ԶՈՒ Գլխավոր շտաբ

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբը (ՀՀ ԶՈՒ ԳՇ) Հայաստանի զինված ուժերի կառավարման գերագույն մարմինն է։ Տեղակայված է Երեւանում։ 

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը։ ԳՇ պետի պաշտոնում նշանակվել է 2020 թվականի հունիսի 8-ին:

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է 1-ին և 4-րդ զորամիավորումներ

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է 1-ին և 4-րդ զորամիավորումներ

 ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը փետրվարի 3-ին աշխատանքային այց է կատարել 1-ին և 4-րդ զորամիավորումներ։ Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Գլխավոր շտաբի պետին ուղեկցել է ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը։ Ենթակա զորամասերի հրամանատարների, նրանց տեղակալների, գումարտակների հրամանատարների, զորատեսակների և ծառայությունների պետերի մասնակցությամբ զորամիավորումներում անցկացվել են հավաք-խորհրդակցություններ, քննարկվել առկա խնդիրները, սահմանային իրավիճակը, մարտական պատրաստության, պատրաստականության գործընթացի կազմակերպումն ու այլ հարցեր։ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը նախանշել է այն հիմնական խնդիրները, որոնք առաջնահերթ լուծման կարիք ունեն, տվել համապատասխան հրահանգներ հետագա ծառայությունն էլ ավելի արդյունավետ կատարելու վերաբերյալ: Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն ընդգծել է նաև, որ անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի վրա։  
18:06 - 04 փետրվարի, 2021
Այսօր քննադատության ենք արժանանում, բայց չպետք է վհատվել. հասկանում ենք, որ մեզանից սպասում էին առավելը. Օնիկ Գասպարյանի ուղերձը

Այսօր քննադատության ենք արժանանում, բայց չպետք է վհատվել. հասկանում ենք, որ մեզանից սպասում էին առավելը. Օնիկ Գասպարյանի ուղերձը

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ուղերձը Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարելիցի առթիվ. «2020թ. սեպտեմբերի 27-ին զինված ուժերը պատվով ընդունեցին նետված մարտա­հրա­վերը և 44 օր հերոսաբար դիմակայելով` կատարեցին իրենց առջև դրված մարտական խնդիրները` մարտնչելով բազմակի անգամ գերազանցող թշնամու ուժերի դեմ և պատ­ճա­ռելով նրան մեծաթիվ կորուստներ: Այս անհավասար պայքարում հայկական զինուժը,  ցավոք, նույնպես կրեց անդառ­նա­լի կորուստներ, բայց հակառակորդը դեռ երկար է հիշելու մեր զինվորի ու սպայի վճռա­կա­նությունը, տոկունությունը, խիզախությունը, մինչև վերջ պայքարելու անկոտրում կամքն ու անմնացորդ նվիրումը: Մարտի դաշտում մեր զինակից ընկերները հրաշքներ էին գոր­ծում` իրենց անունները ոսկե տառերով գրելով հայոց պատմության էջերում: Հայոց բանակի զին­վորի ու սպայի սխրանքը երբեք չի մոռացվի, մեր ժողովուրդն արժանվույնս է գնահատելու իր հերոս զավակներին: Այսօր հաճախ քննադատության ենք արժանանում, բայց չպե΄տք է վհատվել: Հաս­կա­նում ենք, որ մեզանից սպասում էին առավելը... Մեր հայրենակիցներն ան­սահ­ման հավա­տով էին լցված Հայոց բանակի հանդեպ և կարող եմ ամենայն պատաս­խա­նատվու­թյամբ բարձրաձայնել` մենք մինչև վերջ հավատարիմ մնա­ցինք տրված երդմանն ու կա­տա­րեցինք պետության, ժողովրդի առջև մեր սրբազան պարտքը: Շնորհակա΄լ եմ Ձեզ ազգի պատիվը բարձր պահելու և անօրինակ սխրանքների համար: Բանակն ընկճվելու իրավունք չունի΄. զինվորը, սպան, գեներալը գլուխը կարող է խո­նարհել միայն մեր զոհված ընկերների սուրբ հիշատակի և նրանց հարազատների առ­ջև, և այժմ` առավել քան երբևէ, բանակը վստահության և համակողմանի աջակցու­թյան կարիք ունի: Որքան էլ դժվար է ու բարդ, մենք շարունակում ենք կատարել հայրենիքի պաշտ­պա­նության սուրբ գործը` կազմակերպելով մարտական հերթապահություն նոր բնա­գծե­րում, ձեռնարկելով գործուն միջոցներ բանակի մարտունակության վերականգնման ուղ­ղությամբ: Վստա΄հ եմ, որ 2021 թվականը բանակի համար մարտական կարողությունների ավելացման նոր էջ է բացելու: Իսկ հուսահատվածներին, մեր հանդեպ վստահությունը կորցրածներին, տար­բեր ուժե­րի կողմից մեզ քննադատողներին, երբեմն նաև բացահայտ վի­րավո­րող­ներին հավաս­տիացնում եմ` հայոց բանակն արագ ապաքինվելու է ստացած վերքերից և ցույց է տալու թշնա­­մուն իր բազկի ուժը: Միշտ պետք է հիշենք` թշնամին մեր տան դարպասների մոտ է և չի հրաժարվել հայ­կական օջախներն ավերելու նենգ մտադրությունից: Բանա΄կն է այն ուժը, որ կարող է ու պարտավոր է ամուր կանգնել ու կասեցնել թշնա­մու ոտնձգությունները. ոչ ոք մեր փոխարեն դա չի անելու: Այս սուրբ օրը շնորհավորե΄նք միմյանց Բանակի օրվա կապակցությամբ և խոս­տանա΄նք մեր զոհված ընկերներին, որ շարունակելու ենք նրանց անավարտ գործը, ջանք չենք խնայելու և ամենօրյա քրտնաջան աշխատանքով հզորացնելու ենք բանակն ու ան­զիջում պայքար ենք մղելու մեր ազգային և պետական շահերը պաշտպանելու համար: Համոզված եմ, որ Հայոց բանակը փառավոր հաղթանակներ դեռ շատ է ունենալու` հավատարիմ մնալով հայ զինվորական լավագույն ավանդույթներին: Շնորհավո΄ր տոնդ, Հայոց բանակ: Հավերժ փա˜ռք հայրենիքի համար նահատակված մեր ընկերներին»:
10:14 - 28 հունվարի, 2021
Վազգեն Մանուկյանը ԱԳ նախարարից, ԱԱԾ տնօրենից և ԳՇ պետից պահանջել է հանդիպում Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների հետ

Վազգեն Մանուկյանը ԱԳ նախարարից, ԱԱԾ տնօրենից և ԳՇ պետից պահանջել է հանդիպում Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների հետ

Վազգեն Մանուկյանը դիմել է ԱԳ նախարար Արա Այվազյանին, ԱԱԾ տնօրեն, գնդապետ Արմեն Աբազյանին, Զինված ուժերի ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին՝ պահանջելով հունվարի 9-ին հանդիպում Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների հետ: Հայտարարության մեջ, մասնավորապես ասված է․«Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Աբազյանին, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին Հարգելի՛ պարոնայք, Մեր երկիրը հայտնվել է ծայրահեղ վտանգավոր իրավիճակում։ Ունեցել ենք մարդկային ու տարածքային ահռելի կորուստներ։ Մեր ինքնիշխանությունը նվազել է։ Խարխլված է Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգը։ Զիջումներն ու կորուստները շարունակվում են պարտված վարչապետի կասկածելի և հակապետական որոշումների պատճառով։ Մեր հանրությունն անտեղյակ է, թե նա ում հետ և ինչ է պայմանավորվել: Հունվարի 11-ին նախատեսված Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպման հետ կապված բազմաթիվ մտահոգություններ և տագնապներ կան քաղաքական-հասարակական լայն շրջանակներում: Իրավիճակը պայթյունավտանգ է, հղի անկանխատեսելի զարգացումներով։ Դուք ի պաշտոնե պատասխանատվություն եք կրում բոլոր ընդունված, ընդունվելիք որոշումների համար և պարտավոր եք ներկայացնել իրականությունը հանրությանը։ Անհրաժեշտության պարագայում պարտավոր եք կանխել հակապետական որոշումների ընդունումը՝ պաշտպանելով պետության և ժողովրդի շահերը։ Դիմում ենք Ձեզ՝ պահանջելով հունվարի 9-ին հանդիպում Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների հետ: Ակնկալում ենք Ձեր պարզաբանումները ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Կանխավ շնորհակալ եմ։ Վազգեն Մանուկյան Հայրենիքի փրկության շարժում​​ 08.01.2021թ.»։
22:34 - 08 հունվարի, 2021
Եկեք դուրս գանք այս ընկճված վիճակից և այսօրվանից կառուցենք մեր վաղվա օրը․ Օնիկ Գասպարյան

Եկեք դուրս գանք այս ընկճված վիճակից և այսօրվանից կառուցենք մեր վաղվա օրը․ Օնիկ Գասպարյան

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը դեկտեմբերի 19-ին աշխատանքային այցով եղել է ՀՀ Սյունիքի մարզում: ԶՈՒ ԳՇ պետը խորհրդակցություն է անցկացրել զորամիավորման սպայակազմի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, քննարկել ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները։ Շտաբի պետը նշել է, որ իրավիճակն իսկապես բարդ է, ընդգծել, որ պետք է առաջ շարժվել և գործի դնել ողջ ներուժը երկիրը բարդ կացությունից հանելու համար։ «Այսօր մեր երկիրը լուրջ փոփոխությունների և մարտահրավերների առջև է կանգնած, և մեզանից յուրաքնաչյուրն իր մեծ դերակատարությունն ունի իրավիճակը կայունացնելու գործում։ Հասկանում եմ՝ տեղի ունեցածը լուրջ անհանգստություն է պատճառել ձեզ և բոլոր սյունեցիներին, բայց մենք կոտրվելու իրավունք չունենք։ Պետք է համախմբվել, գործել միասնաբար և համակարգված՝ ի շահ մեր երկրի, ի շահ մեր հայրենիքի։ Ամեն օրն ու ժամն է այսօր կարևոր։ Զինված ուժերում սա հստակ գիտակցում են, գիտակցում եք նաև դուք, և մենք մեջք մեջքի տալու, մեկ բռունցք դառնալու կարիք ունենք։ Վստահ եմ, որ դուք ամուր կանգնելու եք ձեր հողի վրա, բանակն էլ, հավաստիացնում եմ, թիկունք է լինելու ձեզ։ Եկեք դուրս գանք այս ընկճված վիճակից և այսօրվանից կառուցենք մեր վաղվա օրը։ Մեր կանանց, մայրերի և զավակների ապավենն ու հայրենյաց հողի պաշտպանն է մեզանից յուրաքանչյուրը․ եկեք այս նոր իրավիճակում էլ շարունակենք ապահովել նրանց և մեր ամբողջ երկրի անվտանգությունը, որովհետև բոլորս էլ քաջ գիտակցում ենք՝ Սյունիքը մեր հայրենիքի դարպասն է»,- նշել է գեներալ-գնդապետ Օ․ Գասպարյանը։ Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը ծանոթացել է սյունեցիների մտահոգություններին, խորհրդակցության մասնակիցների հետ քննարկել սահմանների պահպանության և անվտանգության ապահովման հարցեր, առկա խնդիրների լուծման ուղիները։
20:09 - 19 դեկտեմբերի, 2020
Պատերազմի ժամանակ գլխավոր շտաբի գործողություններին որևէ անձ չի կարող միջամտել, այդ թվում՝ վարչապետի կինը. Տարոն Սիմոնյան
 |pastinfo.am|

Պատերազմի ժամանակ գլխավոր շտաբի գործողություններին որևէ անձ չի կարող միջամտել, այդ թվում՝ վարչապետի կինը. Տարոն Սիմոնյան |pastinfo.am|

pastinfo.am: Վարչապետի յուրաքանչյուր միտք, ըստ էության, ավելի են խորացնում քաղաքական անհանդուրժողականությունը հասարակության շրջանում և ավելի է վնասում մեր ազգային և պետական շահերին,-այս մասին ասաց ՀՀ ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով վարչապետի այսօրվա տեսաուղերձում արտահայտած այն մտքին, որ երկրում կան քաղաքական խմբեր, որոնք պատերազմը ցանկանում են տեղափոխել Հայաստան և երկրում քաոս ստեղծել: Նշենք, որ վարչապետն այսօր անդրադարձել էր նաեւ իր կնոջ՝ Աննա Հակոբյանի հրամանատարական կետ այցելությանը՝ նշելով, որ դա տեղի է ունեցել իր հանձնարարությամբ։ Ավելին՝ Նիկոլ Փաշինյանի կարծիքով արտառոց ոչինչ չկա ու ոչ էլ քաղաքական քննարկումների առարկա պետք է դառնա այդ հարցը՝ ասելով. «ինչ ցոփության մասին է խոսքը, երբ վարչապետի ընտանիքի անդամը վարչապետի հանձնարարությամբ գնում է հրամանատարական կետ, կարող է Բադեն-Բադեն է գնացել»։ Ըստ նրա՝ Աննա Հակոբյանը գնացել էր բարոյական աջակցություն ցույց տալու։ «Պատերազմի ժամանակ գլխավոր շտաբի գործողություններին որևէ անձ չի կարող միջամտել, այդ թվում՝ վարչապետի կինը, այս դեպքում երկրի ղեկավարին, որը նման բան է թույլ տվել պետք է ենթարկել առնվազն քաղաքական պատասխանատվության »,-ասաց Սիմոնյանը:      
22:01 - 27 նոյեմբերի, 2020
Որևէ տեղ մենք չունենք սահմանից հետ տեղադրված դիրքեր. ԳՇ պետի առաջին տեղակալն անդրադարձավ Սոթքի միջադեպին

Որևէ տեղ մենք չունենք սահմանից հետ տեղադրված դիրքեր. ԳՇ պետի առաջին տեղակալն անդրադարձավ Սոթքի միջադեպին

Ինչպես հայտնի է, ըստ պայմանավորվածության հայկական զինված ուժերը և այդ տարածքի բնակչությունը երկարաձգված ժամկետի՝ նոյեմբերի 25-ի դրությամբ պետք է դուրս եկած լիներ Քարվաճառի շրջանից, որը համաձայն ձեռք բերված համաձայնագրի պահանջների՝ իրականացվել է։ Զորքերի վերաբերյալ աշխատանքները, որոնք իրականացվել են, իրականացվել են նախապես պլանավորված բնույթով։ Այլ մանրամասներ չեմ կարող ներկայացնել, բայց ամեն դեպքում, ամեն ինչ արվել է ըստ պայմանավորվածության և ճիշտ ժամանակացույցով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը։  Անդրադառնալով տարածված լուրերին, թե ադրբեջանցիները անցել են հայկական տարածք, գրավել են շինություններ, աշխատակիցներից պահանջել են լքել տարածքը և այլն։ Խաչատրյանը նշեց, որ  ԳՇ կողմից կարող է ասվել, հաստատվել և հետագայում ըստ անհրաժեշտության նաև փաստվել, որ նման իրավիճակ չի եղել։ «Սահմանն անցնում է գրեթե հանքի միջով։ Ոսկու հանքի և, ընդհանրապես, տարածաշրջանի հետ կապված ռուսական կողմից նախապես ձեռնարկվել էին անվտանգային միջոցառումներ։ Հանքը շահագործող Գեոպրոմայնինգ ընկերության կողմից նախապես ձեռնարկվել էին անվտանգային միջոցառումներ՝ տվյալ տարածքի պաշտպանության համար:  Պետական սահմանից հանքի եզրագծով ցանկապատվել էր, ճանապարհի վրա տեղադրվել էր նաև անցակետ։ Սա կատարվել է ռուսական կողմի ուժերով և իրենց անվտանգության խնդիրները լուծելու համար։ Այս հարցի  լուծման համար, անվտանգության ապահովման համար,  հայկական զինված ուժերը ընդգրկվածություն չեն ունեցել»,- հավելեց Խաչատրյանը։ Վերջինս մանրամասնեց, որ ադրբեջանական զորքերը Քարվաճառ մտնելուց հետո, հանդիպելով այդ արգելափակողներին, ուղեփակոցին, խնդիր են բարձրացրել, որ դա իրենց  տարածքն է, և այն ուժերը, որոնք  տեղակայված են այդ հատվածում, պետք է դուրս գան։ Ընդ որում, աշխատանքները, որոնք իրականացվում և համակարգվում են հայկական ուժերի կողմից, ղեկավարում է տարածքում ամենաբարձր զինվորական պաշտոն ունեցող անձը՝ կորպուսի հրամանատարը։ Ադրբեջանական կողմը  բարձրախոսով կապի է  դուրս եկել հայկական կողմի  հետ՝ պահանջելով դուրս գալ այդ տարածքից։ «Մեր կողմից զգուշացվել է, թե ինչ պատկանելություն ունեն այդ անցակետերը և այլն, և մեր կողմից զգուշացվել է ռուսական կողմին, որ այդպիսի պահանջներ կան։ Կոնկրետ ռուսական կողմի և Ադրբեջանը ներկայացնող զինվորականների հետ իրականացվել է բավական երկար բանակցություններ, որից հետո չեմ կարող ասել, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել և ինչ զարգացումներ կլինեն։  Չեմ կարող ասել, թե ինչ պայմանավորվածություններ, քննարկումներ են եղել ռուսական և ադրբեջանական կողմերի միջև, բայց իմ ունեցած տեղեկություններով դարպասները չեն ջարդվել։ Դրանք բացվել են»,- տեղեկացրեց ԳՇ պետի առաջին տեղակալը։  Խաչատրյանը շեշտեց նաև, որ ադրբեջանական զորքերը երեկվանից են եկել այդ տարածաշրջան, երեկվանից են փորձել մտնել այդ տարածք։  «Այս պահի դրությամբ մեր զորքերը սահմանի պաշտպանությունը զբաղեցնում են՝ նախկինում գոյություն ունեցող մեր պետական սահմանի եզրագծով, որևէ տեղ մենք չունենք սահմանից հետ տեղադրված դիրքեր»,- ընդգծեց Խաչատրյանը։ Հարցին՝ արդյոք ադրբեջանցիները մտել են հանքի տարածք, ԳՇ պետի առաջին տեղակալը նշեց, որ  մտել են և երեք դիրք են տեղադրել տարածքում, որոնցից մեկը հանքի եզրագծով։  
00:22 - 27 նոյեմբերի, 2020
Գլխավոր շտաբը մտադիր է ռազմական դրությունը չեղարկելուց անմիջապես հետո եռամսյա վարժական հավաքներ անցկացնել |hetq.am|

Գլխավոր շտաբը մտադիր է ռազմական դրությունը չեղարկելուց անմիջապես հետո եռամսյա վարժական հավաքներ անցկացնել |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստում բացասական եզրակացություն տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Ռազմական դրության իրավական ռեժիմը» չեղարկելու նախագծին: Նոյեմբերի 26-ին այս օրակարգով արտահերթ նիստ է հրավիրվել: Քննարկմանը ներկա էր նաև զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ Ալբերտ Բաղդասարյանը, որի խոսքով կան մի շարք խնդիրներ, որոնք պետք է հաշվի առնել ռազմական դրության իրավական ռեժիմը չեղարկելիս: «Խնդիր ունենք սահմանների պահպանության հետ կապված, մեր անձնակազմն այսօրվա դրությամբ հոգնած է: 44 օր մարտական գործողություններից հետո խնդիրներ ունի հանգստանալու, վերականգնվելու: Այսօրվա դրությամբ ծնողների բողոքները տեղին են, թե ինչպես է կազմակերպվելու մեր երեխաների հանգիստը, հերթափոխը»,-ասաց գլխավոր շտաբի ներկայացուցիչը: Ալբերտ Բաղդասարյանի խոսքով` Հայաստանի սահմանային շուրջ 520 կմ տարածքի պահպանության խնդիր կա, որն էլ պետք է իրականացնի զինված ուժերը: Ըստ նրա` ռազմական դրությունը չեղարկելը շատ հեշտ է, և հասկանալի է` սպասելի հանրության համար, սակայն գլխավոր խնդիրն այն է, թե այդ դեպքում սահմաններում ծառայությունն ինչպես է կազմակերպվելու: Նրա համոզմամբ` եթե հնարավոր է այժմ կազմակերպել զորահավաքային զորակոչ և իրականացնել սահմանների պահպանություն, ապա զինված ուժերը խնդիր չեն տեսնում ռազմական դրությունը չեղարկելու համար: «Նախագծեր ենք նախաձեռնել, որպեսզի ռազմական դրությունը վերացնելուց հետո զորահավաքային զորակոչով զորակոչվածների ծառայությունից զորացրում կազմակերպվի մեկ ամսվա ընթացքում, փուլային տաբերակով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմաններում որոշակի անձնակազմ պետք է ունենանք, որ կարողանանք ապահովել Հայաստանի անվտանգությունը: Հենց թողնում ենք առաջնագիծը, հակառակորդը գալիս և մտնում է, դրա համար մարդ պետք է ունենանք հենակետերում»,- ասաց նա: Բաղդասարյանի խոսքով` գլխավոր շտաբն առաջարկում է եռամսյա վարժական հավաքներ իրականացնել և կազմակերպել սահմանային ծառայությունը` մինչ զինված ուժերը կկազմավորվեն նոր կառուցվածքով և կիրականացնեն սահմանային ծառայություն: Ալբերտ Բաղդասարյանի ներկայացմամբ` շտաբի դիրքորորումն է, որ եթե չեղարկվում է ռազմական դրությունը, ապա անմիջապես ընդունվում է որոշում եռամյսա վարժական հավաքներ իրականացնելու մասին:   Շարունակությունը՝ hetq.am-ում։ 
20:12 - 25 նոյեմբերի, 2020
«Տոռ 2»-ները Հայաստանում եղել են 2019 թ. նոյեմբեր-դեկտեմբերին․ Արտակ Դավթյան

«Տոռ 2»-ները Հայաստանում եղել են 2019 թ. նոյեմբեր-դեկտեմբերին․ Արտակ Դավթյան

ՀՀ Զիված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ, Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը երկու օր առաջ՝ 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդման  ընթացքում, անդրադառնալով իր՝ պաշտոնից ազատվելու հարցին, նշեց՝ համարել է, որ իր պաշտոնավարման արդյունավետությունը խիստ ցածր է տվյալ պաշտոնում, և որոշել է հնարավորություն տալ ավելի լավ թեկնածուի։ Անդրադառնալով սեպտեմբերի 27-ին սկսված մարտական գործողություններին՝ Արտակ Դավթյանն ասաց, որ պատերազմը կանխատեսվում էր, և ՀՀ ԶՈՒ-ն պատրաստվում էին մարտական գործողություններին: «Վարչապետին, Անվտանգության խորհրդին ներկայացվել են պատերազմի սցենարները, նաև ավելի լայնածավալ պատերազմի սենարները, քան սա։ Սա մեծ հաշվարկով սահմանափակվեց Արցախի տարածքով: Մենք ունեինք պլանավորված, որ ամբողջ պատերազմը ընթանար նաև Հայաստանի սահմանների ներգրավմամբ»,- ասաց նա։ Արտակ Դավթյանի խոսքով՝ պատերազմին նախապատրաստվելու ուղղությամբ քայլեր ձեռնարկվել են, այլ հարց է, թե այդ քայլերն ինչքանով են բավարարում, որ հնարավոր լինի կատարել խնդիրները:  «Կան իրավիճակներ և պրոբլեմներ, որոնք պետք է լուծվեն երկրի ներսում օրենսդրական մակարդակով, կազմակերպչական կամ այլ իրավական ակտերով: Երկրորդ խնդիրը վերաբերում է ֆինանսական հատկացումներին (մեր ցավոտ հարցերից մեկն է). ինչքա՞ն հնարավորություն ունի պետությունը՝ գումարներ հատկացնելու ԶՈՒ-ին կամ անվտանգության համակարգին, որպեսզի լուծենք այն խնդիրները, որոնք առկա են: Երրորդ խնդիրը․ անգամ գումարի դեպքում արդյո՞ք կան պետություններ, որոնք պատրաստ են մեզ վաճառելու սպառազինություն, ռազմական տեխնիկա, և ինչքա՞ն ժամանակում, ի՞նչ գներով կարող են դա վաճառել»,- ասաց նա: Արտակ Դավթյանը նշեց, որ այս բոլորը հարցեր են, որոնք պետք է  դիտարկել մեկ ընդհանուր համատեքստում: Նրա խոսքով՝ լինում են դեպքեր, երբ հայկական կողմն ուզում է գնել որևէ տեսակի սպառազինություն, և նա, ումից պետք էր գնել այդ սպառազինությունը, պատասխանում է, որ մոտակա երեք տարվա ընթացքում չի կարող վաճառել դա: Դավթանը նշեց, որ խոսքը տարբեր երկրների մասին է, իսկ առաջին հերթին մենք աշխատում ենք ՌԴ-ի հետ: «Նաև լինում է, որ սպառազինությունը ձեռք բերելիս տվյալ սպառազինությունը պատրաստելու տեխնոլոգիական ցիկլը նախատեսում է 12-ից 36 ամիս, այսինքն՝ իրենք համաձայն են վաճառեկ, բայց պետք է այդքան ժամանակ, որ գործարանը թողարկի տվյալ սպառազինությունը, ռազմական տեխնիկան»,- ասաց նա։ Արտակ Դավթյանը նաև անդրադարձավ այն լուրերին, թե խչընդոտվել է, որ Հայաստանը Չինաստանից սպառազինություն ձեռք բերի։ Դավթյան նշեց, որ ինքը նման խոչընդոտների վերաբերյալ տեղեկություններ չունի։ «Այնպես չէ, որ Չինաստանը ամեն ինչ մեզ պատրաստ էր տալու կամ տվեց, մենք էլ չվերցրինք:  Միայն տալու խնդիրը չէ․ տվյալ սպառազինությունը պետք է կարողանանք նախ համատեղել մեր սպառազինության մյուս նմուշների հետ, կարողանանք հետագայում կազմակերպել տվյալ սպառազինության սպասարկումը, վերանորոգումը, մասնագետների պատրաստումը։ Այդ բոլորը պետք է նայենք մեկ ընդհանուր համտեքստում: Եթե դրանից դուրս նայում ենք, ապա բավականին խնդիրներ ունենք: Մենք ունեցել ենք չինական մարտական մեքենա, որի վերանորոգման հետ լուրջ խնդիրներ ունեցանք, այդպես էլ չկարողացանք լուծել»,- ասաց նա՝ հավելելով, որ կարևոր է, որ սպառազինությունը կոնկրետ խնդիրների լուծման համար գնվի, ոչ թե ինքնանպատակ: Արտակ Դավթյանը նաև անդրադարձավ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի ասուլիսի ընթացքում հնչեցրած այն հայտարարությանը, թե Նախջևանի կողմում մենք դեռևս 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին զիջել ենք բավականին մեծ տարածություն․ Զանգակատան հատվածում հակառակորդն առաջ է շարժվել մոտավորապես 6 կմ, բնագծեր ենք կորցրել Արենիի հատվածում: «Թիվ է հնչեցրել, որ 6 կմ հակառակորդը եկել է առաջ: Այն ժամանակ այնքան խոսվեց, որ անգամ լրատվամիջոցներին տարանք դիրքեր, ցույց տվեցինք իրավիճակը տեղում, քաղաքական, պետական գործիչներին տարանք: Եթե ես 5-րդ կորպուսի հրամանատարն էի, ինքը (Մովսես Հակոբյանը- խմբ․) Գլխավոր շտաբի պետ էր, ինչո՞ւ ինքը որոշում չկայացրեց, որ մենք գնանք առաջ, եթե ասում է, որ միայն Ադրբեջանը եկավ առաջ: Իր որոշմամբ պետք է լիներ»,- ասաց նա։ Դավթյանը վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում Նախիջևանի ուղղությամբ հայկական կողմը որևէ հենակետ, դիրք չի զիջել, անգամ 1 մետր հետ չի եկել։ «Եթե կորպուսի հրամանատարն ընդունում է որևէ որոշում, այդ որոշումը պետք է հաստատի վերադասը։ Իմ վերադասը ԳՇ պետն էր (Մովսես Հակոբյանը- խմբ․): Ինքը երեկ որ հնչեցրեց, որ չի իմացել դրանց մասին, հետո է իմացել, չասեմ՝ ստում է, ասեմ` չի տիրապետում կամ չի հիշում՝ ինչ է խոսում, կամ ճիշտ չի ներկայացնում»,- նշեց նա։ Արտակ Դավթյանը նաև անդրադարձավ Մովսես Հակոբյանի՝ սպառազինությունների ձեռքբերման մասին հայտարարություններին։ Դավթյանը նշեց, որ 2018-2024 թթ․ ԶՈՒ արդիականացման ծրագիրը կազմվել է դեռևս 2017-ին: Այդ ժամանակ ինքը եղել է օպերատիվ վարչության պետ և հիմնական կոորդինացնողը:  «Որոշվեցին առաջնությունները՝ ինչ օետք է գնենք 200 մլնի շրջանակներում: Պայմանագրերը կնքեցինք, և այլևս կնքված պայմանագրի փոփոխություն չի կատարվել ո՛չ այն ժամանակ, ո՛չ իմ օրոք, ո՛չ էլ հիմա: Ես փորձեցի մեկ նմուշի առումով կատարել փոփոխություն, որն ուղղակի իրավական տեսակետից հնարավոր չէր իրականացնել․ խոսքը «Իսկանդերի» հրթիռների խնդրին է վերաբերում: Որևէ փոփոխություն չի եղել և չէր կարող լինել, քանի որ երկկողմանի էր, փոփոխությունը պետք է կատարվեր նաև գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ»,- ասաց նա։ Արտակ Դավթյանը նաև հայտնեց, որ «Տոռ 2»-ները Հայաստանում եղել են 2019 թ. նոյեմբեր-դեկտեմբերին: Մինչև 2019 թվականը դրանք Հայաստանում չեն եղել, սակայն ձեռ են բերվել մինչև 2018-ը կնքված պայմանագրով։ «Երեկ հնչեցվեց` 2017 թ. «Տոռ» ենք ունեցել․ 2017 թվականին մենք «Տոռ» չենք ունեցել: Եթե ներկայիս իշխանությունները չլինեին մի քիչ նախաձեռնողական կամ ավելի շահագրգիռ, մենք «Տոռ 2»-ների վերջին կոմպոնենտները կստանայինք 2020 թվականի վերջում, ինչպես նախատեսված էր։ Արագացրել են (ներկայիս իշխանությունները- խմբ․)»,- ասաց նա։  
14:35 - 22 նոյեմբերի, 2020
Տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը

Տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը

Նոյեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունների հանդիպումը` ընդլայնված կազմով: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, առաջիկա անելիքները և հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Կողմերը բարձր են գնահատել Ռուսաստանի Դաշնության դերն ու ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը՝ համաձայն Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի միջև ս.թ. նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության: ՌԴ պաշտպանության նախարարն իրազեկել է այս ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքների և առաջիկա ծրագրերի մասին: Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները կարևորել են զոհված զինծառայողների, գերիների, պատանդների և անհայտ կորածների հայտնաբերման և փոխանակման աշխատանքները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված ՌԴ միջգերատեսչական հումանիտար կենտրոնի աշխատանքը, որն ուղղված է փախստականների վերադարձի, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման, զոհված, գերեվարված և անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքների և հումանիտար ոլորտում տարբեր կազմակերպությունների գործունեության համադրման հարցերին: Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ու ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ  Շոյգուն ստորագրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ՌԴ խաղաղապահ զորակազմի գործողությունների շրջանակը կարգավորող փաստաթղթերի փաթեթ:
15:25 - 21 նոյեմբերի, 2020