Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար։

Ծնվել է 1981 թվականի մարտի 21-ին Երևանում: 1997-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրի կոչում: 2002-2004-ին շարունակել է կրթությունը Հայաստանի ամերիկյան համալսարանում, ստացել իրավունքի մագիստր կոչումը:

2002-2004 թվականներին սովորել է Առաջնորդների զարգացման կենտրոնում: 2003-ին մասնակցել է Անդրկովկասի և Հարավային Կովկասի երիտասարդ կանանց առաջնորդության ծրագրին, 2003-ին Եվրախորհրդում՝ Ստրասբուրգ, ծանոթացել է Եվրախորհրդի կառուցվածքին և գործառույթներին:

Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում (2000-2001թթ.):

2001-2002 թվականներին Պետական ռեզերվների գործակալությանը իրավախորհրդատվություն է մատուցել:

2005-2015 թվականներին եղել է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի իրավախորհրդատուն:

2014-2015 թվականներին զբաղեցրել է «Արֆարմացիա» ՓԲԸ ադմինիստրատիվ գծով տնօրենի պաշտոնը: Այնուհետև` մինչև 2016 թվականը նշանակվել է կազմակերպության գլխավոր տնօրեն:

2017-ից մինչև 2018 թվականը եղել է «Աբովյան 39» ՍՊԸ տնօրենը, նույն ժամանակահատվածում եղել է նաև «Արֆարմացիա» ՓԲԸ խորհրդի անդամ:

2018 թվականի մայիսի 24-ից զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, 2020 թվականի մայիսի 11-ից` առողջապահության նախարարի առաջին տեղակալի:

2021 թվականի հունվարի 18-ին Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարար:

Ամուսնացած է, ունի 3 զավակ: 

Բժշկական հաստատությունները պետք է ներկայացնեն իրենց մոտ ստացիոնար բուժման մեջ գտնվող անձանց ցուցակները, որպեսզի այդ անձիք հնարավորություն ունենան ընտրելու. Անահիտ Ավանեսյան |tert.am|

Բժշկական հաստատությունները պետք է ներկայացնեն իրենց մոտ ստացիոնար բուժման մեջ գտնվող անձանց ցուցակները, որպեսզի այդ անձիք հնարավորություն ունենան ընտրելու. Անահիտ Ավանեսյան |tert.am|

tert.am: Հստակ կերպով մեր կողմից ներկայացվել է նման հերյուրանքների պատասխանը: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հարցին, որ մի քանի բժիշկներ ահազանգել են, որ մարզպետարաններից բժշկական կառույցների ղեկավարներին հրահանգ է եղել բուժանձնակազմին պարտադրել, որ ներկայանան այսօրվա հավաքին և ստացիոնար բուժում ստացող պացիենտների անձնագրերի տվյալները ներկայացնեն:  «Բոլոր բժշկական հաստատությունները՝ անկախ իրենց սեփականության ձևից, պետք է ներկայացնեն իրենց մոտ ստացիոնար բուժման մեջ գտնվող անձանց ցուցակները, որպեսզի այդ անձիք հնարավորություն ունենան ընտրելու»,-պարզաբանեց նա: Շարունակությունը՝ tert.am-ում։   
12:15 - 17 հունիսի, 2021
Անահիտ Ավանեսյանն ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացին

Անահիտ Ավանեսյանն ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացին

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ. տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:  Հանդիպման սկզբում նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել սերտ համագործակցության համար` կարևորելով ԱՄՆ-ի ցուցաբերած ուշադրությունն ու մարտահրավերների դեմ միասնական պայքարելու աջակցությունը թե՛ հետպատերազմյան շրջանում, թե՛ համավարակի ամբողջ ընթացքում: Դեսպան Թրեյսին, ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան առաքելության նորանշանակ տնօրեն Ջոն Ալելոյին ներկայացնելով Անահիտ Ավանեսյանին, խնդրեց վերջինիս ներկայացնել, թե ինչ փուլում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումային գործընթացը, որին ի պատասխան` նախարարի պաշտոնակատարը նշեց, որ արդեն հատել ենք պատվաստումների 55 հազարի շեմը, մինչդեռ  սկզբնական շրջանում ապատեղեկատվության հոսքն այնքան մեծ էր, որ մարդիկ տարակուսում էին` պատվաստվե՞լ, թե՞ ոչ:  «Այսօր Հայաստանը կարծես թե հաղթահարում է տարակուսանքի խոչընդոտը, քանի որ պատվաստվել ցանկացողների թիվն օրեցօր ավելանում է: Ժամանակը ցույց տվեց, որ համավարակի դեմ լավագույն պայքարը պատվաստումն է, և միայն այդպես կարող ենք հաղթել COVID-19-ը և վերադառնալ կյանքի բնականոն հուն»,- հավելել է Անահիտ Ավանեսյանը: «Շատ բարդ տարի էր Հայաստանի համար` մի կողմից պատերազմն ու հետպատերազմյան իրավիճակը, մյուս կողմից` ամբողջ աշխարհը քաոսի վերածած համավարակը: Հույս ունենք, որ դժվարությունները կհաղթահարվեն, քանի որ  կարևոր է առաջ շարժվել: Ուզում ենք տեսնել առաջընթաց գրանցող Հայաստան»,- ընդգծել է Լին Թրեյսին: Հանդիպման ավարտին, դեսպանի խնդրանքով, Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության պայմաններում ՀՀ տարածք մուտք գործելու կարգը, որի համաձայն` երկիր կարող են ժամանել օտարերկրյա քաղաքացիները ՊՇՌ թեստի բացասական պատասխանի առկայության կամ պատվաստման 2-րդ դեղաչափը ստանալուց 14 օր անց` առանց ՊՇՌ թեստի:
20:02 - 14 հունիսի, 2021
Անահիտ Ավանեսյանն առցանց քննարկում է ունեցել Լիտվայի առողջապահության նախարարի հետ

Անահիտ Ավանեսյանն առցանց քննարկում է ունեցել Լիտվայի առողջապահության նախարարի հետ

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն առցանց քննարկում է ունեցել Լիտվայի առողջապահության նախարար Արունաս Դուլկիսի հետ: Քննարկմանը մասնակցել են նաև Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն և Լիտվայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը:   Հանդիպմանը նախարարները ներկայացրել են 2 երկրներում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը` շեշտը դնելով պատվաստումային գործընթացի վրա: Ի թիվս երկկողմ համագործակցությանն ուղղված այլ հարցերի, քննարկվել է Արևելյան գործընկերության երկրների միջոցով Հայաստանին պատվաստանյութերի տրամադրման հնարավորությունը:   Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է պատվաստանյութերի պահման պայմանները, ցանկալի պատվաստանյութերի ձեռքբերմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև անդրադարձել պատվաստումային դժվարին գործընթացի ակտիվացմանն ուղղված ծրագրերին:   «Շնորհակալություն եմ հայտնում Լիտվայի կառավարությանը` 2020 թվականի հուլիսին COVID-19-ի բռնկման ժամանակ Հայաստանի առողջապահական համակարգին ցուցաբերած մարդասիրական աջակցության, ինչպես նաև Լիտվայից մեր երկիր ժամանած բժշկական թիմերի համար, որոնք մեր բուժանձնակազմի հետ միասին մի շարք բժշկական կենտրոններում մասնագիտական օժանդակություն ցուցաբերեցին»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:   «Վերջին 2 տարին լուրջ մարտահրավեր էր մեր երկու երկրների առողջապահական համակարգերի և ոլորտի ներկայացուցիչների համար: Սակայն այս ընթացքում միմյանց աջակցելու, մարդասիրական օգնության համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր է դարձել առաջ շարժվելու` հաղթահարելով մեր առջև ծառացած բազում դժվարություններ: Այս ընթացքում Հայաստանն ու Լիտվան սերտ համագործակցել են, և, կարծում եմ, այն ավելի գործուն քայլերով շարունակական բնույթ կկրի` ընդգրկելով ոլորտում փոխգործակցության ավելի լայն շրջանակներ», - ընդգծել է Արունաս Դուլկիսը:   Անահիտ Ավանեսյանն, իր հերթին, հավելել է, որ մոտ ապագայում հնարավորություն կունենան վերադառնալու բնականոն կյանքին և ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն Հայաստանի և Լիտվայի առողջապահության և բժշկագիտության բնագավառներում երկկողմ ձևաչափով համագործակցության խթանման համար, մասնավորապես` մասնագետների շարունակական մասնագիտական զարգացման, ոլորտի ներկայացուցիչների փորձի փոխանակման ծրագրերի ուղղությամբ, դեղագործության ասպարեզում:
21:23 - 11 հունիսի, 2021
Անահիտ Ավանեսյանը բուժաշխատողների հետ քննարկել է ոլորտի առանցքային խնդիրները

Անահիտ Ավանեսյանը բուժաշխատողների հետ քննարկել է ոլորտի առանցքային խնդիրները

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր հանդիպել է բուժաշխատողների հետ։ Հանդիպմանը քննարկել են 3 տարվա կատարած աշխատանքը, անդրադարձել ոլորտի առանցքային խնդիրներին։   Վերջին 3 տարվա ընթացքում առողջապահության նախարարությունը 80 %-ով ավելացրել է առողջապահական համակարգին հատկացվող բյուջետային միջոցները, բարձրացրել է շուրջ 10,000 բուժաշխատողների աշխատավարձերը 30-40 %-ով, իրականացրել ոլորտային մի շարք փոփոխություններ։ 2018-2021 թվականներին առողջապահության ոլորտի համակարգային փոփոխությունները գործող կառավարության գլխավոր առաջնահերթություններից են։   Այս ժամանակահատվածում կատարված բարեփոխումների, նոր ծրագրերի, առաջիկա անելիքների, ոլորտում առկա խնդիրների ու դրանց լուծումների մասին, ինչպես նաև բուժաշխատողների հարցուպատասխանին է հանդիպման ժամանակ անդրադարձել առողջապահության նախարարի պաշտոնակատարը։
21:28 - 10 հունիսի, 2021
Եթե հարազատները դիահերձարաններից չվերցնեն նույնականացված դիերը, հուղարկավորությունը կկազմակերպի պետությունը. Ավանեսյան |armtimes.com|

Եթե հարազատները դիահերձարաններից չվերցնեն նույնականացված դիերը, հուղարկավորությունը կկազմակերպի պետությունը. Ավանեսյան |armtimes.com|

armtimes.com: Եթե լինեն որոշ անձինք, ովքեր անհեռանկար կերպով չեն վերցնի նույնականացված դիերը դիահերձարաններից, պետությունը իր վրա կվերցնի պատասխանատվություն հուղարկավորությունը կազմակերպելու համար: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, պատասխանելով այն հարցին, որ որոշ ծնողներ տարբեր պատճառներով հրաժարվում են վերցնել 44-օրյա պատերազմին մասնակցած իրենց զավակների կամ հարազատների աճյունները: Նախարարի խոսքով՝ զոհվածների մարմինները չեն կարող երկար ժամանակ մնալ դիահերձարաններում, անգամ եթե սառնարանային պայմաններ կան:  «Ընդհանրապես պատերազմներից հետո պիտի հասկանանք, որ ինչ-որ մի ժամանակ տրվում է, որ նույնականացման պրոցեսը իրականացվի, այնուհետեւ ճանաչման և հուղարկավորության: Բայց եթե կլինեն անձինք, ովքեր անհեռանկար ձևով կձգձգեն պրոցեսը, պետությունը իր վրա պիտի վերցնի պատասխանատվություն նաև հուղարկավորությունը կազմակերպելու, որովհետև որևէ տեսանկյունից ճիշտ չի այդքան երկար ժամանակով պահելը: Սա նուրբ հարց է, ես կխրախուսեի, որպեսզի եկեղեցական ներկայացուցիչներն էլ լծվեն այս գործին, և տարբեր գերատեսչությունների հետ համագործակցեն, համատեղ քննարկման արդյունքում, մենք կգտնենք այս իրավիճակից լավագույնս դուրս գալու ելքերը: Հիմա քննչական մարմինները, պաշտպանության նախարարություն և մի ամբողջ թիմ աշխատում են ծնողների հետ, որպեսզի նրանք դիահերձարաններից վերցնեն իրենց հարազատի աճյունը», - ասաց Անահիտ Ավանեսյանը:
15:53 - 10 հունիսի, 2021
Հայաստանը Ճապոնիայից կստանա ամբողջովին կահավորված 51 շտապօգնության մեքենա |armenpress.am|

Հայաստանը Ճապոնիայից կստանա ամբողջովին կահավորված 51 շտապօգնության մեքենա |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը մինչև տարեվերջ Ճապոնիայի կառավարության կողմից որպես նվիրատվություն կստանա 51 շտապօգնության մեքենա: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը: Ավանեսյանը հիշեցրեց, որ պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմը թիրախավորել է նաև շտապօգնության մեքենաները: Անհրաժեշտություն է առաջացել արագ համալրել մեքենաների պարկը: «Աշխատանքներ երկու ուղղությամբ են տարվել: Պետբյուջեի և Համահայկական հիմնադրամի միջոցների հաշվին ձեռք բերվեցին 37 ամենագնաց Շտապօգնության մեքենաներ և 10 «Ֆորդ» ռեանիմոբիլներ»,-ասաց նա: Բացի այդ, լայնածավալ աշխատանք է տարվել սփյուռքի ներկայացուցիչների հետ, այդ ընթացքում բազմաթիվ շտապօգնության մեքենաներ են նվիրաբերվել ՀՀ-ին, Արցախին: «Այս պահին շտապօգնության մեքենաների մեր պարկը, կարելի է ասել, ամբողջովին համալրված է: Տարվա սկզբին պետք է ունենայինք Ճապոնիայի կառավարության կողմից մեզ որպես օգնություն տրամադրված ևս 51  նոր ամբողջովին կահավորված մեքենաներ, բայց կորոնավիրուսը խանգարեց, և գործընթացները ձգձգվեցին: Բայց մենք մինչև տարվա վերջ կունենանք ևս 51 ամբողջովին կահավորված շտապօգնության մեքենաներ»,- ասաց Ավանեսյանը:  Պետության նպատակն է՝ համալրելով ամբողջական պարկը, անընդհատ կապիտալ ներդրումներ անելով՝ այլևս թույլ չտալ, որ պարկը հասնի մաշվածության այնպիսի աստիճանի, որ ստիպված լինի միջազգային օգնության շրջանակում ստանալ մեքենաներ:
12:15 - 08 հունիսի, 2021
Նախարարի պաշտոնակատարը հույս ունի, որ Covid-19-ի դեմ պատվաստվածների թիվն այս շաբաթ արդեն կանցնի 50 հազարի շեմը |armenpress.am|

Նախարարի պաշտոնակատարը հույս ունի, որ Covid-19-ի դեմ պատվաստվածների թիվն այս շաբաթ արդեն կանցնի 50 հազարի շեմը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հույս ունի, որ կորոնավիրուսի դեմ պատվաստված քաղաքացիների թիվն այս շաբաթ կանցնի 50 հազարի շեմը: Ավանեսյանն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը: «Կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացն իրականացվում է ազգային իմունիզացիայի ծրագրի շրջանակում: Ես հույս ունեմ, որ այս շաբաթ 50 հազար քաղաքացու շեմը կանցնենք: 2020-ին արդեն իսկ բյուջեից հատկացված միջոցների հաշվին ձեռք բերված պատվաստանյութերն այս պահին մեզ հնարավորություն են տալիս ակտիվ կերպով կազմակերպել պատվաստումային գործընթացը»,- ասաց Ավանեսյանը: Խոսելով 2020 թվականի իրավիճակի մասին՝ նախարարի պաշտոնակատարը վստահեցրեց, որ առողջապահական համակարգը տարվա ընթացքում չի ունեցել անհատական պաշտպանիչ միջոցների պակաս: Նա դա շատ կարևոր հանգամանք համարեց՝ բժիշկներին, բուժաշխատողներին պաշտպանելու առումով: Ավանեսյանը շեշտեց, որ տարվա ընթացքում գերլարված ռեժիմով աշխատելով՝ համակարգը նաև կարողացել է ապահովել գրեթե բոլոր ծրագրային ցուցանիշները: Առողջապահության ճշտված բյուջեն 2020-ի համար կազմել է 142 մլրդ դրամ, ինչը բավական ավելի է եղել նախատեսված միջոցներից: Ավել միջոցները նախատեսված են եղել ճգնաժամի հաղթահարմանը: Նախարարության կատարողականը կազմել է 98.3 տոկոս:
11:55 - 08 հունիսի, 2021
Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ԱՀԿ ներկայացուցիչների հետ․ բարձր է գնահատվել շարժական պատվաստումային կետերի աշխատանքը

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ԱՀԿ ներկայացուցիչների հետ․ բարձր է գնահատվել շարժական պատվաստումային կետերի աշխատանքը

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Եգոր Զայցևի, ԱՀԿ իմունիզացիայի գծով խորհրդատուներ Ալեքսանդր Կվիտաշվիլիի և Լյուդմիլա Նիազյանի հետ: ԱՀԿ-ի առաքելության ներկայացուցիչները ժամանել են Հայաստան երկրում կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ հետազոտություններ և իրավիճակի բարելավման նպատակով խորհրդակցություն անցկացնելու համար:   Պատվիրակության անդամները նախարարի պաշտոնակատարին են ներկայացրել իրենց դիտարկումները, առաջարկել մշակել միասնական ռազմավարություն համավարակի դեմ պայքարի, մասնավորապես` պատվաստումային գործընթացի կազմակերպման հարցում: Մասնագետները բարձր են գնահատել Երևանում և մարզերում շարժական պատվաստումային կետերի աշխատանքը, հասանելիությունն ու արդյունավետությունը։ Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում իրականացված և ընթացիկ իրազեկման աշխատանքները` հավելելով, որ հայկական կողմը միշտ պատրաստակամ է ԱՀԿ-ի հետ համատեղ գործունեություն ծավալելու: Հանդիպման ընթացքում կողմներն անդրադարձել են նաև հակաբիոտիկների չարաշահմանը, որը խնդիր է ամբողջ աշխարհում: Հանդիպման ավարտին ներկայացվել են հակաբիոտիկների կիրառման ծավալի կրճատմանն ուղղված առաջարկներ, ինչպես նաև քննարկվել են COVID-19-ի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ տարածվող ապատեղեկատվությանն ու անվստահությանը վերաբերող հարցեր:
18:29 - 07 հունիսի, 2021
Երևի անսովոր է ներողություն խնդրելը, երևի նման մշակույթ չի եղել․ այո՛, ես ներողություն եմ խնդրել և չեմ պատրաստվում հրաժարական տալ․ Անահիտ Ավանեսյան |tert.am|

Երևի անսովոր է ներողություն խնդրելը, երևի նման մշակույթ չի եղել․ այո՛, ես ներողություն եմ խնդրել և չեմ պատրաստվում հրաժարական տալ․ Անահիտ Ավանեսյան |tert.am|

tert.am: Այո, ես ներողություն եմ խնդրել և դրանից հետո նաև որոշակի գործողություններ են իրականացվել։ Կոնկրետ անձինք այս մասնավոր դեպքի հետ կապված աշխատանքից ազատվել են, որոշները ստացել են խիստ նկատողություն և հարուցվել է քրեական գործ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Աբովյանի դիահերձարանում Արցախի պատերազմի ժամանակ զոհված զինվորների դիերը և մասունքերը ոչ պատշաճ վիճակում պահելուն։Հարցին՝ մինչև ստորին օղակների աշխատողներին պատասխանատվության ենթարկելը, արդյոք ինքը՝ նախարարը իրեն մեղավոր չի համարում տեղի ունեցածի կապակցությամբ, Ավանեսյանը պատասխանեց․«Ես՝ որպես քաղաքական պատասխանատու անձ, միանգամից արձագանքել եմ, այո՛, ներողություն եմ խնդրել և ասել եմ, որ բոլոր անձինք, ովքեր պատասխանատու են այդ գործընթացի համար, պետք է կրեն պատասխանատվություն»։«Նորից ուզում եմ նշել, որ մեկ մասնավոր անձի կատարած դեպքը պետք է գնահատվի այդ արարքի շրջանակներում։ Չի կարելի մասնավոր դեպքը տարածել ամբողջ կառույցի վրա»։ Անահիտ Ավանեսյանը շեշտեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ՝ հավելելով, որ բացթողումը նրանում է, որ այդ հսկողությունը և խնդրի վերհանումը գուցե ճիշտ պահին չի եղել։
16:09 - 03 հունիսի, 2021
Ընդդիմադիր պատգամավորները պահանջում են պատասխանատվության ենթարկել առողջապահության նախարարին |hetq.am|

Ընդդիմադիր պատգամավորները պահանջում են պատասխանատվության ենթարկել առողջապահության նախարարին |hetq.am|

hetq.am: Խորհրդարանն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության ներկայացրած «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է թույլատրել արտադրական կանեփի մշակումն ու արտադրությունը: Նախագիծը ներկայացրեց էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը: Ըստ նախագծի` արտադրական կանեփի արտադրությամբ կարող է զբաղվել միայն իրավաբանական անձը, որը ստացել է արտադրական կանեփի արտադրության լիցենզիա: Նշենք, որ արտադրական կանեփի մշակությունը թույլատրվելու է միայն փակ տարածքներում՝ ջերմոցներում, տնկարաններում, սածիլանոցներում, որոնց ներկայացվող պահանջները սահմանվում են լիցենզավորման կարգում: Արտադրական կանեփի արտադրության լիցենզիա ստացած անձը կարող է զբաղվել ինչպես մշակությամբ և վերամշակմամբ միասին, այնպես էլ այդ գործողություններից մեկով: Ընդդիմադիր և անկախ պատգամավորները քննադատեցին կառավարությանը նման նախագծեր արտահերթ նիստով ներկայացնելու համար: Տիգրան Ուրիխանյանը նկատեց` հանրությունն առանց այդ էլ թմբիրի մեջ է, այժմ էլ կառավարությունն ուզում է արտադրական կանեփի մշակման թույլտվություն տալ: Պատգամավորների քննադատության հիմնական թեման, սակայն, զոհված զինծառայողների` Աբովյանի դատաբժշկական կենտրոնում հայտնաբերված դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման պայմաններն էին: Անկախ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը նկատեց` մինչ այս պահը քաղաքական մեծամասնության պատգամավորներից որևէ մեկը չի անդրադարձել այդ դեպքին ու չի դատապարտել: Ըստ պատգամավորի` առողջապահության նախարարը պետք է պատասխանատվության ենթարկվի: Մեկ այլ նախագծի զեկուցող Առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանին ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն առաջարկեց վերադասի հետ միասին հրաժարական տալ: «Դեպքի հետ կապված արդարացումներ չկան, ոչ մեկը չի փորձում արդարացնել եղելությունը: Երևի տեղյակ եք, որ կենտրոնի աշխատակիցները ազատվել են, ես վստահ եմ, որ դա մասնավոր դեպք է, չի կրում համակարգային բնույթ: Էսօր նաև տեղեկացա, որ քրեական գործ է հարոցվել, թող քննություն գնա, մեղավորներն իրենց արժանի պատիժը կրեն»,-ասաց փոխնախարարը: Քննադատական ելույթով հանես եկավ նաև «Իմ քայլի» նախկին անդամ, այժմ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Թագուհի Թովմասյանը` ընդգծելով, որ զինվորների մարմինները ոչ պատշաճ պայմաններում պահելը վկայում է պետության վերաբերմունքի մասին, և սա ուղերձ է, որ որևէ մեկը չցանկանա զոհվել հայրենիքի համար:
13:20 - 03 հունիսի, 2021
Անահիտ Ավանեսյանը և Մասանորի Ֆուկուշիման քննարկել են բարեփոխումների և համատեղ աշխատանքի կարիք ունեցող ուղղությունները

Անահիտ Ավանեսյանը և Մասանորի Ֆուկուշիման քննարկել են բարեփոխումների և համատեղ աշխատանքի կարիք ունեցող ուղղությունները

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի հետ:  Կողմերը բարձր են գնահատել Ճապոնիայի և Հայաստանի միջև երկարամյա գործակցությունը: Տարիների ընթացքում Ճապոնիան Հայաստանին մարդասիրական օգնություն է տրամադրել` ճապոնական բարձր տեխնոլոգիական բժշկական սարքավորումներ, դեղագործական և այլ բժշկական պարագաներ, ինչը մեծ ներդրում է առողջապահական համակարգի  արդյունավետ աշխատանքի ապահովման գործում: «Շնորհակալ ենք COVID-19 համավարակի դեմ պայքարում ցուցաբերած աջակցության համար: Հարկ է նշել, որ մեր երկու երկրների միջև համագործակցությունը միշտ արդյունավետ է եղել, և լիահույս եմ, որ մեր երկրների միջև գործակցությունն ավելի կամրապնդվի: Այս համատեքստում կարևոր եմ համարում փոխանակման ծրագրերի, ճանաչողական այցերի և մասնագիտական դասընթացների համատեղ կազմակերպումը»,- ասել է նախարարի պաշտոնակատարը: Հանդիպմանն Անահիտ Ավանեսյանը և Մասանորի Ֆուկուշիման քննարկել են այն բոլոր ուղղությունները, որտեղ բարեփոխումների և համատեղ աշխատանքի կարիք կա: Ճապոնիայի դեսպանն ընդգծել է, որ իրենք պատրաստակամ են աջակցելու, նոր ծրագրեր կազմելու, որոնց իրականացումն առաջնահերթություն է Հայաստանի համար համավարակի և հետպատերազմյան շրջանում: Հանդիպման ավարտին երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել ուռուցքաբանության, վերականգնողական ծառայությունների, հոգեկան առողջության, մայրական մահացության նվազեցման և վերարտադրողական առողջության կարողությունների, ինչպես նաև համընդհանուր առողջության լուսաբանման, առողջության առաջնային և կանխարգելիչ ծառայությունների մատչելիության բարելավման ուղղությամբ:
19:25 - 01 հունիսի, 2021
Դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված ուզում եմ նախ ներողություն խնդրել բոլոր հարազատներից․ Անահիտ Ավանեսյան

Դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված ուզում եմ նախ ներողություն խնդրել բոլոր հարազատներից․ Անահիտ Ավանեսյան

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․   «Հարգելի հայրենակիցներ, երեկ Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում արձանագրված դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված ուզում եմ նախ ներողություն խնդրել բոլոր հարազատներից: Իմ բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չեմ այցելել և համոզվել դիակների պահպանման մանրամասներին:   Վստահեցնում եմ, որ վերջին տարում Դատաբժշկական կենտրոնը արել է հնարավորը դատաբժշկական փորձաքննությունները և նույնականացման գործընթացը ապահովելու համար:   Ինչպես երեկ նշվել էր Առողջապահության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ արձանագրված փաստի հետ կապված կիրականացվի ծառայողական քննություն՝ համապատասխան հետևանքներով:   Հարկ եմ համարում նորից նշել, որ նախարարությունը միշտ աշխատել է ապահովել թափանցիկ տեղեկատվություն և մշտապես կապի մեջ է զոհերի հարազատների հետ:   Այսօր Դատաբժշկական կենտրոնը նորից տեղեկատվություն կհրապարակի դիակների և մասունքների փերձաքննությունների ընթացքի և արդյունքների վերաբերյալ: Նշեմ, որ դիահերձարաններում գտնվող դիերը և մասունքները արդեն իսկ փորձաքննված են և տեղեկատվությունը արդյունքների մասին մշտապես հասանելի է եղել հարազատներին»։
10:29 - 01 հունիսի, 2021
Առողջապահության նախարարի պաշտոնակատարի գնահատմամբ՝ պատվաստումների ընթացքը դեռ գոհացուցիչ չէ

 |armenpress.am|

Առողջապահության նախարարի պաշտոնակատարի գնահատմամբ՝ պատվաստումների ընթացքը դեռ գոհացուցիչ չէ |armenpress.am|

armenpress.am: Առողջապահության  նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը աշխատանքային այցով  մայիսի 19-ին  Շիրակի մարզում էր: Մարզային այցի շրջանակներում նախարարի պաշտոնակատարն այցելել է Արթիկի և Ախուրյանի բժշկական կենտրոններ, Գյումրու թիվ 2 և «Բեռլին» պոլիկլինիկաներ, ծանոթացել  բուժհաստատությունների շենքային պայմաններին և հագեցվածությանը, ինչպես նաև իրականացվող պատվաստումային գործընթացին, հանդիպել բուժհաստատությունների ներկայացուցիչների հետ: Այցի ավարտին,  լրագրողերի հետ ունեցած ճեպազրույցում Անահիտ Ավանեսյանը նշեց, որ Շիրակի մարզը պատվաստումների բավական լավ ցուցանիշներ  է արձանագրել. 1850 պատվաստում, որից 982՝ Sputnik V, իսկ՝ 868 AstraZeneca պատվաստանյութով: «Բայց, ընդհանուր առմամբ, տեմպը մեր հանրապետությունում դեռ գոհացուցիչ չէ: Դեռ պետք է աշխատենք, որ հնարավորինս լայն շերտեր արագ պատվաստումներ անցնեն»,-նշեց  նախարարի պաշտոնակատարը վստահեցնելով, որ քովիդի 3-րդ ալիքի նվազման փուլում ենք, սակայն դա քիչ է: «Բարեբախտաբար, օրական գրանցված թվերը բավական նվազում են, բայց մենք չենք կարող ասել, որ  հաղթահարել ենք համավարակը, կամ հաջորդիվ ալիքների ակնկալիքը չունենք»,-նշեց նախարարը՝ որպես իրավիճակը շտկելու հիմնական գործողություն  նշելով պատվաստումային գործընթացը հնարավորինս արագ ու սահուն կազմակերպելը:
20:07 - 19 մայիսի, 2021
Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է COVID-19-ի դեմ ՀՀ-ում իրականացված միջոցառումները

Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է COVID-19-ի դեմ ՀՀ-ում իրականացված միջոցառումները

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ԱՊՀ առողջապահության բնագավառում համագործակցության խորհրդի 32-րդ առցանց նիստը։ Այն կազմակերպվել էր ԱՊՀ գործադիր կոմիտեի կողմից՝ Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության նախաձեռնությամբ և նվիրված էր ԱՊՀ մասնակից պետություններում COVID-19 համավարակի ընթացքում առողջապահական ծառայությունների հասանելիության գործում  առաջնային բժշկասանիտարական օգնության դերին։ Նիստին մասնակցել են նաև ԱՊՀ մասնակից պետությունների առողջապահության նախարարներ, ԱՊՀ գործադիր կոմիտեի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի, ինչպես նաև ԱՀԿ եվրոպական գրասենյակի ներկայացուցիչներ, առողջապահության ոլորտի մասնագետներ։ Հանդիպման ժամանակ Անահիտ Ավանեսյանը հանդես է եկել զեկույցով, ներկայացրել COVID-19 համավարակի ընթացքում Հայաստանում իրականացված միջոցառումները՝ շեշտադրելով առողջապահության առաջնային պահպանման օղակի ներգրավվածությունը հիվանդացության և մահվան դեպքերի կրճատմանն ուղղված միջոցառումներում։ Այս համատեքստում ընդգծվել են ԱԱՊ օղակի կարևոր դերն ու այն հզորացնելու անհրաժեշտությունը։
18:23 - 19 մայիսի, 2021
Երկու երկրների միջև սերտ համագործակցությունը շարունակվում է. Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանին

Երկու երկրների միջև սերտ համագործակցությունը շարունակվում է. Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանին

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին և գլխավոր խորհրդական Վյաչեսլավ Լիսուխային: Ողջունելով հյուրերին` Անահիտ Ավանեսյանը կարևորել է Հայաստանի և Բելառուսի  միջև առողջապահության բնագավառում բնականոն համագործակցությունը, հատկապես` Հայաստանում օրգանների փոխպատվաստման ծառայության զարգացման ուղղությամբ։ «Մեր երկու երկրների միջև սերտ համագործակցությունը շարունակվում է: 2019 թվականին Մինսկում հանդիպել եմ Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարի հետ, քննարկել Հայաստանում օրգանների փոխպատվաստման ծառայության ներդրման վերաբերյալ հարցեր և գործակցության ամրապնդմանն ուղղված մի շարք հեռանկարային թեմաներ: Սակայն COVID-19-ի համավարակն ու պատերազմը որոշակիորեն խոչընդոտ հանդիսացան մեր առաջիկա անելիքներին: Այնուամենայնիվ, հույս ունեմ, որ համատեղ ծրագրերը կյանքի կկոչենք ու երկուստեք կաշխատենք այդ ուղղությամբ»,- ասել է Անահիտ Ավանեսյանը: Կողմերն անդրադարձել են գիտակրթական, դեղորայքային քաղաքականության ոլորտներում, կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և բուժման ուղղությամբ համագործակցությանը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել նշված և այլ ոլորտներում ընդլայնել համատեղ անելիքները:
17:31 - 14 մայիսի, 2021