Հայաստան

ՀՀ փոխվարչապետը մասնակցել է ԱՄՆ անկախության տարեդարձին նվիրված տոնակատարությանը

ՀՀ փոխվարչապետը մասնակցել է ԱՄՆ անկախության տարեդարձին նվիրված տոնակատարությանը

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հունիսի 30-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը մասնակցել է ԱՄՆ անկախության 246-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությանը։ Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից։ Դեսպանատան ծովահետևակայինների կողմից անցկացվող դրոշի հանդիսավոր արարողությունից հետո հնչել են Հայաստանի և ԱՄՆ-ի ազգային օրհներգերը՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի կատարմամբ։ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի ողջույնի և շնորհավորանքի խոսքին հաջորդել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ելույթը, որում, մասնավորապես, նշել է․ «Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ, Ձերդ գերազանցություն տիկի՛ն դեսպան, Օրենսդիր, դատական և գործադիր իշխանությունների հարգելի գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ջերմորեն շնորհավորում և բարեմաղթանքներս եմ հղում Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 246-րդ տարեդարձի կապակցությամբ: Օգտվելով առիթից՝ թույլ տվեք նաև շնորհավորել հայ և ամերիկացի ժողովուրդներին՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։ Հայաստանի անկախությունից ի վեր ԱՄՆ կառավարությունը շարունակական աջակցություն է ցուցաբերել մեր երկրին՝ մշտապես հավատարիմ լինելով հայ ժողովրդի առավել բարեկեցիկ, տնտեսապես ավելի կայուն, կոռուպցիայից զուրկ, օրենքի գերակայության վրա հիմնված ժողովրդավարական երկրում ապրելու ձգտմանը, ինչի համար իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում ԱՄՆ կառավարությանը։ Մեր երկու երկրների միջև սերտ համագործակցության մասին է վկայում այն, որ թավշյա հեղափոխությունից հետո հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակը որակապես նոր փուլ մտավ, և երկկողմ միջկառավարական խորհրդակցությունները տնտեսական շրջանակներից վերաճեցին ռազմավարական երկխոսության։ Ես ուրախ եմ, որ այսօր ունենք հագեցած օրակարգ, որն արդեն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ՝ սկսած իրավական բարեփոխումներից և կոռուպցիայի կանխարգելումից մինչև էներգետիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Գոհունակությամբ պետք է նշեմ, որ 2022 թվականի գարնանը վերսկսվեցին Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության ամենամյա նիստերը և մայիսի 2-ին Հայաստանի Արտաքին գործերի նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի կողմից Վաշինգտոնում տրվեց ամփոփիչ նիստի մեկնարկը։ 2022 թվականի ռազմավարական երկխոսության ձեռքբերումներից պետք է համարել «Քաղաքացիական միջուկային համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը, որը ստորագրեցին երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները։ Այս ոլորտում համագործակցության խորացումը, վստահ եմ, նոր հնարավորություններ կբացի Հայաստանի առջև։ Ձերդ գերազանցություն տիկի՛ն դեսպան, Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Ամերիկայի Միացյալ Նահանգների ջանքերն՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Հուսանք, որ այս ջանքերը կլինեն շարունակական, և կհասնենք տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մեր նպատակին՝ չանտեսելով այսօր Արցախում ապրող մեր հայրենակիցների իրավունքները: Խորին երախտագիտությունս եմ հայտնում նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ վարչակազմի դիրքորոշման համար։ Նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը անփոխարինելի քայլ էր ողջ աշխարհում հայ ժողովրդի կողմից մղվող դարավոր պայքարի արդարացիության և ցեղասպանությունը ժխտողներին կոշտ պատասխան տալու համար: Այս տարվա ապրիլի 24-ին դիրքորոշման վերահաստատումը ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ մարդու իրավունքների և համամարդկային արժեքների գերակայությանը:  Ուզում եմ անդրադառնալ նաև այսօր հայկական խոշորագույն համայնքներից մեկին՝ ամերիկահայությանը, ազգությամբ հայ ԱՄՆ քաղաքացիներին, որոնք, լինելով տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, իրենց ծառայությունն են մատուցում ԱՄՆ-ին: Նրանք նաև երրորդ հանրապետության հիմնադրման առաջին օրվանից և արդեն 3 տասնամյակից ավելի կանգնած են Հայաստանի կողքին՝ իրենց անմիջական աջակցությունը ցուցաբերելով երկրի տարբեր ոլորտների զարգացմանը: Հայ համայնքը յուրօրինակ կամուրջ է, որ կապում է երկու երկրները, նպաստում հարաբերությունների ամրապնդմանը և ընդհանուր արժեքների վրա խարսխված գործընկերության մակարդակի բարձրացմանը: Ձերդ գերազանցություն տիկին դեսպան, Տիկնայք և պարոնայք, Թույլ տվեք Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ և Ամերիկայի ժողովրդին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության 246-րդ տարեդարձի կապակցությամբ։ Կեցցե հայ-ամերիկյան բարեկամությունը: Շնորհավո՛ր Անկախության օրը»։
10:35 - 01 հուլիսի, 2022
Միացյալ Թագավորությունը կես միլիոն ֆունտ ստերլինգ կհատկացնի Հայաստանին և Ադրբեջանին՝ տարածքների ականազերծման նպատակով

 |armenpress.am|

Միացյալ Թագավորությունը կես միլիոն ֆունտ ստերլինգ կհատկացնի Հայաստանին և Ադրբեջանին՝ տարածքների ականազերծման նպատակով |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Թագավորության կառավարությունը կես միլիոն ֆունտ ստերլինգ կհատկացնի Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Զարգացման ծրագրին՝ աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին՝ տարածքների ականազերծման հարցում: Այս մասին հայտնել են Միացյալ Թագավորության կառավարությունից։ Հատկացված գումարի միջոցով իրականացվելու են կենսական կարևորություն ունեցող վերապատրաստումներ, տրամադրվելու է փորձագիտական խորհրդատվություն՝ տարածքն ավելի ապահով դարձնելու, վիրավորումներից խուսափելու ու կյանքեր փրկելու նպատակով: «Միացյալ Թագավորության այս ներդրումը թույլ կտա օգտագործել ՄԱԿ-ի փորձառությունը, նվազեցնել Հայաստանում և Ադրբեջանում քաղաքացիական կյանքին սպառնացող ռիսկերը ու օգնելու մարդկանց՝ կառուցելու իրենց կյանքը»,- նշել է ՄԹ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով նախարար Ջեյմս Քլևերլին: Նա կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին ստորագրել հակահետևակային ականների արգելման ՄԱԿ-ի կոնվենցիան: «Կոչ ենք անում իշխանություններին՝ ապահովել, որ ՄԱԿ-ն ու մյուս մարդասիրական կազմակերպությունները կարողանան լիարժեքորեն աջակցել խաղաղությանն ու զարգացմանը ողջ տարածաշրջանում»,- ասել է նախարարը: 44-օրյա պատերազմից հետո Միացյալ Թագավորությունը 2021 թվականին արդեն իսկ կես միլիոն ֆունտ ստերլինգ էր հատկացրել Լեռնային Ղարաբաղում և ԼՂ շուրջ ականազերծման աշխատանքներին աջակցելու նպատակով:
17:36 - 30 հունիսի, 2022
Բերձորից պետք է դուրս գանք, իսկ Աղավնոյի մասով շարունակելու ենք բանակցությունները, պայքարը․ Հարությունյան
 |civilnet.am|

Բերձորից պետք է դուրս գանք, իսկ Աղավնոյի մասով շարունակելու ենք բանակցությունները, պայքարը․ Հարությունյան |civilnet.am|

civilnet.am: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ հունիսի 30-ին, Արցախի Ազգային ժողովում հայտարարել է, որ Լաչինի միջանցքի նոր երթուղու դեպքում «Բերձորից պետք է դուրս գանք, իսկ Աղավնոյի հետ կապված շարունակելու ենք մեր բանակցությունները, մեր պայքարը»։ «Աղավնո բնակավայրի հարցը դեռ չի քննարկվում, մենք բանակցում ենք։ Խոսքը Բերձորի մասին չէ, հենց կետում (նոյեմբերի 9-ի փաստաթղթի 6-րդ կետում – խմբ․) գրված է, որ մենք պարտավոր ենք Բերձորից դուրս գալ, իսկ Աղավնո բնակավայրի հետ կապված մենք անելիքներ ունենք։ Այդ ուղղությամբ մենք բանակցությունները շարունակում ենք տանել»,- ասել է Արայիկ Հարությունյանը։ Արցախի նախագահի խոսքով՝ Լաչինի միջանցքի նոր երթուղու հետ կապված Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից մի քանի առաջարկություններ են եղել, որոնք մերժվել են։ «Մենք ընտրել ենք ըստ մեզ լավագույն տարբերակը։ Կան գաղտնիքներ, որը ես չեմ ուզում բարձրաձայնել։ Ինչու ենք ընտրել այդ տարբերակը՝ հենց հիմք ընդունելով հետագա անվտանգային խնդիրը»,- նշել է նա։ Հարությունյանի խոսքով՝ նոր երթուղու շինարարական աշխատանքներից հետո արցախյան կողմը հնարավորություն է ունենալու «իր կարծիքն ասել»։ «Առաջին հերթին՝ ճանապարհի որակի առումով՝ համապատասխանո՞ւմ է այն ստանդարտներին, որը մենք ենք ուզում։ Երկրորդ՝ լինելո՞ւ է անվտանգ, իսկ իմ կարծիքով շատ ավելի անվտանգ է լինելու»,- ասել Արցախի ղեկավարը։ Հունիսի 27-ին առցանց ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «նախնական ըմբռնում կա, որ Լաչինի միջանցքի գործող երթուղին պետք է փոփոխության ենթարկվի»։ Երթուղու փոփոխության դեպքում Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների ճակատագրի վերաբերյալ հարցին ի պատասխան Փաշինյանն ասել էր․ «Երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվում ԼՂ ինքնավար մարզի նախկին սահմանի մեջ, դրանք անցնելու Ադրբեջանի վերահսկողության տակ»։ Հայաստանի անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանն էլ կառավարության հունիսի 30-ի նիստից հետո լրագրողներին ասել է, որ 2020-ի նոյեմբերի 9-ից սկսած Բերձորի և Աղավնոյի հետ կապված հարցերը քննարկվում են Արցախի գործընկերների հետ․ «Մենք մոտավորապես 1,5 տարի ժամանակ դեռ ունենք և ճանապարհի մասով, և բնակիչների համար լուծումներ գտնելու առումով։ Արցախի կառավարության հետ կաշխատենք և լուծումներ կգտնենք»,- նշել է Գրիգորյանը։
15:34 - 30 հունիսի, 2022
Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհը, ըստ Արցախի նախագահի, «շատ ավելի անվտանգ է լինելու»
 |azatutyun.am|

Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհը, ըստ Արցախի նախագահի, «շատ ավելի անվտանգ է լինելու» |azatutyun.am|

azatutyun.am: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը վստահեցնում է՝ Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհը «շատ ավելի անվտանգ է լինելու»։ Խորհրդարանում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ Հարությունյանը շեշտեց՝ նոր մայրուղու ընտրության հարցով քննարկումներին մասնակցել է նաև Ստեփանակերտը, ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով անվտանգության հետ կապված որոշ հանգամանքներ, որոնց մասին Արցախի նախագահը նախընտրեց չբարձրաձայնել: «Մենք ընտրել ենք ըստ մեզ լավագույն տարբերակը, կան գաղտնիքներ, որը ես չեմ ուզում այստեղ բարձրաձայնել, ինչո՞ւ ենք ընտրել այդ տարբերակը՝ հենց հիմք ընդունելով անվտանգային մեր խնդիրը», - հայտարարեց Հարությունյանը՝ հավելելով, որ ճանապարհը կառուցվելուց հետո դրա որակի, անվտանգության հետ կապված Ստեփանակերտը իր կարծիքը կհայտնի։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ երեք տարվա ընթացքում Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ պիտի հաստատվի։ Ադրբեջանն արդեն ավարտում է Լաչինի բնակավայրերը շրջանցող ճանապարհի շինարարությունը, հայկական կողմը դեռ չի սկսել։ Շաբաթասկզբին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շահագործումից հետո ԼՂԻՄ սահմանից դուրս գտնվող տարածքներն անցնելու են Ադրբեջանին՝ այդպիսով ըստ էության հաստատելով, որ Ադրբեջանին են անցնելու Բերձորը, Աղավնոն և Սուսը։ Արցախի նախագահը, սակայն, այսօր վստահեցրեց, որ բնակավայրերի հայաթափման հարցը չի քննարկվել։ Մոտ 200 բնակիչ ունեցող Աղավնոյի հետ կապված բանակցությունները, Հարությունյանի խոսքով, շարունակվում են։ «Այդ հարցը թողեք, տեսնենք ինչ հնարավորություններ կան», - ասաց Արցախի նախագահը։
14:06 - 30 հունիսի, 2022
Մինսկի խումբը վերականգնելու փորձերը հակաարդյունավետ են և կործանարար խաղաղ գործընթացի համար. Ալիև
 |azatutyun.am|

Մինսկի խումբը վերականգնելու փորձերը հակաարդյունավետ են և կործանարար խաղաղ գործընթացի համար. Ալիև |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի և մի շարք երկրների կողմից ԵԱՀԿ Մինսկի խումբը վերականգնելու փորձերը հակաարդյունավետ են և կործանարար Հարավային Կովկասում խաղաղ գործընթացի համար։ «Ադրբեջանը ռազմաքաղաքական միջոցներով վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի կարիքը չկա, մենք նրան հրաժեշտ ենք տվել։ Իսկ Հայաստանը և մի շարք երկրներ ցանկանում են վերականգնել, բայց դա անհնար է, այն մեռած է», - այսօր Բաքվում ելույթ ունենալով Չմիավորման շարժման խորհրդարանական ցանցի համաժողովի բացմանը՝ հայտարարել է Ադրբեջանի առաջնորդը։ Ալիևը պնդել է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ ցանկացած հետագա շահարկում ոչ միայն հակաարդյունավետ է, այլև՝ կործանարար տարածաշրջանում հնարավոր խաղաղության համար։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբում նոր համանախագահ է նշանակել:    
14:01 - 30 հունիսի, 2022
1,5 տարի ունենք, կաշխատենք, լուծումներ կգտնենք. Արմեն Գրիգորյանը՝ Բերձորի ու Աղավնոյի ճակատագրի մասին

1,5 տարի ունենք, կաշխատենք, լուծումներ կգտնենք. Արմեն Գրիգորյանը՝ Բերձորի ու Աղավնոյի ճակատագրի մասին

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ հարցին, թե ինչպես են պատկերացնում Բերձորի, Աղավնոյի բնակիչների ճակատագիրը և Ադրբեջանի կողմից կառուցվող Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհը որքանո՞վ է ապահովելու Հայաստանի հետ կապը։ «Այս հարցերը հենց նոյեմբերի 9-ից սկսած մենք քննարկում ենք Արցախի մեր գործընկերների հետ, որպեսզի լուծումներ գտնենք։ Արցախի իշխանությունները այս մասով աշխատանքներ են տանում, սրա մասին նաև հրապարակային խոսել ենք և մենք դեռ ժամանակ ունենք և՛ ճանապարհի մասով, և՛ բնակիչների համար լուծմումներ գտնելու։ Մոտավոր 1.5 տարի դեռ ունենք, Արցախի կառավարության հետ կաշխատենք և լուծումներ կգտնենք»։ Խաղաղության օրակարգի վերաբերյալ հարցին ի պատասխան Արմեն Գրիգորյանը ասաց՝ երբ խոսում են այդ օրակարգի մասին, չեն մտածում, որ ամեն ինչ հեշտ է լինելու։ «Մենք գիտենք դրա դժվարությունների մասին, բայց նաև հասկանում ենք, որ որպեսզի  կարողանանք մեր տարածաշրջանում երկարաժամկետ անվտանգություն ապաահովել, անվտանգության երաշխիքների հնարավոր տարբերակը խաղաղության օրակարգն է։ Մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ բայց հասկանում ենք, որ դա միայն Հայաստանից կախված չէ, և դա է պատճառը, որ աշխատում ենք բոլոր միջազգային գործընկերների հետ, որպեսզի խաղաղության օրակարգը առաջ տանենք»։ Արմեն Գրիգորյանը վերահաստատեց տեսակետը, ըստ որի՝ Հայաստանի տարածքում բացառվում է միջանցքային տրամաբանությամբ գործող որևէ ճանապարհ։  Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությանը՝ ըստ որի «միջանցքը արդեն իրականություն է դառնում», Գրիգորյանն ասաց․ «Պաշտոնական Երևանը նոյեմբերի 9-ից հետո սրան արձագանքում է, ոչ միայն պաշտոնական Երևանը, այլ նաև պաշտոնական Մոսկվան, պաշտոնական Բրյուսելը, սրա մասին ասել ենք, կարծում եմ՝ բանակցային գործընթացի ընկալման խնդիր կա, որովհետև բոլորը հայտարարում են, որ երբեք միջանցք չի հայտարարվել, բայց ադրբջանական կողմը դրա մասին հայտարարում է անհասկանալի պատճառներով»։ Անդրադառնալով վարչապետի մամուլի ասուլիսում հնչած հայտարարությանը, ըստ որի ադրբեջանական կողմը հրաժարվել է Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նաախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումըից, ԱԽ քարտուղարն ասաց․ «Ընդհանուր առմամբ, և՛ Բրյուսելի, և՛ Մոսկվայի օրակարգային հարցերը, որոնք քննարկվում են Արդբեջանի հետ, 4-ն են․ եթե ըստ հերթականության նշեմ, հումանիտար հարցերը, օրինակ հումանիտար հարցերի մեջ առաջնային է գերիների վերադարձը, անհայտ կորած անձանց մասին տեղեկություն հավաքելը և նրանց ընտանիքներին տրամադրելը։ Հաջորդը տարածաշրջանի ապաշրջափակումն է, դելիմիտացիան, դեմարկացիան, ինչպես նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորումը։ Այս 4 հիմնական հարցերն են, որոնք Ադրբեջանի քննարկվում են։ Նախատեսված էր հանդիպում, բայց հետաձգվեց։ Դեռևս հայտնի չեն հստակ պատճառներ, թե ինչու է Ադրբեջանը հետաձգել, մենք ինֆորմացիա ունենք, որ առաջիկայում հնարավոր է այդպիսի հանդիպում։ Մենք չենք ստացել հստակ տեղեկություն, թե ինչու չեն եկել, իրենք պարզապես հետաձգել են»։
13:23 - 30 հունիսի, 2022
Կարգավորման գործընթացի հաջողությունը կախված է Թուրքիայի համապատասխան կառուցողականությունից. Ռուբինյան
 |1lurer.am|

Կարգավորման գործընթացի հաջողությունը կախված է Թուրքիայի համապատասխան կառուցողականությունից. Ռուբինյան |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում շեշտել է, որ հարաբերությունների կարգավորման գործընթացի հաջողությունը կախված է Թուրքիայի կառուցողականությունից: «Գործընթացի մեկնարկից ի վեր Հայաստանը շատ կառուցողական է եղել: Հայաստանն ունի քաղաքական կամք և ցուցադրել է այն՝ արագ կարգավորման հասնելու: Գործընթացի հաջողությունը կախված է Թուրքիայի համապատասխան կառուցողականությունից և քաղաքական կամքից: Ինչպես տեսնում եք, մինչև այս պահը առանձնապես մեծ առաջընթաց չկա»,- ասաց Ռուբինյանը:   Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ինչու են Ռուբեն Ռուբինյանի  և Սերդար Քըլըչի հանդիպումները տեղի ունենում երրորդ երկրում: «Այդ հարցի շուրջ ՀՀ արտգործնախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել: Մեր տրամաբանությունը հետևյալն է, որ ամենակարևորը քաղաքական կամքն է: Եթե կա կարգավորելու քաղաքական կամքը, ապա հանդիպման վայրը դառնում է զուտ տեխնիկական հարց: Բացի դրանից՝ Թուրքիայի հնչեցրած առաջարկը՝ հանդիպումն անցկացնել Երևանում, ենթադրում է, որ մեր թուրք գործընկերները գործընթացը տեսնում են կամ ուզում եմ տեսնել որպես իրապես երկկողմ գործընթաց, բայց  այդ համատեքստում մի փոքր տարօրինակ են Թուրքիայի տարբեր պաշտոնյաների կողմից հնչող հայտարարություններն առ այն, որ իրենք գործընթացը կոորդինացնում են կամ համաձայնեցնում Ադրբեջանի հետ»,- ասաց Ռուբինյանը: Այս հարցում մեծ առաջընթացի մասին, նրա խոսքով, հնարավոր չէ խոսել:
13:18 - 30 հունիսի, 2022
Ստորագրվել է ՀՀ և ԱՄՆ միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագիրը

Ստորագրվել է ՀՀ և ԱՄՆ միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագիրը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ղեկավար Ջոն Ալելոն ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև զարգացմանն ուղղված համագործակցության 5-ամյա համաձայնագիրը, որի շրջանակներում Հայաստանին որպես աջակցություն տրամադրվելու է 120 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ: Համաձայնագիրն ուղղված է ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ու տնտեսության կայունության ապահովմանը: Փաստաթղթի ստորագրման արարողությանը ներկա են գտնվել ինչպես ԱՄՆ ՄԶԳ, այնպես էլ ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ: «Կառավարության անունից և անձամբ իմ կողմից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանին տրամադրվող աջակցության համար և ընդգծել, որ համաձայնագրով որոշված ուղղությունները մեծ կարևորություն ունեն այս բարդ ժամանակաշրջանում Հայաստանի առջև ծառացած տնտեսական մարտահրավերների հաղթահարման, կայուն զարգացման և երկրում ժողովրդավարության ամրապնդման համար»,-ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Ես ցանկանում եմ հատկապես շնորհակալություն հայտնել կառավարության մեր բոլոր գործընկերներին, ովքեր մեծ դեր են ունեցել այս համաձայնագրի մշակման գործում: Ձեր ժամանակը, մասնակցությունը և ջանքերն այս փաստաթուղթը մշակելու և այս օրն իրականություն դարձնելու համար ընդգծում են մեր հավատարմությունը ընդհանուր արժեքներին և նախաձեռնություններին: Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներում Հայաստանին աջակցելու գործին»,- միջոցառման ընթացքում նշել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն: Համաձայնագիրը միտված է խթանելու թափանցիկությունն ու հաշվետվողականությունը պետական կառավարման համակարգում, հզորացնելու տեղական կառավարման կարողությունները, ինչպես նաև մասնակցային ու ներառական ընտրական և քաղաքական գործընթացներն ու օրենքի գերակայությունը: Փաստաթղթի ներքո իրականացվելիք ծրագրերը կխթանեն կառավարման գործընթացում քաղաքացիների ներառական մասնակցությունը և կմեծացնեն տեղեկատվության անկախ և բազմազան աղբյուրների հասանելիությունը: Տնտեսական կայունությունն ամրապնդելու նպատակով ծրագրերն ուղղված կլինեն մասնավոր հատվածի մրցունակության բարձրացմանը, աշխատուժի հզորացմանը և բնական ռեսուրսների կայուն կառավարմանը: 
18:43 - 29 հունիսի, 2022
Լիահույս եմ, որ հայ-լիբանանյան հարաբերությունները կթևակոխեն որակապես նոր փուլ. Նիկոլ Փաշինյանը՝ Լիբանանի վարչապետին

Լիահույս եմ, որ հայ-լիբանանյան հարաբերությունները կթևակոխեն որակապես նոր փուլ. Նիկոլ Փաշինյանը՝ Լիբանանի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության վարչապետ Նաջիբ Ազմի Միքաթիին՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Լիբանանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Լիահույս եմ, որ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացումից հետո Ձեր հետագա պաշտոնավարումը մեծապես կնպաստի մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում բարեկամ Լիբանանի կայունացմանը և հետագա զարգացմանը։ Հայ-լիբանանյան հարաբերությունները, որոնց հիմքում մեր ժողովուրդների միջև ավանդական բարեկամությունն ու անկեղծ համակրանքն են, մշտապես աչքի են ընկել առանձնահատուկ ջերմությամբ, փոխվստահությամբ, ինչպես նաև դժվարին պահերին միմյանց աջակցելու մշտական պատրաստակամությամբ։ Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հայ-լիբանանյան հարաբերությունները կթևակոխեն որակապես նոր փուլ՝ ընդլայնվելով ու ամրապնդվելով թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում։ Օգտվելով առիթից՝ կցանկանայի վերահաստատել Հայաստանի հանձնառությունն իր նպաստը բերելու տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն ուղղված միջազգային ջանքերին, մասնավորապես՝ ՅՈՒՆԻՖԻԼ-ի խաղաղապահ առաքելության շրջանակում։ Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։
17:52 - 29 հունիսի, 2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իսրայելի դեսպանին

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իսրայելի դեսպանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 29-ին ընդունել է Հայաստանում Իսրայելի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Յոել Լիոնին: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է նրան Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով բեղուն գործունեություն: «Դեսպանությունները հիմնաքար են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար: Լիահույս եմ, որ Ձեր գործունեությունը հայ-իսրայելյան հարաբերությունների համար գործուն նշանակություն կունենա եւ կնպաստի միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացմանը»,-նշել է ԱԺ նախագահը: Հանդիպմանը միջխորհրդարանական կապերի համատեքստում մեծապես կարեւորվել է պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությունը: Երկուստեք արձանագրվել է, որ մեր ժողովուրդների միջեւ պատմամշակութային կապերի առկայությունն ու ճակատագրերի նմանությունը կարեւոր նախադրյալներ են համագործակցության բարենպաստ մթնոլորտ ստեղծելու համար: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեւական կայունություն հաստատելու շուրջ:
14:43 - 29 հունիսի, 2022
Վահագն Խաչատուրյանը ԱՄՆ Անկախության օրվան ընդառաջ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր

Վահագն Խաչատուրյանը ԱՄՆ Անկախության օրվան ընդառաջ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվան ընդառաջ այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի կեցավայր: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպան Թրեյսիին, դեսպանության անձնակազմին, Միացյալ Նահանգների ողջ ժողովրդին ազգային տոնի առթիվ և մաղթել հաջողություններ: Նախագահը բարձր է գնահատել Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկրի զարգացման, ժողովրդավարական գործընթացներում առաջընթաց գրանցելու գործում Միացյալ Նահանգների աջակցությունը: Նախագահ Խաչատուրյանն իր ջերմ հիշողություններով է կիսվել Հայաստանում ԱՄՆ առաջին դեսպան Հարի Գիլմորի մասին, որի հետ ծանոթացել է տարիներ առաջ, երբ Երևանի քաղաքապետի պաշտոնն է զբաղեցրել: Նա նշել է, որ երբեք չի մոռացվի այն, ինչ Հարի Գիլմորն է արել Հայաստանի համար այդ դժվարին օրերին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա օրակարգի և երկկողմ գործակցության զարգացման հեռանկարների շուրջ:
14:36 - 29 հունիսի, 2022
ՌԴ դեսպանատան մոտ քաշքշուկ տեղի ունեցավ գերիների ծնողների եւ ոստիկանների միջեւ |news.am|

ՌԴ դեսպանատան մոտ քաշքշուկ տեղի ունեցավ գերիների ծնողների եւ ոստիկանների միջեւ |news.am|

news.am: Երեւանում Ռուսաստանի դեսպանատան մոտ, որտեղ այսօր՝ հունիսի 29-ին, բողոքի ակցիա են իրականացնում Խծաբերդում գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատները, ինչ-որ պահի իրավիճակը լարվեց, քաշքշուկ տեղի ունեցավ ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ: Նշենք, որ գերեվարվածների հարազատները պահանջում են ՌԴ դեսպանի հետ հանդիպում։  Նրանք վրդովվեցին, որ շուրջ մեկ ժամ է այստեղ են, սակայն այդպես էլ չեն հասկանում՝ իրենց որեւէ մեկն ընդունելու է, թե ոչ, դեսպանը տեղում է, թե ոչ: «Զանգեք, թող գան: Չեն կարո՞ղ 15 րոպեով ընդունել։ Հլը իրենց երեխաները գերի լինեին, տեսնեինք նույն ձեւ էին լինելո՞ւ»,- ասաց ծնողներից մեկը: Ոստիկաններից մեկը կոչ արեց ավելորդ լարվածություն չստեղծել: Որոշ ժամանակ անց գերիների ծնողների, հարազատների եւ ոստիկանների միջեւ քաշքշուկ, վիճաբանություն եղավ։ Ծնողները ցանկանում էին դեսպանատուն մտնել։ Մայրերից մեկի ինքնազգացողությունը վատացավ։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն առցանց մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանատվությունը վերագրեց ՌԴ խաղաղապահ առաքելությանը՝ ասելով, որ «հաստատված գերեվարված անձանց 90 եւ ավելի տոկոսը գերեվարվել են ռուս խաղաղապահների տեղակայումից հետո եւ նրանց պատասխանատվության գոտում», ինչից հետո գերիների հարազատները բողոքի գործողությունները սկսեցին Գյումրիում ՌԴ հյուպատոսության առաջ։
13:29 - 29 հունիսի, 2022
Երևանին և Բաքվին հաջողվել է մերձեցնել դիրքորոշումները ապաշրջափակման որոշ հարցերի շուրջ․ Մհեր Գրիգորյան
 |armtimes.com|

Երևանին և Բաքվին հաջողվել է մերձեցնել դիրքորոշումները ապաշրջափակման որոշ հարցերի շուրջ․ Մհեր Գրիգորյան |armtimes.com|

armtimes.com: Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների աշխատանքային խումբը կարողացավ մերձեցնել Երևանի և Բաքվի դիրքորոշումները շատ հարցերի, մասնավորապես՝ սահմանային և մաքսային հսկողության վերաբերյալ։ Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ գործակալության հետ հարցազրույցում ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը կառուցողական եմ համարում: Սա, անշուշտ, բարդ աշխատանք է, բայց պետք է նշեմ, որ կողմերին հաջողվում է մոտեցնել իրենց դիրքորոշումները սահմանային և մաքսային հսկողության բազմաթիվ հարցերի շուրջ, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի տարածքով ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ երթևեկության վերաբերյալ»,- ասել է նա։ ՀՀ փոխվարչապետի խոսքով՝ «այս պահին փորձագիտական ենթախմբերը շարունակում են ճանապարհային ու երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման ու հետագա օգտագործման հետ կապված հարցերի մշակումը»։ Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ժամանակ։ Այնուհետև այդ նպատակով որոշվեց երեք երկրների փոխվարչապետների մակարդակով ստեղծել աշխատանքային խումբ, որը կկենտրոնանա տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի հաստատման վրա։  
11:12 - 29 հունիսի, 2022