Ռուբեն Հայրապետյան

Ռուբեն Ռաֆիկի Հայրապետյանը (մարտի 9, 1963, Երեւան) եղել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը 2002-2018 թվականներին, հայտնի է որպես Նեմեց Ռուբո։
 
1988թ․ ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը տնտեսագետի մասնագիտությամբ։ 1983-1985 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։
 2003, 2007 եւ 2012 թվականներին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր թիվ 1 ընտրատարածքից։ 2012 թ. հուլիսի 3-ին իր «Հարսնաքար» ռեստորանում սպա Վահե Ավետյանի մահվան դեպքից հետո վայր է դրել պատգամավորական մանդատը։ 
 
1980-1982 թթ. Երեւանի «Ալմաստ» գործարանում աշխատել է որպես էլեկտրամոնտյոր, 1985-1988 թթ. Երեւանի սննդի թիվ 7 միավորում՝ բանվոր, 1991-1993 թթ. «Հայծխախոտ» միավորում՝ տնօրենի տեղակալ, 1996-1999 թթ. եղել է Ավանի թաղապետ, 1998 թ.՝ «Հայծխախոտ» ԲԲԸ նախագահ, 2002-2018 թթ.` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, 2003 թ. - մինչեւ 2012 թ. ԱԺ պատգամավոր։ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
Ռուբեն Հայրապետյանի որդին չի կալանավորվի. դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը

Ռուբեն Հայրապետյանի որդին չի կալանավորվի. դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ա. Հովհաննիսյանի նախագահությամբ, մերժել է Ռուբեն Հայրապետյանի որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ «Այսօր Ռաֆիկ Հայրապետյանի ազատությունից զրկվելը հնարավոր չդարձավ միայն այն պատճառով, որ նրան մեղսագրված արարքներից միայն մեկով հաստատվեց հիմնավոր կասկածը և հաշվի առնելով, որ նա ունի երկու անչափահաս երեխա, հիմք ընդունելով 2018 թվականի համաներում հայտարարելու մասին օրենքի պահանջները՝ Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի դատավոր Ա.Հովհաննիսյանն առաջնորդվելով Վճռաբեկ դատարանի հանրահայտ որոշման պահանջներով կայացրեց միակ հնարավոր օրինական որոշումը՝ մերժելով կալանավորման միջնորդությունը: Այս իրավիճակում դատարանը չէր էլ կարող անդրադառնալ կալանավորման հիմքերին՝ այն հարցին, որ Ռաֆիկ Հայրաետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված: Համոզված եմ, որ ամեն ինչ առջևում է…»,- ֆեյսբուքում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը։
21:12 - 25 մայիսի, 2020
Ռուբեն Հայրապետյանը, նրա որդին և վերջինիս ընկերները նվաստացրել և ունեզրկել են «Հարսնաքար»-ի գործադիր մարմնի ղեկավարին. ՔԿ

Ռուբեն Հայրապետյանը, նրա որդին և վերջինիս ընկերները նվաստացրել և ունեզրկել են «Հարսնաքար»-ի գործադիր մարմնի ղեկավարին. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու  դեպքի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2015թ. օգոստոսի 27-ից  Հ.Շ.-ն աշխատել է Գեղարքունիքի մարզի Սևան-Դիլիջան մայրուղու՝ Ցամաքաբերդից հարավ (պանսիոնատ) տեղամասում գործող՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող, վերջինիս որդու սեփականությունը հանդիսացող «Նորալուսին» ՍՊԸ-ի «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրում՝ որպես գործադիր մարմնի ղեկավար: Հ.Շ.-ն 2015թ. դեկտեմբերից մինչև 2016թ. հուլիսը Հայրապետյանների ընտանիքին պատկանող «Հայկական Բանկ» ԲԲԸ-ից ստացել է ընդհանուր՝ 52.000.000 ՀՀ դրամ վարկ, որի մի մասն օգտագործել է ռեստորանահյուրանոցային համալիրի բնականոն գործունեությունն ապահովելու համար, իսկ մնացած՝ 30.000.000 ՀՀ դրամը, առանց համալիրի սեփականատերերի գիտության և թույլտվության, օգտագործել է սեփական բիզնեսի՝ տաքսի ծառայություն մատուցող ընկերություն հիմնադրելու համար՝ միաժամանակ պատշաճ կատարելով վարկային պարտավորությունները: Ռուբեն Հայրապետյանը որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի հետ, տեղեկանալով Հ.Շ.-ի կողմից «Նորալուսին» ՍՊԸ-ի անվամբ հիշատակված վարկերը ստանալու մասին, կազմակերպել և մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 52.000.000 ՀՀ դրամն ստանալու նպատակով ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան-Դիլիջան մայրուղու Ցամաքաբերդից հարավ (պանսիոնատ) տեղամասում գործող, «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի քոթեջներից մեկում և նույն համալիրի տարբեր սենյակներում 2016թ. հուլիսի 26-ից սկսած Հ.Շ.-ի կամքին հակառակ ազատությունից ապօրինի զրկել են նրան և առանց իրենց թույլտվության հեռախոսազանգեր կատարելու հնարավորությունից զրկելու համար վերցրել են վերջինիս բջջային հեռախոսը, նրա առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով և կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելով, պարբերաբար, տևական ժամանակ՝ մինչև 2016թ. օգոստոսի 18-ը Հ.Շ.-ի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով, փոխլրացնելով միմյանց գործողությունները, մահակներով, ոտքերով ու ձեռքերով բազմաթիվ անգամներ հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Այդ ընթացքում՝ 2016 թվականի հուլիսի 26-ին, Ռաֆիկ Հայրապետյանն իր ավտոմեքենայով Հ.Շ.-ին տեղափոխել է Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցում գտնվող իրենց առանձնատան բակ, որտեղ հայրը՝ Ռուբեն Հայրապետյանը, հայհոյանքներ տալով Հ.Շ.-ի հասցեին, նրանից պահանջել է 120.000 ԱՄՆ դոլար, որից  հետո՝ նույն օրը, Հ.Շ.-ին կրկին տեղափոխել են Սևանի «Հարսնաքար» համալիրի տարածք: Հաջորդ օրը Ռուբեն Հայրապետյանը գնացել է «Հարսնաքար»  համալիրի տարածք, հանձնարարել է իր մոտ՝ տնօրենի աշխատասենյակ բերել Հ.Շ-ին, որտեղ էլ որդու ներկայությամբ, լրացնելով Հ.Շ.-ին հոգեկան ուժեղ տառապանք և ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելուն ուղղված մյուսների գործողությունները, հայհոյանքներ տալով, էլեկտրաշոկով հարվածել է Հ.Շ.-ի այտին՝ կրկին պահանջելով 120.000 ԱՄՆ դոլար: Ռուբեն Հայրապետյանի և մյուսների հարվածների և այլ բռնի գործողությունների հետևանքով Հ.Շ.-ին դիտավորությամբ պատճառվել է հոգեկան ուժեղ տառապանք, ինչպես նաև ֆիզիկական ուժեղ ցավ, որի ընթացքում Հ.Շ.-ի առողջությանը դիտավորությամբ պատճառվել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Հ.Շ.-ի փախուստը կանխելու նպատակով Ռուբեն Հայրապետյանը Ռաֆիկ Հայրապետյանի հետ խմբի անդամներին հանձնարարել է նշված ժամանակահատվածում համալիրի տարածքում տարբեր օրերի հերթապահել և հսկել նրան, այդ ընթացքում՝ 2016 թվականի օգոստոսի 13-ին, խմբի անդամների հսկողության տակ տեղափոխելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի հաշվառման և քննական բաժին՝ վերջինիս անվամբ հաշվառված ավտոմեքենաների առուվաճառքը կատարելու, ինչպես նաև վարկային կազմակերպություններից վարկեր ստանալու համար: Վերջիններս, այդ ընթացքում նաև կիրառելով հոգեբանական բռնություն, պարտադրել են Հ.Շ.-ին համալիրի աշխատակիցների ներկայությամբ մաքրություն կատարել դրա տարածքում՝ այդ կերպ նպատակ ունենալով նվաստացնել նրան: Ռուբեն Հայրապետյանը՝ հանցակիցների հետ, իրենց վերը թվարկված գործողություններով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելով Հ.Շ.-ին՝ ստիպել են վերջինիս իրենց ներկայությամբ զանգահարել և «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիր կանչել ընտանիքի անդամներին՝ նրան ժամանակավորապես տրամադրելով իր բջջային հեռախոսը: 2016թ. հուլիսի 26-ին և հաջորդող օրերին Հ.Շ.-ի կանչով «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիր են եկել վերջինիս մայրը, քույրը, տատը, ընկերները և ընկերուհին, որոնց ներկայությամբ Ռուբեն Հայրապետյանի գիտությամբ Ռաֆիկ Հայրապետյանը հանցակիցների հետ Հ.Շ.-ի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հասցնելով, օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգի խախտմամբ ինքնակամ և ինքնագլուխ իրականացնելով իրենց իրական և ենթադրյալ իրավունքները, Հ.Շ.-ից, վերջինիս ընտանիքի անդամներից և ընկերությունից պահանջել են 57.138.000 ՀՀ դրամին համարժեք՝  120.000 ԱՄՆ դոլար: Իրական համարելով Ռուբեն Հայրապետյանի և մյուսների կողմից Հ. Շ.-ի կյանքի և առողջության համար հնչեցված վտանգավոր սպառնալիքները՝ Հ.Շ.-ն Հայրապետյաններին է տվել 238.075 ՀՀ  դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար արժողության ոսկյա ապարանջանը, 1.428.450 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար արժողության «Nissan X Trail»  մակնիշի ավտոմեքենան, որը նշված արժեքով Հայրապետյանները վաճառել են, 952.300 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար կանխավճարով գնված «Nissan Muran» մակնիշի ավտոմեքենան, որը Ռաֆիկ Հայրապետյանը վերադարձրել է ավտոմեքենայի նախկին սեփականատիրոջը և որպես կանխավճար տրված 2.000 ԱՄՆ դոլարը հետ վերցրել, նշված գումարի չափով Հ.Շ.-ից պահանջված գումարից հաշվանցում կատարելով, իսկ Հ.Շ.-ի ընտանիքի անդամները վաճառել են իրենց ոսկյա զարդերը, տաքսի ծառայության ավտոմեքենաները, ընկերը տվել է 10.000 ԱՄՆ դոլար և գոյացած 18.236.545 ՀՀ դրամին համարժեք՝ 38.300 ԱՄՆ դոլարը և 240.000 ՀՀ դրամն անձամբ, ինչպես նաև միջնորդավորված փոխանցել են Հայրապետյաններին: Բացի այդ, ընկերուհին նրանց է հանձնել Հ.Շ.-ի կողմից իրեն նվիրած հեռուստացույցը և 450.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա զարդերը: Այդ ընթացքում Ռուբեն և Ռաֆիկ Հայրապետյանները պահանջել են իրենց հանձնել տուժողի տատի ապօրինի շինություն հանդիսացող առանձնատունը: Գումարի մի մասը ստանալուց և 2016թ. օգոստոսի 15-ին Հ.Շ.-ի տնօրենի լիազորությունները դադարեցնելուց հետո՝ 2016թ. օգոստոսի 18-ին, նա ազատ է արձակվել, իսկ Հ.Շ.-ի ընտանիքի անդամները, Հայրապետյանների միջնորդությամբ, կազմակերպելով իրենց բնակելի տան օրինականացման գործընթացը, Հայրապետյանները 2016թ. հոկտեմբերի 18-ին դրա նկատմամբ ձևակերպել են իրենց մտերիմ անձի սեփականության իրավունքը և այդ կերպ Հ.Շ.-ին ու նրա ընտանիքի անդամներին զրկել միակ կացարանից՝ էական վնաս պատճառելով նրանց իրավունքներին և օրինական շահերին: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ որոշումներ են կայացվել Ռուբեն Ռաֆիկի Հայրապետյանին և Ռաֆիկ Ռուբենի Հայրապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետերով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով և 322-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ խմբի բացահայտված մյուս չորս անդամներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով և 322-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Ռաֆիկ Ռուբենի Հայրապետյանի և խմբի 2 անդամների նկատմամբ հետախուզում է հայտարարվել և նրանց նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Տեղեկացնենք նաև, որ 19.05.2020թ. Ռուբեն Ռաֆիկի Հայրապետյանը զանգահարել է վարույթն իրականացնող քննիչին և հայտնել, որ տեղյակ է ծանուցագրով իրեն Քննչական կոմիտե հրավիրելու մասին, սակայն գտնվում է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում, ցանկանում է վերադառնալ Հայաստան, բայց COVID-19 համավարակի կանխարգելման նպատակով ձեռնարկված միջոցառումների, հատկապես ավիահաղորդակցության բացակայության պատճառով չի կարողանում վերադառնալ: 20.05.2020թ ՀՀ քննչական կոմիտեն դիմել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանություն և խնդրել՝ աջակցել Ռ.Հայրապետյանին վերադառնալու Հայաստան, քանի որ դեսպանությունն է կազմակերպում ՀՀ քաղաքացիների վերադարձը: Պարզվել է, որ 2020թ. մայիսի 25-ին Մոսկվա-Երևան չվերթ է նախատեսված և դեսպանը պատրաստակամություն է հայտնել՝ Ռ.Հայրապետյանի կողմից դիմելու դեպքում, աջակցել և կազմակերպել վերջինիս վերադարձը: Այս ամենի մասին վարույթն իրականացնող քննիչը տեղեկացրել է ինչպես Ռ.Հայրապետյանին, այնպես էլ նրա պաշտպանին՝ Ամրամ Մակինյանին: Նախաքննությունը շարունակվում է: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
19:00 - 21 մայիսի, 2020
Ռուբեն Հայրապետյանին որպես մեղադրյալ հարցաքննության կանչելու ծանուցագիր է ուղարկվել. փաստաբան
 |azatutyun.am|

Ռուբեն Հայրապետյանին որպես մեղադրյալ հարցաքննության կանչելու ծանուցագիր է ուղարկվել. փաստաբան |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, հանրապետական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին որպես մեղադրյալ հարցաքննության կանչելու ծանուցագիր է ուղարկվել։ Այս մասին ասաց Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը: «Հարցաքննության է կանչվել այն դեպքում, երբ ես երեկ արդեն 3-րդ անգամ գրավոր նշեցի, որ մարտի 16-ից Հայրապետյանը գտնվում է արտերկրում, ու բոլորը գիտեն, որ ցամաքային սահմանները փակ են, հանրահայտ փաստ է, որ ավիահաղորդակցություն չկա։ Վարույթն իրականացնող մարմինը հենց այս իրավիճակից օգտվում է, փորձ է անում պատրանք ստեղծել, որ Ռուբեն Հայրապետյանը խուսափում է քննությունից։ Շաբաթ օրը ծանուցում են ուղարկում հարցաքննության ներկայանալու, որ ամսի 18-ին առավոտյան շուտ Ռուբեն Հայրապետյանը ներկայանա։ Սա ուղղակի իրավական առումով ծաղր է, քրեական դատավարության օրենսգիրքը ոտնատակ են տալիս ինչ-որ հանձնարարություններ կատարելու կամ արդյունքներ ակնկալելու համար»,- ասաց փաստաբանը։ Քննչական կոմիտեից փոխանցեցին, որ կա հարուցված քրեական գործ, սակայն թե մասնավորապես ինչ քրեական գործի մասին է խոսքը, առաջիկայում հաղորդագրությամբ հանդես կգան։ Ըստ փաստաբանի տեղեկությունների՝ այս գործը կապվում է Հայրապետյանների ընտանիքին պատկանող Սևանի «Հարսնաքար» ընկերության հետ։ Փաստաբանը պատմեց, որ տարիներ առաջ համալիրի տնօրենը առանց սեփականատերերի գիտության խարդախություն է արել ու իբրև ընկերության համար, սակայն սեփական կարիքների համար մոտ 60 մլն դրամի գումար է կանխիկացրել. - «Համոզված ենք, որ առերևույթ հանցագործություն կատարած անձն այս գործում կունենա տուժողի կարգավիճակ, իսկ թե ինչ մեղադրանքներ կառաջադրվեն հայր ու որդի Հայրապետյաններին, շուտով կիմանանք»։
20:00 - 19 մայիսի, 2020
Հեղափոխությունից երկու տարի անց. քրեական գործերը առաջ չեն գնում |civilnet.am|

Հեղափոխությունից երկու տարի անց. քրեական գործերը առաջ չեն գնում |civilnet.am|

civilnet.am: 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո իրավապահ մարմինները սկսեցին ուսումնասիրել ու կոռուպցիոն բնույթի քրեական գործեր հարուցել նախկին իշխանությունների հայտնի ներկայացուցիչների ներգրավմամբ։ Այդ աղմկահարույց գործերի մեծամասնությունը երկար ժամանակ է, ինչ նախաքննության փուլում է, ու քննությունն իրականացնող մարմինը դեռ գործը չի ուղարկում դատարան։ Որոշ դեպքերում ապօրինի օտարված գույքն ուղղակի հետ է վերադարձվում, և գործը կարճվում է։ ՍիվիլՆեթը քննչական մարմիններին հարցումներ է ուղարկել և ամփոփել մի շարք քրեական գործերի ներկա ընթացքը։  «Խութ» հիմնադրամի նախկին տնօրենը՝ մեղադրյալ, վնասի  չափը պարզ չէ 2019-ի սեպտեմբերին ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ «Խութ» հիմնադրամին քաղաքացիների կողմից կատարած նվիրատվությունների հարցով։ Ըստ Գլխավոր դատախազության՝ 2013-2014 թթ. ընթացքում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի առանձին պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, ծառայողական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ձեռնարկել են առերևույթ ապօրինի ներգործության միջոցներ՝ վարչական շրջանում գործող «Խութ» բարեգործական հիմնադրամին քաղաքացիների կողմից գումարներ տրամադրելու ուղղությամբ։ Ավանի թաղապետարանի համապատասխան պաշտոնատար անձը քաղաքացիներից պահանջել է գումարներ փոխանցել հիմնադրամին՝ շինթույլտվություն տրամադրելու դիմաց։  «Խութ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահը նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն էր։ Քննչական կոմիտեից ՍիվիլՆեթին հայտնել են, որ մեղադրանք է առաջադրվել միայն հիմնադրամի նախկին տնօրենին, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն՝ նախկին տնօրենը եղել է Կարինե Վարդանյանը, որը հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցրել է 2005-2018  թթ․։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ քննության ներկա փուլում տուժողներ չկան, հասցված վնասի չափը հաշվարկված չէ։  «Գումարային փոխանցումների, ինչպես նաև պատճառված վնասի չափը պարզելու նպատակով նշանակվել է դատահաշվապահական և դատաֆինանսատնտեսագիտական համալիր փորձաքննություն։ Նախաքննությունը շարունակվում է»,- պատասխանել են կոմիտեից։  Չարաշահումներ ֆուտբոլում. Ռուբեն Հայրապետյանը վկա է 2019-ի հոկտեմբերին «Փաստերի ստուգման հարթակ» կայքը գրեց, որ Հայաստանում կառուցված ֆուտբոլային ակադեմիաները կառուցվել են մեկ շինարարական ընկերության՝ «Զեյթուն կահույքի ֆաբրիկայի» կողմից, որի սեփականատերը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն է։ Ֆեդերացիան հրաժարվել էր լրատվամիջոցին տրամադրել ակադեմիաների կառուցապատման պայմանագրերը։ Դրանց կառուցումը միլիոնավոր դոլարներ էր արժեցել։  Հրապարակումից ամիսներ անց ոստիկանության 6-րդ վարչությունում  հարուցվեց քրեական գործ՝ մարզադաշտերի, մարզադպրոցների կառուցման ընթացքում չարաշահումների հատկանիշներով։  Մարտի 13-ին քննչական կոմիտեից հայտնել են, որ այս գործում ներառված են նաև փաստեր «Հրազդան» կենտրոնական մարզադաշտի վերանորոգման աշխատանքերի ընթացքում չարաշահման վերաբերյալ։  «Զեյթուն կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել խարդախության ու փաստաթղթերի կեղծման համար։ Նա գրավով ազատ է արձակվել։ Շինարարական աշխատանքների հսկողություն իրականացնող  Ֆեդերացիայի նախկին աշխատակցին ևս մեղադրանք է առաջադրվել՝ դարձյալ նույն հատկանիշներով։ Վերջինս երկու ամսով կալանավորվել է։  «Սույն քրեական գործով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահներ Ռուբեն Հայրապետյանն ու Արթուր Վանեցյանը հարցաքննվել են որպես վկա և ունեն վկայի դատավարական կարգավիճակ»,- հայտնել են Քննչական կոմիտեից։ 2012-2018 թթ. ընթացքում Ֆեդերացիայի կողմից իրականացված շինարարության արդյունքում Ֆեդերացիային պատճառված վնասը կազմել է ավելի քան 413 միլիոն դրամ, նախաքննությունը շարունակվում է։  Չարաշահումներ զինվորականներին բնակարաններ բաշխելու ընթացքում. Վիգեն Սարգսյանը երկրում չէ 2019-ի սեպտեմբերի 25-ին քննչական կոմիտեն հաղորդեց, որ բավարար ապացույցներ են ձեռք բերվել պաշտոնեական լիազորություններն անցնելու համար պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին մեղադրանք առաջադրելու համար։ Հարուցված քրեական գործը վերաբերում է զինծառայողներին բնակարանների բաշխման կարգի խախտումներին։ Գործի հարուցումից հետո այն Քննչական կոմիտեից ուղարկվեց Հատուկ քննչական ծառայության վարույթ, իսկ հետո Հատուկ քննչական ծառայությունը գործը հետ ուղարկեց Քննչական կոմիտեին։ Մարտի 13-ին Քննչական կոմիտեից ՍիվիլՆեթին հայտնել են, որ գործը գտնվում է նախաքննության փուլում, Վիգեն Սարգսյանին հարցաքննության ծանուցագիր է ուղարկվել և պարզվել, որ վերջինս «գտնվում է ՀՀ սահմաններից դուրս»։  Սիվիլնեթը հետաքրքրվել էր, թե մասնավորապես ինչ դրվագով է պաշտպանության նախկին նախարարը չարաշահել իր լիազորությունները։ Ի պատասխան՝ Քննչական կոմիտեն հայտնել է, որ դա նախաքննական գաղտնիք է։  Հետախուզում են ճոպանուղու նախկին տնօրենին 2019-ի ապրիլին գլխավոր դատախազությունը տեղեկացրեց, որ Ծաղկաձորի ճոպանուղին շահագործող ընկերությունը հարկեր չվճարելու տեսքով պետությանը պատճառել է ավելի քան 476 միլիոն դրամի վնաս։ Ճոպանուղին պատկանում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին, սակայն  հավատարմագրային կառավարման է հանձնվել «Լեռնատուր» ընկերությանը։ Ընկերության նախկին տնօրենը՝ Ասատուր Պողոսյանը, գործով մեղադրյալ է և հետախուզվում է։ Հարցերին, թե արդյոք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ներկա և նախկին նախագահներ Գագիկ Ծառուկյանն ու Իշխան Զաքարյանը հարցաքննվել են այս գործով, Պետական եկամուտների կոմիտեի քննչական բաժնից չեն պատասխանել։  Սիգի գործով մեղադրյալներ, կալանավորվածներ չկան  2019-ի հուլիսին Գլխավոր դատախազությունը հաղորդեց, որ սիգ ձկնատեսակի որսի արգելված լինելու պայմաններում 2017-2018 թթ․ ապօրինի արդյունահանվել, արտահանվել է ավելի քան 44 000 կիլոգրամ սիգ։ Հարուցվել էր քրեական գործ։ Դրան նախորդել էր հրապարակում այն մասին, որ սիգի որսով, պահածոյացմամբ ու արտահանմամբ է զբաղվում  «Գալիլիա» ՍՊԸ-ն, որի համասեփականատեր է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի զոքանչը՝ Հեղուշ Գալստյանը։ Պարզվել էր նաև, որ Սևան ազգային պարկի նախկին տնօրենը մինչև պաշտոն զբաղեցնելը եղել է «Գալիլիա»-ի տնօրեն։  Մարտի 2-ին քննչական կոմիտեից ՍիվիլՆեթին հայտնել են, որ ««Գալիլիա» ՍՊԸ-ի աշխատակիցները քրեական գործի քննության շրջանակում  հարցաքննվել են և ներկա փուլում դատավարական կարգավիճակ չունեն»։ Քրեական գործով մեղադրյլաներ, ձերբակալված կամ կալանավորված անձինք չկան։  «Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ պետությանը պատճառված վնասի հստակ չափը, ինչպես նաև դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և գործով անցնող անձանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»,- ասված է Քննչական կոմիտեի պատասխանում։  Վլադիմիր Գասպարյանը ոչ մեղադրյալ է, ոչ էլ կասկածյալ «Հետք» էլեկտրոնային թերթը 2018-ի օգոստոսին գրեց, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը տարբեր սխեմաների կիրառման արդյունքում ձեռք է բերել Երևանի Հաղթանակի զբոսայգուն կից շքեղ առանձնատներից մեկը՝ 200 000 դոլարով, այնինչ այն գնահատվում էր 3 միլիոն դոլար։ Առանձնատան սեփականատեր է եղել գործարար Աղասի Դանիելյանը, ապա՝ ոստիկանապետի զոքանչ Հեղուշ Գալստյանը։ Այնուհետև վարկային պարտավորությունները չկատարելու դիմաց գույքը դրվել է աճուդի, և այդ ժամանակ այն գնել է Վլադիմիր Գասպարյանի կնոջ ազգականը, որը գնումից օրեր անց առանձնատունը նվիրել է Գասպարյանի որդուն։  2018-ի սեպտեմբերի 4-ին Հատուկ քննչական ծառայությունը հաղորդեց, որ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։  2020-ի մարտի 26-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտնել է, որ այս գործով նախաքննությունը դեռ շարունակվում է։ «Գործով մեղադրյալի կամ կասկածյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա։ Նախաքննության շահերից ելնելով՝ քրեական գործով այլ մանրամասներ, այդ թվում՝ հարցաքննված անձանց վերաբերյալ տվյալներ, չենք կարող հայտնել»,- նշված է պատասխանում։  Ապրիլի 13-ին «Հետքը» հաղորդեց, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վճռով նախկին ոստիկանապետը 900 միլիոն դրամ պետք է փոխհատուցի առանձնատան նախկին սեփականատիրոջը։ Անկախ դատական ելքից՝ Հատուկ քննչական ծառայությունում առանձնատան վերաբերյալ քրեական գործը շարունակվում է։  Գագիկ Բեգլարյանն ու Մհեր Սեդրակյանը քրեական հետապնդման չեն ենթարկվի 2018-ի օգոստոսի 29-ին Քննչական կոմիտեն հայտնեց, որ նախկին նախարարի և պատգամավորի կողմից առերևույթ չարաշահումների վերաբերյալ տվյալներ են ձեռք բերվել։ Ըստ հաղորդագրության՝ ունիվերսալ վարկային կազմակերպություններից մեկի բաժնետերը հաղորդում է ներկայացրել, որ 2012-2016 թթ․ ընկերության գլխավոր տնօրենն իր լիազորությունները ընկերության շահերին հակառակ է օգտագործել ու օրենսդրության խախտմամբ տարբեր կազմակերպությունների վարկեր է տրամադրել։ Գործով մեղադրյալ է ներգրավվել ընկերության տնօրենը։ Հետագայում դրանից բխող երեք տարբեր քրեական գործեր են բացվել ու միավորվել մեկ գործի մեջ։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ բաժնեմասի շորթում կատարելու և բանկային գաղտնիք համարվող տեղեկություններ հավաքելու հարցում մի ցուցմունքում նշվել է [տրանսպորտի և կապի նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ] Գագիկ Բեգլարյանի անունը։ Բացի այդ տվյալներ են ձեռք բերվել, որ Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը պաշտոնեական լիազորություններն անցել է։ Գործն ուղարկվել էր Հատուկ քննչական ծառայություն։  Հարցմանն ի պատասխան՝ Հատուկ քննչական ծառայությունը հայտնել է, որ «քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում նրանց վերագրվող արարքների վերաբերյալ բավարար ապացույցների համակցություն ձեռք չի բերվել, և քննիչի կողմից որոշում է կայացվել Բեգլարյանի ու Սեդրակյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել»։ Քրեական գործը հետ է ուղարկվել Քննչական կոմիտե։  Հատուկ քննչական ծառայությունը մեկ այլ հարցման պատասխանել է, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել մեկ անձի, որի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը հնարավոր չէ՝ նախաքննության գաղտնիությունից ելնելով։  «Ձորահէկ»-ի մասնավորեցում. մեղադրյալը միայն Սեյրան Օհանյանն է 2019-ի մայիսին Գլխավոր դատախազությունը հայտարարեց՝ ուսումնասիրվել է «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ի օտարման գործըթնացը։ Հիդրոէլեկտրակայանը գտնվում էր պաշտպանության նախարարության հաշվեկշռում։ Ըստ դատախազության՝ բարձր եկամտաբերություն ունեցող «ՁորաՀԷԿ»-ը, որի արժեքը օտարման պահին կազմում էր 8 միլիարդ դրամ, օտարվել է 3,6 միլիարդ դրամով։  Գնորդը եղել է «Ձորագետ հիդրո» ընկերությունը, որը կապվում էր Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի անվան հետ։ Իրավաբանական անձանց էեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն՝ մի քանի օֆշորային ընկերություններից զատ՝ այստեղ բաժնեմասեր են ունեցել Մինասյանի մտերիմները՝ Արմեն Պետրոսյանն ու Լեոնիդ Արևշատյանը։ Ավելի ուշ ՀԷԿ-ն անցել է «Ռեալ էներգո ինվեստ գրուպին», որն իր հերթին պատկանում է հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի ընտանիքին։  ՀԷԿ-ի օտարման հետ կապված մեղադրանք է առաջադրվել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին՝ 3 միլիոն դոլարի վատնում թույլ տալու համար։ ՀՔԾ-ից ՍիվիլՆեթը հետաքրքրվել էր՝ արդյոք Միքայել Մինասյանը, Արմեն Պետրոսյանը և Լեոնիդ Արևշատյանը հրավիրվել ու հարցաքննվե՞լ են այս գործով։ Ստացվել է պատասխան, որ նախաքննական տվյալների հրապարակման անթույլատրելիությունից ելնելով՝ նշված տեղեկությունը չի տրամադրվում։  Ազգային պատկերասրահի անհետացած նկարների նախաքննությունը շարունակվում է 2019-ի ապրիլին Գլխավոր դատախազությունը հաղորդեց Հայաստանի ազգային պատկերասրահից թանգարանային առարկաների անհետացման մասին։  Ըստ դատախազության՝ Ազգային պատկերասրահի հետ միավորված «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ում թանգարանային առարկաների առկայության ստուգման ժամանակ պարզվել է, որ բացակայում են 626  անուն թանգարանային առարկաներ, այդ թվում՝ Մարտիրոս Սարյանի «հայֆիլհարմոնիայի դահլիճ» գեղանկարն ու Հովհաննես Զարդարյանի «Վերածնունդ» գեղանկարը։  Ազգային պատկերասրահից 120 միլիոն դրամ արժեքով մշակութային արժեքների անհետացման փաստով Գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործով նախաքննությունը ևս շարունակվում է։  Քննչական կոմիտեից Սիվիլնեթին վստահեցրել են, որ մեծածավալ քննչական աշխատանքներ են կատարվում՝ բացակայող մշակութային արժեքների ցանկը ու դրանց անեհտացման հանգամանքները պարզելու համար։ Այս գործով ևս մեղադրյալներ չկան։  Կարճևանի հողերը կվերադարձվեն, Հովիկ Աբրահամյանը օտարման հետ կապ չունի Հայաստան-Իրան սահմանի մոտ «Մեղրի ազատ տնտեսական գոտուն» հարակից հողերի օտարման գործով շրջանառվում էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մարտին Սարգսյանի անունները։ Այս գործը, ի տարբերություն վերը թվարկածների, հասել է մինչև դատարան, Կարճևան համայնքի ղեկավարն ու քարտուղարը պատժվել են տուգանքով։  Ոստիկանության 6-րդ վարչությունում հարուցված քրեական գործի համաձայն՝ 2014-ի հուլիսին Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Մարտին Սարգսյանը ժամանել է Մեղրի, մատնացույց արել «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-իր տարածքները, իր ու Հովիկ Աբրահամյանի անունից հանձնարարել դրանք օտարել «Էսիէյ» ընկերությանը, որի սեփականատերը եղել է Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի ներդրումային հանձնաժողովի նախագահ Սարգիս Աղաբեկյանը։  Կարճևանի համայնքապետ Արմեն Ավետիսյանն իր ցուցմունքում նշել էր, որ Մարտին Սարգսյանն իրեն ակնարկել է նշված գործողությունը չիրականացնելու դեպքում խնդիրներ առաջանալու մասին։ Այնուհետև կազմակերպվել է հողերի օտարման կեղծ աճուրդ, որով գյուղատնտեսական նշանակության 20 հեկտար հողը 1,5 միլիոն դրամով, 7 հեկտարը՝ 550 000 դրամով և 5 հեկտարը՝ 385 000 դրամով օտարվել են «Էսիէյ» ընկերությանը։ Որոշ հողատեսքեր համայնքի ղեկավարը օտարել է նաև իր հետ փոխկապակցված անձի։  Մարտին Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանն այս գործով ունեցել են վկայի կարգավիճակ։  Դատաքննության փուլում դատավճռով Կարճևանի համայնքապետը տոգանվել է 800 000 դրամով և երկու տարով զրկվել ՏԻՄ-երում ղեկավար աշխատելու հնարավորությունից։ Նրա աշխատակազմի քարտուղարը տուգանվել է 300 000 դրամով և մեկ տարի չի կարողանա աշխատել ՏԻՄ-ում։  «Ռադիո» ՓԲԸ-ի օտարում. մեղադրյալներ նորից չկան 2019-ի դեկտեմբերի 5-ին ոստիկանությունը հաղորդեց, որ բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավմամբ ապօրինություններ են տեղի ունեցել «Ռադիո» ՓԲԸ-ի մասնավորեցման ընթացքում։ «Ռադիո» ՓԲԸ-ն գտնվում է Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի վարչական տարածքում։ Ռադիոհեռարձակման կայանը հիմնվել է 1965-ին։   Մինչև մասնավորեցումը «Ռադիո» ՓԲԸ գույքը գնահատվել է 1,172 միլիարդ դրամ, սակայն մասնավորեցման գործըթնացի ժամանակ կեղծ տեղեկանքներ են կազմվել այն մասին, որ գույքն ունի 70  և ավելի տոկոսի մաշվածություն։ Այն գնահատվել է 412 միլիոն դրամ և օտարվել Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերության։ Մինչև ոստիկանության հաղորդագրությունը, մամուլում հրապարակումներ եղան, որ «Ռադիո»-ի գնորդ կազմակերպության սեփականատերերն են մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանն ու Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը։  Հարուցված քրեական գործը Քննչական կոմիտեի վարույթում է։ Այստեղից Սիվիլնեթի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են․ «Նախաքննության ներկա փուլում մեղադրյալներ չկան»։  «Քրեական գործի նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ այս պահին հրապարակման ենթակա չեն»,- նշված է պատասխանում։  Շարունակությունը՝ civilnet.am-ում
16:52 - 23 ապրիլի, 2020
Ռուբեն Հայրապետյանի բնակարանում և այլ շինություններում խուզարկության թույլտվություն տալու որոշման դեմ բողոքը մերժվել է |hetq.am|

Ռուբեն Հայրապետյանի բնակարանում և այլ շինություններում խուզարկության թույլտվություն տալու որոշման դեմ բողոքը մերժվել է |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի բնակարանում խուզարկություն իրականացնելու թույլտվություն տալու որոշման դեմ վերաքննիչ բողոքը մերժվել է: 2019 թվականի դեկտեմբերի 13-ին իրավապահները առաջին ատյանի դատարանի որոշման հիման վրա խուզարկություն են իրականացրել Ռուբեն Հայրապետյանի առանձնատանն ու նրան պատկանող այլ շինություններում: Քրեական գործը, որի շրջանակներում խուզարկությունն իրականացվել է, առնչվում է Ֆուտբոլի ֆեդերացիայի գործունեության հետ կապված ենթադրյալ չարաշահումներին, մասնավորապես՝ պաշտոնեական անփութությանը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, խոշոր չափերով յուրացում կատարելուն, փաստաթղթեր կեղծելուն և առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելուն: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ի պատվերով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին փաստացի պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲ ընկերության կողմից մարզադաշտերի կառուցման ընթացքում թույլ տրված չարաշահումներ դեպքերի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում տվյալներ են ձեռք բերվել 2012-2018թթ. ընթացքում «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ի հետ համագործակցության ընթացքում կնքված կապալի պայմանագրերի շրջանակներում Սիսիան, Սևան, Վանաձոր, Արմավիր, Վաղարշապատ, Գյումրի և Ներքին Կարմիր Աղբյուր համայնքների վարչական տարածքներում ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման և վերանորոգման աշխատանքներն իրականացրած կապալառու «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ տնօրենի և «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ի կողմից այդ աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացրած աշխատակցի կողմից՝ պատվիրատու «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ից միասնական դիտավորությամբ, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու վերաբերյալ»։
12:17 - 06 փետրվարի, 2020