Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքերի մի շարք էական հանգամանքներ։
Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ մանրամասնելով վերոնշյալ հանգամանքները։
Նշվում է, որ ձեռք բերված փաստերի հիման վրա «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարներ հանդիսացող Վարդան Ղուկասյանի և Արտակ Գալստյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար։
«Նախաքննության ընթացքում, բացի Ա․ Գալստյանից, ձերբակալվել է ևս երկու անձ՝ Ա․ Մկրտումյանը և Է․ Հովսեփյանը։ Վերջիններիս նկատմամբ գիշերային ակումբի պատասխանատու աշխատակցից խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դրվագով ևս հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նշված երեք անձանց ներկայացվել է մեղադրանք։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ երկու ամիս ժամկետով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որոնք բոլորն էլ բավարարվել են, և անձինք տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։
Նախաքննությունը շարունակվում է»,- նշվում է ՔԿ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը երկու ամսով կալանավորվել է։
Ավելի վաղ տարածված հաղորդագրության մեջ Քննչական կոմիտեն հորդորել է Վ. Ղուկասյանի, Ա. Գալստյանի և նրանց հանցակիցների կողմից տուժած քաղաքացիներին դիմել ՀՀ քննչական կոմիտեի կամ ՀՀ ՆԳՆ ոստիկանության մոտակա տարածքային ստորաբաժանում։
Ծանուցում. hանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
comment.count (0)