Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով

Հանձնաժողովի գործունեության ոլորտներն են՝ առողջապահություն, մայրություն, մանկություն, սոցիալական ապահովություն, հաշմանդամության հիմնահարցեր, աշխատանք, զբաղվածություն, ժողովրդագրություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ։

ՀՀ ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, նախագահի տեղակալը՝ նույն խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը։

Առաջարկվում է սեպտեմբերի 1-ից Երևանում, Գյումրիում և Վանաձորում բացառապես անկանխիկ եղանակով փոխանցել կենսաթոշակը |hetq.am|

Առաջարկվում է սեպտեմբերի 1-ից Երևանում, Գյումրիում և Վանաձորում բացառապես անկանխիկ եղանակով փոխանցել կենսաթոշակը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Կառավարության ներկայացրած «Պետական կենսաթոշակների մասին» և հարակից ներկայացված օրենքների նախագծերում փոփոխություն կատարելու օրենսդրական առաջարկը, որով նախատեսվում է անցնել կենսաթոշակների վճարման միայն անկանխիկ եղանակի: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է ապրիլի 15-ին: Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանի խոսքով` պատգամավորներն առաջինից երկրորդ ընթերցում առաջարկներ չեն ներկայացրել, առաջարկներ եղել են գործադիրից: Նախագծով առաջարկվում է այս տարվա հուլիսի 1-ից Երևանում, Գյումրիում և Վանաձորում անցնել բացառապես անկանխիկ եղանակով կենսաթոշակը փոխանցելու կարգին: Կառավարությունն առաջարկում է «հուլիսի 1» ժամկետը փոխարինել «սեպտեմբերի 1» ժամկետով` առկա իրողությամբ պայմանավորված: Խորհրդարանի տեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն արձագանքեց` անկանխիկ վճարային եղանակին անցնելու այս պրոցեսը սահուն չի կազմակերպվում, ավելի ճիշտ կլիներ համայնքներում բանկային ենթակառուցվածքները զարգանային, նոր անցում լիներ: Փոխնախարարը պատասխանեց` Կառավարությունն ընտրել է փուլային տարբերակը. նախ այդ համակարգին անցնում են խոշոր քաղաքները, ապա խոշոր գյուղերը, և վերջում` փոքր գյուղերը: Եթե այս ընթացքում բանկային ենթակառուցվածքների հասանելիության խնդիր լինի, ապա ժամկետների փոփոխություն կլինի: «Եթե ուզում ենք, որ մարդիկ առանց լրացուցիչ դժվարությունների անցնեն անկանխիկ եղանակի, պետք է այդ պահանջը իմպերատիվ լինի այն մարդկանց համար, ովքեր նոր են թոշակի անցնում, իսկ գործող թոշակառուների համար ընտրության հնարավորություն պիտի լինի»,-ասաց Բաբկեն Թունյանը: Փոխնախարարն արձագանքեց, որ Կառավարությունը հակված է քննարկվող տարբերակին, և հավելեց` այն ազդակ է լինելու նաև բանկային համակարգի համար` համայնքներում ենթակառուցվածնքների զարգացման համար: Նախագիծը ստացավ հանձնաժողովի հավանությունը` ընդգրկվելով քառօրյա նիստերի օրակարգ: Առանձին կատեգորիայի անձինք, ինչպես 75 և ավելի տարեկան թոշակառուները, առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն և շարժունակության խնդիր ունեցողները, կարող են իրենց դիմումների հիման վրա ընտրել կանխիկ փոխանցման տարբերակը:
16:40 - 20 մայիսի, 2020
Քննարկվել է «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը

Քննարկվել է «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը

Մայիսի 20-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ կառավարության հեղինակած «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ դրան կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Ըստ հիմնական զեկուցող ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանի` նախաձեռնությամբ մասնավորապես առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները` անկախ նրանց գտնվելու վայրից, սահմանել դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման ընթացակարգ, նախատեսել դատահոգեբուժական փորձաքննությունների հանձաժողովային կարգով իրականացում, սահմանել հարկադիր բուժման ենթարկվող անձանց առողջական վիճակի վերաբերյալ բժշկի կողմից պարտադիր եզրակացություն տալու հստակ ժամկետներ, նախատեսել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց բժիշկ-հոգեբույժին կամ հոգեբուժական կազմակերպություն դիմելու փաստի, իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման եւ բուժման ընթացքում պարզված տեղեկությունների` որպես բժշկական գաղտնիքի պաշտպանության մեխանիզմները, ամրագրել բժշկական օգնության եւ սպասարկման պայմանները, ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցների կամ հանդարտեցման մեթոդների իրականացման կարգը: Փոխնախարարի խոսքով` նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է բարելավել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների իրացումը, տարբեր գործիքների միջոցով սահմանել մեխանիզմներ` դրանց պաշտպանության համար, ապահովել անձանց հոգեկան առողջության ոլորտում առաջացող հարաբերությունների համալիր կարգավորումը: Կարեւորելով նախաձեռնությունը` պատգամավորներն ընդգծել են, որ այն մեկ քայլ առաջ է մարդու իրավունքների պաշտպանության եւ իրացման տեսանկյունից:Նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ՀՀ կառավարության հեղինակած «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերն ու ՀՀ կառավարության հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Լրամշակելու նպատակով հետաձգվել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Կորյուն Մկրտչյանի, Արփինե Դավոյանի, Լուսինե Բադալյանի, Հրաչյա Հակոբյանի, Կարեն Սարուխանյանի հեղինակած «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթի քննարկումը: Պատգամավորները քննարկել եւ հավանություն են տվել խորհրդարանական վերահսկողություն սահմանելու վերաբերյալ հանձնաժողովի որոշման նախագծին, ըստ որի, հանձնաժողովը վերահսկողություն կիրականացնի «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ, 47-րդ եւ 98-րդ հոդվածների (հանձնաժողովի գործունեության ոլորտների մասով) կատարման ընթացքի նկատմամբ:
16:06 - 20 մայիսի, 2020
Գործատուն հնարավորություն կունենա ստանալ միանվագ հատուցում, եթե որոշակի խմբի անձի ընդունի աշխատանքի. Սմբատ Սաիյան

Գործատուն հնարավորություն կունենա ստանալ միանվագ հատուցում, եթե որոշակի խմբի անձի ընդունի աշխատանքի. Սմբատ Սաիյան

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է երկրորդ ընթերցմամբ ՝ «Զբաղվածության մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ընդունելու հարցը։ Նախագծով առաջարկվում է լրացուցիչ հնարավորություններ տալ կառավարությանը և լիազոր մարմնին։ Գործատուն հնարավորություն կունենա ստանալ միանվագ հատուցում, եթե որոշակի խմբի անձի ընդունի աշխատանքի, այդ խմբի մեջ են մտնում մանկատան շրջանավարտ հանդիսացող անձիք, պաշտպանության մարտական գորոծղությունների մասնակցած անձանց, զոհվածի ընտանիքի անդամները նաև երկարամյածառայության զինվորական թոշակառուները։ «Զբաղվածության նոր  նախագծով առաջարկվում է՝ անձին աշխատանքի տեղավորման դեպքում գործատուն պետությունից միանվագ դրամական փոխհատուցում կստանա, սա պայմանավորած է համաճարակային իրադարձություններով»,- հանձնաժողվի նիստին ասաց  նախագծի զեկուցող, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը։ Հանձնաժողովի անդամ Հերիքնազ Տիգրանյանը Սմբատ Սաիյանին հարցրեց, թե արդյո՞ք հնարավոր է, որ խրախուսական քայլեր կատարվեն նաև այն գործատուների նկատմամբ, որոնք աշխատանքի կվերցնեն անփորձ, առաջին անգամ աշխատաշուկա դուրս եկած երիտասարդ մասնագետների, քանի որ երիտասարդ մասնակիցները ունեն աշխատանքային փորձի խնդիր:Փոխնախարարը պատասխանեց․  «Սկզբունքորեն դեմ չեմ առաջարկին, սակայն այն պետք է լրացուցիչ քննարկել, հասկանալ: Եթե քննարկման արդյունքում հասկանանք, որ դա  է այն նախագիծը, որը մեր աշխատաշուկան ավելի լավը կդարձնի, ապա ինչու ոչ»։  
13:21 - 20 մայիսի, 2020
Պետությունը փոխհատուցում կտրամադրի աշխատանքը կորցրած անձանց աշխատանքով ապահովող գործատուներին |armenpress.am|

Պետությունը փոխհատուցում կտրամադրի աշխատանքը կորցրած անձանց աշխատանքով ապահովող գործատուներին |armenpress.am|

armenpress.am: Պետությունը նախատեսում է մարտի 16-ից հետո աշխատանքը կորցրած, այնուհետև այլ գործատուի մոտ աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր քաղաքացու համար գործատուին 4 ամիս ժամկետով տրամադրել աշխատավարձի 60 տոկոսի չափով փոխհատուցում: Այս մասին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը ՝ ներկայացնելով զբաղվածության նոր ծրագրերը, որոնք ուղարկվել են կառավարություն՝ շահագրգիռ կողմերի կարծիքը ստանալու: «Առաջին ծրագիրը նոր աշխատատեղերի ստեղծման, խթանման ծրագիրն է: Ծրագրով նախատեսվում է աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր շահառուի համար 4 ամիս ժամկետով ամսական կտրվածքով գործատուին տրամադրել փոխհատուցում՝ շահառուի համար սահմանված ամսական աշխատավարձ 60 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 85 հազար դրամը: Դրա մեջ կներառվեն նաև սոցիալական և մյուս պարտադիր վճարները: Ծրագիրը կգործի մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը»,-ասաց Ուդումյանը: Նա նշեց, որ մարդիկ, որոնք մարտի 16-ից հետո դարձել են գործազուրկ և մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կգտնեն աշխատանք, նրանց աշխատանքային պայմանագիրը պետք է լինի առնվազն 8 ամիս տևողությամբ: Քննարկվել է երկու տարբերակ՝ գործատուին շահագրգռելու համար՝ կամ առաջին 4 ամիսը վճարել, կամ վճարել առաջին, երկրորդ, յոթերորդ, ութերորդ ամիսներին: Նախարարությունը գնացել են երկրորդ տարբերակով: Նախնական նախատեսվում է ծրագիրն իրականացնել 500 շահառուի համար, սակայն թիվը մեծ հավանականությամբ կմեծանա: Միակ պայմանն այն է, որ շահառուն չպետք է աշխատի նույն գործատուի մոտ, որի մոտ աշխատել է մինչև մարտի 16-ն ու ազատվել:
17:30 - 04 մայիսի, 2020
Բուժաշխատողների շրջանում վարակի դեպքեր առաջինը ունենում ենք պաշտպանիչ միջոցներին կարևորություն չտալու պատճառով․ նախարար |aysor.am|

Բուժաշխատողների շրջանում վարակի դեպքեր առաջինը ունենում ենք պաշտպանիչ միջոցներին կարևորություն չտալու պատճառով․ նախարար |aysor.am|

aysor.am: Բուժաշխատողների շրջանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերը ոչ թե պաշտպանիչ միջոցների բացակայության պատճառով են, այլ՝ դրանց անհրաժեշտ կարևորություն չտալու, ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։  «Բուժաշխատողների շրջանում, երբ դեպքեր ենք ունենում, ոչ թե պաշտպանիչ միջոցների իսպառ բացակայության պատճառով ենք ունենում, այլ առաջինը դրանց կարևորություն չտալու, չուզելու, չստանալու կամ չգնելու պատճառով։ Օրինակ, հիվանդանոցում չկա դիմակ, որովհետև ոչ թե շուկայում չկա, այլ հիվանդանոցը կամ ԲԿ-ն չի կարևորել այնքան, որքան պիտի կարևորեր։ Գուցե տասը հոգու համար է գնել, բայց ամբողջ անձնակազմի համար պիտի գներ», - ասաց նախարարը։ Նա նկատեց, որ անգամ պաշտպանիչ միջոցների առկայության դեպքում բժշկական անձնակազմը ոչ միշտ է դրանք կրում։ «Այդ ուղղությամբ շարունական աշխատանքներ են տարվում՝ սովորեցնելու, թե ինչպես է ճիշտ կրել, գիտակցության բարձրացման առումով, որ բժիշկները հասկանան իրենք «անպարտելի» չեն և կարող են վարակվել ու վարակել ուրիշներին թե բժիշկ, թե պացիենտ։ Ինչպես նաև որոշակի պատժիչ մեխանիզմներ՝ օգտագործելով եղած գործիքակազմի շրջանակներում։ Այդ աշխատանքները շարունակական են լինելու, քանի որ մենք բոլորս հասկանում ենք, որ այս ամեն ինչը երկար է տևելու, այսինքն՝ չի դադարելու մեր կողմից բուժաշխատողների պաշտպանվածությանն մակարդակը բարձրացնելուն ուղղված գործողությունները», - ասաց նա։
13:41 - 04 մայիսի, 2020
Երեք քաղաքացու մոտ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո վիրուս է հայտնաբերվել․ Արսեն Թորոսյան |hetq.am|

Երեք քաղաքացու մոտ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո վիրուս է հայտնաբերվել․ Արսեն Թորոսյան |hetq.am|

hetq.am: Կորոնավիրուսի ախտորոշման հետազոտությունները մայիսի 3-ին եղել են 765, իսկ մինչ օրս ընդհանուր առմամբ 25 հազար թեստավորում է արվել: Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի արտահերթ նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Երեկվա դրությամբ ունենք 9 քաղաքացի` թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված, 35 ծայրահեղ ծանր և 65 ծանր վիճակում գտնվող քաղաքացի: Մեկուսացման վայրերում ունենք մոտ 2000 քաղաքացի, մահճակալային ֆոնդի առումով ունենք մոտ 350 ազատ մահճակալ հիվանդանոցային համակարգում, որովհետև քաղաքացիների մի մասն իրենց «բուժօգնությունը» ստանում են հյուրանոցներում, որովհետև որևէ սիմպտոմ չունեն, և այդ մոտեցումը դեռ շարունակվելու է»,- ասաց առողջապահության նախարարը: Արսեն Թորոսյանի խոսքով` նախարարությունը շարունակելու է հայտնաբերելու, թեստավորելու, մեկուսացնելու և բուժելու սկզբունքը, որը նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական խորհուրդն է`անկախ երկրում եղած դեպքերի թվից. այնքան ժամանակ, քանի դեռ երկիրը ռեսուրս ունի: «Երկրներ կան, որ համաճարակաբանական հետազոտության մասը չեն անում, այսինքն՝ չեն հետևում ումից է վարակը փոխանցվել, սահմանափակվում են հայտնաբերել, թեստավորել, բուժել: Մենք դեռ չորս քայլ իրականացնում ենք և կշարունակենք այնքան, ինչքան կարողանում ենք, բոլոր հայտնաբերված դեպքերի հետագիծը փորձում ենք գտնել այնքան խորը, ինչքան հնարավոր է»,- ասաց Թորոսյանը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չբացառեց, որ կորոնավիրուսով մեկ անգամ վարակված և բուժված քաղաքացին կրկին վարակվի: Նախարարի խոսքով` արդեն իսկ 3 քաղաքացու մոտ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո վիրուս է հայտնաբերվել: «Նրանց նորից իզոլացրել ենք, որպեսզի հավանական վարակը կանխարգելենք: Նման դեպքեր արձանագրվել են Չինաստանում ու Հարավային Կորեայում, դա ոչ թե կրկնակի վարակում է, այլ վիրուսի մասնիկների պահպանում է բերանի խոռոչի, կոկորդի հյուսվածքներում, որը երկուսից երեք ամսվա ընթացքում ՊՇՌ-ով (pոլիմերազային շղթայական ռեակցիա) հայնաբերվում է: Հայտնաբերման մեթոդը աշխատում է ոչ թե վիրուսի մասնիկի վրա, այլ վիրուսի մեջ եղած գենետիկ մատերիալի վրա, որը կարող է լինել ապաակտիվ վիճակում` առանց պատյանի: Դա չի բազմանում ու չի արտազատվում»,-ասաց նախարարը` միևնույն ժամանակ հավելելով, որ նույնիսկ դուրս գրվելուց հետո պետք է պահպանել անվտանգության կանոնները: Նախարարն ասում է՝ պետք է այնպես անել, որ չգա մի օր` բուժօգնության կարիք ունեցող քաղաքացին մնա առանց բուժօգնության: Թորոսյանը վստահեցրեց` սարքերի, մահճակալային ֆոնդի, դեղորայքի, բժշկական անձնակազմի առումով այս պահի դրությամբ թվային առումով խնդիր չկա: Թորոսյանի խոսքով` քաղաքացիների ևս անհատական պատասխանատվություն պետք է ստանձնեն, հետևեն պարետատան սահմանած կանոններին:
12:52 - 04 մայիսի, 2020
Հայաստանն իր արված թեստերի քանակով համադրելի է Ճապոնիայի, Իտալիայի հետ․ Թորոսյան |aysor.am|

Հայաստանն իր արված թեստերի քանակով համադրելի է Ճապոնիայի, Իտալիայի հետ․ Թորոսյան |aysor.am|

aysor.am: Առողջապահության համարագի ծանրաբեռնվածությունը գնալով ավելանում է, ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։  «Դեռևս տանելի բեռնվածություն է, սակայն բեռի ավելացմանը զուգընթաց պետք է այնպես անենք, որ չգա մի օր, երբ բուժօգնության կարիք ունեցող քաղաքացին մնա առանց օգնության։ Մեր հիմնական նպատակն այս պահին դա է», - ասաց նախարարը։ Թորոսյանն ընդգծեց, որ սարքերի, բժշակական օգնության անձնակազմի մասով այս պահի դրությամբ պակաս չկա։ Անդրադառնալով քննադատություններին, որ Հայաստանում բավականաչափ թեստավորում չի իրականցվում՝ Թորոսյանն ասաց․ «Հայաստանն իր արված թեստերի քանակով համադրելի է Ճապոնիայի, Իտալիայի հետ։ Խոսքն այն մասին է, թե քանի թեստ է արվում մեկ հայտնաբերված դեպքի համար։ Կան երկրներ, օրինակ, Արաբական էմիրատները, որ մեզանից տասն անգամ ավելի շատ են անում, բայց մենք վատ դիրքում չենք այդ առումով և մեր թեստավորման հնարավորությունները գնալով ավելանալու են»։ Մահճակալային ֆոնդի մասին խոսելով՝ Թորոսյանն ասաց, որ այս պահին հիվանդանոցային համակարգում 350 ազատ մահճակալ կա։
12:18 - 04 մայիսի, 2020
ՀՀ-ում կորոնավիրուսի պատճառով առավել խոցելի խմբերը կազմում են ընդհանուր աշխատուժի 35 տոկոսը․ Զեյնալյան |aysor.am|

ՀՀ-ում կորոնավիրուսի պատճառով առավել խոցելի խմբերը կազմում են ընդհանուր աշխատուժի 35 տոկոսը․ Զեյնալյան |aysor.am|

aysor.am: Կորոնավիրուսի հետևանքով առաջացած տնտեսական կապերի խզումը և խաթարումը այս կամ այն կերպ ազդել է համաշխարհային աշխատուժի 3.3. մլրդ անձանց վրա, ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։ «Համաձայն այդ կանխատեսումների՝ միջինից բարձր եկամուտ ունեցող երկրներում գումարային աշխատաժամերը նվազելու են մոտ 7 տոկոսով, որը կազմում է մոտ 100 մլն դրույք աշխատող։ Ըստ այդ հրապարակման՝ առավել խոցելի են կացության և սննդի կազմակերպման, մեծածախ և մանրածախ առևտրի, անշարժ գույքի հետ կապված գործունեություն իրականացնողները, մշակող արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներ», - ասաց Զեյնալյանը։ Նա ընդգծեց, որ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ այդ ոլորտներում Հայաստանի Հանրապետությունում աշխատել է մոտ 209 հազար քաղաքացի, որոնք կազմում են ընդհանուր աշխատուժի մոտ 35 տոկոսը։
11:49 - 04 մայիսի, 2020
Եթե մենք նախկինում ունենում էինք 50 դեպք մի աղբյուրից, ապա հիմա՝ 16 կամ 20 դեպք, բայց արդեն 10, 20, 30 տարբեր աղբյուրներից |factor.am|

Եթե մենք նախկինում ունենում էինք 50 դեպք մի աղբյուրից, ապա հիմա՝ 16 կամ 20 դեպք, բայց արդեն 10, 20, 30 տարբեր աղբյուրներից |factor.am|

factor.am: Մենք չենք կարող համարել, որ կորոնավիրուսի տարածումը մարում է, որովհետև եթե մենք նախկինում ունենում էինք 50 դեպք մի աղբյուրից, ապա հիմա՝ 16 կամ 20 դեպք, բայց արդեն 10, 20, 30 տարբեր աղբյուրներից, իսկ սա նշանակում է, որ վիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից: Այսօր Ազգային ժողովում առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Մեր խնդիրն է՝ թեստավորել մարդկանց, հաստատված դեպքերը բուժել, մեկուսացնել շրջանակները, ապա առողջացած դուրս թողնել: Այս գործողությունները կարող ենք անել այնքան, քանի դեռ ուժ ունենք, երբ ազգովի, երկրով մեկ ուժասպառ լինենք, այս գործողություններից որոշներն արանքից կհանենք՝ կթողնենք միայն թեստավորումն ու բուժումը, մեկուսացումը չենք անի: Այս համատեքստում է պետք նայել այս բոլոր սահմանափակող միջոցառումները, և ոչ թե նայել թվերին»,- ասաց նախարար Արսեն Թորոսյանը: Նա բերեց նաև Շվեդիայի օրինակը, որտեղ որևէ միջոցառում չի անցկացվել: «Այդ երկիրը, որն ունի 10 միլիոն բնակչություն և որևէ միջոցառում չի անում, արդեն ունի 800 մահ: Հիմա, եթե դա համեմատենք մեր 2.5 միլիոն բնակչության հետ, ապա դա նշանակում է, որ մենք պետք է ունենայինք 200 մահ, այդ թիվը չունենք՝ շնորհիվ իմ նշած միջոցառումների, որոնք շատ դաժան են՝ թե՛ տնտեսության, թե՛ բուժանձնակազմի համար: Մենք այսօր ևս մեկ մահ ունենք՝ ընդհանուր թվով 12 մահ ունեցանք: Մեր խնդիրն է՝ մահերի թիվը և հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը ցածր պահելով՝ գնալ առաջ»,- ասաց նախարարը: Արսեն Թորոսյանը նշեց նաև, որ թեև մենք պետք է պատրաստ լինենք վատագույնին, սակայն ամեն ինչ արվում է՝ դրան չհասնելու համար:
15:46 - 10 ապրիլի, 2020
Հակավիրուսային դեղերի և դիմակների թանկացումը բացառվում է. Նարեկ Զեյնալյան |armenpress.am|

Հակավիրուսային դեղերի և դիմակների թանկացումը բացառվում է. Նարեկ Զեյնալյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը կարծում է, որ դեղատներում բժշկական դիմակների պակասը պայմանավորված է նրանով, որ մարդիկ չհիմնավորված խուճապի մեջ են և սկսել են իրենց տներում դիմակներ պահեստավորել: Զեյնալյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: «Այս պահին, որքանով տեղյակ եմ, դեղատներում դիմակները բացակայում են: Սա չհիմնավորված խուճապի արդյունք է, երբ բնակիչները դիմակներ են պահեստավորում իրենց տներում»,-ասաց Զեյնալյանն ու հավելեց՝ դա բացարձակ անիմաստ է: Նա նշեց՝ բժշկական դիմակը վարակվելուց 100-տոկոսով զերծ չի պահում: Պատգամավորը վստահեցրեց՝ Առողջապահության նախարարությունն ունի բավականաչափ պահեստավորված դիմակներ: «Բացառելու ենք, որ որևէ հակավիրուսային դեղորայքի կամ դիմակի թանկացում լինի»,-նշեց նա: Հայաստանի մի շարք դեղատներում բժշկական դիմակների խիստ պակաս է զգացվում, որոշ դեղատներում դրանք առհասարակ չկան, որոշներում էլ վաճառում են սահմանափակ քանակով, օրինակ՝ մեկ անձին առավելագույնը 5 հատ: Որոշ դեղատներ սկսել են դիմակները վաճառել սովորականից շատ ավելի բարձր գնով՝ հասցնելով մինչև 210 դրամի: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը փետրվարի 24-ին հայտարարություն էր տարածել՝ հորդորելով դեղերի շրջանառության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին զերծ մնալ բժշկական դիմակների, հակավիրուսային դեղերի և այլ բժշկական պարագաների գների չհիմնավորված բարձրացումներից, ինչպես նաև  շուկայում արհեստական պակասուրդի ստեղծումից: ՀՀ առողջապահության նախարարությունը փետրվարի 24-ին հայտնել էր, որ համապատասխան ստորաբաժանումները զբաղվում են դեղատներում պաշտպանիչ դիմակների օրեցօր նկատվող պակասի հարցը լուծելու հարցով, դիմել են մի շարք աղբյուրների՝ դիմակների մեծ խմբաքանակ ներկրելու համար:
13:02 - 25 փետրվարի, 2020