armenpress.am: Միացյալ Թագավորության կառավարությունը կես միլիոն ֆունտ ստերլինգ կհատկացնի Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Զարգացման ծրագրին՝ աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին՝ տարածքների ականազերծման հարցում:
Այս մասին հայտնել են Միացյալ Թագավորության կառավարությունից։
Հատկացված գումարի միջոցով իրականացվելու են կենսական կարևորություն ունեցող վերապատրաստումներ, տրամադրվելու է փորձագիտական խորհրդատվություն՝ տարածքն ավելի ապահով դարձնելու, վիրավորումներից խուսափելու ու կյանքեր փրկելու նպատակով:
«Միացյալ Թագավորության այս ներդրումը թույլ կտա օգտագործել ՄԱԿ-ի փորձառությունը, նվազեցնել Հայաստանում և Ադրբեջանում քաղաքացիական կյանքին սպառնացող ռիսկերը ու օգնելու մարդկանց՝ կառուցելու իրենց կյանքը»,- նշել է ՄԹ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով նախարար Ջեյմս Քլևերլին:
Նա կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին ստորագրել հակահետևակային ականների արգելման ՄԱԿ-ի կոնվենցիան:
«Կոչ ենք անում իշխանություններին՝ ապահովել, որ ՄԱԿ-ն ու մյուս մարդասիրական կազմակերպությունները կարողանան լիարժեքորեն աջակցել խաղաղությանն ու զարգացմանը ողջ տարածաշրջանում»,- ասել է նախարարը:
44-օրյա պատերազմից հետո Միացյալ Թագավորությունը 2021 թվականին արդեն իսկ կես միլիոն ֆունտ ստերլինգ էր հատկացրել Լեռնային Ղարաբաղում և ԼՂ շուրջ ականազերծման աշխատանքներին աջակցելու նպատակով:
comment.count (0)