Զվարթնոց օդանավակայան

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը սկսել է գործել դեռևս 1961 թվականից: Այն ժամանակ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը սպասարկում էր միայն նախկին Խորհրդային Միության տարածքում չվերթեր իրականացնող ինքնաթիռների:

2001թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ կառավարության և արգենտինյան «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջև ստորագրվեց պայմանագիր, համաձայն որի՝ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը 30 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման հանձնվեց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանը: 2002թ. հունիսից «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն ստանձնում է օդանավակայանի կառավարումը: Այդ օրվանից ի վեր ծավալուն աշխատանքներ են իրականացվել օդանավակայանի արդիականացման և ընդլայնման ուղղությամբ:

Դեռևս 1985թ. օդանավակայանին Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից (ICAO) շնորհվել է 2-րդ կարգ: Հետագայում օդանավակայանը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով ամբողջությամբ վերանորոգվել է թռիչքուղին, տեղադրվել են անվտանգության, տեղեկատվական և հաշվառման նոր համակարգեր, վերանորոգվել են VIP սրահները, կառուցվել է ուղևորային լիովին նոր համալիր, որի ժամանման սրահը շահագործման է հանձնվել 2006թ. սեպտեմբերի 14-ին, իսկ մեկնման սրահը՝ 2007թ. մայիսի 25-ին:

2008թ. գարնանը սկսվեց նոր համալիրի հանրային գոտու շինարարությունը: Նոր 52.000 քմ համալիրում կրկնապատկվեցին ուղևորների հաշվառման սեղանները, զննման կետերը: Կառուցվեց նոր ստորգետնյա ավտոկայանատեղի: Ուղևորային նոր համալիրը շահագործման հանձնվեց 2011թ. աշնանը:

Թռիչքադաշտում տեղակայված նավիգացիոն համակարգը վայրէջքների համար ապահովում է 30x350մ օդերևութաբանական նվազագույն, որը համապատասխանում է ICAO 2-րդ կարգին:

2013թ. հունվարի 30-ին Դուբայում «Զարգացող օդանավակայանների երկրորդ ամենամյա համաժողով-ցուցահանդեսի» ընթացքում հրապարակվեցին ավելի քան 20 անվանակարգերում քվեարկությունների արդյունքները՝ համաձայն որոնց Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը ճանաչվեց «Ռուսաստանի, ԱՊՀ և Բալթյան երկրների լավագույն օդանավակայան»:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել. ԱԻՆ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել. ԱԻՆ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տեղազննման արդյունքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարությունից: Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին` ժամը 19։19-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն ականապատված է։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։ Տեղազննման արդյունքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել։ 
22:25 - 13 հուլիսի, 2022
«Արմենիա միջազգային օդանավակայաններում» հայտնաբերվել են մի շարք խախտումներ. ՊՎԾ

«Արմենիա միջազգային օդանավակայաններում» հայտնաբերվել են մի շարք խախտումներ. ՊՎԾ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցության շրջանակներում ստացել է տեղեկատվություն առ այն, որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի VIP սրահի ուղևորների բարձրակարգ սպասարկման դիմաց քաղաքացիներից 55 000-75 000 ՀՀ դրամի չափով գանձվող գումարներից 5 000 դրամ գումարը մուտքագրվել են դրամարկղ՝ առանց վերջիններիս գիտության նրանց ձևակերպելով որպես դիվանագիտական անձնագրեր ունեցող ուղևորների ազգականներ կամ պաշտոնական պատվիրակության անդամներ, իսկ անօրինական ճանապարհով ստացված խոշոր չափերի մնացած գումարները բաշխվել են ընկերության աշխատակիցների միջև: ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացվել են համապատասխան վերասկողական գործառույթներ, միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ վերոգրյալ վճարները «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի դրամարկղ չմուտքագրելու պարագայում ամբողջությամբ չեն կատարվել հարկային պարտավորությունները, համապատասխան տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ իրենց լիազորություններից բխող վերահսկողական գործառույթներ իրականացնելու նպատակով: Արդյունքում հարկային մարմին է ներկայացվել շահութահարկի ճշտված հաշվարկ՝ լրացուցիչ հաշվարկվել և պետական բյուջե է վճարվել պետությանը պատճառված վնասի ամբողջ չափը՝ 6 519 000 ՀՀ դրամ շահութահարկի գումար:
17:41 - 13 մայիսի, 2022
ԱԱԾ-ն չհիասթափեցրեց իր հանդեպ թերահավատ ավիատորներին |hetq.am|

ԱԱԾ-ն չհիասթափեցրեց իր հանդեպ թերահավատ ավիատորներին |hetq.am|

hetq.am: Իրանում հայտնված հայկական օդանավի գործը, ըստ էության, կարելի է փակված կամ «ջրված» համարել։ Քրեական գործի վարույթը կասեցվել է, ինչը նշանակում է, որ նախաքննական մարմինը՝ ԱԱԾ-ն, հաստատեց ավիատորների այն բոլոր կասկածները, որ գործը դժվար թե բացահայտվի։ Հիշեցնենք, որ «Fly Armenia Airways» (ներկայում՝ «Hayways») ավիաընկերության հաշվեկշռում գրանցված «Boeing 737-300» օդանավը (հայկական գրանցումը՝ EK-FAA) 2021 թ․ փետրվարի 19-ին թռել էր Էստոնիայի մայրաքաղաք Տալլինից եւ ուկրանական Գոստոմելի օդանավակայանում վայրէջք կատարելու փոխարեն հասել էր Բուլղարիա՝ Վառնա քաղաք, որտեղ գիշերել էր, իսկ հաջորդ օրը՝ ամսի 20-ին, կրկին անօրինական ձեւով հայտնվել Իրանի մայրաքաղաք Թեհրանում ու միայն երկարատեւ քաշքշուկներից հետո ապրիլի 23-ին տեղափոխվել Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան: ՀՀ քաղավիացիայի կոմիտեն հայտարարել էր, որ օդաչուները եղել են Տաջիկստանի քաղաքացիներ։ Ինչպես «Հետքին» պատմել էին ավիաընկերության ներկայացուցիչները, 2020-ի օգոստոսին իրենց վարձակալած այս օդանավի սեփականատերը՝ շվեյցարական «BK Impex» ընկերությունը, պարտավոր էր անցկացնել բոլոր տեխնիկական աշխատանքները՝ օդանավը թռիչքային պիտանիության վիճակի բերելու համար։ Աշխատանքների ավարտից հետո օդանավը պետք է տեղափոխվեր Հայաստան՝ հետագա շահագործման համար: Բայց քանի որ 2020-ի աշնանը մեր երկրում պատերազմ էր եւ կորոնավիրուսի համավարակ ամբողջ աշխարհում, օդանավը Հայաստան տեղափոխելու աշխատանքները դանդաղել էին։ Երբ իրավիճակը կայունացել էր, օդանավի տեխնիկական աշխատանքները Տալլինում վերսկսվել էին, եւ սեփականատիրոջ կողմից որոշում էր կայացվել դրանց մնացած մասը իրականացնել Ուկրաինայի Գոստոմել քաղաքի օդանավակայանում: Անհրաժեշտ էր օդանավը Տալլինից տեղափոխել Գոստոմել, բայց քանի որ Էստոնիան Շենգեն գոտի է, «Fly Armenia Airways»-ի հայ օդաչուների վիզայի խնդիր էր ծագել կորոնավիրուսի համավարակի եւ միջպետական փակ սահմանների պայմաններում։ Մյուս կողմից՝ հայկական ընկերությունը տեղեկացվել էր, որ Գոստոմելում տեխսպասարկման համար արդեն իսկ սլոթ (կոնկրետ ժամանակահատված) է ամրագրվել, որը խախտելու դեպքում ավիաընկերությունը ստիպված կլինի հավելյալ վճարումներ կատարել: Այսինքն՝ շտապելու խնդիր էր ծագել: Եվ այս պարագայում, երբ հայկական ընկերության սեփական օդաչուները շենգենյան վիզա չեն ունեցել, սեփականատեր «BK Impex»-ն առաջարկել էր տաջիկ օդաչուների տարբերակը, ինչն ընդունվել էր «Fly Armenia Airways»-ի կողմից: Մենք պարզել էինք նաեւ, թե ովքեր են տաջիկները․ հրամանատար Ազիզբեկ Գոզիեւը եւ երկրորդ օդաչու Սարվար Նուրովը: Վերջիններիս ֆեյսբուքյան էջերն ուսումնասիրելով՝ գրել էինք, որ աշխատում են տաջիկական «Tajik Air» ավիաընկերությունում: Գոզիեւը Տաջիկստանի Բուստոն (նախկինում՝ Չկալովսկ) քաղաքից է, Նուրովը՝ մայրաքաղաք Դուշանբեից, երկուսն էլ ավարտել են Ղրղզստանի ավիացիոն ինստիտուտը (ք. Բիշքեկ): «The Independent» օրաթերթի պարսկալեզու կայքի հեղինակ Բաբակ Թաղվային, ով ռազմական եւ պաշտպանական ոլորտի փորձագետ է, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ իրանական «Caspian Airlines» ավիաընկերությունն այս «Boeing 737-300» օդանավը պատվիրել էր (գնել էր) 2020-ի ամռանը՝ այն ժամանակ, երբ ինքնաթիռը դեռ Հայաստանում չէր գրանցվել («Fly Armenia Airways»-ի շարժակազմում չէր), այլ գտնվում էր լիտվական «GetJet Airlines»-ի հաշվեկշռում ու կայանված էր Էստոնիայի մայրաքաղաքում: Եթե այս ինֆորմացիան ճիշտ է, նշանակում է, որ օդանավը Հայաստանում գրանցելն ուղղակի միջոց է եղել այն Իրան տեղափոխելու գործընթացում: «Հետքի» աղբյուրի տեղեկացմամբ՝ այս առումով առանցքային «խաղացողները» եղել են շվեյցարական սեփականատերն (վաճառողը) ու իրանական կողմը (գնորդը):  «Hayways»-ը համարում է, որ այս պատմության մեջ ինքը զոհ է, իսկ հիմնական մեղավորներից շվեյցարական սեփականատեր «BK Impex»-ին, ինչպես գրել ենք, արդեն դատի է տվել՝ պահանջելով փոխհատուցել Թեհրանում օդանավը թռիչքային վիճակի բերելու եւ Հայաստան տեղափոխելու համար կատարած իր ծախսերը։ Չնայած մինչ օրս օդանավը գտնվում է հայկական ավիաընկերության հաշվեկշռում, այն շահագործելու միտք «Hayways»-ն այլեւս չունի։  Իր հերթին ՀՀ ԱԱԾ-ն 2021-ի փետրվարի 25-ին քրեական գործ էր հարուցել ՔՕ 221-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի եւ 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:  Նշվածներից առաջին դրույթը սահմանում է. «Օդանավ, նավ կամ երկաթուղային շարժակազմ փախցնելը կամ փախցնելու նպատակով զավթելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ 7-12 տարի ժամկետով»:  Քրգործի հիմքում դրված երկրորդ դրույթը նշում է. «Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաեւ ակնհայտ կեղծ փաստաթղթեր օգտագործելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-400-ապատիկի չափով (200.000-400.000 դրամ - «Հետք»), կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով»: Այսինքն՝ ԱԱԾ-ն գործը քննում էր օդանավ փախցնելու եւ փաստաթուղթ կեղծելու հատկանիշներով։ ԱԱԾ քննչական դեպարտամենտի հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ, փոխգնդապետ Գեւորգ Խալաթյանը 2021-ի մարտին «Հետքին» հայտնել էր, որ դեռեւս որեւէ անձի չի տրվել կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ: 2021-ի օգոստոսին՝ քրգործի հարուցումից 6 ամիս անց, պատկերը նույնն էր՝ որեւէ անձի կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ չէր տվել: Այսինքն՝ տաջիկ օդաչուները ո՛չ կասկածյալ էին, ո՛չ էլ մեղադրյալ: ԱԱԾ-ին օգոստոսին հարցրել էինք նաեւ, թե արդյոք հարցաքննվել են Գոզիեւն ու Նուրովը եւ ինչ կարգավիճակով, ինչին քննիչ Խալաթյանը պատասխանել էր, թե դա նախաքննական գաղտնիք է: Նկատենք, որ հայ ավիատորները թերահավատ էին, թե ԱԱԾ-ն կբացահայտի այս գործը։ Եվ խոսքը ոչ այնքան մասնագիտական կարողության, որքան կամքի եւ ինչ-որ առումով քաղաքական որոշման մասին էր, քանի որ սեղանին նաեւ հայ-իրանական հարաբերություններն էին։ Հիշեցնենք՝ «Հետքի» աղբյուրները հայտնել էին, որ Իրանից օդանավը վերադարձնելու հարցում մեծ դեր է խաղացել այդ երկրում ՀՀ դեսպանությունը, որը կապի մեջ է եղել տարբեր ոլորտների իրանցի պատասխանատուների, բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ պնդել Հայաստանի դիրքորոշումը՝ ինքնաթիռը պետք է վերադարձվի մեր երկիր, ինչն էլ արդյունք էր տվել:  Նախորդ ամիս ԱԱԾ-ին հարցրել էինք, թե ինչ փուլում է քրգործի նախաքննությունը, արդյոք օդաչուներ Ազիզբեկ Գոզիեւն ու Սարվար Նուրովը ներգրավված են գործում որեւէ կարգավիճակով, արդյոք նրանց հանդեպ հայտարարվել է հետախուզում, ԱԱԾ-ն արդյոք դիմել է Տաջիկստանի իր գործընկերներին՝ իրավական օգնություն ցույց տալու համար եւ ինչ պատասխան է ստացել, արդյոք քրգործով կան մեղադրյալներ կամ կասկածյալներ։ Ի պատասխան՝ քննիչ Գեւորգ Խալաթյանը ընդամենը նշել է, որ քրգործի վարույթը կասեցվել է, իսկ թե երբ եւ ինչ հիմքով է դա տեղի ունեցել, քննիչը չի ասել։ Մնացած բոլոր հարցերի պատասխանները, այդ թվում՝ գործում մեղադրյալների կամ կասկածների առկայության կամ բացակայության, Խալաթյանը նախաքննական գաղտնիք է համարել ու տեղեկատվություն չի տրամադրել։ Երկրորդ հարցումով հիշեցրել ենք, որ 2021-ի մարտին եւ օգոստոսին այն փաստը, որ մեղադրյալներ ու կասկածյալներ չկան, նախաքննական գաղտնիք չէր, հետեւաբար ի՞նչ է փոխվել այս անգամ։ Խնդրել էինք նաեւ հայտնել, թե ինչ հիմքով է վարույթը կասեցվել, բացի դրանից՝ արդյոք 2021-ի ապրիլի 23-ից Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում կայանված ինքնաթիռը շարունակում է մնալ քրգործով արգելանքի տակ։ Քննիչ Խալաթյանն այս անգամ նշել է, թե յուրաքանչյուր քրգործով վարույթն իրականացնող մարմինն ինքն է գնահատում, թե որ տեղեկություններն են հանդիսանում գործի քննության տվյալ փուլում հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ եւ որոշում դրանց տրամադրման ծավալը։ Շարունակությունը՝ hetq.am-ում Գլխավոր լուսանկարում՝ «Զվարթնոցում» կայանված եւ քաղաքացիական ու քրեական գործերում ներգրավված «Boeing 737-300»-ը (EK-FAA). 25.10.2021, լուսանկարիչ՝ Սիմոն Դե Ռուդեր/jetphotos.com  
18:47 - 04 ապրիլի, 2022
Երևան-Մոսկվա չվերթը չպլանավորված վայրէջք է կատարել Սամարայի օդանավակայանում

Երևան-Մոսկվա չվերթը չպլանավորված վայրէջք է կատարել Սամարայի օդանավակայանում

Ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված  ՌԴ օդային տարածքների մասնակի փակ լինելն իր ազդեցությունն է թողել Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ թռիչքների կազմակերպման վրա: «Արմենիա» ավիաընկերությունը տեղեկացնում է, որ Երևան-Մոսկվա-Երևան չվացուցակում փոփոխություններ են եղել: «Հարգելի գործընկերներ և ուղևորներ` տեղեկացնում ենք ձեզ, որ այս պահին «Արմենիա» ավիաընկերության չվերթները Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ ընթանում են չվացուցակից գրեթե 1 ժամ շեղումով։ Ռազմական գործողությունների հետևանքով ՌԴ  օդային տարածքները մասնակի փակ են, ինչը պատճառ է դարձել չվերթը այլ, ավելի երկար երթուղով իրականացնելու համար։ Այս պահին Երևան-Մոսկվա ուղղությամբ իրականացվող NGT930 չվերթը չպլանավորված վայրէջք է կատարել Սամարա քաղաքի օդանավակայանում` ռուսական ավիակարգավարների հրահանգով։ Համապատասխան թույլտվությունը ստանալուց հետո 930 չվերթը շարունակելու է չվերթը դեպի Մոսկվայի Վնուկովո օդանավակայան։ Մաղթում ենք բոլորիդ բարի թռիչք»,-ասված է հաղորդագրությունում:
14:25 - 24 փետրվարի, 2022
Չեղարկվել է այսօր երեկոյան նախատեսված Երևան-Ակտաու չվերթը

Չեղարկվել է այսօր երեկոյան նախատեսված Երևան-Ակտաու չվերթը

Չեղարկվել է այսօր երեկոյան նախատեսված Երևան-Ակտաու չվերթը։ Այս մասին տեղեկանում ենք  «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքէջից։ Հիշեցնենք, որ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների համար երկրի նախագահը դիմել է ՀԱՊԿ-ին։ Քանի որ ՀԱՊԿ-ի նախագահությունը այս տարի ստանձնել է Հայաստանի Հանրապետությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման եւ կարգավորման նպատակով»: Դրանք ներառում էին Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները։
14:54 - 06 հունվարի, 2022