Հանրայինի լրատվական թողարկումներում և կայքի հրապարակումներում բացակայում են ՀՀ ՄԻՊ-ի հայտարարությունները
11:28 - 20 հունվարի, 2022

Հանրայինի լրատվական թողարկումներում և կայքի հրապարակումներում բացակայում են ՀՀ ՄԻՊ-ի հայտարարությունները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը 2021-ի դեկտեմբերի 28-ին հայտարարություն տարածեց, որ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկումը շարունակում է անտեսել ՄԻՊ հրապարակումները՝ երկրում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների վերաբերյալ։

ՄԻՊ աշխատակազմը  5 ամիս (2021թ. հուլիսի 1-ից դեկտեմբերի 2) մշտադիտարկում էր իրականացրել և պարզել, որ այդ ընթացքում «Լուրեր»-ը պաշտպանի կամ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցչի հետ ոչ մի անգամ հարցազրույցի հրավեր չի նախաձեռնել։

«Փաստերը վկայում են, որ հատկապես չեն լուսաբանվում մարդու իրավունքների պաշտպանի այն հայտարարությունները, որոնք ցույց են տալիս ադրբեջանական անօրինականությունները, Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները, հանրությանը չի ներկայացվում, թե ինչ լուծումներ է առաջարկում Մարդու իրավունքների պաշտպանը, այդ թվում՝ որպես Կառավարության տեսակետին այլընտրանք: Առավելագույն դեպքում տեղի ունենում է ձևական լուսաբանում «վազող տողով»»,- ասվում էր ՄԻՊ-ի հայտարարության մեջ:

Հունվարի 13-ին էլ Արման Թաթոյանը հայտնեց, որ  գրություններ է ուղարկել Հանրային հեռարձակողի խորհրդին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին և Հանրային հեռուստաընկերությանը։ Նա գրություններով պահանջել է ՄԻՊ գործունեության լուսաբանումը «Լուրեր» թողարկմամբ արգելափակելու վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնել։

Infocom-ն իրականացրել է «Լուրեր»-ի՝ դեկտեմբերի 1-ից հունվարի 13-ն ընկած ժամանակահատվածի բոլոր թողարկումների, ինչպես նաև Հանրային հեռուստաընկերության 1lurer.am կայքի մոնիթորինգ՝ հասկանալու համար, թե ինչպես է Հանրայինը լուսաբանել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի գործունեությունը, վերջինիս հայտարարությունների որ մասն է հրապարակվել հեռուստաընկերության կայքում կամ լրատվական թողարկումների ժամանակ։ Լրատվական թողարկումները մշտադիտարկելիս չեն դիտարկվել վազող տողերը։

Այս ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում կատարվել է ավելի քան 40 հրապարակում, այս հրապարակումներից 28-ը վերաբերում են Հայաստանի սահմանային իրավիճակին և ադրբեջանական կողմի ագրեսիաներին․ պաշտպանը կա՛մ հայտարարարություններ է արել այդ թեմաներով, կա՛մ էլ պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ անդրադարձել դրանց։

Մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վերը նշված ժամանակահատվածում լրատվական թողարկումներից ոչ մեկի ժամանակ չի հաղորդվել որևէ լուր ՄԻՊ-ի հայտարարությունների կամ գործունեության վերաբերյալ։ Նույնը վերաբերում է նաև 1lurer.am կայքին, որի լրահոսում նշված ժամանակահատվածում ՄԻՊ-ի վերաբերյալ որևէ հրապարակում չկա։

Դեկտեմբերի 1-ին, օրինակ, պաշտպանը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողները կարողանում են դիտարկման ներքո պահել Կապան-Ճակատեն այլընտրաքային ճանապարհը։ Հիշեցնենք՝ նոյեմբերին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ ադրբեջանական կողմը Կապան-Ճակատեն ավտոճանապարհի, ինչպես նշված էր ԱԱԾ հաղորդագրությունում, ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով անցակետ է տեղակայելու։ Հայկական կողմն էլ հայտնեց, որ Կապան-Ճակատեն այլընտրանքային ճանապարհ կկառուցի։

«Կապանից դեպի 6 գյուղեր՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ տանող այլընտրանքային ճանապարհը ևս դիտարկվում է ադրբեջանական զինված ծառայողների կողմից, հետևաբար, բացի դժվարանցանելիությունից ու դրա հետևանքով հումանիտար խնդիրներից, բնակիչների իրավունքների ոտնահարումներից, մարդկանց կյանքի իրավունքի և անվտանգության երաշխավորման խնդիրը մնալու է չլուծված»,- ասվում էր պաշտպանի հայտարարությունում։ 

Հաջորդ օրը «Լուրեր»-ի թողարկումներից մեկի ժամանակ ցուցադրվեց Ճակատեն գյուղից ռեպորտաժ։ ՄԻՊ-ի հայտարարության մասին ռեպորտաժում ոչինչ նշված չէր․ հիմնականում խոսվում էր այն մասին, թե կառավարությունն ինչ է իրականացրել բնակավայրի համար։

«Գյուղապետի խոսքով՝ ճանապարհը փակվելուց հետո (Կապան-Ճակատեն մայրուղու մի հատվածի փակվելուց հետո- խմբ․) չի եղել որևէ օր, որ կառավարությունը, մարզպետարանը, համայնքապետարանը իրենց կողքին չլինեն»,- նշվում էր ռեպորտաժում։

Դեկտեմբերի 3-ին ՄԻՊ-ը հայտարարություն տարածեց Սյունիքում ճանապարհները փակվելու և այլընտրանքային ճանապարհներ կառուցելու խնդիրների մասին։ Պաշտպանը նաև անդրադարձավ տրանսպորտի խնդրին․ «Գործում է ամենագնաց տրանսպորտային 1 միջոց, որը, թեև պարտաճանաչ է, բայց ինքնին բավարար չէ, քանի որ երթուղու սեղմ գրաֆիկը, դժվարանցանելի ճանապարհը թույլ չեն տալիս մարդկանց հոգալ իրենց առօրյա կարիքները, հասցնել մեկ օրվա ընթացքում՝ մինչև մութն ընկնելը, կազմակերպել նրանց տեղափոխումը՝ սպասարկելով 3 գյուղեր, և մարդիկ բախվում են բազմաթիվ խնդիրների»: 

Դեկտեմբերի 3-ին «Լուրեր»-ով ցուցադրվեց Ճակատեն-Կապան, Ճակատեն-Գեղանուշ այլընտրանքային ճանապարհների կառուցման աշխատանքների մասին ռեպորտաժ։ Ռեպորտաժում խոսվում էր հիմնականում ճանապարհի կառուցման ընթացիկ աշխատանքների, ժամկետների մասին։ Անդրադարձ էր կատարվում նաև բնակիչների համար նախատեսված տրանսպորտային միջոցներին։

«Նոյեմբերի 24-ից երթևեկի են դուրս եկել միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից գնված երկու ՈՒԱԶ-ը,- ասվում է ռեպորտաժում, այնուհետև մեջբերվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի խոսքերը։- Ունենք երթուղի Մեղրիով՝ դեպի Կապան, օրը մեկ անգամ, և ավելի ինտենսիվ երթուղի ունենք գյուղերը Կապանին միացնող Գեղանուշ ճանապարհով»։

Լրագրողը հավելում է, որ երթուղին իրականացվում է՝ ըստ ժամանակացույցի, անկախ ուղևորների քանակից։ ՄԻՊ-ի բարձրաձայնած խնդիրների մասին ռեպորտաժում ոչինչ նշված չէ։

Դեկտեմբերի 7-ին էլ «Լուրեր»-ով Սյունիքի սահմանամերձ բնակավայրերից ռեպորտաժ հրապարակվեց, որտեղ խոսվում էր այն մասին, թե կառավարությունն ինչ նոր աշխատատեղեր է բացել այդ բնակավայրերում և ինչ փոփոխություններ իրականացրել։

Չնայած ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությունները Հանրային հեռուստաընկերության լրատվական թողարկումների ժամանակ և կայքի հրապարակումներում չեն ներկայացնում, Հանրայինը երկու հարթակներում էլ լուսաբանում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հայտարարություններն ու գործունեությունը (օրինակ՝ 1, 2, 3, 4Հանրայինը նաև լուսաբանել է նոր ՄԻՊ-ի թեկնածուի առաջադրումը։

Այսպիսով՝ մեր մշտադիտարկումը հաստատում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի պնդումները, որ Հանրային հեռուստաընկերությունն անտեսում է նրա գործունեությունն ու հայտարարությունները։ Ե՛վ «Լուրեր»-ի թողարկումներում, և՛ 1lurer.am կայքում դեկտեմբերի 1-ից հունվարի 13-ն ընկած ժամանակահատվածում Հանրայինը չի անդրադարձել պաշտպանի գործունեությանը։ Հիշեցնենք, որ մեր ուսումնասիրած ժամանակահատվածում չեն դիտարկվել վազող տողերը։

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել