Վահան Քերոբյանը ռուս գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանում «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության հեռանկարները
16:24 - 06 հուլիսի, 2021

Վահան Քերոբյանը ռուս գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանում «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 5-ին մեկնել է ՌԴ՝ մասնակցելու «Իննոպրոմ-2021» միջազգային արդյունաբերական 11-րդ ցուցահանդեսին և ցուցահանդեսի շրջանակում կազմակերպվող միջոցառումներին:

Պատվիրակության կազմում են նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, ԷՆ արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը և ԷՆ արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանը։

Հուլիսի 5-ին կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի հանդիպումը ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ՝ «Իննոպրոմ-2021» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսային հարթակում։

Ջերմ բարեկամական մթնոլորտում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր, որոնք ուղղված են Հայաստան-ՌԴ առևտրատնտեսական հարաբերությունների և արդյունաբերության ոլորտում համագործակցության խորացմանը։ Կողմերն անդրադարձել են Հայաստանի և Սվերդլովսկի մարզի միջև առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին և 2020 թ․ համատեղ ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքների ակտիվացմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում ռուսական ընկերությունների գործունեության ծավալման հեռանկարները։ Հայկական կողմը հրավիրել է ռուսական արդյունաբերական ձեռնարկություններին՝ որպես պոտենցիալ շահառուներ մասնակցություն ունենալ նոր ձևավորվող «Արարատ» արդյունաբերական պարկում, ինչպես նաև «Ինժեներական քաղաք» նախագծում։

Անդրադարձ է եղել նաև ռուսական ընկերությունների մասնակցությամբ Հայաստանում արևային պանելների արտադրության և երրորդ երկրներ արտահանման հնարավորություններին, ինչպես նաև ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի՝ Հայաստանում արտադրության հեռանկարների հետ կապված հարցերին։

Նույն օրը Վահան Քերոբյանը մասնակցել է ցուցահանդեսի գլխավոր պլենար նիստին, որը կրում էր «Ճկուն արտադրությունից մինչև համագործակցություն բարձր տեխնոլոգիաների ոլորտում. նոր հեռանկարներ» խորագիրը: «Իննոպրոմ-2021» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին այս տարի մասնակցում են ավելի քան 43.000 այցելուներ, 600 արդյունաբերական ընկերություններ։

ՌԴ կատարած այցի շրջանակում հուլիսի 6-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը և Սվերդլովսկի նահանգապետ Եվգենի Կույվաշևը ստորագրել են «ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Սվերդլովսկի մարզի կառավարության միջև առևտրատնտեսական ոլորտում արտաքին տնտեսական կապերի իրականացման մասին» համաձայնագիր։

ՀՀ կառավարության և Սվերդլովսկի մարզի միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, որը 10 տարի գիտական, տեխնիկական և մշակութային համագործակցության զարգացման ամուր իրավական հիմք է հանդիսացել, ավարտվել է 2018 թ․: Փոխադարձ առևտրի ծավալների մեծացման, համատեղ գիտական և տեխնիկական ծրագրերի մշակման և իրականացման դրական դինամիկան պահպանելու նպատակով Սվերդլովսկի շրջանի կառավարությունը 2019 թ. առաջարկել է դիտարկել նոր ժամանակահատվածի համար համաձայնագրի ստորագրման հնարավորությունը:

Համաձայնագրի ստորագրումը կնպաստի առևտրատնտեսական երկկողմ համագործակցության ընդլայնմանը՝ ուղղված ենթակառուցվածքների զարգացմանը և համատեղ ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև ՀՀ-ի և Սվերդլովսկի մարզի միջև նոր գործարար կապերի հաստատմանը: Համաձայնագիրը նախատեսում է փոխգործակցություն զբոսաշրջության, գյուղատնտեսության, ներդրումների, արդյունաբերության, առևտրի և մեծ ներուժ ունեցող այլ բոլոր հնարավոր ոլորտներում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել