Մեսրոպ Առաքելյան

Մեսրոպ Առաքելյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն է:

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1985 թ. ապրիլի 23, ք. Երևան

Կրթություն
1991–2000թթ. - ավարտել է Երևանի Լ. Շանթի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցը` գերազանցության ատեստատ, մեդալ, էքստեռն կարգով
2000–2006թթ. - ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, մագիստրոսի կոչումով` ստանալով ֆինանսիստ-տնտեսագետի որակավորում
2006-2009թթ. - ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան, տնտեսագիտության թեկնածու
2008թ. – ավարտել է «Բանկի ակտիվների և պասիվների կառավարում» դասընթացները` Ռուսաստանի Դաշնության ժողովրդական տնտեսության ակադեմիայում

Աշխատանքային գործունեություն
2004-2008թթ. – «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Մյասնիկյան մասնաճյուղի կառավարիչի տեղակալ
2008-2010թթ. – «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Սպանդարյան մասնաճյուղի կառավարիչ
2008-2013թթ. – «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Փոքր բիզնեսի վարչության պետ
2013-2017թթ. – «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ Ռիսկերի կառավարման տնօրենի տեղակալ-վարկային ռիսկի կառավարման վարչության պետ
2017-2020թթ. – «Մոգո» ՈՒՎԿ Գլխավոր տնօրեն
2007թ. – մինչ այժմ – ԵՊՀ դասախոս
2018-2020թթ. - Վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով
2020թ. նոյեմբերի 20-ին նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Կուսակցական պատկանելություն
«Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 2 դուստր:

Կառավարությունը կաջակցի պատերազմի հետևանքով վիրավորում ստացած անձանց հետ աշխատանքային պայմանագիր կնքող ընկերություններին |1lurer.am|

Կառավարությունը կաջակցի պատերազմի հետևանքով վիրավորում ստացած անձանց հետ աշխատանքային պայմանագիր կնքող ընկերություններին |1lurer.am|

1lurer.am: Կառավարության որոշմամբ Արցախյան պատերազմներին վնասվածք ստացած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց աշխատանքի տեղավորելու դեպքում գործատուին կտրամադրվի ֆինանսական աջակցություն:  «Միջոցառման շրջանակներում առաջարկվում է աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անձի համար՝ գործատուին տրամադրել աջակցություն՝ այդ անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի չափով, եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը 100000 դրամի չափով: Ընդ որում, բացի այս աջակցությունից, առաջարկվում է նաև միանվագ փոխհատուցում տրամադրել 500000 դրամի չափով աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում կատարված ծախսերի մասով, մասնավորապես՝ թեքահարթակների կառուցման կամ այլ անհրաժեշտությունների»,- տեղեկացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ Կառավարության նիստին ներկայացնելով որոշման նախագիծը: Նախարարը նաև տեղեկացրեց, որ նախագծում խոսքը ոչ միայն Արցախյան վերջին պատերազմի հետևանքով վիրավորում ստացածների, այլև նախորդ պատերազմների ընթացքում վիրավորում ստացած և զինհաշմանդամ համարվող քաղաքացիների մասին է:
12:25 - 01 ապրիլի, 2021
ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել մարդասիրական կոչի ազդարարման միջոցառումը

ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել մարդասիրական կոչի ազդարարման միջոցառումը

Մարտի 31-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված արցախահայության առջև ծառացած հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրների հասցեագրման ուղղությամբ միջազգային գործընկերների ներգրավման նպատակով մարդասիրական կոչի ազդարարմանը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:   Անդրադառնալով օրվա խորհրդին՝ նախարար Այվազյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրադրության, արցախահայության սոցիալ-տնտեսական կարիքների և դրանց հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վրա:  ԱԳ նախարարը, երախտագիտություն հայտնելով Արցախում առաջնահերթ հումանիտար ծրագրերի իրականացման գործում մասնակցություն ունեցած Հայաստանի գործընկեր պետություններին ու միջազգային կազմակերպություններին, ընդգծեց, որ կարիքները դեռ զգալի են, հատկապես՝ կացարանների, ապրուստի համար անհրաժեշտ գումարների գեներացման, ինչպես նաև մտա-հոգեբանական օգնության առումով: «Հայաստանը մշտապես Արցախի իր եղբայրների և քույրերի կողքին է՝ հումանիտար այս աղետի հասցեագրման հարցում, սակայն բավական բարդ է դա անել առանց միջազգային հանրության աջակցության», - նշեց ԱԳ նախարարը: Միջազգային գործընկերների կողմից Արցախում մարդասիրական օգնության տրամադրման և հումանիտար ծրագրերի իրականացման համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց. «Ինչպես շատերդ գիտեք, հումանիտար հասանելիության հարցը, ցավոք, շարունակաբար քաղաքականացվում է Ադրբեջանի կողմից, ինչի հետևանքով առայսօր՝ հրադադարից 5 ամիս անց, ՄԱԿ-ի մեր գործընկերներին չի հաջողվում իրականացնել իրենց առաքելությունն Արցախում:  Ցավոք սրտի, հակամարտությունները եզակի երևույթ չեն աշխարհում, սակայն եզակի երևույթ է, երբ միջազգային հանրությունը, այդ թվում՝ ՄԱԿ-ը,  հնարավորություն չունի տեղում աջակցություն ցուցաբերելու հակամարտությունից տուժած մարդկանց։ Այսպիսին է այժմ իրավիճակն Արցախում։ Չնայած մեր բոլոր ջանքերին ու առաջարկներին, միջազգային օգնությունը դեռ ամբողջ ծավալով հասանելի չէ արցախահայությանը: Այս համատեքստում ուզում եմ շատ հստակ հայտարարել, որ մեզ համար այս իրավիճակն այլևս ընդունելի չէ. հումանիտար այս հարցի որևէ քաղաքական շահարկում պետք է հստակ արձագանքի արժանանա մեր միջազգային գործընկերների կողմից: Արցախ վերադարձած մեր հայրենակիցները չպետք է զրկված լինեն միջազգային հումանիտար օգնությունից, համընդհանուր մարդու իրավունքներից: Բնակության տարածքի կարգավիճակով պայմանավորված որևէ իրավունքի օտարում միջազգային իրավունքի, այդ թվում՝ հումանիտար իրավունքի նորմերի ու սկզբունքների խախտում է: Կոչ ենք անում մեր գործընկերներին անհապաղ քայլեր ձեռնարկել ու համապատասխան ճկունություն դրսևորել՝ հումանիտար ծրագրերն առավել հասանելի դարձնելու բոլոր տուժածների համար, առանց որևէ խտրականության կամ այդ մարդկանց արժանապատվությունն անտեսելու»,- նշեց ԱԳ նախարարը։  Իր խոսքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ներկայացրեց արցախահայության կարիքների հասցեագրման գործում կառավարության կողմից իրականացվող ծրագրերը: Նախարար Առաքելյանը, մասնավորապես, ընդգծեց. «Մեր հետագա կարևորագույն առաջնահերթությունը կացարան կորցրած արցախցիների վերադարձի ապահովումն է, որի համար «Հայաստան» hամահայկական hիմնադրամի հետ համատեղ կառավարությունը սկսում է բնակարանաշինության ծրագիր՝ մոտ 210 մլն դոլար բյուջեով։ Հավելեմ նաև, որ սոցիալական աջակցության ծրագրերի մասով պետական բյուջեից արդեն հատկացվել է ավելի քան 50 մլն դոլար, հաստատված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերի մասով հատկացումները կկազմեն ևս 50 մլն դոլար։  Ուզում եմ մեր երախտիքը հայտնել բոլոր այն պետություններին ու կազմակերպություններին, որոնք օգնության ձեռք են մեկնել պատերազմից տուժած արցախցիներին: Սակայն նաև ցավով պետք է նշեմ, որ սոցիալական խնդիրների մասով միջազգային հանրության արձագանքը համարժեք չենք կարող համարել այն աղետին, ինչի հետ բախվել են արցախցիները։ Ժամանակակից աշխարհում նման փոքր տարածքում 1.5 ամիս տևած ռազմական ագրեսիան հանգեցրել է աղետալի հետևանքների, որը, առաջին հերթին, պատվով հաղթահարեցին հենց արցախցիները՝ օր առաջ պատրաստակամություն հայտնելով վերադառնալ իրենց ծննդավայր»: Նախարարի խորհրդական Կարեն Դադուրյանը համապարփակ ներկայացրեց շուտափույթ հասցեագրում պահանջող խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը՝ որպես հնարավոր արտաքին ֆինանսավորման համար կարևոր առաջնահերթություններ: Ներկաներին ուղերձով դիմեցին նաև արցախցիներ, պատերազմի արհավիրքը սեփական աչքերով տեսած Սամվել Առաքելյանը և Լիկա Զաքարյանը՝ ներկայացնելով պատերազմական ժամանակաշրջանում իրենց փորձը և արցախահայության առջև ներկայումս ծառացած մարտահրավերներն ու հումանիտար խնդիրները։ Վերջիններս կարևորեցին միջազգային հանրության տեղում ներգրավվածությունը՝ այդ խնդիրների հասցեագրման գործում:  Իր եզրափակիչ խոսքում ԱԳ նախարարը նշեց. «Ցավոք, երբ մենք խոսում ենք աշխարհում հաճախակի դարձած հակամարտությունների մասին, մենք սկսել ենք ուշադրություն դարձնել ընդամենը վիճակագրությանն ու թվերին՝ մոռանալով մարդկանց մասին: Այսօր մենք պատիվ ունեցանք Ձեզ ներկայացնել Արցախի մեր երկու հայրենակիցներին՝ Լիկային և Սամվելին՝ իրենց մարդկային դեմքերով: Եվ պատկերացրեք, որ այսպիսի մարդկային պատմություններ հարյուր հիսուն հազար դեմք ունեն»:
20:19 - 31 մարտի, 2021
Կոտայքի մարզպետը խոսել է Սասուն Միքայելյանի հետ կապի, հավաքներին դպրոցականների մասնակցության մասին |armenpress.am|

Կոտայքի մարզպետը խոսել է Սասուն Միքայելյանի հետ կապի, հավաքներին դպրոցականների մասնակցության մասին |armenpress.am|

armenpress.am: Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը անդրադարձավ մարտի 20-ին Արագածոտնի մարզում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավաքին դպրոցահասակ երեխաների մասնակցությանը: «Միայն մեր երկրում չէ, որ նման հավաքների ժամանակ մասնակցում է նաև մատաղ սերունդը, և այդտեղ ես տարօրինակ որևէ բան չեմ տեսնում»,-  ասաց մարզպետը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: Անդրադառնալով ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հետ բարեկամական կապեր ունենալու վերաբերյալ դիտարկումներին՝ մարզպետն ասաց, որ ինքը Սասուն Միքայելյանի ընկերը, բարեկամն է եղել նաև 2007 թվականին, 2008 թվականին, երբ նույն քաղաքական թիմը նախորդ իշխանությունների, նախորդ ռեժիմի կողմից հալածվում էր: «Ես, լինելով Սասուն Միքայելյանի ընկերը, բարեկամը, նաև իմ ապրած տարիների ընթացքում եղել եմ Մեսրոպ Մեսրոպյան և ունեցել եմ իմ թե՛ մասնագիտական, թե՛ քաղաքական կենսագրությունը: Այնպես չէր, որ Սասուն Միքայելյանի գոյությունն էր, որ տվեց այդ հնարավորությունը, որ ես այսօր մարզպետ եմ նշանակվել»,- ասաց նա՝ հավելելով, որ քաղաքական գործունեություն է ծավալում ավելի քան 20 տարի: Անդրադառնալով «Հրազդան բժշկական կենտրոն»-ի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթին և մասնակիցներից մեկի՝ դատարան դիմելուն՝ մարզպետն ասաց. «7 մասնակից է եղել, 7 մասնակիցներից 3-րդ փուլ, այսինքն՝ զարգացման ծրագիր ներկայացնելու փուլ է հասել միայն Վանեսյանը, հաղթահարել է գրավոր թեստի փուլը, հաղթահարել է բանավոր հարցերի փուլը: Ծրագրերի ներկայացման փուլը, որին մասնակցել ենք ես և հանձնաժողովի անդամները, եղել է փակ-գաղտնի քվեարկությամբ: Նա չի հաղթահարել այդ փուլը 5 կողմ, 2 դեմ ձայներով»:
14:57 - 25 մարտի, 2021
Մեսրոպ Առաքելյանը հայտնում է Զբաղվածության պետական գործակալությունն ամբողջովին բարեփոխելու աշխատանքների մասին

Մեսրոպ Առաքելյանը հայտնում է Զբաղվածության պետական գործակալությունն ամբողջովին բարեփոխելու աշխատանքների մասին

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն անդրադարձել է ԱԱԾ-ի կողմից Զբաղվածության պետական գործակալության Գյումրիի տարածքային կենտրոնի 9 աշխատակցի ձերբակալելու լուրին։ Նախարարը լուրին անդրադարձել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ։ «Ցավում եմ, որ պետական համակարգում դեռևս կան պետական ծառայողներ, ովքեր չեն գիտակցում քաղաքացու հանդեպ իրենց բացառիկ առաքելությունը։ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Զբաղվածության պետական գործակալության Գյումրիի տարածքային կենտրոնի 9 աշխատակցի՝ այդ թվում նաև տնօրենին։ Չարաշահումներն ստանալու են իրենց իրավական գնահատականը․ դրանց հանդեպ իրավապահ մարմինների արձագանքը կա ու լինելու է ծայրահեղ խիստ։ Զբաղվածության պետական գործակալությունն այսօր, ցավոք, չի իրականացնում իր առաքելությունն այն ծավալով, որը համարվում է մեր նպատակը։ Միևնույն ժամանակ, նախարարությունն այն ամբողջովին բարեփոխելու և զբաղվածության ծրագրերն առաջիկայում օպտիմալացնելու աշխատանքներ է տանում։ Նախատեսվող փոփոխություններից հետո կբարելավվի աշխատանք փնտրող մարդու և գործատուների արդյունավետ կապը՝ նվազեցնելով սուբյեկտիվ և վարչարարական ռիսկերը։ Միասնական սոցիալական ծառայության ստեղծման շրջանակում՝ զբաղվածության ծրագրերը դառնալու են աղքատության հաղթահարման լավագույն գործիքը»,- գրել է նախարարը։
16:33 - 23 մարտի, 2021
Հաշմանդամության 3 խմբի փոխարեն կսահմանվեն ֆունկցիոնալության սահմանափակման նոր աստիճաններ
 |1lurer.am|

Հաշմանդամության 3 խմբի փոխարեն կսահմանվեն ֆունկցիոնալության սահմանափակման նոր աստիճաններ |1lurer.am|

1lurer.am: Վերացնել խտրականության բոլոր դրսևորումները, ապահովել հավասար հնարավորություններ: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և անձի ֆունկցիոնալության գնահատման մասին օրենքների նախագծերի նոր փաթեթով հաշմանդամության 3 խմբի փոխարեն կսահմանվեն ֆունկցիոնալության սահմանափակման նոր աստիճաններ:Նոր փաթեթն ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է Մեսրոպ Առաքելյանը։ Անձի ֆունկցիոնալության գնահատման օրենքի հիմքում առողջապահության համաշխարհային կազմակերպության սկզբունքներն են: Նախարարի խոսքով՝ սա հնարավորություն կտա թիրախային գնահատել կարիքները, համապատասխան աջակցություն ցուցաբերել: Գործող կարգավորմամբ՝ հաշմանդամություն երեք խումբ կա, գումարած հաշմանդամություն ունեցող երեխաները՝ առանձին կարգավիճակով:Մեսրոպ Առաքելյան, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար - Դրա փոխարեն մենք ունենալու ենք ֆունկցիոնալության սահմանափակման աստիճան՝ թեթև, միջին, ծանր, և խորը: Այսինքն՝ անհատական գնահատման հիման վրա սահմանվելու է այս չորս կարգավիճակները, որոնք փոխարինելու են հաշմանդամության գործող խմբերին:Հաշմադամություն ունեցող անձանց իրավունքներն այս պահին կարգավորվում են 28-ամյա վաղեմության օրենքով, դրանից հետո էական փոփոխություններ չեն եղել: Գործող օրենսդրությամբ՝ աջակցությունը հիմնականում նյութական է, բայց բացակայում են հասարակությանը նրանց ամբողջական ինտեգրման կարգավորումները:Մեսրոպ Առաքելյան - Մենք պահանջներ ենք դնում մասնավոր ոլորոտի պետական կառույցների համար մատչելիության ապահովում, մասնավորապես, շինարարական և կառուցապատման մասով, որը հնարավորություն է տալու ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի չխոչընդոտի այդ սահմանափակումները:Մինչև նոր դասակարգմանն անցնելը, հաշմանդամություն ունեցող անձինք կշարունակեն ստանալ նախատեսված բոլոր աջակցությունները: Օրենքի ընդունումից հետո մեկ տարվա ընթացքում հստակ մեխանիզմներ կսահմանվեն: Մինչև այդ նախարարությունը պիլոտային ծրագիր է սկսել՝ գնահատվում են 44-օրյա պատերազմում ամպուտացված զինծառայողների կարիքները, բացահայտվում ոչ միայն առողջական, այլ նաև միջավայրի խնդիրները:Մեսրոպ Առաքելյան - Կարիքների գնահատման արդյունքում մենք բացահայտել ենք նրանց կենցաղային միջավայրը, այն սահմանափակումները, որոնք խոչընդոտում են նրանց կյանքի ինտեգրմանը: Իրականացնում ենք ոչ միայն պրոթեզավորում, այլև միջավայրի բարեկարգում:Նախագծերի փաթեթը դրական եզրակացութամբ կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:
22:15 - 17 մարտի, 2021
Կարևորում ենք երեխա ունեցող ընտանիքների աջակցության ծրագրերի Շվեդիայի փորձը. Մեսրոպ Առաքելյանը հանդիպել է Շվեդիայի դեսպանի հետ

Կարևորում ենք երեխա ունեցող ընտանիքների աջակցության ծրագրերի Շվեդիայի փորձը. Մեսրոպ Առաքելյանը հանդիպել է Շվեդիայի դեսպանի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի հետ։   Հանդիպման ընթացքում շեշտվել են մի շարք առաջնահերթություններ՝ երկրում աղքատության հաղթահարման, արցախահայության սոցիալական ծրագրերի, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների, ժողովրդագրական իրավիճակի բարելավման վերաբերյալ։   «Նախատեսել ենք «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի ընդունում, որը հնարավորություն կտա այդ ընտանիքներին ցուցաբերել սոցիալական, առողջապահական, կրթական և այլ արտոնություններ։ Այս գործում կարևորել ենք նաև միջազգային փորձը, այդ թվում՝ Սկանդինավյան երկրների։ Մեզ համար կարևոր է երեխաներին և երեխա ունեցող ընտանիքների սոցիալական աջակցության ծրագրերի նաև Շվեդիայի փորձը, ուստի ուրախ կլինենք փորձի փոխանակման արդյունքում հասնել ցանկալի արդյունքի»,- նշել է նախարարը։   Պատրիկ Սվենսոնը ներկայացրել է երեխաների խնամքի կազմակերպման, ծնողների արձակուրդի տրամադրման վերաբերյալ Շվեդիայի օրենսդրական կարգավորումներն ու առանձնահատկությունները՝ կարևորելով ընտանիքներում ծնողների հավասար ներգրավվածությունը երեխաների խնամքի և դաստիարակության գործում։   Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև սոցիալական պաշտպանության ոլորտում հետագա համագործակցությանն՝ առանցքային համարելով քաղաքացու կյանքի որակի բարձրացմանն ուղղված ծրագրերը։    
19:38 - 04 մարտի, 2021
Մեսրոպ Առաքելյանը հանդիպել է Իզմիրլյան հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենի հետ

Մեսրոպ Առաքելյանը հանդիպել է Իզմիրլյան հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենի հետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Իզմիրլյան հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանի հետ։ Հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել հիմնադրամի հետ տարիների համագործակցությունը, շեշտվել նաև կորոնավիրուսային համավարակի և հետպատերազմական շրջանում սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ իրականացված ծրագրերի արդյունավետությունը։ «Քաղաքացիների սոցիալական խնդիրների հաղթահարմանն ուղղված ուղիղ աջակցության տրամադրումից առավել, մենք կարևորում ենք նրանց՝ կրթության, աշխատանքի, հմտությունների ձեռքբերմանն ուղղված համատեղ աշխատանքները․ դա կունենա ոչ թե կարճատև ազդեցություն, այլ  կնպաստի քաղաքացու կյանքի որակի երկարաժամկետ բարելավմանը»,- նշել է նախարարը։ Մեսրոպ Առաքելյանը կարևորել է նաև հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղղված որակյալ ու արդյունավետ ծառայություններ մատուցելու անհրաժեշտությունը՝ շեշտելով դրանց կարևորությունը երեխաների համար։ Զրուցակիցներն ամփոփել են մինչ այժմ նախարարության հետ համագործակցությամբ իրականացված աշխատանքները, դրանց ընթացքն ու արդյունքները, նախանշվել են հետագա համագործակցության տարբերակները․ «Նախարարության հետ սննդապահովության հիմնական ծրագրի շրջանակում  շուրջ 30,000 խոցելի ընտանիք կորոնավիրուսի պայմաններում ստացել է սննդի և հիգիենայի պարագաներ։ Աջակցության ծրագրերը բազմաթիվ են․ դրանք իրականացվել են և՛ պատերազմի ընթացքում, և՛ պատերազմից հետո»-,- նշել է Իզմիրլյան հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանը՝ ընգծելով, որ հիմնադրամի ուշադրության կենտրոնում են նաև 2020թ. պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինվորներն ու Արցախից տեղահանված ընտանիքները։
14:47 - 02 մարտի, 2021
Մեսրոպ Առաքելյանը հայտնում է կենսաթոշակային ոլորտում բարեփոխումների մասին

Մեսրոպ Առաքելյանը հայտնում է կենսաթոշակային ոլորտում բարեփոխումների մասին

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտնել է կենսաթոշակային ոլորտում բարեփոխումների մասին: Մեսրոպ Առաքելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ կենսաթոշակային ոլորտում կարևորագույն փոփոխություններ են նախաձեռնել։   «Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների և լրացումների մասին շրջանառվող նախագծի՝ նախատեսվում է 90 տարեկան և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուներին կենսաթոշակի հետ հավելում տրամադրել, որի չափը կսահմանվի Կառավարության կողմից։ Հաշմանդամություն ունեցող մինչև 18 տարեկան երեխային խնամելու ամբողջ ժամանակահատվածը ծնողներից մեկի համար կհաշվարկի կենսաթոշակի ստաժ։ Յուրաքանչյուր տարի բանկ գնալու պահանջը դուրս կգա կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ 90 և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուի համար․ նրանց՝ Հայաստանում գտնվելու փաստը կհաստատվի նախարարության կողմից»,- գրել է նախարարը։
14:35 - 02 մարտի, 2021
Նախատեսվում է կենսաթոշակի հետ հավելումների տրամադրում՝ 90 և բարձր տարիքի կենսաթոշակառուներին

 |armenpress.am|

Նախատեսվում է կենսաթոշակի հետ հավելումների տրամադրում՝ 90 և բարձր տարիքի կենսաթոշակառուներին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նոր նախագծով նախատեսվում է կենսաթոշակի հետ հավելումների տրամադրում՝ 90 տարեկան և բարձր տարիքի կենսաթոշակառուներին: Այս մասին ասվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հաշվետվությունում՝ պաշտոնավարման 100 օրվա ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ: Թոշակներին և նպաստների առնչությամբ նշվում է. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում և շրջանառում․նախատեսվում է կենսաթոշակի հետ հավելումների տրամադրում՝ 90 տարեկան և բարձր տարիքի կենսաթոշակառուներին «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում և շրջանառում, որով հաշմանդամ երեխայի մինչև 18 տարին լրանալը խնամելու ժամանակահատվածի ամբողջական հաշվառում՝ որպես ծնողի աշխատանքային ստաժ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում և շրջանառում, որով ամեն տարի բանկ այցելելու պահանջը կհանվի 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող և 90 տարեկանից բարձր կենսաթոշակառուների համար Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու կարգի լրամշակում․պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկից ծննդօգնության պետական հավաստագիր ներկայացնելու պահանջի հանում Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու ընթացակարգերի պարզեցում․նպաստի նշանակում ծնողի դիմումի հիման վրա՝ առանց դիմումին կից փաստաթուղթ ներկայացնելու Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում անկանխիկ եղանակով կենսաթոշակի և նպաստի վճարում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ անձն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունի, կամ լրացել է նրա 75 տարին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․հունիսի 10-ը ներդրված ավանդների փոխհատուցում՝ մինչև 1938 թ․դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին:
18:09 - 01 մարտի, 2021
Մեսրոպ Առաքելյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀԲ ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Առաքելյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀԲ ներկայացուցիչների հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն առցանց ձևաչափով աշխատանքային հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի` Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի թիմի ղեկավար Իվան Դրաբեկի, Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է միասնական սոցիալական ծառայությունների մատուցման կարևորության, նախապատրաստական փուլում գտնվող շենքերի շինաշխատանքների, կենտրոնների աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման և սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր։ Համատեղ իրականացվող աշխատանքները գնահատելով արդյունավետ՝ կողմերը վերահաստատել են, որ ապրիլի 1-ից Միասնական սոցիալական ծառայության գործարկմամբ՝ տարիների համագործակցությունը նոր փուլ կմտնի։ Սա հնարավորություն կտա քաղաքացիներին մատուցել արագ և որակյալ ծառայություններ՝ ապահովելով նրանց կյանքի որակի բարելավումը։ Քննարկման ընթացքում ընդգծվել է Միասնական սոցիալական ծառայության ստեղծմամբ ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի կառուցվածքագործառութային վերափոխված մոդելի անհրաժեշտությունը, որը մեկ հարթակում կմիավորի սոցիալական պաշտպանության ոլորտի 4 մարմինները՝ սոցիալական ապահովության ծառայության, բժշկասոցիալական փորձաքննության, զբաղվածության պետական գրասենյակների և մարզային ենթակայության սոցիալական աջակցության  գործակալություններն ու համայնքային ենթակայության սոցիալական աջակցության բաժինները։ Համաշխարհային բանկի ներկայացուցիչները մանրամասնել են ծրագրի ընթացքն, այս պահին արձանագրված արդյունքները՝ նախանշելով անելիքները։ Իրականացվող ծրագրից զատ՝ նախարարը բարձր է գնահատել Համաշխարհային Բանկի կողմից համավարակի և հետպատերազմական շրջանում ցուցաբերած աջակցությունները։ 
16:17 - 23 փետրվարի, 2021
Հայաստանում 77 սահմանամերձ համայնքների թիվը կարող է ավելանալ ևս 5-6-ով

 |armenpress.am|

Հայաստանում 77 սահմանամերձ համայնքների թիվը կարող է ավելանալ ևս 5-6-ով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում արդեն կա 77 սահմանամերձ համայնք, որոնց թիվը կարող է ավելանալ ևս 5-6 բնակավայրով: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ ավելացնելով, որ այս ցանկի համալրման հետևանքով բյուջեի բեռը կմեծանա 200 մլն դրամով: «Մեթոդիկայի համաձայն գյուղի սահմանամերձ կարգավիճակի սահմանումը որոշվում է սահմանից բնակելի տների հեռավորությունը պարզելու ճանապարհով»,- պարզաբանեց նախարարը: Նա հիշեցրեց, որ կառավարության որոշմամբ՝ Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերի 39 գյուղեր ներառվել են այն համայնքների ցանկի մեջ, որոնք պետությունից սոցիալական աջակցություն են ստանում: «Խոսքը, մասնավորապես, կոմունալ ծախսերի, ինչպես նաեւ անշարժ գույքի հարկի փոխհատուցման մասին է: Սահմանվել են հեռավորության որոշակի պահանջներ, կա որոշակի մեթոդաբանություն: Մի քանի համայնքների համար ստացվել են որոշակի առաջարկներ ու բողոքներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Առաքելյանը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ այդ ցանկի մեջ չեն մտել արդեն սահմանամերձ Խնձորեսկ ու Քարահունջ գյուղերը, արդյոք տեղի՞ն են հնչող մտավախությունները, թե դրանց տարածքներից ևս կարող են փոխանցվել ադրբեջանցիներին: 
19:40 - 18 փետրվարի, 2021