Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահ։

Վահագն Գառնիկի Խաչատուրյան (ապրիլի 22, 1959, Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար։

1982-1992 թթ.- գիտամանկավարժական գործունեություն Երևանի Ժողվրդական տնտեսության ինստիտուտում։ 1982-1990 թթ. աշխատել է «Հրազդանմեքենա» արտադրական միավորումում՝ որպես տնտեսագետ, տնտեսական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ։ 1990-1992 թթ. եղել է «Մարս» արտադրական միավորման բաժնի վարիչ, գլխավոր տնօրենի տեղակալ։

1990-1995 թթ. - Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։

1992 թ. դեկտեմբերի 22-1996 թ. փետրվարի 22 - Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ՝ Երևանի քաղաքապետ[2]։

1995-1999 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։

1996-1998 թթ. - ՀՀ նախագահի խորհրդական։

2000 թ. - «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր անդամ։

2006 թ. - «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ։

2008-2013 թթ. - Հայ ազգային կոնգրեսի՝ Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար, Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ։

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ռադոսլավ Ֆոգիելի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին նախագահն ասել է. «Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետությունում: Ես լավ տեղյակ եմ, թե դուք ինչ մեծ աշխատանք եք կատարում Հայաստան-Լեհաստան հարաբերությունների ամրապնդման և զարգացման համար և իմ շնորհակալական խոսքն եմ հայտնում ձեր կատարած աշխատանքի համար:Մեր հարաբերություններում խորհրդարանական դիվանագիտությունը մեծ տեղ ունի, որը նաև, իհարկե, կարող է խթանել իշխանության մյուս թևերի համատեղ աշխատանքի առավել ակտիվացմանը:Մեր երկու երկրները դժվար ժամանակներ են ապրում: Մեր տարածաշրջաններում խաղաղ չէ: Համոզված եմ, որ մեր գործունեությունն ուղղված է նրան, որպեսզի տարածաշրջանի բարդ այս պայմաններում մենք հասնենք խաղաղության:Եվ այս առումով Հայաստանի համար շատ կարևոր է, որ մեզ համար շատ բարդ, դժվար այս օրերին դուք մեզ հետ եք: Խոսքը վերաբերում է Լաչինի միջանցքի փակմանը: Մեր համատեղ աշխատանքում մենք մեկ նպատակ ունենք որպեսզի ձեզ փոխանցենք այն տեղեկությունները, որ կան, խնդրելով ձեզ այդ հավաստի տեղեկությունները փոխանցել մեր բոլոր գործընկերներին այլ երկրների, որովհետև ցավոք սրտի, մեր հարևան երկիրն ապատեղեկատվություն տարածելու մեծ հնարավորություններ ունենալով, փորձում է մեր գործընկերներին փաստի առջև կանգնացնել, ասելով, թե իբր Հայաստանը չի ցանկանում խաղաղության բանակցություններ վարել, իբր Հայաստանը լարվածություն է առաջացնում տարածաշրջանում: Համոզված եմ, որ ձեր այցելությունն այս առումով շատ օգտակար կլինի»:Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Ռադոսլավ Ֆոգիելն իր խոսքում մասնավորապես նշել է. «Մեզ համար մեծ պատիվ է այստեղ լինել: Միանշանակ, մենք բոլորս կհամաձայնենք այն մտքին, որ խորհրդարանական դիվանագիտությունն իրական դիվանագիտության էական մասն է կազմում: Մենք լիահույս ենք, որ թե՛ խորհրդարանական, թե՛ գործադիր մարմինների մակարդակներում մեր հարաբերությունները շարունակելու են խորանալ՝ դրական ուղղություն ստանալով:Մենք աշխատելու ենք տարբեր ոլորտներում, մեր համագործակցությունը ծավալվելու է տարբեր ոլորտներում, սակայն գլխավոր շեշտը դրվելու է անվտանգության հարցին թե՛ այս տարածաշրջանում, թե՛ Եվրոպայում»:Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-լեհական համագործակցության օրակարգային հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Լեհաստանի ֆոնդային բորսաների ակտիվ փոխգործակցությանն ու վերջինիս ընդլայնման հեռանկարներին, ինչպես նաև հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների խթանման հնարավորություններին: Զրույցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը կարևորել է Լեհաստանի հետ երկկողմ, ինչպես նաև Արևելյան գործընկերության շրջանակներում ակտիվ համագործակցությունը: Նախագահը շեշտել է, որ Հայաստանը հավատարիմ է Եվրամիության հետ ձեռքբերված պայմանավորվածություններին և պատասխանատվությամբ է մոտենում ժողովրդավարական ինստիտուտների կայացման ու դեմոկրատական արժեքների պաշտպանության սկզբունքներին:Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային մի շարք իրողությունների: Շեշտվել է Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հաստատման հրամայականը, ինչպես նաև հումանիտար խնդիրների առաջնահերթությունն ու Լաչինի մարդասիրական միջանցքի բնականոն գործունեության անհրաժեշտությունը:
19:49 - 03 ապրիլի, 2023
Հայաստանի ձգտումն է՝ բանակցությունների միջոցով վերջնական խաղաղության համաձայնագիր կնքել Ադրբեջանի հետ. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի ձգտումն է՝ բանակցությունների միջոցով վերջնական խաղաղության համաձայնագիր կնքել Ադրբեջանի հետ. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են Շվեդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը և ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը: Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության նախագահը կարևորել է հայ-շվեդական միջխորհրդարանական հարաբերությունների դինամիկ զարգացումը: «Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետությունում և, իհարկե, նաև նախագահի նստավայրում: Այս առիթն օգտագործելով՝ ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ ակտիվ համագործակցության և աջակցության համար: Այս երեսուն տարիների ընթացքում հայ-շվեդական հարաբերություններն իրենց զարգացումն են ապրել, որոնք հիմնված են եղել հստակ սկզբունքների և արժեքների վրա, դրանք ժողովրդավարական ինստիտուտներն են, մարդու իրավունքները և, իհարկե, ազատությունների պահպանումը: Ես համոզված եմ, որ այսօրվա ձեր այցելությունն էլ կնպաստի և մեր երկրների հարաբերությունների զարգացմանը, և, իհարկե, դուք ևս մեկ անգամ հնարավորություն կունենաք շփվելու երկրի ղեկավարության և ձեր գործընկերների հետ: Հայաստանի Հանրապետության կառավարության, իշխանությունների ձգտումը մեկն է՝ խաղաղություն հաստատել տարածաշրջանում և բանակցությունների միջոցով վերջնական խաղաղության համաձայնագիր կնքել Ադրբեջանի հետ»,- ասել է նախագահը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բյորն Սյոդերն իր խոսքում նշել է. «Շնորհակալություն ընդունելության համար, մեզ համար պատիվ է Ձեզ հետ հանդիպել: Ինչպես գիտեք, մենք ներկայացնում ենք Շվեդիա-Հայաստան բարեկամական խումբը, որը նախկինում համեմատաբար փոքրաթիվ էր: Խորհրդարանական ընտրություններից հետո մեր բարեկամական խումբը համալրվեց նոր անդամներով: Կարծում եմ՝ սա վկայում է Շվեդիայում Հայաստանի և տարածաշրջանի վերաբերյալ հետաքրքրության աճի մասին: Անշուշտ, մենք նաև շատ ենք կարևորում միջխորհրդարանական համագործակցությունը»։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես հայ-շվեդական փոխգործակցության օրակարգի վերաբերյալ հարցերի լայն շրջանակ, այնպես էլ Եվրամիության հարթակում երկու երկրների համագործակցության սերտացման ուղիներն ու հեռանկարները: Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում անդրադարձել է տարածաշրջանային իրողություններին, շվեդ խորհրդարանականներին մանրամասներ է հայտնել ավելի քան երեք ամիս ադրբեջանական կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման վերաբերյալ: Անդրադառնալով Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հաստատման հեռանկարին՝ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է հարևանների հետ առանց նախապայմանների բարիդրացիական հարաբերությունների հաստատման, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և սահմանների բացման իր դիրքորոշմանը:
16:04 - 03 ապրիլի, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՍԴ նախագահ Արման Դիլանյանին

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՍԴ նախագահ Արման Դիլանյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանին:Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Ողջունելով հյուրին նախագահը նշել է, որ կարևորում է Սահմանադրական դատարանի և նախագահական ինստիտուտի սերտ համագործակցությունը, որի գլխավոր նպատակը երկրում Սահմանադրության և սահմանադրականության երաշխավորումն է: «Կարծում եմ՝ Սահմանադրական դատարանի և նախագահականի կարևորագույն գործառույթը կայանում է նրանում, որ կարողանանք հետևել, թե Սահմանադրությունն ինչքանով է Հայաստանի Հանրապետությունում աշխատում, պահպանվում: Ցանկանում եմ այդ թեմայի շուրջ մեր խոսակցությունը տանել, որպեսզի հետագայում ևս մենք կարողանանք կողմնորոշվել, թե որտեղ թերություններ ունենք, որտեղ կարող ենք ավելի արդյունավետ դարձնել և ամենակարևորը՝ համատեղ անել դա: Ցանկանում եմ այդ առումով Ձեր կարծիքը ևս իմանալ»,- ասել է Վահագն Խաչատուրյանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Արման Դիլանյանը շեշտել է, որ նախագահի առաջնային կոչումը Սահմանադրության պահպանությանը հետևելն է. «Իմ կարծիքով՝ դա մեր Սահմանադրությամբ նախագահի ինստիտուտի ամենակարևոր գործառույթն է: Այսինքն, երբ մենք ընթերցում ենք Սահմանադրությունը, հենց ամենասկզբի հոդվածն է նախագահի ինստիտուտի վերաբերյալ, ըստ որի նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը: Դա հռչակագրային չէ, այն շատ կոնկրետ լիազորություններ է ենթադրում: Հենց նախագահի ինստիտուտն է, որ կարող է լիարժեք վեր հանել համապետական խնդիրները՝ օբյեկտիվ դիտանկյունից այդ խնդիրները վերլուծելով և ներկայացնելով այդ թվում նաև Սահմանադրական դատարան»,- նշել է ՍԴ նախագահը: Հանդիպման ընթացքում Արման Դիլանյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել Սահմանադրական դատարանում ընթացող բարեփոխումները և առաջիկա միջոցառումների ծրագրերը: Զրույցի ընթացքում երկուստեք շեշտվել է, որ Նախագահական ինստիտուտի և Բարձր դատարանի սերտ համագործակցությունը և երկու սահմանադրական մարմինների օրակարգերի ներդաշնակությունը երաշխավորում է երկրում պետական մարմինների բնականոն ու անխափան գործունեությունը: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հասարակական, կրթական և այլ ոլորտներում Սահմանադրական դատարանի գործունեության վերաբերյալ իրազեկումների, քաղաքացիների մոտ ՍԴ գործառույթների վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը: Քննարկվել են նաև դատաիրավական համակարգում կադրերի պատրաստման ու վերապատրաստման, կադրային համալրման գործընթացի և սկզբունքների վերաբերյալ մի շարք հարցեր:
17:49 - 27 մարտի, 2023
Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, թե Հայաստանը ռազմական սադրանքի է նախապատրաստվում՝ դիտավորյալ սրելով իրավիճակը |aravot.am|

Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, թե Հայաստանը ռազմական սադրանքի է նախապատրաստվում՝ դիտավորյալ սրելով իրավիճակը |aravot.am|

aravot.am: Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն հայկական կողմին մեղադրել է «սադրանքի նախապատրաստելուց առաջ» թշնամական հռետորաբանությունն ուժեղացնելու մեջ: Նման կերպ նա պատասխանել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի հասցեին հնչեցրած քննադատություններին: Նրա խոսքով «օկուպացիայի տարիներին», նաև հետպատերազմական շրջանում փորձը ցույց է տալիս, որ հայկական կողմը «ռազմական սադրանք իրագործելուց առաջ անցկացնում է այդպիսի ապատեղեկատվական արշավ»՝ նպատակ ունենալով պատասխաատանվությունը գցել ադրբեջանական կողմի վրա: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հարցազրույցի ժամանակ հայտնել էր, որ Բաքուն պնդում է, որ ԼՂ ժողովուրդը պետք է ապրի ադրբեջանական օրենսդրության համաձայն կամ պետք է հեռանա․ «Նրանք լավ գիտեն, որ ոչ մի հայ երբեք չի ցանկանա ապրել այսպիսի Ադրբեջանում, որտեղ մարդու իրավունքները ոտնահարված են, ժողովրդավարության արժեքները չեն գործում, և, բացի դա, որպես հայ իրենք մշտական վտանգի տակ են։ Չնայած խաղաղության պայմանագիր կնքելու և փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը ճանաչելու մեր պատրաստակամությանը, Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ դիրքորոշում ունենալ»: Շարունակությունը՝ aravot.am-ում
13:21 - 25 մարտի, 2023
Մենք պետք է ձգտենք տարածաշրջանային հավասարակշռության ու խաղաղության, ոչ թե պատերազմի. ՀՀ նախագահը՝ իտալական la Repubblica պարբերականին

Մենք պետք է ձգտենք տարածաշրջանային հավասարակշռության ու խաղաղության, ոչ թե պատերազմի. ՀՀ նախագահը՝ իտալական la Repubblica պարբերականին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել իտալական la Repubblica պարբերականին:Հարցազրույցի ընթացքում անդրադարձել է Հարավկովկասյան տարածաշրջանում առկա հիմնախնդիրներին և ընդհանուր իրադրությանը: Վահագն Խաչատուրյանը մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բովանդակության և Ղարաբաղյան շարժման մեկնարկի վերաբերյալ: Իր խոսքում նախագահը նշել է. «Երեսուն տարի առաջ իրավիճակը նույնն էր, ինչ այսօր, վտանգված է հայության գոյատևումը։ Պատերազմ չէր լինի, եթե չլինեին 1988-ին Սումգայիթի և 1990-ի Բաքվի ջարդերը, որոնք կազմակերպված էին Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Արդյունքը եղավ այն, որ ո՛չ Սումգայիթում, ո՛չ Բաքվում այսօր ոչ մի հայ չի ապրում։Այսօր Ադրբեջանի քաղաքականությունը նույնն է: Նա ցանկանում է հայաթափել Լեռնային Ղարաբաղը: Նրանց իշխանությունը հայտարարում է, որ իրենց համար Լեռնային Ղարաբաղի հարցն այլևս գոյություն չունի, քանի որ այն լուծվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմում, չնայած այն հանգամանքին, որ մեր 120 հազար հայրենակիցներ այսօր էլ ապրում են այդ տարածաշրջանում։ Բաքուն պնդում է, որ նրանք պետք է ապրեն ադրբեջանական օրենսդրության համաձայն կամ պետք է հեռանան: Նրանք լավ գիտեն, որ ոչ մի հայ երբեք չի ցանկանա ապրել այսպիսի Ադրբեջանում, որտեղ մարդու իրավունքները ոտնահարված են, ժողովրդավարության արժեքները չեն գործում, և, բացի դա, որպես հայ իրենք մշտական վտանգի տակ են։ Չնայած խաղաղության պայմանագիր կնքելու և փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը ճանաչելու մեր պատրաստակամությանը, Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ դիրքորոշում ունենալ»: Պատասխանելով Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ լրագրողի հարցին՝ հանրապետության նախագահը շեշտել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կեղծ բնապահպանական ակտիվիստները լիովին կեղծ պատրվակներով արգելափակել է Լաչինի հումանիտար միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի 120.000 բնակչության համար ստեղծելով հումանիտար ճգնաժամի սպառնալիք՝ սննդի, դեղորայքի պակասի, էլեկտրաէներգիայի և գազի շարունակական խափանումների պատճառով։ Անդրադառնալով ընդհանուր տարածաշրջանային հիմնախնդիրներին՝ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը լիովին հավատարիմ է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու և հարևանների հետ հավասարակշռված ու բարիդրացիական հարաբերությունների հաստատման դիրքորոշմանը:  «Մենք ցանկանում ենք բարիդրացիական հարաբերություններ ունենալ մեր հարևանների հետ, դրա համար էլ մեր կառավարությունը բռնել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհը։ Ես ուրախ եմ, որ այսքան տարի անց մենք վերսկսել ենք երկխոսությունն Անկարայի հետ։ Մենք պետք է ապագային նայենք և տեսնենք, թե ինչպիսի տարածաշրջան ենք ցանկանում թողնել մեր երեխաներին: Մենք պետք է ձգտենք տարածաշրջանային հավասարակշռության ու խաղաղության, ոչ թե պատերազմի»:
19:17 - 24 մարտի, 2023
Նախագահն ընդունել է Հայաստանի ֆոնդային բորսայի անդամներին. քննարկվել են կապիտալի շուկայի զարգացման նախապայմանները

Նախագահն ընդունել է Հայաստանի ֆոնդային բորսայի անդամներին. քննարկվել են կապիտալի շուկայի զարգացման նախապայմանները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանին և Դիտորդ խորհրդի անդամներ Զդիսլավ Սոկալին, Փոմաս Սթիսին, Մայքլ Վոլտերին և Մաթեուշ Զաիստովսկուն: Վահագն Խաչատուրյանը ողջունելով հյուրերին՝ շեշտել է Հայաստանի ֆոնդային բորսայի դերն ու նշանակությունը Հայաստանի կապիտալի շուկայի կայացման գործում և նշել այդ գործընթացում լեհական փորձի կիրառման կարևորությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայաստանյան կապիտալի շուկայի զարգացման համար անհրաժեշտ նախապայմանները, ինչպես նաև առկա խոչընդոտներն ու դրանց հաղթահարման ուղիները:Երկուստեք անդրադարձ է կատարվել հայաստանյան կապիտալի շուկայի կայացման գործընթացում հայ-լեհական համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը:Զրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական դարձնել աշխատանքային շփումներն ու քննարկումները:Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ հնարավորության սահմաններում պատրաստակամ է աջակցել Հայաստանի ֆոնդային բորսայի նախաձեռնություններին և ծրագրերին, ինչպես նաև բորսայի հետ համատեղ միջոցառումների կազմակերպմանն ու իրականացմանը:
16:45 - 23 մարտի, 2023
Արտաքին անվտանգության և խաղաղության ապահովումը բացարձակ առաջնահերթություն են․ Փաշինյանը՝ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը

Արտաքին անվտանգության և խաղաղության ապահովումը բացարձակ առաջնահերթություն են․ Փաշինյանը՝ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ողջույնի խոսքում Հանրապետության նախագահը նշել է. «Նախ շնորհակալություն հանդիպման համար: Իրականում կուտակվում են հարցեր, որ այսպես առանձին քննարկման կարիք ունեն: Ինչո՞վ էի ուզում զրույցն սկսել: Նայում եմ աշխարհում՝ ինչ է տեղի ունենում, Դուք ևս հետևում եք: Տարբեր գնահատականներ կան, բայց բոլորի կողմից մեկ ընդհանուր գնահատական կա՝ որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհն այսպես ծայրահեղ լարված վիճակում չի եղել, և ուզենք, թե ոչ՝ այս խնդիրները մեզ ևս անդրադառնալու են: Դրա հետ կապված՝ ցանկանում էի նաև Ձեր ներկայությամբ ասել, որ ես գնահատում եմ այն աշխատանքը, որ Կառավարությունն է տանում, Դուք անձամբ եք տանում, մեր դիվանագետներն են տանում: Ես հասկանում եմ, թե ինչ դժվար է այսօր դիմակայել այն բոլոր դժվարություններին, որոնց առջև մենք կանգնած ենք: Իսկ այդ դժվարությունները հիմնականում մեր անվտանգության հետ են կապված: Դուք այդ հնարավորությունը տվեցիք մեր հասարակությանը լրագրողների միջոցով՝ Ձեր մամուլի ասուլիսի, Կառավարության Ձեր ելույթի ժամանակ: Մեկ կարևոր հանգամանքի վրա եմ ցանկանում ուշադրություն դարձնել: Այն, ինչ Դուք բաց հասարակությանը ներկայացնում եք, կարծես հասարակությունը դրան պատրաստ չէ: Ինչո՞վ են պայմանավորված ընկալման այս մոտեցումը, ձևը, մեկնաբանությունները: Կարծում եմ, որ մենք դեռևս Խորհրդային միության հին ստերեոտիպի մեջ ենք՝ որ ինչպե՞ս կարող է կառավարությունը կամ իշխանությունը բաց լինել հասարակության հետ: Այն ժամանակ ամեն ինչ փակ էր, լավագույն դեպքում՝ մենք ենթադրությունների հիման վրա էինք մեր կարծիքները կազմում կամ փորձում հասկանալ՝ երկրում ինչ է կատարվել: Հիմա այս ոճը, որը ժողովրդավարության արդյունք է, հնարավորություն է տալիս բոլորին, որ իրենք ևս մասնակից դառնան պետության մեջ տեղի ունեցող իրադարձություններին: Սակայն դժվար է մարսվում, որովհետև երբ սկսում եք այդ ուղղությամբ մտածել, նաև որոշակի պատասխանատվության տակ եք ընկնում, իսկ այսօր աշխարհում ժողովրդավարության ամենամեծ խնդիրը պատասխանատվությունն է: Շատերը նույնիսկ հրաժարվում են իրենց որոշակի իրավունքներից և պետությանն են նորից ասում՝ դուք զբաղվեք: Այսինքն՝ պետությունն իրեն հնարավորություն է տվել և ինքը ասում է՝ ոչ, դուք արեք, մենք չենք կարող: Ուզում եմ ասել, որ սա միայն Հայաստանին բնորոշ չէ, բայց կարծում եմ, որ այս ոճը, նաև հանրությանը տեղեկացնելու այս ձևը ճիշտ է: Հուսով եմ՝ սա շարունակվելու է, և դրանում նաև մեր երկրի առջև կանգնած ինչ-որ խնդիրների կանդրադառնանք՝ լավ կամ վատ: Նույն Կառավարության 2021-2026 թվականի ծրագրերի հետ կապված գտնում եմ, որ մի փոքր ավելի պետք է հրապարակայնացնել, թե ինչ է կատարվել: Օրինակ, երբ նայում եմ հարավում կառուցվող հանգույցը Մեղրու, Ագարակի մասում, շատ տպավորիչ է, թե ինչ է պատրաստվում այնտեղ արվել, արդյունքում ինչպիսի տրանսպորտային հանգույց է լինելու: Սրա կարիքն էլ կա, որովհետև շատ դեպքերում մենք մտածում են, որ կարևորն անելն է, բայց պետք է նաև մարդկանց ներկայացնել այդ ամենը»: Իր խոսքում վարչապետ Փաշինյանն ասել է. «Շնորհակալ եմ, պարոն նախագահ, հրավերի և գնահատականի համար: Ընդհանրապես, կարծում եմ՝ թեման, որի մասին խոսեցիք, շատ կարևոր է, որովհետև մեր կառավարության և ինձ համար անձամբ շատ կարևոր է շարունակել լինել հաղորդակցության մեջ հանրության հետ: Պիտի նաև նշեմ՝ ինչ-որ մի ժամանակ ես արձանագրեցի, որ շատ պրոցեսներ կան, որոնց նպատակը հենց այդ հաղորդակցությունը թույլ չտալն է: Այսինքն՝ այնպես անել, որ Կառավարությունը փակվի իր պատյանի մեջ, տվյալ դեպքում կաբինետներում և հանրության հետ հաղորդակցության դուրս չգա, և կար պահ, որ ինձ համար էլ հարց էր, թե ինչքանով պետք է հաղորդակցվենք հանրության հետ: Որովհետև կառավարությունների մեր ընկալումն այն է, որ մենք հանրությանը պետք է հաղորդենք միայն լավ լուրեր կամ ամեն ինչին նայենք միայն լավ դիտանկյունից: Այդ պրոբլեմը, այդ դիլեման, իմիջիայլոց, ուզում եմ ասել, որ նաև երկար ժամանակ հետապնդել է, այդ թվում՝ ինձ, մինչև 2020 թվականի պատերազմը, որովհետև այն իրականությունը, որ 2018 թվականի դրությամբ մենք ունեցել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համատեքստում, այդ բովանդակությունը, որն ունեցել ենք, ընդհանրապես որևէ ընդհանուր հաղորդակցություն չի ունեցել հանրային ընկալումների հետ, այն ընկալումների հետ, որոնք մենք ունեցել ենք Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի և բովանդակության հետ կապված: Ըստ էության, այո՛, դա ռազմավարական որոշում է, որ մենք պետք է հանրության հետ հաղորդակցվենք: Անկախ ամեն ինչից՝ հանրության հետ հաղորդակցությունն ամենակարևորն է, որովհետև դա ունի ռազմավարական նշանակություն, այդ թվում՝ անվտանգային տեսակետից: Ինչ վերաբերում է Կառավարության ծրագրի կատարման ընթացքին, պետք է ընդգծեմ, որ Սահմանադրության համաձայն՝ մենք մինչև մարտի 1-ը Ազգային ժողով ենք ներկայացրել ծրագրի իրականացման զեկույցը, թե ինչպես է իրականանում ծրագիրը: Ես կարծում եմ, որ շատ բովանդակային փաստաթուղթ ենք ստացել, բայց նաև ամեն ինչ չէ, որ հասցրել ենք այնտեղ ներառել՝ այն իմաստով, որ փորձել ենք փաստաթուղթը համառոտ պատրաստել: Ես կարող եմ այդ փաստաթղթից 2 շատ կարևոր ընդգծում անել, Ազգային ժողովում, իհարկե, մանրամասն քննարկելու ենք: Առաջին թվարկումը, հիշատակումը, որ շատ կարևոր է ինձ համար, վերաբերում է առողջապահության ոլորտին: 2017 թվականի համեմատ՝ 2022 թվականի արդյունքներով մենք պետպատվերով առողջապահական ծառայությունների ծավալը կրկնապատիկից ավելացրել ենք, այսինքն՝ 125 տոկոս աճ ենք ունեցել 2017 թվականի համեմատ. 2017 թվականին քանի դեպք Հայաստանի Հանրապետության քաղաքացին սպասարկվել է պետպատվերով, 2022 թվականին այդ թիվը 125 տոկոսով աճել է, այսինքն՝ կրկնապատիկից ավելի աճ է ունեցել: Դա մեր քաղաքացիների առողջության հարցն է, ամենատարբեր դեպքերում, առիթներում: Աստված բոլորին առողջություն տա, բայց, իհարկե, կառավարությունն էլ Աստծուն պետք է այդ հարցում օգնի, որպեսզի առողջապահական հարցերը լուծվեն: Հաջորդ վիճակագրական տվյալը, որն ինձ համար կրկին շատ կարևոր է, հետևյալն է. 2022 թվականի ընթացքում հայկական ավիաընկերությունները 900 000-ից ավելի ուղևորի փոխադրում են իրականացրել: Սա շատ կարևոր է, որովհետև մեր քաղաքական հանձնառությունն է եղել նաև, որ մենք պետք է հայաստանյան ավիաընկերություններ ունենանք, և ըստ էության՝ շուկայի շուրջ 25 տոկոսը հենց հայկական ավիաընկերություններն են: Սա շատ կարևոր է նաև հայրենադարձության իմաստով, որովհետև 2022 թվականի ընթացքում ավիացիայի ոլորտում շուրջ 200 աշխատատեղ է ստեղծվել, և շատ բարձրակարգ օդաչուներ՝ Հայաստանում ծնված, մեծացած, ովքեր Հայաստանում աշխատանք չեն ունեցել և միայն արձակուրդներին են եկել, հիմա աշխատում են Հայաստանում և նաև կարող են արձակուրդն անցկացնել Հայաստանում: Էլի տվյալներ կան: Շնորհակալ եմ, որ հետևում եք Կառավարության գործունեությանը, և եթե հետևում եք, ենթադրում եմ, որ Ազգային ժողովի քննարկումներին էլ կհետևեք»: Արձագանքելով Վահագն Խաչատուրյանը ասել է. «Անպայման: Ես մեկ թիվ ասեմ: Որպես մասնագետ միշտ եմ նայել, դա ամենամեծ ձեռքբերումն է իմ տեսակետից: Խոսքը գործազրկության խնդրի մասին է: Միշտ մեզ մոտ, տարիներ շարունակ եղել է 25-30 տոկոս: Այսպես է լինում՝ պաշտոնական վիճակագրություն և ուսումնասիրություն: Պաշտոնական վիճակագրությունը, ըստ «Զբաղվածության մասին» օրենքի, լինում էր մինչև 10 տոկոս, իսկ իրական գործազրկությունը՝ 25-30 տոկոս: Եվ մեր բոլոր միջազգային համեմատությունների մեջ դա ամենաբացասականն էր: Հիմա դարձել է 11,5 տոկոս: Ես մասնագիտական իմ գնահատականների մեջ դա գտնում եմ ամենամեծ ձեռքբերումը: Ի վերջո, ԱՄՆ ֆեդերալ ռեզերվային համակարգի քաղաքականության մեջ 2 կարևոր գործոն կա՝ ինֆլյացիա և գործազրկություն: Մեզ մոտ միայն ինֆլյացիան է, որովհետև շատ դեպքերում ինֆլյացիան կարող է գործազրկության հաշվին էլ պահեն, բայց այնտեղ 2 գործոնն էլ շատ կարևոր են: Այսինքն՝ տնտեսական քաղաքականության իմաստն աշխատատեղեր ապահովելը կամ նվազ գործազրկություն ունենալն է և նվազ ինֆլյացիան: Կառավարության գործունեության մեջ այս հանգամանքը շատ կարևոր եմ գնահատում և, իհարկե, նորից վերցրել եմ հաշվետվությունը, մինչև վերջ կնայեմ, կհետևեմ, բայց ես նաև գնահատում եմ այն աշխատանքը որ տարվում է: Մեկ հանգամանք ևս կցանկանայի նշել: Հաշվետվություններին անձամբ Ձեր մասնակցությունը: Գտնում եմ, որ դա մեր գերատեսչությունների պատասխանատվությունը բարձրացնելու կարևորագույն գործոն է, երբ Վարչապետը բավական ներկայացուցչական թիմով ներկա է լինում ամեն մի գերատեսչությունում: Դա իրականում գնահատելի է, որովհետև նախկինում ընդունված տարբերակ կար, երբ վարչապետը չէր գնում, գնում էր փոխվարչապետը կամ մեկ նախարար գնում, ներկայանում էր, այսինքն՝ դա ֆորմալ էր: Սա ևս կառավարման արդյունավետության բարձրացման լավ ձև է, և մեզ մնում է միայն մեր կարևորագույն խնդիրները լուծել, որոնց մասին Դուք ևս անընդհատ ասում եք: Գիտեք, որ ես ևս իմ գործունեությամբ նվիրված եմ այդ գաղափարի իրականացմանը, որը 2 կարևոր կոմպոնենտ ունի՝ տարածաշրջանում լիարժեք խաղաղության հաստատում, մեր տարածաշրջանը դարձնել միջազգային համագործակցության կենտրոն և երկրորդը՝ իհարկե, ժողովրդավարություն: Հետնահանջ չունենք այն սկզբունքներից, որոնք ընտրել ենք: Կառավարությունը դա է իրականացնում»: Եզրափակելով Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այո, ակնհայտորեն, անվտանգությունը, արտաքին անվտանգության և խաղաղության ապահովումը բացարձակ առաջնահերթություն են, և նաև դա է պատճառը, որ մեր համատեղ աշխատանքը, ըստ էության, մեր օրակարգի մեծ մասը նվիրված է դրան: Բայց ինձ համար կարևոր է նաև, որ չնայած այդ ամենին՝ մենք բարեփոխումների օրակարգը ոչ միայն չենք ձախողել, այլև, ընդհակառակը, հենց Կառավարության հաշվետվության զեկույցի առանցքային միտքը դա է, որ այս ամեն ինչին մեր արձագանքը ինչ-որ առումով պետք է լինի ասիմետրիկ: Ի՞նչ նկատի ունեմ՝ մենք զարգացման օրակարգից, բարեփոխումների օրակարգից ոչ մի վայրկյան չպետք է շեղվենք՝ իհարկե, շարունակելով ավելի ու ավելի կենտրոնացած մնալ անվտանգային օրակարգի վրա»:
22:17 - 17 մարտի, 2023
Նախագահ Խաչատուրյանը և Վենեսուելայի նորանշանակ դեսպանը կարևորել են միջազգային հարթակներում երկու երկրների համագործակցությունը

Նախագահ Խաչատուրյանը և Վենեսուելայի նորանշանակ դեսպանը կարևորել են միջազգային հարթակներում երկու երկրների համագործակցությունը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետության արտակարգ և լիազոր Խեսուս Ռաֆայել Սալասար Վելասկեսը:Նախագահ Խաչատուրյանը, շնորհավորելով նորանշանակ դեսպանին, մաղթել է հաջողություններ և արդյունավետ աշխատանք: «Այս տարի մեզ համար նշանակալի տարի է: Մենք նշելու ենք մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին, և Ձեր նշանակումը, կարծում եմ՝ շատ խորհրդանշական է այդ առումով: Կարծում եմ՝ մենք միասին ամեն ինչ կանենք, որ մեր հարաբերություններին նոր շունչ տանք և օգտագործենք մեր երկու պետությունների, ժողովուրդների ներուժը՝ հանուն մեր երկրների ժողովուրդների բարեկեցության բարձրացման»,- ասել է նախագահը: Դեսպան Վելասկեսը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է. «Ինձ հետ բերել եմ Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոյի, ինչպես նաև ողջ Վենեսուելայի ժողովրդի ջերմ ողջույնները»:Հանդիպմանը քննարկվել են հայ-վենեսուելական հարաբերությունների զարգացման հնարավորությունները և հեռանկարները: Նախագահ Խաչատուրյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանի և Վենեսուելայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը լավ առիթ է երկկողմ փոխգործակցության զարգացման, քաղաքական երկխոսության մակարդակի բարձրացման համար:Երկուստեք կարևորվել է միջազգային հարթակներում երկու երկրների համագործակցությունը: Դեսպան Խեսուս Ռաֆայել Սալասար Վելասկեսը շեշտել է, որ Վենեսուելայում Հայաստանի Հանրապետության դեսպանի սպասվող նշանակումն իր կարևոր դերակատարությունը կունենա երկու երկրների միջև շփումների սերտացման և հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում ընդհանուր իրադրությանը, ադրբեջանական կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակմանն ու տարածաշրջանային հիմնախնդիրներին: Երկուստեք շեշտվել է հակամարտությունների խաղաղ և առանց ուժի սպառնալիքի կարգավորման հրամայականը:
14:12 - 17 մարտի, 2023
ՀՀ նախագահը և Ֆինլանդիայի դեսպանը շեշտել են Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունն օր առաջ վերականգնելու հրամայականը

ՀՀ նախագահը և Ֆինլանդիայի դեսպանը շեշտել են Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունն օր առաջ վերականգնելու հրամայականը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիրսթի Նարինենին (նստավայրը՝ Հելսինկի): Նախագահ Խաչատուրյանը ողջունել է դեսպանին և նշել, որ ուրախ է նրան տեսնել Հայաստանում: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի բարեկամական հարաբերությունների ընդլայնմանն, երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելուն ուղղված հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ընդհանուր իրադրությանը և Լաչինի միջանցքի շրջափակման խնդրին: Նախագահը նշել է, որ Ադրբեջանն ամեն կերպ խուսափում է կատարել Հաագայի դատարանի որոշումը, որով դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով: Նախագահն ընդգծել է, որ դա ամբողջովին անընդունելի դիրքորոշում է: Երկուստեք շեշտվել է հումանիտար միջանցքի բնականոն գործունեությունն օր առաջ վերականգնելու հրամայականը:
19:01 - 14 մարտի, 2023
Հայաստանն առանձնահատուկ կարևորություն է տալիս Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը. Վահագն Խաչատուրյան

Հայաստանն առանձնահատուկ կարևորություն է տալիս Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Ուղերձում ասվում է. «Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Չինաստանը կշարունակի զարգացման վերընթաց ուղին՝ նշանակալի ներդրում ունենալով խաղաղության և կայունության հաստատման գործում: Հայաստանն առանձնահատուկ կարևորություն է տալիս Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների շարունակական ամրապնդմանը և խորացմանը: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կհաջողվի ընդլայնել հայ-չինական բազմոլորտ համագործակցությունն ու քաղաքական երկխոսությունը: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին խաղաղություն և բարօրություն»։
14:28 - 11 մարտի, 2023
«Այս օրը առիթ է, որ հաստատենք հավասար իրավունքների հասարակություն կերտելու մեր պատրաստակամությունը»․ ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձը

«Այս օրը առիթ է, որ հաստատենք հավասար իրավունքների հասարակություն կերտելու մեր պատրաստակամությունը»․ ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։ Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ․ «Սիրելի կանայք,Սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ:Այս տոնը մեր հանրությունը նշում է յուրօրինակ ջերմությամբ և գնահատանքով, ինչը վկայում է ձեր անգնահատելի դերի ու ներդրման մասին և ձեր հայրերի, ամուսինների, եղբայրների ու որդիների անսահման սիրո դրսևորումն է:Մաղթում եմ ձեզ անսպառ ընտանեկան երջանկություն և չխամրող գեղեցկություն: Սիրելի կանայք,Կանանց միջազգային օրը բոլորիս համար առիթ է, որպեսզի մենք հաստատենք մեր պատրաստակամությունը՝ կերտել հավասար իրավունքների և հնարավորությունների հասարակություն:Այս ճանապարհին մեր երկրում դեռ շատ անելիքներ կան և մեր խնդիրն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ կդրսևորվեն ձեր բոլոր կարողություններն ու գիտելիքները:Ի սրտե ցանկանում ու մաղթում եմ ձեզ առավել ակտիվ մասնակցություն ունենալ մեր երկրի հասարակական քաղաքական ու մշակութային կյանքի անցուդարձերում, որովհետև ձեր ներկայությամբ արդեն ցանկացած միջավայր դուք դարձնում եք առավել հանդուրժող, կառուցողական ու ստեղծարար:Սիրելի մայրեր, քույրեր և դուստրեր,գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ կրկին շնորհավորում եմ ձեզ և մաղթում քաջառողջություն, անձնական երջանկություն ու անսահման սեր, հաջողություններ ձեր բոլոր ձեռնարկումներում»,– ասված է ուղերձում։
10:10 - 08 մարտի, 2023