Հայկ Խանումյան

Հայկ Ռուբենի Խանումյանը քաղաքական և հասարակական գործիչ է Արցախի Հանրապետությունում, Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարն է։

Ծնվել է 1984 թ․ սեպտեմբերի 12-ին Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում։ Ազգային վերածնունդ կուսակցության նախագահն է 2013 թ. փետրվարից։ 2015 թ. մայիսի 3-ի ԼՂՀ ԱԺ ընտրությունների արդյունքում Ազգային վերածնունդ կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր։ Ամուսնացած է։

2009 թ.-ից սկսած Հայկ Խանումյանն ակտիվորեն հանդես է գալիս մամուլում, հեղինակային սյունակներ վարելով Մեդիամաքսում (mediamax.am), ապա՝ Սիվիլնեթում (civilnet.am)։ Հրապարակախոսական հոդվածներում Հ. Խանումյանը հիմնականում անդրադառնում է Արցախին վերաբերող հարցերին՝ հաճախ քննադատության ենթարկելով Արցախի իշխանություններին և նրանց վարած քաղաքականությունը։

2020 դեկտեմբերին նշանակվել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար։

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը Մոսկվայում հանդիպել է ռուս գործընկերներին

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը Մոսկվայում հանդիպել է ռուս գործընկերներին

Աշխատանքային այցով Մոսկվա մեկնած Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը  ռուս գործընկերների հետ հանդիպումների ընթացքում քննարկել է  Արցախում կենսագործունեության լիարժեք վերականգմանը, ենթակառուցվածքների կատարելագործմանն ու անխափան աշխատանքին վերաբերղ հարցեր: Այս մասին տեղեկացնում են Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: «Նախարար Հայկ Խանումյանը  հունվարի 21-24-ին  աշխատանքային այցով եղել է Մոսկվայում: «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի ուղեկցությամբ նա հանդիպումներ և քննարկումներ  է ունեցել ռուս գործընկերների, ինչպես նաև   հասարակական մի շարք նախաձեռնությունների ղեկավարների հետ, որոնք Արցախին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել: Հանդիպումների ընթացքում Արցախի պաշտոնական ներկայացուցիչը նշել է ռուսաստանյան  խաղաղապահ զորակազմի և հումանիտար կենտրոնի  գործունեության արդյունավետությունը Արցախում անվտանգության,  խաղաղ կենսագործունեության վերականգնման ու ապահովման գործում»,- հայտնել են Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
12:28 - 03 փետրվարի, 2021
Որոշել եմ ստեղծել անբարեխիղճ տանտերերի սև ցուցակ․ Հայկ Խանումյան

Որոշել եմ ստեղծել անբարեխիղճ տանտերերի սև ցուցակ․ Հայկ Խանումյան

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տեղահանված բնակչությանը ժամանակավոր կացարանով ապահովելու պետական ծրագրերի շրջանակներում բնակարանների վարձավճարի փոխհատուցման տարբեր մեխանիզմներ են գործարկվել ու գործարկվում։ Սա բերել է բնակարանների վարձավճարների արհեստական թանկացման հատկապես Ստեփանակերտում, ինչից մեծապես տուժում են չտեղահանված բնակավայրերի բնակիչները, որոնք մինչև պատերազմ էլ տարբեր հանգամանքների բերումով վարձով բնակվում էին մայրաքաղաքում։ Անբարեխիղճ տանտերերը կամ զգալի թանկացնում են վարձը հին վարձակալների համար, կամ ազատվում նրանցից՝ տեղահանված բնակիչներ հյուրընկալելու համար, որպեսզի ավելի մեծ գումարներ ստանան։ Որոշել եմ ստեղծել անբարեխիղճ տանտերերի սև ցուցակ, որտեղ հայտնվողները չեն օգտվի պետական աջակցության ծրագրերից»։
23:00 - 25 դեկտեմբերի, 2020
Հրապարակված նոր քարտեզում ավելացել են ռուսական նոր դիտակետեր, այդ թվում՝ Հին Թաղերում․ Հայկ Խանումյան

Հրապարակված նոր քարտեզում ավելացել են ռուսական նոր դիտակետեր, այդ թվում՝ Հին Թաղերում․ Հայկ Խանումյան

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության հիմնադիր և նախագահ Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ կրկին հանդիպում է տեղի ունեցել ռուսական հրամանատարաության հետ:«Երեկ նույնպես հանդիպել ենք ռուսական հրամանատարության հետ։ Ռուսական դիրքորոշումները հստակ են՝ համաձայնագրի կետերը պետք է պահպանվեն։   Հրապարակված նոր քարտեզում ավելացել են ռուսական նոր դիտակետեր, այդ թվում՝ Հին Թաղերում։ Պետք է գիտակցել, որ խաղաղապահ առաքելությունն ունի սահամանափակ անձնակազմ և չի կարող իր վրա վերցնել սահմանների պաշտպանությունը։ Վերջինը միայն ու միայն Արցախի Հանրապետության իրավունքն ու պարտականությունն են։ Հետևաբար ուժեղացնենք Արցախի Հանրապետությունը, նրա պետական ինստիտուտների ներուժը՝ այս կարևոր խնդիրը կատարելու համար։ Եթե այդ գործին չեք մասնակցում, ապա գոնե մի՛ աջակցեք թշնամուն։ Ստոր ապատեղեկատվությունն ու անիմաստ ինտրիգները անվերապահ աջակցում են թշնամու զավթողական գործողություններին, որոնք շարունակվել են նաև երեկ ամբողջ օրվա ընթացքում»։ Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը այսօր հայտնեց, որ Հին Թաղեր եւ Խծաբերդ բնակավայրերում քաղաքացիական բնակչություն չի եղել։ Նրա խոսքով՝ ՌԴ խաղաղապահները շաբաթ-կիրակի տեղակայվել են այս բնակավայրերում․ նրանք պետք է ապահովեն այդ տարածքների կարգավիճակի համապատասխանությունը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին։
12:53 - 14 դեկտեմբերի, 2020
Մեր զորքերը մնացել են Խծաբերդի դիրքերում, սակայն թշնամին մտել է Խծաբերդ գյուղ․ գնում են բանակցություններ՝ նախկին դիրքերը վերականգնելու համար․ Հայկ Խանումյան

Մեր զորքերը մնացել են Խծաբերդի դիրքերում, սակայն թշնամին մտել է Խծաբերդ գյուղ․ գնում են բանակցություններ՝ նախկին դիրքերը վերականգնելու համար․ Հայկ Խանումյան

Ինչպես գիտեք, այսօր թշնամին գրավել էր Հին Թաղերը և առաջացել դեպի Խծաբերդ: Թշնամին օգտագործել էր հրետանի, մեր կողմից ունենք 6 վիրավոր: Այս մասին  իր ֆեյսբուքյան Արցախի Հանրապետության ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Խանումյանը  «Երեկոյան հավաքվեցինք ռուսական բազայի մոտ՝ հասկանալու նրանց դիրքորոշումը: Կարճ ժամանակում բավականաչափ մարդ էր հավաքվել՝ անկախ քաղաքական պատկանելիությունից: Այնտեղ էին, օրինակ, ԱԺ ընտրություններին Վիտալի Բալասանյանի գլխավորած «Արդարություն» կուսակցության ղեկավարը և նույն խմբակցության պատգամավոր, որոնք նույնպես կիսում էին մեր մտահոգությունները: Մեզ հետ զրուցեց ռուսական հրամանատարության տեղակալը (գեներալ Մուրադովը Արցախում չի): Հրամանատարի տեղակալը վստահեցրեց, որ կողմերի հետ պայմանավորվել են վիճակը կայունացնել, մեր զորքերը մնացել են Խծաբերդի դիրքերում, սակայն թշնամին մտել է Խծաբերդ գյուղ: Նշեմ, որ այդ տարածքը պահպանվում էր պաշտպանության բանակի կողմից և այնտեղ ռուս խաղաղապահների դիրքեր չկային: Այժմ բոլոր մակարդակներում գնում են բանակցություններ՝ նախկին դիրքերը վերականգնելու համար: Վաղը ժամը 11-ին կրկին կհանդիպենք՝ նորություններ իմանալու համար»,- հայտնել է նա: Հիշեցնենք` այսօր Արցախի ՊՆ-ն հայտնել էր, թե դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ:  Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն տեղելացրել էր, որ ասյօր ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ:  ՀՀ վարչապետի խոսնակն էլ արձագանքել էր, որ  ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին: Վարչապետի խոսնակը նաև հայտնել էր, որ հայկական կողմը գրավոր և բանավոր բազմիցս դիմել է ռուս խաղաղապահներին, որպեսզի նրանք Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում իրականացնեն իրենց գործառույթը և այս մասին ամենաբարձր մակարդակով ձեռք է բերվել պայմանավորվածություն։  Իսկ Մոսկվան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից պահանջել էր հետևել կրակի լիակատար դադարեցման ռեժիմին: Հայկ Խանումյանը կոչ էր արել, որ արցախցիները ռուսներից պարզեն, թե ինչպես է թշնամին, հակառակ պայմանավորվածության, գրավել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը։    
23:46 - 12 դեկտեմբերի, 2020
Հայկ Խանումյանը կոչ է արել արցախցիներին հավաքվել՝ պարզելու , թե ինչպես է թշնամին գրավել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը

Հայկ Խանումյանը կոչ է արել արցախցիներին հավաքվել՝ պարզելու , թե ինչպես է թշնամին գրավել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը

Արցախի Հանրապետության ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Խանումյանը կոչ է արել, որ արցախցիները ռուսներից պարզեն, թե ինչպես է թշնամին, հակառակ պայմանավորվածության, գրավել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը։ «Սիրելի՛ արցախցիներ, հնարավորինս արագ հավաքվեք Ստեփանակերտի Արմենավան թաղամասում գտնվող Իվանյանի անվան ռազմական վարժարանի մոտ, որտեղ այժմ ռուսական բազան է։ Հավաքվում ենք ռուսներից պարզելու, թե ինչպես է թշնամին, հակառակ պայմանավորվածության, գրավել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը։ Եկեք երեխաների ու կանանց հետ»,- գրել է նա։ Հիշեցնենք` այսօր Արցախի ՊՆ-ն հայտնել էր, թե դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ:  Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն տեղելացրել էր, որ ասյօր ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ:  ՀՀ վարչապետի խոսնակն էլ արձագանքել էր, որ  ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին: Վարչապետի խոսնակը նաև հայտնել էր, որ հայկական կողմը գրավոր և բանավոր բազմիցս դիմել է ռուս խաղաղապահներին, որպեսզի նրանք Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում իրականացնեն իրենց գործառույթը և այս մասին ամենաբարձր մակարդակով ձեռք է բերվել պայմանավորվածություն։  Իսկ Մոսկվան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից պահանջել էր հետևել կրակի լիակատար դադարեցման ռեժիմին:  
21:58 - 12 դեկտեմբերի, 2020
ՊԲ ստորաբաժնման տեղակայումը կարևոր նշանակություն ունեցավ Հադրութի այս փոքրիկ կտորը պահպանելու համար․ Հայկ Խանումյան

ՊԲ ստորաբաժնման տեղակայումը կարևոր նշանակություն ունեցավ Հադրութի այս փոքրիկ կտորը պահպանելու համար․ Հայկ Խանումյան

Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հոկտեմբերի 14-ից գտնվում եմ Հադրութի շրջանի Խծաբերդի ենթաշրջանում՝ նպատակ ունենալով օգնել աշխարհազորի կազմակերպմանը: Տարբեր կապերի միջոցով շատ արագ հաջողվեց զինել Հադրութի տարբեր գյուղերի տասնյակ բնակիչների և կազմավորել ռազմական ստորաբաժանում, որը նոր որակի բերվեց մի քանի օր անց, երբ Ստեփանակերտից տեղ հասան զինվորական փորձառություն ունեցող ընկերները: Առաջին շաբաթվա ընթացքում մենք տեսնում էինք անկանոն փախչող պահեստազորայիններ և կանոնավոր փախչող ստորաբաժանումներ, իրավիճակին չտիրապետող ուղղության հրամանատարություն: Հոկտեմբերի 15-ից ես խնդրում էի ԱՀ և ՀՀ իշխանություններին Կոռնիձոր-Խծաբերդ-Հադրութ ճանապարհի մոտով նոր ուղղություն ձևավորել:   Հոկտեմբերի 21-ին ձևավորվեց Բերձորի պաշտպանության համար ուղղությունը՝ գնդապետ Հրայր Թևոսյանի հրամանատարությամբ: Ուղղությունն ամբողջությամբ կատարեց իր առջև դրված խնդիրները: Խծաբերդ-Խանձաձոր ուղղությամբ տեղակայվեց ՊԲ ստորաբաժանում՝ մայոր Գարրի Աբրահամյանի հրամանատարությամբ: Ուղղության ձևավորումը կարևոր նշանակություն ունեցավ Հադրութի այս փոքրիկ կտորը պահպանելու համար: Մեր ջոկատը Գ.Աբրահամյանի ստորաբաժանումների, հետախուզական գումարտակի տղաների հետ մասնակցություն ունեցավ թշնամուն զսպելու և որոշ կարևոր բարձունքներ ազատագրելու գործում: Ես շնորհակալ եմ Թաղասեռ, Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերի բնակիչներին՝ ինձ վստահելու և կարևոր գործ կատարելու համար: Առաջիկա օրերին ես կներկայացնեմ մեր ջոկատի տղաներից ոմանց՝ իրենց պատմություններով: Այս տղաները մասնակցեցին մարտերի, իրենց դիրքերում անսասան մնացին ականանետի, տանկի, ՏՌ-107-ի, «Սմերչի» հարվածների ներքո, բարելավեցին մեր դիրքերը Խծաբերդի ուղղությամբ և պատվով հանձնեցին հերթափոխը նոյեմբերի 30-ին: 45 օրվա մեջ այս հատվածում ես հանդիպեցի տարբեր լավ մարդկանց՝ եկած ՀՀ տարբեր մարզերից, Քաշաթաղի տարբեր համայնքների կազմակերպված խմբերի՝ շրջանի ղեկավար Մուշեղ Ալավերդյանի մասնակցությամբ: Մեր ջոկատին օժանդակում և օգնում էին բազմաթիվ մարդիկ տարբեր վայրերից, որոնց նույնպես ընթացքում կանդրադառնամ: Պատերազմներում պարտվում են կամ հաղթում: Ինչո՞ւ պարտվեցինք: Որովհետև բավարար չափով չէինք սիրում մեր Հայրենիքը և չգիտեինք ազգային նպատակներ դնել ու հասնել դրանց իրագործմանը: Կհաղթենք, երբ բավարար չափով կսիրենք Հայրենիքը և կսովորենք ազգային նպատակներ դնել ու իրականացնել»:
19:33 - 01 դեկտեմբերի, 2020
Անջատողականությու՞ն, թե՞ չափազանցված մտահոգություն․ Արցախում ռուսաց լեզվի դասաժամերի ավելացման հիմնավորումները

Անջատողականությու՞ն, թե՞ չափազանցված մտահոգություն․ Արցախում ռուսաց լեզվի դասաժամերի ավելացման հիմնավորումները

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն օրերս ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ Արցախի Հանրապետության համար առաջիկա հինգ տարիները Ռուսաստանի Դաշնության հետ առկա հարաբերությունների ընդլայնման եւ զարգացման շրջան են լինելու: Այս կոնտեքստում Պողոսյանը հայտնել է, որ առաջիկայում օրենսդրական փոփոխության միջոցով ավելացվելու է հանրային հեռուստառադիոընկերությամբ ռուսերենով հեռարձակվող հաղորդումների սահմանված եթերաժամանակը․ սա ԱՀ նախագահի եւ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ու «Միասնական հայրենիք» կուսակցության նախաձեռնությունն է՝ «հայրենակիցների հետ սերտ կապերի պահպանման պահանջով»։ Պողոսյանը հավելել էր նաեւ, որ մեկ այլ նախաձեռնությամբ առաջարկվելու է հանրակրթական եւ բուհական կրթական ծրագրերում ավելացնել ռուսերենի դասավանդման ժամաքանակը, իսկ, հաշվի առնելով ՌԴ-ից Արցախ ժամանող զբոսաշրջիկների թիվը, եւ գործընթացը խթանելու նպատակով Արցախի ողջ տարածքում տեղադրված տեղեկատվական նշանակության ցուցանակներում պարտադիր տեղ կգտնի նաեւ ռուսերեն տարբերակը: Թեմայի շուրջ Infocom.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի խոսնակը, մեկնաբանելով նախաձեռնության անհրաժեշտությունը, ասաց, որ հիմնական պատճառն այն է, որ արցախահայության ամենամեծ սփյուռքը ՌԴ-ում եւ ռուսախոս երկրներում է՝ Ուկրաինայում, Բելառուսում․ «Ցավոք սրտի, այդ մարդիկ լեզվի խնդիր ունեն, բայց, միեւնույն ժամանակ, ունեն մեծ հետաքրքրություն հայրենիքի նկատմամբ։ Այսինքն՝ արցախյան անցուդարձի վերաբերյալ հետաքրքրություն կա, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում Արցախում, եւ վերջապես իրենք որքանով կարող են մասնակցել այդ փոփոխություններին։ Մենք նրանցից բազմիցս  առաջարկներ ենք ստացել, դրանք հնչել են ե՛ւ Արցախում, ե՛ւ տարբեր երկրներից՝ նամակների տեսքով, որ «խնդրում ենք հնարավորությունների սահմանում ռուսալեզու լրատվություն ապահովել, որպեսզի մենք էլ կարողանանք տեղեկանալ Արցախում տեղի ունցող իրադարձությունների մասին»։ Այդ նպատակով մենք ե՛ւ օնլայն տիրույթն ենք զարգացնելու՝ ռուսերեն մատուցվող տեղեկության առումով, ե՛ւ, բնականաբար, հնարավոր բոլոր պայմանները ստեղծելու ենք, որ իրենց համար լուծենք այդ խնդիրը»։ Նախագահի խոսնակը անդրադաձավ նաեւ Արցախում օտարերկրյա ներդրումների հանգամանքին՝ նշելով, որ դրանց մեծ մասն իրականացնում են հենց Ռուսաստանի Դաշնությունում ապրող հայերը։ Պողոսյանի պնդմամբ՝ նրանց եւ բիզնես-ոլորտի մասնագետների այցերին շատ է նպաստելու է այս նախագիծը․ «Բացի այս՝ կարեւոր են նաեւ ՌԴ-ից զբոսաշրջիկների այցերը․ Ռուսաստանից անհամեմատ շատ են զբոսաշրջիկները։ Այս մարդկանց համար ավելի հարմար պայմաններ ապահովելու նպատակով ճանապարհների ցուցանակների վրա կգրվեն նաեւ ռուալեզու տարբերակները։ Այս փոփոխությամբ կխթանենք զբոսաշրջությանը, ներդրումներին, մեր հայրենակիցների համար տեղեկացվածություն կկարողանանք ապահովել։ Իհարկե, այդ տեղեկացվածությունը ինչ-որ պահի քչանում կամ վերանում է, ապա կապի վրա թողնում է բացասական ազդեցություն, դրա համար մենք շահագրգռված ենք այդ ամենն ապահովել։ Այդ կապը մեզ համար շատ թանկ է, եւ մենք ամեն ինչ պետք է անենք, որ որեւէ կերպ չկտրվեն հայրենիքից, թեկուզ առցանց տարբերակում՝ այդ հեռավորության դեպքում»։  Հարցին, թե ինչո՞ւ անհրաժեշտություն առաջացավ ավելացնել ռուսերենի դասաժամերը, սա՞ ինչով է խթանում հայրենիք-սփյուռք կապին, Պողոսյանը պատասխանեց, որ նույն համատեքստում էլ առաջ է եկել նաեւ ռուսերենի դասաժամերի ավելացման անհրաժեշտությունը, քանի որ, նրա համոզմամբ, շփումների համար այն շատ կարեւոր է։ Մեր զրուցակցի պնդմամբ՝ այստեղ կա նաեւ երկորդ հանգամանքը՝ ռուսախոս երկրներում ապրող արցախցիներ կան, որոնք հիմա բազմաթիվ հայտեր են ուղարկում՝ հայտնելով, որ ցանկություն ունեն վերադառնալու։ «Իրենց երեխաները հիմանակում ռուսական դպրոցներ են հաճախում, այդ տրանֆորմացիան, որը պետք է Արցախում տեղի ունենա, նրանց համար շատ ավելի հեշտ կդարձնի ուսումը։ Սա նույնպես շատ կարեւոր կոմպոնենտ է»,- հավելեց ԱՀ նախագահի խոսնակը՝ տեղեկացնելով նաեւ, որ փոփոխությունների մեկնարկը կարելի է տրված համարել, որովհետեւ նախագահի հանձնարարականն արդեն կա, մասնավորապես ցուցանակաների վերաբերյալ։ Արդեն առաջիկայում՝ աշնանը, երբ Արցախի խորհրդարանը սկսի նոր նստաշրջանը, տեղի կունենան օրենսդրական փոփոխությունները՝ հանրային հեռուստռառադիոընկերության եթերաժամանակի եւ ժամաքանակը մեծացնելու վերաբերյալ։ Այս պահին քննարկվում է նաեւ բուհական եւ հանրակրթական ծրագրերում ռուսաց լեզվի ժամերը ավելացնելու հարցը։  Թեմայի վերաբերյալ Infocom.am-ը զրուցեց նաեւ «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի հետ, որը նկատեց՝ այս ամենի մեջ, ամենահետաքրքիրը ներկայացվող տեղեկության համատեքստն է․ «Ի պատասխան ինչ-որ թերթի հրապարակումների («Հրապարակ» օրաթերթի հոդվածում ասվում էր, որ Արցախում հակառուսական տրամադրություններ են զարգանում)՝ ցույց են տալիս, թե ռուսերենի դիրքերն ամրապնդում են։ Դա, իհարկե, ծիծաղելի է, բայց ամբողջովին տեղավորվում է Արայիկ Հարությունյանի գործելաոճի մեջ։ Վերջին տարիներին Արցախում տարբեր նախաձեռնություններ կան օտար լեզուների դասավանդման մակարդակը բարձրացնելու համար։ Օրինակ, տարիներ առաջ շատ դպրոցներում երրորդ օտար լեզու էր ներմուծվել՝ անգլերենի եւ ռուսերենի հետ մեկտեղ։ Ստեղծվել էր ֆրանկոֆոնիայի կենտրոն, եւ այժմ դրա համար մեծ շենք է կառուցվում»,- ասաց Խանումյանը՝ ընդգծելով, որ ռուսերենի ժամաքանակի ավելացումն ա՛յս համատեքստում է տեսնում, եւ դրա շուրջ մտահոգիչ կարծիքները համարում է չափազանցված։ Արցախցի գործիչը շեշտեց, որ այնտեղ հակառուսական տրամադրություններ չեն զարգանում, եւ բնականաբար դրանք ոչ տեղին ենթադրություններ են։ Ռուսաց լեզվի դասաժամերի ավելացման վերբերյալ նա կարծիք չհայտնեց սակայն՝ ասելով, որ կրթության ոլորտի մասնագետներն ավելի լավ կարող են ասել, թե որեւէ առարկայի ժամաքանակի ավելացումն ինչպես կնպաստի այդ առարկայի յուրացմանը։   Խոսելով արդեն Արցախի Հանրային հեռուստառադիոյում ռուսերեն եթերի ժամաքանակի ավելացման մասին, Խանումյանն ասաց․   «Արցախի հանրայինի եթերաժամանակն ընդհանրապես ավելացել է, եւ եթե ռուսերեն հաղորդումը շաբաթական ոչ թե կես ժամ լինի, այլ մեկ ժամ, դրանից ոչինչ չի փոխվի։ Նամանավանդ, որ Արցախում հեռարձակվում են բազմաթիվ ռուսական ալիքներ։ Այս որոշումը, միգուցե, կարող է օգնել Մոսկվայում Արցախի օգտին աշխատանքների կազմակերպման հարցում, եթե, իհարկե, նմանատիպ աշխատանքներ արվեն։ Վերջին տարիներին ռուսաստանյան ուղղությամբ ես նկատում եմ ոչ ակտիվ աշխատանք, նույնիսկ խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում ակտիվություն չկա»,- ասաց Հայկ Խանումյանը։   Արցախում «Սասնա Ծռեր» կուսակցության պատասխանատու Գագիկ Եսայանն էլ Infocom-ի հետ զրույցում տրամագծորեն հակառակ տեսակետ հնչեցրեց՝ ընդգծելով, որ Արցախը ՀՀ մարզ է եւ չի կարող առանձին հարաբերություններ ունենալ որեւէ պետության հետ։   «Արցախի տարածքում ձեւականորեն առկա կեղծ պետական ինստիտուտների կողմից օտար պետությունների հետ առանձին հարաբերություններ հաստատելու փորձերը անջատողականություն են եւ պետք է պատժվեն։ Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում՝ Արցախի մարզում, որեւէ պետության կամ ժողովրդի նկատմամբ բացասական վերաբերմունք չկա։ Անկախ դրանից՝ մենք պարտավոր չենք որեւէ մեկի առաջ արդարանալու եւ մեր ազգային շահերի հաշվին նրանց ինչ-որ բան ապացուցելու»,- եզրափակեց Եսայանը։   Ասպրամ Փարսադանյան
12:47 - 01 սեպտեմբերի, 2020
Արցախում բյուրոկրատիան ուռճացվում է, պետական ապարատում աշխատատեղերի ստեղծմամբ փորձում են հրապուրել մարդկանց․ Հայկ Խանումյան

Արցախում բյուրոկրատիան ուռճացվում է, պետական ապարատում աշխատատեղերի ստեղծմամբ փորձում են հրապուրել մարդկանց․ Հայկ Խանումյան

Օրերս Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ «Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը երկարաժամկետ կտրվածքով ավերածություններ են գործում»․ «Արցախում առանց այդ էլ ուռճացված բյուրոկրատիայի էլ ավելի մեծացումն այն դարձնում է Արցախի զարգացումը խոչընդոտող հրեշ»,- շեշտել էր Խանումյանը՝ հայտարարելով, որ պետական աշխատատեղերի ավելացման գործընթացները խոչընդոտում են մասնավոր սեկտորում մրցակցությանը։ Թեմայի շուրջ Infocom.am-ի հետ զրույցում Խանումյանն նկատեց՝ Արցախում առանց այդ էլ պետական բյուրոկրատիան բավականին ուռճացված է․ նոր իշխանության ձեւովորումից հետո Սամվել Բաբայանի «Միասնական Հայրենիք» կուսակցության եւ «Ազատ հայրենիք» կուսակցության կոալիցիա կազմելով՝ պետական ապարատում լրացուցիչ տեղեր են ավելացել․  «Մասնավորապես, նշանակվելով Անվտանգության խորհրդի քարտուղար՝ Սամվել Բաբայանը որոշել է Խորհուրդը բավականին մեծացնել, իր խոսքով՝ մոտ 110 հաստիք պետք է ավելանա, մինչ այդ ԱԽ քարտուղարը առանձին աշխատակազմ, գրասենյակ չուներ եւ միայն ԱԽ քարտուղարի պաշտոնն էր, հիմա, փաստացի, խոսքը 110 հաստիքի ավելացման մասին է»,- ասաց Խանումյանը՝ ընդգծելով, որ Արցախում բնակչությունը բավականին քիչ է, եւ կա նաեւ կադրային խնդիր, հետեւաբար, ըստ արցախցի գործչի, ունակ կադրերին դեպի բյուրոկրատիա տեղափոխելն այլ ոլորտներում լուրջ խնդիրների է հանգեցնելու, հատկապես մասնավոր սեկտրում։ Խանումյանի խոսքով՝ նաեւ նոր պետական մարմիններ են ստեղծվել, նախարարություններում ավելանում է պետական պաշտոնյաների թիվը, պետական այլ մարմիններում, այսպես ասած, նախկինում աշխատանքի տեղավորվածները չեն ազատվում աշխատանքից, այլ գալիս են նորերը, ընդլայնվում են շրջանային վարչակազմերը․ «Նվազագույնը 350-400 հոգի ավելանալու են կամ արդեն ավելացել են այս ընթացքում՝ Արայիկ Հարությունյանի նախագահ դառնալուց ի վեր, ինչը հսկայական բեռ է ենթադրում։ «Ազգային վերածնունդ» կուսակությունը, եւ անձամբ ես, անցած 5 տարիների պատգամավորական գործունեության ընթացքում բազմիցս քննարկել ենք բյուրոկրատիայի ուռճացումը, հանրային ծախսերի ավելացումը, հանրային ծառայություններին ուղղվող ծախսերի ավելացումը։ Կոչ ենք անում կրճատել դրանք, այդ գումարները ուղղել տնտեսության իրական հատված, սակայն, ինչպես տեսնում ենք, այս հիվանդությունը շարունակում է մեծանալ, եւ նոր շահառուներ են հայտվել դա սպասարկելու առումով»,- ասաց մեր զրուցակիցը՝ տվյալ դեպքում ակնարկելով Սամվել Բաբայանին եւ նրա «Միասնական հայրենիք» կուսակցությանը, որոնք, Խանումյանի խոսքով, իրենց արագորեն տեղավորվում են պետական ապարատում։ Վերջինիս պնդմամբ՝ այս գործընթացները տեղի են ունենում Արցախի պետական եկամուտների կրճատման ֆոնին, դեֆիցիտի մեծացման, Հայաստանից միջպետական վարկի ավելացման պայմաններում։ «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավարն ընդգծեց, որ իրենք դեմ չեն դեֆիցիտի ավելացմանը, սակայն կարծում են, որ այդ գումարները պետք է ուղղվեն ոչ թե սոցիալական ծրագրերի կամ անօգուտ, անարդյունավետ բյուոկրատիայի ուռճացմանը, այլ ենթակառուցվածքների կառուցմանը։ «Ցավոք սրտի, նախորդ 10-15 տարիների ընթացքում Արցախում պետական բյուջեի հաշվին շատ քիչ ենթակառուցվածքային ծրագրեր են իրականացվել։ Այն, ինչ մենք լսում ենք պաշտոնատար անձանցից՝ ենթակառուցվածքային ծրագրերի մասին, կամ գոյություն ունի կառավարության ծրագրերում կամ նախագահի ծրագրում, այդ ենթակառուցվածքային ծրագրերը, իհարկե, զգալիորեն ավելին են, քան նախկինում եղածները, բայց նաեւ զգալիորեն քիչ են, քան կարող էին լինել։ Առնվազն կրկնակի ճանապարհներ կարող էին կառուցել՝ նույնիսկ ներկայիս բյուջեի եւ հնարավորությունների սահմաններում։ Ավերածություններ ասելով՝ հենց դա նկատի ունեինք, որ մի քանի քաղաքական դեմքեր կարող, ունակ մարդկանց իրենց վարչական ռեսուրսը դարձնելու նպատակով բարձր աշխատավարձերով սիրաշահելով՝ փակում են պետական կաբինետներում՝ նրանց զերծ պահելով ազգային հարստություն ստեղծելուց»,- ասաց Խանումյանը՝ հավելելով, որ Սամվել Բաբայանը եւ Արայիկ Հարությունյանը նպատակ ունեն ընտրազանգվածի եւ կուսակցական կառույցների համար վճարումներ անել պետական բյուջեի հաշվին։ Մեր զրուցակցի կարծիքով՝ սա բավականին տարածված ձեւ է դարձել Արցախում, եւ, ըստ նրա՝ դրա կարիքը հատկապես Սամվել Բաբայանի կուսակցությունն ունի որովհետեւ վերջինս եւ կուսակցությունը ձայներ ստացել են հիմնականում ընդդիմադիր հռետորաբանությամբ, իսկ հետագայում այդ քվեները, Խանումյանի խոսքով, վաճառել են պաշտոնների դիմաց․ «Այժմ ստիպված են իրենց ընտրազանգվածը հավաքել վարչական ռեսուրսի հաշվին։ Բնականաբար, այդ ամենի համար վճարում են հարկ վճարողները, թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի, քանի որ գումարների մի զգալի մասը գալիս է Երեւանից՝ միջպետական վարկի ձեւով։ Իսկ մասնավոր հատվածը լուրջ խնդիրներ ունի, քանի որ պետական համակարգում արհեստականորեն բարձր աշխատավարձեր սահմանելով՝ խնդիր է ստեղծվում աշխատուժի շուկայի առումով, նամանավանդ՝ Արցախում կադրային լուրջ խնդիրներ կան, այդ թվում՝ մասնավոր հատվածում, եւ այսպիսի քաղաքականությունը զգալիորեն խոչընդոտում է նաեւ այդտեղ կադրերի ներգրավման գործընթացին»։ Իսկ խնդրի լուծումը, ըստ Խանումյանի, այն է, որ ՀՀ կառավարությունը միջպետական վարկի ավելացումը պայմանավորի բյուրոկրատիայի կրճատմամբ, այսինքն՝ որքան Արցախում կկրճատվի բյուրոկրատիան, այդքան կավելանա միջպետական վարկի գումարը, եւ այդքան էլ շատ գումար Երեւանից կգա Ստեփանակերտ։ Արցախցի գործիչը կողմ է նաեւ ծրագրային բյուջետավորմանը, որ գումար տրամադրվի կոնկրետ ծրագրերի համար․ «Այլ ոչ թե ուղղակի ինչ-որ գումար տրվի Ստեփանակերտում իշխանության եկած մի երկու հոգու, որոնք իրենց մերձավոր շրջապատը, կամ կուսակցական շրջապատը տեղավորեն ինչ-որ տաքուկ սենյակներում՝ թեյ ու սուրճ խմելու եւ ոչինչ չանելու համար, ինչը երկարաժամկետ եւ լուրջ խնդիրներ է առաջացնելու տնտեսության համար»,- հավելեց Խանումյանը։ Ինչ վերաբերում է Արցախի կառավարության՝ տանիքների շինարարության ծրագրին՝ մեր զրուցակցի կարծիքով՝ դա նույնպես արվում է միայն մարդկանց հրապուրելու համար։ Խանումյանի համոզմամբ՝ թույլ քաղաքացիական հասարակության պայմաններում, երբ գրեթե բացակայում է քաղաքացիական բարձր գիտակցությունը, բնակիչների մոտ առաջին պլան են մղվում կարճաժամկետ շահերը։ Խանումյանը տեղեկացրել էր, որ այժմ Արցախի պետական բյուջեի փոփոխություններով՝ առկա 968 մլն դրամին մոտ 500 միլիոն դրամ է ավելացվում՝ տանիքների վերանորոգման ծրագրով բնակիչներին շինանյութ տրամադրելու համար: «Ընտրությունների ժամանակ դա շատ հաճախ որպես ընտրակաշառք էր օգտագործվում։ Հիմա այդ ծրագրի արժեքը ավելացրել են, այսինքն՝ շատ մարդու են տանիքի շինանյութ տրամադրում՝ նույնպես այդ վարչական ռեսուրսի կիրառմամբ։ Պոպուլիստական քայլերով փորձում են շահել ընտրազանգվածի համակրանքը։ Կարծում եմ, որ այս գումարների ավելացումը կարող է կապված լինել նախընտրական շրջանում տված խոստումների, եւ հիմա դրանց կատարման անհրաժեշտության հետ»։ Մեր հարցին՝ ի՞նչ առաջնային եւ հրատապ լուծում պահանջող խնդիրներ կան Արցախում, որոնց կառավարությունը չի անդրադառնում, Խանումյանը շեշտեց հատկապես ճանապարհաշինական աշխատանքների եւ վերաբնակեցման հարցերը․ «Պետք է տարեկան առնվազն 200 կիլոմետր նորմալ ասֆալտապատ ճանապարհ կառուցել եւ սկսել նոր ծրագրեր, հատկապես՝ թերբնակեցված շրջաններում բնակավայրերի կառուցման ծրագրեր իրականացնել։ Վստահեցնում եմ, որ այդ բնակավայրերը շատ արագ բնակչություն կունենան»,- եզրափակեց Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Հայկ Խանումյանը։ Ասպրամ Փարսադանյան
12:05 - 21 օգոստոսի, 2020
Նույնիսկ արտակարգ դրություն չմտցնելու դեպքում, անհնար կլինի ընտրությունների երկրորդ փուլը կազմակերպել Միրիկում, Մոշաթաղում, Բերձորում. Հայկ Խանումյան

Նույնիսկ արտակարգ դրություն չմտցնելու դեպքում, անհնար կլինի ընտրությունների երկրորդ փուլը կազմակերպել Միրիկում, Մոշաթաղում, Բերձորում. Հայկ Խանումյան

«Միրիկցի կնոջն Արարատի մարզից բերել էին տվել` ընտրություններին մասնակցելու համար։ Այս կնոջ հարսը եղել է Միրիկի տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ, նա ևս ունեցել է բազմաթիվ շփումներ, այդ թվում Բերձորում։ Իրականում վիճակը տագնապալի է ոչ միայն Միրիկում, այլ հարևան Մոշաթաղում։ Վարակված կինը բազմաթիվ շփումներ է ունեցել նաև Բերձորում` մի քանի օր մնալով ընդհանուր պալատում և շփվելով բազմաթիվ մարդկանց հետ։ Նույնիսկ արտակարգ դրություն չմտցնելու դեպքում, անհնար կլինի ընտրությունների երկրորդ փուլը կազմակերպել Միրիկում, Մոշաթաղում, Բերձորում»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահական ընտրությունների թեկնածու, ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Խանումյանը:
18:02 - 08 ապրիլի, 2020
Դեմ չենք ընտրությունները հետաձգելուն, սակայն քայլեր անողները մենք չենք․ դա իշխանության լիազորությունն է․ Հայկ Խանումյան

Դեմ չենք ընտրությունները հետաձգելուն, սակայն քայլեր անողները մենք չենք․ դա իշխանության լիազորությունն է․ Հայկ Խանումյան

Արցախում մարտի 31-ին տեղի ունենալիք նախագահական և խորհրդարանական  ընտրությունների հետաձգման թեմայով զրուցել ենք «Ազգային վերածնունդ կուսակցության» կողմից առաջադրված նախագահի թեկնածու, կուսակցության նախագահ, ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանի հետ։ - Պարո՛ն Խանումյան, կո՞ղմ եք արդյոք ընտրությունները հետաձգելուն։ Եթե այո, ապա ինչ քայլեր եք ձեռնարկել այդ ուղղությամբ։ - Դեմ չենք։ Քայլեր անողները մենք չենք, դա իշխանության լիազորությունն է։ Եթե կա նման անհրաժեշտություն, համապատասխան որոշում ընդունում են և իրականացնում են։ Ինչո՞ւ պետք է դիմենք։ Այսինքն՝ իշխանություն ունենք, ինքը պետք է որոշի՝ անի, թե չանի նման քայլ։ - Ընտրությունների մասնակցային չլինելու ռիսկեր չե՞ք տեսնում այս իրավիճակում։ - Հնարավոր է չգան կամ խուսափեն գալ, բայց այդ օրն ամենաապահով տեղը ընտրատեղամասն է լինելու, որովհետև ախտահանված են լինելու, ձեռնոց են տալու, դիմակ են տալու, առանձին գրիչ են տալու։ Մարդիկ այնպես չի, որ մեկուսացված են կամ կարանտին է Արցախում։ Բոլորը դուրս են գալիս, շփվում են, գնում են աշխատանքի կամ խանութ, դուրս են գալիս բակեր։ Տեղամաս գնալն առանձնահատուկ չի լինի։ - Եթե, այնուամենայնիվ, ընտրությունները կայանան և հետո անցանկալի զարգացումներ լինեն կորոնավիրուսի հետ կապված, Դուք քաղաքական պատասխանատվություն կկիսե՞ք իշխանությունների հետ։ -  Ինչո՞ւ պետք է կիսեմ։ Մենք չենք պատասխանատուն՝ արտակարգ դրություն մտցնելու կամ չմտցնելու։ Ով որ ունի այդպիսի լիազորություն, թող ինքն էլ պատասխանատվություն վերցնի։ 
14:58 - 27 մարտի, 2020