ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

Մարդու իրավունքների պաշտպանը երեկ ձերբակալված անձանց վերաբերյալ պարզաբանումներ է պահանջել դատախազությունից

Մարդու իրավունքների պաշտպանը երեկ ձերբակալված անձանց վերաբերյալ պարզաբանումներ է պահանջել դատախազությունից

2024 թվականի հոկտեմբերի 31-ին զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական հարթակներում տեղեկություններ են հրապարակվել առ այն, որ օպերատիվ տվյալների հիման վրա ապօրինի կերպով հրազեն պահելու կասկածանքով ձերբակալվել և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր է տեղափոխվել 9 անձ: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմում անմիջապես սկսվել է ուսումնասիրության ընթացակարգ: Նույն օրը նշված անձանց ձերբակալման իրավական հիմնավորվածության և նախաձեռնված քրեական վարույթին առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ են պահանջվել ՀՀ գլխավոր դատախազությունից: Այսօր՝ նոյեմբերի 1-ին, Պաշտպանի աշխատակազմ տեղեկություն է ստացվել այն մասին, որ ձերբակալված բոլոր 9 անձինք ազատ են արձակվել: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված ուսումնասիրությունը շարունակվում է: Պաշտպանը վերահաստատում է իր դիրքորոշումը, որ անձին ազատությունից զրկելու ցանկացած դեպք պետք է համապատասխանի իրավաչափության սահմանված չափանիշներին և հարցին առնչվող ցանկացած մտահոգություն պետք է դառնա պատշաճ քննարկման առարկա:
11:27 - 01 նոյեմբերի, 2024
ՍԴ-ն քննության է ընդունել ՄԻՊ դիմումը, որով վիճարկվում են դատավորի պաշտոնի նշանակմանը վերաբերող որոշ կարգավորումներ

ՍԴ-ն քննության է ընդունել ՄԻՊ դիմումը, որով վիճարկվում են դատավորի պաշտոնի նշանակմանը վերաբերող որոշ կարգավորումներ

Սահմանադրական դատարանը քննության է ընդունել Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը, որով վիճարկվում են դատավորի պաշտոնի նշանակմանը խոչընդոտ հանդիսացող որոշ ֆիզիկական արատների և հիվանդությունների հիմքով նախատեսված արգելքները։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից։  Դիմումով բարձրացվում է ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 30-ին ընդունված «Դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը, դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տրամադրվող տեղեկանքի ձևը, դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տեղեկանք տրամադրելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի N 1184-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 685-Ն որոշման Հավելված N 1-ի 15-րդ և 16-րդ կետերի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 29-րդ, 49-րդ, 57-րդ և 81-րդ հոդվածներին։  Կառավարության որոշմամբ նախատեսվում է արգելք դատավորի պաշտոնում նշանակվել ցանկացող այն անձանց համար, ովքեր ունեն երկու ականջի կայուն լրիվ խլություն կամ խուլհամրությունն ու երկու աչքերի կուրություն։ Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի՝ վիճարկվող կարգավորումները խնդրահարույց են սահմանադրորեն երաշխավորված խտրականության արգելքի սկզբունքի, հանրային ծառայության անցնելու իրավունքի ապահովման տեսանկյունից։ Պաշտպանի դիրքորոշմամբ` դատավորների ընտրության և առաջխաղացման գործընթացները պետք է կազմակերպվեն արժանիքների վրա հիմնված օբյեկտիվ չափանիշներով, որոնք վերաբերում են որակավորումներին, բարեխղճությանը, կարողություններին և արդյունավետությանը: Միջազգային իրավական փաստաթղթերով նախատեսված պարտավորությունները ևս ենթադրում են արժանիքների հիման վրա սեփական մասնագիտական ու այլ ընդունակություններն ազատ դրսևորելու նպատակով համապատասխան քաղաքականության, օրենսդրական և այլ կառուցակարգերի, այդ թվում՝ խելամիտ հարմարեցումների ապահովում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Պաշտպանը հնարավոր է համարում որոշակի հիմքերի սահմանումը, որոնք կարող են նախապայման լինել դատավորի պաշտոնում նշանակվելու համար, սակայն այդ պաշտոնում նշանակմանը խոչընդոտող կարգավորումները, ի թիվս այլնի, պետք է ներառեն նաև խտրականության արգելքը և չպետք է նախատեսեն աշխատանքի սահմանափակ հասանելիություն՝ կապված հաշմանդամություն ունենալու հանգամանքի հետ։ Այսպիսին են նաև խնդրին առնչվող միջազգային-իրավական չափանիշները և մի շարք երկրների պրակտիկան: Այսպիսով, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը եզրահանգել է, որ պետությունը, սահմանադրորեն ամրագրելով հանրային ծառայության անցնելու իրավունքն ու խտրականության արգելքի սկզբունքը, իր առջև դրել է հաշմանդամություն ունեցող անձանց՝ այլ քաղաքացիների հետ հավասար հիմունքներով հանրային ծառայության անցնելու համար հնարավորություններ ապահովելու պարտականությունը։
10:36 - 30 հոկտեմբերի, 2024
Երեխայի իրավունքի պաշտպանության և նրանց լավագույն շահի դիտանկյունից խնդիրներն ահռելի քանակի են. ՀՀ ՄԻՊ
 |1lurer.am|

Երեխայի իրավունքի պաշտպանության և նրանց լավագույն շահի դիտանկյունից խնդիրներն ահռելի քանակի են. ՀՀ ՄԻՊ |1lurer.am|

1lurer.am: Ցավով պիտի արձանագրեմ, որ Հայաստանում երեխայի իրավունքի պաշտպանության և նրանց լավագույն շահի դիտանկյունից խնդիրներն ահռելի քանակի են: Ընդ որում՝ նշեմ, որ ահռելի քանակի են հասնում, եթե խոսքն ընտանիքում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի կամ ընտանիքի իմացությամբ երեխաների նկատմամբ բռնության դեպքերի մասին է: Խոսքը սեռական, ֆիզիկական, նաև հոգեբանական բռնության դեպքերի մասին է: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ օմբուդսմեն Անահիտ Մանասյանը՝ արձագանքելով երեխաների նկատմամբ բռնության դեպքերին և այս համատեքստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի այն դիտարկմանը, թե քաղաքակիրթ հասարակությանը հարիր չէ երեխայի նկատմամբ այնպիսի վարքագծի դրսևորումը, որը քրեորեն պատժելի է: «Աշխատանքները մի քանի հարթությամբ են իրականացվում: Մեկը ընդհանուր խթանման գործառույթ է, այսինքն՝ մենք անընդհատ փորձում ենք մոնիթորինգային այցեր իրականացնել, խնդիրներ բացահայտել, այդ խնդիրների վերաբերյալ բարձրաձայն խոսել, հրապարակել բարձրաձայնված խնդիրները, անմիջապես հասցեավորում ենք խնդիրները, որպեսզի պետական մարմիններն արագ կարողանան լուծել այդ խնդիրները, որովհետև ՄԻՊ հաստատությունն այն հաստատությունը չէ, որ ինքն իրենով կարող է գնալ, լուծել այդ խնդիրը»,- ասաց Մանասյանը: Այս ենթատեքստում ՀՀ ՄԻՊ-ը կարևորեց նաև հանրային իրազեկման աշխատանքները, նշեց, որ անձամբ է մասնակցում այդ աշխատանքներին, այցելում է տարբեր հաստատություններ, խոսում երեխաների հետ: «Հաջորդ կարևոր գործիքակազմը անհատական դեպքերով իրավունքների պաշտպանությունն է, այսինքն՝ այն դեպքերով, երբ մենք ստանում ենք տեղեկատվությունը՝ երեխաների իրավունքների խախտան հետ կապված: Սա այն ոլորտն է, որն ընդհանրապես հրապարակային չէ: Այս ոլորտում մենք գործում ենք լրիվ ոչ հրապարակային եղանակով, որովհետև երեխայի լավագույն շահի հետ կապված խնդիրները, նաև պահանջները մեզ հուշում են, որ պետք չէ հրապարակենք ո՛չ տեղեկատվություն, ո՛չ գործիք, որն օգտագործել ենք: Պիտի անկեղծ լինեմ. մի շարք խնդիրներ պետական մարմինների գործունեության հետ կապված ենք անընդհատ արձանագրում,- ասաց ՀՀ ՄԻՊ-ը և հավելեց,- շատ դեպքերում, օրինակ, մենք տրամադրում ենք տեղեկատվություն և խնդրում ենք, օրինակ, բռնության դեպք հասցեավորել, և պարզվում է՝ երեխաների անհատական տվյալներ են տարածվել, ինչը խնդրահարույց է: Եվ այս հարցերը պետք է կարողանանք նաև պետական մարմինների կարողությունների զարգացման միջոցով հասցեավորել»,- ասաց նա:
17:18 - 29 հոկտեմբերի, 2024
ՄԻՊ-ն անդրադարձավ քրեակատարողական հիմնարկների շենքային վատ պայմաններին |armenpress.am|

ՄԻՊ-ն անդրադարձավ քրեակատարողական հիմնարկների շենքային վատ պայմաններին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը գտնվում է քրեակատարողական հիմնարկների՝ շենքային վատ պայմաններ ունեցող պետությունների թվում:  Այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:  «Քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանների առումով մենք գտնվում ենք շատ վատ պայմաններ ունեցող պետությունների թվում։ Մենք պետք է կատարելագործենք քրեակատարողական հաստատությունների շենքային պայմանները»,-ասաց ՄԻՊ-ը՝ հավելելով, որ նույնը կարելի է ասել նաև հոգեբուժական և մի շարք այլ կազմակերպությունների հետ կապված:  Անդրադառնալով քրեակատարողական հիմնարկներում վատ վերաբերմունքի և խոշտանգումների հետ կապված խնդիրներին՝ ՄԻՊ-ն ասաց. «Իհարկե, նման դեպքեր հանդիպում են Հայաստանում: Բայց, ի տարբերություն շատ պետությունների, մենք ծայրահեղ բարձր թվեր ունեցող պետությունների թվին չենք դասվում այս առումով: Թեպետ, նույնիսկ եղածների դեմ մենք պետք է կարողանանք պատշաճ պայքար մղել»:  Մանասյանը հիշեցրեց, որ ՄԻՊ-ի 2023 թվականի զեկույցում առաջին անգամ նաև նկարներ են տեղադրել այդ հաստատություններից՝ թե՛ շենքային պայմանների ոչ բավարար լինելու, թե՛ մատչելիության հետ կապված խնդիրներ ունենալու առումով: «Կարծում եմ՝ սա պետության կողմից առաջնահերթ հասցեավորման կարիք ունեցող հարցերից է: Այս առումով ուզում եմ հատուկ շեշտադրել նաև ջրի, կենսական նշանակության այլ ծառայությունների ու մի շարք հարցերի հետ կապված խնդիրները: Մենք, օրինակ, բազմաթիվ բողոքներ ենք ստացել ջրի որակի հետ կապված: Ուսումնասիրություն ենք իրականացրել, կարծում եմ՝ այստեղ կա խնդիր, որը պետք է հասցեավորել»,-ասաց ՄԻՊ-ը՝ հավելելով, որ ոլորտն ունի շատ լուրջ հասցեավորման և կատարելագործման անհրաժեշտություն:   Այնուամենայնիվ, Մանասյանը նշեց նաև, որ ժամանակի ընթացքում տարբեր խնդիրներ լուծումներ ստացել են: Օրինակ՝ նա մատնանշեց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում վերջին բարեփոխումները:  
16:52 - 29 հոկտեմբերի, 2024
«Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում արձանագրվել են խնդիրներ․ ՄԻՊ

«Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում արձանագրվել են խնդիրներ․ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հոկտեմբերի 14-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ): Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից։  Այցի ընթացքում ուսումնասիրվել են հաստատության բնակելի տարածքը, անիտարահիգիենիկ պայմանները և կոմունալ հարմարությունները, երեխաների խնամքի, բուժօգնության տրամադրման, սննդի կազմակերպման, աշխատակիցների, երեխաների իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովման ուղղությամբ ձեռնարկվող միջոցները, անհրաժեշտ փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը օրենսդրությամբ սահմանված պահանջներին ու կիրառելի չափանիշներին: Անցկացվել են առանձնազրույցներ երեխաների և աշխատակիցների հետ։ Արձանագրվել են խնդիրներ, որոնց մի մասը համակարգային են: Այսպես.  Ապահովված չէ առանձնացված պայմաններում երեխաների նեղ անձնական պահանջմունքները, կարիքները (անձնական հիգիենա) ինքնուրույն բավարարելու հնարավորություն: Օրինակ, զուգարանակոնքերը միմյանցից առանձնացված էին միայն միջնապատով, իսկ լոգախցիկները և զուգարանակոնքերը առանձնացված չէին: Երեխաներից մի քանիսի սրբիչները անհանատականացված չէին՝ բացակայում էին անունները կամ տարբերակիչ նշանները: Շենքային պայմանները հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։ Հաստատությունը ունի միայն մեկ տրանսպորտային միջոց, ինչի արդյունքում խնդիրներ են առաջանում հաստատության երեխաների փոխադրումները, այդ թվում՝ մշակութային միջոցառումներին մասնակցությունը կազմակերպելու հարցում: Արձանագրվել են պետության կողմից միգրացիայի համատեքստում ընտանիքից անջատված երեխայի իրավունքների, այդ թվում՝ կրթության իրավունքի ապահովման հետ կապված խնդիրներ։ Արձանագրվել են խնամատար ընտանիքում երեխաների խնամքը կազմակերպելու հետ կապված խնդիրներ: Արձանագրվել է Հաստատությունում գտնվող երեխաներից մեկի կրթության իրավունքի ապահովման հետ կապված խնդիր: Արձանագրվել են սննդի կազմակերպման հետ կապված խնդիրներ: Հաստատությունը չունի բուժքույր-դիետաբան, որևէ երեխայի համար չի մշակվում հատուկ սննդակարգ: Արձանագրվել է Հաստատության աշխատողների իրական կարիքների գնահատման հիման վրա շարունակական վերապատրաստումներ կազմակերպելու անհրաժեշտություն և այլն: Պաշտպանի ներկայացուցիչները վերոնշյալ խնիրները քննարկել են հաստատության տնօրինության հետ:  Խնդիրները կամփոփվեն, և դրանք արտացոլող փաստաթուղթը՝ արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ, կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին:
09:58 - 29 հոկտեմբերի, 2024
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Մոսկվայի օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր պահման կենտրոն և լսել բարձրացված խնդիրները

ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Մոսկվայի օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր պահման կենտրոն և լսել բարձրացված խնդիրները

2024 թվականի հոկտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի և Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչները համատեղ այց են իրականացրել Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության գլխավոր վարչության Մոսկվա քաղաքի օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր պահման կենտրոն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։ Այցի ընթացքում Օմբուդսմանների ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ տարածքում առանց թույլտվության բնակվող և ռեադմիսիայի սպասող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ: Առանձնազրույցների ընթացքում ՀՀ քաղաքացիները բարձրացրել են պատշաճ բժշկական օգնության, այդ թվում՝ դեղորայքի տրամադրման, անձնական հիգիենայի, մերձավոր ազգականներին միմյանցից անջատ պահելու հետ կապված և այլ հարցեր: Բարձրացված հարցերն Օմբուդսմանների ներկայացուցիչները տեղում քննարկել են Կենտրոնի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարողի հետ: Վերջինս վարչակազմի ներկայացուցիչներին հանձնարարել է անհապաղ միջոցներ ձեռնարկել արձանագրված խնդիրներին լուծում տալու ուղղությամբ: Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատում Օմբուդսմանական գործընկեր կազմակերպությունների հետ կառուցողական աշխատանքը՝ խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու տեսանկյունից:
18:09 - 26 հոկտեմբերի, 2024
ՀՀ ՄԻՊ-ի աջակցությամբ բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարանում վերականգնվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը

ՀՀ ՄԻՊ-ի աջակցությամբ բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարանում վերականգնվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հոկտեմբերի 25-ին տեղեկատվություն է ստացել առ այն, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի մարզադպրոցի շենքում ժամանակավորապես բնակություն հաստատած՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք մի քանի օր է մնացել են առանց էլեկտրաէներգիայի մատակարարման։  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ՝ անհապաղ կապ է հաստատվել շենքի բնակիչների և տեղական ինքնակառավարման մարմնի իրավասու ներկայացուցչի հետ:  «Բնակիչները նշել են, որ, ցուրտ եղանակային պայմաններով պայմանավորված, առանց էլեկտրաէներգիայի մատակարարման շենքում բնակվելը դարձել է անհնար: Խնդրին առավել մանրամասն ծանոթանալու նպատակով Պաշտպանի հանձնարարությամբ նույն օրը մշտադիտարկման այց է իրականացվել: Այցի ընթացքում բռնի տեղահանված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ուսումնասիրվել են նրանց պայմանները, կարիքների գնահատման, բժշկական օգնության և սպասարկման, սննդի, անձնական հիգիենայի պարագաների տրամադրման հետ կապված հարցերը։  Հատուկ ուշադրություն է դարձվել խոցելի խմբերի, այդ թվում` երեխաների, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման վիճակին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ բարձրացված հարցը ստացել է լուծում և էլեկտրաէներգիայի մատակարարումը սեղմ ժամկետում վերականգնվել է։  Նշվում է, որ Պաշտպանը կարևորում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ կառուցողական աշխատանքը՝ խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու տեսանկյունից, և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ամենօրյա ուշադրության ներքո։  
22:08 - 25 հոկտեմբերի, 2024
ՄԻՊ ներկայացուցիչները երկօրյա չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Նուբարաշեն» ՔԿՀ

ՄԻՊ ներկայացուցիչները երկօրյա չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Նուբարաշեն» ՔԿՀ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (կանխարգելման ազգային մեխանիզմ) ներկայացուցիչները՝ Պաշտպանի հանձնարարությամբ, 2024 թվականի հոկտեմբերին երկօրյա չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:   Պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին, նրանց իրավունքների ապահովման վիճակին, դրանց համապատասխանությանը սահմանված պահանջներին։ Ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ հացադուլ հայտարարած անձանց հետ, տեղի են ունեցել առանձնազրույցներ, ստուգվել են նաև բժշկական փաստաթղթերը:   Մշտադիտարկմանը ներգրավված են եղել իրավաբաններ, բժիշկներ և հոգեբան: Այցի ընթացքում ուսումնասիրության առարկա են դարձել նաև քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց սննդի, բժշկական օգնության և սպասարկման ապահովման վիճակը, քրեակատարողական ծառայողների հաստիքների համալրվածությունը և նրանց աշխատանքային պայմանները, ազատությունից զրկված անձանց՝ արտաքին աշխարհի հետ կապը, հոգեբանական աշխատանքներին և վերասոցիալականացմանն առնչվող հարցեր և այլն:   Արձանագրված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Նուրաբաշեն» ստորաբաժանման բժշկական անձնակազմի հետ։   Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։
18:20 - 25 հոկտեմբերի, 2024
Հայաստանի և Դանիայի ՄԻՊ հաստատությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Հայաստանի և Դանիայի ՄԻՊ հաստատությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Հոկտեմբերի 22-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Մարդու իրավունքների պաշտպանության դանիական հաստատությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Հուշագիրը ստորագրել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ու Մարդու իրավունքների պաշտպանության դանիական հաստատության տնօրեն Լուիս Հոլքը։ Ստորագրման միջոցառումը կազմակերպվել է Պաշտպանի հաստատության 20-ամյակին նվիրված «Օմբուդսմանական/ Մարդու իրավունքների ազգային հաստատությունները ճգնաժամային իրավիճակներում. Ճկունություն և մարտահրավերներ» խորագրով երկօրյա բարձր մակարդակի միջազգային համաժողովի շրջանակներում, որին մասնակցել են Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ՄԻՊ հաստատությունների և իրավահավասարության մարմինների ղեկավարներ և ներկայացուցիչներ ավելի քան 15 պետություններից։ Հուշագիրը համագործակցության ձևաչափ է, որը նպատակ ունի խթանել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Մարդու իրավունքների պաշտպանության դանիական հաստատության միջև հաղորդակցությունը, կարողությունների զարգացման համար փորձի փոխանակումը՝ բարելավելու համար հաստատությունների աշխատանքները մարդու իրավունքների խթանման ու պաշտպանության հարցում։ Հուշագրի ստորագրման առթիվ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շեշտադրել է, որ կարևորում է Մարդու իրավունքների պաշտպանության դանիական հաստատության հետ համագործակցությունն ու փորձի փոխանակումը, իսկ այս հուշագիրը թույլ կտա առավել մեծ թափով իրականացնել համատեղ ծրագրեր: Մարդու իրավունքների պաշտպանության դանիական հաստատության տնօրեն Լուիս Հոլքն իր հերթին ևս կարևորել է հուշագրի ստորագրումը, քանի որ հնարավորություն է ստեղծվում էլ ավելի զարգացնելու հայ-դանիական համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ Համագործակցության համար առաջնահերթություն ներկայացնող ոլորտները հստակեցվելու են աշխատանքային կարգով։ Հուշագրով նախատեսված միջոցառումների իրականացման և երկու հաստատությունների միջև հաղորդակցության ապահովման համար կողմերը իրենց հաստատություններից նշանակելու են պատասխանատու անձինք։
19:28 - 22 հոկտեմբերի, 2024
ՀՀ նախագահը կարևորեց ՄԻՊ-ի դերը Հայաստանում ժողովրդավարության զարգացման գործում |armenpress.am|

ՀՀ նախագահը կարևորեց ՄԻՊ-ի դերը Հայաստանում ժողովրդավարության զարգացման գործում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը Հայաստանում մարդու իրավունքների և օմբուդսմանական միակ ազգային հաստատությունն է, որի դերակատարությունը դժվար է գերագնահատել մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանության և խթանման գործում: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հիմնադրման 20-ամյակին նվիրված համաժողովին այս մասին ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նրա խոսքով՝ ժամանակակից աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության արդի մարտահրավերները պահանջում են բոլոր պետական կառույցների, իրավապաշտպան կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և իհարկե, միջազգային գործընկերների ջանքերի մեկտեղումը: Նա նշեց, որ վերջինիս արդյունքում պետությունը պարտավորվում է ստեղծել յուրաքանչյուրի իրավունքի և արժանապատվության պաշտպանությունը երաշխավորող մեխանիզմներ:«Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքները վերջին 20 տարիների ընթացքում մեծ նշանակություն են ունեցել մեր հասարակության և առավել ևս ժողովրդավարության զարգացման գործում և այստեղ էական դեր է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտը: Այս տեսանկյունից առանձնահատուկ կարևորում եմ նաև համաժողովի օրակարգում ընդգրկված թեմաները, որոնք լիովին արտացոլում են ներկայումս Հայաստանում մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերները»,-ասաց Խաչատուրյանը։ Նախագահը վստահ է, որ նման բարձր մակարդակով անցկացվող համաժողովում բազմակողմանի ուսումնասիրության կենթարկվեն առաջիկայում էլ մարդու և քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներն ու քայլերը, որոնք կոչված են լինելու Հայաստանում ժողովրդավարության շարունակական ամրապնդմանն ու կայացմանը:
14:16 - 21 հոկտեմբերի, 2024
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը բարձր է գնահատում ՀՀ ՄԻՊ-ի ձեռքբերումները հասարակության մեջ խտրականության դեմ պայքարի գործում |armenpress.am|

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը բարձր է գնահատում ՀՀ ՄԻՊ-ի ձեռքբերումները հասարակության մեջ խտրականության դեմ պայքարի գործում |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը հարգանքով և խորին գնահատանքով է վերաբերում հասարակության մեջ խտրականության դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ձեռքբերումներին։ Այս մասին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛ֆլահերթին հայտարարեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հիմնադրման 20-ամյակին նվիրված համաժողովին՝ առցանց ձևաչափով: Նա ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է ամրապնդել Մարդու իրավունքների պաշտպանի ֆորմալ օրենսդրական մանդատը։ Օ՛ֆլահերթին, ողջունելով Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 20 տարվա ձեռքբերումը,  իր խոսքում նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանը ճանաչվում է որպես չափազանց կարևոր աշխատանք, որի գործունեությունը հարգվում է ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում։ «2023 թվականին Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների նախկին հանձնակատար Դունյա Միյատովիչը այցելեց ձեր երկիր՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ շատ սերտ համագործակցության և գործընկերության համատեքստում: Եվ ես պատիվ ու հաճույք եմ ստացել արդեն այս տարվա հուլիսին հանդիպելու Անահիտ Մանասյայի հետ», - նշեց Օ՛ֆլահերթին՝ հավելելով, որ Մարդու իրավունքների ազգային ինստիտուտն առանցքային է ցանկացած պետության մարդու իրավունքների ազգային ճարտարապետության մեջ: Նրա դիտարկմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը գտնվում է պետության և հասարակության միջև, և երբ այն աշխատում է լավագույն ձևով՝ ապահովում է ցանկացած երկրի քաղաքացու կյանքի համար մի շարք կարևոր հանգամանքներ։ «Ամենից առաջ այն հանդիսանում է մարդու իրավունքների անկախ պաշտպան: Ե՛վ անկախ լինելու, և՛ մարդու իրավունքների պաշտպան լինելու համատեքստում այն փորձագիտական ​​կենտրոն է, մարդու իրավունքների փորձաքննության ազգային կենտրոն: Դա մարդու իրավունքների հարգման խիզախ ջատագով է», - ասաց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը:  Նրա կարծիքով՝ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հաջողությունների բանալին կիրառելի չափանիշների հարգումն է։ Մայքլ Օ՛ֆլահերթիի դիտարկմամբ՝ այդ ստանդարտը մարդու իրավունքների ազգային մարմնի համար, ինչպիսին Մարդու իրավունքների պաշտպանն է, Միավորված ազգերի կազմակերպության Փարիզի 1993 թվականի սկզբունքներն են. առաջինը հաստատության անկախության երաշխավորման կարևորությունն է.  երկրորդն ինքնավարության և Մարմնի անաչառության պաշտպանության կարևորությունն է,  երրորդն, անկասկած, այն է, որ կառույցը պետք է համապատասխան ռեսուրսներ ունենա իր աշխատանքը կատարելու համար: Որպեսզի այս մարմինը լավ գործի՝ պետք է դա անի անվտանգ գործառնական միջավայրում:  Եզրափակելով իր միտքը՝ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը ՀՀ ՄԻՊ-ին հղեց հետևյալ երեք մաղթանքները․ «Առաջինն այն է, որ Մարդու իրավունքների պաշտպանը և Ձեր պետությունը (խմբ. Հայաստանի Հանրապետությունը) շարունակեն ամրապնդել Մարդու իրավունքների պաշտպանի ֆորմալ օրենսդրական մանդատը։ Օրինակ՝ նպաստել մարդու իրավունքների պայմանագրերի վավերացմանը, բայց նաև երաշխավորել Օմբուդսմենի ընտրական գործընթացը։ Ես հասկանում եմ, որ լավ է ընթանում, բայց արժեքավոր է օրենքում ներառել ընտրական գործընթացի հստակ, թափանցիկ և մասնակցային լինելու երաշխիքները: Երկրորդ մաղթանքս այն է, որ հասարակության մեջ խտրականության դեմ պայքարի ուղղությամբ Մարդու իրավունքների պաշտպանի ջանքերի շարունակական ուժեղացում լինի։ Ես խորին գնահատանքով և հարգանքով եմ ընդունում այն, ինչ արդեն իսկ ձեռք է բերվել այս առումով, բայց մենք միշտ կարող ենք ավելի հեռուն գնալ: Հիշե′ք, պետք է պաշտպանել մեր հասարակությունում ուշադրությունից դուրս գտնվող, լքված մարդկանց իրավունքները: Եվ երրորդ ցանկությունս է, որ հաստատության նկատմամբ մշտապես ուժեղանա հարգանքը, գնահատվի նրա կարևոր դերը հասարակության համար, և այնուհետև նման հարգանքի արդյունքում ապահովվի նրան ամեն հնարավոր աջակցություն»։ 
13:56 - 21 հոկտեմբերի, 2024
Անահիտ Մանասյանը հանրային իշխանության առանձին մարմինների կողմից ՄԻՊ որոշումները պատշաճ իրացնելու խնդիր է տեսնում |armenpress.am|

Անահիտ Մանասյանը հանրային իշխանության առանձին մարմինների կողմից ՄԻՊ որոշումները պատշաճ իրացնելու խնդիր է տեսնում |armenpress.am|

armenpress.am: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խոսեց կառույցի առջև ծառացած մարտահրավերներից։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հիմնադրման 20-ամյակին նվիրված համաժողովին Մանասյանն ասաց, որ խնդիրները հաճախ է ներկայացրել նաև հրապարակային եղանակով և ակնկալում է դրանց պատշաճ և շուտափույթ հասցեավորումը բոլոր դերակատարների կողմից։ «Առկա են մարտահրավերներ տարբեր քաղաքական և հանրային գործիչների կողմից Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը հարգելու, վերջինիսի գործունեությանը միջամտելու և լիազորությունների իրականացումը խոչընդոտելու փորձերը բացառելու, ինչպես նաև հանրային իշխանության առանձին մարմինների կողմից Մարդու իրավունքների պաշտպանի որոշումները, վերաբերելի փաստաթղթերում արտահայտված դիրքորոշումները պատշաճ մեթոդաբանությամբ իրացնելու տեսանկյունից»,- ընդգծեց Պաշտպանը։ ՄԻՊ-ը հատուկ արձանագրեց, որ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը ևս շարունակաբար կատարելագործում է իր գործունեությունն ու աշխատանքի մեթոդաբանությունը։ «Մշակվել են նոր գործիքակազմեր մեր գործունեության ապաքաղաքական բնույթը երաշխավորելու նպատակով։ Օրինակ՝ ամբողջությամբ վերափոխվել է նախընտրական քարոզչության ժամանակահատվածում աշխատանքի մեթոդաբանությունն ու գործիքները, կոնֆլիկտների ժամանակահատվածում ՄԻՊ գործունեության ձևաչափը և մի շարք այլ փոփոխություններ, որոնք կատարվել են նկատի ունենալով նաև միջազգային գործընկերների կողմից ներկայացրած դիտարկումները։ Այս առումով հատուկ ընդգծեմ իրավահավասարության և հակախտրականության ոլորտում ՄԻՊ-ի կողմից իրականացվող աշխատանքները, որոնք ամբողջությամբ վերափոխվել են և դարձել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության կարևորագույն առաջնահերթություններից մեկը»,-ասաց Անահիտ Մանասյանը։
13:31 - 21 հոկտեմբերի, 2024
Ըստ տարբեր հեղինակավոր կառույցների գնահատականների՝ ՀՀ-ում ՄԻՊ ոլորտն այժմ բավականին բարձր մակարդակի վրա է. Ալեն Սիմոնյան

Ըստ տարբեր հեղինակավոր կառույցների գնահատականների՝ ՀՀ-ում ՄԻՊ ոլորտն այժմ բավականին բարձր մակարդակի վրա է. Ալեն Սիմոնյան

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջազգային համաժողովում․ «Ինձ համար մեծ պատիվ է ներկա գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի կայացման 20-րդ տարեդարձին: ՄԻՊ ինստիտուտի ներդրմամբ, որը տեղի ունեցավ 20 տարի առաջ, տեսական առումով կարեւոր ու ժողովրդավարական ձեռքբերում ունեցանք, սակայն, ինչպես բոլորիս է հայտնի, այս ինստիտուտը, ցավոք, երկար տարիներ չի ծավալել այն գործունեությունը, որի համար նախատեսված է եղել օրենքով: Այժմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակը լիովին անկախ կառույց է, ինչի մասին են խոսում տարբեր միջազգային հեղինակավոր կառույցներն ու նրանց կողմից հրապարակված զեկույցները: Ըստ տարբեր հեղինակավոր կառույցների գնահատականների՝ Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտն այժմ գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա, սակայն մենք չպետք է սահմանափակվենք ձեռքբերված հաջողություններով ու պետք է անենք հնարավորը, որ Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանությունը լինի ավելի բարձր ու պատշաճ մակարդակում: Իհարկե, այս հարցում մեծ է նաեւ իրավապահ մարմինների դերն ու գործոնը, բայց, եթե նույնիսկ ինչ-ինչ պատճառներով, քաղաքացիներն այս կամ այն հարցում դժգոհություններ ունենան վերջիններիս գործողություններից, նրանք պետք է համոզված լինեն, որ հանձին ՄԻՊ-ի կա իրենց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույց ու որ, ի վերջո, իրենց ոտնահարված իրավունքները վերականգնվելու են: Մեր իշխանությունն ակնկալում է Մարդու իրավունքների պաշտպանի կառույցի օժանդակությունը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում ապրող յուրաքանչյուր ոք սեփական օրինակով համոզված լինի մարդու՝ բարձրագույն արժեք լինելու սահմանադրական դրույթի կենսունակության ու իրական լինելու մեջ: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հարգելի՛ աշխատակիցներ, կրկին շնորհավորում եմ ձեզ այս կարեւոր օրվա կապակցությամբ ու ցանկանում հաջողություններ ձեր պատասխանատու ու հանրության համար կարեւոր առաքելության մեջ: Շնորհակալություն»:
13:18 - 21 հոկտեմբերի, 2024
ՄԻՊ-ը վստահեցնում է, որ իշխանությունների կողմից իր գործունեությանը միջամտելու փորձեր չեն եղել |armenpress.am|

ՄԻՊ-ը վստահեցնում է, որ իշխանությունների կողմից իր գործունեությանը միջամտելու փորձեր չեն եղել |armenpress.am|

armenpress.am: Կազմավորվելով 20 տարի առաջ՝ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն անցել է բավականին երկար և մարտահրավերներով լի ճանապարհ։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հիմնադրման 20-ամյակին նվիրված համաժողովին այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ «Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը կայացած ինստիտուտ է, որի կայուն ավանդույթների ձևավորման գործում իրենց ավանդն են ներդրել Մարդու իրավունքների բոլոր պաշտպաններն ու 20-ամյա ինստիտուտի բոլոր ժամանակների աշխատակազմերի ներկայացուցիչները»,- ասաց նա։ Մանասյանը հատուկ անդրադարձ կատարեց ՄԻՊ-ի անկախությանը, ինչն, ըստ նրա, պայմանավորված է ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի կողմից անկախության և ապաքաղաքականության սկզբունքները պահպանելով, այնպես էլ հանրային իշխանության մարմինների և այլ դերակատարների կողմից ՄԻՊ անկախությունը հարգելու հանգամանքով և վերջինիս գործունեության միջամտությունները բացառելով։   «Պետական մարմինների գործունեության առնչությամբ իմ ելույթները սովորաբար քննադատական են՝ նկատի ունենալով իմ հաստատության մանդատի առանձնահատկությունները, բայց այսօրվա ելույթս կցանկանամ կառուցել շնորհակալական խոսքի վրա՝ արձանագրելով, որ իմ գործունեության շրջանակներում չի եղել որևէ իրավիճակ, երբ միջամտության փորձերի հետ առերեսվենք օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների պաշտոնատար անձանց կողմից։  Ընդ որում, եղել են իրավիճակներ, երբ ունեցել ենք միմյանց ամբողջապես հակասող մոտեցումներ, դիրքորոշումներ։ Եվ իմ դիրքորոշումներն ազատ արտահայտելու, հրապարակային ներկայացնելու խոչընդոտներ չեմ ունեցել նույնիսկ ամենազգայուն իրավիճակներում»,- ընդգծեց Մանասյանը՝ նշելով, որ այս հանգամանքն իրավական պետության կայացման տեսանկյունից չափազանց կարևոր ձեռքբերում է։   Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 20-ամյակի առթիվ ընթանում է «Օմբուդսմանական/ Մարդու իրավունքների ազգային հաստատությունները ճգնաժամային իրավիճակներում. Ճկունություն և մարտահրավերներ» խորագրով երկօրյա բարձր մակարդակի միջազգային համաժողովը։ Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից` Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ, իրականացվում է Եվրոպայի խորհրդի Համագործակցության ծրագրերի բաժնի «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում», Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրերի հետ համագործակցությամբ՝ Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։
12:42 - 21 հոկտեմբերի, 2024
ՀՀ կառավարության համար ՄԻՊ ինստիտուտի անկախությունը չափազանց կարևոր է․ վարչապետ

ՀՀ կառավարության համար ՄԻՊ ինստիտուտի անկախությունը չափազանց կարևոր է․ վարչապետ

Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը շատ բարդ կոորդինատներ ունի, որովհետև թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, թե՛ հանրությունը տարբեր պատկերացումներ ունի ՄԻՊ-ի գործունեության վերաբերյալ։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հիմնադրման 20-ամյակին նվիրված համաժողովին այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը  նախ շնորհավորեց բոլորին Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 20-ամյակի կապակցությամբ՝ կարևորելով ինստիտուտի գործունեությունը և նրա անկախությունը։ «Ընդգծեմ նաև, որ շատ բարդ կոորդինատներ ունի ինստիտուտը, որովհետև սովորաբար ընդդիմությունն ունի Մարդու իրավունքների պաշտպանի մասին իր պատկերացումները,  որոնք ունեն յուրահատկություններ և առանձնահատկություններ, իշխանությունն՝ իր պատկերացումները, որոնք նույնպես ունեն յուրահատկություններ և առանձնահատկություններ։ Հանրությունն իր հերթին ունի Մարդու իրավունքների պաշտպանի մասին իր պատկերացումները, որոնք ունեն յուրահատկություններ և առանձնահատկություններ։ Ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության համար Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի անկախությունը չափազանց կարևոր է»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետն արձանագրեց, որ ժողովրդավարությամբ առաջնորդվող կառավարության համար այդ ինստիտուտի անկախությունը չի կարող կարևոր չլինել մի պարզ պատճառով, որովհետև երբեմն իշխանությունն աշխատանքի ընթացքում կարող է շատ նրբություններ չնկատել, կարևորություն չտալ։ «Իշխանությունը երբեմն իր գործունեության արդյունքների և հետևանքների մասին այլ անկախ աղբյուրներից ազդակներ ստանալու անհրաժեշտություն ունի, մանավանդ այն պարագայում, երբ խոսքը գնում է մարդու իրավունքների, ազատությունների և օրինականության մասին․ հարցեր, որոնք մեր կառավարության առաջնային օրակարգի տիրույթում են,  Հարցեր, որոնք առաջ բերելով, մենք հաղթել են ընտրություններում երկու անգամ։ Հետևաբար, շատ կարևոր է, թե ինչպես են տեղի ունենում այդ պարտավորությունների և բարեփոխումների ընթացքը»,-նշեց Փաշինյանը։  Այս առումով վարչապետը կարևորեց Հայաստանում իրավունքի և արդարության ստանդարտ ունենալը։ «Իրավունքի և արդարության ստանդարտը շատ կարևոր մի գործիք է, որը դեռևս չի հաջողվել իրականություն դարձնել։ Կարծում եմ՝ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի անկախությունն այն կարևոր խաչմերուկներից է, որտեղ այս պրոցեսը պետք է տեղի ունենա, որտեղ, ի վերջո, իրավունքի ստանդարտ պետք է ունենանք, որպեսզի այդ թվում  օրինականությունը չօգտագործվի մարդկանց իրավունքներից զրկելու համար»,- եզրափակեց Փաշինյանը։ Համաժողովին ելույթ ունեցան նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթին, որից հետո ցուցադրվեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հիմնադրման 20-ամյակին նվիրված տեսանյութ։ «Օմբուդսմանական և Մարդու իրավունքների ազգային հաստատությունները ճգնաժամային իրավիճակներում․ դիմակայունություն և մարտահրավերներ» թեմայով  համաժողովի նպատակն է հարթակ հանդիսանալ՝ անդրադառնալու մարդու իրավունքների ազգային հաստատությունների մանդատին և դերին ճգնաժամային իրավիճակներում։  Համաժողովի ընթացքում ընդգծվեց  մարդու իրավունքների ազգային և օմբուդսմանական հաստատությունների կարևոր դերը մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանության և խթանման գործում, ինչպես նաև նրանց ինստիտուցիոնալ անկախության և անաչառության ապահովման կարևորությունը։ Համաժողովը նաև ամփոփեց Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության 20 տարիների առանցքային ձեռքբերումները։ 
12:20 - 21 հոկտեմբերի, 2024
Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը 20 տարեկան է․ մեկնարկել է միջազգային բարձրաստիճան համաժողովը

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը 20 տարեկան է․ մեկնարկել է միջազգային բարձրաստիճան համաժողովը

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 20-ամյակի առթիվ մեկնարկել է «Օմբուդսմանական/ Մարդու իրավունքների ազգային հաստատությունները ճգնաժամային իրավիճակներում. Ճկունություն և մարտահրավերներ» խորագրով երկօրյա բարձր մակարդակի միջազգային համաժողովը։ Հոկտեմբերի 21-22-ն անցկացվող միջոցառմանը մասնակցում են Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ՄԻՊ հաստատությունների և իրավահավասարության մարմինների ղեկավարներ և ներկայացուցիչներ ավելի քան 15 պետություններից։ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար պարոն Մայքլ Օ՛Ֆլահերթին բարձր մակարդակի միջազգային համաժողովին առցանց ձևաչափով հանդես է գալու հիմնական ելույթով։ Միջոցառմանը հյուրընկալվել են նաև Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի նախագահը, անդամները և գլխավոր քարտուղարը, ինչպես նաև Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի ներկայացուցիչը: Հոկտեմբերի 21-ին՝ միջոցառման առաջին օրը, ողջույնի ուղերձ է հղելու ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Բացման խոսքով են հանդես գալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Ընթերցվելու է նաև ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի բացման խոսքը։ Համաժողովին մասնակցում են նաև Հայաստանի պետական մարմինների, քաղաքացիական հասարակության, դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Եվրոպական առաջատար մարդու իրավունքների ինստիտուտների և մարմինների փորձագետներ: Բարձր մակարդակի այս համաժողովը նվիրված է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հիմնադրման 20-ամյակին՝ որպես երկրում մարդու իրավունքների և օմբուդսմանական միակ ազգային հաստատություն։ Միջոցառումն ընդգծում է մարդու իրավունքների ազգային և Օմբուդսմանական հաստատությունների կարևոր դերը մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանության և խթանման գործում, ինչպես նաև նրանց ինստիտուցիոնալ անկախության և անաչառության ապահովման կարևորությունը: Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից` Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ, իրականացվում է Եվրոպայի խորհրդի Համագործակցության ծրագրերի բաժնի «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում», Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրերի հետ համագործակցությամբ՝ Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։
11:19 - 21 հոկտեմբերի, 2024