«Հանրային ձայն» կուսակցություն

«Հանրային ձայն» կուսակցությունը հիմնադրվել է 2022 թվականին։ Կուսակցության ղեկավարներ են հանդիսանում Վարդան Ղուկասյանն ու Արտակ Գալստյանը։ 

«Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Արտակ Գալստյանին ներկայացված մեղադրանքի ծավալն ավելացել է

«Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Արտակ Գալստյանին ներկայացված մեղադրանքի ծավալն ավելացել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում պարզվել են «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար հանդիսացող Արտակ Գալստյանի կողմից առանձնապես խոշոր չափերի շորթում, խարդախություն և փողերի լվացում կատարելու դեպքերի նոր հանգամանքներ: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարներ հանդիսացող Արտակ Գալստյանը և Վարդան Ղուկասյանը, նախնական համաձայնությամբ, Տ.Ա.-ից առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու դիտավորությամբ, վերջինիս և նրա կնոջ մասին արատավորող, նրա իրավունքներին կամ օրինական շահերին վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքի եղանակով, 2022 թ. մարտին հեռախոսազանգի միջոցով ներկայացրել է վերջինիս պատկանող առանձնապես խոշոր չափի՝ 53.806.500 ՀՀ դրամին համարժեք 110.000 ԱՄՆ դոլար գումար հանձնելու պահանջ: Ինչպես տեղեկացնում են Քննչական կոմիտեից, Տ.Ա.-ից ստանալով բացասական պատասխան՝ Վ. Ղուկասյանն իրագործել է իր և Արտակ Գալստյանի կողմից տրված սպառնալիքները և youtube.com կայքի իր անհատական էջով 2022-2023 թթ. ընթացքում մի քանի անգամ հրապարակել է Տ.Ա.-ի և նրա կնոջ վերաբերյալ արատավորող տեղեկություններ: «Բացի այդ, Ա. Գալստյանը, փաստաբանական գործունեությամբ զբաղվող ՍՊԸ հիմնադիր տնօրեն Ս. Սարգսյանի, Հ. Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, Ս. Սարգսյանի կողմից քաղաքացու դստեր խնամքը ստանձնելու, նրան իր հետ բնակվելու իրավական գործընթացի կապակցությամբ իրավաբանական օգնություն ցույց տալու համար ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի կնքմամբ քողարկելով իրենց իրական մտադրությունը, խաբեությամբ, 2021 թ. ապրիլից մինչև 2023 թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում կնոջից մաս-մաս դրամական փոխանցման եղանակով և առձեռն Ս.Սարգսյանի միջոցով ստացել են 5.122.150 ՀՀ դրամ, խարդախությամբ հափշտակել այն՝ վերջինիս պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Արտակ Գալստյանը, Հայկ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, նշված կուսակցության գրասենյակում Կ.Ա.-ին կեղծ խոստումներ են տվել առ այն, որ Ա. Գալստյանին 8.000.000 ՀՀ դրամ գումար փոխանցելու դեպքում Վ. Ղուկասյանի միջոցով համացանցում կհանրայնացվի Կ.Ա.-ի կողմից Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում սննդի կետ հիմնելու համար ներդրած 34.000 ԱՄՆ դոլար գումարը վարձատուի կողմից չվերադարձնելու դեպքը, որի արդյունքում կապահովվի ինչպես ներդրված 34.000 ԱՄՆ դոլարի, այնպես էլ՝ իրենց տրամադրվելիք 8.000.000 ՀՀ դրամի վերադարձը Կ.Ա.-ին: Վերջինս վերոնշյալ խոսակցության բովանդակության մասին տեղեկացրել է իր մտերիմ Շ.Ա.-ին ու նրան ծանոթացրել Հայկ Խաչատրյանի հետ: Դրանից հետո՝ 2022 թ. հունիսի 23-ին, Հ. Խաչատրյանը, խմբի կողմից պլանավորած հանցագործությունը քողարկելու և դրան քաղաքացիաիրավական բնույթ հաղորդելու նպատակով, Շ.Ա.-ի հետ կնքել է 8.000.000 ՀՀ դրամ գումարը երկու ամսից վերադարձնելու վերաբերյալ փոխառության պայմանագիր, իսկ հաջորդ օրը, Շ.Ա.-ից առձեռն ստանալով հիշյալ գումարը, Կ.Ա.-ի հետ գնացել է «Հանրային ձայն» կուսակցության գրասենյակ: Գրասենյակում Ա. Գալստյանի ցուցումով Հ. Խաչատրյանը հափշտակված գումարի մի մասը՝ 6.000.000 ՀՀ դրամը, փոխանցել է տեղում փաստաբանական գործունեությամբ զբաղվող անձին, իսկ մնացած 2.000.000 ՀՀ դրամը պահել է իր մոտ՝ դրանից 1.000.000 ՀՀ դրամը Վ.Ղուկասյանին փոխանցելու նպատակով: Հետագա օրերի ընթացքում, տուժողին տված խոստումների կատարման պատրանք ստեղծելու նպատակով, Վարդան Ղուկասյանն իր եթերներում անդրադարձել է վերոնշյալ խնդրին, սակայն հանցավոր խմբի անդամները Կ.Ա-ի գույքային խնդիրները լուծելուն ուղղված որևէ գործընթաց չեն ձեռնարկել՝ խարդախությամբ հափշտակելով վերջինիս առանձնապես խոշոր չափերի՝ 8.000.000 ՀՀ դրամ գումարը: Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում նոր փաստական տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ Ա. Գալստյանը, փաստաբանական գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Ս. Սարգսյանի և Հ. Խաչատրյանի հետ, խարդախությամբ Շ.Ա.-ից հափշտակվելիք 6.000.000 ՀՀ դրամի հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նախնական համաձայնություն են ձեռք բերել: Այդ նպատակով ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթով Հ. Խաչատրյանի պաշտպանությունն իրականացնելու պատրվակով, 2022թ. հունիսի 23-ին վերջինիս հետ ՍՊ ընկերության տնօրենը կնքել է ծառայությունների վճարովի մատուցման մասին ձևական պայմանագիր, ըստ որի՝ 6.000.000 ՀՀ դրամի դիմաց Ս. Սարգսյանը ձևականորեն ստանձնել է Հ. Խաչատրյանի պաշտպանությունը: Պարզվել է նաև, որ Արտակ Գալստյանը Կ. և Լ. Ղուկասյանների, «Դոգ» մականվամբ Վ. Ղուկասյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, Շ. Բ.-ից շանտաժի եղանակով՝ վերջինիս և նրա մերձավոր ազգականների մասին արատավորող, նրանց իրավունքներին և օրինական շահերին վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, 2022թ. սեպտեմբերին Շ.Բ.-ին ներկայացրել է առանձնապես խոշոր չափի գույք հանձնելու պահանջ։ Մասնավորապես, Ա. Գալստյանը, քույրեր Կ. և Լ. Ղուկասյաններն ու Վ. Ղուկասյանը, 2022թ. աշնանը, տեղեկանալով Շ. Բ.-ի ամուսնանալու և հարսանեկան արարողություն կազմակերպելու, նրա գույքային դրության մասին, Շ. Բ.-ի վերաբերյալ արատավորող տեղեկություններ համացանցի միջոցով հրապարակելու սպառնալիքով, շանտաժի եղանակով ծրագրել են Շ. Բ.-ից շորթմամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերի գույք: Կ. Ղուկասյանը ձեռք է բերել Շ. Բ.-ի, հարազատների, հարսանեկան լուսանկարները, զանգահարել Շ. Բ.-ին և ներկայացրել իր համար բնակարան գնելու, իրեն գումար հանձնելու պահանջ՝ սպառնալով հակառակ դեպքում հարսանեկան լուսանկարներն իր եղբոր՝ Վ. Ղուկասյանի կողմից համացանցի միջոցով տարածելու և արատավորող տեղեկությունների հրապարակմամբ։ Մերժում ստանալուց հետո Կ. Ղուկասյանը լուսանկարները տրամադրել է Վարդան Ղուկասյանին, ով սոցցանցով ելույթի ժամանակ անդրադարձել է Շ. Բ.-ին, տեղադրել նրա և նրա հարազատների լուսանկարները՝ վերջիններիս հասցեին տալով սեռական բնույթի հայհոյանքներ: Ստեղծված իրավիճակից դուրս գալու և խնդրին լուծում տալու նպատակով, Շ.Բ.-ի խնդրանքով, «Հանրային ձայն» կուսակցության գրասենյակում հանդիպում է կազմակերպվել Արտակ Գալստյանի հետ, ով հարցին վերջնական լուծում տալու համար ներկայացրել է Շ.Բ.-ի կողմից Կ.Ղուկասյանի համար 500.000 ԱՄՆ դոլար գումարին համարժեք 3-ից 4 բնակարան գնելու պահանջ: Շ. Բ.-ի կողմից իրեն ներկայացված գումարային պահանջի չափը սակարկելու արդյունքում Արտակ Գալստյանը վերջինիս ներկայացրել է 38.817.000 ՀՀ դրամին համարժեք 100.000 ԱՄՆ դոլար գումար հանձնելու պահանջ: Վերջինս, իրեն ներկայացված սպառնալիքներից դրդված, վաճառել է իրեն պատկանող «Ford Mustang» մակնիշի ավտոմեքենան՝ այդ մասին հեռախոսազանգի միջոցով հայտնելով Ա. Գալստյանին: Վերջինս գումարը փոխանցելու համար նրան է ուղարկել Կ.Ղուկասյանի բանկային հաշվեհամարը, սակայն հանցավոր գործունեության արդյունքում ստացված գումարի իրական բնույթը, ծագման աղբյուրը, գտնվելու վայրը, տեղաշարժը թաքցնելու նպատակով, կրկին զանգահարել է Շ. Բ.-ին և պահանջել գումարն իրենց հանձնել առձեռն։ 2023 թ. մարտի 4-ին «Հանրային ձայն» կուսակցության գրասենյակում քաղաքացին պահանջված 100.000 ԱՄՆ դոլար գումարից 15.000 ԱՄՆ դոլարը առձեռն հանձնել է Ա. Գալստյանին: Գիտակցելով ստացված գումարի հանցավոր ծագումը՝ Արտակ Գալստյանը իրենց հետ գործակցող փաստաբանական ընկերության փաստաբանի անվամբ կազմել է «Հաշտության համաձայնություն» վերտառությամբ փաստաթուղթ՝ անձնական հարցի կապակցությամբ քննվող դատական գործով հայցից հրաժարվելու դիմաց Շ.Բ.-ի կողմից Կ.Ղուկասյանին 15.000 ԱՄՆ դոլար գումար վճարելու և ևս 85.000 ԱՄՆ դոլար գումար հետագայում վճարելու պարտավորություն ստանձնելու մասին: Կողմերը ստորագրել են նշված փաստաթուղթը՝ թաքցնելով և խեղաթյուրելով հանցավոր ճանապարհով ստացված գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը։ Իսկ Ա. Գալստյանը նշված գումարից 2800 ԱՄՆ դոլարը հանձնել է Կ.Ղուկասյանին և նրա քրոջը: Ձեռք բերված նոր փաստերի հիման վրա Ա. Գալստյանին ներկայացված մեղադրանքը փոխվել է և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ): Լրացվել են նաև նշված վարույթի շրջանակում մեղադրյալ հանդիսացող մի քանի այլ անձանց մեղադրանքները ևս։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:42 - 21 հուլիսի, 2023
Բացահայտվել են «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարների հետ մեկ այլ անձի առերևույթ հանցակցության, ինչպես նաև նրա կատարած խարդախությունների այլ դեպքեր

Բացահայտվել են «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարների հետ մեկ այլ անձի առերևույթ հանցակցության, ինչպես նաև նրա կատարած խարդախությունների այլ դեպքեր

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ՝ անձի կողմից «Հանրային ձայն» կուսակցության նախագահի միջոցով այլ անձի արատավորելու և ներդրված գումարները  վերադարձնելուն հարկադրելու պատրվակով առանձնապես խոշոր չափի գույքը խարդախությամբ հափշտակելու, ինչպես նաև՝ նույն անձի կողմից մի շարք քաղաքացիների գումարները խարդախությամբ հափշտակելու դեպքերի վերաբերյալ: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ Մասնավորապես, Երևան քաղաքի բնակիչ, 09.04.1980թ. ծնված Հայկ Խաչատրյանը, «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում խարդախություն կատարելու դիտավորությամբ, նշված կուսակցության գրասենյակում Կ․Ա․-ին կեղծ խոստումներ են տվել առ այն, որ 8.000.000 ՀՀ դրամ գումար Ա․Գ․-ին փոխանցելու դեպքում վերջինս «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանի միջոցով համացանցում կհանրայնացնի Կ․Ա․-ի կողմից Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում սննդի կետ հիմնելու համար ներդրած 34.000 ԱՄՆ դոլար գումարը վարձատուի կողմից չվերադարձնելու դեպքը, վարձատուի մասին կտարածի արատավորող տեղեկություններ, որի արդյունքում կապահովվի ինչպես ներդրված 34.000 ԱՄՆ դոլարի, այնպես էլ՝ իրենց տրամադրվելիք 8.000.000 ՀՀ դրամի վերադարձը  Կ․Ա․-ին: Վերջինս վերոնշյալ խոսակցության բովանդակության մասին տեղեկացրել է իր մտերիմ Շ․Ա․-ին ու նրան ծանոթացրել Հայկ  Խաչատրյանի հետ: Դրանից հետո՝ 2022թ․ հունիսի 23-ին, Հայկ Խաչատրյանը, խմբի կողմից պլանավորած հանցագործությունը քողարկելու և դրան քաղաքացիաիրավական բնույթ հաղորդելու նպատակով, Շ.Ա․-ի հետ կնքել է 8.000.000 ՀՀ դրամ գումարը  երկու ամսից վերադարձնելու վերաբերյալ փոխառության պայմանագիր, իսկ հաջորդ օրը՝ 2022թ․ հունիսի 24-ին, Շ․Ա․-ից առձեռն ստանալով հափշտակության առարկան՝ 8.000.000 ՀՀ դրամ գումարը, Կ․Ա․-ի հետ գնացել է «Հանրային ձայն» կուսակցության գրասենյակ: Գրասենյակում Արտակ Գալստյանի ցուցումով Հայկ Խաչատրյանը հափշտակված  գումարի մի մասը՝ 6.000.000 ՀՀ դրամը, փոխանցել է տեղում փաստաբանական գործունեությամբ զբաղվող անձին, իսկ մնացած 2.000.000 ՀՀ դրամը պահել է իր մոտ՝ դրանից 1.000.000 ՀՀ դրամը Վարդան Ղուկասյանին փոխանցելու նպատակով, ապա կրկին հաստատել, որ շատ կարճ ժամանակահատվածում Վարդան Ղուկասյանի կողմից վարձատուի վերաբերյալ արատավորող տեղեկություններ տարածելու եղանակով կապահովվի սննդի կետի գործունեության համար ներդրված 34.000 ԱՄՆ դոլար գումարի և իրենց տրամադրված 8.000.000 ՀՀ դրամի վերադարձը Կ.Ա.-ին: Հետագա օրերի ընթացքում, տուժողին տված խոստումների կատարման պատրանք ստեղծելու նպատակով, թեև Վարդան Ղուկասյանն իր եթերներում անդրադարձել է վերոնշյալ խնդրին ու վարձատուի վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակելու միջոցով նրան գույքային պարտավորություններ ստանձնելու ապարդյուն պահանջներ ներկայացրել, սակայն հանցավոր խմբի անդամները Կ.Ա-ի գույքային խնդիրները լուծելուն ուղղված որևէ գործընթաց չեն ձեռնարկել ու այդ կերպ խարդախությամբ հափշտակել են վերջինիս առանձնապես խոշոր չափերի՝ 8.000.000 ՀՀ դրամ գումարը: Բացի վերոնշյալը, Հայկ Խաչատրյանը, ներկայանալով ՌԴ իրավապահ համակարգում մեծ կապեր և հնարավորություններ, գործարար համբավ ունեցող անձնավորություն, քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ գտնող անձին արգելանքից ազատելու, Երևանում տաքսի ծառայության գրասենյակ հիմնելու, այն վերանորոգելու, գովազդելու, Արաբական Միացյալ Էմիրություններից ավտոմեքենաներ գնելու և ՀՀ տեղափոխելու, Իրանի Իսլամական Հանրապետությունից բժշկական դիմակներ ձեռք բերելու և ՀՀ դրանց ներմուծումը կազմակերպելու պատրվակներով, չարաշահելով իր նկատմամբ ունեցած վստահությունը, մի խումբ անձանցից խարդախությամբ հափշտակել է ընդհանուր 102.473.316 ՀՀ դրամ գումարներ։Քննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող քննիչը միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին` Հ․Խաչատրյանի նկատմամբ ընդհանուր 8 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (համապատասխանում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին) և ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (համապատասխանում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին) հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է: Հայկ Խաչատրյանը ձերբակալվել է՝ կալանավորման նպատակով դատարան ներկայացելու համար։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում՝ խարդախության վերոնշյալ դեպքերի ամբողջական հանգամանքները պարզելու, դրանցում ներգրավված անձանց գործողություններին իրավական գնահատականներ տալու, ինչպես նաև՝ Հայկ Խաչատրյանի կողմից այլ նմանատիպ հանցագործություններ կատարած լինելու հանգամանքը պարզելու ուղությամբ։ Հաշվի առնելով, որ Հայկ Խաչատրյանի հանցավոր գործողություններից կարող են տուժած լինել նաև այլ անձինք՝ վերջիններիս հորդորում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտե։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:23 - 04 մայիսի, 2023
«Հանրային ձայն» կուսակցության ղեկավարներին առնչվող քրեական վարույթով ևս երկու անձ է կալանավորվել

«Հանրային ձայն» կուսակցության ղեկավարներին առնչվող քրեական վարույթով ևս երկու անձ է կալանավորվել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքերի մի շարք էական հանգամանքներ։  Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ մանրամասնելով վերոնշյալ հանգամանքները։ Նշվում է, որ ձեռք բերված փաստերի հիման վրա «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարներ հանդիսացող Վարդան Ղուկասյանի և Արտակ Գալստյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար։ «Նախաքննության ընթացքում, բացի Ա․ Գալստյանից, ձերբակալվել է ևս երկու անձ՝ Ա․ Մկրտումյանը և Է․ Հովսեփյանը։ Վերջիններիս նկատմամբ գիշերային ակումբի պատասխանատու աշխատակցից խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դրվագով ևս հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նշված երեք անձանց ներկայացվել է մեղադրանք։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ երկու ամիս ժամկետով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որոնք բոլորն էլ բավարարվել են, և անձինք տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությունը շարունակվում է»,- նշվում է ՔԿ հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը երկու ամսով կալանավորվել է։ Ավելի վաղ տարածված հաղորդագրության մեջ Քննչական կոմիտեն հորդորել է Վ. Ղուկասյանի, Ա. Գալստյանի և նրանց հանցակիցների կողմից տուժած քաղաքացիներին դիմել ՀՀ քննչական կոմիտեի կամ ՀՀ ՆԳՆ ոստիկանության մոտակա տարածքային ստորաբաժանում։ Ծանուցում. hանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:24 - 19 ապրիլի, 2023
Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել «Հանրային ձայն» կուսակցության համանախագահների ձերբակալությունից

Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել «Հանրային ձայն» կուսակցության համանախագահների ձերբակալությունից

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ էական հանգամանքներ են պարզվել խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։ Մասնավորապես՝ կատարված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը և նույն կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը (Դոգ-խմբ․) միմյանց հետ նախնական համաձայնություն են ձեռք բերել Տ. Ա.-ից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու վերաբերյալ։ 2022թ. մարտի 23-ին Ա. Գալստյանը հեռախոսակապ է հաստատել Տ. Ա.-ի հետ և պահանջել 53.806.500 ՀՀ դրամին համարժեք 110.000 ԱՄՆ դոլար գումար տրամադրել իրենց՝ հակառակ դեպքում նրա և նրա կնոջ վերաբերյալ Վ. Ղուկասյանի կողմից վարվող «Հանրային ձայն» հաղորդաշարի ընթացքում կհրապարակվեն նրանց պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող, բարի համբավն արատավորող տեղեկություններ։ Տ.Ա.-ն չի կատարել նրանց պահանջը, որի հետևանքով Վ.Ղ.-ն իր youtube.com տեսանյութերի հրապարակման կայքում բացված էջով 2022թ. հոկտեմբերից մինչև 2023թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում մի քանի անգամ հրապարակել է նման տեղեկություններ։ Բացի այդ, մեկ այլ քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Վ. Ղուկասյանը, 2022թ. սեպտեմբերին իր յութուբյան ալիքներով սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով, հրապարակել է կեղծ տեղեկություններ երկու գիշերային ակումբների գործունեության մասին։ Ապա մեկ այլ անձ՝ Ա. Մկրտումյանը, 2022թ. աշնանը գնացել է այդ ակումբներից մեկը՝ ներկայանալով որպես իլյուզիոնիստների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Այցելելուց հետո նա Վ. Ղուկասյանին է փոխանցել ակումբում տեղի ունեցած իրադարձությունների, հաճախորդների վերաբերյալ տեղեկություններ պարունակող տեսանյութեր։ Վ. Ղուկասյանը դրանք հրապարակել է իր յութուբյան ալիքում՝ սպառնալով, որ եթե հաճախորդները ակումբ հաճախելը չդադարեցնեն, նրանց վերաբերյալ արատավորող տեղեկություններ ևս կհրապարակի։ Դրանից շուրջ 10 օր անց, կուսակցության անվտանգության աշխատակիցը զանգահարել է ակումբ և Վ. Ղուկասյանի կողմից յութուբյան ալիքով անպարկեշտ և արժանապատվությունը նվաստացնող հաղորդումների դադարեցման նպատակով պահանջել, որպեսզի ակումբում պահնորդական ծառայությունն ամսական 2-3 միլիոն ՀՀ դրամով իրականացնեն «Հանրային անվտանգություն» պահնորդական ծառայության աշխատակիցները՝ երաշխավորելով, որ այդ ընթացքում կարող են ցանկացած ապօրինություն կատարել։ Հիշյալ պահանջը մերժվելուց հետո Վ. Ղուկասյանն ավելի ինտենսիվ կերպով վարկաբեկել է ակումբը և հրապարակել պատասխանատու աշխատակցի, նրա ընտանիքի անդամների լուսանկարները՝ նպատակ հետապնդելով այդ կերպ նրան պարտադրել ընդունելու նրանց կողմից պահնորդական ծառայություն մատուցելու քողի ներքո շորթման պահանջը։ 2023թ. մարտի 31-ին Ա. Մկրտումյանը կրկին այցելել է ակումբ և հանդիպելով պատասխանատու աշխատակցին, նրանից պահանջել է 60.000-100.000 ԱՄՆ դոլար գումար փոխանցել Վ. Ղուկասյանի կողմից մատնանշվող ֆոնդին՝ հավելելով, որ միայն այդ դեպքում Վ.Ղուկասյանն ակումբի, դրա հաճախորդների և նրա ընտանիքի անդամների վերաբերյալ ելույթներ չի հրապարակի։ Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին Վ.Ղուկասյանի և Ա. Գալստյանի նկատմամբ խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա նախաքննական մարմնի որոշումների հիման վրա՝ Ա. Գալստյանը և Ա. Մկրտումյանը ձերբակալվել են։ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից «Հանրային ձայն» կուսակցության և «Հանրային անվտանգություն» պահնորդական ծառայության գրասենյակներում, Ա. Գալստյանի բնակության վայրում, ինչպես նաև վերջինիս և Վ. Ղուկասյանի հետ փոխկապակցված անձանց բնակության վայրերում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են քննության համար հետաքրքրություն ներկայացնող իրեր, փաստաթղթեր, նոթատետրեր՝ շորթման փաստը հավաստող գրառումներով, և էլեկտրոնային կրիչներ։ Նախաքննության շրջանակներում ձեռք են բերվել նաև տվյալներ առ այն, որ Վ. Ղուկասյանի և նրա հանցակիցների կողմից այլ անձանց տարբեր ծառայությունների մատուցման քողի ներքո ներկայացվել են գույքային պահանջներ։ Ներկայում ՀՀ քննչական կոմիտեում քննության առարկա են հիշյալ անձանց առնչությամբ ընդհանուր 46 դրվագ առերևույթ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու, շորթման, ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու, արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու և այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու և այլ հանցագործությունների դեպքեր։ ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է Վ. Ղուկասյանի, Ա. Գալստյանի և նրանց հանցակիցների կողմից տուժած քաղաքացիներին դիմել ՀՀ քննչական կոմիտեի կամ ՀՀ ՆԳՆ ոստիկանության մոտակա տարածքային ստորաբաժանում։ Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:43 - 17 ապրիլի, 2023