ՀՀ զինված ուժեր

Հայաստանի անվտանգությունը, պաշտպանությունը եւ տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը պաշտպանող պետական ռազմական հաստատություն:

Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։ ՀՀ զինված ուժերը կազմված են հետեւյալ մասնագիտացված զորքերից. ցամաքային զորքեր, ռազմաօդային ուժեր, հակաօդային պաշտպանության զորքեր: Ցամաքային զորքերն իրենց հերթին բաղկացած են հետեւյալ զորատեսակներից. մոտոհրաձգային զորքեր, տանկային զորքեր, հրթիռային զորքեր եւ հրետանի, օդադեսանտային զորքեր, ինժեներական զորքեր, կապի զորքեր։

Զինված ուժերը կառավարվում են Պաշտպանության նախարարության եւ Գլխավոր շտաբի կողմից։ Գործող պաշտպանության նախարարը Վաղարշակ Հարությունյանն է, Գլխավոր շտաբի պետը՝ Օնիկ Գասպարյանը։ Ռազմական դրության եւ պատերազմի պայմաններում զինված ուժերը ենթարկվում են վարչապետին։

Երասխի հատվածում առաջարկել ենք, որ Ադրբեջանը մի քանի դիրք հետ քաշի մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք հետ քաշենք իրենց տարածքից․ Նիկոլ Փաշինյան

Երասխի հատվածում առաջարկել ենք, որ Ադրբեջանը մի քանի դիրք հետ քաշի մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք հետ քաշենք իրենց տարածքից․ Նիկոլ Փաշինյան

Իրավիճակն աշխարհում և տարածաշրջանում լարված է, և մենք մեզ պատասխանատու ենք համարում այդ լարվածությունը նվազեցնելու և հիմնարար լուծումներ գտնելու հարցում։ Այս մասին կառավարության նիստից առաջ ելույթ ունենալիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այս առումով մենք կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները պետք է սկսել օր առաջ։ Ընդ որում՝ պետք է արձանագրել նաև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքները արագացնելու անհրաժեշտությունը՝ սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնող քայլերին զուգահեռ»,- ասաց նա։ Վարչապետը հիշեցրեց, որ հայկական կողմը հանդես է եկել սահմանից զորքերի հայելային հետքաշման առաջարկով՝ որպես հետքաշման կողմնորոշիչ նկատի ունենալով խորհրդային ժամանակների Հայաստանի և Ադրբեջանյի դե յուրե հաստատված սահմանագիծը։ «Բացի ամբողջական հետքաշումից՝ մենք հանդես ենք եկել նաև տեղային հետքաշումների առաջարկով և այստեղ էլ սպասում ենք Ադրբեջանի արձագանքին։ Մասնավորապես՝ Երասխի հատվածում առաջարկել ենք, որ իրենք մի քանի դիրք հետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք հետ քաշենք իրենց տարածքից։ Այսպիսով՝ երկուստեք կլուծենք վերջին մեկուկես տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը։ Սպասում ենք Ադրբեջանի արձագանքին»,- հայտարարեց Փաշինյանը։ Նա նաև հավելեց, որ այդպես էլ չհասկացան՝ Ադրբեջանը ուզո՞ւմ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, թե՞ ոչ․ «Եթե ուզում է, մեր առաջարկները շարունակում են ուժի մեջ մնալ, և մենք պատրաստ ենք անցնելու դրանց իրագործմանը ցանկացած պահի, բառացիորեն ցանկացած պահի»։
12:34 - 24 մարտի, 2022
Պահեստազորի վարժական հավաքներ կիրականացվեն

Պահեստազորի վարժական հավաքներ կիրականացվեն

Ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ կիրականացվեն: Որոշումն ընդունվեց կառավարության մարտի 10-ի նիստում։ Վարժական հավաքներին կներգրավվի 724 քաղաքացի, որոնցից 566-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 30-ը` ավագ ենթասպայական կազմի, 128-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:   Վարժական հավաքներին կներգրավվեն՝  մոտոհրաձգային մասնագիտություններով՝ մինչև 72 պահեստազորային, հրթիռահրետանային մասնագիտություններով՝ մինչև 469 պահեստազորային, հետախուզական մասնագիտություններով՝ մինչև 32 պահեստազորային, ինժեներական մասնագիտություններով՝ մինչև 31 պահեստազորային, տեխնիկական մասնագիտություններով՝ մինչև 73 պահեստազորային, թիկունքային մասնագիտություններով՝ մինչև 47 պահեստազորային։ Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Հավաքներին կներգրավեն մինչև 1400 քաղաքացու, որոնցից 1205-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 65-ը` ավագ ենթասպայական կազմի, 130-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռահրետանային մասնագիտություններով:   Բացի այդ, վարժական հավաքների ապահովման համար երեք ամսով՝ ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվի մինչև 136 միավոր տրանսպորտային միջոց։ Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, կնքված պայմանագրի համաձայն՝ մարտական հերթապահության ներգրավման նպատակով:
13:04 - 10 մարտի, 2022
Երեկ ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքից հետո իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է․ ՊՆ

Երեկ ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքից հետո իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է․ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել հայ-ադրբեջանական սահմանի այս կամ այն հատվածում ՀՀ զինված ուժերի կողմից ադրբեջանական ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, մասնավորապես, մարտի 8-ին Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել, թե նույն օրը, առավոտյան, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ «Այս տեղեկությունը նույնպես չի համապատասխանում իրականությանը։ Մարտի 7-ին, սահմանի նույն ուղղությամբ ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքից հետո իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո»,- ասվում է հաղորդագրությունում։
11:27 - 08 մարտի, 2022
Պատգամավորն առաջարկում է հեշտացնել պայմանագրային զինծառայողներին տան վարձավճարի փոխհատուցում տալու կարգը |armenpress.am|

Պատգամավորն առաջարկում է հեշտացնել պայմանագրային զինծառայողներին տան վարձավճարի փոխհատուցում տալու կարգը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը քննարկում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով պատգամավորն առաջարկում է պայմանագրային զինծաայողները միայն կադաստրի եզրակացությամբ տալ վարձավճարի փոխհատուցում: Նա առաջարկում է օրենքը խմբագրել հետևյալ կերպ՝  ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում պայմանագրային զինծառայողներին հաշվարկվում է ամսական դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափերով: «Այսօր պայմանագրային զինծառայողներին սոցիալական երաշխիքների անվան տակ տրվող գումարները վարձավճարի համար դառնում են պատուհաս զինծառայողների համար: Այսինքն՝ զինծառառյողները ապրում են վարձով և նաև դատապարտվում խարդախության համար»,-ասաց պատգամավորը: Թովմասյանի խոսքով՝ տան վարձակալության պայմանագիր չունենալով՝ զինծառայողը ստիպված է լինում ուրիշ տան համար կնքել պայմանագիր, բերել այդ վարձակալության պայմանագիրը՝ նոտարով սահմանված կարգով և ստանալ վարձավճարի փոխհատուցում: Պատգամավորի գրությանն ի պատասխան դատախազությունից հայտնել են, որ 81 քաղաքացու նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ խարդախության հոդվածով: «Այսինքն՝ զինծառայողը վարձով ապրելու համար խարդախության հոդվածով դատվում է: Եվ որպեսզի այս իրավիճակը կանխենք, և այդ 81 հոգին չդառնան 800 կամ 8000, առաջարկում եմ, որ այսուհետ ոչ թե զինծառայողից պահանջենք նոտարական վավերացմամբ փաստաթուղթ՝ վարձակալության անհրաժեշտ վկայականը, այլ միայն կադաստրի կողմից տրված տեղեկանքը որ զինծառայողն իր բնակության վայրից 30 կմ շառավղով որևէ սեփականություն չունի, համարվի բավարար»,-ասաց Թովմասյանը: Պատգամավորը նշեց՝ հիմա զինծառայողներին դատում են՝ այդ խնդրի համար, վարձով ապրելու համար, բայց ԱԺ դահլիճում նստած են պատգամավորներ, որոնք ապրում են իրենց կնոջ տանը և ստանում  են տան վարձավճարի փոխհատուցում, բայց նրանք չեն դատապարտվում: «Հիմա ստացվում է, որ պատգամավորին կարելի է, զինծառայողին ոչ: Առաջարկում եմ օրենսդրական այս նախաձեռնությամբ այդ խութերը վերացնել»,-ասաց նա: ՔՊ-ից Բաբկեն Թունյանն էլ նշեց՝ խնդիր կա, սակայն նա այլ տեղ է տեսնում դա: «Խնդիրը նրա մեջ է, որ այն մարդիկ, որոնք վարձով բնակարաններ են տալիս զինծառայողներին, պայմանագիր չեն կնքում, որովհետև չեն ցանկանում, որ այդ գործարքը գրանցվի, այսինքն՝ ցանկանում են հարկ չվճարել պետությանը»,-ասաց պատգամավորը: Անդրադառնալով Թովմասյանի մտքին, որ զինվորականները դատվում են վարձով բնակվելու համար, իսկ պատգամավորները՝ ոչ, ասաց. «Զինվորականները ոչ թե վարձով բնակվելու համար են դատվում, այլ այդ պայմաններին ապահովելու պատճառով կեղծ պայմանագիր կնքելով: Նաև ուզում եմ ասել, որ պատգամավորները փոխհատուցումը ստանում են միայն այն դեպքում, երբ վարձակալության պայմանագիրը ներկայացնում են»:
16:05 - 04 մարտի, 2022
Որևէ մեկը չի կարող հրաժարվել պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով գալուց. Քոչարյան |armenpress.am|

Որևէ մեկը չի կարող հրաժարվել պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով գալուց. Քոչարյան |armenpress.am|

armenpress.am: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում է՝ նիստերին հրավիրվող որևէ անձ չի կարող չներկայանալ: Քոչարյանն այս մասին ասաց քննիչ հանձնաժողովի կողմից կազմակերպված աշխատանքային քննարկման բաց հատվածում: Քոչարյանը հայտնեց, որ մասնակցում են անհետ կորած համարվողների, զոհված զինծառայողների ծնողների կողմից պատվիրակված անդամներ, անկախ խորհրդատուների կարգավիճակով մասնակցում են Արտակ Գասպարյանը, Գարիկ Մխիթարյանը: Ներկա էր նաև Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը՝ որպես անկախ խորհրդատու: Փակ նիստերը տեսանկարահանվում են, որոնք արխիվացվում են, Քոչարյանը վստահեցրեց, որ որևէ դրվագ չի կորելու: Ըստ նրա՝ հանձնաժողովի աշխատանքներին անձանց հրավիրում են ըստ անհրաժեշտության: Քոչարյանի խոսքով՝ եթե կա անհրաժեշտություն, որ որևէ մեկը գա հանձնաժողով, ապա պետք է գա: «Որևէ մեկը չի կարող հրաժարվել այստեղ գալուց: Շատերը փորձում են քաղաքականացնել այս թեման, ասել, թե չեն ուզում գալ, հանձնաժողովը լեգիտիմ չէ: Ոչ, լեգիտիմ է ի սկզբանե, քանի որ սա սահմանադրական պահանջ է: Ավելին՝ շատ ավելի լեգիտիմ է, որովհետև առաջին անգամ մեր հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու են զոհվածների հարազատների պատվիրակած անդամներ»,-ասաց Քոչարյանը: Ինչ-որ պարբերականությամբ հանձնաժողովի նախագահը անդամների թույլտվությամբ լրագրողներին կներկայացնի որոշ տեղեկություններ: Նա միևնույն ժամանակ շեշտեց, որ Պետական գաղտնիքի մասին օրենքն աշխատելու է ամբողջ ծավալով: «Դժվար է ասել, թե եզրակացությանը երբ կհասնենք, բայց այդ եզրակացությունը պետք է լինի հնարավորինս անթերի: Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում ունեցանք եզրակացություն, բայց հիմնական դժգոհությունը, որ եղավ այն էր, որ եզրակացությունը հասարակությանը անհասանելի եղավ, բայց պետական կառույցներին դա եղավ հասանելի: Եվ կարծում եմ, որ որոշ ժամանակ հետո հասանելի կլինի նաև հասարակությանը»,-ասաց Քոչարյանը: Անդրադառնալով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությանը, թե ինքը չի պատրաստվում գնալ հանձնաժողովի նիստերին՝ Քոչարյանը կարծիք հայտնեց, որ Հակոբյանը ժամանակ կունենա իր հայտարարությունը հետ վերցնելու: «Այդ աշխատանքների բարոյական կարևորությունը շատ մեծ է: Պարոն Հակոբյանը, համոզված եմ, անպայման կգա հանձնաժողով: Հակառակ դեպքում նա պետք է հանրայնորեն պատասխանի այն հարցերին, որը պետք է իրեն տրվեր»,-ասաց Քոչարյանը՝ Հակոբյանին և առհասարակ բոլոր պաշտոնյաներին հորդորելով նման հայտարարություն չանել: Աշխատանքային քննարկումը շարունակվեց փակ ֆորմատով:
13:37 - 21 փետրվարի, 2022
Օրենսդրական նախաձեռնություն. պատերազմում զոհված զինվորների եղբայրները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից

Օրենսդրական նախաձեռնություն. պատերազմում զոհված զինվորների եղբայրները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից

Փետրվարի 17-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն  կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը սահմանում է, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերից է ընտանիքի միակ արու զավակ լինելը և միաժամանակ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների կամ ՀՀ զինված ուժերում կամ այլ զորքերում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր ունենալը: Գործող օրենքի կարգավորումներով զինվորական ծառայությունից ազատվելու պարտադիր պայման է նաև ընտանիքում միակ արու զավակ լինելը: Ըստ հիմնավորման՝ ունենք հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների կրտսեր եղբայրներ, որոնք ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, քանի որ ընտանիքի միակ արու զավակը չեն: Նրանցից շատերի ծնողները ծանր հոգեբանական և սոցիալական վիճակում են, չեն ցանկանում իրենց կրտսեր որդուն ևս ուղարկել զինվորական ծառայության: Կառավարությունն առաջարկում է, մասնավորապես, 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ 3) ունի ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր, կամ որն ընտանիքի միակ արու զավակն է և ունի ՀՀ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ ՀՀ միջազգային պայմանագրերով ՀՀ-ում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր»։
16:04 - 17 փետրվարի, 2022
Պաշտպանության նախարարը հարավային ուղղության զորամասերում շրջայց է կատարել

Պաշտպանության նախարարը հարավային ուղղության զորամասերում շրջայց է կատարել

Փետրվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային շրջայց է կատարել  հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված  մի շարք զորամասերում: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ Սուրեն Պապիկյանը հետևել է ծառայության կազմակերպման և մարտավարամասնագիտական պատրաստության միջոցառումների, զորամասերում ընթացող  շինարարական աշխատանքների ընթացքին:  Պաշտպանական գերատեսչության ղեկավարն  առանձնահատուկ  ուշադրություն է դարձրել  զորամասերի սոցիալ- կենցաղային պայմաններին, ինչպես նաև զինծառայողների սննդի կազմակերպման  խնդիրներին:   Նույն օրը նախարարը եղել է նաև Զանգեզուրի կայազորային հոսպիտալում։ Սուրեն Պապիկյանին ներկայացվել է անհրաժեշտ դեղորայքով ապահովվածության, ինչպես նաև ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցվածության մակարդակը: Պաշտպանության նախարարը զրուցել է հոսպիտալում ապաքինվող զինծառայողների  հետ,  առողջություն և շուտափույթ  ապաքինում մաղթել:
11:39 - 08 փետրվարի, 2022
Պատճառը կորոնավիրուսն էր. փոխնախարարը՝ Բանակի 30-ամյակի միջոցառումը հետաձգելու մասին |armenpress.am|

Պատճառը կորոնավիրուսն էր. փոխնախարարը՝ Բանակի 30-ամյակի միջոցառումը հետաձգելու մասին |armenpress.am|

armenpress.am: Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված միջոցառումը առկախվել է ժամանակավոր՝ կորոնավիրուսի պատճառով: Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ չնշվեց բանակի 30-ամյակը: Նա հիշեցրեց կորոնավիրուսի՝ օրական գրանցվող դեպքերի մասին: «Գիտեմ, որ առկախվել է և ժամանակավոր: Տեսնենք՝ երբ կնշվի»,-ասաց Սարգսյանը: Փոխնախարարը վստահեցրեց, որ կատարվել էին նախապատրաստական աշխատանքներ, հրավիրատոմսեր էին ուղարկվել, նաև մի շարք միջոցառումներ էին նախատեսել, որոնք ուղղակի կասեցվել են:   Նա նշեց. «ՊՆ-ում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են նախորդ տարվա կատարված աշխատանքները, դրանից հետո երկրորդ հանդիսավոր մասում՝ նաև շնորհակալական խոսքեր, շնորհավորանք 30-ամյակի կապակցությամբ: Սակայն սա կարելի էր համարել համազգային տոն, և այդ տրամաբանությամբ էլ սկսվել էին նախապատրաստական աշխատանքները, սակայն ինչ-ինչ օբյեկտիվ պատճառներով հետաձգվեցին»: Հարցին՝ պատճառը կորոնավիրո՞ւսն էր, նա ասաց՝ ենթադրաբար այո: «Օրեցօր շատանում է, բանակում էլ ունենք խնդիրներ, բոլոր տեղերում էլ այդ խնդիրը դարձել է ավելի ցայտուն և տեսանելի»,-եզրափակեց նա:
16:08 - 03 փետրվարի, 2022
Եթե ահազանգը համապատասխանում է իրականությանը, կհետևեն խիստ պատիժներ. փոխնախարարը՝ նորակոչիկի՝ զորամասը լքելու դեպքի մասին |armenpress.am|

Եթե ահազանգը համապատասխանում է իրականությանը, կհետևեն խիստ պատիժներ. փոխնախարարը՝ նորակոչիկի՝ զորամասը լքելու դեպքի մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ պաշտպանության նախարարը, ողջ գերատեսչությունը շահագրգիռ է, որ նորակոչիկի՝ զորամասն ինքնակամ լքելու դեպքի հետ կապված իրականությունը պարզվի, փաստի առիթով սկսվել է քննություն: Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով շրջանառվող տեղեկատվությանը, որ Կապանի զորամասերից մեկում հրամանատարական կազմը բռնության է ենթարկել նորակոչիկին՝ ստպելով մաքրել սանհանգույցը, վերջինս էլ փախուստի է դիմել: «Ունենք զորամասն ինքնակամ թողած զինվոր: Այդ փաստի առթիվ սկսվել է քննություն, որի շրջանակներում գնահատական կտրվի նաև այն հանգամանքին, թե ինչն էր զորամասն ինքնակամ թողնելու պատճառ հանդիսացել: Եթե կպարզվի, որ տվյալ բարձրացված ահազանգը համապատասխանում է իրականությանը, դրան կհետևեն խիստ պատիժներ: Մեզ էլ է մտահոգում, վերջին ժամանակահատվածում, կարելի է ասել, տարիներ շարունակ մենք նման բան չէինք լսել, որ այսպիսի խնդիրներ կան: Եթե կա, հետևապես բազմակողմանի օբյեկտիվ քննության շրջանակներում նաև ուսումնասիրության առարկա կդառնա իր կողմից նշված հանգամանքը»,-ասաց փոխնախարարը: Քանի որ քննություն է ընթանում, Սարգսյանն այլ մանրասմաներ չներկայացրեց՝ վստահեցնելով, որ ՊՆ-ի համար ձեռնտու է, որ բոլոր հանգամանքներն ի հայտ գան՝ հատկապես, եթե դրանք պարունակում են ճշմարտություն՝ կապված զինվորի նկատմամբ բռնություն կիրառելու հետ: Անդրադառնալով տվյալ դեպքից հետ կապված հարազատների ահազանգերին՝ նա ասաց, որ լինում են դեպքեր, երբ զինվորը ինչ-որ պատճառով լքում է զորամասը, սակայն որպես պատճառաբանություն բերում է հրամանատարի, ծառայակիցների կոպիտ խոսքը, սակայն վերջում պարզվում է մեկ այլ բան: «Պաշտպանությանն նախարարից սկսած ամբողջ  գերատեսչությունը, բոլորը շահագրգռված են, որ պարզվի իրականությունը: Եվ, եթե իրականում լինի զինվորի նկատմամբ փոքր-ինչ բռնության գործադրման փաստ, ապա կտեսնեք դրա հետևանքները»,-ասաց Սարգսյանը: Նրա խոսքով՝ զինվորը ներկայացվել է քննության, ամբողջը կպարզվի:
15:40 - 03 փետրվարի, 2022
Ահազանգ եմ ստացել, որ Կապանի զորամասում նսեմացրել են նորակոչիկին․ այժմ նրա գտնվելու վայրը հայտնի չէ․ Թագուհի Թովմասյան

Ահազանգ եմ ստացել, որ Կապանի զորամասում նսեմացրել են նորակոչիկին․ այժմ նրա գտնվելու վայրը հայտնի չէ․ Թագուհի Թովմասյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ահազանգ եմ ստացել, որ Կապանի զորամասերից մեկում հրամանատարական կազմը նսեմացրել և բռնության է ենթարկել նորակոչիկին՝ ստիպելով մաքրել սանհանգույցը, ինչի արդյունքում էլ նորակոչիկը փախուստի է դիմել։ Անմիջապես հանձնարարել եմ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագտներին կապ հաստատել թե՛ Պաշտպանության նախարարության, թե՛ զինվորի հարազատների հետ։ Նորակոչիկի հարազատները նշել են, որ վերջինս բանակ է զորակոչվել հունվարի 31-ին, փետրվարի 1-ի առավոտյան նրան և ևս երկու զինվորի ստիպել են մաքրություն իրականացնել, իրենք հրաժարվել են, որի արդյունքում ծեծել են, թույլ չեն տվել ճաշարանից օգտվել, քնել, ջուր խմել և այլն: Զինվորը կապ է հաստատել հարազատների հետ, պատմել հանգամանքները, որից հետո զինվորի հետ կապը կորել է․ վերջինս փախուստի է դիմել, իսկ ծեծի մասին ահազանգել է 2-րդ զինվորը։ Հարազատները պատմել են նաև, որ ՊՆ-ն և տվյալ զորամասի հրամանատարական կազմը ներողություն են խնդրել իրենցից, ընդունել են, որ տարածքում մաքրություն անելու պարտադրանք եղել է, իրենց խոսքով, մեկ անգամ խփել են զինվորին, բայց սանհանգույցի մաքրության մասին խոսք չի գնացել։ Կապ ենք հաստատել նաև ՊՆ Մարդու իրավունքների բարեվարքության վարչության պետի հետ, ով հայտնել է, որ տեղյակ է խնդրից, խոսել է Կապանի ռազմական ոստիկանության աշխատակիցների հետ․ զինվորին միայն հորդորել են մաքրել իրեն հատկացված տարածքը, այլ պարտադրանք և ծեծ չի եղել։ Դեպքի առթիվ ծառայողական քննություն է ընթանում։ Իսկ զինվորի գտնվելու վայրը հայտնի չէ։ Մեր փորձագետները զրուցել են նաև Կապանի զորամասի հրամանատարի հետ, ով պատմել է, որ զինվորը բոլորի ներկայությամբ հայտարարել է, որ ինքը չի պատրաստվում մաքրություն իրականացնել, որից հետո հրամանատարը հրավիրել է զինվորներին իր աշխատասենյակ, բացատրական աշխատանքներ է իրականացրել, զինվորների ներկայությամբ հրամանատարն անձամբ մաքրել է իր սենյակը՝ ցույց տալու համար, որ դա յուրաքանչյուրի պարտականությունն է, և պարսավելի ոչինչ չկա, որի արդյունքում էլ նորակոչիկները վստահեցրել են, թե նման խնդիր այլևս չի լինի, սակայն աշխատասենյակը լքելուց հետո, երբ վաշտի հրամանատարը նրանց հորդորել է իրենց հատկացված տարածքը մաքրել, նրանք հրաժարվել են, և վերոնշյալ զինվորը լքել է զորամասը։ Լսելով բոլոր կողմերի բացատրությունները, պետք է արձանագրել, որ նման դեպքերը բանակում անթույլատրելի են և պետք է իսպառ վերացվեն: Համաձայն Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին ՀՀ օրենքի 1-3 հոդվածների պահանջների՝ զորամասում զինծառայողների ամենօրյա կյանքն ու գործունեությունն իրականացվում է ներքին ծառայության պահանջներին համապատասխան։ Զինվորական ծառայության կատարման սկզբում զինծառայողը կարիք ունի հատուկ ուշադրության: Հրամանատարների (պետերի) խիստ վերահսկողությունը և նրանց անձնական օրինակը օգնում են զինծառայողին արագորեն ընկալելու ներքին ծառայության կանոնները: Համաձայն Օրենքի 13-րդ հոդվածի պահանջների՝ ՀՀ զինված ուժերի զինծառայողը ծառայության ժամանակ ղեկավարվում է օրենքների, զինվորական կանոնադրությունների պահանջներով և հրամանատարների հրամաններով: Ի թիվս այլնի՝ զինծառայողը պարտավոր է՝ բարձր պահել զինվորական ընկերասիրությունը, նրանց օգնել խոսքով ու գործով, հարգել նրանցից յուրաքանչյուրի պատիվն ու արժանապատվությունը, իր և ուրիշ զինծառայողների նկատմամբ թույլ չտալ կոպտություն և ծաղրուծանակ, նրանց հեռու պահել անարժան արարքներից: Ինչ վերաբերվում է զորամասում զինվորների կողմից մաքրության ապահովմանը, գտնում եմ, որ այդ աշխատանքների կատարումը պետք է կազմակերպվի Օրենքի դրույթներին խիստ համապատասխան՝ հարգելով յուրաքանչյուր մարդու արժանապատվությունը (ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդված), ինչպես նաև խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի արգելքը սահմանող Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի դրույթները»:
11:18 - 03 փետրվարի, 2022
Գերությունից վերադարձած ևս մեկ զինծառայող ազատ կարձակվի․ կալանքը երկարացնելու միջնորդությունը մերժվել է |factor.am|

Գերությունից վերադարձած ևս մեկ զինծառայող ազատ կարձակվի․ կալանքը երկարացնելու միջնորդությունը մերժվել է |factor.am|

factor.am: Նոյեմբերի 26-ին ադրբեջանական գերությունից հայրենադարձված ենթասպա Արեն Արամյանը փետրվարի 6-ին կլինի ազատության մեջ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, մերժել է Արամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին տեղեկացնում է Արամյանի պաշտպանի Արա Կարապետյանը։ «Դատարանը մերժեց Արեն Արամյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը։ Փետրվարի 6-ին նախկին ռազմագերին և հայրենիքի համար կռիվ տված զինծառայողն ազատ կարձակվի։ Այս կարևոր որոշումը կայացրեց դատավոր Արղամանյանը։ Հարգանքներս Արենի համար բոլոր մտահոգ անձանց»,- նշել է փաստաբանը։ Դեկտեմբերի 6-ին Արեն Արամյանը ձերբակալվել է ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակում, ապա վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել և կալանավորման միջնորդություն ներկայացրել, ինչը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը բավարարել է։ Արեն Արամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։
17:15 - 01 փետրվարի, 2022
Կին զինծառայողներն ունեն առաջխաղացման խոչընդոտներ. ՄԻՊ

Կին զինծառայողներն ունեն առաջխաղացման խոչընդոտներ. ՄԻՊ

Հայաստանում կին զինծառայողներն ունեն առաջխաղացման խոչընդոտներ, չկան երաշխիքներ ամուսնացած կամ հղի կանանց համար: ՀՀ ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ օրենսդրությունը հիմնականում սեռով պայմանավորված չեզոք է, սակայն հստակ երաշխիքների պակասը (նաև բացակայությունը) բերում է նրան, որ գործնականում ոչ միշտ են հաշվի առնվում սեռային առանձնահատկությունները Զինված ուժերում: Սա կին զինծառայողներին հաճախ է կանգնեցնում խոչընդոտների առջև: ՄԻՊ-ը պնդում է, որ օրենքը պետք է լրացուցիչ երաշխիքներ նախատեսի զինվորական ծառայություն անցնող կանանց համար: «Չնայած ՊՆ և ԳՇ իրավասու ստորաբաժանումները կին զինծառայողների իրավունքների ապահովման ուղղությամբ կատարել են որոշակի աշխատանք, այդուհանդերձ կան օրենսդրական խոչընդոտներ, որոնք Զինված ուժերում հանգեցնում են կանանց իրավունքների ոտնահարումների:  Թեև Հայաստանում կանայք կրթությամբ չեն զիջում տղամարդկանց՝ Զինված ուժերում կին զինծառայողների տոկոսային հարաբերակցությունը՝ տղամարդ զինծառայողների համեմատությամբ, բավական ցածր է: Այս մասին են վկայում նաև Պաշտպանության նախարարության տվյալները: Զինված ուժերում ներգրավվածության փորձի բացակայության պարագայում կանայք ավելի քիչ են հնարավորություն ունենանում արտահայտելու իրենց կարծիքը անվտանգությանն առնչվող խնդիրների վերաբերյալ: Շատ ժամանակ նրանք ներգրավված չեն զինվորական ստորաբաժանումներում որոշումների կայացմանը: Դրանից բացի, հասարակությունում կա կարծրատիպային վերաբերմունք կին զինծառայողների նկատմամբ, և կանայք բավարար կերպով ներկայացված չեն զինվորական բարձր պաշտոններում: Ավելին՝ կին զինծառայողները հիմնականում զրկված են առաջխաղացման հնարավորությունից: Կանայք առավել մեծ թիվ են կազմում միայն շարքային կազմի և ավագ ենթասպայական կազմի պաշտոններում, մինչդեռ սպայական կազմում կին զինծառայողների հարաբերակցությունը բավական ցածր է»,-ասված է ՄԻՊ-ի հաղորդագրությունում: Նշվում է նաև, որ կին զինծառայողները բախվում են խոչընդոտների նաև սպայական կոչում ստանալիս: Այս մտահոգության մասին զորամասեր այցերի և  առանձնազրույցների ընթացքում ՄԻՊ-ին հայտնել են հենց կին զինծառայողները:  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը հնարավորություն չի տալիս երեխայի խնամքի համար արձակուրդի ժամանակահատվածը հաշվի առնել հերթական զինվորական կոչում շնորհելու համար: Սա այն խոչընդոտներից է, որի պատճառով կին զինծառայողները բավարար ներկայացված չեն բարձր պաշտոններում և հիմնականում զրկված են առաջխաղացման հնարավորությունից: Բացի այդ, նշված սահմանափակման հետևանքով կին զինծառայողները կարող են կանգնել մի կողմից՝ ընտանիք և երեխաներ, մյուս կողմից՝ աշխատանք և աշխատանքում առաջընթաց ունենալու երկընտրանքի առաջ: Զինվորական օրենսդրությամբ առկա չեն խրախուսական նորմեր այն կին զինծառայողների համար, ովքեր ունեն մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդից օգտվելու հնարավորություն, սակայն ծառայելու նպատակով այդ արձակուրդից իրենց ցանկությամբ չեն օգտվել: Հղի կին ծառայողների համար հատուկ հանդերձանք նախատեսված չէ: Մինչդեռ, հղի կանանց համազգեստի հարմարավետության տեսանկյունից, հաշվի առնելով նաև այլ երկրների փորձը, ճիշտ կլինի նրանց համար նախատեսել հատուկ համազգեստ: Որևէ իրավական ակտում հրապարակված չեն, թե որոնք են կանանց համար հասանելի զինվորական հաշվառման ենթակա մասնագիտությունները, ինչը խոչընդոտ է կանանց համար զինվորական հաշվառման նպատակով դիմելու և հետագայում զինվորական ծառայություն անցնելու համար: Կանանց զինվորական ծառայության խրախուսման տեսանկյունից կարևոր կլինի նաև ընդհանրապես ընտանեկան կյանքի առանձնահատկությունների հաշվառմամբ օրենսդրության վերանայումը: Օրինակ՝ համատեղ ծառայության բավարար օրենսդրական երաշխիքներ առկա չեն զինծառայող և քաղաքացիական ծառայող, ինչպես նաև տարբեր համակարգերում ծառայող ամուսինների համար: «Միևնույն ժամանակ, առկա չեն օրենսդրական երաշխիքներ պայմանագրային զինծառայողին ծառայության նոր վայր տեղափոխելու դեպքում նույն զորամասում քաղաքացիական հաստիք զբաղեցնող նրա ամուսնուն (կնոջը) նրա հետ ծառայության նոր վայր տեղափոխելու, ինչպես նաև տարբեր համակարգերում ծառայող ամուսիններից մեկին ծառայության նոր վայր տեղափոխելու դեպքում մյուս ամուսնուն հնարավորին մոտ զորամասում ծառայության տեղափոխելու վերաբերյալ: Նախատեսված չէ նաև զինծառայողին մինչև վեց ամիս ժամկետով վերապատրաստման գործուղելու դեպքում զինծառայող հանդիսացող նրա ամուսնուն (կնոջը) նրա հետ գործուղելու կամ դրա անհնարինության դեպքում՝ չվճարվող արձակուրդ տրամադրելու հնարավորություն: Ամուսինները ստիպված են ընտրություն կատարել՝ կամ հրաժարվել վերապատրաստման գործուղումից, կամ վերապատրաստման գործուղման ժամանակահատվածում բնակվել առանձին կամ վերապատրաստման գործուղվող զինծառայողի ամուսինը (կինը) ստիպված է ազատվել զինվորական ծառայությունից, որպեսզի ամուսնու (կնոջ) հետ միասին բնակվի»,-ասված է հաղորդագրությունում: Վերը նշված խնդիրները տարիներ շարունակ բարձրացվել են Մարդու իրավունքների պաշտպանի ինչպես տարեկան հաղորդումներով, այնպես էլ Պաշտպանության նախարարության և ԶՈՒ Գլխավոր շտաբի հետ քննարկումների ժամանակ: ՄԻՊ-ը համապատասխան առաջարակները կուղարկի Ազգային ժողով, այդ թվում՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, խմբակցություններին, ինչպես նաև Պաշտպանության նախարարություն:
12:28 - 01 փետրվարի, 2022
21 զինծառայողից 13-ը գերեվարվել է, 2-ին սպանել են, 3-ը շարունակում է գերի մնալ. մանրամասներ` նոյեմբերի 16-ի ռազմական գործողություններից․ ՔԿ

21 զինծառայողից 13-ը գերեվարվել է, 2-ին սպանել են, 3-ը շարունակում է գերի մնալ. մանրամասներ` նոյեմբերի 16-ի ռազմական գործողություններից․ ՔԿ

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է 2021 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանությանը հանձնված պաշտպանության շրջանի հենակետում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու (որն առաջացրել է ծանր հետևանքներ) փաստի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ, դրանք իրենց համակցության մեջ վերլուծությամբ և համատեղ գնահատմամբ պարզվել է, որ մայոր Գ.Գ.-ն, 2021 թվականի նոյեմբերի 16-ին իրականացնելով ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի հրամանատարի պաշտոնակատարի պարտականությունները, նշանակված լինելով որպես նույն գումարտակի պահպանությանը հանձնված պաշտպանության շրջանի պատասխանատու և ընդգրկված լինելով մարտական հերթապահությունում գումարտակի պահպանությանը հանձնված տեղամասում, նույն գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Ն.Ե.-ն նույն ժամանակ ընդգրկված լինելով մարտական հերթապահությունում որպես դիրքի ավագ, իսկ պայմանագրային զինծառայող, շարքային Ս.Մ.-ն իրականացնելով մարտական դիրքի դիտորդի պարտականությունները, խախտել են «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով, ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հաստատված մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման կանոնադրությամբ սահմանված կանոնները, որպիսի գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ. Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք, հրամանատարական դիտակետ հանդիսացող N մարտական դիրքն անցել է հակառակորդի վերահսկողության տակ, մարտական դիրքում գտնվող ընդհանուր 21 զինծառայողներից 13-ը գերեվարվել են հակառակորդի կողմից, նրանցից երկուսի՝ Տարոն Ջիվանի Սահակյանի և Արսեն Սենիկի Գասպարյանի սպանված դիերը, համապատասխանաբար, 2021թ. նոյեմբերի 17-ին և 19-ին փոխանցվել են հայկական կողմին։ Գերեվարված զինծառայողներից 8-ը հետագայում վերադարձվել են հայկական կողմին, ևս 3 ռազմագերիներ դեռևս պահվում են Ադրբեջանի Հանրապետությունում: Քրեական վարույթի շրջանակներում Գ.Գ.-ին, Ն.Ե.-ին և Ս.Մ-ին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարքի կատարում, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է կալանավորումը։ Նշված երեք անձանց մասով նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին: 2022 թվականի հունվարի 27-ին քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրենքով ուժի մեջ մտած դատավճռով: 
11:44 - 01 փետրվարի, 2022