ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Կառավարությունը որոշեց ստեղծել «Հիդրոօդերեվութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ մի շարք ՊՈԱԿ-ների միաձուլման արդյունքում

Կառավարությունը որոշեց ստեղծել «Հիդրոօդերեվութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ մի շարք ՊՈԱԿ-ների միաձուլման արդյունքում

Կառավարությունը որոշեց «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն», «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» և «Անտառային մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով «Հիդրոօդերեվութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն։ Նախատեսվում է «Հիդրոօդերեվութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը վերապահել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները` լաբորատոր հետազոտությունների և անալիզների իրականացում. Գործող լաբորատորիայի հագեցվածության մակարդակը ապահովում է ոլորտին բնորոշ հետազոտությունների իրականացում՝ ապահովելով ինչպես պետական սեփականություն հանդիսացող ռեսուրսների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն, այնպես էլ ֆինանսական ճկուն համակարգի առկայություն, ինչը բնորոշ է նաև զարգացած երկրների ոլորտում գործող համապատասխան կառույցների գործունեությանը։ հիդրոերկրաբանական տեղեկատվությունների (խորհրդատվությունների) կազմում և տրամադրում. ստորերկրյա ջրերի հանքավայրերի լոկալ կամ փոքր տեղամասերում սահմանափակ տեխնածին գործոնների ազդեցությամբ ձևավորվող ստորերկրյա ջրերի ռեժիմի հատուկ դիտողական ցանցի դիտակետերում ջրերի քանակի և որակի ուսումնասիրությունների իրականացում, հիդրոօդերևութաբանական տեղեկատվության տրամադրում և մասնագիտացված հիդրոօդերևութաբանական ծառայությունների մատուցում. մթնոլորտային երևույթների ռադիոլոկացիոն դիտարկումներ և համապատասխան տեղեկատվական ծառայությունների մատուցում, աշխարհատեղեկատվական համակարգի և հեռազննման տեխնոլոգիաներով հետազոտությունների իրականացում:
07:52 - 30 հունվարի, 2020
Գործադիրը հավանություն տվեց հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց մի շարք իրավունքներ օրենսդրորեն ամրագրելու նախագծին

Գործադիրը հավանություն տվեց հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց մի շարք իրավունքներ օրենսդրորեն ամրագրելու նախագծին

Գործադիրը հավանություն տվեց կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որով նախատեսվում ՝ օրենսդրորեն ամրագրել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները` անկախ նրանց գտնվելու վայրից, սահմանել դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման ընթացակարգը` սահմանելով փորձաքննությունների իրականացման կոնկրետ ժամկետներ, նախատեսել դատահոգեբուժական փորձաքննությունների հանձաժողովային կարգով իրականացումը, սահմանել հարկադիր բուժման ենթարկվող անձանց առողջական վիճակի վերաբերյալ բժշկի կողմից պարտադիր եզրակացություն տալու հստակ ժամկետներ` նրանց իրավական պաշտպանությունն ապահովելու նպատակով, նախատեսել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց բժիշկ-հոգեբույժին կամ հոգեբուժական կազմակերպություն դիմելու փաստի, իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունների՝ որպես բժշկական գաղտնիքի պաշտպանության մեխանիզմները, սահմանել բժշկական օգնության և սպասարկման պայմանները, սահմանել ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցների կամ հանդարտեցման մեթոդների իրականացման կարգը և պայմանները, սահմանել ֆիզիկական ուժի հասկացությունը՝ հիմք ընդունելով Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) կողմից 2017 հատատված ստադարտները, սահմանել ընտանեկան բժշկի կողմից հոգեբուժական օգնության և սպասարկման տրամադրման հնարավորություն՝ առողջապահության նախարարի հրամանով սահմանված հոգեբուժական օգնության և սպասարկման ծավալի և կարգի շրջանակներում, Առաջարկվում է օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հոգեբուժական օգնությունը և սպասարկումը տրամադրել վճարովի հիմունքներով, բացառությամբ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերի: գործող մեխանիզմներ սահմանել՝ «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքը համահունչ դարձնելով նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիային:  
07:43 - 30 հունվարի, 2020
Պահեստազորի այն քաղաքացիները, որոնք չեն մասնակցի զինվորական վարժանքներին 20 հազար դրամի փոխարեն կտուգանվեն 30 հազար դրամով. Կառավարության առաջարկը |tert.am|

Պահեստազորի այն քաղաքացիները, որոնք չեն մասնակցի զինվորական վարժանքներին 20 հազար դրամի փոխարեն կտուգանվեն 30 հազար դրամով. Կառավարության առաջարկը |tert.am|

tert.am: Կառավարությունն առաջարկում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում և Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարել: Հիմնական զեկույցող ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը նշեց, որ առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ բարձրացվում է զինվորական վարժանքներից ու զորավարժություններից խուսափելու համար տուգանքի՝ 20 հազար դրամ գործող չափը և առաջարկվում սահմանել 30 հազար դրամ: «Նախատեսվում է հստակեցնել վարժական և զինվորական հավաքներից, մարտավարություններից խուսափելու համար պատասխանատվության միջոցները: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարվող փոփոխությունների համաձայն՝ բարձրացվում է զինվորական վարժանքներից ու զորավարժություններից խուսափելու համար 20 հազար դրամ տուգանքի չափը և առաջարկվում է սահմանել 30 հազար դրամ: Նույն արարքը մեկ տարվա ընթացքում պահեստազորային քաղաքացու կողմից կրկնվելու դեպքում՝ առաջարկվում է տուգանքը սահմանել 50 հազար դրամի չափով: Հստակեցվում է նաև տուգանքը կիրառող մարմինը, մինչև սա փաստորեն տուգանքը կար, բայց կիրառող մարմինը սահմանված չէր»,- ասաց փոխնախարարը: Փոխնախարարի խոսքով՝ նախկինում վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվություն էր սահմանված, թե՛ Քրեական օրենսգրքով, թե՛ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով: «Բացի այդ, Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում սահմանվել է, որ զորահավաք հայտարարելու դեպքում, զորահավաքին ներգրավումն իրականացվում է զորահավաքային զորակոչի միջոցով, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել նաև Քրեական օրենսգրքում»,- ասաց Բալայանը: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք 20-ից 30 հազար դրամը բավարար տուգանք է: «Ես կարծում եմ, որ դրանք այն մարդիկ են, որոնք աշխատանքի մեջ են, և ավելի հարմար են գտնում 20 հազար վարչական տուգանքի ենթարկվել, բայց աշխատանքից դուրս չգալ: Այս 10 հազար դրամի փոփոխությունով ի՞նչ արդյունք եք ակնկալում»,- հարցրեց պատգամավորը: «Հստակեցնեմ, որ որևիցե ձևով այդ 20 հազար դրամն էլ չի կիրառվել, քանի որ ինչպես նշեցի կիրառվող մարմինը բացակայում էր Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքից: Մենք չենք կարող վիճակագրություն ներկայացնել, որովհետև չի եղել այն մարմինը, որը դա կիրառել է: Երբ օրենքը կընդունվի և ուժի մեջ կմտնի, այդ ժամանակ կկարողանանք վիճակագրություն ներկայանցել՝ 30 հազարը բավարար է, թե՝ ոչ»,- պատասխանեց փոխնախարարը:  
12:08 - 23 հունվարի, 2020
Հայաստանի կառավարությունը պատրաստ է հաջորդ տարի երկու անգամ մեծացնել ամանորյա ծախսերը․ վարչապետ |news.am|

Հայաստանի կառավարությունը պատրաստ է հաջորդ տարի երկու անգամ մեծացնել ամանորյա ծախսերը․ վարչապետ |news.am|

news.am: Հայաստանի կառավարությունը, համեմատած ընթացիկ տարվա հետ, 2021թ․ ծրագրում է մեծացնել այն միջոցների գումարը, որոնք կծախսվեն հաջորդ տարի Նոր տարվա տոնակատարությունների համար։ Այս մասին հունվարի 22-ին ՀՀ ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի այն հարցին, թե Հայաստանի քանի քաղաքացի է մեկնել Վրաստան ամանորյա տոներին։ Դա, վարչապետի կարծիքով, թույլ կտա գրավել ոչ միայն արտասահմանցի զբոսաշրջիկների, այլեւ կգրավի հենց Հայաստանի քաղաքացիներին՝ Նոր տարին հայրենիքում անցկացնելու համար։ Փաշինյանը նշեց, որ ոչ մի հաշվարկ չի արվել, սակայն հաջորդ տարի ՀՀ կառավարությունը կծախսի ոչ թե 271 միլիոն դրամ, ինչպես 2019թ․, այլ, օրինակ, 570 միլիոն դրամ։ «Եւ հաջորդ տարի կապահովվի ոչ թե 9 միլիարդ դրամի չափով լրացուցիչ դրամական շրջանառություն, այլ 20, 25, 30 միլիարդ դրամի չափով։ Ես այսօր խոսում եմ այդ մասին, որպեսզի մեր հարգելի քննադատները պատրաստ լինեն նրան, որ մենք հաջորդ տարի պատրաստ ենք կրկնապատկել ծախսերի գումարը։ Ես արդեն համապատասխան հանձնարարություններ եմ տվել վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին եւ նախարարություններին, որպեսզի մենք հենց այդ ճանապարհով գնանք»,- հայտարարեց կառավարության ղեկավարը։  
07:00 - 23 հունվարի, 2020
Կառավարությունը մի քանի փոփոխություններ է իրականացնում նպաստների ոլորտում |armenpress.am|

Կառավարությունը մի քանի փոփոխություններ է իրականացնում նպաստների ոլորտում |armenpress.am|

armenpress.am։ Կառավարությունը լրացումներ և փոփոխություն է կատարել նախկինում ընդունած ՝«Պետական նպաստների մասին» որոշման մեջ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց՝ օրենքով սահմանվել է, որ թաղման նպաստ է վճարվում նաև հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` 3 ամսվա ընթացքում, վերափորձաքննության ներկայանալու, սակայն մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից որոշում կայացնելը անձի մահանալու դեպքում: «Սահմանվել է նաև, որ ուսման մասին ուսումնական հաստատությունից տեղեկանքը կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից 6 ամիս հետո ներկայացվելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է գրավոր դիմելու օրվանից: Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել վերանայել կառավարության համապատասխան որոշումը և փոփոխել նոր իրավակարգավորումներին առնչվող դրույթները: Որոշմամբ լուծում է տրվել նաև իրավակիրառ պրակտիկայում առաջացած մի շարք խնդիրների: Մասնավորապես` հստակեցվել է, որ hաշմանդամ երեխա ճանաչված անձի հաշմանդամության նպաստը ստանալու իրավունք ունեցող ծնողի մահվան դեպքում հաշմանդամության նպաստի վճարումը վերականգնվում և նպաստը վճարվում է մյուս ծնողին, եթե այդ ծնողն իր գրավոր դիմումը և մահացած ծնողի մահվան վկայականը ներկայացրել է տարածքային բաժին»,- ասաց նախարարը: Հստակեցվել է նաև, որ նպաստառուի մահվան դեպքում թաղման նպաստ վճարելու համար անձը կարող է ներկայացնել նաև նպաստառուի մահվան փաստը հավաստող` օտարերկրյա պետության տված փաստաթուղթը` վավերացված ապոստիլով:
10:43 - 16 հունվարի, 2020
Կառավարությունը արտոնություն տվեց ձիթապտղի վերամշակման և արտադրության ներդրումային ծրագրին |armenpress.am|

Կառավարությունը արտոնություն տվեց ձիթապտղի վերամշակման և արտադրության ներդրումային ծրագրին |armenpress.am|

armenpress.am։ Կառավարությունը որոշում կայացրեց ներդրումային ծրագրի շրջանակներում հարկային արտոնություն տրամադրել «ՆԻԿՈԼԱ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ, ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ին: Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նշեց, որ կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, հումքը, նյութերը ազատում է ներմուծման մաքսատուրքից: Փոխնախարարի խոսքով՝ այս ընկերությունն արդեն օգտվում էր նման արտոնությունից, այժմ փոփոխություն է կատարվում նախկինում ընդունված որոշման մեջ: «Նախագծով առաջարկվում է ապրանքների արժեքն ավելացնել 1,6 մլրդ դրամով, որի արդյունքում ներդրումային ծավալը կազմելու է 3,3 մլրդ դրամ: Ընկերությունն առաջին արտոնություն ստացել է 2019 թվականին, այն զբաղվում է ձիթապտղի վերամշակմամբ եւ արտադրությամբ, Կոտայքի մարզում: Ընկերությունն առաջին փուլով ներմուծել է հումք` ձիթապտղի վերամշակման և արտադրության համար, որոնց համար նախատեսված գումարը կազմել է շուրջ 1.7 մլրդ դրամ: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել երկրորդ փուլով ներմուծել մոտ 1.6 մլրդ դրամի ապրանքների լրացուցիչ խմբաքանակ: Համաձայն ընկերության կողմից տրամադրված տեղեկատվության` ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունում ստեղծվել է 15 նոր աշխատատեղ և իրականացվել 25 մլն դրամի կապիտալ ներդրում»,- ասաց փոխնախարարը՝ ավելացնելով, որ մաքսատուրքի արտոնությունը կազմելու է 431,5 մլն դրամ, որից բյուջե մուտք չի լինելու 5,2 մլն դրամ: Ընկերության արտադրանքի արտահանման հիմնական շուկան լինելու են ԵԱՏՄ երկրները, սակայն նա փորձելու է նաեւ արտահանել երրորդ երկրներ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Հայաստանում ձիթապտուղ աճեցնելու փորձեր արդեն կան: «Բայց դեռևս չեմ կարծում, որ արդյունաբերական ծավալներով կարող ենք աճեցնել: Չնայած՝ որ եղանակն այս տեմպերով փոխվի, մյուս տարվա վերջին, երևի, կսկսենք ՀՀ-ում ձիթապտուղ աճեցնել: Կիվի արդեն աճեցնում են, և բավականին լուրջ ծավալներով»,- ասաց վարչապետը:
09:15 - 16 հունվարի, 2020
Կույրերի համար գրականությունը կդառնա մատչելի |armenpress.am|

Կույրերի համար գրականությունը կդառնա մատչելի |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հավանություն տվեց «Կույրերի, տեսողությունից հաշմանդամ կամ ընթերցանության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագրին միանալու նախագծին: Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նշեց, որ այսօրվա դրությամբ միջազգային գրականության միայն երկու տոկոսն է հասանելի կույրերին կամ տեսողության որոշակի խնդիրներ ունեցող մարդկանց: 2013 թվականի հունիսի 27-ին Մարաքեշում Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ ընդունվել է «Կույրերի, տեսողությունից հաշմանդամ կամ ընթերցանության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագիրը: «Պայմանագրի ընդունումը նպատակ ունի ապահովելու կույրերի, տեսողությունից հաշմանդամ կամ ընթերցանության այլ դժվարություններ ունեցող անձանց համար ստեղծագործությունների հասանելի ձևաչափով օրինակների մատչելիությունը: Պայմանագրի հիմքում ընկած են մարդու իրավունքների պաշտպանության հիմնական սկզբունքները և այն ունի ընդգծված սոցիալական ուղղվածություն»,- ասաց փոխնախարարը: Ավագ Ավանեսյանի խոսքով՝ եթե Հայաստանը միանում է այս պայմանագրին, այդ դեպքում, երբ որեւէ շահույթ չհետապնդող կազմակերպություն ցանկանում է կույրերի համար գիրք հրատարակել, ապա պարտավոր չի լինի որեւէ վճար իրականացնել սեփականատիրոջը կամ հեղինակին: Ըստ նրան, այս պայմանագիրը թույլ է տալիս առանց հեղինակի սեփականության իրավունքի թույլտվության, համապատասխան գործողությունն իրականացնել: Համաձայնագրի դրույթները տարածվում են նաև գրադարանների վրա: Ամեն տարի աշխարհում հրատարակվում են մեծ քանակությամբ գրքեր, որոնցից միայն 2%-ն է հասանելի զարգացող, ինչպես նաև զարգացած երկրներում ապրող 285 միլիոն կույրերի և տեսողության խաթարումներ ունեցող մարդկանց համար: Պայմանագրով սահմանվում են մի շարք սահմանափակումներ և բացառություններ, որոնք հնարավորություն են տալիս վերարտադրել, տարածել և մատչելի դարձնել հեղինակային իրավունքով պահպանվող ստեղծագործությունները այն ձևաչափով, որով տեսողությունից հաշմանդամ կամ ընթերցանության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար դրանք հասանելի կլինեն: Այն թույլ է տալիս նաև իրականացնելու արդեն փոփոխված ձևաչափով ստեղծագործությունների միջսահմանային փոխանակումն այն իրավասու մարմինների միջև, որոնք ծառայություններ են մատուցում շահառուներին: Պայմանագրում հստակ սահմանվում է, թե ովքեր են շահառուները, և ինչպիսի ստեղծագործությունների վրա են տարածվում սույն Պայմանագրի դրույթները: Սահմանվում են նաև այն լիազոր մարմինները, որոնք ծառայություններ են մատուցում շահառուներին: Պայմանագրի համաձայն Պայմանավորվող կողմերն իրավասու են որոշակի հանգամանքներում՝ առանց իրավատիրոջ համաձայնության, հասանելի ձևաչափով օրինակները ներմուծել, ինչպես նաև արտահանել: Պայմանագրով նախատեսվում է հիմնադրել «Տեղեկատվության հասանելիության կենտրոն», որը հնարավորություն կընձեռի փոխանակելու համապատասխան տեղեկատվություն հեշտացնելու լիազոր մարմինների նույնականացումը: Մարաքեշի պայմանագրով հնարավորություն է տրվում. Շահառուներին օգտվելու ստեղծագործություններից հասարակության մյուս անդամների հետ հավասարապես, շահառուներին ապահովելու հասանելի ձևաչափով կրթական նյութերի մատչելիությունը, շահառուների մասնակցությունն ու ներգրավվածությունը մշակութային և սոցիալական կյանքին: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ սա եւս մեկ համարձակ քայլ է կառավարության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, նրանց սոցիալական ներառումն ապահովելու ուղղությամբ: «Գրականության մատչելի դարձնելը չի ենթադրում միայն բրալյան գրքեր, այն ենթադրում է նաև խոսող գրքեր, գունային տարբեր գամմաներով նկարազարդումներ»,- ասաց նա:
08:46 - 16 հունվարի, 2020
Աղբի կառավարումն այսօր մեր երկրի ամենահրատապ խնդիրներից է. կառավարությունում քննարկվել են աղբահանության ռազմավարության մշակման աշխատանքները

Աղբի կառավարումն այսօր մեր երկրի ամենահրատապ խնդիրներից է. կառավարությունում քննարկվել են աղբահանության ռազմավարության մշակման աշխատանքները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի շրջանակում քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում աղբահանության ռազմավարության նախագծի մշակման աշխատանքների ընթացքը: Մինչ քննարկմանն անցնելը վարչապետն անդրադարձել է աղբահանության և աղբի կառավարման արդյունավետ համակարգի ձևավորման կարևորությանը՝ նշելով. «Ակնհայտ է, որ աղբի կառավարումն այսօր մեր երկրի ամենահրատապ խնդիրներից է: Մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր, ըստ էության, ցավոք, եթե մի փոքր պատկերավոր ասենք, աղբի շերտի տակ է և առիթ ունեցել եմ խոսելու նաև այն մասին, որ աղբի նկատմամբ հանդուրժողականության որոշակի վերաբերմունք է դրսևորվել: Իհարկե, սա լուրջ խնդիր է, որը լուծելու ուղիները մենք պետք է գտնենք: Բայց եթե մի պահ այսօրվա իրավիճակով պատկերացնենք, որ մեր կենսական միջավայրում աղբի նկատմամբ 100 տոկոս անհանդուրժողական վերաբերմունք է ձևավորված, այսօրվա մեր համակարգի ամենամեծ խնդիրն այն է, որ մենք ուղղակի աղբը Ա կետից տեղափոխում ենք Բ կետ: Այսինքն՝ մենք կարող ենք այսօր ունենալ իրավիճակներ, երբ մեր բնակավայրերը մաքուր, կատարյալ վիճակում լինեն, բայց սա դեռևս չի նշանակում, որ մենք խնդիրը լուծել ենք, որովհետև այսօրվա մեր համակարգով աղբը Ա կետից տեղափոխում ենք Բ կետ, իսկ ի՞նչ է տեղի ունենում Բ կետում այդ աղբի հետ, դա իր հերթին բերում է լուրջ խնդիրներ: Այսօրվա մեր ռազմավարական քննարկման ամենակարևոր խնդիրներից մեկը հենց դա է, թե մենք հետո ինչ ենք անելու այդ աղբը: Կարծում եմ՝ ժամանակակից աշխարհում, նաև երկրի քաղաքակրթության մակարդակի կարևոր ցուցիչներից մեկն այն է, թե ինչպես են վարվում աղբի հետ, ինչպես է կառավարվում աղբը, որովհետև աղբ բառը հասկանալիորեն շատ նեգատիվ բովանդակություն ունի, բայց նաև ժամանակակից աշխարհում շատ լուրջ ռեսուրս է, և այդ ռեսուրսն արդյունք է ստեղծում, բարեկեցություն է ստեղծում, տնտեսության մեջ որոշակի դերակատարում է ձեռք բերում, համախառն ներքին արդյունք է դառնում և այսպես շարունակ: Մենք այս ուղղությամբ պետք է մտածենք, և, ըստ էության, սա նոր աշխատանք չէ Հայաստանի Հանրապետությունում. այդ աշխատանքն արդեն բավական երկար ժամանակ արվում է, տեղ-տեղ ունենք փոքր տեղային արդյունքներ, բայց ընդհանուր առմամբ այս խնդիրները պետք է երկարաժամկետ առումով հաղթահարելու ձևերը գտնենք»: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ աղբահանության ռազմավարության մշակման աշխատանքներն իրականացնում է վարչապետի որոշմամբ ձևավորված աշխատանքային խումբը, հիմնական նպատակը հանրապետության ողջ տարածքում գոյացող աղբի հավաքման, տեղափոխման, տեսակավորման և վերամշակման գործուն համակարգի ձևավորումն է: Քննարկումը ծավալվել է Հայաստանում աղբահանության ոլորտում առկա իրավիճակի, աղբահանության և կոշտ թափոնների կառավարման հիմնական ուղղությունների ու սկզբունքների, ոլորտում իրականացված, ինչպես նաև ընթացիկ ծրագրերի, աղբի վերամշակման հնարավոր տարբերակների և մեխանիզմների, այդ ուղղությամբ ներկայում հանրապետությունում գործունեություն ծավալող ընկերությունների աշխատանքի, աղբահանության համակարգի ինստիտուցիոնալ և օրենսդրական դաշտի կատարելագործման հարցերի շուրջ: Ամփոփելով մտքերի փոխանակությունը՝ վարչապետը ևս մեկ անգամ կարևորել է աղբի հավաքման, կառավարման և վերամշակման լիարժեք շղթայի ձևավորումը և, ի թիվս մի շարք այլ անելիքների, հանձնարարել աշխատանքներ տանել աղբի վերամշակմամբ զբաղվող ընկերությունների գործունեությունը խթանելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել ռազմավարության մշակման աշխատանքները, սեղմ ժամկետում վերջնական տեսքի բերել փաստաթուղթը և ներկայացնել աղբահանության համակարգի համապարփակ ռազմավարություն՝ միջոցառումների ծրագրով և իրականացման հստակ ժամանակացույցով: Կառավարության ղեկավարը նաև պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է ռազմավարությունների ստանդարտացման և այդ նպատակով համապատասխան չափանիշների մշակման վրա՝ տալով համապատասխան հանձնարարական:
13:44 - 13 հունվարի, 2020
Կառավարությունն իրականացնում է ժողովրդագրական իրավիճակի բարելավման քայլեր

Կառավարությունն իրականացնում է ժողովրդագրական իրավիճակի բարելավման քայլեր

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2020 թվականի հերթական առաջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը շնորհավորել է բոլորին աշխատանքային տարվա մեկնարկի առիթով: «Կարծում եմ՝ 2019 թվականը իսկապես հաջողված տարի էր, և 2018-2019 թվականների ընթացքում, ըստ էության, մեզ հաջողվեց լուծել մեր օրակարգի կարճաժամկետ բոլոր խնդիրները, և 2020 թվականը պետք է մեզ համար արդեն ռազմավարական խնդիրների լուծմամբ ավելի շատ զբաղվելու ժամանակաշրջան դառնա: Ես կարծում եմ նաև, որ 2020 թվականը բավական լավ ենք սկսել, և այն նոր կամ նորացված հայեցակարգը, որը մենք առաջարկեցինք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ըստ էության, արդարացրեց իրեն, և ամանորյա օրերին և ընդհուպ մինչև հիմա զբոսաշրջիկները տեսանելի էին Երևանի փողոցներում և ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում: Իհարկե, թվերը դեռ ամփոփված չեն, բայց առնվազն վիզուալ պատկերն այդպիսին է, և պետք է արձանագրել, որ դրանում ոչ ամենևին երկրորդական նշանակություն ունեցան այն որոշումները, որ մենք կայացրեցինք Հանրապետության հրապարակում ամանորյա տոնակատարությունների հետ կապված: Եվ ես կարծում եմ, որ նաև 2018-2019 թվականների փորձը հաշվի առնելով և այն, որ, ըստ էության, մեզ համար ցայտնոտային ժամանակներն ավարտվել են, մյուս տարվա ամանորյա միջոցառումների պլանավորումը պետք է հենց այսօրվանից սկսել:Եվ ընդհանրապես, տարվա միջոցառումները պարզ են մեզ համար, օրացույցը՝ սեպտեմբերի 21, այլ միջոցառումներ, այս տարի մենք պլանավորում ենք յարխուշտայի փառատոն սկսել Հայաստանի Հանրապետությունում: Այդ ամենն ինչի համար եմ ասում՝ պետք է պլանավորել և մրցութային նորմալ ընթացակարգերով իրականացնել ամբողջ միջոցառումները և եթե չբացառել, առնվազն նվազագույնի հասցնել մեկ անձից գնումների պրակտիկան: Եվ ուզում եմ ասել, որ այս կարգի ներդրումները տնտեսապես արդարացնելու են իրենց առնվազն, եթե չեն արդարացրել արդեն»,- նշել է կառավարության ղեկավարը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև երկրում տուրիզմի զարգացման հարցին և նշել, որ 2020 թվականն զբոսաշրջային առումով լինելու է ավելի լավ տարի, ինչի համար կան հստակ ազդակներ: «Մենք բոլորս սպասում ենք, որ 2020 թվականը զբոսաշրջային առումով ավելի լավ տարի է լինելու, և դրա համար կան կոնկրետ ազդակներ՝ դրա մասին մտածելու: Շուտով կսկսվեն բյուջետային ավիաընկերությունների չվերթները Հայաստանի Հանրապետություն, մյուս շաբաթ արդեն «Ryanair» ընկերությունն առաջին չվերթը կիրականացնի, և այդ պրոցեսը շարունակական է: Միջազգային մամուլում, ամենահեղինակավոր լրատվամիջոցներում հայտնվում են տեղեկատվություններ, որոնք իրենց ընթերցողներին, լսարանին խորհուրդ են տալիս Հայաստանն ընտրել որպես 2020 թվականի հիմնական զբոսաշրջային ուղղություն: Այս ամեն ինչը շատ լավ է, բայց ես ուզում եմ ընդգծել, որ մենք այս ոլորտում շատ անելիքներ ունենք՝ մասնավորապես, մեր երկրում սպասարկման մակարդակը բարձրացնելու և սպասարկման որակի հարցը լուծելու առումով»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ պետք է մշակել ծրագրեր՝ զբոսաշրջիկների հետ առնչվող բոլոր օղակներում շփման որոշակի մշակույթ սերմանելու և այն սովորական երևույթ դարձնելու ուղղությամբ:  Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ արդեն թռիչքների երկու ուղղություն իրականացվելու է Գյումրի: «Նույնպես օդանավակայանի տարածքից այլ տարածքներ զբոսաշրջիկների տեղափոխման քաղաքակրթական բովանդակության մասին պետք է շատ լուրջ մտածել, և Երևանում: Եվ ընդհանրապես, այն տեսարանները, որոնք դեռ շարունակում են, ցավոք Հայաստանի օդանավակայաններում շատ հաճախ կարելի է հանդիպել, երբ օդանավակայանի անցագրային և մաքսային տարածքից դուրս եկող մարդիկ ենթարկվում են խմբակային հարձակումների տարբեր ծառայություններ առաջարկողների կողմից»:  Վարչապետը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է քայլեր ձեռնարկել թվարկած խնդիրների լուծման առումով: «Հայաստան ժամանող զբոսաշրջիկների համար պետք է պատրաստվեն տեղեկատվական թերթիկներ՝ տաքսիների մոտավոր գների մասին, ամեն ինչի մոտավոր գների մասին, ընդհուպ առավել քաղաքակիրթ տաքսի ծառայություններից օգտվելու տարբերակների և հնարավորությունների մասին, որովհետև սա շատ կարևոր է՝ ոչ միայն այսօրվա առումով, այլև երկարաժամկետ կտրվածքով»: Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև հանրապետության տարբեր օբյեկտների սանհանգույցների խնդրին: «Տեսնում ես՝ որևէ տեղ բացված է 5-հարկանի ռեստորան, որտեղ աթոռները ոսկեջրած են և այլն, բայց երբ զուգարանի դուռը բացում, ներս ես մտնում, քեզ թվում է, թե, ասենք, աղետյալ ինչ-որ մի շրջանում ես գտնվում: Մարդիկ 100 հազար դոլար են ներդնում ինչ-որ մի շենք կառուցելու համար, ու հետո հասկանում ես, որ ալարել են 200 դոլար ներդնեն, որ այդ տարածքը սանհանգույց ունենա՝ ոչ միայն մաքուր լինելու առումով, այլև քաղաքաշինության առումով: Ընդ որում այդտեղ էլ պետք է ստանդարտներ ունենանք: Այսինքն՝ մենք պետք է մարդկանց հստակ ասենք՝ չի կարելի 500 հազար դոլարանոց շինություն կառուցել, ռեստորան կառուցել և ենթադրենք ալարել 50 դոլար ավելի ծախսել պատշաճ սանհանգույց ունենալու համար: Դա իսկապես քաղաքակրթական խնդիր է; Այս հարցը ոչ միայն սանիտարական, այլև քաղաքաշինական նորմերի հարց է»,- ասել է գործադիրի ղեկավարը: Անդրադառնալով մարդկանց կյանքը փոխելու, լավ ապրելու և աղքատությունը հաղթահարելու միջոցներին՝ վարչապետը նշել է. «Աշխատանքն է Հայաստանի Հանրապետությունում բարեկեցություն հաստատելու, աղքատությունը հաղթարարելու միջոցը: Հիմա մենք այս աշխատանքի համար ստեղծել ենք բավարար դաշտ և այնտեղ, որտեղ այդ բավարար դաշտում ինքնակարգավորումներ տեղի չեն ունենում, մենք որոշակի ստանդարտներ պետք է պարտադրենք: Մենք ասում ենք մարդկանց՝ ձեզ ազատել ենք այդ հարկերից, մենք հնարավորություն ենք տալիս, որպեսզի դուք իրականացնեք զարգացման տարբեր ծրագրեր, գյուղատնտեսության ոլորտում և այլն, և մենք աշխարհի տարբեր ուղղություններից ձեզ համար բերում ենք պոտենցիալ հաճախորդներ: Ահա ստեղծված է այն դաշտը, որ ոչ թե կառավարությունը կամ ինչ որ մարդիկ ամիսը ինչ-որ գումար պետք է ձեզ վճարեն, որ դուք լավ ապրեք, որովհետև այդպես հնարավոր չէ լավ ապրել, այլ ստեղծված է դաշտ, որպեսզի ՀՀ քաղաքացիները սեփական մտքով, սեփական աշխատանքով, գաղափարներով հնարավորություն ունենան վաստակել իրենց օրվա հացը: Սա է կյանքը փոխելու մեր բանաձևը: Մենք կառուցում ենք ճանապարհներ, մենք կառուցում ենք և կկառուցենք մանկապարտեզներ, դպրոցներ, այլ ենթակառուցվածքներ, որպեսզի այս պոտենցիալ հաճախորդների և պոտենցիալ ապրանք առաջարկողների հաղորդակցությունը դառնա հնարավորինս հեշտ: Սա է լավ ապրելու մոդելը Հայաստանի Հանրապետությունում: Եվ ուզում եմ ասել, որ չաշխատող մարդը չի կարող լավ ապրել, չաշխատող մարդը երբեք ոչ մի երկրում լավ չի ապրել: Եվ հետևաբար, մեր խնդիրն է աշխատանքի համար ստեղծել բոլոր հնարավոր պայմանները: Կրկնում եմ՝ բազմոցին պառկած մարդու աղքատությունը կառավարությունը չի հաղթարելու, այդ մարդն առնվազն պետք է բռնի կառավարության մեկնած ձեռքը և օգնի կառավարությանն օգնել իրեն, առնվազն վեր կենալ բազմոցից: Երկարաժամկետ առումով լավ ապրելու բանաձևը կրթությունն է, երկարաժամկետ առումով հնարավոր չէ առանց կրթության, առանց հմտության լավ ապրել և այս բոլոր հնարավորություններից օգտվել: Ուզում եմ կրկին ընդգծել, որ կրթություն ասելով նկատի ունեմ ոչ միայն նախնական կրթությունը, ոչ միայն բարձրագույն կամ հետբուհական կրթությունը, այլև ամենօրյա կրթությունը, որովհետև մարդն իր ողջ կյանքի ընթացքում կրթական պրոցեսի մեջ է: Այն մարդուն, որը որևէ ժամանակով իրեն կրթական պրոցեսից դուրս մղեց՝ սպասում է ձախողում»: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս արձանագրումներով էլ պետք է սկսել նոր տարին՝ 2020 թվականը: «Խնդիրը ձևակերպված է շատ հստակ՝ մենք նախորդ տարվա համար սպասում ենք բավականին բարձր տնտեսական աճ, և 2020 թվականին տնտեսական աճի մեր ցուցանիշը պետք է լինի ավելի լավը, քան 2019 թվականին: Կառավարությունը սրա համար պետք է շատ լուրջ ջանքեր գործադրի, բայց կառավարության ամենամեծ ջանքը հետևյալն է՝ առաջնորդվել բժշկական սկզբունքով՝ նախ չխանգարել բիզնեսին, տնտեսվարողներին, որպեսզի նրանք ստեղծեն այդ ազգային արդյունքը, առաջինը չխանգարել, իսկ այնտեղ, որտեղ կարող ենք օգնել, մենք պետք է օգնենք այդ խնդիրները լուծել»,-ընդգծել է վարչապետը: Գործադիրի ղեկավարն անդրադարձել է նաև տնտեսվարողների կողմից ՀԴՄ կտրոններ չթողարկելու խնդրին և նշել, որ կառավարությունը շարունակում է ահազանգեր ստանալ այդ դեպքերի առնչությամբ: Հարցի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են խնդրի լուծման տարբերակներ և առաջարկություններ: Վարչապետը շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին հորդորել է քննարկել բոլոր առաջարկությունները և ներկայացնել հարցի լուծման կոնկրետ տարբերակներ: Կառավարությունն իրականացնում է ժողովրդագրական իրավիճակի բարելավման քայլեր Գործադիրն ընդունել է որոշումներ, որոնք միտված են երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը: Որոշումներից մեկով առաջարկվում է 2020 թ. հուլիսի 1-ին և դրանից հետո ծնված` առաջին և երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նշանակվող միանվագ նպաստի չափը սահմանել 300000 դրամ։ Գործող կարգով երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 1-ին երեխայի ծնվելու դեպքում կազմել է 50 հազար դրամ, 2-րդ երեխայի ծնվելու դեպքում` 150 հազար դրամ։ Արդյունքում՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափն առաջին երեխայի ծնվելու դեպքում կավելանա 250 հազար դրամով, իսկ երկրորդ երեխայի ծնվելու դեպքում` 150 հազար դրամով: Մեկ այլ՝ չզեկուցվող որոշմամբ նախատեսվում է կարգավորել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ մինչև երեխայի 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը: Ըստ այդմ՝ առաջարկվում է 2020 թվականի հուլիսի 1-ից խնամքի նպաստի չափը սահմանել 26500 դրամ՝ 18000 դրամի փոխարեն։ Արդյունքում խնամքի նպաստի չափը կավելանա ավելի քան 47 տոկոսով։ Այն կտարածվի այդ պահին շահառու հանդիսացող բոլոր քաղաքացիների վրա: «Նախատեսվում է այս նպաստը սահմանել նաև գյուղական համայքներում ապրող քաղաքացիների համար՝ մի տարբերությամբ, որ նրանք այս նպաստը կստանան՝ անկախ իրենց աշխատելու համագամաքից, բայց եթե նաև աշխատող են, ապա այս գումարը կկրկնապատկվի»,- նշել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ հավելելով, որ երկու ծրագրերի համար ընդհանուր առմամբ նախատեսվել է ավելի քան 4 մլրդ 786 հազար դրամ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումները և նշել. «Սա, ըստ էության, մեր խոսակցության կամ նախկինում ունեցած խոսակցության շարունակությունն է: Ի՞նչ ենք մենք այս ուղերձով ասում: Մենք ասում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ուզում ենք խթանել մեր քաղաքացիներին, որպեսզի երեխաներ ունենան: Երկրորդ՝ ուզում ենք խթանել աշխատանքի շուկայում կամ համապատասխան հմտություններ ունեցող մայրերին, որ նրանք հնարավորինս արագ վերադառնան աշխատանքի: «Դայակների» ծրագրի հետ կապված ուզում եմ ընդգծել, որ մենք դրանով խթանում ենք ոչ միայն մայրերին աշխատանքի մեջ ներգրավվումը, որոնք ենթադրվում է, որ աշխատանքի շուկայում որոշակի մրցունակություն ունեն, այլև նրանց, ում մրցունակության աստիճանը մի փոքր ավելի ցածր է: Երբ մայրերը գնում են աշխատանքի՝ աշխատատեղ է բացվում պոտենցիալ դայակների համար: Ես ուզում եմ ասել, որ մեր գաղափարախոսությունն հենց սա է՝ մենք ցանկացած սոցիալական ծրագրի մեջ պետք է դնենք նաև զարգացման էլեմենտ: Սա շատ կարևոր է, որովհետև մարդուն ուղղակի գումար տալը՝ առանց այլ հեռանկար առաջարկելու, ճիշտ մոտեցում չէ: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հայտնել է, որ ժողովրդագրական իրավիճակի բարելավման բոլոր ծրագրերը միտված են նաև աշխատանքը խրախուսելուն: Ըստ փոխվարչապետի՝ նախատեսված են նաև այլ նախագծեր, մասնավորապես, նախակրթարանաների հերթերը վերացնելու հետ կապված: Նախատեսվում է ընդլայնել իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատող ապացույցների շրջանակը Գործադիրը հավանություն է տվել «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծերի ընդունմամբ ընդլայնվում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատող ապացույցների շրջանակը՝ ներառելով վկայի ցուցմունքը, նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստը չհաստատելու համար հիմք հանդիսացող այլ կարգով նախատեսված դեպքերից բացառվում է դատական կարգով իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման հնարավորությունը, դատարանի կողմից փաստը հաստատելու այլ կարգերից բացառել նոտարի կողմից իրավաբանական նշանակության փաստի հաստատումը: Քրեական պատասխանատվություն է սահմանվում նաև նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատելու գործով վկայի կողմից նոտարին սուտ ցուցմունք տալու համար: Կառավարությունը 2019 թ. հավանություն է տվել 212 մլրդ դրամի 57 ներդրումային ծրագրի Կառավարությունը լրացում է կատարել «Անիթեքս» ՍՊԸ-ին մաքսատուրքից ազատման արտոնությունից թույլտվություն տրամադրելու վերաբերյալ որոշման մեջ: 2018 թվականից գործող ընկերությունն առաջին փուլով ներմուծել է հումք` տեքստիլի արտադրության համար (մանրաթելի, վերմակների, բարձերի արտադրություն), որոնց համար նախատեսված գումարը կազմել է շուրջ 8.6 մլրդ ՀՀ դրամ: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել երկրորդ փուլով ներմուծել մոտ 2.8 մլրդ դրամի ապրանքների լրացուցիչ խմբաքանակ: Համաձայն ընկերության կողմից տրամադրված տեղեկատվության` ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունում ստեղծվել է 44 նոր աշխատատեղ և իրականացվել 696,484,383 ՀՀ դրամի ներդրում: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել 2019 թվականի ընթացքում կառավարության որոշումներով ընկերություններին տրված արտոնությունների վերաբերյալ: Անցած տարվա ընթացքում կառավարության հավանությանն է արժանացել 57 ծրագիր: «Ընդհանուր ներդրումային արժեքը կազմել 212 մլրդ դրամ: Տրամադրել ենք 14,8 մլրդ դրամ մաքսատուրքից ազատման արտոնություններ: Նախատեսվում է, որ պետք է ստեղծվի 3 320 աշխատատեղ: Այդ ծրագրերից որոշները շարունակական են, այսինքն՝ ոչ միայն իրականացվել են 2019-ին, այլև շարունակվելու են 2020թ., երբեմն նաև 2021 թ. ընթացքում: Այս ծրագրերից շատերի մասով տրվել են նաև ավելացված արժեքի հարկը հետաձգելու արտոնություններ: Եղել է այդպիսի 13 ծրագիր, իսկ ԱԱՀ-ի հետաձգման գումարը կազմել է 10,1 մլրդ դրամ»,-ասել է նախարարը:
13:00 - 09 հունվարի, 2020
Կառավարությունը որոշեց լրացումներ կատարել «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում, քրեական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերում

Կառավարությունը որոշեց լրացումներ կատարել «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում, քրեական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերում

Կառավարությունը որոշեց լրացումներ կատարել «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում, ՀՀ քրեական օրենսգրքում և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում, մասնավորապես՝  - Իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատող ապացույցների շրջանակում ներառել վկայի ցուցմունքները.  - Նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստը չհաստատելու համար հիմք հանդիսացող այլ կարգով նախատեսված դեպքերից բացառել դատական կարգով իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման հնարավորությունը.  - Դատարանի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստը չհաստատելու համար հիմք հանդիսացող այլ կարգով նախատեսված դեպքերից բացառել նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման հնարավորությունը.  - Քրեական պատասխանատվություն նախատեսել նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատելու գործով վկայի կողմից նոտարին սուտ ցուցմունք տալու համար:
08:20 - 09 հունվարի, 2020