Տավուշի մարզ

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում, մարզկենտրոնը Իջևան քաղաքն է։ 

Ընդգրկում է Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի տարածաշրջանները և 4 քաղաքներ՝ Իջևանը, Նոյեմբերյանը, Բերդը և Դիլիջանը։ Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ Ներկայումս Տավուշի մարզպետն է Հայկ Չոբայանը։

ՀՀ նախագահի աշխատակազմը տոնական միջոցառումներ է կազմակերպել Սյունիքի և Տավուշի սահմանամերձ բնակավայրերի երեխաների համար

ՀՀ նախագահի աշխատակազմը տոնական միջոցառումներ է կազմակերպել Սյունիքի և Տավուշի սահմանամերձ բնակավայրերի երեխաների համար

Ամանորի և Ծննդյան տոների նախաշեմին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը տոնական միջոցառումներ է կազմակերպել Սյունիքի և Տավուշի մարզերի 16 սահմանամերձ բնակավայրերի երեխաների համար: Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ, սահմանամերձ բնակավայրերի փոքրիկները տոների նախօրյակին ավանդաբար հյուրընկալվում են նախագահական նստավայրում: Այս անգամ փոքրիկների համար ամանորյա տոնական միջոցառումները կազմակերպվել էին տեղերում՝ հնարավորություն ընձեռելով գյուղերի բոլոր փոքրիկ բնակիչներին դիտելու ու նաև՝ մասնակից լինելու ներկայացումներին: Ձմեռ Պապի և հեքիաթների այլ հերոսների մասնակցությամբ ամանորյա շոու-ծրագրերը տոնական տրամադրություն են պարգևել երեխաներին: Նախագահի աշխատակազմի կողմից նշված բնակավայրերի երեխաներին նաև նվեր-փաթեթներ են տրամադրվել:
15:10 - 30 դեկտեմբերի, 2021
Կիրանց-Ոսկեպար նոր ճանապարհի հնարավոր կառուցման մասին տեղեկությունները ոչ հաստատվում են, ոչ հերքվում

Կիրանց-Ոսկեպար նոր ճանապարհի հնարավոր կառուցման մասին տեղեկությունները ոչ հաստատվում են, ոչ հերքվում

Դեկտեմբերի 8-ին հայաստանյան մեդիադաշտում տեղեկություններ էին շրջանառվում, ըստ որոնց՝ դեկտեմբերի 7-ին ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղ է ժամանել Տավուշի մարզի ճանապարհաշինական ընկերություններից մեկի աշխղեկը եւ հայտնել Կիրանց-Ոսկեպար այլընտրանքային, սարերով ձգվող ճանապարհի կառուցման մասին։ Ոսկեպարի ղեկավար Սերոբ Մախսուդյանն Infocom-ի հետ զրույցում դեկտեմբերի 9-ին ասել էր, որ այս լուրերի մասին միայն բնակիչներից զրույցի մակարդակով է լսել, ավելի ոչինչ չգիտի ու տեղեկություն չունի այլընտրանքային ճանապարհի կառուցման մասին։ Մեր զրույցում նաեւ Նոյեմբերյանի փոխհամայնքապետ Խաչիկ Գիշյանն էր նշել, որ տեղեկություններ չունի շրջանառվող լուրերի մասին, նա առաջարկել էր դիմել Ճանապարհային դեպարտամենտին։ Գերատեսչությունից, սակայն, բանավոր որեւէ պատասխան չէին տվել՝ առաջարկելով բոլոր հարցերն ուղարկել գրավոր։ Ուստի դեկտեմբերի 9-ին «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ին գրավոր խնդրեցինք հայտնել՝ արդյոք ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրում նախատեսվո՞ւմ է կառուցել նոր ճանապարհ, եւ եթե այո, ապա որտեղո՞վ է անցնելու ճանապարհը, ի՞նչ տարածքներ է շրջանցելու։ Խնդրել էինք նաեւ նշել՝ եթե նոր ճանապարհի կառուցում նախատեսվում է, ապա ինչով է պայմանավորված դրա անհրաժեշտությունը, ինչ նշանակության ճանապարհ է լինելու այն։ Բայց ոչ միայն այս հարցերին, այլեւ կոնկրետ Կիրանց-Ոսկեպար այլընտրանքային ճանապարհի հնարավոր կառուցման վերաբերյալ հայցած տեղեկություններին Դեպարտամենտը որեւէ հստակ պատասխան չի տվել։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ գերատեսչությունից նշել են, որ ՀՀ ճանապարհային ոլորտն ակտիվորեն զարգանում է, եւ որ տարբեր քննարկումներ են իրականացվում միջպետական, հանրապետական եւ տեղական նշանակության ավտոճանապարհների վերականգնման ուղղությամբ։ Դեպարտամենտն ընդգծել է, որ հատկապես ուշադրություն է դարձվում այն հատվածներին, որտեղ ճանապարհային ցանցի խտության բարձրացման անհրաժեշտություն կա։ «Հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաեւ ելնելով ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունից՝ հանրապետության տարբեր տարածաշրջաններում իրականացվում են ուսումնասիրություններ՝ առկա ճանապարհներից բացի նոր երթուղիներ ունենալու ուղղությամբ»,- գրել է Դեպարտամենտը՝ գեթ մեկ անգամ չհիշատակելով Ոսկեպար անունը՝ այդպիսով ոչ հերքելով, ոչ հաստատելով, որ նոր ճանապարհի կառուցում է նախատեսվում։ Ստորեւ ինտերակտիվ քարտեզի վրա ցուցադրում ենք, թե այս պահին որտեղով է անցնում Կիրանց-Ոսկեպար ճանապարհը, եւ թե ինչու են այլընտրանքային ճանապարհի մասին խոսակցություններ շրջանառվում։ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհը Մ16 միջպետական ավտոճանապարհի մի մասն է։ Այդ ավտոճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածը, ըստ Google քարտեզի, առնվազն չորս տեղ դուրս է գալիս ՀՀ տարածքից․ այդ հատվածները նշված են կարմիրով։ Ճանապարից ձախ ընկած է Վերին Ոսկեպարը, նշված է կարմիրով․ այն, դարձյալ ըստ Google քարտեզի, ՀՀ-ի տարածքում չէ, այլ Ադրբեջանի։ Ճանապարհից աջ ընկած են Ներիքն Ոսկեպարն ու Բաղանիս-Այրումը։ Մինչ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պաշտոնական տեքստը կհրապարակվեր, մամուլում այդ փաստաթղթի նախնական տարբերակն էր շրջանառվում, որը պահպանվել է ռուսական «Մեդուզա» լրատվական կայքում. դրանում նշված էր, որ Ադրբեջանին պետք է հանձնվեն նաեւ Ղազախի շրջանի յոթ գյուղերը՝ Յուխարը Աքսիպարա, Աշաղը Աքսիպարա, Բաղանիս-Այրում, Բարխուդարլու, Խեյրիմլի, Կըզըլ Հաջիլի, Սոֆուլու։ Հայտարարության վերջնական տեքստում այդ դրույթը բացակայում էր, չնայած հետագայում՝ այս տարվա հունիսին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ հաստատեց, որ Ղազախի շրջանների գյուղերի թեման եղել է նաեւ նոյեմբերի 9-ին, սակայն հայկական կողմին հաջողվել էր այդ դրույթը հանել տեքստից։ Ավելի ուշ՝ հունիսի 11-ին, Բերդում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Մենք կարծում ենք, որ կան անկլավների ընդհանուր տրամաբանություն եւ անկլավների հետ կապված հարցերի միջազգային իրավունքով եւ պրակտիկայով սահմանված լուծման ձեւեր, որ էն իրավիճակը, որն արձանագրված է, այդ իրավիճակը ուղղակի թողնում են։ Ինչու, որովհետեւ մենք էլ անկլավ ունենք, մենք էլ Արծվաշեն ունենք Ադրբեջանի տիրապետության տակ։ Մեր տրամաբանությունն էն է, որ էդ անկլավը պետք է փոխանակվի անկլավի հետ եւ էն, ինչը իրենց հսկողության տակ է, մնա իրենց հսկողության տակ, էն, ինչը մեր հսկողության տակ է, մնա մեր հսկողության տակ»։ Այս տարվա դեկտեմբերի սկզբին Ազատություն ռ/կ-ին տված հարցազրույցում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ի պատասխան հարցի՝ Երեւանը պատրա՞ստ է անկլավների փոխանակման հարց քննարկել, այս հարցը կա՞ օրակարգում, ասել էր, որ նախ պետք է պարզել՝ անկալվներ կա՞ն, թե՞ ոչ․ «Որովհետեւ մեր բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրավական հիմքով անկլավի հարց գոյություն չունի։ Մենք շարունակում ենք ուսումնասիրել այս հարցը, բայց այս պահին մեր ձեռքի տակ գտնվող ամբողջ ինֆորմացիոն փաթեթներով անկլավների հարցով որեւէ իրավական հիմք չկա»,- հայտնել էր ԱԽ քրատուղարը՝ նշելով, որ իրավական հիմք ունեն այն փաստաթղթերը, որոնք 1920-ականներից մինչեւ 70-ականներ են եղել, եւ իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նման հարց չկա։ Այդուհանդերձ, այս տարածքների թեման շարունակվում է քննարկվել նաեւ այսօր, դրանց ճակատագրի վերաբերյալ դեռեւս հստակություն չկա։։ Պաշտոնական մարմինների պատասխաններն էլ չեն հերքում տարածվող տեղեկությունները, որ Կիրանց-Ոսկեպար նոր ճանապարհի կառուցման հարց կա։ Հայարփի Բաղդասարյան
12:27 - 24 դեկտեմբերի, 2021
Նոյեմբերյանի ավագանու նիստում «Հանուն Հանրապետության» խմբակցության քվեարկությունը համաձայնեցված չի եղել կուսակցության քաղխորհրդի հետ

Նոյեմբերյանի ավագանու նիստում «Հանուն Հանրապետության» խմբակցության քվեարկությունը համաձայնեցված չի եղել կուսակցության քաղխորհրդի հետ

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հանուն Հանրապետության կուսակցության Քաղաքական խորհուրդը հավատարիմ մնալով իր ավելի վաղ արված հայտարարություններին, առ այն, որ դեկտեմբերի 5-ին կայացած ընտրություններից հետո Տեղական ինքնակառավարման մարմիններում պատրաստ է համագործակցել նախկին քրեաօլիգարխիկ համակարգի վերադարձն ու վերարտադրությունը մերժող, բացառապես գաղափարական ընդհանրություն ունեցող քաղաքական ուժերի հետ, վերահաստատում է իր դիրքորոշումը։ Այսու հայտնում ենք, որ Նոյեմբերյան խոշորացված համայնքում այսօր կայացած ավագանու նիստում Հանուն Հանրապետության խմբակցության քվեարկությունը համաձայնեցված չի եղել կուսակցության Քաղաքական խորհրդի հետ»:
12:57 - 21 դեկտեմբերի, 2021
Նոր հետազոտություններ Հայաստանում՝ աղքատության եւ սոցիալական կարիքների վերաբերյալ․ Լոռու մարզն ամենախոցելին է առօրյա սննդի և հագուստի համար բավարար գումար չունենալու առումով

Նոր հետազոտություններ Հայաստանում՝ աղքատության եւ սոցիալական կարիքների վերաբերյալ․ Լոռու մարզն ամենախոցելին է առօրյա սննդի և հագուստի համար բավարար գումար չունենալու առումով

Դեկտեմբերի 14-ին կայացել է Հայաստանում բազմաչափ աղքատության և համայնքների սոցիալական կարիքների մասին ԵՄ-ի կողմից ֆինանսավորված երկու հետազոտությունների արդյունքների ներկայացումը։  Միջոցառման ընթացքում ներկայացված հետազոտությունները իրականացվել են Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ-Հայաստան) և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի (ՀՍԱԱ) կողմից Շիրակի, Լոռու և Տավուշի, Արմավիրի և Սյունիքի մարզերում։  «Հայաստանում ցնցումներին դիմացկուն սոցիալական պաշտպանության համակարգի ամրապնդումը ազգային և տեղական մակարդակներում 2021 թվականի ԵՄ-Հայաստան տարեկան գործողությունների ծրագրի առաջնահերթություններից է»,- իր խոսքում ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսը,- «Մենք կարծում ենք, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կարևոր դեր ունեն աղքատության ու անհավասարության վերաբերյալ դիսկուրս առաջացնելու և ամենախոցելի խմբերի կարիքները բավարարող քաղաքականություններն ու հատկացումները խթանելու գործում»:  ՀՌԿԿ-Հայաստանի «Համայնքային մակարդակում բազմաչափ աղքատությունը Հայաստանում» հետազոտությունը հայտնաբերել է մի շարք հիմնախնդիրներ․ Լոռու մարզն ամենախոցելին է (71.3%) առօրյա սննդի և հագուստի համար բավարար գումար չունենալու առումով, Սպիտակում ցուցանիշը 80.1% է: Սպիտակում տնային տնտեսությունների 83,7%-ը, Իջևանի՝ 74,3%-ը, չեն կարող իրենց միս կամ համարժեք բուսական սնունդ թույլ տալ ամեն երկրորդ օրը: Երեք մարզերում աշխատունակ տարիքի (15-75) անձանց կեսից ավելին աշխատաշուկայի մաս չի կազմում (55.9%), իսկ 39.6%-ը երկարաժամկետ գործազուրկ է: Բնակչության միայն 2,4%-ն է նշել, որ ի վիճակի է կոմունալ վճարումները կատարել «հեշտությամբ» և այլն։ Քովիդ-19-ի առումով խոցելի բնակչության տեսակարար կշիռը Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում միասին կազմել է 19.7%: Շիրակում (18.8%) այս ցուցանիշն ավելի ցածր է, քան Լոռիում (20.1%) և Տավուշում (20.4%): Այս և մյուս ցուցանիշների վերաբերյալ ՀՌԿԿ-Հայաստանը խնդիրների վրա ուշադրություն դարձնելու և դրանք լուծելու առաջարկների նախնական փաթեթ է պատրաստել: Ստացված տվյալները փաստում են, որ ենթազգային մակարդակում բազմաչափ աղքատության վերհանումը էական քայլ է՝ երկրում համայնքային մակարդակում աղքատությունը հասկանալու և այն հասցեագրելու համար:  Հանդիպմանը ներկա էին ոլորտի պատասխանատու տարբեր պետական կառույցների ներկայացուցիչներ և ոլորտի մասնագետներ։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանն իր խոսքում նշել է,- «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գտնվում է սոցիալական պաշտպանության համակարգի բարեփախումների կարևոր հանգրվանում, որի ընթացքում շտկվում են կառավարության, համայնքի, քաղաքացիական հասարակության և բիզնես ոլորտի դերակատարումները։ Այս դերակատարումների լիարժեք տարորոշման համար խիստ օգտակար են անկախ հետազոտություններից ստացված տվյալները, որոնք նպաստում են կառավարության քաղաքականությունները ավելի փաստահենք և հասցեական դառնալուն»։  «Տարածքային սոցիալական պլանները այս պահին շատ պահանջարկված են և իսկապես ճիշտ ժամանակն է դրանք կյանքի կոչել։ Այս համատեքստում, որպես սոցիալական ոլորտի մասնագետներ, մենք կարևորում ենք ծրագրի գաղափարը՝ 10-ը համայնքներում մշակելու, ներդնելու և նպաստելու սոցիալական պլանների իրականացմանը»,- իր խոսքում նշել է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ՝ Միրա Անտոնյանը։  ՀՍԱԱ «Ծրագրի թիրախ համայնքներում սոցիալական կարիքները և ծառայությունների արձագանքը» հետազոտությունը ցույց է տվել, որ Հայաստանի մի շարք մարզերի տարբեր համայնքներում (Մեծամոր, Արմավիր, Մրգաշատ, Իջևան, Նոյեմբերյան, Գյումրի, Մարմաշեն, Գորիս, Սիսիան, Տաթև) բնակիչների կողմից բարձրաձայնված կարիքներն ու խնդիրները գրեթե նույնն են։ Այսպես, օրինակ, երեխաների՝ հատկապես հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների, համար զարգացման կենտրոնների բացակայությունը, տարեցների համար զբաղմունքի/ժամանցի վայրի բացակայությունը, սոցիալական աջակցության ծառայությունների մատուցման ցածր որակը, չափորոշիչների ոչ հստակ լինելը, սոցիալական աշխատողների և ինտեգրացված սոցիալական ծառայությունների մատուցման պատասխանատուների վերապատրաստման կարիքը, ենթակառուցվածքների՝ ճանապարհների, խմելու ու ոռոգման ջրագծերի անմխիթար վիճակը և այլն։  ՀՌԿԿ Հայաստանի հետազոտությունն իրականացվել է «Աղքատության նվազեցում համայնքներում. կիրառական մոտեցումներ» եռամյա ծրագրի շրջանակներում, իսկ ՀՍԱԱ հետազոտությունը՝ «Ամուր տեղական գործընկերություն և կարող ՔՀԿ-ներ՝ ի նպաստ Հայաստանում ներառական սոցիալական պաշտպանության և հաշվետու համայնքների» եռամյա ծրագրի շրջանակներում։ Ծրագրերը ֆինանսավորվում են Եվրոպական միության կողմից։ 
19:01 - 14 դեկտեմբերի, 2021
Պետական մարմինները չեն պատասխանում՝ իրավական ինչ հիմքով են ռուս սահմանապահները տեղակայվել Ոսկեպարում

Պետական մարմինները չեն պատասխանում՝ իրավական ինչ հիմքով են ռուս սահմանապահները տեղակայվել Ոսկեպարում

ՀՀ պաշտպանության նախարարությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, Արտաքին գործերի նախարարությունն ու վարչապետի աշխատակազմը չեն պատասխանում՝ ինչ իրավական հիմքով է կարգավորվում ռուս սահմանապահների տեղակայումը Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղում։ Այս տարվա օգոստոսի 5-ին Պաշտպանության նախարարությունը լրատվամիջոցների հրապարակումներից հետո տեղեկացրեց, որ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում ռուս սահմանապահներ են տեղակայվել․ «Գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում»,- հայտնել էին նախարարությունից։ Infocom-ը, ճշտելու համար, թե հայ-ռուսական որ պայմանագրով է կարգավորվում ռուս սահմանապահների տեղակայումը Ոսկեպարում, հարցում էր ուղարկել ՊՆ։ Հարցին ի պատասխան՝ նախարարությունը նշել էր, որ հարցն իր իրավասություններից դուրս է, քանի որ սահմանապահների գործունեությունը և համագործակցությունը ՌԴ սահմանապահների հետ համակարգում է ՀՀ ԱԱԾ-ն։ ՊՆ-ից հետաքրքրվել էինք նաև, թե արդյոք ռուս սահմանապահների տեղակայումը  կարգավորվո՞ւմ է 1995 թ․-ի մարտի 16-ի՝ «ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ՀՀ տարածքում ռուսական ռազմակայանի մասին» պայմանագրով։ Նախարարությունը հայտնել էր, որ ռուս սահմանապահների տեղակայումն այս պայմանագրով չի կարգավորվում։  Նույն հարցով դիմել էինք նաև վարչապետի աշխատակազմին ու Ազգային անվտանգության ծառայությանը։ Գործադիրից մեր հարցումը վերահասցեագրել էին Ազգային անվտանգության ծառայությանը։ Իսկ ԱԱԾ-ից այսպես էին պատասխանել․ «Ռուս սահմանապահների տեղակայումը կարգավորվում է ՀՀ և ՌԴ սահմանապահ ծառայությունների միջև իրականացվող համագործակցության շրջանակում»։ Հարցման արդյունքում չստանալով մեզ հետաքրքրող հարցի պատասխանը՝ ևս մեկ անգամ դիմել էինք ԱԱԾ-ին՝ խնդրելով հստակեցնել, թե իրավական ի՞նչ ակտի հիմքով են ռուս սահմանապահները տեղակայվել Ոսկեպարում։ ԱԱԾ-ն կրկին նույն պատասխանն էր տվել, բայց այս անգամ հավելելով, որ ՀՀ եւ ՌԴ սահմանապահ ծառայությունների միջեւ իրականացվող համագործակցության վերաբերյալ փաստաթղթերը չեն կարող տրամադրել, քանի որ դրանք, ըստ ԱԱԾ-ի, գաղտնիք են պարունակում՝  համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի»։ Հոդվածի այս կետով սահմանվում է, որ տեղեկատվություն տնօրինողը մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք։ Քանի որ անհասկանալի էր, թե ինչ փաստաթուղթ է մատնանշում ԱԱԾ-ն, որը գաղտնիք է պարունակում, փորձեցինք հեռախոսազանգի միջոցով ստանալ մեր հարցերի պատասխանը, սակայն ԱԱԾ-ից մեր հարցերին ի պատասխան միայն նշեցին, որ  հարցման պատասխանին ավելացնելու ոչինչ չունեն։ Հստակեցնելու համար, թե պետական կամ ծառայողական ինչ բնույթի գաղտնիք է պարունակում մեր հայցած տեղեկությունը, ևս մեկ հարցում ուղարկեցինք ԱԱԾ։ Խնդրեցինք հստակեցնել, թե «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի ո՞ր հոդվածի ո՞ր կետի համաձայն է մեր հայցած տեղեկությունը գաղտնիք, կամ կառավարության որոշմամբ պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ո՞ր կետի ո՞ր ենթակետով է գաղտնիք մեր հայցած տեղեկությունը։  ԱԱԾ-ից պատասխանել են, որ մեր հայցած տեղեկությունը գաղտնիք է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «դ» ենթակետի համաձայն․ նշյալ կետը սահմանում է, որ ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիքի շարքին կարող են դասվել ՀՀ տարածքում դաշնակից պետությունների և ՀՀ զինված ուժերի ու միավորումների ու զորամասերի տեղաբաշխման, իսկական անվանումների, կազմակերպչական կառուցվածքի, զինվածության ու թվաքանակի մասին տեղեկությունները։  Ծառայության հարցման պատասխանի համաձայն՝ մեր հայցած տեղեկությունը գաղտնիք է նաև կառավարության որոշմամբ սահմանված պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկի առաջին կետի համաձայն․ ըստ այդ կետի մի շարք ենթակետերի՝  ռազմական բնույթի որոշ տեղեկություններ գաղտնիք են համարվում։ ԱԱԾ ևս մեկ հարցում ենք ուղարկել՝ խնդրելով տեղեկացնել, թե տվյալ կետի ո՞ր ենթակետի համաձայն է մեր հայցած տեղեկությունը գաղտնիք, սակայն ԱԱԾ-ն չի պատասխանել մեր ճշտող հարցին՝ նշելով, որ նախկին հարցմանը սպառիչ պատասխան է տվել։  ԱԱԾ-ից հետաքրքրվել էինք նաև, թե որ գերատեսչական ցանկի համաձայն է գաղտնիք մեր հայցած տեղեկությունը. այդ ցանկով յուրաքանչյուր գերատեսչություն որոշում է, թե ինչ բնույթի տեղեկություններն է գաղտնիք համարում։ ԱԱԾ-ն հայտնել էր, որ այդ հարցին արդեն սպառիչ պատասխանել են, թեև մենք նախկինում նման հարց չէինք բարձրացրել։  Արտաքին գործերի նախարարությունն էլ հետևյալ պատասխանն է ուղարկել․ «1991 թ․ ի վեր Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև առկա է համագործացկություն տարբեր ուղղություններով, այդ թվում նաև պաշտպանական և ռազմական հարցերի շուրջ, ստորագրված և գործող իրավապայմանագրային լայն բազա։ Սակայն Ձեր հարցի առնչությամբ ավելի հստակ տեղեկատվության համար առաջարկում ենք դիմել պաշտպանության նախարարությանը»։ Իսկ վարչապետի աշխատակազմը մեր հարցումը դարձյալ վերահասցագրել էր ԱԱԾ։ Այսպիսով, հարցը, որ բարձրացրել էինք, չէր վերաբերում «Պետական և ծառայողական գաղտնիք մասին» ՀՀ օրենքի համապատասխան ենթակետին, այն է՝ ՀՀ տարածքում դաշնակից պետությունների և ՀՀ զինված ուժերի ու միավորումների ու զորամասերի տեղաբաշխման, իսկական անվանումների, կազմակերպչական կառուցվածքի, զինվածության ու թվաքանակի մասին տեղեկություններ, որին ԱԱԾ-ն հղում է արել, այլ խնդրել էինք արդեն իսկ հայտնի տեղակայման համար հիմք հանդիսացող փաստաթղթի անվանումը տրամադրել։ Իսկ տեղակայման մասին հայտարարել էր Պաշտպանության նախարարությունը։ Նանե Ավետիսյան 
17:12 - 14 դեկտեմբերի, 2021
Բագրատաշենում ընտրողների հոսքը մեծ չէ |hetq.am|

Բագրատաշենում ընտրողների հոսքը մեծ չէ |hetq.am|

Գլխավոր նկարը՝ hetq.am-ի hetq.am:  Նոյեմբերյանի ավագանու ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը պասիվ է: Տարածքային հանձնաժողովի անդամ Վարդան Ազատյանն, ով այցելել էր Բագրատաշենի թիվ 37/16 ընտրատեղամաս, ասաց, որ ժամը 14։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 7338 ընտրող, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 30,41 %-ը: Ընտրատեղամասում լուրջ խախտումներ չեն արձանագրվել, երկու դեպք է եղել, երբ տեխնիկական սարքը ազդանշան է տվել, որը նշանակում է, որ նույն անձը երկրորդ անգամ է ընտրատեղամասում փորձում քվեարկել, սակայն պարզվել է, որ դա եղել է անփութության հետևանք: Ամեն դեպքում այս մասին արձանագրություն է կազմվել և ոստիկաններին տեղյակ պահվել: Նշենք, որ այսօր միջադեպ է տեղի ունեցել Հաղթանակ բնակավայրում: Այստեղ գտնվող 37/10 ընտրատեղամասը դպրոցի տարածք է: «Ապրելու երկիր» կուսակցության վստահված անձ Սուրեն Անանյանը դպրոցի դարպասներից ներս տեսել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի երկրորդ համար Արայիկ Պարանյանին և Տավուշի մարզպետին: Երբ վստահված անձը սկսել է ուղիղ եթերում նկարահանել այս ամենը, հավաքված անձինք փոքր-ինչ հեռացել են ընտրատեղամասից ու կանգնել դարպասներից դուրս: Շարունակությունը՝ hetq.am-ում
17:49 - 05 դեկտեմբերի, 2021
Այրումի համայնքապետարանի աշխատակիցների կողմից պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Այրումի համայնքապետարանի աշխատակիցների կողմից պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Հաղթանակ բնակավայրում գտնվող շենքերից մեկի վթարային աստիճանահարթակի և աստիճանավանդակի փլուզման դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից, հիշեցնելով, որ 2021թ. նոյեմբերի 21-ին, ժամը 13։00-ի սահմաններում փլուզվել է Տավուշի մարզի Այրում համայնքի Հաղթանակ բնակավայրի 12-րդ փողոցում գտնվող բնակելի շենքերից մեկի վթարային աստիճանահարթակը և աստիճանավանդակը, որի հետևանքով նույն բնակավայրի մեկ անչափահաս բնակիչ մահացել է, իսկ  վեցը՝  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն, ստացել համապատասխան բուժօգնություն։ Նշվում է, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Այրումի համայնքապետարանի աշխատակիցներն, իրենց ծառայության նկատմամբ դրսևորելով անբարեխիղճ վերաբերմունք, իրենց պարտականությունները կատարել են ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է մահ։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:18 - 02 դեկտեմբերի, 2021
Մեղադրանք է առաջադրվել Տավուշի մարզում անտառների պահպանության համար պատասխանատու 17 պաշտոնատար անձի

Մեղադրանք է առաջադրվել Տավուշի մարզում անտառների պահպանության համար պատասխանատու 17 պաշտոնատար անձի

2021թ առաջին 10 ամիսների ընթացքում մարզի տարածքում գրանցվել է ապօրինի ծառահատման, ինչպես նաև փայտանյութի ապօրինի տեղափոխման 210 հանցագործության դեպք։ Այս մասին նշված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ: Դրանցից 113-ով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ հիմնականում պատճառված վնասը քրեական գործի հարուցման համար բավարար չլինելու պատճառով: Չնայած դրան, այս դեպքերով 42 անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության, արդեն իսկ վերականգնվել է պետությանը պատճառված վնասների 85 %-ը, մյուս մասի վերականգնումն ընթացքի մեջ է: Մնացած դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր: Կապված ապօրինի անտառահատումներն անտառների պահպանության համար պատասխանատու անտառապահների կողմից դրսևորած պաշտոնեական անփութության կամ պաշտոնեական լիազորությունների չարաշահման արդյունքում կատարված լինելու հետ՝ այս քրեական գործերից 21-ը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի կամ 308-րդ հոդվածի տարբեր մասերի համակցությամբ։ 2 քրեական գործ ուղարկվել է դատարան: Դրանցից մեկով «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մի անտառապահի մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական անփութություն կատարելու համար, որի հետևանքով ապօրինի կերպով հատվել է 46 ծառ՝ բնությանը պատճառելով 6.8մլն ՀՀ դրամ, իսկ մյուս գործով մեկ այլ անտառապահի մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու դիմաց կանգուն 15 ծառեր ապօրինի հատելը թույլ տալու համար, որի հետևանքով պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 2մլն դրամ: Երկու դեպքում էլ, վնասի վերականգնման համար երաշխիքներ ապահովելու նպատակով մեղադրյալների  գույքի նկատմամբ կիրառվել է արգելանք: 2021թ. անտառների պահպանության համար պատասխանատու՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսության» նախկին տնօրենի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ներկայիս տնօրենի, ավագ անտառապետի, պահպանության ինժեների կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու և դրանց հետևանքով անտառից ապօրինի փայտանյութ դուրս բերելու դեպքերի առթիվ քննվում է մեկ քրեական գործ, որի նախաքննությունը շարունակվում է: Բացի այդ, Տավուշի մարզի դատախազության դատախազների հսկողության ներքո քննվում է նախկինում հարուցված ծավալուն, բազմադրված 3 քրեական գործ, որոնք կապված են «Հայանտառ» ՊՈԱԿ «Իջևանի անտառտնտեսության» պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահումներ, բազմաթիվ դրվագներով կաշառքի, կաշառքի միջնորդության, դրանց հետևանքով անտառներից կատարված ապօրինի՝ ընդհանուր առմամբ 228 ծառերի հատումների:   Այս քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել ընդհանուր առմամբ 15 անտառապահի: Նշված 3 քրեական գործերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմում է 21.4մլն ՀՀ դրամ, վնասի վերականգնման համար երաշխիքներ ապահովելու նպատակով մեղադրյալների գույքի նկատմամբ կիրառվել է արգելանք:     Վերոնշյալից բացի՝ ապօրինի անտառահատումների առթիվ քննված քրեական գործերով, նախապատրաստված նյութերով պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված խախտումների կապակցությամբ Տավուշի մարզի դատախազների կողմից նշված ժամանակահատվածում խախտումներ թույլ տված պաշտոնատար անձանց վերադասներին ներկայացվել է ծառայողական քննություն անցկացնելու 5 միջնորդություն, 4 միջնորդագիր և 9 հաղորդում: Դրանց արդյունքում 18 անձ (4 անտառապետեր և 14 անտառապահներ) ենթարկվել է կարգապահական տույժի: Ընդ որում՝ 2 անտառապահ ազատվել են զբաղեցրած պաշտոններից, իսկ նրանց անմիջական վերադաս մասնաճյուղի ղեկավարներին հայտարարվել է խիստ նկատողություն: Դատախազների կողմից այս ուղղությամբ կատարած աշխատանքի ցուցանիշը, ըստ էության, կրկնակի ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
15:41 - 01 դեկտեմբերի, 2021
Նոյեմբերյանի բնակիչներին խրախուսելու ենք, որ անցնենք ժամանակակից գյուղատնտեսությանը․ համայնքի ղեկավարի թեկնածու Մհեր Աղամյան

Նոյեմբերյանի բնակիչներին խրախուսելու ենք, որ անցնենք ժամանակակից գյուղատնտեսությանը․ համայնքի ղեկավարի թեկնածու Մհեր Աղամյան

2021 թվականի դեկտեմբերի 5-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում տեղի կունենան համամասնական ընտրակարգով ընտրություններ։ Նոյեմբերյանում ընտրություններին երեք քաղաքական ուժ է մասնակցում․ «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է անկուսակցական Արսեն Աղաբաբյանը, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է անկուսակցական Մհեր Աղամյանը, եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակի առաջին համարը ՔՊ-ական Կարեն Աբազյանն է։ «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը 18 հոգանոց ցուցակ է ներկայացրել։ Մհեր Աղամյանը, որ կուսակցության համայնքապետի թեկնածուն է, անհատ ձեռնարկատեր է։ Նա Պտղավան գյուղից է, 40 տարեկան։  Աղամյանը, ինչպես եւ թեկնածուներից Աբազյանը, քարոզարշավն իրականացնում է բնակիչների հետ հանդիպումներով։ Մեր զրույցում նա պատմեց, որ բնակիչները տրամադրության անկում ունեն՝ պայմանավորված պատերազմով ու սահմանային վերջին զարգացումներով, բայց իրենք փորձում են մարդկանց բացատրել, որ հուսահատվել պետք չէ։ Աղամյանը Նոյեմբերյանի խնդիրների շարքում առանձնացրեց ներհամայնքային ճանապարհների եւ խմելու ու ոռոգման ջրի հարցը՝ կարծիք հայտնելով, որ դրանք հնարավոր է լուծել համայնքային բյուջեի միջոցով։ Ինչ վերաբերում է ոռոգման ջրի խնդրին՝ մեր զրուցակիցը նկատեց՝ թեեւ դա իրենց կոմպետենտության շրջանակում չէ, բայց կկարողանան Ջրօգտագործողների միության հետ համագործակցելով լուծել նաեւ այդ խնդիրը։ Աղամյանի կարծիքով՝ առաջնային լուծման հարցերից հետո նոր հնարավոր կլինի զբաղվել համայնքային զարգացման հարցերով։ Մեր հարցին՝ արդյոք համայնքային զարգացումն ու խնդիրների լուծումը միաժամանակ չե՞ն կարող լինել, համայնքապետի թեկնածուն պատասխանեց՝ կարող են, միայն թե շատ աշխատանք է պահանջվում․  «Ինչքան հնարավոր է՝ զուգահեռ կանենք, գործարարների հետ հանդիպումներով, Սփյուռքի հայրենակիցներին հանդիպելով, նրանց հետ նոր ծրագրեր իրականացնելով։ Մնացած թե մարզային, թե հանրապետության մակարդակի հարցերում էլ կողքները կկանգնենք, կվազենք էդ մարդկանց հետ, ինչ պետք է աջակցենք, որ մի բան կարողանանք ստեղծել, թե չէ էս վիճակը լավ տեղ չի տանում»,- ասաց Աղամյանը՝ վստահեցնելով, որ այցելած բոլոր գյուղերի խնդիրները գույքագրել են, փորձելու են հնարավորինս արագ լուծումներ գտնել։ «Դիցուք, երեկ Բարեկամավանում ենք եղել, այս գյուղն իր աշխարհագրական դիրքով վերջին գյուղն է։ Այստեղ միջհամայնքային տրանսպորտի հարցը մինչեւ հիմա լուծված չէ։ Մենք մտածում ենք, որ հաստատ դրա համար միջոցներ գտնենք, հիմա թե մասնավորի հետ կպայմանավորենք, թե ոնց, բայց էդ հարցը պետք է լուծենք»,- ասաց Աղամյանը, եւ մեր ճշտող հարցին՝ փաստորեն, համայնքային բյուջեն չի՞ բավարարի խնդրի ամբողջական լուծման համար, պատասխանեց․ «Դե ես պիտի մտնեմ էդ ոլորտի մեջ, որ մանրամասն հասկանամ, հիմա եթե համայնքները միանում են, նմանատիպ համայնքներին տվել են մեքենաներ, մասնավորներ կան, որ ունեն մեքենաներ, հիմա թե կպայմանավորվենք, մի մասը համայնքային բյուջեից կսուբսիդավորվի, թե  ինչ, այդ խնդիրը միանշանակ պիտի լուծենք»։ Աղամյանի խոսքով՝ համայնքն աղբատար մեքենաներ ունի, բայց աղբահանությունը պատշաճ մակարդակով չի իրականացնում․ վստահեցրեց՝ իրենք զբաղվելու են նաեւ այս հարցով։ Համայնքի ներքին տնտեսական զարգացման վերաբերյալ մեր զրուցակիցն ասաց, որ Նոյեմբերյանում գյուղատնտեսության զարգացման մեծ պոտենցիալ կա․ «Մեր համայնքը երկու ռեգիոնից է բաղկացած․ ներքին զոնան՝ Դեբեդի հովիտը՝ գյուղատնտեսական, այգեգործական, վերին զոնան՝ անասնապահական ռեգիոն է։ ՀՀ-ում նման բնակլիմայական պայմաններ, ինչպիսին գյուղատնտեսական զոնայում է, այլ տեղ երեւի չկան, շատ նպաստավոր պայմաններ ունենք այգեգործությունը շատ արագ զարգացնելու համար, բայց հիմա ով ոնց պատահի, ինչ պատահի՝ մշակում է։ Ասենք՝ ես դեղձենի եմ գցում, էն մեկը՝ տանձենի է գցում, այսինքն՝ էդ հախուռնությունը խանգարում է, որ կարողանանք զբաղվել դեղձի արտադրությամբ եւ տալ, օրինակ, 1000 տոննա դեղձ։ Հիմա արտադրական ծավալները չենք կարողանում մի տեսակով ապահովել, որ դրանով զբաղվելն էլ արդարացված լինի, բիզնեսի տեսանկյունից էլ՝ շահեկան։ Հիմա գյուղացիներին պետք է օգնենք, կողմնորոշենք, նույնիսկ գյուղերը կարող ենք կողմնորոշել։ Տեխնիկական միջոցներն էլ կան, կարող ենք արդյունավետ բաշխել, համակարգային լուծումներ առաջարկելով առաջ գնալ։ Խրախուսելու ենք, որ անցնենք ժամանակակից գյուղատնտեսությանը»,- ասաց Աղամյանը։ Նա հավելեց նաեւ, որ Նոյեմբերյանում լայն են էքստրեմալ ու գյուղական տուրիզմը զարգացնելու հնարավորությունները, ուղղակի, մեր զրուցակցի կարծիքով, մնում է միայն աշխատել այդ ուղղությամբ, փառատոնների մասնակցել, ներկայացնել համայնքի տեսարժան վայրերը, եւ այլն։ Լուսանկարը՝ Աղամյանի ֆեյսբուքյան էջից Հայարփի Բաղդասարյան
16:56 - 30 նոյեմբերի, 2021
Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն վստահեցնում է՝ չկա խնդիր, որի լուծման ուղղություններն իրենց համար անհասկանալի լինեն

Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն վստահեցնում է՝ չկա խնդիր, որի լուծման ուղղություններն իրենց համար անհասկանալի լինեն

2021 թվականի դեկտեմբերի 5-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում տեղի կունենան համամասնական ընտրակարգով ընտրություններ։ Նոյեմբերյանում ընտրություններին երեք քաղաքական ուժ է մասնակցում․ «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է անկուսակցական Արսեն Աղաբաբյանը, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է անկուսակցական Մհեր Աղամյանը, եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակի առաջին համարը ՔՊ-ական Կարեն Աբազյանն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 33 հոգանոց ցուցակ է ներկայացրել։ Կարեն Աբազյանը, որ համայնքապետի թեկնածուն է, 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում ընտրվել է Նոյեմբերյան համայնքի ղեկավար, իսկ այս տարվա հոկտեմբերի 1-ից Նոյեմբերյան համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է։ Նա ՔՊ կուսակցության անդամ է, 45 տարեկան։  Նոյեմբերյանը խոշորացված համայնք է․ դրանում ընդգրկված են Նոյեմբերյան քաղաքային, Բերդավան, Կողբ, Ջուջեւան եւ այլ գյուղական բնակավայրերը։  Կարեն Աբազյանն Infocom-ի հետ զրույցում վստահեցրեց՝ ծանոթ է խոշորացված համայնքի բոլոր խնդիրներին․ «Արդեն հինգ տարի է՝ աշխատում եմ, Նոյեմբերյան համայնքի խնդիրներին քաջատեղյակ եմ։ Էդ խնդիրներն ինձ համար նորություն չեն, դրանց որոշ մասը լուծվել է, որոշ մասը լուծման ընթացքում է, որոշ մասի լուծումն էլ կախված է ֆինանսական հնարավորություններից, դեռ նոր պետք է լուծումներ տրվեն»,- ասաց նա՝ պնդելով, որ չկա մի այնպիսի խնդիր, որի լուծման ուղղություններն իրենց համար անհասկանալի լինեն։  Առհասարակ խոշորացման գործընթացին մեր զրուցակիցը դրական վերաբերմունք ունի․ «Երբ առաջին անգամ ընտրվում էի, ճիշտն ասած, չէի էլ պատկերացնում՝ խոշորացման դեպքում ինչ կստացվի, ինչպես կարելի է կառավարել, բայց կառավարման ընթացքում ծանոթացա գյուղերի, քաղաքների կատարած աշխատանքներին, օպտիմալությանը, աշխատանքի ընթացքում եկա այն համոզմանը, որ իրականում խոշորացված համայնքում աշխատելը, խնդիրները վեր հանելը, լուծելը, բյուջեի կառավարումը շատ ավելի հեշտ է եւ արդյունավետ։ Մանավանդ, կարող եմ ասել, փոքր գյուղեր կային, որտեղ բյուջեն նույնիսկ աշխատավարձի համար չէր հերիքում։ Իսկ հիմա նմանատիպ հարցեր չկան։ Կային գյուղեր, որտեղ գիշերային լուսավորություն ընդհանրապես չկար, իսկ հիմա լուսավորված են»,-ասաց Աբազյանը՝ որպես օրինակ նշելով Բարեկամավանը, Դովեղը եւ այն։ Նա առանձնացրեց խնդիրներ, որոնք հնարավոր է լուծել միայն համայնքային բյուջեով։ Օրինակ՝ տեղային խնդիրները, փոքր գյուղերի լուսավորության, աղբահանության պատշաճ իրականացման հարցը պատրաստվում են լուծել համայնքի բյուջեով, սակայն, ինչպես մեր զրույցում կարծիք հայտնեց Աբազյանը, առավել մեծ հարցերը՝ այդ թվում՝ ճանապարհաշինության, միայն համայնքային հոգածության ներքո չեն կարող լինել․ «Կան խնդիրներ, որոնց լուծման համար համայնքային բյուջեն բավարար չի լինի։ Հիմնականում ծախսատար են ոռոգման ու խմելու ջրի խնդիրները։ Դրանց մասնակի լուծումներ համայնքը կարող է տալ, սակայն գլոբալ լուծման համար այլ միջոցներ են պետք։ Օրինակ, Արճիս-Լճկաձոր հատվածում այս խնդրի լուծումն առանց պետական աջակցության չէր լինի։ Խոշորացված համայնքը կարող է տեղային խնդիրներ լուծել, բայց գլոբալ խնդիրները շատ ծախսատար են, ինչպես, օրինակ, նաեւ ճանապարհաշինությունը»։ Համայնքապետի թեկնածուն նշեց, որ կան աշխատանքներ, որոնք հիմնականում անում են սուբվենցիոն ծրագրերի միջոցով՝ պետության հետ համագործակցությամբ․ «Բացի դրանից՝ մենք մանկապարտեզների վերանորոգման, կառուցման աշխատանքներ ենք ունեցել, որոնք կատարվել են դոնորների ու բարեգործական կազմակերպությունների աջակցությամբ»։ Թե տնտեսական առումով զարգացման ինչ հեռանկար է տեսնում ՔՊ-ի թիմը Նոյեմբերյանում, Աբազյանն ասաց, որ Նոյեմբերյանի տարածաշրջանը երկու մասի կարելի է բաժանել․ ներքեւում՝ Այրումի տարածաշրջանը, որտեղ ավելի զարգացած է հողագործությունը, եւ վերեւում՝ Նոյեմբերյանի տարածաշրջանը, որտեղ ավելի շատ անասնապահությամբ են զբաղվում․  «Յուրաքանչյուրի դեպքում մոտեցումը պետք է անհատական լինի։ Նոյեմբերյան խոշորացված համայնքում անասնաբուժական կետեր կան, հեռագնա արոտավայրերում խմոցներ ենք տեղադրել, ճանապարհներ ենք նորոգել, անասնաբուժական դեղատներ ենք բացել գյուղական չորս համայնքներում, որոնք աշխատեցնում են տվյալ բնակավայրերի անասնաբույժները»,- ասաց մեր զրուցակիցը՝ չմոռանալով հեռագնա արոտների խնդրի մասին։ Նրա խոսքով՝ մի քանի սերունդ է փոխվել, խնդիրները շատացել են․ «Բնակիչների մի մասն արտերկրում է բնակվում, իրենց անունով հողեր կան, որ չեն մշակվում, դառնում են մացառուտներ։ Իսկ կան նոր կազմավորված ընտանիքներ, իրենց էլ հող է պետք, արդեն հողը չի հերիքում, դու չես կարող մեկ ուրիշի սեփականությունը տալ ուրիշին»։ Համայնքապետի թեկնածուի կարծիքով՝ այս խնդրի լուծումը համայնքը չի կարող տալ, հարցին պետական մակարդակով մոտեցում է պետք։  Կարեն Աբազյանի վստահեցմամբ՝ այն աշխատանքները, որ արել են այս ընթացքում, շարունակական են լինելու։ Օրինակ՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) եւ USAID-ի հետ համագործակցության շրջանակներում 2017 թվականին Նոյեմբերյան քաղաքում հիմնվել է ավտոպարկ, որի տեխնիկայի համալրումը շարունակելու են նաեւ ապագայում։  Համայնքապետի թեկնածուն առաջիկա ընտրություններում ակնկալում է ընտրողների ակտիվ մասնակցություն․ «Ակտիվ, ազնիվ ու արդար ընտրություններ եմ ակնակլում, ուզում եմ՝ ժողովրդի մասնակցությունը բարձր լինի, քանի որ ՏԻՄ ընտրությունն անմիջապես բնակչության հետ շփումն է։ Իրենց խնդիրները, անկախ նրանից՝ դրանք վերաբերում են ՏԻՄ-երին, թե ոչ, բնակիչները արտահայտում են, համայնքապետարանը փորձում է լուծում գտնել։ Որպեսզի յուրաքանչյուր համայնքի ղեկավար պատասխանատու լինի, ես մեր բնակիչներին կհորդորեմ ակտիվ մասնակցեն եւ պահանջատեր լինեն»,- եզրափակեց Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Կարեն Աբազյանը։ Լուսանկարը՝ Կարեն Աբազյանի ֆեյսբուքյան էջից Հայարփի Բաղդասարյան
16:10 - 29 նոյեմբերի, 2021
Տավուշի մարզում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութ տեղափոխող 4 մեքենա

Տավուշի մարզում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութ տեղափոխող 4 մեքենա

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ նոյեմբերի 9-ից Տեսչական մարմնի աշխատակիցները Ոստիկանության Տավուշի մարզային ծառայողների հետ համատեղ իրականացնում են վերահսկողական շուրջօրյա միջոցառումներ, որոնց ընթացքում Տավուշի մարզում հայտնաբերել են ապօրինի փայտանյութի տեղափոխման 4 դեպք և կանխարգելել ապօրինի որսի 1 դեպք։ Հայտնաբերված ապօրինի փայտանյութով բարձված 4 մեքենան ընդհանուր 12 խմ վառելափայտով տեղափոխվել են Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք, իսկ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ապօրինի որս կատարելու կասկածանքով հայտնաբերված «ՏՈԶ-120» տիպի որսորդական երկփող հրացանը, 31 հատ փամփուշտը և լուսարձակն առգրավված են։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների և Ոստիկանության Տավուշի մարզային ծառայողների հետ համատեղ միջոցառումները շարունակվում են։
16:10 - 26 նոյեմբերի, 2021
Պարզվում է Տավուշի մարզի շենքերից մեկում տեղի ունեցած փլուզման հանգամանքը

Պարզվում է Տավուշի մարզի շենքերից մեկում տեղի ունեցած փլուզման հանգամանքը

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում Այրում համայնքի Հաղթանակ բնակավայրի շենքերից մեկի պատշգամբի փլուզման դեպքի վերաբերյալ: «Ըստ նախնական տվյալների՝ 2021թ. նոյեմբերի 21-ին, ժամը 13։00-ի սահմաններում, փլվել է վերոհիշյալ բնակավայրի բնակելի շենքերից մեկի բաց պատշգամբը և աստիճանահարթակը, որի հետևանքով այդ պահին այդտեղ գտնվող 5 անձինք ընկել են շուրջ 3 մետր բարձրությունից. նրանցից մեկը մահացել է, իսկ մյուսները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն, ստացել համապատասխան բուժօգնություն»,- նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
16:17 - 22 նոյեմբերի, 2021
Տավուշի Հաղթանակ բնակավայրում պատշգամբի փլուզման հետևանքով 3-ամյա երեխա է մահացել, ևս 6-ը՝ տուժել

Տավուշի Հաղթանակ բնակավայրում պատշգամբի փլուզման հետևանքով 3-ամյա երեխա է մահացել, ևս 6-ը՝ տուժել

Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 21-ին, ժամը 13:34-ին ահազանգ է ստացել, որ Հաղթանակ բնակավայրի 5-րդ փողոցի շենքերից մեկի 2-րդ հարկի ընդհանուր պատշգամբը փլուզվել է․ շենքի մուտքը փակվել է, կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։  Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ «Պարզվել է, որ փլուզման պահին 7 քաղաքացի գտնվել է պատշգամբում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածներ Ա․ Օ․-ն (ծնված 2018 թ.), Է․ Խ․-ն (ծնված 1958 թ.), Ա․ Ա․-ն (ծնված 1995 թ.), Գ․ Ա․-ն (ծնված 1951 թ.), Ա․ Դ․-ն (ծնված 1973 թ.), Ա․ Օ․-ն (ծնված 1961 թ.) և Ժ․ Օ․-ն (ծնված 1985 թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Նոյեմբերյանի ԲԿ. տուժած Ա. Օ․-ն (ծնված 2018 թ.) հոսպիտալացման ճանապարհին մահացել է: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար»,- ասվում է հաղորդագրության մեջ: Փրկարարները, հեռացնելով փլուզված կառուցատարրերը, բացել են շենքի մուտքը։  
17:11 - 21 նոյեմբերի, 2021
Հակառակորդը անկանոն կրակ է բացել Տավուշի որոշ ուղղություններով․ ՊՆ

Հակառակորդը անկանոն կրակ է բացել Տավուշի որոշ ուղղություններով․ ՊՆ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նոյեմբերի 17-ին, ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան էր տեղափոխվել նոյեմբերի 16-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով ծավալված մարտերի մասնակից ՀՀ ԶՈՒ զինծառայողի մարմին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից Պարզվել է զինծառայողի ինքնությունը. 1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյան։ Մարտերի արդյունքում անհետ կորած զինծառայողների հայտնաբերման, ինչպես նաև գերեվարվածների վերադարձի շուրջ աշխատանքները շարունակվում են, դրանց ընթացքի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։ Նոյեմբերի 17-ի ուշ երեկոյան ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները անկանոն կրակ են բացել Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի որոշ ուղղություններով։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Նոյեմբերի 18-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։
10:31 - 18 նոյեմբերի, 2021
ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե ՀՀ զինված ուժերը գործողություններ են իրականացնում Տավուշի ուղղությամբ

ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե ՀՀ զինված ուժերը գործողություններ են իրականացնում Տավուշի ուղղությամբ

Ադրբեջանի զինված ուժերը, նոյեմբերի 16-ին նախաձեռնած հարձակումն ուղեկցում են լայնածավալ ապատեղեկատվական արշավով։ Մասնավորապես՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր, կեսօրին, մինչև բուն հարձակումն սկսելը, տարածել էր հաղորդագրություն, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները, նոյեմբերի 15-ին և 16-ին հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի ուղղություններով գնդակոծել են ադրբեջանական դիրքերը։ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը նաև պնդում է, թե ՀՀ զինված ուժերը գործողություններ են իրականացնում Տավուշի ուղղությամբ։ Նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փորձում է իր լայնածավալ սադրանքի համար մեղադրել հայկական կողմին, այդուհանդերձ, առավել քան ակնհայտ է, որ հենց Ադրբեջանն է նախահարձակ եղել՝ գրոհելով հայկական դիրքերը՝ հրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ։
16:17 - 16 նոյեմբերի, 2021