Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար։ Ծնվել է 1976թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ մայրաքաղաք Երևանում։

1996-1997թթ` «Արմինկո» ՍՊԸ` համակարգչային համակարգերի ինժեներ

1997-1998թթ՝ ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն, ցանցային տեղեկատվության բաժնի գլխավոր մասնագետ

1998թ․՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն` համակարգչային բաժնի գլխավոր մասնագետ

1998-1999թթ․՝ «Տրաստբանկ» ՓԲԸ` տեխնոլոգիաների զարգացման և վերլուծության բաժնի մասնագետ

1999-2004թթ․՝ «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստան»` առևտրավարկային վարչության մասնագետ, ավագ մասնագետ, վարիչ

2005-2006թթ․՝ «Վալլետա» ՍՊԸ` «Սթար» պրոյեկտի մենեջեր

2006-2012թթ․՝ «Սթար Դիվայդ» ՓԲԸ` գործադիր տնօրեն

2012-2020թթ․՝ «Menu Group – Menu Group UK Ltd»` հիմնադիր, տնօրեն

2020թ․ նոյեմբերի 26-ից ՀՀ էկոնոմիկայի նախարար

Վահան Քերոբյանը գործարարներին ներկայացրել է կառավարության նոր ծրագրի տնտեսական հատվածը

Վահան Քերոբյանը գործարարներին ներկայացրել է կառավարության նոր ծրագրի տնտեսական հատվածը

 ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը օգոստոսի 1-ին Ծաղկաձորում հանդիպել է «Մանթաշով» գործարարների միության անդամների հետ։ Նա գործարարներին ներկայացրել է կառավարության նոր ծրագրի տնտեսական մասը, խոսել առաջիկա 5 տարվա տնտեսական գործունեության հիմնական ուղենիշերի և առաջնահերթությունների մասին։ «Հանդիպման նպատակն էր տեղեկացնել գործարարներին կառավարության ներկայիս գործունեության և առաջիկա անելիքների մասին, որպեսզի վերջիններս հնարավորինս ակտիվ գործունեություն ծավալեն հատկապես այն ոլորտներում, որտեղ առաջիկա տարիներին ակնկալվում է մեծ ակտիվություն թե՛ տեղական, թե՛ համաշխարհային շուկաներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ մինչ տնտեսական խնդիրներին անդրադառնալը՝ Վահան Քերոբյանը ներկայացրել է ընթացիկ տարվա վեց ամսվա տնտեսական ցուցանիշները, նկատելով, որ դրանք հուսադրող են և կանխատեսումներից ավելի բարձր։ Մասնավորապես՝ 2021 թվականի 1-ին կիսամյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 5%-ով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ՝ 8%-ով։ Նրա խոսքով, եթե այս տեմպը պահպանվի, ապա տարվա կտրվածքով կգրանցվի տնտեսական ակտիվության շուրջ 10% աճ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկացմամբ՝ խոսելով մարդկային կապիտալի զարգացման և գիտելիքահենք տնտեսության կառուցման ուղղությամբ իրականացվող աշխատանքների և ապագա անելիքների մասին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ կառավարության ծրագրով նախատեսված է ավելացնել ներդրումները գիտության ոլորտում, կառուցել ակադեմիական քաղաք, քառապատկել գիտության ֆինանսավորումը, ինչպես նաև բացել 500 նախակրթարան և 300 դպրոց։ «Մեծ ուժ ենք ներդնելու մարդկային կապիտալի և գիտելիքահենք տնտեսության զարգացման մեջ։ Շատ ինտենսիվ ներդրումներ պետք է անենք, որպեսզի հաջորդ տասնամյակում տնտեսության մեջ գիտելիքի բաղադրիչն անհամեմատ մեծ լինի», - ընդգծել է Վահան Քերոբյանը։ «Համաշխարհային տնտեսության կառուցվածքում շարունակվում են փոփոխությունները․ հատկապես COVID-19-ի համավարակը և գլոբալ կլիմայական համակարգի փոփոխություններն արագացրել են այդ գործընթացը։ Այս համատեքստում անհրաժեշտություն է առաջանում վերանայել Հայաստանի տնտեսության կառուցվածքը  և ներդաշնակ քայլել այդ փոփոխություններին։ Նախարարի պաշտոնակատարը շեշտել է տեխնոլոգիական առաջընթացի, տնտեսության մոդերնիզացման, արտադրողականության աճի և պետության՝ որպես համաներդրողի դերի կարևորությունը՝ ներկայացնելով արդեն իսկ մշակված ուղիներն ու ծրագրերը, որոնք ապահովելու են վերջիններիս իրագործումը»,- հայտնում են նախարարությունից, հավելելով՝ Վահան Քերոբյանը գործարարներին տեղեկացրել է, որ կառավարությունը մեծ ներդրումներ է հատկացնելու ենթակառուցվածքների զարգացմանը, որին կուղղվի նաև ԵՄ օժանդակության զգալի հատված․ նախատեսվում է կառուցել 2600 կմ ճանապարհ, 15 ջրամբար, 3 ինդուստրիալ պարկ Գյումրիում, Արարատում և Կապանում։ 500 մլրդ դրամ կհատկացվի ընկերությունների ենթակառուցվածքների համաֆինանսավորմանը։ Խոսելով զբոսաշրջության ենթակառուցվածքներում սպասվող բարեփոխումների մասին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ պետությունն այս աշխատանքների համար կհատկացնի 50 մլրդ ՀՀ դրամ, որը կուղղվի նաև այդ ոլորտում ծառայությունների բարձր ստանդարտներին համապատասխանեցմանը, ինչը թույլ կտա Հայաստան բերել առավել գնողունակ զբոսաշրջիկների հատված։ Վահան Քերոբյանը նաև խոսել է 5 թիրախային ոլորտների մասին, որոնք հեռանկարային են Հայաստանի համար․ դրանք են՝ արևային տեխնոլոգիաները, քիմիական և թեթև արդյունաբերությունը, ծանր մետալուրգիան, ֆինանսական ենթակառուցվածքները։ Նա շեշտել է, որ տնտեսության յուրաքանչյուր ճյուղ զարգացնելիս  տրամաբանությունը պետք է լինի կայուն և կանաչ տնտեսության շրջանակի մեջ։ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարի ելույթից հետո գործարարները բազմաթիվ հարցեր և առաջարկներ են հնչեցրել։  Հարցերի շարքում էին հարկային բարեփոխումների և պետական համակարգի արտադրողականության բարձրացման անհրաժեշտությունը։ Վահան Քերոբյանը բոլոր հարցերին տվել է հանգամանալից պատասխաններ, իսկ առաջարկություններն ընդունել հետագա ուսումնասիրության։ 
20:08 - 02 օգոստոսի, 2021
Վահան Քերոբյանը վրացի գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր

Վահան Քերոբյանը վրացի գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր

Վրաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 29-ին հանդիպում է ունեցել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթելա Տուրնավայի հետ։   «Մեր երկրներն առանձին համեմատաբար փոքր շուկաներ ունեն, բայց միասին շատ ավելի գրավիչ կարող են դառնալ տարածաշրջանում։ Այս համատեքստում քննարկել ենք մի շարք համատեղ նախագծեր ենթակառուցվածքների, զբոսաշրջության, երկաթուղու և էներգետիկայի ոլորտներում»,- նշել է Վահան Քերոբյանը։   Կողմերը խոսել են արագընթաց գնացքի գործարկման հնարավորության մասին, որը թույլ կտա Երևանից Թբիլիսի հասնել 2-3 ժամվա ընթացքում. արդյունքում կզարգանա զբոսաշրջությունը։   Գործընկերներն անդրադարձել են նաև երկու երկրների միջև գինեգործական տուրիզմի զարգացման հեռանկարներին։   Աշխատանքային այցի շրջանակում հուլիսի 30-ին հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև փոխվարչապետ-բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի և Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեի հետ։   Վրացի գործընկերների հետ քննարկվել են տարածաշրջանային համագործակցության, Վրաստանի տարածքով տարանցիկ փոխադրումների հետ կապված խնդիրներ, ինչպես նաև անդրադարձ է եղել գյուղատնտեսության բնագավառում համագործակցության հնարավորություններին։
19:43 - 30 հուլիսի, 2021
Արագածոտնում կկառուցվի լեռնադահուկային համալիր. ներդրումը կկազմի 30 մլրդ դրամ   |armenpress.am|

Արագածոտնում կկառուցվի լեռնադահուկային համալիր. ներդրումը կկազմի 30 մլրդ դրամ |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հավանություն տվեց «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրին։ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը նշեց, որ ընկերությունը Արագածոտնի մարզի Ապարան համայնքի 2080 հեկտար հողամասում նախատեսում է կառուցել լեռնադահուկային համալիր: «Ներդրվելու է 30 մլրդ դրամ։ 15 մլրդ դրամը կներդնի ընկերությունը, ևս 15-ը կներգրավվի այլ մասնավոր ընկերությունների կողմից։ Կառուցման ընթացքում ներգրավված կլինի շինարարության ոլորտի շուրջ 250 աշխատող, իսկ ծրագիրն իրականացնելուց հետո կստեղծվի 1500 հիմնական աշխատատեղ։ Համալիրը տարեկան նախատեսում է սպասարկել 500 հազար զբոսաշրջիկի, այդ թվում՝ հարևան պետություններից՝ Վրաստանից, Իրանից, Ռուսաստանից»,- ասաց Քերոբյանը՝ ավելացնելով, որ համալիրում գործելու է նաև խաղատուն։ Նախարարի պաշտոնակատարը հիշեցրեց, որ խաղատները Հայաստանում գոյություն ունեն հիմնականում զբոսաշրջային վայրերում՝ Ջերմուկում, Ծաղկաձորում, Սևանում ու այս տրամաբանության մեջ ամբողջությամբ տեղավորվում է ևս մի քաղաքում խաղատուն ունենալու թույլտվությունը։  Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը խաղատներով առանձնապես հետաքրքրված չէ, սակայն դրանց գովազդ նկատել է միայն Ծաղկաձոր տանող ճանապարհին: «Հիմա, օրինակ, Երևանում երկու ներդրող ունի հավակնություն, որ 80 ու ավելի միլիոն դոլար ներդրում են անում ու ակնկալում են ստանալ խաղատուն կառուցելու թույլտվություն: Կարող է հարց ծագել՝ այդ ինչպե՞ս է, որ բուքմեյքերական ընկերություններին թույլ չենք տալիս, բայց ներդրում անողին թույլ ենք տալիս, դա ունի շատ կոնկրետ պատճառ. Երևանի բավականին բանուկ հատվածներում խաղատները պիտի լինեն վերնահարկում, և փողոցից խաղատունը մուտք չունենա, մենք սա պետք է ամրագրենք կանոններով», - ասաց Նիկոլ Փաշինյանը։ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն էլ ասաց, թե պետք չէ միայն խաղատան վրա ուշադրություն դարձնել, սակայն ավելացրեց, որ ինքը չի ցանկանում, որպեսզի մարզն այդ համբավը ձեռք բերի:  Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ամեն որոշման հետ  այսպիսի  սարսափի մթնոլորտ ստեղծել («Վա՜յ, էս ինչ են անում, էս ինչ են կառուցում, թող ոչ մի բան չկառուցվի) ճիշտ բան չէ։ Հիմա կխորանանք ու կգանք այն եզրակացության, որ հերթական ահասարսուռ դավադրությունն է տեղի ունենում Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ, հետևաբար, քվեարկությունից առաջ մտածեք՝ ինչի օգտին եք քվեարկում, որովհետև պատմությունը, հնարավոր է, ձեզ չների»:
13:27 - 29 հուլիսի, 2021
Արցախում մեծ թվով մարդիկ չեն ցանկանում աշխատել, քանի որ ստանում են լավ գումարներ․ Վահան Քերոբյանը՝ աջակցության ծրագրերի մասին |tert.am|

Արցախում մեծ թվով մարդիկ չեն ցանկանում աշխատել, քանի որ ստանում են լավ գումարներ․ Վահան Քերոբյանը՝ աջակցության ծրագրերի մասին |tert.am|

tert.am: Կարծում եմ, որ այն սոցիալական օգնությունը որ տալիս ենք, որ մարդիկ ապրեն Արցախում և չհեռանան, պետք է փոխարինենք զարգացման ծրագրերով․ այս մասին Տելեգրամի օգտատերերի հարցերին պատասխանելու ընթացքում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։ Նա նշել է, որ հանդիպումներ է ունեցել Արցախում իր գործընկերների հետ։ «Իմ գործընկերներն ասում են, որ այդ սոցիալական աջակցության պատճառով մարդիկ մոտիվացված չեն լինում աշխատելու այն տեղերում, որոնք թափուր են հիմա, դրանք գյուղատնտեսության ու շինարարության ոլորտներն են, նաև բանակը, սակայն այստեղ վիճակը համեմատած նորմալ է։  Շինարարության ու գյուղատնտեսության ոլորտներում կան շատ աշխատատեղեր, և չկան մարդիկ, որ ուզում են աշխատել։ Շատ մարդիկ Արցախում, իսկ  Ստեփանակերտն այժմ ունի ավելի մեծ թվով բնակչություն, քան երբևէ, չեն ուզում աշխատել, քանի որ առանց այդ էլ լավ գումար են ստանում այնտեղ գտնվելու համար։ Այժմ մեր խնդիրն է փոխել այդ վերաբերմունքը, որ մարդիկ սկսեն աշխատել»,-ասել է նա։ Նախարարի պաշտոնակատարը խոսել է փոքր բիզնեսը ֆինանսավորելու անհրաժեշտության մասին։ Նա ընդգծել է, որ փոքր բիզնեսում ֆինանսավորումը խնդիր է ոչ միայն Արցախում, այլև Հայաստանում։ «Առանց գրավի հնարավոր չէ վարկ ստանալ, ինչը խոչընդոտ է սկսնակների, հատկապես կանանց համար, քանի որ կանայք ավանդաբար իրենց անունով գրանցված գույք չեն ունենում»,-ասել է նա։ Քերոբյանը նաև ընդգծել է, որ Արցախը պետք է կենտրոնանա բարձր տեխնոլոգիաների վրա, այդ առումով լավ հնարավորություններ կան։
22:56 - 26 հուլիսի, 2021
«Էքսպո-2020 Դուբայ» ցուցահանդեսին հնի ու նորի հետաքրքիր համադրությամբ կներկայանանք աշխարհին. Վահան Քերոբյան

«Էքսպո-2020 Դուբայ» ցուցահանդեսին հնի ու նորի հետաքրքիր համադրությամբ կներկայանանք աշխարհին. Վահան Քերոբյան

«Էքսպո-2020 Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսն այն եզակի հարթակներից է, որը կարող է մեր հայկական ընկերությունների համար բացել միջազգային շուկաներ տանող նոր ու մինչ այս անհասանելի թվացող դռներ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:     «Կառավարության ֆինանսական աջակցության շնորհիվ 6 ամիս շարունակ ցուցահանդեսային հարթակում կներկայացնենք մեր երկիրը, մշակույթը և ներդրումային ներուժը, իսկ հայկական ընկերությունները կօգտվեն աշխարհին հայկականը ներկայացնելու և միջազգային գործընկերներ ձեռք բերելու հնարավորությունների լայն շրջանակից։   Այս քայլով մենք, իհարկե, նպաստելու ենք երկրի տնտեսական ակտիվության բարձրացմանը և օտարերկրյա ներդրումների ներգրավմանը։   Ցուցահանդեսի ընթացքում ունենալու ենք «Made in Armenia» քառօրյա ցուցահանդես, որին մասնակցելու ենք «էթնոթեք»՝ էթնիկ+տեխնիկական կոնցեպտով. հնի ու նորի այս հետաքրքիր համադրությամբ էլ ներկայանալու ենք աշխարհին»,- գրել է Քերոբյանը։
21:36 - 24 հուլիսի, 2021
Վահան Քերոբյանը գինեգործների և կոնյակագործների հետ քննարկել է խաղողի մթերման հետ կապված հարցերը

Վահան Քերոբյանը գինեգործների և կոնյակագործների հետ քննարկել է խաղողի մթերման հետ կապված հարցերը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հուլիսի 17-ին հանդիպել է գինեգործների եւ կոնյակագործների հետ՝ քննարկելու մի շարք հարցեր, այդ թվում` խաղողի մթերմանը նախապատրաստվելու և մթերումները սահուն կազմակերպելու հետ կապված հարցերը: Քերոբյանը այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:  «Խոսել ենք միջնաժամկետ եւ երկարաժամկետ պլանների մասին, վերհանել այն խոչընդոտները, որոնք խանգարում են մեր արտադրողներին ավելի ռիսկային քայլերի գնալ եւ արագ զարգանալ: Անդրադարձել ենք նաեւ գործող եւ նոր մշակվող պետօժանդակության ծրագրերին եւ դրանց ավելի սահուն իրագործման հարցերին։ Գինեգործության ոլորտը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար, եւ մենք անելու ենք հնարավոր ամեն բան դրա հնարավորինս արագ աճն ապահովելու համար»,- գրել է Քերոբյանը:
17:56 - 17 հուլիսի, 2021
Պղնձի խտանյութի արտահանման լիցենզիայի տրամադրման համար տուրք սահմանելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց |armtimes.com|

Պղնձի խտանյութի արտահանման լիցենզիայի տրամադրման համար տուրք սահմանելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց |armtimes.com|

armtimes.com: ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած նախագիծը, որով ՀՀ կառավարությունը ցանկանում է պղնձի, մոլիբդենի խտանյութի, ֆեռոմոլիբդենի արտահանման լիցենզիայի տրամադրման համար տուրք սահմանել:  Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած նախագծում նշվում է, որ նպատակ ունենալով համաշխարհային շուկայում ձևավորված բարձր գնային պահանջարկի պայմաններում Հայաստանի հանքարդյունաբերության և գունավոր մետալուրգիայի ոլորտում ստեղծել և զարգացնել առավել մաքուր և էկոլոգիապես անվտանգ տեխնոլոգիաների կիրառմամբ արտադրություններ՝ առաջարկվում է պղնձի և մոլիբդենի միջազգային բարձր գների պարագայում սահմանել պետական տուրք պղնձի, մոլիբդենի խտանյութի և ֆեռոմոլիբդենի՝ դեպի երրորդ երկրներ արտահանելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր (այսուհետ՝ լիցենզիա) տրամադրելու համար։ Ակնկալվում է, որ լիցենզիայի տրամադրման առաջարկվող դրույքաչափերը կգործեն միայն նշված մետաղների բարձր գնային միջակայքերում, իսկ հետագայում՝ կախված համաշխարհային շուկայում այդ մետաղների պահանջարկի փոփոխությունից (օրինակ՝ պղնձի բորսայական գնի 7.5 հազ. ԱՄՆ դոլարի շեմը, իսկ մոլիբդենի պարագայում՝ 20 հազ. ԱՄՆ դոլարի շեմը չգերազանցելու դեպքում կվերանայվեն առաջարկվող դրույքաչափերը դեպի նվազում)։ Երկրորդ ընթերցումը կլինի 24 ժամվա ընթացքում: 
13:47 - 15 հուլիսի, 2021
Վահան Քերոբյանը ռուս գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանում «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության հեռանկարները

Վահան Քերոբյանը ռուս գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանում «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 5-ին մեկնել է ՌԴ՝ մասնակցելու «Իննոպրոմ-2021» միջազգային արդյունաբերական 11-րդ ցուցահանդեսին և ցուցահանդեսի շրջանակում կազմակերպվող միջոցառումներին: Պատվիրակության կազմում են նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, ԷՆ արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը և ԷՆ արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանը։ Հուլիսի 5-ին կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի հանդիպումը ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ՝ «Իննոպրոմ-2021» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսային հարթակում։ Ջերմ բարեկամական մթնոլորտում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր, որոնք ուղղված են Հայաստան-ՌԴ առևտրատնտեսական հարաբերությունների և արդյունաբերության ոլորտում համագործակցության խորացմանը։ Կողմերն անդրադարձել են Հայաստանի և Սվերդլովսկի մարզի միջև առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին և 2020 թ․ համատեղ ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքների ակտիվացմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում ռուսական ընկերությունների գործունեության ծավալման հեռանկարները։ Հայկական կողմը հրավիրել է ռուսական արդյունաբերական ձեռնարկություններին՝ որպես պոտենցիալ շահառուներ մասնակցություն ունենալ նոր ձևավորվող «Արարատ» արդյունաբերական պարկում, ինչպես նաև «Ինժեներական քաղաք» նախագծում։ Անդրադարձ է եղել նաև ռուսական ընկերությունների մասնակցությամբ Հայաստանում արևային պանելների արտադրության և երրորդ երկրներ արտահանման հնարավորություններին, ինչպես նաև ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի՝ Հայաստանում արտադրության հեռանկարների հետ կապված հարցերին։ Նույն օրը Վահան Քերոբյանը մասնակցել է ցուցահանդեսի գլխավոր պլենար նիստին, որը կրում էր «Ճկուն արտադրությունից մինչև համագործակցություն բարձր տեխնոլոգիաների ոլորտում. նոր հեռանկարներ» խորագիրը: «Իննոպրոմ-2021» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին այս տարի մասնակցում են ավելի քան 43.000 այցելուներ, 600 արդյունաբերական ընկերություններ։ ՌԴ կատարած այցի շրջանակում հուլիսի 6-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը և Սվերդլովսկի նահանգապետ Եվգենի Կույվաշևը ստորագրել են «ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Սվերդլովսկի մարզի կառավարության միջև առևտրատնտեսական ոլորտում արտաքին տնտեսական կապերի իրականացման մասին» համաձայնագիր։ ՀՀ կառավարության և Սվերդլովսկի մարզի միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, որը 10 տարի գիտական, տեխնիկական և մշակութային համագործակցության զարգացման ամուր իրավական հիմք է հանդիսացել, ավարտվել է 2018 թ․: Փոխադարձ առևտրի ծավալների մեծացման, համատեղ գիտական և տեխնիկական ծրագրերի մշակման և իրականացման դրական դինամիկան պահպանելու նպատակով Սվերդլովսկի շրջանի կառավարությունը 2019 թ. առաջարկել է դիտարկել նոր ժամանակահատվածի համար համաձայնագրի ստորագրման հնարավորությունը: Համաձայնագրի ստորագրումը կնպաստի առևտրատնտեսական երկկողմ համագործակցության ընդլայնմանը՝ ուղղված ենթակառուցվածքների զարգացմանը և համատեղ ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև ՀՀ-ի և Սվերդլովսկի մարզի միջև նոր գործարար կապերի հաստատմանը: Համաձայնագիրը նախատեսում է փոխգործակցություն զբոսաշրջության, գյուղատնտեսության, ներդրումների, արդյունաբերության, առևտրի և մեծ ներուժ ունեցող այլ բոլոր հնարավոր ոլորտներում:
16:24 - 06 հուլիսի, 2021
Աղմուկը խիստ գերազանցում է վնասի չափին. Քերոբյանը՝ ոռոգման ջրի հետ կապված վիճակի մասին |armenpress.am|

Աղմուկը խիստ գերազանցում է վնասի չափին. Քերոբյանը՝ ոռոգման ջրի հետ կապված վիճակի մասին |armenpress.am|

armenpress.am: Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն անդրադարձավ շոգ եղանակի հետևանքով ոռոգման ջրի ոլորտում առաջացած իրավիճակին: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Քերոբյանը նշեց, որ այս տարվա հունիսը ռեկորդային շոգ ամիս է եղել. 3 աստիճանով նորմայից ավելի շոգ է եղել: Դրա պատճառով առաջացել է աննախադեպ դժվար իրավիճակ: «Ջրային կոմիտեն աշխատում է նորմալ հունով: Խնդիրն այն է, որ անջրդի տարածքներում ջրելու կարիք է առաջացել, և դա վտանգել է անջրդի հողատարածությունների բերքը: Մյուս խնդիրն այն է, որ ֆերմերներն, ըստ էության, սխալ տեղեկատվություն են փոխանցում ջրային կոմիտեին և մի  բույսի փոխարեն ցանում են այլ բույս, որի ջրի պահանջարկն այլ է:  Օրինակ կարտոֆիլին ավելի շատ ջուր է պետք: Այդուհանդերձ, այս խնդիրը պահանջում է արմատական լուծում, և  մենք երկու օր առաջ պայմանավորվել ենք, որ պետք է սկսենք ջրային ռեֆորմը, փոխենք համակարգն այնպես, որ անցնենք նոր արդյունավետ համակարգի»,- ասաց Քերոբյանը: Անդրադառնալով դիտարկմանը, թե կաթիլային ոռոգման անցնելը թանկ է, ու ոչ բոլոր գյուղացիները կարող են դա անել՝ նախարարի պաշտոնակատարը նշեց. «Կառավարությունը կաջակցի: Եթե մենք ասում ենք, որ այս տարի շոգ է, ոչ մի երաշխիք չկա, որ հաջորդ տարի հով է լինելու: Աշխարհը տաքանում է»: Հարցին, թե ինչո՞ւ չեն կանխատեսել, որ նման բան կարող է լինել, ու ջրամբարները չեն լցվել, Քերոբյանը նշեց, որ ինքն այդ հարցին չի կարող պատասխանել, քանի որ ջրամբարների խնդիրներով իրենք չեն զբաղվում: Նրա խոսքով՝ գյուղացիների վնասների փոխհատուցման վերաբերյալ որևէ գործողություն դեռ արված չէ, բայց կարվի: «Գյուղմթերքի ապահովագրություն երաշտից չի եղել: Երաշտ բառը պետք չէ օգտագործել, խոսքը սակավաջրության մասին է: Ամեն դեպքում աղմուկը պետք է համեմատել իրականության հետ: Սովորաբար, աղմուկը խիստ գերազանցում է վնասի չափին»,- նկատեց նախարարի պաշտոնակատարը:
15:01 - 01 հուլիսի, 2021
Սամվել Ալեքսանյանի և Դավիթ Սեդրակյանի ընկերությունները բավարարում են նորացված չափանիշներին. Վահան Քերոբյանը՝ 2 ընկերություններին տրամադրվող արտոնությունների մասին |tert.am|

Սամվել Ալեքսանյանի և Դավիթ Սեդրակյանի ընկերությունները բավարարում են նորացված չափանիշներին. Վահան Քերոբյանը՝ 2 ընկերություններին տրամադրվող արտոնությունների մասին |tert.am|

tert.am: Մասքատուրքը գնում է ԵԱՏՄ բյուջե, վերջերս, եթե հիշում եք, մենք խիստ սահմանափակել ենք արտոնությունների տրամադրման կարգը և ձևը: Այս մասին ասել է Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը՝ հանրության համար չզեկուցվող 2 նախագծի մասին, որով Կառավարությունը որոշում կայացրեց գործարարներ Սամվել Ալեքսանյանին և Դավիթ Սեդրակյանին պատկանող ընկերություններին արտոնություններ տալ, Ալեքսանյանի ընկերությանը՝ 106 մլն դրամի, Սեդրակյանի ընկերությանը՝17մլն դրամի չափով: «Փորձել ենք սահմանափակել այդ արտոնությունների տրամադրումը միայն սարքավորումների մասով և միայն այնպիսի հումքի մասով, որը մեծամասամբ արտահանվելու է, ներքին շուկայում սպառման տեսանկյունից աշխատում ենք այնպես անել, որ չտուժի մրցակցությունը և լինեն նույն պայմանները, հումքի արտահանման մասով ենք օգնում, իսկ այդ տեսանկյունից 2 ընկերությունները լիովին բավարարում են նորացված չափանիշներին»,- ասել է Քերոբյանը: Նախարարը նշել է՝ աշխատում են օրենքի սահմաններում, և եթե որևէ ընկերության պետք է արտոնություններ տալ, տալիս են. «Այսինքն մեր գործողությունների տրամաբանությունը ոչ թե մեկին ճնշելն է կամ օգնելը, այլ գործելը օրենքի սահմաններում»: Քերոբյանը նշել է, որ շատ արտոնություններ են տալիս տարբեր ընկերություններին, բայց կոնկրետ այս արտոնությունը տրվում է հումքի համար, որը արտահանվելու է:
14:33 - 01 հուլիսի, 2021
Վահան Քերոբյանը և Նարեկ Տերյանը մասնակցել են հայ-իրանական գործարար համաժողովին

Վահան Քերոբյանը և Նարեկ Տերյանը մասնակցել են հայ-իրանական գործարար համաժողովին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հունիսի 28-ին մասնակցել են Prom Expo և IPM ընկերությունների համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված հայ-իրանական գործարար համաժողովին։ Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ ԲՏԱ նախարարության ներկայացուցիչներ, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, հայկական և իրանական շուրջ 80 խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ։   Համաժողովին մասնակից ընկերությունները ներկայացնում էին տարբեր ոլորտներ՝ արդյունաբերություն, շինարարություն, գյուղատնտեսություն, սննդի, տեքստիլի, դեղագործության, բժշկական սարքավորումների արտադրություն և այլ ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներ։   Համաժողովի նպատակն է խթանել հայ-իրանական առևտրային հարաբերությունների զարգացումը, գործարկել ներկրման և արտահանման նոր ձևաչափեր, ինչպես նաև նպաստել երկու երկրների միջև գործարար կապերի ամրապնդմանն ու խորացմանը: Ողջունելով համաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ նմանատիպ միջոցառումները հավասար կարևորություն ունեն երկու երկրների համար․ իրանցի գործընկերների համար սա լավ հնարավորություն է բացահայտելու Հայաստանի միջոցով Եվրասիական տնտեսական միության և այլ երկրների շուկաներ դուրս գալու հնարավորություններ։ «Մենք պատրաստ ենք միավորել մեր ուժերը իրանցի գործընկերների հետ և միասին նոր շուկաներ գրավել։ Իրանը ակտիվ խրախուսում է գիտելիքահեն ընկերությունների ստեղծումը և առաջխաղացումը, մենք նույնպես մեր տնտեսական քաղաքականության մեջ որդեգրել ենք այդ մոտեցումը,և այստեղ նույնպես մեր մոտեցումներն ու հայացքները խաչվում են»,- հավելել է Վահան Քերոբյանը։ Միաժամանակ նախարարի պաշտոնակատարն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու հայ-իրանական տնտեսական կապերի ու առևտրային հարաբերությունների ակտիվացմանն ու ընդլայնմանը։   ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին իր խոսքում նշել է, որ Իրանի և Հայաստանի միջև տարբեր ոլորտներում ձևավորվել է կայուն համագործակցություն, և իրանական գիտահեն կազմակերպությունները պատրաստ են իրենց գիտելիքը, փորձն ու տեխնոլոգիաները փոխանցել հայկական կողմին՝ բարձրագույն տեխնոլոգիաների և նանոտեխնոլոգիաների ոլորտում ևս փոխգործակցելու նպատակով։ «Նմանատիպ համաժողովների կազմակերպումը հնարավորություն է ընձեռում ներկայացնել  այն ներուժը, որն առկա է իրանական կողմում և բարենպաստ հող պատրաստել այս ուղղությամբ երկկողմ համագործակցություն ձևավորելու համար»,- նշել է դեսպանը։  Համաժողովի ընթացքում հայ և իրանցի գործարարների միջև կազմակերպվել են B2B հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են գործարար նոր կապերի ստեղծման հնարավորությունները։
18:54 - 28 հունիսի, 2021
Վահան Քերոբյան․ «Գնաճի հիմնական բաղադրիչը Հայաստանից դուրս է» |hetq.am|

Վահան Քերոբյան․ «Գնաճի հիմնական բաղադրիչը Հայաստանից դուրս է» |hetq.am|

hetq.am: «Այսօրվա դրությամբ Հայաստանից արտահանվել է 86 000 տոննա թարմ գյուղմթերք, որը կրկնակի ավել է, քան անցած տարի։ Մինչ այս պահը 12 800 տոննա ծիրան է արտահանվել, ընդ որում՝ լավ գնով»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։   Խոսելով գնաճի մասին՝ Քերոբյանը նշեց, որ դրա համար էկոնոմիկայի նախարարությունը ուղիղ պատասխանատվություն չի կրում, պատասխանատվություն կրում է Կենտրոնական բանկը։ «Դա նաև անհանգստացնում է էկոնոմիկայի նախարարությանը, քանի որ մեր աշխատանքի իմաստը պետք է լինի մարդկանց բարեկեցության ավելացումը։ Նայում ենք՝ որտեղ կա էական գնաճ, փորձում ենք զսպել էդ գնաճը նաև ոչ դրամավարկային գործիքներով՝ սուբսիդավորումով, օգնելով, որ ավելի էժան ապրանքը հասնի Հայաստան և այլ մեխանիզմներով։ Կենտրոնական բանկի գործողությունները բերել են նրան, որ համարյա մտել ենք գնաճի թույլատրելի միջակայք։ Աշխարհում սարսափելի գնաճ է։ Գնաճի հիմնական բաղադրիչը ոչ թե Հայաստանում է, այլ Հայաստանից դուրս։ Եթե, օրինակ՝ ձեթը Ռուսաստանը թանկացրել է երկու անգամ, մենք ինչ էլ անենք, չենք կարող ձեթի գինը իջեցնել, եթե Հայաստանում ձեթ չենք արտադրում»,- ասաց Քերոբյանը։ Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ պետք է փոխվի տնտեսության կառուցվածքը և ավելի քիչ կախված լինի միջազգային շուկայի գներից։  Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի այն խոսքին, որ վերջին 4 ամսվա ընթացքում 70 000  մարդ է արտագաղթել Հայաստանից, Քերոբյանն ասաց, որ պետք է հանել սեզոնային աշխատողներին, որոնք գնացել են և սեզոնի վերջում վերադառնալու են․ «Արտագաղթը պետք է տարեկան կտրվածքով հաշվել, որպեսզի ճիշտ պատկեր ունենանք, բայց ես չեմ ժխտում, որ կա այդ միտումը։ Իհարկե, մարդկանց մի մասը հիասթափված է 44-օրյա պատերազմի արդյունքից»,- նշեց նախարարի պաշտոնակատարը։ Լրագրողի այն հարցին, թե կառավարության աշխատանքից հիասթափված չե՞ն մարդիկ, Վահան Քերոբյանն ասաց․ «Հիմնականում պատերազմի արդյունքից, միգուցե՝ նաև կառավարության աշխատանքից, չեմ ժխտում։ Պետք է այնպիսի միջավայր ստեղծենք, որպեսզի այդ հիասթափությունը գնալու առիթ չդառնա»։
15:44 - 24 հունիսի, 2021
Վահան Քերոբյանն անդրադարձել է Պետերբուրգում տեղի ունեցած իր հանդիպումներին

Վահան Քերոբյանն անդրադարձել է Պետերբուրգում տեղի ունեցած իր հանդիպումներին

«Ամփոփելով միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում այս երկու օրերի հանդիպում-քննարկումներս՝ անդրադառնամ դրանցից մի քանիսին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:   «Երեկ մասնակցել եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորած լիագումար նիստին, որի ընթացքում նախագահը ներկայացրեց ՌԴ գործարար օրակարգի առաջնահերթությունները։ Սա մեզ կօգնի ճիշտ ուղիներ ընտրել Ռուսաստանի հետ գործարար հարաբերություններն էլ ավելի ամրացնելու և խորացնելու գործում։   Հանդիպել եմ Չիլիի ԱԳ նախարարի միջազգային տնտեսական հարաբերությունների հարցերով տեղակալ Ռոդրիգո Յանյես Բենիտիսին։ Քննարկել ենք երկկողմ առևտրատնտեսական համագործակցության նոր ուղիներն ու հնարավորությունները։ Չիլիական կողմը հետաքրքրվածություն հայտնեց Հայաստանը դիտարկել որպես հարթակ Եվրասիական տնտեսական միության շուկա դուրս գալու համար։   «Ռուսական երկաթուղիների» գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկիի հետ հանդիպումս բավականին արդյունավետ էր։ Քննարկել ենք Փոթի-Կովկաս նավահանգիստներով լաստինավային կանոնավոր բեռնափոխադրումների ակտիվացման հնարավորությունները և նախանշել դրա վերագործարկմանն ուղղված քայլերը։   Այսօր ֆորումի վերջին օրն է։   Վերադառնում եմ Երևան՝ ձեռք բերված նոր պայմանավորվածությունները կյանքի կոչելու»,- գրառման վերջում նշել է նախարարի պաշտոնակատարը:
14:27 - 05 հունիսի, 2021