Պետական գնումների ոլորտում առկա օրենսդրական խնդիրների վերհանման նպատակով Infocom-ը մեկնարկում է հարցազրույցների շարք։ Ստորև ներկայացնում ենք շարքի առաջին հարցազրույցը՝ «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանի հետ։
- Գնումների ոլորտում, թերևս, ամենաակնառու խնդիրներից է մեկ անձից կատարվող գնումը։ Դուք բազմիցս անդրադարձել եք այս խնդրին։ 2020 թվականի փետրվարի 21-ին գնումների վերաբերյալ Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկման ժամանակ առաջարկել եք, որպեսզի 10 միլիոնը գերազանցող գնումները ոչ մրցակցային սկզբունքով կազմակերպելու դեպքում ստեղծվի հարթակ, որտեղ տվյալ գնման ընթացակարգի վերաբերյալ հանրային քննարկում կծավալվի։ Որքանո՞վ այս առաջարկը կմեղմի մեկ անձից կատարվող գնումների կոռուպցիոն ռիսկը։
- Մեր վերջին հետազոտությունների արդյունքները վկայում են, որ պետական գնումների ոլորտում ավելացել է ոչ մրցակցային ընթացակարգի կիրառության պրակտիկան։ Այստեղ հատկապես ուշագրավ է այն, որ հրատապության հիմքով իրականացվող ոչ մրցակցային գնումները սկսել են շատ ավելի հաճախ կիրառվել։
Ոչ մրցակցային գնումների դիտարկման ժամանակ պետք է հաշվի առնել երկու հանգամանք՝ այլընտրանքի առկայություն և այլընտրանքի բացակայություն։ Այլընտրանքի բացակայությունը ենթադրում է, որ պատվիրատուն չի կարող խուսափել ոչ մրցակցային ընթացակարգի կիրառությունից, իսկ այլընտրանքի առկայության դեպքում դրա ոչ մրցակցային եղանակով գնում իրականացնելն իրենից ենթադրում է որոշակի չափանիշներ։ Այսինքն՝ այդ չափանիշները սահմանվում են գնումների օրենսդրությամբ, ինչպես նաև ՀՀ կառավարության 526-Ն որոշմամբ։ Կա որոշակի ցանկ, եթե պատվիրատուն այդ ցանկի շրջանակներում ուզում է գնում իրականացնել, ապա կարող է, իրավունք ունի, այսպես ասած, ոչ մրցակցային ընթացակարգը կիրառել։ Այլապես՝ այլընտրանքի առկայության դեպքում, ինչպես մեր օրենսդրությունն է սահմանում, գնման նախընտրելի ձևը պետք է լինի մրցույթը։
Ինչո՞ւ ենք մենք հարթակ առաջարկում։ Քանի որ շատ դեպքերում ոչ մրցակցային գնման ձևը կիրառելու հիմնավորվածությունը կասկածների տեղիք է տալիս։
Վերջին շրջանում միջոցառումների կազմակերպման համար հաճախ կիրառվում էր «հրատապ, մեկ անձ» գնման ընթացակարգը։ Որպես հիմնավորում՝ մեջբերվում էր այն, որ այդ միջոցառման կազմակերպման համար բավական ժամանակ չկա, կամ շուկայում բավական մրցակիցներ չկան՝ կոնկրետ այդ տեխնիկական բնութագրերով։
Այս առումով կարծում ենք, որ մեր առաջարկած հարթակը կարող է հանդիսանալ վայր, որտեղ ոչ միայն պատվիրատուն կներկայացնի իր հիմնավորումները, այլ նաև այն բաց, թափանցիկ և հրապարակային կլինի հանրության համար։
Վերոնշյալ հարթակը կիրառություն է ունեցել Վրաստանում։ Իրենց մոտ գոյություն ունի գնումների գործակալություն։ Ամեն անգամ, երբ պատվիրատուն ոչ մրցակցային ընթացակարգ է ցանկանում կիրառել, պետք է այդ որոշումը համաձայնեցնի գնումների գործակալության հետ։ Պատվիրատուն պետք է դիմում ներկայացնի իրենց հարթակում և այդտեղ ներբեռնի նաև հիմնավորումը, թե ինչու է նա կիրառում ոչ մրցակցային ընթացակարգ։ Սա այն դեպքում, երբ կա այլընտրանք։ Այսինքն՝ չի վերաբերում այնպիսի դեպքերին, երբ կա բնական մենաշնորհ (օրինակ՝ գազ, լույս, ջուր)։ Իրենք ունեն նաև հարցաթերթիկ, որով ստուգվում է նաև հիմնավորվածությունը, չափանիշներին համապատասխանությունը և թե պատվիրատուն ինչքանով է ճիշտ հիմնավորումներ բերում, որպեսզի այդ ընթացակարգը լինի ոչ մրցակցային եղանակով։ Այնուհետև հանրությանը նույնպես կարծիքներ, դիրքորոշումներ կամ առարկություններ ներկայացնելու հնարավորություն է ընձեռվում։ Ի վերջո, գնումների գործակալությունը կայացնում է որոշում և, ինչու չէ, այդ որոշման հիմքում կարող են լինել հանրության ներկայացրած կարծիքները։
Նշյալ հարթակի օրինակ կարող է ծառայել նաև Հայաստանում գործող e-draft.am համակարգը, որտեղ նույնպես ներբեռնվում են պատկան մարմինների մշակած նախագծերը, և յուրաքանչյուր ոք, որը գրանցված է համակարգում, կարող է ներկայացնել իր կարծիքը։ Մեր փորձը ցույց է տալիս, որ որոշ դեպքերում այդ առաջարկությունները հաշվի են առնվում, ընդունվում են, որոշ դեպքերում՝ ոչ, բայց ի գիտություն են ընդունում։
Այս հարթակը կարող է այնքանով օգտակար լինել, որ ոչ մրցակցային ընթացակարգով գնում կատարելու որոշումների հիմնավորվածությունը հանրության համար թափանցիկ լինի, հրապարակային, և հանրությանը կարծիք արտահայտելու հնարավորություն տրվի։
Օրինակ՝ ամանորյա միջոցառումների կազմակերպման ժամանակ ոչ մրցակցային ձևի կիրառման վերաբերյալ բավականին բուռն քննարկումներ սկսեցին, դժգոհություններ եղան։ Փաստացի ստացվում էր, որ հանրությունն այդքան էլ լծակներ չուներ՝ ազդելու այդ որոշման վրա։
Այս հարթակի շնորհիվ, կարծում ենք, որ առնվազն պատվիրատուն ինչ որ չափով պատասխանատվության ֆակտորի բարձրացում կունենա, քանի որ կհասկանա, որ իր որոշումները, հիմնավորումները դիտարկում է ոչ միայն կառավարությունը, այլ նաև պատկան մարմինը՝ Ֆինանսների նախարարությունը, կարող է մոնիթորինգի ենթարկել դրանք, ինչպես նաև հանրությունը։ Առնվազն թափանցիկության և հրապարակայնության սկզբունքի պահպանումը այս հարթակի դրական կողմերից կարող է լինել։
Հարցի մյուս կողմն է այն, թե ինչքանով հաշվի կառնեն հանրության կարծիքը։
Հրատապության հիմքով իրականացվող գնումները հիմնականում պետք է կառավարության որոշմամբ և համաձայնությամբ իրականացվեն։ Սակայն, վերջին փոփոխությունները բերեցին նրան, որ կոնկրետ կառավարող մարմնի հոգաբարձուների խորհրդի նախագահը նույնպես կարող է այդպիսի որոշումներ ընդունել։ Կառավարության որոշումները հրապարակային են, սակայն մենք մտավախություն ունենք, որ այս որոշումները, որոնք կայացվելու են կոնկրետ ինչ-որ կազմակերպության ներսում, կարող են հրապարակային և թափանցիկ չլինել հանրության համար։
Կարծում եմ՝ այս հարթակը կարող է երկխոսության եղանակ լինել։
- Ձեր առաջարկած հարթակում քննարկում ծավալելու համար որքա՞ն ժամանակ պետք է տրամադրվի պատվիրատուին։
- Վրաստանում, օրինակ, ինչպես հայտնեցին մեր կոլեգաները, 3-4 օր է տրամադրվում։ Իհարկե, չեն կարող շատ երկար ժամկետներ տրամադրել, հատկապես այն դեպքում, երբ գնումն իրականացվում է հրատապության հիմքով, որոշումները պետք է ավելի արագ կայացվեն։ Այստեղ մենք չենք ենթադրում, որ, օրինակ արտակարգ իրավիճակների կամ խիստ հրատապ դեպքերում պետք է այս հարթակն օգտագործել։ Բնական է՝ եթե կա արտակարգ իրավիճակ, հարթակի օգտագործումն արդյունավետ չէ։
- Այդ հարթակի ստեղծման դեպքում ի՞նչ մեխանիզմով եք պատկերացնում գործընթացին հանրության ներգրավվածության, մասնակցայնության ընդլայնումը։
- Առաջին հերթին պետք է հանրությունն իրազեկվի, որ կա այդպիսի մեթոդ, որով կարող է իր ներգրավվածությունը կամ մասնակցությունն ունենալ այս գործընթացներին։ Իհարկե, ներգրավվածության աստիճանի ապահովումը հարաբերական է․ կախված է նրանից, թե ինչքան է հանրությունը հետաքրքրված կոնկրետ խնդրով։ Սակայն, ինչպես պրակտիկան է ցույց տալիս, սոցցանցերում բազմաթիվ քննարկումներ են ծավալվում՝ դեբատների կամ այլ ձևերով։ Ինչու ոչ՝ պետք է ստեղծվի կոնկրետ հարթակ, որտեղ մարդկանց կարծիքը հասանելի կլինի նաև պատկան մարմիններին ու կառավարությանը։ Պատկան մարմինները կամ կառավարությունը չեն կարող տեղյակ լինել սոցցանցերում մեր արտահայտած կարծիքի կամ դիրքորոշման մասին, մինչև դրանք լայն տարածում չգտնեն։
Այստեղ, միգուցե, պատվիրատուները կամ պատվիրատուների գնումների մասնագետներն առարկություն ունեն, որ իրենց գործընթացը չերկարացվի կամ բարդացվի, բայց պետք է հաշվի առնենք այն, որ այս բոլոր միջոցները հանրային միջոցներ են, ծախսերի հիմնական մասը պետական բյուջեից է իրականացվում։ Այս բոլոր ծախսերը պետք է հանրության համար թափանցիկ և հաշվետվողական լինեն։ Հանրությունը պետք է տեղեկացված լինի, որ իր միջոցները ճիշտ են ծախսում։
Մի բան էլ նշեմ, որ Ֆինանսների նախարարությունը գնումների որոշակի շեմի սահմաններում իրականացնում է գնումների ընթացակարգերի ընտրանքային մոնիթորինգ։ Մեր առաջարկած հարթակը կարող է ծառայել նաև այդ գործընթացին, քանի որ պատկան մարմինը կարող է տեսնել, թե ինչ խնդիր կա որևէ ընթացակարգի հետ, և մինչև կառավարության՝ տվյալ ընթացակարգի հաստատումը, կարող է նաև իր դիրքորոշումը, դրական կամ բացասական կարծիքը արտահայտել։
- Պետական գնումների համակարգում հաշվետվողականությունն ու թափանցիկությունն ապահովող գործիքները պատվիրատուները լիարժեքորեն չեն կիրառում։ Օրինակ՝ Armeps համակարգում ամբողջությամբ չեն ներբեռնվում պատվիրատուների հայտարարած գնման ընթացակարգերին առնչվող ողջ տեղեկությունները։ Արդյոք հաշվետվողականությունը չապահովելու համար պատվիրատուների նկատմամբ պատասխանատվության միջոցներ պե՞տք է սահմանվեն։ Ովքե՞ր պետք է վերահսկողություն իրականացնեն նշված պահանջների կատարման նկատմամբ։
- Ինչպես Դուք նշեցիք՝ շատ դեպքերում ինֆորմացիան թերի է ներկայացվում։ Հատկապես պայմանագրերի կատարման փուլում, օրինակ, հանձնման-ընդունման արձանագրությունները կամ վճարման փաստաթղթերը չեն ներբեռնվում համակարգ։
Կարծում եմ՝ կարևոր է, որ ոչ միայն մատակարարները պատշաճ իրականացնեն իրենց պարտավորությունները, այլ նաև այն, որ պատվիրատուն այս առումով լինի թափանցիկ ու հրապարակային։ Սա որոշակիորեն կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը։
Ենթադրենք՝ պատվիրատուն ասում է, որ այս աշխատանքը, այս ծառայությունը մատուցվել է։ Ինչպե՞ս կարող է հանրությունը համոզված լինել դրանում․ նրանով, որ կան հանձնման-ընդունման փաստաթղթեր, որոնցում փաստացի գրված է, թե ինչ քանակությամբ, ինչ գնով է ծառայությունը մատուցվել կամ ապրանքը մատակարարվել։ Իհարկե, այս փաստաթղթերը կեղծելու մեխանիզմները կան, սակայն առնվազն հանրության մոտ ինչ որ չափով վստահություն կարող է լինել, որ այս ընթացակարգերը, այսինքն՝ պայմանագրի կատարումը, իսկապես պատշաճ է իրականացվել։
Վերջերս քննարկումներ եղան, որպեսզի պայմանագրի կատարման առումով լինի նաև հանրային վերահսկողություն։ Տարիներ առաջ այս մեխանիզմը մասնակի կիրառվեց։ Օրինակ, երբ մանկապարտեզներում ապրանքների մատակարարում էր իրականացվում, ծնողների փոքրիկ խորհուրդ կար, որը գնում էր և հետևում, որպեսզի ամեն ինչ պատշաճ մակարդակով լինի։ Իհարկե, հանրությունը չի կարող համոզված լինել, թե ինչքանով է որակը համապատասխանում տեխնիկական բնութագրի չափանիշներին, սակայն քանակի առումով այդ վերահսկողությունը կարող է լինել։
Մեր առաջարկն այն է, որ ոչ բոլոր, սակայն տարբեր գնումների դեպքում ձևավորվեն խորհուրդներ, և այդ խորհրդի մեջ մտնեն ինչպես շահառուներ, ոլորտի հետ առնչվող հանրային սեկտորի ներկայացուցիչներ, այլ նաև մրցույթին մասնակցած, սակայն չհաղթած մասնակիցները նույնպես ներգրավվեն այդ գործընթացում՝ ինչպես առաջարկել էր պատգամավորներից մեկը։ Բնական է, որ այդ չհաղթած մասնակիցը որոշակիերոն ավելի խիստ մոտեցումներ կդրսևորի իր, այսպես ասած, հակառակորդ մասնակցի նկատմամբ։ Ռիսկ կա, որ դրանք կարող են լինել անհիմն, սակայն այն, որ այս գործընթացի վրա կարող է լինել այսպիսի վերահսկողություն, պատվիրատուի պատասխանատվությունն ավելի մեծ կլինի՝ ամեն ինչ ճիշտ կազմակերպելու և իրականացնելու առումով, մյուս կողմից էլ՝ մատակարարը պատվիրատուների հետ կոռուպցիոն գործարքների մեջ մտնելու շատ քիչ հնարավորություններ կունենա։
Ալբանիայում, Չեխիայում, Հունգարիայում հաշվետվողականությունը չապահովելու, փաստաթղթերը չհրապարակելու համար կիրառվում են պատասխանատվության միջոցներ՝ հիմնականում վարչական։
Կարծում եմ՝ մեր երկրում էլ պետք է արձանագրվեն նմանատիպ խախտումները, և որոշակի պատասխանատվության ենթարկեն։
- 2019 թվականի նոյեմբերի 2-ին պետական գնումների համակարգում ներդրվեց բանկային երաշխիքի մեխանիզմը, որը կիրառելի է 10 մլն դրամ և ավելի գնումների դեպքում։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այս փոփոխության քննարկման ժամանակ նշեց, որ այլևս կարիք չի լինի սահմանել որակավորման չափանիշներ։ Բիզնես ծավալողներն իրենց հերթին այն տեսակետին էին, որ բանկային երաշխիք ներկայացնելը տանում է դեպի մենաշնորհի, քանի որ ոչ բոլոր ընկերություններն ունեն բանկային երաշխիք ներկայացնելու հնարավորություն։ Ի՞նչ կարծիքի եք այս փոփոխության վերաբերյալ։ Արդյոք ճի՞շտ են մենաշնորհացման և հակամրցակցայնության մասին մտահոգությունները։
- Այս չափազանց խիստ պայմանները, պահանջները, որոնք կիրառվում են, կարող են բերել նրան, որ անհարկի խոչընդոտներ առաջանան, հատկապես՝ ՓՄՁ սեկտորի ներկայացուցիչների համար։ Սա կարող է նաև բացասական ազդեցություն ունենալ գնագոյացման վրա։ Եթե անգամ ՓՄՁ սեկտորն ուզենա մասնակցել մրցույթներին, ապա պետք է անպայման այդ որակավորման ապահովման տրամադրման գինը ներառի կոնկրետ ապրանքի, ծառայության կամ աշխատանքի գնի մեջ, քանի որ ինքն այդ բանկային երաշխիքը ստանալու համար, պարզ է, որոշակի գումար է տալիս բանկերին։ Բնական է, որ այդ գինը կներառվի նաև իրենց առաջարկի մեջ։ Ստացվում է՝ այլ հավասար պայմաններում ունենում ենք գների բարձրացում։
Մյուս կողմից էլ՝ այն դեպքում, երբ ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչները չունենան բանկերից երաշխիք ստանալու հնարավորություն, նրանք ստիպված կարող են մտնել գործարքի մեջ՝ ավելի մեծ, ավելի կայուն ընկերությունների հետ, որոնք կարող են այդ երաշխիքը ստանալ։ Այստեղ կարող են առաջանալ անհարկի միջորդավորված գնումներ, երբ մեծ ընկերությունը փոքրի համար երաշխիք է ստանում։ Ստացվում է՝ գնի բարձրացում և միջնորդավորված գնումներ են լինում։ Ի վերջո, սա կարող է բերել մենաշնորհացման։ Այսինքն՝ այն ընկերությունները, որոնք իրենց կարող են թույլ տալ այդ բանկային երաշխիքը հեշտությամբ և առանց որևէ ջանքերի ձեռք բերել, կարող են օգտվել այս ամենից։
Մեր գնումների հիմնական նպատակն այն է, որ գնի դիմաց ձեռք բերվի արժեք։ Երբ մենք նույն արժեքը ձեռք ենք բերում ավելի բարձր գնով, ստացվում է՝ գնումն այդքան էլ արդյունավետ չէ։
Որպես հիմնավորում, իհարկե, բերվում է այն, որ պայմանագրի կատարման փուլում մատակարարներն ավելի քիչ հնարավորություն ունեն այն խախտելու։ Այստեղ ճշմարտության բաժին կա, քանի որ նախկինում այն տույժերն ու տուգանքները, որոնք կիրառվում էին (մենք ունեինք պայմանագրի ապահովում, հայտի ապահովում), լիովին չէին ծածկում այն վնասը, որը պատվիրատուն կրում էր, երբ մատակարարը պատշաճ չէր կատարում իր պարտականությունները։ Սակայն 100 տոկոսով որակավորման ապահովումը անտեղի էր։ Ըստ այդմ՝ 100 տոկոս որակավորման ապահովումից ունենք նաև 15 տոկոս՝ որոշ դեպքերում, 10 տոկոս՝ պայմանագրի ապահովում, 5 տոկոս՝ հայտի ապահովում։
Վերջին գնումները հետազոտելիս՝ մենք դիտարկում էինք տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերումը։ Պետք է նշեմ դրական միտում․ վերջերս բավականին հաճախ մրցակցային եղանակներով են այս ծառայությունները ձեռքբերվում։ Նախկինում երբեմն ոչ մրցակցային եղանակներ էին կիրառվում։ Եթե նայում ենք 2018-2019թթ․ ընթացակարգերը, այն ժամանակ մասնակցում էին մի քանի ընկերություններ, իսկ վերջին ընթացակարգերում՝ բավական խոշոր, մասնակցում է ընդամենը մեկ մասնակից և, բնական է, որ հաղթող է ճանաչվում։ Ի՞նչ է ստացվում․ ինքը, իմանալով, որ ինչ-որ չափով այդ շուկայում մենաշնորհային դիրք ունի, բնական է, որ գնի բարձրացում է ենթադրում։ Այն, որ այդ նույն ընթացակարգերին ավելի քիչ ընկերություններ են մասնակցում, փաստում է, որ փոքր և միջին ընկերությունները մտավախություն՝ ունեն ապահովման հասնելու առումով, մտավախություն ունեն, որ ինչ-ինչ պատճառներով իրենց ծառայությունը կամ աշխատանքը չի ընդունվի, այսպիսով՝ նրանք մեծ վնասներ կկրեն։
Կարծում եմ, որ բանկային երաշխիքը անհարկի խոչընդոտ է այս ոլորտի ներկայացուցիչների համար։
Մենք առաջարկ ունենք, որ տարբերակված մոտեցում լինի։ Այսինքն՝ այն ընկերությունների համար, որոնք 3 տարի և ավելի իրենց ծառայությունը, պարատականությունն իրականացրել են պատշաճ, նրանց համար սահմանվեն որակավորման ապահովման տրամադրման այլ չափանիշներ։
Արփի Ավետիսյան
comment.count (0)