Աննա Վարդապետյանը խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնի մարզի դատախազությունում
09:47 - 18 հոկտեմբերի, 2024

Աննա Վարդապետյանը խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնի մարզի դատախազությունում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Արագածոտնի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում խորհրդակցություն է անցկացրել մարզի դատախազությունում: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Խորհրդակցությանը մասնակցել են Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Փանոսյանը, Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանը, Արագածոտնի մարզի նորանշանակ դատախազ Գևորգ Սարգսյանը և մարզի դատախազության դատախազները:

Գևորգ Սարգսյանը ՀՀ գլխավոր դատախազին է ներկայացրել կոռուպցիոն բնույթի, պետական իշխանության, տնտեսական գործունեության և շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթների ընթացքը:

Ներկայում Արագածոտնի մարզի դատախազության դատախազների կողմից հսկողություն է իրականացվում կոռուպցիոն բնույթի 22, շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված 20, պետական իշխանության դեմ ուղղված 23 և տնտեսական գործունեության դեմ ուղղված 13 հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթների նախաքննության օրինականության նկատմամբ, որոնցով քննության ներկա փուլում առկա տեղեկատվության համաձայն՝ պետությանը և համայնքներին պատճառված ընդհանուր վնասի չափը կազմում է շուրջ 600 միլիոն դրամ:

Աննա Վարդապետյանը հանձնարարել է պարբերաբար պահանջել վերոնշյալ հանցագործություններով նախաձեռնված քրեական վարույթները, տալ հանձնարարություններ, կիրառել հնարավոր բոլոր դատախազական ներգործության միջոցները՝ քրեական վարույթների պատշաճ և համակողմանի նախաքննությունն ապահովելու, պետությանը և համայնքին պատճառված վնասները վերականգնելու ուղղությամբ:

Հանրապետության գլխավոր դատախազին է զեկուցվել մարդու դեմ ուղղված ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, փամփուշտ ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու, կրելու վերաբերյալ մի շարք քրեական վարույթների ընթացքը:

Խորհրդակցության ավարտին ՀՀ գլխավոր դատախազը մարզի դատախազի ուղեկցությամբ շրջայց է կատարել Մարզի դատախազության վերանորոգված շենքում, ծանոթացել դատախազների աշխատանքային պայմաններին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել