Ֆինանսների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

ՀՀ ֆինանսների նախարարը Տիգրան Խաչատրյանն է։

Պետական գնումների պլանները չեն արտացոլում իրական պետական կարիքները․ Մարիամ Զադոյան

Պետական գնումների պլանները չեն արտացոլում իրական պետական կարիքները․ Մարիամ Զադոյան

«Իրավաբանների հայկական ասոցիացիայի» հակակոռուպցիոն փորձագետ Մարիամ Զադոյանի հետ զրուցել ենք պետական գնումների ոլորտում առկա օրենսդրական խնդիրների և անհրաժեշտ փոփոխությունների մասին։ - Պետական գնումների ընթացակարգերի մրցույթներում տեխնիկական բնութագրերը երբեմն թերություններով են կազմվում, անհասկանալի են լինում, շատ հաճախ հարմարեցվում են նաև պատվիրատուի նախընտրած ընկերությանը, որպեսզի մրցույթում հաղթանակ ապահովեն։ Արդյոք կա՞ արդյունավետ միջոց՝ այս խնդիրը կարգավորելու համար, և արդյոք պատկան մարմինների հետ երկխոսություն ծավալե՞լ եք նշված հարցի շուրջ։ - Գնումների ոլորտում սա համարվում է կոռուպցիոն ռիսկերի ամենատարածված սխեմաներից մեկը։ Մենք տարիներ շարունակ բարձրաձայնել ենք այս խնդիրը, ասոցիացիան գործարկում է «Բիզպաշտպան» ազդարարման հարթակը։ Մենք բիզնեսներից հայտեր ենք ստանում՝ կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ։ Արդեն բազմիցս ստացել ենք հայտեր այն մասին, որ տեխնիկական բնութագիրը պետական գնումների ոլորտում կոնկրետ մեկ ընկերության համար է մշակված եղել, որպեսզի հենց այդ ընկերությունը հաղթի մրցույթում։ Նշված հայտերը ստացել ենք հիմնականում Պաշտպանության նախարարության, ինչպես նաև մարզպետարանների, համայնքապետարանների, Երևանի քաղաքապետարանի մասով։ Մենք միշտ առաջարկել ենք, որպեսզի մշակվեն տեխնիկական բնութագրերի ուղեցույցներ։ Այսինքն՝ նշվածը լինի հիմնական օգտագործման առարկաների համար, որպեսզի պետական պատվիրատուն չկարողանա մանևրել և այնպիսի տեխնիկական բնութագիր մշակել, որ կոնկրետ մեկ ընկերություն հաղթի։ Ֆինանսների նախարարությունն, ընդհանուր առմամբ, մեզ հետ համագորրծակցում էր, բայց սկզբում նրանք այլ լուծում առաջարկեցին, որի արդյունքում 2017 թվականին ընդունվեց ՀՀ կառավարության 1454-Ն որոշումը՝ ընտրանքային կարգով պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերի և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների գնահատման կարգը։ Մինչ այդ՝ իրենք այդպիսի վերահսկողական գործառույթ չունեին։ Դրանից հետո Ֆինանսների նախարարությունը ընտրանքային մեթոդով վերցնում էր գնումների ընթացակարգեր և մոնիթորինգի ենթարկում։ Բնականաբար, սա այդքան էլ արդյունավետ չէր՝ երկու պատճառով։ Նախ՝ ընտրանքը շատ փոքր մաս էր կազմում, մի շարք գնումներ մնում էին առանց մոնիթորինգի, երկրորդը՝ Ֆինանսների նախարարությունը չուներ այդքան ռեսուրս, որ կարողանար ցանկացած բիզնես ոլորտում տեխնիկական բնութագրերը կարդալ և հասկանալ, որ որևէ չափորոշիչ խտրական է։  Այս ամենից հետո երկար բանակցեցինք, երկխոսեցինք ՖՆ-ի հետ։ 2019 թվականի նոյեմբերի 2-ին տեխնիկական բնութագրերի փորձաքննության նոր մասնակցային կարգ ընդունվեց։ Սրանով յուրաքանչյուր ոք, մինչև հրավերում փոփոխությունների կատարման համար սահմանված վերջնաժամկետը, կարող է պատվիրատուին հրավերով սահմանված գնման առարկայի բնութագրերի օրենքով սահմանված մրցակցության ապահովման և խտրականության բացառման պահանջների տեսակետից հիմնավորումներ ներկայացնել։ Պատվիրատուն ստացված հինավորումների քննարկման ամփոփաթերթն ու հայտերի բացման նիստի արձանագրությունը միասին հրապարակում է գնումների պաշտոնական տեղեկագրում։ Սա նույն ոլորտում գտնվող բիզնեսներին հնարավորություն է տալիս մինչև հրավերի հրապարակումը բարձրաձայնել խնդիրները։  Ինչ վերաբերում է մեր առաջարկած ուղեցույցին, ապա 2019 թվականի հոկտեմբերի 28-ին կառավարությունը թիվ 1716-Լ որոշմամբ հաստատեց պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023թթ․ բարեփոխման ռազմավարության գործողությունների ծրագիրը։ Այդտեղ որպես միջոցառում սահմանվեց գնումների պլանավորման համակարգի կատարելագործումը՝ ապահովելով պետական մարմինների միանման կարիքների բավարարումը՝ միևնույն բնութագրում ունեցող գնման առարկաներով և նույն նախահաշվային գներով։ Ֆինանսների նախարարությունը, որպես այս միջոցառման կատարում, արդեն պատրաստվում է մշակել և կառավարությանը ներկայացնել կարգավորող իրավական ակտի նախագիծ։ Այսինքն՝ սա այն հիմքն է, որի հիման վրա հենց այդ ուղեցույցները կմշակվեն։ Նախարարությունից մեզ տեղեկացրին, որ առաջին փուլում ուղեցույցը  կմշակվի ինչ-որ իքս քանակությամբ առարկաների համար։ Հետագայում, երբ տեսնեն, որ կոնկրետ մեկ այլ գնման առարկա կա, որտեղ այդ արատավոր պրակտիկան շարունակվում է, դրա համար էլ կմշակեն։ Այսինքն՝ ուղեցույցը ավարտուն չի լինի և անընդհատ կզարգանա՝ փորձելով ավելի շատ գնման առարկաների բնութագրեր պարունակել։ Մի քանի տարի կիրառվելու ընթացքում վերոնշյալը բավական տարբերություն կապահովի։ Եվս մեկ բան նշեմ։ Երբ մենք «Բիզպաշտպան» հարթակով ստանում էինք գնումների ոլորտում կոռուպցիոն ռիսկեր պարունակող ազդարարումները, երկու մոտեցում էինք որդեգրում․ փորձում էինք և՛ համակարգային լուծում տալ խնդրին, և՛ դրվագային՝ կոնկրետ դեպքի վերաբերյալ։ Համակարգային լուծումը, բնականաբար, կայանում էր Ֆինանսների նախարարության հետ երկխոսելով և այս ամբողջ օրենսդրական կատարելագործումներով։ Բայց այս գրությունները նաև Պետական վերահսկողական ծառայություն էինք ներկայացնում։ Որոշ դեպքերում իրենք իրականացնում էին իրենց մշտադիտարկումը և պարզում էին, որ առաջին հաղթած ընկերության և պետական պատվիրատուի միջև կա փոխկապակցվածություն։ Այս ամենը մի քանի դրվագով պարզվել է կրթության, պաշտպանության ոլորտներում։ Մշտադիտարկման արդյունքները զեկուցվել են տվյալ ոլորտների ղեկավարներին։ Իրենք արդեն կարող են կարգապահական քննություն իրականացնել և ներքին կարգով իրենց խնդիրը լուծել։ - Պետական գնումների տարեկան պլանները հաճախ չեն կազմվում շուկայի ուսումնասիրության և, հետևաբար, կարիքների առավել հստակ գնահատման հիման վրա։ Ինչպե՞ս պետք է ապահովել այս տրամաբանական շղթան և միաժամանակ ապահովել միջնաժամկետ ծախսերի ծրագրի հետ կապը։ Արդյոք բավարար վերահսկողություն կա՞ նշյալ տրամաբանական շղթայի ստեղծման ու կիրարկման նկատմամբ։ - Պետական գնումների պլանավորման գործընթացում բացակայում են գնային սահմանների չափորոշիչներ, ինչը հնարավորություն է տալիս ոչ նպատակային վատնել պետական բյուջեի միջոցները։ Պետական գնումների պլանները չեն արտացոլում իրական պետական կարիքները։ Օրինակ՝ ծառայողական մեքենա է տրամադրվում այն պետական պաշտոնյային, որի գործունեության բնույթը նախատեսում է աշխատանք՝ միայն կամ առավելապես գրասենյակից։ Այս խնդրի լուծումը պետք է տալ միջնաժամկետ ծախսերի ծրագրի քննարկման փուլում, որովհետև պետական գնումների պլանները պետական բյուջեի մի մասն են այքանով, որքանով պետական բյուջեից են հատկացումները։ Երբ «Իրավաբանների հայկական ասոցիացիան» իրականացնում էր «Կառուցողական երկխոսությունների հանձնառություն» ծրագիրը, հաջողությունն այն էր, որ վարչապետի մակարդակով իրավական ակտ ընդունվեց, որով պարտադիր դարձավ միջնաժամկետ ծախսերի ծրագրերի քննարկումը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ։ Գրեթե բոլոր պետական գերատեսչական ծառայությունների հետ տասնյակ քննարկումներ իրականացրինք, որի արդյունքում բավականին բարելավվումներ գրանցվեցին, և բազմաթիվ խնդիրներ բարձրաձայնվեցին, օրինակ՝ թե ինչու որևէ պետական գերատեսչության մոտ տվյալ կարիքը չկա, բայց հենց իր գնումների պլանում այն առկա է։ Բավականին փոփոխություններ եղան։ - Միջնաժամկետ ծախսերի ծրագրով և յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախապատվությունն ավելի շատ տրվում է կապիտալ ծախսերի իրականացմանը։ Վերջին 2 տարում՝ նոր կառավարող ուժի ղեկավարման շրջանում, կապիտալ ծախսերի մասով թերակատարում ենք գրանցում։ Արդյոք սա կապված չէ՞ նաև պետական գնումների ոլորտում առկա խնդիրների հետ։ - Սա պետական գնումների ոլորտում իրոք մեծ խնդիր է։ Ընդհանրապես, կարգ ու կանոն, չափանիշներ այս պահի դրությամբ հստակ սահմանված չեն, թե կոնկրետ որ պետական պատվիրատուն ինչ կարիք ունի։ Այսինքն՝ մեր առաջին հարցը տալիս է այն խնդրի պատասխանը, որ ցանկացած պետական պատվիրատու, եթե ինչ-որ կարիք ունի, ինքն այդ կարիքի համար ունի չափորոշիչ։ Բայց երկրորդ հարցն այն է՝ արդյոք պետական պատվիրատուն այդ կարիքն ունի՞։ Մենք այս մասով էլ առաջարկել ենք սահմանել հստակ չափորոշիչներ՝ պետության կարիքների համար ձեռք բերվող հիմնական ապրանքների եւ ծառայությունների, աշխատանքների համար, բայց դեռ պետական կողմի համաձայնությունը չունենք։ Մեր այն առաջարկությունները, որոնք մասնակի են ընդունվում, շարունակում ենք առաջ տանել, մենք շարունակելու ենք նաեւ այս առաջարակը լոբբինգ անել, որպեսզի ընդունվի, որպեսզի այդ մասով էլ չափորոշիչներ լինեն։ - 2018 թվականին «Իրավաբանների հայկական ասոցիացիան» ներկայացրեց ուսումնասիրություն՝ իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրման եվ օֆշորային գոտիներից պետական գնումներին մասնակցության արգելքի սահմանման վերաբերյալ։ Այժմ որոշ չափով առկա է կարգավորումը։ Ինչպե՞ս եք գնահատում դրա արդյունավետությունը։ Միաժամանակ, կարգավորումների առկայության դեպքում նախանշվում էր անձնական տվյալների պաշտպանության խախտման ռիսկը։ Ի՞նչ մեխանիզմով է հնարավոր հավասարակշռել անձնական տվյալների պաշտպանությունն ու իրական սեփականատերերի հայտարարագրումը, որպեսզի հետագայում տվյալների պաշտպանության քողի ներքո որևէ տեղեկություն չթաքցվի։ - Այս պահին այդ ամբողջ տեղեկությունը հրապարակային է։ Բայց խնդիրն այն է, որ սա հեշտ օգտագործելի ֆորմատով չէ։ Երբ ես, օրինակ, հետաքննող լրագրող եմ, կամ մասնագետ, եւ փորձում եմ աշխատել այդ տվյալների հետ, այն pdf ֆորմատով է, նշված է, որ հաղթող ընկերության իրական սեփականատերն այսինչ անձն է, ու այստեղ խնդիր է առաջանում, դժվար է աշխատել, պատկերացրեք՝ ինչքան գնում է եղել, ու բոլորն առանձին-առանձին pdf ֆորմատով են։ Դժվար է հասկանալ, որ, օրինակ, որեւէ գնման մեջ խնդիր կա, կամ այս մի ընկերության սեփականատերը փոխկապակցված է որեւէ պատվիրատուի հետ։ Բայց լավ նորություն ունենք․ առաջիկայում մշակվելու է հերթական ծրագիրը՝ Ֆինանսների նախարարության եւ միջազգային գործընկերների հետ առաջ ենք տանում գաղափարը, որ նախարարության կայքերը վերազինվեն, բոլոր տվյալները լինեն միջազգային ստանդարտներին համապատասխան։ Այդ փոփոխությունից հետո հնարավոր կլինի անկանոնությունները վեր հանել, պաշտոնյաների հայտարարգրերի հետ համեմատել շահերը, ընկերության իրական սեփականատերերին, հասկանալ՝ փոխկապակցվածություն կա՞ եւ չարաշահում եղե՞լ է, թե ոչ։ Հայտարարագրերի մասով պետք է վերահսկողություն իրականացնի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։  Ինչ վերաբերում է իրական սեփականատերերի մասին փաստաթղթի հրապարակմանը, ապա գնումների համակարգողի պատասխանատվությունն է, որ պետք է հրապարակի անհրաժեշտ տվյաները։ Իսկ եթե ՊՈԱԿ է, դրան վերահսկող մարմինը պետք է վերահսկողություն իրականացնի։ Բայց այս մասով, առհասարակ, բավարար լավ իրազեկում չի արվել։ Անձնական տվյալների պաշտպանության առումով՝ այստեղ ռիսկեր կան, գործ ունենք հանրային եւ մասնավոր շահերի բախման հետ։ Հանրային շահից ելնելով՝ պետք է հրապարակվի, մասնավոր շահից ելնելով՝ ոչ։ Բայց կան միջազգային իրավական փաստաթղթեր, որտեղ նշված է, որ այստեղ գերակա է հանրային շահը, եւ մասնավոր շահն այս պարագայում պետք է ստորադասվի, ու այդ տվյալները լինեն հրապարակային։ Սա միայն գնումների ոլորտն է փակում, մյուսն էլ՝ հանքարդյունաբերությանը։ Բայց մենք պնդում ենք, որ պետք է համատարած ռեգիստր լինի՝ իրական սեփականատերերի վերաբերյալ։ Մենք հասանք նրան, որ ռեգիստրը ստեղծվել է, բայց տվյալները միայն հանքարդյունաբերւթյան մասով են հրապարակվում: Մենք հիմա պնդում ենք, որ լինի պարտադիր պահանջ, որպեսզի ընկերությունները հրապարակեն այդ տեղեկությունը։ Արդարադատության նախարարության հետ համագործակցության արդյունքում  վերջին հակակոռուպցիոն ռազմավարության մեջ ևս իրական սեփականատերերի ռեգիստրի հիմնման դրույթը ներառվեց։ Մենք հասել ենք նրան, որ մինչև 2022 թվականը Արդարադատության նախարարությունը և այլ շահագրգիռ կողմեր պարբերաբար մշակեն խումբ-խումբ բիզնեսներ, որոնք քիչ-քիչ կսկսեն ներկայացնել իրական սեփականատերերի հայտարարագրերը։ Սակայն, մենք պնդում ենք, որ սա բոլորի համար գործի, հատկապես, երբ միջազգային փորձում չկա նման բան, որ միայն մեկ ոլորտում գործի այս ռեգիստրը։ - Անդրադառնանք նաև պետական գնումների գործընթացի մյուս կարևոր փուլին՝ գնումների բողոքարկման քննությանը։ Խորհուրդը կազմված է 3 անդամից՝ նախկին 56-ի փոխարեն, սակայն բողոքը քննում է խորհրդի անդամը՝ միանձնյա։ Որքանո՞վ է այս ամենն ազդում բողոքարկման անաչառության վրա։ Արդյոք կարծիքների ու տեսակետների բազմազանությունն առավել նպատակարմար չէ՞ր լինի բողոքի արդար քննության համար։ - Մենք բողոքարկման խորհրդի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ առաջարկություններ ենք ներկայացրել, ընդհուպ մինչև Ֆինանսների նախարարությունից վերջինիս առանձնացումը։ Առաջարկել ենք, որ դիտարկեն բողոքարկման խորհրդի ընտրովի դառնալու նպատակահարմարությունը, ինչպես նաև պետական բյուջեից առանձին տողով նախատեսվող վարձատրություն և բողոքարկման խորհրդին առանձին աշխատակազմի տրամադրում։ Միաժամանակ, առաջարկում ենք նաև, որ բողոքները քննվեն կոլեգիալ, այլ ոչ թե միանձնյա։  Միջազգային փորձը ևս դիտարկել ենք։ Որոշ երկրներում բողոքարկման խորհուրդներ չկան, սրանք քաղաքաիրավական հարաբերություններ են, և բողոքները դատարանն է քննում։ Այսպես է, օրինակ, Բուլղարիայում, Ավստրիայում, Միացյալ Թագավորությունում։ Վերջինումս նույնիսկ Գերագույն դատարանն է քննում, որը մեզ մոտ համարժեք է Վճռաբեկ դատարանին։ Եթե Ֆինանսների նախարարությունը չհամաձայնի արտադատական համակարգը կատարելագործել և գնա դատականի ճանապարհով, սա կլինի մեկ քայլ առաջ, այլ ոչ թե հետ։ Արփի Ավետիսյան
19:58 - 12 հուլիսի, 2020
Ոչ մրցակցային գնման ձևը կիրառելու հիմնավորվածությունը շատ դեպքերում կասկածների տեղիք է տալիս․ Արմենուհի Բուռնազյան

Ոչ մրցակցային գնման ձևը կիրառելու հիմնավորվածությունը շատ դեպքերում կասկածների տեղիք է տալիս․ Արմենուհի Բուռնազյան

Պետական գնումների ոլորտում առկա օրենսդրական խնդիրների վերհանման նպատակով Infocom-ը մեկնարկում է հարցազրույցների շարք։ Ստորև ներկայացնում ենք շարքի առաջին հարցազրույցը՝ «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանի հետ։ - Գնումների ոլորտում, թերևս, ամենաակնառու խնդիրներից է մեկ անձից կատարվող գնումը։ Դուք բազմիցս անդրադարձել եք այս խնդրին։ 2020 թվականի փետրվարի 21-ին գնումների վերաբերյալ Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկման ժամանակ առաջարկել եք, որպեսզի 10 միլիոնը գերազանցող գնումները ոչ մրցակցային սկզբունքով կազմակերպելու դեպքում ստեղծվի հարթակ, որտեղ տվյալ գնման ընթացակարգի վերաբերյալ հանրային քննարկում կծավալվի։ Որքանո՞վ այս առաջարկը կմեղմի մեկ անձից կատարվող գնումների կոռուպցիոն ռիսկը։ - Մեր վերջին հետազոտությունների արդյունքները վկայում են, որ պետական գնումների ոլորտում ավելացել է ոչ մրցակցային ընթացակարգի կիրառության պրակտիկան։ Այստեղ հատկապես ուշագրավ է այն, որ հրատապության հիմքով իրականացվող ոչ մրցակցային գնումները սկսել են շատ ավելի հաճախ կիրառվել։  Ոչ մրցակցային գնումների  դիտարկման ժամանակ պետք է հաշվի առնել երկու հանգամանք՝ այլընտրանքի առկայություն և այլընտրանքի բացակայություն։ Այլընտրանքի բացակայությունը ենթադրում է, որ պատվիրատուն չի կարող խուսափել ոչ մրցակցային ընթացակարգի կիրառությունից, իսկ այլընտրանքի առկայության դեպքում դրա ոչ մրցակցային եղանակով գնում իրականացնելն իրենից ենթադրում է որոշակի չափանիշներ։ Այսինքն՝ այդ չափանիշները սահմանվում են գնումների օրենսդրությամբ, ինչպես նաև ՀՀ կառավարության 526-Ն որոշմամբ։ Կա որոշակի ցանկ, եթե պատվիրատուն այդ ցանկի շրջանակներում ուզում է գնում իրականացնել, ապա կարող է, իրավունք ունի, այսպես ասած, ոչ մրցակցային ընթացակարգը կիրառել։ Այլապես՝ այլընտրանքի առկայության դեպքում, ինչպես մեր օրենսդրությունն է սահմանում, գնման նախընտրելի ձևը պետք է լինի մրցույթը։ Ինչո՞ւ ենք մենք հարթակ առաջարկում։ Քանի որ շատ դեպքերում  ոչ մրցակցային գնման ձևը կիրառելու հիմնավորվածությունը կասկածների տեղիք է տալիս։ Վերջին շրջանում միջոցառումների կազմակերպման համար հաճախ կիրառվում էր «հրատապ, մեկ անձ» գնման ընթացակարգը։ Որպես հիմնավորում՝ մեջբերվում էր այն, որ այդ միջոցառման կազմակերպման համար բավական ժամանակ չկա, կամ շուկայում բավական մրցակիցներ չկան՝ կոնկրետ այդ տեխնիկական բնութագրերով։ Այս առումով կարծում ենք, որ մեր առաջարկած հարթակը կարող է հանդիսանալ վայր, որտեղ ոչ միայն պատվիրատուն կներկայացնի իր հիմնավորումները, այլ նաև այն բաց, թափանցիկ և հրապարակային կլինի հանրության համար։ Վերոնշյալ հարթակը կիրառություն է ունեցել Վրաստանում։ Իրենց մոտ գոյություն ունի գնումների գործակալություն։ Ամեն անգամ, երբ պատվիրատուն ոչ մրցակցային ընթացակարգ է ցանկանում կիրառել, պետք է այդ որոշումը համաձայնեցնի գնումների գործակալության հետ։ Պատվիրատուն պետք է դիմում ներկայացնի իրենց հարթակում և այդտեղ ներբեռնի նաև հիմնավորումը, թե ինչու է նա կիրառում ոչ մրցակցային ընթացակարգ։ Սա այն դեպքում, երբ կա այլընտրանք։ Այսինքն՝ չի վերաբերում այնպիսի դեպքերին, երբ կա բնական մենաշնորհ (օրինակ՝ գազ, լույս, ջուր)։  Իրենք ունեն նաև հարցաթերթիկ, որով ստուգվում է նաև հիմնավորվածությունը, չափանիշներին համապատասխանությունը և թե պատվիրատուն ինչքանով է ճիշտ հիմնավորումներ բերում, որպեսզի այդ ընթացակարգը լինի ոչ մրցակցային եղանակով։ Այնուհետև հանրությանը նույնպես կարծիքներ, դիրքորոշումներ կամ առարկություններ ներկայացնելու հնարավորություն է ընձեռվում։ Ի վերջո, գնումների գործակալությունը կայացնում է որոշում և, ինչու չէ, այդ որոշման հիմքում կարող են լինել հանրության ներկայացրած կարծիքները։ Նշյալ հարթակի օրինակ կարող է ծառայել նաև Հայաստանում գործող e-draft.am համակարգը, որտեղ նույնպես ներբեռնվում են պատկան մարմինների մշակած նախագծերը, և յուրաքանչյուր ոք, որը գրանցված է համակարգում, կարող է ներկայացնել իր կարծիքը։ Մեր փորձը ցույց է տալիս, որ որոշ դեպքերում այդ առաջարկությունները հաշվի են առնվում, ընդունվում են, որոշ դեպքերում՝ ոչ, բայց ի գիտություն են ընդունում։  Այս հարթակը կարող է այնքանով օգտակար լինել, որ ոչ մրցակցային ընթացակարգով գնում կատարելու որոշումների հիմնավորվածությունը հանրության համար թափանցիկ լինի, հրապարակային, և հանրությանը կարծիք արտահայտելու հնարավորություն տրվի։ Օրինակ՝ ամանորյա միջոցառումների կազմակերպման ժամանակ ոչ մրցակցային ձևի կիրառման վերաբերյալ բավականին բուռն քննարկումներ սկսեցին, դժգոհություններ եղան։ Փաստացի ստացվում էր, որ հանրությունն այդքան էլ լծակներ չուներ՝ ազդելու այդ որոշման վրա։ Այս հարթակի շնորհիվ, կարծում ենք, որ առնվազն պատվիրատուն ինչ որ չափով պատասխանատվության ֆակտորի բարձրացում կունենա, քանի որ կհասկանա, որ իր որոշումները, հիմնավորումները դիտարկում է ոչ միայն կառավարությունը, այլ նաև պատկան մարմինը՝ Ֆինանսների նախարարությունը, կարող է մոնիթորինգի ենթարկել դրանք, ինչպես նաև հանրությունը։ Առնվազն թափանցիկության և հրապարակայնության սկզբունքի պահպանումը այս հարթակի դրական կողմերից կարող է լինել։ Հարցի մյուս կողմն է այն, թե ինչքանով հաշվի կառնեն հանրության կարծիքը։  Հրատապության հիմքով իրականացվող գնումները հիմնականում պետք է կառավարության որոշմամբ և համաձայնությամբ իրականացվեն։ Սակայն, վերջին փոփոխությունները բերեցին նրան, որ կոնկրետ կառավարող մարմնի հոգաբարձուների խորհրդի նախագահը նույնպես կարող է այդպիսի որոշումներ ընդունել։ Կառավարության որոշումները հրապարակային են, սակայն մենք մտավախություն ունենք, որ այս որոշումները, որոնք կայացվելու են կոնկրետ ինչ-որ կազմակերպության ներսում, կարող են հրապարակային և թափանցիկ չլինել հանրության համար։  Կարծում եմ՝ այս հարթակը կարող է երկխոսության եղանակ լինել։ - Ձեր առաջարկած հարթակում քննարկում ծավալելու համար որքա՞ն ժամանակ պետք է տրամադրվի պատվիրատուին։ - Վրաստանում, օրինակ, ինչպես հայտնեցին մեր կոլեգաները, 3-4 օր է տրամադրվում։ Իհարկե, չեն կարող շատ երկար ժամկետներ տրամադրել, հատկապես այն դեպքում, երբ գնումն իրականացվում է հրատապության հիմքով, որոշումները պետք է ավելի արագ կայացվեն։ Այստեղ մենք չենք ենթադրում, որ, օրինակ արտակարգ իրավիճակների կամ խիստ հրատապ դեպքերում պետք է այս հարթակն օգտագործել։ Բնական է՝ եթե կա արտակարգ իրավիճակ, հարթակի օգտագործումն արդյունավետ չէ։  - Այդ հարթակի ստեղծման դեպքում  ի՞նչ մեխանիզմով եք պատկերացնում գործընթացին հանրության ներգրավվածության, մասնակցայնության ընդլայնումը։ - Առաջին հերթին պետք է հանրությունն իրազեկվի, որ կա այդպիսի մեթոդ, որով կարող է իր ներգրավվածությունը կամ մասնակցությունն ունենալ այս  գործընթացներին։ Իհարկե, ներգրավվածության աստիճանի ապահովումը հարաբերական է․ կախված է նրանից, թե ինչքան է հանրությունը հետաքրքրված կոնկրետ խնդրով։ Սակայն, ինչպես պրակտիկան է ցույց տալիս, սոցցանցերում բազմաթիվ քննարկումներ են ծավալվում՝ դեբատների կամ այլ ձևերով։ Ինչու ոչ՝ պետք է ստեղծվի կոնկրետ հարթակ, որտեղ մարդկանց կարծիքը հասանելի կլինի նաև պատկան մարմիններին ու կառավարությանը։ Պատկան մարմինները կամ կառավարությունը չեն կարող տեղյակ լինել սոցցանցերում մեր արտահայտած կարծիքի կամ դիրքորոշման մասին, մինչև դրանք լայն տարածում չգտնեն։ Այստեղ, միգուցե, պատվիրատուները կամ պատվիրատուների գնումների մասնագետներն առարկություն ունեն, որ իրենց գործընթացը չերկարացվի կամ բարդացվի, բայց պետք է հաշվի առնենք այն, որ այս բոլոր միջոցները հանրային միջոցներ են, ծախսերի հիմնական մասը պետական բյուջեից է իրականացվում։ Այս բոլոր ծախսերը պետք է հանրության համար թափանցիկ և հաշվետվողական լինեն։ Հանրությունը պետք է տեղեկացված լինի, որ իր միջոցները ճիշտ են ծախսում։ Մի բան էլ նշեմ, որ Ֆինանսների նախարարությունը գնումների որոշակի շեմի սահմաններում իրականացնում է գնումների ընթացակարգերի ընտրանքային մոնիթորինգ։ Մեր առաջարկած հարթակը կարող է ծառայել նաև այդ գործընթացին, քանի որ պատկան մարմինը կարող է տեսնել, թե ինչ խնդիր կա որևէ ընթացակարգի հետ, և մինչև կառավարության՝ տվյալ ընթացակարգի հաստատումը, կարող է նաև իր դիրքորոշումը, դրական կամ բացասական կարծիքը արտահայտել։  - Պետական գնումների համակարգում  հաշվետվողականությունն ու թափանցիկությունն ապահովող գործիքները պատվիրատուները  լիարժեքորեն չեն կիրառում։ Օրինակ՝  Armeps համակարգում ամբողջությամբ չեն ներբեռնվում պատվիրատուների հայտարարած գնման ընթացակարգերին առնչվող ողջ տեղեկությունները։ Արդյոք հաշվետվողականությունը չապահովելու համար պատվիրատուների նկատմամբ պատասխանատվության միջոցներ պե՞տք է սահմանվեն։ Ովքե՞ր պետք է վերահսկողություն իրականացնեն նշված պահանջների կատարման նկատմամբ։ - Ինչպես Դուք նշեցիք՝ շատ դեպքերում ինֆորմացիան թերի է ներկայացվում։ Հատկապես պայմանագրերի կատարման փուլում, օրինակ, հանձնման-ընդունման արձանագրությունները կամ վճարման փաստաթղթերը չեն ներբեռնվում համակարգ։  Կարծում եմ՝ կարևոր է, որ ոչ միայն մատակարարները պատշաճ իրականացնեն իրենց պարտավորությունները, այլ նաև այն, որ պատվիրատուն այս առումով լինի թափանցիկ ու հրապարակային։ Սա որոշակիորեն կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը։  Ենթադրենք՝ պատվիրատուն ասում է, որ այս աշխատանքը, այս ծառայությունը մատուցվել է։ Ինչպե՞ս կարող է հանրությունը համոզված լինել դրանում․ նրանով, որ կան հանձնման-ընդունման փաստաթղթեր, որոնցում փաստացի գրված է, թե ինչ քանակությամբ, ինչ գնով է ծառայությունը մատուցվել կամ ապրանքը մատակարարվել։ Իհարկե, այս փաստաթղթերը կեղծելու մեխանիզմները կան, սակայն առնվազն հանրության մոտ ինչ որ չափով վստահություն կարող է լինել, որ այս ընթացակարգերը, այսինքն՝ պայմանագրի կատարումը, իսկապես պատշաճ է իրականացվել։ Վերջերս քննարկումներ եղան, որպեսզի պայմանագրի կատարման առումով լինի նաև հանրային վերահսկողություն։ Տարիներ առաջ այս մեխանիզմը մասնակի կիրառվեց։ Օրինակ, երբ մանկապարտեզներում ապրանքների մատակարարում էր իրականացվում, ծնողների փոքրիկ խորհուրդ կար, որը գնում էր և հետևում, որպեսզի ամեն ինչ պատշաճ մակարդակով լինի։ Իհարկե, հանրությունը չի կարող համոզված լինել, թե ինչքանով է որակը համապատասխանում տեխնիկական բնութագրի չափանիշներին, սակայն քանակի առումով այդ վերահսկողությունը կարող է լինել։ Մեր առաջարկն այն է, որ ոչ բոլոր, սակայն տարբեր գնումների դեպքում ձևավորվեն խորհուրդներ, և այդ խորհրդի մեջ մտնեն ինչպես շահառուներ, ոլորտի հետ առնչվող հանրային սեկտորի ներկայացուցիչներ, այլ նաև մրցույթին մասնակցած, սակայն չհաղթած մասնակիցները նույնպես ներգրավվեն այդ գործընթացում՝ ինչպես առաջարկել էր պատգամավորներից մեկը։ Բնական է, որ այդ չհաղթած մասնակիցը որոշակիերոն ավելի խիստ մոտեցումներ կդրսևորի իր, այսպես ասած, հակառակորդ մասնակցի նկատմամբ։ Ռիսկ կա, որ դրանք կարող են լինել անհիմն, սակայն այն, որ այս գործընթացի վրա կարող է լինել այսպիսի վերահսկողություն, պատվիրատուի պատասխանատվությունն ավելի մեծ կլինի՝ ամեն ինչ ճիշտ կազմակերպելու և իրականացնելու առումով, մյուս կողմից էլ՝ մատակարարը պատվիրատուների հետ կոռուպցիոն գործարքների մեջ մտնելու շատ քիչ հնարավորություններ կունենա։ Ալբանիայում, Չեխիայում, Հունգարիայում հաշվետվողականությունը չապահովելու, փաստաթղթերը չհրապարակելու համար կիրառվում են պատասխանատվության միջոցներ՝ հիմնականում վարչական։ Կարծում եմ՝ մեր երկրում էլ պետք է արձանագրվեն նմանատիպ խախտումները, և որոշակի պատասխանատվության ենթարկեն։ - 2019 թվականի նոյեմբերի 2-ին պետական գնումների համակարգում ներդրվեց բանկային երաշխիքի մեխանիզմը, որը կիրառելի է 10 մլն դրամ և ավելի գնումների դեպքում։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այս փոփոխության քննարկման ժամանակ նշեց, որ այլևս կարիք չի լինի սահմանել որակավորման չափանիշներ։ Բիզնես ծավալողներն իրենց հերթին այն տեսակետին էին, որ բանկային երաշխիք ներկայացնելը տանում է դեպի մենաշնորհի, քանի որ ոչ բոլոր ընկերություններն ունեն բանկային երաշխիք ներկայացնելու հնարավորություն։ Ի՞նչ կարծիքի եք այս փոփոխության վերաբերյալ։ Արդյոք ճի՞շտ են մենաշնորհացման և հակամրցակցայնության մասին մտահոգությունները։ - Այս չափազանց խիստ պայմանները, պահանջները, որոնք կիրառվում են, կարող են բերել նրան, որ անհարկի խոչընդոտներ առաջանան, հատկապես՝ ՓՄՁ սեկտորի ներկայացուցիչների համար։ Սա կարող է նաև բացասական ազդեցություն ունենալ գնագոյացման վրա։ Եթե անգամ ՓՄՁ սեկտորն ուզենա մասնակցել մրցույթներին, ապա պետք է անպայման այդ որակավորման ապահովման տրամադրման գինը ներառի կոնկրետ ապրանքի, ծառայության կամ աշխատանքի գնի մեջ, քանի որ ինքն այդ բանկային երաշխիքը ստանալու համար, պարզ է, որոշակի գումար է տալիս բանկերին։ Բնական է, որ այդ գինը կներառվի նաև իրենց առաջարկի մեջ։ Ստացվում է՝ այլ հավասար պայմաններում ունենում ենք գների բարձրացում։ Մյուս կողմից էլ՝ այն դեպքում, երբ ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչները չունենան բանկերից երաշխիք ստանալու հնարավորություն, նրանք ստիպված կարող են մտնել գործարքի մեջ՝ ավելի մեծ, ավելի կայուն ընկերությունների հետ, որոնք կարող են այդ երաշխիքը ստանալ։ Այստեղ կարող են առաջանալ անհարկի միջորդավորված գնումներ, երբ մեծ ընկերությունը փոքրի համար երաշխիք է ստանում։ Ստացվում է՝ գնի բարձրացում և միջնորդավորված գնումներ են լինում։ Ի վերջո, սա կարող է բերել մենաշնորհացման։ Այսինքն՝ այն ընկերությունները, որոնք իրենց կարող են թույլ տալ այդ բանկային երաշխիքը հեշտությամբ և առանց որևէ ջանքերի ձեռք բերել, կարող են օգտվել այս ամենից։  Մեր գնումների հիմնական նպատակն այն է, որ գնի դիմաց ձեռք բերվի արժեք։ Երբ մենք նույն արժեքը ձեռք ենք բերում ավելի բարձր գնով, ստացվում է՝ գնումն այդքան էլ արդյունավետ չէ։ Որպես հիմնավորում, իհարկե, բերվում է այն, որ պայմանագրի կատարման փուլում մատակարարներն ավելի քիչ հնարավորություն ունեն այն խախտելու։ Այստեղ ճշմարտության բաժին կա, քանի որ նախկինում այն տույժերն ու տուգանքները, որոնք կիրառվում էին (մենք ունեինք պայմանագրի ապահովում, հայտի ապահովում), լիովին չէին ծածկում այն վնասը, որը պատվիրատուն կրում էր, երբ մատակարարը պատշաճ չէր կատարում իր պարտականությունները։ Սակայն 100 տոկոսով որակավորման ապահովումը անտեղի էր։ Ըստ այդմ՝ 100 տոկոս որակավորման ապահովումից ունենք նաև 15 տոկոս՝ որոշ դեպքերում, 10 տոկոս՝ պայմանագրի ապահովում, 5 տոկոս՝ հայտի ապահովում։  Վերջին գնումները հետազոտելիս՝ մենք դիտարկում էինք տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերումը։ Պետք է նշեմ դրական միտում․ վերջերս բավականին հաճախ մրցակցային եղանակներով են այս ծառայությունները ձեռքբերվում։ Նախկինում երբեմն ոչ մրցակցային եղանակներ էին կիրառվում։ Եթե նայում ենք 2018-2019թթ․ ընթացակարգերը, այն ժամանակ մասնակցում էին մի քանի ընկերություններ, իսկ վերջին ընթացակարգերում՝ բավական խոշոր, մասնակցում է ընդամենը մեկ մասնակից և, բնական է, որ հաղթող է ճանաչվում։ Ի՞նչ է ստացվում․ ինքը, իմանալով, որ ինչ-որ չափով այդ շուկայում մենաշնորհային դիրք ունի, բնական է, որ գնի բարձրացում է ենթադրում։ Այն, որ այդ նույն ընթացակարգերին ավելի քիչ ընկերություններ են մասնակցում, փաստում է, որ փոքր և միջին ընկերությունները մտավախություն՝ ունեն ապահովման հասնելու առումով, մտավախություն ունեն, որ ինչ-ինչ պատճառներով իրենց ծառայությունը կամ աշխատանքը չի ընդունվի, այսպիսով՝ նրանք մեծ վնասներ կկրեն։ Կարծում եմ, որ բանկային երաշխիքը անհարկի խոչընդոտ է այս ոլորտի ներկայացուցիչների համար։ Մենք առաջարկ ունենք, որ տարբերակված մոտեցում լինի։ Այսինքն՝  այն ընկերությունների համար, որոնք 3 տարի և ավելի իրենց ծառայությունը, պարատականությունն իրականացրել են պատշաճ, նրանց համար սահմանվեն որակավորման ապահովման տրամադրման այլ չափանիշներ։ Արփի Ավետիսյան
21:55 - 11 հուլիսի, 2020
«Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմի մեջ մտնող «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ -ին տրված խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած ճանաչել

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմի մեջ մտնող «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ -ին տրված խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած ճանաչել

Ֆինանսների նախարարության Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովը հուլիսի 8-ի իր նիստում հրապարակել է իր եզրակացությունը, որտեղ նշվում է, որ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Օնիրա քլաբ» խաղատան լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում: Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է. «1. Հաշվի առնելով, որ «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ մինչև 25.06.2018թ. չի վճարել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 01.01.2014թ. «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-001 լիցենզիայի համար 2020 թվականի երրորդ եռամսյակի պետական տուրքի տարեկան գումարի մեկ քառորդ մասը, ինչպես նաև այն, որ ՀՀ ֆինանսների նախարարի 21.03.2019թ. թիվ 266-Ն հրամանով «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ-ի նկատմամբ որպես պատասխանատվության միջոց կիրառվել է լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտման կատարում և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով՝ «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 01.01.2014թ. տրված թիվ ԽՏ-001 խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած ճանաչել: 2. ՀՀ ֆինանսների նախարարության կողմից «Ռոյալ Սիգնաչր» ՍՊԸ 16.07.2019թ. տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-010 լիցենզիայի գործողության դադարեցման հարցի քնննարկումը հետաձգել մինչև 17.07.2020թ., ժամը 11:00»: Նշենք, որ «Շանգրի լա» խաղատունը շահագործող ընկերությունը «Օնիրա քլաբն» է, որը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում է։
13:33 - 09 հուլիսի, 2020
ՀՀ կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև ստորագրվել է «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը

ՀՀ կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև ստորագրվել է «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը

Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ հունիսի 30-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան ստորագրել են «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը։ Համաձայնագրով նախատեսվում է տրամադրել 400 մլն. ճապոնական իեն (շուրջ 3.8 մլն. ԱՄՆ դոլար) դրամաշնորհ՝ Հայաստանի առողջապահության համակարգը բժշկական արդի սարքավորումներով և շտապ օգնության մեքենաներով հագեցնելու նպատակով։ Մասնավորապես՝ աջակցության շրջանակներում նախատեսվում է բժշկական արդի ՄՌՏ սարքավորումների ձեռքբերում, ինչը մեծապես կօգնի տարբեր հիվանդությունների ախտորոշման մակարդակը և հասանելիությունը երկրում բարձրացնելու հարցում, ինչպես նաև շտապ օգնության՝ 4 WD տեսակի մեքենաների հագեցում՝ հատկապես երկրի դժվարամատչելի վայրերում բնակչության շտապ բուժօգնությունն ապահովելու նպատակով: Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել COVID-19 համավարակից տուժած գործընկեր երկրների առողջապահական համակարգերի կարողությունների զարգացմանը։ Դրամաշնորհի չափը որոշվել է՝ հաշվի առնելով նաև նախկինում իրականացված ծրագրերի դրական գնահատականը։
14:16 - 01 հուլիսի, 2020
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է հարկային ոլորտին առնչվող օրինագիծ

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է հարկային ոլորտին առնչվող օրինագիծ

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ հունիսի 25-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Նպատակը կադաստրային արժեքի հիման վրա անշարժ գույքի հարկի հաշվարկման համակարգից անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված արժեքների հիման վրա հարկման համակարգին անցումն է: Նախագծի ընդունումը կնպաստի տեսանելի հարստության կամ ունեցվածքի համար արդարացի հարկային բեռի սահմանմանը՝ ապահովելով պետության վերաբաշխման գործառույթի արդյունավետ իրականացումն, ինչպես նաեւ կբարձրացնի տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական կայունության ու ֆինանսական անկախության մակարդակը: Կսահմանվեն անշարժ գույքի հարկով հարկման նոր սանդղակներ, իսկ որոշ գույքային միավորների համար` նոր դրույքաչափեր: Կվերացվեն բնակարանների եւ բնակելի տների մասով սահմանված չհարկվող շեմերը՝ համապատասխանաբար՝ 10մլն դրամ եւ 7մլն դրամ գնահատված արժեք ունեցող գույքային միավորների համար սահմանելով 0-05 տոկոս հարկման դրույքաչափ: Հարկային բեռի կտրուկ աճը կանխելու նպատակով հարկման նոր համակարգին անցում կկատարվի չորս տարվա ընթացքում: ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո գրավոր առաջարկներ են ներկայացրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: Նրանք առաջարկում են հարկման նոր համակարգին անցում կատարել ոչ թե 4, այլ 6 տարվա ընթացքում: 200մլն եւ ավելի անշարժ գույքի հարկը հաշվարկել մեկի փոխարեն մեկուկես տոկոսով: Փոխնախարարի հավաստմամբ՝ գործադիրն ընդունել է առաջարկություններն, ինչպես նաեւ ներկայացրել խմբագրական բնույթի առաջարկնեն: Հանձնաժողովականներն իրենց դիրքորոշումն արտահայտել են կողմ քվեարկությամբ:
13:42 - 25 հունիսի, 2020
Հայաստանն արտաքին պարտքի սպասարկումը հետաձգելու անհրաժեշտություն չի տեսնում |armenpress.am|

Հայաստանն արտաքին պարտքի սպասարկումը հետաձգելու անհրաժեշտություն չի տեսնում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն արտակարգ դրության պայմաններում չի պատրաստվում բանակցել՝ իր արտաքին պարտքի սպասարկումը որոշակի ժամանակով հետաձգելու համար: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ԱԺ-ում 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի քննարկմանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին: Պատգամավորը հետաքրքրվեց, թե արտաքին պարտքը սպասարկելու համար 2020 թվականին նախատեսված պլանային վճարումները հետաձգելու, հաջորդ տարի տեղափոխելու շուրջ բանակցություններ վարվու՞մ են միջազգային ֆինանսական գործընկերների հետ: Ջանջուղազյանը վերահաստատեց դեռ ապրիլին՝ բյուջեի մասին օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ հայտնած իր կարծիքը: «Մենք չենք կարծում, որ դա լավագույն ճանապարհն է: Կա վարկանիշի հարց, կա պարտք ներգրավելու հնարավորության հարց: Համենայնդեպս, մենք մինչև այժմ համարում ենք, որ 2020 թվականի դժվարություններին մենք առևերեսվել ենք համեմատաբար զգալի պաշարով՝ պարտք վերցնելու, դա հետևանք է նրա, որ մենք որևէ րոպե չենք ուշացրել որևէ վճարում՝ ինչպես ներքին շուկայում ներդրողների պարտավորությունների կատարման տեսակետից, այնպես էլ արտաքին»,-ասաց նախարարն ու նշեց, որ կառավարությունն այդ ուղղությամբ բանակցելը նպատակահարմար չի համարել և շարունակում է չհամարել: Նախարարը հիշեցրեց, որ Համաշախարհային բանկն իր անդամ պետություններին առաջարկել է հնարավորություն, որից օգտվել է նաև Հայաստանը:  Համաշխարհային բանկի հետ համատեղ աշխատանքի արդյունքում Զարգացման միջազգային ընկերակցության կողմից Հայաստանին տրամադրված մի շարք վարկերի գծով գործող հավելյալ տոկոսադրույքի (տարեկան 1.7% դրույքաչափով) կիրառման մասին նախկինում կայացրած որոշումը մեկ տարի ժամկետով չեղարկվել է և չի կիրառվելու ֆիսկալ տարվա ընթացքում (2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հունիսի 30-ը): Համաշխարհային Բանկի և ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականներով՝ հավելյալ 1.7% տոկոսադրույքի մեկ տարով չեղարկման արդյունքում՝ արտաքին տոկոսավճարների գծով ՀՀ պետական բյուջեի տնտեսումը կկազմի մոտ 13 մլն ԱՄՆ դոլար:
18:22 - 24 հունիսի, 2020
ՀՀ-ն արդեն գումարներ է ծախսում պահուստային ֆոնդից․ ֆինանսական անվտանգության խնդիր չկա․ Արմեն Հայրապետյան |armtimes.com|

ՀՀ-ն արդեն գումարներ է ծախսում պահուստային ֆոնդից․ ֆինանսական անվտանգության խնդիր չկա․ Արմեն Հայրապետյան |armtimes.com|

armtimes.com: Կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է ԱԺ արտահերթ նստաշրջան, որի օրակարգում 12 հարց է։ Օրակարգում ընգրկված 10 հարցերը քննարկվելու են հատուկ ընթացակարգով՝ 24-ժամյա ռեժիմով։ Առաջին 5 նախագծերի հրատապությունը, ինչպես ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը, պայմանավորված է այն հանգամանքով, որ հուլիսի 16-ին գումարված ԱԺ արտահերթ նիստում հնարավորություն չեղավ քննարկել նշված հարցրերը։ Մյուս 3 նախագծերը վերաբերում են համավարակով պայմանավորված առաջած հետեւանքների հաղթահարման օրենսդրական խնդիրների կարգավորմանը, ուստի եւ սրանով է պայմանավորված հրատապությունը։ Իսկ վերջին խումբ հարցրերը վերաբերում են օրենսդրական անորոշությունների, բացերի, դրանցից բխող խնդիրների կարգավորմանը, որի օր առաջ կարգավորումը էլ ավելի արդյունավետ կդարձնի իրավակիրառական պրակտիկան։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, խոսելով համավարակի եւ դրանից առաջացած հետեւանքների մասին, նկատեց, որ ՀՀ-ն արդեն սկսել է գումարներ ծախսել պահուստային ֆոնդից։ Այնուհետեւ նա հարցրեց, թե հնարավո՞ր է արդյոք, որ շուոտով ունենանք ազգային անվտանգության խնդիր եւ արդյո՞ք Հայաստանը կանգնած է այդքան ծայրահեղ խնդրի առջեւ։ Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը պատասխանեց, որ ազգային անվտանգության խնդիր ինքը չի տեսնում։ «Մենք հետեւողական աշխատում ենք եւ բոլոր գնահատումները տարբեր սցենարներով իրականացնում ենք, որպեսզի հասկանանք, թե ֆինանսական կայունությունը երկրում արքանով է ապահովված։ Եթե որեւէ ռիսկ տեսնենք, բնականաբար քայլեր կանենք այդ ուղղությամբ»,- ասաց նա։ Այնուհետեւ հավելեց, որ եթե պատգամավորն իր նշած խնդրում նկատի ունի ֆինանսական ֆիսկալ անկայունության, բյուջետային ռեսուրսների անբավարարության պայմաններում անվտանգության խնդիր, ապա նա նման խնդիր չի տեսնում։
12:43 - 24 հունիսի, 2020
Խորհրդարանը քննարկում է ՀՀ-ի և ԱՄՀ-ի միջև նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը |armenpress.am|

Խորհրդարանը քննարկում է ՀՀ-ի և ԱՄՀ-ի միջև նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը քննարկում է Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020թ. մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագրի վավերացման նպատակահարմարության մասին հարցը: Oրինագիծը խորհրդարանում ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը: «Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից դեռևս 2019թ. մայիսին Հայաստանի Հանրապետության համար հաստատվել է 248.2 մլն դոլար արժողությամբ եռամյա Պահուստային ծրագիրը` ուղղված տնտեսական հիմնարար և կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը: Հիմնադրամի գործադիր տնօրենների խորհրդի` 2020թ. մայիսի 18-ին տեղի ունեցած նիստում հաստատվել է ծրագրի երկրորդ վերանայումը, որով ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության համար հասանելի են դարձել ընդհանուր 105 մլն դոլար ծավալով փոխառու միջոցներ: Հիմնադրամի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է նաև Հիմնադրամի արագ ֆինանսավորման գործիքի շրջանակում հավելյալ 175 մլն դոլար ներգրավելու հայտը»,- ասաց Հայրապետյանը: Հիմնադրամի ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել պահուստային ծրագրի շրջանակում հասանելի միջոցները որպես ուղղակի բյուջետային աջակցություն օգտագործելու ուղղությամբ` նպատակ ունենալով ապահովել նոր կորոնավիրուսային համավարակի տարածմամբ առաջ եկող հետևանքների մեղմմանն ուղղված սոցիալ-տնտեսական միջոցառումների ֆինանսավորումը: «Ներկա պահին Հայաստանի Հանրապետության համար հասանելի են ընդհանուր առմամբ շուրջ 280 մլն դոլար ծավալով բյուջետային միջոցներ, և ևս 35 մլն դոլար հասանելի կդառնա ծրագրի երրորդ վերանայման արդյունքում»,- նշեց փոխնախարարը:
12:10 - 24 հունիսի, 2020
Շահութահարկի կանխավճարի տարբերակը կընտրվի ի օգուտ տնտեսվարողի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը |armenpress.am|

Շահութահարկի կանխավճարի տարբերակը կընտրվի ի օգուտ տնտեսվարողի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից առաջարկված շահութահարկի կանխավճարների համակարգը վերանայող նախագիծը, որն ըստ էության հակաճգնաժամային նոր գործիք է առաջարկում: ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ հունիսի 16-ի արտահերթ նիստում ստացավ 97 կողմ ձայն: Օրենսդրությամբ շահութահարկի կանխավճարը հաշվարկվում է հետևյալ կանոններով՝ հիմք է ընդունվում նախորդ տարվա շահութահարկի գումարի 20 տոկոսը, իսկ եթե հարկ վճարողն ընտրել է շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակը, ապա նախորդ եռամսյակի իրացման շրջանառության 2 տոկոսը: Շահութահարկի կանխավճարների  կատարման այլընտրանքային եղանակի ընտրության հնարավորությունը սահմանված է մինչև ընթացիկ տարվա մարտի 20-ը վերջնաժամկետով: Սակայն շահութահարկ վճարողների շուրջ 10 տոկոսն է, որ մինչև մարտի 20-ը որոշում է կայացրել օգտվելու շահութահարկի կանխավճարների այլընտրանքային եղանակով  հաշվարկման հնարավորությունից: Օրենքի նախագծով առաջարկվում է լուծել այս խնդիրը: Այսպիսով սահմանվում է, որ յուրաքանչյուր եռամսյակի շահութահարկի կանխավճարը կատարվում է նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի 20 տոկոսի կամ նախորդ եռամսյակի իրացման շրջանառության 2 տոկոսի գումարներից նվազագույնի չափով։ Վերացվում է կանխավճարների որևէ եղանակի ընտրության համար հայտարարություն ներկայացնելու պահանջը: Սա ոչ թե ժամանակավոր միջոցառում է, այլ ըստ էության միջոցառում է՝միտված ապագային՝ ունենալու ավելի նպաստավոր հարկային միջավայր: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում առաջարկներ չեն եղել, հետևաբար նախագծում փոփոխություն չի կատարվել: «Սա նախագիծ է, որով առաջարկվում են համակարգային լուծումներ՝ ընդ որում երկար ժամկետի համար, նպատակ ունի բարելավել ավելացված արժեքի հարկ վճարող համարվող տնտեսվարող սուբյեկտների հարկային միջավայրը, նպաստել նրանց շրջանառու ֆինանսական ռեսուրսների հետ կապված խնդրի լուծմանը: Այս նախագծի ընդունումը կարևոր քայլ ենք կատարում մեր տնտեսության կենսունակության բարձրացման գործում և ըստ էության ձևավորում ենք ավելի գրավիչ հարկային միջավայր՝ ստեղծելով տնտեսական աճի՝ մեզ համարց ցանկալի տեմպերը հնարավոր կարճ ժամկետում վերականգնելու ևս մեկ կարևոր նախադրյալ»,- ասաց Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:
18:30 - 16 հունիսի, 2020
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 11,5 մլրդ դրամի խնայողություն է կատարել |armenpress.am|

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 11,5 մլրդ դրամի խնայողություն է կատարել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2019թ. պետական բյուջեից իրենց հատկացված միջոցներից 11,5 մլրդ դրամի խնայողություն է կատարել: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2019թ. սկզբնական բյուջեն կազմել է 444,5 մլրդ դրամ, տարվա ընթացքում այն ճշտվել է, կազմելով՝ 465,5 մլրդ դրամ, որից ծախսվել է 97%-ը կամ 454 մլրդ դրամը: Այս կատարման տոկոսը չի նշանակում, որ եղել են պարտավորություններ, որոնց դիմաց վճարումներ չեն կատարվել»,- ասաց Ջանջուղազյանը: Ֆինանսների նախարարը հավելեց, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրեն հատկացված միջոցներով իրականացրել է 121 միջոցառում:
11:32 - 12 հունիսի, 2020
Առողջապահության բնագավառի հատկացումներն աճել են զգալի չափերով |armenpress.am|

Առողջապահության բնագավառի հատկացումներն աճել են զգալի չափերով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ առողջապահության նախարարությանը պետական բյուջեից 2019 թվականի հատկացումները, նախորդ տարվա համեմատ, աճել են 22%-ով: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «Առողջապահության նախարարությունը 2019թ. պետական բյուջեից իրեն հատկացված միջոցներից ծախսել է 97,6 մլրդ դրամ կամ ճշտված ծրագրի 96%-ը: Սկզբնական ծրագիրը մոտ 89 մլրդ դրամ էր: 2019 թվականին 2018 թվականի համեմատ, առողջապահության բնագավառի հատկացումները աճել են 22%-ով»,- ասաց Ջանջուղազյանը: Ֆինանսների նախարարը նշեց, որ Առողջապահության նախարարությունը 2019 թվականին իրեն հատկացված միջոցներով իրականացրել է 64 միջոցառում:
11:14 - 12 հունիսի, 2020
Հայաստանի կառավարությունը ԵՄ-ից  նախորդ տարի ստացել է փաստացի 8, 6 մլրդ դրամ դրամաշնորհ |armenpress.am|

Հայաստանի կառավարությունը ԵՄ-ից նախորդ տարի ստացել է փաստացի 8, 6 մլրդ դրամ դրամաշնորհ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը Եվրամիությունից նախորդ տարի փաստացի ստացել է 8.6 մլրդ դրամ՝ դրամաշնորհային ծրագրերի համար: ՀՀ ազգային ժողովում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` եկամուտների և ծախսերի կատարողականի նախնական քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսերի նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Ջանջուղազյանը անդրադառնալով պաշտոնական դրամաշնորհներին՝ նախ հիշեցրեց, որ ունենք բյուջետային աջակցության դրամաշնորհներ և նպատակային դրամաշնորհներ: Նպատակային դրամաշնորհներից բացի, կան նաև ԵՄ-ի և անդամ երկրների վարկային ծրագրեր, որոնք նույնպես պետբյուջեի մաս են կազմում: «Ընդհանուր առմամբ դրամաշնորհային ծրագրերի համար ԵՄ-ից փաստացի ստացվել է 8.6 մլրդ դրամ՝ ճշտված ծրագրերի շուրջ 31տոկոսը: Կան ծրագրեր, որոնք ընդհանրապես չեն իրականացվել կամ իրականացվել են տարբեր չափերով: Ոչ նպատակային կամ բյուջետային աջակցության դրամաշնորհները կազմել են գրեթե կեսը կամ 4 մլրդ 451 մլն դրամ: Վարկային միջոցների հաշվին ճշտված ծրագիրը կազմել է շուրջ 20 մլրդ դրամ, փաստացի արձանագրվել է 57 տոկոս ստացում»,-ասաց նախարարը: Նա շեշտեց՝ նպատակային ծրագրերի դեպքում միջոցները հասանելի և առկա են, սակայն դրանք օգտագործվում են և արտացոլվում են պետբյուջեում այն չափով, որքանով այն ծրագրերն ու միջոցառումներն իրականացվում են:
13:06 - 11 հունիսի, 2020
Դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության համար օգտագործվել է 10.68 մլրդ դրամ |armenpress.am|

Դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության համար օգտագործվել է 10.68 մլրդ դրամ |armenpress.am|

armenpress.am: Օտարերկրյա պետություններում դիվանագիտական մարմինների գործունեության կազմակերպման և իրականացման համար 2019-ին ՀՀ պետբյուջեի միջոցներից ծախսվել է 10.68 մլրդ դրամ:   ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` եկամուտների և ծախսերի կատարողականի նախնական քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «2019-ի պետական բյուջեով արտաքին գործերի նախարարության համար նախատեսված էր օգտագործել ճշտված ծրագրով 16 մլրդ 648 մլն դրամ ընդհանուր ֆինանսական միջոցներ: Փաստացի արձանագրվել է 16 մլրդ 435 մլն դրամի օգտագործում կամ ծրագրի շուրջ 99 տոկոս կատարողական: Հիմնական կշիռն ընդհանուր ծախսերի և հատկացումների մեջ ունի օտարերկրյա պետություններում դիվանագիտական մարմինների գործունեության կազմակերպման և իրականացման հետ կապված հատկացումների մասը: Այս ուղղությամբ 10 մլրդ 760 մլն դրամ հատկացումներից օգտագործվել է 99.3 տոկոստ կամ 10.68 մլրդ դրամը»,-ասաց Ջանջուղազյանը: Միջազգային կառույցներին անդամակցությանը վերաբերելի հատկացումների համար նախատեսված 2 մլրդ 550 մլն դրամն օգտագործվել է գրեթե 96 տոկոսով:
11:20 - 11 հունիսի, 2020
Կենտրոնում և Արաբկիրում բնակարան գնելիս եկամտահարկի վերադարձի ծրագիրը կարող է չեղարկվել |hetq.am|

Կենտրոնում և Արաբկիրում բնակարան գնելիս եկամտահարկի վերադարձի ծրագիրը կարող է չեղարկվել |hetq.am|

hetq.am: Կառավարությունը մտադիր է Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում դադարեցնել նորակառույց բնակելի շենքերից բնակարան գնելու դեպքում եկամտահարկի վերադարձի ծրագիրը: Այս մասին խորհրդարանում` 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկմանն ասաց  Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նախարարը հիշեցրեց, որ թե այս ծրագիրն առհասարակ ինչու էր ընդունվել. «2014 թվականի զարգացումների արդյունքում 2015-ին ուժի մեջ մտած փոփոխություններ են, ըստ էության երկրորդ ալիքն էր համաշխարհային ֆինանսատնտեսական  ճգնաժամից հետո, որից հետո բախվեցինք իրավիճակի, երբ մեր ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի նկատմամբ պատժամիջներ կիրառվեցին, և այն իր ազդեցությունն ունեցավ նաև մեր տնտեսության վրա»,-ասաց նախարարը: Անմիջապես կառուցապատողից բնակարան գնելու դեպքում ֆիզիկական անձի վճարած եկամտահարկը հետ է փոխանցվում իրեն յուրաքանչյուր եռամսյակը մեկ: Սակայն գնված բնակարանի արժեքը չի կարող ավելին լինել 55 միլիոն դրամից, իսկ հիպոթեքային վարկի տոկոսագումարներին մեկ ամսվա ընթացքում առավելագույնը կարող է ուղղվել 500 հազար դրամ՝ անկախ նրանից վարկառուները կամ համավարկառուները քանիսն են: Նրա խոսքով` ծրագրի ներդրմամբ նպատակ էր դրվել տնտեսական անկման ռիսկը մեղմել, քանի որ 2008-ին շինարարության ոլորտը 34-35 տոկոսով էր կատարվել: Նախարարի խոսքով` ծրագիրն ընդունվելուց հետո որոշակի փոփոխությունների է ենթարկվել, քանի որ պարզ է դարձել` այն վերածվել է համեմատաբար բարձր եկամուտ ունեցող խավի համար ավելի լայն հնարավորությունների տարբերակ`  հարկ չվճարելու: «Դժվար է ասել, որ բնակարանային կարիքի համար է, քանի որ պենտհաուս ձեռք բերելու համար պետական բյուջեից մեծ մասնակցություն չպիտի ենթադրվի: Դա ժամանակավոր  միջացառում էր ենթադրվում, քանի որ կառուցապատումը գնահատվում էր որպես շահութաբեր ոլորտ և բյուջեի մասնակությունը կառուցապատման ոլորտին շատ ծանրակշիռ հիմնավորում պետք է ունենա: Դրանով պայմանավորված` ավելացվեց սոցիալական բաղադրիչ և ավելացան  սահմանափակումներ` թե ընդհանուր սահմանաչափի, թե եկամտահարկի եռամյսակային գումարի վերաբերյալ»,-ասաց նախարարը` հավելելով, որ Կառավարության մտադրությունն է աստիճանաբար հրաժարվել այդ ծրագրից: Ատոմ Ջանջուղազյանի խոսքով` շինարարությունը շահութաբեր ոլորտ է, և բացի այդ, այն ոչ արտահանելի է, ոչ էլ արտադրական, որոնք էլ Կառավարության հայտարարած առաջնահերթությունների շարքում են: «Մենք ասել ենք` գնում ենք այն ճանպարհով, որ տնտեսական աճի արտահանմանը միտված մոդել ենք ընտրել և ծախս ենք անում ոչ արտահանելի հատվածում, մենք բարձր տնտեսություն ունենալու առաջնահերթություն ենք դրել և ծախս ենք անում ոչ արտահանելի հատվածում: Աստիճանաբար այս համակարգից հրաժարվելը մեր քաղաքականության ուղղությունն է: Շրջանառվում է նախագիծ, որը կախված համատարած հայտարարագրման մեխանիզմից, կորոշենք առաջարկել խորհրդարանին թե ոչ, դրա որի շրջանակներում Երևանի  առաջին և երկրորդ գոտիների ծրագրի իրականացումը կդադարեցվի»,- ասաց նա: Տեղեկացնենք, որ առաջին և երկրորդ գոտիներն ընդգրկում են Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանները, որտեղ էլ բնակարանների կադաստրային ամենաբարձր արժեքն է: Շարունակությունը՝ hetq.am-ում
13:24 - 08 հունիսի, 2020
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 300 մլն դրամի խնայողություն է կատարել |armenpress.am|

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 300 մլն դրամի խնայողություն է կատարել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2019 թ. պետական բյուջեից իրեն հատկացված միջոցներից 300 մլն դրամի խնայողություն է կատարել: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության բյուջեն 2019 թ. համար սկզբնական ծրագրով շուրջ 2,7 մլրդ դրամ էր: Այն տարվա ընթացքում ճշտվել է՝ կազմելով 5,6 մլրդ դրամ: Փաստացի 5,3 մլրդ դրամի օգտագործում է եղել կամ ճշտված ցուցանիշի 94%-ը»,- ասաց նախարարը: Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ նախարարությանը հատկացված միջոցներով իրականացվել է 14 միջոցառում:
12:53 - 08 հունիսի, 2020