ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Որոշվեց ընդլայնել հակաճգնաժամային 8-րդ միջոցառումը |lragir.am|

Որոշվեց ընդլայնել հակաճգնաժամային 8-րդ միջոցառումը |lragir.am|

lragir.am: Կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում այսօրվա դրությամբ շահառուներին հասանելի է ընդհանուր առմամբ 100 մլրդ 400 մլն դրամ գումար։ Միջոցառումներից օգտված տնտեսվարողների թիվը կազմում է 51 800, ֆիզիկական անձանց թիվը գերազանցում է 1,1 մլն-ը։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ կատարեց հակաճգնաժամային 8-րդ միջոցառման մեջ։ Ըստ այդմ՝ որոշվեց կորոնավիրուսի հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին միանվագ աջակցություն տրամադրելու ոլորտների ցանկը ընդլայնել։ Մասնավորապես, ցանկն ընդլայնվեց ևս 9 ոլոտներով։ Դրանք են՝ մանածագործական արտադրատեսակների արտադրություն, փայտանյութի մշակում, փայտից, խցանակեղևից, ծղոտից և հյուսկեն նյութերից արտադրատեսակների արտադրություն, բացի կահույքից, թղթի և թղթե արտադրատեսակների արտադրություն, ռետինե և պլաստմասսե արտադրատեսակների արտադրություն, համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրություն, էլեկտրական սարքավորանքի արտադրություն, ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական և լրացուցիչ այլ գործունեություն, համակարգիչների, անձնական օգտագործման և կենցաղային արտադրատեսակների նորոգում, ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված գործունեություն: Կառավարությունն ընդհանուր առմամբ ընդունել է 19 հակաճգնաժամային միջացառում։
12:37 - 04 հունիսի, 2020
Կառավարությունը հաստատեց հանրային ծառայողներին բնակարանով ապահովման նպատակով Երևան բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի կարգը

Կառավարությունը հաստատեց հանրային ծառայողներին բնակարանով ապահովման նպատակով Երևան բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի կարգը

Գործադիրը հաստատեց հանրային ծառայողներին բնակարանով ապահովման նպատակով Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N19/8 հասցեում կառուցվող  բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի կարգը։ Շահառու կարող են դառնալ՝ 1. պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրից չօգտված և «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված պաշտոններ զբաղեցնող անձինք, որոնց գործատուն և աշխատավայրը գտնվում են Երևան քաղաքում։  2. Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության աշխատողները 3. օտարերկրյա պետություններում գտնվող` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձինք 4. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վերջին 3 տարվա ընթացքում հավանության արժանացած ծրագրեր իրականացնող կամ այդ ծրագրերի իրականացմանն ակտիվ մասնակցություն ունեցող պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողները Սույն կարգի պայմաններով Շենքային համալիրից բնակարան գնելու ցանկություն ունեցող ծառայողը Կոմիտեի նախագահի կողմից սահմանված ժամկետում և սահմանած ձևով պետք է դիմում-հայտ է ներկայացնի իր գերատեսչության աշխատակազմի ղեկավարին կամ գլխավոր քարտուղարին:
11:28 - 04 հունիսի, 2020
Մեկուսացման նպաստ սահմանող օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ․ կառավարությունը դեմ էր
 |armenpress.am|

Մեկուսացման նպաստ սահմանող օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ․ կառավարությունը դեմ էր |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որով առաջարկվում է մեկուսացման նպաստ տրամադրել որոշ քաղաքացիների: Օրինագիծն ընդունվեց 98 «կողմ» և 1 «դեմ» ձայներով: «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարեկ Զեյնալյանի հեղինակած «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է նախատեսել մեկուսացման նպաստ այն անձանց համար, որոնք վարձու աշխատող են կամ ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահովված անձինք են և պարետատան ցուցումով մեկուսացվել են կամ ինքնամեկուսացվել: Նպաստից չեն օգտվի այն անձինք, որոնք հեռավար են աշխատել, հարկադիր պարապուրդի մեջ են գտնվել և նրանց աշխատավարձը վճարվել է, ինչպես նաև այն անձանց, որոնք խախտել են ինքնամեկուսացման ու մեկուսացման պայմանները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը հայտնեց, որ կառավարությունը դեմ է օրենքի նախագծին, քանի որ այն չի լուծի առաջադրված խնդիրը և նոր խնդիրներ կառաջացնի գործատուների համար:
20:18 - 03 հունիսի, 2020
ՀՀ պարետատան և առողջապահության պատասխանատուները պետք է hրաժարական տան. «Ժառանգություն»

ՀՀ պարետատան և առողջապահության պատասխանատուները պետք է hրաժարական տան. «Ժառանգություն»

Վերլուծելով Հայաստանում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրության  ողջ ընթացքը՝ «Ժառանգություն» կուսակցությունն արձանագրում է. Ա. Արտակարգ դրությունը հայտարարելու պահին պաշտոնապես ունեինք 45 վարակակիր, հունիսի 2-ի դրությամբ թագավարակաի արձանագրված դեպքերի թիվը հասավ 10524, արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ ամեն օր վարակյալների թիվն աճում է 100-ներով, սահմանում ենք ցավալի ռեկորդային ցուցանիշներ՝  օրական հաստատված մինչև 517 վարակման դեպք, մահվան դեպքերը 170, որոնց գալիս է լրացնելու թագավարակի պարագայում սրացած այլ հիվանդության պատճառով մահացածների թիվը՝ 59: Առողջացողների թվերը ողբերգականորեն ցածր են: Թեստավորման թվերն էլ նվազ և բացարձակ անհամադրելի են համավարակի պայմաններին: Իրավիճակը, իշխանության իսկ արձանագրմամբ «կատաստրոֆիկ» է: Բ. Ապրիլի 13-ից սկսված և մայիսի 18-ից խորացած տնտեսական գործունեության և մարդկանց տեղաշարժի սահմանափակումների վերացումը, որը փաստորեն պարետատան մշակած ռազմավարության գագաթն էր, ավարտվեց բացարձակ ձախողմամբ, որովհետև ընդունված անհամարժեք որոշումների և կասկածելի տրամաբանությամբ փոփոխվող գնահատականների, անվերահսկելի հրահանգների պատճառով համավարակի շղթան սկսեց տարածվել, իրականացան մասնագետների վատթար կանխատեսումները, տարածաշրջանում մեր գործողությունների արդյունավետության ցուցանիշը ամենաթշվառն է: Ակնհայտ դարձավ երկրի մասնագիտական ներուժի և պետական պատասխանատուների միջև փոխգործակցության իսպառ բացակայությունը, որը հատկապես ցայտուն դրսևորվեց առողջապահական համակարգում:  Գ. Համավարակի դեմ պայքարի համար պատասխանատու մարմինները դրսևորեցին իրենց անգործությունը: Կառավարությունն ու պարետատունը սկսեցին մեղավորների որոնումը, և «մեղավոր» հռչակվեց ՀՀ քաղաքացին, որը, պարզվեց, չի դրսևորում քաղաքացիական պատշաճ պատասխանատվություն: Իսկ համավարակի դեմ պայքարում պարզունակ համադարման հայտարարվեցին դիմակը, ձեռքերի ախտահանումը և սոցիալական տարածությունը:  Ելնելով ստեղծված իրավիճակից, որը  ՀՀ պետական անվտանգությանը սպառնացող լրջագույն մարտահրավեր է, և հիմնվելով իշխանության հաշվետու լինելու հիմնարար սկզբունքի ու վարած քաղաքականության համար պատասխանատու լինելու հրամայականից՝ «Ժառանգություն»-ը պահանջում է.  Ա. ՀՀ պարետատան և առողջապահության ոլորտի ղեկավարների հրաժարականն ու հրապարակային բացատրությունը: Ինչպես ՀՀ քաղաքացին պետք է պատասխանատվություն կրի սահմանված որոշումների խախտման համար, այնպես էլ ոլորտի ղեկավարները պետք է պատասխանտու և հաշվետու լինեն սեփական ձախողումների համար: ՀՀ կառավարման համակարգում անհրաժեշտ է կադրային նոր քաղաքականություն, որի համաձայն՝ միայն մասնագիտական փորձ և գիտելիքներ ունեցողները պետք է զբաղեցնել ոլորտների ղեկավար պաշտոնները, ընդ որում ղեկավարումը պետք է իրագործվի ազգային համաձայնության մթնոլորտում, որտեղ փոխգործակցությունն է որոշիչ գործոն ոչ թե կուսակցական պատկանելությունը և խմբիշխանությունը: Բ. Ընդլայնել կառավարչական և հատկապես առողջապահական ռեսուրսների որոնումը՝ կարևորելով մարդկային ռեսուրսի արդյունավետ  ներգրավումը: Հրաժարվել պարգևավճարներով յուրայիններին խրախուսելու արատավոր սկզբունքից, կրճատել պետական ապարատի ուռճացված աշխատավարձերը: Եթե կառավարությունը կարանտինային սահմանափակումներին փոխարինող գործուն այլընտրանք չձևավորի՝ վարակի հետագա տարածումը միայն քաղաքացիների պատասխանատվությանը վերապահելով, հետևանքները անդառնալի կարող են լինել։  Գ. Հայաստանում իշխանության բոլոր թևերում՝ օրենսդիր, գործադիր, դատական ձևավորել ազգային համաձայնության մթնոլորտ՝ հրաժարվելով համավարակով թելադրված սահմանափակումները սեփական թիմի նեղ շահերին ծառայեցնելու հանցավոր գայթակղությունից, արհեստական և օտարածին օրակարգերով հանրությանը ուղղորդելուց, որի հետևանքով արդեն քանիցս խախտվում են ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, մոռացության են մատնվում հեղափոխության հռչակած նպատակներն ու ժողովրդին տված խոստումները: Այսօր ողջ աշխարհում ծավալվող իրադարձությունները վկայում են, որ ազատությունների սահմանափակումը չի կարող երկարատև լինել և ծառայել որևէ խմբի շահերին: «Ժառանգություն» կուսակցության վարչություն
16:16 - 03 հունիսի, 2020
Կառավարությունը բարոյական իրավունք չունի պատասխանատվությունը գցել քաղաքացու վրա․ Նաիրա Զոհրաբյան |hetq.am|

Կառավարությունը բարոյական իրավունք չունի պատասխանատվությունը գցել քաղաքացու վրա․ Նաիրա Զոհրաբյան |hetq.am|

hetq.am: Կորոնավիրուսով հիվանդ վարակակիրների վիճակագրությունը կրկին ահագնանում է: Այս մասին ԱԺ ամբիոնից իր ելույթում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: «Այս երկու օրը մենք նկատում ենք վտանգավոր ու անազնիվ տենդենց` ողջ պատասխանտավությունը գցել իրենց ձևակերպմամբ անպատասխանատու քաղաքացու վրա: Սա անընդունելի է, կառավարությունը բարոյական իրավունք չունի պատասխանատվությունը գցել քաղաքացու վրա»,- ասաց Զոհրաբյանը: Պատգամավորը վերահաստատեց` քաղաքացին պարտավոր է լինել օրինապահ ու հետևել պարետատան ցուցումներին, բայց առաջարկեց գնահատել գործողությունները, որոնք մինչ այժմ իրականացրել են համավարակի տարածումը կանխելու համար պատասխանատու կառույցները: «Արդյոք արե՞լ են ամեն ինչ, որ այսօր չխոսեն սպեզնաց մտցնելու մասին, չխոսեն դուբինկաներով առողջություն պարտադրելու մասին. չփորձե՛ք քաղաքացու վրա գցել պատասխանատվություն: Եթե պաշտոնյան մի օր ասում է՝ դիմակ կրե՛ք, հաջորդ օրն ասում է՝ դիմակ չկրե՛ք, որովհետև վնասակար է, վիրուսները մեջը մնում են, մեկ էլ ասում է` կորոնավիրուսն ավելի թույլ գրիպ է, քան գրիպի մյուս տեսակները»,-ասաց Զոհրաբյանը: Նրա խոսքով` Կառավարության անդամների իրարամերժ տեսակետներից հետո քաղաքացիներն իրավունք ունեն մոլորվելու և չհասկանալու, թե ինչ է իրենցից պահանջվում: «Ստեղծվել է իրավիճակ, երբ կանգնած ենք կատարյալ անկառավարելի, քաոտիկ իրավիճակի եզրին: Այս իրավիճակում ոչ թե պիտի մեղավորներ փնտրենք, այլ Կառավարությունը պիտի որոշում կայացնի` կարողանու՞մ է մոբիլիզացնել ողջ ներուժը, թե՞ ոչ»,-ասաց նա: Նաիրա Զոհրաբյանի խոսքով` մի շարք բժիշկներ ուզում են թեկուզ տեսակապով հանդիպել վարչապետին և խոսել այս իրավիճակի մասին: Զոհրաբյանը կոչ արեց լսել խելացի մարդկանց և չհամարել, որ ամեն ինչ կարող են: «Սա պատերազմ է՝ հայտարարված բոլորիս, էստեղ հաղթողներ ու պարտվողներ չեն լինելու, պարտվելու է պետությունը, եթե քաոսի վերածվող վիճակից չկարողանանք ելք գտնել»,-եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:
15:18 - 03 հունիսի, 2020
Ինչու պարետատան թեժ գիծը չի աշխատում ոչ աշխատանքային ժամերին․ պարզաբանում են կառավարությունից |fip.am|

Ինչու պարետատան թեժ գիծը չի աշխատում ոչ աշխատանքային ժամերին․ պարզաբանում են կառավարությունից |fip.am|

fip.am: Պարետ Տիգրան Ավինյանը մարտի 21-ին տեղեկացրել էր, որ գործարկվել է պարետատան թեժ գիծը։  «Մեր աշխատակիցները 24֊ժամյա ռեժիմով կպատասխանեն ձեզ հուզող բոլոր հարցերին»,- գրել էր պարետը։  «Փաստերի ստուգման հարթակի» ընթերցողները, սակայն, ահազանգում են, որ  վերջին օրերին ժամը 18։00-ից հետո թեժ գծի միջոցով պարետատան հետ կապ հաստատել չի ստացվում։ Կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը հայտնեց, որ փոփոխություն է արվել թեժ գծի աշխատանքային ժամերի մեջ՝ հաշվի առնելով զանգերի քանակի կտրուկ նվազումը։  Նշենք, որ մարտի 21-ից մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում թեժ գիծը սպասարկել էր ավելի քան 37 հազար զանգ։ Նոր փոփոխությունների մասին, սակայն, հրապարակային որևէ հայտարարություն չի արվել։ «Պարետատան թեժ գիծ սովորաբար զանգահարում էին սահմանափակումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար, սակայն վերջին շրջանում զանգերի քանակը կտրուկ նվազել է։ Նախկինում եթե օրական սպասարկվում էր 4-ից 5 հազար զանգ, ապա այժմ զանգերի թիվը 400-ից 500-ի սահմաններում է»,- նշեց Խաչատրյանը։ Նա տեղեկացրեց նաև, որ պարետատան հետ առողջապահական հարցերով կարելի է կապ հաստատել մինչև 18։00-ն, իսկ 24-ժամյա գրաֆիկով շարունակելու են աշխատել Առողջապահության նախարարության և Արտակարգ իրավիճակների նախարարության թեժ գծերը։ Անի Ավետիսյան
14:47 - 03 հունիսի, 2020
Պետական աջակցության 17-րդ միջոցառման առաջին ծրագրով մինչև 10 մլն դրամ կտրամադրվի յուրաքանչյուր հաղթող նախագծի իրագործման համար

Պետական աջակցության 17-րդ միջոցառման առաջին ծրագրով մինչև 10 մլն դրամ կտրամադրվի յուրաքանչյուր հաղթող նախագծի իրագործման համար

ՀՀ ԲՏԱ Նախարարությունը հայտարարում է Պետական աջակության 17-րդ միջոցառման առաջին՝ Նորարարական դրամաշնորհների ծրագրի մեկնարկի մասին:   17-րդ միջոցառման առաջին ծրագրով մինչև 10 մլն ՀՀ դրամի չափով նորարարական դրամաշնորհներ կտրամադրվեն յուրաքանչյուր հաղթող նախագծի իրագործման համար։   «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 07-ի թիվ 714-Լ որոշման համաձայն՝ տվյալ  դրամաշնորհին  մասնակցելու իրավունք ունեն վերջին 2 տարում ՀՀ-ում գրանցված և պրոդուկտներ ստեղծող իրավաբանական անձինք:   Մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 330 մլն ՀՀ դրամ, սակայն մրցութային հանձնաժողովի կողմից ավելի շատ ընտրված նախագծերի առկայության պարագայում, որոնք գումարային առումով կգերազանցեն նախատեսված 330. մլն ՀՀ դրամը, 17-րդ միջոցառմամբ նախատեսված դրամաշնորհային ծրագրերի համար ՀՀ կառավարության կողմից կարող են նախատեսվել լրացուցիչ ֆինանսական միջոցներ:   17-րդ միջոցառման առաջին ծրագրի ընթացակարգին մասնակցության հայտերը հարկավոր է ներկայացնել նշված բոլոր ձևաչափերով՝   1. Էլեկտրոնային` հարցաշարը լրացնելով հետևյալ հղումով , 2. Թղթային տարբերակով՝ ներկայացնելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն (ք. Երևան, Վ. Սարգսյան 3/3, 208 սենյակ հասցեով):   Հայտերը՝ թղթային և էլեկտրոնային տարբերակներով, անհրաժեշտ է ներկայացնել մինչև սույն թվականի հուլիսի 01-ը ժամը 11:00-ն (հայտարարության հրապարակման օրվանից հաշված 30-րդ օրը):   Ստացված հայտերի բացումը տեղի է ունենալու սույն թվականի հուլիսի 01-ին  ժամը 11:00-ին:   Հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար հարկավոր է դիմել մրցութային հանձնաժողովի քարտուղար Գոռ Եսայանին՝ (010) 59 00 47 հեռախոսահամարին զանգահարելով կամ գրելով [email protected] էլ․ փոստի հասցեին:    Ընթացակարգի, հրավերի և ծրագրի վերաբերյալ բոլոր մանրամասները ներկայացված են նախարարության կայքէջում՝ հետևյալ  հղումով. :
12:01 - 03 հունիսի, 2020
Կառավարությունն առաջարկում է կալանքից ազատելու հնարավորություն տալ ծանր հիվանդության հիմքով |armenpress.am|

Կառավարությունն առաջարկում է կալանքից ազատելու հնարավորություն տալ ծանր հիվանդության հիմքով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է քրեադատավարական օրենսդրության շրջանակում հստակ նախատեսել կալանքի կրմանը խոչընդոտող ծանր հիվանդության հիմքով կալանքի կրումից ազատ արձակելու հնարավորություն: Կառավարության հեղինակած օրինագիծը խորհրդարանում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը: Նախագծով նախատեսվում է ամրագրել հսկող դատախազի կողմից միջնորդագիրն անհապաղ քննելու և այն բավարարելու կամ մերժելու վերաբերյալ որոշում կայացնելու հնարավորություն՝ միաժամանակ նախատեսելով հսկող դատախազի կողմից միջնորդագիրը մերժելու դեպքում այն դատական կարգով բողոքարկելու հնարավորություն: Սահմանվել են նաև մի շարք դրույթներ: Փոխնախարարի խոսքով՝ նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ 2020 թվականի հունվարին քրեակատարողական հիմնարկներում արդեն իսկ գրանցվել է մահացության 3 դեպք, որից 2 ը՝ ծանր հիվանդության հետևանքով:
17:32 - 02 հունիսի, 2020
Պատմական միջավայրի պահպանության բնագավառը ԿԳՄՍՆ-ում շարունակում է վտանգված մնալ․ պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ

Պատմական միջավայրի պահպանության բնագավառը ԿԳՄՍՆ-ում շարունակում է վտանգված մնալ․ պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ

Շուրջ մեկ ամիս առաջ՝ այս տարվա ապրիլի 30-ին, ՀՀ կառավարության որոշմամբ ուժը կորցրած են ճանաչվել կառավարության 2002թ․ օգոստոսի 22-ի «ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային արժեքների պահպանության գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» և «ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» որոշումները:  Կառավարությունը, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի պնդմամբ, չի հաստատել նոր կանոնադրություն, ու կառույցը, որն, ըստ էության, կոչված է նպաստել ՀՀ մշակութային ժառանգության պահպանմանը, կանխել ու կանխարգելել մշակութային արժեքների ապօրինի արտահանումը, ապօրինի ներմուծումն ու մշակութային արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի ապօրինի փոխանցումն ու նպաստել միջազգային մշակութային համագործակցության և փոխանակությունների զարգացմանը, մեկ ամիս է՝ իր լիազորություններն ու գործառույթներն իրացնելու համար չունի կանոնադրություն։ Բացի այս՝ օրեր անց՝ մայիսի 6-ին, ՀՀ վարչապետը ստորագրել է համապատասխան որոշում, որի համաձայն էլ այս մարմինը պետք է վերակազմավորել որպես պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն․ որոշումն ուժի մեջ է մտել այս տարվա մայիսի 16-ին, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությամբ զբաղվող մարմինն այժմ արդեն վարչություն է։ Այս որոշումների շուրջ զրուցեցինք վարչության պետ Արմեն Աբրոյանի հետ՝ փորձելով հասկանալ՝ որն է դրանց նպատակն ու ինչ խնդիրներ են ծառացել ոլորտում ու գործակալության առաջ։ Աբրոյանը մեր զրույցում ասաց, որ վերոգրյալ որոշումներն ընդունվել են ոչ բացահայտ՝ գաղտնի կերպով․ «Փաստորեն, հիմա գործակալություն չկա, եւ գործառույթներ չկան, գործակալությունը վերաձեւակերպվել է որպես վարչություն։ Ստացվում է՝ մենք աշխատակիցներ ենք՝ ուղղակի որպես ընդունված աշխատող, բայց թե ինչ պաշտոնով կամ ինչ իրավասություններով ենք աշխատում, կամ ով լիազորություն ունի հանձնարարականան տալու, ում, չգիտենք, եւ որեւէ գործի համար պատասխանատվություն չունենք»։ Վարչության պետը կարծում է՝ այս քայլերն ուղղված են բնագավառի ակնհայտ, ուղղորդված քայքայմանը՝ փորձ անելով հապճեպությամբ եւ գուցե նաեւ սխալներով «ազատվել իրենից»։ «Հիմա մենք՝ որպես վարչություն, եւս վերկազմակերպված չենք, մեր պաշտոնների անձնագրերը չունենք եւ գործակալության կամ վարչության կամ գրասենյակի կամ որեւէ կոմիտեի կարգավիճակ, ստացվում է, չունենք։ Այսօր զրկված եմ հանձնարարական կատարելու իրավասություններից, որի համար վերադարձնում եմ մեր բոլոր հանձնարակակնները, որոնք ինձ տալիս են ընթացք ստանալու համար»։ Թե որն է այս գործելաոճի պատճառը՝ մեր զրուցակիցն արձանագրեց, որ ոլորտում վաղուց օրենսդրական բացեր կան․ տասից ավելի ենթաօրենսդրական ակտեր մշակված չեն, եւ հեղափոխությունից հետո էլ այդ բացը չի լրացվում։ Եւ դեռ ավելին՝ որոշ օրենսդրական կարգավորումներ, որոնք ինքը ներկայացրել է, իր խոսով՝ որեւէ կերպ ընթացք չեն ստացել․ «Առաջարկներ ներկայացվել են, բայց դրանց հետագա ընթացքը մեղմ ասած չեղարկվել է որոշ պաշտոնյաների՝ հատկապես նախարարի տեղակալի եւ նախարարի խորհրդականի ոչ կոմպետենտ լինելու պատճառով։ Մասնավորապես, ոլորտի լիցենզավորման մասին օրենքով նախատեսվում է, որ պատմության եւ մշակույթի հուշարձանների պատմական միջավայրի պահպանության բնագավառն ունենա լիցենզավորված գործունեություն, այսինքն՝ մասնագիտական գործունեության կանոնակարգում, կառավարում եւ այլն։ Սակայն, ցավոք, սա ընթացք չի ստանում»։  Սա, ըստ Աբրոյանի, «օբյեկտիվ» պատճառ ունի․ իրավասու անձինք չեն կարողանում օրենսդրական ակտեր մշակել, նրա համոզմամբ՝ կա նաեւ գիտելիքների ու կամքի բացակայություն․ «Մարդիկ չեն կարողանում, տեղում չեն, եւ ավելին՝ դա թողած՝ գործակալության գործառույթներով են զբաղվում՝ ցույց տալով, թե իրենք որեւէ աշխատանք են կատարում։ Եւ սա անում են օրենսդրության, մասնագիտական, սահմանված ռեժիմների, պահանջների խախտման պայմաննեորով»,- ասաց մեր զրուցակիցը՝ օրինակ բերելով «Հին Երեւան» նախագիծը, որի մասին Աբրոյանը բարձրաձայնել էր դեռ 2019 թվականի հունվարին՝ Երեւանի քաղաքապետարանին եւ Քաղաքաշինության պետական կոմիտեին մեղադրելով նախագծի հեղինակ Լեւոն Վարդանյանի եւ մայրաքաղաքի պատմական տարածքում կառուցապատում իրականացնող գործարար Վարդան Սրմաքեշի «հանցախմբի» հետ համագործակցելու մեջ․ «Օրինակ, «Հին Երեւան» ծրագրում ապօրինի շինարարությունները, որոնք իրականացվեցին տարիներ շարունակ, մենք չենք համաձայնել, որովհետեւ ռեժիմի խախտումներ կային, եւ ներկայացնելով գիտամեթոդական խորհրդի որոշ քանակով քվեարկության, այն էլ՝ հարցումով, դրական եզրակացություն տրվեց։ Դրական եզրակացություն տրվեց քաղաքի կենտրոնում՝ Տեյրան 5 հասցեում կառուցապատմանը, որին գործակալությունը դարձյալ դեմ է եղել, «Մոսկվա» կինոթատրոնի մոտ բարձրահարկի կառուցմանը՝ եթե չեմ սխալվում՝ մոտ 70 մետր, որին գործակալությունը կրկին համաձայնություն չի տվել։ Ես այդ ամենում տեսնում եմ որեւէ ռիսկ»,- ասաց Աբրոյանը՝ նկատելով, որ եթե սա առաջ էլի գործակալության անհամաձայնությամբ էր արվում եւ քաղաքապետարանից նույնիսկ նախարարություն չէր գալիս՝ համաձայնեցման, ապա այսօր նախարարություն գալիս է, եւ փորձում են ստիպել, որպեսզի գործակալությունը եւ ինքը եւս համաձայնվեմ․ «Իսկ դա չի եղել անգամ նախկինում, երբ իրենք չկային»,- շեշտեց Աբրոյանը։ Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ բիզնես գործունեություն ծավալող անձինք փորձում են նախարարության միջոցով գործակալությանը համոզել որեւէ տեղում շինարարություն անելու հարցո՞ւմ, որը գուցե դուրս է օրենքի սահմանների՞ց, գործակալության պետը պատասխանեց՝ ոչ միայն բիզնեսմենները, այլ նաեւ պաշտոնյաներն են փորձում ազդել, որպեսզի ստանան այդ համաձայնությունները․  «Շարունակում է խաթարվել մայրաքաղաքի պատմական միջուկը։ Եւ ավելին՝ նախարարությունը նման կանոնադրական գործառույթ չունի․ այդ գործառույթը կառավարության որոշմամբ եղել է գործակալությանը։ Մշտապես փորձել են գործակալությանը խոչընդոտել եւ իրենց կամքը կամ ցանկությունները, «լավություն»  անելու գործառույթը իրականացնել, ցավոք սրտի»։ Թե ինչու է որդեգրվել այս քաղաքականությունը, ըստ Աբրոյանի, բազմաթիվ պատճառներ կան, որոնցից մեկ-երկուսը նա ներկայացրեց մեր զրույցում։ Դրանց թվում են ներդրումային քաղաքականությունը, հուշարձանների տարածքների սահմանման դրույթների խնդիրները, որոնք, մեր զրուցակցի խոսքով, հիմնականում շահեր սպասարկելու, իրար ծանոթ-ընկեր-բարեկամ պահելու նկատառում ունեն․ «Օրինակ, տարիներ շարունակ հուշարձանների տարածքները չեն սահմանվել, բայց դրանց անձնագրերում պետք է սահմանվեն տարածքներ։ Դա իրավական այն փաստաթուղթն է, որով նշագծվում է՝ դա է հուշարձանի տարածքը, եւ որեւէ մեկն իրավունք չունի այն վնասել։ Սակայն երկար տարիներ դրանք չեն մշակվել, տարիներ շարունակել բարձաձայնել ենք խնդիրը, բայց գոտիները մշակվել են հուշարձանների տարածքների չափով՝ փոխանակ տարածքների շուրջ լինեն ու ապահովեն պատմական միջավայրը։ Բազմաթիվ են նման դեպքերը։ Այդպիսին է նաեւ պեղումների բնագավառը․  պեղումներից հետո ամրակայումները պարտադիր են, քանի որ երբ հուշարձանը պեղման միջամտության է ենթարկվում, դրանից հետո ավելի է արագանում հուշարձանի քայքայումը։ Սակայն հնագետները, արշավախմբերը, որոնք ձեռնարկողի պարտականություն են ստանձնում, չեն ամրակայում, չեն կոնսերվացնում տվյալ հուշարձանը։ Կա այդպիսի հստակ պահանջ, բայց նախկինում եղած ընկերական աջակցությունը պահելու համար տվյալ գործառույթների ոչ օրենսդրական լինելը թաքցնելու փորձ է արվում․ չեմ ասում բոլոր դեպքերում, բայց մեծամասամբ։ Մեր աչքի առաջ քայքայվում են այդ հուշարձանները, բայց թվարկածներս թաքցնելու փորձ է արվում»,- մեր զրույցում շեշտեց Աբրոյանը։ Ինչ վերաբերում է ներդրումային քաղաքականությանը՝ վերջինս փորձեց ենթադրյալ օրինակով ներկայացնել իրավիճակը։  «Օրինակ՝ մայրաքաղաքի կենտրոնում՝ Օպերայի բակում, մեկն ուզում է 50 հարկանի հյուրանոց կառուցել, ներդրում է, չէ՞»,- հարց հնչեցրեց մեր զրուցակիցը՝ շարունակելով,- «Բայց չի կարելի իբրեւ ներդրումները խթանելու համար ենթադրյալ ապօրինի շինություն կառուցելու գործընթացը շարունակել։ Բայց մարդիկ գտնում են միջոցներ։ Մասնավորապես, գործակալության Երեւանի տարածքային պետ Կարո Այվազյանը, գիտամեթոդական խորհրդի միջոցով փորձում են սահմված գոտիների նախագիծը համարել ոչ իրավաչափ եւ այլն, որեւէ ինտրիգով, որեւէ կերպ, մի քանի ոչ պրոֆեսիոնալ մարդկանցից կարծիքներ հավաքելով, եզրակացություն ստանալով, շրջանցելով գործակալության կարծիքը, եզրակացությունը՝ նախարարությունը փորձում է ցույց տալ, թե աշխատանք է կատարում, ու այդպիսով նախագծերին պատմական միջավայրի անթույլատրելի միջամտություններին համաձայնություն է տալիս»։ Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ որպեսզի ցույց տան՝ բիզնեսին զարկ են տալիս, խթանում են ներդրումային միջավայրը, միջամտում են գործակալության գործառույթներին, կամ առանց կառույցի կարծիքը հաշվի առնելու՝ թույլտվություննե՞ր են տալիս, Աբրոյանը դրական արձագանքեց․ «Գործակալությունն ասում է՝ չի կարելի, իրենք, մի դեպքում ցույց տալու համար, որ ներդրում է, մյուս դեպքում՝ գուցե ծանոթ-ընկեր-բարեկամ հարաբերություններով առաջանորդվելով՝ փորձում են տալ համաձայնություն»։ Վարչության պետից հետաքրքրվեցինք նաեւ՝ նախարարության հետ այս հարցերը բաց եւ մանրամասն քննարկե՞լ են։ Աբրոյանը պատասխանեց, որ ոչ միայն քննարկել է, այլ դիմել է վերադաս կազմին, նաեւ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությանը՝ հայտնելով, որ պատմության և մշակույթի հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման  բնագավառը ԿԳՄՍ նախարարությունում շարունակվում է վտանգված մնալ: Պաշտոնյան դիմումում ներկայացրել է մեր զրույցում հիշատակված խնդիրները՝ նշելով, որ իրականացվել և իրականացվում են բնագավառի քայքայմանն ուղղված գործողություններ, լիազորությունների խախտմամբ գործառույթներ և անօրինականություններ, որոնք վնասել և շարունակում են վնասել բնագավառը, հուշարձաններն ու պատմական միջավայրը։ Դիմումը, սակայն, ըստ էության ընթացք չի ստացել։ Դատախազության պատասխանում նշված է եղել միայն, որ ձեռնարկված ուսումնասիրությունների արդյունքներով միջնորդագիր է ներկայացվել նախարարություն, որում ի թիվս այլ հարցերի նշվել է նաև հնագիտական հետախուզական աշխատանքների և պեղումների թույլտվությունների տրամադրման, ինչպես նաև դրանց իրականացման ուսումնասիրության ընթացքի և արդյունքների նկատմամբ պատշաճ, արդյունավետ հսկողությունը ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի թիվ 438 որոշման պահանջներին համապատասխան ապահովելու և այդ գործընթացում պաշտոնատար անձանց լիազորություններըհստակեցնելուանհրաժեշտության վերաբերյալ: Լուսանկարում՝ Արմեն Աբրոյանը, լուսանկարը՝ Hetq.am-ի։ Հայարփի Բաղդասարյան
23:04 - 01 հունիսի, 2020
Դեղերի շրջանառությունն առավել արդյունավետ վերահսկելու օրինագիծն ԱԺ-ն ընդունեց միաձայն |armenpress.am|

Դեղերի շրջանառությունն առավել արդյունավետ վերահսկելու օրինագիծն ԱԺ-ն ընդունեց միաձայն |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է առավել արդյունավետ վերահսկողություն իրականացնել դեղերի շրջանառության շուկայում։ Կառավարության հեղինակած նախագիծը խորհրդարանի մայիսի 27-ի նիստում ներկայացրել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը։ Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել հարկային օրենսգրքում՝ համաձայն որոնց դրոշմապիտակով դեղերի դրոշմավորման համար պարտադիր է դառնում Առողջապահության նախարարության կողմից տրված դեղերի համապտասխանության հավաստագրի համարի և հավաստագրում դեղերի հերթական համարի էլեկտրոնային կարգով գրանցումը։ Արթուր Ասոյանը նշել էր, որ դեղերի շուկայում տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ բազմաթիվ կազմակերպություններ ԵԱՏՄ անդամ երկրներից, գործող օրենսդրության պահանջների խախտմամբ, առանց փորձաքննության և նախարարության կողմից տրվող համապատասխանության հավաստագրի, մեծածախ ծավալներով ներմուծում, ազատորեն դրոշմապիտակավորում և իրացնում են բազմաթիվ` որակի, անվտագության և արդյունավետության առումով կասկած հարուցող, ինչպես նաև հնարավոր չգրանցված, գրանցված, բայց որակազրկված, կեղծ, հոգեմետ դեղեր։
13:31 - 01 հունիսի, 2020
Կառավարության անդամների համատարած թեստավորում չի անցկացվել․ Մանե Գեւորգյան
 |news.am|

Կառավարության անդամների համատարած թեստավորում չի անցկացվել․ Մանե Գեւորգյան |news.am|

news.am: Կառավարությունում կորոնավիրուսի հաստատված այլ դեպքեր չկան։ Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։ «Կառավարության անդամների համատարած թեստավորում չի անցկացվել, քանի որ բոլոր նրանք, ովքեր անմիջական շփում են ունեցել վարչապետի հետ, պահպանել են անվտանգության բոլոր կանոնները՝ սոցիալական հեռավորություն, դիմակների եւ ձեռնոցների կրում։ Քանի որ չունենք ախտանիշներ այս պահին համատարած թեստավորման անհրաժեշտություն չկա։ Թեստավորումն իրականացվում է բժշկական ցուցումով, եւ եթե լինի, դուք դրա մասին կտեղեկանաք»,– ասաց նա։ Դիտարկմանը, որ վարչապետն էլ ուղիղ եթերում ասաց, որ ախտանիշներ չի ունեցել, բայց նրա մոտ հաստատվել է վիրուսը, Մանե Գեւորգյանն արձագանքեց․ «Որովհետեւ ինքն անմիջական շփում է ունեցել վարակակրի հետ, դրա համար են իրեն թեստավորել, այո կա, որ ասիմպտոն են մարդիկ տանում, ու ըստ երեւույթին վարչապետի մոտ, որեւէ սիմպտոմներ չկան»։ Մանե Գեւորգյանի խոսքով՝ Արցախ ուղեւորվելուց առաջ լրատվական բաժինն էլ էր թեստավորվել, այդ թվում եւ ինքը, բայց թեստի պատասխանը բացասական է եղել, 2 օրից կրկին կթեստավորվի․ «Ինձ դեռ չեն թեստավորել, վաղը կամ մյուս օրը նոր երեւի կթեստավորեն։ Իմ վերջին թեստը եղել է, երբ նախատեսում էինք Արցախ գնալ, թեստավորվել էի, եւ պատասխանը բացասական էր եղել, եթե չեմ սխալվում մայիսի 30-ին եմ թեստավորվել՝ շաբաթ օրը։ Լրատվական վարչությունն էր թեստավորվել, քանի որ էլի նկարահանումներ կային, վարչապետի հետ անմիջական շփում գոյություն ունի»։
12:01 - 01 հունիսի, 2020
Ունենք քաղաքական կամք՝ ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրում ներդնելու համար. վարչապետ

Ունենք քաղաքական կամք՝ ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրում ներդնելու համար. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են համապատասխան պետական գերատեսչությունների ղեկավարները, Ազգային ժողովի շահագրգիռ հանձնաժողովների ներկայացուցիչ պատգամավորներ: Թեմայի առնչությամբ վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, մենք հավաքվել ենք քննարկելու Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման մեր օրակարգը և ժամանակացույցը: Ընթացքի մեջ են նաև մի շարք կարևոր օրենսդրական նախաձեռնություններ, որոնք էական փոփոխություններ են բերելու մեր հարկային համակարգում և ընդհանրապես եկամուտների հայտարարագրման ոլորտում: Ես ուզում եմ՝ մենք արձանագրենք, թե ինչի համար են այս փոփոխություններն արվում և ինչ նպատակի են ծառայելու: Ըստ էության՝ այս փոփոխություններն արվում են մեր պետության՝ Հայաստանի Հանրապետության պոտենցիալը մեծացնելու համար, և այս համակարգերով էականորեն փոփոխության պետք է ենթարկվեն քաղաքացի-պետություն հարաբերությունները: Եվ ես կարծում եմ, որ այս նախաձեռնություններով ընդհանուր առմամբ պետք է փոփոխության ենթարկվեն, կրկին ուզում եմ ընդգծել, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի վերաբերյալ մեր ընկալումները և պատկերացումները: Ըստ էության՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն այն համախառն գումարն է, մեր ազգային պետական այն գրպանն է, որտեղ կուտակվում են և որից ծախսվում են միջոցներ: Եվ երբ ամեն առիթով, հասկանալիորեն և արդարացի կերպով բարձրացվում են տարաբնույթ տնտեսական, սոցիալական, ենթակառուցվածքային հարցեր, մենք բոլորս պետք է արձանագրենք, որ այդ հարցերի լուծման ժամանակը, արագությունը, որակը կախված են նրանից, թե մեր հանրապետությունը և պետությունն ինչպիսի պոտենցիալ ունի, ինչպիսի հարաբերությունների մեջ են գտնվում քաղաքացիները և կառավարությունը, և ինչպիսի թափանցիկությամբ են աշխատում կառավարությունը և քաղաքացիները: Մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն արդարացի կերպով երկար տարիներ Հայաստանի կառավարությունից պահանջել են և շարունակում են պահանջել թափանցիկություն: Ես կարծում եմ, որ մեր կառավարությունն այս առումով շատ թափանցիկ է, առավել թափանցիկ է, քան Հայաստանի որևէ կառավարություն եղել է, բայց մենք կառավարության գործունեության այս թափանցիկության պրոցեսում շարունակելու ենք առաջ գնալ: Մյուս կողմից՝ կարծում եմ, որ, ի վերջո, թափանցիկությունը պետք է դառնա ազգային մտածելակերպ և մենթալիտետ, որովհետև, ի վերջո, կառավարության անդամներն այդ կարգավիճակում հայտնվում են ոչ ի ծնե: Նրանք քաղաքացի են և քաղաքացիական կյանքում արդեն թափանցիկության կանոնների որդեգրումը պետք է մեզ բոլորիս օգնի, որ հետագա կյանքում, անկախ նրանից՝ ինչ կարգավիճակ կունենանք և ինչ կարգավիճակում կաշխատենք, այդ թափանցիկությունը դառնա ուղղակի սովորական: Այնպես որ, կարծում եմ՝ շատ կարևոր է, որ մենք ունենանք քաղաքական կամք՝ այս բոլոր փոփոխությունները հետևողականորեն կյանքի կոչելու համար: Տվյալ ժամանակաշրջանում 2 սկզբունքային փոփոխություն կա. դրանցից մեկը գույքահարկի համակարգում մեր առաջարկած նոր համակարգն է, և երկրորդը՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրումը: Ընդ որում՝ այս համակարգի կարևորությունն ու անհրաժեշտությունը մենք արձանագրեցինք մեր հակաճգնաժամային ծրագրերի իրականացման համատեքստում, երբ բախվեցինք այն իրավիճակին, որ երբեմն հնարավոր չի լինում որոշել, ի վերջո՝ ով է սոցիալապես անապահով, և ով է սոցիալապես ապահով, ով է, որ ունի ռեալ՝ պետական 60000 դրամ կամ 100000 դրամ աջակցության կարիքը, ով է, որ չունի այդ կարիքը: Եվ մենք ակնհայտորեն բախվել ենք իրավիճակների, երբ մարդիկ, ովքեր ակնհայտորեն չունեին այդ աջակցության կարիքը, ստացել են դա, և մարդիկ, ովքեր ունեին այդ աջակցության կարիքը, չեն ստացել: Եվ մենք արձանագրեցինք՝ եթե ունենայինք եկամուտների համընդհանուր հայտարարագրման մեխանիզմ, ըստ էության, շատ չէինք տանջվի այս թեմայի վրա, և մեզ համար աջակցություն ունեցող մեր քաղաքացիների պատկերը պարզ կլիներ ընդամենը 1-2 համակարգչային գործողություն կատարելու արդյունքում: Ընդ որում՝ այդ պատկերը կունենայինք անուն-ազգանուն, հեռախոսի համար, հասցեով, ինչը կհեշտացներ նաև այդ օգնությունը տեղ հասցնելը, որովհետև եկեք արձանագրենք, որ մենք նույնիսկ մի քանի ծրագրերով ուղղակի շաբաթներ ենք ծախսել, որպեսզի գտնենք այն մարդկանց, ում այդ գումարը պետք է տանք։Սա, իր հերթին, բերել է լրացուցիչ բարդությունների, առավել ևս որ մենք, ինչպես ասացի, համոզված չենք, որ գտել ենք հենց այն մարդկանց, ում պետք է գտնեինք, մի շարք դեպքերում չենք գտել այն մարդկանց, ում լավ կլիներ, որ գտնեինք: Այնպես որ, իսկապես եկել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման ժամանակը: Այսպիսի բարեփոխումներ անելու համար շատ լուրջ քաղաքական կամք է պետք, և մենք ունենք այդ քաղաքական կամքը»: Հաջորդիվ ներկայացվել է Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ընդհանուր նկարագիրը: Անդրադարձ է եղել հայեցակարգի ներդրման նպատակներին, առաջարկվող ժամանակացույցին, հաշվետվողականության ու վերահսկողության մեթոդաբանությանը, հարկաբյուջետային ազդեցությանը: Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի շրջանակում քննարկվել են ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման գործընթացի կազմակերպման մեխանիզմներին, անհրաժեշտ օրենսդրական գործիքակազմին, շահառուների տարբեր խմբերի հայտարարագրման առանձնահատկություններին, անհատական հայտարարագրման մշակույթի ձևավորմանը, համատարած հայտարարագրման ազդեցության գնահատմանը, համակարգի ներդրման շուրջ քննարկումների անցկացմանը վերաբերող և այլ հարցեր: Ներկայացվել են մի շարք դիտարկումներ և առաջարկություններ: Վարչապետը ևս մեկ անգամ նկատել է՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրումը պետականամետ մտածելակերպ և դրան համարժեք հանրային վարքագիծ ձևավորելուն միտված բարեփոխում է: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին՝ շարունակել համատեղ քննարկումները, ինտենսիվ աշխատել խորհրդարանական գործընկերների հետ՝ համակարգի արդյունավետ ներդրման և գործարկման փոխհամաձայնեցված մոտեցումներ ձևավորելու ուղղությամբ:
17:59 - 30 մայիսի, 2020