ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Էկոնոմիկայի նախարարությունը խաղողի մթերման հարցերում առաջիկայում ավելի ուշադիր է լինելու |armenpress.am|

Էկոնոմիկայի նախարարությունը խաղողի մթերման հարցերում առաջիկայում ավելի ուշադիր է լինելու |armenpress.am|

armenpress.am: Գյուղացիների շահերը պաշտպանելու նպատակով ամենօրյա ռեժիմով խմբեր են շրջում խաղող մթերող կազմակերպություններում. էկոնոմիկայի նախարարությունը առաջիկայում ավելի ուշադիր է լինելու այս հարցում:  Այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի դիտարկմանը: Պատգամավորը նկատեց, որ խաղողագործներն անընդհատ բողոքի ակցիաներ են կազմակերպում, քանի որ խաղողի գինը, որը նախատեսվել էր, որ 135 դրամից չպետք է իջնի, գործարանատերերը իջեցրել են 100 դրամ: Բաքոյանը խնդրեց հետևողական լինել այս հարցում: «Մինչև այսօր ամենօրյա ռեժիմով բոլոր մթերող կազմակերպություններում ունենք միջգերատեսչական հանձնաժողովի ձևավորված կազմից մշտական խմբեր, որոնք շրջում են, գտնվում այդ կազմակերպությունների տարածքում՝ հատկապես գյուղացիների շահերը պաշտպանելու նպատակով, որպեսզի կշեռքները գործեն նորմալ, գրանցումները կատարվեն ժամանակին, կազմակերպություններն աշխատեն բոլոր ժամերին և հերթեր չգոյացնեն: Եվ ունեցել ենք տպավորություն, որ առաջացած խնդիրները ժամանակին օպերատիվ լուծում են ստացել»,-ասաց նախարարը: Նրա խոսքով՝ այն կազմակերպությունները, որոնք 100 դրամի վերաբերյալ լուրեր են տարածել, թյուրիմացություն է, չի կարող այդպիսի բան լինել: Այնուամենայնիվ, նախարարությունն ավելի հետևողական է լինելու, ուշադիր, որ նման շահարկումներ չլինեն: «Մեզ հայտնի ամենացածր գինը եղել է 135 դրամը, եղել է ավելի հաճախ հանդիպող գին՝ 140-145 դրամ, որոշ դեպքերում մթերումները կատարվում են 150-155 դրամով»,-ասաց նախարարն ու հավաստիացրեց, որ  առաջիկա օրերին շատ ավելի ուշադիր են լինելու:
21:41 - 16 սեպտեմբերի, 2020
Օր առաջ պետք է դուրս գանք քաշային մաքսազերծման գործընթացից, այս հարցում ՊԵԿ-ը չպետք է հետ քայլ անի. Մհեր Գրիգորյան |tert.am|

Օր առաջ պետք է դուրս գանք քաշային մաքսազերծման գործընթացից, այս հարցում ՊԵԿ-ը չպետք է հետ քայլ անի. Մհեր Գրիգորյան |tert.am|

tert.am: ՊԵԿ-ում հիմա քննարկվում են տարբերակները, որ այս դժգոհությունները գոնե ինչ-որ հասկանալի լուծում ստանան: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի հարցին՝ արդյոք ինչ-որ քայլեր ձեռնարկվո՞ւմ են՝ հագուստ ներկրողների խնդրի վերաբերյալ: «Կարող եմ մի բան վստահեցնել՝ իրերի  քաշային մաքսազերծման գրծընթացներից մենք պետք է դուրս գանք օր առաջ, որովհետև, երբ պատրաստի ապրանքատեսակը մաքսազերծվում է քաշով, դա լուրջ խնդիրներ է  առաջանցում ամբողջ ֆիսկալ համակարգի իմաստով և ի վերջո ԵԱՏՄ կանոնակարգումների ներքո, որովհետև այդ ապրանքների շարժը և հետագծելիությունը ուղղակի մաքսազերծման պահից վերանում է»,- ասաց նա: Շարունակությունը՝ tert.am-ում
19:56 - 16 սեպտեմբերի, 2020
Հայաստանում համավարակի ընթացքում փակված աշխատատեղերը վերականգնվել են, ավելացում է եղել 6600-ով |armenpress.am|

Հայաստանում համավարակի ընթացքում փակված աշխատատեղերը վերականգնվել են, ավելացում է եղել 6600-ով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսի համավարակի ընթացքում փակված աշխատատեղերը վերականգնվել են, դրանից հետո կրկին ավելացում է արձանագրվել: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝  պատասխանելով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին: Մարուքյանը հիշեցրեց վարչապետի՝ օրեր առաջ արած հայտարարությունը, որ այս տարի աշխատատեղները ավելացել են մոտ 6600-ով և մեկ մարդու աշխատավարձը աճել է միջինը 13 800 դրամով: Պատգամավորը նշեց, որ մինչ այդ եղել է տեղեկություն, որ կորոնավիրուսի հետ կապված մոտավորապես 70 հազար աշխատատեղ կրճատվել է: Նա հետաքրքրվեց, թե իրականում ինչ պատկեր է, ստեղծված աշխատատեղերն ինչ ոլորտներում են: «Մենք մարդկանց հարցնում ենք այս թվերի մասին և քաղաքացիները նման տեղեկատվություն չունեն, որ նոր աշխատատեղ է բացվել կամ աշխատավարձ է բարձրացվել»,-ասաց Մարուքյանը: «Այդ վիճակագրությունը պաշտոնական, անհերքելի վիճակագրություն է: Մարդկանց հարցնելու բան չկա, մարդիկ հաշվետվություններ են ներկայացնում աշխատատեղերի վերաբերյալ և հարկ են վճարում դրա դիմաց: Սա ոչ թե հարցումներից է ձևավորվում, այլ կոնկրետ հաշվետվությունների արդյունքում գոյացած թվեր են: Եվ այդ հաշվետվությունները չեն կարող օդից լինել, քանի որ ամեն հաշվետվություն այդ հաշվետվությունը ներկայացնողի համար առաջացնում է ֆինանսական պարտավորություն, խոսքը եկամտահարկի հաշվետվությունների մասին է»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց, որ 2018-ից մինչև 2020 թվականը Հայաստանում հսկակայան թվով աշխատատեղեր են ի հայտ եկել, բայց հնարավոր չէ հստակ ասել, թե որն է զրոյից սկսել գործել, որն է, որ ստվերում է գործել, հիմա տեղավորվել է հարկային դաշտ: «70 հազար աշխատատեղերի կրճատումը ապրիլ ամսին այն գործոններից մեկն էր, որը կանխորոշեց կորոնավիրուսի համատեքստում մեր հետագա գործողությունները»,-ասաց նա: Վարչապետը հայտնեց, որ ապրիլ ամսին աշխատատեղերի կրճատում է եղել, հետո թիվը վերականգվել է, հետո՝ աճել: Այդ աճը վերաբերվում է 2020 թվականի օգոստոսին՝ 2019-ի համեմատ: «Այս տարվա հուլիսը նախորդ տարվա հուլիսի համեմատ  6600 աշխատատեղով ավելացել է: Ենթադրվում է, որ այդ փակված հատվածը զուտ թվաբանորեն վերականգնվել է: Հնարավոր է՝ աշխատատեղ կա, որ փակվել է ու մինչև այս պահն էլ փակված մնացել է, հնարավոր է աշխատատեղ, որ զրոյից է ստեղծվել, հնարավոր է աշխատատեղ, որ փակվել, հետո վերականգնվել է: Շատ կարևոր է արձանագրել, որ մեր հակաճգնաժամային միջոցառումների մեջ առնվազն մի քանիսն ունենք, որոնց նպատակն է խթանել աշխատատեղերի պահպանումը: Այն ընկերություններին, որոնք  աշխատատեղերը և աշխատավարձային ֆոնդը չեն կրճատել, գրանտ ենք տալիս: Հույս ունեմ, որ օգոստոսի տվյալներն ավելի լավն են լինելու, որովհետև օգոստոսին մարզերում զբոսաշրջային ոլորտը աշխատել է բառիս բուն իմաստով ծանրաբեռնված»,-ասաց Փաշինյանը:
19:43 - 16 սեպտեմբերի, 2020
Հայաստանում սոցիալական և տնտեսական կոլապսի կանխատեսումները չեն իրականանալու. վարչապետ |armenpress.am|

Հայաստանում սոցիալական և տնտեսական կոլապսի կանխատեսումները չեն իրականանալու. վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Կորոնավիրուսը բերել է սոցիալական և տնտեսական բարդություններ, բայց չեն իրականացել և չեն իրականանանալու կանխատեսումները, թե Հայաստանում լինելու է սոցիալական կամ տնտեսական կոլապս: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝  պատասխանելով  «Լուսավոր Հայաստան»-ից Արկադի Խաչատրյանի հարցին: «Մի վիճակագրություն հստակ կա, որ որևէ կասկած չկա, որ կորոնավիրուսը բերել է սոցիալական և տնտեսական բարդություններ, դժվարություններ, բայց որ նաև չեն իրականացել և չեն իրականանանալու կանխատեսումները, թե Հայաստանում լինելու է սոցիալական կամ տնտեսական կոլապս, դա ակնհայտ է: Իրավիճակը կառավարելի է»,-ասաց Փաշինյանը: Նա նշեց, որ կապիտալ ծախսերի հետ կապված ավանդական խնդիր կա: Կառավարությունը ջանքեր է գործադրում, որ աշխատանքներն ավելի ինտենսիվ ընթանան: Գործադիրը, ըստ Փաշինյանի, աշնանը նոր նախագծեր կիրականացնի, որոնք կխթանեն շինարարությունն ու տնտեսության մյուս ճյուղերը: Փաշինյանը նկատեց, որ այս տարի շատ մարդիկ են գյուղատնտեսությամբ զբաղվել: «Մենք մի շարք բուսական ապրանքների մասով ունեցել ենք արտահանման էական աճ, մանր եղջերավոր անասունների արտահանման աճ, աշխատատեղերի աճ: Եվ մոնիտորինգի հարցը մեր օրակարգի կարևորագույն հարցերից է: Պետք է կողմնորոշվենք, թե ինչ կարգի գործողություններ անենք, որ խթանենք տնտեսական ակտիվությունն աշնանային շրջանում, որ կարողանանք մեր սոցիալական, տնտեսական իրավիճակը կառավարելի պահել»,-ասաց Փաշինյանը:
19:30 - 16 սեպտեմբերի, 2020
Աշխարհում չկա պետություն, որը չի առաջնորդվում իր ազգային շահերով ու հետաքրքրություններով․ Նիկոլ Փաշինյան |lragir.am|

Աշխարհում չկա պետություն, որը չի առաջնորդվում իր ազգային շահերով ու հետաքրքրություններով․ Նիկոլ Փաշինյան |lragir.am|

lragir.am: ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն դեպքին, որ Հայաստանը ՄԱԿ-ում ձեռնապահ է քվեարկել Բելառուսում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնելու հարցի քննարկմանը։ «Հայաստանը ԵԱՏՄ երկիր է և չունի մեկ ուղղության ու մի կողմի շահեր, սկզբունքներ։ Եվ այդ սկզբունքների համադրությամբ որդեգրվել է այդպիսի դիրքորոշում»,- ասաց Փաշինյանը։ Նա նշեց՝ աշխարհում չկա պետություն, որը չի առաջնորդվում իր ազգային շահերով ու հետաքրքրություններով։ «Եթե դուք առաջարկում եք, որ Հայաստանը լինի բացառիկ պետություն, որը չի առաջնորդվում իր ազգային շահերով ու հետաքրքրություններով, կարող եք այդ թեզը ներառել ձեր կուսակցության գործունեության ծրագրային դրույթներում»,- հավելեց վարչապետը։ Փաշինյանն ասաց՝ երբ 2018 թվականի Հայաստանում տեղի էր ունենում հեղափոխությունը, իրենք շատ հստակ դիրքորոշում են արտահայտել, որ դա համարում են ներհայաստանյան պրոցես և ներհայաստանյան օրակարգ։ «Եվ այդտեղ աշխարհաքաղաքական կոնտեքստ չկա, արտաքին օրակարգ չկա։ Եվ երբ մեզ այն ժամանակ հարց էին տալիս՝ արդյոք մենք պատրաստվում ենք հայկական հեղափոխությունն արտահանել այլ երկրներ, մենք ասում էինք՝ մեր դիրքորոշումն այն է, որ սա հայաստանյան օրակարգ է։ Մենք չենք պատրաստվում ոչ մի բան ոչ ներմուծել, ոչ էլ արտահանել։ Մինչև հիմա մեզ ոմանք որոշակի համառությամբ կամ այդ փաստարկների բացակայությամբ մեղադրում են, որ մենք ինչ-որ բան ներմուծել ենք։ Ոմանք էլ մեղադրում են, որ ինչ-որ բան արտահանում ենք։ Ես ուզում եմ ասել, որ բոլոր այդ ուժերը, ովքեր այդպիսի պնդումներ են անում, քաղաքական առումով ներմուծելի և արտահանելի ապրանքներ են»,- ասաց նա։
19:21 - 16 սեպտեմբերի, 2020
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծված է |hetq.am|

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծված է |hetq.am|

hetq.am: Սահմանադրական դատարանի (ՍԴ) շուրջ ճգնաժամը լուծված է: Այս կարծիքը Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով նախօրեին խորհրդարանում իրականացված ՍԴ 3 դատավորների ընտրությանը: «Արդյոք սա նշանակու՞մ է, որ ձևավորվել է իդեալական Սահմանադրական դատարան. ո՛չ, չի նշանակում: Կառավարությունը թեկնածուի ընտրության որոշումը կայացրել է իր լիազորությունների շրջանակում, քննարկումներ ենք իրականացրել՝ ոչ միայն Կառավարության շրջանակում, և որոշել ենք, որ պետք է առաջադրենք այդ թեկնածուին: Ընդ որում` երկրորդ թեկնածուին, խորհրդարանական խմբակցության դիրքորոշումները հաշվի առնելով»,- ասաց Փաշինյանը: Ըստ վարչապետի` ՍԴ դատավորների ընտրության գործընթացում կային մարդիկ և շրջանակներ, որոնք ուզում են խոսել հեղափոխության արժեքների մասին: «Էնպիսի տպավորություն էր, որ հեղափոխությունը ղեկավարած քաղաքական թիմը գաղափար չունի հեղափոխության արժեքների մասին, և մարդիկ, ովքեր հեղափոխության մասին իմացել են մայիսի 8-ից հետո, իրենք դարձել են հեղափոխության արժեքների ջերմեռանդ կրողներ. ո՛չ, այդպես չէ: Ամեն իրավիճակում կան մարդիկ, ուժեր, ովքեր ուզում են իրենց մարդկանց հանրության անունից որոշակի տեղերում տեղավորել»,- ասաց նա: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին «Իմ քայլը» խմբակցությունը ՍԴ 3 դատավորի է ընտրել` Արթուր Վաղարշյան, Էդգար Շաթիրյան և Երվանդ Խունդկարյան:
17:41 - 16 սեպտեմբերի, 2020
Տավուշի ուղղությամբ հրադադարի խախտումները գրեթե կրկնակի ավելացել են․ Դավիթ Տոնոյան |hetq.am|

Տավուշի ուղղությամբ հրադադարի խախտումները գրեթե կրկնակի ավելացել են․ Դավիթ Տոնոյան |hetq.am|

hetq.am: Պատգամավորներն ու կառավարության անդամները Ազգային Ժողով-Կառավարություն հարցուպատասխանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կոչով սկսեցին սեպտեմբերի 16-ին զոհված պայմանագրային զինծառայող Հովիկ Թամազյանի հիշատակը հոտնկայս հարգելով: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը հետաքրքրվեց սահմանային իրավիճակից, նախարարը պատասխանեց` ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները աշխատանքներ են տանում չեզոքացնելու մեր դիրքապահների գերակայությունն ու առավելությունը, այդ պատճառով տարբեր տրամաչափի զենքեր են օգտագործում: «Այս իրավիճակը արդեն մոտ երկու շաբաթ է, մենք տեղեկատվական զսպվածություն ենք ցուցաբերել: Խնդրի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Մի քանի անգամ զգուշացրել ենք, որ առկա ռսկերի նվազեցման որևէ մեխանիզմ այսօր չունենք, ցավոք»,-ասաց Տոնոյանը` հավելելով, որ Հայաստանի զինված ուժերը համապատասխան միջոցներ ձեռնարկում են: Դավիթ Տոնոյանը նաև ընդգծեց, որ հուլիսյան մարտական գործողությունների դադարից հետո տվյալ ուղղությամբ հրադադարի խախտումները գրեթե կրկնակի ավելացել են: «Հույս ունենք, որ որոշակի գործողությունների արդյունքում հրադադարը պահպանվելու է և նպաստելու է բանակցային գործընթացին: Համոզված եղեք, որ գործողությունները համարժեք են»,- եզրափակեց նա:
17:25 - 16 սեպտեմբերի, 2020
Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժվող երեխաների ծնողների բողոքի ակցիան Կառավարության շենքի դիմաց |hetq.am|

Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժվող երեխաների ծնողների բողոքի ակցիան Կառավարության շենքի դիմաց |hetq.am|

hetq.am: Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստացող երեխաների ծնողները Կառավարության շենքի առջև այսօր՝ սեպտեմբերի 16-ին, բողոքի ակցիա են իրականացրել: Նրանք պահանջում են, որ Առողջապահության նախարարությունը վերանայի այն որոշումը, ըստ որի՝ հոկտեմբերի 1-ից Սամվել Դանիելյանը պետք է ազատվի պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնից: Ծնողները կենտրոնի տնօրենի պաշտոնից հեռանալու մասին իմացել են երեկ՝ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանի ֆեյսբուքյան գրառումից: Վերջինս հայտնել էր, որ պատրաստվում է դուրս գալ աշխատանքից։ Թամամյանը նշել էր, որ իր հեռանալը կապված է Սամվել Դանիելյանի աշխատանքից ազատման հետ։ Ծնողները խուճապի մեջ են, ըստ նրանց՝ Թամամյանի ու Դանիելյանի աշխատանքից ազատվելուց հետո՝ հոկտեմբերի 1-ից աշխատանքի ազատման դիմումներ են ներկայացնելու նաև կենտրոնի մյուս բժիշկները։ «Մեր երեխաների հետ ի՞նչ է լինելու, ո՞վ կասի մեզ: Հայաստանում մանկական քաղցկեղով զբաղվող միակ մասնագետները նրանք են, եթե նրանք աշխատանքից դուրս գան, ու մեր երեխաների բուժումը կիսատ մնա, ո՞վ է պատասխան տալու դրա համար»,- ասում է Մարգարիտա Ոսկանյանը, որի երեխան բուժվում է կենտրոնում։
15:15 - 16 սեպտեմբերի, 2020
ՊԵԿ-ը ժողովրդին իշխանության դեմ է հանել. հագուստի և կոշիկի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող տնտեսավարողները բողոքի ակցիա են անում
 |tert.am|

ՊԵԿ-ը ժողովրդին իշխանության դեմ է հանել. հագուստի և կոշիկի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող տնտեսավարողները բողոքի ակցիա են անում |tert.am|

tert.am: Սա բոլոր տնտեսվարողների հարցն է, բոլորը պետք է գան Կառավարության դիմաց, մինչև մեր հարցին լուծում չտան: ՊԵԿ-ի նախագահն ասում է՝ առարկություններ չկան, ճիշտ չէ, այսքան մարդ հավաքված է, որովհետև որոշման վերաբերյալ առարկություններ կան: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը: Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ են անում հագուստի և կոշիկի ներկրմամբ և վաճառքով զբաղվող տնտեսավարողները։ Նրանք բողոքում են մաքսային օրենսգրքում կատարված փոփոխություններից, որոնց հետևանքով ստիպված են ներկրված ապրանքն ավելի բարձր գնով մաքսազերծել։ Նրանք նշում են, որ այս պարագայում ստիպված են լինելու 6 անգամ ավելի թանկ վաճառել ապրանքը, իսկ գնորդներն այդքան հնարավորություն չունեն։ «Երկու հանդիպում ենք ունեցել, որևէ արդյունք չկա: Ընդհանրապես այս ճգնաժամի պայմաններում որևէ թանկացում չպետք է լիներ, որևէ երկրում այսպիսի բան չի եղել: ՊԵԿ-ը ժողովրդին իշխանության դեմ է հանել, բոլորը վրդովված են»,- ասաց նա: Շարունակությունը՝ tert.am-ում։
13:47 - 16 սեպտեմբերի, 2020
Կառավարությունն անում է հնարավոր ամեն բան. Բաբկեն Թունյանը՝ ՌԴ մեկնել ցանկացողների խնդրի մասին |tert.am|

Կառավարությունն անում է հնարավոր ամեն բան. Բաբկեն Թունյանը՝ ՌԴ մեկնել ցանկացողների խնդրի մասին |tert.am|

tert.am: Խնդրել եմ, որ կազմեին ցուցակ բոլոր այն մարդկանց անուններով, որոնք Հայաստանում գիշերակացի խնդիր ունեն, սակայն ինձ որևէ ցուցակ չեն տվել, սպասեցի, որևէ մեկը չեկավ:  Այս մասին այսօր ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ խոսելով ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնողների պահանջների մասին: Այսօր ԱԺ-ի դիմաց էին հավաքվել ՌԴ մեկնել ցանկացողները, որոնք տևական ժամանակ է բարձրաձայնում են իրենց խնդրի մասին, բայց որևէ լուծում դեռ չի տրվել խնդրին։ Բաբկեն Թունյանը նշեց, որ ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է խմբակցության նիստից հետո, սակայն ըստ նրա՝ խնդրին ծանոթ են, բայց քաղաքացիների պահանջները չեն հասկացել, քանի որ խնդրի լուծման վերաբերյալ արդեն բանակցություններ են ընթանում: «Հենց այդ օրը ՌԴ-ի դեսպանատունը հայտարարություն տարածեց, որ մարդասիրական նպատակներով, ընտանիքների վերամիավորման նպատակներով նրանք թույլ կտան, որպեսզի քաղաքացիները մուտք գործեն ՌԴ: Քաղաքացիների հիմնական խնդիրը դա էր և բացառությունները կլինեն»,- ասաց նա: Արտագնա աշխատանքի մեկնել ցանկացողների մասով՝ պատգամավորը նշեց, որ իրենց հետ չեն հանդիպել: Նա ներկայացրեց, որ ըստ ակցիայի մասնակիցների՝ շատերը գիշերակացի խնդիր են ունեցել, քանի որ գումարները վերջացել են, հյուրանոցում կամ բարեկամի տանը չեն կարողացել մնալ, նա խնդրել է, որպեսզի ցուցակագրեն գիշերակացի խնդիր ունեցողների անունները և փոխանցեն իրեն, սակայն ոչ ոք չի մոտեցել: «Այսօր չեմ մոտեցել, բայց ինձ համար զարմանալի էր, թե ինչու չեկան, եթե իրենց խնդիրն այդքան հրատապ էր: Երկու անգամ ճշտեցինք ժամն էլ, տեղն էլ: Իմ կարծիքով՝ խնդիրն այնքան պարզ է, հիմա նրանք համոզված են, որ իրենց խնդիրը կարևորվում է, ինչ քայլ Կառավարությունից հասնում է, նրանք ձեռնարկում են: Պրոցեսը կախված չէ ակցիայի շարունակել-չշարունակելու հետ»,- նշեց Բաբկեն Թունյանը և հավելեց, որ վերջնական որոշումը ՀՀ-ից կախված չէ: Պատգամավորը նշեց՝ ՀՀ-ի կողմից արգելք չկա, արգելքն ընդունողի կողմից է: Ավելին՝ tert.am-ում
19:37 - 15 սեպտեմբերի, 2020
Անկախության տոնին նվիրված միջոցառումների մեծ մասը կցուցադրվի հեռուստատեսությամբ և օնլայն հարթակում |armenpress.am|

Անկախության տոնին նվիրված միջոցառումների մեծ մասը կցուցադրվի հեռուստատեսությամբ և օնլայն հարթակում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակին նվիրված միջոցառումների մեծ մասը համավարակով պայմանավորված՝ կցուցադրվի վիրտուալ տիրույթում և հեռուստատեսությամբ: Սեպտեմբերի 21-ին տոնական հաղորդումներ կցուցադրվեն Առաջին ալիքի եթերով. ծրագրում ՀՀ մարզերում նկարահանած համերգներ են, հետաքրքիր պատմություններ և այլն։ Այս մասին  հայտնեց ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը: Նրա խոսքով՝ քաղաքացիները ժամանակի միջով վիրտուալ ճամփորդության, ինչպես նաև Հայաստանի ամենագողտրիկ անկյունները տեսնելու հնարավորություն կունենան։ «Կլինեն արխիվային անթիվ հետաքրքիր կադրեր, մեր սահմանը պահող զինվորների ջերմ ողջույններն ու երաժիշտների կատարումները՝ երկրի գեղեցիկ վայրերից, իսկ «Զվարթնոց» պատմամշակույթային արգելոց-թանգարանում կկազմակերպվի «Մեր ժամանակներն հերոսը» ամենամյա մրցանակաբաշխությունը: Այն կանցկացվի հակահամաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ»,-շեշտեց Խաչատրյանը: Սեպտեմբերի 21-ին Առաջին ալիքի եթերով կցուցադրվի 11 համերգ: Արվեստասեր հանրությունը կարող է վայելել Նարեկ Հախնազարյանի ելույթը Աժդահակի գագաթից, Ֆիլհարմոնիկ նվագախմբի, «Բամբիռի», Արամ MP3-ի, «Գեղարդ» երգեցիկ խմբի, Նորայր Քարտաշյանի և «Մենուա» բենդի ելույթները՝ Երերույքի տաճարից, Իվետա Մուկուչյանի, Գյուրջիև անսամբլի, Հայկ Մելիքյանի ելույթները՝ Սարդարապատից:Եթերում իրենց փորձով են կիսվելու ինչպես այն մարդիկ ու թիմերը, որոնք հաջողության են հասել հայրենիքում, այնպես էլ բոլորի հարգանքը վայելող այն հայերը, որոնք իրապես գիտեն անկախության նշանակությունը։ Կլինեն նաև երիտասարդ դերասաններ, որոնք Վանաձորից կբեմականացնեն անկախության տարիներին գրված տողերը, իսկ աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայտնի հայերը կմիանան սպասված գալա համերգին՝ հայկական ստեղծագործություններ կատարելով: Վերջում «Մեր հողերը» խորագրի շրջանակում թռչնի թռիչքի բարձրությունից հեռուստադիտողը կբացահայտի հայկական ճարտարապետության, մշակույթի ու բնության գեղեցկությունը:
18:24 - 15 սեպտեմբերի, 2020
Կփոխվի տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման պարբերականությունը |armenpress.am|

Կփոխվի տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման պարբերականությունը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է փոխել տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման պարբերականությունը: «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացրված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ սեպտեմբերի 15-ի նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը: «Փոխվում է տեխնիկական զննության անցկացման պարբերականությունը: Առաջարկվում է առաջին տեխնիկական զննությունն անցկացնել թողարկման 4-րդ տարում, մինչև թողարկման 10 տարին՝ 2 տարին մեկ անգամ, իսկ 10 տարեկանից բարձրերը՝ տարեկան 1 անգամ պարբերականությամբ: Ուղևորափոխադրումներում ներգրավված մինչև 10 տարեկան տրանսպորտային միջոցները տեխնիկական զննությունը կանցնեն տարին մեկ, իսկ 10-ից բարձրերը՝ տարեկան 2 անգամ պարբերականությամբ»,-ասաց Սիմոնյանը:   Տեխնիկական զննության գործընթացի նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու նպատակով առաջարկվում է վերահսկողությունն իրականացնել էլեկտրոնային շտեմարանի և արատորոշման քարտի միջոցով՝ ներկայիս տեխնիկական զննության կտրոնի փոխարեն: Արատորոշման քարտը լրացվում է էլեկտրոնային եղանակով և պահպանվում էլեկտրոնային շտեմարանում, ինչը հնարավորություն կտա Ճանապարհային ոստիկանությանը վերահսկողություն իրականացնել նաև էլեկտրոնային եղանակով՝ առանց տրանսպորտային միջոցը կանգնեցնելու:
17:45 - 15 սեպտեմբերի, 2020
Դռնփակ չի կարելի զեկուցել․ կառավարության օրակարգում շատացել են չզեկուցվող հարցերը |fip.am|

Դռնփակ չի կարելի զեկուցել․ կառավարության օրակարգում շատացել են չզեկուցվող հարցերը |fip.am|

fip.am: Կառավարության նախորդ՝ սեպտեմբերի 10-ի նիստում օրակարգում ընդգրկված 40 հարցից զեկուցվող էին միայն 4-ը: Նիստերի անցկացման նման մոտեցումը մշտապես մամուլի ուշադրության կենտրոնում է։ Միաժամանակ, կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը պարբերաբար ընդգծում է կառավարության աշխատանքի թափանցիկության կարևորությունը: Դեռ 2018 թվականի հեղափոխությունից առաջ իշխող ուժը նախաձեռնել էր կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու օրենսդրական նախագիծ: Հանրապետական կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանն այդ նախագիծը հիմնավորում էր նրանով, որ գործադիրի աշխատակիցները կաշկանդվում են արտահայտել իրենց տեսակետները: Նախագծով նիստերը դռնբաց անցկացվելու էին միայն կառավարության հատուկ որոշմամբ: Այս նախագիծը ժամանակին լուրջ քննադատությունների առիթ էր դարձել: Հեղափոխությունից հետո, սակայն, օրենսդրական այս նախաձեռնությունը չեղյալ համարվեց: «Մենք լուծում ենք ևս մեկ՝ ժամանակին աղմուկ հարուցած հարց։ Հիշում եք, որ օրենքով նախատեսված՝ նիստերը հիմա լինում են դռնփակ, իսկ դռնբաց նիստերը հատուկ որոշում են պահանջում։ Մենք հիմա հակառակն ենք անում, բայց, իհարկե, կլինի փակ նիստեր անելու անհրաժեշտություն»,- 2018 թ. նոյեմբերի 15-ին հայտարարել էր վարչապետ Փաշինյանը: Նոր իշխանությունները, սակայն, նիստերը դռնփակ անցկացնելու փոխարեն որդեգրեցին նոր քաղաքականություն: Մասնավորապես, վերջին երկու տարիների ընթացքում զգալի նվազել է զեկուցվող հարցերի քանակը: 2020 թ. սեպտեմբերի 10-ի դրությամբ չզեկուցվող հարցերի փաթեթում է ընդգրկվել տարվա ընթացքում քննարկված հարցերի շուրջ 88 տոկոսը: «Փաստերի ստուգման հարթակի» հարցմանն ի պատասխան, վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ 2017-ի ընթացքում կառավարության նիստերում չզեկուցվող է եղել 1982 հարցերից 1054-ը կամ 53 տոկոսը: 2018-ին չզեկուցվող հարցերը կազմել են ընդհանուրի շուրջ 62 տոկոսը:  Նախորդ տարի կառավարության նիստերի օրակարգում ընդգրկված 1947 հարցից 1401-ը կամ մոտ 72 տոկոսը չի զեկուցվել: Եվս 49 հարց ներկայացվել է որպես գաղտնի փաստաթուղթ: 2017-ի համեմատ չզեկուցվող հարցերի քանակն ավելացել է շուրջ 29 տոկոսով: 2020 թվականի սեպտեմբերի 10-ի դրությամբ չզեկուցվող հարցերի չափաբաժինը կտրուկ ավելացել է: Նիստերում ընդգրկված ընդհանուր առմամբ 1388 հարցից միայն 164-ը կամ մոտ 12 տոկոսն է քննարկվել:  Հավելենք, որ կառավարության նիստերի օրակարգում ընդգրկվող հարցերի բովանդակությունը (բացառությամբ՝ գաղտնի հարցերի) նիստից մեկ օր առաջ հրապարակվում է e-gov.am կայքում, սակայն դրանց ծանոթանալը և ուսումնասիրելը բավական ժամանակատար է, երբեմն՝ բարդ:  Ամփոփելով՝ նշենք, որ, թեպետ Հայաստանի նոր իշխանությունները չեղարկել էին կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու նախագիծը, սակայն մյուս կողմից՝ օրակարգում ընդգրկված հարցերի մեծամասնությունն այսօր փաստացի չի զեկուցվում և չի քննարկվում։ Անի Ավետիսյան
17:33 - 15 սեպտեմբերի, 2020
Նախատեսվում է լիցենզավորել ավտոտրասնսպորտային միջոցների վրա գազաբալոններ տեղադրող տնտեսավարողներին |armenpress.am|

Նախատեսվում է լիցենզավորել ավտոտրասնսպորտային միջոցների վրա գազաբալոններ տեղադրող տնտեսավարողներին |armenpress.am|

armenpress.am: Խորհրդարանը քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է լիցենզավորել ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին: «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ սեպտեմբերի 15-ի նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը: «Առաջարկվում է լիցենզավորել ՀՀ-ում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին: Առաջարկվում է նաև ՀՀ կառավարությանը օրենքով տալ լիազորություն՝ սահմանելու սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման կարգը և նշված գործունեություններն իրականացնող կազմակերպությունների արտադրական բազաների և ինժեներատեխնիկական անձնակամի որակավորմանը ներկայացվող պահանջները, բացառել լիցքավորման կայաններում շահագործման ժամկետը լրացած կամ վկայագրում չանցած գազաբալոնների լիցքավորումը»,-ասաց Սիմոնյանը: Նախագծով սահմանվում են նաև վերահսկողական մեխանիզմներ՝ վարչական պատասխանատվության ենթարկելով սահմանված պահանջները խախտողներին:
16:49 - 15 սեպտեմբերի, 2020
Ուսանողները պահանջում են ուսման վարձի մասնակի փոխհատուցում. նամակը հանձնեցին ՀՀ կառավարություն |armenpress.am|

Ուսանողները պահանջում են ուսման վարձի մասնակի փոխհատուցում. նամակը հանձնեցին ՀՀ կառավարություն |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարության շենքի դիմաց հավաքված ուսանողները պահանջում են ուսման վարձի մասնակի փոխհատուցում: Կորոնավիրուսի հետևանքով ստեղծված սոցիալ-տնտեսական դժվար իրավիճակն ուսման վարձերի վճարման առումով խնդիր է դարձել շատերի համար: Ուսանողները նշում են, որ բուհերը սահմանել են ժամկետներ, չվճարելու դեպքում դուրս կմնան կրթական գործընթացից: Նշվում է, որ մեկ շաբաթ առաջվա տվյալներով միայն ԵՊՀ-ում բուհից դուրս մնալու խնդրի առաջ է կանգնած շուրջ 500 ուսանող: «Հավաքվել է 5 հազար 300 ուսանողի ստորագրություն: Մեծ մասը ԵՊՀ-ի ուսանողներ են: Մենք չպետք է մենակ թողնենք այն ուսանողներին ու նրանց ընտանիքներին, որոնք կանգնած են ֆինանսական, սոցիալական խնդիրների առաջ»,-ասաց ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը: Ուսման վարձի մասնակի փոխհատուցման խնդրանք-պահանջով նամակը ընդունեց  ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:
15:40 - 15 սեպտեմբերի, 2020
Երվանդ Խունդկարյանը, Արթուր Վաղարշյանը և Էդգար Շաթիրյանն ընտրվեցին ՍԴ դատավորներ

Երվանդ Խունդկարյանը, Արթուր Վաղարշյանը և Էդգար Շաթիրյանն ընտրվեցին ՍԴ դատավորներ

Ազգային  ժողովում ավարտվեց Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների գաղտնի քվեարկությունը։ Քվեարկության արդյունքները ներկայացրեց Վահագն Հովակիմյանը։ Երվանդ Խունդկարյանին ՍԴ դատավոր ընտրելու քվեարկությանը մասնակցել է ԱԺ-ի 88 պատգամավոր։ Քվեաթերթիկներից 2-ը անվավեր են ճանաչվել, կողմ է քվեարկել 84 պատգամավոր, դեմ՝ 2։ Դատավորների ընդհանուր ժողովի առաջադրած թեկնածու Երվանդ Խունդկարյանն ընտրվել է ՍԴ դատավոր։ ՀՀ նախագահի առաջադրած թեկնածու Արթուր Վաղարշյանին ՍԴ դատավոր ընտրելու քվեարկությանը մասնակցել է ԱԺ-ի 88 պատգամավոր։ Քվեաթերթիկներից 1-ը անվավեր է ճանաչվել, կողմ է քվեարկել 86 պատգամավոր, դեմ՝ 1։ Արթուր Վաղարշյանն ընտրվել է ՍԴ դատավոր։ ՀՀ կառավարության առաջադրած թեկնածու Էդգար Շաթիրյանին ՍԴ դատավոր ընտրելու քվեարկությանը մասնակցել է ԱԺ-ի 88 պատգամավոր։   Քվեաթերթիկներից ոչ մեկը անվավեր չի ճանաչվել, կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ՝ 3։  Էդգար Շաթիրյանն ընտրվել է ՍԴ դատավոր։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հայտնել են, թե չեն մասնակցելու քվեարկությանը:
13:07 - 15 սեպտեմբերի, 2020