ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Թուրքիան ՌԴ-ին «Բայրաքթարներ» չի մատակարարել ու ապագայում էլ չի անելու. Baykar ընկերության տնօրեն

 |factor.am|

Թուրքիան ՌԴ-ին «Բայրաքթարներ» չի մատակարարել ու ապագայում էլ չի անելու. Baykar ընկերության տնօրեն |factor.am|

factor.am: Թուրքական Baykar Makina ընկերությունը  իր մարտական անօդաչու թռչող սարքերը երբեք չի մատակարարել ՌԴ-ին և ապագայում էլ դա չի անելու, քանի որ աջակցում է Ուկրաինային։ Այս մասին CNN-ի հետ հարցազրույցում հայտարարել է  ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Մենք նրանց ոչինչ չենք մատակարարել կամ առաքել։ Ապագայում էլ մենք դա չենք անելու»,- ասել է Բայրաքթարը։ Նա նշել է, որ Անկարայի ու Կիևի հարաբերությունները գտնվում են ռազմավարական մակարդակում, մասնավորապես, պաշտպանական ու օդատիեզերական ոլորտներում։ Բայրաքթարը հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ուկրաինային անօդաչուներով, իր հերթին այնտեղից շարժիչներ գնելով իր սարքերի համար։ Այդպիսով, ըստ նրա՝ կողմերի հարաբերությունները փոխշահավետ են։
15:50 - 19 հուլիսի, 2022
«Գազպրոմն» ու Իրանի ազգային նավթային ընկերությունը ռազմավարական համագործակցության հուշագիր են ստորագրել
 |factor.am|

«Գազպրոմն» ու Իրանի ազգային նավթային ընկերությունը ռազմավարական համագործակցության հուշագիր են ստորագրել |factor.am|

factor.am: Ռուսական «Գազպրոմն» ու Իրանի ազգային նավթային ընկերությունը Թեհրանում նավթային համագործակցության հուշագիր են ստորագրել, գրում է Ռիա Նովոստին՝ վկայակոչելով իրանական Tasnim գործակալությանը։ Նշվում է, որ իրանական ընկերության ղեկավարը այս  հուշագիրն անվանել է Իրանի նավթարդյունաբերության պատմության մեջ ամենախոշոր  օտարերկրյա ներդրումը։ Իրանական Shana գործակալությունն էլ հայտնում է, որ Ռուսաստանի և Իրանի նավթային երկու ընկերությունների միջև կնքված պայմանագրի գումարը կազմում է 40 միլիարդ դոլար։ Նշվում է նաև, որ հուշագիրը նախատեսում է իրանական Քիշ կղզում գազային հանքավայրերի մշակում, իրանական նավթային «Հյուսիսային Ֆարս» հանքավայրի զարգացում, ինչպես նաև 6 այլ նավթահանքերի շահագործում։ 
14:40 - 19 հուլիսի, 2022
ԵՄ ԱԳ նախարարները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը
 |azatutyun.am|

ԵՄ ԱԳ նախարարները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության արտաքին գործերի նախարարները երեկ համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը, որը Եվրահանձնաժողովը ներկայացրել է անցյալ ուրբաթ։ Այն չի ներառում գազի ներկրման արգելք, սակայն էմբարգո է սահմանում ռուսական ոսկու մատակարարումների վրա և խստացնում երկակի նշանակության ապրանքների առևտուրը։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքով՝ պատժամիջոցների ընդունված 6 փաթեթներն արդեն իսկ լուրջ ազդեցություն են ունենում Ռուսաստանի վրա: «Հիմա, երբ պատերազմը ձգձգվում է, և էներգակիրների գները բարձրանում են, մարդիկ Եվրոպայում և այլուր մտածում են՝ այդ պատժամիջոցները գործո՞ւմ են, և/կամ դրանց կողմնակի ազդեցությունները չափազանց մեծ չէ՞ արդյոք: Մենք չենք նսեմացնում տարբեր խնդիրները, որոնք կարող են առաջանալ, այդ թվում՝ սահմանափակող միջոցները շրջանցելու փորձերը, սակայն պատժամիջոցները մնում են կարևոր քաղաքական գործիք», - գրել է Բորելը Եվրամիության կայքէջի իր բլոգում։ ԵՄ դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ Եվրոպան չպետք է թուլացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ չնայած գների աճին ու եվրոպացիների համար անհարմարություններին։ «Եվրոպան պետք է ռազմավարական համբերություն ցուցաբերի: Պատերազմը երկար է տևելու, ամրության փորձությունը շարունակվելու է: Մենք այլ ելք չունենք», - գրել է Ժոզեպ Բորելը։
12:00 - 19 հուլիսի, 2022
Երևանում կտեղադրվի հայ-ռուսական բարեկամության հուշարձան․ ԿԳՄՍՆ-ն հայտարարել է մրցույթ

Երևանում կտեղադրվի հայ-ռուսական բարեկամության հուշարձան․ ԿԳՄՍՆ-ն հայտարարել է մրցույթ

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի Ռուսաստանի հրապարակում (Երևանի քաղաքապետարանին հարող տարածք) նախատեսվում է տեղադրել հայ-ռուսական բարեկամության հուշարձան: Այդ նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի ապրիլի 4-ի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը հաստատել է մրցույթի հետևյալ չափորոշիչները՝ Մրցույթին կարող են մասնակցել մասնագիտական կրթություն ունեցող քանդակագործներ Հայաստանից և Ռուսաստանից: Մրցույթին մասնակցելու համար ընդունվում են հայտեր, որոնք ներառում են մասնագիտական կրթության վկայականը հավաստող փաստաթղթեր, էսքիզ, նախ­կինում արված կամերային-թեմատիկ քանդակների/աշխատանքների լուսանկարներ (առկայության դեպքում): Հայտի ներկայացման վերջնաժամկետն է 2022 թ. սեպտեմբերի 10-ը: Քվեարկությունը կանցկացվի փակ-գաղտնի եղանակով: Ստեղծագործության նյութի ընտրությունն ազատ է։ Ստեղծագործության ոճի ընտրությունն ազատ է։ Ստեղծագործության չափսը պետք է համապատասխան լինի տեղադրման տեղանքին: Քանդակի առավելագույն բարձրությունը պետք է չգերազանցի 6 մետրը՝ ներառյալ պատվանդանը: Ստեղծագործությունը խորհրդանշական-պայմանական ձևով պետք է արտացոլի հայ-ռուսական պատմական առնչությունները, երկու պետությունների բարեկամական հարաբերությունները: Հայտերը պետք է ներկայացնել ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչություն (կոնտակտային անձ՝ Ջուլետտա Հակոբյան, 010-599-631):
11:38 - 19 հուլիսի, 2022
Իմ այցը Երևան կապ չունի ԱՄՆ ԿՀՎ-ի տնօրենի այցի հետ. Նարիշկին

Իմ այցը Երևան կապ չունի ԱՄՆ ԿՀՎ-ի տնօրենի այցի հետ. Նարիշկին

civilnet.am: Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ իր երևանյան այցը որևէ կերպ կապված չէ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսի վերջերս Երևան կատարած այցի հետ։ Այս մասին Նարիշկինն ասել է Երևանում ռուսական ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «Սպուտնիկ Արմենիան»։ «Իմ այցն այստեղ` Երևան, որևէ կերպ կապված չէ ամերիկացի պաշտոնակցիս այցի հետ։ Բայց ես չեմ բացառում, որ նրա այցը հենց իմ այցի հետ է կապված»,- ասել է նա։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրենը հուլիսի 18-ին Երևանում հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ։ Հուլիսի 15-ին Հայաստան էր ժամանել նաև ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսը: Երևանում նրան ընդունել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նույն օրը Բըրնսը հանդիպում էր ունեցել նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Սերգեյ Նարիշկինը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «Ռուսաստանը բավականաչափ ուժ ու ռեսուրս ունի, որպեսզի դժվար պահին պաշտպանի դաշնակիցներին ու ընկերներին»։ Նրա համոզմամբ՝ ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացները կայունության ամուր երաշխիք են։ Նարիշկինը հիշեցրել է, որ տարածաշրջանում գործում են ինտեգրացիոն կառույցներ՝ Եվրասիական տնտեսական միությունը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը։ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը նշել է նաև, որ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանին արտաքին հետախուզության առանձին ծառայության ստեղծման հարցում։ Նարիշկինի խոսքով՝ արտաքին հետախուզության առանձին ծառայություն ստեղծելը կամ չստեղծելը Հայաստանի քաղաքական ղեկավարության իրավասությունն է: Ավելի վաղ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խորհրդարանում հայտարարել էր, որ Անվտանգության խորհուրդը գործընկերների հետ խորհրդակցություններ է սկսել արտաքին հետախուզության ծառայության ստեղծման հարցով: Առավել մանրամասն՝ civilnet.am-ում    
10:16 - 19 հուլիսի, 2022
Վարչապետն ընդունել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրենին

Վարչապետն ընդունել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինին: Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պարոն Նարիշկինի այցը ևս մեկ լավ հնարավորություն է քննարկելու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային հարցերը: Ընդգծելով, որ այս տարի նշվում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը, վարչապետը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի փոխգործակցությունը դարձնել առավել արդյունավետ ու ամուր: Սերգեյ Նարիշկինը նշել է Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության փաստը, ինչը նպաստում է տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը: Անցած ուրբաթ՝ հուլիսի 15-ին էլ Հայաստանում էր Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական գործակալության ղեկավար Ուիլյամ Բըրնսը: Ամերիկացի պաշտոնյան նույն օրը հանդիպումներ էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:
16:38 - 18 հուլիսի, 2022
Պեկինը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը

 |factor.am|

Պեկինը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը |factor.am|

factor.am: Չինաստանը ներգրավված չէ ուկրաինական պատերազմի մեջ, բայց չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել՝ հետևելով իրավիճակին։ Այս մասին DW-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱԳ նախարար, ՉԺՀ Պետական խորհրդի անդամ Վան Ին՝ հունգարացի գործընկեր Պետեր Սիյարտոյի հետ հեռախոսազրույցից հետո։ Հայտարարության տեքստը հրապարակել է Չինաստանի ԱԳՆ-ն։ Վան Ին հայտարարել է, որ այն, ինչ կատարվում է Ուկրաինայում , լուրջ ազդեցություն է թողել ոչ միայն Եվրոպայի վրա։ Բացասական կողմնակի ազդեցությունները տարածվել են ամբողջ աշխարհում, նշել է արտգործնախարարը։ Նա հիշեցրել է, որ հուլիսի 7-8-ին Ինդոնեզիայի Բալի կղզում G-20-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ Չինաստանը առաջարկներ է ներկայացրել՝ լուծելու համաշխարհային պարենային և էներգետիկ անվտանգության խնդիրը։ Չինացի դիվանագետը հավելել է, որ Պեկինը չի պատրաստվում «ուկրաինական ճգնաժամի կրակի վրա յուղ լցնել»։ Չինաստանի ԱԳՆ ղեկավարը վստահ է, որ բոլոր կողմերը պետք է քննարկեն հավասարակշռված, արդյունավետ և կայուն եվրոպական անվտանգության ճարտարապետության ստեղծման հարցը՝ կայուն խաղաղության հասնելու համար։ Ինչպես նշել է Չինաստանի ԱԳՆ-ը, Պիտեր Սիյարտոն կարծիք է հայտնել, որ Չինաստանը երբեք Եվրոպային մրցակից չի եղել, այլ համագործակցության հնարավորություններ բացող գործընկեր։ Հունգարիան կշարունակի հավատարիմ մնալ ԵՄ-ի և Չինաստանի միջև համագործակցության զարգացմանը՝ փոխադարձ հարգանքի, արդարության և փոխշահավետության հիման վրա, ասել է Սիյարտոն, որի խոսքերն է մեջբերում չինական կողմը։  
14:46 - 18 հուլիսի, 2022
Գնել Սանոսյանը ՌԴ տրանսպորտի նախարարի հետ քննարկել է «Վերին Լարս»-ի անցակետերի բեռնաթափմանն առնչվող հարցեր

Գնել Սանոսյանը ՌԴ տրանսպորտի նախարարի հետ քննարկել է «Վերին Լարս»-ի անցակետերի բեռնաթափմանն առնչվող հարցեր

ՀՀ  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևի գլխավորած պատվիրակությանը։ «Նախարարը ողջունել է հյուրերին, կարևորել Վիտալի Սավելևի այցը Հայաստան։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը կապված են բարեկամական հարաբերություններով, հատկապես տրանսպորտային ոլորտում առկա է բազմաշերտ փոխգործակցություն, ինչպես նաև չօգտագործված մեծ պոտենցիալ, որի ուղղությամբ պետք է աշխատանք տանել։ Նախարար Սանոսյանը շնորհակալություն է հայտնել Վիտալի Սավելևին ակտիվ համագործակցության, հատկապես «Վերին լարսի» հարցով մշտական աջակցության համար։ Վիտալի Սավելևն իր հերթին կարևորել է Հայաստանի ու Ռուսաստանի բարեկամական հարաբերությունները և նկատել, որ Ռուսաստանը հետաքրքրված է զարգացնելու Հայաստանի հետ այդ բարեկամական, եղբայրական հարաբերությունները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են օդային և ցամաքային տրանսպորտին առնչվող հարցեր։ Քննարկվել են միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների, «Վերին Լարս»-ի անցակետերի բեռնաթափման, ինչպես նաև երկաթուղային փոխադրումներին առնչվող հարցերը։ Քննարկվել է նաև ճանապարհաշինության ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Հանդիպումից հետո ՌԴ պատվիրակությունը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի ուղեկցությամբ, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ապա նաև՝ Սերգեյ Փարաջանովի թանգարան»,-նշված է նախարարության տարածած հաղորդագրությունում։
10:11 - 16 հուլիսի, 2022