Էստոնիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի այս տարվա խոշորագույն ռազմածովային զորավարժությունները |hetq.am|
09:51 - 05 հունիսի, 2023

Էստոնիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի այս տարվա խոշորագույն ռազմածովային զորավարժությունները |hetq.am|

hetq.am: Էստոնիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի այս տարվա ամենախոշոր ռազմածովային զորավարժությունները, որոնք ընթանում են Բալթիկ ծովում և ստացել են Baltops 23 անվանումը։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը։

Զորավարժություններին մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ 19 երկրները և Շվեդիան։ Ընդգրկված է 50 նավ, 45 ինքնաթիռ և ավելի քան 6000 զինվորական։ Զորավարժություններին մասնակցող խոշորագույն նավը ԱՄՆ 6-րդ նավատորմի ֆլագման USS Mount Whitney (LCC 20)-ն է։ Նավերը երթը կսկեն Տալլինից, իսկ համատեղ առաջին վարժանքները կմեկնարկեն հունիսի 5-ից։ Զորավարժությունները կձգվեն մինչև հունիսի 16-ը։

«Այս տարի Baltops-ը մեզ համար պատմական իրադարձություն է, քանի որ դեռևս չի եղել Էստոնիայի տարածքում ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի միաժամանակ այսքան մեծ ներկայություն»,- ընդգծել է Էստոնիայի ռազմածովային ուժերի հրամանատար Յուրի Սասկան։ 

Baltops զորավարժություններն անց են կացվում ամեն տարի՝ 1972 թվականից ի վեր։ Դրանց նպատակը ՆԱՏՕ-ի ուժերի ստուգումն է Բալթիկ ծովի շրջանում` ցամաքային, օդային և ծովային գործողությունների ժամանակ։

ՆԱՏՕ-ի հաջորդ լայնամասշտաբ զորավարժությունները կկայանան հունիսի 12-23-ը Գերմանիայում։ Air Defender-23 ռազմաօդային զորավարժություններին կմասնակցի Դաշինքի 25 անդամ՝ 10 000 զինվորականով և 220 ինքնաթիռով։ Այս զորավարժությունները կդառնան ՆԱՏՕ-ի պատմության ամենախոշոր ռազմաօդային զորավարժությունները։ Զորավարժությունների ծրագիրը մշակվել է Հյուսիսատլանտյան դաշինքի կանոնադրության 5-րդ հոդվածին համապատասխան, երբ անդամ երկրները պարտավորվում են օգնություն տրամադրել Դաշինքի մյուս անդամներին։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել