Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց (օգոստոսի 21, 1961, ՈսկեհատՎաղարշապատի շրջան)։ Հայ ազգային եկեղեցական գործիչ, 1999 թ․ նոյեմբեր 4-ից Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու 132-րդ կաթողիկոս։ 

1965 թ ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան։ 1972 թ․ Տ. Տիրան արք. Ներսոյանի կողմից ձեռնադրվել է կուսակրոն քահանա և վերակոչվել Գարեգին անվամբ։ Նույն թվականին Կաթողիկոս Վազգեն Ա-ի տնօրինությամբ մեկնել է Ավստրիա՝ Վիեննայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում իր կրթությունը շարունակելու։ 1975 թ․ նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ։  1980 թ․ նշանակվել է Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդի օգնական, իսկ 1983-ի ապրիլին՝ փոխանորդ։

1983 թ․ հոկտեմբերի 23-ին  Վազգեն Ա-ի կողմից արժանացել է եպիսկոպոսական ձեռնադրության։  1998 թ․  Ամենայն հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ, իսկ վերջինիս մահից հետո՝ 1999 թ․ հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած Ազգային-եկեղեցական ժողովի կողմից ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս և նոյեմբերի 4-ին արժանացել կաթողիկոսական ձեռնադրության ու օծման։ 

Գարեգին Բ-ն հորդորում է Նիկոլ Փաշինյանին վայր դնել վարչապետի լիազորությունները

Գարեգին Բ-ն հորդորում է Նիկոլ Փաշինյանին վայր դնել վարչապետի լիազորությունները

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես է եկել ուղերձով Հայաստանում ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ: Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը ստորև. «Սիրելի զավակներ մեր ի հայրենիս և ի սփյուռս, Պատերազմի արհավիրքից հետո ցավի, մտահոգության և տագնապի ծանր օրեր ենք ապրում։ Հազարավոր մեր հերոս զավակների նահատակությունը, պատմական Արցախ աշխարհի զգալի մասի կորուստը, պատերազմի աղետալի հետևանքները և արտաքին վտանգի առավել մեծ սպառնալիքը ալեկոծել են մեր հոգիները, խաթարել համերաշխությունը և ազգային միասնականությունը հայրենիքում ու սփյուռքում։ Ստեղծված ծանր իրադրությունը և ներքաղաքական խորը ճգնաժամը նոր վտանգների առջև է կանգնեցրել հայրենի մեր երկիրը՝ կենսական դարձնելով հառնած լրջագույն մարտահրավերների հրատապ լուծման անհրաժեշտությունը։ Օրեցօր բարդացող իրավիճակի առնչությամբ քննարկումներ ենք անցկացրել Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու եպիսկոպոսաց դասի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ։ Հանդիպումներ ենք ունեցել նաև Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի նախագահի, քաղաքական ու ազգային զանազան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Համընդհանուր համոզումն է, որ օրհասական այս կացությունը պետք է իր հանգուցալուծումը գտնի բացառապես սահմանադրական ճանապարհով, ազգային համերաշխության ու ողջախոհության պայմաններում։ Հայրենի մեր երկրում տեղ գտնող տագնապալից զարգացումներին և առկա մտահոգություններին ընդառաջ՝ Մենք հանդիպում ունեցանք նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ տիար Նիկոլ Փաշինյանի հետ։ Թելադրված երկրի առջև ծառացած և ահագնացող ներհասարակական լարվածությամբ, արտաքին և ներքին լուրջ մարտահրավերներով և վարչապետի անձի նկատմամբ հանրային վստահության պակասով՝ հայրաբար հորդորեցինք հանձնառություն ստանձնել և վայր դնել վարչապետի լիազորությունները՝ կանխելու համար հասարակական կյանքում ցնցումները, նաև հնարավոր բախումներն ու ողբերգական հետևանքները։ Այս առումով նաև կոչ ենք ուղղում Ազգային ժողովին՝ մեր հայրենիքի համար այս վճռորոշ պահին գործել ամենայն պատասխանատվությամբ, ականջալուր լինել հանրության լայն շրջանակների կողմից հնչող պահանջներին և քաղաքական ուժերի հետ համախորհուրդ ընտրել նոր վարչապետ ու ձևավորել ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն։ Միայն հանրային վստահություն ունեցող և արհեստավարժ անձերից կազմված կառավարությունն է, որ կարող պիտի լինի կարգավորել մեր ժողովրդի առջև ծառացած հիմնախնդիրները, վերականգնել ազգային համերաշխությունն ու միասնականությունը և կազմակերպել անվիճարկելի անհրաժեշտություն ներկայացնող խորհրդարանական արտահերթ ընտրությունները։ Հայրական Մեր պատգամն ենք բերում հավատավոր մեր ժողովրդին, իշխանություններին և ընդդիմադիր քաղաքական ուժերին՝ դժվարին այս օրերին զերծ մնալ բռնություն հրահրող և ատելություն սերմանող արտահայտություններից ու գործողություններից։ Ազգովին համախումբ ջանք և ներդրում բերենք առկա ճգնաժամի հաղթահարմանն ի նպաստ։ Մեր նահատակ հերոսների վառ հիշատակը և նրանց նվիրական տեսիլքները իրագործելու սրբազան ուխտը մեր սրտերում՝ միաբանվենք ու գործենք հանուն մեր հայրենիքի լուսավոր գալիքի, հանուն մեր ժողովրդի խաղաղ, ապահով ու բարօր կյանքի։ Աստված պահապան և օգնական մեր ժողովրդին և հայրենիքին»։
13:15 - 08 դեկտեմբերի, 2020
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է մարդասիրական առաքելությամբ Հայաստանում գտնվող ֆրանսիացի բժիշկներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է մարդասիրական առաքելությամբ Հայաստանում գտնվող ֆրանսիացի բժիշկներին

Դեկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց մարդասիրական առաքելությամբ Հայաստանում գտնվող մի խումբ ֆրանսիացի բժիշկների՝ ուղեկցությամբ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդական ընդհանուր փոխանորդ Հոգեշնորհ Տ․ Գրիգոր վարդապետ Խաչատրյանի։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ առաքելության պատասխանատու դոկտ․Լևոն Խաչատրյանը Վեհափառ Հայրապետին տեղեկացրեց արցախյան պատերազմի ընթացքում հումանիտար և բժշկական օգնության նպատակով կազմակերպված առաքելության շրջանակներում Ֆրանսիայից բժիշկների արդեն երրորդ խմբի այցելության արդյունքների, վիրավորում ստացածների ապաքինմանն ուղղված ծրագրերի և այդ նպատակով ձևավորված համագործակցության մասին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրորեն գնահատեց ֆրանսիացի բժիշկների ազնիվ հանձնառությունը՝ նշելով, որ նմանօրինակ մարդասիրական ծրագրերը մեծ օգտակարություն ունեն և կարևոր զորակցություն են հայ բժիշկներին վիրավոր զինվորականների բուժման գործում։ Հանդիպման առիթով Նորին Սրբությունն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի իշխանություններին և մասնավորապես նախագահ Էմանուել Մակրոնին այն կարևոր աջակցության համար, որ պատերազմի առաջին օրերից ցուցաբերվել է Արցախի ժողովրդին։ Հայոց Հայրապետը բարձրորեն գնահատեց նաև այն ուշադրությունը և հարգանքը, որ ֆրանսիացի ժողովրդի կողմից դրսևորվում է հայ ժողովրդի և Հայաստանի հանդեպ։ Ֆրանսիացի բժիշկներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին հայրապետական օրհնության և գնահատանքի համար։ Ապա քննարկվեցին առկա անհրաժեշտություններն ու կարիքները, անդրադարձ կատարվեց այս ուղղությամբ Հայոց Եկեղեցու կողմից ձեռնարկվող քայլերին, մասնավորապես վերջին տարիներին Մայր Աթոռի և Կալկաթայի Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցու վարչության համատեղ ջանքերով իրականացվող վերջույթների պրոթեզավորման ծրագրին։ Կարևորվեց նմանօրինակ ծրագրերի կազմակերպումը ներգրավմամբ նաև մարդասիրական զանազան կազմակերպությունների, որպեսզի հնարավորություն ընձեռնվի վիրավոր զինծառայողներին վերադառնալու լիարժեք կյանքի։ Այդ գործընթացում անհրաժեշտ նկատվեց բուժման մեջ գտնվողների հետ հոգեբանական աշխատանքի կազմակերպումը և դրանում ընդգծվեց նաև Եկեղեցու մասնակցության կարևորությունը։ Վերջում Հայոց Հովվապետն աղոթեց խաղաղության համար՝ հայցելով Երկնավորից, որպեսզի որևէ ազգ և ժողովուրդ այլևս չապրի նման ցավ և պատերազմի աղետալի հետևանքների ողբերգություն։
22:42 - 04 դեկտեմբերի, 2020
ՀՀ նախագահը մասնակցել է նահատակված հերոսների հիշատակի արարողությանը

ՀՀ նախագահը մասնակցել է նահատակված հերոսների հիշատակի արարողությանը

Օրեր առաջ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես էին եկել կոչով՝ նոյեմբերի 22-ը հայտարարել Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր: Նախատեսվել էր այդ օրն աշխարհի հայկական եկեղեցիներում կատարել հիշատակի արարողություն: Այսօր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ներկա գտնվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Սուրբ Տրդատի բաց խորանին կատարված հիշատակի արարողությանը: Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը հանդես է եկել ոգեկոչման ու հիշատակի խոսքով։ Արարողության ավարտից հետո նախագահ Սարգսյանը զրուցել է զոհված զինծառայողների ծնողների, զինվորականների ու ազատամարտիկների հետ, մոմ վառել հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր զինծառայողների հիշատակին։
17:32 - 22 նոյեմբերի, 2020
Յուրաքանչյուրիս պարտքն է պատասխանատվության բարձր գիտակցությամբ հանձն առնել ամեն զոհողություն ստեղծված բարդ իրավիճակի հաղթահարման համար |pastinfo.am|

Յուրաքանչյուրիս պարտքն է պատասխանատվության բարձր գիտակցությամբ հանձն առնել ամեն զոհողություն ստեղծված բարդ իրավիճակի հաղթահարման համար |pastinfo.am|

pastinfo.am: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր՝ նոյեմբերի 22-ին, արցախյան պատերազմի նահատակների հիշատակի արարողությանը ելույթ ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ «Առ Աստված աղոթքով համախմբվել ենք այսօր հարգանքի ու երախտիքի մեր տուրքը մատուցելու Արցախի ազատ ու անկախ կյանքի պաշտպանության համար զոհված մեր հերոսներին եւ խոնրահվելու նրանց լույս հիշատակի առաջ։ Հայոց նոր գոյապայքարում նահատակված արիասիրտ մեր զինվորների ու զորահրամանատարների քաջագործությունները հավերժական վկայություններ են մեծ հայրենանվիրումի ու ազգասիրության։ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի նախաձեռնած պատերազմում, որը սանձազերծվեց Թուրքիայի սատարումով եւ վարձկան ահաբեկչների ներգրավումով, մեր հերոս զավակները խիզախությամբ մարտնչեցին թշնամու անհավասար ուժի դեմ՝ ի գին իրենց կյանքի՝ պաշտպանելով մեր հայրենիքը։ Այսօր բոլորս սիրելի որդեկորույս ծնողների, սգակիր հայրերի ու մայրերի, այրիացած կանանց ու որբացած մանուկների հետ միասին մեր սրտերում կրում ենք մեր զոհված քաջորդիների կորստի մեծ վիշտը։ Այս անասելի ցավի հետ մեկտեղ նաեւ հպարտություն ենք ապրում նրանց անզգուգական խիզախության, անօրինակ սխրանքների եւ պանծալի քաջագործությունների համար։ Մեր հերոսները մարտնչեցին ամենայն անձնվիրությամբ՝ արցախահայության ազատ ապրելու, արդար իրավունքի եւ Հայաստան ու Արցախ աշխարհի խաղաղ ապահով կյանքի եւ բարօր առաջընթացի տեսիլքով։ Մեր նահատակների լույս հիշատակի առջեւ մենք այսօր կոչված ենք եւ պարտք ունենք արժեւորելու, իրականություն դարձնելու նրանց նվիրական երազներն ու տեսիլքները։ Դարերի հոլովույթում մեր ժողովուրդը բազում անգամներ մահվան հովիտների միջով է անցել, տեսել է ավեր, կոտորածներ, ցեղասպանություն, սակայն բոլոր փորձությունների մեջ կարողացել ենք հաղթել մահվանը։ Աստծում ապավինած մեր ցավն ու վիշտը վերածել ենք ուժի ու զորության։ Մեր կորուստն ու սուգը վերափոխել ենք կամքի ու վճռականության։ Անգամ Ցեղասպանությունից հետո, երբ նահատակվեցին մեր ժողովրդի 1,5 միլիոն զավակներ եւ կորցրինք պատմական հայրենիքի մեծագույն մասը, երբ Եղեռնից մազապուրծ բազում հայորդիներ տարագրվեցին ու սփռվեցին աշխարհով մեկ, մենք կարող եղանք աննկուն ոգով Արեւելյան Հայաստանի այս փոքրիկ հատվածում վերակերտել մեր պետականությունը, շենացնել հայրենիքը, Սփյուռքում գաղթօջախներ հիմնել։ Այսօր պատերազմի հետեւանքով ունեցած ցավալի կորուստներով եւ ստեղծված ներքաղաքական բարդ պայմաններով մեր երկիրը հայտնվել է ծանր ճգնաժամի առջեւ։ Այս դժվարին իրադրության մեջ հայրենիքի գերագույն շահի առաջ պետք է խոնարհվեն անհատական եւ խմբակային բոլոր շահերն ու հավակնությունները։ Յուրաքանչյուրիս, մասնավորապես, պետական եւ քաղաքական գործիչների պարտքն է՝ պատասխանատվության բարձր գիտակցությամբ հանձն առնել ամեն զոհողություն ստեղծված բարդ իրավիճակի հաղթահարման համար, հանուն մեր հայրենիքի կայունության, անվտանգության եւ վառ ու լուսավոր ապագայի։ Հայրենիքի համար իրենց կյանքը տված մեր զավակների անձնազոհության ու վառ հիշատակի հանդիման պետք է պահպանել մեր միասնականությունը, հեռու մնալ ատելություն ու թշնամանք հրահրող խոսքերից ու գործերից եւ զերծ պահել հայրենի մեր երկիրը նոր ցնցումներից եւ վտանգներից»։
15:45 - 22 նոյեմբերի, 2020
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Մայր Աթոռի կառույցներում ապաստանած արցախցի ընտանիքներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Մայր Աթոռի կառույցներում ապաստանած արցախցի ընտանիքներին

Նոյեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Էջմիածին քաղաքում այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառույցներում ապաստան ստացած արցախցի ընտանիքներին։ «Արցախից տեղահանված ընտանիքների Հայոց Եկեղեցին կացարան և ամբողջական խնամատարում է ապահովել նաև Ծաղկաձորում, Սաղմոսավանքում և Եղեգնաձորում գտնող թեմական այլ կառույցներում։ Արցախցիների հետ հանդիպումը սկսվեց Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ․ Մարկոս քահանա Մանգասարյանի խոսքով, ապա հայորդիներին իր հայրական օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նորին Սրբությունն իր խոսքում անդրադարձավ արցախցիների ոգու անպարտելիությանն ու քաջությանը՝ հակառակ այս պատերազմական օրերին կրած զրկանքների, տառապանքի ու ցավի։ Հայոց Հայրապետը կարևոր նկատեց, որ արցախահայությունը ուժ գտնի իր մեջ և առ Աստված ապավինությամբ վերադառնա վերականգնելու Արցախը, իր աշխատանքով վերստին շենացնելու այն և նոր փառավոր էջեր արձանագրելու Արցախի պատմության մեջ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց՝ հայ ժողովուրդը չգիտի վհատվել, դժվարությունների առջև ծնկել․ դա մեր քրիստոնեական հավատքից, առ մեր Տերն ունեցած վստահությունից է բխում, և Տերը պիտի իր օրհնությունը հովանի դարձնի Հայաստանի և Արցախի վրա, որպեսզի դուրս գանք ստեղծված այս ծանր ու դժվարին իրավիճակից։ Նորին Սրբությունը շեշտեց, որ իբրև ժողովուրդ Աստծուց շնորհ ունենք ցավն ու տառապանքը ուժի վերածելու և այդ ուժով արարելու, վերաշինելու մեր կյանքը, արթուն պահելու մեր մեջ հայրենիքի շենության ու զորացման, մեր սերունդների ապագայի կերտման, մեր ժողովրդի հարատևության հետ առնչված տեսիլքները։ Վեհափառ Հայրապետը պատգամեց արցախցիներին ամուր պահել իրենց ոգին, զորավոր՝ հավատքը՝ հավաստիացնելով, որ Հայոց Եկեղեցին և աշխարհասփյուռ մեր ժողովուրդը կարելի բոլոր միջոցներով ու հնարավորություններով զորավիգ ու օգնական է լինելու նրանց առկա մարտահրավերների հաղթահարման և Արցախի կյանքի վերաշինության գործում։ «Մենք հավատում ենք, որ պիտի կարողանանք մեր երազների հայրենիքը կերտել մեր քաջարի զավակների հավատքով ու աննկուն ոգով։ Այս ցավի, տրտմության ապրումները մենք վերածելու ենք ձեռքբերումների ու հաղթանակի ապրումների», – ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Հայոց Հովվապետը արցախցի ընտանիքների հետ զրուցեց նրանց սպասումներից և հետագա ծրագրերից»,- ասված է Մայր աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունում:
15:48 - 20 նոյեմբերի, 2020
Գարեգին Երկրորդը շնորհակալություն է հայտնել Պուտինին Ղարաբաղում հայկական ժառանգության պահպանման համար

 |armenpress.am|

Գարեգին Երկրորդը շնորհակալություն է հայտնել Պուտինին Ղարաբաղում հայկական ժառանգության պահպանման համար |armenpress.am|

armenpress.am: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ուղերձ է հղել, որում երախտագիտություն է հայտնել Ղարաբաղում հայկական ժառանգության պահպանության ուղղությամբ ներդրած ջանքերի համար: Այդ մասին հաստատեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանից: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Ռիա-նովոստի» գործակալությունը, Գարեգին Երկրորդը բարձր է գնահատել ՌԴ իշխանությունների, մասնավորապես, Վլադիմիր Պուտինի ջանքերը ռազմական գործողությունների դադարեցման, հրադադարի ռեժիմի հաստատման և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման գործում: «Ցանկանում ենք խորը երախտագիտություն հայտնել անձամբ Ձեզ Ադրբեջանին հանձնվող տարածքներում հայ ժողովրդի պատմական ժառանգության՝ պատմական վանքերի, եկեղեցիների և մշակութային հուշարձանների պահպանման գործում ներդրած ջանքերի համար»,- ասված է ուղերձում: Մասնավորապես, Կաթողիկոսն ընդգծել է, որ ռուս խաղաղապահների տեղակայման շնորհիվ հաջողվել է ապահովել Դադիվանքում եկեղեցական ծառայությունը: «Մեր ժողովուրդը մշտապես կհիշի Ռուսաստանի կարևոր դերն արցախյան հողում արյունահեղության դադարեցման գործում և աղոթելու ենք հայ-ռուսական բազմադարյա բարեկամության անսասանության համար»,- ընդգծել է Գարեգին Երկրորդը:  
22:05 - 19 նոյեմբերի, 2020
Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ

Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ՝ Գերագույն հոգևոր խորհուրդը, անդրադարձ կատարելով Հայաստանում և Արցախում հետպատերազմյան իրավիճակին, հանդես է եկել հայտարարությամբ։ «1․ Վերջին շաբաթներին, Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և ﬕջազգային ահաբեկչական ցանցերի կողﬕց սանձազերծված պատերազմական գործողությունների պայմաններում, ﬔր հավատավոր ժողովուրդը հայրենիքում և սփյուռքում ապրեց անհուն ցավով և աղոթքով առ Աստված՝ ուժերի ներածին չափով ջանալով աջակցել արցախահայությանը, Արցախի Պաշտպանության բանակին և ի լուր աշխարհի բարձրաձայնել Արցախի ազատ ու անկախ կյանքի իրավունքի մասին՝ շարունակելով ապավինել ﬔր զինվորի հաղթական ոգուն։ 2. Անվիճարկելի ու կենսական է հրադադարի պահպանումը և տարածաշրջանում տևական ու հուսալի խաղաղության ապահովումը: Այնուամենայնիվ, հրադադարի վերաբերյալ նոյեմբեր 10-ի եռակողմ հայտարարությունը, դրանից բխող հետևանքները և առկա անորոշությունները, Արցախի ﬕ հատվածի կորստի փաստը հանկարծակիի բերեցին հանրությանը՝ հանգեցնելով արդար ընդվզման, ինչն իր հերթին հղի է ﬔր երկրի ներքաղաքական ապակայունացմամբ և սպառնում է կանգնեցնել հայրենիքը նոր վտանգների առջև։ 3. Այս օրերին կոչված ենք տուրք չտալ ﬔր զգացմունքներին և առաջնային կերպով երախտիքի բացառիկ դրսևորմամբ հարգել հիշատակը ﬔր հերոս զավակների, որոնք իրենց կյանքն ընծայեցին հանուն ﬔր հայրենիքի, և զորակցել նրանց ընտանիքներին ու ﬔր ողջ ժողովրդին, ինչպես նաև պատշաճ կերպով դիմավորել 44 օր շարունակ, ի գին աﬔն զրկանքի, հերոսական մարտեր մղած քաջարի մարտիկներին: 4. Անցնող այս ժամանակահատվածում կայացված որոշուﬓերի, հակամարտության այսօրինակ հանգուցալուծման և ազգային համերաշխության վերականգնման համար, ﬕﬕայն օրինականության նկատմամբ անվերապահ հարգանքով, պետք է պատասխանատվություն կրեն բոլոր պատկան մարմինների իրավասու պաշտոնյաները՝ չբացառելով նաև հրաժարականների հավանականությունը։ 5. Հարկ է պահպանել իրավունքի գերակայությունը և քաղաքական բոլոր գործընթացները լուծման առաջնորդել ՀՀ Սահմանադրության շրջանակներում։ Ընդսմին առկա պայմաններում անթույլատրելի է ավելացնել ﬔր ժողովրդի ցավը` ավելի վտանգելով պետության և մեր ժողովրդի ապագան։ Առաջին հերթին իշխանությունները, խորհրդարանական ընդդիմությունը և բոլոր հասարակական-քաղաքական ﬕավորները պետք է անհապաղ ձեռնամուխ լինեն երկխոսության՝ համագործակցության մթնոլորտում լուծումներ գտնելու խնդիրների կարգավորման համար։ Որևէ շեղում այս ուղուց չի կարող ընդունելի նկատվել ﬔր ժողովրդի ու Եկեղեցու կողﬕց։ Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ի գին աﬔնի պահպանել ազգային ﬔր ﬕասնականությունը և հեռու ﬓալ այն խաթարող քայլերից։ 6. Հետևելով այս օրերին հրապարակավ հնչող պաշտոնյաների ելույթներին, Երևանում տեղի ունեցող ընդդիմադիր ուժերի հանրահավաքներին և ցույցերին՝ այսու հորդորում ենք ՀՀ վարչապետին, իշխանության ներկայացուցիչներին և ընդդիմությանը՝ զերծ ﬓալ ատելություն և թշնամանք հրահրող արտահայտություններից, սպառնալիքներից ու նմանօրինակ գործողություններից։ Բռնության ցանկացած դրսևորում, կորստի ցավը կրող ﬔր ժողովրդին առավել վհատեցնող և բորբոքող արարք պետք է արժանանա պարսավանքի։ Դատապարտում ենք Ազգային ժողովի նախագահի և որևէ այլ անձի նկատմամբ կիրառված բռնությունները, միևնույն ժամանակ քաղաքական ենթատեքստով որևէ բռնաճնշում: 7. Մեր հորդորն է Ազգային ժողովին և հատկապես ﬔծամասնական խմբակցությանը, երկրի շահերի բարձր գիտակցությամբ քաղաքական պատասխանատվություն դրսևորելու և վերականգնելու ԱԺ բնականոն աշխատանքը՝ իրավիճակի թելադրությամբ դրանից բխող բոլոր պարտավորություններով հանդերձ։ Հարկ է ականջալուր լինել ժողովրդի ձայնին և հաղորդ հանրության հիասթափություններին և պահանջներին՝ գործել անձնական և կուսակցական շահերից վեր, պետական մտածողության բարձր գիտակցությամբ ու պատասխանատվությամբ։ Հայրենիքն այսօր կարիքն ունի անհապաղ քայլերի ձեռնարկման: 8. Աﬔնքիս սրբազան պարտքն է Հայաստանում և սփյուռքում ﬔր գործուն ներդրումը բերելու այս վիճակի հաղթահարմանն ի նպաստ։ Հանձնառություն պիտի դրսևորենք նաև ըստ ամենայնի զորակցելու արցախահայությանը և Արցախի իշխանություններին վերակազմակերպելու ﬔր ժողովրդի զավակների կյանքը։ Այդ ուղիով պետք է պաշտպանենք հայրենի հողի վրա ապրելու ﬔր իրավունքը։ Արցախը չպետք է հայաթափվի։ 9. Առանձնակի ցավով ենք անդրադառնում հանձնվելիք տարածքներում ﬔր ինքնության բազմադարյա վկաների՝ մատուռների, եկեղեցիների ու վանքերի, ամրոցների, պատմամշակութային կոթողների ու թանգարանների որբացման իրողությանը։ Կոչ ենք անում պատկան պետական մարﬕններին և սփյուռքյան կարող ուժերին, համախորհուրդ Հայոց Եկեղեցու հետ, աﬔն ջանք ի գործ դնելու՝ փրկելու դրանք Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետևանքով հետագա ավերից: 10․ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի զորակցությամբ պիտի շարունակի իր ջանքերը ներդնել երկրում ﬕասնականության ու հաﬔրաշխության մթնոլորտի հաստատման և անհրաժեշտ գործընթացները օրինական ուղիներով առաջնորդելու համար։ Մեր խոնարհումն ենք բերում հայրենիքի պաշտպանության սրբազան գործում անօրինակ սխրանքներ դրսևորած մեր բոլոր քաջարի զինվորներին, զորականներին և աշխարհազորայիններին։ Նաև աղոթում ենք ռազմական հանցավոր գործողությունների հետևանքով զոհված հայորդիների հոգիների հանգստության համար, հայցելով Ամենազոր Սուրբ Հոգու մխիթարության ու սփոփանքի շնորհները նահատակված մեր զավակների ընտանիքներին, հարազատներին և մեր ողջ ժողովրդին: Ապաքինում ու հոգու նորոգություն ենք մաղթում վիրավորված մեր զինվորներին՝ հայցելով Տիրոջ զորակցությունն ու օգնականությունը նրանց: Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի զավակներին այս դժվարին պայմաններում պահպանել զգոնությունը, ողջախոհությունը և հավատն ու վստահությունը, որ միաբան ընթացքով մենք ի զորու ենք դուրս գալու ստեղծված բարդ իրավիճակից, հաղթահարելու խնդիրներն ու հառնած մարտահրավերները և միասնականությամբ կերտելու հզորությունը մեր հայրենիքի, նորոգ հաղթական առաջընթացը և լուսավոր գալիքը մեր ժողովրդի։ Աղոթում ենք, որ Աﬔնողորմ Տերն Իր սիրով ու օրհնությամբ անսասան, ապահով ու խաղաղ պահի հայրենի ﬔր երկիրը՝ տոկունություն և կորով պարգևելով ﬔր ողջ ժողովրդին»։
12:29 - 16 նոյեմբերի, 2020
Կոչ ենք ուղղում ՀՀ և ԱՀ իշխանություններին հիմնավոր բացատրություններ ներկայացնել․ Գարեգին Բ

Կոչ ենք ուղղում ՀՀ և ԱՀ իշխանություններին հիմնավոր բացատրություններ ներկայացնել․ Գարեգին Բ

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձով դիմել է ժողովորիդն: Ուղերձում ասվում է. «Սիրելի հավատավոր զավակներ, Արցախյան հակամարտության հանգուցալուծման առնչությամբ վերջին ժամերին մեր հայրենիքում տեղ գտնող զարգացումները, կայացված որոշումները փոթորկել են ամենքիս հոգին։ Մեր հայացքի առջև են անցնող ավելի քան երեք տասնամյակներին հանուն Արցախի անկախության պայքարած ու տքնած, իրենց կյանքն ընծայած մեր հայորդիները, վերջին 44 օրերի ընթացքում նահատակությամբ իրենց կյանքը փառավորած սիրելիները, պատերազմի տառապանքը հաղթահարող մեր քաջարի արցախահայությունը, այս պահին առաջնագծում անհողդողդ կանգնած ամեն մի զինվորն ու հրամանատարը։ Ծանր բաժին է ընկել մեզ բոլորիս, բայց նաև պատասխանատվություն՝ ի շահ հայրենիքի գործելու սթափ քաջությամբ, հեռատես իմաստությամբ և անսակարկ վճռականությամբ։ Աղոթք է մեր սրտում հանուն համազգային մեր խոհեմության և միասնականության։ Դարավոր մեր պատմության դասերի քաջ գիտակցությամբ և ազգային միաբանության պահպանման անհրաժեշտությամբ կոչ ենք անում պահպանել հանդարտությունը և չտրվել մեզ փոթորկող զգացումների անհարկի դրսևորումներին, զերծ մնալ բռնություններից և անկարգություններից։ Առկա ճգնաժամը պետք է իր կարգավորումը ստանա Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ուժերի միասնական ջանքերով։ Սիրելիներ, մեր պահվածքը երբեք չպետք է վտանգի առաջնագծում խրամատների մեջ իրենց սրբազան ծառայությունը քաջությամբ շարունակող զինվորների կյանքը։ Թիկունքը այս իրավիճակում առավել քան երբևէ պետք է ամուր մնա, թիկունքում պիտի հաստատուն լինի համերաշխությունն ու կայունությունը, որպեսզի կարողանանք միասնաբար լուծումներ ու ելքեր գտնել հանուն Արցախի ու Հայաստանի, հանուն մեր ժողովրդի անվտանգ և ապահով կյանքի։ Կոչ ենք ուղղում նաև Հայաստանի և Արցախի իշխանություններին անհապաղ հիմնավոր և սպառիչ բացատրություններ ներկայացնելու մեր ժողովրդին ի հայրենիս, յԱրցախ և ի սփյուռս՝ կայացված որոշումների և հայրենի մեր երկրի ապագայի վրա դրանց ներազդեցության վերաբերյալ։ Մենք խոնարհվում ենք մեր հայրենյաց պաշտպանների հաղթական ոգու առջև և բարձրորեն գնահատում ենք ազգիս յուրաքանչյուր զավակի անձնվիրումն ու զոհողությունը: Մենք հավատում ենք մեր ժողովրդի իմաստությանը։ Աստված պահապան մեզ և մեր հայրենիքին»:
09:33 - 10 նոյեմբերի, 2020
Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է «Եվրոպայի երիտասարդությունը հանուն Արցախի անկախության ճանաչման» նախաձռնության պատվիրակությանը

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է «Եվրոպայի երիտասարդությունը հանուն Արցախի անկախության ճանաչման» նախաձռնության պատվիրակությանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր ընդել է «Եվրոպայի երիտասարդությունը հանուն Արցախի անկախության ճանաչման» նախաձեռնության պատվիրակությանը։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանի ֆեյսվուքյան էջից։ Նոյեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության «Եվրոպայի երիտասարդությունը հանուն Արցախի անկախության ճանաչման» նախաձեռնության պատվիրակությանը` գլխավորությամբ ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամներ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի և ՀԲԸՄ Եվրոպայի ու Ֆրանսիայի մարմնի ղեկավար Նադիա Գործունյանի։ Հանդիպման սկզբում տիկին Նադիա Գործունյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց պատվիրակությունը, որի կազմում էին շուրջ երեք տասնյակ հայ և օտարազգի անդամներ եվրոպական 15 երկրներից և Ռուսաստանից` ներառյալ լրագրողներ և քաղաքական գործիչներ, ինչպես նաև Հայաստան այցելության նպատակը։ Ողջունելով հայ եւ օտարազգի հյուրերին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Վեհափառ Հայրապետը երախտագետ սրտով իր օրհնությունը փոխանցեց ներկաներին, որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմի պայմաններում ժամանել են Հայաստան իրենց զորակցությունը հայտնելու հայ ժողովրդին, նաև իրենց երկրների ուշադրությանը հանձնելու արցախահայության ազատ ու անկախ կյանքի իրավունքի պաշտպանության համար մղվող պայքարը։ Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց ՀԲԸՄ կողմից իրականացվող հերթական հայրենանվեր ձեռնարկի առիթով՝ դժվարին այս օրերին կարևորելով համազգային համախմբվածությունը և բոլոր այն քայլերը, որ ուղղված են աշխարհում բարձրացնելու իրազեկվածության աստիճանը հանուն արդարության և Արցախի ինքնորոշման մղվող պայքարի վերաբերյալ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ ներկաներն առաքելություն ունեն միջազգային հանրությանը ճշմարիտ լույսի ներքո ներկայացնելու այն մարտահրավերները, որոնց միջով այսօր անցնում է արցախահայությունը ազատ ու անկախ ապրելու կամարտահայտության պատճառով, այն ավերը, ցավն ու տառապանքը, որ պատճառվում են ցեղասպան Թուրքիայի օժանդակությամբ Ադրբեջանի զինված ուժերի և վարձկան ահաբեկիչ գրոհայինների կողմից՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը, բնակավայրերը, բժշկական, մշակութային և կրոնական հաստատություններն ու կառույցները։ Նորին Սրբությունը վերահաստատեց, որ հայ ժողովրդի այս պայքարը արժանապատվության ու գոյության պահպանման պայքար է։ Վեհափառ Հայրապետը նշեց, որ Արցախի ժողովրդի ազատ կյանքի իրավունքը պաշտպանելու միակ ճանապարհը Արցախի միջազգային ճանաչումն է։ Այս առումով Հայոց Հովվապետը կարևորեց միջազգային հանրության, ի մասնավորի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից ներդրվող ջանքերը՝ ռազմական գործողությունների կասեցման և հակամարտությունը խաղաղ բանակցությունների միջոցով հանգուցալուծման համար։ Նորին Սրբությունը գնահատանքով անդրադարձավ անցնող շաբաթներին սփյուռքի տարբեր համայնքներում կազմակերպված զորակցության միջոցառումներին՝ վերստին ընդգծելով կենաց-մահու այս մարտում աշխարհասփյուռ մեր ժողովրդի համախմբման անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում Փարիզի փոխքաղաքապետ, ՀԲԸՄ Ֆրանսիայի գործադիր տնօրեն Անուշ Թորանյանը Նորին Սրբությանը փոխանցեց Փարիզի քաղաքապետի և բարեկամ ֆրանսիացի ժողովրդի զորակցությունը, ինչը Վեհափառ Հայրապետի կողմից ընդունվեց երախտագիտությամբ և փոխադարձ բարեմաղթանքներով։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց նաև ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին այս ժամանակահատվածում Հայոց Եկեղեցու կողմից ձեռնարկված քայլերին, մասնավորաբար վիրավոր զինվորականների, զոհված զինվորականների ընտանիքների հոգեխնամությանը, առաջնագծում գնդերեցների ծառայությանը, տեղահանված արցախցիներին ապաստանների ապահովմանը և Արցախին ցուցաբերվող աջակցությանը։Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Եվրոպայի երիտասարդությունը հանուն Արցախի անկախության ճանաչման» նախաձեռնության պատվիրակությանըների ապահովմանը և Արցախին ցուցաբերվող աջակցությանը։
15:42 - 01 նոյեմբերի, 2020
Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ

Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ

Գերագույն հոգևոր խորհուրդը, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, հանդես է եկել հայտարարությամբ։ «Արցախի Հանրապետությունը արդեն մեկ ամիս դիմակայում է Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ հարձակմանը, որին բացահայտ իր մասնակցությունն է բերում Թուրքիան՝ ներգրավելով ինչպես միջազգային ահաբեկչական խմբավորումների վարձկան գրոհայինների, այնպես էլ թուրքական բանակի հատուկ ջոկատայինների և մատակարարելով գերժամանակակից մեծաքանակ զենքեր: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը այս ընթացքում կիրառելով իր ողջ զինանոցը, այդ թվում և միջազգայնորեն արգելված զինատեսակները, թիրախավորում է Արցախի բնակավայրերը, նաև խնամատարական, կրթական, մշակութային և պաշտամունքային նշանակության բազմաթիվ շինություններ, ընդհուպ՝ Ստեփանակերտի ծննդատունը, ինչն աննախադեպ վարքագիծ է՝ անգամ ահաբեկչական խմբավորումների վարքագծի տեսանկյունից: Հայրենիքի պաշտպանության սրբազան պայքարում ունենք հարյուրավոր վիրավոր և նահատակ զինվորականներ, բնակավայրերի հրետակոծության հետևանքով կան բազում վիրավորվածներ և զոհեր խաղաղ բնակչության մեջ։ Արցախի ժողովրդի հանդեպ  իրականացված այս ոճրագործությունների համար Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես նաև այդ ոճրագործություններին աջակցող և անմիջական մասնակից ռազմաքաղաքական մյուս գործիչները պետք է կանգնեն միջազգային դատական ատյանների առջև և պատասխանատվության ենթարկվեն իբրև մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կազմակերպիչներ։ Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ է անում միջազգային հանրությանը, ի մասնավորի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, հավատարիմ հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման սկզբունքներին, առավել գործնական, ազդեցիկ ու վճռական միջոցներ գործադրել արյունահեղության կասեցման, տարածաշրջանում խաղաղության վերահաստատման և արցախահայության ինքնորոշման և պարզապես մարդկանց կյանքի, ապրելու իրավունքի իրացման համար: Արցախի հարցը ռազմական ճանապարհով վճռելու, արցախահայությանը բնաջնջելու Ադրբեջանի քաղաքականությունը վերստին փաստում է այն իրողությունը, որ Արցախի համար չի կարող լինել անվտանգության երաշխիք Ադրբեջանի կազմում։ Գերագույն հոգևոր խորհուրդը բարձրորեն գնահատում է Մինսկի խմբի համանախագահող երկրների հետևողական ջանքերը՝ ուղղված մարդասիրական հրադադարի հաստատմանը և պահպանությանը, որը երրորդ անգամը լինելով, բացահայտ խախտվում է Ադրբեջանի կողմից: Լիահույս ենք, որ Մինսկի խմբի համանախագահողների կողմից կգտնվեն արցախյան հակամարտության հանգուցալուծման ուղիներ և մարդկային անմեղ կյանքերը չեն զոհաբերվի սոսկ աշխարհաքաղաքական շահերին: Այսօր Արցախը կարիք ունի համայն աշխարհի հումանիտար աջակցության։ Աղոթում ենք, որ Տերը օրհնի Հայաստան և Արցախ մեր հայրենի երկիրը, ամենազոր Իր Սուրբ Աջի հովանու ներքո հույսով ու հավատքով զորավոր ու միասնական պահի մեր ժողովրդին և զորացնի բազուկը հայրենյաց մեր քաջարի պաշտպանների։ Թող Ամենողորմ Աստված խաղաղության մեջ պահի համայն աշխարհը՝ զերծ պատերազմի արհավիրքներից, ցավերից ու վշտերից»։
15:23 - 29 հոկտեմբերի, 2020