Էստոնիա

ՀՀ ԱԳ նախարարը և Էստոնիայի խորհրդարանի նախագահն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերին

ՀՀ ԱԳ նախարարը և Էստոնիայի խորհրդարանի նախագահն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերին

Հունիսի 27-ին Էստոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի Ռիկիկոգուի (խորհրդարանի) նախագահ Լաուրի Հուսսարի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստան-Էստոնիա խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Մարտի Ռայդման։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները: «Մեր երկու երկրների, ժողովուրդների միջև հարաբերությունները հիմնված են պատմական կապերի, բարեկամության, հիմնարար սկզբունքների արժևորման վրա, և ներկայիս՝ մարտահրավերներով լի ժամանակահատվածում, այդ կապերի առավել խորացումն առավել, քան կարևոր է»,- ընդգծել է ԱԳ նախարար Միրզոյանը։ Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ Հայաստանի ու Էստոնիայի միջև բարձրաստիճան փոխայցելությունների դինամիկան ընդլայնվող հարաբերությունների վկայությունն են, այդ թվում՝ խորհրդարանական դիվանագիտության մասով։ Այս համատեքստում կարևորվել է երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի ակտիվ փոխգործակցությունը: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, արձանագրված հաջողությունները՝ շնորհակալություն հայտնելով նաև Էստոնիայի կողմից այդ ճանապարհին ցուցաբերված աջակցության համար։ «ՀՀ քաղաքացիները կատարել են իրենց ընտրությունը, և կառավարությունը հաստատակամ է շարունակել բարեփոխումները, այդ թվում՝ համախոհ գործընկերների հետ սերտ համագործակցությամբ»,- հավելել է Արարատ Միրզոյանը։ ՀՀ ԱԳ նախարարը և Էստոնիայի խորհրդարանի նախագահը մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի և հարաբերությունների խորացման ուղղությամբ իրականացվող քայլերի, ակնկալիքների շուրջ՝ հաշվի առնելով ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումները։ Զրուցակիցները անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցերին: Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, այդ թվում՝ հանգամանալից անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման կարևորությանը։
17:04 - 27 հունիսի, 2024
Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի մասնակցությունը ԵՄ դիտորդական առաքելությանը․ Արարատ Միրզոյան
 |armenpress.am|

Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի մասնակցությունը ԵՄ դիտորդական առաքելությանը․ Արարատ Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի մասնակցությունը Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությանը, ինչպես նաև երկխոսություն սկսելու համար Էստոնիայի արտահայտած աջակցությունը Այս մասին Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Ողջունելով ներկաներին և էստոնացի գործընկերոջը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ բացի հանդիպումներից նախարարները միմյանց հետ պարբերաբար ունենում են նաև հեռախոսազրույցներ:  «Ուրախ ենք, որ Էստոնիայի և Հայաստանի միջև քաղաքական երկխոսությունը զարգանում է, ինչպես զարգանում են մեր հարաբերությունները տարբեր ոլորտներում։ Ե՛վ այն ժամանակ, և՛ հիմա մենք շատ բան ունենք քննարկելու, ուրվագծելու մեր ակնկալիքները երկկողմ օրակարգում, ինչպես նաև՝ համագործակցությունը տարբեր ձևաչափերով»,- ասաց նախարարը։  Արարատ Միրզոյանն իր խոսքում նշեց, որ երկու երկրներին, իսկապես, հաջողվել է կառուցել ամուր քաղաքական երկխոսություն և գործընկերություն՝ հիմնված ընդհանուր սկզբունքների և երկրների բարգավաճ և ավելի ապահով ապագայի համատեղ հանձնառության վրա։  «Անկախությունը, ինքնիշխանությունը, ժողովրդավարական սկզբունքներն էլ ավելի ամրապնդելու վճռականությունն այն արժեքներն են, որոնք ավելի ու ավելի են մերձեցնում մեր երկրներին և ժողովուրդներին: Ժամանակը հասունացել է, որ ընդլայնենք մեր գործընկերությունը տարբեր ոլորտներում, կառուցենք գործընկերային հարաբերություններ մեր հասարակության համար կարևոր, նպատակային ոլորտներում»,- նշեց Միրզոյանը՝ կարծիք հայտնելով, որ երկկողմ հարաբերություններում տնտեսական բաղադրիչը պետք է ընդլայնվի՝ խթանելու առևտուրն ու ներդրումները, ինչի համար հսկայական ներուժ կա: Պետք է օգտագործել նորարարությունը և բարձր տեխնոլոգիաները, որտեղ և՛ Հայաստանը, և՛ Էստոնիան զգալի առաջընթաց են գրանցում։  Արտաքին քաղաքականություն Էստոնիան հետաքրքրված է Հարավային Կովկասի կայունությամբ․ ԱԳ նախարարՆա ընդգծեց, որ մի կողմից Էստոնիայի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, թվայնացման, նորարարության, կիբերանվտանգության ոլորտներում  ուշագրավ ձեռքբերումները, մյուս կողմից Հայաստանի՝ այս առումով ավելի շատ փոփոխություններ մտցնելու պատրաստակամությունը ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր հատվածներում՝ իդեալական հող են ստեղծում փոխշահավետ համագործակցության համար։  «Այն նաև վերաբերում է կրթության, զբոսաշրջության, ինչպես նաև էներգետիկայի, մշակույթի և այլ ոլորտներում մեր համագործակցության ընդլայնմանը: Մենք նաև բարձր ենք գնահատում մեր երկրների միջև զարգացման համագործակցության վերսկսումը, որտեղ համագործակցության առաջնահերթ ոլորտներն են կրթությունը, ժողովրդավարությունը և լավ կառավարումը, աղքատության կրճատումը և ձեռներեցությունը»,- ասաց Միրզոյանը՝ շեշտելով, որ բացի երկկողմ համագործակցությունից, երկու երկրները զարգացրել են ներգրավվածության և փոխադարձ աջակցության շատ դրական դինամիկա բազմակողմ ձևաչափերում, որտեղ շատ հաճախ կիսում են հիմնական առաջնահերթությունները և աջակցում են միմյանց թեկնածություններին։  Նախարարը շեշտեց, որ գործընկերության ավելի մեծ պատկեր է ներառում գործունեությունը Եվրոպական միության ձևաչափով, որտեղ Հայաստանն ու Էստոնիան ունեն բազմաշերտ համագործակցություն. պայմանավորվածությունների իրականացում, այդ թվում՝ Հայաստանի դիմադրողականության ամրապնդման և տնտեսության դիվերսիֆիկացման, բայց նաև՝ ավելի հեռուն նայելու համար:  «Այստեղ ես բարձր եմ գնահատում Էստոնիայի մասնակցությունը Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը, ինչպես նաև երկխոսություն սկսելու համար Էստոնիայի արտահայտած աջակցությունը ։ Հուսով ենք, որ համատեղ ուժերով շուտով կհասնենք նոր կարևոր հանգրվանների»,- շեշտեց նախարարը։
15:44 - 27 հունիսի, 2024
Միրզոյանը վերահաստատում է՝ Հայաստանը պատրաստ է մեկ ամսում խաղաղության պայմանագիր կնքել
 |civilnet.am|

Միրզոյանը վերահաստատում է՝ Հայաստանը պատրաստ է մեկ ամսում խաղաղության պայմանագիր կնքել |civilnet.am|

civilnet.am:  Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Էստոնիայում իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսին խոսել հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների մասին։ «Ադրբեջանի հետ գրեթե վերջնականացրել ենք խաղաղության համաձայնագրի սևագրի տեքստը։ Հայաստանը պատրաստ է մեկ ամսում ամբողջությամբ ավարտին հասցնել այն և խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ։ Ես չեմ կարող ասել, որ մենք տեսնում ենք դրական արձագանք Ադրբեջանից այս առաջարկին՝ ստորագրել խաղաղության համաձայնագիրը մեկ ամսում»,- ասել է նա։ Միրզոյանի համոզմամբ՝ Հարավային Կովկասում կոնֆլիկտի էջը փակելու և խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն կա։ Ըստ նրա՝ խաղաղությունը օգտակար կլինի տարածաշրջանի բոլոր երկրների ու ժողովուրդների համար։ Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, ԱԳՆ ղեկավարը կարծում է, որ ժամանակն է կյանքի կոչելու երրորդ երկրների և դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիների համար սահմանը բացելու պայմանավորվածությունները։ «Թուրքիայի հետ Հայաստանը պատրաստ է ամբողջովին վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, բացել սահմանները։ Մենք արդեն կոնկրետ համաձայնություններ ունենք՝ բացելու Հայաստան-Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրերով քաղաքացիների համար։ Կարծում եմ՝ ժամանակն է կյանքի կոչելու այդ համաձայնությունները»,- նշել է Միրզոյանը։
14:24 - 27 հունիսի, 2024
Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Էստոնիայի դեսպան Ռինա Կալյուրանդի հետ

Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Էստոնիայի դեսպան Ռինա Կալյուրանդի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 18-ին ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին (նստավայրը՝ Թբիլիսի), որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդյունավետ աշխատանքի և համագործակցության համար` մաղթելով հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ: «Շնորհակալ ենք հայ-էստոնական հարաբերությունների զարգացման գործում Ձեր անգնահատելի ներդրման, ջանքերի և նվիրվածության համար: Դուք մշտապես կարող եք հույս դնել Հայաստանի վրա` որպես երկիր, որը կիսում է Էստոնիայի և ԵՄ-ի հետ նույն արժեհամակարգը»,- ասել է ԱԺ նախագահը: Ռինա Կալյուրանդը նշել է, որ ՀՀ-ում առաքելության 4 տարիների ընթացքում համագործակցությունը գործընկերների հետ եղել է բարձր մակարդակի վրա, և վերահաստատել Էստոնիայի պատրաստակամությունը՝ աջակցել Հայաստանին ընթացող բարեփոխումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում: Զրուցակիցները փաստել են Հայաստան-Էստոնիա երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի մասին՝ ընդգծելով շարունակական փոխայցերի կարևորությունը: «Ես մշտապես կլինեմ Հայաստանի կողքին»,- նշել է դեսպանը:
12:54 - 18 հունիսի, 2024
ՀՀ ԱԳ նախարարը Էստոնիայի իր գործընկերջը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը

ՀՀ ԱԳ նախարարը Էստոնիայի իր գործընկերջը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը

Մայիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի Հանրապետության ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳն-ից, կողմերը քննարկել են երկկողմ և ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: Երկուստեք գոհունակություն է արտահայտվել Հայաստանի և Էստոնիայի միջև ընդլայնվող քաղաքական երկխոսության կապակցությամբ, ինչին նպաստում են երկկողմ բարձրաստիճան փոխայցելություններն ու տարբեր հարթակներում ակտիվ շփումները: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ համագործակցության շրջանակն իրապես էականորեն ընդլայնվում է՝ ընդգծելով ԵՄ բոլոր անդամ պետությունների աջակցությամբ առկա գործիքակազմի միջոցով նոր ուղղություններով նոր հանգրվանների հասնելու կարևորությունը: Նախարար Միրզոյանը հավելել է, որ բարձր է գնահատում Էստոնիայի ակտիվ ներգրավվածությունն այս ուղղությամբ: Տարածաշրջանային զարգացումների համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է երկու երկրների ղեկավարների մակարդակով հնչեցված՝ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացի շարունակականության կարևորությունը, ինչպես դա ընդգծել են նաև միջազգային մի շարք գործընկերներ, այդ թվում՝ Էստոնիայի ԱԳՆ-ն: Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում Արարատ Միրզոյանը վկայակոչել է ՀՀ տեսլականի հիմքում դրված հիմնարար սկզբունքները և որոշակի ընթացակարգային պարզեցումներ իրականացնելու մասին հնչեցված պատրաստակամությունը: Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
16:26 - 24 մայիսի, 2024
Վրաստան են ժամանել Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի և Իսլանդիայի ԱԳ նախարարները

 |factor.am|

Վրաստան են ժամանել Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի և Իսլանդիայի ԱԳ նախարարները |factor.am|

factor.am: Վրաստան են ժամանել Լատվիայի, Էստոնիայի, Իսլանդիայի և Լիտվայի արտգործնախարարներ Բայբա Բրաժեն, Մարգուս Ցահկնան, Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտտիրը և Գաբրիելիուս Լանդսբերգիսը, սոցցանցերում հայտնել է Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնան, գրում է Գրուզիա օնլայնը։ «Դժվար պահերին կարող ես հույս դնել ընկերներիդ վրա»,- գրել է Ցահկնան։ Էստոնիայի ԱԳ նախարարը հրապարակել է նաև լուսանկար, որում պատկերված է լիտվացի գործընկեր Գաբրիելիուս Լանդսբերգիսի, լատվիացի գործընկեր Բայբա Բրաժեի և իսլանդացի գործընկեր Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտտիրի հետ։ «Մենք ժամանել ենք Թբիլիսի, որտեղ ևս մեկ պայքար է ընթանում հանուն ժողովրդավարության, ազատության և եվրոպական ապագայի»,- գրել է Լիտվայի արտգործնախարարը։ Նշենք, որ Թբիլիսիում գտնվող ԵՄ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահները միացել էին Ռուսթավելիի պողոտայում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ բողոքող ցուցարարներին։
16:57 - 15 մայիսի, 2024
Ալեն Սիմոնյանն ու Էստոնիայի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստան-Էստոնիա, Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր

Ալեն Սիմոնյանն ու Էստոնիայի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստան-Էստոնիա, Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր

Էստոնիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ «Կողմերը փաստել են Հայաստանի եւ Էստոնիայի միջեւ առկա ջերմ միջպետական հարաբերությունների մասին, որոնց հիմքում ընդհանուր ժողովրդավար արժեքներն են: Զրույցի սկզբում քննարկվել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրադրությունը: Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության հաստատման օրակարգին եւ ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը: «Տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է գործեն ինքնիշխանության, իրավազորության, հավասարության եւ փոխադարձության սկզբունքներով: Սահմանազատումն ու սահմանագծումը պետք է անցկացվեն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը: Էստոնիայի ԱԳ նախարարը բարձր է գնահատել Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին: «Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է: Էստոնիան պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանին տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հաստատման հարցում»,- ասել է ԱԳ նախարարը: Քննարկվել են Հայաստան-Էստոնիա, Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաեւ՝ իրավիճակն Արեւելյան Եվրոպայում»,- նշվում է հաղորդագրության մեջ։
18:14 - 08 մարտի, 2024
Հայաստանը ժողովրդավար և վստահելի գործընկեր է մեզ համար. Էստոնիայի խորհրդարանի նախագահ

Հայաստանը ժողովրդավար և վստահելի գործընկեր է մեզ համար. Էստոնիայի խորհրդարանի նախագահ

Պաշտոնական այցով Էստոնիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 7-ին հանդիպել է Էստոնիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսսարի և խորհրդարանականների հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Ալեն Սիմոնյանը, ողջունելով գործընկերներին, շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերի և ջերմ ընդունելության համար: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Հայաստան-Էստոնիա երկկողմ միջպետական հարաբերությունները և կարևորել միջխորհրդարանական կապերի շարունակական խթանումը: «Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի անվերապահ աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, ինչպես նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացմանը»,- ասել է խորհրդարանի ղեկավարը: Լաուրի Հուսսարին փաստել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների նկատելի արդյունքների և Հայաստան-ԵՄ հարաբերությունների ակտիվացման մասին: «Հայաստանը ժողովրդավար և վստահելի գործընկեր է մեզ համար: Էստոնիան պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացմանը»,- նշել է Էստոնիայի խորհրդարանի ղեկավարը: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրները, կարևորել ԵՄ ներգրավվածությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում: «Խաղաղության հաստատման ճանապարհին Հայաստանի համար կարևոր են հիմնական երեք սկզբունքները՝ փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը, սահմանազատումն ու սահմանագծումը` համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը: Կողմերը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման, Հայաստան-Էստոնիա երկկողմ և բազմակողմ առևտրատնտեսական և մշակութային համագործակցության, հայ-էստոնական միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները: Խորհրդարանների նախագահների հանդիպմանը հաջորդել է Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի հետ աշխատանքային ճաշը: Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում, շրջայց կատարել Էստոնիայի Հանրապետության Ազգային ժողովում:
18:33 - 07 մարտի, 2024
Խաչատուրյանը և Էստոնիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրադրության և զարգացումների մասին

Խաչատուրյանը և Էստոնիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրադրության և զարգացումների մասին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին: Ողջունելով հյուրին նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Էստոնիայի անկախության օրվա կապակցությամբ և հաջողություններ ու բարգավաճում մաղթել Էստոնիայի ժողովրդին: Անդրադառնալով հայ-էստոնական փոխգործակցության հեռանկարներին նախագահը նշել է. «Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ բարեկամական կապերի զարգացումը և պատրաստակամ է անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում արդյունավետ համագործակցության ընդլայնման և ամրապնդման ուղղությամբ»: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար դեսպանը նշել է, որ Հայաստանի և Էստոնիայի հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում՝ շնորհիվ երկկողմ ջանքերի: Հանդիպման ընթացում քննարկվել են կրթության համակարգում, ժողովրդավարական բարեփոխումների և պետական ինստիտուտների կայացման գործում փոխադարձաբար օրինակելի փորձի փոխանակման հնարավորությունների վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել երկու երկրների ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում արդյունավետ փոխգործակցության հետագա ընդլայնման հարցերին: Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրադրության և զարգացումների մասին: Այս համատեքստում շեշտվել է առկա հիմնախնդիրները խաղաղ բանակցային եղանակով և միջազգային հիմնարար իրավունքների և սկզբունքների շրջանակում հանգուցալուծելու հրամայականը:
18:42 - 01 մարտի, 2024
Բարձր ենք գնահատում ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու հարցում Էստոնիայի դիրքորոշումը․ Փաշինյան

Բարձր ենք գնահատում ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու հարցում Էստոնիայի դիրքորոշումը․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Կայա Կալասին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Շնորհավորում եմ Ձեզ և Էստոնիայի բարեկամ ժողովրդին Էստոնիայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Գոհունակությամբ ուզում եմ նշել, որ Հայաստանի և Էստոնիայի միջև ձևավորվել և վերջին ժամանակաշրջանում արագ զարգանում են քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Երախտագիտություն եմ հայտնում Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա զարգացմանն աջակցելու գործում Էստոնիայի պատրաստակամության համար։ Բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու հարցում Էստոնիայի դիրքորոշումը: Լիահույս եմ, որ մոտ ապագայում առիթ կընձեռվի Ձեզ հետ հանդիպելու և համատեղ ջանքերով երկկողմ հարաբերություններին նոր շունչ հաղորդելու համար»:
11:59 - 24 փետրվարի, 2024