Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Ալեն Սիմոնյանը խնդրանքով դիմեց ընդդիմությանը. «Առաջարկում եմ պիտակների էջը փակենք» |hetq.am|

Ալեն Սիմոնյանը խնդրանքով դիմեց ընդդիմությանը. «Առաջարկում եմ պիտակների էջը փակենք» |hetq.am|

hetq.am: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, դիմելով գործընկերներին, առաջարկեց զրոյացնել այսօրվա միջադեպը: Այս մասին իր արտահերթ ելությում ասաց Սիմոնյան: «Առաջարկում եմ՝ հարգելով ՀՀ քաղաքացիներին՝ համարենք, որ այսօր սպառել ենք իրենց համբերությունը և վերջացնենք այս հռետորաբանությունը:  Սա համարեք իմ ձեռքը, որ մեկնում եմ ձեզ»,-ասաց նա` դիմելով ընդդիմությանը: Սիմոնյանը խնդրեց թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր պատգամավորներին դադարեցնել միջադեպի վերաբերյալ ելույթները և միմյանց հասցեին վիրավորանքներ չհնչեցնել: «Դիմում եմ Ձեզ, պարո՛ն Օհանյան, իմ խաթր չէ, ՀՀ քաղաքացիների խաթր փակենք այս թեման, առաջարկում եմ պիտակների էջը փակենք, իրար ինչ-որ բան հասկացնելու, պայմանական այդ ձեռքը մեկնում եմ»,- ասաց նա: Այս ելույթից հետո թե՛ Սեյրան Օհանյանը, թե՛ հերթագրված մյուս պատգամավորները հանեցին իրենց ելույթները:
15:47 - 11 օգոստոսի, 2021
Նպատակահարմար է, որ Արցախի հարցով բանակցությունները շարունակվեն ՄԽ  շրջանակներում․ Էդուարդ Աղաջանյան

Նպատակահարմար է, որ Արցախի հարցով բանակցությունները շարունակվեն ՄԽ  շրջանակներում․ Էդուարդ Աղաջանյան

«Ես անկեղծորեն ցավում եմ, որ մեր բովանդակային քննարկումները հաճախ ընդմիջվում են նմանատիպ դրսևորումներով, և ես առաջին հերթին կոչ եմ անում մեր՝ ՔՊ կուսակցության մեր գործընկերներին, որևէ պարագայում չտրվել այն սադրանքներին, որոնք հաճախ հնչում են դահլիճի մյուս կողմից»,- այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի սկզբում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած իրարանցմանը։ ՔՊ խմբակցության պատգամավորն այս համատեքստում արձանագրեց, որ իր մոտ դիսոնանս է առաջացնում ընդդիմադիր ուժերի մեջ այն ներքին հակասությունը, որն, ըստ Աղաջանյանի, անզեն աչքով էլ տեսանելի է․ «Որովհետև անկեղծորեն ես չեմ հասկանում ու չեմ հավատում, որ «Հայաստան» դաշինքի  որոշ գործընկերների համար ընդունելի են իրենց իսկ խմբակցության այլ գործընկերների դիրքորոշումները, պահվածքը և խոսույթը, որովհետև տարբերությունը շատ մեծ է ,և այդ դիսոնանսը, կարծում եմ, բոլորիս մոտ առկա է»,- ասաց նա։ Ապա, անցնելով հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրման վերաբերյալ իրեն ուղղված հարցերին, Աղաջանյանը նախ խոսեց Արցախի հիմնահարցի վերաբերյալ բանակցություններին, որի մասին խոսել էր «Պատիվ ունեմ» խմբակցության Տիգրան Աբրահամայնը․ «Այս հարցի շուրջ, կարծում եմ, թե՛ ՀՀ վարչապետը, թե՛ մեր ռուս գործընկերները արտահայտել են իրենց դիրքորոշումը առ այն, որ նպատակահարմար է, որ բանակցությունները շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի  շրջանակներում։ Պարոն Աբրահամյան, Դուք նաև խոսեցիք հետհեղափոխական կառուցողական բանակցությունների ֆոնին այն ռազմական զարգացումների մասին, որոնք տեղի են ունեցել, ըստ էության արձանագրելով, որ այդ թվացյալ կառուցողական բանակցությունների հետևում կոնկրետ ռազմական գործընթանցներ են տեղի ունեցել։ Այս ինֆորմացիան ինձ համար նորություն է, և չգիտեմ Դուք այն որտեղից եք ստացել, կխնդրեմ հնարավորության դեպքում նաև իրավապահ մարմիններին հաղորդեք այդ ինֆորմացիան, կամ Պաշտպանության նախարարությանը, որովհետև, կարծում եմ, որ այդտեղ հանցավոր անգործության դեպքեր կան»։ Անդրադառնալով արտաքին քաղաքականության ոլորտում առաջնահերթություններին՝ Աղաջանյանն ընթերցեց իրենց ծրագրի այդ հատվածը․ «Արտաքին քաղաքականության մեր ուղենիշն է ինչպես ՀՀ և Արցախի ժողովրդի, այնպես էլ սփյուռքահայության իրավունքների, անվտանգության և շահերի ապահովումը։ Արտաքին և անվտանգային քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից են լինելու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, ինչպես նաև մշակութային և կրոնական ժառանգության պահպանումն ու հումանիտար խնդիրների լուծումը։ Հայաստանի Հանրապետությունն օգտագործելու է իր ողջ ներուժը՝ վերոնշյալ նպատակներին հասնելու համար՝ առաջնորդվելով ներպետական շահերով և հայ ժողովրդի իրավունքի պաշտպանության հրամայականով»։
14:19 - 11 օգոստոսի, 2021
ՔՊ-ն ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Գևորգ Պապոյանին |armenpress.am|

ՔՊ-ն ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Գևորգ Պապոյանին |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը  Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Գևորգ Պապոյանին: Պապոյանի կենսագրությունը ներկայացրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը: Գևորգ Պապոյանը նախ շնորհակալություն հայտնեց ՔՊ խմբակցությանը ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար: «Այս ընթացքում հանձնաժողովը օրենսդրական և խորհրդարանական վերահսկողության դաշտում լրջագույն և տքնաջան աշխատանք է իրականացրել: Սակայն կան բազմաթիվ կիսատ մնացած օրենսդրական նախագծեր, գաղափարներ, որոնք նախ պետք է ավարտենք, ինչպես նաև սկսեն ու իրագործենք, քննարկենք բազմաթիվ նոր նախագծեր, որոնք պետք է միտված լինեն մեր բնակչության բարեկեցության բարձրացմանը, մեր երկրի, մեր պետության ֆինանսական կայունության ամրապնդմանը, ֆինանսական համակարգի և ֆինանսական շուկաների հետագա կայուն զարգացմանը և այլ կարևոր ոլորտային նախաձեռնությունների իրականացմանը»,- ասաց Պապոյանը:
14:07 - 11 օգոստոսի, 2021
Հայաստանը հոկտեմբերի 19-ին համաձայն է եղել կանգնեցնել պատերազմը, սակայն Ադրբեջանը նոր նախապայման է առաջ քաշել. Ռուբինյան |armenpress.am|

Հայաստանը հոկտեմբերի 19-ին համաձայն է եղել կանգնեցնել պատերազմը, սակայն Ադրբեջանը նոր նախապայման է առաջ քաշել. Ռուբինյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը մանրամասնել է, թե ինչու 2020 թվականի սեպտեմբերի 27-ից թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմը չի դադարել հոկտեմբերի 19-ին, ինչի հնարավորության մասին խոսել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ռուբինյանն ընդգծեց, որ Հայաստանը 2020 թվականի հոկտեմբերի 19-ին համաձայնվել է դադարեցնել պատերազմը, սակայն Ադրբեջանը նոր նախապայման է առաջ քաշել, որով պետք է նաև տեղի ունենար փախստականների վերադարձ Շուշի: «Նախ պետք է հիշեցնեմ, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում երեք անգամ հրադադարի պայմանավորվածություն է եղել` հոկտեմբերի 10-ին, որը Մոսկվայում տեղի ունեցավ, բայց չպահվեց: Ինչո՞ւ, որովհետև Ադրբեջանը չէր պատրաստվում պահել հրադադարը: Հաջորդը եղավ հոկտեմբերի 16-ին արդեն Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ, կրկին չպահվեց, հաջորդը արդեն հոկտեմբերի 26-ին էր ԱՄՆ-ում, որը կրկին չպահվեց»,- ասաց Ռուբինյանը: Ռուբինյանը պատմեց, որ հոկտեմբերի 19-ին կայացել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվել է պատերազմը դադարեցնելու հարցը: «Հնչել են մտքեր, որ կարելի է դիտարկել ռուսական առաջարկների հիման վրա (նկատի չունեմ նոր առաջարկներ) պատերազմը դադարեցնելու հարցը, այսինքն` շրջանների հանձնմամբ: Հոկտեմբերի 19-ին Հայաստանը համաձայնել է դրան: Իսկ թե ինչո՞ւ դա տեղի չի ունեցել, որովհետև Ադրբեջանը առաջ է քաշել նոր պայման, որ պետք է նաև տեղի ունենա փախստականների վերադարձ Շուշի: Այստեղ շատ կարևոր հանգամանք կա, արցախյան հակամարտության շուրջ բանակցությունների, Արցախի վերջնական կարգավիճակի հետ կապված մեխը մարդիկ են, մարդիկ են որոշում Արցախի կարգավիճակը: Ունենալ առանց միջանկյալ կարգավիճակի Արցախ, որում կա Շուշի, որտեղ ապրում են ադրբեջանցիներ, պրակտիկորեն կնշանակեր՝ ոչ հայկական վերահսկողությամբ Շուշի:  Հայաստանը պատերազմի ընթացքում բազմիցս փորձել է կանգնեցնել պատերազմը, և ամեն անգամ դա տեղի չի ունեցել Ադրբեջանի պատճառով, ոչ թե Հայաստանի»,- եզրափակեց Ռուբինյանը:
13:46 - 11 օգոստոսի, 2021
Անվտանգության աշխատակիցները մուտք գործեցին նիստերի դահլիճ. Ալեն Սիմոնյանը հանձնարարեց անջատել ուղիղ եթերը

Անվտանգության աշխատակիցները մուտք գործեցին նիստերի դահլիճ. Ալեն Սիմոնյանը հանձնարարեց անջատել ուղիղ եթերը

Ազգային ժողովում այսօր Իշխան Սաղաթելյանն իր ելույթն ուղղեց Ալեն Սիմոնյանին՝ նշելով, թե իր կարծիքով՝ վերջինս «իր շեֆի կողմից  ունի հանձնարարություն», որպեսզի ԱԺ-ում որոշ բառեր չհնչեցվեն, օրինակ՝ հողատու, կապիտուլյանտ բառերը։ «Հավանաբար դա եղել է Ձեր՝ ԱԺ նախագահ դառնալու պայմաններից մեկը, ասեմ, որ դա քաղաքական գնահատական է, դա անձնական վիրավորանք չէ։ Ձեր գործունեության արդյունքում մենք հայրենազրկվել ենք, երկիրը տարել եք կապիտուլյացիայի, և դուք դրա մասին շատ եք լսելու։ ԱԺ նախագահը չի կարող չարաշահել իր տեղը դերը և  տեղին անեղին վիրավորական արտահայտություններ հնչեցնի Աժ պատագամվորների հասցեին։ Եթե ԱԺ նախահգահը իր գործառույթներով պարտավոր է կազմակերպել ԱԺ բնականոն գործունեությունը, ապա բարի եղեք կազմակերպել։ Ընդհանրապես ուզում եմ հշեցնել ձեզ, էդ որ կառուցողական խոսքեր, ատելության քարոզ, նորմալ արտահայտվելու կոչեր եք անում, հիշեք ձեր քաղաքական ղեկավարի հնչեցրած միտքը, էն որ ասում էր ընդդիմադիրներին կբռնեմ, կշինեմ։ Երբ կոչեր եք անում, հիշեք ինչեր էիք խոսում, հետևաբար նստեք, համակերպվեք, լսեք, իսկ ԱԺ նախագահը պարտավոր է պատշաճ կերպով կազմակերպել ԱԺ բնականոն աշխատանքը, և Դուք որևէ լիազորություն չունեք, քան այստեղ նստած պատգամավորներից որևէ մեկը»,- նշել է Սաղաթելյանը։ Նշենք, որ այսօր Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամվոր Աննա Մկրտչյանը իր ելույթի ժամանակ կրկին օգտագործեց «կապիտուլյանտ Նիկոլ» արտահատությունը, որից հետո Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը անջատեց վերջինիս խոսափողը և դուրս հրավիրեց ԱԺ նիստերի դահլիճից։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն, ի պատասխան Սաղաթելյանի հայտարարույթունների, արձագանքեց, որ բնակչությունն արդեն պատասխանել է այն որակումներին, թե ով է կապիտուլյանտն ու հողատուն։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ելութից հետո պետք է ելույթ ունենար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Սակայն, մինչ նա կսկսեր խոսել, պատգամավորները տեղից ինչ-որ բաներ ասացին, իսկ նիստը վարող Ալեն Սիմոնյանը մի քանի անգամ կոչ արեց լռություն պահպանել, սակայն նրա պահանջին պատգամավորներն ականջալուր չեղան, և Սիմոնյանը նախազգուշացում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյանին ու Ագնեսա Խամոյանին։ Նիստերի դահլիճում իրարանցում սկսվեց, որը րոպեներ չէր դադարում։ Ալեն Սիմոնյանը ստիպված եղավ ներս հրավիրել ԱԺ անվտանգության աշխատակիցներին, որպեսզի նրանք կարգ ու կանոն հաստատեն խորհրդարանի դահլիճում։ Սիմոնյանի պահանջով նիստի ուղիղ հեռարձակումն ընդհատվեց։
13:04 - 11 օգոստոսի, 2021
Աննա Մկրտչյանը հեռացվեց ԱԺ նիստերի դահլիճից |hetq.am|

Աննա Մկրտչյանը հեռացվեց ԱԺ նիստերի դահլիճից |hetq.am|

hetq.am: Խորհրդարանում ընթանում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը: «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն իր ելույթում քննադատում էր իշխանություններին, և երբ ասաց, թե երկրում տիրող ամենաթողության հեղինակը «Հայաստանն ու Արցախը ավիրած կապիտուլյանտ Նիկոլն է»: Այս խոսքերից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգեց անջատել պատգամավորի խոսափողը: «Ես տիկին Մկրտչյանին նախազգուշացում տվել էի։ Այժմ, տիկին Մկրտչյան, ես հեռացնում եմ Ձեզ տվյալ օրվա մինչև ավարտը դահլիճում ներկա գտնվելու իրավունքից: Խնդրում եմ դուրս եկեք դահլիճից, հակառակ պարագայում անվտանգության աշխատակիցները Ձեզ դուրս կբերեն»,-ասաց Սիմոնյանը: Աննա Մկրտչյանը դուրս եկավ նիստերի դահլիճից, նրան հետևեց նաև խմբակցությունը: Հիշեցնենք, որ նրա նկատմամբ Սիմոնյանը նախազգուշացում էր կիրառել կրկին «կապիտուլյանտ Նիկոլը» բառերի համար:
11:41 - 11 օգոստոսի, 2021
Պետությունը պետք է անի ամեն ինչ բիզնեսի համար, բիզնեսը` պետության համար. Վահե Հակոբյան |armenpress.am|

Պետությունը պետք է անի ամեն ինչ բիզնեսի համար, բիզնեսը` պետության համար. Վահե Հակոբյան |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան» դաշինքի պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վահե Հակոբյանը անհրաժեշտ է համարում հենց այսօրվանից կրճատել բյուջետային ծախսերը: Վահե Հակոբյանն իր ելույթում նշեց, որ առաջիկա տարիների պետք է իրականացնել հարկաբյուջետային կոնսոլիդացիա` ուղղված պետական պարտքի կայունացմանը:  «Միաժամանակ, անհրաժեշտ են կտրուկ միջոցառումներ ենթադրող օրենսդրական փոփոխություններ, որոնք բարենպաստ միջավայր կստեղծեն բիզնեսի համար և այսուհետ պետության կողմից վերցված վարկերը պետք է ուղղվեն բացառապես կապիտալ ծախսերին»,- ասաց Հակոբյանը: «Հայաստան» դաշինքի պատգամավորը անհրաժեշտ է համարում բացահայտել և կրճատել բոլոր տեսակի անարդյունավետ ծրագրերը և մեծացնել տնտեսական աճ ստեղծող ծախսերը: «Այդ կերպ հնարավոր է արագացնել տնտեսության վերականգնումը, ինչպես նաև միջնաժամկետում բարձրացնել տնտեսական աճի պոտենցիալը՝ հնարավորություն ստեղծելով անվանական ՀՆԱ-ի հաշվին նվազեցնել պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը»,- ասաց Հակոբյանը:  «Հայաստան» դաշինքի պատգամավորը նաև ներկայացրեց իրենց քաղաքական ուժի ընդհանուր մոտեցումը. «Պետությունը պետք է անի ամեն ինչ բիզնեսի համար, բիզնեսը պետք է հարկ եղած ժամանակ ամեն ինչ անի պետության համար: Եվ նրանք միասին ստեղծեն արժեք, որը կաշխատի սոցիալական հարցերը լուծելու համար»:
13:46 - 10 օգոստոսի, 2021
Պարոն Մամիջանյան, մահակով ու վահանով դիմահար կրակոց արձակել հնարավոր չէ․ Վահագն Ալեքսանյան |aravot.am|

Պարոն Մամիջանյան, մահակով ու վահանով դիմահար կրակոց արձակել հնարավոր չէ․ Վահագն Ալեքսանյան |aravot.am|

aravot.am: «Պարոն Մամիջանյան, մահակով ու վահանով դիմահար կրակոց արձակել հնարավոր չէ։ Վահանով ու մահակով չի կարելի արձակել «Չերյոմուխա» տեսակի հատուկ միջոց»,-ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով «Պատիվ ունեմ» դաշինքից Հայկ Մամիջանյանի հայտարարությանը, թե մարտի մեկի դեպքերի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին ասել է՝ «փայտեր ու քարեր» վերցրեք՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Նա նշեց․ «Ինչ վերաբերում է ձեր հիշատակմանը, որ այդ ժամանակ ես գործակցել եմ ԲՀԿ-ի հետ փոխկապակցված կազմակերպություններից մեկի հետ, այո, եղել է։ Դրանից առաջ, ընթացքում եւ հետո, սակայն, եղել եմ ձեր իշխանության ամենաակտիվ քննադատներից մեկը։ Երեւի դրա պատճառով էր, որ ձեր դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված իմ դեկանը ինձ պարբերաբար կանչում էր իր սենյակ ու հարցնում՝ մեր նախագահի մասին ինչո՞ւ ես այդքան բան գրում, բա չես մտածո՞ւմ, որ առաջադիմությանդ վրա կազդի։ Ի դեպ, ինձ համար բացահայտում էր, որ դուք մասնակցել եք մարտի մեկի ցույցերին։ Եթե դա համադրեք այն փաստի հետ, որ հիմա նստած եք պարոն Վանեցյանի կողքին, որը նաեւ Մանվել Գրիգորյանի հետ կապված դեպքն էր բացահայտել, ապա գործ ունենք ամենատարօրինակ քաղաքական ստոկհոլմյան սինդրոմի հետ։ Երբ ձեր ընկերներին գնդակահարում են, հետո դուք անցնում եք մյուս կողմ, հետո խմբակցության ղեկավար ընտրում մեկին, որը ձեր կուսակցական ընկերների հետ կապված բաներ է բացահայտել, շատ տարօրինակ է»։ Անդրադառնալով «Հայաստան» դաշինքից Սեյրան Օհանյանի՝ իշխանությանն ուղղված եւ բանակի առնչությամբ քննադատությանը՝ Վահագն Ալեքսանյանն ասաց․ «Իմ ծառայած ժամանակ, երբ դուք նախարար էիք, բանակում ամենահայհոյված իրը զինվորներին տեղափոխող «պազիկն» էր»։  
13:08 - 10 օգոստոսի, 2021
44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը պետք է ունենա լայն լեգիտիմությամբ օժտված հնարավորություններ․ Անդրանիկ Քոչարյան

44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը պետք է ունենա լայն լեգիտիմությամբ օժտված հնարավորություններ․ Անդրանիկ Քոչարյան

Ես ուզում եմ ելույթս սկսել Արամ Վարդևանյանի վերջին խոսքից, որտեղ պարոն Վարդևանյանը Ազգային ժողովում հանդես եկավ որպես Ռոբերտ Քոչարյանի փաստաբան, բայց նաև սկսեց այն դրվագներից՝ կերտելով Ռոբերտ քոչարյանի կենսագրության նոր դրվագներ, Շուշիի գրավմանը մասնակից լինելու դրվագներ։ Այս մասին Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Նշենք, որ իր ելույթում այսօր «Հայաստան» խմբակցության պատագմավոր Արամ Վարդևանյաննը անդրադարձել է Արցախյան առաջին պատերազմի ընթացքում Շուշիի գրավմանը։ «Ձեզանից շատերը պարում էին Շուշիում (դիմելով ՔՊ խմբակցությունը - խմբ․), Շուշիի գրավման պատմությունը շատ լավ վերընթերցեք, շատ լավ վերընթերցեք պատմությունը, թե ովքեր են ազատագրել Շուշին։ Շուշիի ազատագրման կոնկրետ մարտական գործողությունն էլ ուսումնասիրեք, թե ովքեր են մասնակցել, ուսումնասիրեք դրանում թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սեյրան Օհանյանի մասնակցությունը։ Անդրանիկ Քոչարյանն իր խոսքում ասում է, թե Արցախյան առաջին պատերազմի ընթացքում եղել է շրջան, որտեղ վիճակը բարդ է եղել, նույնիսկ նահանջ է եղել, բայց մենք հաղթել ենք։ Ճիշտ է ասում պարոն Քոչարյանը, ուղղակի պարոն Քոչարյանը, քաղաքական հայացքներով  կաշկանդվածությամբ պայմանավորված, ամբողջ ճշմարտությունը չի ասում, օրինակ չի ասում՝ Արցախում այդ ժամանակ ինչ էր կատարվում, չի ասում, որ Արցախում այդ ժամանակ ձևավորվել էր Պետական պաշտպանության կոմիտե։ Չի ուզում ասել, որ ՊՊԿ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, ով, փաստացի լինելով Արցախի ղեկավարը, մասնակցում էր Շուշիի ազատագրման օպերացիային»։ «Եթե այդպես է, պարոն Վարդևանյանը գուցե հիշեցներ, թե որ ջոկատի կամ որ ստորաբաժանման շրջանակներում է մասնակցել, որովհետև այդ ժամանակ Պետական պահպանության կոմիտեն դեռ ձևավորված չէր և շատ ավելի ուշ է ձևավորվել և այլ հանգամանքներում։ Եթե խնդիր է դրված անդրադառնալ Ռոբերտ Քոչարյանի կերպարին, միգուցե սկսենք շատ ավելի վաղ շրջանից, երբ ինքը Հայոց համազգային շարժման անդամ էր և պատգամավոր էր ընտրվել ՀՀՇ կողմից, Լոռիից։ Հիմա չեմ ուզում շարունակել պարոն Վարդևանյանի մեղադրանքները՝ մարտի 1, 0038 հրաման, պարզվում է կա ևս մեկ հրաման (00038. խմբ․), բայց պարոն Վարդևանյանը գուցե պետք է նշեր, որ մարտի մեկը դեռ բացահայտված չէ նաև իրենց փաստաբանական խմբի ջանքերով և այդ հատորները մնացին մեր ժողովրդին անհասանելի, հեռու պահեցին։ Գնացին ՍԴ, իրենց սիրելի Հրայր Թովմասյանի և մյուսիների աջակցությամբ կարողացան 300․1 հրամանը հանել, ոնց որ թե այդ սահմանադրական փոփոխությունը չէր արվել Դավիթ Հարությունյանի և Հրայր Թովմասյանի կողմից՝ Սահմանադրական փոփոխությունների շրջանակում։ Հիմա ինչ, այն ժամանակ պետք էր, հետո ոչ, որովհետև Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության խնդիր կար»,- ասաց նա և հավելեց, որ Մարտի մեկի գործընթացներին այնուամենայնիվ նորից անդրադառնալու են գուցե այլ դրվագներով, և որ այդ գործի մեջ նաև այլ մեղադրվողներ կան՝ նշելով Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի, Միքայել Հարությունյանի անունները։ Այնուհետև Քոչարյանը իր խոսքով դիմեց Միքայել Հարությունյանին և Վիգեն Սարգսյանին՝ նրանց կոչ անելով վերադառնակ Հայաստան․ «Վիգեն Սարգսյա՛ն, վերադարձի՛ր տուն, որովհետև քո 1000 դրամների ծրագիրը ոնց որ թե նկարագրվեց, որ քո գրպանից է տրվում, ոչ թե ժողովուրդն է հավաքում։ Միքայել Հարությունյա՛ն, տո՛ւն վերադարձեք, Դուք պաշտպանության նախարար եք եղել, նախարարները պետք է օտարության մեջ չլինեն, պետք է գան, որովհետև իրենք զբաղեցրել են էնպիսի պաշտոններ, որոնք տնօրինում են շատ մեծ գաղտնիքների և գաղտնիության ժամանակաշրջանն ավարտված չէ»։ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի ելույթին, որում վերջինս նշում էր, որ չորս օր հետո պատերազմը պետք է կանգներ։ Քոչարյանը արձագանքեց, որ ԳՇ-ի և ՊՆ-ի խնդիրը ոչ թե օր առաջ մարտերը կանգնացնելն է, որովհետև մարտերը մենք չենք սկսել և մենք չենք տնօրինում այդ հարձակողական տրամաբանությունը, ԳՇ-ն պետք է կառավարեր այդ գործողությունները։ «Ես նշեցի, որ նախկինում մենք ունեցել ենք ավելի ծանր պահեր, բայց հաղթահարել ենք դա, որովհետև այդպիսի խնդիր չի դրվել մեր զինվորականության կողմից՝ կանգնեք, էլ չենք կարողանում կռվել, որովհետեև սպառազինությունը ավարտվում է, մեկ օրվա սպառազինություն ենք ունեցել, մադիկ գնացել են նույնիսկ հարևան հանրապետություն՝ մի բուռ փամփուշտի համար, բայց խնդիրը դրա մեջ չի եղել, նպատակն իրացվել է։ Այս պատերազմի ընթացքում քննարկումները՝ կանգնելու, չկանգնելու հնարավորությունների մասին ԱԽ շրջանակներում իրականացվել է նաև Նիկոլ Փաշինյանի կողմից՝ արտախորհրդարանական ուժերի, խորհրդարանական ընդդիմության, լայն քաղաքացիական հասարակության հետ։ Գերտերություններն ուզում էին կանգնեցնել, կանգնեցրի՞ն, որովհետև հակառակորդը իր առավելությունները ֆիքսել էր։ Դրա համար 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը պետք է ունենա լայն լեգիտիմությամբ օժտված հնարավորություններ։ Եթե շարժվենք կանոնակարգ օրենքով դա նույն ձևաչափը պետք է լինի, ընդլայնված կազմով, և պետք է իրականացնի միայն Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը»,- ընդգծեց պատգամավորը։ Ամփոփելով իր եզրափակիչ ելույթը հանձնաժողովի նախագահը նշեց, որ խորհրդարանական վերահսկողության մասով՝ հանձնաժողովի լավագույն օրինակը իրականացրել է Ապրիլյան քննիչ հանձնաժողովի շրջանակում՝ ԶՈՒ նկատմամաբ վերահսկողություն իրականցնելու առումով․ «Պարոն Գեղամ Մանուկյանը շատ բոցաշունչ ելույթ ունեցավ, ես ընկալում եմ նրա ելույթի բովանդակային մասը, որովհետև նա 90-ականներից եղել է ՀՀԴ անդամ և նույնիսկ դատապարտվել է Դրոյի գործով և ազատվել է Ռոբերտ Քոչարյանի՝ Հայաստան գալուց հետո հանգամանքների բերումով։ Այդպես շատերը, բայց ես չեմ ուզում անդրադառնալ այդ գործերին, ուզում եմ առաջ նայենք և դրա համար ես ուզում եմ հիշեցնել, որ իմ ծրագրային ելույթում կային ազգային անվտանգությանը վերաբերող, հայեցակարգային դրույթներ կային, որոնց չանդրադարձանք։ Մենք շարունակում ենք նախընտրական քարոզարշավը, մենք հիմա պետք է ձևավորենք հանձնաժողովներ, որոնք պետք է շարունակեն աշխատանքը պարլամենտում»։
12:26 - 10 օգոստոսի, 2021
Գեղամ Նազարյանն առաջարկում է դադարեցնել բանակին ուղղված մեղադրանքները |armenpress.am|

Գեղամ Նազարյանն առաջարկում է դադարեցնել բանակին ուղղված մեղադրանքները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ նշեց, որ հնարավորինս շուտ պետք է հրապարակվի արցախյան վերջին պատերազմի զոհերի այն թիվը, որն իրականանում կա: «Պաշտոնական և հիմնավոր թվեր պետք է հնչեն: Թե չէ տարբեր թվեր են հնչում, ու մարդկանց թյուրիմացության մեջ գցում, ինչը չի կարելի թույլ տալ»,- ասաց Գեղամ Նազարյանը: Պատգամավորը հանդես եկավ բանակին ուղղված մեղադրանքները դադարեցնելու առաջարկով: Նա նշեց, որ բանակը երբեք իդեալական չի եղել, սակայն այն հաղթել է Արցախյան առաջին պատերազմը, մինչև 2016 թվականն այնպես է արել, որ թշնամին հարձակման մասին չմտածի, 2016-ին այնպիսի հակահարված է տվել, որ հրադադար են աղերսել: Ու այդ բանակը՝ զինվորներն ու հրամանատարները, 44 օր պատերազմել են աշխարհի հզոր պետությունների զինված ուժերի դեմ: Պատգամավորը պնդում է, որ ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի խնդիրը պետք է լինի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը: «Գլխավոր խնդիրը, որը պետք է պարզի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը սա է՝ ինչո՞ւ մենք չկանխեցինք պատերազմը: Ես կողմնակից չեմ այդ հարցերի շուրջ բաց քննարկումներ անցկացնելուն: Պնդում եմ, որ այդ քննիչ հանձնաժողովը ստեղծվի ու առանց լրագրողների այդ բոլոր հարցերը հնչեցնենք ու ստանանք հստակ պատասխան»,-ավելացրեց Գեղամ Նազարյանը:   
11:29 - 10 օգոստոսի, 2021
Արփինե Դավոյանը տեղին չի համարում ԱԺ պաշտպանության հանձնաժողովին ուղղված քննադատությունը |armenpress.am|

Արփինե Դավոյանը տեղին չի համարում ԱԺ պաշտպանության հանձնաժողովին ուղղված քննադատությունը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին ուղղված քննադատություններ տեղին չի համարում: Խորհրդարանում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Անդրանիկ Քոչարյանի թեկնածության հարցի քննարկման ժամանակ իր ելույթում Արփինե Դավոյանը նշեց, որ քննադատողների մեծ մասը տեղյակ չէ, թե Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովն ամբողջ կազմով և Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ ինչ գործունեությամբ է զբաղվել անցած 2.5 տարվա ընթացքում: «Դա պատճառը մեկն է: Մեր հարգելի գործընկերները ԱԺ գործունեության մասին տեղյակ են այնքանով, որքանով, որ մամուլում տեղ են գտել տարատեսակ հրապարակումներ՝ անձնական դիրքորոշումներով, որոնք կապ չեն ունեցել հանձնաժողովի աշխատանքների հետ: Մեր գործընկերները շատ են խոսում ԱԺ-ի վերահսկողական ֆունկցիաների մասին: Ուրախ եմ , որ այդքան կարևորություն եք տալիս դրան, սակայն չեմ կարծում, որ դուք տեղյակ եք եղել, թե մեր հանձնաժողովներն ինչ գործունեություն են ծավալել»,- ասաց Արփինե Դավոյանը: Պատգամավորն անդրադարձավ ընդդիմադիր խմբակցությունից նախորդ օրը հնչած այն դիտարկումներին, ըստ որոնց, պատերազմի ժամանակ քաոս և խառնաշփոթ էր ստեղծված: Արփինե Դավոյանը նշեց, որ այդ քաոսն ու խառնաշփոթը ստեղծված են որոշ մարդկանց կողմից ուղղորդված հրապարակումների շնորհիվ: «Ասում են, թե մեզ մոտ ինքնաքննադատություն չկա: Այս խորհրդարանում ու կառավարությունում այնքան ինքնաքննադատություն կա, որ չի եղել երբեք Հայաստանի ոչ մի կառավարությունում: Մենք բազմաթիվ անգամ նշել ենք  ու խոսել ենք մեր սխալների մասին»,-ասաց Արփինե Դավոյանը:
10:40 - 10 օգոստոսի, 2021
Պետք է վերաիմաստավորել իրականացվող ռեֆորմները՝ շեշտը դնելով անվտանգային բաղադրիչի ուժեղացման վրա. Անդրանիկ Քոչարյան |1lurer.am|

Պետք է վերաիմաստավորել իրականացվող ռեֆորմները՝ շեշտը դնելով անվտանգային բաղադրիչի ուժեղացման վրա. Անդրանիկ Քոչարյան |1lurer.am|

1lurer.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը: «Նոր իրականությունը, որի մեջ հայտնվել է մեր պետությունը, մեզանից պահանջում է ձևավորել նոր մոտեցումներ ազգային անվտանգության հարցերի վերաբերյալ, վերաիմաստավորել անցած երեք տարվա ժամանակահատվածում նախանշված և արդեն իսկ իրականացվող ռեֆորմները՝ շեշտը դնելով անվտանգային բաղադրիչի ուժեղացման վրա: Համոզված եմ, որ ազգային անվտանգության հարցերը պետք է դիտարկվեն որպես ժողովրդավար և զարգացած երկրի գործառույթ: Անցած երեք տարիների ընթացքում հանձնաժողովի կողմից իրականացվել են աշխատանքներ ինչպես օրենսդրական ոլորտում, այնպես էլ կազմակերպչական, որոնք ուղղված են եղել հանձնաժողովի տեղի և դերի նորովի ընկալմանը և հաստատմանը»,- իր ելույթում հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը: Հիշեցնենք՝ Քոչարյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր նաև նախորդ՝ 7-րդ գումարման խորհրդարանում:
13:49 - 09 օգոստոսի, 2021