Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակա մարմին է:

2023 թվականից մարմնի գործունեության ոլորտին է վերապահվել ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության Գիտության կոմիտեի և ԲՈԿ-ի, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության գործառույթները՝ ապահովելով երկու ոլորտների համագործակցությանը և ինտեգրմանն ուղղված պետական քաղաքականության իրականացումը:

Կոմիտեի նախագահը ներկայումս Սարգիս Հայոցյանն է։

Հանրային քննարկման է ներկայացվել գիտական աստիճանի համար ամենամսյա դրամական վճարի տրամադրման կարգը

Հանրային քննարկման է ներկայացվել գիտական աստիճանի համար ամենամսյա դրամական վճարի տրամադրման կարգը

ՀՀ գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Գիտական աստիճանի համար ամենամսյա դրամական վճարի տրամադրման կարգը և չափը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նշված կարգով կարգավորվում են «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքով գիտական աստիճան ունեցող անձանց կենսաթոշակից բացի ամենամսյա դրամական վճար տրամադրելուն առնչվող հարաբերությունները: Դրամական վճար տրամադրվում է 70 տարին լրացած, ՀՀ-ում կենսաթոշակի իրավունք, պետական գիտական կազմակերպություններում և (կամ) բուհերում գիտական և գիտատեխնիկական գործունեության առնվազն 30 տարվա ստաժ ու գիտական աստիճան ունեցող անձանց, ովքեր վերջին 10 տարում առնվազն 9 տարի ստացել են գիտական աստիճանի համար հավելավճար և այլևս ընդգրկված չեն ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերում: Նախագծով գիտական աստիճանի համար ամենամսյա վճարի չափը սահմանվում է ցմահ, գիտական աստիճանի համար տրամադրվող ամենամսյա հավելավճարների չափով՝ գիտությունների դոկտորի համար՝ 50 000, գիտությունների թեկնածուի համար` 25 000 ՀՀ դրամ: Դեռևս 2000 թվականին ընդունված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը նախատեսում է, որ պետությունը, գիտական աստիճան ունեցող անձանց կենսաթոշակից բացի, տալիս է հավելավճար, որի չափը և տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը: Համապատասխան կարգ, սակայն, մինչ օրս սահմանված չէ, չնայած հարցը երկար տարիներ և բազմիցս քննարկվել է ՀՀ կառավարությունում: Գիտության ոլորտում երիտասարդ կադրերի ներգրավումը, աշխատողների որակավորման բարձրացումը, գիտնականների սոցիալ տնտեսական պայմանների բարելավումը և գիտության ֆինանսավորման բարձրացումը ոլորտի երիտասարդացման և մրցունակության բարձրացման հիմնական գործիքներն են և բխում են ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի նպատակներից: Նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարելի է ներկայացնել մինչև ս.թ. ապրիլի 23-ը ներառյալ` https://www.e-draft.am/projects/4206 հղմամբ:
09:32 - 13 ապրիլի, 2022