Լոռու մարզ

ՀՀ Լոռու մարզը տարածքի մեծությամբ երրորդն է հանրապետությունում (զբաղեցնում է ՀՀ տարածքի 12.7 %-ը): Գտնվում է հանրապետության հյուսիսում, սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը (110կմ երկարությամբ), արեւմուտքից Շիրակի, արեւելքից Տավուշի, հարավից Կոտայքի եւ Արագածոտնի մարզերին: Սահմանամերձ բնակավայրերն են Արծնի, Ապավեն, Ձորամուտ, Պաղաղբյուր, Ջիլիզա:

Մարզի տարածքով են անցնում Թբիլիսի-Երեւան երկաթուղու մի հատվածը:
ՀՀ Լոռու մարզն ընդգրկում է Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Գուգարքի տարածաշրջանները, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր, Ախթալա, Թումանյան, Շամլուղ քաղաքները:

Լոռու մարզի ասֆալտապատման աշխատանքներում անորակ նյութեր են օգտագործվել. ընկերություններից մեկը Վանաձորի նախկին քաղաքապետի հետ է կապվում |hetq.am|

Լոռու մարզի ասֆալտապատման աշխատանքներում անորակ նյութեր են օգտագործվել. ընկերություններից մեկը Վանաձորի նախկին քաղաքապետի հետ է կապվում |hetq.am|

hetq.am: Լոռու մարզի 4 համայնքում սուբվենցիոն ծրագրերով նախատեսված ասֆալտապատման աշխատանքներում հայտնաբերվել են չարաշահումներ: Շինարարական աշխատանքներ կատարած ընկերություններից երկուսը կապվում են Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի և Լոռու նախկին փոխմարզպետ Արսեն Դարբինյանի անունների հետ: Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Լոռու մարզպետի դիմումի հիման վրա ուսումնասիրություն են սկսել և առերևույթ փաստական տվյալներ ձեռք բերել, որ ասֆալտապատման աշխատանքների ընթացքում անորակ նյութեր են օգտագործվել, ինչպես նաև կեղծվել են ասֆալտբետոնե ծածկից վերցված հանուկների լաբորատոր փորձարկումների արձանագրությունները: «Արգիշտի-1» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնեմասերը պատկանում են Վանաձորը 17 տարի ղեկավարած Սամվել Դարբինյանին, մյուս 50 տոկոսը պատկանում է վերջինիս եղբորը` Սեյրան Դարբինյանին: Ի դեպ, ընկերությունն անվանակոչվել է ի պատիվ Դարբինյանի կրտսեր որդու` Արգիշտի Դարբինյանի: Այժմ էլ գործադիր տնօրենը Սեյրան Դարբինյանն է: Ընկերությունը շուրջ 35 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել Ստեփանավանի քաղաքապետարանի հետ` ներհամայնքային փողոցների հիմնանորոգման աշխատանքների համար: Ուշագրավն այն է, որ միայն 2019 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը շուրջ 441 միլիոն դրամ արժողությամբ երեք պայմանագիր է կնքել այս ընկերության հետ`  Հանրապետության ճանապարհների վերանորոգման և պահպանման աշխատանքների համար: Մյուս ընկերությունը «Ճանապարհ» ՓԲԸ-ն է, պետռեգիստրը փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետերերի վերաբերյալ ինֆորմացիա չի հաղորդում: Ընկերության հիմնադրվելուց` 1997 թվականից մինչ 2003 թվականը գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցրել է Սամվել Դարբինյանի հորեղբորորդին` Արմեն Դարբինյանը: Դարբինյանը 2003 թվականին նշանակվել է բնապահպանության փոխնախարար` հրաժարվելով ընկերության գործադիր տնօրենի պաշտոնից: 2003-ից մինչ այժմ ՓԲԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնում է Սպիտակ քաղաքի բնակիչ Սամվել Արղամանյանը: «Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ․ այս ընկերության բաժնետերերի մասին ևս որևէ ինֆորմացիա չենք կարող պարզել, ընկերության գործադիր տնօրենը Ալավերդու բնակիչ Մուկուչ Տիտանյանն է: Մինչ այդ գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցրել է Մուկուչ Տիտանյանի հայրը` Սամվել Տիտանյանը: Հաջորդ ընկերությունը «Մ բուատ» ՍՊԸ-ն է, ընկերության 100 տոկոս բաժնեմասերը գրանցված են Երևանի բնակիչ Լիդա Գարսևանյանի անունով: Այս ընկերության հետ պամանագիր է կնքել Վանաձորի քաղաքապետարանը: Խախտումներով կատարված ասֆալտապման պատճառով Վանաձոր համայնքին հասցվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս: Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց` ընկերությունը պարտավոր է իր թերությունները շտկել: Շարունակությունը՝ hetq.am-ում
09:43 - 09 ապրիլի, 2020
Ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի տարածքը համայնքին վերադարձնելու հարցով Լոռու մարզի դատախազը դիմել է մարզպետին և համայնքի ղեկավարին

Ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի տարածքը համայնքին վերադարձնելու հարցով Լոռու մարզի դատախազը դիմել է մարզպետին և համայնքի ղեկավարին

Լոռու մարզի դատախազությունում կատարված՝ քրեական գործի նախաքննության օրինականության ստուգմամբ պարզվել է, որ Ալավերդի համայնքին պատկանող՝ Կա­խոյան փողոցում գտնվող պատկերասրահի տարածքի նկատմամբ, առանց իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի, գրանցվել է այլ անձի սեփականության իրավունքը, որի հետևանքով համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս։ Մասնավորապես, 2018թ. դեկտեմբերին «Հետք» էլեկտրոնային թերթի թղթա­­կիցը ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է տվել առ այն, որ լրագրողական հետաքննության արդյունքում պար­­զել է, որ «Հայաստանի ազգային պատկերասրահի» Ալավերդու մասնաշենքը հանդիսացել է Ալավերդի քա­ղա­քի սեփակա­նութ­յունը, որը, կատարված կեղծիքների արդյունքում, Լոռու մարզի ընդ­հա­նուր իրա­վասության առաջին ատյանի դատա­րանի վճռով հանձնվել է «Հայէկո­նոմ­բանկ» ՓԲԸ-ի սեփականությանը: Դեպքի առթիվ 2018թ. դեկտեմբերի 31-ին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուց­վել է քրեական գործ: Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 1997թ. մարտի 14-ին, ՀՀ կառավարության թիվ 51 որոշ­մամբ Կա­խոյան փողոցում գտնվող կահույքի նախկին թիվ 18 խանութի շենքը, որը վերածվել էր ցուցասրահի, սեփականության իրա­վուն­քով հանձնվել է Ալա­­վերդի քաղաքային համայնքին: Մինչ այդ՝ 1996թ. դեկտեմ­բերի 30-ին, «Հայէկոնոմբանկ» ՓԲ ընկերության Թումանյանի մասնաճյուղի կողմից հայցադիմում է ներկայացվել Վանաձոր քաղաքի ժող­դա­տարան՝ Ալավերդու Քաղառի կողմից 41.392.000 ՀՀ դրամ գումար պարտքը չմա­րե­լու հա­մար Քաղառին սնանկ ճանաչելու պահանջով: 1997 թվականի հունիսի 19-ին Վանա­ձո­րի քաղաքի ժողդատարանի որոշմամբ Ալավերդու Քաղառը ճանաչվել է սնանկ: 1997թ. օգոստոսի 08-ին դատարանի կողմից որոշում է կայացվել Ալավեր­դու Քաղառի գույքն ուղղակի գործարքով և աճուրդով վաճառելու մասին: 1997թ. օգոստոսի 11-ին սնանկության կառավաիրչը դատա­րա­­նին տրամադրել է Ալավերդու Քաղառի լուծարանային հանձնաժողովի կող­մից վաճառ­վող օբյեկտների ցանկի և վաճառքի նախնական գների վերաբերյալ տեղե­կատվություն, որոնց թվում՝ նաև պատկերասրահի տարածքը, որի նախ­նա­կան գին է սահմանվել 5.000.000 ՀՀ դրամը: Լոռու մարզի առաջին ատյանի դատա­րա­նի 1999թ. ապրիլի 23-ի որոշմամբ Կախոյան 7 հաս­ցե­ում գտնվող թիվ 18 խանութը, ի թիվս այլ օբյեկկտների, պարտքի դի­մաց հանձնվել է «Հայ­էկո­նոմբանկ» ՓԲ ընկերության Թումանյանի մասնաճյուղին: Մինչդեռ Ալավերդի համայնքի 2 ղեկավարները ոչ 1997թ. և ոչ էլ 1999թ. որևէ առարկություն չեն ներկայացրել պատկերասրահի տարածքի վաճառքի օրինականության վերաբերյալ՝ այն դեպքում երբ ՀՀ կառավարության 1վերոնշյալ որոշմամբ այդ հասեցում գտնվող թիվ 18 խա­նութի բաղկա­ցու­ցիչ մաս կազմող «Հայաստանի ազգային պատկերասրահի» Ալավեր­դու մաս­նաշենքը հանձնված է եղել Ալավերդի քաղաքի սեփականությանը: Այսինքն, ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների՝ 1997 և 1999 թվականներին Ալավերդի քաղաքի նախկին 2 քաղաքապետերը Վ. Լալայանը և Կ. Եսայանը, պատ­շաճ չեն կա­տա­րել իրենց վրա դրված պար­տա­­կա­նութ­­­յունները և հետևողական չեն եղել, որպեսզի հա­մայնքի սե­փա­կա­նությանը հանձնված գույքը չներառվի ու չօտարվի այլ կազմակերպության սե­փա­­կա­նություն հանդիսացող գույքերի հետ միասին: Քրեական գործի նախաքննության ընթացքում վերջիններս դիմումներ են հասցեագրել նախաքննական մարմին՝ ընդունելով, որ այդ հարցում աշխատանքի կատար­ման նկատ­­մամբ դրսևորել են ան­փույթ վերաբերմունք՝ և խնդրելով իրենց նկատմամբ քրեա­կան հե­տա­պնդում չիրականացնել՝ քրեա­կան պատասխա­նատվության ենթարկելու վաղե­մութ­յան ժամ­կետներն անցնելու հիմքով: Այսինքն քննչական մարմնում կատարված նախաքննությամբ հաստատվել է համայնքի օրինական շահերի նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու փաստը, հետևաբար քրեական հետապնդումը բացառող վերը հիշատակված հանգամանքների առկայության պայմաններում կայացվել են վաղեմությունն անցած լինելու հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու և վարույթը կարճելու որոշումներ: Սակայն նկատի ունենալով, որ ենթադրյալ հանցագործության հետևանքները չեն վերացվել՝ Լոռու մարզի դատախազ Գարեգին Մանուկյանը գրություն է հասցեագրել ՀՀ Ալավերդի համայնքի ղեկավար Ս. Խեչումյանին և Լոռու մարզպետ Ա. Ղուկասյանին: Մարզի դատախազը բարձրացրել է տեղական ինքնակառավարման մարմնում հետագայում նմանատիպ երևույթները բացառելու հարցը: Միաժամանակ միջնոդրագրով դրվել է Ալավերդի քաղաքի Թումանյան 44 և 44/1 հասցեներում /նախկինում Ալավերդի քաղաքի Կա­խոյան փողոցի 7 հասցեում/ գտնվող պատկերասրահի շենքի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը վերացնելու /անվավեր ճանաչելու/ պահանջով ՀՀ վարչական դատարան հայցադիմում ներկայացնելու և համայնքի օրինական շահերը վերականգնելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու հարցը՝ նկատի ունենալով, որ օրենսդրությամբ այդ գործառույթը վերջիններիս իրավասության շրջանակներում է, և  նրանք են հանդիսանում պատշաճ հայցվոր:
16:59 - 07 ապրիլի, 2020
Լոռու մարզի մի քանի համայնքներում կատարված ճանապարհաշինության գործընթացներում հայտնաբերվել են կոռուպցիոն սխեմատիկ չարաշահումներ․ հարուցվել են քրգործեր

Լոռու մարզի մի քանի համայնքներում կատարված ճանապարհաշինության գործընթացներում հայտնաբերվել են կոռուպցիոն սխեմատիկ չարաշահումներ․ հարուցվել են քրգործեր

Լոռու մարզի թվով 4 համայնքների վարչական տարածքներում սուբվենցիոն ծրագրերով նախատեսված ասֆալտապատման աշխատանքների կատարման ընթացքում հայտնաբերվել են միևնույն սխեմայով կատարված առանձնապես խոշոր չափերի չարաշահումներ: 2020թ. մարտի 23-ին ՀՀ Լոռու մարզպետը մարզի դատախազություն հասցեագրված գրությամբ տեղեկություններ է հայտնել մարզի վարչական տարածքում սուբվենցիոն ծրագրերով նախատեսված ասֆալտապատման աշխատանքների կատարման ընթացքում կապալառու կազմակերպությունների կողմից անորակ աշխատանքներ կատարելու, ինչպես նաև «ընկերությունների կողմից ասֆալտբետոնե հանուկների փորձարկման արդյունքների վերաբերյալ իրարամերժ տեղեկություններ ներկայացվելու վերաբերյալ։ Մարզի դատախզությունից դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներ՝ դրանցում նշված հանգամանքները քրեադատավարական կարգով ստուգելու հանձնարարությամբ: Արդյունքում՝ ՀՀ ոստիկանության Տարոնի,  Թումանյանի, Ստեփանավանի բաժիններում նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ, որ 2019թ. հուլիս և սեպտեմբեր ամիսներին Վանաձորի,  Ախթալայի, Օձունի և Ստեփանավանի համայնքապետարանները առանձին 3 առևտրային ընկերությունների հետ կնքել են համայնքապետարանների կարիքների համար պետական գնման պայմանագրեր: Մասնավորապես՝ կապալառու ընկերությունները պարտավորվել են Վանաձոր համայնքի դեպքում ընդհանուր շուրջ 210մլն ՀՀ դրամ գումարով, Օձուն համայնքի դեպքում՝ շուրջ 65մլն դրամ գումարով, Ախթալա համայնքի դեպքում՝ ընդհանուր 49․500․000 գումարով և  Ստեփանավան խոշորացված համայնքի դեպքում՝ ընդհանուր 35մլն դրամ գումարով պայմանագրերով նախատեսված ծավալներով, ձևով և ժամկետներում կատարել համայնքների փողոցների հիմնական կամ մասնակի նորոգման, ասֆալտապատման աշխատանքներ:   Հետագայում, սակայն, կապալառու կազմակերպությունների իրավասու անձինք, փաստացի միևնույն սխեման կիրառելով, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, նպատակ ունենալով խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակել, հիշյալ աշխատանքների կատարման ընթացքում օգտագործել են անորակ նյութեր, ապա նախնական համաձայնության գալով շինարարական նյութերի լաբորատոր փորձարկումներ և սերտիֆիկացման ծառայություններ մատուցող առևտրային 2 կազմակերպությունների ծառայողների հետ, ձեռք են բերել ասֆալտբետոնե ծածկից վերցված հանուկների լաբորատոր փորձարկումների վերաբերյալ բովանդակությամբ կեղծ արձանագրություններ: Դրանցում ներառվել են ասֆալտբետոնե խառնուրդը ՀՀ-ում գործող ստանդարտներին բավարարելու, այսինքն ասֆալտբետոնե նմուշների հաստությունը, հանուկի քաշը, միջին խտությունը և խտացված գործակիցները նորմատիվային պահանջներին համապատասխանելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ: Ապա նրանք կազմել են կատարողական ակտեր և ասֆալտբետոն խառնուրդի լաբորատոր փորձարկման և արդեն տեղադրված ծածկույթների հանույթի լաբորատոր փորձարկման բովանդակությամբ կեղծ ակտերի հետ միասին ներկայացրել են համայնքապետարաններ: Արդյունքում, Վանաձորի համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց մոլորության մեջ գցելով, առանձին փողոցների մասով փաստացի չկատարված և անորակ աշխատանքների դիմաց կապալառու կազմակերպությանն անհիմն փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 30մլն դրամ գումար, որով  խարդախությամբ համայնքին պատճառվել է նույնքան վնաս: Իսկ մյուս երեք համայնքների դեպքում առերևույթ հանցագործությունն ավարտին հասցնել չի հաջողվել, քանի որ «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից նույն ճանապարհների մակերևույթներից վերցված կրկնակի նմուշառումների փորձարկման արդյունքում հայտնաբերվել է աշխատանքների անորակ կատարման և ՀՀ-ում գործող ստանդարտներին ու նորմատիվային պահանջներին չհամապատասխանելու փաստը: Այդ պատճառով աշխատանքները գնահատվել են անբավարար, իսկ համայնքները  կապալառու ընկերություններին չեն վճարել  պայմանագրով նախատեսված գումարների մի մասը: Նշված առերևույթ չարաշահումների փաստերի առթիվ Լոռու մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 34-178-րդ  հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 34-178-րդ  հոդվածի 2-րդ մասի 1․1-րդ, 2-րդ կետերի, 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է երեք քրեական գործ, որոնք նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։ Բացի այդ, մարզի դատախազության անմիջական հսկողության ներքո համանման փաստական հանգամանքներով մեկ քրեական գործ հարուցվել է նաև ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնում, որը նույնպես նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։
19:04 - 06 ապրիլի, 2020
Այսօրվա դրությամբ Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության ևս 2 դեպք․ մարզպետ

Այսօրվա դրությամբ Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության ևս 2 դեպք․ մարզպետ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի՛ լոռեցիներ, Այսօրվա դրությամբ Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության ևս 2 դեպք:                                Այսպիսով, մեր մարզում ընդհանուր դեպքերի թիվը հասավ 5-ի: Վարակված անձանց հետ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակը պարզված է, բոլորը մեկուսացված են:Սա ևս մեկ անգամ մեզ սթափության կոչ հնչեցնելու առիթ է տալիս:Չնայած Պարետի ցուցումով սահմանված ավելի խիստ սահմանափակումներին և մեր ամենօրյա վերահսկողությանը, շատ քաղաքացիներ պարզապես չեն ուզում հասկանալ պահի լրջությունը և յուրաքանչյուրն իր հերթին վստահ է, որ վարակը իրեն կամ իր ընտանիքի որևէ անդամի երբևէ չի հասնի:Մինչդեռ վարակից կարող ենք խուսափել միայն այն դեպքում, երբ, որպես օրինապահ քաղաքացիներ, ամենայն ճշգրտությամբ կատարենք բոլոր ցուցումները: Ցավոք, այդպես չէ: Հատկապես այսօր, մարզկենտրոն Վանաձորում ականատես եղա մարդկանց բազմաթիվ կուտակումների, ինչը բացարձակապես անընդունելի եմ համարում:       Եվս մեկ անգամ կրկնում եմ, ամեն ինչ արվում է միմիայն բոլորիս անվտանգության ապահովման համար:Իրավիճակը մեր մարզում վերահսկվում է տարբեր կառույցների համագործակցված աշխատանքի շնորհիվ:Կրկին անգամ խնդրում և հորդորում եմ՝ հետևել պարետի ցուցումներին տնից դուրս գալով միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Մի վտանգեք Ձեր ու Ձեր հարազատների առողջությունը և կյանքը»:
15:59 - 02 ապրիլի, 2020
Լոռիում ունենք կորոնավիրուսով վարակման 3 դեպք. նրանց շփման շրջանակը մեկուսացված է. մարզպետ

Լոռիում ունենք կորոնավիրուսով վարակման 3 դեպք. նրանց շփման շրջանակը մեկուսացված է. մարզպետ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնաով մարզում արձանագրված վարակման դեպքերին: «Հարգելի՛ լոռեցիներ, տեղեկացնեմ, որ այս պահի դրությամբ Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության 3 դեպք: Վարակված անձանց հետ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակը պարզված է, բոլորը մեկուսացված են: Իրավիճակը մեր մարզում վերահսկվում է ՀՀ առողջապահության նախարարության, հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի կողմից: Արտակարգ իրավիճակի պայմաններում պարետի ցուցումների կատարման ու վարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների ապահովումը գտնվում է իմ շուրջօրյա ուշադրության կենտրոնում: Հորդորում եմ զերծ մնալ կեղծ կամ չճշտված տեղեկատվություն տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին: Խնդրում և հորդորում եմ հետևել պարետի ցուցումներին/ սահմանափակումներին և մնալ տանը’ դուրս գալով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:Մի վտանգեք Ձեր և Ձեր հարազատների առողջությունը և կյանքը: Հ.Գ. Որպեսզի թյուրըմբռնում չառաջանա իմ և ԱՆ կողմից հրապարակած թվերի հետ կապված, ասեմ, որ ԱՆ արձանագրած 4-րդ դեպքով հաստատված բնակիչը նախկինում ապրել է Լոռիում, սակայն մի քանի տարի է, բնակվում է Երևանում, որտեղ էլ արձանագրվել է դեպքը»,-գրել է մարզպետը:
12:51 - 01 ապրիլի, 2020
Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության 3 դեպք․ մարզպետ

Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության 3 դեպք․ մարզպետ

Այս պահի դրությամբ Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության 3 դեպք: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Լոռու մարզպես Անդրեյ Ղուկասյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․«Վարակված անձանց հետ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակը պարզված է, բոլորը մեկուսացված են:-Իրավիճակը մեր մարզում վերահսկվում է ՀՀ առողջապահության նախարարության, հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի կողմից:-Արտակարգ իրավիճակի պայմաններում պարետի ցուցումների կատարման ու վարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների ապահովումը գտնվում է իմ շուրջօրյա ուշադրության կենտրոնում: Հորդորում եմ զերծ մնալ կեղծ կամ չճշտված տեղեկատվություն տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին: Խնդրում և հորդորում եմ հետևել պարետի ցուցումներին/ սահմանափակումներին և մնալ տանը' դուրս գալով միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Մի վտանգեք Ձեր և Ձեր հարազատների առողջությունը և կյանքը»: 
20:42 - 31 մարտի, 2020
Լոռու մարզի դատախազությունը հայտնաբերել է պետությանը պատճառված մոտ 1 մլրդ դրամի վնաս․ 184 մլն դրամը վերականգնվել է

Լոռու մարզի դատախազությունը հայտնաբերել է պետությանը պատճառված մոտ 1 մլրդ դրամի վնաս․ 184 մլն դրամը վերականգնվել է

Լոռու մարզի դատախազությունը 2019թ.  ընթացքում հանրապետական և մարզային ընդգրկման բազմաթիվ ոլորտներում կատարել է պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ընդհանուր առմամբ 146 ուսումնասիրություն, որոնց ընթացքում հայտնաբերվել է 230 իրավախախտում, ինչը գրեթե կրկնակի գերազանցում է 2018թ. արդյունքը: Այս մասին տեղեկացնում է գլխավոր դատախազությունը։ Դրանց շրջանակներում պետության շահերին հասցված վնասը վերականգնելու մասին նախազգուշացվել են  50 իրավաբանական և ֆիզիկական անձինք: Արդյունքում տարվա ընթացքում կամովին պետական բյուջե է վերականգնվել ավելի քան 50 մլն. դրամ: Ուսումնասիրություններն ընդգրկել են պետական և հանրային գույքի պահպանության, հարկերի և պետական տուրքերի հետ կապված պարտավորությունների կատարման, պետական սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, կրթության և գիտության, բնապահպանության և ընդերքօգտագործման, էներգետիկայի և հատկապես փոքր էնեգրետիկայի մասին օրենսդրության, էներգետիկ անվտանգության գոտում կառուցված ապօրինի շինությունների հայտնաբերման, առողջապահության, քաղաքաշինության գործունեության և այլ ոլորտներ: Ուսումնասիրության արդյունքներով նաև պետական մարմիններին ներկայացվել է 29 հաղորդում՝ պետությանը պատճառված վնասների վերականգման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, անհրաժեշտության դեպքում պետական շահերի պաշտպանության հայցեր հարուցելու վերաբերյալ: Բացի այդ, ուսումնասիրությունների արդյունքներից, հայտնաբերված խախտումների բնույթից ելնելով՝ համապատասխան պետական մարմիններին մի քանի միջնորդագրեր են ներկայացվել՝ պետական շահերի խախտումների պատճառների և նպաստող պայմանների վերացման, այդ թվում՝ համապատասխան ոլորտները կարգավորող իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ նախաձեռնելու նպատակով:  Նշված ուսումնասիրությունների ընթացքում դատախազների կողմից նախապատրաստված նյութերով դատարաններ են ներկայացվել ընդհանուր ավելի քան 155․5 մլն ՀՀ դրամի բռնագանձման պահանջով պետական շահերի պաշտպանության հայցեր, այն պայմաններում, երբ 2018 թվականի ընթացքում պետական շահերի պաշտպանության բնագավառներում հայցեր չեն հարուցվել։ Տարվա ընթացքում դատարաններում քննված հայցերով (ներառյալ նախորդ տարիներից փոխանցված) բավարարվել է ավելի քան 5․139․000 ՀՀ դրամի հայցապահանջ, իսկ մեկ հայցադիմումով ներկայացված հայցը՝ ընդհանուր 1․808․000 ՀՀ դրամի բռնագանձման պահանջով, կարճվել է` հաշվի առնելով, որ պատասխանողն ամբողջությամբ հատուցել է պետությանը պատճառված վնասը և հայց հարուցած դատախազը հրաժարվել է քաղաքացիական հայցից։  Բավարարված հայցերով փաստացի վերականգնվել է 5․139․000 ՀՀ դրամ: Բացի վերոնշյալը, մարզի դատախազության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերի առթիվ հարուցվել է 128 քրեական գործ, ինչը 28-ով գերազանցում է 2018թ. ցուցանիշը (100):  Հարուցված քրեական գործերով և քննչական մարմիններ ուղարկված նյութերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է ավելի քան 963․708․681 ՀՀ դրամ: Իսկ  քրեական գործերի շրջանակներում 2019 թ. վերականգնվել է մոտ 177․2 մլն. դրամ, որը շուրջ 2 անգամ գերազանցում է 2018թ. արդյունքը: Քրեական գործերը հարուցվել են, մասնավորապես՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ  տարբեր բնակավայրերում օտարման ոչ ենթակա օբյեկտները շուկայականից էականորեն ցածր գներով ապօրինի օտարելու, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու մարզի վարչական տարածքներում գտնվող մասնաճյուղերում ապօրինի ծառահատումներ կատարելու, անտառային տնտեսություն վարող պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, կապալառու կազմակերպությունների կողմից անորակ  շինարարական աշխատանքներ կատարելու և համայնքային միջոցները խարդախությամբ հափշտակելու, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու, հանրակրթական ուսումնական հաստատությունների պաշտոնատար անձանց կողմից վատնման եղանակով առաձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու և բազմաթիվ այլ փաստերի առթիվ: Ընդհանուր առմամբ՝ 2019թ. ընթացքում մարզի դատախազությունում հարուցված պետական շահերի պաշտպանության հայցերով, ներկայացված հաղորդումներով, հարուցված քրեական գործերով և քննչական մարմիններ ուղարկված նյութերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է շուրջ 964մլն ՀՀ դրամ: Միաժամանակ՝ ուսումնասիրությունների հիման վրա կատարված նախազգուշացումների, բավարարված հայցերի, քննվող քրեական գործերի, ներկայացված հաղորդումների հիման վրա կատարված աշխատանքների արդյունքում 2019թ. ընթացքում վերականգնվել է ընդհանուր ավելի քան 184մլն ՀՀ դրամի վնաս: 
17:21 - 21 մարտի, 2020
Լոռու մարզպետը, համայնքապետը հերքում են Լեռնապատում կորոնավիրուսով վարակված մեծաթիվ անձանց մասին լուրերը

Լոռու մարզպետը, համայնքապետը հերքում են Լեռնապատում կորոնավիրուսով վարակված մեծաթիվ անձանց մասին լուրերը

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում հերքել է լուրերը, թե Վանաձորից 15 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Լեռնապատ գյուղում կորոնավիրուսով վարակված մեծաթիվ անձինք կան, և որ բնակիչների մուտքը Լեռնապատ սահմանափակված է։ Մարզպետը, ով ղեկավարում է նաև կորոնավիրուսի կանխարգելման մարզային շտաբը, ապատեղեկատվություն է որակել գյուղի բնակիչներից մեկի՝ սոցիալական ցանցերում արած հայտարարությունն ու հորդորել հետևել միայն պաշտոնական լրահոսին։ «Բոլոր նրանց, ովքեր փորձում են ոչ հավաստի, խեղաթյուրված կամ սխալ տեղեկատվություն պարունակող գրառումներ տարածել, հիշեցնում եմ՝ արտակարգ դրության պայմաններում նման գործելաոճը պատժելի է», - գրում է մարզպետը՝ վստահեցնելով, որ «իրավիճակը խստորեն վերահսկվում է ողջ մարզի տարածքում»։ Նույն կոչով համագյուղացիներին դիմել է նաև Լեռնապատի համայնքապետ Սարիբեկ Աբազյանը, խնդրել չհավատալ տարածվող սուտ լուրերին։ «Տեղեկացնում ենք, որ Լեռնապատ համայնքում կա վարակվածության ընդամենը մեկ դեպք, որը գտնվում է բժիշկների հսկողության տակ», - նշել է Աբազյանն ու ավելացրել, որ վարակված անձը չի բնակվում Լեռնապատ համայնքում։ «Եվս մեկ անգամ խնդրում եմ սուտ լուրեր չտարածել և ազգաբնակչությանը խուճապի մեջ չգցել», - իր հայտարարության մեջ ասել է Լեռնապատի համայնքապետը:
16:22 - 21 մարտի, 2020
Լոռու մարզում պետական սեփականության անտառային հողերի վրա անարգել ինքնակամ շինություններ են կառուցվել. հարուցվել է քրեական գործ

Լոռու մարզում պետական սեփականության անտառային հողերի վրա անարգել ինքնակամ շինություններ են կառուցվել. հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում ուշադրության արժանացած՝ «Hetq.am» կայքում 16.09.2019թ. հրապարակված «Բետոնապատ կառույցներ և փշալարերով շրջափակված տարածքներ, ովքեր են վարձակալում Լոռու անտառները և ինչ նպատակով» վերտառությամբ հոդվածն ուղարկվել էր Լոռու մարզի դատախազություն՝ դրանում նշված հանգամանքները ուսումնասիրելու և ընթացքը լուծելու նպատակով։ Մարզի դատախազության տված հանձնարարությամբ հրապարակման հիման վրա ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում պարզվել է, որ 2010-2018թթ. ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և մի քանի ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև կնքվել են անտառային հողերի վարձակալության պայմանագրեր: Դրանցով վերջինիս վարձակալությամբ տրամադրվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գյուլագարակի անտառպետության տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող անտառային հողի առանձին հատվածներ:  Նյութերի նախապատրաստման ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսությունից տեղեկացվել է, որ անտառային այդ տարածքների վարձակալները վարձավճարները պատշաճ վճարել են, ուստի նրանց հանդեպ պարտք ու պահանջ չկա: Վերոգրյալի հիման վրա հանցագործության դեպքի բացակայության հիմքով ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնում 2019թ. հոկտեմբերի 9-ին քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում է կայացվել: Հիշյալ նյութերը պահանջվել և ուսումնասիրվել են ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչությունում: Պարզվել է, որ նախապատրաստված նյութերով գնահատական է տրվել միայն անտառային հողերը վարձակալած անձանց արարքներին: Մինչդեռ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և քաղաքացիների կամ իրավաբանական անձի միջև կնքված վարձակալության պայմանագրերով նախատեսված՝ վարձակալի կողմից բաժանելի և անբաժանելի բարելավումներ կատարելու կարգը սահմանող, կապիտալ շինարարություն իրականացնելն արգելող դրույթների և քաղաքաշինության ոլորտի օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ վարձակալների կողմից 2013 և 2017թ. հիշյալ հողամասերում ինքնակամ կառուցվել են հիմնական շինություններ: Եվ չնայած այն հանգամանքին, որ փաստական տվյալներ են ստացվել իրավասու անձանց արարքներում ենթադրյալ հանցագործության հատկանիշների առկայության վերաբերյալ՝  քննության շրջանակներում այն քննարկման առարկա չի դարձվել, իրավական գնահատական չի տրվել վարձակալած անտառային տարածքներում վարձակալների կողմից թույլ տրված խախտումները հայտնաբերելու, արձանագրելու և կանխելու պարտականությունների կատարման առումով իրավասու մարմինների պաշտոնատար անձանց արարքներին: Ելնելով դրանից՝ Լոռու մարզի դատախազի կողմից գրավոր հանձնարարություն է տրվել նախապատրաստել նյութեր՝ համապատասխան իրավասու անձանց արարքներին ևս իրավական գնահատականներ տալու նպատակով: Արդյունքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունները չարաշահելու ենթադրյալ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի բաժնում: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:08 - 20 մարտի, 2020
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին վթարից հետո հիվանդանոց տեղափոխվածներից 16-ը դուրս են գրվել

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին վթարից հետո հիվանդանոց տեղափոխվածներից 16-ը դուրս են գրվել

Մարտի 17-ին, ժամը 08։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներին տեղափոխող «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը և «Opel Astra» (վարորդ՝ Արեն Դ., ծնված 1979 թ.) մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով ավտոբուսը կողաշրջվել է, կան տուժածներ։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներից մեկը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոբուսի տակից. տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Սպիտակի ԲԿ: Վանաձորի ԲԿ է դիմել Զարուհի Հ.-ն (ծնվ.1964թ.), որի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։ Սպիտակի ԲԿ են տեղափոխվել 23 տուժած (մեկը շտապօգնության ավտոմեքենայով), որոնցից Ջուլինա Հ.-ի (ծնված 1962 թ.), Շուշանիկ Դ.-ի (ծնված 1966 թ.), Վերժինե Զ.-ի (ծնված 1958 թ.), Քրիստինե Ե.-ի (ծնված 1971 թ.), Ամալյա Թ.-ի (ծնված 1965 թ.), Արմենուհի Հ.-ի (ծնված 1974 թ.) և Անահիտ Ա.-ի (ծնված 1970 թ.) առողջական վիճակները գնահատվել են միջին ծանրության, իսկ մյուս 16-ը՝ դուրս գրվել:
15:09 - 17 մարտի, 2020
Խորհրդարանական լսումներում քննարկվել են համայնքների խոշորացմանն առնչվող հարցեր

Խորհրդարանական լսումներում քննարկվել են համայնքների խոշորացմանն առնչվող հարցեր

Մարտի 12-ին խորհրդարանական լսումներ էր հրավիրել ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը՝ քննարկելու «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները: Լսումներին մասնակցել են համայնքների, հասարակական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի պատասխանատուներ: Հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը նշել է, որ քննարկումների առանցքում մասնավորապես լինելու է Տավուշի մարզի Իջեւան եւ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքների միավորման հարցը: Նրա խոսքով՝ Հայաստանն այլ տարբերակ չունի, քան ապակենտրոնացումն է: Նշվել է, որ քննարկվելու են նաեւ ֆինանսական համահարթեցման մասին օրենսդրական փոփոխությունների հնարավորությունները: «Մենք կփորձենք համայնքների հետ աշխատել առավել նպատակային, սուբվենցիոն ծրագրերով կուժեղացնենք համայնքների կապիտալ հնարավորությունները, ցանցերը, շինությունները, ենթակառուցվածքները, ապա դոտացիայի կամ ֆինանսական համահարթեցման միջոցով համայնքները բացի իրենց սեփական եկամուտներից կունենան հնարավորություն ձեռք բերած կապիտալը օգտագործելու ավելի լավ ծառայություններ մատուցելուն»,-ընդգծել է Վարազդատ Կարապետյանը: Նա կարեւորել է շարունակական ապակենտրոնացումը եւ համայնքների միավորման գործընթացում ընդգծել խորհրդարանի դերը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը հիմնական ելույթում նշել է, որ գործադիրը վարչատարածքային բարեփոխումների շարունակականության ապահովմամբ պայմանավորված առաջարկել է փոփոխություններ ու լրացումներ կատարել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում: Այս համատեքստում նա անդրադարձել է Տավուշի մարզի Իջեւան եւ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքների միավորմանը: Զեկուցողի համոզմամբ՝ Տավուշի մարզում այս միավորումը միայն շրջանային ձեւաչափով իրականացնելու դեպքում հողի օգտագործման տեսանկյունից եւս խնդիրներ չեն առաջանա, դրանք համաչափ կբաշխվեն, քաղաքացիները հավասար իրավունքով հողերից կօգտվեն: Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է միավորված երկու համայնքներում ՏԻՄ ընտրություններն անցկացնել հունիսի 14-ին: Խորհրդարանականները եւ ոլորտի պատասխանատուներն իրենց ելույթներում հարցադրումներ են բարձրաձայնել խոշորացման գործընթացի դրական եւ խնդրահարույց կողմերի վերաբերյալ: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Սերգեյ Բագրատյանը նշել է, որ յուրաքանչյուր համայնքի խոշորացման դեպքում պետք է ցուցաբերել անհատական մոտեցում: Պատգամավորի համոզմամբ՝ քաղաքացու խոսքը պետք է լսելի լինի երկրի օրենսդիր մարմնում. այս համատեքստում նա արժեւորել է հանրություն-խորհրդարան համագործակցությունը: Խորհրդարանականը կարեւորել է ծախսերի արդյունավետությունը, ըստ նրա՝ միավորված համայնքը չպետք է առօրյա հոգսեր սպասարկի, այն պետք է ունենա համայնքների առաջնահերթությունները սահմանող ծրագիր, որը կապահովի տնտեսական զարգացում: ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը խոսել է համայնքների խոշորացման արդյունքում մարզպետարանների կառուցվածքի ու գործառույթների վերանայման, համայնքի ղեկավարի աշխատանքի գնահատման գործիքակազմի անհրաժեշտության մասին, անդրադարձել խոշորացման գործընթացին հաջորդող քայլերի իրականացման ժամանակացույցին: Նա կողմ է արտահայտվել այս հարցով տեղական հանրաքվեի անցկացմանը: ԱԺ պատգամավոր Հրանտ Այվազյանի գնահատմամբ՝ պետք է ուսումնասիրել եւ հաշվի առնել ժողովրդի կարծիքը գործընթացի վերաբերյալ: Պատգամավորն անդրադարձել է համայնքներում ներդրումների խրախուսման անհրաժեշտությանը, մարզերի երիտասարդներին տեղում պահելու համար համապատասխան քայլերի իրականացմանը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ու հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանն իրենց ելույթներում անդրադարձել են հնչած կարծիքներին ու գնահատականներին, խոսել խոշորացման ընձեռած հնարավորությունների մասին: Փոխնախարարն ընդգծել է, որ արդեն իսկ 52 խոշորացված համայնք կա: Նա կարեւորել է այդ համայնքներում արդյունավետ ծրագրերի իրականացման հնարավորությունը: Բանախոսների համոզմամբ՝ կառավարությունն այս գործընթացում ճիշտ ճանապարհի վրա է:
16:38 - 12 մարտի, 2020
10 մլն հայով տնկում ենք 10 մլն ծառ՝ 10-րդ ամսվա 10-րդ օրը. վարչապետը ծրագրի շրջանակում մայրի ծառի սերմ է ցանել

10 մլն հայով տնկում ենք 10 մլն ծառ՝ 10-րդ ամսվա 10-րդ օրը. վարչապետը ծրագրի շրջանակում մայրի ծառի սերմ է ցանել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ: Կառավարության ղեկավարը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ու Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել Գյուլագարակի հիմնանորոգված ճանապարհով: Տեղեկացվել է, որ 2,5 կմ երկարությամբ ճանապարհն ամբողջությամբ նորոգվել է 2019 թվականի ընթացքում: «Սա այն ճանապարհն է, որը տանում է դեպի Ստեփանավանի Դենդրոպարկ, որը Հայաստանի ամենագեղատեսիլ և եզակի վայրերից է: Այս ճանապարհի վատ լինելու պատճառով զբոսաշրջիկների հոսքը դեպի այս կարևոր վայր արգելակվում էր: Տարեկան այստեղ այցելում էր 25 հազար մարդ, հիմա հաշվարկներ կան, որ այդ թիվը կաճի 10%-ով: Այս ճանապարհը կառուցելով՝ տնտեսական շղթայական էֆեկտ կլինի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ նախորդ տարվա ընթացքում Հայաստանում ներքին տուրիզմի 43 % աճ է գրանցվել, իսկ արտերկրից Հայաստան է ժամանել 1,9 մլն զբոսաշրջիկ: «Սա նշանակում է, որ մենք մեր ազգային անվտանգության մակարդակն ենք բարձրացրել, որովհետև ամեն քաղաքացի, որքան ավելի մանրամասն է ճանաչում սեփական հայրենիքը, այնքան նրա ընկալումը փոխվում է այդ հայրենիքի նկատմամբ»,- նշել է վարչապետը: Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է Դենդրոպարկ՝ ծանոթացել այստեղ առկա ծառատեսակներին, ապա մայրի ծառի սերմ ցանել, որը կտնկի հոկտեմբերի 10-ին՝ 10 մլն ծառ տնկելու նախաձեռնության շրջանակում: Վարչապետը մեր բոլոր հայրենակիցներին կոչ է արել հետևել իր օրինակին, ցանել սեփական ծառի սերմն ու տնկել այն: ՀՀ վարչապետին է միացել նաև Չարենցավանի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Աիդա Աղաջանյանը, ով շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին նամակ է գրել ամբողջ Հայաստանում ծառեր տնկելու անհրաժեշտության մասին: Աիդա Աղաջանյանը ցանել է հացենի ծառի սերմ: Իրենց սերմերն են ցանել նաև Տարածքային կառավարման և զարգացման, Շրջակա միջավայրի նախարարներ Սուրեն Պապիկյանն ու Էրիկ Գրիգորյանը: Վերջինիս խոսքով՝ 10 մլն ծառ տնկելու գաղափարը կապված է 10 մլն աշխարհասփյուռ հայերի հետ: Նախարարը նշել է, որ մինչ այժմ մեզ միավորող տարբեր խնդիրներ են եղել, այժմ մեզ նոր կյանք տալու, միավորող նոր բան կա և առաջարկվում է, որ ամբողջ աշխարհի հայերը մասնակցություն ունենան այս նախաձեռնությանը: Արձագանքելով վարչապետը նշել է. «Ընդ որում կարելի է որևէ հարազատի, սիրած մարդու, ծնողի, նախնիների անունով ծառ տնկել: Սրա մեջ հոգևոր, քաղաքացիական, ազգային բովանդակություն է պետք դնել: Մեր բոլոր սփյուռքահայերին հրավիրում ենք մասնակցելու նախաձեռնությանը: Այնպես որ, սիրելի հայրենակիցներ, 10 մլն հայով տնկում ենք 10 մլն ծառ՝ 10-րդ ամսվա 10-րդ օրը»: Վարչապետը Դենդրոպարկի պատասխանատուների հետ քննարկել է նաև պարկի զարգացման հեռանկարները, կարևորել այստեղ զբոսաշրջիկներ ներգրավվելու ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը: Նիկոլ Փաշինյանը բարձր գնահատելով Դենդրոպարկի տնօրեն Վիտալի Լեոնովիչի գործունեությունը՝ հանձնարարել է վերջինիս շնորհել պետական պարգև:
15:01 - 07 մարտի, 2020