Սերժ Սարգսյանի գրասենյակը պաշտոնական գրությամբ պատասխանել է ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գրությանը՝ նշելով, որ ՀՀ կառավարության կողմից արտակարգ դրության ժամկետի երկարաձգման որոշում կայացնելու դեպքում անգամ Սարգսյանը պատրաստ է ապրիլի 16-ին՝ ժամը 14:00-ին, այցելել քննիչ հանձնաժողով։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Սերժ Սարգսյանի գրասենյակը։
Պատասխանում նշվել է, որ Սերժ Սարգսյանը խնդիր չունի 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողովին մանրամասներ ներկայացնելու՝ Ադրբեջանի կողմից 2016 թվականին սանձազերծված ապրիլյան ռազմական ագրեսիայի մասին։
Գրասենյակը խնդրել է պարզաբանել` արդյոք հանձնաժողովի փակ նիստը ձայնագրվում, սղագրվում և պատշաճ կարգով արխիվացվո՞ւմ է, թե ոչ և տեղեկացրել է, որ Սերժ Սարգսյանը նպատակահարմար է գտնում 2016 թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողով այցելել ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարված արտակարգ դրության ժամկետի ավարտից հետո` պայմանով, որ ձայնագրության մեկ օրինակը նիստից հետո տրամադրվելու է իրեն, եթե նիստի ընթացակարգով ձայնագրություն նախատեսված է, հակառակ դեպքում` տալ ձայնագրման հնարավորություն:
comment.count (0)