Հայաստանի Հանրային հեռուստատեսություն

Հայկական հանրային հեռուստաընկերություն, որը  հիմնադրվել է 1955 թվականի սեպտեմբերի 5-ին՝ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի որոշմամբ։ 1956-ի նոյեմբերի 29-ին հաղորդավար Նարա Շլեպչյանի գեղեցիկ ձայնով տրվեց Հանրային հեռուստատեսության մեկնարկը:
1977 թ. հայկական հեռուստատեսության  հաղորդումների միջին տեւողությունը հասավ օրական 12 ժամի: Այդ տարիներին մեր երկրում կար մոտ 500.000 հեռուստացույց, որոնցից 100.000-ը` գունավոր:
Կարճ ժամանակում հեռուստատեսությունը դարձավ քաղաքային, մշակութային, գիտաճանաչողական, ուսուցողական եւ այլ ինֆորմացիայի կարեւորագույն միջոց (1987 թվականին հանրապետության ընտանիքների 93%-ը հեռուստացույց ուներ)։ Առաջին տեսագրումը կատարվել է 1971 թվականին։

1990-ական թվականների սկզբում հասարակական-քաղաքական հաղորդումներին զուգահեռ ավելացան եւ նոր ձեւով ներկայացան ժամանցային հաղորդումները։
1999 թ.-ից Հայաստանի հեռուստատեսությունը սկսեց հեռարձակվել արբանյակային կապով, որն իրականացավ ՀՀ Կապի նախարարության եւ  իտալական «Տելեսպազիո» (''Telespazio'') ընկերության միջեւ կնքված պայմանագրով: Իսկ ահա 2000 թ. գործողության մեջ մտած նոր օրենքի համաձայն Ազգային հեռուստատեսությունը վերանվանվեց  Հանրային հեռուստաընկերության` «Հ1» լոգոտիպով: Այդ նույն թվականին գործողության մեջ մտած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի համաձայն` Հանրային հեռուստաընկերությունը պարտավորվեց մինչեւ 2005 թ. հունվարի 1-ը բոլոր հաղորդումները եւ ֆիլմերը եթեր հեռարձակել հայերենով: Սկզբում թարգմանվեցին մուլտֆիլմերը, այնուհետեւ` սերիալները:

2005 թ. ստեղծվեց հանրապետությունում առաջին վիտուալ ստուդիան:

2014 թ. ձեռք բերվեց համաշխարհային համբավ ունեցող Avid ընկերության համակարգը, (որն հաջողությամբ աշխատում էր մի շարք հեռուuտաընկերություններում /ОРТ, РТР, BBC, ABC /)` տեսասերվերներով, համալրող բաղադրիչներով, ինչպես նաեւ համակարգչային գրաֆիկայի ընձեռած լայն հնարավորություններով:

2015 թ. Հանրային հեռուստաընկերությունը Չինատանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունից ստացավ նոր՝ 10 տեսախցիկով զինված HD շարժական հեռուստատեսային կայան եւ HD արբանյակային հեռարձակման կայան: Չինաստանի կառավարությունը Հանրային հեռուստաընկերությանը անհատույց տրամադրեց նաեւ թվային լրահավաք մեքենա:

Ներկայումս Հանրային հեռուստաընկերության եթերին կարելի է հետեւել ինչպես անհատական համակարգիչներով, այնպես էլ բջջային հեռախոսներով եւ պլանշետներով։ Ստեղծվել են հավելվածներ (Application) հանրածանոթ IOS եւ Android համակարգերի համար, որոնք կարելի է ներբեռնել անվճար։

2016-ի սեպտեմբերի 13-ին մեկնարկեց Հանրային հեռուստաընկերության 60-րդ եթերաշրջանը, եւ նույն օրը անցում կատարվեց բարձր հստակության (HD որակի) հեռարձակման թե՛ մետրային, թե՛ արբանյակային հաճախականությունների համար:

Հանրայինի լրատվական թողարկումներում և կայքի հրապարակումներում բացակայում են ՀՀ ՄԻՊ-ի հայտարարությունները

Հանրայինի լրատվական թողարկումներում և կայքի հրապարակումներում բացակայում են ՀՀ ՄԻՊ-ի հայտարարությունները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը 2021-ի դեկտեմբերի 28-ին հայտարարություն տարածեց, որ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկումը շարունակում է անտեսել ՄԻՊ հրապարակումները՝ երկրում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների վերաբերյալ։ ՄԻՊ աշխատակազմը  5 ամիս (2021թ. հուլիսի 1-ից դեկտեմբերի 2) մշտադիտարկում էր իրականացրել և պարզել, որ այդ ընթացքում «Լուրեր»-ը պաշտպանի կամ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցչի հետ ոչ մի անգամ հարցազրույցի հրավեր չի նախաձեռնել։ «Փաստերը վկայում են, որ հատկապես չեն լուսաբանվում մարդու իրավունքների պաշտպանի այն հայտարարությունները, որոնք ցույց են տալիս ադրբեջանական անօրինականությունները, Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները, հանրությանը չի ներկայացվում, թե ինչ լուծումներ է առաջարկում Մարդու իրավունքների պաշտպանը, այդ թվում՝ որպես Կառավարության տեսակետին այլընտրանք: Առավելագույն դեպքում տեղի ունենում է ձևական լուսաբանում «վազող տողով»»,- ասվում էր ՄԻՊ-ի հայտարարության մեջ: Հունվարի 13-ին էլ Արման Թաթոյանը հայտնեց, որ  գրություններ է ուղարկել Հանրային հեռարձակողի խորհրդին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին և Հանրային հեռուստաընկերությանը։ Նա գրություններով պահանջել է ՄԻՊ գործունեության լուսաբանումը «Լուրեր» թողարկմամբ արգելափակելու վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնել։ Infocom-ն իրականացրել է «Լուրեր»-ի՝ դեկտեմբերի 1-ից հունվարի 13-ն ընկած ժամանակահատվածի բոլոր թողարկումների, ինչպես նաև Հանրային հեռուստաընկերության 1lurer.am կայքի մոնիթորինգ՝ հասկանալու համար, թե ինչպես է Հանրայինը լուսաբանել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի գործունեությունը, վերջինիս հայտարարությունների որ մասն է հրապարակվել հեռուստաընկերության կայքում կամ լրատվական թողարկումների ժամանակ։ Լրատվական թողարկումները մշտադիտարկելիս չեն դիտարկվել վազող տողերը։ Այս ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում կատարվել է ավելի քան 40 հրապարակում, այս հրապարակումներից 28-ը վերաբերում են Հայաստանի սահմանային իրավիճակին և ադրբեջանական կողմի ագրեսիաներին․ պաշտպանը կա՛մ հայտարարարություններ է արել այդ թեմաներով, կա՛մ էլ պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ անդրադարձել դրանց։ Մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վերը նշված ժամանակահատվածում լրատվական թողարկումներից ոչ մեկի ժամանակ չի հաղորդվել որևէ լուր ՄԻՊ-ի հայտարարությունների կամ գործունեության վերաբերյալ։ Նույնը վերաբերում է նաև 1lurer.am կայքին, որի լրահոսում նշված ժամանակահատվածում ՄԻՊ-ի վերաբերյալ որևէ հրապարակում չկա։ Դեկտեմբերի 1-ին, օրինակ, պաշտպանը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողները կարողանում են դիտարկման ներքո պահել Կապան-Ճակատեն այլընտրաքային ճանապարհը։ Հիշեցնենք՝ նոյեմբերին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ ադրբեջանական կողմը Կապան-Ճակատեն ավտոճանապարհի, ինչպես նշված էր ԱԱԾ հաղորդագրությունում, ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով անցակետ է տեղակայելու։ Հայկական կողմն էլ հայտնեց, որ Կապան-Ճակատեն այլընտրանքային ճանապարհ կկառուցի։ «Կապանից դեպի 6 գյուղեր՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ տանող այլընտրանքային ճանապարհը ևս դիտարկվում է ադրբեջանական զինված ծառայողների կողմից, հետևաբար, բացի դժվարանցանելիությունից ու դրա հետևանքով հումանիտար խնդիրներից, բնակիչների իրավունքների ոտնահարումներից, մարդկանց կյանքի իրավունքի և անվտանգության երաշխավորման խնդիրը մնալու է չլուծված»,- ասվում էր պաշտպանի հայտարարությունում։  Հաջորդ օրը «Լուրեր»-ի թողարկումներից մեկի ժամանակ ցուցադրվեց Ճակատեն գյուղից ռեպորտաժ։ ՄԻՊ-ի հայտարարության մասին ռեպորտաժում ոչինչ նշված չէր․ հիմնականում խոսվում էր այն մասին, թե կառավարությունն ինչ է իրականացրել բնակավայրի համար։ «Գյուղապետի խոսքով՝ ճանապարհը փակվելուց հետո (Կապան-Ճակատեն մայրուղու մի հատվածի փակվելուց հետո- խմբ․) չի եղել որևէ օր, որ կառավարությունը, մարզպետարանը, համայնքապետարանը իրենց կողքին չլինեն»,- նշվում էր ռեպորտաժում։ Դեկտեմբերի 3-ին ՄԻՊ-ը հայտարարություն տարածեց Սյունիքում ճանապարհները փակվելու և այլընտրանքային ճանապարհներ կառուցելու խնդիրների մասին։ Պաշտպանը նաև անդրադարձավ տրանսպորտի խնդրին․ «Գործում է ամենագնաց տրանսպորտային 1 միջոց, որը, թեև պարտաճանաչ է, բայց ինքնին բավարար չէ, քանի որ երթուղու սեղմ գրաֆիկը, դժվարանցանելի ճանապարհը թույլ չեն տալիս մարդկանց հոգալ իրենց առօրյա կարիքները, հասցնել մեկ օրվա ընթացքում՝ մինչև մութն ընկնելը, կազմակերպել նրանց տեղափոխումը՝ սպասարկելով 3 գյուղեր, և մարդիկ բախվում են բազմաթիվ խնդիրների»:  Դեկտեմբերի 3-ին «Լուրեր»-ով ցուցադրվեց Ճակատեն-Կապան, Ճակատեն-Գեղանուշ այլընտրանքային ճանապարհների կառուցման աշխատանքների մասին ռեպորտաժ։ Ռեպորտաժում խոսվում էր հիմնականում ճանապարհի կառուցման ընթացիկ աշխատանքների, ժամկետների մասին։ Անդրադարձ էր կատարվում նաև բնակիչների համար նախատեսված տրանսպորտային միջոցներին։ «Նոյեմբերի 24-ից երթևեկի են դուրս եկել միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից գնված երկու ՈՒԱԶ-ը,- ասվում է ռեպորտաժում, այնուհետև մեջբերվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի խոսքերը։- Ունենք երթուղի Մեղրիով՝ դեպի Կապան, օրը մեկ անգամ, և ավելի ինտենսիվ երթուղի ունենք գյուղերը Կապանին միացնող Գեղանուշ ճանապարհով»։ Լրագրողը հավելում է, որ երթուղին իրականացվում է՝ ըստ ժամանակացույցի, անկախ ուղևորների քանակից։ ՄԻՊ-ի բարձրաձայնած խնդիրների մասին ռեպորտաժում ոչինչ նշված չէ։ Դեկտեմբերի 7-ին էլ «Լուրեր»-ով Սյունիքի սահմանամերձ բնակավայրերից ռեպորտաժ հրապարակվեց, որտեղ խոսվում էր այն մասին, թե կառավարությունն ինչ նոր աշխատատեղեր է բացել այդ բնակավայրերում և ինչ փոփոխություններ իրականացրել։ Չնայած ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությունները Հանրային հեռուստաընկերության լրատվական թողարկումների ժամանակ և կայքի հրապարակումներում չեն ներկայացնում, Հանրայինը երկու հարթակներում էլ լուսաբանում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հայտարարություններն ու գործունեությունը (օրինակ՝ 1, 2, 3, 4)։ Հանրայինը նաև լուսաբանել է նոր ՄԻՊ-ի թեկնածուի առաջադրումը։ Այսպիսով՝ մեր մշտադիտարկումը հաստատում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի պնդումները, որ Հանրային հեռուստաընկերությունն անտեսում է նրա գործունեությունն ու հայտարարությունները։ Ե՛վ «Լուրեր»-ի թողարկումներում, և՛ 1lurer.am կայքում դեկտեմբերի 1-ից հունվարի 13-ն ընկած ժամանակահատվածում Հանրայինը չի անդրադարձել պաշտպանի գործունեությանը։ Հիշեցնենք, որ մեր ուսումնասիրած ժամանակահատվածում չեն դիտարկվել վազող տողերը։ Աննա Սահակյան
11:28 - 20 հունվարի, 2022
ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով են պարգեւատրվել Հանրային հեռուստաընկերության աշխատակիցներ

ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով են պարգեւատրվել Հանրային հեռուստաընկերության աշխատակիցներ

Դեկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության աշխատակիցներին` գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի գլխավորությամբ: 2021 թվականը Հանրային հեռուստաընկերության համար հոբելյանական է. Առաջին ալիքը նշում է հիմնադրման 65-ամյակը: Խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով հեռուստաընկերության հիմնադրման 65-ամյակի առթիվ, շնորհակալություն է հայտնել աշխատակիցներին՝ բարձրորակ հեռուստատեսային բովանդակություն ապահովելու եւ պրոֆեսիոնալ աշխատանքի համար: ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ իր համար մեծ պատիվ է պարգեւներ հանձնել հեռուստատեսության անխափան եթերն ապահովող եւ տարիների ավանդ ունեցող աշխատակիցներին: Ալեն Սիմոնյանը հուշամեդալներով է պարգեւատրել Հանրային հեռուստաընկերության աշխատակիցներ Գառնիկ Թեփուչեկյանին, Պետրոս Ղազարյանին, Թերեզա Կասյանին, Մելիք Մայիլյանին, Արմինե Նիկողոսյանին, Պողոս Նազարյանին, Արթուր Ղանդիլյանին, Սամվել Աղանյանին, Մարինե Բլբուլյանին, Խորեն Լեւոնյանին, Հերմինե Բաղդասարյանին եւ Օլեգ Սուքիասյանին:
18:35 - 14 դեկտեմբերի, 2021
41 երկիր, այդ թվում Հայաստանը, կմասնակցեն Թուրինում կայանալիք «Եվրատեսիլին» |armenpress.am|

41 երկիր, այդ թվում Հայաստանը, կմասնակցեն Թուրինում կայանալիք «Եվրատեսիլին» |armenpress.am|

armenpress.am: 41 երկրների ներկայացուցիչներ կմասնակցեն «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին, որը տեղի կունենա եկող տարվա մայիսին Իտալիայի Թուրին քաղաքում: Այդ մասին հայտնել Է միջոցառման կազմակերպիչը՝ Եվրոպայի հեռարձակողների միությունը (ԵՀՄ): Ինչպես նշված Է ԵՀՄ-ի հայտարարության մեջ, մասնակիցների թվում են 39 հեռարձակող ըներություններ, որոնք մասնակցել են 2021 թվականի մրցույթին, ինչպես նաեւ Հայաստանի եւ Չեռնոգորիայի ընկերությունները: «Մենք շատ ուրախ ենք, որ մրցությանը կրկին մասնակցելու են ավելի քան 40 հեռարձակողներ, որոնք եկող տարվա մայիսին Թուրինում կպայքարեն «Եվրատեսիլի» գլխավոր մրցանակի համար»,- հայտարարել Է «Եվրատեսիլ» մրցույթի գործադիր տնօրեն Մարտին Օստերդալը: Նա նշել Է, որ Իտալիայի Rai հեռուստաընկերության մասնագետները «լարվածությամբ աշխատում են» պայծառ ներկայցաման «նախապատրաստման համար», որն, ինչպես սպասվում Է, կդիի գրեթե 200 միլիոն մարդ: «Իտալիան հպա՛րտ Է, որ վերստին իր մոտ Է ընդունելու «Եվրատեսիլ» երգի մրցույթը 31-ամյա ընդմիջումից հետո,- նշել են Rai մեդիահոլդինգի ներկայացուցիչներ Սիմոնա Մարտորելլին եւ Կլաուդիո Ֆասուլոն:- Որպես գործադիր պրոդյուսերներ՝ մենք անասելի ուրախ ենք զբաղվելու այդ հիասքանչ իրադարձության կազմակերպմամբ եւ հաջորդ տարի Թուրինում ողջունելու 41 երկրների պատվիրակություններին»: Թուրինը «Եվրատեսիլ» երգի 66-րդ միջազգային մրցույթը կանցկացնի 2022 թվականին: Մրցույթի կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 10-ին եւ 12-ին, եզրափակիչը՝ մայիսի 14-ին PalaOlimpico արենայում: Իտալիան մրցույթի անցկացման իրավունքն ստացել Է 2021 թվականի մայիսին Ռոտերդամում Zitti e Buoni երգով Maneskin խմբի հաղթանակից հետո: Ավելի վաղ մրցույթն Իտալիայում ընդունել են Նեապոլը (1965 թվական) եւ Հռոմը (1991 թվական), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
17:12 - 20 հոկտեմբերի, 2021
Կառավարությունը Հանրային հեռուստաընկերությանը մոտ 400 միլիոն դրամ արտոնություն տվեց |armtimes.com|

Կառավարությունը Հանրային հեռուստաընկերությանը մոտ 400 միլիոն դրամ արտոնություն տվեց |armtimes.com|

armtimes.com: Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ին մոտ 400 միլիոն դրամ արտոնություն հատկացնելու մասին նախագիծին:  «Նախագծով մասնավորապես առաջարկվում է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությանն ազատել 2020 թվականի գործունեության արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ առաջացած 377 միլիոն 548 հազար դրամ շահութաբաժնի վճարումից և այդ գումարի չափով բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով սահմանված կարգով ապահովել ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի բնականոն գործունեության ապահովման համար ԱՍԲ-1 նկարահանման տաղավարի տեխնիկական վերազինման աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ։  Մասնավորապես նշվում է, որ ընկերու­թյանը պատկանող ամենամեծ ԱՍԲ-1 նկա­րահանման տաղավարի տեխնիկական միջոց­ները դեռևս անալոգային են և չեն համապա­տասխանում նկարահանման ու հեռարձակ­ման ժամանակակից տեխնիկական չափորոշիչ­ներին, ինչի հետևանքով ԱՍԲ-1 նկարա­հան­ման տաղավարում նկարահանումներն իրակա­նացվում են ընկերությանը պատկանող շարժա­կան հեռուստակայանի միջոցով, որն աշխա­տում է գերծանրաբեռնված ռեժիմով, ինչի խափանումը կարող է խաթարել Ընկերու­թյան բնա­կանոն աշխա­տանքը, իսկ դրա հետևանքով առա­ջա­ցող հնարավոր խնդիրների լուծումը մոտ ապագայում անխուսափելիորեն կպահանջի ավելի մեծ ֆինան­սական միջոցներ։ Նշենք, որ տվյալ հարցը ներառված էր Կառավարության չզեկուցվող հարցերի փաթեթում: 
12:23 - 14 հոկտեմբերի, 2021
Ինչպես է Հանրային հեռուստաընկերության լրատվական կայքը ուղիղ ռեժիմով լուսաբանել քարոզարշավը․ ամփոփ տվյալներ

Ինչպես է Հանրային հեռուստաընկերության լրատվական կայքը ուղիղ ռեժիմով լուսաբանել քարոզարշավը․ ամփոփ տվյալներ

Հունիսի 7-ից մեկնարկել է նախընտրական քարոզչությունը և ավարտվել երեկ։ Այսօր լռության օր է, որի ժամանակ քաղաքական ուժերը և լրատվամիջոցները պետք է ակտիվություն չդրսևորեն և չիրականացնեն քարոզչություն։ Արդեն վաղը՝ հունիսի 20-ին տեղի կունենա քվեարկությունը։  Նախընտրական քարոզչության 12 օրերին հեռուստաընկերությունները և մեդիան պարտավորվում էին կուսակցություններին և դաշինքներին լուսաբանել հավասարապես։ Հանրային հեռուստաընկերության պարտավորությունները համեմատած մասնավոր ընկերությունների ավելի մեծ են, քանի որ Հանրային հեռուստաընկերությունը ֆինասնավորվում է հանրության կողմից և պարտավոր է հնարավորինս ներկայացնել հանրության շահերը։ Այլ կերպ ասած՝ Հանրայինը պարտավորություն ունի մշտապես լինել օբյեկտիվ և անկախ նախընտրական քարոզչության շրջանից լուսաբանումն իրականացնել հավասարապես։ Սակայն Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը՝ 1lurer.am լրատվական կայքը, մինչև քարոզարշավի մեկնարկը live ռեժիմով լուսաբանել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրային դրույթների ներկայացումը, ի տարբերություն, օրինակ, «Հայաստան» դաշինքի ծրագրային դրույթների ներկայացման։ Infocom-ը պաշտոնական հարցմամբ դիմել էր Հանրային հեռուստաընկերություն՝ պարզելու, թե հեռուստաընկերության առցանց լրատվական կայքն ի՞նչ սկզբունքով է իրականացնում կուսակցությունների լուսաբանումը։ Պաշտոնական պատասխանի համաձայն՝ Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը քաղաքական բոլոր ուժերին պաշտոնապես ուղարկել է գրություն, համաձայն որի, Հանրայինը պատրաստ է լուսաբանել հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերի կազմակերպած նախընտրական միջոցառումները։ Ուստի քաղաքական ուժերին խնդրել էին իրենց միջոցառումների անցկացնման ժամանակացույցը նախապես ուղարկել նշված էլ․ փոստին, դրանց պատշաճ լուսաբանումն ապահովելու համար։ Համաձայն տրամադրված պատասխանի՝ Լուրերի լուսաբանումն ուղիղ համեմատական է տվյալ օրվա տեղեկատվական օրակարգին։ Հարցման պատասխանի համաձայն՝ Live լուսաբանումն իրականացվել է լրատվական կայքի տեխնիկական հագեցվածության սահմաններում: Մասնավորապես, հաշվի են առնվել զուգահեռ ուղիղ եթերներ ապահովելու տեխնիկական եւ վեբ հնարավորությունները՝ փորձելով հնարավորինս համաչափ լուսաբանել բոլորին։ Հարցին, թե ինչու չի լուսաբանվել, օրինակ, «Հայաստան» դաշինքի ծրագրային դրույթների ներկայացման միջոցառումը, Հանրային հեռուստաընկերության պատասխանում նշվում է, որ «Հայաստան» դաշինքից հրավեր չի ստացվել։ Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրային դրույթների ներկայացման միջոցառմանը, ապա այդ դեպքում Հանրային հեռուստաընկերությունը հրավեր ստացել է։ Ստորև ներկայացնում ենք հունիսի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում Հանրային հեռուստաընկերության լրատվական կայքի՝ քաղաքական ուժերի live լուսաբանումների քանակը։ Նշենք, որ այն ուժերը, որոնք ներկայացված չեն, կամ հրավեր չեն ուղարկել Հանրային հեռուստաընկերությանը, կամ live չեն ունեցել, կամ էլ լուսաբանումն իրականացվել է առաջնահերթության սկզբունքով, այսինքն՝ միաժամանակ եղել են մի քանի live-եր, որի պարագայում ընտրվել են դրանցից մեկը կամ մի քանիսը՝ կախված տեխնիկական հնարավորություններից։ Հավելենք, որ Հանրային հեռուստաընկերությունը, անգամ անձնապես լուսաբանում չիրականացնելու պարագայում, լուրերի շրջանակներում անդրադարձել է բոլոր կուսակցություններին և դաշինքներին՝ փորձելով ապահովել հավասար լուսաբանում։  Հունիսի 10-ին live եթերաժամանակ է տրամադրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 25 րոպե, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինքին՝ 51 րոպե, «Հայաստան» դաշինքին՝ 34 րոպե, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 15 րոպե, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 1 ժամ և «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությանը՝ 1 ժամ 13 րոպե։ Հունիսի 11-ին live եթերաժամանակ է տրամադրվել «Հայաստան» դաշինքին՝ 31 րոպե, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը 26 րոպե, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինքին՝ 50 րոպե, «Պատիվ ունեմ» դաշինքին՝ 1 ժամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 1 ժամ 11 րոպե և «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության հանրահավաքը 54 րոպե։ Հունիսի 12-ին live եթերաժամանակ է տրամադրվել «Հայաստան» դաշինքին՝ 30 րոպե, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 15 րոպե, «Պատիվ ունեմ» դաշինքին՝ 30 րոպե, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 25 րոպե և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը 1 ժամ 5 րոպե։ Հունիսի 13-ին live եթերաժամանակ է տրամադրվել «Հայաստան» դաշինքին՝ 49 րոպե, «Պատիվ ունեմ» դաշինքին՝ 30  րոպե, «Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ի հանրահավաքը Ազատության հրապարակում 13 րոպե, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 12 րոպե և «Քաղացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 1 ժամ 44 րոպե։ Հունիսի 14-ին live եթերաժամանակ է տրամադրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 17 րոպե, «Պատիվ ունեմ» դաշինքին՝ 28 րոպե, «Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ի հանրահավաքը Ազատության հրապարակում 50 րոպե, «Հայաստան» դաշինքին՝ 14 րոպե, «Քաղացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 1 ժամ 18 րոպե և «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ին՝ 1 ժամ։ Հունիսի 15-ին live եթերաժամանակ է տրամադրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 17 րոպե, «Հայաստան» դաշինքին՝ 36 րոպե, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ին՝ 54 րոպե, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 17 րոպե և «Քաղացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 1 ժամ 26 րոպե։ Հունիսի 16-ին live եթերաժամանակ է տրամադրվել «Հայաստան» դաշինքին՝ 44 րոպե, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 11 րոպե, «Պատիվ ունեմ» դաշինքին՝ 12 րոպե, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ին՝ 56 րոպե, «Քաղացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 1 ժամ 28 րոպե և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 28 րոպե։ Հունիսի 17-ին live եթերաժամանակ է տրամադրվել «Պատիվ ունեմ» դաշինքին՝ 47 րոպե, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 27 րոպե, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ին՝ 53 րոպե, «Հայաստան» դաշինքին՝ 43 րոպե, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 54 րոպե և «Քաղացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 1 ժամ 37 րոպե։ Ընդհանուր առմամբ նշված օրերի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը live լուսաբանման համար տրամադրվել է 10 ժամ 49 րոպե, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ին՝ 5 ժամ 24 րոպե, «Հայաստան» դաշինքին՝ 4 ժամ 41 րոպե, «Պատիվ ունեմ» դաշինքին՝ 3 ժամ 27 րոպե, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 2 ժամ 19 րոպե, «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությանը՝ 1 ժամ 57 րոպե, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 1 ժամ 30 րոպե, և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը՝ 1 ժամ 13 րոպե։ Եվս մեկ անգամ նշենք, որ live լուսաբանումների քանակը կարող է պայմանավորված լինել նաև տվյալ ուժերի հրավերներից և համեմատաբար ավելի շատ live հեռարձակումներ անելուց, սակայն ինչպես տեսնում ենք լուսաբանումների պատկերից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լուսաբանման համար հատկացվող ժամանակը կտրուկ տարբերվում է մյուս կուսակցությունների լուսաբանման համար հատկացվող ժամանակից Նարեկ Մարտիրոսյան
18:15 - 19 հունիսի, 2021
Հանրային հեռուստաընկերությունը բանավեճի սկզբունքը համարում է  ճշգրիտ, չափելի և օբյեկտիվ

Հանրային հեռուստաընկերությունը բանավեճի սկզբունքը համարում է ճշգրիտ, չափելի և օբյեկտիվ

Նախընտրական քարոզարշավի ընթացքում հեռուստատեսությունը պարտավորվում է հավասար պայմաններ ապահովել կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների լուսաբանման համար։ Հանրային հեռուստաընկերությունը պարտավորվում է նաև անվճար եթերաժամանակ հատկացնել բոլոր քաղաքական ուժերին։ Վերջինս կազմակերպում է նաև մեծ բանավեճ՝ բոլոր ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ։  Այս անգամ քարոզարշավի ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը որոշում է կայացրել բանավեճերն անցկացնել 2 փուլով՝ 13-ական քաղաքական ուժերի մասնակցությամբ։ Ամեն փուլի համար նախատեսվել էր 2 բանավեճ․ մեկը՝ 2-ից 10 համարների մասնակցությամբ, մյուսը՝ 1-ին համարների մասնակցությամբ։ Ընդհանուր կայացել է 4 բանավեճ։ Հունիսի 5-ին «Քաղաքացու որոշում» կուսակցության նախընտրական շտաբը հայտարարություն էր տարածել, որով ծայրահեղ անարդարացի էր որակվում բանավեճի համար ընտրված սկզբունքը։ Դրանից հետո ընտրություններին մասնակցող 10 կուսակցություններ հայտարարություն տարածեցին, համաձայն որի բանավեճի այս ձևաչափը խախտում է անաչառության, մրցակցային հավասար պայմանների ապահովման սկզբունքները, ուստի նրանք հրաժարվում են բանավեճի մասնակցությունից։ Քաղաքական ուժերը Հանրային հեռուստաընկերության սկզբունքը համարում են անընդունելի, քանի որ խմբերն ընտրվել են հետևյալ սկզբունքով․ առաջին խմբում մասնակցելու են առավել վաղ պետական գրանցում ստացած կուսակցությունները, իսկ երկրորդ խմբում՝ առավել ուշ գրանցված կուսակցությունները։ Ընդ որում, ըստ քաղաքական ուժերի տարածած հայտարարության, հասկանալով, որ այս սկզբունքով մեկ ամիս առաջ գրանցված դաշինքները կհայտնվեին երկրորդ խմբում՝ ավելացրել են երկրորդ սկզբունքը, ըստ որի՝ հաշվի է առնվում ոչ թե դաշինքի, այլ դրա կազմում ընդգրկված կուսակցություններից առավել հնի գրանցման ամսաթիվը։ Այսպիսով՝ նրանցից ոչ մեկը հնարավորություն չի ստանում բանավիճելու և հարցեր ուղղելու Հայաստանը ղեկավարած 4 ներկայացուցիչներից և ոչ մեկին։ Infocom-ը պաշտոնական հարցմամբ դիմեց Հանրային հեռուստաընկերություն՝ պարզելու, թե ինչպես և ինչու է ընտրվել հենց այդ սկզբունքը։ Պաշտոնական պատասխանի համաձայն՝ Հանրային հեռուստաընկերությունը որոշում է կայացրել բանավեճն անցկացնել երկու խմբով՝ 13-ական մասնակիցներով քանի որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել աննախադեպ մեծ քանակությամբ քաղաքական ուժեր, ուստի մեկ փուլով բանավեճի կազմակերպումն անհնարին է եղել՝ հաշվի առնելով ժամանակի և տաղավարի տեխնիկական հնարավորությունների սահմանափակումները։ Առաջին բանավեճը (2 փուլով) կազմակերպվել է նախընտրական ցուցակների 2-10-րդ համարներից մեկական ներկայացուցիչների համար։ Այս դեպքում երկու խմբի բաժանման սկզբունքը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրականացրած վիճակահանությունն է եղել։ Այսինքն մասնակցել են ըստ համարների հերթականության, առաջին փուլում 1-ից 13 համարների ներկայացուցիչները, ապա՝ 14-ից 26։ Առաջնորդների բանավեճերի դեպքում խմբերը բաժանվել են ըստ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում կուսակցությունների գրանցման ամսաթվերի։ Այսինքն՝ առաջին փուլում մասնակցել են ավելի ուշ պետական գրանցում ստացած կուսակցությունների առաջին համարները, ապա ավելի վաղ պետական գրանցում ստացածները։ Հարցին, թե ինչու է կուսակցությունների ներկայացուցիչների (2-րդ եւ ավելի համարների) և առաջին դեմքերի (1-ին համարների) բանավեճերի համար ընտրվել տարբեր սկզբունքներ, Հանրային հեռուստաընկերությունից պատասխանել են, որ չորս բանավեճերը իրականացնելու համար ընտրվել են վերոնշյալ սկբունքները, որպեսզի քաղաքական ուժերը ելույթ ունենան բազմազանեցված կազմով ու հնարավորինս շատ թվով կուսակցություններ և կուսակցությունների դաշինքներ երկխոսելու հնարավորություն ունենան։ Մեր հարցին, թե ինչ հիմնավորումներով են ընտրվել տվյալ սկզբունքները և ով է կայացրել այս սկզբունքների ընտրման որոշումը, Հեռուստաընկերությունից պատասխանեցին, որ Ազգային ժողովրդավարության ինստիտուտը (NDI) տրամադրել է խորհրդատվական բնույթի աջակցություն՝ բանավեճերի ձևաչափի, բովանդակության, մոդերացիայի կանոնների, ինչպես նաև ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի մեծ քանակով պայմանավորված՝ բանավեճերի խմբավորման, բաժանման սկզբունքի շուրջ։ Սկզբունքը պետք է լիներ ճշգրիտ, չափելի և օբյեկտիվ։ Ընտրված երկու սկզբունքներն էլ երրորդ կառույցի կողմից սահմանված, ստուգելի սկզբունքներ են։ Տեղական և միջազգային փորձագետների համատեղ քննարկումների արդյունքում, Հանրային հեռուստաընկերությունը որոշում է կայացրել հեռուստաբանավեճերը կազմակերպել վերոնշյալ սկզբունքներով։ Այսպիսով՝ թեև 10 կուսակցություններ հանդես եկան հայտարարությամբ և նրանցից 9-ը չմասնակցեցին կազմակերված բանավեճին՝ սկզբունքի անարդարացի լինելու և այդ ուժերին երկիրը կառավարած 4 ուժերից ոչ մեկի հետ բանավիճելու հնարավորություն չունենալու պատճառով, սակայն Հանրային հեռուստաընկերությունը կարծում է, որ իրենց ընտրած սկզբունքը ճշգրիտ է, չափելի և օբյեկտիվ։ Նարեկ Մարտիրոսյան
18:30 - 18 հունիսի, 2021
ՀԱԿ-ը նախընտրական բանավեճին մասնակցության հարցով պատրաստվում է դիմել Վերաքննիչ դատարան |armenpress.am|

ՀԱԿ-ը նախընտրական բանավեճին մասնակցության հարցով պատրաստվում է դիմել Վերաքննիչ դատարան |armenpress.am|

armenpress.am: «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը պատրաստվում է դիմել Վերաքննիչ դատարան՝ Հանրային հեռուստաընկերությամբ ուղիղ եթերով հեռարձակված նախընտրական բանավեճին իրենց ցուցակի անդամներից մեկի մասնակցությունը մերժելու հարցով, կուսակցությունը հարցեր ուներ՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին և Ռոբերտ Քոչարյանին: Այս մասին ասուլիսում ասաց կուսակցության ընտրական ցուցակի անդամ Լևոն Զուրաբյանը: Նա նախ նախընտրական բանավեճը համարեց կարևորագույն իրադարձություն: «ՀԱԿ-ին, ըստ էության, մերժեցին այդ բանավեճին մասնակցելու իրավունքից»,-ասաց Զուրաբյանը: Նա շեշտեց՝ ընտրությունները ոչ թե նախագահական են, այլ խորհրդարանական, հետևաբար առաջին դեմքերի մասնակցությունը պարտադիր չէ, կուսակցություններին պետք է հնարավորություն տրվի  մասնակցել՝ իր ընտրած ներկայացուցչի միջոցով: ՀԱԿ-ը որոշել էր, որ այդ բանավեճում կուսակցությանը պետք է ներկայացնի Լևոն Զուրաբյանը: «Պատրվակով, որ միայն ցուցակների առաջին դեմքերը կարող են մասնակցել բանավեճին, մեզ մերժեցին»,-ասաց Զուրաբյանն ու դա համարեց անընդունելի մոտեցում, որը խախտում է ընտրական իրավունքները: ՀԱԿ-ն անմիջապես դիմել է դատարան: Նրա խոսքով՝ դատարանը սկզբում մերժել է հայցը՝ «ձևական շարժառիթներով», թե լիազորությունները ճիշտ ձևակերպված չեն: «Հետո, երբ ճիշտ ձևակերպեցինք, հիմա շատ աբսուրդ որոշում են կայացրել, որոշել են, որ այն հայցը, որով մենք ներկայանում ենք դատարան, չի առնչվում մեր ընտրական իրավունքի պաշտպանությանը»,-ասաց Զուրաբյանն ու դա համարեց ակնհայտ կամայականություն՝ հավելելով, թե դա կատարվում է իշխանությունների հրահանգով: ՀԱԿ-ը պատրաստվում է շատ արագ դիմել Վերաքննիչ դատարան: Զուրաբյանը նշեց, որ իրենք այդ բանավեճին գլխավոր հարցերն էին ուղղելու, կարևոր հարցադրումներ ունեին թե Նիկոլ Փաշինյանին, թե Ռոբերտ Քոչարյանին:  Զուրաբյանը հնչեցրեց այն հարցերը, որոնք պետք է ուղղեին երկու գործիչներին էլ՝ խնդրելով լրագրողներին դա փոխանցել նրանց: Սկզբում նա ներկայացրեց այն հարցը, որը ՀԱԿ-ը բանավեճին պետք է ուղղեր Փաշինյանին. «Իմանալով, որ պետք է վերադարձվեր ընդամենը 5 շրջանը, լիներ արժանապատիվ հարատև խաղաղություն՝ նպաստավոր պայմաններով Հայաստանի և Արցախի համար, իմանալով մեր բանակի իրական վիճակը, ունենալով ԳՇ զեկույցները՝ բանակի վիճակի մասին և  պահանջը՝ հարցը լուծել հնարավորինս դիվանագիտական տարբերակով, ինչո՞ւ նա չգնաց արժանապատիվ խաղաղության պլանի ընդունմանը և հայ ժողովրդին տարավ միակողմանի սպանդ հանդիսացող պատերազմի՝ Ադրբեջանի հետ»: Ռոբերտ Քոչարյանի համար ՀԱԿ-ի հարցերը պետք է լինեին հետևյալը. «Ինչո՞ւ նա վիժեցրեց 1997-1998 թթ Ադրբեջանի կապիտուլյացիոն ակտը, Ադրբեջանը համաձայնել էր կապիտուլյացիա ստորագրել, իսկ հետո փոխարենը ոչ մի բան չբերեց՝ որպես խաղաղության պլան, որպես Հայաստանի և Արցախի համար ելք: Եվ իր իշխանավարության միակ արդյունքը այն եղավ, որ Արցախին դուրս շպրտեց բանակցությունների սեղանից: Երկրորդ հարցը՝ ինչո՞ւ նա չպատրաստվեց պատերազմի: Իրականում 1994 թվականից սկսած ոչ մի բան չի ավելացել՝ ռազմաճակատի ամրացված գծերին: Եվ երրորդը՝ ինչո՞ւ նա չի ցանկանում կրել պատասխանատվություն, որ հենց ինքն է ստեղծել Հայաստանում համակարգային կոռուպցիա, որի շնորհիվ կարողացավ մեր ժողովրդից թալանել միլիարդներ….Քոչարյանը ոչնչացրեց Հայաստանի տնտեսությունը՝ նրա արտահանման միակ հնարավոր պրոգրեսիվ մոդելը»:
15:48 - 18 հունիսի, 2021
«Հայաստանն ընտրում է» նախընտրական չորրորդ մեծ բանավեճը․ ուղիղ

«Հայաստանն ընտրում է» նախընտրական չորրորդ մեծ բանավեճը․ ուղիղ

Մեկնարկել է «Հայաստանն ընտրում է» վերջին նախընտրական հեռուստաբանավեճը, որին հրավիրված են եղել ընտրություններին մասնակից քաղաքական 13 ուժերի առաջին համարները։ Սակայն, ինչպես նախապես հայտարարվել էր, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Արթուր Վանեցյանը հրաժարվել են մասնակցել բանավեճին։ «Ազատ Հայրենիք»-ը ևս չի մասնակցում, քանի որ Հանրայինը մերժել է դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի մասնակցությունը (նա ցուցակի առաջին համարը չէ)։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նույնպես չի ներկայացել բանավեճին։ Այսպիսով՝ այժմ Հանրայինի տաղավարում են ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, ԼՀԿ առաջին համար Էդմոն Մարուքյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը, «Հայոց հայրենիք»-ի առաջին համար Արտակ Գալստյանը և Հրանտ Բագրատյանը՝ «Ազատություն» կուսակցությունից։
22:20 - 17 հունիսի, 2021
«Հայաստանն ընտրում է» նախընտրական երրորդ մեծ բանավեճը. ուղիղ

«Հայաստանն ընտրում է» նախընտրական երրորդ մեծ բանավեճը. ուղիղ

Քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ «Հայաստանն ընտրում է» նախընտրական մեծ հեռուստաբանավեճին ներկայացել են հինգ ուժերի առաջնորդներ՝ Հայաստանի եվրոպական կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանը, ԱԺԲ առաջին համար Վահե Գասպարյանը, «Արդար Հայաստան»-ի նախագահ Նորայր Նորիկյանը, «Վերելք» կուսակցության ղեկավար Ալեքսան Մինասյանը և «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը։ Ավելի վաղ քաղաքական ուժերից տասը, այդ թվում՝ բանավեճին ներկայացուցիչներ ուղարկած «Արդար Հայաստան» և  «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունները հայտարարել էին բանավեճին չմասնակցելու որոշման մասին՝ համարելով դրա ձևաչափը անարդարացի։  «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը Հանրայինի տաղավարից հայտարարեց, որ այս ձևաչափը կայանալ չի կարող, ապա լքեց տաղավարը։
22:15 - 16 հունիսի, 2021
Առաջին ալիքը կոչ է անում քաղաքական ուժերին ձեռնպահ մնալ ատելության խոսքից

Առաջին ալիքը կոչ է անում քաղաքական ուժերին ձեռնպահ մնալ ատելության խոսքից

Հանրային հեռուստաընկերությունը նախընտրական քարոզչության շրջանակում մինչ այս պահն առաջնորդվել է երրորդ կողմի իրավունքների առերևույթ խախտումը կանխելու սկզբունքով և օրենսդրական վիճելի կարգավորումների պայմաններում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների հետ համագործակցությամբ ձեռնպահ է մնացել իրավական տեսանկյունից խնդրահարույց դրվագների ցուցադրությունից: Հանրայինը նախօրեին դիմել էր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և Մարդու իրավունքների պաշտպանին՝ խորհրդատվական կարծիքի համար՝ նման դեպքերում հստակ և համապարփակ իրավական մոտեցում ցուցաբերելու նպատակով: Առաջին ալիքը, ուսումնասիրելով շահագրգիռ կառույցների կողմից ստացված պատասխանները, եզրակացրել է, որ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների կողմից իրականացվող նախընտրական քարոզչության բովանդակության գնահատումը, չունենալով օրենքով հստակ սահմանված չափորոշիչներ և սահմաններ, պարունակում է սուբյեկտիվության ռիսկեր:  Այսպիսով, Հանրային հեռուստաընկերությունը հայտնում է, որ պատասխանատվություն չի կրում նախընտրական քարոզչության ժամանակ քաղաքական ուժերի կողմից տրամադրվող հոլովակների բովանդակության համար: Հանրայինն ամբողջությամբ կհեռարձակի կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից ներկայացվող հոլովակները՝ չուսումնասիրելով դրանցում առկա հնարավոր իրավական ռիսկերը: Այնուամենայնիվ, Առաջին ալիքը կոչ է անում քաղաքական ուժերին ձեռնպահ մնալ ատելության խոսքից՝ մաքուր պահելով Հանրայինի եթերը: Հանրային հեռուստաընկերությունը շնորհակալություն է հայտնում խորհրդատվական կարծիք տրամադրած կառույցներին:
21:28 - 14 հունիսի, 2021
Հանրային Հեռուստաընկերության համապատասխան ներկայացուցիչը զբաղված է էժան մանիպուլյացիաներով․ Սուրեն Սահակյան

Հանրային Հեռուստաընկերության համապատասխան ներկայացուցիչը զբաղված է էժան մանիպուլյացիաներով․ Սուրեն Սահակյան

ՔՈ ՍԴԿ վարչապետի թեկնածու Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․   «Հունիսի 8-ին ընտրություններին մասնակցող ևս 9 կուսակցությունների հետ հայտարարել էինք, որ նախընտրական ցուցակներում առաջին համարների հանրային բանավեճը բոյկոտում ենք մասնակիցների ընտրության անարդար սկզբունքի պատճառով։ Այսօր՝ 14․06․2021թ․, Հանրային Հեռուստաընկերությունից զանգ է եկել բոյկոտող կուսակցություններին, որով ապատեղեկատվություն են տարածել, թե բոյկոտող կուսակցությունների մեծ մասը համաձայնել են մասնակցել բանավեճին և մնում են միայն իրենք։ Անձամբ զանգել եմ բոլոր 9 կուսակցությունների առաջին համարներին և ստացել հավաստիացում, որ իրենք շարունակում են բոյկոտել և Հանրային Հեռուստաընկերության համապատասխան ներկայացուցիչը զբաղված է էժան մանիպուլյացիաներով։ Այսպիսով, բոյկոտող կուսակցությունները և դրանց առաջին համարներն են, որոնք վերահավաստել են իրենց ստորագրությունը․ 1․ Ազատական կուսակցություն / Սամվել Բաբայան 2․ Ազգային Օրակարգ / Արա Հակոբյան 3․ Արդար Հայաստան / Նորայր Նորիկյան 4․ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն / Դավիթ Սանասարյան 5․ Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն / Արթուր Վարդանյան 6․ Մեր տունը Հայաստանն է կուսակցություն / Տիգրան Ուրիխանյան 7․ ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք Կուսակցություն / Կուսինե Ավագյան 8․ Շիրինյան-Բաբաջանյան Ժողովրդավարների Դաշինք /Արման Բաբաջանյան 9․ Քաղաքացու որոշում ՍԴԿ / Սուրեն Սահակյան 10․ Զարթոնք կուսակցություն / Արա Զոհրաբյան   Բոյկոտին չմիացած կուսակցություններին ևս կոչ եմ անում միանալ դրան և բարձրացնել արդարության ձայնը՝ չտրվելով իրենց պարտադրված կանոններին»։
15:32 - 14 հունիսի, 2021
Հանրային հեռուստաընկերությունն ու «Պատիվ ունեմ» դաշինքը դիմել են ՄԻՊ-ին՝ նախընտրական հոլովակի հեռարձակման հարցով

Հանրային հեռուստաընկերությունն ու «Պատիվ ունեմ» դաշինքը դիմել են ՄԻՊ-ին՝ նախընտրական հոլովակի հեռարձակման հարցով

Մարդու իրավունքների պաշտպանին հրապարակային դիմել է Հանրային հեռուստաընկերությունը՝ կապված, իր ձևակերպմամբ, «Առաջին ալիքի նկատմամբ քաղաքական ճնշումների փորձերի» հետ: Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակաի տարածած հաղորդագրության՝ Հանրային հեռուստաընկերությունը Պաշտպանից ակնկալում է «հրատապ արձագանք» և «կոչ անում պաշտպանել Հանրայինի՝ անաչառության և ոչ խտրական վերաբերմունքի հանձնառությունը»՝ նկատի ունենալով «տարբեր քաղաքական ուժերի» հայտարարութունները, թե հեռուստաընկերությունը նախընտրական հոլովակների ցուցադրման հարցում ցուցաբերում է խտրական մոտեցումներ: Ըստ բողոքի` խոսքը վերաբերել է տարբեր քաղաքական ուժերի տրամադրած օրենքի տեսանկյունից վիճելի հոլովակների ցուցադրմանը: Այլ կերպ՝ ՀՀ կառավարության հիմնադրած կազմակերպությունը, այն է` Հանրային հեռուստաընկերությունը ակնկալում է Մարդու իրավունքների պաշտպանից պաշտպանություն ոչ պետական կազմակերպության՝ քաղաքական ուժի արարքներից: Մյուս կողմից, Մարդու իրավունքների պաշտպանին առանձին բողոքով դիմել է նախընտրական քարոզարշավի մասնակից «Պատիվ ունեմ» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչը և նշել, որ Հանրային հեռուստաընկերությունն առաջնորդվում է խտրական մոտեցմամբ, մերժել է իրենց նախընտրական քարոզչական հոլովակի հեռարձակումը՝ առանց բովանդակային հիմնավորումների՝ միայն արձանագրելով, թե իրենց հոլովակը պարունակում է վիրավորանք և զրպարտություն: Ըստ դիմումի՝ Հանրային հեռուստաընկերության արարքն ունի քաղաքական դրդապատճառներ, հիմքում ունի Կառավարության կոնկրետ հրահանքը և օրենքի ակնհայտ խախտում են, քանի որ հեռուստաընկերությունը չունի իրավասություն որոշելու, թե ինչն է վիրավորանք կամ ինչը զրպարտություն, և այն այդ պատրվակով խախտել է իրենց քաղաքական իրավունքները, իրականացրել գրաքննություն, իսկ դրանից առաջ հեռարձակել է ակնհայտ վիրավորական ու զրպարտչական արտահայտություններով այլ քաղաքական ուժերի քարոզչական հոլովակներ, այդ թվում՝ իրենց վերաբերյալ: Նշված հարցերի հետ կապված՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Հանրային հեռուստաընկերությանը տեղեկացնում է. «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքը կոնկրետ գործով մասնավոր, այն էլ քաղաքական կազմակերպության նկատմամբ Պաշտպանի իրավասություն չի սահմանում:  Հետևաբար, Կառավարության հիմնադրած հեռուստաընկերությունը չի կարող նշված կոնկրետ գործով ստանալ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը, քանի որ Պաշտպանի իրավասությունը կոնկրետ գործերով պետական կազմակերպությունների պաշտպանությունը չէ: Կոնկրետ դեպքում «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցչի բողոքն ուղղված է Կառավարության հիմնադրած հեռուստաընկերության դեմ, որն, ըստ դաշինքի բողոքի, գործել է հենց Կառավարության հրահանգով: Վերը նշված դաշինքի կոնկրետ դիմումի հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանը գրավոր հարցումներ կուղարկի Հանրային հեռուստաընկերություն և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (ՀՌԱՀ), ինչից հետո միայն հնարավոր կլինի գնահատել Հանրային հեռուստաընկերության արարքը։
13:40 - 13 հունիսի, 2021
«Հանրայինի նկատմամբ քաղաքական ճնշումների փորձեր են արվում»․ հեռուստաընկերությունը դիմում է ԿԸՀ, ՀՌՀ, ՄԻՊ՝ հրատապ արձագանքի համար

«Հանրայինի նկատմամբ քաղաքական ճնշումների փորձեր են արվում»․ հեռուստաընկերությունը դիմում է ԿԸՀ, ՀՌՀ, ՄԻՊ՝ հրատապ արձագանքի համար

Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ հեռուստաընկերության նկատմամբ քաղաքական ճնշումներ գործադրելու փորձեր են արվում։ Հայտարարությունում ասվում է․ «Հանրային հեռուստաընկերությունը գտնում է, որ Առաջին ալիքի նկատմամբ քաղաքական ճնշումների  փորձեր են արվում: Հանրային հեռուստաընկերությունը դիմում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, Մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաև միջազգային դիտորդներին և կոչ է անում պաշտպանել Հանրայինի՝ անաչառության ու ոչ խտրական վերաբերմունքի հանձնառությունը: Օրերս Հանրային հեռուստաընկերությանը նախընտրական քարոզչության նպատակով տարբեր քաղաքական ուժերի կողմից տրամադրվել են օրենքի տեսանկյունից վիճահարույց տեսահոլովակներ, որոնք պարունակում են բռնության կոչեր ու տեսարաններ, հեղինակային իրավունքների խախտումներ, վիրավորանք, զրպարտություն: Նախօրեին Հանրային հեռուստաընկերությունը գրություն է ուղարկել ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին՝ խնդրելով զերծ մնալ այնպիսի տեսահոլովակներ տրամադրելուց, որոնք կարող են հակասել ՀՀ օրենսդրությանը և զգուշացրել, որ վերոգրյալը կարող է հիմք հանդիսանալ տեսանյութերը Հանրային հեռուստաընկերության եթերում չհեռարձակելու համար: Հանրայինը հերքում է, որ իր եթերում դիտարկվում են միայն որոշ ուժերի հոլովակներում հնարավոր խախտումները: Օրենքի առաջ հավասար են բոլոր քաղաքական ուժերը. մինչ օրս կուսակցությունների ու դաշինքների հետ համագործակցությամբ մի շարք հոլովակներում շտկումներ են արվել: Նման միջադեպերից խուսափելու համար Հանրայինն ակնկալում է վերը նշված կառույցների շտապ խորհրդատվակական կարծիքը՝ հստակ և համապարփակ մոտեցում ցուցաբերելու համար՝ պատրաստակամություն հայտնելով տրամադրել անհրաժեշտ բոլոր նյութերը»:
19:56 - 12 հունիսի, 2021
«Հայաստանն ընտրում է». վաղը մեկնարկում են Հանրայինի հեռուստաբանավեճերը |1lurer.am|

«Հայաստանն ընտրում է». վաղը մեկնարկում են Հանրայինի հեռուստաբանավեճերը |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների շրջանակում նախաձեռնել է «Հայաստանն ընտրում է» խորագրով հեռուստաբանավեճեր, որոնց հրավիրվելու են ընտրություններին մասնակցող քաղաքական բոլոր 26 ուժերի ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում են Հանրային հեռուստաընկերությունից։ Հեռուստաբանավեճերը անցկացվելու են երկու խմբով: Հունիսի 8-ի և 11-ի  հեռուստաբանավեճերին հրավիրվում են ընտրություններին մասնակցող դաշինքների և կուսակցությունների ցուցակների 2-10 համարներից մեկական ներկայացուցիչներ: Խմբերի բաժանման սկզբունքը կատարվել է ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իրականացված վիճակահանության: Հունիսի 16-ին և 17-ին հեռուստաբանավեճերին հրավիրվում են նախընտրական ցուցակները գլխավորող գործիչները: Խմբերն այս դեպքում բաժանվում են ըստ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում կուսակցության գրանցման ամսաթվի: Թեկնածուները հնարավորություն են ունենալու ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը և դիրքորոշումն առանցքային հարցերի շուրջ: Հեռուստաբանավեճերը տեղի են ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հիմնական դահլիճում, որտեղ կառուցվել է Հանրայինի ամենամեծ հեռուստատաղավարը՝ հատուկ նախատեսված 2021 թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական բանավեճերի նկարահանումներն իրականացնելու համար: Նախագծի տեխնիկական աջակցությունն ապահովում է Ազգային ժողովրդավարության ինստիտուտը: Նախագծի ֆինանսավորումն իրականացվում է միջազգային դոնոր գործընկերոջ կողմից: Բանավեճերը կհեռարձակվեն հունիսի 8-ին, 11-ին, 16-ին և 17-ին՝ ժամը 22:00-ին:  Հանրայինն առանց տարբերանշանի բաց կապուղի կտրամադրի բոլոր հեռարձակողներին: Առաջին ալիքն ակնկալում է թեկնածուների ակտիվ ներգրավվածությունը:
19:36 - 07 հունիսի, 2021