Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է կապի, տեղեկատվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության, փոստի, լիցենզավորման և թույլտվությունների տրամադրման, ռազմարդյունաբերության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն է Վահագն Խաչատուրյանն է, տեղակալները՝ Դավիթ Սահակյանը և Ռոբերտ Խաչատրյանը։
 

Մեկնարկում է պահանջված տեխնոլոգիական մասնագիտություններով խորացված դասընթացներին գրանցման գործընթացը

Մեկնարկում է պահանջված տեխնոլոգիական մասնագիտություններով խորացված դասընթացներին գրանցման գործընթացը

Ամփոփվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հայտարարած «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում հայտարարված  մրցույթների արդյունքները և ընտրվել են բոլոր ուղղություններով դասընթացների կազմակերպման և անցկացման լավագույն ծրագիրը ներկայացրած կրթական հաստատությունները: Դասընթացները կազմակերպվելու և անցկացվելու են  հետևյալ տեխնոլոգիական մասնագիտություններով․ Javascript / React.JS Javascript / Node.JS Android iOS C# / .Net Java / Spring Python Quality Engineering Web (HTML/CSS/JS) UI/UX Machine Learning CyberSecurity Product Management Project Management Technical Recruitment Digital Marketing / SEO, SMM SAS Base Մասնակիցների համար կազմակերպվելու են ընդունելության քննություններ, որոնց արդյունքում, կախված հավաքած միավորներից, պետության կողմից ուսման վարձը կֆինանսավորվի Երևանում 10-80%, մարզերում՝ 30-90%-ի չափով։ Դասընթացներն անց են կացվելու յուրաքանչյուր ուղղությամբ լավագույն կրթական ծրագրեր ներկայացրած և մրցութային կարգով ընտրված ընկերությունների կողմից, որոնց հետ ընթացքի մեջ են պայմանագրերի կնքման գործընթացները: Աշխատաշուկայում մեծ պահանջարկ վայելող մասնագիտությունների ուսուցումը նպատակ ունի հնարավորություն ընձեռելու մատչելի պայմաններով ստանալու խորացված և բարձրակարգ կրթություն, ինչն իր հերթին կբերի ոլորտում որակավորված մասնագետների աճի: Շուտով կմեկնարկի նշված տեխնոլոգիական մասնագիտություններով դասընթացներին մասնակցելու դիմումների ընդունումը, ինչի վերաբերյալ տեղեկատվություն պարբերաբար կտեղադրվի նախարարության պաշտոնական կայքում՝ hti.am, և սոցիալական մեդիայի հարթակներում՝ Facebook-https://www.facebook.com/Hti.Armenia,LinkedIn-https://www.linkedin.com/company/34659163,Telegram-https://t.me/HTI_Armenia,Instagram-https://www.instagram.com/hti_armenia/,Twitter – https://twitter.com/Hti_Armenia :
13:19 - 21 հուլիսի, 2020
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ներդրումների ներգրավման հնարավորությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ներդրումների ներգրավման հնարավորությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։Ողջունելով դեսպանին նախարարն անդրադարձել է Covid-19 համավարակի հետևանքով Հայաստանում և ԱՄՆ-ում ծագած մարտահրավերին և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել ստեղծված իրավիճակը։ Նախարարը ներկայացրել Հայաստանում համավարակի տնտեսական հետևանքները մեղմելուն ուղղված պետական աջակցության ծրագրերի ընթացքը:Դեսպան Լին Թրեյսին նշել է, որ Հայաստանը շարունակում է ուրվագծել իր բարձր տեխնոլոգիական ապագան, և այդ համատեքստում կարևորում է նախարար Արշակյանի հետ մտքեր փոխանակելու այս հնարավորությունն այնպիսի նախաձեռնությունների շուրջ, որոնք կօգնեն Միացյալ Նահանգներին ու Հայաստանին նորարարության առաջամարտիկների դիրքում լինել և ավելի մեծ տնտեսական աճի հետամուտ լինել այնպիսի եղանակներով, որոնք համահունչ են ընդհանուր արժեքներին և բխում են ազգային անվտանգության շահերից։Խոսելով համավարակի մասին՝ դեսպանը նշել է, որ չնայած աշխարհում գործընթացները դանդաղել են, և ակտիվ ներդրումները էականորեն նվազել, սակայն  Միացյալ Նահանգները շարունակում են հետաքրքրված լինել Հայաստանում ներդրումների իրականացմամբ:Հակոբ Արշակյանը նշել է, որ ԱՄՆ Սիլիկոնյան հովիտը հանդիսանում է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության համագործակցության գլխավոր ուղղություններից մեկը, և ԲՏԱՆ կողմից իրականացվող Վիրտուալ կամուրջ ծրագրի շրջանակներում ապահովվելու է 45 մասնակիցների այցելություն Սիլիկոնյան հովիտ՝ ներդրումների ներգրավման և Դրեյփերի համալսարանում գործարար փորձառության ձեռքբերման նպատակով:Նախարարը մատնանշել է թվայնացման և կիբերանվտանգության օրակարգերն ու ձևավորվող ռազմավարական մոտեցումները, կիբերանվտանգության կենտրոնի ստեղծման,  համակարգային և խորքային զարգացումների ուղղությամբ տարվող աշխատանքները, որոնք կարող են հիմք հանդիսանալ ներդրումների և հետագա փոխգործակցության համար:Լին Թրեյսին բարձր է գնահատել հատկապես այն հանգամանքը, որ Հայաստանն իր  բարձր տեխնոլոգիական առաջընթացն առավելապես կապում է գիտելիքի և կրթության հետ՝ մատնանշելով փորձագետների ներգրավման հնարավորությունների զարգացումը:Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև կիբերանվտագության և նորագույն 5G ծածկույթի հետ պայմանավորված ռիսկերի գնահատման ու կառավարման գործընթացներին, ամերիկյան PayPal-ի, Youtube-ի և Google-ի՝ հայաստանյան շուկայում հանդես գալու հիմնախնդիրներին, ինչի ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում՝ հայաստանյան տնտեսվարողների համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով:Կողմերը բարձր են գնահատել տեխնոլոգիական արդյունաբերության ուղղությամբ տարվող աշխատանքները և պայմանավորվածություններ ձեռք բերել փոխգործակցության հնարավոր ուղղությունների և ժամանակացույցի հետագա քննարկումների վերաբերյալ:
18:37 - 10 հուլիսի, 2020
Հայաստանը կունենա ազգային կիբերանվտանգության կենտրոն |armenpress.am|

Հայաստանը կունենա ազգային կիբերանվտանգության կենտրոն |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում վերջին շրջանում էլեկտրոնային առևտրի ծավալը մեծացել է մոտ երեք անգամ, էլեկտրոնային վճարումներն ավելացել են 2-3 անգամ: Այս մասին նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ստեփան Ծատուրյանը՝ ավելացնելով, որ հարցում են կատարել ընկերությունների շրջանում՝ փորձելով հասկանալ ծավալները: Ավելացումները հիմնականում կապված են համավարակով պայմանավորած բազմաթիվ գործընթացներ առցանց հարթակ տեղափոխելու հետ:  «Ելնելով իրավիճակից, երբ եղան տեղաշարժի սահմանափակումներ,  քաղաքացիների զգալի մասը, ովքեր տեխնոլոգիաներ չէին օգտագործում, սկսեցին օգտագործել, օնլայն առևտուր կատարել, օնլայն տեղեկատվություն ստանալ, սոցիալական ցանցերում ակտիվանալ, ավելի շատ ինֆորմացիա ստանալու համար: Ունեցանք միտում, որ շատերը թվային գործիքների նկատմամբ իրենց հմտություններն ավելի բարելավեցին կարճ ժամանակահատվածում: Այստեղ պետք է ասել, որ որքան գործընթացները տեղափոխվում են առցանց հարթակ, այդքան այդտեղ շարքային քաղաքացու համար առաջ է գալիս վստահության խնդիր. որքանով եմ վստահ, որ վճարումը կատարվեց, որքանով եմ վստահ, որ իմ տվյալները լրացվեցին, պատասխան տեղեկատվություն ստացա կամ չստացա և այլն»,-ասաց նախարարի տեղակալը:  Էլեկտրոնային գործընթացների ավելացմանը զուգահեռ այս ընթացքում քաղաքացիներն ի՞նչ խնդիրների են բախվել և ի՞նչ հարցեր են վերհանվել: Ստեփան Ծատուրյանը նշեց, որ հիմնականում առցանց գործընթացներում առկա է էլեկտրոնային առևտուրը: Կենսական նշանակության պահանջները բավարարելու այս  ճանապարհին առաջացած խնդիրներն են՝ ինչպես օգտվել համակարգից, ինչպես վճարում կատարել, ինչպես ստանալ ապրանքը:  «Նախարարի նախաձեռնությամբ կայացավ հանդիպում այն ընկերությունների հետ, որոնք էլեկտրոնային առևտրով են զբաղված, լսելու նրանց մտահոգությունները, քանի որ նրանց առաջարկած ծառայություններն են ստանում մեր քաղաքացիները: Կարող ենք ասել, որ կան խնդիրներ վճարման համակարգերի, ապրանքը տեղ հասցնելու հետ կապված»,-ասաց նա: Նախարարի տեղակալն ընդգծեց, որ իրենց հիմնական նպատակն այն է, որ վճարային համակարգերն ավելի դինամիկ լինեն ու հասանելի դառնան ազգաբնակչությանը: Հիմա աշխատանքներ են տարվում, որպեսզի միջազգային էլեկտրոնային վճարման համակարգերի համար Հայաստանը կարողանա ավելի գրավիչ դառնալ, և այդ ընկերությունները գան, Հայաստանում ունենան իրենց ծառայությունը: Ստեփան Ծատուրյանը նշեց, որ այդ ուղղությամբ տեղաշարժ կա, ակտիվ բանակցում են, որոշակի ժամանակ է պետք բանակցային փուլն անցնելու համար:  Շարունակությունը՝ armenpress.am-ում
10:27 - 17 հունիսի, 2020
Առաջիկայում պարզ կդառնա ՀՀ-ում թոքերի արհեստական շնչառության սարքեր նախագծող ընկերության անունը |armenpress.am|

Առաջիկայում պարզ կդառնա ՀՀ-ում թոքերի արհեստական շնչառության սարքեր նախագծող ընկերության անունը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում անցկացվող թոքերի արհեստական շնչառության սարքերի նախագծման մրցույթը մոտենում է ավարտին: Շուտով պարզ կլինի հաղթող ընկերության անունը: Հրավիրված ասուլիսում այսմասին նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ստեփան Ծատուրյանը:   «Օրեր առաջ ավարտվել է դիմումների ներկայացման ժամկետը: Այժմ դրանք քննարկելու, վերլուծելու փուլն է: Առաջիկա շաբաթներին պարզ կլինի, թե որ ընկերությունն է զբաղվելու թոքերի արհեստական շնչառության սարքերի 5 նմուշային նախատիպի նախագծմամբ»,-ասաց Ստեփան Ծատուրյանը: Նա նշեց, որ  խոսքն առայժմ 5 նմուշային նախատիպի նախագծման մասին է, որից հետո նոր փորձելու են հասկանալ արտադրական պրոցեսը: «Ասեմ, որ նման գործընթացները երկարատև ընթացք են պահանջում: Ի վերջո, նշված սարքը ուղիղ կապ ունի մարդու կենսական ֆունկցիոնալ մասը ապահովելու հետ: Հետևաբար, այն համապատասխան ստանդարտներով պետք է անցնի բոլոր անհրաժեշտ փուլերը: Նախագծման փուլն ավարտվելուց հետո կհասկանանք, թե ինչ ստանդարտներով, ինչ ծավալով պետք է արտադրենք: Նպատակն այն է, որ այն միաժամանակ և՛ ծառայի մեր ներքին կարիքները բավարարելուն, և´ արտահանվի: Այդտեղ կարևոր են նաև լիցենզավորման գործընթացները»,-ասաց նա: Մայիսի վերջին ՀՀ կառավարության 560-Ն որոշման շրջանակում Ինժեներական ասոցիացիան հայտարարել էր դրամաշնորհային մրցույթ՝ թոքերի արհեստական շնչառության սարքերի նախագծման, մակետային նախատիպի մշակման, մակետի լաբորատոր փորձարկումների իրականացման, համակարգի նախագծի շտկման, 5 օրինակ ինժեներական նմուշի մշակման, կոնստրուկտորական փաստաթղթերի ձևավորման աշխատանքների վերաբերյալ:  Ծրագրի ընդհանուր բյուջեն 90 մլն ՀՀ դրամ է՝ ներառյալ հարկերն ու պարտադիր վճարները: Դրամաշնորհի տրամադրումն իրականացվելու է փուլային եղանակով: Ծրագրի իրականացման ժամկետը մինչև 6 ամիս է: Ստեփան Ծատուրյանը նշեց, որ ստեղծված մարտահրավերնեըը հաթահարելու համար տեխնոլոգիական ոլորտի ընկերություններից, անհատներից այս ընթացքում բազմաթիվ զանգեր ու նամակներ են ստացվել: Նրանք առաջարկում էին իրենց աջակցությունը, օգնությունը, տեղյակ էին պահում իրենց հնարավորությունների մասին, թե ինչով կարող են օգտակար լինել ստեղծված իրավիճակում: Հիմնականում, կարծես, հնարավորությունների, ներուժի գույքագրման փուլ էր: Դրանք ամփոփվում են՝ հասկանալու համար, թե հետագայում ընկերություններն ու անհատները ո՞ր ուղղություններում, ինչո՞վ կարող են օգտակար լինել: 
15:59 - 09 հունիսի, 2020
Տեխնոլոգիական ընկերություններում աշխատողների կրճատման միտում չի նկատվում |armenpress.am|

Տեխնոլոգիական ընկերություններում աշխատողների կրճատման միտում չի նկատվում |armenpress.am|

armenpress.am: Համավարակով պայմանավորված` Հայաստանում տեխնոլոգիական ոլորտում հիմնականում տուժել են  աութսորսինգային ընկերությունները, որոնք ուղիղ աշխատում են հաճախորդների հետ: Հրավիրված ասուլիսում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ստեփան Ծատուրյանն ասաց, որ որոշ չափով պարապուրդային իրավիճակ է նկատվում այս ընկերություններում: Նախարարի տեղակալը նշեց, որ կառավարության աջակցման ծրագրերով փորձ է արվում ընկերություններին դարձնել իրենց պրոդուկտի ստեղծողը, սեփականատերը ու դրանք առաջ մղողը: Արդյո՞ք այս ընթացքում տեխնոլոգիական ընկերություններում նկատվում է աշխատատեղերի թվի կրճատում: Հարցին ի պատասխան՝ Ստեփան Ծատուրյանը նշեց, որ այդ առումով մեծ խնդիր չեն տեսնում: «Աշխատեղերի կրճատման առումով չէի ասի, թե մեծ խնդիր ենք տեսնում այս պահի դրությամբ, քանի որ ընկերությունները բավական կարևորում են իրենց աշխատակիցներին: Տեխնոլոգիական աշխարհում ընկերությունների համար կարևոր արժեքը մարդկային ներգրավվածությունն է, հետևաբար, թեկուզ փոքր պարապուրդի պարագայում, չենք տեսնում մեծ խնդիրներ, որ ընկերությունները կրճատումներ անեն: Հակառակ դեպքում հետագայում բարդ կլինի ընկերությունների համար աշխատուժ ներգրավելը»,-ասաց նա: Թե որքանով են ընկերություններն այս ընթացքում գնացել վերապրոֆիլավորվման, նոր տիպի արտադրանք մշակելուն, վերամասնագիտանալուն, դեռ պարզ չէ: Ստեփան Ծատուրյանի խոսքով՝ նախարարության առաջարկվող աջակցության ծրագրերի շրջանակում, երբ հայտերը ստացվեն, արդեն պարզ կերևա, թե ոլորտի ընկերություններն ինչ նոր ուղղվածություններ են նշմարել իրենց դաշտում: «Տեխնոլոգիական ընկերությունները շեշտը դնում են վերլուծությունների վրա՝ հասկանալու, թե ինչ նոր գործիքակազմ պետք է ավելացվի ծառայություններում, որ ավելի շատ հաճախորդներ կարողնան ներգավել: Կարծում եմ՝ դա կտեսնենք մոտ մեկ ամսվա ընթացքում»,- հավելեց նախարարի տեղակալը:
15:09 - 09 հունիսի, 2020
Տեխնոլոգիական ոլորտի գաղափարները կստանան աջակցութուն. ԲՏԱ նախարարությունը մանրամասնում է ծրագրերը |armenpress.am|

Տեխնոլոգիական ոլորտի գաղափարները կստանան աջակցութուն. ԲՏԱ նախարարությունը մանրամասնում է ծրագրերը |armenpress.am|

armenpress.am: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման 3 ծրագրով ֆինանսական աջակցություն կտրամադրվի տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններին: Ասուլիսում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ստեփան Ծատուրյանը, ներկայացնելով ծրագրերի մանրամասները, նշեց, որ յուրաքանչյուր ծրագրով աջակցության չափը տարբեր է: Մասնավորապես, աջակցության առաջին ծրագրով նախատեսված է տրամադրել մինչև 10 մլն դրամի չափով դրամաշնորհ: Այս ծրագրով նախատեսված դրամաշնորհից օգտվելու համար կարող են դիմել մինչև երկու տարի գործունեություն ծավալողավելի երիտասարդ ընկերությունները:  Ընկերությունները կարող են դիմել՝ ունենանալով նոր պրոդուկտներ ստեղծելու ծրագրեր: Գաղափարները, առաջարկները պետք է միտված լինեն նոր մարտահրավերների չեզոքացմանը: «Այն ընկերությունները, որոնք ցանկանում են նոր պրոդուկտներ ստեղծել, հնարավորություն ունեն դիմելու, ստացված հայտերից հանձնաժողովները կկատարեն իրենց ընտրությունը: Ուղղությունների սահմանափակում որպես այդպիսին չունենք: Եթե ընկերությունները գործում են տոխնոլոգիական ոլորտում, ունեն նոր պրոդուկտներ ստեղծելու ծրագրեր, ապա կարող են դիմել»,- ասաց Ստեփան Ծատուրյանը: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման հաջորդ ծրագիրը նախատեսված է ոլորտում երկու և ավելի տարի գործունեություն ծավալող ընկերությունների համար: Այս ընկերությունները պետք է առաջարկեն իրենց պրոդուկտների նախագծերը, լավագույն հայտերը կարժանանան մինչև 20 մլն դրամի չափով դրամաշնորհի: «Կարծում եմ, որ 20 մլն դրամը խոշոր ներդրում է, դա կարող է լինել լավ հնարավորություն ընկերությունների համար՝ ստեղծելու մարտահրավերներին համահունչ նոր ծրագրեր: Այստեղ կարևոր է, որ ընկերությունները դիտարկեն իրենց կարողությունները, որ արտադրանքը նաև արտաքին շուկա դուրս բերեն»,- ասաց նախարարի տեղակալը: Միջոցառման երրորդ ծրագրով նախատեսված է աջակցություն մինչև 30 մլն դրամի չափով: Այս ծրագիրն ավելի շատ համաֆինանսավորման բնույթ ունի: Մասնավորապես, այն ընկերությունները, որոնք մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում կկարողանան ներդրումներ ներգրավել,  կարող են դիմել, և պետությունը կտրամադրի մինչև 30 մլն դրամի չափով աջակցություն: Մրցույթները հայտարարվել են հունիսի 1-ին: Առաջին եև երկրորդ ծրագրերի հետ կապված ընկերությունները 30­օրյա ժամկետում կարող են դիմել: Երրորդ ծրագիրը կգործի մինչև դեկտեմբերի 1-ը, սակայն այստեղ կիրառվում է առավել ճկուն մոտեցում: Եթե դիմողներ լինեն, ապա անհրաժեշտություն չի լինի սպասել մինչև դեկտեմբերի 1-ը, հայտերը կդիտարկվեն որոշակի ժամանակահատվածը մեկ: Նպատակն այն է, որ առավել օպերատիվ կերպով արձագանքեն ընկերություններին: Նախարարի տեղակալը նշեց, որ արդեն ոլորտից կա բավական ակտիվ արձագանք, ընկերությունները մանրամասն հետաքրքրվում են պայմաններով: Ստեփան Ծատուրյանը ոլորտի ընկերություններին հորդորեց ակտիվ լինել և դիմել՝ ստանալով իրենց գաղափարներն ու ծրագրերն իրականացնելու հնարավորություն:
14:31 - 09 հունիսի, 2020
Հայաստանը Ադրբեջանի հետ սահմանին 134 ռադիոհաճախականության մասով պայմանավորվածություն է ձեռք բերել

 |armenpress.am|

Հայաստանը Ադրբեջանի հետ սահմանին 134 ռադիոհաճախականության մասով պայմանավորվածություն է ձեռք բերել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը նախորդ տարի ադրբեջանական կողմի հետ սահմանային հատվածում շուրջ 134 ռադիոհաճախականությունների մասով կարողացել է պայմանավորվածություն ձեռք բերել, արդյունքում հայկական կողմը դրանք հիմա ազատորեն օգտագործում է:  Այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը: Հեռահաղորդակցության միության հետ համագործակցության շրջանակներում 2019-ին Ժնևում 3 հանդիպում է տեղի ունեցել ադրբեջանական կողմի հետ՝ սահմանային ռադիոհաճախականությունների հարցով: Նախարարը նշեց, որ ցանկացած երկու երկրների միջև սահմանային հատվածում կարող է այնպես լինել, որ  ռադիոհաճախականություններն իրար խանգարեն: «Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչև այժմ բանակցությունները դժվար էին ստացվում, որպեսզի կարողանայինք համաձայնության գալ, թե որ շերտերն են իրենք օգտագործում, և որը՝ հայկական կողմը: Հեռահաղորդակցության համաշխարհային միության նախագահը այցելեց Հայաստան: Եվ այդ շրջանակում կարողացանք պայմանավորվածություններ ձեռք բերել, որ  ադրբեջանական կողմից հետ այդ հանդիպումները տեղի ունենան: Եվ դրանք արդյունք տվել են: Շուրջ 134 հաճախականության ուղղությամբ կան պայմանավորվածություններ, և հիմա այդ հաճախականություններն ազատորեն օգտագործվում են մեր կողմից»,-ասաց նախարարը:    
19:30 - 08 հունիսի, 2020
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 300 մլն դրամի խնայողություն է կատարել |armenpress.am|

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 300 մլն դրամի խնայողություն է կատարել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2019 թ. պետական բյուջեից իրեն հատկացված միջոցներից 300 մլն դրամի խնայողություն է կատարել: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության բյուջեն 2019 թ. համար սկզբնական ծրագրով շուրջ 2,7 մլրդ դրամ էր: Այն տարվա ընթացքում ճշտվել է՝ կազմելով 5,6 մլրդ դրամ: Փաստացի 5,3 մլրդ դրամի օգտագործում է եղել կամ ճշտված ցուցանիշի 94%-ը»,- ասաց նախարարը: Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ նախարարությանը հատկացված միջոցներով իրականացվել է 14 միջոցառում:
12:53 - 08 հունիսի, 2020
Պետական աջակցության 17-րդ միջոցառման առաջին ծրագրով մինչև 10 մլն դրամ կտրամադրվի յուրաքանչյուր հաղթող նախագծի իրագործման համար

Պետական աջակցության 17-րդ միջոցառման առաջին ծրագրով մինչև 10 մլն դրամ կտրամադրվի յուրաքանչյուր հաղթող նախագծի իրագործման համար

ՀՀ ԲՏԱ Նախարարությունը հայտարարում է Պետական աջակության 17-րդ միջոցառման առաջին՝ Նորարարական դրամաշնորհների ծրագրի մեկնարկի մասին:   17-րդ միջոցառման առաջին ծրագրով մինչև 10 մլն ՀՀ դրամի չափով նորարարական դրամաշնորհներ կտրամադրվեն յուրաքանչյուր հաղթող նախագծի իրագործման համար։   «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 07-ի թիվ 714-Լ որոշման համաձայն՝ տվյալ  դրամաշնորհին  մասնակցելու իրավունք ունեն վերջին 2 տարում ՀՀ-ում գրանցված և պրոդուկտներ ստեղծող իրավաբանական անձինք:   Մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 330 մլն ՀՀ դրամ, սակայն մրցութային հանձնաժողովի կողմից ավելի շատ ընտրված նախագծերի առկայության պարագայում, որոնք գումարային առումով կգերազանցեն նախատեսված 330. մլն ՀՀ դրամը, 17-րդ միջոցառմամբ նախատեսված դրամաշնորհային ծրագրերի համար ՀՀ կառավարության կողմից կարող են նախատեսվել լրացուցիչ ֆինանսական միջոցներ:   17-րդ միջոցառման առաջին ծրագրի ընթացակարգին մասնակցության հայտերը հարկավոր է ներկայացնել նշված բոլոր ձևաչափերով՝   1. Էլեկտրոնային` հարցաշարը լրացնելով հետևյալ հղումով , 2. Թղթային տարբերակով՝ ներկայացնելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն (ք. Երևան, Վ. Սարգսյան 3/3, 208 սենյակ հասցեով):   Հայտերը՝ թղթային և էլեկտրոնային տարբերակներով, անհրաժեշտ է ներկայացնել մինչև սույն թվականի հուլիսի 01-ը ժամը 11:00-ն (հայտարարության հրապարակման օրվանից հաշված 30-րդ օրը):   Ստացված հայտերի բացումը տեղի է ունենալու սույն թվականի հուլիսի 01-ին  ժամը 11:00-ին:   Հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար հարկավոր է դիմել մրցութային հանձնաժողովի քարտուղար Գոռ Եսայանին՝ (010) 59 00 47 հեռախոսահամարին զանգահարելով կամ գրելով [email protected] էլ․ փոստի հասցեին:    Ընթացակարգի, հրավերի և ծրագրի վերաբերյալ բոլոր մանրամասները ներկայացված են նախարարության կայքէջում՝ հետևյալ  հղումով. :
12:01 - 03 հունիսի, 2020
Վարչապետն ընդգծել է թվայնացման, ռազմարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման ռազմավարությունների կարևորությունը

Վարչապետն ընդգծել է թվայնացման, ռազմարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման ռազմավարությունների կարևորությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում է ՀՀ պետական կառավարման մարմինների 2019թ. գործունեության հաշվետվությունների քննարկումը: Այսօր ներկայացվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության հաշվետվությունը, զեկուցմամբ հանդես է եկել նախարար Հակոբ Արշակյանը: Նախարարի հաղորդմամբ՝ 2019թ. մայիսի վերջ ստեղծված նախարարությունը հաշվետու ժամանակահատվածում աշխատանքներ է իրականացրել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ռազմարդյունաբերության, թվայնացման, հեռահաղորդակցության խթանման ուղղություններով: Ոլորտային ցուցանիշների մասով նշվել է, որ ընդհանուր շրջանառությունն աճել է 30 տոկոսով, ԲՏԱ շրջանառության մասնաբաժինը ՀՆԱ-ում աճել է 2.4 տոկոսով:25 տոկոսով աճել է ոլորտի ընկերությունների թիվը, ինչը, Հ. Արշակյանի խոսքով, պայմանավորված է նորաստեղծ ընկերություններին արտոնությունների և դրամաշնորհների տրամադրմամբ: Արձանագրվել է նաև ոլորտում զբաղվածության մակարդակի աճ՝ շուրջ 21 տոկոս: Մշակվել են և ընթացքի մեջ են «Գաղափարից բիզնես», «Վիրտուալ կամուրջ», «Բուհ-մասնավոր» կրթական, «Ներուժ», «Ազգային վենչուրային ֆոնդ» և մի շարք այլ ծրագրեր: Նախարարը նշել է, որ 2019թ. իրականացված աշխատանքների արդյունքում Արցախի հետ ռոումինգի սակագները 2020թ. հունվարից նվազել են 52 տոկոսով, և այդ գործընթացը շարունակական է լինելու: Միջազգային համագործակցության շրջանակում Հայաստանի տաղավարը մասնակցել է 4 միջազգային ցուցահանդեսի, ստորագրվել է 7 հուշագիր, առ այսօր կնքված պայմանագրերի ծավալը կազմում է 400.000 ԱՄՆ դոլար: Փոխգործակցությունը զարգացնելու պայմանավորվածություններ են ձեռք բերվել ինչպես մի շարք երկրների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ, այդ ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են:Շարունակվել են մարզերի տեխնոլոգիական զարգացման ծրագրերը. այդ համատեքստում 58,4 մլն դրամ է տրամադրվել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնին, 90,2 մլն դրամ՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնին: Հ. Արշակյանը ներկայացրել է նաև 2020թ. մեկնարկած ծրագրերը՝ «Ծրագրավորման հիմունքներ» անվճար հեռավար դասընթացներ, որոնք կազմակերպվել են կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված, կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման մարտահրավերների հաղթահարման դրամաշնորհներ, մշակվում է փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ կառավարման և զարգացման հայեցակարգը: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կառավարմանն է անցել Ռազմարդյունաբերական կոմիտեն. կատարվել է հայկական ռազմարդյունաբերական համալիրի ստեղծած նմուշների քարտեզագրում, ստեղծվել են համապատասխան կատալոգներ: Հաշվետու ժամանակաշրջանում նախարարությունում կատարվել է նաև օպտիմալացում, գերատեսչությունը համալրվել է նոր մասնագետներով, շուրջ 28 տոկոսով աճել է միջին աշխատավարձը: Ներկայացվել է նաև Վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարողականը: Վարչապետը, նախարարի զեկուցումից հետո, հետաքրքրվել է ՀՀ կառավարության գործունեության 2019-2023թթ. միջոցառումների ծրագրի շրջանակում ԲՏԱ նախարարության կատարած աշխատանքներով, այդ թվում նաև՝ ոլորտային ռազմավարությունների մշակման ընթացքով: Հ.Արշակյանը զեկուցել է, որ թվայնացման, ռազմարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման ռազմավարությունները գրեթե պատրաստ են: Կառավարության ղեկավարն ընդգծել է փաստաթղթերի կարևորությունը, հանձնարարել ավարտին հասցնել դրանց մշակումը, և, ներդաշնակեցնելով կառավարության միջոցառումների ծրագրի հետ, սեղմ ժամկետում ներկայացնել քննարկման: Վարչապետ Փաշինյանի հարցադրմանն ի պատասխան՝ նախարարը զեկուցել է նաև կապի ոլորտում իրականացված միջոցառումների մասին. ԲՏԱ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնություններով, որոնց նպատակը կապի ենթակառուցվածքների զարգացումն է և հասանելիության շրջանակի ընդլայնումը: Այդ ուղղությամբ քննարկումներն ընթացքի մեջ են: Այս համատեքստում կառավարության ղեկավարը հանձնարարել է արագացնել ինչպես կապի, այնպես էլ ոլորտային մյուս ուղղություններով ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի մշակումը և միջգերատեսչական շրջանառության դնել: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԲՏԱ նախարարության կողմից թվային գործիքների, առցանց հարթակների ներդրման ու կիրառման ուղղությամբ միջոցառումների շարունակական իրականացումը և տվել համապատասխան հանձնարարականներ:
17:17 - 29 մայիսի, 2020
Պետությունը 2000 քաղաքացու համար կազմակերպում է ծրագավորման անվճար դասընթաց |armenpress.am|

Պետությունը 2000 քաղաքացու համար կազմակերպում է ծրագավորման անվճար դասընթաց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կրթական նոր ծրագրի շրջանակում 2000 քաղաքացու կտա ծրագրավորման գիտելիքներ: Այս մասին հայտնեց  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ստեփան Ծատուրյանը՝ տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած առցանց հանդիպմանը: «Ունենք կրթական խոշոր ծրագիր: Դրա նպատակն է կրթել քաղաքացիներին, որոնք ցանկություն ունեն իրենց հմտությունները զարգացնել հենց ծրագրավորման ասպարեզում: Սակայն կորոնավիրուսի պատճառով վերաձևակերպեցինք հարցը, որ ժամանակ չկորցնենք: Եվ որոշեցինք, որ այն լինի հեռավար տարբերակով: 2 հազար անհատներ բավականին արդիական կրթական ծրագրերի միջոցով կրթվելու և իրենց հմտությունները զարգացնելու մեծ հնարավորություն կստանան»,-ասաց փոխնախարարը: Նա նշեց նաև, որ հետագայում քայլեր են ձեռնարկվելու, որ այդ մարդիկ կարողանան նաև իրենց աշխատանքի հարցը ճիշտ ձևով լուծել: Կրթական ծրագրին մասնակցելու ընտրության հարցում առաջնահերթություն կտրվի կորոնավիրուսի պատճառով ամենաշատը տուժած ոլորտների՝ տուրիստական ոլորտի, հյուրանոցային տնտեսությունների աշխատակիցներին, որոնք կցանկանան իրենց հմտությունները մեծացնել թվային տեխնոլոգիաների մասով:
17:10 - 20 մայիսի, 2020
«Հայփոստ»-ը՝ էլ. առևտրի առաքման ծառայություն ապահովող. մշակվում է նոր տեսլական |armenpress.am|

«Հայփոստ»-ը՝ էլ. առևտրի առաքման ծառայություն ապահովող. մշակվում է նոր տեսլական |armenpress.am|

armenpress.am: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Հայփոստ»-ի ղեկավարության հետ աշխատում է ազգային փոստային օպերատորի նոր տեսլականի ձևավորման ուղղությամբ. նախատեսվում է, որ «Հայփոստ»-ը կատարի նաև էլեկտրոնային տարբերակով գնված ապրանքների առաքման ծառայություն:  Այս մասին հայտնեց  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ստեփան Ծատուրյանը՝ տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած առցանց հանդիպմանը: ««Հայփոստ»-ը մեր նախարարության ենթակայության տակ է: Այն մեր ազգային փոստային օպերատորն է և հասանելիություն ունի ամբողջ հանրապետության տարածքում՝ մինչև հեռավոր գյուղեր: Մենք «Հայփոստ»-ի ղեկավարության հետ աշխատում ենք նրանց ռազմավարության և նոր տեսլականի ձևավորման ուղղությամբ: Եվ այստեղ տեսնում ենք հստակ ենթակառուցվածքի ձևավորման հնարավորություն, որպեսզի «Հայփոստ»-ը հանդիսանա էլեկտրոնային առևտրի, էլեկտրոնային հարթակների համար առաքման ծառայություն ապահովող, մինչև քաղաքացուն հասցնող»,-ասաց փոխնախարարը:  Այսպիսով հնարավոր է, որ մարդն օգտվի էլեկտրոնային խանութից, առևտուր անի, և ապրանքը նրան հասնի հենց «Հայփոստ»-ի ծառայության միջոցով: Ծատուրյանը նկատեց, որ միջազգային շուկայում օրինակ Amazon-ը, eBay-ը, Aliexpress-ը աշխատում են այլ ընկերությունների հետ, որոնք համապատասխան  ենթակառուցվածքային ծառայություններ են ապահովում: Այսինքն՝ հնարավոր է ընտրել ապրանքը, միևնույն ժամանակ ընտրել, թե երբ ես ցանկանում ստանալ այն: Այսպիսով մարդը կարող է ավելի վճարել մեկ օրում ստանալու համար, եթե ոչ՝ 2 կամ ավելի օրերում: Ծատուրյանը նշեց՝ սա ենթակառուցվածքային խնդիր է, որն ունեն «Հայփոստ»-ի տեսլականում:  Նա նկատեց, որ կորոնավիրուսի իրավիճակում առևտրով զբաղված շատ փոքր ձեռնարկություններ ստիպված են եղել իրենց գործունեությունը դադարեցնել: Իսկ այն տնտեսավարողները, որոնք ունեին էլեկտրոնային առևտրի գոնե որոշակի հատված, հաջողել են իրենց բիզնեսը չկանգնեցնելու հարցում:  ««Հայփոստ»-ի կողմից միգուցե կառաջարկվի պլատֆորմային մոտեցում, որպեսզի խանութները նմանատիպ ծառայություններ վիրտուալ տարբերակով կարողանան վերցնել: Մենք քննարկում ենք մոտեցումները»,-նշեց փոխնախարարը:
16:48 - 20 մայիսի, 2020