Գազպրոմ Արմենիա

«Գազպրոմ Արմենիա» (նախկին անվանում՝ «ՀայՌուսգազարդ»), ռուսական փակ բաժնետիրական ընկերություն է, որը զբաղվում է ՀՀ-ում գազի մատակարարմամբ և իրացմամբ։ Ստեղծվել է ՀՀ էներգետիկայի նախարարության, ԲԲԸ «Գազպրոմ»-ի, «ԻՏԵՌԱ» Միջազգային էներգետիկ ՍՊԸ-ի կողմից՝ 1997 թվականին։

Ընկերությունն ունի տարածքային սկզբունքով կազմակերպված 15 գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղ (ԳԳՄ), «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղ, 5 դուստր ընկերություն, ինչպես նաև «Հրազդան-5» և «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկները:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ներկայացրել է Հայաստանում բնական գազի սակագնի վերաբերյալ սեփական հաշվարկները |factor.am|

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ներկայացրել է Հայաստանում բնական գազի սակագնի վերաբերյալ սեփական հաշվարկները |factor.am|

factor.am: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր ներկայացրել է Հայաստանում բնական գազի սակագնի վերաբերյալ սեփական հաշվարկները։ Հիշեցնենք, որ ռուսական «Գազպրոմ Արմենիան» այս տարվա ապրիլի 1-ին դիմել է հանձնաժողով՝ գազի գինը շուրջ 11%-ով բարձրացնելու հայտով։ ՀԾԿՀ-ից տեղեկանում ենք, որ հանձնաժողովն առաջարկել է բնակչությանը վաճառվող բնական գազի գինը թողնել նույնը՝ 139 հազար դրամ՝ 1000 խ/մ-ի դիմաց, թեև ռուսական ընկերությունն առաջարկում էր մոտ 3100 դրամով իջեցնել բնակիչների գազի գինը, այդուհանդերձ, սոցիալապես անապահով ընտանիքների համար 30%-ով թանկացում էր առաջարկվում՝ սակագինը 100 հազար դրամից հասցնել 135․9 հազար դրամի։ ՀԾԿՀ-ն գտնում է, որ սոցիալապես անապահով խավի գազը պետք է չթանկանա՝ մնալով գործող 100 հազար դրամը՝ 1000 խ/մ-ի դիմաց։ Եթե շարքային սպառողների համար գազի գնի բարձրացում հանձնաժողովը չի նախատեսում, այդուհանդերձ, որոշակի բարձրացում, ըստ ներկայացված հաշվարկների, կարող է լինել գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնողների համար։Մասնավորապես՝ ջերմոցային տնտեսություններին, պահածոների, խմիչքների, կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողներին վաճառվող գազի գինը հանձնաժողովի հաշվարկներով, հիմնավորված կլինի բարձրացնել 212 դոլարից 224՝ 1000 խ/մ-ի դիմաց, մինչդեռ «Գազպրոմը» առաջարկում էր թանկացնել մինչև 283 դոլար։ Ամսական մինչև 10 000 խ/մ սպառում ունեցող բաժանորդների գազի գինը ևս ՀԾԿՀ-ի հաշվարկներով, պետք է մնա նույնը՝ 139 000 դրամ՝ 1000 խ/մ-ի համար, իսկ ամսական 10 000 խ/մ-ը գերազանցող սպառողների համար գին է առաջարկվում սահմանել 255 դոլար։ Առավել մանրամասն՝ factor.am-ում։
14:00 - 01 հունիսի, 2020
Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը

Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը

Հունիսի 2-ից 96 ժամով կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը՝Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի և Կարմիր կամուրջ- Բերդ մայրուղային գազատարի վրա նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։ «Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների: 1992 թվականին շահագործման հանձնելուց ի վեր՝ շուրջ 28 տարի, Կարմիր կամուրջ-Բերդ մայրուղային գազատարի զննման և անհրաժեշտ շահագործման ու տեխնիկական սպասարկման աշխատանքներ հնարավոր չի եղել իրականացնել: Հայ-վրացական միջկառավարական պայմանավորվածությունների ադյունքում վերը նշված ժամանակահատվածում մայրուղային գազատարների վրա կկատարվեն մասնակի վերանորոգման աշխատանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
13:34 - 01 հունիսի, 2020
Գազի գնի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների պատմությունն ու պայմանագրից հրաժարվելու հետևանքները |fip.am|

Գազի գնի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների պատմությունն ու պայմանագրից հրաժարվելու հետևանքները |fip.am|

fip.am: Բնական գազի՝ համաշխարհային շուկայում նախորդ տարվանից թափ հավաքած գնանկումը շարունակվում է նաև այս տարի։ Դրա արդյունքում Եվրոպային մատակարարվող ռուսական բնական գազի գինն արդեն ցածր է 60 դոլարից, մինչդեռ Հայաստանը շարունակում է նույն գազը գնել 165 դոլարով։ Այս ամենին զուգահեռ՝ ապրիլի 1-ին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը սակագների վերանայման հարցով դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով և առաջարկում է սպառողների համար սահմանել նոր սակագներ։ Պայմանավորվածությունների պատմությունը 2013 թ․ դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում կողմերի միջև ստորագրվեց 2 փաստաթուղթ, որոնցից մեկը վերաբերում էր Հայաստանի կողմից ձեռք բերվող ռուսական գազի գնի ձևավորման կարգին, իսկ մյուսը՝ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքին և հետագա գործունեության պայմաններին։ Եվ եթե առաջին համաձայնագրի ժամկետը 5 տարի էր (և արդեն ավարտվել է), ապա երկրորդի գործողության ժամկետը սահմանվեց 30 տարի՝ միջև 2043 թվականը։ Հայկական կողմը պարտավորվեց «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի՝ իրեն պատկանող 20 տոկոս մասնաբաժինը՝ 12,600,000 բաժնետոմսերի փաթեթը հանձնել ռուսական կողմին՝ 63․3 մլրդ դրամ գումարի դիմաց (մոտ 155 մլն դոլար), ինչի հետևանքով «Գազպրոմ» ԲԲԸ-ին պատկանող «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը կազմեցին ընկերության կանոնադրական կապիտալի 100 տոկոսը։ Առանձնացնենք այդ համաձայնագրի մի քանի ուշագրավ կետեր։ Հայկական կողմը համաձայնագրով երաշխավորել է, որ մինչև 2043 թ․ դեկտեմբերի 31-ը «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի իրավունքներն ու շահերը ենթակա չեն փոփոխումների, լրացումների, հետ կանչման կամ կրճատումների, ինչպես նաև ապագա որևէ օրենք, որոշում, հրամանագիր կամ այլ իրավական ակտ չի փոփոխի, չեղյալ համարի կամ այլ կերպ ոտնահարի «Գազպրոմ» ԲԲԸ-ի, «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի և դրանց համապատասխան իրավահաջորդների իրավունքներն ու շահերը։ 2013 թ․ հունվարի 1-ից «Հայռուսգազարդի» շահութահարկը սահմանվեց 20 տոկոս։ Հայկական կողմը «Հայռուսգազարդին» է տվել նաև ապագայում կառուցվելիք «Իրան-Հայաստան» 400 կՎոլտ լարմամբ էլեկտրահաղորդման գծով էլեկտրաէներգիա արտահանելու առավելությունը։ Փոխարենը, մյուս համաձայնագրով, Հայաստանը ստացավ 5 տարով գազի գնի ստաբիլություն: Այդ ընթացքում այն կարող էր փոփոխվել միայն այն դեպքում, երբ նախորդ կարգավորման ժամանակաշրջանում գազի գնի ինդեքսավորումը փոխվեր  Այլ կերպ ասած՝ ռուսական կողմը չէր կարող կամայական կերպով որոշել գազի գինը, քանի որ այն հաշվարկվելու էր նախորդ ժամանակահատվածում Ռուսաստանի Օրենբուրգի մարզում ֆիքսված գազի գնի հիման վրա։  Սակայն, ինչպես նշեցինք, այս կարգավորումը գործում էր մինչև 2018 թ․ դեկտեմբերի 31-ը, և հենց այդ պատճառով է, որ 2018 թվականից սկսած՝ կողմերի միջև սկսվել են գազի գնի վերանայման բանակցություններ, որոնք տևում են առ այսօր։ Երկրորդ պայմանավորվածությունը ձեռք բերվեց արդեն 2015 թ․ սեպտեմբերի 7-ին։ Այս պայմանավորվածության համաձայն՝ Հայաստանը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին («Հայռուսգազարդը» վերանվանվել էր «Գազպրոմ Արմենիա») տվեց «Հայաստան-Վրաստան» 400 կՎոլտ լարմամբ էլեկտրահաղորդման գծերը շահագործման հանձնելուց հետո դրանց միանալու երաշխավորված նախապատվություն՝ արտահանման նպատակով էլեկտրաէներգիայի առաքման համար, իսկ փոխարենը՝ գազի գինը մինչև 2015 թ․ դեկտեմբերի 31-ը նվազեց 24 դոլարով՝ դառնալով 165 դոլար 1000 խմ գազի դիմաց։ Այնուհետև այդ պայմանավորվածությունը երկարաձգվեց և գազի գինը Հայաստանի համար մնաց 165 դոլար մինչև 2016 թ․ մարտի 31-ը, իսկ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի եկամտաբերության ներքին նորման (ԵՆՆ) պետք է կազմեր նվազագույնը 9 տոկոս։ Այսինքն՝ ընկերությունը գազի գնման ու գազաբաշխման հետ կապված ծախսերը հոգալուց հետո պետք է ունենար տարեկան նվազագույնը 9 տոկոս շահութաբերություն: Ամիսներ անց՝ 2016 թ․ ապրիլի 7-ին, պայմանավորվածություն ձեռք բերվեց գազի գինը 15 դոլարով իջեցնելու մասին, և գազի գինը մինչև 2016 թվականի վերջը դարձավ 150 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց: Այնուհետև այդ պայմանավորվածությունը երկարաձգվեց և գինը մնաց 150 դոլար մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը: 2018-2019 թվականների ձմռանը բավական երկար տևած բանակցությունների արդյունքում 2019 թ․ հունվարի 1-ից գազի գինը ավելացավ 15 դոլարով՝ կազմելով 165 դոլար 1000 խմ-ի դիմաց, սակայն իշխանությունները հայտարարեցին, որ ««Գազպրոմ Արմենիայի» ներքին կարգավորումների շնորհիվ» սպառողների համար սակագնի փոփոխություն չի լինի։ Սակայն, ինչպես նշեցինք, արդեն այս տարվա ապրիլի 1-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է ՀԾԿՀ՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով։ Սահմանին և սպառողների համար գազի գնի պատմությունը մանրամասն նկարագրված է «Իրազեկ քաղաքացիների միավորման» հրապարակման մեջ, որը կգտնեք այստեղ: Այժմ Հայաստանում տարբեր սպառողների համար գազը վաճառվում է 100-139 դրամով՝ 1 խմ-ի համար: Միջինում վերջնական սպառողին հասած 1000 խմ-ի համար «Գազպրոմ Արմենիան» ստանում է մոտ 122,400 դրամ կամ 255 դոլար: Այլ կերպ ասած՝ սահմանին և վերջնական սպառողի մոտ 1000 խմ գազի գնի տարբերությունը (մարժան) կազմում է շուրջ 90 դոլար: «Գազպրոմ Արմենիան», սակայն, առաջարկում է բարձրացնել սակագինը և սահմանել միջինում 1000 խմ-ի դիմաց մոտ 135,900 դրամ կամ 283 դոլար: Այս դեպքում 1000 խմ գազի գնի միջին տարբերությունը (մարժան) սպառողի և սահմանի միջև կկազմի 121 դոլար: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» նաև վերլուծել է գազի գնի մարժան ու դրա պատմությունը և եկել այն եզրահանգման, որ խնդիրը ոչ թե «Գազպրոմ Արմենիայի» մարժան է, այլ այն գինը, որով գազը մտնում է Հայաստան: Բանն այն է, որ սահմանի գնին ավելանում են «Գազպրոմ Արմենիայի» այն ծախսերը, որոնք ՀԾԿՀ-ն կհամարի հիմնավոր, ինչպես նաև 9 տոկոս շահութաբերությունը, և ձևավորվում է վերջնական սպառողների համար գազի գինը: Այսինքն, վերջնական գազի գնի հիմնական աղբյուրը սահմանին գազի գնի նվազումն է։ Փաստացի, ներկայում սահմանին գազի գինը շատ ավելի թանկ է, քան աշխարհում առկա շուկայական գները: Ընդ որում, պայմանագրի համաձայն, Հայաստանը պարտավոր է գազի ներքին գնի հաշվարկի հիմքում դնել հենց հայ-վրացական սահմանին գազի գինը և դրան, ինչպես ասվեց, ավելացնել «Գազպրոմ Արմենիայի» ծախսերն ու 9 տոկոս շահութաբերությունը: Այսինքն՝ եթե Իրանը Հայաստանին ավելի էժան գնով գազ առաջարկի, ապա միևնույնն է՝ սպառողների համար գազի գնի վրա դա չի կարող ազդել: Այստեղ հարկ է նկատել, որ Վրաստանը գազ չի արդյունահանում, այլ ստանում է այն Ռուսաստանից ու Ադրբեջանից, հետևապես՝ հայ-վրացական սահմանից ֆիզիկապես կարող է ներմուծվել միայն ռուսական ու ադրբեջանական գազ: Եվ քանի որ ադրբեջանական գազը, հասկանալի պատճառներով, չի կարող ներմուծվել Հայաստան, հայ-վրացական սահմանին գազի գինն այն գինն է, որով ռուսաստանյան պետական «Գազպրոմը» գազը կմատակարարի Հայաստանին: Ի՞նչ կլինի, եթե Հայաստանը որոշի խզել պայմանագիրը Համաձայնագրի համաձայն՝ դրա կիրառման վերաբերյալ վեճերը լուծվում են բանակցությունների և ապա արբիտրաժի միջոցով։ Արբիտրաժային դատարանի որոշումները, բնականաբար, պարտադիր են կողմերի համար: Համաձայնագրի 6-րդ հոդվածով սահմանված է նաև, որ այն դեպքում, երբ հայկական կողմը չի կատարում համաձայնագրով ամրագրված պայմաններից որևէ մեկը, ապա պարտավորվում է «Գազպրոմ» ԲԲԸ-ին նախկինում փոխանցված բաժնեմասերը հետ գնել 63 միլիարդ դրամ գնով (այս պահի փոխարժեքով մոտ 130 մլն դոլար), ինչպես նաև հատուցել «Գազպրոմ» ԲԲԸ-ի բոլոր վնասները, որոնք կարող են ծագել ընկերության մոտ դրա հետևանքով։ Տնտեսագետ Վահագն Խաչատուրյանի կարծիքով՝ սա նշանակում է, որ գործը միջազգային արբիտրաժ հասնելու պարագայում Հայաստանը ստիպված է լինելու փոխհատուցել այն բոլոր վնասները, որոնք միջազգային արբիտրաժային դատարանում «Գազպրոմ» ընկերությունը կկարողանա հիմնավորել (ներդրված, բայց հետ չստացած գումարներ, ակնկալվող շահույթ և այլն)։ Դրանց թվին, ըստ էության, կարող է դասվել Հայաստանին թանկ գնով գազ մատակարարելու արդյունքում ստացվելիք ակնկալվող եկամուտը, որը չի ստացվել Հայաստանի կողմից պարտավորությունների խախտման արդյունքում: Բացի դա, կարևոր է նաև հաշվի առնել պարտավորությունների կատարումից հրաժարման դեպքում դրա քաղաքական հետևանքները։  Սևադա Ղազարյան
13:21 - 01 հունիսի, 2020
Կոմունալ ծառայությունների անջատումների վերաբերյալ ներկայացված համեմատական տվյալները ճշգրիտ չեն

Կոմունալ ծառայությունների անջատումների վերաբերյալ ներկայացված համեմատական տվյալները ճշգրիտ չեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 30-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ հոսանքի անջատումներն այս տարվա ապրիլին ավելի քիչ են, քան 2019 թվականի ապրիլին են եղել․ Փաշինյանի հայտնած մոտավոր տվյալների համաձայն՝ 2019-ի ապրիլին եղել է մոտ 5000 անջատում, այս տարվա ապրիլին՝ մոտ 2600։ Վարչապետը նշեց, որ անջատումները նախորդ տարվա համեմատ քիչ են եղել նաեւ գազի մատակարարման մասով, սակայն կոնկրետ թիվ չնշեց։ Infocom-ը փորձեց պարզել՝ վարչապետն ինչ տվյալների համաձայն է կատարում վերոնշյալ պնդումները։ Հարկ է նշել, սակայն, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Գազպրոմ Արմենիա» եւ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունները սպառողներին մատուցված ծառայությունների դիմաց վճարումներ չկատարելու պատճառով ծառայությունների դադարեցման (ընդհատումների) առանձնացված հաշվառում չեն իրականացնում, եւ նախորդ ժամանակահատվածին վերաբերող տվյալները կարող են պարունակել որոշակի պայմանականություններ (գնահատականներ):  Սակայն, ըստ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից ստացված պատասխանի՝ առանձին ամիսների վիճակագրություն վարվում է։ Մեզ տրամադրվել են 2019 եւ 2020 թվականներին մատակարարված գազի արժեքի համար վճարում չկատարելու պատճառով անջատումների քանակները, որոնք ներկայացնում ենք ստորեւ․ Column ChartInfogram Համեմատելով 2019 եւ 2020 թվականների ապրիլ ամիսները, տեսնում ենք, որ այս տարի 594-ով ավել են եղել գազի անջատումները․ 2019 թվականի ապրիլին դրանք եղել են 1710, իսկ 2020 ապրիլին՝ 2304։ Այնուամենայնիվ, եթե համեմատենք նաև մարտ-ապրիլ ամիսների անջատումների գումարային՝ ընդհանուր քանակները, ապա կտեսնենք, որ անցյալ տարի այդ ամիսներին  բնական գազի ավելի շատ անջատումներ են գրանցվել։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունից էլ մեզ հայտնեցին, որ իրենք բնակիչ-բաժանորդների՝ էլեկտրաէներգիայի դիմաց վճարումներ չկատարելու պատճառով էլեկտրամատակարարման դադարեցման մասով հաշվառում չեն վարում, հետեւաբար նաեւ վիճակագրություն ներկայացնել չեն կարող: Սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի, բնական գազի եւ խմելու ջրի ընդհատումների վերաբերյալ տեղեկատվությունը, որպես մատակարար-սպառող հարաբերություններում սպասարկման որակի ցուցանիշներ, մշտապես վերահսկում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:  Հանձնաժողովից մեզ տեղեկացրին, որ էլեկտրաէներգիայի, գազի եւ ջրի ընդհատումների վերաբերյալ համապատասխանաբար՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Գազպրոմ Արմենիա» եւ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերություններից իրենք եռամսյակային արդյունքներով ստանում են համապատասխան տեղեկատվությունը: Այսինքն՝ ոչ ՀԷՑ-ը, ոչ էլ ՀԾԿՀ-ն մեկ ամսվա կտրվածքով վիճակագրություն չեն վարում։ Ավելին՝ ընկերությունից ստացած պատասխանի համաձայն՝ տվյալները փոխվում են անընդհատ, եւ կոնկրետ օրվա կամ ամսվա համար հստակ տվյալ հայտնելը չափազանց դժվար է։ ՀԷՑ-ից տեղեկացանք, որ իրենք ապրիլ ամսվա անջատումների վերաբերյալ տվյալները ներկայացրել են ՀԾԿՀ-ին, որտեղից էլ դրանք փոխանցել են պարետատանը։ Իսկ ՀԾԿՀ-ից մեզ տրված պատասխանում նշել են, որ սպասարկման որակի ցուցանիշների շրջանակում հանձնաժողովի կողմից վերահսկվում են սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի, գազի եւ ջրի ընդհատումների այնպիսի դեպքերը, ինչպիսիք պայմանավորված են մատակարարման ցանցի պլանային, վթարային նորոգման աշխատանքներով, ֆորս-մաժորի հետեւանքներով եւ այլն, իսկ մատուցված ծառայությունների դիմաց չվճարման պատճառով ընդհատումները չեն հանդիսանում մատակարար-սպառող հարաբերություններում սպասարկման որակի ցուցանիշներ եւ չեն արտացոլվում ընկերությունների կողմից հանձնաժողով ներկայացվող հաշվետվություններում:  Ինչպես ասված է մեր հարցման պատասխանի մեջ՝ հանձնաժողովը՝ ի թիվս օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասությունների շրջանակում ընկերություններից ստացվող հաշվետվությունների, կորոնավիրուսի հետեւանքները չեզոքացնելու՝ կառավարության նախաձեռնած աջակցության ծրագրերն առավել թիրախային խմբերին ուղղելու նպատակով մատակարար կազմակերպություններից աշխատանքային կարգով ստացել եւ ՀՀ կառավարություն տվյալներ է ներկայացրել սպառողներին մատուցված ծառայությունների դիմաց գումարների ընդհանուր հավաքագրումների, էլեկտրական էներգիայի եւ բնական գազի սպառման ծավալներով պայմանավորված՝ առանձին սպառողական խմբերի բաժանորդների քանակի, ապրանքային արտադրանքի, նշված սպառողական խմբերում պարտք ունեցող բաժանորդների քանակի, վերջիններիս սպառման արդյունքում ձեւավորված ապրանքային արտադրանքի, պարտքի մնացորդների, ինչպես նաեւ վճարումներ չկատարելու պատճառով բաժանորդներին մատուցվող ծառայությունների դադարեցման (այդ թվում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածին վերաբերող) դեպքերի վերաբերյալ:  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ՀՀ վարչապետի աշխատակազմից և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից ստացված հարցումներին ի պատասխան՝ նշված տեղեկատվությունը պարբերաբար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից պահանջել և վերջիններիս ներկայացրել է աշխատանքային կարգով: Ի հակառակ երկու կառույցների՝ վերը նշված պարզաբանումների՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը մեր զրույցում հայտնեց, որ վարչապետին տրամադրվել են օպերատիվ տվյալներ։ Օպերատիվ ասվածը, Խաչատրյանի խոսքով, նշանակում է, որ հնարավոր է կարճ ժամանակի համար էլ տվյալներ տրամադրել։ Նշենք, որ ՀԾԿՀ-ից մեր երկրորդ հարցմանն ի պատասխան դարձյալ չհայտնեցին, թե կոնկրետ ինչ թվեր են ներկայացրել կառավարությանը։ Մեզ տրամադրել են միայն եռամսյակային տվյալներ, որոնք հրապարակված են ՀԾԿՀ պաշտոնական կայքում։ Ստացվում է, որ իրավասու մարմինները կառավարությանը ներկայացրել են պարբերական տվյալներ, որոնք, ինչպես ասված է մեր հարցման պատասխանի մեջ, անընդհատ փոխվում են՝ նույնիսկ ժամվա ընթացքում, սակայն վարչապետը ընդհանրացված տվյալ է ներկայացրել, որը չի արտացոլում ոուսումնասիրվող ժամանակահատվածում անջատումների բացարձակ քանակը։ Հայարփի Բաղդասարյան
18:30 - 27 մայիսի, 2020
Գազամատակարարման պլանային ընդհատումներ Վանաձորում, Արարատի, Կոտայքի և Արագածոտնի մարզերում

Գազամատակարարման պլանային ընդհատումներ Վանաձորում, Արարատի, Կոտայքի և Արագածոտնի մարզերում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 27-ին կդադարեցվի՝ ժամը 11.00-ից մինչև ժամը 15.00-ն Արարատի մարզի Դաշտաքար և Ուրցաձոր գյուղերի գազասպառողների գազամատակարարումը ժամը 11.00-ից մինչև ժամը 14.00-ն Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տ.Մեծ փողոտայով և Գ.Նժդեհ, Գր.Լուսավորիչ, Մյասնիկյան փողոցներով պարփակված թաղամասի բազմաբնակարան շենքերի գազասպառողների և տարբեր նշանակության օբյեկտների գազամատակարարումը ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն Կոտայքի մարզի Գառնի, Գողթ, Գեղարդ գյուղերի գազասապառողների և հարակից օբյեկտների գազամատակարարումը ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն Արագածոտնի մարզի Փարփի և Բյուրական գյուղերի գազասպառողների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:    Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
12:24 - 26 մայիսի, 2020
Հավանականությունը բարձրացնելու կողմն է. Գարեգին Բաղրամյանը` գազի սակագնի վերաբերյալ ներկայացված հայտի մասին |tert.am|

Հավանականությունը բարձրացնելու կողմն է. Գարեգին Բաղրամյանը` գազի սակագնի վերաբերյալ ներկայացված հայտի մասին |tert.am|

tert.am: Հայտը ուսումնասիրվում է, այն բավականին մեծ փաստաթուղթ է, շուրջ 1500 էջանոց, և երբ կավարտենք, լրիվ հիմնավորումները մեր տեսլականով կներկայացնենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը` անդրադառնալով «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած հայտին: «Երբ արդեն ավարտենք մեր բոլոր հաշվարկները, կսկսենք հանրային քննարկում: Մոտավորապես տասը օր սպասեք, մոտ օրերս կլինի հաշվարկները»,-ասաց նա: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ էր ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ առաջարկելով գազի սակագինը բարձրացնել 28 դոլարով կամ 11 տոկոսով։ Այսպիսով 255 դոլարի փոխարեն առաջարկում են 283 դոլար՝ 1000 խմ գազի դիմաց։   Ինչ վերաբերում է հարցին, թե հայտը քննարկելիս հաշվի առնվելու է կորոնովիրուսով պայմանավորված երկրի սոցիալական, տնտեսական հարցերը, Գարեգին Բաղրամյանն ասաց, որ այդ հարցը քաղաքական է: «Քաղաքականությամբ մենք չենք զբաղվում, մենք մեր մասնագիտական գործն ենք անում: Ունենք հայտ, ունենք էներգետիկայի մասին օրենք, այդ հայտին պետք է օրենքին համապատասխան մասնագիտական դաշտում արձագանքել»,-ասաց նա և նշեց, որ տնտեսական վիճակի գնահատումը կառավարության խնդիրն է: Ավելին՝ tert.am-ում
16:57 - 21 մայիսի, 2020
Նավթի գների փլուզման պայմաններում մենք կարող էինք ակնկալել ՀՀ-ի ռազմավարական գործընկեր ՌԴ-ից, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելը լավագույն ժամանակաշրջանը չէ․ Փաշինյան

Նավթի գների փլուզման պայմաններում մենք կարող էինք ակնկալել ՀՀ-ի ռազմավարական գործընկեր ՌԴ-ից, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելը լավագույն ժամանակաշրջանը չէ․ Փաշինյան

Գազի գնի հետ կապված մեր խորհրդակցությունները շարունակվում են։ Այս մասին այսօր իր 8-րդ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչաետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՌԴ-ի հետ հարաբերություններում խութերը հարթեվել են։ Փաշինյանն ասաց, որ գազի գնի շուրջ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, ՀԾԿՀ-ն կքննարկի։ «Այս պահին կոնկրետ բան ասել չեմ կարող, բայց էներգակիրների շուկայի փլուզման եւ նավթի գների անկման պայմաններում մենք կարող էինք ակնկալել ՀՀ-ի ռազմավարական գործընկեր ՌԴ-ից, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելը լավագույն ժամանակաշրջանը չէ։ Ինչ վերաբերում է ռուսական կապիտալով ընկերությունների հետ կապված իրավիճակին՝ ես այդ թեման ամենայն մանրամասնությամբ քննարկել եմ ՌԴ նախագահի հետ, մենք ձեռք ենք բերել հստակ պայմանավորվածություններ, մնում է՝ դրանք ի կատար ածենք՝ հաշվի առնելով մեր երկրների հարաբերությունների շահերը։ Մենք ունենք շատ հարուստ օրակարգ, այդ օրակարգի հարցերը լուծելով գնում ենք առաջ»,- վստահեցրեց վարչապետը։
13:14 - 16 մայիսի, 2020
Գազի գնի հետ կապված իրավիճակն, իհարկե, մտահոգիչ է. Փաշինյանը՝ գազի գնի տատանումների մասին |pastinfo.am|

Գազի գնի հետ կապված իրավիճակն, իհարկե, մտահոգիչ է. Փաշինյանը՝ գազի գնի տատանումների մասին |pastinfo.am|

pastinfo.am: Մեր ռազմավարական գործընկեր երկրի կազմակերպությունը համընդհանուր ճգնաժամի և էներգակիրների շուկայի փլուզման պարագայում, կարծում ենք, պետք է այլ մոտեցում ցուցաբերի։ Մենք կփորձենք մեր գործընկերների հետ խոսել։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գազի գնի խնդրին։ Նա նշեց, որ Եվրասիական տնտեսական միության օրակարգում ամենակարևոր խնդիրներից մեկն էներգետիկ ընդհանուր շուկայի ձևավորումն է։«Գազի գնի հետ կապված, իհարկե, մտահոգություններ ունենք։ «Գազպրոմի» մեր գործընկերները ցանկանում են տնտեսապես ավելի մրցունակ դարձնել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, սա մեզ համար հասկանալի ու ընդունելի ձգտում է, քանի որ խողովակով գազը հասնում է բաժանորդին և եթե խողովակը չսպասարկվի , ապա 1-2 տարուց խողովակը շարքից դուրս կգա և գազը չի հասնի բաժանորդին, իսկ այս խողովակի լինելու համար ընկերությունը պետք է պատշաճ շահույթ ունենա ու, ըստ այդմ, սպասարկի ենթակառուցվածքը»,-ասաց վարչապետը։
15:15 - 06 մայիսի, 2020
Մեր ծառայությունում վարակվածներ եղել են, բայց թաքուն է պահվել, մեզ կարգադրում են, որ ամեն օր գնանք աշխատանքի․ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակից

Մեր ծառայությունում վարակվածներ եղել են, բայց թաքուն է պահվել, մեզ կարգադրում են, որ ամեն օր գնանք աշխատանքի․ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակից

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում կորոնավիրուսով վարակման դեպքեր են եղել, սակայն աշխատակիցներին կարգադրում են ամեն օր գնալ աշխատանքի։ Այս մասին Infocom.am-ին ահազանգեց ընկերության աշխատակիցներից մեկը, որը, սակայն, չցանկացավ հրապարակել իր անունը՝ պարզաբանելով, որ եթե «Գազպրոմի» որեւէ աշխատակից «հարց է բարձրացնում», անպայման մի պատրվակով աշխատանքից ազատվում է։ Մեր զրուցակիցը հայտնեց, որ մեր երկրում հայտարարված արտակարգ դրությունից ի վեր՝ միայն մեկ շաբաթ են կարանտինային ռեժիմում եղել՝ ապրիլի սկզբին, իսկ ողջ մարտը եւ ապրիլի մյուս կեսն ամեն օր աշխատանքի են գնացել․ «Մեզ կարգադրում են, որ ամեն օր գնանք աշխատանքի։ Ու ոչ մեկին չի հետաքրքրում, որ մեկն, օրինակ, Մասիվից է գալիս, մեկը՝ Կենտրոնից, մեկը՝ չգիտես որտեղից, ու, բնականաբար, մեր միջոցներով՝ տաքսիով ենք գնում-գալիս։ Ընկերությունը ոչ մի կերպ չի ուզում գոնե փոխադրամիջոց տրամադրել, մարդիկ 2-3 հազար դրամ տաքսու գումար են տալիս, որ կարողանան գալ»։ «Գազպրոմ Արմենիայի» աշխատակցի փոխանցմամբ՝ ընկերության հիմնական աշխատողների մեծ մասը 60 տարեկանն անց են, 70 հսկիչով աշխատում են մի փոքր՝ 50 քմ սենյակում․ «Ընդ որում՝ մեր ծառայությունում վարակվածներ եղել են, բայց դրա մասին չի հայտարարվել, թաքուն է պահվել՝ այսպես ասած։ Տարածքն էլ, ի դեպ, չի ախտահանվում»,- ընդգծեց մեր զրուցակիցը։ Սրա հետ մեկտեղ՝ ընկերության աշխատակիցներին ուղարկում են գումարը չվճարած քաղաքացիների գազը փակելու, հաշվիչ փոխելու, որի ժամանակ նրանց շփման շրջանակն էլ ավելի է մեծանում․ «Բնակիչներն էլ նույնիսկ սպառնում են, իրենց էլ ենք հասկանում, բայց մեկն ասում է՝ հաշվիչին մոտ չգաս, մեկը՝ մի այլ բան, կեսը՝ խնդրելով, կեսը մունաթով․․․ Մարդկանց դրության մեջ էլ եմ մտնում, բայց իմ աշխատանքն էլ չեմ ուզում կորցնել։ Մեր աշխատավարձի մի մասն էլ կախված է դրանից, այսինքն՝ եթե մենք մի տարածքի տվյալները կամ գազը փակելու ակտերը, կամ վճարման տվյալները չենք ներկայացնում, մեր տոկոսներից դուրս է գալիս, իսկ այդ տոկոսները՝ պրեմիա ասվածը, մեր աշխատավարձի մի զգալի մասն են։ Այսօր Հայաստանում աշխատանքը շատ կարեւոր է, լավ գիտեք, չենք կարող հենց այնպես մի բանի մասին խոսել, թողնել աշխատանքը, գնալ։ Ստիպված համակերպվում ենք, աշխատում»։ Մեր հարցին՝ այս խնդիրների ու մտահոգությունների մասին ընկերության ղեկավարության հետ խոսե՞լ են, աշխատակիցն այսպես պատասխանեց․ «Ասում են՝ մենք հրամանը ռուսից ենք ստանում, եթե հարցեր ունեք՝ իրենց հետ»։ Աշխատակցի հայտնած տեղեկության վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից, սակայն մամուլի ծառայության հետ կապ հաստատել չհաջողվեց։  Հայարփի Բաղդասարյան
12:18 - 02 մայիսի, 2020
Հնարավոր է ջերմոցային տնտեսությունների գազի վարձավճարների մարման ժամկետը երկարաձգվի |hhpress.am|

Հնարավոր է ջերմոցային տնտեսությունների գազի վարձավճարների մարման ժամկետը երկարաձգվի |hhpress.am|

hhpress.am: Ջերմոցային տնտեսությունների բնականոն գործունեության համար, բնականաբար, ստեղծված իրավիճակը չէր կարող նպաստավոր պայմաններ ստեղծել։ Այն, որ տնտեսավարողը հույսը դնում է այս սեզոնին բերքի իրացման վրա, այս տարի չի կարող շահութաբեր համարել, քանի որ արտակարգ դրության պայմաններում բանջարեղենի եւ ծաղկի ոլորտում գնողունակության անկումը ֆինանսական խնդիրների առջեւ է կանգնեցրել նաեւ այս տնտեսություններին։ Շատ տնտեսավարողներ, որոնք զբաղվում են ծաղկի ու տարբեր մշակաբույսերի աճեցմամբ եւ չեն կարողացել արտադրանքն իրացնել՝ գազով ջեռուցելով ջերմատունը, այս ընթացքում պարտքեր են կուտակել սպառած գազի դիմաց։ «Ջերմոցային ասոցիացիա» ՀԿ նախագահ Պողոս Գեւորգյանը նշեց, որ թիրախում հայտնվել են հատկապես ծաղկի մշակությամբ զբաղվող տնտեսավարողները։ Նշենք, որ օդային հաղորդակցության փակ լինելու պատճառով այն տնտեսավարողները, որոնք կարողանում էին, օրինակ, վարդի մեծ խմբաքանակ արտահանել դեպի ՌԴ, որտեղ սպառման պահանջարկը մեծ էր, այս անգամ աճեցրածն անգամ ներքին շուկայում սպառելու խնդիր են ունեցել։ Ոչ բարենպաստ վիճակում են հայտնվել նաեւ բանջարեղեն մշակող ջերմոցները։ Օրինակ, երբ ապրիլ ամիսը սովորաբար լոլիկի ստացման եւ իրացման ամենաբարենպաստ շրջանն է, գազի պատճառով չեն կարող դադարեցնել գործունեությունը, որ արտադրանքը չփչանա։ Հիմնական աջակցությունը, որն ակնկալում են ջերմոցային տնտեսությունները, գազի վարձավճարների մարման հետաձգումն է, որի ուղղությամբ ասոցիացիան արդեն աջակցության փաթեթ է ներկայացրել ԱԺ։ «Ցանկալի է, որ յուրաքանչյուր ֆերմերի հետ առանձին բանակցություններ տարվեն ժամկետների երկարացման հետ կապված։ Սա միակ արդյունավետ միջոցն է, որ տնտեսավարողը շարունակի աշխատել արտադրանքի մշակման ուղղությամբ եւ կարողանա պահպանել բերքատվությունը։ Նախնական տվյալներով, բանակցություններ են տարվել «Գազպրոմ» ՓԲԸ-ի հետ, եւ հավանական է, որ գազի մարման ժամկետները երկարաձգվեն։Այդ մասին հստակ որոշում կկայացվի առաջիկա օրերին»,–նշեց Պողոս Գեւորգյանը՝ հավելելով, որ ջերմոցային տնտեսություններում գրանցված բոլոր աշխատակիցները կարողացել են աջակցության գործիքներից օգտվել։ Գերխնդիրը, որն այժմ տնտեսավարողի «ուսերին» է, գազի սպառած վարձավճարի երկարաձգումն է, ինչը կընձեռի հնարավորություն ապրանքն իրացնելու եւ որոշ եկամտաբերություն ապահովելու։ «Ջերմոցների համար արտադրանքի սպառման լավագույն շուկա էին նաեւ ռեստորանները, ուստի դրանց փակ լինելու եւ չիրացված ապրանքի պատճառով պետք է գոնե գազի սպառման դիմաց վարձավճարի մարման հարցում տնտեսավարողներին օժանդակենք»,–ընդգծեց «Ջերմոցային ասոցիացիայի» ղեկավարը։ Շարունակությունը՝ hhpress.am-ում
14:18 - 30 ապրիլի, 2020
Բնակիչները կումունալ ծառայության պայմանագրի հիման վրա կարող են դիմել մատակարարին՝ անհատական ֆորս մաժոր ճանաչելու համար

Բնակիչները կումունալ ծառայության պայմանագրի հիման վրա կարող են դիմել մատակարարին՝ անհատական ֆորս մաժոր ճանաչելու համար

Սույն թվականի ապրիլի 22-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ)  հայտնեց, որ կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը համարվում է վերացած։ Հանձնաժողովն իր այս որոշումը պայմանավորեց նույն օրը՝ ապրիլի 22-ին կայացված պարետի որոշմամբ, որով թույլատրվում էր իրականացնել տնտեսական գործունեության որոշ տեսակներ։   Վերոնշյալ հայտարարության մեջ ասվում է, որ նշվածը  չի սահմանափակում յուրաքանչյուր կոնկրետ դեպքում՝ համապատասխան հիմնավորումների պարագայում մատակարարին դիմելու սպառողի իրավունքը՝ կոմունալ ծառայությունների դիմաց չվճարումը պայմանագրի համաձայն ֆորս մաժորի հետևանք համարելու և մատուցվող ծառայությունը չդադարեցնելու համար։ Հայտարարությամբ նշվում էր նաև, որ նշված գործընթացը կգտնվի հանձնաժողովի վերահսկողության ներքո։ ՀԾԿՀ-ի այս հայտարարությունից հետո հանրության շրջանում դժգոհություն առաջացավ։ Ապրիլի 28-ին ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր էջում գրառում կատարեց, ըստ որի՝ արդեն 4300 բաժանորդ հոսանքազրկվել է, 736 ընտանիք էլ զրկվել է գազից։ Նույն օրը ֆեյսբուքյան ուղիղ եթերով կոմունալ ճգնաժամի մասին խոսեց  Նիկոլ Փաշինյանը։ Նա մասնավորապես նշեց, որ  առաջանում է հետևյալ խնդիրը․ բաժանորդները համատարած չեն վճարում ցանցերին, ցանցերը համատարած չեն վճարում արտադրողներին, արտադրողները չեն կարողանում վճարել իրենց աշխատողներին և մատակարարներին, չեն կարողանում վճարել հարկեր, և դրա արդյունքում առաջանում է ռիսկ, որ մենք չենք կարողանա վճարել թոշակները և նպաստները, սակայն ամենակարևոր ռիսկը՝ այս համակարգը կարող է քանդվել։ Այս իրավիճակում բաժանորդների իրավունքներն ու պարտականությունները կարգավորվում են կոմունալ ծառայություններից օգտվող յուրաքանչյուր բաժանորդի և մատակարարի կողմից կնքված անհատական պայմանագրով։ Պայմանագիրն ունի ֆորսմաժորային իրավիճակ նկարագրող բաժին, որտեղ նշվում է, որ կողմերը սահմանված պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չեն կրում, եթե այն հետեւանք է ֆորս մաժորի։ ֆորս մաժոր կարող է առաջանալ պետական իրավասու մարմինների ընդունած իրավական ակտերի, գործողությունների հետևանքով։ Ըստ պայմանագրի՝ կողմերը նաեւ արտակարգ, անկանխատեսելի դեպքերի եւ հանգամանքների ի հայտ գալու դեպքում կարող են դիմել Հանձնաժողով՝ դրանք ֆորս մաժոր ճանաչելու համար։ Պայմանագրերի օրինակելի ձևերը ներկայացնում ենք ստորև․ Ստացվում է, որ բաժանորդները որոնք չեն զբաղվում այն գործունեությամբ, որը թույլատրված է պարետի որոշումներով, չունեն եկամուտ, ունեն սոցիալական խնդիրներ, որոնց հետևանքով առաջանում է ֆորս մաժոր և նշվածները կարող են պատշաճ, փաստաթղթավորված հիմնավորել, կարող են, իրենց իսկ անհատական պայմանագրի ֆորս մաժոր բաժինը հիմք ընդունելով, դիմել մատակարարին և իրենց անհատական դիմումը կքննարկվի։ Վերոնշյալի մասին  խոսեցինք նաև ՀԾԿՀ մամուլի խոսնակ Լիանա Ազիզյանի հետ, որը նշված պայմանագրերի իրավական կողմի մեկնաբանության համար խնդրեց հարցում ուղարկել, սակայն նշեց, որ իրենց ապրիլի 22-ի հայտարարության վերջին պարբերությունում նշել էին, որ յուրաքանչյուր բաժանորդ իրավունք ունի դիմել մատակարարին և հիմնավոր պատճառաբանությունների դեպքում կարող է համարվել անհատական ֆորս մաժոր։ Այնուամենայնիվ, ՀԾԿՀ-ի կողմից պայմանագրի իրավական մեկնաբանությունը ստանալուց հետո այն ևս կներկայացնենք։ Թեև ՀԾԿՀ-ի հայտարարությունից հետո Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը հայտնեց, որ բաժանորդներն արդեն պետք է վճարեն փետրվար և մարտ ամսիներին  սպառված էլեկտրաէներգիայի դիմաց, իսկ չվճարելու դեպքում մինչև այս տարվա ապրիլի 27-ը կհոսանքազրկվեն, սակայն 2 օր անց՝ ապրիլի 24-ին հայտարարություն տարածեց, ըստ որի ընկերության սեփականատիրոջ որոշմամբ այն բաժանորդները, որոնք փետրվար և մարտ ամիսների ընթացքում ունեցել են յուրաքանչյուր ամիս մինչև 10.000 դրամի էլեկտրաէներգիայի սպառում (խոսքը սոցիալապես անապահով խավի մասին է), չեն հոսանքազրկվի։ Միաժամանակ նշվում էր, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն այսուհետ ևս պատրաստ է քննարկել յուրաքանչյուր առանձին դեպք և համապատասխան հիմնավորումներ ստանալու դեպքում (չվճարումը համարելով ֆորս մաժորի հետևանք) չդադարեցնել բաժանորդի էլեկտրամատակարարումը։  ՀԷՑ մամուլի խոսնակ տիկին Նատալյան երեկ մեզ հետ զրույցում վերահաստատեց իրենց հայտարարությունը և նշեց, որ իրենք ևս  անհատական մոտեցում են ցուցաբերում։ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն էլ ՀԾԿՀ հայտարարությունից հետո հորդորեց բնակիչ-բաժանորդներն կատարել 2020 թվականի փետրվար և մարտ ամիսներին մատակարարված գազի դիմաց վճարումները, ինչպես նաև ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների դիմաց վճարումները՝ 3-օրյա ժամկետում։ Հայտարարության մեջ նշվում է, որ ապրիլի 22-ից հետո 3 օրվա ընթացքում վճարում չկատարած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը սահմանված կարգով կդադարեցվի: Ապրիլի 24-ին, ի լրումն բնակիչ-բաժանորդներին մատակարարված բնական գազի դիմաց 3-օրյա ժամկետում վճարումների կատարման վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հայտարարության, ընկերությունը տեղեկացրեց, որ նշված ժամկետում վճարում չկատարելու դեպքում առաջին հերթին կդադարեցվի 30 հազար դրամից ավելի սպառում ունեցած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը: Անհատական ֆորս մաժորի և մատակարարի կողմից անհատական մոտեցման վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար չհաջողվեց կապ հաստատել ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի հետ։ Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ բնակիչ-բաժանորդների և մատակարարի միջեւ կնքված պայմանագրի համաձայն հնարավոր է անհատապես դիմել կոմունալ ծառայության ընկերությանը և ստանալ անհատական մոտեցում։
12:50 - 30 ապրիլի, 2020
Գազպրոմը հայտնել է, որ հարցը պահում է իր ուշադրության ներքո. փոխվարչապետը՝ գազի գնի բանակցությունների մասին  |tert.am|

Գազպրոմը հայտնել է, որ հարցը պահում է իր ուշադրության ներքո. փոխվարչապետը՝ գազի գնի բանակցությունների մասին |tert.am|

tert.am: Կցանկանայի իմանայի՝ ինչ փուլում, ինչ մակարդակի վրա են գազի գնի բանակցությունները: Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Մենք ունենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին դիմած «Գազպրոմ-Արմենիայի» հայտը: Իմ կարծիքն է, որ այդ հայտը պետք է մերժվի»,-ասաց նա և հիմնավորեց, թե ինչու: Մելքումյանը նաև ուշադրություն հրավիրեց Վիճակագրական պետական կոմիտեի հրապարակած թվին, որտեղ օտարերկյա ուղղակի ներդրումների ներհոսքը 2018թ. համեմատ 2019թ. մոտ 45 տոկոսով կրճատվել է: «Դրա մեծ մասը պարտքով ձևակերպված են, և ներկրված գազի դիմաց վճարները հետ տանելն է»,-ասաց  նա: Հարցին պատասխանեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ ստացել է  նամակի պատասխան, որով Գազպրոմը հայտնել է, որ հարցը պահում է իր ուշադրության ներքո, միևնույն ժամանակ նամակում նշվում է, որ հարցի վերաբերյալ կոնտակտները կլինեն կառավարության մակարդակով: Ինչ վերաբերում է ներդրումներին՝ Մհեր Գրիգորյանն ասաց, որ մենք պետք է հասկանանք՝ ուզում ենք այդ ներդրումները, թե ոչ, եթե ուզում ենք՝ պատրաստ ե՞նք քննարկել սակագնի խնդիրը, թե ոչ:  «Մենք պետք է հասկանանք, որ չպետք է շատ չոր լինել, այսինքն կոնստրուկտիվ պետք է լինել, ի վերջո «Գազպրոմ-Արմենիան» հայկական ընկերություն է, և մենք պետք է ողջամիտ լինենք »,-ասաց նա:
18:37 - 15 ապրիլի, 2020