Աննա Վարդապետյան

ՀՀ վարչապետի խորհրդականն է։

Արդարադատության նախարարի նախկին տեղակալ։ Անկուսակցական է։ Ծնվել է 1986թ․ փետրվարի 18-ին Երևանում։ 2002-2008թթ․ սովորել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով մագիստրոսի աստիճան։ 2008-2012 թթ․ եղել է ասպիրանտ նույն ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնում։ 2003-2005թթ․ եղել է Ավան համայնքի թաղապետի խորհրդական։

2007-2009 թթ․՝ ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչության մասնագետ։ 2009-2013թթ․՝ ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի ավագ օգնական։ 2013-2014թթ․՝ դատարանի նախագահի խորհրդական։ 2014-2018թթ․ աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտում որպես ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար։ 2010թ․-ից դասավանդում է ԵՊՀ-ում, իրավաբանական գիտությունների թեկնածու է։ 2015թ․-ից հանդիսանում է Լոնդոնի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի անդամ։

2018թ․ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական։ 2019թ․ ապրիլի 4-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է նախարարի տեղակալ։ 2019 թվականի նոյեմբերի 12-ին ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից: 2020թ․ մարտին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական։

Երևանում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը

Երևանում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը

Երևանում այսօր կայացել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը: ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Համակարգող խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Համակարգող խորհրդի գործադիր քարտուղար Վլադիմիր Զիմինը, Տաջիկստանի Հանրապետության գլխավոր դատախազ Ռահմոն Յուսուֆ Ահմադզոդը, Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդը, Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Գալիմժան Կոյգելդիևը, Ղրղզական Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Նուրբեք Քայիմովը, Ուզբեկստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Սվետլանա Արտիկովան, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը,  այլք: Աննա Վարդապետյանը ողջունել է ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին Երևանում, շնորհակալություն է հայտնել աշխատանքային զբաղվածության պայմաններում իր հրավերն ընդունելու համար և ընդգծել, որ 17-ամյա դադարից հետո Հայաստանի մայրաքաղաքը հյուրընկալում է ԱՊՀ երկրների գլխավոր դատախազությունների պատվիրակություններին։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ողջունել է Համակարգող խորհրդի 34-րդ նիստին մասնակցող պատվիրակություններին և կարևորել Խորհրդի գործունեությունը քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության, օրենքի գերակայության ամրապնդման և անդրազգային հանցավորության դեմ պայքարում: Փոխվարչապետը կարևորել է պետությունների միջև ​​կառուցողական համագործակցությունը` հանցավորության՝ հատկապես կազմակերպված և անդրազգային հանցավորության դեմ պայքարում։ Փոփոխվող իրողությունների համատեքստում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջնահերթ է համարել Անկախ պետությունների համագործակցության իրավապայմանագրային դաշտի թարմացումն ու զարգացումը՝ այդ առումով ընդգծելով Համակարգող խորհրդի դերը: Համակարգող խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին Խորհրդի նիստը գերազանց կազմակերպելու և ջերմ ընդունելության համար: ՌԴ գլխավոր դատախազը վստահություն է հայտնել, որ փորձի փոխանակումը կնպաստի հետագայում համատեղ ուժերով հանցավոր սպառնալիքների հակազդմանը, ինչպես նաև ԱՊՀ անդամ երկրների քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանությանը: Համակարգող խորհրդի 34-րդ նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել պատվիրակությունների ղեկավարները, որոնք վերաբերել են կոռուպցիայի դեմ պայքարին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքներին, կիբեռհանցավորության դեմ պայքարում իրավական փոխգործակցությանը, սոցիալապես խոցելի խմբերի, անչափահասների իրավունքների պաշտպանությանը, օրենքի գերակայության ապահովմանը և այլ հարցերի։ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակություններին ակտիվ մասնակցության և կառուցողական երկխոսության համար, երախտագիտությամբ է ընդգծել Համակարգող խորհրդի աշխատանքը՝ հանդիպման նախապատրաստման և անցկացման հարցում կատարած աշխատանքի համար։ Համակարգող խորհրդի նախագահ, ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը ՀՀ գլխավոր դատախազին պարգևատրել է «ԱՊՀ մասնակից պետությունների պատվավոր դատախազ» կրծքանշանով: Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 35-րդ նիստը կկայանա Տաջիկստանի Հանրապետությունում։ 
15:21 - 04 հոկտեմբերի, 2024
Աննա Վարդապետյանն ընդունել է Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդի գլխավորած պատվիրակությանը

Աննա Վարդապետյանն ընդունել է Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդի գլխավորած պատվիրակությանը: Դատախազությունից հայտնում են, որ պատվիրակությունը Հայաստան է ժամանել մասնակցելու Երևանում կայանալիք՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին: Աննա Վարդապետյանը ողջունել է հյուրերին ՀՀ գլխավոր դատախազությունում  և նշել, որ Համակարգող խորհրդի նիստը կարևոր հարթակ է երկկողմ հանդիպումների ձևաչափով իրավական հարցեր քննարկելու համար: Բելառուսի գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին ջերմ հյուրընկալության համար: Աննա Վարդապետյանն ու Անդրեյ Շվեդն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: Հիշեցնենք, որ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստը վերջին անգամ Հայաստանի Հանրապետությունում անցկացվել է 2007 թվականին: Համակարգող խորհրդի 34-րդ նիստի օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակը ներառում է ԱՊՀ անդամ երկրներում հանցավորության վիճակը, հանցավորության դեմ պայքարում իրավական փոխգործակցությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, օրենքի գերակայության ապահովումը և այլն։
16:47 - 03 հոկտեմբերի, 2024
Հայաստանն ինստիտուցիոնալ է դարձնում Եվրաջասթի հետ համագործակցությունը. Աննա Վարդապետյան

Հայաստանն ինստիտուցիոնալ է դարձնում Եվրաջասթի հետ համագործակցությունը. Աննա Վարդապետյան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է իր հրավերով Հայաստան ժամանած՝ Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանին: Հանդիպմանը մասնակցել են Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, այլք: Աննա Վարդապետյանը ողջունել է Եվրաջասթի նախագահին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում և նշել, որ մեկ տարվա ընթացքում տեղի ունեցող երկրորդ հանդիպումը վկայում է երկու գերատեսչությունների միջև արդյունավետ աշխատանքի և հետագա փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամության մասին: Այս համատեքստում հանրապետության գլխավոր դատախազը կարևորել է 2024 թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագիրը, որը  սեպտեմբերի 10-ին վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից: Համաձայնագիրը հնարավորություն է նախատեսում Եվրաջասթ գործուղել Համագործակցության հարցերով դատախազ: Դատախազության ներկայացվածությունը Եվրաջասթում հնարավորություն կտա օպերատիվ կապ ապահովել ԵՄ անդամ և երրորդ պետությունների կոնտակտային անձանց հետ, հնարավորություն կընձեռի Հայաստանի Հանրապետությունում նախաձեռնված քրեական վարույթներով իրականացնել առավել արդյունավետ միջազգային-իրավական համագործակցություն: «Սա մեր հերթական քայլն է դեպի Եվրոպական միություն: Վստահ եմ, որ Համաձայնագիրը կնպաստի Եվրաջասթի շրջանակներում Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների միջև համագործակցությանը՝ կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, փողերի լվացման և մի շարք այլ անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում»,- ընդգծել է Աննա Վարդապետյանն ու հավելել, որ այսօր ստորագրվող Աշխատանքային պայմանավորվածությունը Հայաստանին մեկ քայլով կմոտեցնի Համաձայնագրի դրույթների լիարժեք իրականացմանը: Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին ջերմ ընդունելության համար և նշել. «Այսօր ստորագրվող Աշխատանքային պայմանավորվածությամբ Հայաստանին կտրվեն Եվրաջասթ մուտք գործելու «բանալիները»: Հայաստանը, որը մեր արժեքավոր գործընկերն է, Եվրաջասթին միանալու այս քայլով աշխարհին փոխանցում է շատ կարևոր հաղորդագրություն՝ ցույց տալով, որ հավատարիմ է օրենքի գերակայության սկզբունքներին»: Աննա Վարդապետյանը համագործակցությունը Համաձայնագրով հաստատելու հարցում բարձր է գնահատել Եվրոպական միության երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը և շնորհակալություն հայտնել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը:
12:11 - 23 սեպտեմբերի, 2024
2024-ի առաջին կիսամյակում թմրամիջոցների շրջանառության դեպքերը նվազել են 29,3 տոկոսով. Վարդապետյան |1lurer.am|

2024-ի առաջին կիսամյակում թմրամիջոցների շրջանառության դեպքերը նվազել են 29,3 տոկոսով. Վարդապետյան |1lurer.am|

1lurer.am: 2024 թվականի առաջին կիսամյակում թմրամիջոցների շրջանառության դեպքերը նվազել են 29,3 տոկոսով: Սա ֆորմալ նվազում չէ, դա բացահայտման և քննության որակի փոփոխությունն է և այն տեխնոլոգիաներին հասանելիությունը, որով շրջանառվում են թմրամիջոցները: Նվազումը լավարկված քննության արդյունք է: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 12-ի նիստին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: Ըստ Վարդապետյանի՝ կա «հետաքրքիր վիճակագրություն»՝ մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկրելու փորձ արված և բացահայտված թմրամիջոցի քանակի հետ կապված: «Այստեղ աճ ունենք մաքսանենգության, ինչը նշանակում է, որ բացահայտման ցուցանիշն ավելացել է, այսինքն՝ երբ փորձում են ապօրինի ճանապարհով թմրամիջոցը ներկրել ՀՀ, այդտեղ բացահայտվում է հանցագործությունը: Նախորդ տարիներին մենք նման ցուցանիշներ չունեինք՝ մաքսանենգության հետ կապված: 2023 թվականին նույնիսկ աճել էր առգրավված թմրամիջոցների քանակը. դրանք տարբեր տեսակի են, ընդհուպ ամենածանր թմրամիջոցներն էին ընդգրկում: Եվ կարևոր է, որ այդ թմրամիջոցները դուրս են եկել շրջանառությունից: Կարելի է դա էլ գնահատել որպես դրական ցուցանիշ քննության որակի տեսանկյունից»,- ասաց Վարդապետյանը:
12:25 - 12 սեպտեմբերի, 2024
Աննա Վարդապետյանն ընդունել է Նիդերլանդների խորհրդարանի պատվիրակությանը

Աննա Վարդապետյանն ընդունել է Նիդերլանդների խորհրդարանի պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի հուլիսի 9-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Նիդերլանդների Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսը և Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովը: Աննա Վարդապետյանը ողջունել է Նիդերլանդներից ժամանած հյուրերին Գլխավոր դատախազությունում և ընդգծել, որ հանդիպումը հնարավորություն կտա քննարկելու համատեղ կատարված աշխատանքն ու նախանշելու համագործակցության հետագա ուղղությունները:   Որպես Դեսպանության հետ համագործակցության լավագույն օրինակ՝ հանրապետության գլխավոր դատախազն առանձնացրել է Հայաստանի բոլոր դատախազների համար կազմակերպված՝ հաղորդակցության կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված շուրջ վեց ամիս տևած դասընթացը և ընդգծել Դեսպանության հետ առաջիկայում մեկնարկող նոր դասընթացի կարևորությունը: Հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, ընտանեկան բռնության, խոշտանգումների դեմ պայքարին և այլ ոլորտներին վերաբերող հարցեր: Գլխավոր դատախազը վերահաստատել է վերոնշյալ, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կիբերհանցավորության դեմ պայքարի և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը: Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ:
12:06 - 09 հուլիսի, 2024
Դատախազության աշխատանքի արդյունավետությունը գնահատողը ՀՀ քաղաքացին է․ Աննա Վարդապետյան
 |armenpress.am|

Դատախազության աշխատանքի արդյունավետությունը գնահատողը ՀՀ քաղաքացին է․ Աննա Վարդապետյան |armenpress.am|

armenpress.am: Դատախազությունը հուլիսի 1-ին նշում է հիմնադրման 106-ամյակը, որի կապակցությամբ կայացավ ՀՀ դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստ և հանձնվեցին պետական պարգևներ։ Միջոցառմանը ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։  Նիստի մեկնարկին հնչեց ՀՀ օրհներգը, որից հետո ելույթ ունեցավ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհավորեց բոլորին դատախազության կազմավորման 106-ամյակի և մասնագիտական տոնի՝ Դատախազության աշխատակցի օրվա կապակցությամբ: «Պարո՛ն վարչապետ, շնորհակալ ենք մեզ համար խորհրդանշական այս օրը Գլխավոր դատախազություն այցելելու և Դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստին մասնակցելու հրավերն ընդունելու համար: Շնորհակալ ենք Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ Դատախազության լիազորությունների իրականացման արդյունավետության բարձրացմանն ուղղված շարունակական բարեփոխումներին աջակցելու և իրավակարգի ու օրինականության ամրապնդմանն ուղղված Դատախազության նախաձեռնություններին սատարելու համար»,-ասաց նա։ Վարդապետյանն ընդգծեց՝ դատախազության աշխատանքի արդյունավետության գնահատողը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է։ «Գովեստի ու քննադատության հեղինակը նույնպես Հայաստանի Հանրապետության քաղաքացին է։ Ես վստահ եմ, որ նվիրումն ու պրոֆեսիոնալիզմը, աշխատասիրությունն ու հոգատարությունը, աշխատանքում մարդակենտրոն ու հայրենասեր մոտեցումներն անխուսափելիորեն նվազեցնելու են հանրային քննադատությունն ու բարձրացնելու են մեր նկատմամբ վստահությունը։ Գնահատականը թողնելով ժամանակի ու քաղաքացու դատին՝ ես այսօր ուզում եմ Ձեզնից յուրաքանչյուրին անհատապես ասել՝ շնորհակալ եմ, շնորհակալ եմ Ձեզ ամրության, ազնվության և պրոֆեսիոնալիզմի համար»,-ընդգծեց Վարդապետյանը։ Իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս շնորհավորեց դատախազությանը հիմնադրման տոնի առթիվ և շնորհակալություն հայտնեց դատախազներին իրենց կատարած աշխատանքի համար։ «Կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար արդարությունը շարունակում է մնալ ամենամեծ ակնկալիքներից մեկը, որը եթե դիտարկենք հանրային կարծիքի տեսակետից և տրամաբանությամբ՝ չենք կարողացել այդ ակնկալիքը առնվազն լիարժեք կերպով հասցեագրել և իրականացնել։ Այս առումով, իհարկե, դատախազության դերը երկրում արդարության և արդարադատության զգացում ձևավորելու իմաստով դժվար է գերագնահատել»,-ասաց վարչապետը։ Ելույթներին հաջորդեց առաջին անգամ դատախազի պաշտոնը ստանձնող տասը դատախազի երդման արարողությունը, որից հետո Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի և անբասիր աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը և ՀՀ դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, իսկ ՀՀ վարչապետի շնորհակալագրով՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Արամ Արամյանն ու Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը:
14:28 - 01 հուլիսի, 2024
Աննա Վարդապետյանի հրամաններով Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Աննա Վարդապետյանի հրամաններով Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի ապրիլի 19-ի, 29-ի, 30-ի, մայիսի 29-ի և 31-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Մասնավորապես՝ Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետ Արմեն Մարուխյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Մհեր Մկրտչյանը նշանակվել է Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության պետի տեղակալի պաշտոնից։ Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալ Գուրգեն Հակոբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Վահե Ռաֆայելյանը փոխադրվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին: Տաթևիկ Սարուխանյանը նշանակվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի պաշտոնին՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության դատախազության գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնից։ Արթուր Հեբոյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին: Արսեն Եղիազարյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին։ Արմեն Սարգսյանը նշանակվել է Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:  
13:07 - 03 հունիսի, 2024
Գավառում գտնվող հողամասը և հողամասում կառուցված շենք-շինությունը կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին. գլխավոր դատախազ |1lurer.am|

Գավառում գտնվող հողամասը և հողամասում կառուցված շենք-շինությունը կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին. գլխավոր դատախազ |1lurer.am|

1lurer.am: Չզեկուցվող հարցերի մեջ, ինչպես և նախորդիվ, Կառավարության գրեթե բոլոր նիստերի չզեկուցվող հարցերում ունենք Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացվող գույքերի վերաբերյալ որոշումներ։ Այսօր ամրացնում ենք Գավառ համայնքի Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող 0.431 հա մակերեսով հողամասը և հողամասի վրա կառուցված շենք-շինությունը. գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը մոտ 30 մլն դրամ է։ Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ «Նշեմ, որ Դատախազությունն առաջարկել է, և առաջարկն ընդունվել է, որպեսզի գույքն անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով ամրացվի Հայաստանի Հանրապետության ԱՍՀՆ ենթակայությամբ գործող «Գավառի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը. մանկատունը չի կարող գույքը հանձնել վարձակալության կամ որևէ իրավունքով տրամադրել այլ անձանց։ Որոշման նախագծով ամրագրվել է, որ անշարժ գույքը շահագործվելու է մանկատան երեխաների կրթական, սպորտային, մշակութային միջոցառումները և նրանց այլ ժամանցը կազմակերպելու նպատակով»,- ասաց դատախազը։  Նա տեղեկացրեց, որ գույքը նախկինում պատկանել է Գավառի մանկատան նախկին տնօրենին և ձեռքբերված է եղել օրենքի խախտմամբ. դրա վերաբերյալ կա քրեական վարույթ։ «Նշեմ, որ ԱՍՀ նախարարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր եղավ գույքը վերադարձնել, նորից չափագրել, որովհետև կար ապօրինի կառուցված շենք-շինություն։ Անկեղծ ասած, ես սկզբից մտադրություն ունեի շենքը հիմնահատակ քանդելու, քանի որ գույքը կառուցված էր 60-րդ հոդվածի սահմանափակում ունեցող տարածքում՝ մանկատանը պատկանող այգում, բայց հետագայում, նաև գույքի հնարավոր պոտենցիալը տեսնելով, գործընկերների հետ քննարկեցինք, որ ավելի ճիշտ կլինի որպես հանրային սննդի օբյեկտ՝ գարեջրատուն ծառայող տարածքը տալ մանկատանը, որպեսզի մանկատունը կարողանա կրթական և սոցիալական ծրագրեր իրականացնել երեխաների համար»,- ասաց գլխավոր դատախազը։ Աննա Վարդապետյանը ներկայացրեց, թե նախորդ 8 ամիսների ընթացքում ինչ գույքեր են ամրացվել Պետական գույքի կառավարման կոմիտեին։ «Նշեմ, որ ընդհանուր առմամբ մեր երկու բացառիկ լիազորությունների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում պետությանն արդեն վերադարձվել է 11 մլրդ դրամի գույք և արժույթ։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակներում Հայաստանի Հանրապետության սեփականությանն է փոխանցվել 7 անշարժ և մեկ շարժական գույք՝ ընդհանուր 4 մլրդ 118 մլն դրամ արժեքով, և ՀՀ սեփականությանն է փոխանցվում 609 մլն դրամ, որից 270 մլն-ը արդեն մուտք է արված գանձապետական հաշվին»։ Նա նշեց, որ պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցերով վերականգնվել է ավելի քան 6 մլրդ դրամին համարժեք գույք։ «Հենց այսօր ուժի մեջ է մտնում հաշտություն, որը հաստատվել էր Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի կողմից Երևան քաղաքի դատախազության և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի վարույթում գտնվող՝ քաղաքացիական գործով պատասխանող «Սոխոսենթր» ՍՊ ընկերության միջև հաշտությամբ, և պետությանն է վերադարձվում Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում 253.8 քմ ներքին մակերեսով տարածքները, որոնց շուկայական մոտարկված արժեքը 1 մլրդ դրամ է։ Նաև նշեմ, որ տարածքում արդեն վարձակալական հիմունքներով գործում է սրճարան, և վարձակալության պայմանագրի քննարկման արդյունքում որոշվեց պահպանել, և այսուհետ վարձակալական վճարները կստանա պետությունը՝ 5 տարի նվազագույնը, 5 տարի երկարացման հնարավորությամբ, տարեկան մոտ 38 մլն դրամ։ Ի սկզբանե գույքը նախատեսվում էր ստեղծել որպես գրադարան և դպրոցապատկան գույք էր, ըստ էության, Չայկովսկու դպրոցին էր պատկանում տարածքը։ Շենքի սեփականատերերը շենքի 5-րդ հարկում իրենց նախաձեռնությամբ առանձին կրթական հատված են առանձնացրել, որը ծառայում է որպես գրադարան, և հաշտության համաձայնության մեջ նաև տող է նախատեսված, որ քանի որ գույքը, որը հանձնում են արդեն որոշակի եկամտաբերությամբ, ծանրաբեռնված է, պետական մարմինները կարող են իրենց կրթական և մշակութային միջոցառումներն այդ ամբողջ վարձակալության ընթացքում, կարծում եմ՝ հատկապես ԿԳՄՍՆ-ն հետաքրքրված կլինի, բոլոր միջոցառումներն իրականացնել այս տարածքում»,- ասաց դատախազը։ «Մենք այսօր ուժի մեջ մտնելուց հետո վճիռը կներկայացնենք Կադաստրի պետական կոմիտե, այնուհետև կգրանցենք պետության սեփականության իրավունքը կառուցապատման, ավարտական ակտը ստանալուց հետո, նոր կամրացնենք Պետական գույքի կառավարման կոմիտեին»,- նշեց նա։  Աննա Վարդապետյանը հիշեցրեց, որ նախորդ երեք նիստերով երեք անտառային տարածքներ են ամրացրել Պետգույքի կոմիտեին։ «Դրանք 24 993 քմ մակերեսով, 20 021 քմ և 10 000 քմ մետր մակերեսով հատուկ պահպանվող կատեգորիայի հողամասեր են: Այս ցանկը դեռևս կշարունակվի. վճիռների ուժի մեջ մտնելու ընթացքի մեջ է»,- ասաց նա։
13:15 - 23 մայիսի, 2024
Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին

Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մայիսի 15-ին ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, Աննա Վարդապետյանը շնորհավորել է Մաքսիմ Լոնգանգեին ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշել, որ հանդիպումը լավ հնարավորություն է ընդգծելու ՀՀ դատախազության և Հայաստանում ԵԽ գրասենյակի համագործակցության արդյունավետությունն ու քննարկելու փոխգործակցության զարգացման հետագա ուղղությունները: Գլխավոր դատախազն անդրադարձել է 2024 թվականի ապրիլի 26-27-ին Երևանում անցկացված «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով բարձրաստիճան խորհրդաժողովին և շնորհակալություն հայտնել գործընկերներին՝ Խորհրդաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն Խորհրդաժողովի հաջողումն ու ընդլայնված աշխարհագրությամբ մասնակցությունը գնահատել է Գլխավոր դատախազության հետ ամրապնդված համագործակցության արդյունք և հանրապետության գլխավոր դատախազի հետ քննարկել է փոխգործակցության շրջանակում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և կոռուպցիայի դեմ պայքարի թեմաներով շարունակական վերապատրաստումների միջոցով դատախազների մասնագիտական կարողությունների զարգացմանն աջակցելու հնարավորությունները, ինչպես նաև փոխգործակցության այլ ուղղությունները:
17:44 - 15 մայիսի, 2024
«Ինֆոքոմի» հետաքննության վերաբերյալ օպերատիվ ստուգում է իրականացվում. գլխավոր դատախազ

«Ինֆոքոմի» հետաքննության վերաբերյալ օպերատիվ ստուգում է իրականացվում. գլխավոր դատախազ

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, անդրադառնալով «Freedom house»-ի՝ «Ինֆոքոմի» հետաքննության վերաբերյալ դատողությանը, թե մտահոգիչ է, որ իրավապահ մարմինները դրանցում հանցակազմ չեն տեսել, ասաց․  ««Freedom house»-ը չունի այդ տվյալը, քանի որ օպերատիվ ստուգման փուլում է գտնվում հրապարակումը, Հակակոռուպցիոն կոմիտեում է գտնվում․ այս պահին ստուգվում են բոլոր տվյալները, փոխանցումները։ Առանձին ստուգողական գործողություններ են իրականացվում բանկային փոխանցումների վերաբերյալ»։ Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունից «Ինֆոքոմին» հայտնել էին, որ հրապարակումն ուղարկվել է Ներքին գործերի նախարարություն՝ ստուգողական գործողությունների։ ՆԳՆ-ից էլ պատասխանել էին, որ Ոստիկանության ԵՔ վարչության Կենտրոնի բաժնում իրականացվել են ստուգողական գործողություններ, որոնց արդյունքում հանցանքի և զանցանքի հատկանիշներ չեն հայտնաբերվել։
18:00 - 03 մայիսի, 2024
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
 |panorama.am|

Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ |panorama.am|

panorama.am: Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու՝ փաստաբան Արա Զոհրաբյանի հաղորդումը  ՀՀ գլխավոր դատախազությունն ԱԱԾ է ուղարկել։ Ազգային ժողովում պատասխանելով պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, թե ձեզ է ուղարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ (Պետական դավաճանությունը) և 421-րդ հոդվածներով (Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները) հանցագործության մասին հաղորդում ` Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով՝ Տավուշում ՀՀ ինքնիշխան տարածքները և բնակավայրերը Ադրբեջանին հանձնելու գործընթաց սկսելու կապակցությամբ, Անն Վարդապետյանն ասաց. «Դրանում կային որոշակի փաստաթղթեր, այդ թվում սեփականության վկայականների պատճեներ, որոնց  իսկությունը ստուգելու անհրաժեշտություն կար։ Ուղակել ենք ԱԱԾ՝ խնդրելով օպերատիվ ստուգման արդյունքներով մեզ ներկայացնեն փաստաթղթերը, որպեսզի վարույթ նախաձեռնել- չնախաձեռնելու հարցը քննարկվի»։
16:35 - 03 մայիսի, 2024
44-օրյա պատերազմը ամենալուրջ դասն էր ինձ համար․ գլխավոր դատախազ
 |armenpress.am|

44-օրյա պատերազմը ամենալուրջ դասն էր ինձ համար․ գլխավոր դատախազ |armenpress.am|

armenpress.am: 44-օրյա պատերազմի հետ կապված Հայաստանում երկու վարույթ է հարուցվել, որոնք վերաբերվում են ադրբեջանական ագրեսիային, ևս մեկ վարույթ հարուցվել է Լեռնային Ղարաբաղից մարդկանց բռնի տեղահանման հետ կապված։ Ազգային ժողովում այս մասին ասաց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ «Նշածս վարույթները հրապարակային քննարկման ենթակա չեն, որովհետև նախ գաղտնիության ռեժիմ է սահմանված, բացի այդ որոշակի անձանց հետ կապված գործողություններն են իրականացվում, որոնք հրապարակայնացման ենթակա չեն։ Բայց 44-օրյա պատերազմը ամենալուրջ դասն էր ինձ համար՝ որպես Հայաստանի քաղաքացի և հետո նաև որպես  գլխավոր դատախազ»,- ասաց Վարդապետյանը։ Գլխավոր դատախազը նշեց, որ այդ դասերից մի քանի հետևություններ է արել։ «Առաջին հերթին զինվորական դատախազության մասով լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք այս պահին իրականացնում։ Ընդլայնում ենք զինդատախազների թվաքանակը և պրոֆեսիոնալացնում ենք, որպեսզի զինդատախազությունը որոշակի պրոցեսների սպասարկու չդառնա, այլ կարողանա անընդհատ արտաքին դիտորդի աչքով պրոցեսներին հետևել։ Նաև կանխարգելման տեսանկյունից զինվորական դատախազությունը պարբերաբար այցելում է զորամասեր, ես ինքս էլ եմ գնում։ Այցելության նպատակը ոչ թե ահաբեկելն է, այլ բացատրելն է, որ ամեն արարք առաջացնում է հետևանք, և մեր նպատակն է, որ բանակում ոչ թե հետևանքները կանխենք, այլ նախականխենք և թույլ չտանք, որպեսզի զինծառայողների մոտ միջանձնային հարաբերությունների պատճառով հանցավոր հետագիծ ձևավորվի։ Բացի այդ, մենք բազմաթիվ միջնորդագրեր ենք ուղարկում։ Ես ինքս պաշտպանության նախարարին յուրաքանչյուր կոռուպցիոն դեպքով գրում եմ»,-ասաց Վարդապետյանը։ Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմի քրեական գործերի մասին շատ չեն լուսաբանում և չեն խոսում, որպեսզի բանակի մարտունակությունը չընկնի և զինծառայողների մոտ բարոյահոգեբանական մթնոլորտի անկում տեղի չունենա։ «Վստահեցնում եմ, որ 44-օրյա պատերազմի բոլոր գործերը, որոնք հատկապես կապված են հրամանատարների կողմից իրենց պարտականությունները չկատարելու հետ, հետևողականորեն ուղարկվում են դատարան և զտվում են այն գործերը, որտեղ բարձրագույն հրամանատարությունը մեղք չունի, և դատախազը նույնիսկ մեղադրական եզրակացությունը չի հաստատում ու թույլ չի տալիս այդ գործն ուղարկել դատարան»,- եզրափակեց Վարդապետյանը։
16:24 - 03 մայիսի, 2024
2023-ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել 71 հայց |1lurer.am|

2023-ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել 71 հայց |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը լսել է ՀՀ գլխավոր դատախազության՝ 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը: Ըստ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակներում Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել 71 հայց, որոնցով բռնագանձման ենթակա գումարի չափը կազմել է ավելի քան 384 միլիարդ դրամ: 2023-ի ընթացքում ներկայացված հայցադիմումների ընդհանուր հայցագինը 417 միլիարդից ավելի է: «2023-ի հոկտեմբերի 9-ին Հակակոռուպցիոն դատարան են ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումներ, որոնցով դատախազությունը պահանջ է ներկայացրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրան փոխկապակցված 7 անձից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 25 միավոր անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, մասնակցություն հայաստանյան և արտասահմանյան 16 իրավաբանական անձում, ավելի քան 4 միլիոն ԱՄՆ դոլարի ավանդ-արժեթուղթ, շուրջ 10 միլիարդ դրամին համարժեք փոխառությունների պահանջի իրավունք, ավելի քան 35 միլիարդ դրամ»,- ասել է Աննա Վարդապետյանը:
13:23 - 29 ապրիլի, 2024