armtimes.com: Եթե լինեն որոշ անձինք, ովքեր անհեռանկար կերպով չեն վերցնի նույնականացված դիերը դիահերձարաններից, պետությունը իր վրա կվերցնի պատասխանատվություն հուղարկավորությունը կազմակերպելու համար: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, պատասխանելով այն հարցին, որ որոշ ծնողներ տարբեր պատճառներով հրաժարվում են վերցնել 44-օրյա պատերազմին մասնակցած իրենց զավակների կամ հարազատների աճյունները:
Նախարարի խոսքով՝ զոհվածների մարմինները չեն կարող երկար ժամանակ մնալ դիահերձարաններում, անգամ եթե սառնարանային պայմաններ կան:
«Ընդհանրապես պատերազմներից հետո պիտի հասկանանք, որ ինչ-որ մի ժամանակ տրվում է, որ նույնականացման պրոցեսը իրականացվի, այնուհետեւ ճանաչման և հուղարկավորության: Բայց եթե կլինեն անձինք, ովքեր անհեռանկար ձևով կձգձգեն պրոցեսը, պետությունը իր վրա պիտի վերցնի պատասխանատվություն նաև հուղարկավորությունը կազմակերպելու, որովհետև որևէ տեսանկյունից ճիշտ չի այդքան երկար ժամանակով պահելը: Սա նուրբ հարց է, ես կխրախուսեի, որպեսզի եկեղեցական ներկայացուցիչներն էլ լծվեն այս գործին, և տարբեր գերատեսչությունների հետ համագործակցեն, համատեղ քննարկման արդյունքում, մենք կգտնենք այս իրավիճակից լավագույնս դուրս գալու ելքերը: Հիմա քննչական մարմինները, պաշտպանության նախարարություն և մի ամբողջ թիմ աշխատում են ծնողների հետ, որպեսզի նրանք դիահերձարաններից վերցնեն իրենց հարազատի աճյունը», - ասաց Անահիտ Ավանեսյանը:
comment.count (0)