Դոնալդ Թրամփ

ԱՄՆ 45-րդ նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ։

Ծնվել է 1946թ. հունիսի 14-ին։ 1968 թվականին ավարտել է Փենսիլվանիայի համալսարանի Ուորթոնի դպրոցի տնտեսագիտության բակալավրիատը։ 1971 թվականին ժառանգել է հորը պատկանող անշարժ գույքի և բնակարանային շինարարության ընկերությունը, կարճ ժամանակ անց այն վերանվանելով «The Trump Organization»։ 1996-2015 թվականներին հանդես է եկել «Միսս ԱՄՆ» գեղեցկության մրցույթի ժյուրիի կազմում՝ տվյալ ժամանակահատվածում հանդիսանալով նաև տվյալ նախագծի սեփականատերը։ Կամեո ձևաչափով նկարահանվել է բազմաթիվ հեռուստաշոուներում և գեղարվեստական ֆիլմերում։

2000 թվականին ուժերն է փորձել ԱՄՆ նախագահական ընտրություններում, սակայն մասնակցության հայտը ետ է վերցրել քվեարկության նախօրեին։ Լայնամասշտաբ ճանաչման է հասել նաև «NBC»-ի հեղինակային «Աշակերտը» ռեալիթի հեռուստաշոուից, որի ժամանակ մասնակիցները պայքարում էին Թրամփի մոտ աշխատանքի անցնելու համար (2004-2015)։ 2016 թվականին «Ֆորբս» պարբերականի կողմից ճանաչվել է աշխարհի 324-րդ և ԱՄՆ-ի՝ 156-րդ ամենահարուստ անձ։ 

2015 թվականի հունիսին Թրամփը հայտարարում է ԱՄՆ նախագահական ընտրություններում մասնակցության մասին՝ արագորեն դառնալով Հանրապետական կուսակցության առաջադիրը։ 2016 թվականի մայիսին մնացած հանրապետական թեկնածուների մասնակցության դադարեցումից հետո, Թրամփն ի վերջո պաշտոնապես դառնում է ընտրություններում գլխավոր հանրապետական թեկնածուն։

2016 թվականի նոյեմբերի 8-ին ընտրվել է ԱՄՆ 45-րդ նախագահ` հաղթելով դեմոկրատ Հիլարի Քլինթոնին։ Նախագահի լիազորությունները Թրամփը ստանձնեց 2017 թվականի հունվարի 20-ին։ 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտվում է Ջոզեֆ Բայդենին։

Թրամփը հայտարարել է, որ իմպիչմենթի գործընթացը պետք է դադարեցնել |news.am|

Թրամփը հայտարարել է, որ իմպիչմենթի գործընթացը պետք է դադարեցնել |news.am|

news.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իմպիչմենթի գործընթացը պետք է դադարեցվի՝ Burisma ընկերության նկատմամբ հետաքննության ու Կիեւի ռազմական աջակցության միջեւ կապի բացակայության մասին Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Վադիմ Պրիստայկոյի հայտարարության ֆոնին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ Պրիստայկոն հայտարարել է, որ ԵՄ-ում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնլանդն իրեն չի հայտնել նման կապի մասին, եւ որ ինքը նման կապ երբեք չի տեսել: «Այդ իմպիչմենթը, վհուկների վրա որսը պետք է դադարեցվի՝ հաշվի առնելով երեկ Ուկրաինայի ԱԳՆ-ի եւ նախագահի կողմից արված հայտարարությունները»,-Twitter-ում գրել է Թրամփը: Ավելի վաղ դեմոկրատները Թրամփի իմպիչմենթի ընթացակարգ են սկսել Թրամփի քաղաքական ընդդիմախոս, նախկին փոխնախագահ Ջո Բայդենի դեմ քննություն անցկացնելու նպատակով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա շարունակական ճնշման պատճառով: Ինքը՝ Թրամփը հայտարարում է, որ Ուկրաինայի իշխանություններին կոչ է արել միայն պայքարել կոռուպցիայի դեմ, ինչի լիարժեք իրավունքն ուներ: Բայդենի որդին աշխատել է ուկրաինական Burisma էներգաընկերության տնօրենների խորհրդում, եւ Թրամփն առաջ է քաշել այն տեսությունը, որ Բայդեն ավագը հասել է Burisma-ի դեմ քննության դադարեցմանը եւ Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինի ազատմանը: Դեմոկրատները հայտարարում են, որ փաստերն այս տեսությունը չեն հաստատում, եւ Թրամփին մեղադրում են արտասահմանյան օգնությամբ իր քաղաքական հակառակորդից ազատվելու փորձերի մեջ: Եթե Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկի իմպիչմենթին, Սենատուն Թրամփի դեմ գործընթաց կսկսվի Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերտսի ղեկավարությամբ: Քվեարկություն կանցկացվի, եւ պաշտոնից Թրամփին հեռացնելու համար կպահանջվի Սենատի 2/3-ի մեծամասնության ձայները։ Այս պահին հանրապետականները չեն պատրաստվում քվեարկել Թրամփին հեռացնելու օգտին:
06:43 - 16 նոյեմբերի, 2019
Մեկնարկեց Թրամփի իմպիչմենտի գործընթացը |amerikayidzayn.com|

Մեկնարկեց Թրամփի իմպիչմենտի գործընթացը |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com։ Նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ պատմության երրորդ նախագահն է, ով առերեսվում է իմպիչմենտի լսումների հետ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում մեկնարկել են բաց լսումներ նախագահ Թրամփին իմպիչմենտի ենթարկելու շուրջ։ Ամերիկացի երկու դիվանագետներ վկայություն են տվել նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի գործով, ըստ որի՝ նախագահ Թրամփը լիազորել էր իր անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանիին զբաղվել Ուկրաինայի հարցով ի շահ սեփական քաղաքական նպատակների: «Ինձ համար տարօրինակ էր և անսովոր նման մոտցեցումը Ուկրաինայի քաղաքականության հարցում: Փաստորեն, առկա էին այս ուղղությամբ ամերիկյան քաղաքականության իրականացման երկու խողովակներ, որոնցից մեկը՝ սովորական, իսկ մյուսը՝ չափազանց առանձնահատուկ»,- նշել է դեսպան Վիլիամ Թեյլորը: Դեսպան Թեյլորը և ԱՄՆ պետքարտուղարության մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա Ջորջ Քենթը նշել են, որ Թրամփին ավելի շատ հետաքրքրում էր Ուկրաինային տրամադրվող օգնությունը իր քաղաքական հակառակորդ Ջո Բայդենի և նրա որդու նկատմամբ հետաքննություն սկսելու տեսանկյունից: Ներկայացուցիչների պալատի հետախուզական հարցերով հանձաժողովի նախագահ կոնգրեսական Ադամ Շիֆի կարծիքով իմպիչմենտի գործընթացը պետք է բացահայտի, թե արդյոք նախագահ Թրամփը փորձել է օգտագործել օտար երկրի խոցելիությունը և հնարավորությունները ԱՄՆ ներքաղաքական կյանքում, արդյոք նա չարաշահել է իր իշխանությունը և որքանով է այս ամենը համատեղելի նախագահի պաշտոնը զբաղեցնելու հետ: Սակայն նախագահ Թրամփը հերքում է որևէ օրինախախտում՝ նվազեցնելով այս գործընթաի կարևորությունը և այն համեմատելով հեռուստատեսային շոուի հետ: Հանրապետականները ևս աջակցում են Թրամփին՝ պնդելով, որ օգնությունը Ուկրաինային ի վերջո տրամադրվել է, սակայն որևէ հետաքննություն Բայդենների վերաբերյալ Ուկրաինայում այդպես էլ չի սկսվել: Սոցիոլոգիական հարցումները սակայն ցույց են տալիս, որ հանրության զգալի հատվածը աջակցում է իմպիչմենտի գործընթացը: Դեմոկրատները հույս ունեն այս հարթակի վրա հասնել քաղաքական հաղթանակի: «Իմպիչմենտը քաղաքական գործընթաց է: Սահմանադրությունն այն դիտարկոմ է հենց այս կտրվածքով»,- ասում է Սուսան Լո Բլոչը Ջորջթաուն համալսարանից: Հանձնաժողովը մինչև մյուս շաբաթվա վերջ կլսի ևս 9 վկաներին, իսկ մինչև տարվա վերջ իմպիչմենտի վերաբերյալ հարցը կդրվի քվերակության Ներկայացուցիչների պալատում: Եթե օրինագիծը անցնի, ապա այն կտեղափոխվի Սենատ, որը պետք է վերջնական որոշում կայացնի նախագահի հեռացման կամ հետագա պաշտոնավարման վերաբերյալ:
08:05 - 15 նոյեմբերի, 2019
Մենք զինվորականներին միայն նավթի համար ենք թողել․ Թրամփը՝ Սիրիայի մասին |news.am|

Մենք զինվորականներին միայն նավթի համար ենք թողել․ Թրամփը՝ Սիրիայի մասին |news.am|

news.am: Միացյալ Նահանգները միայն նավթային հանքավայրերի համար է պահպանում իր ռազմական ներկայությունը Սիրիայում։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Մենք ունենք նավթ։ Նավթն անվտանգության մեջ է։ Մենք զինվորականներին միայն նավթի համար ենք թողել»,- ասել է Թրամփը։ «Ինչպես ձեզ հայտնի է, մենք մեր զինվորականներին վերջերս տարել ենք հետ, քանի որ, ինչպես ինձ է թվում, եկել է ժամանակը, որ մենք անհանգստանանք ոչ ուրիշների սահմանների համար, ես ուզում եմ անհանգստանալ մեր սահմանների համար»,- պարզաբանել է ամերիկյան առաջնորդը։ «Կրակի դադարեցման ռեժիմը շատ լավ պահպանվում է։ Մենք խոսել ենք քրդերի հետ, եւ նրանք, դատելով ամեն ինչից, շատ գոհ են։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Էրդողանին այն աշխատանքի համար, որ նա արել է»,- ասել է Թրամփը։
05:05 - 14 նոյեմբերի, 2019
Թրամփը նամակ է գրել Էրդողանին՝ 100 մլրդ դոլարի գործարքի առաջարկով. The Washington Post |shantnews.am|

Թրամփը նամակ է գրել Էրդողանին՝ 100 մլրդ դոլարի գործարքի առաջարկով. The Washington Post |shantnews.am|

shantnews.am։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել է 100 մլրդ դոլար առևտրային գործարք։ Այս մասին հայտնում The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Պարբերականը նշում է, որ բացի այդ, ԱՄՆ նախագահը մտածել է պատժամիջոցներին առնչվող իրադրության կարգավորման շրջանցիկ ուղի։ Այդ պատժամիջոցներով Վաշինգտոնը սպառնում է Անկարային՝ ռուսական С-400 զենիթա-հրթիռային համալիրների գնման դիմաց։ Նամակն ուղարկվել է անցած շաբաթ։ Դրանում ընդգրկված առաջարկները կոչված են բարելավել երկկողմ հարաբերությունները։ Աղբյուրների փոխանցմամբ՝ այժմ Սպիտակ տունը պնդում է, որպեսզի С-400-ները չշահագործվեն, որպեսզի դրանք չկարողանան հասանելիություն ունենալ ամերիկյան F-35 կործանիչների հաղորդակցության ու պաշտպանական միջոցներին։ Այդ դեպքում Անկարան կարող է վերադառնալ բազմաֆունկցիոնալ F-35 կործանիչների ստեղծման ծրագիր և խուսափել պատժամիջոցներից։ Ինչպես գրում է WP-ն, ամերիկացի օրենսդիրերի կողմից սպասվում է քննադատությունների տարափ։ Մոտավորապես նույն պայմանները Վաշինգտոնն արդեն առաջարկել է Անկարային հոկտեմբերին՝ Սիրիայում օպերացիայի դադարեցման նպատակով, սակայն փորձն անհաջող է եղել։
05:18 - 13 նոյեմբերի, 2019
Թրամփը կհայտարարի Եվրոպայից մեքենաների ներկրման սակագներ մտցնելը հետաձգելու մասին |news.am|

Թրամփը կհայտարարի Եվրոպայից մեքենաների ներկրման սակագներ մտցնելը հետաձգելու մասին |news.am|

news.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամենայն հավանականությամբ այս շաբաթ կհայտարարի այն մասին, որ հետաձգում է Եվրոպական միությունից ներկրվող ավտոմեքենաների եւ դրանց պահեստամասերի սակագներ մտցնելը եւս վեց ամսով։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով ԵՄ պաշտոնյաներին։ «Մենք հստակ ցուցումներ ունենք վարչակազմից, որ այս շաբաթ սակագներ չեն մտցվի»,- ասել է ԵՄ պաշտոնյաներից մեկը։ Որոշում ընդունելու վերջնաժամկետը եվրոպական մեքենաների ներկրման համար 25 տոկոս սակագին մտցնելու մասին՝ ազգային անվտանգության նկատառումներով, լրանում է այս հինգշաբթի։ ԱՄՆ առեւտրի նախարար Ուիլբեր Ռոսը նոյեմբերի 3-ին ասել էր, որ այդ սակագները կարող են պետք չգալ Եվրամիության, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի ավտոարտադրողների հետ բանակցությունների անցկացումից հետո։ Անցած տարվա մայիսին Թրամփը հետաձգել էր տուրքեր մտցնելու մասին որոշումը վեց ամսով, եւս մեկ հետաձգումը ողջ աշխարհի ավտոարտադրողներին թույլ կտա թեթեւ շնչել։ ԵՄ պաշտոնյաներն ասել են, որ, չնայած սակագների հետաձգման հավանականությանը, Թրամփի գործողություններն անկանխատեսելի են, եւ նա, հավանաբար, կպահպանի սպառնալիքը մեքենաների սակագների հետ կապված, քանի որ ԱՄՆ-ը եւ ԵՄ-ը կշարունակեն առեւտրային բանակցությունները եկող տարի։ «Մենք կարծում ենք, որ առայժմ ոչինչ տեղի չի ունենա, բայց սակագների սպառնալիքը կմնա որպես ճնշման լծակ»,- ասել է եվրոպացի դիվանագետը։
07:36 - 12 նոյեմբերի, 2019
Նյու Յորքի դատարանը Դոնալդ Թրամփին տուգանել է 2 միլիոն դոլարով |azatutyun.am|

Նյու Յորքի դատարանը Դոնալդ Թրամփին տուգանել է 2 միլիոն դոլարով |azatutyun.am|

azatutyun.am: Նյու Յորքի գերագույն դատարանի դատավոր Սելիեն Սկարպուլան երկու միլիոն դոլարով տուգանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, վճռելով, որ Թրամփն իր բարեգործական հիմնադրամի միջոցներն օգտագործել է քաղաքական և գործարար շահերի համար: Նյու Յորքի նահանգի գերագույն դատարանի դատավոր Սկարպուլան պահանջել է, որ Թրամփը՝ որպես հատուցում, այդ գումարը փոխանցի շահույթ չհետապնդող կազմակերպություններին և այդպես լուծի նահանգի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսի ներկայացրած քաղաքացիական հայցը: Գլխավոր դատախազը 2018 թվականի հունիսին հայց է ներկայացրել և նախագահին մեղադրել է «Թրամփի հիմնադրամ» կառույցը 2016 թվականի նախընտրական արշավի համար ապօրինի եղանակով ծառայեցնելու մեջ: Մասնավորապես, ըստ Նյու Յորքի նահանգի գլխավոր դատախազի, Թրամփն իր նախընտրական թիմի անդամներին թույլատրել է 2016 թվականին Այովայի նահանգնում նախատեսված ներկուսակցական հավաքների ընթացքում համագործակցել վետերանների համար գումարներ հայթայթող բարեգործական հիմնադրամի հետ: Ըստ դատավոր Սկարպուլայի, այդ միջոցառման նպատակն էր սատարել Թրամփի նախընտրական արշավին: Թրամփը համաձայնել է փակել այդ բարեգործական կառույցը, սակայն գործի քննությունը շարունակվել է: Հետագայոում Թրամփի փաստաբանները դատարանի հետ հասել են համաձայնության, ըստ որի կառույցը լուծարվում է և դրա հաշվեհամարին մնացած 1 միլիոն 700 հազար դոլարը փոխանցվում է ոչ շահութաբեր այլ կազմակերպություններին: Թրամփն անձամբ է խոստովանել հիմնադրամի միջոցները ոչ նպատակահարմար եղանակով տնօրինելու հանգամանքը և ընդունել է գլխավոր դատախազի առաջարկն այն մասին, որ դատավորը պետք է որոշի տուգանքի չափը:
12:04 - 08 նոյեմբերի, 2019
ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ քվեարկության կդրվի Թրամփի իմպիչմենտի վերաբերյալ բանաձևը |tert.am|

ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ քվեարկության կդրվի Թրամփի իմպիչմենտի վերաբերյալ բանաձևը |tert.am|

tert.am: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հինգշաբթի՝ հոկտեմբերի 31-ին, քվեարկության է դրվելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի վերաբերյալ բանաձևը: Այդ մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, РБК-ի փոխանցմամբ՝ հայտնում է The Washington Post-ը: Աղբյուրի հաղորդմամբ՝ բանաձևը հաստատելու է հանրային լսումների ընթացակարգը և թույլ է տալու հրապարակել վկաների հարցաքննությունների ձայնագրությունները: Պատգամավոր Ջիմ Մակգովերնը նշել է, որ այս շաբաթ բանաձև կներկայացնի իմպիչմենտի հիմքերի վերաբերյալ հետաքննության «թափանցիկությունն ապահովելու համար»: Այսպիսով, դա կլինի իմպիչմենտի գործընթացի վերաբերյալ առաջին պաշտոնական քվեարկությունը Ներկայացուցիչների պալատում: Կոնգրեսի Դեմոկրատական կուսակցության անդամներն այժմ հետաքննություն են անցկացնում Թրամփի իմպիչմենտի գործընթացի շրջանակում, իսկ Հանրապետականները նրանց մեղադրում են, որ գործընթացը չի ձևակերպվել պատշաճ կերպով՝ չի դրվել ընդհանուր քվեարկության: Փելոսին հայտարարել է, որ դրա անհրաժեշտություն չկա, քանի որ հանձնաժողովներն ունեն բոլոր իրավունքները հետաքննություն իրականացնելու համար:
06:30 - 29 հոկտեմբերի, 2019
Թրամփը մտադիր է Սիրիայի արևելքում 200 հոգուց բաղկացած ամերիկյան զորակազմ թողնել. NYT |tert.am|

Թրամփը մտադիր է Սիրիայի արևելքում 200 հոգուց բաղկացած ամերիկյան զորակազմ թողնել. NYT |tert.am|

tert.am։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Սիրիայի արևելքում 200 հոգուց բաղկացած ամերիկյան զորակազմ թողնել, գրում է The New York Times թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Պարբերականի աղբյուրների համաձայն՝ ենթադրվում է, որ խոսքը կարող է վերաբերել հատուկ նշանակության զորքերին: Նրանք կմասնակցեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին, ինչպես նաև «կարգելափակեն ռուսական ուժերի և սիրիական կառավարության կազմավորումների առաջխաղացումը» դեպի նավթաբեր շրջաններ: Հրապարակման մեջ նշվում է, որ ամերիկացի զինվորականները կօգնեն քրդերին պահպանել վերահսկողությունն այդ շրջանների նկատմամբ: Հոդվածում նշվում է, որ ամերիկյան ուժերը կարող էին տեղակայվել Սիրիայի և Իրաքի միջև սահմանի մոտ: Աղբյուրների խոսքով՝ այդ հնարավորությունն արդեն քննարկել են ԱՄՆ պաշտոնյաները։ Հրապարակման մեջ նշվում է, որ Թրամփն ավելի վաղ արդեն բազմիցս փոխել է Սիրիայի հարցով իր ծրագրերը:
06:12 - 21 հոկտեմբերի, 2019
Էրդողանն իմ ընկերն է, և սա հիանալի օր է բոլորիս համար. Թրամփն արձագանքել է Սիրիայում կրակի դադարեցման մասին որոշմանը |tert.am|

Էրդողանն իմ ընկերն է, և սա հիանալի օր է բոլորիս համար. Թրամփն արձագանքել է Սիրիայում կրակի դադարեցման մասին որոշմանը |tert.am|

tert.am։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանին ընկեր է անվանել և շեշտել, որ Անկարայի դեմ նոր պատժամիջոցներ այլևս չեն կիրառվի: «Պատժամիջոցների անհրաժեշտություն չի լինի, քանի որ Թուրքիան անում է այն, ինչ անում է»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է ԱՄՆ առաջնորդը: «Ես կցանկանայի շնորհավորել նախագահ Էրդողանին, նա իմ ընկերն է, և ես ուրախ եմ, որ մենք որևէ խնդիր չունեցանք», - նշել է Թրամփը՝ հավելելով՝ «նա ճիշտ գործեց, և ես իսկապես գնահատում եմ դա»: Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ նոյեմբերին Էրդողանին սպասում է Վաշինգտոնում: Թրամփը նաև խոստովանել է, որ հույս չի ունեցել, որ Թուրքիայի հետ այդքան արագ համաձայնության կգան Սիրիայի հյուսիսում կրակի դադարեցման հարցի շուրջ: «Ամեն ինչ սպասվածից լավ ստացվեց, սա հիանալի օր է ԱՄՆ-ի համար, սա հիանալի օր է Թուրքիայի համար, սա հիանալի օր է մեր դաշնակիցների համար, հիանալի օր է քրդերի համար և նաև հիանալի օր է ողջ քաղաքակրթության համար»,- եզրափակել է ԱՄՆ նախագահը:
04:57 - 18 հոկտեմբերի, 2019