ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի ելույթը

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի ելույթը

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը  մեկնաբանություն է տարածել  Ադրբեջանի նախագահի՝ N զորամասի բացմանն ունեցած ելույթի վերաբերյալ։ Մեկնաբանության մեջ ասվում է․ «Ադրբեջանի նախագահի՝ N զորամասի բացմանն ունեցած ելույթն ակնհայտորեն վկայում է, որ այդ երկրի իշխանությունները տեսնում են Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունները որպես իրենց իշխանության սպառնալիք:  Ակնհայտ է, որ մեկ ընտանիքի կողմից մի քանի տասնամյակ ձգվող իշխանությունը, որը պատմության մեջ կմնա կոռուպցիայի գլոբալ ինդեքսներում Ադրբեջանին առաջատար դիրքերի ապահովմամբ, տխրահռչակ լանդրոմատով, սեփական ժողովրդին խոսքի և այլ ազատությունների ճնշմամբ, բոլոր հիմքերն ունի կանխակալ վերաբերմունք ունենալ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններին: Կարծում ենք, որ հակամարտության շահարկմամբ ժողովուրդների հանդեպ թշնամանքի խրախուսման մեջ իր լեգիտիմությունը փնտրող Ալիև գերդաստանը պետք է ոչ թե դասարակագային ատելություն ցուցաբերի ժողովրդավարական գործընթացների արդյունքում ձևավորված Հայաստանի իշխանությունների հանդեպ, այլ առնվազն ընդունի, որ ադրբեջանական ժողովուրդը նույնպես արժանի է ժողովրդավարության: Վստահ ենք, որ ժողովուրդներին կարող են հաշտեցնել և տարածաշրջանային խաղաղության և կայունությանը նպաստ բերել ոչ թե իշխանությունը ժառանգած, այլ ժողովրդի կողմից կազմավորված և ժողովրդի առջև հաշվետու իշխանությունները»:
19:03 - 26 հունիսի, 2020
Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Այսօր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին։ Նախարար Մնացականյանը ևս մեկ անգամ շնորհավորեց իր գործընկերոջը պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ` մաղթելով նրան նորանոր հաջողություններ իր ստանձնած կարևոր առաքելության մեջ։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, ի շարունակություն Երևանում հունիսի 19-ին կայացած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի քննարկումներին, մտքեր փոխանակեցին ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ: Նախարար Մնացականյանն ընդգծեց Արցախի ժողովրդի և նրա կողմից ընտրված իշխանության դերը խաղաղ կարգավորման գործընթացում: Այդ առնչությամբ երկուստեք կարևորվեց նման ձևաչափով պարբերական հանդիպումների անցկացումը՝ խաղաղ գործընթացի բովանդակային, ռիսկերի նվազեցման և հումանիտար հարցերի շուրջ դիրքորոշումների և մոտեցումների ճշգրտման առումով:  Նախարարներ Մնացականյանը և Մայիլյանը բարձր գնահատեցին Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև միջազգային և տարածաշրջանային տարբեր հարցերի շուրջ խորհրդակցությունների անցկացումը՝ որպես լավ հնարավորություն` անդրադառնալու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերին և համագործակցության հեռանկարներին: Նախարարներն անդրադարձան նաև նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրադրությանը և վերջինիս սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը: 
19:30 - 25 հունիսի, 2020
Ստորագրվեց Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան․ ԱԳՆ

Ստորագրվեց Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան․ ԱԳՆ

Հունիսի 24-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատտաինի-Դրագոնիի ներկայությամբ ՀՀ անունից ստորագրեց Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Կոնվենցիայով ամրագրվում է պաշտոնական փաստաթղթերի հասանելիության ընդհանուր իրավունքը։ Կոնվենցիան հնարավորություն է ստեղծում չափանիշներ ներդնել ազգային օրենսդրությունում և պրակտիկայում, որոնք ապահովում են պետական կառույցների գործունեության առավել բարձր թափանցիկությունը, ինչը լավ կառավարման և իրապես ժողովրդավար և բազմակարծությամբ նշանավորվող հասարակության կարևոր ցուցանիշ է։ Այն նաև հնարավորություն է ընձեռում անհատին լիարժեքորեն իրացնել իր հիմնարար իրավունքները՝ բարձրացնելով քաղաքացու վստահությունը պետական մարմինների նկատմամբ։ Կոնվենցիան նախատեսում է նաև ազգային օրենսդրությամբ պաշտոնական փաստաթղթերի մատչելիության հնարավոր սահմանափակումներ՝ տարբեր բնագավառներում (ազգային անվտանգություն, պաշտպանություն, միջազգային հարաբերություններ) շահերի պաշտպանության նպատակով։ Կոնվենցիայով սահմանվող հանձնառությունները Հայաստանն արդեն լիովին իրականացրել է ազգային օրենսդրությամբ և պրակտիկայով: Մեր երկիրն արդեն իսկ ունի տեղեկատվության ազատության ոլորտում այլ երկրների համար օրինակելի պրակտիկա, հետևաբար, կոնվենցիային միանալով, Հայաստանի Հանրապետությունը ևս մեկ անգամ վերահաստատում է Եվրոպայի խորհրդի երկրներում պետական մարմինների գործունեության թափանցիկության և տեղեկատվության հանրային մատչելիության առաջմղման կարևորությունը և այդ հարցում ՀՀ կառավարության հանձնառությունը։
09:32 - 25 հունիսի, 2020
Օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ և օտարազգի դիմորդները ՀՀ ուսումնական հաստատություններ ընդունելության համար փաստաթղթերը կարող են ներկայացնել  առցանց

Օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ և օտարազգի դիմորդները ՀՀ ուսումնական հաստատություններ ընդունելության համար փաստաթղթերը կարող են ներկայացնել առցանց

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 700-Ն և ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 1295-Ն որոշումները, սկսում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2020-2021 ուսումնական տարում ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունվելու համար: Օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ և օտարազգի դիմորդները փաստաթղթերն առցանց պետք է ներկայացնեն ԿԳՄՍ նախարարություն հետևյալ ժամկետներում՝ անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար.2020թվականի հուլիսի 13-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ. վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսանելու համար.2020 թվականի հուլիսի 13-ից մինչև սեպտեմբերի 25-ը ներառյալ, վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ուսանելու համար.2020 թվականի հուլիսի 13-ից մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ, վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսանելու համար.2020 թվականի հուլիսի 13-ից մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ, վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ուսանելու համար.2020 թվականի հուլիսի 13ից մինչև դեկտեմբերի 10-ը ներառյալ, վճարովի առկա ուսուցմամբ նախնական մասնագիտական (արհեստագործական) և վճարովի առկա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանելու համար.2020 թվականի հուլիսի 13-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ, հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանելու համար2020 թվականի հուլիսի 13-ից մինչև նոյեմբերի 20 -ը ներառյալ, վճարովի առկա ուսուցմամբ նախապատրաստական բաժանմունքում ուսանելու համար2020 թվականի հուլիսի 13-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ: Փաստաթղթերն առցանց ԿԳՄՍ նախարարություն ներկայացվում են` դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից բարձրագույն ուսումնական հաստատության կողմից, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով. Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը Դիմում` համաձայն կից ներկայացված ձևի, Դիմում-հարցաթերթիկ` համաձայն կից ներկայացված ձևի, բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջական վիճակի մասին (սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից), անձնագրի պատճեն, սփյուռքահայ դիմորդների համար` ծննդյան վկայականի պատճեն` նոտարով վավերացված կամ մկրտության վկայականի պատճեն, կրթական աստիճանի վերաբերյալ ավարտական փաստաթղթի պատճենը (գնահատականներով)` թարգմանված և նոտարական, իսկ առանձին երկրների դեպքում` նաև միջազգային վավերացմամբ (ապոստիլ), 3x4 չափսի 1 լուսանկար, ինքնակենսագրություն (CV)` հայերենով, ռուսերենով կամ անգլերենով, հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու համար՝ ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ` 20 էջի սահմաններում, հայերենով, ռուսերենով կամ անգլերենով: Դիմորդները վերոնշյալ 1-9-րդ կետերով պահանջվող փաստաթղթերը սահմանված ժամկետներում պետք է ներկայացնեն առցանց՝ ԿԳՄՍ նախարարության [email protected] էլեկտրոնային հասցեին։ Գիտելիքների գնահատման ընթացքում դիմորդները պարտավոր են 1-9-րդ կետերով պահանջվող փաստաթղթերի բնօրինակները ներկայացնել ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն կամ տվյալ ուսումնական հաստատություն: Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակը, սփյուռքահայ և օտարերկրյա դիմորդների գիտելիքների ստուգման ժամանակացույցը կարող է փոփոխվել: Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձինք (այդ թվում՝ օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդներ) Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո ենթակա են 14 օրյա ինքնամեկուսացման: Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության հետևյալ բաժիններին՝ սփյուռքի հետ կապերի բաժին (հեռ.+374 10-599-647) արտաքին կապերի բաժին (հեռ.+374 10-599-646) Առավել մանրամասն՝ escs.am-ում
13:07 - 24 հունիսի, 2020
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցեց ԵԱՀԿ 2020թ. Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցեց ԵԱՀԿ 2020թ. Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին

Հունիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը տեսակապի ձևաչափով մասնակցեց ԵԱՀԿ 2020թ. Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին: Համաժողովի բացման նիստում հանդես եկան ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և արտաքին գործերի նախարար Էդի Ռաման և ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը: Համաժողովին ելույթով հանդես եկավ նաև ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը: Հիշելով Հելսինկիի եզրափակիչ ակտի ստորագրման 45-րդ տարելիցը` նա նշեց, որ 1975թ. ի վեր ԵԱՀԿ ընտանիքի էական ընդլայնումը տեղի է ունեցել դրա սկզբունքների՝ ներառյալ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կիրառման շնորհիվ:: Ապիտոնյանն ընդգծեց, որ Հայաստանը և Արցախը շարունակում են հավատարիմ մնալ 1994թ. հրադադարի մասին անժամկետ համաձայնագրի տառին և ոգուն: ԱԳ նախարարի տեղակալը հիշատակեց լրագրողների փոխանակումը հակամարտության բոլոր երեք կողմերի միջև, որպես վստահության ձևավորման լավ օրինակ, ինչը կարող է նպաստել լարվածության նվազեցմանն ու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար նպաստավոր պայմանների ստեղծմանը։ Ապիտոնյանը մտահոգություն հայտնեց, որ, այդուհանդերձ, հարևան երկրում պետական մակարդակով հնչող շարունակական ռազմատենչ հռետորաբանությունը, տարածքային պահանջների առաջ քաշումը, պատմությունը վերաշարադրելու փորձերը խոչընդոտում են խաղաղ գործընթացին: ԱԳ փոխնախարարն ընդգծեց, որ Հայաստանն առաջիններից էր, ով իր աջակցությունը հայտնեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ գլոբալ հրադադար հաստատելու կոչին: Հայաստանը ողջունեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ զսպվածություն ցուցաբերելու և հակամարտության գոտում իրավիճակը վտանգող ցանկացած գործողությունից հրաժարվելու կոչը՝ նկատի ունենալով ներկայումս դիտարկումների անցկացման սահմանափակումները: ԱԳ նախարարի տեղակալը նշեց, որ չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և Մինսկի խմբի համանախագահների կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը՝ այդ թվում թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները: Ավելին, անցկացվել են լայնածավալ զորավարժություններ՝ ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի դրույթների խախտումներով՝ սրելով առանց այն էլ փխրուն անվտանգային իրավիճակը: Իր խոսքում Արտակ Ապիտոնյանն ընդգծեց, որ ճգնաժամերի դեպքում, ինչպիսին է Covid-19 համաճարակը, առավել կարևորվում է ԵԱՀԿ ներկայությունը հակամարտության գոտում:    
20:51 - 23 հունիսի, 2020
Ջավախքցի դիմորդները զրկված են Հայաստան ընդունվելու հնարավորությունից |jnews.ge|

Ջավախքցի դիմորդները զրկված են Հայաստան ընդունվելու հնարավորությունից |jnews.ge|

<h3jnews.ge: class="post-title">Ջավախքցի դիմորդները զրկված են Հայաստան ընդունվելու հնարավորությունից Դիտումների քանակը: 1834|նորություններ|22.06.2020     Ջավախքցի դիմորդները, ովքեր ուզում են բարձրագույն կրթություն ստանալ Հայաստանում, փակ սահմանների պատճառով չեն կարողանում մասնակցել ազգային միասնական քննություններին: Մի քանի տասնյակ դիմորդներ հավաքական նամակ են գրել Հայաստանի համապատասխան գերատեսչություններին, խնդրանքով, որ իրենց հնարավորություն տրվի մասնակցել քննություններին: Բանն այն է, որ կորոնավարակի համաճարակի պատճառով արդեն մի քանի ամիս է փակ են միջպետական սահմանները, այդ թվում՝ հայ-վրացական սահմանը: Այդ իսկ պատճառով օտարերկրյա դիմորդները չեն կարողանում Հայաստանում մասնակցել ազգային միասնական քննություններին: Ջավախքցի դիմորդների հավաքական նամակում մասնավորապես նշված է. «Մենք՝ հայ դիմորդներս, չենք կարող հատել հայ-վրացական սահմանը և մասնակցել միասնական ազգային քննություններին Հայաստանում գտնվող քննական կենտրոններում: Խնդրում ենք աջակցել մեզ և ստեղծել քննական հանձնաժողով և քննական կենտրոն Վրաստանի տարածքում: Մենք հայ ենք, Վրաստանի քաղաքացի և ցանկանում ենք բարձրագույն կրթություն ստանալ Հայաստանի հանրապետության բուհերում»: Վրաստանի քաղաքացի հայ դիմորդները դիմում են՝ Հայաստանի հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին, Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Փաշայանին, Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանին և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին: Նամակն ստորագրել են մի քանի տասնյակ դիմորդներ: Նրանք հույս ունեն, որ Հայաստանի իշխանություններն ըմբռնումով կմոտենան իրենց խնդրանքին: Ամեն տարի Ջավախքից մոտավոր 250-300 դիմորդ ընդունվում է Հայաստանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններ:
10:36 - 23 հունիսի, 2020
Սա մեկ երրորդով թարմացված բանաձև է, եւ ուժեղացնում է ցեղասպանությունների կանխարգելման օրակարգը․ Արտակ Ապիտոնյան

Սա մեկ երրորդով թարմացված բանաձև է, եւ ուժեղացնում է ցեղասպանությունների կանխարգելման օրակարգը․ Արտակ Ապիտոնյան

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի մեկնաբանությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևի ընդունման վերաբերյալ ▪️Բանաձևը վայելում էր 58 երկրների համահեղինակումը, ընդ որում՝ այստեղ ներգրավված էին երկրներ բոլոր 5 տարածաշրջաններից՝ ԵՄ բոլոր անդամ երկրները, եվրոպական այլ երկրներ, Ասիայից, Աֆրիկայից, Կենտրոնական և Լատինական Ամերիկայից, Ավտրալիան, Կանադան։ Նման լայնածավալ աջակցությունը վկայում է այն կարևորության մասին, որ միջազգային հանրությունը հատկացնում է ցեղասպանությունների կանխարգելման օրակարգին։ ▪️Բանաձևը ևս մեկ անգամ կոչ է անում ուշադրություն դարձնել մարդու իրավունքների զանգվածային խախտումներին, քանի որ ընդունված փաստ է, որ այդ զանգվածային խախտումները, որոնք ունենում են էթնիկ, կրոնական և այլ բաղադրիչ, հետագայում կարող են հանգեցնել ցեղասպանությունների։ Մեր ներկայացրած բանաձևը ևս մեկ անգամ ամրապնդում է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի, Ցեղասպանությունների կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի, ՄԱԿ-ում մարդու իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունների, մարդու իրավունքների մոնիթորինգային մարմինների հատուկ ընթացակարգերի միջև սերտ կապի հաստատումը՝ որպես վաղ կանխարգելման միջոցների ամրապնդման կարևորագույն գործոն: Հատուկ շեշտադրվում է կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունների կանխարգելման դերը՝ որպես ցեղասպանությունների կանխարգելման կարևորագույն մաս. գաղտնիք չէ, որ ցեղասպանությունների ընթացքում նրանց հանդեպ բռնությունները հանդիսանում են գործողությունների բաղադրիչ։ Այս տարի ներդրված մեկ այլ նորամուծություն հուշարձանների պահպանման և հուշարձանների, հիշատակի վայրերի պահպանման կարևորությունն է՝ որպես ցեղասպանությունների կանխարգելման և ցեղասպանությունների վերաբերյալ հիշողության փոխանցման կարևորագույն խնդիր։ Ներկայացվում է նաև ժխտողականության դեմ պայքարի անհրաժեշտությունը, և, մասնավորապես, նախկինում գործած ցեղասպանությունների ժխտումը կամ արդարացումը համարվում է գործոն, որը կարող է նպաստել բռնությունների վերսկսմանը։ Բանաձևի կարևորագույն բնութագրիչներից է ցեղասպանությունների կանխարգելմանը հատուկ գործնական քայլերով ուղղորդելու անհրաժեշտությունը, որն էլ ավելի ամրապնդում է միջազգային հանրության ջանքերն այդ սարսափելի ոճրագործությունն այլևս երբեք թույլ չտալու ուղղությամբ։  Այս բանաձևը ևս մեկ որակապես նոր քայլ է, մեկ երրորդով թարմացված բանաձև է և բերում է բազմաթիվ նոր բաղադրիչներ ցեղասպանությունների կանխարգելման օրակարգն ուժեղացնելու համար։
22:16 - 22 հունիսի, 2020
Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձև է ընդունվել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում

Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձև է ընդունվել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում

Հունիսի 22-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի նախաձեռնությամբ առաջադրված Ցեղասպանության կանխարգելում բանաձևը (Resolution on prevention of genocide): Բանաձևը, որն ավանդաբար ներկայացվում է Հայաստանի կողմից, հիմնվում է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի տրամաբանության վրա: Բանաձևը վերահաստատում է Կոնվենցիայի այն դրույթը, որ պատմության բոլոր ժամանակաշրջաններում ցեղասպանությունը մեծ կորուստներ է պատճառել մարդկությանը: Բանաձևը համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռում է ցեղասպանության հանցագործության վտանգի և ժամանակակից աշխարհում այս հանցագործության կրկնումը բացառելու գաղափարի վրա՝ ընդգծելով այդ սոսկալի հանցագործության վերացման ուղղությամբ պետությունների միասնական ջանքերի անհրաժեշտությունը:  2020 թվականին Հայաստանի կողմից ներկայացված բանաձևը ևս մեկ անգամ վերահաստատում է այն գաղափարը, որ անցյալում գործած ցեղասպանությունների արդարացումը կամ դրանց ժխտումը կարող են հանգեցնել նոր բռնությունների: Բանաձևի թարմացված տեքստը ներառել է բազմաթիվ նոր դրույթներ. ի թիվս այլոց, ընդգծվել է այն իրողությունը, որ ցեղասպանության վտանգ կա այն երկրներում, որտեղ զանգվածային կերպով խախտվում են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, այդ թվում, թիրախավորվում և հետապնդվում են էթնիկ, ռասայական, ազգային կամ կրոնական փոքրամասնությունները: Այս համատեքստում ուշադրություն է հրավիրվել ցեղասպանության այնպիսի վաղ ազդակների վրա, ինչպիսիք են քաղաքական գործիչների կողմից նշված խմբերի հանդեպ ատելության խոսքի տարածումն ու նրանց իրական կերպարի աղավաղումը: Նշվել է ազգային, կրոնական և էթնիկ փոքրամասնությունների մշակութային և հոգևոր ժառանգության ու պատմական հուշարձանների պահպանման կարևորությունը: Բանաձևը վերահաստատում է, որ ցեղասպանության կանխարգելման հիմնական տարրերից է անցյալում գործած ցեղասպանությունների մասին ուսուցումը և զոհերի հիշատակի հարգումը (memorialization), ըստ այդմ՝ ընդգծվել է անցյալում գործած ցեղասպանությունների հետ կապված վկայությունների ու արխիվային նյութերի պահպանման անհրաժեշտությունը: Հայաստանի կողմից առաջադրած բանաձևն արտացոլում է խնդրի վերաբերյալ ժամանակակից աշխարհում տեղի ունեցող զարգացումներն ու համահունչ է ՄԱԿ-ի կողմից նախանշված գերակայություններին: Այսպես, անդրադառնալով ՄԱԿ-ի Կայուն զարգացման թիրախներին՝ փաստաթուղթն ընդգծում է, որ դրա 4-րդ նպատակը պետք է իրականացվի նաև անցյալում գործած ցեղասպանություններն ուսուցանելու միջոցով: Հայաստանի կողմից ներկայացված փաստաթուղթը բարձրացնում է համամարդկային նշանակության խնդիրներ, այդ թվում, դատապարտում է կանանց և աղջիկների հանդեպ ցեղասպան գործողությունները և նրանց որպես ցեղասպանության գործիք օգտագործելու պրակտիկան: Բանաձևը ողջունում է Հայաստանի կողմից նախաձեռնած «Ընդդեմ ցեղասպանության կանխարգելման» երրորդ գլոբալ ֆորումը, որը տեղի է ունեցել Երևանում 2018 թվականի դեկտեմբերի 9-ին և նվիրված է եղել կրթության, մշակույթի և թանգարանների միջոցով ցեղասպանությունների կանխարգելման խնդրին: Հիշեցնենք, որ 2015 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր 69-րդ նստաշրջանին կոնսենսուսով ընդունեց Հայաստանի կողմից նախաձեռնած՝ դեկտեմբերի 9-ը (կոնվենցիայի ընդունման օրը) «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման  միջազգային օր» հռչակելու վերաբերյալ բանաձևը: Հայաստանը Մարդու իրավունքների խորհրդի ընտրված անդամ է 2020-2022 թվականների համար և որպես Խորհրդի անդամ, իր գերակայությունների թվում նշել է, որ նպաստելու է ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելմանն ուղղված համաշխարհային ջանքերին՝ ազգային և միջազգային մեխանիզմների ամրապնդման միջոցով: Հայաստանի կողմից ձեռնարկվող այս քայլերը սերտորեն փոխկապակցված են Հայոց ցեղասպանության ընդունման և դրա ժխտողականության դեմ պայքարի հետ, քանի որ ցեղասպանությունների և մարդկության հանդեպ գործած այլ ոճրագործությունների կանխարգելման միջազգային օրակարգի մաս են կազմում, որի հիմնական տարրերն են՝ անպատժելիության դեմ պայքարը, ճշմարտության վերականգնումը, ցեղասպանության հիմնարար պատճառների բացահայտումը և վաղ կանխարգելման մեխանիզմների հիմնումը: Ցեղասպանության կանխարգելում բանաձևը ներկա պահին համահեղինակել է մոտ 60 պետություն: Այն բաց է լինելու համահեղինակության համար ևս երկու շաբաթ:
21:37 - 22 հունիսի, 2020
Երեւանում «Փախստականների իրավունքների արդյունավետ և հարատև պաշտպանությունը Հայաստանում» խորագրով համաժողով է անցկացվել

Երեւանում «Փախստականների իրավունքների արդյունավետ և հարատև պաշտպանությունը Հայաստանում» խորագրով համաժողով է անցկացվել

ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը ելույթ է ունեցել «Յուրաքանչյուր գործողություն կարևոր է. Փախստականների իրավունքների արդյունավետ և հարատև պաշտպանությունը Հայաստանում» խորագրով առցանց համաժողովին: Ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Շնորհակալություն Մարդկային զարգացման միջազգային կենտրոնին և նրա տնօրեն Թևան Պողոսյանին, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի երևանյան գրասենյակին և Հայաստանի միգրացիոն ծառայությանն այս նախաձեռնության համար։ Ցանկանում եմ ողջունել նաև մեր մյուս մասնակիցներին՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին, Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին և մեր բոլոր մյուս մասնակիցներին։  20 տարի առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ հունիսի 20-ը հռչակվեց Փախս­տականների համաշխարհային օր: Այս քայլը նախ և առաջ հարգանքի դրսևորում էր այն մարդկանց հանդեպ, որոնք ճակատագրի բերումով դարձել էին փախստական: Օրվա առիթը ևս մեկ հնարավորություն է հետադարձ հայացք գցելու և գնահատելու այն քայլե­րը, որոնք արվել և արվում են փախստականներին օգնելու նպատակով: 20-րդ դարը կոչել են փախստականների դարաշրջան: Դարասկզբին Հայաստանը և հայությունը դարձել էին նոր ձևավորվող համաշխարհային մարդասիրական գործողությունների առաջին նպատակակետերից: Հայ փախստականներին հումանիտար աջակցություն ցուցաբերելու նպատակով ստեղծված Մերձավոր Արևելքում օգնության կոմիտեն աշխարհում առաջին լայնածավալ, ժամանակակից հումանիտար արձագանքման ծրագիրն էր: Այսօր հատուկ ցանկանում եմ հարգանքի տուրք մատուցել Ազգերի լիգայի փախս­տականների հարցերով առաջին գերագույն հանձնակատար Ֆրիտյոֆ Նանսենին, որին հայ ժողովուրդն առանձնակի սիրով և ջերմությամբ է հիշում: Նանսենի գործունեության արդյունքում ցեղասպանությունից փրկված 320 հազար փախստական հայեր ստացան «նանսենյան» կոչվող անձնագրեր, որոնք մնացին նրանցից շատերի միակ անձնագիրը տասնամյակներ շարունակ: Հայաստանն իր նորագույն պատմության ընթացքում ևս ստիպված է եղել դիմագրավել փախստականների աննախադեպ հոսքին: Խորհրդային Միության վերջին տարիներին՝ 1988թ. փետրվարից Ադրբեջանի հայ ազգաբնակչության նկատմամբ բռնությունների և ջարդերի արդյունքում իրենց մշտական բնակավայրերը լքեցին ավելի քան կես միլիոն հայեր, որոնցից մոտ 400 հազարը գաղթեց Հայաստան: Ավելի ուշ, Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանամերձ շրջանների ռմբակոծությունների և Արծվաշեն բնակավայրի գրավման արդյունքում անօթևան մնացին ևս 72 հազար ներքին տեղահանվածներ: Փաստորեն, նորանկախ Հայաստանին բաժին հասավ ավելի քան կես միլիոն տեղահանվածների, ինչպես նաև 1988թ. երկրաշարժի հետևանքով ավելի քան կես միլիոն անօթևան մնացած մարդկանց անհետաձգելի կարիքների լուծման պատասխանատվությունը: Մարդկանց ծածկով ապահովելու հիմնախնդիրը լուծելու համար գործի դրվեցին բոլոր ռեսուրսները՝ հյուրանոցները, հանգստյան տները, դպրոցական և վարչական շենքերը: Բռնագաղթվածների մի մասն էլ հյուրընկալվեցին ծանոթների, բարեկամների, անգամ անծանոթ անձանց տներում: Փախստականներին օգնելու և նրանց հոգսերը կիսելու տեղի բնակչության պատրաստակամության շնորհիվ էր նաև, որ հնարավոր եղավ խուսափելու փախստականների համար վրանային քաղաքներ և թաղամասեր ստեղծելու անցանկալի հեռանկարից: Այս շրջանում անգնահատելի էր միջազգային հանրության, այդ թվում նաև ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի ճանապարհով ստացվող օժանդակությունը: 1990-ական թվականների կեսերին արդեն իսկ պարզ դարձավ, որ փախստականների կամավոր վերադարձը հայերի հանդեպ ատելության և թշնամանքի պետական քաղաքականություն վարող երկիր իրատեսական չէ: Այս պայմաններում, մեր կառավարությունը որդեգրեց նատուրալիզացիայի ճանապարհը: Հայաստանում փախստականների ինտեգրման և նրանց քաղաքացիություն շնորհելու փորձը ՄԱԿ ՓԳՀ-ը գնահատել է որպես աշխարհում փախստականների նատուրալիզացման լավագույն փորձերից: Ավելորդ է նշել, որ մեզ համար մշտապես քաղաքակրթորեն խորթ է եղել փախստականների խնդիրները շահարկելու և դրանք քաղաքական ճնշման գործիք դարձնելու ամոթալի գործելակերպը: Պետք է շեշտեմ, որ Հայաստանի և Արցախի կառավարությունների իրականացրած նատուրալիզացիայի հաջող ծրագրերը ամենևին չեն նշանակում փախստականների՝ իրենց բնակության վայրերը վերադառնալու կամ կրած նյութական վնասների համար փոխահատուցում ստանալու խնդրի բավարարում: Սա մնում է յուրաքանչյուր փախստականի և նրա սերունդների անքակտելի իրավունքը: Պետք է նշեմ, որ նույնիսկ փոխհատուցումների խնդրում Հայաստանը փորձել է կատարել առավելագույնը: Հայաստանից արտագաղթած ադրբեջանցիները գերակշիռ մեծամասնությամբ ժամանակ են ունեցել և իշխանությունների կողմից նրանց հնարավորություն է տրվել վաճառելու կամ փոխանակելու իրենց ունեցվածքը, ստանալու բանկային խնայողությունները: Բացի այդ, Հայաստանի կառավարությունը տնտեսական աղետի և շրջափակման պայմաններում 110 մլն. ամերիկյան դոլարի չափով փոխհատուցել է նրանց կրած նյութական վնասները: Մինչդեռ Բաքվի և Սումգայիթի ջարդերից և Դաշտային Ղարաբաղի և Գետաշենի տարածքներում պատերազմական գործողություններից հետո Ադրբեջանից Հայաստան և Արցախ գաղթած հայ փախստականները, որոնք հասկանալի պատճառներով այդ հնարավորությունները չեն ունեցել, մեծ մասամբ թողել են իրենց ամբողջ ունեցվածքը և մինչ օրս որևէ փոխհատուցում չեն ստացել կրած նյութական և ոչ նյութական կորուստների համար: 2016 թվականի ապրիլին Ադրբեջանը Արցախի հանդեպ հրահրեց նոր ռազմական ագրեսիա: Թալիշի, Մարտունու, Մարտակերտի և Հադրութի տեղահանված երկու հազարից ավել այն բնակիչներին, որոնք կարճատև ապաստան գտան Հայաստանում, իրենց օժանդակությունը ցուցաբերեցին ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որոնց, օգտվելով այս առիթից, ցանկանում եմ կրկին շնորհակալություն հայտնել: Հայաստանի կառավարությունը բազմիցս է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել կոնֆլիկտային գոտիներում բնակվող ազգաբնակչության խոցելիության հանգամանքի վրա՝ կոչ անելով ապահովել վերջիններիս պաշտպանվածությունը միջազգային իրավունքի, առաջին հերթին մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքը: Մարդասիրական ծրագրերի իրականացումը, ճգնաժամային իրավիճակներում հայտնված բնակչության հրատապ հումանիտար օժանդակության ցուցաբերումը պետք է իրականացվեն անկախ որևէ հանգամանքից, այդ թվում տարածքի կարգավիճակից: Իմ այս խոսքերն արդիական են նաև մեր այսօրվա համատեքստում, երբ մարդկությունը համախմբվել է COVID-19 համավարակի դեմ պայքարում: Ցայսօր մտահոգիչ է մնում Արցախում առկա ավելի քան 30 հազար փախստականների և ներքին տեղահանվածների անտեսվածության հարցը, նրանք զրկված են արտաքին օգնությունից և միջազգային պաշտպանությունից: Դա տարօրինակ է հատկապես ՄԱԿ-ի և, մասնավորապես, ՄԱԿ-ի ՓԲՀԳ-ի պարագայում, որն իր մանդատով լիազորված է, առանց հակամարտությունների առումով քաղաքական լուծումների սպասելու, օժանդակություն ցուցաբերելու փախստականներին: Կարծում ենք, որ սա այն խնդիրն է, երբ կազմակերպությունը պետք է իրականացնի իր մարդասիրական մանդատը՝ տեղիք չտալով այս խնդրի առաջացման համար պատասխանատու պետության կողմից իրականացվող ճնշումներին:  Չնայած սահմանափակ ֆինանսական կարողություններին՝ Հայաստանը, ինչպես նախկինում, այժմ էլ հանդես է գալիս որպես փախստականներ ընդունող երկիր՝ ապաստան տրամադրելով տարբեր ժամանակներում պատերազմից և ներքին տագնապներից տուժած մարդկանց: Տարբեր տարիներ Հայաստանն ընդունել է փախստականներ Իրաքից և Սիրիայից: 2009 թվականին Դարբնիկ գյուղում շահագործման հանձնվեց Իրաքի փախստականների համար ՄԱԿ-ի աջակցությամբ կառուցված առաջին Սոցիալական տունը: Այսօր Հայաստանում ապրում և արարում են Սիրիայից ժամանած շուրջ 22 000 փախստականներ: Հայաստանի կառավարությունը ղեկավարվում է փախստականների տարբեր՝ սոցիալ-տնտեսական, իրավական, հոգևոր-մշակութային, բարոյա-հոգեբանական կարիքները հոգալու համար իրական քայլեր իրականացնելու տրամաբանությամբ: Հայաստանը նաև իր հնարավորություններն է ներդնում փախստականների խնդիրների լուծման միջազգային ջանքերին:  Վերջին տասնամյակում աշխարհը կրկին կանգնեց նոր մարտահրավերների առջև, որոնց հետևանքներից է փախստականների մեծ հոսքերի առաջացումը: Ճգնաժամին դիմակայելու համար ընդունվեց ՄԱԿ-ի Գլոբալ կոմպակտ կոչվող փաստաթուղթը, որի մշակման գործընթացին իր ակտիվ մասնակցությունն է ունեցել  նաև Հայաստանի Հանրապետությունը: Փաստաթղթի հիմնական նպատակն է համատեղ ուժերով դիմակայել նոր մարտահրավերներին՝ հավասար կերպով կիսելով երկրների բեռը: 2015թ. ապրիլից Հայաստանը դարձել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործադիր կոմիտեի անդամ՝ դրանով իսկ միջազգային հարթակներում իր ներդրումն ունենալով փախստականների խնդիրների լուծման գործում: Գաղտնիք չէ, որ հենց մարդու իրավունքների կոպիտ և զանգվածային խախտումներն են հաճախ տեղահանման պատճառ դառնում, և այս առումով առավել խոցելի են ազգային, էթնիկ կամ կրոնական փոքրամասնությունները: Ընտրվելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ Հայաստանն այս կառույցում իր գործունեության առաջնահերթությունների թվում ընդգրկել է նաև փախստականների իրավունքներին, փախստականների հոսքեր ծնող պատճառներին անդրադառնալու հարցերը: Մենք համոզված ենք, որ ամեն երկիր պետք է կարողանա լիարժեքորեն օգտագործել փախստականների ներուժը, ինչը կնպաստի նրանց ռեալ ինտեգրմանը ընդունող երկրում»։
12:25 - 21 հունիսի, 2020
Յուրաքանչյուր փախստականի պատմություն հուսահատության և տառապանքի, հաճախ՝ օտարման, պաշտպանության և մարդկային արժանապատվության մերժման պատմություն է․

Յուրաքանչյուր փախստականի պատմություն հուսահատության և տառապանքի, հաճախ՝ օտարման, պաշտպանության և մարդկային արժանապատվության մերժման պատմություն է․

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ուղերձ է հղել Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ։ «Այսօր մենք նշում ենք Փախստականների համաշխարհային օրը Միլիոնավոր մարդիկ աշխարհում շարունակում են առերեսվել հուսահատությանը և պայքարել իրենց կյանքերի, ընտանիքների, երեխաների փրկության համար, հարկադրաբար լքել իրենց տներն ու համայնքները, լքել իրենց հայրենիքը և ապաստան գտնել օտար հողում Աշխարհահռչակ ֆրանսիահայ և համաշխարհային հումանիստ Շարլ Ազնավուրը մեկ անգամ հիշարժան դիտարկում է արել. «Այն ամենը, ինչը կատարվում է փախստականների հետ, շատ խորն ազդեցություն է թողել ինձ վրա, ես պատկերացնում եմ իմ ծնողներին այդ իրավիճակում, երբ նրանք լքեցին իրենց տունը և եկան Ֆրանսիա։ Ահա թե ինչու ես միշտ կլինեմ այն մարդկանց կողքին, ովքեր թակում են դռները, այլ ոչ թե նրանց, ովքեր փակում են դրանք Յուրաքանչյուր փախստականի պատմություն հուսահատության և տառապանքի, հաճախ՝ օտարման, պաշտպանության և մարդկային արժանապատվության մերժման պատմություն է։ Այսօր մենք վերահաստատում ենք մեր համերաշխությունը մարդածին կամ բնածին աղետների բոլոր տուժածներին, պատվում ենք նրանց խիզախությունն ու տոկունությունը, աջակցում նրանց հույսին։ Մենք միասին հարգանքի տուրք ենք մատուցում բոլոր նրանց, ովքեր իրենց օգնության ձեռքն են մեկնում փախստականներին՝ ընդունելով իրենց համայնքներում։ Մենք նաև վերահաստատում ենք մեր հանձնառությունը 1951 Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիային Հայաստանը հյուրընկալում է նշանակալի մեծ թվով փախստականների և ապահովում նրանց հասանելիությունը այն քաղաքացիական, քաղաքական, տնտեսական և մշակութային իրավունքներին, որոնցից օգտվում են իր քաղաքացիները: Աշխարհում կան բազմաթիվ շարունակվող հակամարտություններ, որոնք գլոբալ հարկադիր տեղահանումների աճի հիմնական պատճառ են: Սիրիայում հակամարտության արդյունքում մոտ 22.000 տեղահանված անձ ապաստան է գտել Հայաստանում։ Տեղահանության այս նոր ալիքը համալրում է այն բոլոր նմանատիպ մարտահրավերները, որոնց Հայաստանն արդեն առերեսվել էր Ադրբեջանից հարյուր հազարավոր և ոչ այդքան վաղ անցյալում Իրաքից հազարավոր տեղահանված փախստականներին ընդունելու և ինտեգրելու գործընթացում։ Գլոբալ անապահովությունը, տարբեր, ներառյալ հարևան տարածաշրջաններում անկայունությունը, չլուծված հակամարտությունները հանդիսանում են հիմնական մտահոգության առիթը՝ ներառյալ փախստականների խորացող խնդիրների համատեքստում։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ ցանկանում եմ ընդգծել երկու կարևոր կետ։ Առաջինը վերաբերում է միջազգային համերաշխության սկզբունքին, որը ամրագրված է նաև 1951թ.-ի՝ Փախստականների մասին կոնվենցիայի նախաբանում՝ վերստին հիշեցնելով, որ ապաստարանի տրամադրումը կարող է անհարկի ծանր բեռ լինել որոշակի երկրների համար, և որ այս խնդրի լուծումը չի կարող հաջողությամբ պսակվել առանց միջազգային համագործակցության։  Այս առնչությամբ կարևոր է ամրապնդել մեր հանձնառությունն արդյունավետ բազմակողմանիությանը և մեր համաշխարհային ամուր աջակցությունը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակին: ՄԱՓԳՀ-ի հայաստանյան գրասենյակը Հայաստանի կայուն գործընկերն է, ինչն արժանի է բարձր գնահատանքի և հարգանքի: Գերագույն հանձնակատարի ղեկավարույամբ գրասենյակն այս տարիների ընթացքում սահմանել է Հայաստանում օգնության և համագործակցության ամուր նշաձող՝ հասցեագրելու փախստականների և տեղահանվածների ծանր կացությունը: Այս համագործակցությունը շարունակվելու է: Մարդասիրական մարտահրավերների և, մասնավորապես, փախստականների ծանր կացության հարցերի արդյունավետորեն հասցեագրմանն ուղղված միջազգային համագործակցությունը չպետք է ունենա սահմաններ և պետք է լինի իսկապես ընդգրկուն: ՄԱՓԳՀ-ն, ինչպես նաև այլ մասնագիտացված գրասենյակները, պետք է անխափան մուտք ունենան Արցախ, որպեսզի իրագործվի հանձնառությունը, որ որևէ մեկը չպետք է անտեսվի:  Երկրորդ, կոնվենցիայի համաձայն՝ հումանիտար ճգնաժամերի և փախստականների տառապանքների քաղաքականացման բացառումը շարունակում է մնալ հրամայական: Որևէ պարագայում չպետք է հանդուրժենք փախստականների և տեղահանված անձանց  հարցերի վերածումը քաղաքական նպատակներին ծառայող գործիքի, ինչպիսին էլ որ  լինեն այդ նպատակները: Երկարաժամկետ լուծումները պետք է ձևակերպվեն որպես խիստ հումանիտար խնդիրներ և մնան որպես այդպիսին: Այս ուղերձը հատկապես կարևոր է այսօր, երբ աշխարհը առերեսվում է COVID-19 համավարակին։  Հայաստանի կառավարությունը մեծապես գիտակցում է փախստականների և տեղահանված անձանց արժեքն ու ներուժը, նրանց ինտեգրման ուժը և ներդրումը մեր հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Տեղական ինտեգրման գործընթացում Հայաստանի փախստականները ի ցույց են դրել ինքնավստահության և առաջընթացի բացառիկ կարողություններ։ Որպես ներկա մարտահրավերներին առնչվող մեկ օրինակ՝ մեր հայրենակցիները՝ սիրիահայ կանայք, արտադրում են դիմակներ և օգնում Կառավարությանը պայքարել COVID-19 դեմ։  Հայաստանը հաստատակամորեն աջակցում է ՄԱԿ-ի Փախստականների համաշխարհային պայմանագրին։ Առանձնահատուկ կարևորելով ներառականությունը, խնդիրների բազմաշերտ շրջանակը, մարդասիրական ոլորտում համագործակցային քայլերի ճկունությունը և որևէ մեկին չանտեսելու աներեր վճռականությունը՝ պայմանագիրը հանդիսանում է գլոբալ համագործակցության արժեքավոր և խիստ արդիական հիմք։ Մոտ մեկ դար առաջ դանիացի միսիոներ Կարեն Եպպեն իրականացնում էր Ազգերի Լիգայի օրակարգում Հայոց ցեղասպանությունը վերապրած փախստականներին տնտեսական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ արշավ։ Ոմանք կարծում էին, որ դրա օգուտը շատ քիչ էր։ Կարեն Եպպեն շատ կարճ, այնուամենայնիվ, շատ համոզիչ պատասխան տվեց։ Նա ասաց. «Այո, մի փոքրիկ լույս է սա, բայց գիշերն այնքան խավար է»։  Շնորհակալություն»։
14:36 - 20 հունիսի, 2020
Ժխտողականությունն ապագա չունի. ՀՀ ԱԳՆ արձագանքը Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցի քննարկմանը |armenpress.am|

Ժխտողականությունն ապագա չունի. ՀՀ ԱԳՆ արձագանքը Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցի քննարկմանը |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության արդարացման և զոհերին վիրավորելու հայտարարությունները նորություն չեն և ատելության խոսքի դրսևորումներ են, որոնք ազդեցությունն են ունենում այդ երկրում հայերի հանդեպ այլատյացության մթնոլորտի ամրապնդման վրա: Այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` Թուրքիայի նախագահի աշխատակազմում Հայոց ցեղասպանության թեմայի արծարծման մասին հարցին ի պատասխան։  -Ինչպե՞ս կմեկնաբանեք այն փաստը, որ Թուրքիայի նախագահի աշխատակազմի բարձրագույն խորհրդատվական մարմինը նիստ է գումարել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, և պաշտոնական հաղորդագրության համաձայն` քննարկել այն գործողությունները, որոնք պետք է իրականացվեն ընդդեմ «1915թ. դեպքերի վերաբերյալ Թուրքիայի դեմ անհիմն պնդումների»։  -Թուրքիայի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության արդարացման և դրա զոհերին վիրավորելու հայտարարությունները նորություն չեն և իրենից ներկայացնում են ատելության խոսքի դրսևորումներ, որոնք իրենց ազդեցությունն են ունենում այդ երկրում հայերի հանդեպ այլատյացության մթնոլորտի պահպանման և ամրապնդման վրա: Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը հայ-թուրքական խնդիր չէ, դա Թուրքայի և միջազգային հանրության խնդիրն է: Դա է վկայում Թուրքիայի բազմաթիվ հայտարարությունները և գործողությունները՝ այս կամ այն երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:Մեզ և միջազգային հանրության համար Հայոց ցեղասպանությունը իրողություն է, որը նաև հիմք է ծառայել Ցեղասպանության դատապարտման և կանխարգելման 1948թ․ կոնվենցիայի մշակման և դրա հիման վրա ներկայումս ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման մեխանիզմների ներդրման համար: Ժխտողականությունը ապագա չունի, անկախ՝ ով և ինչպես կփաթեթավորի այն։ Որքան էլ Թուրքիայի իշխանությունները ջանքեր գործադրեն ճնշելու ճշմարտությունը, ամեն դեպքում ճշմարտությունը հարթել և հարթելու է իր ճանապարհը։ 
09:30 - 18 հունիսի, 2020
Համագործակցելով մեկ գործընկերոջ հետ, դա չենք անում մյուսի հետ հարաբերությունների հաշվին. ԱԳ նախարար |armenpress.am|

Համագործակցելով մեկ գործընկերոջ հետ, դա չենք անում մյուսի հետ հարաբերությունների հաշվին. ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց, որ Հայաստանի Հանրապետությունը, համագործակցելով մեկ գործընկերոջ հետ, դա չի անում մյուս գործընկերոջ հետ հարաբերությունների հաշվին: Մնացականյանն այս մասին ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանի՝ Կրոնական ազատության միջազգային դաշինքին Հայաստանի միանալու վերաբերյալ հարցին: Պատգամավորի այն դիտարկմանը, թե դաշինքի անդամ պետություններից Ամերիկայի Միացյալ Նահանգները հանդես է գալիս հակաչինական հայտարարություններով, Մնացականյանը նշեց, որ այդ հարթակը չի նախատեսում համատեղ գործնական որոշումների ընդունում: «Դաշինքը չի նախատեսում համատեղ գործնական որոշումների ընդունում, քվեարկության մեխանիզմ: Անդամ յուրաքանչյուր պետություն առաջնորդվում է իր ծրագրերով, առաջարկություններով: Հայաստանն արդեն բավական օրինակներ է ի ցույց տվել, որ համագործակցելով մեկ գործընկերոջ հետ, դա չի անում այլ գործընկերոջ հաշվին: Բացառվում է, որ մենք ներգրավենք մի գործառույթի մեջ, որը վնասի մեր համագործակցությանը որևէ այլ գործընկերոջ հետ: Սա կարևոր սկզբունք է, որին խստորեն հետևում ենք»,- ասաց Մնացականյանը: Արտաքին գործերի նախարարը նշեց, որ կրոնական ազատությունների հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում մնում է առանցքային: «Այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս աշխատել մեր բարեկամ երկրների հետ, առաջ տանելու ծրագրեր, որոնք նպաստելու են կրոնական փոքրամասնությունների պայմանների բարելավմանը»,- նշեց նախարարը:
18:38 - 17 հունիսի, 2020
ՄԱԿ-ը հրապարակեց Հայաստանի Կայուն զարգացման նպատակների 2020 թվականի կամավոր ազգային գնահատման զեկույցը

ՄԱԿ-ը հրապարակեց Հայաստանի Կայուն զարգացման նպատակների 2020 թվականի կամավոր ազգային գնահատման զեկույցը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի համակարգմամբ և բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ մշակվել և ՄԱԿ-ին է ներկայացվել Հայաստանի Կայուն զարգացման նպատակների կամավոր ազգային գնահատման զեկույցը: Փաստաթղթի մշակմանը մասնակցել են պետական մարմիններ, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակը, ՄԱԿ-ի տարբեր կառույցներ և  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում հրապարակված զեկույցը  ներկայացնում է Կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնած քայլերը 2018 - 2020 թվականների ժամանակահատվածում: Այն բաղկացած է խմբավորված հետևյալ հինգ բաժիններից՝ մարդկային կապիտալի զարգացում, ենթակառուցվածքների մատչելիության և տնտեսական զարգացման ապահովում, կոռուպցիայի դեմ պայքար, մարդու իրավունքների պաշտպանություն և արդարություն, շրջակա միջավայրի պաշտպանություն և կլիմայի փոփոխության դեմ պայքար, համագործակցություն հանուն կայուն զարգացման նպատակների կենսագործման: Հայաստանի Կայուն զարգացման նպատակների կամավոր ազգային գնահատման զեկույցը ներկայացվելու է նաև այս տարվա հուլիսին ՄԱԿ-ի շրջանակներում կայանալիք Բարձրաստիճան քաղաքական համաժողովի ընթացքում:
15:18 - 17 հունիսի, 2020
Տեղի ունեցավ Հայաստանի և Մոլդովայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների զրույցը՝ տեսակապի ձևաչափով

Տեղի ունեցավ Հայաստանի և Մոլդովայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների զրույցը՝ տեսակապի ձևաչափով

Հունիսի 15-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը տեսակապի ձևաչափով զրույց ունեցավ Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Օլեգ Ցուլեայի հետ: Նախարար Մնացականյանը շնորհավորեց իր մոլդովացի գործընկերոջը պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հաջողություններ մաղթելով այդ կարևոր առաքելությունում։ Հայաստանի և Մոլդովայի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված սոցիալ-տնտեսական մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերի շուրջ:  Անդրադառնալով հայ-մոլդովական երկկողմ հարաբերություններին՝ զրուցակիցները գոհունակություն հայտնեցին երկխոսության և համագործակցության դրական դինամիկայի կապակցությամբ և վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ գործնական քայլեր ձեռնարկելու երկկողմ օրակարգի առավել ընդլայնման և խորացման ուղղությամբ: Այդ համատեքստում առանձնահատուկ կարևորվեց տարբեր մակարդակներում քաղաքական երկխոսության հետագա ակտիվացումը, այդ թվում՝ փոխայցելությունների և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման միջոցով:  Որպես փոխգործակցության առաջնային ուղղություններ՝ ԱԳ նախարարները նշեցին գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության, առողջապահական ոլորտները: Նախարարներ Մնացականյանն ու Ցուլեան ընդգծեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության կարևորությունը: Զրուցակիցներն անդրադարձան համագործակցությանը տարածաշրջանային և միջազգային ձևաչափերում, այդ թվում՝ ԵՄ Արևելյան գործընկերության, ԵԱՏՄ, ՍԾՏՀ շրջանակներում:  Հայաստանի և Մոլդովայի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:
09:13 - 16 հունիսի, 2020
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Արցախի Շահումյանի շրջանի օկուպացիայի 28-րդ տարելիցի կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Արցախի Շահումյանի շրջանի օկուպացիայի 28-րդ տարելիցի կապակցությամբ

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը Արցախի Շահումյանի շրջանի օկուպացիայի 28-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։ «Այս օրերին լրանում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շահումյանի շրջանի օկուպացիայի 28-րդ տարելիցը: 1992թ. հունիսի կեսերին ադրբեջանական զինված ուժերն ամբողջովին գրավեցին Շահումյանի շրջանը և զանգվածային ոճրագործությունների միջոցով այնտեղից դուրս մղեցին հայկական բնակչությանը: Ամբողջական էթնիկ զտումից հետո Ադրբեջանը վերաբնակեցրեց շուրջ երկու տասնյակ հայկական բնակավայրեր ունեցող տարածաշրջանը: Նույն ճակատագրին արժանացան Արցախի Մարտակերտի և Մարտունու այն հատվածները, որոնք օկուպացվեցին Ադրբեջանի կողմից: Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող Արցախի տարածքներում իրականացված էթնիկ զտումները և ադրբեջանցիներով այդ տարածքների հաջորդական վերաբնակեցումն այսօր էլ Ադրբեջանի ղեկավարությունը ներկայացնում է որպես ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման լավագույն տարբերակ: Այս իրողությունն առավել ևս ընդգծում են այն անվտանգության վտանգները, որոնց ենթարկվում է այսօր Արցախի ժողովուրդը: Խստորեն դատապարտելով Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված զանգվածային ոճրագործությունները՝ մենք աջակցում ենք Շահումյանի, ինչպես նաև Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված հատվածների վերաբերյալ Արցախի իշխանությունների օրինական պահանջները»:
21:30 - 13 հունիսի, 2020