝ «կոճակ սեղմողներին»: Ստորեւ ներկայացնում ենք 7-րդ գումարման Ազգային ժողովի աչքի ընկնող, շատ ելույթներ ու հարցեր հնչեցնող, շատ օրենսդրական նախաձեռնություններ ներկայացրած պատգամավորներին:  Ուսումնասիրության համար հիմք է հանդիսացել «Մանդատ» տեղեկատվական ՀԿ-ի հիմնած parliamentmonitoring.am կայքը, որը զբաղվում է խորհրդարանի աշխատանքի մշտադիտարկմամբ: Կայքում կարող եք գտնել խորհրդարանի պատգամավորների քվեարկությունները, ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները, ունեցած ելույթները եւ այլ անհրաժեշտ տեղեկություններ՝ Ազգային Ժողովի պատգամավորների վերաբերյալ: Նշենք, որ մշտադիտարկվում են միայն օրենսդրական քննարկումների ժամանակ հնչած հարցերը եւ ելույթները:  «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից 38-ը 4 նստաշրջանների ընթացքում ունեցել են 5-ից 20 ելույթ, իսկ 20 եւ ավելի ելույթ ունեցող պատգամավորների թիվը 21 է:  Օրինակ՝ պատգամավոր Սոնա Ղազարյանը 7-րդ գումարման Ազգային ժողովի 4 նստաշրջանների ընթացքում ունեցել է 10 ելույթ, հնչեցրել է 10 հարց: Հեղինակել կամ համահեղինակել է 8 օրենսդրական նախաձեռնություն: Քվեարկություններին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 622 անգամ, որոնցից կողմ է քվեարկել 539, դեմ՝ 60 անգամ: Պատգամավոր Անուշ Բեղլոյանը 4 նստաշրջանների ընթացքում ելույթ է ունեցել 9 անգամ, հնչեցրել է 18 հարց: 1 օրենսդրական նախագծի հեղինակ է: 599 քվեարկություններից կողմ է քվեարկել 514 անգամ, դեմ՝ 44: 5-10 անգամ ելույթ ունեցած պատգամավորների շարքում են նաեւ Տիգրան Ուլիխանյանը, Եղիշե Սողոմոնյանը, Անդրանիկ Քոչարյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Արթուր Մանուկյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Լենա Նազարյանը, Հովիկ Աղազարյանը, Թագուհի Ղազարյանը, Տիգրան Կարապետյանը, Արթուր Հովհաննիսյանը, Վահագն Հովակիմյանը, Սարգիս Խանդանյանը, Շիրակ Թորոսյանը, Հայկ Գեւորգյանը, Վահագն Թեւոսյանը եւ Արման Եղոյանը  4 նստաշրջանների ընթացքում 10-20 անգամ ելույթ են ունեցել շուրջ 19 պատգամավորներ: Օրինակ՝ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը 4 նստաշրջանների ընթացքում ունեցել է 20 ելույթ, հնչեցրել 18 հարց: Համահեղինակել կամ հեղինակել է 3 օրնսդրական նախաձեռնություն: Ընդհանուր առմամբ քվեարկություններին մասնակցել է 527 անգամ, որից 451 կողմ, դեմ՝ 43:  Պատգամավոր Վարազդատ Կարապետյանը 4 նստաշրջանների ընթացքում ելույթ է ունեցել 19 անգամ, հնչեցրել է 5 հարց: Պատգամավորը 40 օրենսդրական նախաձեռնությունների հեղինակ կամ համահեղինակ է: 697 քվեարկությունից՝ կողմ՝  578, դեմ՝ 74:  10-ից 20 ելույթ ունեցած պատգամավորների շարքում են նաեւ Սերգեյ Ատոմյանը, Սոս Ավետիսյանը, Լուսինե Բադալյանը, Սիսակ Գաբրիելյանը, Գոռ Գեւորգյանը, Արթուր Դավթյանը, Արփինե Դավոյանը, Նարեկ ԶԵյնալյանը, Հովհաննես Իգիթյանը, Արամ Խաչատրյանը, Արմեն Խաչատրյանը, Մարիա Կարապետյանը, Վարազդատ Կարապետյանը, Տաթեւիկ Հայրապետյանը, Սասուն Միքայելյանը, Քրիստինե Պողոսյանը, Ռուբեն Ռուբինյանը, Լիլիթ Ստեփանյանը եւ Արմեն Փամբուխչյանը: 7-րդ գումարման Ազգային ժողովի 4 նստաշրջանների ընթացքում «Իմ քայլը» խմբակցությունից 21 պատգամավորներ ելույթ են ունեցել 20 եւ ավելի անգամ: Օրինակ՝ պատգամավոր Արտակ Մանուկյանը 4 նստաշրջանների ընթացքում ելույթ է ունեցել 75 անգամ, հնչեցրել է 77 հարց: Հեղինակել կամ համահեղինակել է 46 օրենսդրական նախաձեռնություն: Ընդհանուր առմամբ մասնակցել է 659 քվեարկության, որից կողմ 538, դեմ՝ 72: Պատգամավոր Սուրեն Գրիգորյանը 4 նստաշրջանների ընթացքում ելույթ է ունեցել 68 անգամ, հնչեցրել 40 հարց: Պատգամավորը հեղինակել կամ համահեղինակել է 4 օրենսդրական նախաձեռնություն: Քվեարկել է 561 անգամ, որից կողմ՝ 491, դեմ՝ 45: Պատգամավոր Բաբկեն Թունյանը նույնպես բավականաչափ ելույթներ է ունեցել: 4 նստաշրջանների ընթացքում 63 ելույթ: Հնչեցրել է 19 հարց, հեղինակել կամ համահեղինակել է 27 օրենսդրական նախաձեռնություն: Քվեարկել է 707 անգամ, որից կողմ՝ 598, դեմ՝ 70:    20 եւ ավելի ելույթ ունեցած պատգամավորների շարքում են նաեւ Գայանե Աբրահամյանը, Նազելի Բաղդասարյանը, Նիկոլայ Բաղդասարյանը, Համազասպ Դանիելյանը, Միքայել Զոլյանը, Հայկ Կոնջորյանը, Վաղարշակ Հակոբյանը, Մխիթար Հայրապետյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Սոֆիա Հովսեփյանը, Լիլիթ Մակունցը, Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը, Ծովինար Վարդանյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Վլադիմիր Վարդանյանը, Վիկտոր Ենգիբարյանը եւ Գեւորգ Պապոյանը: 7-րդ գումարման խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցությունից ամենաշատ օրենսդրական նախաձեռնություններ ներկայացրած պատգամավորները Օրենսդրական նախաձեռնությունների համար հիմք է հանդիսանում ե՛ւ «Մանդատ» տեղեկատվական ՀԿ-ի հիմնած parliamentmonitoring.am կայքը, ե՛ւ Ազգայի ժողովի parliament.am կայքը: Այսպիսով` «Իմ քայլը» խմբակցությունից ամենաշատ օրենսդրական նախաձեռնություն հեղինակած կամ համահեղինակած պատգամավորը Արտակ Մանուկյանն է: Չնայած, որ parliamentmonitoring.am-ում նշված է 16 օրենսդրական նախաձեռնություն, այնուամենայնիվ, ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքի, Արտակ Մանուկյանը 46 օրենսդրական նախաձեռնության հեղինակ կամ համահեղինակ է: Ներկայացված օրենսդրական նախաձեռնություններից 8-ն ամբողջությամբ ընդունվել են, 10-ն ընդգրկված են 5-րդ նստաշրջանի օրակարգում, եւ եւս 19-ը նստաշրջանի օրակարգում դեռեւս չընդգրկված նախագծերի շարքում են, սակայն պաշտոնապես շրջանառության մեջ են:  Ըստ parliamentmonitoring.am-ի` պատգամավոր Արտակ Մանուկյանին հաջորդում է Նարեկ Զեյնալյանը՝ 14 օրենսդրական նախաձեռնությամբ, սակայն, ըստ ԱԺ պաշտոնական կայքի, Զեյնալյանը ներկայացրել է 20 օրենսդրական նախաձեռնություն, որից 11-ն ամբողջությամբ ընդունվել են, 8-ն ընդգրկված են 5-րդ նստաշրջանի օրակարգում: Պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը, ըստ parliamentmonitoring.am-ի, հեղինակել կամ համահեղիանեկել է 13 օրենսդրական նախագիծ, սակայն, ըստ ԱԺ կայքի՝ 30: Ներկայացված 30 նախագծերից 5-ն ամբողջությամբ ընդունված են, 8-ը ներառվել են 5-րդ նստաշրջանի օրակարգում, 5-ը պաշտոնապես դրվել են շրջանառության մեջ, սակայն դեռեւս չեն ընդգրկվել օրակարգում: Պատգամավոր Գեւորգ Պապոյանը, ըստ parliamentmonitoring.am-ի, հեղինակել կամ համահեղիանեկել է 13 օրենսդրական նախագիծ, սակայն, ըստ Ազգային ժողովի կայքի, 16, որոնցից 9-ն ամբողջովին ընդունվել են, 1-ը՝ պաշտոնապես դրվել շրջանառության մեջ, սակայն դեռեւս չի ընգրկվել նստաշրջանի օրակարգում: Պատգամավոր Վարազդատ Կարապետյանը, ըստ parliamentmonitoring.am-ի, հեղինակել կամ համահեղիանեկել է 12 օրենսդրական նախագիծ, սակայն, ԱԺ կայքի համաձայն, 40 նախագիծ, որոնցից 13-ն ամբողջովին ընդունվել են, 6-ն ընդգրկվել են 5-րդ նստաշրջանի օրակարգում, 12-ը պաշտոնապես շրջանառության մեջ են, սակայն դեռեւս ընդգրկված չեն օրակարգում: Պատգամավոր Բաբկեն Թունյանը հեղինակել կամ համահեղինակել է 27 օրենսդրական նախագիծ, որոնցից 5-ն՝ ամբողջովին ընդունված, 6-ն՝ ընդգրկված 5-րդ նստաշրջանի օրակարգում, իսկ 11-ը՝ պաշտոնապես դրված են շրջանառության մեջ, սակայն դեռեւս ընդգրկված չեն նստաշրջանում: Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հեղինակել կամ համահեղինակել է 15 օրենսդրական նախաձեռնություն, որոնցից 9-ն ամբողջովին ընդունվել են, 2-ն ընդգրկված են գալիք նստաշրջանի օրակարգում: Պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հեղինակել կամ համահեղինակել է 17 օրենսդրական նախաձեռնություն, որոնցից 4-ն ամբողջովությամբ ընդունվել են, 6-ն ընդգրկված են 5-րդ նստաշրջանի օրակարգում, իսկ 7 նախագիծ դրված է շրջանառության մեջ, սակայն դեռեւս չի ընդգրկվել նստաշրջանի օրակարգում: Պատգամավոր Վահագն Հովակիմյանը հեղինակել կամ համահեղինակել է 16 օրենսդրական նախաձեռնություն, որոնցից 12-ն ամբողջովին ընդունվել են, 1-ն ընդգրկված է 5-րդ նստաշրջանի օրակարգում: Պատգամավոր Արթուր Դավթյանը հեղինակել կամ համահեղինակել է 27 նախագիծ, Մխիթար Հայրապետյանը՝ 23, Ալեն Սիմոնյանը՝ 19, Լիլիթ Մակունցը՝ 14, Հովհաննես Հովհաննիսյանը եւ Համազասպ Դանիելյանը՝ 10-ական, Արուսյակ Ջուլհակյանը՝ 9, Հերիքնազ Տիգրանյանը, Աննա Կարապետյանը, Սոնա Ղազարյանը եւ Վահագն Թեւոսյանը՝ 8-ական, Սերգեյ Ատոմյանը եւ Արմեն Փամբուխչյանը՝ 7-ական, Ծովինար Վարդանյանը՝ 6: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներից 5-ը 7-րդ գումարման Ազգային ժողովում ունեցել են 5-ից 20 ելույթ, 6-ը` 20-ից ավելի: Օրինակ` պատգամավոր Վարդեւան Գրիգորյանն ունեցել է 6 ելույթ, հնչեցրել է 17 հարց, 7 օրենսդրական նախագծերի հեղինակ կամ համահեղինակ է: 526 քվեարկություններից կողմ է քվեարկել 449 անգամ, դեմ` 40: Պատգամավոր Արտյոմ Ծառուկյանն ունեցել է 10 ելույթ, հնչեցրել՝ 9 հարց, 27 օրենսդրական նախագծերի հեղինակ կամ համահեղինակ է: Պատգամավորներ Արթուր Գրիգորյանը եւ Շաքե Իսայանը ունեցել են 11 ելույթ, հնչեցրել են համապատասխանաբար 10 եւ 5 հարցեր: Արթուր Գրիգորյանը՝ 22, Շաքե Իսայանը 16 օրենսդրական նախագծերի հեղինակ կամ համահեղինակ են: Պատգամավոր Վարդան Վարդանյանն ունեցել է 13 ելույթ, հնչեցրել է 2 հարց, 1 օրենսդրական նախագծի հեղինակ կամ համահեղինակ է: Պատգամավոր Միքայել Մելքումյանն ունեցել է 162 ելույթ, հնչեցրել 152 հարց, Սերգեյ Բագրատյանը՝ 93 ելույթ, 103 հարց (Բագրատյանն օրերս դուրս է եկել խմբակցությունից), Արման Աբովյանը՝ 86 ելույթ, 58 հարց, Նաիրա Զոհրաբյանը՝ 49 ելույթ, 12 հարց, Վահե Էնֆիաջյանը՝ 39 ելույթ, 20 հարց, եւ Գեւորգ Պետրոսյանը՝ 35 ելույթ, 12 հարց:   «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից ամենաշատ օրենսդրական նախաձեռնություններ ներկայացրած պատգամավորները «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներից 7-րդ գումարման Ազգային ժողովում ամենաշատ օրենսդրական նախագծեր հեղինակած կամ համահեղինակած պատգամավորը Արտյոմ Ծառուկյանն է` 27 օրենսդրական նախագիծ, որոնցից ամբողջությամբ ընդունվել է 1-ը, 2 նախագիծ ընդգրկված է 5-րդ նստաշրջանի օրակարգում, 3-ը դրված են շրջանառության մեջ, սակայն դեռեւս չեն ընդգրկվել օրակարգում: Պատգամավոր Միքայել Մելքումյանը 7-րդ գումարման Ազգային ժողովում հեղինակել կամ համահեղինակել է 25 օրենսդրական նախագիծ, որոնցից ամբողջությամբ ընդունվել է 5 նախագիծ, 3-ն ընդգրկված են 5-րդ նստաշրջանի օրակարգում, 4-ը շրջանառության մեջ են, սակայն դեռեւս չեն ընդգրկվել օրակարգում: Պատգամավոր Արթուր Գրիգորյանը հեղինակել կամ համահեղինակել է 22 օրենսդրական նախագիծ, որոնցից 2-ն ընդգրկված են 5-րդ նստաշրջանի օրակարգում, 3-ը շրջանառության մեջ են, սակայն դեռ չեն ընդգրկվել օրակարգ, եւ դեռեւս ոչ մի նախագիծ ամբողջությամբ ընդունված չէ: Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հեղինակել կամ համահեղինակել է 20 օրենսդրական նախաձեռնություն․ 10-ն ամբողջությամբ ընդունվել են, 3-ն ընդգրկված են 5-րդ նստաշրջանի օրակարգում, 1-ը դրված է շրջանառության մեջ, սակայն դեռեւս չի ընդգրկվել օրակարգում: Պատգամավոր Արման Աբովյանը 7-րդ գումարման ազգային ժողովում հեղինակել կամ համահեղինակել է 19, Նաիրա Զոհրաբյանը եւ Հրանտ Մադաթյանը՝ 12-ական, Շաքե Իսայանը՝ 11, Տիգրան Ուրիխանյանը եւ Դավիթ Մանուկյանը՝ 10-ական, Էդուարդ Բաբայանը՝ 7, Գեւորգ Պետրոսյանը, Վահե Էնֆիաջյանը եւ Ջանիբեկ Հայրապետյանը՝ 6-ական նախագծեր: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներից 12-ը, այդ թվում՝ 2019-ի սեպտեմբերից այս խմբակցությունից դուրս եկած Արման Բաբաջանյանը, ունցել են 5 եւ ավելի ելույթներ: Ամենաշատ ելույթներ ունեցած պատգամավորը Արման Բաբաջանյանն է․ 61 ելույթ, 42 հարց: Ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները, ըստ parliamentmonitoring.am-ի, 61-ն են, սակայն, ըստ ԱԺ պաշտոնական կայքի, պատգամավորը ներկայացրել է 10 օրենսդրական նախաձեռնություն եւ 3 անգամ եղել է հիմնական զեկուցող՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծերին: Պատգամավոր Արկադի Խաչատրյանը ելույթ է ունեցել 41 անգամ, հնչեցրել է 42 հարց: Քվեարկություններին մասնակցել է 613 անգամ, որից կողմ՝ 508, դեմ՝ 61:  Պատգամավոր Մանե Թանդիլյանը ելույթ է ունեցել 37 անգամ, հնչեցրել է 18 հարց: Քվեարկություններին մասնակցել է 539 անգամ, որից կողմ՝ 422, դեմ՝ 58: Պատգամավորներ Էդմոն Մարուքյանը եւ Տարոն Սիմոնյանն ունեցել են 36-ական ելույթ, Գեւորգ Գորգիսյանը՝ 35, Գուրգեն Բաղդասարյանը՝ 27, Անի Սամսոնյանը՝ 26, Սրբուհի Գրիգորյանը՝ 22, Աննա Կոստանյանը՝ 20, Կարեն Սիմոնյանը՝ 15 եւ Արմեն Եղիազարյանը՝ 12: «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ ամենաշատ օրենսդրական նախաձեռնություններ ներկայացրած պատգամավորները «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հիմնականում բոլոր նախագծերը ներկայացրել է ֆրակցիայի անունից: Օրինակ` պատգամավոր Մանե Թանդիլյանը 18 անգամ եղել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենսդրական նախագծերի հիմնական զեկուցողը, Էդմոն Մարուքյանը հիմնական զեկուցող է եղել 8 անգամ, Գեւորգ Գորգիսյանը` 6:  «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծերից ամբողջությամբ ընդունվել է 32-ը, 1 նախագիծ ընդգրկված է 5-րդ նստաշրջանի օրակարգում, 3-ը պաշտոնապես դրվել են շրջանառության մեջ, սակայն դեռեւս չեն ընդգրկվել նստաշրջանի օրակարգում: Ինչպես նաեւ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը ՀՀ կառավարության եւ մյուս խմբակցությունների մի քանի պատգամավորների հետ համատեղ ներկայացրել է 4 նախագիծ, որոնք ամբողջությամբ ընդունվել են: Պատգամավոր Էդվարդ Անդրեասյանը  կառավարության հետ համատեղ 2 նախագիծ է ներկայացրել, որոնք ընդունվել են: Ընդհանուր առմամբ, ամբողջությամբ ընդունված նախագծերի թիվը 727 է՝ հետեւյալ բաշխվածությամբ` ՀՀ կառավարություն` 579 նախագիծ կամ 79.64%, «Իմ քայլը» խմբակցություն եւ խմբակցության պատգամավորներ` 87 նախագիծ կամ 11.97%, «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն եւ խմբակցության պատգամավորներ՝ 17 նախագիծ կամ 2.34%, «Լուսավոր Հայաստան» խմբակցություն եւ խմբակցության պատգամավորներ` 30 նախագիծ կամ 4.13%, տարբեր խմբակցություններից կամ կառավարության հետ համատեղ ներկայացված` 14 նախագիծ կամ 1.93%: Այսպիսով՝ ուսումնասիրելով պատգամավորների գործունեության դիտարկելի հատվածը, կարող ենք եզրակացնել, որ Ազգային ժողովը միատարր չէ: Կան ե՛ւ պասիվ, ե՛ւ ակտիվ գործունեությամբ աչքի ընկնող պատգամավորներ։ Սակայն պատգամավորական գործունեությունը չի սահմանափակվում միայն վերոնշյալ գործառույթներով, հետեւաբար այս հրապարակումը պատգամավորների գործունեությունը համապարփակ գնահատելու նպատակ չի հետապնդում։ Հաջորդիվ ավելի մանրամասն կներկայացնենք առանձին պատգամավորների գործունեությունը՝ բոլոր կողմերով։ Նարեկ Մարտիրոսյան
11:30 - 05 օգոստոսի, 2020
Ինչպես ճիշտ կարդալ պաշտոնյաների հայտարարագրերը․ փաստաթուղթը՝ մանիպուլյացիայի պարարտ հող

Ինչպես ճիշտ կարդալ պաշտոնյաների հայտարարագրերը․ փաստաթուղթը՝ մանիպուլյացիայի պարարտ հող

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձինք պարտավոր են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացնել պաշտոնը ստանձնելու, տարեկան եւ պաշտոնը դադարեցնելու վերաբերյալ գույքի, եկամտի եւ շահերի հայտարարագիր, իսկ հայտարարատու պաշտոնատար անձանց հետ համատեղ բնակվող անձինք՝ միայն տարեկան հայտարարագիր: Այս գործընթացը կատարվում է հանրային ծառայության անցած անձանց թափանցիկությունն ապահովելու, ինչպես նաեւ կոռուպցիոն ռիսկերը բացահայտելու կամ կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր գործառույթների եւ լիազորությունների շրջանակում կանոնակարգում է հայտարարագրման գործընթացը, ստուգում եւ վերլուծում հայտարարագրերը, քննում եւ լուծում հայտարարագրման վերաբերյալ առկա խախտումների վերաբերյալ գործերը եւ այլն: Օրինակ` 2019 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հարուցել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 294 գործի վարույթ՝ 2018 թվականի տարեկան հայտարարագիրը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու, հայտարարագրի լրացման պահանջների խախտմամբ ներկայացնելու, հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու առերեւույթ հատկանիշներով: Բացի հանձնաժողովի կատարած աշխատանքը` հայտարարատու պաշտոնատար անձանց ներկայացրած հայտարարագրերը ստուգելու, վերլուծելու, խախտումներն ու կոռուպցիոն բնույթի գործարքները բացահայտելու գործում մեծ դեր ունեն նաեւ հայտարարագրերն ուսումնասիրող լրագրողներն ու անհատները: Սակայն միայն կարդալը բավարար չէ վերլուծելու համար, անհրաժեշտ է կարողանալ ճիշտ կարդալ հայտարարագրերը: Պաշտոնը ստանձնելու հայտարարագիր Հայտարարատու պաշտոնատար անձինք պաշտոնը ստանձնելիս պարտավորվում են հայտարարագրել իրենց անշարժ եւ շարժական գույքը, արժեթղթերը եւ այլ ներդրումները, հանձնած փոխառությունները, 8 մլն ՀՀ դրամը գերազանցող ցանկացած գույք, դրամական միջոցները եւ ստացված եկամուտները՝ պաշտոնը ստանձնելու դրությամբ: Ընդ որում՝ ստացված եկամուտները հաշվվում են եւ հայտարարագրման ենթակա են պաշտոնը ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչեւ պաշտոնը ստանձնելու օրը: Պաշտոնը ստանձնելու եւ տարեկան հայտարարագրերը համեմատելիս հիմնական վրիպակը ստացված եկամուտների վերաբերյալ է լինում, քանի որ դեպքեր կան, երբ հայտարարագիր կարդացողը հաշվի չի առնում պաշտոնավարման ամիսն ու օրը, բացի այդ՝ մինչեւ պաշտոնավարելը ստացված եկամուտները կարող են ներառվել նաեւ տարեկան հայտարարագրում՝ այդպիսով առաջացնելով տարընկալումների հավանականություն: Դիտարկենք մամուլում հրապարակված մի քանի օրինակ՝ առավել լավ պատկերացնելու համար: Armdaily.am լրատվական կայքն իր «հայտարարագիր» բաժնում 2020 թվականի մարտի 21-ին հրապարակել էր «Պաշտոն ստանալուց հետո Գեղամ Գեւորգյանի եկամուտներն աճել են» վերտառությամբ նյութ, որտեղ գյուղատնտեսության արդեն նախկին նախարար Գեղամ Գեւորգյանի (2019 թվականի ապրիլից՝ ՏՄՊՊՀ նախագահ)՝ այդ պաշտոնը ստանձնելու եւ տարեկան հայտարարագրերի համեմատության արդյունքում եկել էր եզրահանգման, թե պաշտոնյայի եկամուտներն աճել են, քանի որ պաշտոնը ստանձնելու հայտարարագրում Գեւորգյանի եկամուտը եղել է 12 մլն 917 հազար ՀՀ դրամ, իսկ տարեկան հայտարարագրում նշված է 15 մլն 828 հազար ՀՀ դրամ: Այստեղ կա մի կարեւոր կետ, որը նյութի հեղինակը հաշվի չի առել կամ աչքից վրիպել է: Գեղամ Գեւորգյանի հայտարարագրած 12 մլն 917 հազար ՀՀ դրամը պաշտոնատար անձի պաշտոնը ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչեւ պաշտոնը ստանձնելու օրը ստացած եկամուտն է: Գյուղատնտեսության նախկին նախարար Գեղամ Գեւորգյանը պաշտոնը ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 15-ին, հետեւաբար՝ նշված եկամուտը նրա 9.5 ամսվա եկամուտն է: Տարեկան հայտարարագրում գյուղատնտեսության այդժամանակվա նախարար Գեղամ Գեւորգյանը ողջ տարվա համար հայտարարագրել է 15 մլն 828 հազար ՀՀ դրամ, որի մեջ ներառված է նաեւ պաշտոնը ստանձնելիս հայտարարագրած 12 մլն 917 հազար ՀՀ դրամը, որը Գեւորգյանը ստացել է նշված երկու աղբյուրներից (աշխատանքներից) եւ այլ եկամուտների մի մասից: Այսինքն՝ հայտարարագրած եկամտի 12 մլն 917 հազար ՀՀ դրամը Գեղամ Գեւորգյանը ստացել է մինչեւ պաշտոնավարելը: Հետեւաբար՝ պաշտոնավարումից հետո նրա եկամուտը կազմել է 2 մլն 911 հազար ՀՀ դրամ: Բացի այդ՝ երկու հայտարարագրերում էլ նախկին նախարարը նշել  է ստացված այլ եկամուտների մասին, որը չի գոյացել աշխատավարձից: Եթե դիտարկենք միայն աշխատավարձից ստացված եկամուտները, ապա մինչ նախարարի պաշտոնը զբաղեցնելը՝ Գեղամ Գեւորգյանը ամսական միջին կտրվածքով ստացել է 1 մլն 183 հազար ՀՀ դրամ աշխատավարձ, իսկ ահա պաշտոնավարելուց հետո նրա աշխատավարձը կազմել է 938 հազար ՀՀ դրամ: Նշենք, որ պաշտոնավարելուց հետո ստացած 2 մլն 344 հազար ՀՀ դրամը նախարարի 2.5 ամսվա աշխատավարձն է, քանի որ նա պաշտոնավարումը սկսել է 2018 թվականի հոկտեմբերի 15-ից: Եթե դիտարկենք Գեղամ Գեւորգյանի ստացած ողջ եկամուտները, ապա այս դեպքում էլ եկամտի աճ չի եղել: Պաշտոնը ստանձնելու հայտարարագրում Գեւորգյանի այլ եկամուտները կազմել են 1 մլն 675 հազար ՀՀ դրամ, տարեկան հայտարարագրում՝ 2 մլն 242 հազար ՀՀ դրամ, այսինքն՝ ավելացել են 567 հազար ՀՀ դրամով: Մինչ նախարարի պաշտոնը զբաղեցնելը՝ Գեւորգյանի ողջ եկամուտը կազմել է ամսական 1 մլն 360 հազար ՀՀ դրամ, պաշտոնը ստանձնելուց հետո՝ 1 մլն 164 հազար ՀՀ դրամ, այսինքն՝ նվազել է:  Այսպիսով՝ Armdaily-ի պնդումը, թե պաշտոն ստանալուց հետո Գեղամ Գեւորգյանի եկամուտներն աճել են, չի համապատասխանում իրականությանը կամ առնվազն մանիպուլյատիվ է: «Արայիկ Հարությունյանի եկամուտներն աճել են. ինչ ունեցվածք ունի նախարարը» վերտառությամբ հրապարակմամբ էլ ArmDaily-ն ներկայացրել էր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարագրերը: Պետք է նշել, որ, իրոք, պաշտոնը ստանձնելուց հետո Արայիկ Հարությունյանի եկամուտները աճել են, սակայն հրապարակման մեջ կան որոշակի անճշտություններ՝ հայտարարագրի կարդալու եւ այն ճիշտ մատուցելու առումով: Հեղինակը գրել է, թե պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Արայիկ Հարությունյանի դրամական միջոցները կազմել են 480 հազար դրամ, իսկ եկամուտները` 1,841,688.00 դրամ, որը գոյացել է աշխատավարձից:  Սակայն պաշտոնական պարտականությունները ստանձնելու հունվարի 1-ից մինչեւ պաշտոնը ստանձնելու օրը հայտարարագրած եկամուտների միայն մի մասն է գոյացել աշխատավարձից: Սա կարեւոր է ընդգծել, քանի որ 1 մլն 842 հազար ՀՀ դրամ եկամտի միայն 689 հազար ՀՀ դրամն է եղել աշխատանքի վարձատրություն: Եկամտի մնացած մասը գոյացել է ստացված փոխառություններից (վարկերից): Նաեւ կարեւոր է նշել, որ աշխատավարձից ստացված 689 հազար ՀՀ դրամը Արայիկ Հարությունյանի 4.5 ամսվա եկամուտն է, քանի որ նա պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականի մայիսի 11-ին: Հետեւաբար, մինչեւ պաշտոնը ստանձնելը՝ Արայիկ Հարությունյանի միայն աշխատավարձից ձեւավորված մեկ ամսվա եկամուտը կազմել է 154 հազար ՀՀ դրամ: Արդեն տարեկան հայտարարագրում Արայիկ Հարությունյանը հայտարարագրել է ընդհանուր 7 մլն 716 հազար ՀՀ դրամ եկամուտ, որի մի մասը նույնպես գոյացել է ստացված փոխառություններից (վարկերից): Միայն աշխատավարձից ստացված եկամուտը կազմում է 6 մլն 48 հազար ՀՀ դրամ, այսինքն՝ ամսական 806 հազար ՀՀ դրամ: Այսպիսով՝ կարեւոր է ընդգծել նաեւ փոխառություն/վարկերից ստացված եկամուտները, քանի որ դրանք կապված չեն պաշտոնավարման հետ եւ կարող են տպավորություն ստեղծել, թե պաշտոնատար անձի ամբողջ եկամուտը գոյացել է աշխատավարձից: Երրորդ օրինակը, թերեւս ամենաակներեւ մանիպուլյատիվ ձեւակերպումներ պարունակող հրապարակումն է՝ դարձյալ ArmDaily-ից: 2020 թվականի ապրիլի 11-ին Armdaily-ն հրապարակել էր «Պատգամավոր դառնալուց հետո Լենա Նազարյանի եկամուտներն աճել են. նա բնակարան է ձեռք բերել» վերտառությամբ նյութ, որը կրկին մանիպուլյատիվ եւ իրականությանը չհամապատասխանող ձեւակերպումներ ունի՝ սկսած վերնագրից: Նյութի հեղինակը գրել է, թե 2017 թվականին պատգամավոր ընտրվելուց հետո Նազարյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է մեկ առանձնատուն, նրա դրամական միջոցները կազմել են 1մլն դրամ, իսկ եկամուտ չի եղել, իսկ պատգամավոր դառնալուց հետո նա 27.2մլն դրամով ձեռք է բերել բնակարան: Միայն այս մեկ պարբերությունում կարելի է հաշվել առնվազն մեկ կեղծ եւ մեկ մանիպուլյատիվ ձեւակերպում: «Պատգամավոր ընտրվելուց հետո տիկին Նազարյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է մեկ առանձնատուն» ձեւակերպումը չի համապատասխանում իրականությանը, քանի որ պաշտոնը ստանձնելու հայտարարագրում արդեն իսկ նշված է այն առանձնատունը, որի մասին գրել է ArmDaily-ն: Հետեւաբար՝ Լենա Նազարյանը նշված առանձնատունն ունեցել է մինչեւ պաշտոնը ստանձնելը եւ ոչ պաշտոնը ստանձնելուց հետո: ArmDaily-ն գրել է, թե Նազարյանի դրամական միջոցները նույնն են մնացել 2017 թվականի տարեկան հայտարարագրում, սակայն եկամուտներն աճել են` 28,192,000.00 դրամ, որից 24,480,000.00 դրամը ստացած վարկերից է եղել: Նշված թվերը համապատասխանում են հայտարարագրի տվյալներին։ Բայց դրանց ներկայացման ձեւը տպավորություն է ստեղծում, թե պատգամավորը պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո 27․2մլն դրամով ձեռք է բերել բնակարան, հետո նրա եկամուտները աճել են՝ դառնալով 28 մլն 192 հազար ՀՀ դրամ, որի մեծ մասը վարկերից է եղել։ Սակայն, համեմատելով բնակարանի արժեքը ստացած փոխառության (վարկի) հետ, կարելի է ենթադրել, որ Լենա Նազարյանը բնակարանը ձեռք է բերել վարկի միջոցով: Նազարյանի եկամուտները՝ չհաշված ստացված վարկերը, կազմել են 3 մլն 712 հազար ՀՀ դրամ, որը նրա 7.5 ամսվա եկամուտն է, քանի որ նա պաշտոնավարումը սկսել է 2017 թվականի մայիսի 18-ից: Հետեւաբար, Նազարյանի մեկ ամսվա աշխատավարձը կազմել է 495 հազար ՀՀ դրամ: Տեքստի հաջորդ պարբերության մեջ գրված է․ «2018 թվականի հայտարարագրում Նազարյանի եկամուտները նվազել են` 6,537,640.00 դրամ»: Տեղեկությունը համապատասխանում է Լենա Նազարյանի՝ 2018 թվականի տարեկան հայտարարագրում առկա տվյալին, սակայն կայքը չի նշել, որ 6մլն 538 հազար ՀՀ դրամը գոյացել է աշխատանքի վարձատրությունից։ Քանի որ 2017 թվականին Լենա Նազարյանը վարկային միջոցներով բնակարան է ձեռք բերել, տպավորություն է ստեղծվում, թե 2018 թվականին պատգամավորի եկամուտները նվազել են՝ ի տարբերություն 2017-ի: Սակայն, եթե դիտարկենք միայն աշխատավարձից ստացված եկամուտները, քանի որ փոխառություններից ստացված եկամուտները որեւէ կապ չունեն աշխատանքային գործունեության հետ, ապա Նազարյանի եկամուտները ոչ միայն չեն նվազել, այլեւ մի փոքր աճել են՝  կազմելով 545 հազար ՀՀ դրամ: Այսպիսով՝ ներկայացված օրինակները վկայում են, որ պաշտոնյաների գործունեության թափանցիկության համար կարեւոր է ոչ միայն վերարտադրել նրանց հայտարարագրերում նշված թվերը, այլեւ դրանք համեմատել ու վերլուծել ճիշտ եւ կատարել հիմնավորված պնդումներ՝ մանիպուլյատիվ ձեւակերպումներից զերծ մնալու համար: Տարեկան հայտարարագիր Մինչեւ 2019 թվականը՝ հայտարարատու պաշտոնատար անձինք տարեկան հայտարարագրում պարտավորվում էին հայտարարագրել միայն հարկային տարում ձեռք բերված եւ օտարված անշարժ եւ շարժական գույքը, թանկարժեք գույքը, արժեթղթերը եւ այլ ներդրումներ, հանձնած կամ վերադարձրած փոխառությունները, դրամական միջոցները եւ եկամուտները՝ հարկային տարում: Արդեն 2019 թվականի հայտարարագրում որոշակի փոփոխություններ եղան, որոնց արդյունքում հայտարարատու անձինք պարտավորվում են հայտարարագրել տվյալ տարվա սկզբում առկա անշարժ եւ շարժական գույքը, ինչպես նաեւ թանկարժեք գույքը, տվյալ տարվա ընթացքում ձեռք բերված եւ օտարված շարժական եւ անշարժ գույքը, ինչպես նաեւ թանկարժեք գույքը, տվյալ տարվա վերջում առկա անշարժ եւ շարժական գույքը, ինչպես նաեւ թանկարժեք գույքը, արժեթղթերը եւ այլ ներդրումները, հանձնված եւ վերադարձված փոխառությունները, բանկային ավանդները, դրամական միջոցները եւ ստացված եկամուտները: «Նոր  տրամաբանությունը  վերլուծություն անելու եւ հնարավոր կոռուպցիոն ռիսկերը բացահայտելու համար է: Հանձնաժողովի առաջարկությամբ այժմ ավելի շատ տվյալներ են ենթակա հայտարարագրման, քան նախկինում էր: Դա վերաբերում է հիմնականում գույքի ու եկամուտների ծագման աղբյուրին: Նախկինում հայտարարատու պաշտոնատար անձինք կարող էին չներկայացնել եկամտի կամ խնայողության ծագման աղբյուրը: Հիմա պարտադիր պետք է նարկայացնեն, թե որտեղից իրենց այդ գումարը: Եվ սա վերլուծության համար էական նշանակություն ունի»,- Infocom-ի հետ զրույցում ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը: Մեր հարցին՝ հնարավո՞ր է հայտարարատու անձինք թաքցնեն հայտարարագրման ենթակա գույքն ու եկամուտները, Հարությունյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում այլեւս որեւէ տվյալ հայտարարատու պաշտոնյայի կողմից դիտավորությամբ թաքցնելու հնարավորությունը նվազել է: «Հանձնաժողովը նոր փոփոխությունների արդյունքում արդեն հասանելիություն ունի բանկային գաղտնիք հասկացությանը․ եթե հայտարարատու պաշտոնատար անձինք նախկինում կարող էին բանկային հաշվին առկա գումարները չհայտարարագրել՝ մտածելով, որ որեւէ աղբյուրից դա հայտնի դառնալ չի կարող, հիմա արդեն դրա հնարավորությունը սահմանափակվում է»,- նշեց Հանձնաժողովի նախագահը: Ինչ վերաբերում է հայտարարագրերում առկա պարտադիր եւ պաշտպանված դաշտերին, ապա նոր հայտարարագրերում պաշտպանված կարող են լինել բացառապես անձնական տվյալներին վերաբերող տողերը: Դրանք են` հանրային ծառայության համարանիշը, հաշվառման եւ փաստացի բնակության հասցեները, էլ. փոստի հասցեն, հեռախոսահամարը եւ նշումների համար նախատեսված տողը: «Այս մասով ունենք տեխնիկական խնդիր՝ տեխնիկական բազայի տեսանկյունից: Իրականում, մեր ամբողջ նպատակն ավելի շատ տվյալներ հասանելի դարձնելն էր հանրությանը, ու չափազանց փոքր թվով տվյալներ էինք փակել, որոնք վերաբերում էին բացառապես հասցեներին եւ երրորդ կողմի տվյալներին: Հիմա աշխատում ենք, որ երրորդ անձանց վերաբերյալ անուն ազգանունները եւ հասցեները պաշտպանված լինեն: Գույքային տվյալները չեն կարող պաշտպանված լինել՝ բացառությամբ այն դեպքերի, երբ կոդավորման մեջ խնդիր է եղել: Դա համակարգային խնդիր չէ, կարող է առանձին մարդկանց մոտ հանդիպել»,- ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ հավելելով, որ արդեն իսկ աշխատում են տեխնիկական խնդիրները վերացնելու ուղղությամբ, եւ այժմ հայտարարագրերի տվյալներն օգտագործելուց առաջ ցանկալի է զանգել ու նախապես ճշտել դրանք։ Նարեկ Մարտիրոսյան
15:37 - 29 հուլիսի, 2020
Hraparak-ի անանուն զրուցակցի պնդումը, թե ՀՀ-ի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունների իրավական հիմք չկա, իրականությանը չի համապատասխանում

Hraparak-ի անանուն զրուցակցի պնդումը, թե ՀՀ-ի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունների իրավական հիմք չկա, իրականությանը չի համապատասխանում

Հուլիսի 10-ին Hraparak.am կայքը հրապարակել է «Հայաստանը խնդիր ունի ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ՆԱՏՕ-ի հետ» վերտառությամբ մի նյութ, որտեղ անանուն զրուցակցի խոսքերով ներկայացնում է, թե Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների իրավական հիմք չկա։ Այս նյութը, ի դեպ, արտատպել են նաեւ այլ կայքեր։ Լրատվամիջոցի զրուցակիցը, մասնավորապես, հիշեցրել է, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է Անհատական համագործակցության գործողությունների` IPAP-ի ծրագրով, որը ստորագրվել է 2005-ին, սակայն պնդել է, թե այն պետք է 2 տարին մեկ վերաստորագրվի․ «Վերջինը ստորագրվել է 2017-ին՝ Սերժ Սարգսյանի բրյուսելյան այցի ընթացքում: 2019-ից ՆԱՏՕ-ի եւ Հայաստանի միջեւ համաձայնագիր չկա՝ հարաբերությունների իրավական հիմքը բացակայում է։ Խնդիրը կարգավորելու համար 2019-ի մարտի 11-12-ին Հայաստանում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի գծով հատուկ ներկայացուցիչ Ապաթուրայը, որը հանդիպեց տարբեր պաշտոնյաների՝ Արմեն Սարգսյանի, Զոհրաբ Մնացականյանի, Տոնոյանի հետ, սակայն վարչապետը չհանդիպեց նրա հետ, եւ որեւէ տեղաշարժ չարձանագրվեց»,- ասել է կայքի անանուն աղբյուրը:  Hraparak.am-ի զրուցակիցը չի սխալվում․ Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ գործընկերային հարաբերությունները եւ տարբեր բնագավառներում համագործակցությունը զարգանում է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական Գործընկերության Գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում՝ դեռեւս 2006 թվականից: Այս ծրագրի իրականացումն օժանդակում է Հայաստանին իր պաշտպանական եւ անվտանգության համակարգերը բարեփոխելու, ՆԱՏՕ-ի հետ ռազմական փոխգործակցության ունակությունը բարձրացնելու, անվտանգության ոլորտի լայնածավալ բարեփոխումներ իրականացնելու գործում: Մասնավորապես, 2005 թվականի հունիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը Հյուսիսատլանտյան խորհրդին է ներկայացրել Հայաստանի առաջին Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (ԱԳԳԾ), որը դեկտեմբերին հաստատել են ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդն ու Հայաստանը: Ծրագրի իրականացումը, ինչպես նշեցինք, սկսվել է 2006 թվականից։ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից մեր գրավեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են, որ 2006-2008թթ․, ԱԳԳԾ փաստաթղթի իրականացումից հետո ստորագրվել եւ հաջողությամբ իրականացվել են 2-րդ՝ 2009-2010թթ․, 3-րդ՝ 2011-2013թթ․, 4-րդ՝ 2014-2016թթ. եւ 5-րդ՝ 2017-2019թթ․ ԱԳԳԾ փաստաթղթերը։ Ինչպես նշել են նախարարությունից՝ ծրագրով նախատեսված գործողությունների կատարման փաստաթղթի ժամկետի ավարտին տեղի է ունենում դրա իրականացման գնահատումը՝ «ՆԱՏՕ-ի մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտե-Հայաստան» ձեւաչափով նիստի ընթացքում։ Իսկ գործող փաստաթուղթը շարունակում է ուժի մեջ մնալ՝ մինչեւ հաջորդ փաստաթղթի հաստատումը։ ՀՀ արտաքին գերատեսչությունից Infocom.am-ին տեղելացրել են, որ ներկայումս քննարկման փուլում է գտնվում ԱԳԳԾ 6-րդ փաստաթղթի տեքստը, իսկ մինչ այդ փաստաթղթի հաստատումը՝ ՀՀ տարբեր գերատեսչությունները շարունակում են իրականացնել ԱԳԳԾ 5-րդ փաստաթղթում ամրագրված միջոցառումները, բացառությամբ նրանք, որոնց իրականացումը COVID-19 համավարակի պատճառով ստեղծված արտակարգ դրության սահմանափակումների պայմաններում անհնար է։ Իսկ ԱԳԳԾ՝ ուժի մեջ գտնվող 5-րդ փաստաթղթի իրականացման ընթացքում 2018 թվականի մայիսի 24-ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, տեղի է ունեցել ՆԱՏՕ/ԵԱԳԽ գործընկերության եւ հավաքական անվտանգության կոմիտե+Հայաստան ձեւաչափով նիստ, որի ընթացքում քննարկվել է ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում իրականացված աշխատանքների մասին 2017թ. զեկույցը: 2018-ի հուլիսի 11-12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում Աֆղանստանում Հաստատակամ աջակցություն ՆԱՏՕ-ի անվտանգության առաքելության գործընկեր երկրների ղեկավարների հավաքին եւ հանդես եկել ելույթով: Դեկտեմբերի 4-5-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Հաստատակամ աջակցություն ՆԱՏՕ-ի անվտանգության առաքելության գործընկեր երկրների նախարարական հանդիպմանը, հանդես եկել ելույթով եւ հանդիպել ՆԱՏՕ ԳՔ տեղակալ Ռոզ Գոթեմյոլլերին: 2019 մարտի 11-15-ը Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ շրջանակներում Հայաստանում անցկացվել են հերթական՝ 12-րդ «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումները: Այդ շաբաթ տեղի է ունեցել նաեւ Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի այցը Հայաստան: Նա հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանին, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին եւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Այցը համընկել է Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթ միջոցառումների հետ եւ ԳՔ հատուկ ներկայացուցիչ Ապատուրայը Ֆրանսիական համալսարանում հանդես է եկել հանրային դասախոսությամբ: Մարտի 14-15-ին Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում տեղի է ունեցել Կանանց, խաղաղության եւ անվտանգության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քլեր Հաթչինսոնի այցը Հայաստան: Նա հանդիպումներ է ունեցել ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ, ինչպես նաեւ ելույթով հանդես է եկել Կանայք, Խաղաղություն եւ Անվտանգություն. Միջազգային եւ Հայաստանյան պրակտիկա խորագրով կոնֆերանսին: Հյուսիսատլանտյան դաշինքի ու Հայաստանի համագործակցության համատեքստում հարկ է հիշել նաեւ վերջին շրջանում հայ-ադրբեջնական սահմանային լարվածության ընթացքում Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի հայտարարությունը, որտեղ վերջինս մտահոգություն էր հայտնել այդ զարգացումների կապակցությամբ․ «Մենք միանում ենք բոլոր կողմերին ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հետագա լարումը կանխելու համար»,- ասել է ՆԱՏՕ-ի պաշտոնյան: Այս հայտարարության չեզոք դիրքորոշումնն, իհարկե, հասկանալի է, քանի որ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը չեն հանդիսանում այս կառույցի անդամ, սակայն սա եւս մեկ փաստ է, որ Հայաստանն ու ՆԱՏՕ-ն շարունակում են իրավական հիմքի վրա կառուցված իրենց համագործակցությունը։ Այսպիսով, Hraparak.am կայքն անանուն զրուցակցի միջոցով ապատեղեկատվություն է տարածել՝ պնդելով, թե Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների իրավական հիմք չկա․ սակայն, ինչպես նշեցինք, մինչեւ նոր փաստաթղթի ստորագրումը՝ գործում է ԱԳԳԾ 5-րդ փաստաթուղթը։ Ըստ այդմ՝ ապատեղեկատվություն է նաեւ, թե ՆԱՏՕ-Հայաստան ԱԳԳԾ 5-րդ փաստաթղթից հետո որեւէ տեղաշարժ չի արձանագրվել, եւ որ այդ փաստաթուղթը պետք է վերաստորագրվի 2 տարին մեկ․ ԱԳԳԾ 6-րդ փաստաթղթի տեքստը, ինչպես նշեցինք, արդեն իսկ քննարկման փուլում է։ Լուսանկարում՝ Ջեյմս Ապատուրայը Հայարփի Բաղդասարյան
11:32 - 24 հուլիսի, 2020
Վարդավառյան մանիպուլյացիա․ Ամուլսարից՝ Սեւան, բնակի՞չ, թե՞ բնապահպան

Վարդավառյան մանիպուլյացիա․ Ամուլսարից՝ Սեւան, բնակի՞չ, թե՞ բնապահպան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, նախկին վարչապետ Արամ Զ․ Սարգսյանն օրերս ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Սեւանա լճի կանաչելու խնդրին։ Նախապես նշելով, որ ինքը բնապահպանական հարցերից չի հասկանում՝ Սարգսյանը գրառման մեջ մի այսպիսի հարց է հնչեցրել․ «Ամուլսարի ճամփին վագոնում ՌԴ-ից տրվող օրավարձով քնող «հայրենասեր բնապահպաններ» ջան, բա ո՞ւր եք, ինչո՞ւ քուրձ չեք հագնում եւ գլխներիդ մոխիր չեք լցնում, լավ, ռեալիստական երեւալու համար գոնե մայկաներդ ճղեք»։ Սարգսյանը շարունակել է, թե՝ չեն անի, որովհետեւ Սեւանի համար վճարող չկա, ակնարկելով, որ ամիսներով Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողները՝ իր խոսքով՝ բնապահպանները, այդ պայքարի համար գումար են ստանում․  «Իսկ դուք, հայրենի բնությանը մինչեւ վերջ նվիրված մարտիկի դիմակի տակ՝ փող եք աշխատում ու ձեր տունը պահում՝ արհամարհելով ՀՀ պետականությունը, պետությունը, օրենքը՝ վնասելով տնտեսությանը, կտրելով մյուսների, այդ թվում՝ զինվորի հացը ու փամփուշտի փողը: Զինվորի, որ ձեր տունն ու անվտանգությունն է պահպանում: Պինդ կանգնեք տեղներդ, տղերք, պետություն, զինվոր ի՞նչ կարեւոր է, կարեւորը ճիշտ ժամանակին աշխատավարձ տան, չուշացնեն»,- եզրափակել է նախկին վարչապետը։ Infocom․am-ն այս հրապարակմամբ ներկայացնում է, թե որքանով են Արամ Զավենի Սարգսյանի գրառման մեջ տեղ գտած պնդումները համապատասխանում իրականությանը եւ թե ինչ մանիպուլյացիոն երանգներ ունեն դրանք։ Ամուլսարի պահպանման համար պայքարողները․ բնակի՞չ, թե՞ բնապահպան Արամ Սարգսյանն իր գրառման մեջ դիմել է, իր բնորոշմամբ, «Ամուլսարի ճամփին վագոնում ՌԴ-ից տրվող օրավարձով քնող «հայրենասեր բնապահպաններ»»-ին՝ ակնարկելով, թե Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման դեմ պայքարող մարդիկ գումար են ստանում դրա համար։ Նախ հարկ է նշել, որ չնայած Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարում ներգրավված են նաեւ իրենց բնապահպան դիրքավորող մի շարք խմբեր եւ անհատներ, սակայն հենց հանքի շրջակայքում պայքար իրականացնողներն ու ճանապարհներ փակողները ազդակիր համայնքների բնակիչներն են։  2018 թվականի մայիսի 19-ին քաղաքացիները փակել էին Ամուլսար տանող ճանապարհները։ 4 օր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով ճանապարհները բացելուց հետո ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի բնակիչները հայտարարություն էին տարածել՝ պահանջելով դադարեցնել Ամուլսարի տարածքում որեւէ շինարարական աշխատանք եւ հրավիրել իրավաբանների, անկախ փորձագետների, որոնք իրավական եւ բնապահպանական վերջնական գնահատական կտան հանքարդյունահանման ողջ գործընթացին: Բնակիչները հայտնել էին, որ դեպի հանք բարձրացող ճանապարհները նորից կփակվեն, եթե հանքում աշխատող մեքենաները որոշեն բարձրանալ աշխատանքը շարունակելու:  Արդեն հունիսի սկզբին Ջերմուկ քաղաքի եւ հարակից համայնքների բնակիչները դարձյալ փակել էին Ամուլսար տանող ճանապարհն ու ավելի քան տասը օր թույլ չէին տալիս, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը շարունակեր հանքի կառուցման աշխատանքները: Բողոքի նախաձեռնողներից Ջերմուկի բնակիչ Վազգեն Գալստյանը նկատել էր՝ չնայած քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները դադարեցնելու՝ վարչապետ Փաշինյանի կոչին՝ իրենք շարունակում են պայքարը, քանի որ Ամուլսարում հանքարդյունաբերության ամեն օրը բնությանը անդառնալի վնաս է հասցնում։ Ցուցարար մեկ այլ բնակիչ էլ ասել էր, որ աշխատանքների ընթացքում ընկերությունը ջրատար խողովակ էր վնասեր, դրա պատճառով էլ ցեխաջրերը լցվել էին համայնք։ 2019թ. մարտի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու առերեւույթ դեպքի առթիվ քրեական գործով նշանակվել էր էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական, շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:  2019 թվականի օգոստոսին՝ շուրջ 1 տարի անց, երբ արդեն հայտնի էին ELARD-ի փորձաքննության արդյունքները, Ջերմուկի բնակիչները շարունակում էին իրենց բողոքի ակցիաները՝ պնդելով, որ հանքը չպետք է շահագործվի։ Ջերմուկցիներից մեկը Ամուլսարի հարցով կազմակերպված բաց քննարկման ժամանակ հայտարարել էր, որ իրենց հետ անիմաստ է խոսել Ամուլսարի հանքի` լավ կամ վատ բանակցությունների մասին. իրենց կբանակցեն միայն հանքի փակման համար։ Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանն էլ իր խոսքում նշել էր, որ Ամուլսարում հանքարդյունաբերության էջը դեռ մեկ տարի առաջ են փակել։  Ընդ որում, այդ շրջանում Ամուլսարի պայքարում ներգրավված ջերմուկցիների նկատմամբ ոստիկանությունն անհամաչափ պատժամիջոցներ էր իրականացնում, ինչի վերաբերյալ հայտարարություն էին տարածել Հայկական բնապահպանական ճակատը եւ մի խումբ իրավապաշտպաններ, որին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։ Օգոստոսի 23-ին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Ջերմուկ, որտեղ շուրջ 1500 բնակիչ ակցիա էր իրականացնում՝ ընդդեմ հանքի շահագործման։ Ակցիայի մասնակիցները դիմավորել էին Նիկոլ Փաշինյանին, սակայն վերջինս նախընտրել էր այցելել տներ եւ ակցիային չմասնակցող բնակիչներից կարծիքներ լսել։ Արդյունքում՝ ոչ մի բնակարանում Ամուլսարի հանքին կողմ ջերմուկցի չէր հանդիպել։ Փաշինյանը նաեւ ելույթ էր ունեցել Ջերմուկ քաղաքի հրապարակում, որտեղ եւս տարաձայնություններ էր ունեցել Ամուլսարի պահապանների հետ։ Ամուլսարի պահապանները մեկ անգամ եւս հիշեցրել էին, որ միանշանակ դեմ են ցանկացած հանքի շահագործմանը։ Տեղի էր ունեցել առանձնազրույց՝ Ամուլսարի պահապանների եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ։ Ջերմուկ քաղաքի բնակիչները մնացել էին իրենց դիրքորոշմանը։ Նիկոլ Փաշինյանն այցելել էր նաեւ Սարավան եւ Գորայք համայնքներ, որտեղ բնակիչները կողմ էին հանքի շահագործմանը։ Այստեղ հարկ է հաշվի առնել կողմ եւ դեմ համայնքների բնակչության թվերը։ Սարավան եւ Գորայք համայնքներն ունեն համապատասխանաբար 303 եւ 478 բնակիչ, իսկ Ջերմուկ եւ Գնդեվազ համայնքները ունեն համապատասխանաբար 4265 եւ 795 բնակիչ (տվյալները՝ Ampop.am )։ Ջերմուկցիներն այսօր էլ շարունակում են փակ պահել դեպի հանք տանող ճանապարները։ Նրանք պնդում են, որ կառավարությունը պետք է խնդրի լուծման այլ ելքեր փնտրի։ Սակայն, փաստորեն, Արամ Սարգսյանը չի նշել, որ Ամուլսարի շահագործման դեմ պայքարուն են հենց տեղի բնակիչները, այլ ոչ թե բնապահպանները, իսկ բնակիչներն իրենց երբեք որպես բնապահպան չեն դիրքավորել։ Բնապահպանները Սեւանի համար Թեեւ Սեւանա լճի խնդիրներով պետք է զբաղվի պետությունը՝ համապատասխան գերատեսչություններով ու կառույցներով, այնուամենայնիվ անհատ բնապահպանները կամ բնապահպանական խմբերը տարիներ շարունակ բարձրաձայնել են այդ խնդիրների մասին, հնարավոր լուծումներ առաջարկել, ինչը կամ անտեղյակության պատճառով կամ էլ միտումնավոր՝ չի նկատել Արամ Սարգսյանը։ Այսպես, 2010 թվականի հուլիսին, երբ Սեւանա լճի մակարդակը հասել էր 1899մ-ի, տասնյակ շինություններ, Սեւանի շուրջը տնկված արհեստական անտառներ, ավտոճանապարհներ մնացել էին ջրի տակ։ Այդ ժամանակ բնապահպան Կարինե Դանիելյանն ահազանգել էր, որ ջրի տակ մնացած կանաչ զանգվածը չի հասցնում արագ քայքայվել, եւ հնարավոր է` լիճը չհասցնի ինքնամաքրման միջոցով հաղթահարել աղտոտվելու եւ ճահճանալու վտանգը: 2011 թվականի նոյեմբերին բնապահպաններն ահազանգեցին, որ Սեւանը բնապահպանական աղետի եզրին է․ շարունակում էր շահագործվել Սոթքի հանքը։  Թեեւ բնապահպաններին 2009թ.-ին հաջողվել էր կասեցնել Սոթքում ոսկու կորզման արտադրության կառուցման նախագիծը, սակայն 2011-ի մարտին «GeoProMining Gold» ընկերությունը, խախտելով «Սեւանա լճի մասին օրենքը» եւ չունենալով բնապահպանական փորձաքննություն, լճի ավազանում՝ Սոթքում, կառուցեց ջարդող-տեսակավորող համալիր։ Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը նույն թվականի նոյեմբերի 7-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, խոսելով Սեւանա լճի աղտոտման եւ հանքավայրի ազդեցության մասին, հայտարարել էր, որ Բնապահպանության նախարարությունը կեղծ փաստաթուղթ է ներկայացրել, թե տվյալ տարածքում հանքավայր կառուցելու թույլտվություն է եղել 1990-ական թթ.-ից: Սանասարյանն ընդգծել էր, որ Սեւանա լճի տարածքում արգելվում է նման արդյունաբերական հանգույցների շահագործումը, բայց Սոթքի ոսկու հանքավայրն աշխատում է: Համատեղ ասուլիսի ընթացքում բնապահպան Սիլվա Ադամյանն էլ տեղեկացրել էր, որ մի քանի անգամ եղել է Սեւանա լճի տարածքում, որտեղ ամբողջությամբ սփռված են եղել աշխատանքի արդյունքում առաջացած քարեր եւ նյութեր, որոնք Սոթք գետով լցվում են լիճ։ Ի դեպ, այդ շրջանում բնապահպանները հետեւողականորեն զբաղվում էին հանքավայրի գործունեությունը դադարեցնելու ուղղությամբ․ մտահոգություն կար, որ մանրող-ջարդող եւ տեսակավորող սարքի շահագործման հետեւանքով առաջացած վնասակար նյութերը կկուտակվեն Սեւանա լճում, որը քաղցրահամ ջրի ռազմավարական պաշարից կվերածվի Սոթքի արտադրության պոչ լճի:  2012 թվականի նոյեմբերին «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը բարձրաձայնեց, որ Սեւանի էկոհամակարգին ոչ միայն ջրի տակ անցած եւ դեռեւս չմաքրված ափամերձ տարածքներն են վնաս հասցնում, այլեւ այն աղբը, որ գետերի միջոցով լցվում է լիճ, եւ բացի կոյուղաջրերը՝ Սեւան է լցվում նաեւ պլաստիկ աղբ, արտադրական թափոններ։ Բնապահպանն այդ ժամանակ կարծիք հայտնեց, որ ճնշումը Սեւանի վրա տարեցտարի ավելանում է․ այդ տարի լճից լրացուցիչ 150 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնելու կառավարության նախաձեռնությունը, Զարաֆյանի պնդմամբ, հիմնավորված չէր, եւ արդյունքում Սեւանի մակարդակը մի քանի սանտիմոտրով իջել էր: 2014 թվականին Հայաստանի բնապահպանական կազմակերպությունները, Գեղարքունիքի մարզի հ/կ-ներն ահազանգել էին, որ կառավարության 2 նախագծերով անվերադարձ կորցնում ենք Սեւանա լիճը։ Նախագծերից առաջինը վերաբերում էր լճից ջրի տարեկան բացթողումների ծավալին: Առաջարկվում էր մինչեւ 2019թ. հունվարի 1-ը Սեւանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակը ներկայիս 170 մլն խմ-ի փոխարեն սահմանել առավելագույնը 240 մլն խմ: Երկրորդ ծրագրով մշակվել էր «Սեւանի իշխանի պաշարի վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիր», որով նախատեսվում էր Սեւանա լճում ցանցավանդակային եղանակով մինչեւ 2023թ.-ը, տարեկան 50 հազար տոննա իշխան բուծել` ձկներին կերակրելով ազոտ եւ ֆոսֆոր պարունակող կերով:  Սեւանա լճին վերաբերող այս երկու նախագծերի թեմայով 2014թ. ապրիլի 11-ին «Էկոլուր» հ/կ-ն հանրային քննարկում էր նախաձեռնել, որին ներկա «Էկոլուր» հ/կ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, «Սեւան» Ազգային պարկի նախկին տնօրեն Գագիկ Սուխուդյանը, Գավառի բնապահպանական տեղեկատվության հասարակական «Օրհուս» կենտրոնի համակարգող Լիանա Ասոյանը եւ «Սեւանի Տարածքային զարգացման եւ հետազոտությունների կենտրոն» հ/կ-ի ղեկավար Սաթիկ Բադեյանը ներկայացրել էին Սեւանա լճի համար օրինագծերի վտանգներն ու  բացասական հետեւանքները: Ըստ բնապահպանների` կառավարությունը ծրագիրը մշակել էր առանց Սեւանա լճի բնակավայրերի բնակիչների կարծիքը հաշվի առնելու: Նրանք նշել էին, որ  Արփա-Սեւան ջրատարը համառորեն չի վերակառուցվում (արդեն վերանորոգվել է,- հեղ․), Կեչուտի ջրամբարից տարեկան 250 մլն խմ եւ Որոտանից 165 մլն խմ ջուր Սեւանա լիճ չեն լցվում: Այդ ֆիզիկական ծավալները, եթե Սեւան լցվեին, լճի դրական հաշվեկշիռը կպահպանվեր նույնիսկ տարեկան 240 մլն խմ ջուր բաց թողնելու պարագայում, իսկ գետերից լիճ լցվող ջրի ծավալները լճի դրական հաշվեկշիռը չեն ապահովել:  2016 թվականի մայիսին բնասերների մի խումբ նախաձեռնել եւ իրականացրել էր համաՍեւանյան աղբահավաք՝ Սեւանա լճի ափամերձ տարածքներում նախապես ուսումնասիրված եւ քարտեզագրված 25 հատվածներում, որոնք վարձակալված չեն եղել տարբեր տնտեսվարողների կողմից։ Միջոցառմանը մասնակցել էին նաեւ բնապահպանական կազմակերպություններ, արշավական խմբեր, ուսումնական հաստատություններ, բնապահպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունները, Սեւան ազգային պարկը, Գեղարքունիքի մարզպետարանը եւ մարզի հասարակական կազմակեպությունները։ 2017 թվականին «Հայկական բնապահպանական ճակատն» ու մի շարք բնապահպանական կազմակերպություններ դիմում էին ուղղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին եւ բնապաhպանության նախարար Արծվիկ Մինասյանին, որտեղ ներկայացրել էին միջազգային անկախ փորձագետների իրականացրած մասնագիտական հաշվետվություններն ու եզրահանգումները՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման վերաբերյալ։  Դիմումի մեջ նշված էր, որ անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ Ամուլսարն իր յուրահատուկ աշխարհագրական դիրքի եւ նախատեսվող գործունեության հսկայական ծավալների պատճառով պետք է արժանանա հատուկ ուշադրության, եւ բոլոր տեսակի վտանգները պիտի լինեն մասնագիտորեն խիստ հիմնավորված և մոդելավորված։ Չէ որ լրջագույն վտանգի տակ են հայտնվելու Ջերմուկի հանքային ջրերը, Որոտան, Արփա, Դարբ գետերի ավազանները, Կեչուտի եւ Սպանդարյանի ջրամբարներն ու դրանք միմյանց միացնող ջրատար թունելն ու ի վերջո նաեւ Սեւանա լիճը։  Բնապահպանական հկ-ները շեշտել էին, որ պետք է հաշվի առնել՝ Ամուլսարի հանքավայրի տեղամասերի մեծ մասը գտնվում է Սեւանա լճի անմիջական ազդեցության գոտում, որտեղ ցանկացած գործունեություն ուղղակի կամ անուղղակի ճանապարհով կարող է ազդել լճի, նրա որակական ու քանակական ցուցանիշների վրա («Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդված):  2018 թվականի օգոստոսին բնապահպանները հայտարարել էին, որ Սեւանա լիճն այդ տարի հայտնվել է աղետալի վիճակում եւ ճահճացման վտանգը հեռու չէ։ Լճի խնդիրներով զբաղվող մասնագետներին անհանգստացրել էր հատկապես այն փաստը, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեն ցանկանում է օրենքի փոփոխությամբ հավելյալ 40 միլիոն խորանարդ մետր ջրառ կատարել։ Թեեւ, ըստ կոմիտեի, դա կօգներ խուսափել ոռոգման խնդիրներից, սակայն, բնապահպանների կարծիքով, Սեւանի հաշվին ոռոգման հարցը լուծելն անթույլատրելի է։ Նույն շրջանում «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը շեշտել էր, որ բնապահպանության նախարարությունն է պատասխանատու Սեւանա լճի համար, սակայն նախարարությունը գոնե մի միջոցառման պլան չի ներկայացրել, որ հասկանալի լինի՝ այդ ջուրն ինչի համար եւ ուր է գնում։ Զարաֆյանը տեղեկացրել էր «S.O.S. Սեւան» արշավի մեկնարկի մասին, որի շրջանակներում պատրաստվում են գնալ Սեւանի բոլոր համայնքները, նաեւ Արմավիրի մարզ, որպեսզի հասկանան՝ ինչ է կատարվում այնտեղ, այդ ջուրը տեղ հասնում է, թե ոչ։ 2018 թվականին «Հայկական բնապահպանական ճակատը» հրապարակել էր ծավալուն հոդված՝ մանրամասն անդրադառնալով Սեւանի ջրի մակարդակի բնականոն աճի խաթարման խնդրին, առաջարկելով հնարավոր լուծումներ։ Հոդվածում նախանշվել էր, որ Սեւանա լճի, նրա էկոհամակարգի միակ փրկությունը, նրա հետագա «առողջ» գոյատեւման երաշխիքը եղել եւ մնում է նրա մակարդակի շարունակական եւ անշեղ բարձրացումը՝ առանց զարտուղի եւ դավադիր ուղիներով  նրա մակարդակի բնականոն աճի կասեցման՝ մի խումբ ապազգային, անհայրենիք, իշխանական հզոր լծակներ «զավթած» օլիգարխ-իշխանավորների կողմից։  Նախորդ տարի՝ 2019-ին, լճի ծաղկելու խնդիրը դարձյալ անտարբեր չի թողել բնապահպաններին։ Բնապահպանների հիմնական քննադատությունն այն էր, որ Շրջակա միջավայրի նախարարությունը ոչինչ չի արել ամեն տարի առաջացող այդ խնդիրը լուծելու ուղղությամբ։  Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը համոզմունք էր հայտնել, որ ջրիմուռների նման ծավալի ակտիվացումը խոսում է լճի ճահճացման գործըթնացի մասին, նա նշել էր, որ Սեւանում համալիր տեսչական ստուգման անհրաժեշտություն կա, որ երբեւէ չի իրականացվել։ Երբ ինքը տեսչական մարմնի ղեկավարն էր, փորձել է սկսել այդ գործընթացը․ «Վեր էինք հանելու բոլոր տեսակի խնդիրները: Ոչ միայն նրանք, որոնք հանգեցնում են ճահճացման երեւույթներին, այլեւ կան շատ ավելի վտանգավոր գործընթացներ, որ մարդիկ չեն տեսնում տեսանելի չէ: Վաղը կարող ենք փաստի առաջ կանգնել: Օրինակ, Սոտքի հանքավայրից թթվային ջրերի հնարավոր արտահոսքը դեպի Սեւան: Կան որոշակի ուսումնասիրություններ, որ անգամ որոշ ձկնատեսակներ մուտացիայի են ենթարկվում Սեւանա լճում, եւ պատճառները ոչ ոք չի ուսումնասիրում»: Ամուլսարից՝ Սեւան Արամ Սարգսյանը պնդում է արել, ըստ որի՝ «հայրենասեր բնապահպանները» Սեւանի համար չեն պայքարում, որովհետեւ, գումար չեն ստանում դրա դիմաց, իսկ ահա Ամուլսարի դեպքում՝ հակառակը։ Իրականում, ինչ-որ չափով նաեւ Ամուլսարի շահագործումն է Սեւանա լճին սպառնացող վտանգ հանդիսանում։ Եւ սա արդեն պնդում են ոչ թե բնապահպանները, ոչ թե տեղի բնակիչները, այլեւ վերը հիշատակված ELARD-ի փորձագետները։ Ի սկզբանե, երբ պատվիրվել է այս փորձաքննությունը, պոտենցիալ ազդեցության հիմանական մտահոգություն են հանդիսացել Սպանդարյան-Կեչուտ թունելի եւ Կեչուտի ջրամբարը, որոնք սնուցում են Սեւանա լիճը։ Ըստ փորձաքննության նյութերի՝ թթվային դրենաժից ազդեցություն կրած ստորգետնյա ջրերը դառնում են մակերեւութային ջրեր՝ աղբյուրներում, հոսանքներում եւ գետերում։ Հանքի բացահանքերի շրջակայքում խանգարված տարածքները կարող են գոյացնել թթվային դրենաժ, որը կհոսի անմիջապես մակերեւութային ջրեր։  Ժամանակավոր աղբյուրները, ըստ եզրակացության, բացահանքի շրջակայքում հանդիսանում են ստորգետնյա ջրերի կարճ ուղիներ։ Բացահանքի պատերից կարող է հոսել օրերի կամ ամիսների ընթացքում՝ կախված, թե ինչպիսի փոխկապակցվածություն ունեն ճաքերը եւ մակերեւույթը։ Գարնանային ձնհալի ժամանակ վաղանցիկ աղբյուրներից հոսքը վկայում է լեռնաշղթայի ճաքերի միջոցով հոսքի արագության մասին։ Ժամանակը, որի ընթացքում թթվային դրենաժի ազդեցությունը կրող հոսքերը հասնում են լեռան ցածրադիր գոտու մշտահոս աղբյուրներին եւ հոսքերին, ավելի երկար է, սակայն եթե խզվածքների եւ ճաքերի միջոցով ստորգետնյա ջրերի հոսքը լավ է փոխկապկցված, հոսքերի որոշ հատվածներում կարող է կրճատվել վաղանցիկ աղբյուրների հետ միախառնվելու ժամանակահատվածը։ Ոչ մշտահոս եւ մշտահոս աղբյուրների ջրերը եւ ստորգետնյա ջրերը, որոնք հատվում են լեռան բարձրադիր հատվածներում հիմնական գետերին կարող են հասնել մի քանի ժամվա ընթացքում։ Թթվային դրենաժի ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերի մեծ գետեր լցվելու ժամանակահատվածը, ըստ ELARD-ի, վիճելի է եւ կախված է ճեղքվածքների փոխկապակցվածությունից։ Թեեւ ELARD-ի փորձագետները նշել են, որ թթվային դրենաժի ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերը Ծրագրի տարածքից կարող են չլցվել Սպանդարյան-Կեչուտ թունել եւ իզոտոպային տվյալների համաձայն՝ Ամուլսարի լեռան ստորգետնյա ջրերը չեն լցվում թունել, ու Կեչուտի ջրմբարի եւ Սեւանի վրա ազդեցություն չի լինի, սակայն,  միեւնույն ժամանակ, նրանք շեշտել են, որ երկրաշարժի դեպքում առաջացող պայմաններում, դատարկ ապարների լցակույտի վնասման պատճառով թթվային դրենաժի ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերը կարող են լցվել Սպանդարյան-Կեչուտ թունելի հյուսիսային ծայրամաս, այն կարող է ազդեցություն ունենալ Կեչուտի ջրամբարի վրա, Կեչուտ-Սեւան թունելի միջոցով հնարավոր ազդեցություն ունենա Սեւանա լճի վրա։ Ինչպես նաեւ, ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերը կարող են լցվել ազբյուրներ եւ հոսքեր, որոնք իրենց հերթին լցվում են Կեչուտի ջրամբար։ Ընդ որում՝ ELARD-ն ընդգծել է, որ այդ պահին առկա տվյալների հիման վրա հնարավոր չէ ասել ստորգետնյա այդ ջրերի փոխանցման ժամանակը։ Ովքե՞ր են գումարով բնապահպան աշխատողները Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարի այս երկու տարիների ընթացքում սա երկրորդ դեպքն է, երբ հանրային-քաղաքական գործիչը այդ պայքարի մասնակիցներին ներկայացնում է որպես որեւէ տեղից գումար ստացող բնապահպաններ։ 2019 թվականի հոկտեմբերի 22-ին Թբիլիսիում հայ համայնքի հետ կայացած հանդիպման ժամանակ Տիգրան Ավինյանն էր մի այդպիսի հայտարարությամբ հանդես եկել՝ նշելով, թե կան ազնիվ մարդիկ, որոնք իրապես հավատում են, որ այս ծրագիրը աղետ է, բայց, ըստ իրեն, կան նաեւ մարդիկ, որոնք ուղղակիորեն կապված են ՀՀ-ում գործող հանքարդյունաբերական որոշակի գործարարների հետ, որոնք բավականին լուրջ ֆինանսական միջոցներ են ներդնում, որ այդ արշավը կազմակերպվի: Այս հայտարարության վերաբերյալ բնապահպանները դիմել էին Ավինյանին՝ ճշտելու, թե արդյոք իրե՞նց է նկատի ունեցել, նա չէր պատասխանել: Միայն նշել էր, որ հավելյալ մեկնաբանման կարիք չկա: Դրանից հետո 15 բնապահպան դիմել էր դատարան՝ պարզելու իրե՞նց է նկատի ունեցել Ավինյանը: Եթե՝ այո, ապա զրպարտության պահանջ են ներկայացրել, որպեսզի հերքի այդ տեղեկությունը, թե իրենք ֆինանսավորվում են: Դատարանը, սակայն, որոշել էր մերժել քաղաքացիական գործով հայցն ընդդեմ Տիգրան Արմենի Ավինյանի` զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու պահանջի մասին։ Նույն հարցը տվեցինք Արամ Սարգսյանին․ ո՞ւմ է նկատի ունեցել եւ արդյոք իր պնդման վերաբերյալ փաստական հիմքեր ունի՞։ Սարգսյանը եւս պատասխանեց, որ իր գրառումը հավելյալ մեկնաբանելու անհրաժեշտություն չի տեսնում։   Սեւանա լճի խնդրի արմատները Սեւանա լճի ծաղկման գործընթացը նոր ի հայտ եկած խնդիր չէ։ Լճի էկոլոգիական հավասարակշռությունը խախտվել է դեռեւս 1930-ականներին՝ էներգիայի արտադրության եւ ոռոգման համար ջրի անխնա օգտագործման պատճառով։ Թերեւս, մասնագիտական շրջանակներից, բնապահպաններից ու տեղացիներից բացի՝ հանրության մի ստվար զանգվածի եւս հայտնի է, որ Սեւանա լճի էկոլոգիական վիճակը վատթարացել է հատկապես վերջին տասնամյակներին։ Դրա համար հիմք են հանդիսացել ջրի մակարդակի իջեցումը, թունաքիմիկատների եւ օրգանական նյութերի հոսքը, անթրոպոգեն բացասական ազդեցությունը՝ լճի հարուստ կենսաբազմազանության վրա եւ այլն։ Լճի ջրի կորուստն առաջ է բերել ադապտացիոն ներուժի կրճատման, օրգանական նյութերի հանքայնացման, լճի էկոհամակարգի ֆունկցիոնալ եւ կառուցվածքային փոփոխությունների ու ջրում նյութի կենսաքիմիական շրջապտույտի խախտման, ջրի միջին ջերմաստիճանի բարձրացման: Այս գործոններն իրենց ազդեցությունն են ունեցել լճի էտրոֆիկացման (ճահճացման, ծաղկման) գործընթացում: Լճի ճահճացման գործընթացում պաշտպանիչ դեր ունի լճի հատակի մոտ գտնվող 4°C հաստատուն ջերմաստիճան ունեցող ջրային շերտը, քանի որ այն թույլ չի տալիս, որ հատակի տիղմը խառնվի լճին: Բայց երբ ջրի ծավալը եւ խորությունը նվազում է, այդ պաշտպանիչ շերտը վերանում է, լիճը սկսում է ճահճանալ:  Վերջին տարիներին Սեւանա լճից իրականացվող ջրառի չափի թեման մշտապես արդիական է եղել։ Օրինակ, 2015 թվականին Սեւանից իրականացվելիք ջրառի չափաքանակ է սահմանվել շուրջ 170.0 մլն խոր. մետր, 2016 թվականին՝ դարձյալ նույնքան, 2017 թվաքանին ջրառի չափաքանակը սահմանվել է մինչեւ 270.0 մլն խոր. մետր, 2018 թվականին՝ 170, 2019-ին՝ նույնքան։ 2019 թվականին Սեւանա լճից իրականացված ջրառը նվազագույնն է եղել վերջին 5 տարիների ընթացքում․ նոյեմբերի 1-ի (բացթողման վերջին օրվա) դրությամբ Սեւանա լճից ոռոգման նպատակով բաց է թողնվել 143, 857 մլն խմ ջուր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 56,076 մլն խմ-ով: ՀՀ կառավարության 06.06.2019թ «Ոռոգման նպատակով 2019թ Սեւանա լճից ջրառի մասին» N698-Ա որոշմամբ սահմանված մինչեւ 170 մլն խմ ջրառի չափաքանակից պակաս է բաց թողնվել 26,140 մլն խմ-ով։   Պետությունը Սեւանի համար 2017 թվականի վերջի դրությամբ, (վերջին 5 տարիների ընթացքում Սեւանից ջրառի ամենամեծ չափաքանակն է նախատեսվել հենց 2017-ին) Սեւանա լճի մակարդակը կազմել է 1900.42մ, ինչը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ (1900.46մ) նվազել է 0.04մ-ով:  2017 թվականի համար Սեւանա լճից ոռոգման նպատակով սահմանվել է մինչեւ 270մլն խմ չափաքա­նակ: Բացթողնված ջրաքանակը կազմել է 266.757 մլն խմ, ինչը 99.622մլն խմ-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: ՀՀ բնապահպանության նախարարության՝ 2017 թվականի գործունեության արդյունքների մասին հաշվետվությունից տեղեկանում ենք, որ 2017-ին «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ջրածածկ անտառտնկարկներով տարածքներից մաքրվել է 78.1 հա տարածք, որից 64 հա-ը՝ ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին՝ ՊՈԱԿ-ի կողմից, 14,1 հա՝ ֆիզիկական անձանց կողմից՝ ՊՈԱԿ-ի հետ կնքված ջրածածկ անտառների մաքրման պայմանագրերով։ 2017 թվականի ընթացքում ՊՈԱԿ-ի միջոցներով պարկի տարածքում իրականացվել են 8.48 հա անտառավերականգնման աշխատանքներ:  ՀՀ կառավարության՝ 2018 թվականի սեպտեմբերի 27-ի N 1018 որոշմամբ հաստատվել է Սեւանա լճի էկոհամակարգի, վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման՝ 2019 թվականի միջոցառումների տարեկան ծրագիրը։  Ծրագրով նախատեսվում էր բարելավել «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կառավարման համակարգը, անտառմաքրման աշխատանքներ իրականացնել լճի շրջակայքում ջրածածկ եւ ջրածածկման ենթակա տարածքներում, նոր անտառշերտ հիմնել լճի շրջակայքում, իրականացնել ջրի տակ մնացած շինությունների ու ենթակառուցվածքների մաքրման աշխատանքներ՝ լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում, կենդանական ռեսուրսների հաշվառում անել լճի եւ դրա ջրահավաք ավազանում, սահմանել օգտագործամն թույլատրելի չափաքանակներ, մաքրել լճի ջրահավաք ավազանում առաջացած կեղտաջրերը, համալրել ձկան պաշարները, կանխել ապօրինի աղբավայրերի գոյացման ընթացքը եւ այլն։ Շրջակա միջավայրի նախարարության՝ 2019 թվականի գործունեության հիմնական արդյունքների հաշվետվությունից տեղեկանում ենք, որ 2019 թվականի ընթացքում Սեւանա լճի վիճակը վատթարացել է: Նշված է, որ Սեւանա լճում կապտականաչ ջրիմուռների աճի հնարավոր պատճառ են հանդիասանում լճի ջրի տաքացումը եւ լճում կենսածին տարրերի, հատկապես, ֆոսֆորի առկայությունը: Բացի այս՝ լճի աղտոտման հավանական պատճառ են հանդիսանում կոմունալ-կենցաղային կեղտաջրերի՝ առանց կենսաբանական մաքրման արտահոսքերը Սեւանի ՋԿՏ-ի գետեր կամ անմիջապես Սեւանա լիճ: 2019թ. «Անտառային մոնիթորինգ կենտրոն» ՊՈԱԿ-ը կատարել է 1901.5 բացարձակ նիշն ընկած տարածքների մանրամասն ուսումնասիրություններ եւ գնահատում, ինչպես նաեւ ընտրված տեղամասերի համար հանույթ անօդաչու թռչող սարքերի միջոցով: Փաստաթղթի համաձայն՝ նախարարության եւ «Հարությունյան Շին» ՍՊԸ-ի միջեւ 2019 թվականի սեպտեմբերի 2-ին կնքված 2019-2021 թվականների համար Սեւանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների կատարման պայմանագրով նախատեսված էր 2019 թվականին մաքրել ընդհանուր 98 հա տարածք, որից 4-ը՝ ջրածածկ։ Լիարժեք մաքրված տարածքները կազմում են շուրջ 30 հա, եւս 50 հա անտառածածկ տարածքներում հիմնականում ավարտվել են ծառերի, թփերի հատման աշխատանքները։ Անտառածածկ տարածքների աննախադեպ խտությունը, անկանխատեսելի խորությամբ ճահճուտները, եղանակային անբարենպաստ պայմանները նախատեսվածից ավելի կոճղերի առկայությունը լրացուցիչ խոչընդոտներ են ստեղծել աշխատանքները պայմանագրով նախատեսված ժամկետում ավարտելու համար։ Ի դեպ՝ 2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է նախագիծ, որով բացառել է Սեւանա լճից տարեկան սահմանված 170 մլն խոր. մետր ջրառից ավելի ջրառ իրականացնելու հնարավորությունը: Կառավարությունն այսուհետ Սեւանա լճից լրացուցիչ ջրառի հնարավորության համար կարող է դիմել միայն երաշտի կամ սակավաջրության որոշակի պայմանների դեպքում։  2019 թվականի հունիսին ՀՀ ՇՄ նախարարությունը հայտնել էր, որ բարձր ջերմաստիճանի եւ վերը նշված մի շարք բացասական գործոնների համադրության արդյունքում Սեւանա լճում սկսվել է կապտականաչ ջրիմուռների ավելացում, բայց նախարարությունը մշակում է օրենսդրական նախագծեր, որոնցով կկանոկարգվեն եւ կնվազեն աղտոտումները։  Հուլիսի 10-ին ՀՀ կառավարությունը հայտնել էր, որ ՇՄ նախարարությունը միջազգային գործընկերների հետ արդեն իսկ ախտորոշել է խնդիրը, երկրորդ փուլն են սկսում։ ՇՄ նախկին նախարարը եւս մեկ անգամ շեշտեց, որ միանշանակ է՝ կեղտաջրերը չպետք է լցվեն Սեւան, մաքրման կայաններ պետք է լինեն, մաքրվեն ջրի տակ մնացած բուսական հատվածները, եւ այլն։ Նախարարությունը վստահեցրել էր, որ մինչեւ 2021-ը 770 հա տարածք կմաքրվի, մինչդեռ նախկինում տարեկան 80հա պլանային մաքրումներ էին նախատեսված։  Օրեր անց՝ հուլիսի 25-ին ՀՀ առողջապահության նախարարությունը, անդրադառնալով Սեւանա լճի որոշ ափամերձ տարածքներում կապտականաչ ջրիմուռների տարածման հետեւանքով ջրի կանաչ գույն ստանալու կամ «ծաղկելու» խնդրին, քաղաքացիներին հորդորել էր զերծ մնալ այդպիսի վայրերում լողալուց:  Երեկ արդեն՝ հուլիսի 21-ին, ՇՄ նախարարությունը հայտնեց, որ նախորդ տարվա ընթացքում ափամերձ հատվածներից մաքրվել է շուրջ 100 հեկտար անտառածածկ տարածք։ Այս տարի աշխատանքները կշարունակվեն։ Բացի այդ՝ սկսվել են Սեւանա լճի ափամերձ հատվածներում 1901,5 մետր նիշից ցածր գտնվող, ապամոնտաժման ենթակա շենք-շինությունների քարտեզագրման եւ գույքագրման աշխատանքները, եւ, ըստ նախարարության հայտարարության, համայնքապատկան շենք–շինությունները կապամոնտաժվեն պետական միջոցներով։ Իսկ մասնավոր շենք–շինությունների սեփականատերերին արդեն իսկ ուղարկվել են համապատասխան ծանուցումներ՝ իրենց պատկանող շինությունները սեփական միջոցներով ապամոնտաժելու համար։ ՇՄ-ն հավելել է, որ մշակվել է «Սեւանա լճի էկոհամակարգի հավասարակշռության վերականգնման եւ պահպանության հիմնախնդիրները, դրանց կարգավորման անհրաժեշտ եւ նախատեսվող գործողությունները» փաստաթուղթը, ինչը ներկայացվել է ԵՄ գործընկեր դոնոր կազմակերպություններին՝ ֆինանսավորման նպատակով։ Այդ նպատակների համար հատկացվել է շուրջ 5 միլիոն եվրո գումար։ Այսպիսով, Արամ Սարգսյանի գրառումը մանիպուլյատիվ ու խնդրահարույց պնդումներ է պարունակում․ քաղաքական գործիչը, առանց անուններ նշելու, հայտարարել է, թե ՌԴ-ից օրավարձով գումար ստացող բնապահպաններն են փակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները, այնինչ բազմաթիվ են վկայությունները, այդ թվում՝ վարչապետի՝ Ջերմուկ կատարած այցի տեսքով, որ հանքի շահագործմանը դեմ են տեղի ու հարակից համայնքների բնակիչները, որոնք իրենց երբեւէ չեն ներկայացրել որպես բնապահպան։ Իսկ բնապահպաններն իրենց՝ գումարով ակցիա անելու վերաբերյալ Ավինյանի հայտարարությունից հետո վերջինիս դեմ դատական հայց էին ներկայացրել՝ զրպարտության համար։ Ինչպես Ավինյանը, այնպես էլ Արամ Սարգսյանը, մինչ այս պահը որեւէ փաստ չեն ներկայացրել բնապահպանների՝ որեւէ տեղից ֆինանսավորվելու մասին։ Հաջորդիվ, Սարգսյանը պնդել է, որ բնապահպանները Սեւանի հարցով լռել են, քանի որ դրա համար գումար չեն ստացել։ Սակայն, ինչպես արդեն ներկայացրինք, բնապահպանները դեռ 2000-ականներից են ահազանգում Սեւանա լճի խնդիրների մասին։ Բացի այդ, նախկինում Սոթքի, այսօր արդեն Ամուլսարի հանքի շահագործման դեպքում հնարավոր խնդիրների մասին խոսելիս բնապահպանները ինքնըստինքյան խոսում են ի շահ Սեւանա լճի, մանավանդ, ինչպես նշված է ELARD-ի փորձաքննության մեջ, երկրաշարժի դեպքում Ամուլսարի հանքից թունավոր նյութեր կարող են լցվել լիճ՝ այս անգամ Կեչուտի ջրամբարով։ Հավելենք նաեւ, որ երեկ «Հայկական բնապահպանական ճակատը» հայտարարություն է տարածել Արամ Սարգսյանի գրառման վերաբերյալ՝ ներկայացնելով, թե վերջինս ինչ կապ ունի Ամուլսարը շահագործելու նպատակ ունեցող «Լիդիան Արմենիա» ընկերության հետ։ Ըստ հրապարակման՝ վերջին շրջանում Ամուլսարում սադրիչ գործողություններ իրականացնող խմբավորումները ներկայացել են «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ի աշխատողներ, իսկ այս ընկերությունը համագործակցում է «Լիդիան Արմենիա»-ի հետ։ Ընկերության տնօրենը Կառլեն Մինասյանն է, որն էլ 2018թ․ խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ Արամ Սարգսյանի գլխավորած «Մենք» դաշինքի համամասնական ցուցակում էր։ Ի վերջո, եթե նույնիսկ բնապահպաններ կամ բնապահպանական խմբեր չլինեն, պետության տարածքում էկոլոգիական խնդիրները կանխում կամ լուծում են կառավարությունները՝ համապատասխան գերատեսչություններով, եւ բացի անհատական-քաղաքացիական պատասխանատավությունից՝ որեւէ մեկը այլ պարտավորություն չունի ամեն օր հայտարարել, որ Սեւանա լիճը ծաղկում է, վերջնակետը ճահճացումն է, եւ այլն, որպեսզի պատկան մարմիններն ուշադրություն դարձնեն կամ որոշեն լուծել հարցը։  Միեւնույն ժամանակ, ակնհայտ է, որ Սեւանա լճի խնդիրների լուծման ուղղությամբ կառավարությունը որոշակի քայլեր կատարում է։ Հայարփի Բաղդասարյան, Ասպրամ Փարսադանյան
13:54 - 23 հուլիսի, 2020
Politik-ը խեղաթյուրել է վարչապետի խոսքը․ Փաշինյանը չի ասել, թե Ադրբեջանը չի ցանկանում հարձակվել Հայաստանի վրա

Politik-ը խեղաթյուրել է վարչապետի խոսքը․ Փաշինյանը չի ասել, թե Ադրբեջանը չի ցանկանում հարձակվել Հայաստանի վրա

Նախօրեին՝ հուլիսի 19-ին, Politik.am կայքը հրապարակել է «Փաշինյանն ասել է, որ Ադրբեջանը չի ցանկանում հարձակվել Հայաստանի վրա» վերտառությամբ մի նյութ, որտեղ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ ունեցած առանձնազրույցի ժամանակ ՀՀ վարչապետի հնչեցրած միտքը ներկայացված է մանիպուլյատիվ կերպով։ Politik.am-ը, մասնավորապես, նշելով, որ Մինսկում ՀՀ վարչապետը Միշուստինի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարել նաեւ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճին եւ ռազմական բախումներին, մեջբերել է Փաշինյանի խոսքը․ «Ես հույս ունեմ` Դուք տեղեկացված եք, որ դեռեւս հայտնի չէ ինչպես եւ ինչու, բայց ադրբեջանական զորքերը որոշել են գնդակոծել Հայաստանի սահմանը: Ես տեղեկություններ կփոխանցեմ Ձեզ այդ իրադարձության եւ ընթացիկ իրավիճակի մասին: Ցանկանում եմ ընդգծել, որ այդ իրադարձությունները տեղի են ունենում երրորդ կողմի հրահրման ֆոնին եւ դա դեռ պետք է հասկանալ ո՞վ, ինչո՞ւմ եւ ինչո՞ւ է հետաքրքրված: Կարծում եմ` սա նույնպես շատ կարեւոր թեմա է եւ մենք այսօր կքննարկենք նաեւ այդ հարցը»։ Ընգծելով տողը՝ հեղինակը հանգել է եզրակացության, թե՝ ստացվում է՝ Հայաստանի վարչապետը Մինսկում պնդել է, որ Ալիեւը պատերազմ չի ուզում եւ իր բանակը չէր հարձակվի Հայաստանի սահմանների վրա, եթե չլիններ երրորդ կողմը։  Սակայն ոչ միայն վարչապետի խոսքից է ակնհայտ, որ նա նկատի չի ունեցել, թե Ադրբեջանը պատերազմ չի ուզում, կամ որ առանց երրորդ կողմի չէին սկսի ռազմական գործողություններ, այլ նաեւ հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին լարվածության վերաբերյալ Փաշինյանի մնացյալ ելույթներից։ Մասնավորապես, էսկալացիայի հաջորդ օրը՝ հուլիսի 13-ին, ՀՀ կառավարության արտահերթ նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ կոշտ գնահատական է հնչեցրել Հայաստանի սահմանին Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ՝ հայտարարելով, որ Ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությունները խստագույնս դատապարտելի են եւ դրանց վերսկսմամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետեւանքների ողջ պատասխանատվությունը:  Փաշինյանն այստեղ ընգծել է, որ խիստ մտահոգիչ է տարածաշրջանային անկայունություն հրահրելու Թուրքիայի գործելակերպը: Վարչապետը նկատել է, որ հնարավոր է` գործ ունենք ներքին խնդիրները սահմանային իրավիճակի սրմամբ երկրորդ պլան մղելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գործելաոճի հետ։ Վարչապետը վստահեցրել է, որ որեւէ սադրիչ գործողություն անպատասխան չի մնում: Այնուհետեւ Փաշինյանը դիմել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ հարցնելով՝ ի՞նչ տեղեկություն կարող է հայտնել, ի՞նչ է տեղի ունեցել երեկ, եւ ինչպիսի՞ն է վիճակն այդ պահին։ Սրան ի պատասխան՝ նախարարն ասել է, որ հուլիսի 12-ին, ժամը 12.30-ին մեր դիրքերից մեկին մոտեցել է ՈՒԱԶ ավտոմեքենա, անհասկանալի պատճառներով զինծառայողները դուրս են եկել մեքենայից եւ շարժվել դեպի մեր դիրքը: Քանի որ շարժումն անսպասելի է եղել մեր զինծառայողների համար, զինծառայողները վերադասին զեկուցելիս ստացել են հրահանգ՝ հաշվի առնելով ադրբեջանական զինծառայողների հնարավոր մոլորվածությունը կամ աշխարհագրության, կամ օպերատիվ իրավիճակին չտիրապետելու հանգամանքը,՝ կոչ են արել լքել տարածքը: Ինչպես հայտնել է նախարարը՝ թողնելով ավտոմեքենան՝ Ադրբեջանի զինծառայողները վերադարձել են իրենց դիրքերը, որից հետո սկսվել է 82 մմ-անոց ականանետերով հրետակոծություն դեպի նույն դիրքը, ինչպես նաեւ մարտական խմբերի շարժ դեպի այդ դիրքը, որը կասեցվել է հրետակոծությամբ եւ համապատասխան գործողություններով:  Փաշինյանն այս պատասխանից հետո նկատել է՝ տպավորություն ստացվեց, որ, հնարավոր է՝ ադրբեջանցի զինվորները մոլորվել են եւ հետո, չգիտես ինչու, մեր զինվորների զգուշացումից հետո մեքենան թողել են, հեռացել, ապա հարցրել է՝ հնարավո՞ր է՝ այդ մեքենայի հետ է կապված՝ ցանկացել են վերադարձնել այն, դրա համար են այդ գործողությունն սկսել: Տոնոյանն էլ պատասխանել է, որ  եթե այդպիսի ցանկություն լիներ, երեւի ինչ-որ ձեւաչափով կապի դուրս կգային եւ չկրակելու պայմանավորվածություն ձեռք կբերվեր, որպեսզի ավտոմեքենան վերադարձվի, բայց անմիջապես սկսվել է հրետակոծություն:  Բայց, ըստ Politik-ի, Փաշինյանը հայտարարել է, թե իր տպավորությամբ Ադրբեջանը մարտական գործողություններ է սկսել, որպեսզի ադրբեջանցի մոլորված զինվորականների թողած «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան հետ տանեն։ Հեղինակը նաեւ հավելել է, թե սա փորձագետների մոտ անհանգստության առիթ դարձավ, քանի որ ստացվում է, որ Հայաստանի վարչապետը արդարացումներ է գտնում Ադրբեջանի համար։ Politik.am-ը նաեւ եկել է եզրակացության, թե Փաշինյանի այս հայտարարությունից հետո աշխարհում թուլանալու է Ադրբեջանին ագրեսոր համարող պետություններ վերաբերմունքը, քանի որ Հայաստանի վարչապետը հայտարարում է, թե ինչ որ անտեսանելի երրորդ կողմ ստիպում է նրանց ռազմական ագրեսիա իրականացնել։ Բայց այս հայտարարությունից հետո եւ հուլիսի 12-ից ի վեր միջազգային հանրության արձագանքը՝ Ադրբեջանին ագրեսոր համարելու տեսանկյունից, ըստ էության, չի թուլացել, որին անդրադարձել ենք այս հրապարակման մեջ՝ ներկայացնելով, թե տարբեր երկրների պաշտոնյաներ ինձ հայտարարություններով են հանդես եկել՝ դատապարտելով Ադրբեջանի գործողությունները եւ աջակցություն հայտնելով Հայաստանին։ Այս տեսանկյունից հարկ է նշել նաեւ, որ Ադրբեջանի ՊՆ խոսնակի՝ Մեծամորի ատոմակայանը հրետակոծելու վերաբերյալ հայտարարությունը եւս կոշտ արձագանքի է արժանացել միջազգային գործընկերների կողմից։  Բացի այս՝ Միշուստինի հետ հանդիպումից հետո նոր հայտարարություններ էլ են եղել։ Մասնավորապես, Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է․ «Մենք հայ հանրության կողքին ենք՝ ընդդեմ բռնության։ Ադրբեջանը պարտավոր է վերջ դնել հայկական ատոմակայանին հարված հասցնելու մասին սադրիչ եւ վտանգավոր սպառնալիքներին եւ ընդունել միջազգային դիտորդներին։ Երկխոսությունը եւ դիվանագիտությունը միակ ուղին են տարածաշրջանում խաղաղություն եւ անվտանգություն ապահովելու համար»։ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն էլ նամակ է հղել երկրի նախագահ Էմանուել Մակրոնին՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ․ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բախումների վերսկսումից հետո ես գրել եմ Հանրապետության նախագահին։ Ես նաեւ դատապարտում եմ Թուրքիայի՝ Ադրբեջանի նախագահին անսասան աջակցությունը, ինչը սպառնում է Կովկասյան տարածաշրջանում խաղաղ գործընթացին»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Բուայեն։ Նա Ֆրանսիային եւ Եվրամիությանը խնդրել է հաստատել հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու հրամայականը։  Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածության վերաբերյալ նամակ է հղել Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբին: Քոքսն ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ հաստատակամ դիրքորոշում հայտնելու կոչ է արել: «Ես գրում եմ, որպեսզի իմ խորը մտահոգությունն արտահայտեմ հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրման լուրջ սպառնալիքի՝ համավարակի ընթացքում հատուկ մտահոգություն առաջացնող հարցի կապակցությամբ։ Վերջին օրերին Ադրբեջանը հրետանային մարտկոցներ է տեղակայել Տավուշի, Հայաստանի հյուսիս-արեւելյան հատվածի քաղաքացիական բնակչության մոտ՝ Լեռնային Ղարաբաղի տարածքից դեպի հյուսիս։ Հուլիսի 14-ին սպանվել են չորս հայ սերժանտներ եւ սպաներ։ Տասը զինծառայող բուժօգնություն է ստանում, նրանցից մեկը մնում է ծայրահեղ ծանր վիճակում»,- գրել է Քոքսը: Իսկ Եվրախորհրդարանի փոխնախագահ Ֆաբիո Մասիմո Կաստալդոն, որն օրեր առաջ մտահոգություն էր հայտնել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտումների կապակցությամբ եւ 2 կողմին հորդորել անցնել բանակցային ձեւաչափին, թվիթերի իր միկրոբլոգում Փաշինյան-Միշուստին առանձնազրույցից հետո գրել է, որ հրադադարի որեւէ խախտում այլեւս չպետք է հանդուրժել, եւ անհրաժեշտ է, որ Բաքուն պարտավորվի կառուցողական կերպով ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո անցկացվող բանակցային գործընթացում:  Հարկ է նշել նաեւ, որ երրորդ կողմից ագրեսիայի հրահրման կամ Ադրբեջանին աջակցություն հայտնելու մասին պնդումը երբեք չի կարող ընդունվել որպես ագրեսորի արդարացում, այլ նշվում է, որ ագրեսորին հրահրում կամ աջակցում է երրորդ կողմ, ըստ ամենայնի՝ Թուրքիան։ Իսկ Թուրքիայի՝ Ադրբեջանին աջակցող հայտարարությունների մասին ՀՀ արտաքին գերատեսչությունը մեկ անգամ չէ, որ արձագանքել է։ Ընդ որում՝ Արտաքին գործերի նախարարությունը չի կարող գործել կամ հայտարարություններ տարածել առանց քաղաքական ղեկավարության համաձայնության կամ նրանից անջատ։ Մասնավորապես, հուլիսի 13-ին ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Թուրքիայի ԱԳ նախարարության հայտարարությանը, որով վերջինս անվերապահ աջակցությունն է հայտնում Ադրբեջանին։ ԱԳՆ հայտարարության մեջ ասված է, որ Թուրքիայի այս սադրիչ կեցվածքը եւ Հայաստանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները հաստատում են այն իրողությունը, որ այդ երկիրը գործում է ոչ թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այլ ԼՂ հակամարտության մեջ ներգրավված կողմ: Մեր արտաքին գերատեսչությունը խստորեն դատապարտել է մեր տարածաշրջանում անկայունություն հրահրելու Թուրքիայի փորձերը եւ հաստատել, որ ՀՀ-ն շարունակելու է հետեւողականորեն հանդես գալ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության պահպանման եւ ամրապնդման դիրքերից՝ այդ ուղղությամբ սերտորեն համագործակցելով իր միջազգային գործընկերների հետ: ԱԳՆ-ն նաեւ հուլիսի 15-ին է հայտարարություն տարածել Թուրքիայի՝ դարձյալ Ադրբեջանին սատարող հայտարարության վերաբերյալ։ Նախարարության արձագանքը այս շրջանի ամենակոշտ դիտարկումներից էր։ ԱԳՆ հայտարարության մեջ ասված է, որ թուրքական կողմի հայտարարություններում առկա են ոչ միայն Ադրբեջանին անվերապահ աջակցության հանձնառություն, այլեւ Հարավային Կովկասի հանդեպ անթաքույց տարածաշրջանային հավակնություններ, որոնք Թուրքիայի նախագահը եւ նրան ձայնակցող պաշտոնյաները փորձում են հիմնավորել մեր տարածաշրջանում Թուրքիայի «պատմական առաքելության» վկայակոչմամբ: «Պատմական առաքելության եւ էթնիկ կամ կրոնական ընդհանրությունների վկայակոչմամբ Թուրքիան արդեն իսկ ապակայունացրել է իրավիճակը  հարեւան մի շարք տարածաշրջաններում՝ Մերձավոր Արեւելքում, Արեւելյան Միջերկրականում եւ Հյուսիսային Աֆրիկայում՝ անասելի տառապանքներ պատճառելով այդ տարածաշրջանների ժողովուրդներին: Պետք է արձանագրել, որ 21-րդ դարում Թուրքիան մեր տարածաշրջանի հանդեպ քաղաքականությունը կառուցում է ցեղային ընդհանրությունների եւ Հայոց ցեղասպանության արդարացման եւ այդ հանցանքի անպատժելիության ավանդույթների վրա: Թուրքիայի կողմնակալ եւ սադրիչ կեցվածքը լուրջ վնաս է հասցնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ փաստում է, որ Թուրքիան միջազգային՝ նախեւառաջ ԵԱՀԿ, շրջանակներում չի կարող որեւէ ներգրավում ունենալ հակամարտության առնչվող գործընթացներում։ Թուրքիան այս մոտեցումներով հանդիսանում է Հայաստանի եւ մեր տարածաշրջանի անվտանգության սպառնալիքը, որի դիմակայումը պահանջում է լայն տարածաշրջանային եւ միջազգային համագործակցություն»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ: Վերադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի սադրիչ գործողությունների վերաբերյալ հայտարարություններին, նշենք նաեւ, որ Միշուստինի հետ առանձնազրույցից առաջ վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, որտեղ բոլոր ներկաների առաջ իր ելույթում նշել է, որ Ադրբեջանը, անտեսելով համավարակի պայմաններում զինված բախումների դադարեցման բազմաթիվ կոչերը, սանձազերծել է ռազմական գործողություններ՝ Հայաստանի սահմանի հյուսիսարեւելյան ուղղությամբ, եւ որ Հայաստանի զինված ուժերը չէին կարող չպատասխանել Ադրբեջանի սադրիչ գործողություններին․ «Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանում լարվածության սրմանը, ոչ մի տեղ չի տանում: Նա չի կարողանա կոտրել մեր ժողովրդի վճռականությունը եւ ստիպել մեզ չհիմնավորված եւ միակողմանի զիջումների գնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Հակամարտության ուժային լուծում գոյություն չունի, եւ խաղաղ բանակցությունները չունեն այլընտրանք, ինչը համապատասխանում է մեր տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերին», - նկատել է Փաշինյանը: Այսպիսով, Politik.am-ը խեղաթյուրել է վարչապետի ասած խոսքը, այդ խեղաթյուրված միտքը ներկայացրել է որպես իրողություն եւ նշել նաեւ վերնագրում․ Փաշինյանը չի ասել, թե Ադրբեջանը չի ցանկանում հարձակվել Հայաստանի վրա, նրա հրապարակային արձագանքները մշտապես եղել են Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան դատապարտող, իսկ հայտարարությունները միջազգային արձագանքը չեն թուլացրել։ Հայարփի Բաղդասարյան
13:42 - 21 հուլիսի, 2020
Ինչպես է հաջողվել ՊՆ անունից 3000 օգտատիրոջ կեղծ նամակներ ուղարկել․ կազմակերպության, օպերատորների ու ԱԱԾ-ի պարզաբանումը

Ինչպես է հաջողվել ՊՆ անունից 3000 օգտատիրոջ կեղծ նամակներ ուղարկել․ կազմակերպության, օպերատորների ու ԱԱԾ-ի պարզաբանումը

Այսօր՝ հուլիսի 17-ին, առավոտյան 8։30-ի շրջանակներում ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ հակառակորդը վաղ առավոտից հերթական ապատեղեկատվությունն է տարածում։ Բանն այն է, որ բջջային օպերատորների բաժանորդներից ոմանք MIL.AM անունից (mil.am-ը ՀՀ ՊՆ պաշտոնական կայքի հասցեն է,- հեղ․) SMS հաղորդագրություն էին ստացել, թե իրավիճակը սահմանին լարված է, եւ հայկական կողմը կորուստներ ունի։ Նախարարությունը հայտարարեց, որ այս տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում,  եւ որ ՊՆ-ն հաղորդագրության հետ որեւէ կապ չունի։ Հայաստանում բջջային օպերատորները երեքն են՝ «Վիվա-ՄՏՍ», «Յուքոմ» եւ «Բիլայն»։ Պաշտպանության նախարարության անունից կեղծ այդ նամակը ստացել էին «Վիվա-ՄՏՍ» եւ «Յուքոմ» օպերատորների բաժանորդները։  Infocom.am-ը «Վիվա-ՄՏՍ» եւ «Յուքոմ» ընկերությունների մամուլի ծառայություններից ստացավ նույն պատասխանը, ըստ որի՝ վաղ առավոտյան, ներթափանցելով կապի շարժական օպերատորների հետ գործակցող VAS (ավելացված արժեքով ծառայություններ մատուցող) օպերատորներից մեկի համակարգը, հակառակորդին հաջողվել է կարճ հաղորդագրությունների միջոցով ապատեղեկատվություն տարածել առանձին բաժանորդների շրջանում:    Ինչպես ՀՀ պաշտպանության նախարարությունը, այնպես էլ բջջային այս օպերատորները հայտնեցին, որ դա հակառակորդի հերթական ապատեղեկատվությունն է:  Ե՛ւ «Վիվա-ՄՏՍ», ե՛ւ «Յուքոմ» ընկերություններից հայտնեցին, որ մշտական կապի մեջ են VAS օպերատորի հետ, որի մասնագետներն աշխատում են իրենց համակարգի անվտանգությունն ուժեղացնելու ուղղությամբ:  VAS օպերատորը հայտնել է, որ ապատեղեկատվություն ստացած բոլոր բաժանորդներն արդեն ստացել են իրենց ուղարկած հերքումը։ Մեր հարցին՝ VAS օպերատորի հետ կնքած պայմանագրի համաձայն նման իրավիճակներում, օրինակ՝ ապատեղեկատվություն պարունակող հաղորդագրություններ ուղարկելու դեպքում, ո՞վ է համարվում պատասխանատու, բջջայի՞ն օպերատորը, թե՞ VAS օպերատորը, բջջային օպերատորները հստակ պատասխան չտվեցին․ «Վիվա-ՄՏՍ»-ից նշեցին, որ հարցը քննարկելու են ընկերության իրավաբանների հետ, իսկ «Յուքոմ»-ից ասացին, որ, այո, պարզվեց՝ պայմանագիրը վերանայելու անհրաժեշտություն կա։ Ինչպես նշեցինք՝ «Բիլայն»-ի բաժանորդները չեն ստացել հակառակորդի ուղարկած ապատեղեկատվություն պարունակող որեւէ հաղորդագրություն:  Ընկերության մամուլի ծառայությունից Infocom-ին հայտնեցին, որ «Բիլայն»-ի պաշտպանողական համակարգներում կասկածելի ակտիվություն չի գրանցվել, եւ ցանցը գտնվում է մշտադիտարկման տակ՝ հարձակումները կանխելու նպատակով: Միեւնույն ժամանակ՝ հնարավոր է՝ հարձակում եղել է, սակայն «Բիլայն»-ի պաշտպանական համակարգը թույլ չի տվել կոտրել ցանցը։ Մեր հարցին՝ «Բիլայն»-ը օգտվում է նույն VAS օպերատորից, ինչ «Վիվա-ՄՏՍ»-ն ու «Յուքոմ»-ը, ընկերությունը չպատասխանեց։ Այսպիսով, «Վիվա-ՄՏՍ» եւ «Յուքոմ» ընկերությունների պարզաբանումներից կարող ենք ենթադրել, որ այս երկու օպերատորներն օգտվում են ավելացված արժեքով ծառայություններ մատուցող նույն օպերատորից․ այս դիտարկումը մեր զրույցում չհերքեցին նաեւ երկու ընկերություններից, ինչը նշանակում է, որ հակառակորդը, այնուամենայնիվ, կոտրել է ոչ թե մի քանի ցանց, այլ մեկ օպերատորի։ Իսկ այդ օպերատորը, ինչպես վերեւում հայտնեցինք, վստահեցրել է, որ աշխատում են իրենց համակարգի անվտանգությունն ուժեղացնելու ուղղությամբ: Բջջային օպերատորներն այս պահին որեւէ այլ տեղեկություն եւ պարզաբանում չեն հայտնում։ Infocom.am-ը կարողացավ կապ հաստատել հայաստանյան բջջային օպերատորներին VAS ծառայություններ մատուցող այն օպերատորի հետ, որից ապատեղեկատվություն պարունակող հաղորդագրություններն ուղարկվել էին բաժանորդներին։   Հակառակորդը, ինչպես մեր զրույցում պարզաբանեց ընկերության ներկայացուցիչը, հուլիսի 16-ի, լույս 17-ի գիշերը՝ ժամը 04։00-ի շրջանակներում կոտրել է մի կազմակերպության ցանց, որն այս ընկերության ծառայությունների միջոցով հաղորդագրություններ է ուղարկում բջջային օպերատորների բաժանորդներին։   VAS ծառայություն մատուցող այս ընկերության ցանցի անվտանգության համակարգը առավելագույնը 3 րոպեի ընթացքում կարողացել է արգելափակել հաղորդագրություն ուղարկելու գործընթացը։ Սակայն այդ րոպեների ընթացքում մոտ 3000 բաժանորդի գնացել է կեղծ հաղորդագրությունը։ Ընդ որում, հակառակորդը ոչ թե հաճախորդ կազմակերպության սերվերից է գտել բջջային օպերատորների բաժանորդների հեռախոսահամարները, այլ պատահականության սկզբունքով +374 կոդով գեներացրել է հեռախոսահամարները։ Քանի որ հեռախոսահամարների թվերն ընտրել են պատահական, դրանցից շատերը գործող չեն եղել։   Երբ VAS ծառայություն մատուցող ընկերությունը հաճախորդին SMS հաղորդագրոթյուններ ուղարկելու հնարավորություն է տալիս, սահմանում է նաեւ հաղորդագրություն ուղարկողի անունը։   Ընկերության ներկայացուցչից հետաքրքրվեցինք՝ այս պարագայում ինչպես է հաստատվել հաղորդագրություն ուղարկողի MIL.AM անունը․ մեր զրուցակիցը պատասխանեց, որ երբ կարողացել են կոտրել հաճախորդի ցանցը, շրջանցել են նաեւ անունը հաստատելու պատնեշը։   Իսկ թե ինչպես է թիրախավորվել այս ընկերությունը, ներկայացուցիչն ասաց, որ հակառակորդի տեղեկատվական այս հարվածի թիրախ դառնալը պատահականություն է եղել։   Ընկերությունը կեղծ ինֆորմացիան ստացած բաժանորդներին ուղարկել է այդ տեղեկությունը հերքող նամակ, թյուրիմացաբար ապատեղեկատվություն տարածելու մասին հայտարարել են նաեւ բջջային օպերատորները։ VAS ծառայություն մատուցող ընկերության ներկայացուցիչը վստահեցրեց, որ իրենց մասնագետներն աշխատում են համակարգի անվտանգությունն ուժեղացնելու ուղղությամբ:   Ազգային անվտանգության ծառայությունից Infocom-ի հարցին՝ դեպքի առթիվ քրեական գործ հարուցվե՞լ է, կամ նյութեր նախապատրաստվո՞ւմ են, պատասխանեցին, որ ԱԱԾ իր գործառույթների շրջանակներում իրականացնում է համապատասխան գործողություններ։   Հայարփի Բաղդասարյան
16:57 - 17 հուլիսի, 2020
Ոչ միայն Գվատեմալա․ հայկական դիվանագիտության 4 օրը

Ոչ միայն Գվատեմալա․ հայկական դիվանագիտության 4 օրը

Այսօր՝ հուլիսի 16-ի առավոտյան, «Հրապարակ» օրաթերթի կայքը հրապարակել է «Ագրեսորին չմատնանշեցին» վերտառությամբ նյութ, որտեղ անանուն մի նախկին ուժայինի եւ ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի խոսքերով ներկայացնում է, թե մենք հերթական անգամ թերացանք մեր ռազմական հաղթանակը միջազգային դիվանագիտական ոլորտում մատուցելու գործում, որ աշխարհը հասկանա՝ նախահարձակն Ադրբեջանն է։ «Հրապարակ»-ը, մասնավորապես, մեջբերել է իրենց զրույցում նախկին ուժայինի ասած միտքը, ըստ որի՝ «մեր ԱԳՆ-ի ուշացած հայտարարությունը, ի տարբերություն Ադրբեջանի հայտարարության, անատամ էր եւ խոսում էր ընդամենը «ներթափանցման» մասին, հետո էլ, չգիտես ինչու, անիմաստ ուրախանում, որ Գվատեմալան Հայաստանի կողքին է։ Այսինքն` դիվանագիտորեն ձախողված ենք, թեեւ բանակն իր գործը փայլուն է անում, բայց մյուս կառույցներն անգործունակ են»: Այս հրապարակմամբ ընթերցողին ենք ներկայացնում մեր արտաքին գերատեսչության, անհատ պատգամավորների, պետական այլ կառույցների հրապարակային արձագանքը՝ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ, միջազգային կառույցների հետ վարվող կոմունիկացիան եւ այդ կառույցների, տարբեր երկրների ներկայացուցիչների հայտարարությունները։ Այսպիսով, հուլիսի 12-ին, ժամը 17։00-ի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ նույն օրը, ժամը 12։30-ի սահմաններում Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսել Տավուշի մարզի հայկական դիրքերի ուղղությամբ։ Հարկ է ընդգծել, որ Ստեփանյանն այդ գրառման մեջ նշել է՝ «Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել»: Մոտ մեկ ժամ անց Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից եւ, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հակառակորդը հրետակոծությունը վերսկսել է երեկոյան 23։00-ի շրջանակներում։ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հայ-ադրբեջանական սահմանում լարվածության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն է տարածել հուլիսի 13-ին․ լույս 13-ի գիշերը՝ ժամը 01։38-ին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ադրբեջանական գործողությունների վերաբերյալ հայտարարությունը՝ նշելով, որ խստորեն դատապարտում ենք հուլիսի 12-ի կեսօրից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումները, որոնք ուղեկցվել են դեպի հայկական դիրքեր ներթափանցման փորձերով եւ հրետանու կիրառմամբ։  Բացի ներթափանցման փորձ որակելուց՝ ՀՀ ԱԳՆ-ն շեշտել է, հայկական կողմը համարժեք գործողությունների շնորհիվ արդյունավետորեն զսպել է այդ սադրիչ գործողությունները: ԱԳՆ հաղորդագրության մեջ նաեւ ասված է, որ Ադրբեջանը շարունակաբար հանդես է գալիս ուժի կիրառման եւ ռազմական էսկալացիայի սպառնալիքներով, եւ այդ սպառնալիքների պամաններում իրականացված սադրիչ գործողության հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Սա դեռեւս միայն ԱԳՆ-ի առաջին պաշտոնական հայտարարությունն է։ Դրանից հետո՝ հուլիսի լույս 13-ի գիշերը՝ ժամը 02։00-ի շրջանակներում, ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ նախարար Դավիթ Տոնոյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ: Այդ օրը զրույցի ընթացքում նախարարը դեսպանին տեղեկացրել է, որ հայկական բանակային զորամիավորման անձնակազմն ու հրամանատարությունը հրահանգավորված են դեռեւս պահպանել զսպվածություն, իսկ հակառակորդի` ՀՀ սահմանների ուղղությամբ սադրանքների պարագայում` արձագանքել ըստ անհրաժեշտության` ընդհուպ մինչեւ նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում:  Հուլիսի 13-ին՝ ժամը 15։00-ի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, քննարկել հայ-ադրբեջանական սահմանի մի հատվածում լարված իրավիճակը եւ այն հաղթահարելու ուղիները: Զրույցում ՀՀ ԱԳ նախարարը բացարձակ անընդունելի է համարել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը, որն ուղեկցվել է Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ՀՀ զինված ուժերի հենակետի հանդեպ ոտնձգության փորձով: Նույն օրը ժամը 16։00-ի շրջանակներում էլ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նամակներ է հղել Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլիին, ԵԽԽՎ նախագահ Հենդրիկ Դամսին եւ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիին՝ նշելով, որ այս գործողությունները Ադրբեջանի անընդունելի ռազմատենչ հռետորաբանության շարունակությունն են եւ լրջորեն խախտում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ինչպես նաեւ ուղղակիորեն հակասում են ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ համավարակի պայմաններում աշխարհի բոլոր անկյուններում ռազմական գործողություններից զերծ մնալու կոչերին։ Հուլիսի 13-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ ՀԱՊԿ ԽՎ-ի, ԵԱՀԿ ԽՎ-Ի, ԵԽԽՎ-ի, Եվրախորհրդարանի եւ միջազգային խորհրդարանական մյուս գործընկերներին տարբեր ձեւաչափերով տեղեկացրել են սահմանին Ադրբեջանի ձեռնարկած սադրիչ գործողությունների մասին: Ռուբինյանն անձամբ նամակներ է հղել նաեւ ԵԽ գլխավոր քարտուղարին ու ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին: Երկու օր անց Ռուբինյանը տեսակապով զրուցել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի Միջազգային գործերով հանձնաժողովի նախագահ Անդրեյ Սավինիխի հետ ու ներկայացրել վերջին օրերի իրադարձությունները՝ կապված ադրբեջանական սադրանքների հետ։  Հուլիսի 13-ին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հայ-ադրբեջանական միջպետական սահմանին Ադրբեջանի նախաձեռնած սադրանքների վերաբերյալ խմբակցության պաշտոնական գնահատականն է ուղարկել ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի անդամներին։ Նույն թեմայով Եղոյանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։ Նույն օրը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գայանե Աբրահամյանը հայտնել է, որ դեռ հուլիսի 12-ից մշտական կապի մեջ է միջազգային տարբեր հարթակների գործընկերների հետ, ԵՎՐԱՆԵՍԹ Խորհրդարանական վեհաժողովի համանախագահներին, բյուրոյի անդամներին, վեհաժողովի հիմնական գործընկերներին ոչ միայն նամակներ է հղել, այլ նաեւ հեռախոսազրույցների միջոցով տեղեկացրել է Ադրբեջանի ձեռնարկած սադրիչ գործողությունների, սահմանին տիրող լարվածության ու խաղաղ բնակչության դեմ սանձազերծված անընդունելի, հակամարդկային գործողությունների վերաբերյալ։ Աբրահամյանը տեղեկություններ է փոխանակել նաեւ միջազգային լրատվամիջոցների նախկին գործընկերների հետ։ Հուլիսի 13-ին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը նամակներով դիմել է ԵԱՀԿ ԽՎ անդամ 55 երկրների պատվիրակությունների ղեկավարներին, գլխավոր քարտուղարին եւ հանձնաժողովների ղեկավար կազմին՝ ՀՀ պետական սահմանի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած սադրիչ ռազմական գործողությունների վերաբերյալ։ Կոնջորյանն ընդգծել է, որ Ադրբեջանը խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ինչպես նաեւ ոտնահարում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը՝ հայտարարելու գլոբալ զինադադար՝ պայմանավորված համավարակով։ Պատգամավորը միջազգային գործընկերներին կոչ է արել խստորեն դատապարտել Ադրբեջանի ռազմական ագրեսիան եւ ռազմատենչ հռետորաբանությունը։ Հուլիսի 13-ին, դարձյալ ժամը 16։00-ի շրջանակներում ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է նաեւ Թուրքիայի ԱԳ նախարարության հայտարարությանը, որով վերջինս անվերապահ աջակցությունն է հայտնում Ադրբեջանին։ ԱԳՆ հայտարարության մեջ ասված է, որ Թուրքիայի այս սադրիչ կեցվածքը եւ Հայաստանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները հաստատում են այն իրողությունը, որ այդ երկիրը գործում է ոչ թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այլ ԼՂ հակամարտության մեջ ներգրավված կողմ: Մեր արտաքին գերատեսչությունը խստորեն դատապարտել է մեր տարածաշրջանում անկայունություն հրահրելու Թուրքիայի փորձերը եւ հաստատել, որ ՀՀ-ն շարունակելու է հետեւողականորեն հանդես գալ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության պահպանման եւ ամրապնդման դիրքերից՝ այդ ուղղությամբ սերտորեն համագործակցելով իր միջազգային գործընկերների հետ: Հուլիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ, նրան մանրամասն տեղեկատվություն տրամադրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրետանու կիրառմամբ իրականացված հրադադարի խախտումների, հուլիսի 13-ի առավոտյան այդ գործողությունների վերսկսման, ինչպես նաեւ իրադրության հետագա սրման հետեւանքների մասին: Մնացականյանն ընդգծել է ՀԱՊԿ անդամ երկրի նկատմամբ նման գործողությունների անընդունելիությունը: ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, ապա նաեւ Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ։ Նույն օրը Մնացականյանը  հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելի հետ, ներկայացրել իրադրությունը, եւ ընդգծել, որ ՀՀ-ն հաստատակամորեն պաշտպանելով իր սահմանները եւ բնակչությանը՝ հանդես է գալիս լարվածության թուլացման դիրքերից: ՀՀ արտգործնախարարը դատապարտել է Թուրքիայի՝ տարածաշրջանային անվտանգության խաթարման փորձերը: Հուլիսի 13-ի առավոտյան ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը միջազգային կառույցներին է ուղարկել Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-ին եւ 13-ին ադրբեջանական զինված ուժերի հրետակոծությունների վերաբերյալ առաջին միջանկյալ զեկույցը՝ անգլերենով, որը, ի դեպ, կազմվել է հուլիսի 12-ի, լույս 13-ի գիշերը։ Առանձին ընթացակարգով զեկույցն ուղարկվել է նաեւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին: ՄԻՊ-ը հատուկ նշել է, որ այսպիսի հնարավորություն ունեն բացառապես «A» միջազգային կարգավիճակ ունեցող Մարդու իրավունքների ազգային հաստատությունները: Հաջորդիվ, երբ ադրբեջանը շարունակել է ռազմական գործողություններ հրահրել, Արտգործնախարարությունը հանդես է եկել ավելի կոշտ հայտարարություններով։ Մասնավորապես, հուլիսի 13-ի երեկոյան՝ ժամը 21։30-ի շրջանակներում, ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրառում կատարեց՝ հայտարարելով, որ խստորեն դատապարտում ենք լարվածությունը պահպանելու՝ Ադրբեջանի շարունակական փորձերը եւ այդ նպատակով Տավուշի մարզի Չինարի եւ Այգեպար գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքների եւ բնակչության հանցավոր թիրախավորումը, ինչը միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտում է: Հուլիսի 14-ի առավոտյան, երբ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը հարվածային ԱԹՍ-ի միջոցով հրետակոծման էր ենթարկվել Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները, Աննա Նաղդալյանը գրել է, որ ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված այս ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը, որի ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը: Հուլիսի 14-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Նախարար Մնացականյանը մանրամասն տեղեկություն է տրամադրել Ադրբեջանի սադրիչ գործողությունների, այդ թվում վերջինիս կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների եւ բնակչության թիրախավորման վերաբերյալ: Այս առնչությամբ Կիպրոսի ԱԳ նախարարը դատապարտել է Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան: Նույն օրը Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ, որի ժամանակ երկուստեք ընդգծվել է տարածաշրջանային անվտանգության եւ կայունության պահպանման, հակամարտությունները բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը։ Հուլիսի 14-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստը, որի ժամանակ ելույթով հանդես է եկել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական եւ լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը՝ մանրամասն անդրադառնալով Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով իրադրության լարմանը: Տարածաշրջանային անվտանգության եւ կայունության պահպանման անհրաժեշտության հարցերի համատեքստում ՀՀ մշտական ներկայացուցիչ Բիյագովը ՀԱՊԿ անդամ-երկրների ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրեց Թուրքիայի ԱԳՆ հայտարարության վրա՝ նշելով, որ Հայաստանը խստագույնս դատապարտում է Թուրքիայի՝ մեր տարածաշրջանում անկայունություն հրահրելու փորձերը: Հուլիսի 14-ին՝ Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունից հետո, որտեղ ասված էր, որ այս պետությունը աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ՀՀ ԱԳՆ է հրավիրվել Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբան, որին ընդունել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։ Վերջինս դեսպանին ներկայացրել է ՀՀ ԱԳՆ գնահատականը՝ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության առնչությամբ, տեղեկատվություն փոխանցել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արեւելյան ուղղությամբ հուլիսի 12-ից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի խախտումների, քաղաքացիական ենթակառուցվածքների ու խաղաղ բնակչության շարունակական թիրախավորման, ինչպես նաեւ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի մասին Բացի Արտաքին գործերի նախարարությունից եւ խորհրդարանական իշխող խմբակցության պատգամավորներից՝ նաեւ ընդդիմադիր ֆրակցիաների պատգամավորներն են կապ հաստատել միջազգային գործընկերների հետ։ Մասնավորապես, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հուլիսի 14-ին հրապարակային գրառմամբ դիմել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիին, ԵԽԽՎ նախագահ Ռիկ Դեմսին, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միատովիչին՝ շեշտելով, որ ռազմական այս սադրանքները Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետեւողական ռազմատենչ հռետորաբանության շարունակությունն են, ինչը լրջորեն խախտում է միջազգային իրավունքի բոլոր հիմնարար սկզբունքները։ Ադրբեջանը հետեւողականորեն արհամարհում է իր իսկ ստանձնած միջազգային բոլոր պարտավորություններն ու իր իսկ ստորագրած կոնվենցիաները՝ շարունակելով թիրախավորել խաղաղ բնակավայրերն ու խաղաղ բնակիչներին։ Զոհրաբյանը միջազգային հիշյալ գործընկերների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի սադրիչ գործողություններին՝ նշելով, որ իրավիճակի լարման հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրելու է բացառապես Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Էդմոն Մարուքյանն էլ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից հուլիսի 14-ին հաղորդագրություն է ուղարկել Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասսոլիին, ԵԽ պատգամավորներ, Հայաստանի եւ Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ Տրայան Բեսեսկուին եւ Ժելյանա Զովկոյին, ինչպես նաեւ Հայաստանի, Վրաստանի եւ Հայաստանի հետ խորհրդարանական համագործակցության կոմիտեի նախագահ Մարինա Կալյուրանդին, «Renew Europe» խմբի նախագահ Դաչիան Քիոլոսին, «Եվրոպայի ազատականների եւ ժողովրդավարների» դաշինքի նախագահ Հանս վան Բաալենին, Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչին, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Միլտիադիս Վարվիցիոտիսին, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկ Դեմսին, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ջորջ Ծերեթելիին, նույն վեհաժողովի փոխնախագահներին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին, Մինսկի խմբի համանախագահներին, ԵԱՀԿ-ում «Եվրոպայի ազատականների եւ ժողովրդավարների» դաշինքի ղեկավարներին, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովում պատվիրակության նախագահությանը, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Աթիլա Մեշտերհազիին եւ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ռուքսանդրա Պոպային։  Մարուքյանը հույս է հայտնել, որ այս պաշտոնյաները կօգտագործեն իրենց քաղաքական ազդեցությունը ներքին եւ միջազգային մակարդակում` Ադրբեջանի գործողությունները դատապարտելու եւ արգելելու վերջինիս կողմից միջազգային իրավունքի կոպիտ խախտումները: Երեկ՝ հուլիսի 15-ին, Էդմոն Մարուքյանը՝ որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի նախագահ, նամակով դիմել է Լյուքսեմբուրգի Դեպուտատների պալատի նախագահ Ֆերնանդ Էտգենին՝ միջազգային գործընկերներին խնդրելով խստորեն դատապարտել ՀՀ սահմանին Ադրբեջանի սադրանքներն ու Ադրբեջանի ղեկավարության եւ նրա համախոհի անընդունելի հռետորաբանությունն ու գործողությունները։ Մարուքյանը դիմել է նաեւ Բահրեյնի Թագավորության Ներկայացուցիչների խորհրդի Բահրեյն-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Իբրահիմ Խալիդ Ալ-Նեֆաեիին։ Դարձյալ վերադառնալով Արտաքին գործերի նախարարությանը՝ նշենք, որ Թուրքիայի հայտարարությունների վերաբերյալ նախարարության երեկվա արձագանքը այս օրերին ամենակոշտ դիտարկումներից էր։ ԱԳՆ հայտարարության մեջ ասված է, որ թուրքական կողմի հայտարարություններում առկա են ոչ միայն Ադրբեջանին անվերապահ աջակցության հանձնառություն, այլեւ Հարավային Կովկասի հանդեպ անթաքույց տարածաշրջանային հավակնություններ, որոնք Թուրքիայի նախագահը եւ նրան ձայնակցող պաշտոնյաները փորձում են հիմնավորել մեր տարածաշրջանում Թուրքիայի «պատմական առաքելության» վկայակոչմամբ: «Պատմական առաքելության եւ էթնիկ կամ կրոնական ընդհանրությունների վկայակոչմամբ Թուրքիան արդեն իսկ ապակայունացրել է իրավիճակը  հարեւան մի շարք տարածաշրջաններում՝ Մերձավոր Արեւելքում, Արեւելյան Միջերկրականում եւ Հյուսիսային Աֆրիկայում՝ անասելի տառապանքներ պատճառելով այդ տարածաշրջանների ժողովուրդներին: Պետք է արձանագրել, որ 21-րդ դարում Թուրքիան մեր տարածաշրջանի հանդեպ քաղաքականությունը կառուցում է ցեղային ընդհանրությունների եւ Հայոց ցեղասպանության արդարացման եւ այդ հանցանքի անպատժելիության ավանդույթների վրա: Թուրքիայի կողմնակալ եւ սադրիչ կեցվածքը լուրջ վնաս է հասցնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ փաստում է, որ Թուրքիան միջազգային՝ նախեւառաջ ԵԱՀԿ, շրջանակներում չի կարող որեւէ ներգրավում ունենալ հակամարտության առնչվող գործընթացներում։ Թուրքիան այս մոտեցումներով հանդիսանում է Հայաստանի եւ մեր տարածաշրջանի անվտանգության սպառնալիքը, որի դիմակայումը պահանջում է լայն տարածաշրջանային եւ միջազգային համագործակցություն»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ: Հուլիսի 15-ի առավոտյան Մարդու իրավունքների պաշտպանը երկրորդ միջանկյալ զեկույցն է ուղարկել միջազգային կառույցներին՝ կապված Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-14-ի ադրբեջանական զինված ուժերի հրետակոծությունների եւ գնդակոծությունների հետ։ Հատուկ շեշտադրումներ են արվել քաղաքացիական բնակավայրերի, նրանց բնակիչների առողջության, կյանքի ու սեփականության պաշտպանության մասով։ Ինչպես նախորդը, այս զեկույցն էլ առանձին ընթացակարգով ուղարկվել է նաեւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին:  Այս գիշեր, երբ հակառակորդը դարձյալ վերսկսել է ռազմական գործողությունները՝ հրետանակոծելով Տավուշի մարզի Այգեպար եւ Մովսես գյուղերը, ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը դարձյալ կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ, ներկայացրել ժամը 03:40-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ եւ զոհեր։ Պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ սահմանների նկատմամբ ադրբեջանական կողմի ոտնձգությունները բոլոր առկա ուժերով եւ միջոցներով տապալվում են։ Արձագանքելով գիշերը վերսկսած գործողություններին՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը գրառում է կատարել՝ Մովսես եւ Այգեպար գյուղերի հատվածում հակառակորդի գործողությունները որակելով հանցավոր, եւ նշելով, որ այս ագրեսիվ գործողությունը տեղի է ունեցել մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ առավել վաղ ձեռք բերված պայմանավորվածության ուխտադրուժ խախտմամբ եւ սահմաններին հարաբերական անդորրի հաստատումն արձանագրող ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահների հուլիսի 15-ի հայտարարությունից հետո․ «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր իսկ անհեռատես քաղաքականության արդյունքում հայտնվել է փակուղային իրավիճակում եւ այժմ ձեռնարկում է արկածախնդիր եւ ոչ կշռադատված քայլեր, որոնց համար պատասխան է տալու նաեւ սեփական ժողովրդի առջեւ»,- ասված է հայտարարության մեջ։ Այսօր՝ հուլիսի 16-ին, Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին հայտարարել է, թե հայկական կողմը չպետք է մոռանա, որ ադրբեջանական բանակի ամենաարդիական հրթիռային համակարգերը թույլ են տալիս մեծ ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ատոմակայանին, ինչը, նրա խոսքով, Հայաստանին մեծ աղետի կհանգեցնի։ Այս մասին գրել է ադրբեջանական haqqin.az-ը։ Դարգյախլին այսպես է արձագանքել այն ենթադրյալ քննարկումներին, թե Հայաստանը կարող է հարվածել ադրբեջանական Մինգեչաուրի ջրամբարին: Նշենք, որ ՀՀ պաշտոնատար անձանց կողմից, ըստ էության, երբեւէ հայտարարություն չի եղել Մինգեչաուրին հարվածելու մասին։ Սրան, իհարկե, արձագանքեցին անհատ քաղաքական գործիչները, պատգամավորները, սակայն արդեն հուլիսի 16-ի երեկոյան ԱԳՆ-ն պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ՝ խստորեն դատապարտելով Ադրբեջանի հնչեցրած միջուկային սպառնալիքները, որոնք, ինչպես նշված է հաղորդագրության մեջ, վկայում են միջազգային հանրության այդ անդամի ողջամտության եւ պատասխանատվության բացարձակ բացակայության մասին․ «Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանը հրթիռակոծելու՝ Ադրբեջանի ՊՆ-ի հնչեցրած սպառնալիքը վկայում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հուսահատության մակարդակի եւ մտքի ճգնաժամի մասին:  Այն գործողությունները, որոնցով սպառնում է Ադրբեջանի ՊՆ-ն, հանդիսանում են  ընդհանուր առմամբ միջազգային հումանիտար իրավունքի եւ, մասնավորապես, Ժնեւյան կոնվենցիայի առաջին լրացուցիչ արձանագրության աղաղակող խախտում: Նմանօրինակ սպառնալիքները  պետական ահաբեկչության ուղղակի դրսեւորում են եւ արտահայտում են Ադրբեջանի ցեղասպան մտադրությունները:  Ավելին, Ադրբեջանի ղեկավարությունը նման հայտարարություններով հանդես է գալիս որպես սպառնալիք տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, այդ թվում՝ սեփական ժողովրդի համար: Ադրբեջանը պետք է օր առաջ հրապարակայնորեն հրաժարվի այս սպառնալիքներից»,- ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ։ Հուլիսի 16-ի երեկոյան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը հերթական նամակներով դիմել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահին, գլխավոր քարտուղարին եւ 55 երկրի ավելի քան 300 պատգամավորների՝ Ադրբեջանի կողմից շարունակվող ռազմական ագրեսիայի վերաբերյալ։ Կոնջորյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակը փաստացի սպառնացել է, որ Ադրբեջանը կարող է հարվածել Մեծամորի ատոմակայանին՝ աղետի հանգեցնելով ամբողջ տարածաշրջանը։ Պատգամավորը նշել է, որ Ադրբեջանի նման ահաբեկչական սպառնալիքները ուղեկցվում են վերջինիս կողմից միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներով՝ այս օրերին թիրախի տակ վերցնելով քաղաքացիական բնակչությանը եւ ենթակառուցվածքները։ Կոնջորյանը կոչ է արել խստագույնս դատապարտել Ադրբեջանի ռազմական ագրեսիան եւ ռազմատենչ հռետորաբանությունը։  Հուլիսի 16-ի ուշ երեկոյան էլ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց, որ Ֆրանսիայի խորհրդարանի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները համատեղ հայտարարություն են տարածել հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանական զինուժի սադրանքի հետեւանքով առաջացած լարվածության վերաբերյալ՝ շեշտելով, որ ընդդեմ Ադրբեջանի՝ սատարել Հայաստանին՝ նշանակում է սատարել ապրելու իրավունքը։ Ֆրանսիացի խորհրդարանականները խոր մտահոգություն են հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերսկսված թշնամական գործողությունների կապակցությամբ։ Նրանք ընդգծել են, որ սոսկ դատապարտել այս բախումները՝ առանց մեղադրելու դրանց պատասխանատուներին, կնշանակի չասել ոչինչ։  «Մենք բոլորս գիտենք, որ բախումների վերսկսումն ուղղակի հետեւանք է Ադրբեջանի բռնակալ Իլհամ Ալիեւի ցանկացած եւ վարվող լարվածության սրման ռազմավարության։ Տարիներ ի վեր, բացահայտորեն առաջ մղելով հայատյաց դաստիարակությունը, ներկայումս, Ադրբեջանի նախագահի համար շատ հարմար է ուղղորդելու իր ժողովրդի հիասթափությունները՝ ահագնացած նաեւ նավթի գնանկումով, դեպի ժառանգական թշնամի նշանակված հարեւան ժողովուրդը»,- նշել են խորհրդարանականները՝ հավելելով, որ խստորեն դատապարտում են նաեւ ադրբեջանական ռազմատենչ ձեռնարկումներին Թուրքիայի ցուցաբերած հանցավոր աջակցությունը (ֆրանսիացի խորհրդարանականների հայտարարությունն ամբողջությամբ՝ այստեղ)։ Ինչպես նշեցինք՝ ըստ «Հրապարակի» անանուն զրուցակցի՝ մեր դիվանագիտությունը ձախողել է, մեր ԱԳՆ-ի հայտարարությունն անատամ էր եւ խոսում էր ընդամենը «ներթափանցման» մասին։ Այս հայտարարությունից տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանը դիվանագիտորեն պարտվել է Ադրբեջանին եւ որ Ադրբեջանի արտգործնախարարությունը գործում է առավել արդյունավետ՝ ի տարբերություն Հայաստանի ԱԳՆ-ի:  Սակայն երեկ՝ հուլիսի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կառավարության նիստում կոշտ քննադատություն է հնչեցրել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հասցեին: Ալիեւը դժգոհություն է հայտնել արտգործնախարարի աշխատանքից՝ պնդելով, թե հուլիսի 12-ին բոլոր նախարարները եղել են աշխատասենյակում, բացի Մամեդյարովից:   «Ես նրան հարցրի՝ ինչո՞ւ եք տանը, պետք է աշխատասենյակում լինեք եւ կատարեք նախագահի հանձնարարությունները»,- պատմել է վարչապետը: Ի պատասխան՝ Իլհամ Ալիեւը ասել է, որ «Էլմար Մամեդյարովը հայկական կողմի հետ քննարկում էր կորոնավիրուսի պայքարի հարցով համագործակցությանը վերաբերող հարցեր»։ «Հայաստանի հետ ի՞նչ համագործակցության մասին է խոսքը»,- եզրափակել է Ադրբեջանի նախագահը: Ակնհայտ է, որ Իլհամ Ալիեւի՝ ԱԳ նախարարին հայտնած դժգոհությունն ու կոշտ քննադատությունը Ադրբեջանի ԱԳՆ-ի արդյունավետ աշխատանքի համար չէ: Նշենք, որ այսօր՝ ժամը 16։00-ի շրջանակներում հաստատվեց լուրը, որ Մամեդյարովն ազատվել է պաշտոնից։ Ադրբեջանի ԱԳ նախարար է նշանակվել Ջեյհուլ Բայրամովը։ Ինչ վերաբերում է «անիմաստ ուրախանալուն, որ Գվատեմալան Հայաստանի կողքին է», ապա պետք է նշել, որ բացի Գվատեմալայից Ադրբեջանական սադրիչ եւ ռազմատենչ գործողությունները դատապարտել են նաեւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների Պալատի պատգամավոր Կոնստանտինոս Էֆտաթյոն, Կիպրոսի խորհրդարանի նախագահ Դիմիտրիս Սիլուրիսի, ԱՄՆ կոնգրեսական Թի Ջեյ Քոքսը եւ Բրեդ Շերմանն, ԱՄՆ սենատի անդամ Էդուարդ Մարքին, Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսը, Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, նախկին փոխխոսնակ, հայ-շվեդական բարեկամական խմբի անդամ Բյորն Սյոդերնը եւ Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր Ջոել Ֆորդեւինդը: Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների Պալատի պատգամավոր Կոնստանտինոս Էֆտաթյոն, ով նաեւ ԵԽԽՎ պատգամավոր է, թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել, որով դատապարտում է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի սահմանի վրա` մասնավորապես քաղաքացիական եւ ոչ ռազմական նշանակության օբյեկտների վրա: Հաջորդ օրը՝ հուլիսի 15-ին, Կիպրոսի Սոցիալ-դեմոկրատական շարժման  մամլո գրասենյակը հայտարարություն տարածեց, որտեղ մասնավորապես նշում են, որ իրենց աջակցությունն են հայտնում հայ եղբայրներին եւ դատապարտում են ադրբեջանական հարձակումները: «Մենք դատապարտում ենք Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, որոնք հիմնականում ուղղված են ոչ ռազմական թիրախներին»,- նշված է սոցիալ-դեմոկրատական շարժման մամլո գրասենյակի հայտարարության մեջ: Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ զրույցում դատապարտել է Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան: Կիպրոսի խորհրդարանի նախագահ Դիմիտրիս Սիլուրիսն իր թվիթերյան էջում գրառում է կատարել, նշելով, որ անհանգստացած են Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող զարգացումներով եւ նոր բախումներով: Սիլուրիսն ընգծել է, որ սատարում են հայ ժողովրդին եւ հուսով են, որ կոնֆլիկտը կկարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով։ Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն էլ թվիթերյան իր միկրոբլոգում  գրել է․ «Մինչ աշխարհը կոչ է անում երկխոսության եւ բանակցությունների, Ադրբեջանը նախընտրում է հարձակվել Հայաստանի վրա: Բավ է բռնությունն ու սադրանքը»։ Հայաստան-Նիդեռլանդներ բարեկամության շրջանակի համանախագահ Ջոել Ֆորդեւինդը եւս միացել է տարբեր երկրների խորհրդարանականներին, որոնք դատապատում են սահմանին Ադրբեջանի կողմից իրավիճակի սրումը․ «Լավ է, որ ՄԱԿ-ը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի հրետակոծումը։ Դա կարող է հանգեցնել Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր պատերազմի։ Հուսով եմ, որ ԵԱՀԿ-ն կարող է միջնորդել եւ վերականգնել խաղաղությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ»,- գրել է Ֆորդեւինդը։ Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, նախկին փոխխոսնակ, հայ-շվեդական բարեկամական խմբի անդամ Բյորն Սյոդերն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին` կոչ անելով աշխարհին դատապարտել Ադրբեջանի շարունական հարձակումները․ «Ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիան հայ-ադրբեջանական սահմանին՝ նպատակաուղղված թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակչությանը՝ ընդլայնելով էսկալացիայի աշխարհագրությունը: Այսօր Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքը գնդակոծվել է անօդաչու թռչող սարքերով: Հայաստանի քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ այս ագրեսիան համարժեք պատասխան կստանա, որի համար ադրբեջանական կողմը լիարժեք պատասխանատվություն է կրում»,- գրել է Սյոդերը: ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը երեկ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, ըստ որի՝ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը Պետական եւ Պաշտպանության քարտուղարներին կոչ է անում դատապարտել ադրբեջանական ագրեսիան, մարտահրավեր նետել Թուրքիայի հակահայկական հռետորաբանությանը եւ վերանայել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը՝ ահագնացող թշնամանք դրսեւորող Ադրբեջանի կառավարությանը: «Միացյալ Նահանգները որեւէ հիմնավորմամբ չպետք է օգնի եւ քաջալերի Ադրբեջանի նման անխոհեմ, ավտորիտար պետությանը, հատկապես ոչ այն դեպքում, երբ վերջինս սպառնում է Հայաստանի նման ժողովրդավարական գործընկերոջը»: - կոնգրեսականներ Ֆրենկ Փելոուն, Ադամ Շիֆ, Գուս Բիլիրակիս եւ Ջեքի Սփայեր: Ես աջակցում եմ Հայաստանին, քանի որ հայերը պաշտպանում են իրենց տարածքային ամբողջականությունը: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱՄՆ Սենատի անդամ Էդուարդ Մարքին: Սենատորի խոսքով՝ Ադրբեջանն ու Թուրքիան պետք է հարգեն հայ-ադրբեջանական սահմանը, Արցախում հայ ժողովրդի ձգտումներն ու անհապաղ կայունացնեն իրավիճակը: ԱՄՆ կոնգրեսականներ Թի Ջեյ Քոքսը եւ Բրեդ Շերմանն էլ անհանգստություն են հայտնել Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման վերաբերյալ՝ ընդգծելով, որ ցավոք, այդ գործողությունները զարմանալի չեն՝ հաշվի առնելով Ադրբեջանի շարունակ աճող ռազմատենչ հռետորաբանությունը Հայաստանի եւ Արցախի նկատմամբ: Կոնգրեսականները նշել են, որ նման գործողությունները վտանգում են ոչ միայն զինվորների, այլեւ խաղաղ քաղաքացիների կյանքը: ԱՄՆ կոնգրեսմեն Ջուդի Չուն եւս թվիթերյան գրառում է արել՝ իր աջակցությունը հայտնելով հայերին․ «Իմ մտքերն անմեղ հայերի հետ են, որոնք տառապում են այս բռնությունից: Ադրբեջանի շարունակական բռնությունը հայ ժողովրդի նկատմամբ պետք է դադարի: Այդ պատճառով ամեն տարի ես կոչ եմ անում դադարեցնել ԱՄՆ ռազմական աջակցությունը Ադրբեջանին, որն էլ հնարավորություն է տալիս Ադրբեջանին շարունակել իր ագրեսիան»: Հայաստանին իր աջակցությունն է հայտնել նաեւ ԱՄՆ Սենատի անդամ Էդուրադ Մարքին։ Նա թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ շեշտելով, որ Ադրբեջանն ու Թուրքիան պետք է հարգեն հայ-ադրբեջանական սահմանը, Արցախում հայ ժողովրդի ձգտումներն ու անհապաղ կայունացնեն իրավիճակը: ԱՄՆ կոնգրեսականներ Թի Ջեյ Քոքսը եւ Բրեդ Շերմանը նույնպես անհանգստություն են հայտնել Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հետ կապված՝ ընդգծելով, որ, ցավոք, այդ գործողությունները զարմանալի չեն՝ հաշվի առնելով Ադրբեջանի շարունակ աճող ռազմատենչ հռետորաբանությունը Հայաստանի եւ Արցախի նկատմամբ: Կոնգրեսականները նշել են, որ նման գործողությունները վտանգում են ոչ միայն զինվորների, այլեւ խաղաղ քաղաքացիների կյանքը: Իսկ ահա ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի՝ «Հրապարակ»-ին տված մեկնաբանությունը, թե «միջազգային արձագանքը վկայում է, որ նրանք տարբերության նշան չդրեցին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ», ըստ ամենայնի, վերաբերում է ՀԱՊԿ-ի, Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը։ Թեեւ հակառակորդը ռազմական գործողությունները սկսել էր հուլիսի 12-ին, սակայն ՀԱՊԿ-ը, որի հիմնադիր անդամ է Հայաստանը, կրակը դադարեցնելու կոչ արեց միայն երեկ՝ հուլիսի 14-ին՝ հայտարարելով, որ կազմակերպության քարտուղարությունում լուրջ անհանգստություն են արտահայտում՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակի լարվածության կապակցությամբ։  «Ստեղծված իրավիճակը չի նպաստում իրավիճակի կարգավորմանը երկու հարեւան երկրների սահմաններում, որոնցից մեկը՝ ՀՀ-ն, ՀԱՊԿ անդամ պետություն է»,- ասված էր հայտարարության մեջ։ Այս հայտարարությունը թույլ է տալիս պնդել, որ Արմեն Աշոտյանի հայտարարությունը ոչ միանշանակ է, քանի որ ՀԱՊԿ-ը, չնայած ուշացած եւ հիմնականում չեզոք արձագանքի մեջ, ամեն դեպքում, շեշտված է, որ Հայաստանը այս կառույցի անդամ է։ Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրան եւս հայտարարությամբ էր հանդես եկել, որտեղ հայտնել էր իրենց մտահոգությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին զարգացումների առնչությամբբ․ «Մենք միանում ենք բոլոր կողմերին ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հետագա լարումը կանխելու համար»,- ասել է ՆԱՏՕ-ի պաշտոնյան:  Այս հայտարարության չեզոք դիրքորոշումնը հասկանալի է, քանի որ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը չեն հանդիսանում այս կառույցի անդամ։ Հայ-ադրբեջանական սահմանի լարվածության առնչությամբ հայտարարությամբ են հանդես եկել նաեւ ղարաբաղյան միջնորդները․ ԵԱՀԿ Մինսկի խումբը ցավով արձանագրել է, որ կորուստներ կան, դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտումները եւ կողմերին կոչ անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հետագա լարվածությունը կանխելու համար։ Այսպիսով, լրատվամիջոցում տեղ գտած պնդումը, թե՝ թեեւ բանակն իր գործը փայլուն է անում, բայց մյուս կառույցներն անգործունակ են ու մենք դիվանագիտորեն ձախողված ենք, մանիպուլյատիվ է եւ խնդրահարույց, քանի որ ե՛ւ ԱԳՆ-ն, եւ ՊՆ-ն, ե՛ւ ԱԺ նախագահը, ե՛ւ խորհրդարանական խմբակցությունների պատգամավորները, ե՛ւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ սկսելու առաջին օրվանից արձագանքել են տեղի ունեցողին եւ փորձել են միջազգային գործընկերների հետ մշտական կապ պահել։ Հայարփի Բաղդասարյան, Նարեկ Մարտիրոսյան
22:30 - 16 հուլիսի, 2020
Ավետիք Չալաբյանը արտակարգ դրության վերաբերյալ խնդրահարույց պնդումներ է արել

Ավետիք Չալաբյանը արտակարգ դրության վերաբերյալ խնդրահարույց պնդումներ է արել

Հուլիսի 10-ին «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում հանդես է եկել արտակարգ դրության վերաբերյալ խնդրահարույց պնդումներով։ Չալաբյանը, նշելով, որ նախորդ շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտակարգ դրությունը երկարձգելու անհրաժեշտության մասին, հիշեցրել է ՀՀ Սահմանադրության 120-րդ հոդվածի 1-ին կետը, որի համաձայն՝ «Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Կառավարությունը հայտարարում է արտակարգ դրություն, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ եւ այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին»։ Չալաբյանը գրել է, թե օրենքի այս մասը ենթադրում է, որ արտակարգ դրությունը հայտարարվում է սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում․ «Ես վարչապետ Փաշինյանին առաջարկում եմ բոլորիս բացատրել, թե այսօր սահամանդրական կարգին ինչպիսի անմիջական վտանգ է սպառնում։ Եթե խոսքը համավարակի մասին է, ապա այն որեւէ կերպ այլեւս սահամանադրական կարգին չի կարող սպառնալ, քանի որ հասկանալի են թե նրա տարածման դեմ պայքարի միջոցները, թե նրա բուժման միջոցները, նրանցից ոչ մեկը արտակարգ դրության ռեժիմի կարիք չունի»։ Գրառման հեղինակը ճիշտ է, Սահմանադրության 120-րդ հոդվածն այդպիսի սահմանում տալիս է, սակայն նա չի նշել, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքը հստակեցնում է, թե որ դեպքում է հայտարարվում արտակարգ դրություն։ Ըստ նշյալ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի՝ «Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն ՀՀ սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում, ներառյալ` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ տապալելու, իշխանությունը զավթելու փորձերը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասայական, կրոնական հակամարտությունները, ահաբեկչական ակտերը, հատուկ նշանակության օբյեկտների գրավումը կամ շրջափակումը, անօրինական զինված միավորումների ստեղծումը եւ գործունեությունը, արտակարգ իրավիճակները»: Իսկ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պահպանության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում էլ նշված է, որ արտակարգ իրավիճակ է համարվում որոշակի տարածքում կամ օբյեկտում խոշոր վթարի, վտանգավոր բնական երեւույթի, տեխնածին, տարերային կամ էկոլոգիական (բնապահպանական) աղետի, համաճարակի, անասնահամաճարակի (էպիզոոտիա), բույսերի եւ գյուղատնտեսական մշակաբույսերի լայնորեն տարածված վարակիչ հիվանդության (էպիֆիտոտիա), զենքի տեսակների կիրառման հետեւանքով ստեղծված իրավիճակ, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին` զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների եւ մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման։ Կորոնվիրուսի պատճառով առաջացած իրավիճակն, ըստ էության, արտակարգ է․ աշխարհում հայտարարվել է կորոնավիրուսի պանդեմիա՝ համավարակ, որը վտանգավորության եւ տարածվածության ավելի բարձր աստիճան ունի, քան համաճարակը։ Եւ դեռեւս հունվարի 31-ին, երբ աշխարհում վարակվածների թիվը տասը հազար էր, իսկ մահերը 213-ն էին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ էր հայտարարել։ Ինչ վերաբերում է սահմանադրական կարգին սպառնացող վտանգին, ապա, ինչպես պնդում են մի շարք իրավաբաններ, այդ թվում՝ խորհրդարանական ընդդիմադիր Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար, իրավաբան Էդմոն Մարուքյանը, համաճարակը եւս կարող է սպառնալ սահմանադրական կարգին, քանի որ սահմանադրական կարգ են համարվում Սահմանադրության առաջին գլխում ամրագրված արժեքները։ ՀՀ Սահմանադրության երրորդ հոդվածով սահմանվում են մարդու իրավունքները, նրա արժանապատվությունն ու ազատությունները, իսկ համավարակը սպառնում է երկրի բնակչությանն ու քաղաքացիներին, նրանց առողջությանն ու անվտանգությանը, սոցիալական կյանքին։ Ըստ Մարուքյանի՝ սա նշանակում է, որ համաճարակը սպառնում է նաեւ երկրի սահմանադրական կարգին։ Անդրադառնալով Չալաբյանի պնդմանը, թե համավարակը որեւէ կերպ այլեւս սահամանադրական կարգին չի կարող սպառնալ, քանի որ հասկանալի են թե՛ նրա տարածման դեմ պայքարի, թե՛ բուժման միջոցները, նշենք, որ համավարակի տարածման դեմ պայքարի միջոց է մարդկանց տեղաշարժի սահմանափակումը, մեկուսակցումը, ինքնամեկուսացումը, տնտեսվարող որոշ սուբյեկտների գործունեության դադարեցումը, որոշակի միջոցառումների, հավաքների արգելումը կամ սահմանափակումը, եւ այլն։ Իսկ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին միտված այս գործողությունները առավել դժվար կլինի իրականացնել առանց արտակարգ դրության ռեժիմի, քանի որ կարիք կլինի պարտադիր դիմակ դնելու, կամ այլ պահանջների համար առանձին օրենսդրական կամ իրավական ակտեր մշակել։  Բացի այս, Հայաստանում վարակակիրների թիվը ամեն օր հասնում է մի քանի հարյուրի, ինչը նշանակում է, որ դեռեւս չի վերացել բնակչությանը սպառնացող վտանգը։  Այսօր էլ, երբ Ազգային ժողովում քննարկվում էր արտակարգ դրությունը եւս 30 օրով երկարաձգելու հարցը, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ երկրում արտակարգ դրության համար հիմք հանդիսացող ռիսկերը չեզոքացած չեն: Ավինյանի խոսքով՝ ըստ նախնական հաշվարկների` գնահատվում է, որ, չնայած նվազմանը, այնուամենայնիվ սեպտեմբերի սկզբին վարակման դեպքերի թիվը օրական մոտ 140 կլինի։  Չալաբյանն իր գրառման մեջ նշել է նաեւ, թե արտակարգ դրությունը այս չորս շաբաթների ընթացքում կառավարությունն օգտագործել է մի շարք խիստ վիճահարույց գործողությունների համար՝ ընդունվել է «Գույքահարկի մասին» օրենքի փոփոխությունները, որով մոտ 4 անգամ կաճի գույքահարկը, անձեռնամխելիությունից զրկվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ԱԺ-ն հապճեպ եւ Սահմանադրության պահանջների խախտմամբ փոփոխություններ է ընդունել Սահմանադրության 213 հոդվածում, կառավարությունը հաստատել է արտակարգ դրության պայմաններում մասնավոր բուժհիմնարկները Առողջապահության նախարարության անմիջական ենթակայության տակ դնելու մասին օրենքի նախագիծը, եւ այլն։ Գույքահարկի բարձրացման վերաբերյալ նախագիծն իսկապես խնդրահարույց է եղել, դրա ընդունումից հետո տարաբնույթ քննարկումներ են եղել, հնչել են սուր քննադատություններ, սակայն ինչ վերաբերում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու նախաձեռնությանը, ապա սա խնդրահարույց է եղել կոնկրետ շրջանակների համար․ Ծառուկյանի հանդեպ քրեական հետապնդում սկսելու եւ նրան քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ փաստական ապացույցներ են եղել, որոնք Ազգային ժողովում մանրամասն ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ զեկուցելով համապատասխան միջնորդությունը։ Իսկ ահա ինչ վերաբերում է արտակարգ դրության պայմաններում մասնավոր բուժհիմնարկները Առողջապահության նախարարության անմիջական ենթակայության տակ դնելու մասին օրենքի նախագծին, որն առաջիկայում քննարկվելու է Ազգային ժողովում, հարկ է նշել, որ շահարկվեց այն կոնտեքստում, թե նախատեսվում է բուժաշխատողների իրավական կարգավիճակը վատթարացնող կարգավորում։ Նշենք, որ որոշ ժամանակ առաջ խորհրդարանն ընդունեց կարգավորում, ըստ որի՝ ռազմական դրության ժամանակ բուժհիմարկների ղեկավարումը կոորդինացնում է լիազոր մարմինը՝ ԱՆ-ն, հիմա այս նույն կարգավորումն առաջարկվում է նաեւ համաճարակի հիմքով արտակարգ իրավիճակների դեպքում։ Խորհրդարանական իշխող Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի պնդմամբ՝ նախագիծն իսկապես հրատապ է, քանի որ համավարակային այս իրավիճակը թելադրում է րոպե առաջ ունենալ այնպիսի առողջապահական համակարգ, որը չի լինի ապակենտրոնացված, չի լինի ինքնուրույն որոշումներ կայացնող՝ հատկապես համաճարակի հիմքով արտակարգ դրության ժամանակ, այլ ունենա ընդհանուր ցուցումներով առաջնորդվող կառավարում։ Այս կարգավորումը, պատգամավորի համոզմամբ, ավելի կհեշտացնի կառավարումը, որովհետեւ առողջապահության ոլորտի համար պատասխանատու լիազոր մարմինը պետք է ունենա գործիքակազմ՝ կենտրոնացնելու եւ համախմբելու բոլոր բուժհաստատությունների, երկրում եղած առողջապահական ներուժը՝ կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարելու համար։ Քննադատության հիմնական կետն այն է, որ նախագծով սահմանվում է՝ արտակարգ դրության ժամանակ բժշկական կազմակերպություններում ներգրավված, բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող, վերապատրաստում չանցած բուժաշխատողները կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորները պարտավոր են անցնել համապատասխան վերապատրաստում կամ ներգրավվել բնակչության բժշկական օգնության ու սպասարկման գործընթացին, հակառակ դեպքում՝ սահմանվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեք հարյուրից հինգ հարյուրապատիկի չափով։  Հերիքնազ Տիգրանյանը պարզաբանել է, որ նման կարգավորման անհրաժեշտությունը բխում է նրանից, որ վերջերս փոփոխություն են արել նաեւ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին օրենքում», եւ այս նորմը արդեն ներմուծված է այդ օրենքում։ Եւ մի քանի ամիս առաջ, երբ առողջապահական համակարգը մոբիլիզացվում էր կորոնավիրուսի դեմ պայքարին, անհրաժեշտություն եղավ համալրել բուժաշխատողների կազմը, այլ մասնագիտացում ունեցող բուժաշխատողների, ինչպես նաեւ ավարտական կուրսերի օրդինատորների համար նախատեսվեց դրույթ, որ նրանք նույնպես ներգրավվեն կորոնավիրուսի դեմ այդ աշխատանքներին, բայց մինչեւ բուժհիմնարկների ներգրավումը՝ նրանք պետք է որոշակի վերապատրաստում անցած լինեն։ Այս փոփոխությունը, պատգամավորի խոսքով, արդեն կա մեր օրենսդրության մեջ՝ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում, բայց սինխրոնիզացված չէր «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի հետ։  Ըստ այդմ՝ քննարկվելիք նախագծի նպատակն ամենեւեին էլ բուժաշխատողներին պատասխանատվության ենթարկելու համար չէ։ Այսպիսով, Չալաբյանի պնդումները, թե համավարակը որեւէ կերպ այլեւս սահամանադրական կարգին չի կարող սպառնալ, քանի որ հասկանալի են թե նրա տարածման դեմ պայքարի միջոցները, թե նրա բուժման միջոցները, եւ նրանցից ոչ մեկը արտակարգ դրության ռեժիմի կարիք չունի, իրականությանը չեն համապատասխանում։ Իսկ հայտարարությունը, թե կառավարությունն արտակարգ դրության ռեժիմն օգտագործում է՝ վիճահարույց նախագծեր ընդունելու համար, առնվազն խնդրահարույց է։ Հայարփի Բաղդասարյան
21:45 - 13 հուլիսի, 2020
«Կոճակ սեղմողները». ԱԺ աշխատանք [1]

«Կոճակ սեղմողները». ԱԺ աշխատանք [1]

ՀՀ 7-րդ գումարման Ազգային Ժողովը ձեւավորվել է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Նոր ձեւավորված Ազգային Ժողովն առաջին նիստը գումարել է 2019 թվականի հունվարի 14-ին: Խորհրդարանի պատգամավորների թիվը 132 է՝ քաղաքական 3 թիմերից:  Շուրջ 1 տարի 6 ամիս է՝ աշխատում են օրենսդիր մարմնի 132 պատգամավորները, հանդես են գալիս օրենսդրական նախաձեռնություններով, ելույթներ են ունենում, հարցեր են ուղղում միմյանց, քննարկումներ են իրականացնում, ընդունում եւ փոփոխում են օրենքներ: Սակայն ոչ բոլոր պատգամավորներն են աչքի ընկնում ակտիվությամբ եւ ելույթներով:  Ձեզ ենք ներկայացնում 7-րդ գումարման Ազգային Ժողովի այն պատգամավորներին, որոնք աչքի չեն ընկել ակտիվությամբ, չեն ունեցել ելույթներ եւ ներկայացրել են շատ քիչ օրենսդրական նախաձեռնություններ: Ուսումնասիրության համար հիմք է հանդիսացել «Մանդատ» տեղեկատվական ՀԿ-ի հիմնած parliamentmonitoring.am կայքը, որը զբաղվում է խորհրդարանի աշխատանքի մշտադիտարկմամբ: Կայքում կարող եք գտնել խորհրդարանի պատգամավորների քվեարկությունները, ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները, ունեցած ելույթները եւ այլ անհրաժեշտ տեղեկություններ՝ Ազգային Ժողովի պատգամավորների վերաբերյալ: Տեղեկացնենք, որ մշտադիտարկվում են միայն օրենսդրական քննարկումների ժամանակ հնչած հարցերը եւ ելույթները:  Այսպիսով, ըստ parliamentmonitoring.am-ի, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորներից 11-ը 4 նստաշրջաններից եւ ոչ մեկի ժամանակ Ազգային Ժողովի ամբիոնից երբեւէ ելույթ չի ունեցել: Ելույթ չունեցած պատգամավորներից ոմանց մոտ նույնիսկ հարցեր չեն առաջացել: Օրինակ` Վարդան Աթաբեկյանը մինչ օրս չի ունեցել ոչ մի ելույթ եւ չի հնչեցրել ոչ մի հարց: Ներկայացրել է միայն մեկ օրենսդրական նախաձեռնություն, որին դեռ կանդրադառնանք: Սակայն Վարդան Աթաբեկյանը բավականին ակտիվ է եղել քվեարկությունների ժամանակ: 704 քվեարկությունից՝ կողմ՝ 553, դեմ՝ 74: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում նույնպես կան որոշակի անհասկանալի կետեր: Օրինակ՝ 2019 թվականի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում Վարդան Աթաբեկյանը հայտարարագրել է մեկ բնակարան՝ բազմաբնակարան շենքում, իսկ արդեն 2019 թվականի տարեկան հայտարարագրում հայտարարագրած բնակարանների թիվն ավելացել է մեկով, սակայն չի գնվել պաշտոն զբաղեցնելու տարում: Ըստ հայտարարագրի՝ բնակարանը նա ձեռք է բերել ավելի վաղ: Երկու բնակարաններից մեկը գնվել է 2010 թվականի ապրիլի 14-ին: Մյուսի ձեռքբերման եղանակը նշված չէ, սակայն ձեռք է բերվել 2004 թվականի նոյեմբերի 30-ին:  2019 թվականի տարեկան հայտարարագրում պատգամավոր Վարդան Աթաբեկյանը չի հայտարարագրել ստացված եկամուտները, մասնավորապես, Ազգային Ժողովից ստացված աշխատավարձը: Պաշտոն զբաղեցնելու տարվա ընթացքում պատգամավորը գնել է մեկ մեքենա՝ 2 մլն դրամ արժողությամբ: Սեդրակ Թեւոնյանը նույնպես դեռեւս հանդես չի եկել ելույթներով եւ հարցեր չի հնչեցրել: Սակայն պատգամավորը դարձյալ ակտիվ է եղել քվեարկություններում: Սեդրակ Թեւոնյանը 704 քվեարկությունից մասնակցել է 692 քվեարկություններին, որից 598-ի դեպքում կողմ է քվարկել, դեմ՝ 63: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած՝ 2019 թվականի տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք,  որ պատգամավորը պաշտոնավարման ընթացքում ձեռք է բերել 13.5 մլն դրամ արժողությամբ Տոյոտա մակնիշի ավտոմեքենա: Ձեռքբերման եղանակը հայտարարագրում նշված է «այլ»: Վահե Ղալումյանը Ազգային Ժողովի պատգամավոր եղած ժամանակ դեռեւս ոչ մի անգամ ԱԺ ամբիոնից ելույթ չի ունեցել: Չնայած այն հանգամանքին, որ parliamentmonitoring.am կայքում նշված է, որ Վահե Ղալումյանը հարցեր չի ուղղել, այնուամենայնիվ, նա հարցեր ուղղել է, սակայն ելույթներ չեն եղել: Վահե Ղալումյանը թեեւ ակտիվ չէ ելույթներով եւ հարցերով, սակայն հասցրել է հայտնվել կոնֆլիկտային իրավիճակում: Վերջերս Ազգային Ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ տեսախցիկը ֆիքսել էր, թե ինչպես է Վահե Ղալումյանը հարվածում ընդդիմադիր գործիչ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Միխայլովը 7-րդ գումարման Ազգային ժողովի 4 նստաշրջանների ժամանակ ունեցել է 0 ելույթ: Արսեն Միխայլովը Ազգային Ժողովի պատգամավոր է դեռեւս 2017 թվականից: Ըստ Ազգային Ժողովի պաշտոնական կայքի՝ Միխայլովը 2017-2019 թվականներին եղել է Ազգային Ժողովի պատգամավոր ՀՀԿ խմբակցության կազմում: Այժմ պատգամավորը «Իմ քայլը» խմբակցությունից է: Ըստ «Մանդատ» տեղեկատվական ՀԿ-ի ներկայացրած զեկույցի՝ 6-րդ գումարման Ազգային Ժողովի 3-րդ նստաշրջանի ամենաշատ կողմ քվեարկած պատգամավորը եղել է ինքը՝ այն ժամանակվա ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արսեն Միխայլովը: 7-րդ գումարման Ազգային Ժողովում նույնպես պատգամավորը ակտիվ է քվեարկություններով: Նա քվեարկության մասնակցել է 642 անգամ, որոնցից կողմ է քվեարկել 539 անգամ, դեմ՝ 66: Արսեն Միխայլովը Ազգային ժողովում ազգային փոքրամասնություններից ասորական համայնքը ներկայացնող պատգամավորն է:  Երբեւէ ելույթ չունեցած պատգամավորների շարքում են նաեւ Մաթեւոս Ասատրյանը, Երջանիկ Հակոբյանը, Վահե Հովհաննիսյանը, Կորյուն Մկրտչյանը, Արտաշես Պետրոսյանը, Կարեն Սարուխանյանը եւ Հակոբ Սիմիդյանը:   «Իմ քայլը» խմբակցությունից առանձնացրել ենք նաեւ այն պատգամավորներին, որոնք ընդամենը 1 ելույթ են ունեցել 4 նստաշրջանների ընթացքում: Ազգային Ժողովի ամենատարեց պատգամավորը՝ Կնյազ Հասանովը, 4 նստաշրջանների ընթացքում ունեցել է ընդամենը 1 ելույթ: Հասանովն ԱԺ պատգամավոր է դեռեւս 2017 թվականից, եղել է ՀՀԿ խմբակցության անդամ: Այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է: Ըստ կատարած քվեարկությունների՝ 628 քվեարկությունից կողմ  է քվեարկել 537 անգամ, դեմ՝ 67: Կնյազ Հասանովն Ազգային ժողովում ազգային փոքրամասնություններից քրդական համայնքը ներկայացնող պատգամավորն է: Հռիփսիմե Գրիգորյանը նույնպես պասիվ է եղել ելույթներով: 4 նստաշրջանների ընթացքում պատգամավորը ելույթ է ունեցել ընդամենը 1 անգամ: Պատգամավորն աչքի է ընկնում նաեւ բացակայություններով: Քվեարկություններից բացակայել է 160 անգամ։ Հռիփսիմե Գրիգորյանի ամուսինը՝ Դավիթ Կարապետյանը, զբաղեցնում է Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնը:  «Իմ քայլը» խմբակցությունից 4 նստաշրջանների ընթացքում մեկ անգամ ելույթ են ունեցել նաեւ Ալեքսանդր Ավետիսյանը, Ռուստամ Բաքոյանը, Մերի Գալստյանը, Տաթեւիկ Գասպարյանը, Կարեն Համբարձումյանը, Արգիշտի Մեխակյանը եւ Ալեքսեյ Սանդիկովը: Ինչ վերաբերվում է պատգամավորների ներկայացրած օրենսդրական նախաձեռնություններին, ապա պետք է նշել, որ նախաձեռնություններից շատերը ներկայացնում են ոչ թե անհատ, այլ մի խումբ պատգամավորներ: Օրինակ՝ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը ներկայացրել է օրենսդրական 1  նախաձեռնություն, սակայն այս նախաձեռնության համահեղինակներն են Արտակ Մանուկյանը, Վարդան Աթաբեկյանը, Համազասպ Դանիելյանը, Երջանիկ Հակոբյանը, Տիգրան Ուլիխանյանը եւ Եղիշե Սողոմոնյանը: Սա միակ նախաձեռնությունն է, որ համահեղինակության կարգով ներկայացրել են  Վարդան Աթաբեկյանը եւ Երջանիկ Հակոբյանը: Սեդրակ Թեւոնյանը հանդես է եկել միայն մեկ նախաձեռնությամբ, որը, սակայն, ներկայացրել է «ՀՀ ցամաքային ուղեւորափոխադրումների կազմակերպման գործընթացը եւ 2016-2019 թթ. ոլորտը սպասարկող, համակարգող եւ վերահսկող լիազոր մարմինների գործունեությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը»: Հանձնաժողովի կազմում կա 13 պատգամավոր: Սա միակ նախաձեռնությունն է, որով հանդես են եկել ԱԺ պատգամավորներ Շիրակ ԹորոսյաՆը եւ Սեդրակ Թեւոնյանը: Նախկին ՀՀԿ պատգամավոր, այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Միխայլովը համախեղինակ է միայն մեկ օրենսդրական նախաձեռնության, սակայն դա եղել է՝ նախորդ՝ 6-րդ գումարման Ազգային Ժողովում: Պատգամավորներ Արտաշես Պետրոսյանը, Կորյուն Մկրտչյանը եւ Վահե Հովհաննիսյանը մեկական անգամ համահեղինակել են տարբեր օրենսդրական  նախաձեռնություններ: «Իմ քայլը» խմբակցությունից անցում կատարենք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պասիվ պատգամավորներին: Այս խմբակցության կազմում ընդգրկված են 25 պատգամավորներ, որոնցից, ըստ կայքում նշված ինֆորմացիայի, 10 պատգամավորներ երբեք ելույթ չեն ունեցել, սակայն կան մի քանի պատգամավորներ, որոնք, այնուամենայնիվ, ելույթներ ունեցան խորհրդարանի մեծամասնության կողմից Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու կապակցությամբ: Օրինակ՝ Նորա Առուստամյանն առաջին անգամ հենց այդ առիթով է ելույթ ունեցել: Առուստամյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի դուստրն է: Ըստ պատգամավոր Նորա Առուստամյանի հայտարարագրի՝ 2018 թվականին ձեռք է բերել 13 մլն ՀՀ դրամ արժողությամբ Hyundai Tucson մակնիշի ավտոմեքենա: Հարկային տարվա վերջում ավտոմեքենան առկա է եղել, սակայն 2019 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ հարկային տարվա սկզբում մեքենան անհասկանալի կերպով այլեւս առկա չէ: Փոխարենը՝ 2019 թվականի ապրիլի 3-ին պատգամավորը ձեռք է բերել մեկ այլ Hyundai մակնիշի ավտոմեքենա՝ 13.5 մլն ՀՀ դրամ արժողությամբ: Նորա Առուստամյանի տարեկան եկամուտը, ըստ իր հայտարարագրի, 2019 թվականին կազմել է 9 մլն ՀՀ դրամ: Այնուամենայնիվ, եղան պատգամավորներ, որոնք անդրդվելի մնացին եւ նույնիսկ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու կապակցությամբ ԱԺ ամբիոնից ելույթ չունեցան: Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, այժմ ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանը դեռեւս ելույթներ չի ունեցել ԱԺ ամբիոնից: Պատգամավորն աչքի է ընկնում բացակայություններով: 704 քվեարկություններից 339-ի դեպքում Էդուարդ Բաբայանը բացակայել է: Պատգամավորի ներկայացրած հայտարարագրում նույնպես անհասկանալի կետեր կան: Օրինակ՝ 2019 թվականի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում պատգամավորը հայտարարագրել է 10 անշարժ գույք: 2019 թվականի տարեկան հայտարարագրում արդեն  անշարժ գույքերի թիվը հասնում է 35-ի, սակայն հարկային տարում նոր գույք ձեռք չի բերել: Հետեւաբար, եթե պաշտոնավարման տարում պատգամավորը նոր անշարժ գույք ձեռք չի բերել, դա պետք է որ լիներ նաեւ պաշտոնը ստանձնելու պահին, սակայն, ինչպես արդեն նշեցինք, բացակայում էր: Նույն պատկերն է նաեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Քաջիկ Գեւորգյանի դեպքում: Բացի նրանից, որ պատգամավորը ելույթներ չի ունեցել, ներկայացրած հայտարարագրում դարձյալ որոշակի անհամապատասխանություն կա: 2019 թվականի պաշտոնը ստանձնելու պահի դրությամբ պատգամավորը հայտարարագրել է մեկ անշարժ գույք, սակայն հարկային տարվա հայտարարագրում ներկայացրել է  4 անշարժ գույք, որոնք դարձյալ ձեռք չի բերել պաշտոն զբաղեցնելու տարում: Սողոմոն Սողոմոնյանի հայտարարագրում նույնպես կա նույնաբովանդակ խնդիր: 2019 թվականի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում պատգամավորը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունի 1 անշարժ գույք, սակայն տարեկան հայտարարագրում անշարժ գույքերի քանակն ավելի է 4-ով:  Սողոմոն Սողոմոնյանը նույնպես «Բարգավաճ Հայաստան» խմբակցության լռակյաց պատգամավորներից է: ԱԺ ամբիոնից երբեւէ ելույթ չունեցած պատգամավորների շարքում են նաեւ Արայիկ Աղաբաբյանը, Հրանտ Մադաթյանը, Դավիթ Մանուկյանը, եւ Տիգրան Ստեփանյանը: Ի դեպ՝ ԱԺ նիստերից եւ քվեարկություններից ամենաշատը բացակայողների եռյակը կազմված է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: Եռյակը գլխավորում է խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ 379 բացակա, երկրորդ տեղում է Վարդան Ղուկասյանը՝ 378 բացակա, եւ երրորդ տեղում Էդուարդ Բաբայանն է 339 բացակայությամբ: Խորհրդարանի երրորդ ուժը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ունի 17 պատգամավոր, որոնցից միայն երեք պատգամավորներ ելույթ չեն ունեցել: Խմբակցության՝ ԱԺ ամբիոնից ելույթ չունեցած պատգամավորներն են՝ Սարիկ Մինասյանը, Ռուբիկ Ստեփանյանը եւ Էդվարդ Անդրեասյանը: Ըստ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի՝ Ազգային ժողովի պատգամավորների աշխատավարձը կազմում է 661.400 ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը։ 2019 թվականի ընթացքում պատգամավորները ստացել են նաեւ իրենց աշխատավարձի շուրջ 56 %-ի չափով պարգեւավճար։ Ազգային ժողովից մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրին, որ 2019 թվականի հունվար-դեկտեմբեր ամսիներին ԱԺ պատգամավորները եւ նրանց օգնականները որեւէ հավելում, հավելավճար եւ լրավճար չեն ստացել: Հետեւաբար, ստացված եկամուտները կարող են գոյանալ միայն ստացած աշխատավարձից եւ պարգեւավճարներից: Եթե համեմատենք parliamentmonitoring-ում նշված ամենաշատ եւ ամենաքիչ ելույթ ունեցած պատգամավորների ստացված եկամուտները, ապա տարբերություն գրեթե չկա: Ամենաշատ ելույթ ունեցած պատգամավորներից է, ըստ  parliamentmonitoring-ի, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը, իսկ ամենաքիչը՝ նույն խմբակցության պատգամավոր Տիգրան Ստեփանյանը:  Թե՛ Արման Աբովյանը, թե՛ Տիգրան Ստեփանյանը 2019 թվականին Ազգային Ժողովից ստացել են մոտ 9 մլն ՀՀ դրամ եկամուտ: Եթե համեմատենք շատ եւ քիչ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկած պատգամավորներին, ապա դարձյալ տարբերությունը շատ մեծ չէ: «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը հեղինակել կամ համահեղինակել է 15 օրենսդրական նախաձեռնություն, իսկ ահա նույն խմբակցության պատգամավոր Սեդրակ Թեւոնյանը միայն մեկ օրենսդրական նախաձեռնության համահեղինակ է:  Արտակ Մանուկյանը 2019 թվականին ԱԺ-ից ստացել է մոտ 10.5 մլն եկամուտ, իսկ Սեդրակ Թեւոնյանը՝ մոտ 9 մլն: Պետք է հաշվի առնել նաեւ այն, որ Արտակ Մանուկյանը ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է եւ իր աշխատավարձը 5 %-ով բարձր է Սեդրակ Թեւոնյանի աշխատավարձի գործակցից, հետեւաբար Արտակ Մանուկյանն ավելի է վարձատրվում ի տարբերություն Սեդրակ Թեւոնյանի: Եվս մեկ համեմատական անցկացնենք նիստերից եւ քվեարկություններից ամենաշատ եւ ամենաքիչ բացակայած պատգամավորների միջեւ: Այսպիսով՝ ամենաշատ բացակայած պատգամավորը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է, իսկ ամենաքիչը՝ նույն խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը:  Գագիկ Ծառուկյանը միայն ԱԺ-ից 2019 թվականին ստացել է մոտ 8.5 մլն եկամուտ, Արայիկ Աղաբաբյանը՝ մոտ 9.3 մլն: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտարարագրերի հրապարակումից հետո՝ 2020 թվականի հունիսի 12-ին, հայտարարություն է տարածել հայտարարագրերի վերաբերյալ: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է, որ համակարգում առկա են տեխնիկական խնդիրներ եւ մինչեւ հայտարարագրերի մասին վերլուծություններ կամ լրագրողական նյութեր պատրաստելը՝ դիմեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Չբացառելով պատգամավորներ Վարդան Աթաբեկյանի, Էդուարդ Բաբայանի, Նորա Առուստամյանի, Սողոմոն Սողոմոնյանի եւ Քաջիկ Գեւորգյանի հայտարարագրերում հայտնաբերված անհամապատասխանությունների տեխնիկական բնույթի լինելը՝ գրավոր դիմեցինք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Հանձնաժողովից հայտնեցին, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանը 2019 թվականի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում մեկ տողում հայտարարագրել է երկու բնակարանի հասցե, այսինքն՝ չի թաքցրել իր ունեցած անշարժ գույքը: 2019 թվականի տարեկան հայտարարագրի ուղեցույցի պարզության արդյունքում պատգամավորը հայտարարագրել է երկու առանձին բնակարան՝ երկու առանձին տողերում: Մեր հարցին՝ այսինքն՝ հնարավո՞ր է մեկ տողում միանգամից մի քանի բնակարան հայտարարագրել,  Հանձնաժողովից պարզաբանեցին, որ իրականում թույլատրելի չէ, բայց իրենք տեխնիկապես հնարավորություն ունեն «Հայտարարատու պաշտոնատար անձի առկա անշարժ գույքը» դաշտում մի քանի բնակարանի հասցե գրել: Նույնը տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանի պարագայում: Պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նույն շենքում իր ունեցած 10-ից ավելի բնակարանները հայտարարագրել է մեկ տողով, իսկ 2019 թվականի տարեկան հայտարարագրում առանձնացրել է: Մյուս դեպքը վերաբերում է ավտոտնակների հերթական համարակալմանը՝ դարձյալ մեկ տողում: Այսինքն՝ Էդուարդ Բաբայանը հայտարարագրել է 35 անշարժ գույք՝ 10 տողում, որը տեխնիկապես հնարավոր է, սակայն թույլատրելի չէ: Սակայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պարզաբանումից պարզ դարձավ, որ ԲՀԿ-ական պատգամավորներ Սողոմոն Սողոմոնյանի եւ Քաջիկ Գեւորգյանի՝ 2019 թվականի պաշտոնը ստանձնելու հայտարարագրերում առկա անշարժ գույքի վերաբերյալ տեղեկությունների անհամապատասխանությունները տեխնիկական բնույթի չեն: Սողոմոն Սողոմոնյանը չի հայտարարագրել 4 անշարժ գույք, իսկ Քաջիկ Գեւորգյանը՝ 3 անշարժ գույք: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից հայտնեցին, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սողոմոն Սողոմոնյանի եւ Քաջիկ Գեւորգյանի դեպքում եղել է գույքի ավելացում: Առաջիկայում կանդրադառնանք նաեւ 7-րդ գումարման Ազգային Ժողովի ակտիվ պատգամավորներին: Նարեկ Մարտիրոսյան
17:23 - 06 հուլիսի, 2020
Politik.am-ը շարունակում է տարածել քաղաքային տրանսպորտի թանկացման մասին 4 օր առաջ հերքված լուրը

Politik.am-ը շարունակում է տարածել քաղաքային տրանսպորտի թանկացման մասին 4 օր առաջ հերքված լուրը

Politik.am լրատվական կայքն այսօր՝ հուլիսի 6-ի առավոտյան, հրապարակել է «Ուղեվարձը կարող է դառնալ 150 դրամ» վերտառությամբ նյութ, որտեղ ասված է, թե Երեւան քաղաքում երթուղային տրանսպորտի ուղեվարձը կարող է թանկանալ, ինչի մասին քննարկումները, ըստ կայքի, ակտիվացան սոցիալական ցանցերում, երբ հայտնվեցին լուսանկարներ տարբեր ավտոբուսներից, որոնց պատուհաններին փակցված էր հայտարարություն, ըստ որի առաջիկայում ուղեվարձը կարող է թանկանալ։ Politik.am-ը գրել է, թե քաղաքային իշխանությունները դեռ չեն մեկնաբանել լուսանկարի բովանդակությունը․ «Քաղաքացիների մի մասը կարծում է, որ թանկացման որոշումն արդեն կայացվել է, իսկ մյուս մասը կարծում է, որ իշխանությունները հանրության տրամադրություններն են փորձում հասկանալ այս տեղեկատվության արտահոսքով»,- հավելել է կայքը։ Բացի այն, որ Google որոնողական համակարգով փնտրելու դեպքում պարզ է դառնում, որ նկարը 2013 թվականի է, նաեւ դեռեւս չորս օր առաջ քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն է իր ֆեյսբուքյան էջում հերքել այս լուրը։ Կարապետյանը, մասնավորապես, գրել է․ «Փնթի ապատեղեկատվության ուխտի ասպետները մի լուսանկար են շրջանառում ցանցում՝ իբր քաղաքային իշխանությունը հուլիսի 20-ից 150 դրամ է դարձնում տրանսպորտի սակագինը։ Ի տարբերություն հայտնի ասացվածքի՝ այս դեպքը բացահայտվեց նույնիսկ ոչ թե 40 րոպեի, այլ 40 վայրկյանի ընթացքում: Google.images-ից «հարցրինք» լուսանկարի ծագման պատմությունը եւ ահավասիկ՝ լուսանկարը 2013 թվականի հուլիսին է հայտնվել ցանցում: Այն ժամանակ, եթե հիշում եք, որոշվել էր սակագինը դարձնել 150 դրամ: Ի դեպ, ուշադիր աչքը լուսանկարի մեջ կնկատի նաեւ Orange-ի արտաքին գովազդի վահանակը, որը այս օրերին քաղաքում հնարավոր չէ տեսնել, որովհետեւ այդ ապրանքանիշը Հայաստանում վաղուց չի գործում: Չհաշված, որ 60 համարի միկրոավտոբուսային երթուղին ներկայումս չկա»։ Փաստորեն, չնայած քաղաքապետարանի մամուլի պատասխանատուն շուրջ 4 օր առաջ հերքել է այս ապատեղեկատվությունը, Politik.am-ը այն շարունակում է շրջանառել՝ հավելելով նաեւ, թե քաղաքային իշխանությունները դեռ չեն մեկնաբանել լուսանկարի բովանդակությունը։
12:57 - 06 հուլիսի, 2020