Արմավիրի մարզ

Արմավիրի մարզը վարչատարածքային միավոր է Հայաստանում։ Արմավիրի մարզկենտրոնն Արմավիր քաղաքն է։ Տարածքը 1242 կմ² է, բնակչությունը 284 հազար մարդ։ Գտնվում է 800-1000 մ բարձրություններում։

Արմավիրի մարզը բնակչության թվով եւ խտությամբ Հայաստանում գրավում է առաջին տեղը։ Մարզին բնորոշ է այն, որ չնայած ռելիեֆային պայմանների միատարրությանը՝ բնակչության տեղաբաշխումը հավասարաչափ չէ։ Նրա ամենամեծ կուտակումը մարզի արեւելյան հատվածում է։ Դեպի արեւմուտք շարժվելիս այն կտրուկ նվազում է։ Արմավիրի մարզն ունի երեք քաղաք՝ Արմավիրը (29,319 բնակիչ), Վաղարշապատը (46,540 բնակիչ) եւ Մեծամորը (9,191 բնակիչ)։ Գործող մարզպետը Համբարձում Մաթեւոսյանն է։

Փարաքար համայնքում մարտի 30-ին արտահերթ ընտրություններ կանցկացվեն

Փարաքար համայնքում մարտի 30-ին արտահերթ ընտրություններ կանցկացվեն

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 20-ի արտահերթ նիստում 2025 թվականի մարտի 30-ը նշանակել է որպես Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրության անցկացման օր: Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։  ՀՀ կառավարությունը 2025 թվականի հունվարի 16-ին Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին համապատասխան որոշում է ընդունել։ ԿԸՀ-ն հաստատել է նաև մարտի 30-ի արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։ Ըստ ժամանակացույցի՝ նախընտրական քարոզչություն իրականացնելու համար կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին եթերաժամ տրամադրող հեռուստառադիոհեռարձակում իրականացնող մասնավոր հեռուստաընկերությունները և ռադիոընկերություններն իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքն իրենց եթերով հրապարակելու են մինչև հունվարի 22-ը ներառյալ: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին տրամադրվող՝ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով վահանակների, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում և վերելակներում տեղակայված վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ տեղեկատվությունը արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունները ԿԸՀ կարող են ներկայացնել մինչև հունվարի 27-ը։ Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման ժամկետ է սահմանվել մարտի 5-ից մինչև մարտի 10-ը, ժամը18:00-ն։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մարտի 15-ից 28-ը ներառյալ, մինչև 24:00-ն։ Մեկ այլ որոշմամբ ԿԸՀ-ն ԱԺ պատգամավորի մանդատ է տրամադրել։ ԿԸՀ-ն հունվարի 14-ին ստացել է Ազգային Ժողովի պատգամավոր Մհեր Սամվելի Սահակյանի մահվան մասին տեղեկացնող գրությունը։ Ազգային Ժողովի «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական  ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրվել է նույն ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմինե Սամվելի Խերանյանին։
15:45 - 20 հունվարի, 2025
Արմավիրի մարզպետի որոշմամբ նշանակվել եմ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար. Լյուդվիգ Գյուլնազարյան

Արմավիրի մարզպետի որոշմամբ նշանակվել եմ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար. Լյուդվիգ Գյուլնազարյան

Այսօր Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի որոշմամբ նշանակվել եմ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Այս մասին գրել է Լյուդվիգ Գյուլնազարյանը:   «Սա մեծ պատասխանատվություն և պատվաբեր առաքելություն է, որը լի է նոր հնարավորություններով ու մարտահրավերներով:   Հարգելի՛ բնակիչներ, ես պատրաստ եմ բոլորիդ հետ աշխատել բաց, անկեղծ և համագործակցության սկզբունքով, որտեղ իմ նպատակը կլինի լսել ձեր խնդիրները, կարծիքներն ու առաջարկությունները և դրանք բխեցնել մեր համատեղ աշխատանքի հիմքում։   Ես երաշխավորում եմ, որ միասին, առաջնահերթությամբ ու պատասխանատվությամբ, փոխադարձ հարգանքի և աջակցման ներքո, մենք կկարողանանք լուծել բոլոր խնդիրները և բարելավել մեր համայնքի կյանքը։   Կատարելու եմ ամեն բան՝ պահպանելու մեր համայնքի արժեքներն ու մշակույթը, ինչպես նաև ապահովելու դրա կայուն զարգացմանը նպաստող նոր ծրագրեր ու նախաձեռնություններ։   Մենք միասին պետք է միտված լինենք մեր համայնքի առաջընթացին, համագործակցության ոգով աշխատենք բոլորի բարօրության համար՝ ապահովելով թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական առաջընթաց։ Մեր յուրաքանչյուր բնակիչ պետք է զգա, որ համայնքի զարգացումն և բարեկեցությունը կախված է հենց իրենից։ Ես վստահ եմ, որ միասին կարող ենք հասնել այն նպատակներին, որոնք մեր համայնքը կդարձնեն ավելի հզոր, ապահով ու բարեկեցիկ։   Կրկին անգամ շնորհակալ եմ բոլորիդ աջակցության ու վստահության համար»,- գրել է նա։
20:07 - 17 հունվարի, 2025
Դպրոցը երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել. Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Փարաքարի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանը

Դպրոցը երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել. Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Փարաքարի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Փարաքարի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Վարչապետը շրջայցի ընթացքում ծանոթացել է իրականացված աշխատանքներին և դպրոցում ստեղծված պայմաններին: Դպրոցը հագեցվել է ժամանակակից սարքավորումներով և գույքով: Ծրագրի արժեքը 2 մլրդ 189,9 մլն դրամ է: Դպրոցը կառուցվել է ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ, Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով: Այն նախատեսված է 576 աշակերտի համար: Վարչապետը շնորհավորել է ներկաներին հոյակերտ դպրոցի շինարարության ավարտի առիթով և հույս հայտնել, որ քայլ-քայլ հաղթահարվում է այն շրջանը, երբ նորակառույց դպրոցներ այցելելը սթրեսներով լի ժամանակաշրջան էր: «Բայց մենք նաև գիտեինք և գիտենք, որ այո, սա սովորելու գործընթաց է և Կառավարության համար, և շինարարական ոլորտի համար, որովհետև իսկապես կան շատ նրբություններ, որոնք էական են մեր արած աշխատանքը կառուցում հասկացությանը համապատասխանեցնելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով 300 դպրոց, 500 մանկապարտեզ կառուցելու, վերակառուցելու և հիմնանորոգելու ծրագիրը: Վարչապետի խոսքով՝ ամենասկզբից գուցե կռահել են, որ այո, սա նաև սովորելու գործընթաց է, ծրագիրը կառավարելու, իրականացնելու, նախագծելու, գնահատելու, ընթացքը կառավարելու, նաև տնտեսական արդյունավետության հարցեր լուծելու համար, «բայց ակնհայտ է, որ մենք սովորում ենք և ուրախ ենք դրա համար»: «Եվ շատ կարևոր է, որ մենք սա հայտարարում ենք և անում ենք, պատահական չէ, որ մենք, կոնկրետ ես իմ առաջ խնդիր եմ դրել, որ նման բոլոր դպրոցներում անձամբ անպայման լինեմ, ոչ միայն նրա պատճառով, որ ընդգծեմ ծրագրի կարևորությունը, որ դա սովորելու պրոցեսի մաս է, որովհետև ուրիշ բան է խոսել տեսական տեղում տեսական դպրոցի տեսական շինարարության շահագործման մասին, ուրիշ բան է լինել տեղում, տեսնել մարդկանց, զգալ նրանց էմոցիաները, տեսնել միջավայրը: Ես մի բանից շատ ուրախացա, որ դպրոցը գտնվում է անմիջապես մայրուղու հարևանությամբ և իր հոյակերտ տեսքով իհարկե զարդարում է Էջմիածին-Երևան մայրուղին, բայց նաև մի քիչ ափսոսացի, որ տեսարանը ծառերով փակվում է, բայց ծառերն իհարկե ավելի կարևոր են, քան տեսարանը»,- նշել է երկրի ղեկավարը: Վարչապետն ընդգծել է՝ դպրոցը երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել, որովհետև շատ կարևոր է, որ մենք մեր երեխաներին հաղորդենք գիտելիքներ, որոնք կիրառական են հենց լավ ապրելու համար, հենց լավ ապրելու տեսակետից: Նիկոլ Փաշինյանը նշել է՝ բոլորս պետք է հասկանանք, որ մեր երկրին տանջող ամենամեծ խնդիրներից մեկը, օրինակ՝ աղքատությունը, մեծապես և հիմնականում կապված է կրթության հետ: «Եթե մենք որևէ ընտանիքի, որևէ անհատի աղքատության պատճառահետևանքային կապերն ուզում ենք ուսումնասիրել, անպայման առնչվելու ենք կրթության, հանրակրթության ընթացքում առաջացած ինչ-որ ճեղքի հետ, ուրիշ տարբերակ պարզապես գոյություն չունի: Շատ կարևոր է, որ մենք գնում ենք այդ ճանապարհով և դպրոցում երեխաների հետ շփման մեր պաթոսի աստիճանը պետք է իջեցնենք, դպրոցը պետք է մոտիկ լինի կյանքին, գիտելիքը պետք է մոտիկ լինի կյանքին, ուսումնառությունը պետք է մոտիկ լինի կյանքին և այո, դպրոցում երեխաներն առաջին հերթին պետք է սովորեն լավ ապրել: Սա ամենևին չի հակադրվում կրթության մասին մեր ունեցած ավանդական պատկերացումների հետ, որովհետև երեխաները պետք է իմանան, որ լավ ապրել չի նշանակում շատ ուտել և շատ խմել, պետք է երեխաներն իմանան, որ լավ ապրել նշանակում է առողջ սնվել, երեխաները պետք է իմանան, որ լավ ապրել նշանակում է ակտիվ կյանքով ապրել, ակտիվ լինել, առողջ ապրելակերպ որդեգրել, երեխաները պետք է իմանան, որ լավ ապրելու անբաժանելի մաս է հարգանքը դիմացինի նկատմամբ, հարգել և հարգանք ստանալը, դիմացինի իրավունքները և ազատությունը հարգելը»,- ընդգծել է երկրի ղեկավարը: Վարչապետի խոսքով՝ պետք է երեխաներն իմանան, որ լավ ապրելը նշանակում է բռնությունից զերծ միջավայր ունենալը և բռնությունից զերծ միջավայրում ապրելը: Նիկոլ Փաշինյանը նշել է՝ կա հարուստ լինելու երկու տեսակ, որոնցից մեկն ամոթալի է, իսկ մյուսը՝ ողջունելի: Այն հարստությունը, որ ձևավորվում է գիտելիքի, աշխատանքի և օրինական ճանապարհով՝ ոչ միայն ամոթալի չէ, այլև խրախուսելի է, ցանկալի և անհատի, և համայնքի, և հանրության, և պետության համար: «Իսկ այն հարստությունը, որ գոյանում է ապօրինի՝ կոռուպցիայի ճանապարհով, հանցավոր եղանակով, դա ամոթալի է, և պետք է համընդհանուր արգահատանքի արժանանա: Այսինքն՝ լավ կյանքի հմտությունը մի առանցքային գործոն է, որը պետք է ուսուցանվի դպրոցներում, որովհետև երեխաները պետք է իմանան, որ կարելի է լավ ապրել՝ լավ երաժիշտ լինելով, կարելի է լավ ապրել՝ լավ նկարիչ լինելով, կարելի է լավ ապրել՝ լավ ուսուցիչ լինելով»,- ասել է երկրի ղեկավարը: Նշելով, որ ընթացքի մեջ է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը՝ վարչապետը նկատել է, որ դրա հետ կապված կան քննադատություններ, քննարկումներ և դրանք նույնպես սովորելու պրոցես է Կառավարության և մյուսների համար: «Մենք ինչի՞ համար ենք դա անում, որովհետև ուզում ենք, որ ուսուցիչը կարողանա իր աշխատանքով լավ ապրել, որպեսզի ինքն էլ իր հերթին լավ ապրելու հմտություններ կարողանա հաղորդել աշակերտներին: Եվ ի վերջո, մենք պետք է մեր երեխաներին կարողանանք փոխանցել, որ լավ ապրել կարելի է միայն աշխատանքի շնորհիվ, բայց նաև պետք է կարողանանք փոխանցել, որ լավ ապրել ամեն աշխատանքի շնորհիվ չէ, որ հնարավոր է, որովհետև աշխատանքը պետք է լինի արդյունավետ, աշխատանքը պետք է լինի արտադրողական, աշխատանքը պետք է լինի տնտեսապես արդարացված և այլն, և այսպես շարունակ: Հետևաբար, այս ամեն ինչը որևէ կերպ չի հակադրվում ոչ քիմիային, ոչ ֆիզիկային, ոչ աշխարհագրությանը, ոչ հասարակագիտությանը, ոչ պատմությանը, ընդհակառակը, շատ կարևոր է, որ այդ բոլոր առարկաները, որ մենք ուսուցանում ենք մեր երեխաներին, իմանանք՝ ինչի համար ենք դրանք ուսուցանում, ոչ թե ամպագոռգոռ և կյանքից կտրված ինչ-որ բառերի համար, որոնք երեխաներն իրենք էլ չեն հասկանում, շատ դեպքերում մենք էլ չենք հասկանում դա ինչի համար ենք ասում, այլ դա շատ կոնկրետ կյանքի, միջավայրի համար է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Երկրի ղեկավարի խոսքով՝ երեխաները պետք է իմանան՝ լավ ապրել նշանակում է շրջակա միջավայրի նկատմամբ հոգ տանել, որովհետև շրջակա միջավայրը, մանավանդ 21-րդ դարում հիմնականում մարդն է իր համար ստեղծում: Այսինքն՝ ինչ միջավայր ստեղծում է, այդ միջավայրում էլ ապրում է: Վարչապետի դիտարկմամբ՝ եթե այդ միջավայրը հարմար է լավ կայքի համար, ուրեմն այդտեղ հնարավոր է լավ ապրել, եթե հարմար չէ լավ կյանքի համար, ուրեմն հնարավոր չէ լավ ապրել: «Եվ, ահա, մեր ընկալմամբ՝ մենք ստեղծել ենք ձեզ համար լավ միջավայր, որպեսզի այս խոսակցությունը տեղի ունենա ուսուցիչների միջև, ուսուցիչների և աշակերտների միջև: Մեր կարծիքով սա ձեզ համար ստեղծագործելու, մտածելու, մտածածը ձևակերպելու, ձևակերպածն առարկայացնելու, առարկայացրածն ուրիշներին հասու դարձնելու և ուրիշների հետ կիսելու հնարավորություն է տալիս: Եվ մենք ուզում ենք, որ այս դպրոցը ձեզ ուժեղացնի, սիրելի երեխաներ, ուժեղացնի ֆիզիկապես, ուժեղացնի հոգեպես, ուժեղացնի մտքով: Համաձայն եմ տնօրենի հետ, որ բոլոր պայմանները ստեղծված են, այս դպրոցը Կառավարությունն այսօր հանձնում է համայնքին, աշակերտներին, ուսուցիչներին, և այս պատերը դեռևս ընդամենը պատեր են և երկուշաբթի օրվանից դուք այն ապրեցնելու եք: Եվ այս պատերը կներշնչվեն այն շնչով, ինչ շունչ դուք ձեր աշխատանքի, ձեր ուսումնառության ընթացքում կներշնչեք այդ պատերին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ցանկություն հայտնելով, որ դպրոցի պատերը լիքը լինեն կյանքով, ստեղծագործությամբ, ստեղծագործականությամբ՝ լավ ապրելու, երջանիկ երկրում ապրելու, ազատ երկրում ապրելու, անկախ երկրում ապրելու, ինքնիշխան երկրում ապրելու, բարեկեցիկ երկրում ապրելու անսահման ձգտմամբ, վճռականությամբ և համոզմունքով, որ դա իրականություն է դառնալու մեր բոլորիս համատեղ աշխատանքի շնորհիվ: «Կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր մասնակցություն են ունեցել այս դպրոցի կառուցման, ստեղծման գործին, և առաջին հերթին շնորհավորել աշակերտներին, ուսուցիչներին, փարաքարցիներին, հետո մեզ բոլորիս և Հայաստանի Հանրապետությանը հերթական դպրոցի բացման առիթով»,- եզրափակել է վարչապետը:
14:44 - 17 հունվարի, 2025
Կառավարությունը դադարեցրեց Փարաքարի ավագանու լիազորությունները. համայնքում արտահերթ ընտրություն կլինի
 |1lurer.am|

Կառավարությունը դադարեցրեց Փարաքարի ավագանու լիազորությունները. համայնքում արտահերթ ընտրություն կլինի |1lurer.am|

1lurer.am: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն՝ Փարաքարի ղեկավարի պաշտոնը թափուր դառնալուց հետո համայնքի ավագանու անդամների 1/3-ը նախաձեռնել է Փարաքարի ղեկավարի ընտրության օր սահմանելու նիստ, որից հետո՝ նոյեմբերի 29-ին գումարված նիստի համաձայն, Փարաքար համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության օր էր սահմանվել 2024 թվականի դեկտեմբերի 11-ը: Այդ մասին Կառավարության՝ հունվարի 16-ի նիստին ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ներկայացնելով Արմավիի մարզի Փարաքար համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու որոշման նախագիծը: «Ավագանու արտահերթ նիստով խմբակցությունների կողմից համայնքի ղեկավարի թեկնածու կամ թեկնածուներ չեն առաջադրվել, և գործող կարգավորումներով՝ դրանից հետո, համապատասխան արձանագրություններից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, Կառավարությունը, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի կարգավորումների համաձայն, պիտի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և միաժամանակ նոր արտահերթ ընտրություններ նշանակելու որոշում կայացնի»,- ասաց նա: Ըստ Խուդաթյանի՝ Կառավարության որոշման նախագծով ավագանին լուծարվում է, և նոր ընտրություն նշանակելու մասին որոշում է կայացվում: Դրանից հետո ԿԸՀ-ն տարվա առաջին ընտրական օրը՝ 2025 թվականի մարտի 31-ին, Փարաքարում կանցկացնի արտահերթ ընտրություններ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ արդեն երկրորդ համայնքն է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն անցկացնում է նախնական քվեարկություն, որի արդյունքները գնահատվել են դրական: «Այս համատեքստում ժողովրդավարական ևս մեկ, շատ կարևոր ինստիտուտ է կայանում ՀՀ-ում, հետևաբար նախնական ընտրություններում հաղթած թեկնածուն մարզպետի կողմից կնշանակվի Փարաքար համայնքի ժամանակավոր պաշտոնակատար, այսինքն՝ շատ պարզ, բաց և թափանցիկ»,- ասաց նա:
12:45 - 16 հունվարի, 2025
Ֆերիկ համայնքի ընտրություններում ինքնառաջադրվել է 2 թեկնածու

Ֆերիկ համայնքի ընտրություններում ինքնառաջադրվել է 2 թեկնածու

2024 թվականի հոկտեմբերի 20-ին Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում կայանալիք համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով անցկացվող ընտրություններին ինքնառաջադրվել է երկու թեկնածու՝ Ռուստամ Քյամիլի Հասանյանը և Թեմուր Թոռունի Քյալաշյանը։ Երկու թեկնածուներն էլ անկուսակցական են։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։ «Գրանցումն իրականացվելու է սեպտեմբերի 20-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ մինչև ժամը 18:00-ն: ԿԸՀ-ն սեպտեմբերի 20-ի նիստում սահմանել է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների միջև։ Ֆերիկ համայնքի ընտրությունների համար կազմավորվել է մեկ տեղամաս, «ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով բաշխումը կատարվել է հետևյալ համամասնությամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ մեկ նախագահ, «Հայաստան» դաշինք՝ մեկ քարտուղար»,-ասված է հաղորդագրության մեջ։  
11:16 - 23 սեպտեմբերի, 2024
Էկոնոմիկայի փոխնախարարն ու Չու Դոնգյուն այցելել են Արմավիրի մարզում գտնվող խաղողի ազգային կոլեկցիոն այգի

Էկոնոմիկայի փոխնախարարն ու Չու Դոնգյուն այցելել են Արմավիրի մարզում գտնվող խաղողի ազգային կոլեկցիոն այգի

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Չու Դոնգյուի հետ այցելել է Արմավիրի մարզում գտնվող խաղողի ազգային կոլեկցիոն այգի: Այցին մասնակցել է նաև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Այգին հիմնվել է 2016 թվականին՝ ՄԱԿ ՊԳԿ «Տեխնիկական աջակցություն խաղողի ֆիլոքսերադիմացկուն հավաստագրված տնկանյութի արտադրությանը» ծրագրի շրջանակներում։ Այն Հայաստանում խաղողի միակ ամբողջական կոլեկցիոն այգին է, որտեղ առկա են հայկական խաղողի շուրջ 400 գենոտիպեր։ Վերջին տարիներին հիմնովին վերատնկվել և բարեկարգվել են այգու հենասյուները, նորոգվել է տարածքի ցանկապատը, փոխվել են այգու շարքերի լարերը, պարբերաբար կատարվում են հողի հարթեցման ու փխրեցման և մի շարք այլ աշխատանքներ։ Չու Դոնգյուն և կազմակերպության մյուս անդամները ծանոթացել են այգում կատարված և շարունակական բնույթ կրող բարեկարգման աշխատանքներին։ Այցի ընթացքում Արման Խոջոյանն ու Չու Դոնգյուի գլխավորած պատվիրակությունը եղել են նաև ՄԱԿ ՊԳԿ աջակցությամբ Վեդու թիվ 1 հիմնական դպրոցում հիմնած ջերմատանն ու չրանոցում։
11:33 - 05 սեպտեմբերի, 2024
Տեղեկատվությունը, թե «Արմավիրի մարզում Արևմտյան Նեղոսի տենդից 3 մարդ է մահացել», հաստատված չէ․ ԱՆ

Տեղեկատվությունը, թե «Արմավիրի մարզում Արևմտյան Նեղոսի տենդից 3 մարդ է մահացել», հաստատված չէ․ ԱՆ

Այսօր «Հետք» լրատվական կայքում հրապարակած տեղեկատվությունը, թե «Արմավիրի մարզում Արևմտյան Նեղոսի տենդից 3 մարդ է մահացել», հաստատված չէ, քանի որ դեռևս արձանագրված չէ մահվան դեպքերի պատճառաբանական կապը հիվանդության հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Առողջապահության նախարարությունը։  ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը ամեն շաբաթ թարմացնում է Արևմտյան Նեղոսի տենդով պայմանավորված համաճարակային իրավիճակի մասին տեղեկատվությունը։ Նշենք, որ «Հետքը», հղվելով Արմավիրի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ասթինե Ապիտոնյանին, գրել էր, որ Արմավիրի մարզում վերջին երկու ամսվա ընթացքում 51 մարդու մոտ հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդությունը, արձանագրվել՝ 3 մարդու մահ, որից 2-ը՝ Արմավիր քաղաքում, մեկը՝ Տանձուտ գյուղում։ 
17:20 - 04 սեպտեմբերի, 2024
Արմավիրի մարզում Արևմտյան Նեղոսի տենդից 3 մարդ է մահացել
 |hetq.am|

Արմավիրի մարզում Արևմտյան Նեղոսի տենդից 3 մարդ է մահացել |hetq.am|

hetq.am: Արմավիրի մարզում վերջին երկու ամսվա ընթացքում 51 մարդու մոտ հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդությունը, արձանագրվել՝ 3 մարդու մահ, որից 2-ը՝ Արմավիր քաղաքում, մեկը՝ Տանձուտ գյուղում։ Մահացած անձինք եղել են մեծահասակներ և ունեցել են ուղեկցող հիվանդություններ։ Արմավիրի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ասթինե Ապիտոնյանն այսօր մարզխորհրդի նիստի ժամանակ հայտնեց, որ հիվանդությունը մարզում տարածվել է 2024թ․ հուլիսի 4-ից մինչև սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում։ Հիվանդության հիմնական դեպքերն արձանագրվել են Արմավիր և Մեծամոր համայնքներում։ Ասթինե Ապիտոնյանի խոսքերով՝ սեպտեմբեր ամսին Արարատյան դաշտավայրում ևս շոգ է, սպասվում է, որ հիվանդների թիվը կավելանա։ Մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ա․ Ապիտոնյանը խնդրեց Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանին հանձնարարություն տալ համապատասխան ստորաբաժանումներին, համայնքի ղեկավարներին, որ միջոցառումներ իրականացնեն։ Մասնավորապես՝ չորացնեն համայնքում առկա տնտեսական նշանակություն չունեցող ջրային կուտակումները, ախտահանեն տարածքները, իրականացնեն միջատասպան միջոցառումներ, ուշադրություն դարձնեն բազմաբնակարան շենքերի աղբատար համակարգերի մաքրությանը, ինչպես նաև ցանցերով ապահովեն ուսումնական հաստատությունների պատուհանները։ Վարչության պետը կարևորեց նաև բնակչության իրազեկումը, որ նրանք էլ իրենց բակային հատվածներում պայմաններ չստեղծեն միջատների բազմացման համար և իրականացնեն պայքարի միջոցառումներ։ Ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալների՝ օգոստոսի 30-ի դրությամբ Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 92 դեպք է հաստատվել։ «Հետքը» գրել է, որ Հայաստանում տարբեր տվյալներով 35-42 տեսակի մոծակ կա: Մոծակները բազմաթիվ վիրուսային, բակտերիալ, մի շարք մակաբուծային (պարազիտային) հիվանդություններ փոխանցողներ են: Հետևաբար, դրանցից զգուշանալ պետք է, քանի որ, մասնագետի փոխանցմամբ՝ չգիտես, թե ինչ կարող են փոխանցել: Հայաստանում լավ ուսումնասիրված է Արարատյան դաշտը, որտեղ մոծակների հետաքրքիր ֆաունա կա: Բացի դրանից՝ այս հատվածը համարվում է մալարիածին օջախ: Այդտեղ հանդիպում է մալարիայի մոծակների (անոֆելես ցեղի) 6 տեսակ:
15:38 - 04 սեպտեմբերի, 2024
ԱՍՀ նախարարը ծանոթացել է Գեղակերտում և Ակնաշենում գտնվող համայնքային փոքր տների շինաշխատանքների ընթացքին

ԱՍՀ նախարարը ծանոթացել է Գեղակերտում և Ակնաշենում գտնվող համայնքային փոքր տների շինաշխատանքների ընթացքին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այցելել է Արմավիրի մարզի Գեղակերտ և Ակնաշեն համայնքներում գտնվող համայնքային փոքր տներ՝ իրականացվող վերանորոգման աշխատանքներին ծանոթանալու նպատակով։ ԱՍՀ նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարն Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի, Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի հետ նախ շրջայց է կատարել Գեղակերտի համայնքային փոքր տան տարածքում, ծանոթացել իրականացված վերանորոգման աշխատանքներին, ապա այցելել Ակնաշենում գտնվող փոքր տուն։  Նախարար Մկրտչյանը հույս է հայտնել, որ կենտրոնների շենքային նոր պայմանները հնարավորություն կտան հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովել ընտանեկանին մոտ միջավայր և նպաստել նրանց մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը։ Հիշեցնենք, որ համայնքային փոքր խմբային տներում նախատեսվում է շուրջօրյա խնամքի ծառայություներ տրամադրել հաշմանդամություն ունեցող, այդ թվում՝ մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձանց։ Կացարանով ապահովումից զատ՝ ծրագիրը նպատակ ունի շուրջօրյա խնամքի ու սոցիալական այլ ծառայությունների տրամադրման միջոցով նպաստել նրանց սոցիալական ներառմանը:
11:30 - 09 օգոստոսի, 2024
Ֆերիկ համայնքում տեղի կունենա համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով ընտրություն. ԿԸՀ

Ֆերիկ համայնքում տեղի կունենա համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով ընտրություն. ԿԸՀ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 8–րդ մասի 2–րդ պարբերությամբ, ինչպես նաև հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում մեծամասնական ընտրակարգով համայնքի ղեկավարի ընտրություն նշանակելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ստացված Արմավիրի մարզպետի որոշումը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է. Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում տեղի կունենա համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություն: «Նշված համայնքներում քվեարկությունը կանցկացվի 2024 թվականի հոկտեմբերի  20-ին։ Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչև 2024 թվականի հոկտեմբերի 6-ը ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնել՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կամ համապատասխան տարածքային անձնագրային ծառայություն: Թեկնածուների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը թիվ 15 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում են՝ 2024 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև սեպտեմբերի 20-ը՝ մինչև ժամը 18:00-ն: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2024 թվականի սեպտեմբերի 20-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ մինչև ժամը 18:00-ն: Մեծամասնական ընտրակարգով անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների 2024 թվականի հոկտեմբերի 20-ին կայանալիք ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցին կարելի է ծանոթանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am»,- ասված է հաղորդագրության մեջ:
13:40 - 07 օգոստոսի, 2024