ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Հանդիպել են Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները

Հանդիպել են Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները

Հոկտեմբերի 15-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստանում գտնվող ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ: Կողմերն անդրադարձան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: Արտգործնախարարները վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ բոլոր հնարավոր ուղղություններով խորացնելու երկու երկրների միջև բազմադարյա բարեկամության վրա հիմնված համագործակցությունը՝ նախանշելով այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շրջանակները: Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ հետ համագործակցության և երկխոսության շուրջ: Հանգամանալից քննարկվեցին տարածաշրջանային իրավիճակը և խնդիրներ: Երկուստեք կարևորվեց տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և կայունության պահպանումը:
06:31 - 16 հոկտեմբերի, 2019
Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Էնդրյու Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին։ Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սեպտեմբերին Նյու Յորքում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած քննարկումներին և այդ հանդիպումից հետո արձանագրված զարգացումներին: Կարևորվել է խաղաղության համար բարենպաստ միջավայրի ձևավորումը և այս համատեքստում սահմանում վերջին լարվածության նվազեցումը։ Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են խաղաղ կարգավորման գործընթացում կողմերի դիրքորոշումներին, և այս համատեքստում Մնացականյանն ընդգծել է խաղաղ գործընթացում պարտավորությունների համաչափության ապահովման անհրաժեշտությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել եռանախագահության ձևաչափում իրականացվելիք հետագա քայլերի շուրջ: Տարածաշրջանային այցի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպումներ կունենան Արցախի և Ադրբեջանի իշխանությունների հետ, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:
10:09 - 15 հոկտեմբերի, 2019
Զոհրաբ Մնացականյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարևորել են սահմանում լարվածության նվազեցումը

Զոհրաբ Մնացականյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարևորել են սահմանում լարվածության նվազեցումը

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Էնդրյու Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած քննարկումներին և այդ հանդիպումից հետո արձանագրված զարգացումներին: Կարևորվել է խաղաղության համար բարենպաստ միջավայրի ձևավորումը և այս համատեքստում սահմանում վերջին լարվածության նվազեցումը։ ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձել են խաղաղ կարգավորման գործընթացում կողմերի դիրքորոշումներին, և այս համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծել է խաղաղ գործընթացում պարտավորությունների համաչափության ապահովման անհրաժեշտությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել եռանախագահության ձևաչափում իրականացվելիք հետագա քայլերի շուրջ: Տարածաշրջանային այցի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպումներ կունենան Արցախի և Ադրբեջանի իշխանությունների հետ:
08:09 - 15 հոկտեմբերի, 2019
Սիրիա ռազմական կոնտինգենտ ուղարկելու հարց չի քննարկվում. ՀՀ ԱԳՆ |news.am|

Սիրիա ռազմական կոնտինգենտ ուղարկելու հարց չի քննարկվում. ՀՀ ԱԳՆ |news.am|

news.am: Դամասկոսում ՀՀ դեսպանատունն ու Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն աշխատում են արտակարգ ռեժիմով: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը: Նրա խոսքով՝ դեսպանատունը մշտական կապի մեջ է Սիրիայի հյուսիսում հայկական համայնքի հետ: Նա նշեց, որ եթե հայրենակիցները ցանկություն հայտնեն լքել շրջանը, ապա նրանց օգնություն կցուցաբերվի: «Օպերատիվորեն տեղեկատվություն ենք ստանում: Սիրիայի հյուսիսում այժմ մոտ 3 հազար հայ է բնակվում: Հայաբնակ շրջանում զինված բախումների մասին տեղեկություններ դեռեւս չկան»,- նշեց ԱԳՆ մամուլի քարտուղարը: Պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀ իշխանությունները քննարկում են Սիրիա ռազմական կոնտինգենտ ուղարկելու հարցը, Աննա Նաղդալյանը նշեց. «Տարբեր տարբերակներ եւ իրադարձությունների զարգացման սցենարներ են քննարկվում, թե ինչպես օգնել հայրենակիցներին եւ Սիրիայի խաղաղ բնակչությանը: Սակայն ձեր նշած սցենարը չի քննարկվում»:  
13:21 - 14 հոկտեմբերի, 2019
Հայաստանը կոչ է անում գործընկերներին չնպաստել սպառազինությունների մրցավազքին. ԱԳՆ

Հայաստանը կոչ է անում գործընկերներին չնպաստել սպառազինությունների մրցավազքին. ԱԳՆ

news.am: Հայաստանը կոչ է անում բոլոր գործընկերներին հրաժարվել այն քայլերից, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն նպաստում են սպառազինությունների մրցավազքին եւ տարածաշրջանում լարվածության ուժեղացմանը։ Այս մասին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հոկտեմբերի 14-ի ճեպազրույցում՝ պատասխանելով Ադրբեջանի Ֆրանսիայի սպառազինությունների մատակարարման մասին հարցին։ ԱԳՆ մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոստացել է չանել դա։ Պատասխանելով ֆրանսիական մի շարք դատարանների որոշումների հարցին, որոնք չեղարկել են Ֆրանսիայի եւ Արցախի քաղաքների միջեւ բարեկամության եւ համագործակցության համաձայնագրերը, Աննա Նաղդալյանն ընդգծել է, որ հայկական կողմի դիրքորոշումն այն է, որ մարդու իրավունքները եւ դրանց իրականացումը պայմանավորված չեն կեցության տարածքի կարգավիճակով։ «Այդ դիրքորոշումը մենք հնչեցնում ենք բոլոր հարթակներում։ Այդ թվում դա վերաբերում է աշխարհի հետ ազատ հաղորդակցման իրավունքին»,- ընդգծել է Նաղդալյանը։  
13:12 - 14 հոկտեմբերի, 2019
Մնացականյանն ու Լավրովը Աշխաբադում քննարկել են ղարաբաղյան կարգավորումը

Մնացականյանն ու Լավրովը Աշխաբադում քննարկել են ղարաբաղյան կարգավորումը

Աշխաբադում ընթացող ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի եզրույթներում հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը: «Երկուստեք կարևորվեց բարձր մակարդակում ծավալվող ինտենսիվ երկխոսությունը, և անդրադարձ կատարվեց երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ոլորտային խորհրդակցություններին: «Գոհացնող է մեր երկխոսության, մեր փոխհարաբերությունների բարձր մակարդակը, մենք ակտիվորեն համագործակցում ենք նաև միջազգային օրակարգի հարցերի շուրջ: Երևանում կայացած ԵԱՏՄ գագաթաժողովը լավ հնարավորություն էր ամենաբարձր մակարդակով անդրադառնալու այդ ինտեգրացիոն հարթակի հետագա զարգացման հեռանկարներին»,- նշեց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին հայ-ռուսական դաշնակցային օրակարգային, բազմակողմ հարթակներում՝ ՄԱԿ, ԵԱՀԿ և այլն, ինչպես նաև ինտեգրացիոն գործընթացներում համագործակցությանն առնչվող տարաբնույթ հարցերի շուրջ: Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ խնդիրներ, այդ թվում՝ Սիրիայում տեղի ունեցող վերջին՝ Թուրքիայի գործողություններով պայմանավորված զարգացումները:Հանդիպմանն արծարծվեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը»,- ասված է ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։
06:15 - 11 հոկտեմբերի, 2019
Հայաստանը դատապարտում է Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիա

Հայաստանը դատապարտում է Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիա

Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը, որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի։ Հատկապես մտահոգիչ իրավիճակ է ստեղծվում ազգային և կրոնական փոքրամասնությունների համար: Այս ռազմական ներխուժումը ստեղծում է նաև ինքնության հիմքով մարդու իրավունքների ծանր և զանգվածային խախտումների անմիջական վտանգ։ Հայաստանը կոչ է անում գործադրել գործուն միջազգային ջանքեր այս ռազմական ներխուժումը դադարեցնելու, զանգվածային վայրագությունները կանխելու և Թուրքիային սահմանակից Սիրիայի բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ։ Հայաստանն աջակցում է Սիրիայի միասնությանը և ինքնիշխանությանը և կոչ է անում զերծ մնալ Սիրիայի և նրա ժողովրդի դեմ ռազմական ոտնձգություններից: Հայաստանը կշարունակի տեղում մարդասիրական օգնություն ցուցաբերել բարեկամ Սիրիայի ժողովրդին։
05:29 - 10 հոկտեմբերի, 2019
Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային օրակարգին առնչվող մի շարք հրատապ հարցեր

Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային օրակարգին առնչվող մի շարք հրատապ հարցեր

Հոկտեմբերի 9-ին, Աշխաբադում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին ընդառաջ, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Թուրքմենստանի իր գործընկերոջ՝ Ռաշիդ Մերեդովի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը: Արտգործնախարարները շնորհավորել են միմյանց` Հայաստանի և Թուրքմենստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 27-ամյակի կապակցությամբ՝ երկուստեք կարևորելով համաժողովի շրջանակում երկկողմ ձևաչափով հանդիպման անցկացումը՝ որպես ևս մեկ քայլ՝ ուղղված երկու երկրների դարավոր բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Մնացականյանը նշել է. «Հայաստանի և Թուրքմենստանի միջև հարաբերություններն ունեն ամուր հիմքեր և պատմական խորը արմատներ, և դրանք մենք զարգացնում ենք մեծ պատասխանատվությամբ: Մենք ունենք համագործակցության տարբեր հարթակներ, մեր երկրների միջև երկխոսությունը շարունակվում է առաջին դեմքերի մակարդակով»: Հայաստանի և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարները գոհունակություն են հայտնել պարբերաբար տեղի ունեցող բարձրաստիճան փոխայցելությունների և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների կապակցությամբ: Կողմերն անդրադարձել են ԱՊՀ գործունեությանը և նրա առջև ծառացած մի շարք օրակարգային խնդիրների: Արտգործնախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ: Փոխադարձաբար ընդգծվել է առևտրատնտեսական կապերի, ոլորտային համագործակցության ծրագրերի իրականացման և գործարար, մշակութային շփումների աշխուժացման ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկումը: Այս գործընթացում կարևորվել է Թուրքմենստանի հայ համայնքի դերակատարությունը: Նախարարները նաև երկուստեք գոհունակություն են հայտնել երկու երկրների տարածքում պահվող համապատասխանաբար հայկական և թուրքմենական պատմամշակութային ժառանգության և հուշարձանների նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի առնչությամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի նախապատրաստական աշխատանքների շուրջ և հույս հայտնել, որ վերջինիս անցկացումը նոր լիցք կհաղորդի երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացմանը: Զոհրաբ Մնացականյանը և Ռաշիդ Մերեդովը բարձր են գնահատել միջազգային կառույցների շրջանակներում երկու երկրների միջև հաստատված փոխշահավետ համագործակցությունը և փոխադարձ աջակցությունը: Հանդիպմանն արծարծվել են միջազգային և տարածաշրջանային օրակարգին առնչվող մի շարք հրատապ հարցեր:
05:26 - 10 հոկտեմբերի, 2019
ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի ելույթին

ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի ելույթին

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանություն է տարածել «Վալդայ» համաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթի վերաբերյալ: «Ստիպված ենք արձանագրել, որ Ադրբեջանի նախագահի խոսքում որևէ նոր բան չկար: Ադրբեջանի որդեգրած առավելապաշտական դիրքորոշումը, որը մշտական և հիմնական վտանգ է հանդիսանում խաղաղ գործընթացի համար, շարունակում է անփոփոխ մնալ՝ չնայած կողմերի միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածություններին, որոնք ենթադրում էին ժողովուրդներին խաղաղության նախապատրաստում: Հենց այդ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառությունն առավել գործնական հարթություն բերելու նպատակին էր ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկված բանաձևը, համաձայն որի՝ հանգուցալուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Այս բանաձևն ուղղված է բոլոր կողմերի համար փոխզիջումների գաղափարն ընդունելի դարձնելուն, խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման գործում հասարակություններին ներգրավմանը, ինչպես նաև իրենց ժողովուրդների առջև ղեկավարների պատասխանատվության և հաշվետվողականության ամրագրմանը: Պատասխանելով հայկական կողմի այս առաջարկությանը՝ Ադրբեջանի նախագահը որևէ հղում չկատարեց տարածաշրջանի ժողովուրդների համար խաղաղ կարգավորման անհրաժեշտությանը, այլև նույնիսկ կասկածի տակ դրեց սեփական պատմական հայրենիքում ապրող Արցախի ժողովրդի գոյության փաստը: ԼՂ հիմնահարցում իր առավելապաշտական մոտեցման հիմնավորման համար Ադրբեջանը մշտապես գործի է դրել Արցախի և ընդհանրապես հայ ժողովրդի ապամարդկայնացման հռետորաբանություն: Այդ ապամարդկայնացման դրսևորումներից են Ադրբեջանի նախագահի կողմից Ռամիլ Սաֆարովի ներումը և հերոսացումը, Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի ժամանակ խաղաղ բնակչության և զինծառայողների հանդեպ իրականացված վայրագությունները, Արցախի՝ Ադրբեջանի օկուպացիայի տակ գտնվող տարածքների հայաթափումը և Ադրբեջանի տարածքում հայկական պատմական ներկայության և հետքի վերացումը: Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումները և Արցախի ժողովրդի ապամարդկայնացումն անվտանգության գոյաբանական սպառնալիք են ստեղծում Արցախի ժողովրդի համար: Դրան արդյունավետ դիմակայելը համահայկական խնդիր է, ինչը լավագույնս ձևակերպված է Ստեփանակերտում օգոստոսի 5-ին Արցախի ժողովրդի առջև ՀՀ իշխանությունների ստանձնած հանձնառությամբ: Հայաստանը վստահ է, որ խնդրի խաղաղ կարգավորումը և տարածաշրջանում ժողովրդավարության հաղթանակն այլընտրանք չունեն և այդ տեսակետից կարևորում է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառության իրականացումը»:
12:57 - 04 հոկտեմբերի, 2019
ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Կիևի ձևակերպումները չեն նպաստում խաղաղ կարգավորման գործընթացին. ՀՀ ԱԳՆ |aysor.am|

ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Կիևի ձևակերպումները չեն նպաստում խաղաղ կարգավորման գործընթացին. ՀՀ ԱԳՆ |aysor.am|

aysor.am։ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ պաշտոնական Կիևի ձևակերպումները չեն նպաստում խաղաղ կարգավորման գործընթացին, ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:«ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ բոլոր ձևակերպումները, որոնք հակասում են միջնորդության միջազգային միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևակերպումներին և միակողմանի բնույթ են կրում, չեն նպաստում խաղաղ կարգավորման գործընթացին», - նշեց Նաղդալյանը:Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը` հաշվի առնելով գործընկերների բազմաթիվ դիմումները, հայտարարություն էր տարածել Արցախ, Աբխազիա կամ Հարավային Օսիա այցելությունների կարգի մասին, վերահաստատելով ավելի վաղ արված հայտարարությունը։Կիևը զգուշացրել էր իր քաղաքացիներին՝ Արցախ, Աբխազիա կամ Հարավային Օսիա այցելելիս առաջնորդվել Ադրբեջանի և Վրաստանի օրենսդրությամբ։ «Ուկրաինայի արտգործնախարարությունը իր քաղաքացիներին հետևողականորեն խորհուրդ է տալիս Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացված տարածքներ այցելելու որոշում կայացնելիս առաջնորդվել Ադրբեջանի և Վրաստանի օրենսդրությամբ: Այդ օրենսդրության խախտումը ենթադրում է վարչական և քրեական պատասխանատվություն», - մասնավորապես ասված է Ուկրաինայի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։Պաշտոնական Կիևի հայտարության մեջ նշված է Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի և Հարավային Օսիայի, համապատասխանաբար, Ադրբեջանին և Վրաստանին պատկանելության մասին։
09:09 - 30 սեպտեմբերի, 2019
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Սիրիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Վալիդ Ալ Մուալեմի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Սիրիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Վալիդ Ալ Մուալեմի հետ

Սեպտեմբերի 27-ին՝ ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Սիրիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Վալիդ Ալ Մուալեմին: Նախարարներն ընդգծեցին հայ-սիրիական բազմադարյա բարեկամությունը՝ երկու երկրների հարաբերություններում մեծապես կարևորելով հայ համայնքի դերակատարությունը: Այս համատեքստում ՀՀ արտգործնախարարը շնորհակալություն հայտնեց Վալիդ Ալ Մուալեմին սիրիահայ համայնքի նկատմամբ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի և հոգատարության համար: Նախարար Մնացականյանը նշեց, որ պայմանավորված մերձավորարևելյան տարածաշրջանում պատմականորեն ունեցած կապերով և տարածաշրջանում հայ համայնքի ներկայությամբ՝ Հայաստանը մշտապես ուշադրությամբ է հետևում տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և փորձում է իր նպաստը բերել խաղաղասիրական նախաձեռնություններին: Այս համատեքստում երկուստեք բարձր գնահատվեց Հայաստանի կողմից Սիրիայի ժողովրդին ցուցաբերված հումանիտար աջակցությունը և տեղում մարդասիրական առաքելության իրականացումը: Նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը ողջունում է Սիրիայի սահմանադրական կոմիտեի ձևավորումը՝ որպես կարևոր քայլ Սիրիայի ժողովրդի համար խաղաղության հստատմանն ուղղված քաղաքական գործընթացի համար։ Նախարար Մնացականյանը նաև բարձր գնահատեց դրանում նաև հայ համայնքի ներկայացուցչի ընդգրկում:
06:54 - 28 սեպտեմբերի, 2019
Հայաստանը պատրաստվում է ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացին

Հայաստանը պատրաստվում է ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացին

Սեպտեմբերի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի շրջանակում ներկայացվելիք ՀՀ երրորդ զեկույցի նախագծի քննարկումը՝ ՀՀ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը՝ անդրադառնալով մարդու իրավունքների ամրապնդմանն ուղղված ՀՀ կառավարության քայլերին և վերահաստատելով ՀՀ պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով զբաղվող կառույցների հետ՝ ապահովելու համար երկրի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների լիարժեք կատարումը: ԱԳՆ Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ Կարինե Սուջայանը ներկայացրեց զեկույցի նախապատրաստման հետ կապված երկրներին ներկայացվող պահանջները: Մասնակիցները քննարկեցին զեկույցի նախագիծն ըստ ներկայացված ոլորտների, այդ թվում, անդրադարձան Հայաստանում իրականացվող օրենսդրական և դատաիրավական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, կայուն զարգացմանն ու մի շարք այլ խնդիրների: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հնչեցրին ուշադրության արժանի մի շարք հարցեր, ինչպես նաև ներկայացրին իրենց առաջարկները զեկույցի նախագծում ընդգրկելու համար: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ զեկույցի վերաբերյալ արված դիտարկումներն ու առաջարկները կներկայացվեն նաև գրավոր: 2020 թվականի հունվարին Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կներկայացնի Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) իր երրորդ շրջանի ազգային զեկույցը: ՀՊԴ ընթացակարգը հնարավորություն է ստեղծում յուրաքանչյուր երկրի համար ներկայացնելու իր կողմից ձեռնարկած այն քայլերը, որոնք ուղղված են տվյալ երկրում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանն ու այս ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացմանը: Բացի ազգային զեկույցից ՀՊԴ ընթացակարգի շրջանակներում ներկայացվում են ևս երկու զեկույցներ, որոնք հիմնված են հասարակական կազմակերպությունների և մարդու իրավունքների ոլորտում աշխատող միջազգային մոնիթորինգային մարմինների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի պայմանագրային մարմինների և հատուկ ընթացակարգերի կողմից երկրին ներկայացված առաջարկների վրա:
05:48 - 27 սեպտեմբերի, 2019
Զոհրաբ Մնացականյանը ռումինացի պաշտոնակցի հետ քննարկել է Արևելյան գործընկերության զարգացման հեռանկարը

Զոհրաբ Մնացականյանը ռումինացի պաշտոնակցի հետ քննարկել է Արևելյան գործընկերության զարգացման հեռանկարը

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Ռումինիայի նորանշանակ ԱԳ նախարար Ռամոնա Մանեսկուի հետ։ Շնորհավորելով Ռամոնա Մանեսկուին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթելով իր պատասխանատու առաքելությունում՝ Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը արժևորում է Ռումինիայի հետ դարերի խորքից եկող բարեկամական հարաբերությունները։ Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց շարունակել գործուն քայլեր ձեռնարկել փոխշահավետ համագործակցության ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ՝ բարձրաստիճան փոխայցերի և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման, խորհրդարանական ձևաչափում շփումների ակտիվացման միջոցով։ Անդրադարձ կատարելով երկկողմ բազմաոլորտ համագործակցությանը՝ զրուցակիցները որպես կարևոր ուղղություններ առանձնացրեցին տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության, նորարարության, խելացի զարգացման, մշակույթի, գիտության և գյուղատնտեսության ոլորտները։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն այդ առնչությամբ կարևորեցին Բուխարեստի և Երևանի միջև ուղիղ չվերթների հաստատումը՝ որպես կարևոր քայլ՝ ուղղված երկու երկրների միջև զբոսաշրջային, առևտրատնտեսական, մշակութային կապերի և մարդկանց միջև շփումների ամրապնդմանն ու աշխուժացմանը: Զոհրաբ Մնացականյանը և Ռամոնա Մանեսկուն բարձր գնահատեցին նաև Ռումինիայի հասարակական-քաղաքական կյանքում հայ համայնքի ակտիվ դերակատարությունը՝ որպես երկու երկրները միմյանց կամրջող կարևորագույն օղակ։ Հայաստանի արտգործնախարարը երախտագիտություն հայտնեց Ռումինիայի ԱԳ նախարարին՝ հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած հոգատար և ջերմ վերաբերմունքի համար: Հայաստան-ԵՄ փոխգործակցության համատեքստում նախարար Մնացականյանն անդրադարձ կատարեց ԵՄ և ԵՄ երկրների հետ համագործակցության իրավական հենք հանդիսացող փաստաթղթի՝ ՀԸԳՀ-ի կիրարկմանը։ ԱԳ նսխարարները մտքեր փոխանակեցին Արևելյան գործընկերության և նախաձեռնության զարգացման հեռանկարի շուրջ։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարն իր ռումինացի գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները և հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները։
05:15 - 26 սեպտեմբերի, 2019