Մասիս Մայիլյան

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար, դիվանագիտական աստիճանը՝ արտակարգ եւ լիազոր դեսպան։ Ծնվել է 1967թ. սեպտեմբերի 14-ին։ 1991 թ. ավարտել է Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտի (այժմ՝ Արցախի պետական համալսարան) ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը։ 1991-1992 թթ. ուսանել է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրայում՝ սոցիալական հոգեբանություն մասնագիտությամբ։ 1998 թ. ավարտել է Վիեննայի դիվանագիտական ակադեմիան։

1992-1993 թթ. ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեին առընթեր Տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի տեղեկատվական քաղաքականության բաժնի առաջատար, այնուհետեւ` գլխավոր մասնագետ։ 1993-2001 թթ. ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ միջազգային կազմակերպությունների բաժնի վարիչ, միջազգային կազմակերպությունների վարչության պետ, նախարարի խորհրդական – քաղաքական վարչության պետ։ 2001-2007 թթ. ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ: 2008 թ․ հիմնադրել եւ մինչեւ 2017 թ. ղեկավարել է Արցախի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով հանրային խորհուրդը։ 2016-2017 թթ. Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան:

1993-1997 թթ․ ԼՂՀ պաշտոնական պատվիրակության կազմում մասնակցել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ԵԱՀԿ, Ռուսաստանի ԱԳՆ եւ Պաշտպանության նախարարության միջնորդությամբ ընթացող բանակցություններին։ 2004-2007 թթ․ մասնակցել է ԼՂՀ Անվտանգության խորհրդի Տեղեկատվական անվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին։ 2017թ. սեպտեմբերի 25-ի Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ արտաքին գործերի նախարար:

Ահաբեկչությանը հակազդելը ողջ միջազգային հանրության ընդհանուր պայքարն ու պատասխանատվությունն է․ ԱՀ ԱԳՆ

Ահաբեկչությանը հակազդելը ողջ միջազգային հանրության ընդհանուր պայքարն ու պատասխանատվությունն է․ ԱՀ ԱԳՆ

Վճռականորեն դատապարտում ենք վերջերս իրականացված ահաբեկչական ակտերը, մասնավորապես, Ֆրանսիայում և Ավստրիայում, որոնց արդյունքում անմեղ մարդիկ են տուժել: Ցավակցում եմ բռնության այդ հրեշավոր ակտերի զոհերի հարազատներին և համերաշխություն հայտնում Ֆրանսիայի և Ավստրիայի ժողովուրդներին: Ահաբեկչական մեթոդներն իրենց բոլոր ձևերով և դրսևորումներով սպառնում են ողջ միջազգային հանրությանը և ոչ մի արդարացում չունեն: Արցախի Հանրապետությունը, որը վաղուց է բախվել ադրբեջանական պետական ահաբեկչությանը, ներկայումս արդեն ավելի քան մեկ ամիս գտնվում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում, որը Թուրքիան և Ադրբեջանն օգտագործում են որպես իրենց աշխարհաքաղաքական հավակնությունների և ռազմական խնդիրների իրականացման գործիք: Այսօր Արցախի Հանրապետությունը, կանգնած լինելով գոյաբանական սպառնալիքի առջև, պաշտպանում է ոչ միայն իր ազատության և արժանապատիվ կյանքի իրավունքը, այլև քաղաքակիրթ աշխարհի ընդհանուր արժեքները: Ահաբեկչությանը հակազդելը ողջ միջազգային հանրության ընդհանուր պայքարն ու պատասխանատվությունն է: Անհնար է վերջնական հաղթանակ տանել այդ համաշխարհային չարիքի հանդեպ, եթե այդ հաղթանակը չլինի միասնական և անբաժանելի բոլորի համար: Հենց այդ պատճառով է Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը 2020 թ. հոկտեմբերի 6-ին քաղաքակիրթ աշխարհին կոչ արել ակտիվ մասնակցություն ունենալ ահաբեկչության դեմ պայքարում և ստեղծել գործուն ու արդյունավետ միջազգային հակահաբեկչական դաշինք: Վստահ եմ, որ անհրաժեշտ է գործուն քայլեր իրականացնել՝ ուղղված ահաբեկչության բոլոր ձևերի կանխարգելմանը, խափանմանը և ոչնչացմանը, ներառյալ՝ այն ձևերը, որոնցում ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցում են պետությունները: Այդ ուղղությամբ միջազգային համագործակցությունը պետք է դառնա միջազգային խաղաղության և անվտանգության պահպանմանն ուղղված միջոցառումների համակարգի կարևորագույն տարրերից մեկը:
22:01 - 03 նոյեմբերի, 2020
Մասիս Մայիլյանը «Մեկ ազատ աշխարհ» միջազգային իրավապաշտպան կազմակերպության ղեկավարին ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը

Մասիս Մայիլյանը «Մեկ ազատ աշխարհ» միջազգային իրավապաշտպան կազմակերպության ղեկավարին ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը

Նոյեմբերի 2-ին հանդիպել եմ «Մեկ ազատ աշխարհ» (“One Free World”) միջազգային իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մաջեդ Էլ Շաֆիի և Իսլանդիայի խորհրդարանի անդամ, Կենտրոնական կուսակցության անդամ Բիրգիր Թորարինսոնի հետ: Այս մասին գրառում է կատարել Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը: «Հանդիպման ընթացքում հյուրերին ներկայացրել եմ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ Արցախի դեմ ագրեսիան շարունակվում է սեպտեմբերի 27-ից Թուրքիայի և նրա կողմից Մերձավոր Արևելքից հակամարտության գոտի տեղափոխված միջազգային ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ: Ընդգծել եմ, որ ներկայիս զինված հարձակումը վերջին 30 տարիների ընթացքում Արցախի Հանրապետության դեմ թվով երրորդ ագրեսիայի ակտն է, որը Արցախի խաղաղ բնակչության բնաջնջմանն ուղղված Ադրբեջանի պետական քաղաքականության մի մասն է կազմում: Ընդգծել եմ նաև, որ Ադրբեջանի զինված ուժերը դիմում են պատերազմի վարման արգելված մեթոդների և միջոցների. նրանք դիտավորյալ սպանում են ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական բնակիչներին, կիրառում են արգելված զինատեսակներ, այդ թվում՝ կասետային և ֆոսֆորային զինամթերք, և կանխամտածված հարձակում են գործում Արցախի խաղաղ բնակիչների և քաղաքացիական օբյեկտների վրա: Իմ խոսքում նաև նշել եմ, որ 1991-1994թթ. և 2016թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի ընթացքում ադրբեջանական զինված ուժերը նույնպես դիմել են պատերազմի վարման նման մեթոդների: Ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված հանցագործությունների անպատժելիությունը հանգեցրել է դրանց ծավալների և դաժանության աստիճանի աճին, քանի որ ադրբեջանական կողմի մոտ այն համոզմունքն է առաջացրել, որ նրան հետագայում ևս կհաջողվի խուսափել իրագործված բռնության ակտերի համար պատասխանատվությունից: Կարևոր եմ համարել շեշտել, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի կոլեկտիվ և անհատական իրավունքների համակարգված և լայնամասշտաբ խախտումները և ռազմական հանցագործությունները ոչ այլ ինչ են, քան Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ իրագործված մարդկության դեմ հանցագործություն: Այս կապակցությամբ, ընդգծել եմ, որ ստեղծված իրավիճակից ամենաօպտիմալ և արդյունավետ ելքը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է, ինչը՝ Ադրբեջանի և նրա ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կոլեկտիվ և անհատական պատժամիջոցների հետ զուգորդմամբ, կցուցադրի միջազգային հանրության վճռականությունը՝ թույլ չտալու մարդկության դեմ հանցագործությունների իրագործումը»,-նշել է նա:
21:11 - 02 նոյեմբերի, 2020
Արցախի դեմ Բաքվի ագրեսիան լուրջ սպառնալիք է Եվրոպայի համար. Բելգիայի պատգամավորը՝ ԱՀ ԱԳ նախարարին

Արցախի դեմ Բաքվի ագրեսիան լուրջ սպառնալիք է Եվրոպայի համար. Բելգիայի պատգամավորը՝ ԱՀ ԱԳ նախարարին

Հոկտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Բելգիայի Դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ժորժ Դալմանին: ԱԳՆ ղեկավարը ողջունել է բելգիացի խորհրդարանականին և բարձր գնահատել նրա համարձակ քայլը՝ ծանր պահին Արցախի ու նրա ժողովրդի կողքին գտնվելու և Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալու համար։Մասիս Մայիլյանը կարևորել է Ժորժ Դալմանի երկարամյա գործունեությունը՝ ուղղված Բելգիայի խորհրդարանում Արցախի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, նրա շահերի պաշտպանությանն ու առաջմղմանը։ Այս համատեքստում ԱԳՆ ղեկավարը շնորհակալություն է հայտնել բելգիացի խորհրդարանականին, մասնավորապես՝ Բելգիայի Դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների ռազմական ագրեսիան և դրան ուղեկցող պատերազմական հանցագործությունները դատապարտող, ինչպես նաև Արցախի ժողովրդին մարդասիրական աջակցության անհրաժեշտությունն ընդգծող բանաձևը հեղինակելու համար։Իր խոսքում, Ժորժ Դալմանը նշել է, որ հերթական՝ երրորդ անգամ Արցախ այցելության նպատակն է տեղում ծանոթանալ իրավիճակին, կիսել այն դժվարությունները, որոնք Արցախի ժողովուրդը ստիպված է հաղթահարել և հետագայում՝ եվրոպական տարբեր հարթակներում ներկայացնել Արցախի վերաբերյալ ճշգրիտ պատկերը։ Նա ընդգծել է, որ Արցախի դեմ ռազմական ագրեսիան և մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումները լուրջ սպառնալիք են ոչ միայն Արցախի, այլև ողջ Եվրոպայի անվտանգության համար։ Ժորժ Դալմանի խնդրանքով Մասիս Մայիլյանը հանգամանալից ներկայացրել է սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի հանգամանքներն ու հետևանքները։ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է բնակավայրերի, քաղաքացիական ենթակառուցվածքների և հիվանդանոցների վրա կանխամտածված հարձակումների արդյունքում Արցախում ստեղծված մարդասիրական ծանր վիճակը, ինչի հետևանքով հանրապետության բնակչության շուրջ 60 տոկոսը ստիպված են եղել լքել իրենց մշտական բնակության վայրերը։ Այս համատեքստում Մասիս Մայիլյանը կարևորել է մասնագիտացված միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներգրավման անհրաժեշտությունը՝ ճգնաժամը հաղթահարելու համար։ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է, որպեսզի միջազգային հանրությունը գործնական քայլեր ձեռնարկի՝ կասեցնելու Արցախի դեմ ագրեսիան, նվազեցնելու հակամարտության գոտում լարվածությունը և պայմաններ ստեղծելու՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Այս համատեքստում, որպես առավել արդյունավետ միջոց, Մասիս Մայիլյանը շեշտել է Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը, ինչը հստակ ազդանշան կդառնա Ադրբեջանին՝ Արցախը զավթելու նպատակով ուժի կիրառման և մարդկության դեմ հանցագործությունների և այլ միջազգային հակաիրավական արարքների իրագործման անթույլատրելիության մասին։ Ժորժ Դալմանը շնորհակալություն հայտնեց իրադրությունը հանգամանալից ներկայացնելու համար՝ վստահեցնելով, որ կշարունակի իր հետևողական ջանքերը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին ճշգրիտ տեղեկատվությունը Եվրոպայում ներկայացնելու, ինչը հիմք կստեղծի գործնական քայլեր ձեռնարկել՝ նպաստելու Արցախում բռնության դադարեցմանն ու ստեղծված մարդասիրական դժվարին իրավիճակի լուծմանը և տարածաշրջանում կայունության հաստատմանը։
23:20 - 30 հոկտեմբերի, 2020
ԱՀ ԱԳ նախարաը շնորհակալական նամակ է հղել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի պատգամավոր Հյու ՄքԴերմոթին՝ երախտագիտություն հայտնելով Արցախին սատարող բանաձևի ընդունման համար

ԱՀ ԱԳ նախարաը շնորհակալական նամակ է հղել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի պատգամավոր Հյու ՄքԴերմոթին՝ երախտագիտություն հայտնելով Արցախին սատարող բանաձևի ընդունման համար

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը շնորհակալական նամակ է հղել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի պատգամավոր Հյու ՄքԴերմոթին՝ երախտագիտություն հայտնելով նահանգի խորհրդարանում Արցախին սատարող բանաձևի ընդունման գործում ունեցած մեծ ներդրման համար։ Նամակում, մասնավորապես, նշված է, որ Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը ոտքի է կանգնել հանուն ժողովրդավարության, հանուն մարդու իրավունքների և Արցախի բնիկ հայ բնակչության՝ իրենց ապագան որոշելու անքակտելի իրավունքի պաշտպանության՝ աներկբա կերպով հայտարարելով, որ թույլ չի տա, որ չարը հաղթի: Մասիս Մայիլյանը Արցախի իշխանությունների և ժողովրդի անունից խորին երախտագիտություն է հայտնել արցախցիների խաղաղ ապրելու ձգտումներին հաստատուն աջակցության համար՝ օրենքի գերակայության և մարդու իրավունքների վրա հիմնված ժողովրդավարական երկիր կառուցելու ճանապարհին: 
16:02 - 25 հոկտեմբերի, 2020
ՀՀ և ԱՀ ԱԳ նախարարներն ու ՄԻ պաշտպանները հանդիպել են Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ

ՀՀ և ԱՀ ԱԳ նախարարներն ու ՄԻ պաշտպանները հանդիպել են Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ

Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի, Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպաններ Արման Թաթոյանի և Արտակ Բեգլարյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ, որի նպատակն էր հանգամանալից ներկայացնել Լեռնային Ղարաբաղի համակարտության գոտում իրադրությունը և Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի հումանիտար հետևանքները:  Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հանդիպման մասնակիցներին համապարփակ զեկույց ներկայացրեց ադրբեջանական զինված ուժերի կողմից միտումնավոր  թիրախավորման հետևանքով Արցախի խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքներին պատճառված վնասների մասին։ Արտակ Բեգլարյանը նշեց, որ քաղաքացիական բնակավայրերի հրթիռակոծումն իրականացվում է միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակներով՝ նպատակ հետապնդելով ահաբեկման և ֆիզիկական բնաջնջման ենթարկել խաղաղ բնակչությանը՝ այդ կերպ անտեսելով խաղաղ բնակչության պաշտպանությանը միտված միջազգային իրավունքի բոլոր հիմնարար նորմերը։ Արտակ Բեգլարյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց նաև ռազմական գործողությունների պայմաններում Արցախի Հանրապետության տարածքում ստեղծված համաճարակային իրավիճակի վրա և ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունների անընդմեջ խախտումները և ռազմական գործողությունների շարունակականությունը կարող են հանգեցնել Արցախի տարածքում համաճարակային աղետի: Պաշտպանը ներկաներին իրազեկեց նաև Ադրբեջանի կողմից իր իսկ հսկողության ներքո հայտնված ռազմագերիների և քաղաքացիական բնակչության նկատմամբ ծայրահեղ դաժանությամբ աչքի ընկնող վերաբերմունքի, սպանությունների և դիակապտության դեպքերի վերաբերյալ՝ նշելով, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված այդ անմարդկային գործողությունների դրվագներ պարունակող տեսանյութերը սոցիալական մեդիայի հարթակներում համատարած դրական արձագանք են ստանում ադրբեջանական հասարակության շրջանում։ Իր զեկույցում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրեց ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունները, որոնց թիրախն են քաղաքացիական բնակչությունը և ռազմական նշանակություն չունեցող ենթակառուցվածքները, ինչի հետևանքով ՀՀ բնակչության շրջանում արձանագրվել են զոհեր և վիրավորներ, ինչպես նաև լուրջ նյութական վնաս է հասցվել բնակելի ֆոնդին և սոցիալական նշանակության հաստատություններին:      Արման Թաթոյանն անդրադարձավ նաև իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողների թիրախավորմանը, որը կրում է միտումնավոր և հետևողական բնույթ։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդգծեց, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները ռազմական գործողությունների կետերում կատարում են իրավապաշտպան՝ իրականությունը ներկայացնելու ֆունկցիա, և այդ գործառույթներին խոչընդոտելու և Արցախում պատերազմի արդար լուաբանումը լռեցնելու նպատակով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը բացահայտ սպառնալիքներից և իրավական մտացածին արգելքներ հարուցելուց զատ անցել է լրագրողներին ուղղակի թիրախավորելուն և կյանքին ու անվտանգությանը սպառնալիքներ ստեղծելու գործելակերպին: Արման Թաթոյանն այս գործելաոճը որակեց որպես  հանցանք խոսքի ազատության դեմ և միջազգային իրավունքի կոպիտ խախտում:              Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանն իր խոսքում ներկայացրեց Արցախի կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը՝ ուղղված քաղաքացիական բնակչության վրա ռազմական ագրեսիայի հետևանքները մեղմելուն, մասնավորապես խաղաղ բնակչության պաշտպանության, ժամանակավոր տեղահանվածներին ապաստան տրամադրելու և առաջին անհրաժեշտության կարիքները հոգալու հետ կապված: Նա ընդգծեց, որ Արցախում ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար անհրաժեշտ է միջազգային հանրության և մասնավորապես՝ մարդասիրական մասնագիտացված կառույցների ուղղակի ներգրավվումը: Մասիս Մայիլյանը շեշտեց, որ Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից գերժամանակակից զինատեսակների օգտագործմամբ և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների մասնակցությամբ իրականացվող ռազմական ագրեսիան, որը զուգակցվում է միջազգային իրավունքի և մարտական գործողություններ վարելու ընդունված նորմերի կոպտագույն խախտումներով, Արցախի խաղաղ բնակչության ֆիզիկական անվտանգությանն ուղղված լրջագույն սպառնալիք է, ինչին հակազդելու համար միակ գործուն միջոց կարող է լինել Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման՝ անկախության ճանաչումը միջազգային հանրության կողմից:     Ամփոփելով հանդիպումը՝ նախարար Մնացականյանը նշեց, որ նախապես ծրագրավորված այս ագրեսիան տասնամյակների ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվող՝ Արցախի ժողովրդին մեկուսացնելու և իր պատմական հայրենիքում բնաջնջելու քաղաքականության շարունակական դրսևորումն է: Նա հավելեց, որ ադրբեջանական ագրեսիան այսպիսի ծավալներ չէր ընդունի, եթե հակամարտությանն անմիջականորեն չներգրավվեր Թուրքիան իր քաղաքական և ռազմատեխնիկական  ներուժով՝ այդ թվում օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին հակամարտության գոտում տեղակայման տեսքով, ինչը ոչ միայն Արցախի, այլև ողջ տարածաշրջանի խաղաղ բնակչության կյանքին և կենսագործունեությանը սպառնացող լրջագույն վտանգ է:
22:35 - 19 հոկտեմբերի, 2020
Ողջունում ենք ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը ԼՂ հակամարտության վերաբերյալ․ Մասիս Մայիլյան

Ողջունում ենք ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը ԼՂ հակամարտության վերաբերյալ․ Մասիս Մայիլյան

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը պատասխանել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությանը․ «Ուրախ եմ, որ պետքարտուղար Պոմպեոն վերահաստատել է մեր ընդհանուր տեսլականն առ այն, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով: Անհրաժեշտ է այնպես անել, որ Թուրքիան դադարի հրահրել Ադրբեջանին և միջազգային ահաբեկիչներին՝ շարունակելու անմարդկային ագրեսիան մեր ժողովրդավար պետության դեմ: Ողջունում ենք, որ պետքարտուղարը հույս է հայտնել, որ հայերը կարողանալու են դիմակայել ադրբեջանցիների գործողություններին: Միաժամանակ, ակնկալում ենք, որ միջազգային հանրությունն ակտիվ ու կառուցողական դեր կունենա՝ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքի մարդկության դեմ հանցագործություններն ու ցեղասպանության սպառնալիքը կասեցնելու գործում: Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն անհրաժեշտություն է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար»:
23:59 - 15 հոկտեմբերի, 2020
Թուրքիայի և Ադրբեջանի ավտորիտար ղեկավարները պետք է պատասխանատվության կանչվեն Միջազգային քրեական դատարանի առջև |lragir.am|

Թուրքիայի և Ադրբեջանի ավտորիտար ղեկավարները պետք է պատասխանատվության կանչվեն Միջազգային քրեական դատարանի առջև |lragir.am|

lragir.am: Մենք ողջունում ենք 2020թ հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում տեղի ունեցած ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստին հաջորդած` Հունաստանի ԱԳ նախարարի հայտարարությունը։ Միջազգային հանրությունը, և հատկապես Թուրքիայի ՆԱՏՕ-ի դաշնակիցները, պետք է առերեսվեն Նախարար Ն․ Դենդիասի կողմից համառոտ և հստակորեն ներկայացված ճշմարտությանը. «տարածաշրջանում բոլոր խնդրահարույց իրավիճակների՝ Լեռնային Ղարաբաղի, Սիրիայի, Լիբիայի, Կիպրոսի, Միջերկրական ծովի Հարավարևելյան տարածաշրջանի ընդհանուր հայտարարը Թուրքիան է… Թուրքիան գործում է որպես տարածաշրջանում խաղաղության և կայունության խաթարող»։ Այս մասին Lragir.am-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։ Ավելի վաղ Ֆրանսիան, Ռուսաստանը, Կանադան և շատ այլ երկրներ հաստատել են Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած վերջին պատերազում Թուրքիայի՝ մտահոգություն առաջացնող քաղաքական և ռազմական ներգրավման փաստը։ Արդեն երկու շաբաթ է միջազգային հանրությունը՝ ի դեմս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի, Եվրոպական միության, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի՝ ներառյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Ամերիկյան պետությունների կազմակերպության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) նախագահների, տասնյակ երկրների, հոգևոր առաջնորդների, առաջատար համաշխարհային իրավապաշտպան կազմակերպությունների, հարյուրավոր խորհրդարանների, միաբերան հնչեցնում են Լեռնային Ղարաբաղում (Արցախում) ռազմական գործողությունների ավարտի, մարդու իրավունքների հանդեպ հարգանքի, քաղաքացիական բնակչության պաշտպանության և բանակցությունների վերսկսման հրատապ անհրաժեշտությունը: «Այնուամենայնիվ, Թուրքիան և առաջին հերթին Թուրքիան շարունակում է մերժել այս կոչերը, ուղղորդելով և հրահրելով Ադրբեջանին շարունակել Արցախի ժողովրդի հանդեպ բարբարոսական և ցեղասպան գործողությունները», – ասել է Մասիս Մայիլյանը։ Փաստորեն, հրադադարից ադրբեջանա-թուրքական հրաժարումը միանշանակ ցույց է տալիս, որ պաշտոնական Անկարան, որը չի հասել դրված նպատակներին ու այդ պատճառով շահագրգռված չէ պատերազմի ավարտմամբ ու տարածաշրջանում ամուր խաղաղության հաստատմամբ, ձգտում է բոլոր հնարավոր միջոցներով թույլ չտալ մարդասիրական հրադադարի պայմանավորվածությունները, որը ձեռք է բերվել Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ։ Թուրքիան չի հրաժարվում Ադրբեջանի ու միջազգային ահաբեկիչների ձեռքով Հարավային Կովկասում իր ծավալապաշտական աշխարհաքաղաքական խնդիրները լուծելուց։ Շարունակությունը՝ lragir.am-ում
17:48 - 13 հոկտեմբերի, 2020
Խաղաղություն պարտադրելու մի քանի ձև կա․ մեկն այն է, ինչ մեր բանակն անում է ռազմի դաշտում․ Արցախի ԱԳ նախարար

Խաղաղություն պարտադրելու մի քանի ձև կա․ մեկն այն է, ինչ մեր բանակն անում է ռազմի դաշտում․ Արցախի ԱԳ նախարար

Համոզված ենք, որ Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը կարող է ծառայել որպես լծակ, մեխանիզմ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը։ Նա նշեց, որ Ադրբեջանը տիկնիկի դեր է կատարում, այսինքն՝ Թուրքիայի ձեռքին է։ Պատասխանելով հարցին, թե պատրաստ է արդյոք հայկական դիվանագիտությունը շարունակել բանակցությունները այս ստատուս-քվոյի պայմաններում, Մայիլյանն ասաց, որ առնվազն պետք է վերականգնել առաջնագիծը, և միջազգային հանրությունը պետք է նպաստի դրան։ «Պետք է վերականգնվի 1994-ի այն գիծը, որ հաստատվել էր և համաձայնեցվել էր կողմերի միջև։ Եվ 2016-ին այդ գծի խախտման պատճառով է, երբ Ադրբեջանն ունեցավ որոշակի հաջողություններ, որ 4 տարի հետո էլի պատերազմ սկսեն։ Որևէ տարածք Ադրբեջանը չպետք է ձեռք բերի այս պատերազմի շրջանում,- նշեց Արցախի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ ունենք նոր գործոն․ Թուրքիա։ Եթե ՌԴ-ն այն ժամանակ ավելի հեշտ կարող էր, այսպես ասած, համոզել Ադրբեջանին, որ համաձայնեն գնալ խաղաղ ճանապարհով, հիմա ավելի դժվար խնդիր է դրված․ համոզել Էրդողանին, հիմա ավելի խոշոր խաղացող է հայտնվել Հարավային Կովկասում։ Անդրադառնալով հարցին, թե ինչպես պետք է խաղաղություն պարտադրվի, Մասիս Մայիլյանը ընդգծեց, որ խաղաղություն պարտադրելու մի քանի ձև կա․ մեկն այն է, ինչ մեր բանակն անում է ռազմի դաշտում։ «Երկրորդ ձևը, եթե խոսում ենք Ադրբեջանի ու Թուրքիայի մասին, միջազգային տարբեր գործիքակազմերը, ինչպես ասում ենք, համոզելը, սանկցիաները»,- ասաց նախարարը։
19:34 - 03 հոկտեմբերի, 2020
ԱՄՆ պետդեպարտամենտի կոչն ուղղված է Թուրքիային եւ այն պետք է զսպիչ դեր խաղա այս իրադարձությունների մեջ․ Մասիս Մայիլյան

ԱՄՆ պետդեպարտամենտի կոչն ուղղված է Թուրքիային եւ այն պետք է զսպիչ դեր խաղա այս իրադարձությունների մեջ․ Մասիս Մայիլյան

Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ ադրբեջանական ագրեսիայի, Ադրբեջանի կատարած հանցագործությունների վերաբերյալ Արցախի ԱԳՆ-ի՝ այսօր ընդունված հայտարարությունն արդեն տարածվել է ԵԱՀԿ-ում, եւ հիմա աշխատանքներ են տարվում, որ այդ փաստաթուղթը տարածվի նաեւ ՄԱԿ-ում եւ միջազգային այլ կառույցներում։ «Մեր մշտական ներկայացուցիչներն արտերկրում աշխատում են արտակարգ ռեժիմով։ Աշխատանք է տարվում տարբեր գործիչների հետ, եւ տեսնում ենք, որ մի շարք հայտարարություններ են տարածվում, որտեղ միանշանակ դատապարտվում է ադրբեջանական ագրեսիան՝ Արցախի դեմ»,- ասել է նա։  Արցախի ԱԳ նախարարը նշել է, որ Նիդերլանդների Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվել եւ ընդունվել են երկու բանաձեւեր, որոնցով կոչ են անում սեփական կառավարությանը, որ վերջնագիր ներկայացնի Ադրբեջանին եւ անհրաժեշտության դեպքում նաեւ ջանքեր գործադրի, որ գործընկերության եւ համագործակցության վերաբերյալ Ադրբեջան-ԵՄ բանակցությունները դադարեցվեն, խնդրում են նաեւ, որ կառավարությունը համապատասխան բոլոր հարթակներում Թուրքիային եւ այլ պետություններին կոչ անի զերծ մնալ հակամարտությանը միջամտելուց։ Փաստաթուղթը պետք է քննարկվի սեպտեմբերի 30-ին։  «Վերջին 24 ժամվա մեջ ամենակարեւոր հայտարարությունը համարում ենք ԱՄՆ պետական դեպարտամենտի հայտարարությունը, որը տարբերվում է նրանով, որ ոչ միայն կոչ է արվում դադարեցնել պատերազմական գործողությունները եւ անցնել բանակցությունների, այլ նաեւ նշվում է, որ երրորդ երկրների ներգրավվածությունն այս հակամարտության մեջ անթույլատրելի է։ Այս կոչն ուղղված է Թուրքիային եւ այն պետք է զսպիչ դեր խաղա այս իրադարձությունների մեջ»-հավելել է Մայիլյանը։  Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը հանդես էր եկել հայտարարությամբ և հատուկ ընդգծել, որ արտաքին ուժերի կողմից խնդրին մասնակցությունը կլինի խիստ վնասակար և կարող է միայն վատթարացնել տարածաշրջանի լարվածությունը:    
23:50 - 28 սեպտեմբերի, 2020
Միշտ ագրեսիվ գործողություններն իրականացվել են ադրբեջանական կողմից, բայց միշտ ապարդյուն՝ իր համար․ Մասիս Մայիլյան

Միշտ ագրեսիվ գործողություններն իրականացվել են ադրբեջանական կողմից, բայց միշտ ապարդյուն՝ իր համար․ Մասիս Մայիլյան

Առավոտվանից կապի մեջ ենք ԵԱՀԿ գործող նախագահի անձանական ներկայացուցչի հետ, այս ագրեսիայի մասին տեղեկացված են նաև ՄԽ համանախագահները։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Արցախիարտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։ «Համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ։ Արցախի ԱԳՆ-ն ևս հայտարարություն է ընդունել, որտեղ նշվել է, որ ագրեսիայի հեղինակը Արդբեջանն է։ Ընդհանրապես, միշտ ագրեսիվ գործողություններն իրականացվել են ադրբեջանական կողմից, բայց միշտ ապարդյուն իր համար։ Համոզված ենք, որ այս անգամ ևս հաղթանակը մերն է լինելու»,- նշեց նախարարը։ Նա ընդգծեց, որ ակտիվ աշխատանքներ են տարել միջազգային տարբեր կառույցների հետ։ «Նախ իրազեկել ենք իրավիճակի մասին, նպատակ ենք ունեցել, որ արտերկրում մեր գործընկերները իմանան, թե ով է նախաձեռնել հերթական ագրեսիայի ակտը, և պատահական չէ, որ հետո մի շարք հայտարարություններ հնչեցին (և մինչև հիմա այդ գործընթացը շարունակվում է), որտեղ տարբեր կառույցներ, քաղաքական տարբեր գործիչներ ուղղակի մեղադրում են Ադրբեջանին ագրեսիա սկսելու համար և իրենց աջակցությունն են հայտնում Արցախի ժողովրդին»,- հավելեց Մայիլյանը։ Արտգործնախարարի խոսքով՝ միջազգային արձագանքը եղել է շատ բուռն, միջազգային բոլոր հեղինակավոր կազմակերպությունները հայտարարություններ են ընդունել, արձագանքել են իրավիճակին՝ սկսած ՄԱԿ-ից, ԵԱՀԿ-ից, ԵԽ-ից։ «Հիմնական մեսսիջն այն է, որ պետք է կանգնեցնել պատերազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների, այսինքն՝ խաղաղ ճանապարհով լուծել հարցը։ Որոշ հայտարարություններում նշված է, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում»,- ասաց Մասիս Մայիլյանը։
00:45 - 28 սեպտեմբերի, 2020
Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարությունները ոլորտային խորհրդակցություններ են անցկացրել

Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարությունները ոլորտային խորհրդակցություններ են անցկացրել

Արցախի արտաքին գործերի նախարարությունում սեպտեմբերի 18-ին տեղի են ունեցել  ոլորտային խորհրդակցություններ Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարոությունների կառուցվածքային ստորաբաժանումների միջև։ ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը գլխավորել է  ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը, իսկ Արցախի ԱԳՆ պատվիրակությունը՝ Արցախի ԱԳՆ գլխավոր քարտուղար Սեմյոն Աֆիյանը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ «Հայաստանի և Արցախի ԱԳՆ պատվիրակությունների կազմում ներգրավված համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները հանգամանալից քննարկեցին գերատեսչությունների միջև ոլորտային համագործակցության ամրապնդմանը և խորացմանն առնչվող հարցեր: Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ ԱԳՆ պատվիրակությանն ընդունեց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը: Նախարար Մայիլյանը մեծապես կարևորեց Արցախի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև նման ձևաչափով խորհրդակցությունների անցկացումը, որը հնարավորություն է տալիս ուրվագծելու երկու գերատեսչությունների միջև հաստատված համագործակցության առավել ընդլայնման հեռանկարները:  Վահագն Մելիքյանը շնորհակալություն հայտնեց արցախյան կողմին ջերմ ընդունելության համար և ընդգծեց երկու արտգործնախարարությունների միջև ստորագրված խորհրդակցությունների պլանի շրջանակներում պարբերական հանդիպումների և փոխայցերի անցկացման կարևորությունը։  Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳՆ պատվիրակությանն ընդունեց նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նախագահ Հարությունյանը բարձր գնահատեց Հայաստանի և Արցախի միջև տարբեր մակարդակներում առկա սերտ համագործակցությունը՝ առանձնահատուկ կարևորելով նման ձևաչափով շփումների պարբերականության պահպանումը»,- նշված է հաղորդագրության մեջ:
20:50 - 18 սեպտեմբերի, 2020
Պաշտպանության բանակը պատրաստ է հետ մղել ցանկացած ագրեսիա. ԱՀ ԱԳ նախարարի հարցազրույցը Nationalia-ին
 |tert.am|

Պաշտպանության բանակը պատրաստ է հետ մղել ցանկացած ագրեսիա. ԱՀ ԱԳ նախարարի հարցազրույցը Nationalia-ին |tert.am|

tert.am: Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը հարցազրույց է տվել Բարսելոնայում գործող «Nationalia» գործակալությանը։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արցախի ԱԳ նախարարն անդրադարձել է ղարաբաղյան հակամարըության կարգավորման նկատմամբ Արցախի և Ադրբեջանի դիրքորոշումներին՝ անընդունելի համարելով Թուրքիայի կառավարության դիրքորոշումն՝ սատարումն Ադրբեջանի կողմից սադրանքների և հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների։ - Հուլիսին Բաքվում տեղի ունեցած ցույցերը փողոց դուրս բերեցին հազարավոր մարդկանց, ովքեր Ադրբեջանի կառավարությունից պահանջում էին լայնամասշտաբ պատերազմ սկսել՝ Ղարաբաղը հետ գրավելու համար: Ի՞նչ է կարծում ձեր նախարարությունը՝ արդյո՞ք ինչ-որ պահի ադրբեջանական ուժերի հարձակումը հավանական է: Եթե այո, ապա ինչպե՞ս է Ղարաբաղը պատրաստ պաշտպանվել՝ հաշվի առնելով, որ տարիներ շարունակ Ադրբեջանն ավելացրել էր իր ռազմական կարողությունները: - Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, թե ինչ տեմպերով և ծավալներով է Ադրբեջանը մեծացնում իր զինանոցը, պարզ է դառնում, որ Ադրբեջանը զենք է գնում ոչ թե պահեստում պահելու, այլ մի օր օգտագործելու մտադրությամբ: Եվ Ադրբեջանը յուրաքանչյուր հնարավորություն կօգտագործի՝ փորձարկելու և ստուգելու՝ արդյո՞ք ճիշտ ժամանակն է նոր ագրեսիա սկսելու համար: Մենք տեսել ենք, թե ինչպես է Ադրբեջանը դա անում 2016թ. ապրիլին, և բոլորովին վերջերս՝ հուլիսի 12-ին, հայ-ադրբեջանական սահմանին՝ Հայաստանի Տավուշի մարզում: Երկու դեպքերում էլ Արցախի և Հայաստանի պաշտպանական ուժերը համարժեք պատասխան են տվել։ Հիմքեր չկան հավատալու, որ Ադրբեջանը հերթական անգամ չի կատարի նման փորձ, երբ  զգա, որ բավականին հզորացել է՝ դիմելու նոր ռազմական արկածախնդրության: Իհարկե, մենք դա գիտակցում ենք, և Արցախի Պաշտպանության բանակը պատրաստ է հետ մղել ցանկացած ագրեսիա, ինչպես որ դա արել է նախկինում։ - Ինչպե՞ս է ձեր նախարարությունը և Արցախի կառավարությունը, ընդհանրապես, աշխատում միջազգային դիվանագիտական ասպարեզում՝ ձեր հանրապետության դիրքերն ամրապնդելու համար՝ հաշվի առնելով այն փաստը, որ այն շարունակում է մնալ չճանաչված: - Մեր նախարարությունը, և, ընդհանուր առմամբ, Արցախի իշխանություններն անում են առավելագույնը՝ աշխարհին ներկայացնելու իրադրության իրական պատկերը: Անկախության հռչակումից ի վեր մեր հանրապետության դիրքորոշումն անփոփոխ է: Մենք մշտապես կողմ ենք եղել հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը։ Այս դիրքորոշումը հնչել է բազմաթիվ առիթներով՝ ինչպես հրապարակավ, այնպես էլ՝ ԵԱՀԿ գործող նախագահի և Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումների ընթացքում. նաև Արտաքին գործերի նախարարության բազմաթիվ հայտարարություններ են տարածվել միջազգային կազմակերպություններում, ինչպիսիք են՝ ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը, ԵԽ-ն և այլն: Մենք չենք թաքցնում այն փաստը, որ խաղաղություն ենք ուզում, միևնույն ժամանակ, գիտակցում ենք, թե ինչ նկատի ուներ լատինացի փիլիսոփան` նշելով «Si vis pacem, para bellum - Ուզում ես խաղաղություն՝ պատրաստ եղիր պատերազմի»: Եվ մենք արդեն անցել ենք դրա միջով: Երբեմն գեթ մի հայացք տարածաշրջանին բավական է՝ հասկանալու հակամարտության գոտում տեղի ունեցող զարգացումների հիմքում ընկած իրականությունը: Ինչպես նշեցիք առաջին հարցում, Բաքվում հազարավոր ցուցարարներ Ադրբեջանի կառավարությունից պահանջում էին  լայնամասշտաբ պատերազմ սկսել: Արդարության համար, սակայն, հարկ է նշել, որ երկրի խորհրդարանի շենք ներխուժած ցուցարարներն ունեցել են նաև հակակառավարական օրակարգ: Դա պարզապես ցույց է տալիս, թե ինչ դեր է խաղում հակամարտությունը Ադրբեջանի ներքին կյանքում, և որքանով են ադրբեջանական հասարակությունն ու կառավարությունը պատրաստ խաղաղության կամ հակամարտության խաղաղ կարգավորման: Հնարավոր չէ խաղաղության հասնել միակողմանիորեն. դրան պետք է ձգտեն հակամարտության բոլոր կողմերը: Եվ անկախ նրանից, թե որքան բարձրաձայն ենք հայտարարում մեր հարևանների հետ խաղաղության հասնելու պատրաստակամության մասին, նրանք պետք է լինեն և՛ ընկալունակ, և՛ տրամադրված խաղաղության: Ցավոք, տարիներ շարունակ Ադրբեջանում հակահայկական տրամադրությունները պետական քաղաքականության մաս են դարձել, և Ադրբեջանն իր բնակչությանը խաղաղության փոխարեն նախապատրաստել է պատերազմի: Սա այն իրականությունն է, որի հետ մենք բախվում ենք այսօր: Եվ սա է այն իրականությունը, որով  միջազգային հանրությունը պետք է զբաղվի: Անկախ այն փաստից՝ երկիրը ճանաչված է, թե ոչ, մենք, առաջին հերթին, պետք է մտածենք ժողովրդի մասին: Եվ մենք մեր բաժինն անում ենք, ոչ միայն մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու, այլև տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը նպաստելու գործում կառուցողական դեր խաղալու համար: Կարդալ ավելին՝ tert.am-ում։
20:47 - 07 սեպտեմբերի, 2020
Ռազմաքաղաքական առումով Հայաստանը և Արցախը վաղուց արդեն դե ֆակտո միասնական տարածք են և միշտ էլ այդպես է եղել. Միքայել Զոլյան |lragir.am|

Ռազմաքաղաքական առումով Հայաստանը և Արցախը վաղուց արդեն դե ֆակտո միասնական տարածք են և միշտ էլ այդպես է եղել. Միքայել Զոլյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հետ։  Պարոն Զոլյան, օրերս Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն իր հարցազրույցում կարևորել է Հայաստանի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու անհրաժեշտությունը: Մենք հիշում ենք, որ ապրիլյան պատերազմից հետո նախկին իշխանության ներկայացուցիչները խոսում էին դրա մասին, սակայն հետո այդպես էլ կյանքի չկոչվեց: Հիմա Մայիլյանը նշել է, որ հիմա քննարկում են նման դաշինք կնքելու հարցը: Որքանո՞վ են դրանք հնարավոր կլինի կյանքի կոչել: Նախ ուզում եմ ասել, որ ռազմաքաղաքական առումով Հայաստանը և Արցախը վաղուց արդեն դե ֆակտո միասնական տարածք են և միշտ էլ այդպես է եղել և  միշտ էլ այդպես կլինի: Եթե մենք խոսում ենք իրերի իրական վիճակի մասին, ապա իհարկե, այդ դաշինքը վաղուց գոյություն ունի: Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք պետք է այդ իրականությունը ամրագրել ինչ-որ փաստաթղթի ձևով, թե ոչ, սա արդեն դիվանագիտական խնդիր է: Ժամանակ առ ժամանակ այս թեման կարող է արծարծվել, երբ նպատակահարմար է: Մեկ այլ պահի կարող ենք, օրինակ, մի կողմ դնել: Ամեն դեպքում սա, իհարկե, օրակարգի մի մաս է, բայց նաև որևէ շտապողականություն չպետք է դրսևորել: Պետք է նայել մեր նպատակահարմարությանը, պետք է նայենք նրան, թե ինչպիսի արդյունքներ կտա կամ չի տա ցանկացած քայլ՝ կապված ձեր հիշատակած թեմայի հետ և ըստ դրա գործենք: Կարող է այնպիսի իրավիճակ լիներ, որ, այո, պետք լինի ավելի հստակ քայլեր ձեռնարկել, կարող է լինել իրավիճակ, որ այն իրեր դրությունը, որն այսօր կա, բավականին համապատասխանում է մեր շահերին և կարիք չկա լրացուցիչ քայլեր անելու: Ամեն դեպքում, ինչպես ասացի, ռազմաքաղաքական առումով  Հայաստանն ու Արցախը առանց որևէ կասկածի միասնական տարածք են և բոլորը դրա մասին գիտեն՝ թե Հայաստանում ու Արցախում, թե դրսում: Մայիլյանը խոսել է նաև Մադրիդյան սկզբունքների մասին՝ նշելով, որ հիմա այլևս դրանք չեն քննարկվում: Ինչի՞ շուրջ պետք է լինեն հանդիպումներն ու քննարկումները Ադրբեջանի հետ, եթե սեղանին չկա ոչ Լավրովի պլանը, ոչ էլ Մադրիդյան սկզբունքները: Միշտ էլ քննարկելու բան կա, և հայկական կողմերը շատ հստակ ասել են՝ որպեսզի հնարավոր լինի ցանկացած կառուցողական քննարկում, առաջին հերթին պետք է լինի կառուցողական մթնոլորտ, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ լինեն վստահության ամրապնդման միջոցներ, միջադեպերի հետաքննության մեխանիզմներ և այլն: Սրա շուրջ միշտ էլ կարող ենք զրուցել: Մյուս կողմից այս գործընթացի ցանկացած մասնակից, լինեն հակամարտության կողմերը, լինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, նրանք միշտ էլ կարող են առաջարկներ անել: Այսինքն որևէ սահմանափակում այս առումով չկա: Միշտ էլ կարող են ինչ-որ առաջարկ ներկայացնել, և դա կքննարկվի: Ինչ վերաբերում է բուն մադրիդյան սկզբունքներին, որոշակի հարցադրումներ էին արվել, թե ի վերջո ինչպե՞ս են կողմերը հասկանում այդ սկզբունքները, և ըստ էության, այդ հարցադրումների շուրջ դեռ խոսելու բան կա, որովհետև դեռևս հստակություն չի մտցվել դրա մեջ: Հետևաբար, նաև այդ ուղղությամբ կարելի է քննարկել ցանկացած փաստաթուղթ: Բայց որպես կարգավորման համար հիմք, այսօր որևէ ընդունված փաստաթուղթ գոյություն չունի: Շարունակությունը՝ lragir.am-ում
15:23 - 05 սեպտեմբերի, 2020
Ադրբեջանը խաղաղության փոխարեն բնակչությանը պատրաստում է պատերազմի. Արցախի ԱԳ նախարարի հարցազրույցը |armenpress.am|

Ադրբեջանը խաղաղության փոխարեն բնակչությանը պատրաստում է պատերազմի. Արցախի ԱԳ նախարարի հարցազրույցը |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հայկական կողմը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով, իսկ Ադրբեջանն իր բնակչությանը խաղաղության պատրաստելու փոխարեն, պատրաստում է պատերազմի: Այս մասին կատալոնական «Nationalia» օրաթերթին տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը: Հարցազրույցը հրապարակվել է Արցախի անկախության հռչակման 29-րդ տարեդարձի կապակցությամբ: «Մեր հանրապետության դիրքորոշումն անփոփոխ է մնում անկախության հռչակումից ի վեր: Մենք միշտ կողմ ենք եղել հակամարտության կարգավորմանը բացառապես խաղաղ միջոցներով։ Այս դիրքորոշումը բազմիցս հնչեցվել է ինչպես հրապարակային, այնպես էլ ԵԱՀԿ գործող նախագահի և Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումների ժամանակ, ինչպես նաև ԱԳՆ բազմաթիվ հայտարարություններում, որոնք տարածվել են այնպիսի միջազգային կազմակերպություններում, ինչպիսիք են ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը, ԵԽ-ն և այլն»,- ասել է Մայիլյանը:   Արցախի արտգործնախարարը նշել է, որ միակողմանի հնարավոր չէ հասնել խաղաղությանը, իսկ Ադրբեջանի քայլերը ցույց են տալիս, որ այդ պետությունը պատրաստվում է պատերազմի: «Եթե հաշվի առնենք այն տեմպերն ու թափը, որոնցով Ադրբեջանը մեծացնում է իր զինանոցը, ապա պարզ է դառնում, որ նա զենք է գնում ոչ թե այն պահեստում պահելու, այլ ավելի շուտ այն մի օր օգտագործելու մտադրությամբ: Մենք տեսել ենք, թե ինչպես է դա արել 2016թ. ապրիլին և բոլորովին վերջերս ՝ հուլիսի 12-ին, Հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշի ուղղությամբ։ Երկու դեպքում էլ Արցախի և Հայաստանի պաշտպանության ուժերը համապատասխան պատասխան են տվել։ Ոչ մի հիմք չկա ենթադրելու, որ Ադրբեջանը նման եւս մեկ փորձ չի անի, երբ իրեն բավականաչափ ուժեղ կզգա հերթական ռազմական արկածախնդրությունը սանձազերծելու համար: Խաղաղությունը չի կարող հասնել միակողմանիորեն, հակամարտության բոլոր կողմերը պետք է ձգտեն դրան»,- նշել է ԱԳ նախարարը: Մայիլյանը հավելել է, որ հակամարտության կարգավորման հարցում կարևոր է, որ որպես կողմ բանակցային սեղան վերադառնա նաև Արցախի Հանրապետությունը: «Ադրբեջանը պետք է մեկընդմիշտ հասկանա, որ առանց եռակողմ ձևաչափով բանակցությունների վերսկսման ՝ դրանց անմիջական մասնակցությամբ Արցախի Հանրապետությանը, միամտություն է ակնկալել որևէ շոշափելի առաջընթաց խաղաղ գործընթացում։ Հիշեցնեմ, որ խաղաղ գործընթացում միակ նշանակալի ձեռքբերումն այսօր 1994 թվականի մայիսի 12-ին հրադադարի մասին անժամկետ համաձայնագրի ստորագրումն էր, երբ Արցախը մասնակցեց բանակցություններին։ Եվ տրամաբանական է, որ եթե մարտական գործողությունների և կրակի դադարեցման մասին համաձայնագիրը ստորագրվել է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) կողմից ՝ որպես հակամարտության երկու հիմնական կողմերից մեկի, ապա, հետևաբար, խաղաղ համաձայնագիրը նույնպես պետք է համաձայնեցվի և ստորագրվի Արցախի կողմից։ Անտեսել այս փաստը կնշանակեր գիտակցաբար ժխտել աշխարհը»,- ասել է Մասիս Մայիլյանը: Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ Թուրքիայի հայտարարություններին, որով վերջինս աջակցում է Ադրբեջանի ռազմական գործողություններին, Մայիլյանը նշել է, որ նման քայլը դատապարտելի է և անիմաստ է դարձնում նրա անդամակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին։
18:55 - 04 սեպտեմբերի, 2020