Վաչե Տերտերյան

Վաչե Տերտերյանը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալն է։
Ծնվել է 1962 թվականի հունվարի 2-ին։ 

1970-1978թթ․ սովորել է Երեւանի թիվ 118 միջնակարգ դպրոցում, 1978-1983թթ. սովորել եւ գերազանցությամբ ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետը՝ ստանալով ինժեներ-տնտեսագետի որակավորում:
1989թ. անցել է ԽՍՀՄ պետպլանին կից որակավորման Բարձրագույն տնտեսական դասընթացը, 1989թ. պաշտպանել է թեկնածուական թեզ եւ ստացել տնտեսագիտության թեկնածուի աստիճան:

1983թ. նշանակվել է աշխատանքի ՀԽՍՀ պետպլանի հաշվողական կենտրոն, որպես կրտսեր գիտ.աշխատող,որտեղ աշխատել է մինչեւ 1990թ ավագ գիտաշխատող, ապա բաժնի վարիչ:
1984-1985թթ. անցել է ժամկետային զինվորական ծառայության ԽՍՀՄ զինված ուժերում:
1985-2018թթ. համատեղության կարգով եւ ժամավճարով դասավանդել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում եւ Երեւանի պետական համալսարանում:
1990-1991թթ. աշխատել է <<Պրոգրես>> ԳՏԿ-ում որպես փոխտնօրեն՝գիտական գծով:
1991-2005թթ. անցել է հիմնական դասախոսական աշխատանքի Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում՝որպես դոցենտ:
1995-1996թթ. աշխատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական: 1996-1998թթ. աշխատել է ՀՀ կառավարության քարտուղարության տարածքային կառավարման վարչության պետի տեղակալ:
1998թ. նշանակվել է տարածքային կառավարման նախարարի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: 1998-1999թթ. նշանակվել է տարածքային կառավարման նախարարի աշխատակազմի ղեկավար: 1999-2000թթ. աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման վարչության պետ: 2001թ. նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման եւ քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ:
2001-2002թթ. աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման վարչության պետի պաշտոնակատար:
2002թ. նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ:
2002-2005թթ. աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման վարչության պետի պաշտոնակատար:
2005-2008թթ. աշխատել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ:
2008-2015թթ. նշանակվել է տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ:
2015-2016թթ. նշանակվել է տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ:
2016-2019 թթ. ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ:
2019 թ. հունիսի 4-ին նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ:

Վաչե Տերտերյանն ընդունել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը

Վաչե Տերտերյանն ընդունել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) պատվիրակությանը։   Զրուցակիցներն անդրադարձել են ընտրական գործընթացներում տեղական ինքնակառավարման մարմինների ակտիվ դերի և անմիջական ներգրավվածության մասին։ Կարևորվել են ընտրական տեղամասերի տեխնիկական հագեցվածության և սահմանափակ կարողություններով մարդկանց համար մատչելիության ապահովման հարցերը։   IFES-ի առաքելությունն է ներդնել առավելագույն ջանքերը ընտրական տեղամասերը հասանելի և ավելի ներառական դարձնելու ուղղությամբ։ Այս համատեքստում քննարկվել են ընտրական տեղամասերի շենքային պայմանները տարբեր ինժեներական լուծումներով սահմանափակ կարողություններով մարդկանց համար ավելի մատչելի դարձնելու հնարավորությունները։   Ընդգծվել է նախընտրական փուլում մշտադիտարկումների անհրաժեշտությունը՝ մատչելության հետ կապված առկա խնդիրները վերհանելու և դրանք շտկելու ուղղությամբ։
22:59 - 11 մայիսի, 2021
Սյունիքը մշտապես եղել է ԵՄ-ի ուշադրության կենտրոնում. ՏԿԵ փոխնախարար

Սյունիքը մշտապես եղել է ԵՄ-ի ուշադրության կենտրոնում. ՏԿԵ փոխնախարար

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության, Սյունիքի մարզի ներկայացուցիչների հետ այսօր քննարկել է Հայաստանի հարավում ԵՄ-ի աջակցության հնարավորությունները։ Առցանց քննարկմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Անդրեա Վիկտորինին և մյուս բանախոսներին` չափազանց կարևոր թեմայի շուրջ քննարկում ծավալելու համար, ինչը նպատակաուղղված է Հայաստանի տնտեսական կայունացմանն ու զարգացմանը։ Վ․ Տերտերյանը հավելել է, որ Սյունիքը մշտապես եղել է ԵՄ-ի ուշադրության կենտրոնում, և այդ առումով ձևավորվել է եվրոպական կառույցների հետ համագործակցության բավական լավ ավանդույթ, ինչը վստահություն է ներշնչում հետագա նախաձեռնությունների հաջողության հարցում։ Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ դեսպան Անդրեա Վիկտորինը շեշտել է Հայաստանի հարավում, մասնավորապես՝ Սյունիքում առկա խնդիրների հաղթահարմանն ուղղված ջանքերի և այդ համատեքստում ԵՄ-ի ու ՀՀ-ի համագործակցության կարևորությունը։ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը մասնակիցներին մաղթել է արդյունավետ և բովանդակալից քննարկում։ Վասիլիս Մարագոսը նշել է, որ Հայաստանի առջև համավարակով և պատերազմով պայմանավորված մարտահրավերները հաղթահարելու տեսանկյունից կարևոր է համախմբել բոլոր ուժերը, ընդլայնել համագործակցությունը՝ օգտվելով բոլոր առկա հնարավորություններից և հասանելի գործիքներից, որոնք կնպաստեն երկրում մասնավոր հատվածի զարգացմանը, արդարադատության և այլ կարևոր ոլորտների բարեփոխումներին։ Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը ներկայացրել է մարզի տնտեսական առաջնահերթությունները, գերակա ուղղությունները և ոլորտները, ԵՄ ֆինանսավորմամբ ներկայումս իրականացվող ծրագրերը։ Նա առաջնային է համարել Արցախից տեղահանված և ներկայումս Սյունիքում բնակություն հաստատած անձանց բնակարանային ապահովվածության, տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման, գյուղատնտեսության, ջրամբարաշինության, վերականգնվող էներգետիկայի, զբոսաշրջության ոլորտներին աջակցությունը։ Մասնակիցները քննարկել և կարծիքներ են փոխանակել նշված գերակա ուղղությունների և դրանց մասով առկա համագործակցության հնարավորությունների վերաբերյալ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում նախատեսվող հանդիպումների շուրջ։
18:35 - 16 ապրիլի, 2021
ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է ՀՀ-ում Իսլանդիայի նորանշանակ դեսպանին

ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է ՀՀ-ում Իսլանդիայի նորանշանակ դեսպանին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Հայաստանում Իսլանդիայի նորանշանակ դեսպան Աուրնի Տոր Սիգուրդսոնին (նստավայրը՝ Մոսկվա)։   Նախարար Սուրեն Պապիկյանի և իր անունից ողջունելով հյուրին՝ Վ․ Տերտերյանը հույս է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-իսլանդական հարաբերությունների զարգացմանը և առկա ներուժի լիարժեք օգտագործմանը։   Փոխնախարարը նշել է, որ Հայաստանն ու Իսլանդիան միջազգային հարթակներում, մասնավորապես՝ ԵԽ տարբեր կառույցների շրջանակում, ունեն համագործակցության հաջողված փորձ, և վստահություն է հայտնել, որ այս այցը նոր ազդակ կհաղորդի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ դիվանագիտության խորացման համար։   Փոխնախարարը հեռանկարային է համարել փորձի փոխանակումը և հետագա փոխգործակցությունը տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, տեղական ժողովրդավարության զարգացման, միջհամայնքային կապերի ընդլայնման, տրանսպորտային հաղորդակցության և էներգետիկ ենթակառուցվածքների դիվերսիֆիկացիայի և այլ բնագավառներում։   Վ․ Տերտերյանը առանձնահատուկ կարևորել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում հայկական պատմամշակութային արժեքների պահպանման ուղղությամբ Իսլանդիայի ունեցած նշանակալի դերակատարումը և հետագա աջակցությունը։   Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Սիգուրդսոնին փոխադարձ պատրաստակամություն է հայտնել նպաստել երկու երկրների միջև փոխգործակցության ընդլայնմանը:   Դեսպանի խոսքով՝ իսլանդական կողմը հետաքրքրված է մատնանշված ոլորտներում չիրացված ներուժը երկուստեք օգտագործելու և քաղավիացիայի, ջերմային էներգետիկայի, վարչատարածքային բարեփոխումների շրջանակներում փորձի փոխանակման հարցում։   Զրուցակիցները վերահաստատել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխշահավետ համագործակցության զարգացման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը:
19:11 - 25 մարտի, 2021
Հայ և վրաց փոխնախարարները քննարկել են լիազորությունների ապակենտրոնացմանը վերաբերող հարցեր

Հայ և վրաց փոխնախարարները քննարկել են լիազորությունների ապակենտրոնացմանը վերաբերող հարցեր

«Լիազորությունների վերագրումը ապակենտրոնացման բարեփոխումների գործընթացում՝ Հայաստանում և Վրաստանում» առցանց միջոցառմանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և Վրաստանի Հանրապետության տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Մզիա Գիորգոբիանի մտքեր են փոխանակել երկու երկրներում տարվող ընդհանուր ապակենտրոնացման, լիազորությունների վերագրման և դրա հետ կապված ֆինանսական համահարթեցման գործընթացների շուրջ։   Միջոցառումը, որ կազմակերպվել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության՝ «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում, վարում էր ծրագրի տնօրեն, դոկտոր Քրիստոֆ Բայերը:   Երկուստեք կարևորվել է այս հարցերի շուրջ տարածաշրջանային փորձի փոխանակման, ինչպես նաև համագործակցության խթանման անհրաժեշտությունը։   Փոխնախարարները շնորհակալություն են հայտնել գործընկեր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությանը՝ քննարկումների նման հարթակի հնարավորության համար և հույս հայտնել, որ այս նախաձեռնությունը շարունակական կլինի։   ՏԿԵ փոխնախարար Վ․ Տերտերյանը նշել է, որ լիազորությունների վերագրումը ՏԻՄ-երին Հայաստանում դիտարկվել և դիտարկվում է որպես համակարգի զարգացմանն ուղղված կարևորագույն գործընթացներից մեկը։ Հանդիսանալով ապակենտրոնացման մեկնարկի լավագույն ձևը` այն նաև նպաստում է կենտրոնական իշխանության և ՏԻՄ-երի միջև հանրային կառավարման գործառույթների հստակ բաշխմանը, հատկապես եթե համակցվում է համապատասխան ֆինանսական միջոցների հայթայթման և ամրագրման հետ։   Նրա խոսքով՝ պետք է արձանագրել, որ չի կարող լինել արդյունավետ ապակենտրոնացում՝ առանց համայնքային եկամուտների հստակ աղբյուրների, հակառակ դեպքում ապակենտրոնացված լիազորությունները կամ ընդհանրապես չեն իրականացվի, կամ կիրականացվեն ոչ լիարժեք։ Ներկայումս Հայաստանը գտնվում է ՏԻՄ-երին փոխանցվող լիազորությունների սահմանման և ընտրության փուլում, և այս առումով ուսանելի կլինի Վրաստանի փորձը։
19:13 - 23 մարտի, 2021
Արդյունավետ և ներառական ՏԻՄ-եր ունենալու հնարավորությունները քննարկվել են տարեկան աշխատաժողովում

Արդյունավետ և ներառական ՏԻՄ-եր ունենալու հնարավորությունները քննարկվել են տարեկան աշխատաժողովում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը մասնակցել է «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» ծրագրի շրջանակում մարտի 11-ին անցկացված տարեկան պլանավորման առցանց աշխատաժողովին: Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից կազմակերպված հանդիպմանը քննարկվել են ծրագրի շրջանակում իրականացվող գործողությունների պլանավորմանը և համակարգմանը վերաբերող հարցեր, վերհանվել են փոխգործակցության նոր հնարավորություններ, գնահատվել է առկա ներուժը՝ ուղղված Հայաստանում հաշվետու, արդյունավետ և ներառական տեղական ինքնակառավարման մարմիններ ունենալուն։ Տարեկան պլանավորման աշխատաժողովին մասնակցել են ՀՀ-ում Շվեյցարիայի փոխդեսպան, Հարավային Կովկասում շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութը, «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար դոկտոր Քրիստոֆ Բայերը, ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Ա․ Գիլոյանը, ԳՄՀԸ, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ), Եվրոպայի Խորհրդի (ԵԽ), ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ԱՄՆ ՄԶԳ-ի ներկայացուցիչներ։
19:12 - 15 մարտի, 2021
ԱԺ-ն քննարկեց վարկային համաձայնագիր, որով ՀՀ-ին կտրամադրվի շուրջ 17 մլն եվրո լրացուցիչ ֆինանսավորում

 |armenpress.am|

ԱԺ-ն քննարկեց վարկային համաձայնագիր, որով ՀՀ-ին կտրամադրվի շուրջ 17 մլն եվրո լրացուցիչ ֆինանսավորում |armenpress.am|

armenpress.am: Խորհրդարանը քննարկեց ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման բանկի միջև ստորագրված վարկային համաձայնագիր, որով նախատեսվում է ներգրավել լրացուցիչ 17 մլն եվրո: Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2020 թվականի ապրիլի 21-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը: Փոխնախարարի խոսքով՝ համաձայնագրով առաջարկվում է շարունակել Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող նախկին երկու ծրագրերը, որոնք ուղղված էին համայնքներում սոցիալական նշանակության ենթակառուցվածքների զարգացմանը: Վերջին ծրագիրը, որ իրականացվել էր մինչև այժմ, ուներ 30 մլն դոլարի արժեք: Իրականացված ծրագրի շրջանակում վերակառուցվել են մանկապարտեզներ, դպրոցներ, առողջապահական հաստատություներ, գույքով ապահովվել են մանկապարտեզներ, դպրոցներ և այլն: «Առաջարկվող համաձայնագրով լրացուցիչ ֆինանսավորում ենք ակնկալում ստանալ, որը կկազմի շուրջ 17 մլն եվրո: Այս ծրագիրը մենք գնահատում ենք արդյունավետ»,-ասաց Տերտերյանը:
11:49 - 27 հոկտեմբերի, 2020